ԿԱՐԴԱԼԻՔ

40 վկա, 14 տուժող եւ տուժողի 15 իրավահաջորդ․ ավարտվեց Խուռհատ սարի գործով դատակոչվածների հարցաքննության փուլը

40 վկա, 14 տուժող եւ տուժողի 15 իրավահաջորդ․ ավարտվեց Խուռհատ սարի գործով դատակոչվածների հարցաքննության փուլը

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով գրեթե 2 տարվա ընթացքում հարցաքննվեց 40 վկա, 14 տուժող եւ տուժողի 15 իրավահաջորդ։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր ավարտեց դատակոչի ցուցակում ներառված անձանց հարցաքննության փուլը։ Հիշեցնենք՝ գումարտակի մոտ 400-հոգանոց անձնակազմը Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Այժմ Վահանյանը մեղադրվում է մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Դատակոչված անձանցից մի քանիսը հարցաքննությունների ողջ ընթացքում դատարան այդպես էլ չներկայացան։ Պատճառները տարբեր են։ Ոմանք մահացել են, ոմանք վատառողջ են, ոմանք գտնվում են Հայաստանից դուրս, ոմանց էլ 2023 թ․ սեպտեմբերին Արցախից Հայաստան բռնի տեղահանումից հետո գտնել չի հաջողվել․ նրանք այլեւս չեն բնակվում այն հասցեներում, որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն է դատարանին տրամադրել, դատարանի կողմից ոստիկանություն ուղարկված գրությունների հիման վրա եւս նրանց հնարավոր չի եղել հայտնաբերել։ Դիմելով դատավարության մասնակիցներին՝ դատավորը հետաքրքրվեց, թե ինչ առաջարկներ կան այդ անձանց հետ կապված։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց՝ եթե ձեռնարկվել են բոլոր միջոցները նրանց հայտնաբերելու եւ հարցաքննելու ուղղությամբ, իր առաջարկն է հրապարակել այդ անձանց նախաքննական ցուցմունքները, որպեսզի ապահովվի գործի քննության ողջամիտ ժամկետը։ Փաստաբան Գուրգեն Գրիգորյան Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը նշեց՝ դեմ չէ հրապարակել այն անձանց ցուցմունքները, որոնք Հայաստանում չեն, սակայն առաջարկեց իրավական լուծման առկայության դեպքում մյուսների որոնումները շարունակել, իսկ մինչ այդ տուժողի իրավահաջորդ ճանաչել եւ հարցաքննել զոհված զինծառայողների այն ծնողներին, որոնք մինչ օրս այդ կարգավիճակը չունեն։ Հիշեցնենք՝ քրեական գործի քննության դեռ ամենասկզբում տուժող կողմը բարձրաձայնել է թերի նախաքննության մասին՝ դժգոհություն հայտնելով, որ մի շարք ծնողներ տուժողի իրավահաջորդ չեն ճանաչվել, չեն հարցաքննվել, ինչով պայմանավորված՝ նաեւ դատարանում չեն կարողացել իրացնել իրենց իրավունքները։ Դատարանը որոշել է այդ հարցին անդրադառնալ ապացույցները սահմանված հաջորդականությամբ հետազոտելուց հետո։  Ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը դիրքորոշում չհայտնեց, նշեց՝ թողնում է դատարանի հայեցողությանը։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց հրապարակել 8 անձի նախաքննական ցուցմունք․ «Ըստ էության, այս վկաները նույնաբովանդակ եւ մեղադրանքի էության համար ոչ այնքան կարեւոր ցուցմունքներ են տվել․․․ Եթե հիմա հրապարակենք, եւ Վահանյանը կամ նրա պաշտպանը ասեն՝ ոչ, մենք ցանկանում ենք օգտվել հակընդդեմ հարցման իրավունքից, կփորձենք այլ միջոցներ ձեռնարկել, ուղղակի այս պահին էլ ոչ մի ձեւ չենք կարող առաջ գնալ»,– պարզաբանեց դատավորը: Տուժող Նիկոլայ Ստեփանյան Տուժող Նիկոլայ Ստեփանյանը մեկն է շրջափակման մեջ մնացած այն 6 տղաներից, որոնք, 70 օր թաքնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վանք գյուղում, 2020 թ․ դեկտեմբերի 20-ին կարողացել են կապի դուրս գալ եւ փրկվել։ Ըստ դատարանի