Քրիստինե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է՝ 2022թ․ հունվարի 24-ից։

Ծնվել է 1981թ․ օգոստոսի 27-ին Սեւան քաղաքում։

1998-2002 թթ. սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, 2002-2004թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008թթ․ սովերել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2004- 2009թթ.  եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության մասնագետ, 2009 մարտ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում որպես թարգամանիչ-իրավաբան, 2009-2011 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ իրավական հարցերով, 2011-2014 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք), 2012-2014 թթ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2014-2015թթ․ եղել է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի եւ կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)։

2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետն է եղել, 2018թ.-2019թթ. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր), 2019թ. հունվարից մինչեւ 2019 թվականի հուլիսը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2022թ․ հունվարի 24-ին ԱԺ-ն 68 քվեով Գրիգորյանին ընտրել է ՀՀ մարդու իրավունքների 5-րդ պաշտպան։

Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան
 |armenpress.am|

Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանին նշանակելու որոշումն ու մանրամասնել, թե ծառայությունն ինչ գործառույթներ է իրականացնելու։  - Տիկին Բաղդասարյան, վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակելու մասին: Այս նշանակմամբ իրականություն է դառնում Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը: Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու այս ծառայությունը:  - Ծառայության հիմնական խնդիրը մեր պետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների եւ հնարավորությունների կանխատեսումն է, եւ քաղաքական որոշումներ կայացնողներին այդ մասին վստահելի, արժանահավատ և կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրումը, որոնք կունենան կիրառական նշանակություն՝ հնարավոր վտանգները կառավարելու, կանխարգելելու եւ առկա մարտահրավերներին դիմակայելու տեսակետից:  Ըստ էության սա մի գործառույթ է, որ իրականացնում է ցանկացած երկրի արտաքին հետախուզական ծառայություն: Պետք է նշեմ նաեւ, որ ծառայությունը քաղաքականապես չեզոք մարմին է, եւ կոչված է ծառայելու բացառապես պետության շահերին:  ԱՀԾ-ն նաեւ սերտորեն համագործակցելու է Հայաստանի Հանրապետության հետախուզական գործառույթ ունեցող մյուս մարմինների ու դերակատարների հետ, Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության ու անվտանգության ամրապնդման համար։ Այս նպատակով ԱՀԾ-ն նաեւ միջազգային գործընկերների հետ համագործակցություն կհաստատի:  - Իսկ ինչով է պայմանավորված ծառայության ձեւավորումը հենց ընթացիկ շրջանում: Ինչու՞ հատկապես հիմա:  - Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը նախատեսված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում։ Նոր ծառայության ստեղծումը անվտանգության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ռազմավարական բարեփոխումների կարևոր մաս է։ Ծառայության մասին օրենքն ընդունվել եւ ուժի մեջ է մտել դեռեւս 2022 թվականի դեկտեմբերին, այսինքն՝ ծառայության ստեղծումը բնականոն գործընթացի արդյունք է: Նախորդող ինն ամիսների ընթացքում Կառավարությունը հետևողականորեն նախապատրասվտել է ծառայության հիմնադրման գործնական մեկնարկը տալու համար:  - Իսկ ներկայումս ծառայությունը տեղակայման վայր ունի՞, քաղաքացիները այնտեղ աշխատանքի ընդունվելու համար ու՞մ պետք է դիմեն:  - Օրենքը Ծառայության պետի նշանակումից հետո նախատեսում է որոշակի ժամանակահատված ինստիտուցիոնալ ձևավորման, այդ թվում՝ տեղակայման, ինչպես նաև Ծառայության գործառնական հարցերը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։ Ծառայությունը ֆունկցիոնալ դառնալուն պես նշված հարցերը կունենան պատասխաններ և անհրաժեշտ տեղեկությունը կտրամադրվի լրացուցիչ։ Իհարկե, ծառայության լիարժեք կայացման համար երկար ժամանակ հարկավոր կլինի:  - Վարչապետը ԱՀԾ ղեկավար է նշանակել Քրիստիննե Գրիգորյանին, ով զբաղեցնում էր Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: Գրիգորյանը, ով չունի ոլորտի որևէ փորձառություն, արդյո՞ք ճիշտ թեկնածու է նման ծառայության ղեկավարի համար։  - Նոր ծառայության ղեկավարի առջև դրված է ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքող հետախուզական ծառայություն ստեղծելու խնդիր, որը կունենա ամուր ինստիտուցիոնալ հիմք և կկարողանա սպասարկել ՀՀ կենսական շահերը։ Համոզված ենք, որ հանրային կառավարման ոլորտում Քրիստիննե Գրիգորյանի ունեցած փորձառությունը բավարար է նշված խնդիրները լուծելու համար։  - Իսկ արևմտյան ո՞ր ծառայության մոդելն է ընտրված որպես հիմք։  - Ցանկանում եմ ընդգծել՝ ոչ արևելյան, ոչ արևմտյան, ոչ հյուսիսային և ոչ էլ հարավային որևէ ծառայության մոդել ընտրված չէ։ Մեր քննարկումներում ուղղորդվել ենք բացառապես Հայաստանի Հանրապետության անվտանգային մարտահրավերներն ու արտաքին հետախուզության կարիքներն ու առաջնահերթությունները գնահատելու և ժողովրդավարական հասարակարգին բնորոշ ժամանակակից արտաքին հետախուզության ծառայություն ձևավորելու սկզբունքներով։ Տրամաբանական է, որ ԱՀԾ աշխատանքներում կարեւոր դեր ունի նաեւ ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու կարողություն ունեցող տարբեր մասնագիտական ծառայությունների մասին հասանելի տեղեկատվության ուսումնասիրությունը, որը կգնահատվի ըստ ՀՀ-ում կիրառելիության աստիճանի:
10:55 - 04 հոկտեմբերի, 2023
Համաշխարհային մեդիան գրում է Հայաստանում Pegasus-ի կիրառման մասին |itel.am|

