Հայաստան

Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն
 |azatutyun.am|

Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր՝ Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը վերացնելու համար, այսօր Բաքվում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵՄ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Այս պահանջներից բացի Բայրամովը կոչ է արել նաև քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի և Թուքրիայի դրոշների այրումը որպես հանցագործություն ճանաչելու համար։ «Հայաստանում ռևանշիստական տրամադրությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս», - ասել է նա, հավելելով․ - «Կցանկանայի նշել վերջերս Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման հետ կապված միջադեպերը: Ցավոք, նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ երեկ նաև Ֆրանսիայում: Մենք ակնկալում ենք, որ այս երկրների համապատասխան մարմինները վճռական գործողություններ կձեռնարկեն՝ ապահովելու, որ մեկ այլ երկրի ատրիբուտների այրումը ճանաչվի որպես հանցագործություն»:Եվրամիության արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, թե Ադրբեջանը տարածաշրջանում ԵՄ-ի կարևոր գործընկեր է։ «Մենք ակնկալիքներ ունենք մեր հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ»,- ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն Կայա Կալլասը՝ նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
15:13 - 25 ապրիլի, 2025
ԱՄՆ-ն պետք է կոչ անի հայ պատшնդների ազատ արձակում, ադրբեջանական զորքերի դուրս բերում ՀՀ տարածքից. սենատոր Շիֆ |tert.am|

ԱՄՆ-ն պետք է կոչ անի հայ պատшնդների ազատ արձակում, ադրբեջանական զորքերի դուրս բերում ՀՀ տարածքից. սենատոր Շիֆ |tert.am|

tert.am: Պետք է ընդդիմանանք Ադրբեջանի շարունակական ագրեսիային և պնդենք, որ հայ ռազմագերիներն ազատ արձակվեն. այս մասին X-ում գրել է ԱՄՆ Սենատի անդամ Ադամ Շիֆը: «Գլենդեյլի հայ համայնքի կողքին կանգնած՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք պետք է ընդդիմանանք Ադրբեջանի շարունակական ագրեսիային և պնդենք, որ ազատ արձակվեն հայ ռազմագերիները։ Եվ մենք պետք է արդարություն պահանջենք», - գրել է քաղաքական գործիչն ու կից լուսանկար հրապարակել Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունից։ Ինչպես նշում է Asbarez-ը, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ սենատորը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է կոչ անի Ադրբեջանին ազատ արձակել հայ պատանդներին, առաջ մղի հայերի պաշտպանված վերադարձն Արցախ և ուշադրություն հրավիրի Ադրբեջանի կողմից հայկական կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման և պղծման վրա, որի նպատակն է հայկական մշակույթն ու պատմությունը ջնջելը։ «Միացյալ Նահանգները նաև պետք է կոչ անի անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից, ազատ արձակել ռազմագերիներին, աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը, միջազգային մոնիտորինգը պահպանի Հայաստանի սահմաններին և ապահովի Հայաստանին անվտանգության աջակցություն», - նշված է նրա հայտարարությունում:
10:31 - 25 ապրիլի, 2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Թբիլիսիում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Թբիլիսիում

Ապրիլի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպանության և ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդարանի կազմակերպմամբ, Թբիլիսիի Շերատոն հյուրանոցի դահլիճում կայացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ներկա էին Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական անձնակազմի անդամներ, Վրաստանի խորհրդարանի անդամներ, հասարակական և գիտամշակութային շրջանակների, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը խոսեց պատմական հիշողության հավերժության, այն որպես իրականություն ճանաչելու և ընդունելու կարողության ու կարևորության մասին։ Դեսպանը շեշտեց, որ ներկայիս ոճրագործությունները թարմ են պահում մեր հիշողությունները և միգուցե, եթե 110 տարի առաջ կատարվածին արժանի գնահատական տրվեր,, մարդկությունը կխուսափեր հաջորդող տարիներին իրականացված և մեր օրերում իրականացվող հանցագործություններից: Հուշ-երեկոյին բանախոսեցին Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր Գիորգի Մաիսուրաձեն և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետազոտող Ռեգինա Գալստյանը։ Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան սոպրանո Ռուզան Մանթաշյանը (Գերմանիա) և դաշնակահար Մամիկոն Նահապետովը (Վրաստան, Գերմանիա): Ավարտին ՀԱԵ Վրաստանի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ․Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը խոսեց Հայոց ցեղասպանության այլևս սրբադասված նահատակների բարեխոսության խորհրդի ու հայ ժողովրդի միասնական ոգին պահպանելու անհրաժեշտության մասին։ Երեկոյի ընթացքում սրահում կազմակերպվել էր նաև Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի մոտիվներով վրացի նկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլու «Հայ ժողովրդի գողգոթան» գծանկարների շարքի ցուցադրությունը։
09:36 - 25 ապրիլի, 2025
Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրություն է փոխանցել |168.am|

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրություն է փոխանցել |168.am|

