ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչը. ևս 5 անձ ձերբակալվել է

1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչը. ևս 5 անձ ձերբակալվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող Հ. Ղ.-ի կողմից մի շարք անձանցից տարբեր չափերի կաշառք ստանալու վերաբերյալ: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն»  գերեզմանատանը վերջիններիս ազգականներին հուղարկավորելու նպատակով նախընտրելի տարածքներում գերեզմանատեղիներ տրամադրելու համար, 2023 թվականի մայիսի 22-ից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում միջնորդների միջոցով և գերեզմանատան բանվոր Ն. Վ.-ի օժանդակությամբ վերը նշված երեք անձանցից ստացել է համապատասխանաբար 500.000, 200.000 և 600.000 ՀՀ դրամ կաշառք: Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով 30.11.2023 թվականին քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ գերազմանատան վարիչը: Նույն օրը Հ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հ. Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է: Եվս 5 անձի մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալուն օժանդակելու, կաշառք տալու և  կաշառքի միջնորդություն կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
17:58 - 01 դեկտեմբերի, 2023
ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը․ Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը

ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը․ Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը

ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Առաջարկվում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի նշանակի ու պաշտոնից ազատի ոչ թե նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, այլ հենց վարչապետը։ Արդարադատության նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է՝ ներկա կարգավորումներով ԱԱԾ տնօրենի ու տեղակալների պաշտոնները համարվում են զինվորական ծառայության պաշտոններ, բայց ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է։ Նշվում է, որ անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի և պաշտոնից ազատի վարչապետը՝ նկատի ունենալով Ծառայության՝ վերջինիս ենթակա լինելը․ «Այդպիսով կապահովվի «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված պետական վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց ինչպես նշանակման և ազատման կարգի, այնպես էլ կարգավիճակի համապատասխանությունը հանրային ծառայության ընդհանուր տրամաբանությանը»։ Նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք։ Այդ իսկ պատճառով համապատասխան լրացումներ կկատարվեն նաև «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում: Նախագիծը համարվել է անհետաձգելի․ խորհրդարանը հարցը կքննարկի հրատապ ռեժիմով։
11:21 - 30 նոյեմբերի, 2023
Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում. ԱԱԾ բացահայտումը