Համաշխարհային մեդիան գրում է Հայաստանում Pegasus-ի կիրառման մասին |itel.am|

itel.am: Աշխարհի մի շարք առաջատար լրատվամիջոցներ այսօր հոդվածներ են հրապարակել Հայաստանում իսրայելական արտադրության Pegasus ծրագրի միջոցով լրագրողների եւ իրավապաշտպանների հեռախոսների գաղտնալսման դեպքերի մասին:Reuters-ի հրապարակման մեջ ասված է, որ Access Now կազմակերպությունը, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, թվային պաշտպանության հայկական CyberHUB-AM հարթակը եւ անկախ փորձագետ Ռուբեն Մուրադյանը հաստատել են առնվազն 12 դեպք, երբ իսրայելական NSO Group-ի արտադրած հետախուզական ծրագիրը օգտագործվել է Հայաստանի պաշտոնյաների եւ լրագրողների գաղտնալսման համար:Access Now-ի ներկայացուցիչ Նատալյա Կրապիվան նշել է, որ իրենց հաջողվել է բացահայտել միայն «այսբերգի գագաթը»: «Թիրախավորումը բավականին լայն է եղել», - ասել է նա:Reuters-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի եւ թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ, ովքեր գաղտնալսվել էին:Forbes-ի կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ Հայաստանի ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանի հեռախոսը 2020թ. հոկտեմբերի եւ 2021թ. հուլիսի միջեւ ընկած ժամանակահատվածում արտաքին ներգործության է ենթարկվել առնվազն 27 անգամ:The Guardian-ի հոդվածում ասվում է, որ Pegasus-ի թիրախում էին հայտնվել նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողներ Կառլեն Ասլանյանը եւ Աստղիկ Բեդեւյանը:Այս թեմայով հոդվածներ են հրապարակել նաեւ Techcrunch պարբերականը եւ իսրայելական The Haaretz-ը: Վերջինիս հոդվածում նշվում է, որ Pegasus-ը թիրախավորել էր նաեւ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին:
16:21 - 25 մայիսի, 2023
ՄԻՊ նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ

ՄԻՊ նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ

ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը երեկ՝ ապրիլի 13-ին, ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։  Հանդիպմանը ներկա է եղել նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Անահիտ Մանասյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելը և ուրախ է, որ հանդիպմանը ներկա է նաև նախկին Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը. «Թե՛ իմ, թե՛ տիկին Գրիգորյանի, թե՛ մեր բոլոր գործընկերների համար առանցքային է կառույցի նկատմամբ ինստիտուցիոնալ մոտեցումը։ Ուստի կարևոր է, որ մենք նաև սիմվոլիկ տեսանկյունից կարողանանք ցույց տալ այս հաստատության կազմավորման պահից ձևավորված ու անընդհատ կատարելագործվող ավանդույթների պահպանման անհրաժեշտությունը»,-ասել է Պաշտպանը։ Քրիստիննե Գրիգորյանն իր հերթին շնորհավորել է Մանասյանին ՄԻՊ պաշտոնում ընտրվելու կապակացությամբ, նշել, որ հաստատությունը շատ լավ ձեռքերում է. «Տիկին Մանասյան, Դուք ևս լավ ձեռքերում եք։ Մաղթում եմ ամենայն հաջողություն։ Իմ սիրտը միշտ ցավում ու ցավելու է հաստատության համար։ Ես ուրախանալու ու հպարտանալու եմ գրանցված հաջողություններով, միշտ լինելու եմ հասանելի, ձեր տրամադրության տակ, որովհետև շատ կարևոր է, որ այս հաստատությունը շարունակի գրանցել հաջողություններ»,-ասել է Գրիգորյանը։ Անահիտ Մանասյանն Ազգային ժողովի կողմից ՀՀ ՄԻՊ պաշտոնում ընտրվեց ապրիլի 12-ին, միաձայն։
11:41 - 14 ապրիլի, 2023
ԱԺ-ն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականը

ԱԺ-ն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականը

Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականը: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:    Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականն ընդունելու մասին պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը:  «Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի մասին դիմումները, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 193-րդ հոդվածի 5-րդ մասով եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով՝ վաղաժամկետ դադարած համարել Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 23-ին հայտարարել էր ԱԺ-ին հրաժարականի դիմում ներկայացնելու մասին, քանի որ այն ընդունված համարելու համար ՄԻՊ-ը պետք է մեկ շաբաթվա ընթացքում ևս մեկ անգամ կրկներ հրաժարականը, Քրիստիննե Գրիգորյանն այն կրկնեց նաև հունվարի 24-ին: 
17:34 - 24 հունվարի, 2023
ՄԻՊ-ը կրկնել է նախորդ օրը Ազգային ժողով ներկայացված հրաժարականը

ՄԻՊ-ը կրկնել է նախորդ օրը Ազգային ժողով ներկայացված հրաժարականը

Այսօր՝ հունվարի 24-ին, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կրկնել է նախորդ օրը Ազգային ժողով ներկայացված հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հրաժարականի դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե Պաշտպանի կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում։ Առաջին դիմումը Ազգային ժողով է ներկայացվել սույն թվականի հունվարի 23-ին։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում: Ամփոփ հաղորդման մեջ ներառվել է ոչ միայն Պաշտպանի գործունեության մասին տեղեկությունները, այլև հաստատության 2022թ.-ի Տարեկան հաղորդման մեջ ներկայացվելիք վերլուծություններն ու առաջարկությունները։
12:34 - 24 հունվարի, 2023
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով

Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։  «Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։   Տիկին Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից։   Քրիստիննե Գրիգորյանը ձգտել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն իրականացնել անաչառորեն, մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով՝ հավատարիմ մնալով Ազգային ժողովում տրված երդմանը։   Պաշտպանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնում հաստատությունում աշխատող կանանց ու տղամարդկանց՝ հաստատության առաքելության բարձր գիտակցման, անձնական մեծ նվիրումի և պաշտոնավարման ընթացքում իրեն ցուցաբերված բարձորակ մասնագիտական աջակցության համար։ Իր հերթին Պաշտպանը ներդրել է առավելագույն ջանքը հաստատության ինստիտուցիոնալ զարգացման և անցումային ու ճգնաժամային իրավիճակներում դիմակայունության բարձրացման ուղղությամբ։   Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում Ազգային ժողովի նախագահին, պատգամավորներին, խմբակցություններին ու հանձնաժողովներին բարձր մակարդակի համագործակցության համար։ Որպես խորհրդարանական պաշտպան՝ Ազգային ժողովի աջակցությունն ու զգայուն խնդիրները քննարկելու պատրաստակամությունը չափազանց մեծ նշանակություն են ունեցել հաստատության առաքելությունը պատշաճորեն իրականացնելու համար։   Պաշտպանը շնորհակալություն է հայտնում Վարչապետին, Կառավարության անդամներին, Վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին ու համայնքային ծառայողներին, ինչպես նաև սահմանադրական ինքնավար մարմիններին արդյունավետ համագործակցության համար։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին ու լրագրողներին, ում հետ աշխատելու պատիվ է ունեցել այս ընթացքում։ Նրանց իրավապաշտպանական գործունեությունը և այն, թե որքանով է դրա համար բարենպաստ միջավայր ստեղծված, լակմուսի նշանակություն ունեն մեր երկրի ժողովրդավարական զարգացման համար։   Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում նաև Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու անձնակազմերին՝ գործընկերության ու վստահության, այս ընթացքում հաստատության դերի բարձր գնահատականի և քաջալերման համար։   Պաշտպանը կարևորապես իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր իրավունքների պաշտպանության տարբեր հարցերով դիմել են Պաշտպանի հաստատությանը իրենց վստահության ու շատ հաճախ արտահայտած գնահատականի համար։ Եվ անկախ այդ գնահատականների բնույթից, դրանք բոլորը մեծ աջակցություն են եղել այս ընթացքում հաստատության զարգացման գործում։   Պաշտպանն, օգտվելով առիթից, հրապարակավ շնորհակալություն է հայտնում իր ընտանիքին ու ընկերներին՝ համբերության, քաջալերման ու անվերապահ աջակցության համար։ Ի գիտություն. Հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում: Հաղորդումը կներկայացվի երկրորդ դիմումի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։  
14:04 - 23 հունվարի, 2023
Այսօր Արցախում դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը. ՄԻՊ

