Մոլդովա

Սանդուն Մոլդովայի նախագահը չէ. բնակչության մեծ մասը չի քվեարկել նրա օգտին. Կրեմլ
 |tert.am|

Սանդուն Մոլդովայի նախագահը չէ. բնակչության մեծ մասը չի քվեարկել նրա օգտին. Կրեմլ |tert.am|

tert.am: Մոլդովայում կայացած նախագահական ընտրությունները եղել են ոչ ժողովրդավարական և անարդար, քանի որ հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք ապրում են Ռուսաստանում, նույնիսկ չեն կարողացել քվեարկել։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է iz.ru-ն։«Մենք կարող ենք օբյեկտիվորեն դատել այս ընտրությունների մասին՝ խոսելով Մոլդովայի այն հարյուր հազարավոր քաղաքացիների մասին, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այս քաղաքացիներին հնարավորություն չի տրվել օգտագործելու իրենց ձայնը։ Սա, իհարկե, չէր կարող չանդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա, որոնք, բնականաբար, արդար համարել չենք կարող։ Այս ընտրությունները ո՛չ ժողովրդավարական էին, ո՛չ արդար»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։Նա պնդել է, որ ընտրություններում հաղթող հռչակված Մայա Սանդուն Մոլդովայի նախագահը չէ, քանի որ երկրի բնակչության մեծ մասը չի քվեարկել Սանդուի օգտին։«Սանդուն, որքան մենք հասկանում ենք, իր երկրի նախագահը չէ, քանի որ բուն երկրում նույնպես բնակչության մեծամասնությունը չի քվեարկել նրա օգտին: Մենք խոսում ենք շատ, շատ պառակտված հասարակության մասին», - ասել է Պեսկովը:
14:05 - 05 նոյեմբերի, 2024
 Մարիա Զախարովան անդրադարձել է Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններին

Մարիա Զախարովան անդրադարձել է Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններին, նշելով, որ ընտրություններում գրանցվել է ամենա ոչդեմոկրատական արշավը։ Այս մասին հայտում է ՏԱՍՍ գործակալությունը։  «Մոլդովայի իշխանությունները աննախադեպ բռնաճնշումներ են իրականացրել ընդդիմության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ»,- ասել է Զախարովան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ  Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահի ընտրության երկրորդ փուլում ստացած քվեներով առաջատար է 55,04% արդյունքով։ Նրա մրցակից նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է ընտրողների 44,96%-ը:  Մոլդովայի սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է, որ չի ճանաչում արտերկրի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները, որոնց շնորհիվ էլ հաղթել է գործող նախագահ Մայա Սանդուն։ Կուսակցությունից նշել են, որ Մոլդովայի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է քվեարկել ներկայիս կառավարության քաղաքականությանը։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին` Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ: Վերջինս շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և գրել, որ Մոլդովան արժևորում է Հայաստանի հետ իր բարեկամությունը և համատեղ հավատարմությունը ժողովրդավարությանը։   
23:01 - 04 նոյեմբերի, 2024
Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի ղեկավարները առաջիններից են շնորհավորել Սանդուին |shantnews.am|

Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի ղեկավարները առաջիններից են շնորհավորել Սանդուին |shantnews.am|

shantnews.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան առաջիններից են, ովքեր շնորհավորել են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և խոստացել նրա հետագա աջակցությունը։ Այս մասին նրանք գրել են X-ում։ Ֆոն դեր Լայենն ասել է, որ կարծում է, որ Սանդուն «հազվադեպ ուժ ուներ՝ հաղթահարելու այն տեսակի մարտահրավերները, որոնց բախվել էր ընտրություններում»։ Իր հերթին, Մեցոլան ընդգծել է, որ «Եվրոպան կկանգնի Մոլդովայի կողքին»։ Հիշեցնենք, որ Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահի ընտրության երկրորդ փուլում ստացած քվեներով առաջատար է 55,04% արդյունքով։ Նրա մրցակից նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է ընտրողների 44,96%-ը: 
10:02 - 04 նոյեմբերի, 2024
Սանդուն հաղթում է Մոլդովայի նախագահի ընտրության երկրորդ փուլում
 |1lurer.am|