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում. ԱԱԾ բացահայտումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և դրան կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքեր: «Կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարարման պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված և սննդի մատակարարմամբ զբաղվող «Հայկազունք» և «Ֆոտոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների փաստացի սեփականատեր Յ.Ա-ն, նշված ընկերություններում վարորդ-առաքչի գործառույթներ փաստացի իրականացնող Պ.Մ-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում մեկ միասնական դիտավորությամբ խաբեության եղանակով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, առանձապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող, իրավաբանական նշանակության փաստ հաստատող և հատուցման իրավունք վերապահող, տարբեր տեսակի սննդի պահանջարկի և մատակարարված լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ուռճացված տվյալներով կազմված կեղծ փաստաթղթերի  օգտագործմամբ, «Հայկազունք» ՍՊ ընկերության աշխատակիցներ Կ.Մ-ի, Ն.Հ-ի, Ն.Ն-ի, Ս.Ս-ի, Ռ.Մ-ի, ինչպես նաև մսամթերքի տեսակավորման և բաշխման գործընթացում ներգրավված Գ.Ս-ի, Ա.Ա-ի, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր մանկապարտեզների պատասխանատու անձանց և այլ անձանց՝  միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ, 2023 թվականի փետրվարից նոյեմբեր ամիսների ընթացքում փոխանցման եղանակով ստացել և խաբեության եղանակով հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված՝ առանձնապես խոշոր չափերով գումարները: Քրեական վարույթի շրջանակներում ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 9 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Հանցավոր խմբի անդամների մի մասը խոստովանական ցուցմունքներ են տվել հափշտակության կատարման մեխանիզմի, հանցավոր խմբի անդամների դերակատարության, հանցավոր ճանապարհով ստացված եկամտի բաշխման, առանձնապես խոշոր չափերով հափշտակության կատարման հանգամանքների շուրջ կայացված պայմանավորվածությունների, դրանց իրագործման եղանակների և այլնի մասին: Ցուցմունքին կից ներկայացվել են նաև հափշտակության կատարման հանգամանքը հիմնավորող, ինչպես նաև հանցավոր եկամտի բաշխման չափի վերաբերյալ փաստական տվյալներ պարունակող գրառումներով փաստաթղթեր: Հանցավոր խմբի անդամներից հինգի նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:   Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, աշխատավայրերում, ավտոմեքենայում, ընդհանուր՝ շուրջ չորս տասնյակ հասցեներում, որոնց ընթացքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր, շուրջ 55.000 ԱՄՆ դոլարին համարժեք 22 մլն ՀՀ դրամ գումար, ոսկյա զարդեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ, համակարգիչներ: Հարցաքննվել են նաև Երևան քաղաքի տարբեր մանկապարտեզների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ՝ տեղի ունեցած առանձնապես խոշոր չափերով հափշտակության հանգամանքների, հիշյալ հանցանքներին իրենց առնչության և քրեական վարույթով ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, այդ թվում՝ մեծ ծավալի հասնող հափշտակության ամբողջական չափը և հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է հղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
10:32 - 27 նոյեմբերի, 2023
ԱԱԾ-ն մերժել է Սամվել Բաբայանի դեմ վարույթ հարուցել. քննիչի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել գործընթացից
 |azatutyun.am|