ստացած տեղեկությունների՝ 2024 թ․ հունվարի 25-ին նա լքել է ՀՀ–ն։ Ստեփանյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 1-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է նռնականետի օգնական։ Հրապարակելով ցուցմունքի՝ առավելապես Խուռհատ սարին վերաբերելի դրվագները՝  դատավորը ընթերցեց, թե ինչպես է Ստեփանյանը ներկայացրել Վահանյանի գործողությունները․  «Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11–ի սահմաններում, հակառակորդը հարձակում գործեց մեր ուղղությամբ, եւ հիշում եմ, որ այդ ժամանակ մայոր Իշխան Վահանյանը գտնվում էր սարի ներքեւի հատվածում՝ մեքենաների մոտ։ Ասում էր՝ կրակեք մեկ աջ ուղղությամբ, մեկ՝ ձախ, եւ կոնկրետ հասկանալի էր ինձ համար, որ նա չի տիրապետում իրավիճակին եւ չգիտի՝ ինչ է կատարվում․․․ Այդ ընթացքում, քանի որ հակառակորդի ուժերը շատ էին, մենք հասկանում էինք, որ չէինք կարողանում պաշտպանվել, ունեինք վիրավորներ եւ զոհեր․․․ Մենք սկսեցինք իջնել սարից դեպի մեքենաների կողմ՝ մեզ հետ իջեցնելով վիրավորներին։ Երբ հասանք սարի տակ, վիրավորներին տեղավորում էինք կամազների մեջ, մեքենաների մոտ տեսա Իշխան Վահանյանին եւ Հայկազ Գրիգորյանին։ Վահանյանը Գրիգորյանին ասաց, որ վիրավորների հետ գնում է, քանի որ վիրավորում է ստացել, Գրիգորյանը հարցրեց, թե որտեղից, նա էլ ասաց՝ կողքից․․․ Այդ խոսակցության ժամանակ ես եղել եմ նրանց կողքին, չեմ տեսել՝ Վահանյանը ռադիոկապը հանձնեց Գրիգորյանին, թե ոչ․․․ Վահանյանի վրա որեւէ վիրավորում, վնասվածք կամ արյան հետք չտեսա։ Եթե լիներ, հաստատ կտեսնեի, քանի որ 2–3 մ հեռավորության վրա էի։ Տեսա, որ այդ ամենը լսելուց հետո նա նստեց ավտոմեքենան եւ գնաց՝ զորքին թողնելով առանց հրամանատարի․․․ Այդ ժամանակ հակառակորդը շարունակում էր գրոհել։ Զորքը խուճապահար վիճակում էր։ Վահանյանի այդ պահվածքը ավելի մեծացրեց խուճապը։ Վահանյանը, կարելի է ասել արագ քայլելով, առանց վիրավորում ունեցողի տպավորություն թողնելով, գնաց դեպի մեքենան եւ հեռացավ, որը ինձ համար շատ զարմանալի եւ անսպասելի էր։ Այդ ամենը տեսան նաեւ մեր անձնակազմի տղաները, եւ բոլորիս մոտ մի տեսակ զարմանք եւ հիասթափություն առաջացրեց նրա պահվածքը»,– պատմել է Նիկոլայը։ Նա նաեւ նշել է, որ եթե հստակ հրամաններ լինեին, զորքը, չնայած խուճապին, ի վիճակի էր դրանք կատարել։ Եթե Վահանյանը զորքի մոտ լիներ, դա, ըստ նրա, շատ բան կփոխեր։ Քննիչի հարցին՝ տեղյա՞կ էին, որ գրավված Հադրութի ուղղությամբ են շարժվում, տուժողը բացասական պատասխան է տվել՝ ասելով, որ զորքի մասնատվելուց հետո նույնիսկ հակառակ խոսակցությունն է եղել, թե իբր յուրային զորքեր են Հադրութում։ Փորձագետ Արշակ Ալեքսանյան Հաջորդիվ դատարանը հրապարակեց Առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետ, դատաբժիշկ Արշակ Ալեքսանյանի ցուցմունքը։ Վերջինս Վահանյանին փորձաքննության է ենթարկել պատերազմից մոտ 5 ամիս անց, եւ տրված եզրակացության վերաբերյալ քննիչը նրան հարցեր է հղել։ Ալեքսանյանը այժմ ՀՀ–ում չէ։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Հանրային մեղադրողը հայտնեց, որ իր ցուցմունքում փորձագետը նշել է, որ Վահանյանը ստացել է մարմնական վնասվածք աջ ազդրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձեւով, որը պատճառվել է պայթյունից առաջացած բեկորի հետեւանքով, առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում, թեթեւ վնաս։ Զննությունից բացի այս եզրահանգման հիմք են հանդիսացել