Մեղրի համայնք

Մեղրին խոշորացված համայք է Սյունիքի մարզում, ձևավորվել է 2016 թվականին։

Համայնքի կազմում միավորվել են հետևյալ բնակավայրերը․

  • Ագարակ քաղաք,
  • Ալվանք գյուղ,
  • Այգեձոր գյուղ,
  • Գուդեմնիս գյուղ,
  • Թխկուտ գյուղ,
  • Լեհվազ գյուղ,
  • Լիճք գյուղ,
  • Կարճևան գյուղ,
  • Կուրիս գյուղ,
  • Նռնաձոր գյուղ,
  • Շվանիձոր գյուղ,
  • Վահրավար գյուղ,
  • Վարդանիձոր գյուղ,
  • Տաշտուն գյուղ։

Մեղրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն Արարատ Թումանյանն է։

Հայ-իրանական սահմանին նոր անցակետ կկառուցվի․ ՊԵԿ նախագահ
 |civilnet.am|

Հայ-իրանական սահմանին նոր անցակետ կկառուցվի․ ՊԵԿ նախագահ |civilnet.am|

civilnet.am: Մեղրիի անցակետի գործող շենք շինություններն ամբողջությամբ քանդվելու են, զրոյից կառուցվելու է նոր անցակետ։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Մեզ համար ամոթալի է, որ մինչև հիմա մեր երկրի հարավային դարպասի շենք-շինություններն այդ վիճակում են գնվում։ Մենք դա շատ վաղուց պետք է արած և ավարտած լինեինք»,- ասաց նա։ Բադասյանի խոսքով՝ նոր անցակետը համապատասխանելու է միջազգային լավագույն ստանդարտներին։ Կառուցվող մաքսակետում ներառվելու են նաև բարեփոխումները՝ ուղիների տարանջատում, ավելի արագ ու հարմարավետ կետի անցում, արդյունավետ մաքսային հսկողություն և այլն։ Հոկտեմբերի 23-ին Երևանում Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը հայտարարել էր, որ Հայաստանն ու Իրանը քննարկել են հայ-իրանական սահմանին նոր կամուրջ կառուցելու հեռանկարը։ Նրա կարծիքով՝ Հայաստանի ու Իրանի միջև գործող կամուրջն արդեն բավարար չէ ապահովելու աճող ապրանքաշրջանառության ծավալները։ Իրանցի նախարարը նշել է, որ հայկական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այդ առթիվ աշխատանքային խումբ ձևավորելու համար։ Նույն օրը Հայաստանն իրանական ընկերությունների հետ ստորագրել էր «Հյուսիս-հարավի» Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը։ Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (Իրանի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։ Նախատեսվում է կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի վերջին և ավարտել երեք տարվա ընթացքում։
15:17 - 31 հոկտեմբերի, 2023
Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և զինամթերք տեղափոխելու դեպք․ ԱԱԾ

Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և զինամթերք տեղափոխելու դեպք․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու դեպք։  «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ռ.Պ-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի մայիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել` իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ, ինչպես նաև զենք, զինամթերք: Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի մայիսի 18-ին, Ռ.Պ-ն, հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ քաղաքացու կողմից նշված վայրում, վերցրել է նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրամիջոցների վերոնշյալ խմբաքանակը, զենքը և զինամթերքը, սակայն դրսևորելով զգուշավորություն, չբացահայտվելու նկատառումներից ելնելով, թաքցրել է այն հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտի մոտակայքում և հեռացել։ Այնուհետև, մայիսի 19-ին Ռ.Պ-ն վերոնշյալ հանցավոր արարքներին ներգրավելով ՀՀ քաղաքացիներ, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բնակիչներ՝  Մ.Պ-ին և Ա.Ք-ին, վերջիններիս ուղղորդել է Ա.Ք-ի կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Քաջարանից մեկնել  հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտ, և իր նկարագրած թաքստոցից վերցնել թմրամիջոցների խմբաքանակը, զենքը, զինամթերքը ու այն տեղափոխել Քաջարան։ Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների կողմից։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Ռ.Պ-ն, Ա.Ք-ն և Մ.Պ-ն ձերբակալվել են։ Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության հատուկ պահպանվող տարածք, որտեղ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են 10 կիլոգրամը գերազանցող ընդհանուր քաշով՝ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներ, ինչպես նաև արտասահմանյան արտադրության 2 հատ մարտական ատրճանակներ՝ իրենց 20 հատ փամփուշտներով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը` հանցավոր կազմակերպության կողմից կամ առանձնապես խոշոր չափերով) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի(թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների մաքսանենգությունը` առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
10:29 - 22 մայիսի, 2023
Մեղրիի համայնքապետը Իրանի գլխավոր հյուպատոսի հետ քննարկել է հայ- իրանական սահմանի, մաքսատան աշխատանքների հետ կապված հարցեր