ԱԱԾ-ն մերժել է Սամվել Բաբայանի դեմ վարույթ հարուցել. քննիչի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել գործընթացից |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է «դավաճանության» հոդվածով քրեական վարույթ հարուցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունների կապակցությամբ, պնդելով՝ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում Բաբայանի գործողություններում հանցակազմ չկա։ Ավելին, ինչպես ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանն է նշել, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ բանակցային գործընթացի, և՛ Բաքվին փաստաթղթեր փոխանցելու մասին։ Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Բաբայանը մի շարք հարցազրույցներում ասել էր, որ մինչև սեպտեմբերի 19-ի հարձակումը Բաքվին 23 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, համաձայն որի՝ Ղարաբաղը պետք է ինքնավարություն ստանար։ Բաբայանը պնդել էր, որ Ադրբեջանը համաձայնել էր իր առաջարկին, բայց Արցախի իշխանությունները խոչընդոտել են այդ գործընթացին։ Բաբայանի այս հայտարարությունների հիման վրա էլ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազին՝ նշելով, որ ըստ էության՝ Արցախի նախկին պաշտոնյայի հայտարարություններում պետական դավաճանության և ինքնիրավչության հատկանիշներ կան։ «Արցախից վերադառնալուց կամ բռնի տեղահանվելուց հետո անմիջապես հայտնվեց պարոն Բաբայանը մի շարք լրատվամիջոցներում, և էնտեղ իր հարցազրույցները և հրապարակային հաստատումները ավելի քան խնդրահարույց էին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալստյանը՝ շարունակելով. - «Սամվել Բաբայանի արարքներում, իմ կարծիքով, տարբեր հանցակազմեր են ակնհայտորեն երևակվում, որոնք վերաբերում են ինքնիրավչությանը, պետական դավաճանությանը, պետական գաղտնիքի հրապարակմանը»: Իր հաղորդման մեջ պատգամավորը նշել է, որ քրեական վարույթի շրջանակներում պետք է պարզվի, թե ում լիազորմամբ է Բաբայանը բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, 23 կետից բաղկացած ինչ փաստաթուղթ է փոխանցել Բաքվին, արդյոք դրանցում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ եղել են, թե՝ ոչ։ ԱԱԾ ավագ քննիչը, սակայն, մերժելով քրեական վարույթի հարուցումը, ի պատասխան գրել է, որ Սամվել Բաբայանն արել է ընդհանուր բնույթի և վերացական հայտարարություններ, որոնցում չկա կոնկրետ հանցագործություն մասին տեղեկություն։ «Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցելու գործընթացում Սամվել Բաբայանի գործողությունները այլ անձի կամ պետության կողմից չեն վիճարկվել, որևէ կարգ չի խախտվել, ավելին՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ գործընթացի, և՛ փաստաթղթերի մասին»,- գրել է ավագ քննիչը։ Անհիմն համարելով քննիչի այս պնդումները՝ ընդդիմադիր պատգամավորը հարցնում է՝ այդ ինչպե՞ս առանց քննության ԱԱԾ փոխգնդապետ Նորայր Այվազյանը պարզեց, որ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել Բաբայանի և Բաքվի միջև բանակցություններից։ «Նախ և առաջ՝ ինչպե՞ս դուք բացահայտեցիք, թե Արայիկ Հարությունյանը... Բաքվի բանտից ձեզ ցուցմո՞ւնք է արդյոք տվել Գլխավոր դատախազություն կամ Քննչական կոմիտե, դուք որտեղի՞ց ունեք այդ փաստերը», - ընդգծեց Լիլիթ Գալստյանը: ԱԱԾ քննիչը նաև նշել է, որ հարցազրույցներում Բաբայանի կողմից թշնամու կողմն անցնելու կամ դավաճանությանը բնորոշ հայտարարություններ չեն արվել, առկա են միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար պետության կարգավիճակ ստեղծելու մասին տեղեկություններ պարունակող հայտարարություններ, որի առնչությամբ էլ տեղի է ունեցել փաստաթղթերի փոխանակում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: «Այսինքն՝ Սամվել Բաբայանը չի կատարել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին այնպիսի տեղեկությունների վաղաժամ տարածում, որը վնաս է հասցրել Հայաստանի կենսական շահերին», - գրել է քննիչը: «Այդ պատասխանը բացարձակապես ոչ-հիմնավոր է: Որպեսզի մենք իմանայինք՝ դրանք վերաբերել են արտաքին քաղաքականությա՞նը, թե՞ դրանք վերաբերել են պետական գաղտնիությանը, պիտի որ քննություն իրականացվեր՝ այդ ամենը բացահայտելու: Որտեղի՞ց է վերցրել ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանը, թե դրանք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, թե պետական այլ գաղտնիքներ են պարունակում, կամ Արցախի պաշտպանունակությանը, կամ դիրքերի դասավորվածությանը, և այլն, և այլն: Որտեղի՞ց են որոշել», - ասաց Լիլիթ Գալստյանը:
17:20 - 22 նոյեմբերի, 2023
ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքին

ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքին

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան» ընկերության վաճառքի գործարքին։ ՀԾԿՀ-ն նման որոշում է կայացրել նոյեմբերի 15-ին կայացած նիստի ընթացքում։ Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք կբերի Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը։ ՀԾԿՀ-ի որոշման մեջ նշվում է՝ ԲՏԱ-ն հայտնել է, որ գործարքի կայացման վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում առարկություններ չունի՝ գրությանը կից ներկայացնելով Հայտի առնչությամբ դիտողություն չունենալու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԾԿՀ-ն մերժել էր «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքին համաձայնության տրամադրումը։ ԲՏԱ նախարարությունը՝ որպես իրավասու մարմին, առարկել էր գործարքի կնքումը՝ հաշվի առնելով, որ այն վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին։  
17:19 - 15 նոյեմբերի, 2023
Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ սահմանապահ ուղեկալի բացման արարողություն

Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ սահմանապահ ուղեկալի բացման արարողություն

Պետական սահմանի պահպանությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղություններից է։ ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով շատ կարճ ժամանակահատվածում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանապահ ուղեկալներ։ ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ «Ներքին Խնձորեսկ» սահմանապահ հերթական ուղեկալի բացման հանդիսավոր արարողությունը, որը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի  և Սահմանապահ զորքերի ղեկավարության անունից շնորհավորեց զինծառայողներին՝ նորակառույց ուղեկալում ծառայություն իրականացնելու կապակցությամբ, և նշեց,  որ հայրենիքի սահմանների հուսալի պահպանությունն ազգային անվտանգության ապահովման կարևորագույն ուղղություններից է, հավելելով, որ նորակառույց սահմանապահ ուղեկալն ապահովված է ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, նյութատեխնիկական միջոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով: Սահմանապահ զորքերի ղեկավարությունը շրջայց կատարեց նորակառույց ուղեկալի սպայական կացարանում՝ ծանոթացավ զինծառայողների կենցաղային պայմաններին, որոնք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին՝ հագեցած են սահմանապահ ուղեկալի սպաների ընտանիքների բնակության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։ Այցի ավարտին ՀՀ ԱԱԾ ղեկավարության անունից համապատասխան հանձնարարականներ տրվեցին Սահմանապահ զորքերի ուղեկալում ծառայություն իրականացնող սպայական անձնակազմին։    
15:25 - 14 նոյեմբերի, 2023
Աննա Վարդապետյանն ԱԱԾ է ուղարկել Սամվել Շահրամանյանի՝ հանցագործության մասին հաղորդումը
 |factor.am|

Աննա Վարդապետյանն ԱԱԾ է ուղարկել Սամվել Շահրամանյանի՝ հանցագործության մասին հաղորդումը |factor.am|

factor.am: Հայաստանի գլխավոր դատախազությունը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի դիմումը փոխանցել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին Factor․am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազի աշխատակազմից։ Հիշեցնենք` Սամվել Շահրամանյանը նոյեմբերի 8-ին նամակով դիմել էր Աննա Վարդապետյանին։ Նա խնդրել էր սոցցանցերի այն հրապարակումները, ըստ որոնց, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները կոռուպցիոն չարաշահումներ են կատարել, ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի նոյեմբերի 8-ի հայտարարության՝ Սամվել Շահրամանյանը նշել է, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
11:12 - 14 նոյեմբերի, 2023
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու պաշտոնյա և նրանց կաշառք տված անձինք

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու պաշտոնյա և նրանց կաշառք տված անձինք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տ. Մ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1 մլն 700 հազ. ՀՀ դրամ կաշառք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ Կենտրոն վարչական շրջանի վերը նշված պաշտոնատար անձինք իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Կենտրոն վար­չական շրջա­նի՝ հրատապ լուծում պահան­ջող ըն­թա­ցիկ աշ­խա­­տանք­ներն ի­րա­­կա­նացնող ընկերության օգտին թողտվության, հովանավորչության, այն է՝ հրատապ գնման ընթացակարգերի մասին ընկերության տնօրենին տեղեկացնելու և անհրաժեշտ խորհրդատվությամբ այդ ընթացակարգերին տվյալ տնտեսվարողի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար, 2023 թվականի հուլիսի 11-ին նրանից ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Տ. Մ.-ն, դարձյալ Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ն. Ա.-ի և Ա. Ա.-ի օգտին թողտվության և հովանավորչության, այն է՝ վերջիններիս փաստացի պատկանող՝ Երևան քաղաքում գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման և նախատեսված գազոնային ծածկի հաշվին մայ­­թի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար, նրանցից 2023 թվականի հուլիսին և օգոստոսին ստացել են շուրջ 700.000 ՀՀ դրամ կաշառք: 13.11.2023 թ. կաշառք ստացած երկու պաշտոնյաներն ու վերջիններիս կաշառք տված անձանցից երկուսը ձերբակալվել են: Տ. Մ.-ին ու Ա. Հ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ), իսկ նրանց կաշառք տված անձանց՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:59 - 13 նոյեմբերի, 2023
Սեֆիլյանն «ահաբեկչության գործի» շրջանակում հարցաքննվել է ԱԱԾ-ում
 |azatutyun.am|

Սեֆիլյանն «ահաբեկչության գործի» շրջանակում հարցաքննվել է ԱԱԾ-ում |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովրդարական բևեռի առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանն այսօր, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրեց, որ «ահաբեկչության գործի» շրջանակում որպես վկա այսօր Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարցաքննվել է։ Նա հերքեց Բևեռի մասնակցությունն այդ գործին։ Սեֆիլյանն ասաց, որ կալանավորվածներից երկուսին ճանաչում է, բևեռական չեն, բայց վերջին շրջանում շփումներ են ունեցել իրենց հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման շուրջ։ Սեֆիլյանը չի կարծում, թե նրանք իսկապես փորձել են ահաբեկչություն կատարել։ Նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ն հաղորդեց, որ ահաբեկչության նախապատրաստություն է բացահայտել։ Ըստ իրավապահների՝ խմբի արդեն կալանավորված հինգ և ինքնությունը չպարզված այլ անձինք ծրագրել են կազմալուծել իշխանության գործունեությունը՝ նախապատրաստելով պայթյուն և հանրության համար վտանգավոր արարք։ Թե կոնկրետ ինչ, Ազգային անվտանգության ծառայությունը չի հրապարակում։ Ահաբեկիչները, ըստ իրավապահների, պետք է զավթեին պետական նշանակության և այլ շինություններ՝ սպանելով քաղաքացիական անձի։ Թե ով էր թիրախում, ևս չի հստակեցվում։
14:03 - 06 նոյեմբերի, 2023
ԱԱԾ-ի կազմում նոր ստորաբաժանում է ստեղծվել, որը կապահովի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգությունը
 |armenpress.am|

ԱԱԾ-ի կազմում նոր ստորաբաժանում է ստեղծվել, որը կապահովի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կազմում ստեղծվել է ստորաբաժանում, որի գործառույթը Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, ինչպես նաև դրանցով ապրանքների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելն է։ Այս մասին կառավարության նոյեմբերի 2-ի հերթական նիստում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բոլորովին վերջերս ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կազմում ստեղծել  ստորաբաժանում, որի գործառույթներից մեկը  պիտի լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդակցության գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը։ Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումն արդեն իսկ ստեղծված է։ Իհարկե, այդ ուղղությամբ մենք որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև մեր պլաններում դա կար։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումն արդեն ձևավորված է, բավականին շոշափելի մասով համալրված է»,-մանրամասնել է վարչապետը՝ հավելելով, որ  ԱԱԾ նոր ստորաբաժանումն  արդեն գործնականում երեկվանից սկսել է իր աշխատանքները։  
17:10 - 02 նոյեմբերի, 2023
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ահաբեկչության նախապատրաստության դեպք