Այսօր Արցախում դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Լեռնային Ղարաբաղի շրջափակման 32-րդ օրը: Այսօր դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը։ Տեղական ինտերնետ-պրովայդերը պնդում է, որ այն շրջանը, որտեղ «վնասվել է» մալուխը, գտնվում է Լաչինի միջանցքում, որտեղ Ադրբեջանի իշխանությունները մոբիլիզացրել են կեղծ «էկոակտիվիստներին»»,- նշել է Գրիգորյանը: 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 19 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով, իսկ ինտերնետ կապի մատակարարումն ընդհատված է մալուխի վնասվելու պատճառով։
18:59 - 12 հունվարի, 2023
Պաշտպանի հաստատությունը շարունակում է պահանջել միջազգային հումանիտար ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին գործել՝ չբավարարվելով հայտարարություններով․ ՄԻՊ-ի ամանորյա ուղերձը

Պաշտպանի հաստատությունը շարունակում է պահանջել միջազգային հումանիտար ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին գործել՝ չբավարարվելով հայտարարություններով․ ՄԻՊ-ի ամանորյա ուղերձը

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ամանորյա ուղերձ է հղել, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ,   Անցնող 2022 թվականը լի էր ներքին ու արտաքին մարտահրավերներով, որոնցից շատերի հաղթահարման ուղղությամբ դեռ պետք է միասին աշխատենք։   2020 թվականի աղետաբեր պատերազմի վերքերը դեռ չբուժած՝ 2022-ի սեպտեմբերին ճաշակեցինք Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի դառնություններն ու մարդկային և այլ կորուստները։ Մեր երկրի սահմանամերձ մի շարք բնակավայրերում ապրող մարդկանց խաղաղ կյանքը կանխամտածված կերպով խոցվեց, իրենց համայնքում ապրող անմեղ մարդկանց պատճառելով նյութական ու հոգեբանական վնասներ։ Որպես հաստատություն, մենք աշխատեցինք հավաքագրել խախտումների վերաբերյալ բոլոր փաստերն ու դրանք հետևողական կերպով ներկայացնել միջազգային կազմակերպություններին ու դերակատարններին։   Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ու անձամբ իմ անունից գլուխ եմ խոնարհում իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր հերոս տղամարդկանց ու կանանց անմար հիշատակին:   Անցնող տարում Պաշտպանի հաստատությունն իր մանդատի շրջանակներում ջանքեր գործադրեց գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու ուղղությամբ։ Մենք շարունակեցինք աշխատել անհետ կորած ու բռնի անհետացած մեր եղբայրների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել ամբողջությամբ լուծել այս հարցերը, ուստի, գալիք տարում մենք կբազմապատկենք մեր ջանքերը ամենօրյա, ամենժամյա աշխատանքով իրականացնելու հաստատության նաև այս առաքելությունը։   Պաշտպանի հաստատությունն աշխատանքներ իրականացրեց ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքների համար պետության ու հասարակական դերակատարների կողմից սոցիալ-հոգեբանական աջակցության անհրաժեշտը հասանելի դարձնելու ուղղությամբ։ Մենք աշխատեցինք հայրենադարձված մեր ռազմագերիների հետ՝ միջազգային հանրությանը ներկայացնելու հայ զինվորների նկատմամբ կատարված խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերը՝ որպես պետական մակարդակով իրականացվող ադրբեջանական հայատյացության քաղաքականության դրսևորում։   Տարին հարուստ էր նաև երկրի ներսում մարդու իրավունքների պաշտպանության համար առաջացած մարտահրավերներով։ Պաշտպանի հաստատությունում աշխատեցինք անձանց խաղաղ հավաքների, կարծիքի ազատ արտահայտման իրավունքների ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման ու խախտումների վերացման, անազատության մեջ գտնվող, փակ ու կիսափակ հաստատություններում պահվող անձանց, խոցելի այլ խմբերի իրավունքների