Սանդուն հաղթում է Մոլդովայի նախագահի ընտրության երկրորդ փուլում |1lurer.am|

1lurer.am: Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահի ընտրության երկրորդ փուլում ստացած քվեներով առաջատար է 55,04 տոկոս արդյունքով։ Նրա մրցակից նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է ընտրողների 44,96 տոկոսը։ Սրանք ԿԸՀ նախնական տվյալներն են՝ 98,92 տոկոս քվեաթերթիկների մշակումից հետո։ Այս ցուցանիշում ներառված չեն արտերկրի որոշ տեղամասերում քվեարկության արդյունքները։ Բուն Մոլդովայում քվեարկության արձանագրություններն ամբողջությամբ մշակվել են։ Համաձայն ԿԸՀ տվյալների՝ երկրի ներսում բնակիչները քվեարկել են գլխավորապես Ստոյանոգլոյի օգտին, ով ստացել է ձայների 51,19 տոկոսը․ նա հաղթել է 36 շրջաններից 19-ում, Սանդուն ստացել է 48,81 տոկոսը ձայների։ Հիշեցնենք՝ երկրի ղեկավարն ընտրվում է 4 տարի ժամկետով: Մասնակցությունը նոյեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 21.00-ի դրությամբ կազմել է 54,07%, քվեարկել է շուրջ 1,7 միլիոն քաղաքացի:
09:40 - 04 նոյեմբերի, 2024
Մոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է եվրաինտեգրման հանրաքվեի արդյունքները
 |1lurer.am|

Մոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է եվրաինտեգրման հանրաքվեի արդյունքները |1lurer.am|

1lurer.am: Մոլդովայի Սահմանադրական դատարանը հինգշաբթի հաստատել է երկրի եվրաինտեգրման հարցով հանրաքվեի արդյունքները։ Այն անցկացվել է հոկտեմբերի 20-ին՝ նախագահի ընտրության հետ միաժամանակ։ Քաղաքացիները պետք է պատասխանեին հարցին. «Դուք սատարո՞ւմ եք Սահմանադրական փոփոխություններին, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը անդամակցի ԵՄ-ին»։ Ըստ ԿԸՀ-ի՝ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 50,72 տոկոս՝ 1531392 ընտրող։ Նրանցից 749719 ընտրող (50,35%) քվեարկել է Սահմանադրության մեջ եվրաինտեգրման մասին դրույթ մտցնելու օգտին, 739155-ը (49,65%) դեմ է արտահայտվել: Այսպիսով, Մոլդովայի Սահմանադրության մեջ մի շարք փոփոխություններ են կատարվելու, այդ թվում՝ Սահմանադրության նախաբանում գրվելու է, որ «Եվրոպական ինտեգրումը Մոլդովայի Հանրապետության ռազմավարական նպատակն է»։ Ավելի վաղ Մոլդովայի ընդդիմադիր կոմունիստների և սոցիալիստների կուսակցությունները կոչ էին արել չճանաչել հանրաքվեի արդյունքները, քանի որ դրա անցկացման ընթացքում «զանգվածային խախտումներ են եղել»։
21:26 - 31 հոկտեմբերի, 2024
Ընտրությունների ընթացքում արձանագրվել են աննախադեպ հարձակումներ ազատության և ժողովրդավարության վրա. Սանդու
 |1lurer.am|

Ընտրությունների ընթացքում արձանագրվել են աննախադեպ հարձակումներ ազատության և ժողովրդավարության վրա. Սանդու |1lurer.am|