Մեղրիի համայնքապետը Իրանի գլխավոր հյուպատոսի հետ քննարկել է հայ- իրանական սահմանի, մաքսատան աշխատանքների հետ կապված հարցեր

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը եւ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Խաչատուր Անդրեասյանը այսօր հանդիպել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, հայտնում է Մեղրիի համայնքապետարանը։ Համայնքապետը նշել է, որ հանդիպումը ամուր հիմք է ստեղծում  հետագա համագործակցության, միասնական նախաձեռնությունների, համատեղ գաղափարների ու ծրագրերի իրականացման համար: Համայնքի ղեկավարը ու հյուպատոսը քննարկել են Մեղրի համայնքի եւ ԻԻՀ միջեւ տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ:  Երկու ժողովուրդների միջեւ  բարեկամությունը առավել խորացնելու եւ ամրապնդելու նպատակով քննարկվել է Մեղրի համայնքի եւ ԻԻՀ որեւէ քաղաքի հետ  քույրացման գաղափարը` հատկապես կարեւորելով հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը այդ գործընթացում: Համագործակցության շրջանակներում կարեւորելով կրթական, մշակութային, զբոսաշրջային ոլորտները զարգացնելու եւ հատկապես երիտասարդությանը այդ ոլորտներում ներգրավվելու  միտումները` պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել փոխադարձ ճանաչողական այցեր: Քննարկել են Հայ-Իրանական սահմանի, մաքսատան աշխատանքների եւ ազատ տնտեսական գոտու արդյունավետության հետ կապված մի շարք հարցեր:
10:35 - 20 ապրիլի, 2023
Մեղրեցիները փակել էին համայնքապետարանի շենքի մուտքը․ նրանք դեմ են Լիճքի հանքի շահագործմանը
 |aravot.am|

Մեղրեցիները փակել էին համայնքապետարանի շենքի մուտքը․ նրանք դեմ են Լիճքի հանքի շահագործմանը |aravot.am|

aravot.am: Ապրիլի 5-ի առավոտյան ժամը 9-ից Մեղրի համայնքի բնակիչները փակել են Մեղրիի համայնքապետարանի շենքի մուտքը՝ թույլ չտալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկման մասնակիցներին ներս մտնել։ «Մենք չենք ուզում թունավորվել։ Մեր հողերը մեզ պետք են։ Լիճքը զբոսաշրջության կենտրոն է»,- ասում էին ցուցարարները՝ ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներին։ Վերջիններս պատասխանում էին․ «Եկեք հանրային լսումը կազմակերպենք, լսենք բոլոր տեսակետները»։ «Ո՛չ, չենք ուզում ոչ մի հանրային լսում։ 3500 մեղրեցի ստորագրել է, որ դեմ են»,-ասում էին բողոքավորները՝ պնդելով «որ սա Մեղրիի լինել-չլինելու հարցն է»։ «Քաղաքացիական պայմանագրի» Մեղրիի կառույցի ղեկավար Արարատ Թումանյանը խոսեց համաշխարհային հանքավայրերի մասին, որոնց բնակավայրերը հիմա առեւտրի կենտրոններ են։ «Քանի տարի է՝ Ագարակի կոմբինատն աշխատում է, Ագարակը դրախտավա՞յր է»,-դիմեց բողոքավորներից մեկը Արարատ Թումանյանին։ «Մենք բնակիչներին տեղեկացրել ենք հանրային լսման մասին եւ պետք է լսենք, թե ԶՊՄԿ-ն ինչ է առաջարկում։ Ժողովուրդ ջան, որոշողը դուք եք, ո՛չ ԶՊՄԿ–ն, ո՛չ ես, ո՛չ որեւէ անհատ չի որոշելու։ Դեռ 4 հանրային լսում պիտի լինի։ Ձեր որոշմամբ է ի վերջո ամեն ինչ լինելու»,- հայտարարեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:17 - 05 ապրիլի, 2023
Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն
 |1lurer.am|

Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն |1lurer.am|

1lurer.am: Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի (հաշիշ, մեթամֆետամին, հերոին) ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ: Այս մասին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից։ Նշվում է, որ բացի այդ՝ արձանագրվում են ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր։ 2021 թ․ Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու զինյալներ՝ զենքով, նռնականետներով և մեծ քանակությամբ զինամթերքով, որոնք ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից: «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ընթացիկ տարվա սկզբից կազմավորվել են սահմանային հսկողության ծառայության իրականացման մի շարք կահավորված դիրքեր՝ ընտրողական (իսկ սահմանախախտների որոնման և հետապնդման դեպքում՝ առանց բացառության) միջոցառումներ իրականացնելու անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ մաքսանենգության, անօրինական միգրացիայի և այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, կանխման և խափանման նպատակով: Սահմանային գոտում տեղաշարժվող քաղաքացիներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին»,- նշել են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունից։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի պետական ​​սահմանի պաշտպանությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է երկու երկրների միջև 1992 թվականին:
17:32 - 08 օգոստոսի, 2022
Մեղրիում ռուսական 5 մոդուլային հենակետեր տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ․ Մեղրիի համայքնապետ |tert.am|

Մեղրիում ռուսական 5 մոդուլային հենակետեր տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ․ Մեղրիի համայքնապետ |tert.am|

tert.am: Մեղրիում ռուս սահմանապահների կողմից տեղադրվել են 5 մոդուլային հենակետեր, որտեղ ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում: Այս մասին հայտնեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը: «Այդ հենակետերը տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ՝ Արաքսի ափին։ Թե ինչ գործառույթներ են կատարում, հստակ չեմ կարող ասել, այդ հարցին համապատախան գերատեսչությւոնները ավելի հստակ կարող են պատախանել։ Բայց պետք է նշեմ որ ժամանակ առ ժամանակ  հենակետերում կանգնեցնում են քաղաքացիներին, ստուգում անձը հաստատող փաստաթղթերը, մեքենաները, ինչը շատ ժամանակ քաղաքացիների շրջանում խռովություններ ու դժգոհություններ է առաջացնում»,- ասաց համայնքի ղեկավարը։ Բագրատ Զաքարյանը նշեց, որ ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում՝ «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն։ «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կա գրավոր պայմանավորվածություն, ըստ որի՝ իրենք իրականացնում են իրենց ծառայությունը։ «Պետական սահմանի մասին» օրենքի 21-րդ կետով դա համարվում է սահմանային գոտի, որտեղ ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում»,- ասաց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը:
17:15 - 08 օգոստոսի, 2022
Արտաշես Թումանյանն արդյունավետ է գնահատել Օվերչուկի և Բելոզյորովի հետ հանդիպումը |armenpress.am|

Արտաշես Թումանյանն արդյունավետ է գնահատել Օվերչուկի և Բելոզյորովի հետ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման հարցով զբաղվող աշխատանքային խումբը սկսել է իր դաշտային աշխատանքները, տեղում գնահատում է իրավիճակը: Կառավարության նիստի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը արդեն դաշտային աշխատանքով է զբաղվելու: Նայում են տարածքները, շինարարության հրապարակների տեղերը: Աշխատանքային խումբը եղել է Երասխում և Մեղրիում, գնահատել իրավիճակը»,- ասաց Փաշինյանը: Աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը նշեց, փետրվարի 2-ին ՀՀ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ հանդիպման արդյունքում աշխատանքի հեռանկարը և ճանապարհային քարտեզը արդեն որոշակիորեն ուրվագծվում է: «Աշխատանքային խումբը սկսել է իր գործունեությունը, առաջին նիստը եղել է, արդեն Հանրապետության առանձին պետական գերատեսչությունների և ռուսական կողմի հետ նախնական նկատառումները կան, թե ինչպես պետք է համագործակցենք: Երեկվա նիստը շատ գործնական էր, և ռուսական կողմը իր տեսլականը ներկայացրեց: Առաջիկա անելիքները պատկերացնում ենք, կարծում եմ հաջողության դեպքում արդյունքներ կունենանք»,- եզրափակեց Թումանյանը:
13:36 - 03 փետրվարի, 2022
Բագրատ Զաքարյանն ընտրվեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար