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ահաբեկչության նախապատրաստության դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք: Այս մասին տեղեկացնում  են ԱԱԾ մամուլի կենտրոնից: «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:   Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, առանձին հավաքատեղիներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, ռազմամթերք, մեկ հատ ազդանշանային պայթուցիկ-սարք, մեկ հատ ազդանշանային հրթիռի արձակման սարք՝ երկու գլխիկով, մեկ հատ թռչող սարք և վերջինիս ենթադրյալ ամրացվող երկու հատ մեծ ու փոքր գազաբալոն՝ ճնշաչափիչով, երկու հատ փայտե կոթով ծակող գործիք, ռազմամթերքի բեկորներով լի տարրա, զրահաբաճկոն, զինվորական հագուստներ, նշանառության սարք, ձեռնաշղթաներ, հեռահաղորդակցության սարքեր, տեսահսկման սարքեր, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ, շուրջ մեկ տասնյակ ՀՀ և ՌԴ կապի օպերատորների փակ տուփերով, չօգտագործված հեռախոսաքարտեր, արևային մարտկոց, տարբեր գրառումներ պարունակող նոթատետրեր, ահաբեկչություն իրականացնելու համար նախապատրաստական գործողություններ կատարելու վերաբերյալ բացահայտ, ինչպես նաև քողարկված բովանդակությամբ գրառումներ պարունակող փաստաթղթեր և այլն։ Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը, որի հաջող իրականացման և այնուհետև՝ ահաբեկչական գործողություններին ավելի լայն զանգվածների ներգրավելու դիտավորությամբ նախապես ծրագրվել է ստեղծել ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքներ՝ «Ազգային փրկության ապստամբություն» անվանումներով, ահաբեկչական գործողությունները սկսելու նախորդ օրը՝ գիշերային ժամերից սկսած՝ ակտիվացնել տելեգրամյան ալիքները և  ակտիվիստներին: Հանցավոր գործունեության հաջող իրականացման համար ծրագրվել է նաև նախապես ձեռք բերել առաջին բուժօգնության պարագաներ, ինչպես նաև հանցավոր խմբի անդամների ընտանիքները դուրս բերել Վրաստան: Մանրակրկիտ պլանավորվել է շինություններ զավթելու համար գրոհելու, նահանջելու և դարանակալելու գործողությունները, նախատեսվել հարձակման վայրերում թողնել նախապես մշակված սիմվոլներ, կանխորոշվել են ստատիկ օբյեկտների տեղակայումներ, ինչպես նաև հանցավոր գործունությունն ավարտին հասցնելու համար այլ գործողությունների իրականացման հերթականությունը, ընթացակարգը, անձանց ներգրավման համար թռուցիկների տարածման և այլ գործողությունները: Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:  Միաժամանակ, հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
14:31 - 02 նոյեմբերի, 2023
«Խաղաղության խաչմերուկի» համար նախատեսվող անվտանգություն ապահովող ԱԱԾ ստորաբաժանումն արդեն ստեղծված է․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

«Խաղաղության խաչմերուկի» համար նախատեսվող անվտանգություն ապահովող ԱԱԾ ստորաբաժանումն արդեն ստեղծված է․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համար նախատեսվող անվտանգություն ապահովող ԱԱԾ ստորաբաժանումն արդեն ստեղծված է։ «Բոլորովին վերջերս մենք ներկայացրեցիքն մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի ներկայացման շրջանակներում ես տեղեկացրի, որ նախատեսում ենք ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթներից մեկը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը։  Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումը արդեն ստեղծված է։ Իհարկե, նախկինում այդ ուղղությաբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև դա կար մեր պլաններում։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումը արդեն ձևավորված է, շոշափելի մասով համալրված է ու երեկնվանից սկսել է իրա աշխատանքները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
12:51 - 02 նոյեմբերի, 2023
Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
 |armeniasputnik.am|

Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և «Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի նկատմամբ «Յանսի» գործով քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։ Նշենք, որ նրանց բոլորի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել էր բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։ 2022 թվականի նոյեմբերի 21-ին խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։ Հիշեցնենք, որ 2022թվականին քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։ Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քննիչը երեք մեղադրյալներին մեղադրանք էր ներկայացրել. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը:   
19:55 - 01 նոյեմբերի, 2023
Անտեսելով լրատվամիջոցի հարցումները՝ պատասխանները հնչեցնում են ԱԺ-ում