168.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից 168.am-ին ընտանիքի միջոցով հեռախոսային ձայնագրություն է փոխանցել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ բարեկամներ, ժողովո՛ւրդ: Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ ու ասել՝ մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է մեզ հետ: Նոր այստեղի լրատվամիջոցներով տեղեկություն է դուրս եկել 1992թ. Իվանյանի դեպքերի մասին իմ ասածի լրիվ հակառակի մասին: Նրանք մեկնաբանել են մի ձև, ես ասել եմ լրիվ հակառակ բան: Ես ասել եմ, որ այդ դեպքերի պատասխանատուն հենց այս՝ ադրբեջանական կողմն է, և դա եղել է ներիշխանական պայքարի արդյունք: Բացի դրանից, ես երբեք չեմ ասել, որ գոյություն ունի Իվանյանի ազատագրման համար պարգև: Դա նույնպես սխալ է ձևակերպված: Վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ: Ընդհանուր առմամբ նորմալ ենք: Շատ լավ են վերաբերվում, հատկապես՝ մեկուսարանում: Որևէ խնդիր չունենք: Մի անգամ նույնիսկ վատ խոսք չեն ասել, սուր հայացք չեն նետել մեր ուղղությամբ: Ամեն ինչ նորմալ է նաև դատարանում: Ավելին, եթե նոմալ չլիներ, այսպիսի քննարկումներ չէինք անի: Շատ թեժ է երբեմն անցնում, բայց միշտ քաղաքակրթության սահմաններում:  Մնացածը ամեն ինչ նորմալ է: Իհարկե, շատ ենք կարոտում մեր ընտանիքներին: Իհարկե, շատ ենք մտահոգված մեր հայ ազգի ճակատագրի մասին, գիշեր-ցերեկ մտածում ենք, բայց ամեն ինչ նորմալ պիտի լինի: Վաղը Հայոց մեծ եղեռնի 110-րդ տարելիցն է: Հոգով-մտքով ձեզ հետ ենք: Հոգով-մտքով ես լինելու եմ նաև Ծիծեռնակաբերդում: Լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք»,– ասել է Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցներով նախօրեի դատական նիստից Դավիթ Բաբայանի հարցաքննության վերաբերյալ կեղծ տեղեկություններ էին տարածվել: Խոսքը վերաբերում է Դավիթ Բաբայանի ցուցմունքներին, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ: Մեջբերենք ադրբեջանական լրատվամիջոցների կեղծիքը՝ Դավիթ Բաբայանի ցուցմունքների վերաբերյալ: ««Պետական ​​մեղադրող Ֆուադ Մուսաևի հարցերին ի պատասխան՝ ամբաստանյալ Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ ինքը չի մասնակցել այս իրադարձություններին։ Նրա խոսքով, նրանք, ովքեր ձգտել են խնդիրը լուծել ուժով, հասել են իրենց նպատակին. «Այս գործողության մեջ ներգրավված են եղել տարբեր խմբեր»,- հավելել է նա։ Ամբաստանյալը հայտնեց նաև, որ Արցախի իշխանությունները նույնիսկ «Խոջալուի ազատագրման համար» մեդալ են սահմանել։ «Եթե, ինչպես պնդում է Հայաստանը, Խոջալուի ցեղասպանության ժամանակ (Իվանյան.- խմբ.) մարդասիրական միջանցք է եղել խաղաղ բնակիչների ելքի համար, ապա ինչո՞ւ նրանց թույլ չեն տվել հեռանալ, ինչո՞ւ, ինչպես դատավարության ժամանակ արդեն նշել է Արկադի Ղուկասյանը, հարյուրավոր ադրբեջանցիներ չեն կարողացել հեռանալ այնտեղից, ինչո՞ւ են նրանք հասցվել Խանքենդի (Ստեփանակերտ.- խմբ.), Դավիթ Բաբայանը չի կարողացել պատասխանել: Փոխարենը նա հայտարարեց՝ ինչպե՞ս կարելի է արդարացնել այն, ինչ կատարվել է երեխաների և խաղաղ բնակիչների հետ: Դա բարբարոսություն է»»: Ձայնային հաղորդագրությունը՝ սկզբնաղբյուր կայքում։  
15:38 - 23 ապրիլի, 2025
«Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները». Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական
 |regionmonitor.com|

«Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները». Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական |regionmonitor.com|

regionmonitor.com:  Region Monitor -ը հարցազրույց իրականացրել իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի աշխատակազմի խորհրդական Սաադոլլահ Զարեիի հետ։ Խորհրդականի հետ զրույցում անդրադարձ է կատարվել ինչպես Հայաստան-Իրան հարաբերություններին, այնպես  տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին վերաբերող հարցերի:Պարոն Զարեի, ինչպե՞ս կգնահատեք Իրան-Հայաստան հարաբերությունները ներկա փուլում։ Արդյո՞ք կա հեռանկար հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու և այն փաստաթղթով ամրագրելու հարցում։-Մեր տարածաշրջանի շատ ժողովուրդներ ունեն մի ասացվածք՝ պարսկերենում ասում ենք՝ անցյալն ապագայի լույսն է։ Այսինքն՝ նայիր անցյալին, որպեսզի տեսնես ապագան։ Այն տարիներից սկսած, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, մեր հարաբերությունները Հայաստանի հետ կայուն են եղել։ Այդ հարաբերությունները երբեք չեն ընդհատվել։ Միշտ շեշտադրվել է այդ հարաբերությունների կարևորությունը՝ ինչպես Թեհրանի, այնպես էլ Երևանի կողմից, և մշտապես խոսվել է դրանց զարգացման մասին։ Թեև Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացումն Իսլամական հանրապետության համար առանց գնի չի եղել՝ հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության և Ադրբեջանի շիա ժողովրդի զգայուն վերաբերմունքը։ Այսինքն՝ մենք դրա համար գին ենք վճարել։ Հայաստանի հետ մեր հարաբերություններն Ադրբեջանում բացասական արձագանք են առաջացրել Իրանի նկատմամբ, բայց մենք այդ հարաբերությունները պահել ենք և շարունակել։ Հետևաբար, կարելի է ասել, որ այդ հարաբերությունների զարգացման հորիզոնը բաց է։ Սակայն կան ընդդիմացողներ՝ այդ թվում նաև արևմտյան երկրները, որոնք ի սկզբանե չեն ցանկանում, որ Իրանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ զարգանան։ Այսօր մենք գիտենք, որ նրանք ճնշում են գործադրում Հայաստանի վրա, և մենք հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը կկարողանա դիմակայել այդ ճնշումներին, քանի որ այդ ճնշումները հակասում են նաև Հայաստանի ազգային շահերին։ Այս տարածաշրջանում որքան ավելի լայն լինեն Հայաստանի կապերը, այնքան ավելի հնարավորություն կլինի զարգանալու: Միաժամանակ կնվազի նաև խոցելիությունը, սակայն արևմտյան երկրները, տարածաշրջանում հակասություններ ստեղծելով, փորձում են խոչընդոտել երկրների հարաբերությունների զարգացմանը՝ հատկապես Իրանի հարաբերություններին տարածաշրջանի երկրների հետ։Ինչպես գիտեք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ է, սակայն Ադրբեջանը հրաժարվում է ատորագրել այդ փաստաթուղթը։ Կան փորձագիտական տեսակետներ, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան համագործակցությամբ ռազմական գործողություններ կարող են սկսվել։ Եվ կարծիք կա, որ Ադրբեջանը այդ ամենով պայմանավորված է խուսափում ստորագրել համաձայնագիրը, քանի որ Իրանի դեմ հնարավոր պատերազմի ընթացքում ՀՀ-ից տարածքներ կարող է օկուպացնել և որպես օրինակ դա կարող է լինել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Ի՞նչպես եք գնահատում նման սցենարի հավանականությանը։-Վերջին 10 տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել մի ծիծաղելի գաղափարի՝ ոմանք ասում էին, թե հնարավոր է առանց Իրանի Կովկասում հարաբերություններ ձևավորել, այսինքն՝ Իրանի մասնակցությունը բացառելով։ Բայց իրականում, այս տարիների ընթացքում ոչ մի կողմ չի կարողացել առանց Իրանի ճշգրիտ հարաբերություններ ստեղծել։ Իրանը միջամտություն չի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմին։ Մենք պատերազմի կողմ չենք եղել՝ ի տարբերություն որոշ տարածաշրջանային երկրների, սակայն Իրանի դիրքորոշումը չեն կարողացել անտեսել։ Այսինքն՝ մենք անհանգստություն չունենք մեր դիրքի պահպանման հարցում։ Թեև արտաքին միջամտությունները կարող են խնդիրներ ստեղծել, բայց էականորեն չեն կարող փոխել իրավիճակը, որովհետև մենք այս տարածաշրջանի հանդեպ զգայուն ենք։ Սա մի տարածաշրջան է, որը մի ժամանակ մաս է կազմել Իրանի հնագույն աշխարհագրության։ Այս տարածաշրջանի մշակույթը կապված է մեր մշակույթի հետ, անվտանգությունը՝ մեր անվտանգության հետ, տնտեսությունը՝ մեր տնտեսության հետ, տարանցիկ ճանապարհները՝ մեր շահերի հետ։ Այս տարածքը միաժամանակ կապող օղակ է Իրանի և Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի և Եվրոպայի միջև։ Ուստի այս հարաբերությունները պետք է պահպանվեն, և մենք հավատում ենք, որ դրանք պահպանվելու են։ Ադրբեջանն էլ, իմ կարծիքով, գիտակցում է, որ ոչ Ամերիկան, ոչ Իսրայելը նրա հարևանը չեն։ Նրա միակ մեծ հարևանը Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Սա մի բան չէ, որ հնարավոր է փոխել։ Սա իրականություն է։ Հետևաբար, մենք շատ լուրջ չենք ընդունում այն խոսակցությունները, թե իբր Իսրայելը կամ ԱՄՆ-ն նման բան են ուզում անել այստեղ։ Վերջում, տարածաշրջանի ճակատագիրը որոշվում է հենց տարածաշրջանային գործընթացներով, ոչ թե այն քաղաքականություններով, որոնք Ատլանտյան օվկիանոսի այն կողմում են որոշվում։ Դրա օրինակն է «դարի գործարքի» ձախողումը կամ Աբրահամյան համաձայնագրերի անկարողությունը՝ փոխելու տարածաշրջանի իրողությունները։ Իրականությունը փոխում է դիմադրությունը, ոչ թե թղթի վրա գրված ծրագրերը։ Այս տարածաշրջանը ոչ ԱՄՆ-ինն է, ոչ էլ Իսրայելինը։ Սա համատեղ աշխարհագրություն է մեր՝ տարածաշրջանի ժողովուրդների համար, և հենց մեր մերձավոր հարաբերությունների հիման վրա կարող է այստեղ ձևավորվել անվտանգության, քաղաքական և տնտեսական համակարգ։Ինչպե՞ս է Իրանը վերաբերվում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, արդյո՞ք Իրանը կիսում է նախաձեռնության այն հեռանկարները, որոնք Հայաստանն է տեսնում և առաջարկում տարածաշրջանի պետությունների համար։ -Իսլամական հանրապետության առաջնորդ Այաթոլա Խամենեին իր Նոր տարվա ելույթում, տնտեսական խնդիրների վերաբերյալ խոսելիս, օրինակ բերեց «Հյուսիս-Հարավ միջանցքը»: Սա ցույց է տալիս, որ Իրանի տնտեսական մտածողության ուղղվածությունը տարածաշրջանի վրա հիմնված է այս երկրների միջև ընդհանուր միջանցքի գաղափարի վրա։ Պարոն Փաշինյանի առաջարկն այս համատեքստում կարելի է գնահատել, և մեր կարծիքով՝ սա կարող է լուծել այն բազմաթիվ կարիքներն ու լարվածությունները, որոնք առաջանում են երկու երկրների միջև։ Այսինքն՝ Ադրբեջանի բոլոր պահանջները, Հայաստանի բոլոր պահանջները, Վրաստանի, մեր, Ռուսաստանի, նույնիսկ Թուրքիայի և Եվրոպայի պահանջները կարող են լուծվել այս լայնածավալ միջանցքի շրջանակում՝ առանց լարվածություն առաջացնելու։ Իմ կարծիքով՝ պարոն Փաշինյանի առաջարկը լիովին արժանի է ուսումնասիրության։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
18:26 - 22 ապրիլի, 2025
Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում. Բոճորիշվիլի
 |1lurer.am|

Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում. Բոճորիշվիլի |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը հերթական անգամ ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը: Նրա խոսքով՝ Թբիլիսին պատրաստ է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում: «Ուրախ եմ, որ նախորդ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների առաջին եռակողմ հանդիպումը: Հուսով եմ, որ այս ձևաչափով մենք կկարողանանք համագործակցել՝ հանուն տարածաշրջանի բարգավաճման»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը:  Հանդիպմանը անդրադարձ է եղել Վրաստանում և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հարցերին:
17:58 - 22 ապրիլի, 2025
Մոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումներով. Գրուշկո
 |azatutyun.am|

Մոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումներով. Գրուշկո |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումներով, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ պնդելով, որ Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքն այդ երկիրը «ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ»։ Գրուշկոն նշել է, որ ԵԱՏՄ-ի անդամակցության շնորհիվ «դինամիկ զարգանում է Հայաստանը, և տնտեսական աճ է նկատվում Երևանի համար բոլոր կարևոր ոլորտներում»։ «Եվ սա հսկայական ակտիվ է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից և այլ բնական դաշնակիցներից», - նախազգուշացրել է ՌԴ փոխարտգործնախարարը: Ավելի վաղ՝ մարտի վերջին, Հայաստանի խորհրդարանն ընդունել էր ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։
16:39 - 22 ապրիլի, 2025
«Հնարավոր է՝ կրակոցներն արձակվել են ադրբեջանական դիրքերից». ԵՄ դիտորդական առաքելություն

«Հնարավոր է՝ կրակոցներն արձակվել են ադրբեջանական դիրքերից». ԵՄ դիտորդական առաքելություն

Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը: «Հնարավոր է՝ դրանք արձակվել են այդ տարածքում ադրբեջանական դիրքերից»,- նշվում է առաքելության X-ի հրապարակման մեջ: Նշվում է, որ Զատկի տոներին առաքելությունը 27 օր ու գիշեր պարեկություն է իրականացրել իր գործունեության տարածքում, այդ թվում՝ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չեն եղել: Գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
12:49 - 22 ապրիլի, 2025
Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում, մեղադրանքները սին են. ՍԴ նախագահ
 |azatutyun.am|

Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում, մեղադրանքները սին են. ՍԴ նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական դատարանի նախագահը հայտարարում է՝ Հայաստանի Մայր օրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ: Արման Դիլանյանը  տարածքային պահանջների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքները որակեց սին՝ հատուկ ընդգծելով, թե այն մինչև հանրաքվեի դնելը փորձաքննությունների է ենթարկվել այդ թվում միջազգային կառույցներում: «Մեր Սահմանադրությունը, որը տարբեր միջազգային փորձաքննությունների մեջով է անցել, մինչև հանրաքվեի կդրվեր և կընդունվեր հանրաքվեի միջոցով, կամ առհասարակ որպես փաստաթուղթ կձևավորվեր, ինքը տարբեր միջազգային իրավական փորձաքննությունների է ենթարկվել, այդ թվում նաև՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Եվ ես վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովը եթե նկատեր, այդ թվում նաև՝ Վենետիկի հանձնաժողովը, մյուս այլ փորձագետների մասին չխոսեմ, իսկ տարբեր փորձագետներ ևս աշխատել են մեր Սահմանադրության տեքստի վրա ժամանակին, ես չեմ կարծում՝ նրանք նկատեին էդպիսի պահանջ՝ որևէ երկրի տարածքային ամբողջական[ության դեմ], դա չբարձրաձայնեին», - ասաց Դիլանյանը: Սահմանադրական դատարանի նախագահը շեշտեց՝ միջազգային իրավունքն է պարտադրում պետություններին հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը. - «Չի կարող պետությունը վերցնել և որոշել, որ ինքն ունենալու է այնպիսի իրավական փաստաթուղթ, որում ուղիղ ոտնձգություն է իրականացնելու, իսկ դա հավասար է ուղիղ ոտնձգության, նույնիսկ եթե էդպիսի պահանջ դու ձևակերպում ես, այլ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ, դա միջազգային իրավակարգին հակասող կարգավորում կլինի: Եվ ես համոզված եմ, որ մեր Սահմանադրությունն էլ չունի այդպիսին»: Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պահանջում է, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը և նախաբանից հեռացվի հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հիշատակում կա: Ամիսներ առաջ, երբ Սահմանադրական դատարանը որոշում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը, վճռել էր՝ Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն Սահմանադրության նորմի ուժ, որոնք տեղափոխվել են հռչակագրից Սահմանադրություն: Այսօր Բարձր դատարանի նախագահն ընդգծեց՝ Սահմանադրության նախաբանը հռչակագրի մաս չէ. - «Նախաբանում կատարած հղումը ինքն ամբողջ ծավալով հռչակագրին կատարած հղում չէ, նախաբանից դեպի հռչակագիր գնացող հղումը ինքը էնպիսի հղում չէր, որ մենք ասեինք՝ հռչակագիրը ամբողջությամբ տեղափոխվեց և դարձավ Սահմանադրության մաս»: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
16:49 - 21 ապրիլի, 2025
Հռոմի պապը այսօր խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին |azatutyun.am|

Հռոմի պապը այսօր խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի պապը այսօր Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին։ «Տոնական այս օրը եկեք հիշենք Հարավային Կովկասն ու աղոթենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը շուտով ստորագրվի ու իրագործվի՝ ճանապարհ հարթելով տարածաշրջանում երկար սպասված հաշտության համար»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը։ Սուրբ Պետրոսի հրապարակից հղած ուղերձում Ֆրանցիսկոս պապը նաև իր զորակցությունն է հայտնել Իսրայելին, միաժամանակ ընդգծել Գազայի ժողովրդի տառապանքները՝ կոչ անելով հակամարտող կողմերին հրադադար հաստատել և ազատ արձակել գերիներին։ Հիշատակելով մոլորակի այլ հատվածներում շարունակվող հակամարտությունները՝ Հռոմի պապը դիմել է քաղաքական առաջնոդներին՝ կարիքավորներին օգնելու, խաղաղություն տարածելու խնդրանքով։
10:06 - 21 ապրիլի, 2025
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը: «Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։   ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ կարևորելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելու հանգամանքը։ Նախարար Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ ՀՀ կողմից հնչեցված մոտեցմանը, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ ՀՀ կողմից առաջ քաշված կառուցողական առաջարկները: Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի՝ որպես յուրահատուկ խաչմերուկի՝ մեծ ներուժն ու տարանցիկ հնարավորություններից օգտվելու ժամանակի հրամայականը. «հենց այս ընկալումն է դրված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում»,- հավելել է նախարար Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը և Ֆերիդուն Սինիրլիօղլուն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում:
09:50 - 21 ապրիլի, 2025
«Հայաստանն ու Ադրբեջանը ոչ թե հաշտվում են, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից»․ Սիրանուշ Սահակյան

«Հայաստանն ու Ադրբեջանը ոչ թե հաշտվում են, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից»․ Սիրանուշ Սահակյան