1lurer.am: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ հանրապետությունը գտնվում է արտակարգ իրավիճակում, քանի որ արդարադատության համակարգը չի կարող հաղթահարել ընտրական կոռուպցիան։ Մոլդովայում հոկտեմբերի 20-ին տեղի են ունեցել նախագահի ընտրություն և եվրաինտեգրման հարցով հանրաքվե։ Նախագահ Մայա Սանդուն նշել է, որ դրանց շրջանակում արձանագրել են աննախադեպ հարձակումներ ազատության և ժողովրդավարության վրա։ Նա նաև պնդել է, որ իրավապահ մարմիններն ապացույցներ ունեն ընտրողներին կաշառելու փորձերի մասին. ըստ նրա՝ խոսքը 150-300 հազար ձայնի մասին է։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ գողերը վերադառնան իշխանության, պետք է փոխել օրենսդրությունը և ձեռնարկել արտակարգ միջոցներ: Մենք գտնվում ենք արտակարգ իրավիճակում՝ պետության անվտանգությանը սպառնացող վտանգներով, երբ շատ փող ունեցող մարդիկ գնում են որոշումը. Մոլդովայի ինքնիշխան ժողովուրդը պետք է բացահայտի և պատժի բոլորին, ովքեր ներգրավված են այս ամենում, իսկ կառավարությունը և խորհրդարանը պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն»,- հայտարարել է Սանդուն: Մոլդովայում նախագահի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:
19:56 - 25 հոկտեմբերի, 2024
Մոլդովայի ժողովուրդը փոքր տարբերությամբ «այո» է ասել ԵՄ անդամակցությունը որպես սահմանադրական նպատակ ամրագրելու հանրաքվեում

Մոլդովայի ժողովուրդը փոքր տարբերությամբ «այո» է ասել ԵՄ անդամակցությունը որպես սահմանադրական նպատակ ամրագրելու հանրաքվեում

Մոլդովական սփյուռքի ձայների ճնշող աջակցությունը կարողացել է փոքր տարբերությամբ, սակայն փոխել ԵՄ անդամակցությանը վերաբերող քվեարկության արդյունքները:  Ձայները, ի վերջո բաշխվել են հետևյալ կերպ՝ 50.39%-ը քվեարկել է «այո», 49.61%-ը՝ «ոչ»: Նշենք, որ հանրաքվեն նպատակ ուներ որոշել արդյոք պետք է սահմանադրության մեջ ներառել դրույթ, որը ԵՄ անդամակցությունը սահմանում է որպես նպատակ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Մոլդովայում անցկացվել են երկակի քվեարկություններ (նախագահի ընտրություն և ԵՄ անդամակցության հանրաքվե)։ Նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ եղել է արտաքին «աննախադեպ» միջամտություն, երբ նախնական արդյունքները ցույց տվեցին, որ ընտրությունները գնում են դեպի սերտ երկրորդ փուլ, իսկ ԵՄ հանրաքվեն հասել է վերջնագծին։  Ձայների ավելի քան 92%-ի հաշվարկից հետո հայտարարվել էր, որ ԵՄ անդամակցությանը հանրաքվեում մոլդովացիների 52%-ը քվեարկել է «ոչ», իսկ 47%-ը՝ «այո»: 
12:21 - 23 հոկտեմբերի, 2024
Ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովային եվրոպական ընտրության կապակցությամբ |1lurer.am|

Ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովային եվրոպական ընտրության կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովայի ժողովրդին և նախագահ Մայա Սանդուին՝ ԵՄ-ին երկրի անդամակցության հանրաքվեի քվեարկության արդյունքների կապակցությամբ։ Ըստ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեաթերթիկների 99,7%-ի հաշվարկի արդյունքների՝ հանրաքվեի մասնակիցների 50,46%-ը կողմ է արտահայտվել Քիշնևի եվրոպական կուրսին։ Հոկտեմբերի 20-ին Մոլդովայի քաղաքացիներին խնդրել էին պատասխանել «այո» կամ «ոչ» հարցին. «Սատարո՞ւմ եք Սահմանադրության փոփոխություններին, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը միանա Եվրամիությանը»: Նույն օրը Մոլդովայում անցկացվել է նաև նախագահի ընտրություն: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ առաջատարը պետության ներկա ղեկավարՄայա Սանդուն է, որն առաջադրվել է երկրորդ ժամկետի համար: Նա ստացել է ձայների 42 տոկոսից ավելին, Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ, ծագումով Գագաուզիայից Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 26 տոկոս։ Այդ երկու թեկնածուն էլ անցնում է երկրորդ փուլ, որը նշանակված Է նոյեմբերի 3-ին:
20:12 - 21 հոկտեմբերի, 2024
Մոլդովացիների 52%-ը դեմ է քվեարկել ԵՄ անդամակցության մասին դրույթին |civilnet.am|

