Կոտայքի մարզ

Կոտայքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարեւան որեւէ պետության հետ:

Կոտայքը միաժամանակ նաեւ այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երեւանին:

Համայնքների թիվը` 42, որից քաղաքային` 7, գյուղական` 35 Սահմանակից է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի մարզերին եւ մայրաքաղաք Երեւանին:

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար իրականացված պետական գնումները կատարվել են «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով։ Ընդհանուր առմամբ կնքվել է մոտ 6 միլիարդ դրամի շուրջ 1000 պայմանագիր, որոնցից որոշները՝ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց փոխկապակցված ընկերությունների հետ։  Արցախի բնակչության տեղահանության ընթացքում ՀՀ կառավարությունը Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններին պետական բյուջեից միջոցներ էր հատկացրել՝ տեղահանված անձանց կեցության, սննդի եւ այլ առաջնային կարիքներ հոգալու համար։ 2023թ․ հոկտեմբերի 20-ի դրությամբ կառավարությունը նշված նախարարություններին տրամադրել էր շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ։ Առողջապահության նախարարությունը տեղահանվածների համար առողջապահական և լաբորատոր նյութեր է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանին փոխկապակցված ընկերություններից Նախարարությունը պայմանագրեր է կնքել առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց հետ. «Արփիմեդ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ներ եւ «Արֆարմացիա», «Ֆարմատեք» ՓԲԸ-ներ։ Գնումները կատարվել են «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Այս ընկերություններից երկուսը կապվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Մասնավորապես, «Արֆարմացիա» ընկերության 31% բաժնեմասը պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, իսկ 29,7% բաժնեմասը՝ Վաչե Մանուկյանին։ 2023 թ․-ի սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը մոտ 455 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, որը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Առողջապահության նախարարությունը 5 մլն 349 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել նախարարի մոր ընկերության հետ փոխկապակցվող «Ֆարմատեք» ՓԲԸ-ի հետ։ Այս ընկերության իրական շահառուն նույնպես Վաչե Մանուկյանն է։ Վերը հիշատակված «Արֆարմացիա» ընկերության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում «Ֆարմատեք» ընկերությունը գրանցված է որպես միջանկյալ ընկերություն։  Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից Առողջապահության նախարարությունը 1 մլն 910  հազար ՀՀ դրամի առողջապահական եւ լաբորատոր նյութեր է գնել։ Ընկերության տնօրենը Ասատուր Ասատրյանն է՝ «Աստղիկ» (նախկինում՝ «Մալաթիա») բժշկական կենտրոնի տնօրենը։ Ասատրյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։ Ասատուր Ասատրյանը ընկերության 99,9% բաժնետերն է, մնացած մասը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին փոխկապակցվող «Արփիմեդ» ՍՊԸ-ի հետ Առողջապահության նախարարությունը կնքել է 2 մլն 68 հազար ՀՀ դրամի պայմանագիր։ Ընկերությունը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Մինչև 2022 թվականը «Արփիմեդի» բաժնետեր է եղել Արտակ Հարությունյանը, այժմ ընկերության 100% բաժնետերը եւ տնօրենը Վաչագան Ղազարյանն է։  «Վագա Ֆարմ» եւ «Թեոֆարմա Իմպորտ» ընկերությունները համապատասխանաբար 4 մլն 134 հազար եւ 8 մլն 273 հազար դրամի պայմանագրերով ԱՆ-ին մատակարարել են դարձյալ առողջապահական եւ լաբորատոր նյութեր։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերությունների հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Այդ հինգ ընկերություններն են «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, «ՄԼՏ եւ ԱՐՍ» գրուպ ՍՊԸ, «Բեյբի-Սիմ» ՍՊԸ։ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից նախարարությունը կատարել է 56 մլն 414 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ։ Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գագիկ Ալեքսանյանի «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունից նախարարությունը կատարել է 81 մլն 140 հազար դրամի գնում։ Այս ընկերությունը մատակարարել է շաքարավազ, ձեթ, ալյուր, մակարոն։   «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից սոցապ նախարարությունը կատարել է 2 մլն 880 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է յոդացված աղ։  Այս ընկերության իրական սեփականատերերը Արկադի եւ Արեգ Ղուկասյաններն են, որոնք Արցախի քաղաքացիներն են (համապատասխանաբար 30 եւ 70% բաժնեմասերով)։ Արկադի Ղուկասյանը Արցախի երկրորդ նախագահն է, որն այժմ Բաքվում կալանավորված է։ Արեգ Ղուկասյանն Արկադի Ղուկասյանի եղբայրն է, որը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է եղել ՀՀ ԱԺ-ում։  «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 42 մլն 263 հազար ՀՀ դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ, իսկ «ՄԼՏ եւ ԱՐՍ գրուպ» ընկերության հետ նախարարությունը կնքել է 52 մլն ՀՀ դրամի պայմանագիր, մատակարարվել է կաթի փոշի։  Մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումները «Ինֆոքոմն» ուսումնասիրել է տեղահանված արցախցիների աջակցության շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումներն ու հատկացումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով այն պայմանագրերին, որոնց գումարը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը։  Ստորեւ ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ՀՀ մարզերում ինչպիսին է եղել բռնի տեղահանված արցախցիների բաշխվածությունը 2023-ի հոկտեմբերին եւ 2024-ի հունվարին, եւ թե մարզերից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսել նրանց առաջնային կարիքների համար (դեղին սյուներն արտացոլում են մարզում արցախցիների թիվը հոկտեմբերի դրությամբ, մոխրագույն սյուները՝ հունվարի դրությամբ։ Սեւ գծի գագաթներն արտացոլում են մարզպետարանների աշխատակազմերի կատարած ծախսերը՝ մլն դրամ արտահայտությամբ)։  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մարզպետարանների աշխատակազմերի կնքած՝ հիմնականում 10 մլն դրամը գերազանցող գնման պայմանագրերը։ Առանձնացրել ենք բոլոր այն ընկերությունները, որոնք փոխկապակցված են նախկինում կամ ներկայում պետական պաշտոն զբաղեցնող անձանց հետ։  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեր ուսումնասիրությունը չի անդրադառնում բոլոր ընկերություններին, հրապարակում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային աջակցություն տրամադրելու շրջանակում 2023թ-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված պետական գնումների շտեմարանը։    Արագածոտնի մարզպետարան Արագածոտնի մարզպետարանը պայմանագիր է կնքել Աշտարակ համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը պայմանագրեր է կնքել 18 իրավաբանական անձանց հետ. 10-ը՝ անհատ ձեռներեց, 6-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 1-ը՝ Երեւանի պետական համալսարան հիմնադրամի, 1-ը՝ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Բոլոր գնումները կատարվել են հրատապ մեկ անձ ընթացակարգով։ Ընդհանուր ծախսը կազմել է 260 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմն ընդհանուր առմամբ 12 մլն 936 հազար ՀՀ դրամի պայմանագրեր է կնքել «Էլիտ Էլֆա» ՍՊԸ-ի հետ, որից ամիսներ առաջ՝ 2023 թվականի հուլիսին, ընկերության 100 տոկոս  բաժնետեր է դարձել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտաշես Խաչատրյանը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 2023-ի օգոստոսի 31-ին «Էլիտ Էլֆայի» նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի կողմից սահմանափակում է կիրառվել՝ պարտավորեցնելով ընկերությանը պետական բյուջե վճարել 551 հազար 843 դրամ։ ՀԿԱԾ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ ընկերությունը չկատարված հարկային պարտավորություն ունի։ Այս ընկերությունը հյուրանոցային ծառայություններ է մատուցել տեղահանված անձանց համար։  Արարատի մարզպետարան Արարատի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 6 ԱՁ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսը կազմել է 73 մլն 540 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Մարզպետարանի աշխատակազմը Ասպրամ Խաչատրյան ԱՁ-ից կատարել է 9 մլն 500 հազար դրամի գնում՝ սնունդ եւ հիգիենայի պարագաներ։ Ասպրամ Խաչատրյանը Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու անդամ է։ Ավագանու անդամի ԱՁ-ն 2024 թվականի հունվարի 22-ին նույնպես արգելանքի տակ է հայտնվել, որով ԱՁ-ից պետական բյուջեի օգտին 148 հազար դրամ պետք է բռնագանձվի։ Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 22 ԱՁ-ի, 13 ֆիզիկական անձի, 1 արտադրական կոոպերատիվի, 8 ՍՊԸ-ի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Նաեւ մարզպետի որոշմամբ դրամական ուղիղ աջակցություններ են տրամադրվել 10 արցախցու։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 160 մլն 251 հազար ՀՀ դրամ։  Բացի մեկ անձ ընթացակարգով կազմակերպված գնումներից՝ Շիրակի մարզպետի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ Շիրակացի 21Ա մասնաշենքի պատասխանատու, էլեկտրիկ Մանվել Խաչատրյանին տրամադրվել է 3 մլն 296 հազար 664 ՀՀ դրամ՝ մասնաշենքում տեղակայված քառասուն տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար (որոշման հիմք են հանդիսացել ՓԲԸ տնօրենի գրությունները)։ Մարզպետի մեկ այլ որոշմամբ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանին տրամադրվել է 1 մլն 144 հազար ՀՀ դրամ՝ Արթիկ համայնք տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով (որոշման հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի ղեկավարի գրությունը)։ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանն ունի ԱՁ, որի հետ Շիրակի մարզպետարանը տեղահանված անձանց կարիքները հոգալու շրջանակում կնքել է 560 հազար դրամի պայմանագիր՝ հյուրանոցային ծառայությունների համար։  Կոտայքի մարզպետարան Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 15 ԱՁ-ի, 1 ֆիզիկական անձի, 24 ՍՊԸ-ի, ԳԱԱ ՈԱԿ-ի, ԵՊՀ հիմնադրամի, Ագրարային համալսարան հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 1 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Հիմնականում մատուցվել են սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 36 մլն 997 հազար 600 դրամի պայմանագրեր է կնքել «Ոսկե գետակ Աղվերան» ՍՊԸ-ի հետ, որը մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության տնօրենը Վարդան Ավագյանն է, որը տարիներ առաջ մասնակցություն է ունեցել «Վանգաս» ՍՊԸ-ում, որի նախկին եւ այժմյան բաժնետերերից են Էդվարդ ու Արտաշես Վանյանները։ Վերջինս զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը, 2021թ․-ից համակարգում չէ։  Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 9 մլն 648 հազար դրամի պայմանագրեր է կնքել «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ի հետ, որը եւս մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որի նկատմամբ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, կիրառված է սահմանափակում. «Արգելել Գագիկ Ծառուկյանին ընկերությունում ունեցած բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը»,- նշված է ռեգիստրում։ Գեղարքունիքի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 32 ԱՁ-ի եւ 14 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 448 մլն 515 հազար ՀՀ դրամ։  Վայոց Ձորի մարզպետարան Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմը «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 17 ԱՁ-ի, 10 ՍՊԸ-ի, 31 ֆիզիկական անձի, ՀԱԵ Վայոց Ձորի թեմի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 141 մլն 496 հազար ՀՀ դրամ։ Մեծ մասամբ մատուցվել են հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաեւ մատակարարվել են սննդի ծանրոցներ ու կենցաղային ապրանքներ։ Արմավիրի մարզպետարան Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 9 ԱՁ-ի, 1 ՓԲԸ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 216 մլն 260 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Լոռու մարզպետարան Լոռու մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 56 ԱՁ-ի, 21 ՍՊԸ-ի, 1 ՓԲԸ-ի, 10 ֆիզիկական անձի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 302 մլն 166 հազար ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 12 ՍՊԸ-ի, 47 ԱՁ-ի, 12 ֆիզիկական անձանց հետ։ Ընդհանուր ծախսվել է 270 մլն 607 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Տավուշի մարզպետարան Տավուշի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 63 իրավաբանական անձանց հետ, որոնցից 46-ը՝ ԱՁ, 13-ը՝ ՍՊԸ, 1-ը՝ ՓԲԸ, 3-ը՝ արտադրական կոոպերատիվ։ Ընդհանուր ծախսը կազմել է 246 մլն 556 հազար ՀՀ դրամ։ Ստորեւ ինֆոգրաֆիկայում արտացոլված է, թե որ մարզը քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձից է կատարել գնումներ եւ քանի անձի է տրամադրել աջակցություն     Հայարփի  ԲաղդասարյանԼուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր, 27 սեպտեմբերի, 2023թ․
17:31 - 06 փետրվարի, 2024
Բյուրեղավանի բնակչի 4 համաքաղաքացիներին դանակահարելու և 20-ամյա երիտասարդի սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է