Անտեսելով լրատվամիջոցի հարցումները՝ պատասխանները հնչեցնում են ԱԺ-ում

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մի մտահոգություն բարձրաձայնեց․ «Լեռնային Ղարաբաղում կալանավորման մեջ գտնվող մարդիկ են, դուռը բացվել է, եկել են, մենք դա ո՞նց ենք [տնօրինում], տնօրինո՞ւմ ենք - չե՞նք տնօրինում, ո՞նց են տեղափոխվել, ի՞նչ հիմքերով, որովհետև էդ գործընթացը էդպես քաոտիկ բնույթ է կրել, և էդտեղ նաև ռիսկեր կան, որ պետք է կարողանանք էստեղ կառավարել»,- դիմելով ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ ասաց նա։ Ի պատասխան՝ Վահե Ղազարյանը հայտնեց, որ ազատ է արձակվել ԼՂ-ի մոտ 11 կալանավոր, և իրենք բոլորի տվյալներն ունեն․ «Անցյալ շաբաթ սպանությունով մեկը կար, եթե չեմ սխալվում՝ էնտեղ ձերբակալվա՞ծ, թե՞ կալանավորված էր, մեկին արդեն Վանաձոր քաղաքից հայտնաբերեցինք, բոլորի տվյալները ունենք, որոշ անձանցով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը, որոնք մեղադրվել են պետական դավաճանության համար, որոշ անձանցով՝ ոստիկանությունը»,- ասաց նախարարը։ Նա նաև նշեց, որ հիշյալ բոլոր անձանց՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու վրա սահմանափակում է դրված։ Դեռ հոկտեմբերի 11-ին «Ինֆոքոմը», հղում անելով Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին, գրել էր, որ ազատ են արձակվել Արցախի 15 կալանավոր (որոնցից 3-ը՝ Հայաստանում պահվող), և 1 դատապարտյալ։ Նույն օրը տեղեկատվության հարցում էինք ուղարկել ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ տեղահանման ընթացքում Ստեփանակերտից ազատ արձակված կալանավորների և դատապարտյալների թվի, և նրանց մեղսագրվող հանցանքների վերաբերյալ։ Թե՛ ոստիկանությունը և թե՛ ԱԱԾ-ն խուսափել էին մեզ տեղեկություններ տրամադրել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ազգային անվտանգության հարցերով զբաղվում է ԱԱԾ-ն, իսկ հասարակական անվտանգության պահպանմամբ՝ ոստիկանությունը՝ խնդրել էինք նաև մանրամասնել, թե ինչ քայլեր են նրանք ձեռնարկում ազատության մեջ գտնվող կալանավորների և դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ։ Ընդ որում, երկու կառույցներին հարցրել էինք նաև, թե արդյո՞ք այդ անձինք ներառված են Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ)։ Այս համակարգում ընդգրկվում են այն անձանց տվյալները, որոնց տարբեր քրեական վարույթների շրջանակում արգելվում է բացակայել Հայաստանից։ Այս հարցն ընդհանրապես անտեսվել էր։  ԱԱԾ-ից մեր հարցմանը պատասխանել էր Ս․ Գեւորգյանը՝ նշելով, որ տեղեկություն չունեն Արցախում ազատ արձակված և Հայաստան մուտք գործած կալանավորների և դատապարտյալների վերաբերյալ։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, սակայն, ԱԺ-ում հավաստիացրեց, որ ԱԱԾ-ն զբաղվում է Արցախից Հայաստան եկած պետական դավաճանության մեջ մեղադրվողներով։ Այստեղից կարելի է ենթադրել հետևյալը.  ԱԱԾ-ն զբաղվում է պետական դավաճանության մեջ մեղադրվող ազատ արձակվածներով, սակայն մինչ այժմ որևէ տեղեկություն չի կարողացել հավաքել։  ԱԱԾ-ն զբաղվում է այդ անձանցով, տեղեկություններ ունի, սակայն օպերատիվ գործողություններից ելնելով՝ այն դեռևս չի ցանկանում տրամադրել լրատվամիջոցին։ Այս դեպքում ԱԱԾ-ն կարող էր հարցման պատասխանում ձևակերպել, որ այս պահին տեղեկություն տրամադրել չի կարող։ Այս սցենարը քիչ հավանական է, քանի որ ՆԳ նախարարն այսօր ԱԺ ամբիոնից օպերատիվ տեղեկություններ դժվար թե հայտներ։  ԱԱԾ-ն տեղեկություններ ունի, սակայն խուսափել է այն տրամադրել լրատվամիջոցին, ինչն անհարգալից վերաբերմունքի դրսևորում է հանրության նկատմամբ, քանի որ լրատվամիջոցի գործունեությունն ու տեղեկատվություն