երաշխավորման ու պաշտպանության ուղղությամբ։ Բևեռացված ու ծայրահեղ խոսքը շարունակեց մնալ մեր ուսումնասիրությունների ու մտահոգությունների նշանակետում։ Ցավոք, այս ուղղությամբ առաջընթաց չունենք։   Բայց մենք նաև ներգրավեցինք ու ոգեշնչեցինք երիտասարդների ու երեխաների՝ ստեղծելով   Պաշտպանին առընթեր երեխաների ու երիտասարդների խորհուրդը։ Քաջալերեցինք կանանց քաղաքական ու տնտեսական ակտիվացման նախաձեռնություններն ու ձևավորեցինք Պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով խորհուրդը, որը հատկապես մարզային կանանց կազմակերպությունների խնդիրները բարձրացնելու և լուծումներ գտնելու ձևաչափ է։   Մարտահրավերները շատ են. այսօր էլ արդեն 20-րդ օրն է, որ արգելափակված է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնելով 120 հազար խաղաղ մարդկանց, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների ու շուրջ 9 հազար հաշմանդամություն ունեցող անձանց։ Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։ Ծնողներն ու երեխաները մնացել են արգելափակված ճանապարհի երկու կողմերում։ Պաշտպանի հաստատությունը շարունակում է միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ներկայացնել ճգնաժամի փաստերն ու ադրբեջանական հայատյացության քաղաքականության այլ ապացույցները, ինչպես նաև պահանջել միջազգային հումանիտար ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին գործել՝ չբավարարվելով հայտարարություններով։   Այս տարի Պաշտպանի հաստատությունն էլ ավելի ամրացավ՝ անցնելով դժվարություններով ու հաղթահարելով ճգնաժամային իրավիճակները՝ համբերության, համագործակցության, մասնագիտական շարունակական զարգացման ու նվիրումի միջոցով։   Ի հեճուկս դժվարություններին ու մարտահրավերներին՝ մեր սրտերում տեղ կա նաև լավատեսության ու հույսի համար, մենք ուժ և կամք ունենք շարունակելու մեր աշխատանքը նշված բոլոր մարտահրավերների հաղթահարման, մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության համար բարենպաստ միջավայրի ստեղծման ու մեր բոլորի անվտանգ ապագան կերտելու համար։   Բոլորիս մաղթում եմ համբերություն, շրջահայացություն, ուժ և կորով։ Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ», - նշված է հայտարարության մեջ։
12:28 - 31 դեկտեմբերի, 2022
Անհրաժեշտ է անցնել գործողությունների. ՄԻՊ-ի կարծիքով՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ գնահատականները իրավիճակը չեն փոխում
 |armenpress.am|

Անհրաժեշտ է անցնել գործողությունների. ՄԻՊ-ի կարծիքով՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ գնահատականները իրավիճակը չեն փոխում |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել, սակայն դա բավարար չէ, քանի որ իրավիճակը չի փոխվում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: «Միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել: Շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդելու, որ գնահատականներն այլևս մեզ չեն բավարարում, որովհետև իրավիճակը դրանից չի փոխվում, անհրաժեշտ է անցնել գործողությունների: Մասնավորապես, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ արել ուղարկել փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակը հասկանալու և իր հետևությունների համար հիմք ունենալու համար», -նշեց Գրիգորյանը: ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանը կեղծում է իրականությունը, ուստի առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է:
15:53 - 29 դեկտեմբերի, 2022
ՄԻՊ-ի կարծիքը «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունների նախագծի վերաբերյալ

ՄԻՊ-ի կարծիքը «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունների նախագծի վերաբերյալ