նաեւ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի թվագրմամբ բժշական հետազոտության փաստաթղթերը։ Նշենք, որ Վահանյանն ի սկզբանե ընդունվել եւ բուժզննում է անցել Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Ելնելով վնասվածքի բնույթից՝ փորձագետը նշել է, որ Վահանյանը միանշանակ կարող էր ինքնուրույն գործողություններ կատարել եւ հանգիստ տեղաշարժվել։ Քննիչի հարցին, թե ինչու սեպտեմբերի 29-ի ենթադրյալ վիրավորմանն անդրադարձ չի արվել՝ փորձագետը պատասխանել է, որ այդ մասին Վահանյանը նշել է իր բանավոր խոսքում, սակայն դրանք իր համար հիմք չեն հանդիսացել, քանի բժշկական փաստաթղթեր առկա չեն եղել, իսկ միայն զննության տվյալներով հնարավոր չի եղել եզրակացություն տալ, քանի որ բավականին ժամանակ է անցել, եւ վերքն ունեցել է սպիի տեսք։ Նշենք, որ ըստ որոշ տուժողների՝ Վահանյանն իրականում հոկտեմբերի 10-ից առաջ է վիրավորվել (գուցե հենց սեպտեմբերի 29-ին), սակայն հոկտեմբերի 10-ին իր վերքը քչփորել է, որպեսզի մարտի դաշտը լքելու պատրվակ ստեղծի։ Տուժողի իրավահաջորդ Հակոբ Մկրտչյան Տուժողի իրավահաջորդ Հակոբ Մկրտչյանը դատարան չի կարողանում ներկայանալ առողջական խնդիրների պատճառով։ Նա շարքային Արտյոմ Մկրտչյանի հայրն է։ Արտյոմը բանակ է զորակոչվել  2020 թ․ հունիսի 27-ին։ Նախաքննության ժամանակ Հակոբ Մկրտչյանը պատմել է, որ պատերազմի ընթացքում կապի մեջ է եղել իր որդու հետ սերժանտ Հարություն Կարախանյանի հեռախոսահամարով։ Վերջին անգամ նրա հետ խոսել է հոկտեմբերի 14-ին։ Որդին ասել է, որ 20 հոգով են, բայց չի հայտնել, որ շրջափակման մեջ են։ Այդ մասին հայրը հետագայում այլ ծնողների հետ հանդիպումներից եւ զրույցներից է իմացել։ Իմացել է նաեւ, որ նոյեմբերի 23–ին կամ 24–ին տղաները դեռ ողջ են եղել, քանի որ Կարախանյանի համարից զանգ է եղել ԱԻՆ։ «Լսել եմ, որ հոկտեմբերի սկզբին Ջաբրայիլի զորամասի զինվորներին, այդ թվում՝ որդուս, տեղափոխել են Հադրութ, 2–3 օր պահել դպրոցում, ապա տարել դիրքեր, որտեղից նրանց գումարտակի հրամանատար Վահանյանը փախել է՝ տղաներին թողնելով մարտի դաշտում։ Ընդհանուր խոսակցություններից հասկացել եմ, որ իրականում ոչինչ չի արել երեխաներին շրջափակումից հանելու համար»,– ասել է հայրն ու պահանջել, որ Վահանյանը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ։ Արտյոմ Մկրտչյանի դին հայտնաբերվել է 2020 թ․ նոյեմբերի 27-ի առավոտյան։ Թե կոնկրետ որտեղից, հայրը այդպես էլ չի իմացել։  Վկա Վարազդատ Հովհաննիսյան Հաջորդիվ դատարանը հրապարակեց վկա Վարազդատ Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքը։ Վերջինս բացակայում է ՀՀ–ից։ Խոսելով Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերի մասին՝ Հովհաննիսյանը մեկնաբանել է Վահանյանի՝ սարի ներքեւում մնալու հանգամանքը․ «Վահանյանի կողմից մեր թիկուքնում մնալը պայմանավորված է նրանով, որ վերջինս չի ցանկացել առավել վտանգավոր վայր բարձրանալ եւ մեր վիրավոր ընկերներին բերելու համար որոշել է մեզ ուղարկել»։ Դատավոր Ջոն Հայրապետյանը Հովհաննիսյանը պատմել է, որ  երբ արդեն նահանջում էին, ինքը շրջվել է, որ հասկանա՝ ինչ հրաման պետք է ստանան, սակայն տեսել է, թե ինչպես է Վահանյանը վազելով իջնում սարից եւ նստում կանաչ մեքենան․ «Այդ ընթացքում կամավոր Արտյոմը գոռացել է՝ զորքդ մեղկ է, էրեխեքիդ մի կոտորի, սակայն Վահանյանը չի լսել եւ փախել է՝  մեզ թողնելով առանց հրամանատարի, զորքի մոտ առաջացել է խուճապ, քանի որ բոլորս եղել ենք նորակոչիկ եւ չենք հասկացել՝ ինչ գործողություններ պիտի