Մոլդովացիների 52%-ը դեմ է քվեարկել ԵՄ անդամակցության մասին դրույթին |civilnet.am|

civilnet.am: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ կիրակի օրը երկրում անցկացված երկակի քվեարկություններում (նախագահի ընտրություն և ԵՄ անդամակցության հանրաքվե) եղել է արտաքին «աննախադեպ» միջամտություն, երբ նախնական արդյունքները ցույց տվեցին, որ ընտրությունները գնում են դեպի սերտ երկրորդ փուլ, իսկ ԵՄ հանրաքվեն հասել է վերջնագծին, հաղորդում է Reuters-ը։ Նախագահական ընտրություններում Սանդուն ստացել է ձայների 38%-ը, իսկ նրա գլխավոր մրցակիցը՝ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 28%-ը, ինչը նշանակում է երկրորդ փուլ, որը կանցկացվի նոյեմբերի 3-ին: Ձայների ավելի քան 92%-ի հաշվարկից հետո հանրաքվեում մոլդովացիների 52%-ը քվեարկել է «ոչ», իսկ 47%-ը՝ «այո» ԵՄ անդամակցությանը: Չնայած տարբերությանը, վերլուծաբանները նշել են, որ «այո»-ի ճամբարը դեռ կարող է հաղթել, քանի որ մեծամասամբ ԵՄ կողմնակից սփյուռքի քվեաթերթիկները դեռ չեն հաշվարկվել: Հանրաքվեն նպատակ ուներ որոշել՝ արդյոք սահմանադրության մեջ ներառել դրույթ, որը ԵՄ անդամակցությունը սահմանում է որպես նպատակ: «Ոչ» քվեն իրավաբանորեն պարտադիր չի լինի, բայց կնպաստի Ստոյանոգլոյի քարոզարշավին և հարված կլինի Սանդուին: Արևմտամետ գործող նախագահը ցանկանում է, որ Մոլդովան մինչև 2030-ը միանա ԵՄ-ին: Մոլդովացիներին հղած ուղերձում Սանդուն ասել է, թե կան «հստակ ապացույցներ», որ քրեական խմբավորումները, համագործակցելով Մոլդովայի շահերին թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի հետ, փորձել են գնել 300,000 ձայն, ինչը նա անվանել է «աննախադեպ մասշտաբի խարդախություն»: «Նրանց նպատակն էր խաթարել ժողովրդավարական գործընթացը: Նրանց մտադրությունն էր հասարակության մեջ վախ և խուճապ տարածել… Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին, և կպատասխանենք վճռական որոշումներով», – ասել է նա: Քվեարկությունից առաջ մի շարք մեղադրանքներ են հնչել Ռուսաստանում բնակվող և փախուստի դիմած մագնատ Իլան Շորի հասցեին՝ ընտրություններին միջամտության վերաբերյալ: Մոսկվան հերքում է միջամտությունը։ Շորը ևս հերքում է իրեն մեղսագրվող արարքները: Այս ամսվա սկզբին Մոլդովայի ոստիկանությունը Շորի դեմ մեղադրանք էր առաջադրել, և նա հեռակա դատապարտվել է խարդախության և գողության համար՝ առնվազն 130,000 ընտրողների կաշառելու փորձի մեջ՝ «ոչ» քվեարկելու և ընտրություններում «մեր թեկնածուին» աջակցելու համար: Շորը սոցիալական ցանցերում բացահայտ առաջարկել է վճարել մոլդովացիներին՝ մյուսներին համոզելու որոշակի քվեարկելու, և ասել է, որ դա իր վաստակած գումարի օրինական օգտագործում է: Երկուշաբթի վաղ առավոտյան նա ասել է, որ մոլդովացիները քվեարկել են հանրաքվեի դեմ։ «Այսօր շնորհավորում եմ ձեզ, դուք պարտվեցիք ճակատամարտում»,- դիմելով Սանդուին՝ ասել է նա: Քվեարկությունից առաջ Մոլդովայի իշխանությունները փակել էին առցանց ռեսուրսներ, որոնք, ըստ նրանց, ապատեղեկատվություն էին տարածում։ Իշխանությունները հայտարարել էին, թե բացահայտել են Ռուսաստանում մոլդովացիներին զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերապատրաստման մի պլան և քրեական գործեր էին հարուցել Շորի կողմնակիցների դեմ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:59 - 21 հոկտեմբերի, 2024
Ուկրաինայում պատերազմի, Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքները կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. Զուրաբիշվիլի |tert.am|