ՄԻՊ գրասենյանը հրապարակել է Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունների նախագծի վերաբերյալ․    «Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի է ներկայացվել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ Պաշտպանի նկատառումները հանգում են հետևյալին։   Նախևառաջ Պաշտպանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ Նախագիծը չի անցել պատշաճ հասարակական և մասնագիտական քննարկում, անգամ ապահովված չէ ապագայում դրանց կատարող մարմինների հետ նախնական խորհրդատվությունը:   Առաջարկվող իրավակարգավորումներն հնարավորություն են ընձեռում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում սահմանափակելու հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակությունը, Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիությունը, ինչպես նաև արգելափակելու ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողությունը:   • Միջոցառումները սահմանափակում են մարդու իրավունքները, առավելապես կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքները։ Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, կարծիքի արտահայտման ազատության ապահովման և պաշտպանության ՄԱԿ հատուկ զեկուցողի, ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցների և այլ միջազգային-իրավական փաստաթղթերի վերլուծության արդյունքում Պաշտպանը եզրահանգել է, որ Նախագծի խնդրո առարկա իրավակարգավորումները մտահոգիչ են մարդու իրավունքների տեսանկյունից, մասնավորապես՝ կարող են հանգեցնել կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքների անհամաչափ սահմանափակման։   • Նախագծով չեն նախատեսվել նաև այն դեպքերը, երբ կարող են կիրառվել նախատեսված միջոցառումները, պայմանները, երաշխիքները, վերահսկողության մեխանիզմներն, ինչպես նաև թե որ մարմինն է իրականացնելու նախատեսված գործառույթները։   Կարծիքի արտահայտման ազատությունը և այն իրացնելու հիմնական միջոցների երաշխավորումը՝ որպես ժողովրդավարական հասարակության հիմնաքար և զարգացման կարևոր նախապայման, ունի ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային իրավական սկզբունքային նշանակություն։   Պաշտպանը կոչ է անում նախաձեռնողներին ոլորտի մասնագետների ու պատասխանատուների ներգրավմամբ լրամշակել նախագծի խնդրահարույց դրույթները»։
10:24 - 29 դեկտեմբերի, 2022
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք․ ՀՀ ՄԻՊ
 |factor.am|

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք․ ՀՀ ՄԻՊ |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որն արգելափակված է արդեն 17-րդ օրը։ Սա հարցի շուրջ հստակ պատկերացում ունենալու միակ միջոցն է։ Եվ այո՛, լոկ այն փաստը, որ միայն ԿԽՄԿ-ի մեքենաներն են կարողանում տեղաշարժվել, նշանակում է, որ շրջափակումը շարունակվում է»,-Twitter-ում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 21 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող երկու հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
13:21 - 28 դեկտեմբերի, 2022
Բաքուն խոչընդոտում է ՄԱԿ-ի կողմից Արցախ առաքելություն ուղարկելու Երևանի առաջարկը․ ՀՀ ՄԻՊ |azatutyun.am|

Բաքուն խոչընդոտում է ՄԱԿ-ի կողմից Արցախ առաքելություն ուղարկելու Երևանի առաջարկը․ ՀՀ ՄԻՊ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանական կողմը մինչ այս պահը կարողանում է խոչընդոտել ՄԱԿ-ի կողմից Արցախ առաքելություն ուղարկելու Հայաստանի առաջարկը, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե կարողացե՞լ են համոզել միջազգային գործընկերներին, որ գնան Արցախ և տեղում հասկանան իրավիճակը։ Գրիգորյանն ասաց, որ հարցը քննարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահի հետ, Հայաստանի արտգործնախարարությունն է նաև նման առաջարկ ուղարկել։ «Օրինակ, վերջերս մեր զեկույցը Լաչինի կիջանցքի փակման մասով, որ ուղարկել էինք, շատ հարցեր հենց դրա մասին էին, հարցնում էին՝ «իսկ կա՞ որևէ միջազգային կազմակերպություն, որ գետնի վրա այնտեղ տեղում է և կարող եք հաստատել»։ Սա էլ ևս մեկ անգամ մեր պնդումը վերահաստատելու, կամ առաջարկը ներկայացնելու առիթ էր»,- ասաց Պաշտպանը։ Միակ կազմակերպությունը, որ Ստեփանակերտում ներկայացված է, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է, ասաց Գրիգորյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ այն ունի շատ սահմանափակ և շատ կոնկրետ նեղ, հումանիտար մանդատ, և կազմակերպությունը հսկայական բարդությունների առաջ է կանգնում ադրբեջանական կողմի ոչ համագործակցային գործելակերպի պայմաններում։ «Արտաքին գործերի նախարարությունը նույնպես էս առաջարկությունն արել է և այս նախաձեռնությունը շատ կոնկրետ ուղարկել էր և Ադրբեջանը մինչ այս պահը կարողանում է բլոկ անել նախաձեռնությունը, որ գա նման առաքելություն», - ասաց Պաշտպանը՝ եզրափակելով․ - «Հետևաբար ստացվում է, որ ՄԱԿ-ի մարմինների աշխատանքն այնքան էլ հեշտ չէ և այդքան մարդու իրավուքնների պաշտպանության առաջնահերթություններն այնքան էլ սահուն չեն առաջ գնում։ Այստեղ շատ երկար դիվանագիտական աշխատանք է պետք»։ Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 21 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող երկու հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է։
10:59 - 28 դեկտեմբերի, 2022
ՄԻՊ-ի ու լրագրողների առաքելությունները նման են․ մենք աշխատում ենք արկերի ու հրանոթների ներքո, որ գտնենք ճշմարտությունը․ ՄԻՊ