Բյուրեղավանի բնակչի 4 համաքաղաքացիներին դանակահարելու և 20-ամյա երիտասարդի սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Բյուրեղավան քաղաքի 32-ամյա բնակչի կողմից 20-ամյա համաքաղաքացու սպանության ու ևս երեք անձի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի բաժնում իրականացված քննության արդյունքում հիմնավորվել է, որ 2023 թ․ հուլիսի 17-ին Բյուրեղավան քաղաքի մի խումբ երիտասարդներ իրենց համաքաղաքացու կողմից վարած, որպես տաքսի շահագործվող ավտոմեքենայով գնացել են նույն քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում գտնվող հացատուն՝ նշելու իրենցից մեկի՝ 20-ամյա երիտասարդի զորացրման առիթը։ Որոշ ժամանակ անց երիտասարդներից մեկի և նշված ավտոմեքենայի վարորդի միջև հեռախոսազրույցի ընթացքում ուղևորափոխադրման հետ կապված կենցաղային հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է նույն հացատանը հարակից տարածքում՝ վարորդի՝ նույն քաղաքի բնակիչ հանդիսացող երկու այլ անձանց հետ տվյալ տարածք գալուց հետո։ Վիճաբանությանը միջամտել են նաև վերջիններս, որոնցից մեկը՝ Բյուրեղավան քաղաքի 32-ամյա բնակիչը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր մոտ գտնվող ծալովի դանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է 4 համաքաղաքացիների մարմինների տարբեր հատվածներին։ Արդյունքում նրանցից մեկը՝ վերոնշյալ 20-ամյա երիտասարդը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, պարանոցի շրջանում ստացած մարմնական վնասվածքներից և սուր արյունահոսությունից մահացել է, երկու անձինք դեմքի և թևերի շրջանում ստացել են ծանր, իսկ մեկ անձ էլ՝ միջին ծանրության մարմնական վնաս։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Բյուրեղավան քաղաքի 32–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (2 դրվագ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:45 - 18 հունվարի, 2024
Հերյուրանք է տեղեկությունը, որ գեներալ Խաչատրյանը փախել կամ թաքնվել է քննությունից․ փաստաբաններ

Հերյուրանք է տեղեկությունը, որ գեներալ Խաչատրյանը փախել կամ թաքնվել է քննությունից․ փաստաբաններ

Տեղեկացնում եմ, որ փաստաբան Վաչե Սիմոնյանի հետ ստանձնել ենք գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը: «Այս փուլում հարկ եմ համարում շեշտել, որ մամուլում տարածվող տեղեկատվություններն այն մասին, թե, իբր, գեներալ Խաչատրյանը փախել կամ թաքնվել է քննությունից, չի համապատասխանում իրականությանը, հերյուրանք է և նպատակ ունի բացասաբար ազդելու գեներալ Խաչատրյանի հեղինակության վրա։ Ձերբակալման պահին գեներալ Խաչատրյանը գտնվել է ինձ հետ․ մենք միասին պատրաստվում էինք դուրս գալ և ներկայանալ ոստիկանության բաժին։ Տեղեկությունը, ըստ որի` Տիրան Խաչատրյանը հարբած վիճակում իրականացրել է խուլիգանություն, նույնպես հերյուրանք է։ Գործի նախաքննությանը չվնասելու նպատակով այս փուլում զերծ կմնանք գործի մանրամասների վերաբերյալ հրապարակային հայտարարություններից, սակայն վստահեցնում ենք, որ գործի քննությունը ցույց կտա, որ որևէ խուլիգանական արարք Տիրան Խաչատրյանը թույլ չի տվել։ Առայժմ կսահմանափակվենք այս հայտարարությամբ, խնդրում ենք լրացուցիչ մեկնաբանություններ մեզանից չխնդրել, հարկ եղած դեպքում մենք ինքներս կներկայացնենք հավելյալ տեղեկատվություն` ելնելով գործի հանրային հնչեղությունից»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Արամուս գյուղում կռիվ է տեղի ունեցել։ Մինչ ոստիկանների Արամուս ժամանելը, հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդ՝ հրազենային վնասվածքով։  Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա (Տիրան Խաչատրյանը-խմբ․) հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ՝ 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում:  
17:44 - 12 հունվարի, 2024
Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է․  ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արամուսի միջադեպից

Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արամուսի միջադեպից

Հունվարի 11-ին՝ ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։ Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս` ժամը 23։39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա (Տիրան Խաչատրյանը-խմբ․) հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ՝ 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են:
15:34 - 12 հունվարի, 2024
ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտնաբերել է ինքնաձիգներ, նռնակներ

ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտնաբերել է ինքնաձիգներ, նռնակներ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տվյալները իրացնելով, հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ, փամփշտատուփեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղեկություն էին ստացել այն մասին, որ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից Զովք գյուղ տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում։ Հենց նշված վայրում էլ հայտնաբերվել է զենք–զինամթերքը։ «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական են լինելու»,– զգուշացնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։ ՌՈ-ն հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել տարածքային ստորաբաժանումներ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
22:40 - 01 նոյեմբերի, 2023
34-ամյա բուժքույրը գողացել է Արցախից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը

34-ամյա բուժքույրը գողացել է Արցախից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը

Կոտայքի մարզում 34–ամյա բուժքույրը գողացել է Արցախից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը և կանխիկացրել գումարը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ոստիկանությունը հոկտեմբերի 26-ին հաղորդում է ստացել, որ կորել է տարեցների խնամքի կենտրոններից մեկում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը, իսկ հոկտեմբերի 25-ին նշված քարտից կանխիկացվել է 100 000 դրամ: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է խնամքի կենտրոնի բուժքույրը: Երևանցի 34-ամյա կինը հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:
20:18 - 01 նոյեմբերի, 2023
Հայտնի են Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները

Հայտնի են Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները

2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում կայացել են համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։ Քվեարկության նախնական արդյունքները հետևյալն են․ Վերին Դվին համայնք- համայնքի ղեկավարի թեկնածուներ Զաքարյան Դմիտրի Միխայիլի 42 քվե Յակովլեվ Վյաչեսլավ Իվանի 138 թվե Պետրովա Լյուդմիլա Ալեքսանդրի 626 քվե Ընտրողների ընդհանուր թիվը՝1545, քվեարկությանը մասնակցել է 818-ը։ Վերին Դվին համայնք- ավագանու անդամի թեկնածուներ Ամիրյան Նաիրա Մարտինի 35 քվե Գևորգյան Արամ Իշխանի 97 քվե Թամրազով Սարգոն Հակոբի 81 քվե Միխաիլով Սերգեյ Միխայիլի 91 քվե Միրզոեւ Ստեփան Արսենի 32 քվե Յակովլեւ Մարկ Պավելի 67 քվե Յակովլեւա Ջուլետտա Ալեքսեյի 30 քվե Յուխանաեւ Վլադիսլավ Վալենտինի 59 քվե Նիկոլաեւ Յուրա Կոնստանտինի 45 քվե Պետրովա Անյա Լյովայի 100 քվե Սարգսյան Աշոտ Սենիկի 36 քվե Վլասյան Կարեն Սամվելի 45 քվե Տամրազով Վասիլի Ռոլանդի 55 քվե Արզնի համայնք- համայնքի ղեկավարի թեկածուներ Ավագյան Վարդան Ալբերտի 236 քվե Իվանով Էմիլ Տիմոֆեյի-113 քվե Միրզոեւ Ալեքսանդր Գեորգիի 292 քվե Միրզոեւ Ֆելիքս Վալերիեւիչ 372 քվե Չոբանյան Կորյուն Աղասարի 103 քվե Արզնի համայնքում ընտրողների թիվը 2132 է, քվեարկությանը մասնակցել է 1164-ը։
11:24 - 30 հոկտեմբերի, 2023
Կոտայքի մարզում անվավեր փաստաթղթերով շուրջ երկու տասնյակ օտարերկրացիներ են հայտնաբերվել

Կոտայքի մարզում անվավեր փաստաթղթերով շուրջ երկու տասնյակ օտարերկրացիներ են հայտնաբերվել