Բագրատ Զաքարյանն ընտրվեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Բագրատ Զաքարյանն ընտրվել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար։ «Բագրատ Զաքարյանը 15-ից 8 կողմ ձայնով ընտրվեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար»,- գրել է Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Մեղրի համայնքում հաղթել էր Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը: Ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 59,47 տոկոսը։ Մեղրիում պայքարում էին 4 քաղաքական ուժեր՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը «Ապրելու երկիր» կուսակցությունը: «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում էր Բագրատ Զաքարյանը։ Մեղրիի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ «Հանրապետություն» կուսակցություն՝ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 5 մանդատ, «Ազատական» կուսակցություն՝ 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2 մանդատ։
12:46 - 11 նոյեմբերի, 2021
Կոալիցիա Մեղրիում. «Հանրապետություն» և «Ազատական» կուսակցությունները համայնքը կղեկավարեն՝ իրար փոխարինելով |azatutyun.am|

Կոալիցիա Մեղրիում. «Հանրապետություն» և «Ազատական» կուսակցությունները համայնքը կղեկավարեն՝ իրար փոխարինելով |azatutyun.am|

azatutyun.am: Սյունիքի Մեղրի համայնքում Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» ու Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունները կոալիցիոն հուշագիր են ստորագրել։ Ըստ դրա՝ տեղական ինքնակառարման մարմնում երկու քաղաքական ուժերը իշխանությունը բաժանում են միմյանց միջև, պաշտոնավարման 5 տարվա առաջին կեսը` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդությամբ, մյուսը՝ «Ազատականի»: «Հանրապետության» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ավագանու ընտրված անդամները նշում են. «Մենք կառավարումը իրականացնելու ենք մեկս մյուսի հետ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջև»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Մեղրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են մասնակցող բոլոր քաղաքական ուժերը՝ Ազատական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն էր, որի համայնքապետի թեկնածուն Բագրատ Զաքարյանն է։
09:14 - 04 նոյեմբերի, 2021
Այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները․ Վահրամ Թոքմաջյան

Այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները․ Վահրամ Թոքմաջյան

Նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները բավականին մրցակցային էին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանը։ Դաշինքի ներկայացուցիչ Վահրամ Թոքմաջյանը, թեեւ համաձայնեց Գրիգորյանի այս դիտարկման հետ, սակայն արձանագրեց, որ քարոզարշավը բավականին թույլ էր՝ հատկապես Գյումրիի պարագայում։ Նրա դիտարկմամբ՝ Գյումրիում առաջադրված հիմնական ուժերն առաջին հայացքից ջանք ու եռանք չեն ներդրել՝ իրենց ծրագրերն ընտրողներին ներկայացնելու հարցում․ «Նախընտրական քարոզչության փուլում արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են վարչական ռեսուրսի կիրառմանը, որը միահյուսվում է աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրներին։ Ի տարբերություն 2018-ից առաջ եղած ընտրությունների՝ այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները՝ մեկ՝ ՏԻՄ մակարդակում, մեկը՝ պետական մակարդակում»,- ասաց Թոքմաջյանը՝ հավելելով, որ շատ մարզերում, քաղաքներում, գյուղերում գործատուները հիմնականում ընդդիմություն ներկայացող կամ ընդդիմության հետ աղերս ունեցող մարդիկ են, որոնք ունեն բիզնեսներ, իսկ այդ հանգամանքը, բանախոսի կարծիքով, դերակատարում ունեցավ Գյումրու, Գորիսի, Մեղրիի պարագայում․ «Վարչական ռեսուրսին, բիզնեսին, աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրների սահմանը շատ է խախտվել։ Հետաքրքրական է, որ գործում էր կամավոր-պարտադիր սկզբունքը՝ թե՛ հավաքներին մասնակցելու, թե՛ ընտրելու մասով։ Եթե նախկինում «տասովշիկների» զգալի մասն աշխատում էր մեկ-երկու քաղուժի համար, այս ու նախորդ ընտրություններին նրանք այլեւս ունեն ընտրության հնարավորություն՝ ում համար աշխատել։ Փողը մեծ դերակատարում ունեցավ՝ ոչ ընտրակաշառքի ձեւով․ այն կուսակցությունները կամ դաշինքները հաջողեցին, որոնք ֆինանսապես կայուն էին, կարող էին ռեսուրս դնել, դրա շուրջ կառուցել քարոզարշավ, եւ այլն։ Իսկ այն ուժերը, որոնք փող չունեին կամ փող չդրեցին, հաջողություն չգրանցեցին, եւ, կարծում եմ, ապագայում էլ չեն գրանցի»,- ասաց Վահրամ Թոքմաջյանը՝ շեշտելով, որ եթե արեւմտյան ժողովրդավարական երկրներում առկա մոդելը՝ նաեւ կուսակցությունների դրամահավքաների մասով, չկայանա, այդ կուսակցությունները դարձյալ չեն հաջողելու։
17:47 - 18 հոկտեմբերի, 2021
Մեղրիում առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

Մեղրիում առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ընտրություններին մասնակցում էր 4 քաղաքական ուժ՝ «Ազատական», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը համայնքում 8 595 է․ քվեարկությանը մասնակցել է 5 098-ը կամ 59.31%-ը։ Անվավեր է համարվել 124 քվեաթերթիկ։ Ձայները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, բաշխվել են հետեւյալ կերպ․ Ազատական կուսակցություն - 716 կամ 14․04%«Ապրելու երկիր» կուսակցություն - 487 կամ 9․55%«Հանրապետություն» կուսակցություն - 2 133 կամ 41.83%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1 637 կամ 32.11% Հավելենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ Այսպիսով՝ Մեղրի համայնքում անցողիկ շեմը հաղթահարել են մասնակցող բոլոր քաղաքական ուժերը։ Առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է, որի համայնքապետի թեկնածուն Բագրատ Զաքարյանն է։ Վերջինս Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի նախկին պաշտոնակատարն է, որը Infocom-ի հետ զրույցում ներկայացրել է, որ իրենք մշակել են առաջիկա հինգ տարվա աշխատանքների փաթեթ, որտեղ ներառված են նաեւ սուբվենցիոն ծրագրեր։
11:15 - 18 հոկտեմբերի, 2021
Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում

Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում

Տնտեսվարողների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժ ապահովելը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է։ Հայաստանի հարավային տնտեսական սահմանին մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում։ Այստեղ նույնպես, ինչպես հանրապետության հյուսիսային անցակետերում, արդեն գործարկվել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգը։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը: Այս հարթակի օգնությամբ հսկողական փուլերից որևէ մեկը չի կարող շրջանցվել։ Լինի մաքսային զննություն, թե կշռում՝ բոլոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունն ամբողջացվում է, և հետո միայն թույլատրվում բեռնատարի ելքը։ Մաքսակետի վարչական շենքում ՊԵԿ նախագահը ծանոթացել է նաև քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմաններին։ Աշխատանքային շրջայցը Ռուստամ Բադասյանն ամփոփել է Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակազմի հետ հանդիպմամբ։ Նա ընդգծել է մաքսային յուրաքանչյուր ծառայողի կատարած աշխատանքի կարևորությունը և հորդորել վստահորեն շարունակել ծառայությունը՝ մաքսային գործընթացների անխափան իրագործումն օրենքով վերապահված իրավասությունների շրջանակում ապահովելու նպատակով։
18:02 - 07 հոկտեմբերի, 2021