ՄԻՊ-ի ու լրագրողների առաքելությունները նման են․ մենք աշխատում ենք արկերի ու հրանոթների ներքո, որ գտնենք ճշմարտությունը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է «Թվապատում Aftershock» 2022 կոնֆերանսին: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Իր խոսքում Պաշտպանը շնորհակալություն է հայտնել կոնֆերանսի մասնակիցներին և կազմակերպիչներին. «Կարծում եմ, որ հակամարտությունների լուսաբանման խնդիրների վտանգների, բայց նաև հնարավորությունների մասին Հայաստանում նման մասնագիտական խոսակցություն ունենալն առավել քան ռելեվանտ է»,-ասել է նա։ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն իր օրինակից ու իր հետ տեղի ունեցած փորձից գիտի, թե որն է իրողությունների օբյեկտիվ լուսաբանման դեֆիցիտի հետևանքը, բացի այդ նաև լավ գիտի, որ հակամարտությունների մեդիաապահովման, ագրեսիվ պատերազմի մեդիաուղեկցումը բնավ չի սկսվում ու չի ավարտվում ռազմական գործողությունների ամսաթվերով։   Պաշտպանի խոսքով՝ հակամարտություններում առաջին հերթին անհետ կորում է ճշմարտությունը, և լրագրողներն ու իրավապաշտպաններն այն դերակատարներն են, ովքեր նախ պետք է բացահայտեն, ապա նաև աշխարհին պատմեն այդ ճշմարտությունը։ «Մարդու իրավունքների պաշտպանի ու անկախ լրագրողների առաքելությունները շատ նման են։ Մենք աշխատում ենք արկերի ու հրանոթների ներքո, որ գտնենք ճշմարտությունը, հետո հաղթահարում ենք շատ դժվարություններ, որ կարողանանք պատմել այդ ճշմարտությունների մասին»,-ասել է Պաշտպանը։ Գրիգորյանը հատուկ ընգծել է 2022 թվականին սեպտեմբերին ՀՀ երեք մարզերի վրա ադրբեջանական հարձակման մասին։ Նա ասել է, որ Պաշտպանի հաստատության թիմերը հարձակման թիրախ հանդիսացող ուղղություններում աշխատել են սեպտեմբերի 13-ից՝ ինտենսիվ հրետակոծության պայմաններում, ինչը հնարավորություն է տվել տեսնել, լսել ու ապացույցներ արձանագրել լայնամասշտաբ հարձակման ինտենսիվության, քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական կենսական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման մասին։ Մյուս կողմից նաև տեսնել տեղական ու կենտրոնական իշխանության մարմինների կողմից ճգնաժամի արձագանքի բացթողումները։ Գրիգորյանի խոսքով՝ հաճախ հակամարտությունների գոտիներն ուղղակի «սառեցվում» են անկախ լրագրողների կամ իրավապաշտպանների համար։ Այս համատեքստում նա խոսել է Արցախի արդեն 9 օր տևող շրջափակման մասին՝ նշելով, որ այն կազմակերված է ու ղեկավարվում է ադրբեջանական կառավարության կողմից։ Կեղծ բնապահպանների ակցիան ուղիղ ժամանակով լուսաբանվում է ադրբեջանական կառավարական մեդիաների կողմից, իսկ հայաստանյան ու միջազգային մեդիաների հասանելիությունը սահմանափակված է. «Ինչո՞ւ թույլ չի տրվում, որ որևէ անկախ լրագրող հասանելիություն ունենա տարածքին»,-հարց է բարձրացրել նա։ Պաշտպանը նշել է, որ այս իմաստով ևս Պաշտպանի հաստատության, իրավապաշտպանների ու անկախ լրագրողների աշխատանքը շատ նման է իրար։ Գրիգորյանի խոսքով՝ հակամարտությունները նաև հնարավորություն են, որ անկախ լրագրողներն ու իրավապաշտպանները միմյանց ճանաչեն և օգնեն. «Ես անձամբ շատ շնորհակալ եմ այն լրագրողներին ու օպերատորներին, ովքեր վտանգելով իրենց կյանքը, նույն սեպտեմբերյան օրերին մեզ հետ կիսվել են իրենց ձեռք բերած տեսանյութերով ու ֆոտոնյութերով։ Մենք էլ մեր հերթին արել ենք ամեն բան, որ ապահովենք հասանելիությունն այն լրագրողների, օպերատորների համար, ովքեր այդ օրերին շատ կարևոր իրավապաշտպան գործունեություն էին իրականացնում։ Մեզ համար շատ կարևոր է, որ անկախ դերակատարները հասանելիություն ունենան տարածքներին՝ ճշմարտությունը գտնելու և հետո նաև աշխարհին պատմելու համար»,- իր խոսքում նշել է Քրիստիննե Գրիգորյանը։
11:23 - 21 դեկտեմբերի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը միջազգային դերակատարներին կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Լաչինի միջանցքը վերաբացելու ուղղությամբ