2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվեց ուղիղ երկխոսություն` խաղաղության հաստատման օրակարգով։ 4 տարի անց՝ 2024 թ․-ի տարեվերջին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրական խաղաղության հնարավորության պարագայում Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից եւ հայցերից։ Խաղաղության բանակցությունների իրավական հարցերի շուրջ «Ինֆոքոմը» զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, «Միջազգային եւ համեմատական կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ։ - Տիկի՛ն Սահակյան, նախ կխնդրեմ հակիրճ նկարագրեք, թե միջազգային ատյաններում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ պահանջներ ունեն իրար դեմ։ - Միջազգայնորեն գոյություն ունեն մի քանի հարթակներ, որտեղ պետությունները կարող են միջպետական բնույթի իրավական հարցեր բարձրաձայնել եւ հասնել դրանց դատական լուծման․․․ 2020 թ․ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի  Միջազգային արդարադատության դատարանում նախաձեռնեց վեճ ընդդեմ Ադրբեջանի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման» կոնվենցիոնալ հիմքով, եւ բարձրաձայնվեցին լուրջ խնդիրներ` կապված խտրական քաղաքականության տարաբնույթ դրսեւորումների հետ, որոնք պետական մակարդակով էին իրականացվում։ Հետաքրքրական է, որ հայցի ներկայացումից կարճ ժամանակ անց հայելային հայց ներկայացրեց Ադրբեջանը, եւ արդյունքում Միջազգային արդարադատության դատարանում մենք ունենք 1-ական գործեր։  Հայաստանը Ադրբեջանի դեմ միջպետական հայցեր նախաձեռնեց նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Նախկինում այս ատյանը ակտիվորեն օգտագործում էին հայ տուժողները․ պետությունը ձեռնպահ էր մնում միջպետական գործընթացներից` ռիսկի տակ չդնելով այն քաղաքական գործընթացները, որոնք ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո այս մտահոգությունները կարծես թե կրկին փարատվեցին։ Հայաստանի հայցին կրկին հայելային մոտեցմամբ հաջորդեց Ադրբեջանի հայցը, եւ հայցերի թվաքանակը ՄԻԵԴ-ում մեծացավ․ Հայաստանը 4 միջպետական գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանը 2 միջպետական գանգատ` ընդդեմ Հայաստանի։ Եվ հետաքրքրական է, որ ՄԻԵԴ-ում ներկայացրել ենք նաեւ 1 միջպետական գանգատ ընդդեմ Թուրքիայի, որը բովանդակային առումով որոշակի կապվածություն ունի Ադրբեջանի դեմ ներկայացված 1-ին հայցի հետ՝ նկատի ունենալով, որ Թուրքիան, ըստ էության, 44-օրյա պատերազմի մասնակից է եղել։  Երրորդ հարթակը, որը գործարկել է բացառապես Ադրբեջանի Հանրապետությունը, Արբիտրաժի մշտական դատարանն է։ Հենվելով Էներգետիկ խարտիայի պայմանագրի եւ Բեռնի կոնվենցիայի վրա՝ Ադրբեջանը միջպետական 2 արբիտրաժային գործընթացներ է նախաձեռնել ընդդեմ Հայաստանի։ Հայաստանը այս հարթակում խիստ պասիվ է, որեւէ հակադարձող գործընթաց նախաձեռնված չէ։ - Ձեր թվարկած հայցերից հրաժարվելը ընդհանուր առմամբ իրավակա՞ն կամ միայն իրավակա՞ն գործընթաց է, թե նախեւառաջ քաղաքական հայտարարություն, քաղաքական գործընթաց է։ - Ես հրաժարումը կապում եմ առավելապես քաղաքական գործընթացների հետ։ Դրա վառ վկայությունն է այն, որ հրաժարման վերաբերյալ դրույթը իր արտացոլումն է ստանում խաղաղությանն առնչվող պայմանագրում, որի միջոցով փորձ է արվում լուծում տալ հայ-ադրբեջանական քաղաքական օրակարգում առկա խնդիրներին, եւ այդ պայմանագրի ստորագրումն է, որ պետք է ավարտ ազդարարի այն իրավական գործընթացներին, որոնք պետք է ապահովեին հարցերի արդարացի լուծումներ եւ նպաստեին նաեւ հայ տուժողների իրավունքների վերականգնմանը։  Մենք ունենք մտահոգություններ, որ այդ պայմանները թելադրված են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչպես թելադրվում են պայմանագրի այլ դրույթներ։ Բացի այդ, եթե կողմերը ցանկանում են բարեկամական մոտեցումներով լուծել խնդիրը, վերացնել խախտումները, ապա, որպես կանոն, դիմում են հաշտության համաձայնությունների գործընթացին, ինչը իրավական է եւ ապահովում է արդարացիության պայմանները։  Հաշտության համաձայնությունները չեն կարող միակողմանի լինել, դրանք չեն կարող ակնհայտորեն հակասել արդարադատության շահերին, դրանք վավերացվում են դատարանների կողմից, ուստի այդ արդարության սկզբունքը ապահովվում է անգամ բարեկամական կարգավորումների պարագայում։ Իսկ այս դեպքում մենք տեսնում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ոչ թե հաշտվում են եւ ցանկանում են հարցը դատարանում լուծել բարեկամական կարգավորմամբ` չխախտելով իրավունքի, արդարության սկզբունքները, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից եւ հարցերի հանգուցալուծումը թողնում են բացառապես քաղաքական հարթակներին, որտեղ գործում են վայրի կանոններ, որտեղ մարդու իրավունքների կոմպոնենտը անտեսվում է, եւ որտեղ երաշխիքներ չեն տրամադրվում տուժած անձանց իրավունքների վերականգնման առնչությամբ։  - Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված է, որ դատարանը ցանկացած փուլում կարող է դադարեցնել գործի քննությունը համապատասխան հիմքերի առկայության պայմաններում, եւ դրանցից մեկն էլ էլ Ձեր նշած կողմերի հաշտությունն է։ Միեւնույն ժամանակ սահմանված է, որ եթե դատարանը հանգի այն հետեւության, որ այդ խախտումները, միեւնույն է, պիտի դատական ակտի տեսքով արձանագրվեն, կարող է անգամ կողմերի համաձայնության պարագայում հրաժարվել դադարեցնել գործի քննությունը։ Ստացվում է, որ եթե չկա հաշտություն, գործընթացը անգամ այս կարգավորմա՞նը չի համապատասխանում։ - Եվրոպական դատարանում մի քանի գործընթացներ կան․ առաջինը հաշտության համաձայնության կնքումն է, որը հաստատվում է դատարանի որոշմամբ, եւ այդ որոշումը ազդարարում է գործի ավարտը, հետագա որեւէ այլ քննություն եւ դատական ակտ չի ակնկալվում։ Կան նաեւ դեպքեր, երբ պետությունները միակողմանի հայտարարություններ են անում, փոխհատուցումներ են տրամադրում տուժողներին, եւ այս միակողմանի հայտարարությունները, որոնք կարող են չընդունվել դիմատուների կողմից, եւս հաստատվում են դատարանի միջոցով` ազդարարելով գործի ավարտը։ Եվ կա 3-րդ ընթացակարգը, երբ դիմողները դատարանին հայտնում են, որ հետամուտ չեն իրենց գործի հետագա քննությանը, այլեւս չունեն իրավական շահագրգռվածություն գործի ելքի առնչությամբ, եւ դատարանը, որպես կանոն, գործը հանում է քննության ենթակա գործերի ցուցակից։  Բայց Եվրոպական դատարանն ունի մի ստանդարտ․ հայցից հրաժարվելը կամ հետամուտ չլինելը կարող է չընդունել, եթե արդարադատության շահերը պահանջում են գործի հետագա քննություն։ Կան արձանագրված դեպքեր, երբ դիմումատուները ենթարկվել են կոպտագույն խախտումների` կյանքի իրավունքի, խոշտանգումների, եւ դատարանը գտել է, որ այդ գործերով պետք է ձեւավորվեն իրավական դիրքորոշումներ, որոնք նաեւ կկանխարգելեն համաեվրոպական համակարգում այդ խախտումների կրկնությունը։ Հիմա մենք չգիտենք, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս մոտեցումը որքանով կիրառելի կհամարի միջպետական գործերի նկատմամբ, քանի որ այդ դրույթները հիմնականում առնչվում են անհատական գանգատներին։ Չկա մեկ դեպք, երբ պետությունը հրաժարվել է միջպետական գանգատից։ Կան արձանագրված դեպքեր, երբ հայցվոր պետությունը հաշտություն է կնքել պատասխանող պետության հետ, բայց մենք չունենք դեպքեր, երբ միջպետական գանգատի հետամուտ չլինելու հայտարարություն է արել պետությունը կամ ուղղակիորեն հայտնել է հրաժարվելու մտադրության մասին։  - Իսկ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի Եվրոպական դատարանի մոտեցումը՝ հաշվի առնելով, որ այդ միջպետական գանգատներում շոշափվում են նաեւ տուժողների իրավունքները՝ անկախ անհատական գանգատներից։  - Այս գործընթացները, ըստ էության, ի շահ 3-րդ անձանց գործընթացներ են, այսինքն՝ պետությունը, միջպետական գանգատ ներկայացնելով, պաշտպանում է ոչ թե իր սուվերեն իրավունքները, այլ մարդու իրավունքները, ուստի մենք ունենք շահառու քաղաքացիներ, իրավաբանական անձինք եւ որպես կանոն, արդարադատության շահը պետք է ենթադրի տուժած անձանց դիրքորոշումների լսելիություն։ Մեր մոտեցումը այն է, որ տուժած անձինք պետք է դատարանին ներկայացնեն իրենց անհամաձայնությունը եւ պահանջեն շարունակել միջպետական գործերի քննությունը` արդարադատության շահերը պաշտպանելու նկատառումներով։ Բայց եթե դատարանը այս մոտեցումը չկիսի, ապա անհատները հրաժարումից հետո պետք է ներկայացնեն անհատական գանգատներ․․․ Շուրջ 5 տարի է անցել գանգատները ներկայացնելու պահից, եւ այս գործերը մոտենում են եզրափակիչ ակտերի կայացմանը։ Եթե հրաժարման պարագայում դիմատուները նոր գանգատներ ներկայացնեն, ապա դրանց քննության համար եւս կպահանջվի հավելյալ 5-7 տարի։ Ստացվում է այն արդարադատությունը, որը կարելի էր հասանելի դարձնել հայերին 5-7 տարվա ընթացքում, մատուցվելու է 10-15 տարի անց, ինչը հավասարեցվում է ուշացված արդարադատության, եւ այն չի կարող ունենալ այն ազդեցությունը, ինչը տեղի կունենար ժամանակային արդարադատության իրականացման դեպքում։  - Բացի այդ, պետությունը` ի դեմս միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, նաեւ քննչական, դատախազական մարմինների ահռելի աշխատանք է կատարել` ապացուցողական այդ բազան հավաքելու նպատակով։ Եթե նման բան տեղի ունենա, կստացվի, որ պետական այդ ռեսուրսը ծախսվել է ոչ մի բանի համար, այսինքն՝ չի ծառայի ի սկզբանե հռչակված նպատակին։  - Այո, նախ այստեղ կարծես թե պետական ռեսուրսների վատնման երեւույթին ենք բախվում, բազմաթիվ կառույցներ գործել են խախտումները փաստաթղթավորելու համար։ Ավելին, պետությունը վարձել է միջազգային փաստաբաններ, հսկայական միջոցներ ուղղել այս խնդիրների լուծմանը, եւ մինչեւ այս պահը գործընթացները հաջողությամբ վարվել են։ Մենք անգամ ունենք դրական միջանկյալ արդյունքներ եւ ունենք վերջնական դրական արդյունքի իրական հեռանկար։ Բայց պետությունը բաց է թողնում այդ հեռանկարը, ինչը կարող էր ապահովել իր եւ իր քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը։ Սա, իհարկե, թույլատրելի գործելակերպ չէ եւ չի տեղավորվում պետության կողմից իր քաղաքացիներին պաշտպանելու պարտականության տրամաբանության ներքո։ Բայց հասկանալի է, որ քաղաքական որոշման պարագայում մենք ակնկալում ենք նաեւ այս անցանկալի զարգացումը։ - Հայաստանը, վավերացնելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, նաեւ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման» կոնվենցիան, հանձն է առել պարտականություն՝ պաշտպանելու իր քաղաքացիների, իր իրավազորության ներքո գտնվող անձանց իրավունքները, որոնք սահմանված են հենց նույն կոնվենցիաներով։ Ստացվում է, որ հրաժարվելու դեպքում Հայաստանը խախտելու է իր իսկ ստանձնած պարտականություննե՞րը։ -  Հաշվի առնելով, որ իրավունքի խախտումները թույլ է տվել Ադրբեջանը՝ առաջնային պատասխանատուն հանդիսանում է հենց Ադրբեջանը, եւ Հայաստանի պատասխանատվության խնդիր թերեւս չէր առաջանա, եթե Հայաստանը չազդարարեր, որ ստանձնել է իր քաղաքացիների պաշտպանությունը։ Այդ պարագայում անհատների վրա կմնար սեփական խախտված իրավունքների պաշտպանության հարցը։ Մինչդեռ պետությունը դարձել է փոխարինող գործիք եւ վերցրել է այս պատասխանատվությունը։ Այդ պահից, երբ պատասխանատվությունը չի իրացնում եւ հուսախաբության առջեւ է կանգնեցնում տուժողների խմբին, կարծում եմ` առաջ է գալիս նաեւ Հայաստանի Հանրապետության պատասխանատվության խնդիրը։ Բազմաթիվ խմբեր այս փուլում քննարկման առարկա են դարձնում այս հարցը, եւ ես չեմ բացառում, որ հետագայում, հրաժարման գործողությամբ պայմանավորված, միջազգային գործընթացներ կնախաձեռնվեն նաեւ Հայաստանի դեմ։  - Արցախի մարդու իրավունքների պաշտպանները՝ Արտակ Բեգլարյանը, Գեղամ Ստեփանյանը, արդեն իսկ հայտարարել են, որ մի խումբ արցախցիներ նման զարգացումների դեպքում պատրաստվում են անհատական գանգատներ ներկայացնել ինչպես Ադրբեջանի դեմ՝ իրենց բազմաթիվ իրավունքների խախտման առնչությամբ, այնպես էլ Հայաստանի դեմ՝ իրենց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը չապահովելու առնչությամբ։ Այս գործընթացները, ընդհանուր առմամբ, ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա։ - Առաջնային ազդեցությունը հոգեբանականն է։ Մենք ունենք Ադրբեջանի գործողություններից տուժած հարյուրհազարավոր մարդիկ, որոնք, ըստ էության, անպաշտպան եւ անօգնական են դարձել Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում։ Պետությունը ազդակ է տվել, որ իրենց իրավունքների պաշտպանությունը հանձն կառնի, բայց հետկանչը ճիշտ հակառակ հաղորդակցությունն է։ Այն երկարաժամկետ հետեւանքներ է թողնելու հանրային գիտակցության վրա, պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների վրա։ Երկրորդը, իհարկե, իրավական հետեւանքներն են։ Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետությունը խախտում է իր քաղաքացու իրավունքները, եւ մենք ունենում ենք արդեն ոչ միայն Ադրբեջանի հետ վեճ, այլ դրան զուգահեռ՝ մեր պետության դեմ վեճ։ Քաղաքականապես ոչ կոռեկտ է, որ ադրբեջանական խախտումները կարող են համակցվել Հայաստանի կողմից նույն տուժողների հանդեպ մարդու իրավունքների այլ խախտումներով, եւ սա առհասարակ կթուլացնի Հայաստանի դիվանագիտական հնարավորությունները` բարձրաձայնելու մարդու իրավունքների խնդիրները Ադրբեջանի խախտումներից, քանի որ կունենանք համանման վարքագիծ։ Այսինքն` Հայաստանը եւ Ադրբեջանը հայերի իրավունքների խախտումների մասով կդրվեն հավասար իրավիճակում, երկուսն էլ կընկալվեն որպես հայերի իրավունքների դեմ ոտնձգող կամ այդ շահերը անտեսող պետություններ։  - Դե, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ հայտարարել է, որ քննարկվում է ոչ միայն հայցերից հետ կանչումը, այլեւ առհասարակ նույն դեպքերի առնչությամբ հետագայում նոր հայցեր ներկայացնելու հարցը։ Այստեղ մեկ այլ հարց է ծագում․ եթե տեսականորեն տեղի ունենան նոր դեպքեր, նոր դեպքերի առնչությամբ եւ քաղաքական կամք ունենալու պարագայում հնարավորություն կլինի՞ դիմելու Եվրոպական դատարան, թե՞ հրաժարումը բացառում է նաեւ այդ հնարավորությունը։  - Սա մեկնաբանության տեղիք թողնող հարց է, եւ կարծում եմ` ի վնաս մեզ մեկնաբանություններ են տրվելու։ Ենթադրում է, որ պետությունը պետք է հրաժարվի արդեն իսկ առաջացած հարաբերությունների առնչությամբ ծագող վեճերից, բայց նոր միջադեպերը այս դրույթի շրջանակներում տեղավորելի չեն։ Իհարկե, կախված է, թե դրույթը ինչ հստակությամբ է ձեւակերպված լինելու․․․ Հրաժարումը կարող էր տրամաբանական լինել, եթե Հայաստանի Հանրապետությունը այլընտրանքային մեխանիզմ առաջարկեր նշված անձանց իրավունքների վերականգնման առնչությամբ։ Օրինակ՝ Հայաստանը եւ Ադրբեջանը որոշեին, որ ձեւավորելու են հանձնաժողով, որը քննարկելու է հայ եւ ադրբեջանցի տուժողների խախտումների խնդիրը եւ ապահովելու խախտված իրավունքների վերականգնումը։ Բայց նման մեխանիզմների գործարկման մասին խոսք անգամ չկա, եւ ստացվում է, որ 2 պետությունների համար միեւնույն է, թե իրենց գործելակերպը ինչ խախտումների է հանգեցրել։ Նրանք պատրաստ են միմյանց հետ հարաբերությունները բարելավելու նպատակով հրաժարվել մարդու իրավունքներին առնչվող հայցերից եւ չապահովել վերականգնման այլընտրանքային մեխանիզմներ։ Սա նաեւ զրկում է քաղաքացիներին արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ ունենալու հնարավորությունից, ինչը թե՛ Սահմանադրությամբ, եւ թե՛ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունք է։ - Դուք հրաժարման տրամաբանությունից խոսեցիք։ Ես դարձյալ մեջբերեմ վարչապետի հայտարարություններից մեկը։ Մի առիթով նա ասել էր՝ տրամաբանական չէ՞ արդյոք, որ եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ պիտի շարունակեն իրավական պատերազմները միմյանց դեմ։ Միգուցե այս հարցի՞ն էլ փորձենք պատասխանել։ Տրամաբանությունը ո՞րն է։ - Նախ կոնցեպտուալ անհամաձայնություն ունեմ, երբ իրավական վեճը անվանում են իրավական պատերազմ։ Հոգեբանական, տնտեսական, ռազմական պատերազմ վարելու փոխարեն պետությունները ունեն այնպիսի գիտակցում եւ խաղաղասիրական արմատացած մոտեցումներ, որ այդ խնդրի լուծումը պատվիրակում են անկախ ատյանի, ինչպիսի անուն էլ այն ունենա՝ դատավոր, արբիտր, պանել եւ այլն, եւ վերջիններս, հարգելով իրավունքը, իրավունքի սկզբունքները, արդարության սկզբունքները, մարդու իրավունքների կոնցեպտները, տալիս են այնպիսի լուծում, որը արդարացի է եւ իր հիմնավորվածությամբ պետք է իրացվի վեճի կողմերի կողմից։ Դա արդեն իսկ վկայում է, որ կա խաղաղություն, կան փոխհարաբերություններում համակեցության ընդունելի կանոններ, եւ տարաձայնությունները լուծվում են ոչ թե ագրեսիվ, վայրի մեթոդներով, սպառնալիքներով, ճնշումներով, այլ քաղաքակիրթ մեթոդներով։  Չկա տարաձայնությունները լուծելու որեւէ այլ քաղաքակիրթ մեթոդ, քան իրավական վեճերը, եւ իրավական մեխանիզմների բացակայությունն է, որ ծնում է պատերազմներ եւ արդարացնում է ագրեսիվ մեթոդների կիրառումը։ Ես դա կարող եմ շատ հստակ ապացուցել նաեւ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների համատեքստում․ Արցախյան հակամարտությունը չի ունեցել վեճի կարգավորման իրավական մեխանիզմ, Ադրբեջանը չի ընդունել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի յուրիսդիկցիան՝ լուծելու Արցախին վերաբերող հակամարտությունը։ Հայաստանը եւս չի ընդունել։ Եթե այս մեխանիզմը լիներ, միգուցե մենք ունենայինք հարցի իրավական լուծում։ Բայց իրավական հնարավորության բացակայությամբ պայմանավորված՝ հարցը տեղափոխվել է քաղաքական պլատֆորմ՝ այն պահից, երբ Ադրբեջանը սկսել է ապալեգիտիմացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Ձեւավորվել է հարցի լուծման ռազմական մեխանիզմը, եւ նրանք միտումնավոր քայլեր են արել՝ վիժեցնելու քաղաքական պլատֆորմը, եւ այնուհետեւ արդարացրել են, որ վեճը չունի իրավական լուծում, եւ քանի որ քաղաքական լուծումը արդարացված չէ, ուրեմն չկա այլ միջոց, քան պատերազմի դիմելն է։ Հիմա այս փուլում եթե ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, գոնե մարդու իրավունքների խտրականության քաղաքականության վերացման առնչությամբ ունենք վեճերի լուծման քաղաքակիրթ մեթոդ, եւ այդ մեթոդը պետք է կիրառենք` փակելու համար ռազմական ճանապարհով այդ խնդիրների լուծումը։  - Ի վերջո, այսօրվա պայմաններում, երբ ամենօրյա ռեժիմով լսում ենք պաշտոնական հայտարարություններ կրակոցների մասին, երբ ամենօրյա ռեժիմով Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, երբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում եւ տարածքային նկրտումներ ունենալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչի մասին ուղիղ տեքստով նաեւ իշխանություններն են խոսում, որքանո՞վ եք իրատեսական համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ պահպանումը։ - Այս պահին իրատեսական չեմ համարում, եւ պատճառը հենց ադրբեջանական կողմն է։ Նրանք չեն պատրաստվում խաղաղության, այլ ունեն բացահայտ հավակնություններ Հայաստանի Հանրապետության այլ տարածքների նկատմամբ, ուստի այդ փաստաթղթի ստորագրումը չի արտացոլում Ադրբեջանի ագրեսիվ պետական քաղաքականությունը։ Նրանք կարող են իմիտացնել գործընթաց՝ ժամանակ շահելու նպատակով, սակայն շարունակաբար առաջ քաշել անհեթեթ նախապայմաններ, որոնց բավարարումը Հայաստանի կողմից կլինի կամ անհնարին, կամ կպահանջի տեւական գործընթացներ։ Նման անհեթեթ պահանջատիրության օրինակ է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, որը իրապես որեւէ սպառնալիք չի ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ՝ խաղաղությունը կարող է տեղի ունենալ ոչ թե փաստաթղթի մակարդակով, այլ երբ հասարակություններն են պատրաստված խաղաղության, երբ ունեցել են այնպիսի աճ, որը հնարավորություն է տալիս խաղաղ համագոյակցել այլ էթնիկ խմբի հետ։ Լավագույն ցուցանիշը հայերի վերաբերյալ հանրային կարծիքը Ադրբեջանում չափելն է կամ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հռետորաբանությունը ընկալելը այն թեմաներով, որոնք կարող են առնչվել հայերին։ - Օրինակ՝ «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը, որ նրանք օգտագործում են` խոսելով Հայաստանի Հանրապետության մասին։ - Այո, դա կրկին ցուցադրում է այդ տարածքային հավակնությունները, եւ երբ հայերի մասին են խոսում, որպես ստորադաս էթնիկ խումբ են բնութագրում` ընդգծելով ադրբեջանցիների առավելությունները հայերի նկատմամբ։ Այս քաղաքականություններն են, որ հանգեցնում են ցեղասպանությունների, այսինքն՝ հասարակությունը հենց այս ուղու միջով է անցնում, որպեսզի կարողանա մասսայական կերպով ցեղասպանություն գործել։ Ադրբեջանի հռետորաբանությունը որեւէ կերպ չի փոփոխվել, ավելին, մենք տեսնում ենք նաեւ բացասական տենդենցներ։ Սա ցուցադրում է, որ Ադրբեջանի հասարակությունը պարզապես պատրաստ չէ խաղաղության, անգամ հայ պատանդների դատավարություններն են օգտագործվում հայատյացությունը խորացնելու նպատակներով։ Եթե ուսումնասիրելու լինենք դատավարություններին առնչվող հրապարակումները եւ դրանց առնչությամբ արտահայտված հանրային կարծիքները, կտեսնենք, որ այս դատավարությունները հայատյացություն սերմանող պետության կողմից հատուկ կերպով օգտագործվող գործիքներ են։ Բացի այն, որ այստեղ ունենք նախ արդար դատաքննության խախտումներ, ունենք Արցախի ինքնորոշման իրավունքի ցուցադրական դատապարտում, բեմականացված գործընթացներ, դրանք շատ հեշտ միջոցներ են ատելությունը խորացնելու նպատակով, եւ մյուսը, որ խաղաղության վերականգնման հեշտ եւ լավագույն միջոցը դա այնպիսի քայլեր ձեռնարկելն է, որոնք կարող են վստահություն ստեղծել հասարակությունների միջեւ։ Օրինակ՝ հայ հասարակության համար վստահություն կարող էր վերականգնվել, եթե մարդասիրական խնդիրները ժամանակին լուծում ստանային, ոչ թե Ադրբեջանը դրանք չլուծելու ճանապարհով հավելյալ տառապանքներ պատճառեր հայ հասարակությանը։ Այս պայմաններում, հասկանալի է, հայ հասարակության որեւէ անդամ չի կարող վստահություն ունենալ քարոզվող խաղաղության գործընթացի նկատմամբ։  - Այս համատեքստում արժե նաեւ հիշատակել, որ Հայաստանը վերադարձրեց Ադրբեջանի ռազմագերիներին եւ նաեւ այն հանցագործներին, որոնք Հայաստանում դատապարտվել էին եւ իրենց պատիժն էին կրում։  - Այո, եւ եթե Ադրբեջանը նույն գործողությունը կատարեր, կարծում եմ` միայն իմիջային առումով դրական զարգացում կլիներ, բայց նրանք այլեւս մտահոգված չեն պետության վարկանիշով եւ մարդկային ճակատագրեր խեղելով՝ վրեժխնդրությամբ փորձում են առավելություններ ձեռք բերել։ Սա խեղված հասարակությունների գործելակերպ է, որովհետեւ պետությունները կարող են ռազմական կամ այլ ոլորտներում հաղթանակ արձանագրել, բայց հաղթանակը չի կարող ամրագրվել մարդկային ճակատագրերի հաշվին։   Միլենա Խաչիկյան
18:00 - 18 ապրիլի, 2025
Ռուսական կողմը պատրաստակամ է նպաստել Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Գալուզինը՝ Ռուբինյանին