Հանցավորության դեմ համատեղ միջոցների միջպետական ծրագրի շրջանակներում, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության համակարգմամբ, տարածքային ստորաբաժանումների հետ նրանց սպասարկման տարածքներում, պարբերաբար իրականացվում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ: Հերթական համատեղ միջոցառումն անցկացվեց ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ: Ստուգայցեր կատարվեցին սպասարկվող տարածքի հյուրանոցներում, օտարերկրացիների վարձակալած բնակատեղիներում: Հայտնաբերվեցին ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Կոտայքի անձնագրային բաժանմունք ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով շուրջ երկու տասնյակ անձինք: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման համապատասխան արձանագրություններ: Նմանատիպ միջոցառումները շարունակվում են:
11:33 - 20 հոկտեմբերի, 2023
Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի կողմից կատարված կոռուպցիոն չարաշահումների քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի կողմից կատարված կոռուպցիոն չարաշահումների քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի կողմից կատարված կոռուպցիոն չարաշահումների քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթ է նախաձեռնվել 232 այլ դրվագներով։ Քննչական կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից, պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ, Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք հողատարածքների ապօրինի օտարման, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու, խմբի կազմում փողերի լվացման, պաշտոնեական կեղծիքներ և փաստաթղթերի կեղծիքներ կատարելու բազմաթիվ դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և մեկ վարույթում միացված քրեական վարույթի նախաքննությունը՝ 13 անձի մասով։   Նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից կատարված հսկայածավալ վարութային և ապացուողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2008-2015թթ. ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Կ.Գ.-ն իր պաշտոնավարման ընթացքում, խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված պահանջները, իրականացնելով պաշտոնեական կեղծիքներ, Աբովյան համայնքում գտնվող, մասնավորեցման ոչ ենթակա մի զբոսայգի՝ 782.3քմ հողատարածքnվ, օտարել է Կոտայքի մարզի դատախազի նախկին տեղակալի քրոջը, մեկ այլ զբոսայգի՝ 768.5քմ մակերեսով, իր օգնական Մ.Հ.-ի և համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ս.Խ.-ի օժանդակությամբ, օտարել է քաղաքացի Կ.Կ.-ին, իսկ համայնքի ղեկավարի օգնական Մ.Հ.-ի օժանդակությամբ մասնավորեցման ոչ ենթակա, Աբովյան քաղաքում գտնվող ջրավազանը ու դրա պահպանման-սպասարկման համար առանձնացված հողամասը (համապատասխանաբար՝ 1545.0քմ և 1836.53քմ տարածքով) օտարել է տվյալ ժամանակահատվածում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մ.Մ.-ին։ Բացի այդ, պատմության և մշակույթի արժեք հանդիսացող, հետևաբար Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ուժով մասնավորեցման ոչ ենթակա, Աբովյան քաղաքի Կոտայքի 1/80 հասցեում գտնվող, 2020քմ մակերեսով սեփականաշնորհման ոչ ենթակա հողամասն օտարել է ինքն իրեն, ապա գույքի հանցավոր ճանապարհով ձեռք բերելու հանգամանքը և հետքերը թաքցնելու նպատակով ներգրավվելով իր հետ փոխկապակցված անձանց՝ մորը՝ Ն.Ք.-ին, հորեղբոր որդիներին՝ Օ.Գ.-ին և Ս.Գ.-ին, աներոջ հորեղբորորդուն՝ Ս.Ծ.-ին, վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ, մասնաբաժիններով մի քանի փուլով իրականացնելով գույքի առուվաճառքի գործարքներ, կատարել է փողերի լվացում։ Կ.Գ.-ն ի պաշտոնե որևէ գործողություն չի կատարել՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը դադարեցնելու, դրանց հետևանքները վերացնելու պարտականության շրջանակներում իր ընտանիքի կողմից տնօրինվող, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող, նախկինում ինքնակամ կառուցված 461.4 քմ մակերեսով երկհարկանի հյուրանոցը, 79.6 քմ մակերեսով պահակատունը, 168.7 գծամետր պարիսպը, ինչպես նաև 6.1 մետր տրամագծով շատրվանը քանդելու ուղղությամբ։ Ավելին՝ հիշյալ ինքնակամ կառույցներով ծանրաբեռնված 7175.83քմ մակերեսով հողամասը ցածր գնով, երկարաժամկետ օգտագործման իրավունքով, վարձակալությամբ իր ընտանիքին պատկանող «Հին Փարվանա» ՍՊ ընկերությանը տրամադրելու և հետագայում տվյալ հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, անհամեմատ ցածր գնով՝ հողի կադաստրային արժեքով օտարելու դիտավորությամբ, իր օգնական Մ․Հ․-ի օժանդակությամբ, «Գիս-Արտ» ՍՊ ընկերության աշխատակցի կողմից կատարված փաստաթղթերի կեղծման հիման վրա կատարել է պաշտոնեական կեղծիք և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարին հասցեագրած գրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ համայնքային սեփականության նշված հողամասը ծանրաբեռնված չէ անշարժ գույքով։ Բացի այդ, Կ. Գ.-ն, տեղեկացված լինելով, որ Աբովյան համայնքում գտնվող 10,05 հա հողամասը ներառված է որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման հողատարածք, այն կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով իրենը դարձնելու նպատակով, իր օգնական Մ.Հ.-ի միջոցով, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ տնօրենի և աշխատակցի կողմից հողամասը շինությամբ ծանրաբեռնված չլինելու և հողամասի նպատակային նշանակությունը «գյուղատնտեսական» լինելու վերաբերյալ հողամասի կեղծ հատակագծեր կազմելու արդյունքում, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի ստորաբաժանման ղեկավար Դ.Գ.-ին դրդել է դուրս գալ իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից և փոխել 10,05 հա հողամասի նպատակային նշանակությունը, ինչը վերջինս իրականացրել է՝ ստորաբաժանման համապատասխան պաշտոնատար անձին տալով հանձնարարություն։ Դրա հիման վրա 2014թ. հունիսին քաղաքային համայնքի ավագանին, հաշվի առնելով քաղաքապետ Կ.Գ.-ի առաջարկը, որոշում է կայացրել՝ Աբովյան համայնքին պատկանող վերը նշված 10.05 հա հողամասն աճուրդով օտարելու մասին: Աճուրդի մեկնարկային գինը հաշվարկվել է գյուղատնտեսական նշանակության հողամասի համար սահմանված կադաստրային արժեքով՝ մեկ հեկտարի համար 45.240.000 ՀՀ դրամի փոխարեն 67.500 ՀՀ դրամով: Կ.Գ.-ի բանավոր հանձնարարությամբ, նրա օգնական Մ.Հ.-ի օժանդակությամբ համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժնի պետ Ա.Զ.-ի կողմից կազմել են ձևական աճուրդի անցկացման մասին կեղծ փաստաթղթեր, կազմակերպվել է նշված հողատարածքի ձևական աճուրդ, ինչի արդյունքում 2014թ. հուլիսին, ավագանու որոշմամբ և առքուվաճառքի պայմանագրով, 454.662.000 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող նշված հողամասն ընդամենը 712.400 ՀՀ դրամով օտարել է  փաստացի իրեն պատկանող «Ա. ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Խ.Ա.-ի։ Այդ կերպ օրինականացվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը։ Պարզվել է նաև, նպատակ ունենալով տիրապետելու Աբովյան քաղաքի Էդ.Պետրոսյան փողոցի 1/33 հասցեում գտնվող 5.9332 հա չափով տարածքին, որի մի մասը օտարման ոչ ենթակա ճանապարհ և մայթ են, ընդհանուր կանաչ տարածք, իսկ մնացած մասը՝ արտադրական և արդյունաբերության համար պահուստային տարածքներ, Կ.Գ.-ն իր օգնական Մ.Հ.-ին տվել է դրա իրականացման ուղղված հանձնարարություն։ Վերջինիս ուղղորդմամբ համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի 2 աշխատակիցների կողմից համապատասխան փաստաթղթերում մտցվել են բովանդակությամբ  կեղծ տեղեկություններ այն մասին, թե հիշյալ հողամասի  նպատակային նշանակությունը բնակավայրերի է, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողատարածքը՝ չկառուցապատված, այն դեպքում, երբ այդ հողամասում ինքնակամ կառուցված է եղել 35.38 քառակուսի մետր մակերեսով պահակատուն, 123.07 քառակուսի մետր մակերեսով և 270.75 խորանարդ մետր չափերով պարիսպ։ Դրա, ինչպես նաև համայնքի ղեկավարի համապատասխան որոշման հիման վրա 2011թ. սեպտեմբերին ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աբովյան սպասարկման գրասենյակի աշխատակցի կողմից կատարվել է 59332.45 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի նկատմամբ Աբովյան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում: Կ.Գ.-ն ինքնակամ կառուցված հիշյալ պահակատունը և պարիսպն օրինականացնելու նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիքներ՝ կազմելով բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբր այդ շինությունները կառուցվել են «Աբովյանի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից։ 2012թ. ապրիլին կատարվել է այդ կառույցների նկատմամբ Աբովյան համայնքի սեփականության իրավունքի գրանցում: Հետագայում համայնքի ղեկավարի օգնականի օժանդակությամբ «Գիս-Արտ» ՍՊԸ աշխատակցի կողմից կազմված հիշյալ տարածքը շինությամբ ծանրաբեռնված չլինելու և հողամասի նպատակային նշանակությունը «գյուղատնտեսական» լինելու վերաբերյալ կազմված ակնհայտ կեղծ փաստաթղթի՝ հողամասի հատակագծի հիման վրա Աբովյանի քաղաքապետ Կ.Գ.-ն 2014 թվականի հունիսին դիմել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարին առ այն, որ  Էդ.Պետրոսյան փողոցի 1/33 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը սխալմամբ է նշվել բնակավայրերի նշանակության, այն հանդիսանում է գյուղատնտեսական նշանակության հողատարածք: Նրա գրության հիման վրա հողատարածքի գործառնական նշանակությունը նշվել է «գյուղատնտեսական», ինչից հետո՝ 2014թ. հունիսի 24-ին, Աբովյան քաղաքային համայնքի ավագանին, հաշվի առնելով քաղաքապետ Կ.Գ.-ի առաջարկը, որոշում է կայացրել՝ Աբովյան համայնքին պատկանող վերը նշված 5.9 հա հողամասն աճուրդով օտարելու մասին: Աճուրդի մեկնարկային գինը հաշվարկվել է գյուղատնտեսական նշանակության հողամասի համար սահմանված կադաստրային արժեքով՝ մեկ հեկտարի համար 29.400.000 ՀՀ դրամի փոխարեն 67.500 ՀՀ դրամով: Կ.Գ.-ի օգնական Մ.Հ.-ի դրդմամբ համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժնի պետ Ա.Զ.-ի կողմից կազմված՝ աճուրդին վերաբերող կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմակերպվել է ձևական աճուրդ, որի արդյունքում Կ.Գ.-ն 2014թ. հոկտեմբերին առքուվաճառքի պայմանագրով 84.253.050 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող նշված հողամասը 400.500 ՀՀ դրամով օտարել է իր ընկեր Մ.Մ.-ին, սակայն հողատարածքը փաստացի տնօրինվել է Կ.Գ.-ի կողմից: Քննությամբ պարզվել է նաև, որ Մ.Հ.-ն, 2019թ. հունվարից զբաղեցնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի գործարքների համակարգողի պաշտոնը, օգտագործելով այդ ժամանակ Աբովյանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող Վ.Գ.-ի նկատմամբ ունեցած իրական ազդեցությունը,  2019թ. փետրվարի 28-ին անձամբ անհատ ձեռներեց Կ.Ս.-ից ստացել է խոշոր չափերով՝ 719.355 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար գումար ապօրինի վարձատրություն՝  Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի 32/281 հասցեում որպես սգո սրահ շահագործվող, ինքնակամ կառուցված շինությունը վարձակալությամբ վերջինիս տրամադրումն ապահովելու նպատակով, ինչի արդյունքում 2019թ. մայիսի 8-ին Աբովյան համայնքի ավագանին որոշմամբ հավանություն է տվել համայնքի և Կ.Ս.-ի միջև հիշյալ հողատարածքի վարձակալության պայմանագրի կնքմանը: Վերոնշյալ հանցավոր արարքների արդյունքում համայնքին պատճառվել է ընդհանուր 537մլն. 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474մլն. 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է: Ձեռք բերված փաստերի հիման վրա Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ.Գ.-ի նկատմամբ վերջնական հարուցել է հանրային քրեական հետապնդում՝  ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)՝ 1 դրվագ, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)՝ 6 դրվագ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ)՝ 1 դրվագ, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում)՝ 2 դրվագ և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) 2 դրվագ: Ինչպես նաև վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել Կ.Գ.-ի օգնական Մ.Հ.-ի, Աբովյանի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձ հանդիսացող Ա.Զ.-ի և Ս.Խ.-ի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դ.Գ.-ի, նույն ստորաբաժանման պաշտոնատար անձ Ա.Ղ.-ի, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ տնօրեն Վ.Ղ.-ի և աշխատակից Ռ.Մ.-ի, Կ.Գ.-ի հետ փոխկապակցված անձինք հանդիսացող Ս.Գ.-ի և Ս.Ծ.-ի, ընկերը հանդիսացող Մ.Մ.-ի,  «Գիս-Արտ» ՍՊԸ աշխատակից Վ.Վ.-ի, անհատ ձեռներեց Կ.Ս.-ի, «Ա. ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊ ընկերության տնօրեն Խ.Ա.-ի նկատմամբ (ընդհանուր՝ 14 անձ)։ Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մյուսներին ներկայացվել է մեղադրանք։  Մի քանի այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ հանցավոր արարքի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։ Քրեական վարույթը՝ 13 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու նպատակով։ Վարույթի նախաքննության ընթացքում հայտնաբերվեն են նաև նույնաբնույթ ենթադրյալ հանցագործությունների կատարման դեպքերի 232 այլ դրվագներ, որոնց առթիվ վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:09 - 18 հոկտեմբերի, 2023
ՏԿԵ նախարարն այցելել է Կոտայքի մարզպետարան, հանձնարարականներ տվել, ապա հանդիպել բռնի տեղահանվածների հետ