ՀՀ ՄԻՊ-ը միջազգային դերակատարներին կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Լաչինի միջանցքը վերաբացելու ուղղությամբ

 Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների «Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» սույն թվականի դեկտեմբերի 15-ին հրապարակված արտահերթ համատեղ զեկույցը, ինչպես նաև բովանդակային տեղեկատվություն՝ առանձին խումբ անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ, ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատն ունեցող երկու տասնյակ միջազգային կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էյմոն Գիլմորին և այլոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից՝ նշելով, որ ի թիվս այլնի, թեմատիկ հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին են ներկայացվել անձանց կյանքի, առողջության պահպանման, սննդի իրավունքների կոպիտ խախտումները, կոչ է արվել ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները՝ Լաչինի միջանցքը վերաբացելու, Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար։ Հատկանշական է, որ միջազգային դերակատարների առանձնակի ուշադրությանն է ներկայացվել առավել խոցելի խմբերի խնդիրները, այդ թվում՝ տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ դեկտեմբերի 12-ից արդեն 9 օր շարունակ կատարյալ շրջափակման պայմաններում տեղի ունեցող իրադարձությունների հանգամանալից վերլուծության հիման վրա: ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը շարունակում է տեղեկատվություն ու փաստեր տրամադրել միջազգային կազմակերպություններին` Արցախում ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների տևական խախտումների և հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
15:29 - 20 դեկտեմբերի, 2022
ՄԻՊ-ը գրություն է ուղարկել ՊՆ՝ բարձրաձայնելով հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության խնդիրը |armenpress.am|

ՄԻՊ-ը գրություն է ուղարկել ՊՆ՝ բարձրաձայնելով հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության խնդիրը |armenpress.am|

armenpress.am: Հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության հարցը պետք է որոշվի ոչ միայն նրանց ֆիզիկական առողջության հաշվառմամբ, այլ նաև հոգեկան առողջության վիճակի գնահատմամբ և պատշաճ փորձաքննության իրականացման արդյունքում. բոլոր այն դեպքերում, երբ հայրենադարձված գերիները հոգեկան առողջության հետ կապված խնդիրը անհամատեղելի կլինեն զինվորական ծառայությունը շարունակելու հետ, նրանք պետք է արձակվեն զինված ուժերից: Այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության վերաբերյալ խնդրին: «Տեղեկացնում եմ, որ հայրենադարձված հայ ռազմագերիների հետ ՄԻՊ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում և դրանից հետո, ըստ հայրենադարձված ռազմագերիների ցանկության, նրանց մի մասը ուղղորդվել է անվճար հոգեբանական աջակցություն ստանալու: Բացի դա, ըստ նրանց կողմից ներկայացված դիմումների կամ սեփական նախաձեոնությամբ՝ ըստ հոգեբանների կողմից տրված համապատասխան եզրակացությունների, Պաշտպանը համապատասխան գրություններ է հասցեագրել ՀՀ ՊՆ՝ վերջիններիս պատշաճ փորձաքննելու և նաև հոգեբանների կողմից տրված եզրակացությունների հաշվառմամբ՝ զինծառայողների հետագա ծառայության պիտանիության հարցը որոշելու համար: Պետք է հստակ նշել, որ հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության հարցը պետք է որոշվի ոչ միայն վերջիններիս ֆիզիկական առողջության հաշվառմամբ, այլ նաև հոգեկան առողջության վիճակի գնահատմամբ և պատշաճ փորձաքննության իրականացման արդյունքում: Եվ բոլոր այն դեպքերում, երբ վերջիններիս հոգեկան առողջության հետ կապված խնդիրը անհամատեղելի կլինեն զինվորական ծառայությունը շարունակելու հետ, նրանք պետք է արձակվեն զինված ուժերից»,- ասաց Գրիգորյանը: Շարունակությունը՝ armenpress.am - ում
12:39 - 16 դեկտեմբերի, 2022