Ուկրաինայում պատերազմի, Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքները կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. Զուրաբիշվիլի |tert.am|

tert.am: Ուկրաինայում պատերազմի, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներն ի թիվս այլնի կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ընդգծելով, որ պաշտոնական Երևանը գնում է Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով:«Վրաստանում միշտ եղել են դեմոկրատական և եվրոպամետ ուժեր։ Նրանք ներկայացնում են երկրի մեծ մասը։ Նրանք գիտեն, թե որտեղ է մեր ապագան։ Նրանք գիտեն, որ Վրաստանն այլ այլընտրանք չունի։ Վրաստանի բնակչության 80 տոկոսը, չնայած պատերազմին և Ռուսաստանի բազմաթիվ փորձերին՝ փոխելու Վրաստանի ուղին, երկար տարիներ հաստատակամորեն աջակցել է եվրոպական ուղուն և Վրաստանի եվրոպական ապագային։ Հոկտեմբերի 26-ին նշանակված ընտրությունները վճռորոշ են լինելու: Շատ ուժեր գործում են Վրաստանի կամքին հակառակ, բայց ես վստահ եմ, որ մեր ապագան Եվրոպայում է։ Ուկրաինան, այժմ պայքարելով իր անկախության համար, պայքարում է նաև Եվրոպայի, ինչպես նաև Վրաստանի ազատության համար։ Եվրոպայի ճակատագիրը կորոշվի Ուկրաինայի պատերազմի, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներով։ Դրանք կկանխորոշեն նաև Սև ծովի անվտանգությունը և ապագան... Դրանք կկանխորոշեն Եվրոպայի և մեր արևմտյան գործընկերների դերը կովկասյան տարածաշրջանում, կկանխորոշեն Հայաստանի ապագան, որը նույնպես գնում է Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով։ Այնպես որ, այն ամենը, ինչ այսօր դրված է խաղասեղանին, շատ կարևոր է, և ամենակարևորը խաղաղությունն է: Խաղաղություն, որը կարտահայտվի Վրաստանում և Մոլդովայում ժողովուրդների ազատ կամարտահայտմամբ»,- ասել է Զուրաբիշվիլին։Հոկտեմբերին Մոլդովայում կայանալու են նախագահական, իսկ Վրաստանում՝ խորհրդարանական ընտրություններ:
13:19 - 02 հոկտեմբերի, 2024
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա խարսխված կառուցողական հարաբերությունները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ Հայաստանի և Մոլդովայի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման համար, որին նոր լիցք է հաղորդվել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացմամբ: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և ամենայն բարիք»:
10:12 - 27 օգոստոսի, 2024
ՀՀ և Մոլդովայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարբեր հարթակներում համագործակցության օրակարգի ընդլայնման պատրաստակամությունը

ՀՀ և Մոլդովայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարբեր հարթակներում համագործակցության օրակարգի ընդլայնման պատրաստակամությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ այդ հարցում ընդգծելով նաև երկու գերատեսչությունների միջև վերջերս կայացած քաղաքական խորհրդակցությունները և դրանց շարունակականության կարևորությունը։ Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները ընդգծել են տարբեր հարթակներում համագործակցության օրակարգի ընդլայնման, այդ նպատակով փոխայցելությունների և ոլորտային ուղղություններով փորձի փոխանակման իրականացման հարցում փոխադարձ պատրաստակամությունը։
21:28 - 26 օգոստոսի, 2024