Ռուսական կողմը պատրաստակամ է նպաստել Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Գալուզինը՝ Ռուբինյանին

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Զրույցի մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար։  Ռուբինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։ Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա): Մտքերի փոխանակումն անցել է կառուցողական մթնոլորտում»,- նշված է հայտարարության մեջ։
16:37 - 18 ապրիլի, 2025
Խորհրդարանը քննարկել է 102 մլն եվրոյի վարկային նոր համաձայնագիրը

Խորհրդարանը քննարկել է 102 մլն եվրոյի վարկային նոր համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ հաղորդագրությունից։ «Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային առողջապահության որակը, բարձրացնել առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունը եւ նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Վարկային ծրագրի նպատակներն են՝ աջակցել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարությանը Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը եւ իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը եւ նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում: Նշվել է, որ վարկը հիմնականում օգտագործվելու է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակով: Փոխնախարարի տեղեկացմամբ 102,000,000 վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է, վարկի մարման ժամկետը՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի: Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին, իսկ մայր գումարի մարումն իրականացվելու է՝ սկսած 2039 թվականի հուլիսի 15-ից մինչեւ 2049 թվականի հունվարի 15-ը՝ վարկի գումարի 5 տոկոս հավասարաչափ չափաբաժիններով: Ծրագիրը գործելու է մինչեւ 2029 թվականի սեպտեմբերի 30-ը: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենքի նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է օրենքի նախագծի ընդունումը՝ նշելով, որ այն նպաստելու է ոլորտում  կարեւոր բարեփոխման իրականացմանը: «Կարծում եմ, որ նաեւ օգտագործելով մեր խորհրդարանական վերահսկողական գործիքները, մեր հանձնաժողովը, մյուս հանձնաժողովները, պետք է նաեւ ընթացիկ տեղեկություն ստանան, թե ինչպես է բարեփոխումն առաջ գնում, որպեսզի նաեւ վստահ լինենք, որ մասնահումները ճիշտ են կատարվում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը: ԱԺ «Հայաստանե խմբակցության դիրքորոշումը համաձայնագրի վերաբերյալ ներկայացրել է Արթուր Խաչատրյանը: Ըստ նրա՝ անհասկանալի է՝ նշված վարկը բյուջետայի՞ն է, թե՝ ծրագրային, ինչը խնդրահարույց է: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Անդրադառնալով գործընկերների հարցադրումներին՝ նա ընդգծել է, որ բարեփոխումը բավականին մեծածավալ է, որի իրականացման համար գումարներ են անհրաժեշտ լինելու: Պատգամավորը նշել է՝ խմբակցությունը հանդիպումներ է ունեցել նաեւ մասնավոր հատվածի հետ՝ հարցը վերլուծելու, նրանցից նաեւ առաջարկներ ստանալու համար: Եզրափակիչ ելույթում Լենա Նանուշյանն անդրադարձել է բարձրացված հարցերին, տվել պարզաբանումներ: Համաձայնագիրը քննարկվել է Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ի հերթական նիստում»,- նշված է հաղորդագրության մեջ:
16:07 - 18 ապրիլի, 2025