ՏԿԵ նախարարն այցելել է Կոտայքի մարզպետարան, հանձնարարականներ տվել, ապա հանդիպել բռնի տեղահանվածների հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետարանում։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին հաշվառելու, կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի անխոչընդոտ կազմակերպմանը։ Նախարարը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կացարանով ապահովելու աշխատանքների առաջին փուլն ավարտված է և հիմա նույն ջանասիրությամբ պետք է լծվել երկրորդ փուլի աշխատանքներին` նրանց կարիքները գնահատելու և դրանք հոգալու գործին․ «Կոտայքը հսկայական բեռ է վերցրել իր վրա։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ամենամեծ թվով քաղաքացիները տեղակայվել են հենց այս մարզում։ Պետք է նշեմ, որ Կոտայքը պատվով կատարում է իր աշխատանքը, բայց առաջիկայում դեռ շատ անելիք ունենք»,- ընդգծել է նախարարը։ Սանոսյանի խոսքով՝ առաջիկա անելիքը պետք է լինի մարզում ազատ տների, բնակարանների գույքագրումը, որպեսզի հնարավոր լինի հյուրանոցներում, հյուրատներում տեղակայված քաղաքացիներին տեղափոխել հիմնական բնակության վայրեր։ Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ հոգատարություն ցուցաբերել բռնի տեղահանվածներին` հատկապես հատուկ կարիք ունեցող անձանց, երեխաներին։ Սանոսյանը Կոտայքի մարզպետի աշխատակազմին ևս հանձնարարել է բռնի տեղահանվածներին պատշաճ կերպով իրազեկել պետության կողմից տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերի մասին։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը զեկուցել է սեպտեմբերի 25-ից մարզում կատարված աշխատանքները, տեղավորվածների թիվը։ Կոտայքի մարզում այս պահին հաստատված է 22 482 քաղաքացի, որոնցից 2576-ը՝ հյուրանոցներում։ Կոտայքի մարզում այսօր առավոտյան դպրոց է գնացել 1763 երեխա։ Խորհրդակցությունից հետո նախարարն այցելել է Ծաղկաձորում հաստատված բռնի տեղահանվածներին, լսել նրանց կարիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին։
14:40 - 09 հոկտեմբերի, 2023
Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Համացանցում ինչպես տարբեր օգտատերեր, այնպես էլ դիտորդական առաքելությունները ահազանգում են այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրս է կիրառվում։ Շրջանառվում են տեղեկություններ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա երթին եւ քարոզարշավին ներկա են լինելու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից։ Infocom.am-ը մինչ աշխատանքային ժամի ավարտը՝ 17:25-ից սկսած, զանգահարեց Հայաստանի մարզերի ղեկավարների աշխատանքային հեռախոսահամարներին՝ պարզելու արդյո՞ք նրանք աշխատավայրում են։ Որեւէ մարզպետի աշխատանքային համարով մարզպետների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ստորեւ ներկայացնում ենք, թե ժամը քանիսին որ մարզպետարանից ինչ պատասխաններ ենք ստացել։17:25 - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանի եւ Վահան Զարոյանի աշխատանքնային հեռախոսահամարներին զանգերը պատասխան չեն ստացել։ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը մեր զրույցում ասաց, որ մարզպետն արձակուրդում է, տեղում չէ։ Միաժամանակ նա նշեց, որ մարզպետը քիչ առաջ է դուրս եկել․ «Այս պահին կառավարությունում է, թե մարզում՝ չեմ կարող ասել»,- ասաց Խլղաթյանը՝ հավելելով, որ այդ պահին մարզպետի տեղակալներն էլ տեղում չեն, բայց արձակուրդում էլ չեն, գործուղման մեջ են, նրա խոսքով՝ աշխատանքային այցով մարզում։ 17:31 - Արմավիրի մարզպետի օգնականը պատասխանեց, որ մարզպետը տեղում չէ, նա այսօրվանից երկու շաբաթով գնացել է արձակուրդ։ 17։36 - Կոտայքի մարզպետարանից հաղորդեցին, որ մարզպետը տեղում չէ եւ չգիտեն՝ այսօր կվերադառնա աշխատավայր, թե ոչ։ 17:38 - Լոռու մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց մարզպետարանի աշխատակիցը՝ ասելով, որ մարզպետը տեղում չէ, եւ ինքը չգիտի՝ վերջինս որտեղ է եւ երբ կվերադառնա։ Նա նշեց, թե «հավանաբար գործուղման է», բայց չգիտի՝ որտեղ։ Աշխատակիցը խնդրեց մինչեւ աշխատանքային ժամի ավարտը եւս մեկ անգամ փորձել, գուցե մարզպետը վերադարձած լինի, սակայն 17:52 մարզպետը դարձյալ տեղում չէր։ 17:40 - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց ընդունարանի աշխատակիցը։ Հարցին՝ պարոն Ղուկասյանի հետ կարո՞ղ ենք խոսել, նա պատասխանեց՝ մարզպետը խորհրդակցության է, թե երբ է ավարտելու՝ հայտնի չէ։ Նա տրամադրեց օգնականի համարը։ Ղուկասյանի օգնականը՝ Մարգարիտան, սակայն, մեր զրույցում ասաց, որ մարզպետն այսօր Երեւանում է եւ մարզ կվերադառնա վաղը։ Հարցին՝ մարզպետը գործուղմա՞ն է, օգնականն ասաց՝ ոչ, ճշտող հարցին՝ գուցե անձնակա՞ն հարցերով է Երեւանում, օգնականը դրական պատասխանեց։ 17:45 - Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց գործավարը։ Նա նշեց, որ Մուրադյանը հանդիպման է, դուրս է եկել ու տեղում չէ։ Նա շեշտեց, որ աշխատանքային ժամը տասը րոպեից ավարտվում է, ուստի այսօր նրա հետ խոսել չի լինի։ Աշխատակիցը տրամադրեց մարզպետի օգնական Անժելայի համարը՝ նշելով, որ այս պահին օգնականն էլ չի կարող պատասխանել։ Հարցին՝ կարո՞ղ ենք խոսել մարզպետի տեղակալների հետ, աշխատակիցը պատասխանեց, որ տեղակալներից Աննա Մարտիկյանը երկրում չէ, մյուս տեղակալն էլ՝ Ալբերտ Այվազյանը, «նրանց հետ է»։ Ճշտող հարցին՝ մարզպետի հե՞տ, աշխատակիցը դրական պատասխանեց։ Հարցին՝ մարզո՞ւմ է հանդիպման, աշխատակիցը նշեց, որ այսքանից ավելին պատասխանել չի կարող՝ կասկած հայտնելով նաեւ, որ գուցե զանգահարողն այն անձը չէ, որ ներկայանում եմ (զանգի սկզբում լրագրողը հնչեցրել է իր իրական անունը, նշել լրատվամիջոցի անունը՝ infocom.am)։ Մարզպետի օգնականը՝ Անժելան, 17:50-ին պատասխանեց զանգին։ Նա ասաց, որ մարզպետի հետ չէ, հարցը կարող ենք իրեն հղել։ Արդյոք մարզպետը մարզո՞ւմ է, Անժելան պատասխանեց, որ տեղյակ չէ եւ չի կարող մարզպետի անձնական հեռախոսահամարը տրամադրել։ Քանի որ մեր զրուցակցի կողքից մարդկանց աղմուկի ձայներ էին, օգնականից հետաքրքրվեցինք՝ աշխատավայրո՞ւմ է, նա պատասխանեց, որ դրսում է։ Ճշտող հարցին՝ դրսում՝ Երեւանո՞ւմ, օգնականը պատասխանեց, որ ոչ եւ հիմա կբարձրանա աշխատասենյակ։ 17:48 - Տավուշի մարզպետարանի աշխատակիցը հաղորդեց, որ մարզպետը տեղում չէ, ինքն էլ չի կարող ասել՝ այսօր կվերադառնա՞, թե՞ ոչ, որովհետև աշխատանքային այցով մարզի տարածքում է, «քիչ առաջ է գնացել»։ 17:31, 17:55 - Արարատի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։ 17:36, 17:57 - Արագածոտնի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից
19:13 - 15 սեպտեմբերի, 2023
Քրեական հետապնդում է հարուցվել Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի նկատմամբ