ստանալու բուն նպատակը հանրությանը տեղեկացնելն է առկա վտանգների և դրանց կանխարգելմանն ուղղված գործողությունների կամ անգործության մասին։  ԱԱԾ-ն տեղեկություններ չունի, բայց նախարարին զեկուցել է, որ զբաղվում է այդ անձանցով։ Այս պարագայում դատողությունները թողնում ենք ՆԳՆ-ին։  ԱԱԾ-ն մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 20-ին։ Միգուցե այդ օրվա դրությամբ՝ իսկապես որևէ տեղեկություն չի ունեցել նշված կալանավորների և դատապարտյալների վերաբերյալ և սկսել է նրանցով զբաղվել միայն վերջին 10 օրերին՝ ազատ արձակվելուց մոտ 1 ամիս անց։ Ոստիկանությունից մեր հարցմանը պատասխանել էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Գ․ Մկրտչյանը՝ նշելով, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է ՀՀ ՆԳՆ ոստիկանության լիազորությունների շրջանակից։ Միաժամանակ, նա առաջարկել էր դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը։ Նախարար Ղազարյանի՝ այսօր հայտնած մանրամասներից, սակայն, պարզ է դառնում, որ ոստիկանությունը «բոլորի տվյալներն ունի», իրականացնում է հայտնաբերման գործողություններ։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ոստիկանությունը չի ցանկացել տեղեկություն տրամադրել լրատվամիջոցին՝ ուղղորդելով հարցումն Արդարադատության նախարարությանը։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Արդարադատության նախարարությունը զբաղվում է ՔԿՀ-ներում գտնվող կալանավորներով և դատապարտյալներով, իսկ առանց օրինական հիմքի ազատ արձակված անձանց հայտնաբերումը ոստիկանության լիազորության շրջանակում է։ Ոստիկանությունը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 18-ին։ Այսինքն՝ կալանավորների/դատապարտյալների ազատ արձակվելուց մոտ 1 ամիս անց գերատեսչությունը այս խնդիրն իր լիազորությունների շրջանակում չի համարել։ Մնում է հասկանալ՝ այդ ի՞նչ սկզբունքով է իրավապահ համակարգը որոշում, որ պատգամավորի բարձրացրած մտահոգությունն ավելի ծանրակշիռ է, և դրան պետք է պատասխանել, իսկ լրագրողի հարցերը, փաստորեն, կարելի է առանց վարանելու անտեսել։ Նման խտրական և ոչ գործընկերային մոտեցումը՝ պետության և հանրության երկխոսության մեջ կարևորագույն դերակատարի՝ մեդիայի նկատմամբ, շահավետ չէ նույն այդ պետության և հանրության միջև վստահության ձևավորման և ամրապնդման տեսանկյունից։   Ինֆոքոմ  
20:41 - 30 հոկտեմբերի, 2023
Բացահայտվել և կանխվել է Իրանից Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել և կանխվել է Իրանից Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Ա-ն և  Գ.Ա-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հոկտեմբերի  27-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել` իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։ Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի հոկտեմբերի 27-ին հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ քաղաքացու կողմից նշված վայրում, Վ.Ա-ն և Գ.Ա-ն վերցրել են նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի ք.Երևան։ Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում վերջիններիս ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Վ.Ա-ն և Գ.Ա-ն ձերբակալվել են։ Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության հատուկ պահպանվող տարածք, որտեղ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 12 կիլոգրամ ընդհանուր քաշով՝ «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» և «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 3 տարբեր փաթեթներ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
13:32 - 30 հոկտեմբերի, 2023