Քրեական հետապնդում է հարուցվել Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի նկատմամբ

2008-2015 թվականներին Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն (Կարապետ Գուլոյան (Գագիկ Ծառուկյանի փեսա)-խմբ․) տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին (պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ զբոսայգիները, պուրակները, այգիներն ու ընդհանուր օգտագործման այլ տարածքները չեն կարող սեփականության իրավունքով փոխանցվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց), իր լիազորություններն օգտագործել է պետական և ծառայողական շահերին հակառակ, խախտել մի շարք իրավական ակտերի պահանջներն ու օտարել հողատարածքները: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազաությունից։  Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ.Գ.-ն խախտել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդված պահանջները (օտարման ոչ ենթակա հողատարածքներ), անտեսել՝ Աբովյան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու վերաբերյալ Կառավարության որոշման պահանջները և Ռոսիա փողոցի 1/4 hասցեում գտնվող զբոսայգու 3 քմ մակերեսով հողատարածքը 1 մլն 858 հազար 100 դրամով օտարել է մարզի դատախազի նախկին տեղակալի քրոջը՝ Ա.Գ.-ին: Վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Կ.Գ.-ն, տեղյակ լինելով, որ Աբովյան քաղաքի Կոտայքի 1/80 հասցեում գտնվող 2020 քմ մակերեսով օտարման ոչ ենթակա հաղամասը հանդիսանում է պատմության և մշակույթի արժեք, գույքն օտարել է ինքն իրեն: Օտարումից հետո, իր հետ փոխկապակցված անձանց՝ մոր՝ Ն.Ք.-ի, հորեղբոր որդիներ՝ Օ.Գ.-ի և Ս.Գ.-ի, աներոջ հորեղբորորդի՝ Ս.Ծ.-ի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը: Կ.Գ.-ն խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները, մասնավորեցման ոչ ենթակա ջրավազանն ու դրա պահպանման-սպասարկման համար առանձնացված հողամասն (համապատասխանաբար՝ 0 քմ և 1836.53 քմ) իր օգնական Մ.Հ.-ի օժանդակությամբ օտարել է այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մ.Մ.-ին:Կ.Գ.-ն, իր օգնական Մ.Հ.-ի և Համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ս.Խ.-ի օժանդակությամբ, քաղաքացի Կ.Կ.-ին է օտարել մասնավորեցման ոչ ենթակա 5 քմ մակերեսով զբոսայգին: Կ.Գ.-ն, պարտավորություն ունենալով դադարեցնել քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը և վերացնել դրա հետևանքները, իր ընտանիքի կողմից տնօրինվող, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող, նախկինում ինքնակամ կառուցված՝4 քմ մակերեսով երկհարկանի հյուրանոցը, 79.6 քմ մակերեսով պահակատունը, 168.7 գծամետր պարիսպը, ինչպես նաև 6.1 մետր տրամագծով շատրվանը քանդելու ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկել: Հակառակը՝ կատարել է պաշտոնեական կեղծիք. հատակագծում չի ներառել հողամասի՝ շինությամբ ծանրաբեռնված լինելու փաստն ու 7175.83 քմ մակերեսով հողամասը ցածր գնով, երկարաժամկետ վարձակալության է տրամադրել իր ընտանիքին պատկանող «Հին Փարվանա» ՍՊ ընկերությանը: Կ.Գ.-ն, քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել է իր լիազորություններն ու կատարել փողերի լվացում: Մասնավորապես՝ Կ.Գ.-ն 454 մլն 662 հազար դրամ կադաստրային արժեքով բնակելի կառուցապատման հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելով գյուղատնտեսականի՝ ձևական աճուրդների միջոցով, ցածր գնով՝ 712 հազար 400 դրամով, հողատարածքն օտարել է փաստացի իրեն պատկանող՝ «Ա. Ավդալյան» ՍՊ ընկերությանը և օրինականացրել գույքը: Կ.Գ.-ն, իր օգնական Մ.Հ.-ի, Համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժնի պետ Ա.Զ.-ի և «Գիս-Արտ» ՍՊԸ աշխատակից Վ.Վ.-ի առերևույթ հանցավոր գործողությունների արդյունքում, Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա՝ Աբովյան համայնքի գլխավոր հատակագծում որպես ճանապարհ և մայթ նշված հողատարածքը օտարել է ինքն իրեն: Այնուհետև, Կ.Գ.-ն փոխել է շուրջ 84 մլն 253 հազար 50 դրամ կադաստրային արժեքով9 հա արտադրական և արդյունաբերության համար նախատեսված պահուստային տարածքների նշանակությունը գյուղատնտեսականի և ձևական առուվաճառքի պայմանագրերով, 400 հազար 500 դրամով օտարել է իր ընկերոջը՝ Մ.Մ.-ին՝ համայնքին պատճառելով 83 մլն 852 հազար 550 դրամի գույքային վնաս: Վերոշարադրյալի հիման վրա՝ դատախազը սեփական նախաձեռնությամբ 2023 թվականի սեպտեմբերի 6–ին Կ.Գ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (1 դրվագ), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (6 դրվագ), 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ) (1 դրվագ), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում) (2 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) (2 դրվագ): Առերևույթ կատարված հանցավոր արարքների արդյունքում համայնքին պատճառվել է 537 մլն 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է: Համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում: Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, մասնավորեցման ոչ ենթակա Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 1/4, Կոտայքի 1/80 հասցեների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մ.Մ.-ին օտարված ջրավազանն ու դրա պահպանման-սպասարկման համար առանձնացված հողամասը, գլխավոր հատակագծում որպես ճանապարհ և մայթ նշված և հետագայում Մ.Մ.-ին վաճառված հողատարածքները օտարելու վերաբերյալ ոչ իրավաչափ վարչական ակտերը վերացնելու պահանջներով հայցեր է հարուցել Վարչական դատարան:
12:20 - 06 սեպտեմբերի, 2023
Դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու. վարչապետն այցելել է Կաթնաղբյուրի նորակառույց դպրոց

Դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու. վարչապետն այցելել է Կաթնաղբյուրի նորակառույց դպրոց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքներին:   Դպրոցի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են 2020 թ. նոյեմբերից և ավարտվել 2023 թ. հուլիսին: Շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին. տրամադրվել է 712,3 մլն դրամ: Դպրոցի գույքի ձեռքբերման համար պետբյուջեից հատկացվել է 18 մլն 660 հազար դրամ: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման և ցանկապատման, արևային վահանների, ներքին ինժեներական համակարգերի մոնտաժման կառուցման աշխատանքները: Այս ուսումնական տարում դպրոցում սովորում է 180 աշակերտ: Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել. «Մենք այստեղ էինք մի քանի ամիս առաջ և պայմանավորվեցինք, որ սեպտեմբերի 1-ին դպրոցը պատրաստ կլինի: Երեկ, այսօր և նախորդ օրը մենք մի քանի դպրոցներ ենք այցելել: Երեկ չորս դպրոց այցելեցինք, նախորդ օրը՝ երկու, որոնք նորակառույց են: Այս այցերով մենք ոչ միայն մեր ուրախությունն ենք արտահայտում, այլև փորձում ենք տեսնել, թե ինչ խնդիրներ կան, որոնք պետք է լուծենք»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու: «Այսօր մենք արձանագրում ենք, որ աշխատանք ունենք անելու: Իհարկե, բոլոր տեղերում էլ լինում են շինարարական որոշակի թերություններ, որոնք պարտադիր պետք է շտկվեն: Երեկ աշխատանքային կարգով պայմանավորվեցինք, որ ընդհանրապես սա մեր սկզբունքն է՝ առավել ևս դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չենք ունենալու: Այսինքն՝ ամեն ինչ ճշգրիտ պետք է համապատասխանի Կառավարության սահմանած տեխնիկական առաջադրանքին»: Կառավարության ղեկավարը հավելել է, որ գործադիրը շինարարության նոր մշակույթ է փորձում ներդնել: «Օրինակ՝ դպրոցների մոդուլային այս նախագիծը. Հայաստանի Հանրապետությունում այս տեսակի դպրոց երբեք գոյություն չի ունեցել: Սա կարևոր նրբություն է, որը հաճախ չենք նկատում, բայց փաստ է: Այսինքն՝ այսպիսի դպրոց, այսպիսի նախագծով, այսպիսի ճարտարապետությամբ, այսպիսի բովանդակային տրամաբանությամբ չենք ունեցել, և հետևաբար նորմալ է, որ հընթացս սովորում ենք: Առաջիկայում մենք լաբորատոր հագեցվածությանն խնդիրը կլուծենք, մարզագույքի խնդիր կա որոշ տեղերում, ոռոգման համակարգի խնդիր արձանագրեցինք: Ոչինչ, այս ամենը կշտկվի, տիպային նախագծերում էլ կանենք նաև անհրաժեշտ փոփոխություններ»: Վարչապետի դիտարկմամբ՝ ընդհանուր առմամբ Կառավարության նախագծերի, հատկապես մոդուլային տիպի դպրոցի վերաբերյալ արձագանքը դրական է. «Իհարկե, այս նախագծի հետ կապված դեռ դպրոցներն էլ պետք է արձագանքեն, բայց իմ նախնական տպավորությամբ՝ մեր ունեցած նախագծերի մասին, արձագանքն ընդհանուր առմամբ դրական է: Ընթացիկ աշխատանքները կիրականացվեն, բայց ամեն դեպքում մեր արձանագրումն այն է, որ այս շենքային պայմաններում հնարավոր է կազմակերպել բարձր մակարդակի կրթական գործընթաց, և մենք դա ենք ակնկալում դպրոցից»: Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձերի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սեպտեմբերի 1-ից բարձրացվել են նաև ԲՏՃՄ ուղղության առարկաներ դասավանդող ուսուցիչների, հեռավոր և թերբեռնված դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը՝ անկախ կամավոր ատեստավորումից: «Բայց կամավոր ատեստավորումը մեզ համար շատ կարևոր է: Հարգելի տնօրեն, հարգելի ուսուցիչներ, դուք պետք է իմանաք, որ ձեր աշխատավարձն առնվազն կրկնապատկվել է: Դա սեպտեմբերի 1-ից չէ, այլ այն պահից, երբ դուք դա կորոշեք, որովհետև Կառավարությունն այդ հնարավորությունը ձեզ համար ստեղծել է: Մենք ասում ենք՝ գնացեք և վերցրեք ձեր առնվազն կրկնապատկված աշխատավարձը: Դա շատ կարևոր է, որովհետև այդ կամավոր ատեստավորումը նաև պետք է արձանագրի ուսուցչի համապատասխանությունը հանրակրթության նոր չափորոշիչին, որն ընդունել ենք: Շատ կարևոր է, որպեսզի այս ոլորտում ներդաշնակ քաղաքականություն վարենք, ներդաշնակ լինենք իրար հետ՝ Կառավարությունը, մանկավարժական կոլեկտիվները, Տեղական ինքնակառավարման մարմինները: Մենք որքան էլ բարձր ենք միշտ խոսել դպրոցի մասին, բայց միշտ դպրոցը թերագնահատել ենք: Դպրոցի հիմնական գործառույթը հետևյալն է՝ սովորեցնել երեխային, թե ինչպես է հասուն կյանքում ապահովելու իր և իր ընտանիքի բարեկեցությունը: Մենք պետք է երեխային սովորեցնենք, թե ինչպես լավ ապրել: Երեխային պետք է ասենք՝ սիրելիներս, դուք պետք է ապրեք լավ, դուք պետք է ապրեք բարեկեցիկ: Սրա համար, իմ գնահատմամբ, չորս բան է հարկավոր: Առաջինը՝ գիտելիք, հմտություն, երեկ էլ ասացի, որ գիտելիքն ընդամենը տեղեկություններ իմանալը չէ, որը շատ կարևոր է, գիտելիքն անհրաժեշտ տեղեկությունն անհրաժեշտ պահին հնարավորինս արագ ստանալու հմտությունն է: Պետք է լինեք ֆիզիկապես ուժեղ, և՛ տղաները, և՛ աղջիկները պետք է լինեն հոգեպես ուժեղ՝ ի վիճակի լինելու, դիմակայելու կյանքի փորձություններին, որոնց մասին, ցավոք, կյանքը մեզ նախապես չի ասում: Եվ չորրորդ՝ պետք է աշխատասեր լինեք, հատուկ հարգանք ունենաք աշխատանքի նկատմամբ: Ընդ որում, պիտի իմանաք, որ չկա վատ աշխատանք, ցանկացած աշխատանք լավ է և հարգանքի արժանի: Այսօր շատ է խոսվում այն մասին, և դա նորմալ է՝ և՛ ծնողները, և՛ ուսուցիչներն ուզում են, որ երեխաներն ընդունվեն բարձագույն ուսումնական հաստատություններ: Բայց նաև, եթե մենք հարցը դիտարկենք ոչ միայն դիպլոմի տեսանկյունից, այլև բարեկեցության՝ ամենևին էլ փաստ չէ, որ հենց բարձրագույն կրթությունն է ամեն երեխայի համար ապահովելու բարեկեցություն», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ դպրոցի իմաստն ու նպատակներից է նաև յուրաքանչյուր երեխայի մեջ բացահայտել այն լավագույն տաղանդը, որը նրա համար կապահովի բարեկեցություն և հետևաբար զարգացում տնտեսության մեջ։ Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև ՀՀ պետական օրհներգի կատարման չափանիշներին և նշել, որ այն պետք է շատ հաճախ հնչի դպրոցներում. «Վերջին օրերին հինգ, վեց դպրոցներում եմ եղել. մեր բոլոր միջոցառումները սկսվում են պետական օրհներգով և մենք Հայաստանի պետական օրհներգի վեց տարբեր վարկածներ ենք լսել՝ վեց տարբեր արագությամբ: Սա էլ է խնդիր, չի կարող պետական մի հիմնարկում հիմնը մի տեմպով հնչել, մյուս տեղում՝ այլ տեմպով կամ այլ տեքստով»։ Վարչապետը կարևորել է 300 դպրոցի կառուցման Կառավարության ծրագիրը և հույս հայտնել, որ առաջիկայում ավելի հաճախ նորակառույց դպրոցներ կբացվեն: «Մասնավորապես ակնկալում ենք, որ առաջիկայում կբացվեն նորակառույց կամ վերակառուցված դպրոցներ: Սպասում ենք՝ Երևանի 111, 122 հիմնական դպրոցների, Կոտայքի մարզի Ջրառատի, Լոռու մարզի Մեդովկայի միջնակարգ դպրոցների շինարարության ավարտին։ Երեկ պայմանավորվեցինք, որ այսպիսի ներկայացուցչական կազմով կլինենք բոլոր դպրոցներում ուրախությունը կիսելու, բայց նաև սովորելու, թե մեր աշխատանքի մեջ ինչը պետք է շտկենք, որ հաջորդ փուլերում հենց բացման առաջին օրերից ամեն ինչն իր տեղում լինի», - նշել է Նիկոլ Փաշինյանը։ Դիմելով աշակերտներին՝ վարչապետը մեկ անգամ ևս հորդորել է խնամել տարածքը և ստեղծել հաճելի, հարմար և հարազատ միջավայր, որը նույնպես ուսումնական գործընթացի մի մաս է: «Ուզում եմ կրկին բոլորիս շնորհավորել այս դպրոցի գործարկման մեկնարկի առիթով և հաջողություն մաղթել բոլորիս։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- իր խոսքը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:    
14:22 - 05 սեպտեմբերի, 2023
Վճռաբեկի որոշմամբ՝ Արամ Դանիելյանի կինը զրկվեց 5500 քմ անտառի նկատմամբ սեփականության իրավունքից
 |hetq.am|

Վճռաբեկի որոշմամբ՝ Արամ Դանիելյանի կինը զրկվեց 5500 քմ անտառի նկատմամբ սեփականության իրավունքից |hetq.am|

hetq.am: Շուրջ երեք տարի տևած դատական գործընթացներից հետո պետությանը կվերադարձվի Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 0.55 հեկտար մակերեսով անտառը։ Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող անտառապատ տարածքը կեղծ աճուրդում սեփականաշնորհել էր Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանը։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը օգոստոսի 3-ի վճռով ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը, որն էլ ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Իսկ առաջին ատյանում՝ Եղվարդ քաղաքի դատարանը 2022թ-ին վճռել էր բավարարել Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչել 2007թ-ին Կոտայքի մարզպետարանի կազմակերպած աճուրդը։ Դատարանի վճռով՝ որպես անվավերության հետևանք, անվավեր էր ճանաչվել Զարիկ Գևորգյանի անունով 0.55 հա հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքը։ Կոտայքի մարզպետարանը պետք է Զարիկ Գևորգյանին վերադարձնի 3.4 միլիոն դրամ գումար, որը նա անտառային հողի համար վճարել էր։ Վճռաբեկ դատարանի այս որոշումը կարևոր է, քանի որ Գլխավոր դատախազությունը ևս 24 հողամասի աճուրդներ դեռ վիճարկում է դատարանում (գրեթե նույն փաստական հանգամանքներով)։ Ենթադրվում է, որ վճռաբեկի այս որոշման պայմաններում մյուս բոլոր գործերում ևս դատախազության հայցերը վերջնարդյունքում կբավարարվեն։ Հայցերը դատարանում ներկայացնում է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
13:41 - 15 օգոստոսի, 2023
Աշխատանքից ազատված դատախազը դատական հայց է ներկայացրել Աննա Վարդապետյանի դեմ
 |factor.am|

Աշխատանքից ազատված դատախազը դատական հայց է ներկայացրել Աննա Վարդապետյանի դեմ |factor.am|

factor.am: Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանը, որին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ազատել է աշխատանքից, դատական հայց է ներկայացրել դատարան Վարդապետյանի դեմ։ Գրիգորյանը վիճարկում է իր նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու որոշումը և իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ Աննա Վարդապետյանի հրամանը։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ Կոտայքի մարզի դատախազության՝ արդեն նախկին դատախազ Ապրես Գրիգորյանի և մեկ այլ դատախազի աշխատասենյակում ամիսներ առաջ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնել, նրանց ձերբակալել, ապա բաց էին  թողել։   Hayastan.news-ը գրել էր, որ այս դեպքից հետո Գրիգորյանը դատախազ Աննա Վարդապետյանին հայտնել է ԱԱԾ-ում իրեն խոշտանգելու մասին,  իսկ Վարդապետյանը  խոշտանգման մասին դատախազի հաղորդումն ուղարկել է ԱԱԾ, այսինքն՝ այն նույն մարմին, որտեղ, ըստ Գրիգորյանի, իրեն խոշտանգել են։ Լրատվամիջոցը գրել է նաև, որ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը պաշտոնից ազատվել ու այլ պաշտոնի էր նշանակվել հենց այն ժամանակ, երբ փորձել էր հետամուտ լինել, որ դատախազին խոշտանգողները պատժվեն։ Դատախազին աշխատասենյակում խոշտանգելն անպատիժ թողնելու պատմությունն էլ դարձել էր Պետրոս Պետրոսյանի ու գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հրաժարականի պատճառը։  
13:47 - 10 օգոստոսի, 2023
Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի եղբայրն անտառային հող է վարձակալել
 |hetq.am|

Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի եղբայրն անտառային հող է վարձակալել |hetq.am|

hetq.am: Հայաստանի անտառային հողերի վարձակալության նոր պայմանագրեր են կնքվում։ Վարձակալների ցանկում, ինչպես նախկինում, քիչ չեն ոչ պատահական մարդիկ։ «Հետքը» պարզել է, որ այս տարի անտառային հող է վարձակալել նաև նորահայտ գործարար, նախկին պաշտոնյաներից ոմանց գույքը կասկածելի գործարքներով ձեռք բերած Նարեկ Նալբանդյանի ավագ եղբայրը։ Վարձակալված անտառային հողը գտնվում է Հրազդան գետի ափին՝ Չարենցավան համայնքի վարչական տարածքում։ Նարեկ Նալբանդյանի անունը հանրությանը հայտնի դարձավ 2018 թ.-ից հետո։ Նախ` պետությունն արտոնյալ պայմաններով նրան օտարեց նախկին պաշտոնյայից նվեր ստացած «Գոլդեն փելիս» հյուրանոցը, ապա նրա կինը ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատունը։ Նույն վայրում ևս երկու վարձակալ կա։ Նրանք անտառային նշանակության հողում առանց թույլտվության հողային աշխատանքներ են կատարել։ Նրանցից մեկն էլ Հրազդան գետի հունն է նեղացրել՝ փոխելով գետի հունի բնական տեսքը։ Այս ամենի մասին տեղյակ են պատասխանատուները, սակայն քայլեր չեն ձեռնարկում։ Կոտայքի մարզի Արգել (Լուսակերտ) և Կարենիս (Գյումուշ) գյուղերը իրարից բաժանվում են Հրազդան գետով՝ գեղատեսիլ կիրճով։ Գյումուշի հիդրոէլեկտրակայանի հյուսիսային մասում՝ Հրազդան գետի առափնյա տարածքներն անտառային նշանակություն ունեն։ Այդ հողատարածքներից 2100 քմ մակերեսով տարածք է վարձակալել «Մեր քայլը հոլդինգ» ՍՊԸ-ն։ Այս տեղեկությունը մենք չենք ստացել Անտառային կոմիտեից, քանի որ Կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հրաժարվեց մեզ տրամադրել վարձակալների վերաբերյալ տեղեկությունը՝ անձնական տվյալների պաշտպանության պատրվակով։ Ըստ Կոմիտեի նախագահի՝ վարձակալված տարածքի մակերեսի, վարձակալի անվան, վարձակալության վճարի և նախատեսվող գործունեության ծրագիրն անձնական տվյալ է, և դա տրամադրելու համար անհրաժեշտ է ստանալ վարձակալների թույլտվությունը։ «Հետքը» նախկինում առանց խոչընդոտի վարձակալների վերաբերյալ տեղեկատվություն է ստացել Անտառային կոմիտեից: Թե ինչու է այժմ Անտառային կոմիտեի նախագահը խուսափում վարձակալների տվյալները հայտնելուց, հետագայում առանձին կանդրադառնանք։ 2100 քմ մակերեսով հողամասը վարձակալության տրամադրելու մրցույթը տեղի է ունեցել 2023 թ.-ի մայիսին։ Անտառային կոմիտեի կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ տարածքը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության» «Արզնիի» անտառապետության տարածքում։ Հողամասը վարձակալության է տրվել տարեկան 233 հազար դրամ վճարի դիմաց, 15 տարի ժամկետով։ Վարձակալության նպատակը՝ «հանգստի և զբոսաշրջության կազմակերպում»։ Անտառային հողը վարձակալած «Մեր քայլը հոլդինգ» ՍՊԸ-ն հիմնադրել է ոստիկանության գնդապետ Աշոտ Նալբանդյանը 2019 թ.-ին, ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը նրան են պատկանում։ Աշոտ Նալբանդյանը 2016 թ․-ին մասնակցել է Արգել համայնքի ղեկավարի ընտրություններին, սակայն ձայների էական տարբերությամբ պարտվել է ՀՀԿ-ական Մաթևոս Ավագյանին։ Աշոտ Նալբանդյանը Նարեկ Նալբանդյանի եղբայրն է, որը հայտնի դարձավ 2018 թ.-ից հետո տեղի ունեցած մի քանի բիզնես գործարքներով։ Նախորդ տարի նա ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ քրեական գործի առարկա Մոնումենտի առանձնատունը, իսկ դրանից առաջ Նալբանդյանի հիմնադրած ընկերությունը գնեց Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը, որը պետությանը նվիրել էր Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը՝ փողերի լվացման մեղադրանքով իր դեմ հարուցված քրեական գործը կարճելուց հետո։ Աշոտ Նալբանդյանի վարձակալած հողամասի անմիջական հարևանությամբ գտնվող անտառային հողը նույնպես վարձակալության է տրվել։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության» «Արզնիի» անտառապետության տարածքից 1000 քմ հողամասը 2023 թ.-ի մարտ ամսին վարձակալել է Արգել գյուղի բնակիչ Գոռ Գևորգյանը։ Վերջինս նույնպես Արգել համայնքում մասնակցել է ընտրությունների, սակայն, չստանալով բավարար ձայներ՝ չի  ընդգրկվել համայնքի ավագանու կազմում։ «Հայանտառը» հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով այս հողատարածքը վարձակալության է տվել 10 տարի ժամկետով։ Աճուրդում վարձակալության տարեկան վճարի չափը սահմանվել է 111 հազար դրամ։ Վարձակալ Գոռ Գևորգյանը ցանկապատել է տարածքը, մի քանի փայտաշեն տաղավարներ է տեղադրել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:55 - 09 օգոստոսի, 2023