կատարեինք, որպեսզի չզոհվեինք կամ չգերեվարվեինք»,– ասել է Հովհաննիսյանը։ Վկա Վահագն Բարսեղյան Վկա Վահագն Բարսեղյանը մահացել է։ Նա եղել է 2-րդ վաշտի հրամանատարը։ Բարսեղյանի ցուցմունքը վերաբերում էր առավելապես  հոկտեմբերի 2-ին Նյուզգար կոչվող տեղամասում Իշխան Վահանյանի գործողություններին, որտեղ նա փորձել է շտապօգնության մեքենայով վիրավորներին տեղափոխել, խոստացել վերադառնալ մյուսների հետեւից, սակայն այդպես էլ չի վերադարձել։ Վահանյանի մեղադրանքը, սակայն, այժմ վերաբերում է միայն Խուռհատ սարի իրադարձություններին։ Դրանց Բարսեղյանը տեղյակ չի եղել, նշել է միայն, որ հոկտեմբերի 11-ից սկսած՝ Վահանյանի հետ չեն կարողացել կապ հաստատել։ Վկա Սերգեյ Առաքելյան Վկա Սերգեյ Առաքելյանը եղել է 2-րդ վաշտի կրտսեր սերժանտ։ Նա ներկայումս ՌԴ–ում է։ Առաքելյանը եւս ցուցմունք է տվել Նյուզգար կոչվող տեղամասում իրադարձությունների մասին, պատմել, որ Իշխան Վահանյանը մեքենայից դուրս չի եկել, խոստացել է, որ կվերադառնա վիրավորների հետեւից, սակայն այդպես էլ չի վերադարձել։ Վկա Լեւոն Հայրապետյան Նույն դրվագի մասին նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել նաեւ պայմանագրային ծառայող, վարորդ Լեւոն Հայրապետյանը։ Նա նշել, է, որ  այն ճանապարհը, որով Վահանյանը պարտավորվել է վիրավորներին զորամաս տեղափոխելուց հետո վերադառնալ, հակառակորդի հսկողության տակ չի գտնվել։ Թեեւ ռմբակոծվել է, սակայն երթեւեկելը հնարավոր եղել է, եւ ինքը դրանից հետո այդ ճանապարհով մի քանի անգամ երթեւեկել է։  Վկա Դմիտրի Սարգսյան Վկա Դմիտրի Սարգսյանը Արցախի բնակիչ է, ծառայել է 1-ին դասակի 1-ին վաշտի 1-ին ջոկում։ Նախաքննության ժամանակ նա պատմել է, որ Խուռհատ սարում Վահանյանը տվել է դիրքավորվելու հրաման։  Երբ հակառակորդը հարձակվել է, ինքը շրջվել է, որպեսզի հասկանա, թե ինչ հրաման պիտի ստանան, սակայն տեսել է, թե ոնց է Վահանյանը նստում կայանած ավտոմեքենան եւ փախչում այդ վայրից։ Ըստ վկայի՝ սարից իջնելուց հետո կամավորական Արտյոմը կապ է հաստատել Վահանյանի հետ, հարցրել, թե ինչու է փախել, զորքին մենակ թողել, նա էլ պատասխանել է, թե վիրավոր է։ Այս վկայի խոսքով եւս՝ Վահանյանի փախուստից զորքի մոտ խուճապ է առաջացել։ Վկա Արազ Խաչատրյան Արազ Խաչատրյանը եղել է 3-րդ ջոկի զինծառայող։ Նախաքննության ժամանակ խոսելով Խուռհատ սարի դեպքերից՝ նա պատմել է, որ շատ զոհեր եւ վիրավորներ են ունեցել, զորքը խառնված վիճակում է եղել, եւ Վահանյանը մարտի դաշտից փախուստի է դիմել։ Խաչատրյանը նկարագրել է նաեւ, թե ինչպես է Հայկազ Գրիգորյանի ղեկավարած խմբով քայլելով դուրս եկել շրջափակումից։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 18-ին։   Միլենա Խաչիկյան
23:15 - 15 մարտի, 2024
73 զինծառայողների զոհվելու գործով դատաքննությունը՝ առանց մեղադրյալ սպաների մասնակցության

73 զինծառայողների զոհվելու գործով դատաքննությունը՝ առանց մեղադրյալ սպաների մասնակցության

44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ դատական քննությունն այսուհետ կշարունակվի առանց երկու մեղադրյալների մասնակցության։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարնի Շենգավիթի նստավայրում շարունակվում է այս գործով դատաքննությունը․ այսօրվա դատական նիստի ժամանակ գործով մեղադրյալ, ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը միջնորդեց առանց իր պաշտպանյալի շարունակել հետագա դատաքննությունը, ինչը եւ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց։ Նախորդ դատական նիստին էլ մյուս մեղադրյալի՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էր իր պաշտպանյալի վերաբերյալ նման միջնորդությամբ հանդես եկել, այն եւս բավարարվել էր։ Եթե Գոռ Իշխանյանի պաշտպանի միջնորդության հիմքն այն էր, որ դատական նիստերի դահլիճում իրադրությունը լարվում է, եւ իր պաշտպայալի բացակայության դեպքում քննությունն ավելի արագ կընթանա, ապա Մարտիրոսյանի պաշտպաններն իրենց միջնորդությունը ներկայացնելիս նշեցին այն հանգամանքը, որ իրենց պաշտպանյալին մեղսագրվող արարքը միջին ծանրության է, եւ նա կարող է ներկայանալ դատարան, երբ դրա անհրաժեշտությունը կլինի։ Հանրային մեղադրող Գ․ Մղդեսյանը պաշտպան Բայադյանի միջնորդության վերաբերյալ հանդես եկավ նույն մտահոգությամբ, ինչ Գոռ Իշխանյանի պարագայում՝ իսկ ինչպե՞ս է մեղադրյալն ապացույցների հետազոտման ցանկացած պահի իրացնելու ցուցմունք տալու իր իրավունքը, եթե չլինի նիստերի դահլիճում։ Ի պատասխան՝ դատավոր Գաբրիելյանն արձագանքեց, որ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցաքների դեպքում դատական քննությունը կարղ է անցկացվել մեղադրյալի բացակայությամբ, եթե նման միջնորդություն է ներկայացվել, իսկ եթե նրա մասնակցությունը պարտադիր համարվի, դատարանը դահլիճ կհրավիրի մեղադրյալներին, կհետաքրքրվի համապատասխան դիրքորոշման մասին։ Միջնորդության բավարարումից անմիջապես հետո մեղադրյալ Նվեր Մարտիրոսյանը լքեց նիստերի դահլիճը։ Դրանից հետո դատարանը հայտարարեց հիմնական դատալսումներ նշանակելու որոշման մասին, եւ հանրային մեղադրողը ներկայացրեց Գոռ Իշխանյանի եւ Նվեր Մարտիրոսյանի մեղադրական եզրակացությունները։ Ըստ մեղադրական եզրակացության՝ հրամանատարները պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները, ինչի հետեւանքով զոհվել է 73 զինծառայող Գոռ Էդուարդի Իշխանյանը, որը ծնվել է 1971թ․-ի ապրիլի 3-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում, զբաղեցրել է ՊԲ N զորամասի հրամանատարի պաշտոնը։ Նա մեղադրվում է այն արարքի համար, որ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ եւ պաշտոնատար անձ, ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։  Գոռ Իշխանյանը, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համաձայն ի պաշտոնե իրավասու է եղել տալ հրամաններ, կարգադրություններ եւ ապահովել դրանց կատարումը։ Մասնավորապես, ինչպես ներկայացրեց հանրային մեղադրողը, Գոռ Իշխանյանը ՊԲ հրամանատարի 2020թ․ հոկտեմբերի 11-ի N գաղտնի հրամանի համաձայն մարտական խնդիր կատարելու համար պետք է մեկ հրաձգային վաշտ ուղարկեր ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարության ներքո Հադրութի շրջանի ճանապարհների խաչմերուկի «9-րդ կմ» կոչվող տեղամաս։  «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համաձայն՝ մինչեւ ենթականերին հրաման տալը՝ Գոռ Իշխանյանը պարտավոր էր համակողմանիորեն գնահատել իրադրությունը, մանրակրկիտ ուսումնասիրել ՊԲ հրամանատարի կողմից տրված մարտական կարգադրությունը եւ իր կողմից տրվող մարտական կարգադրությունում պահպանել ՀՀ ՊՆ N հրամանով հաստատված մարտական կանոնադրության 1-ին մասի եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի N դիրեկտիվով մարտական կարգադրությանը ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները՝ այն է՝ մեկնող անձնակազմին տրամադրել հակառակորդի վերաբերյալ գնահատումից բխող հակիրճ եզրակացություններ, երթի սկսման եւ ավարտման ժամեր»,- ներկայացրեց մեղադրողը՝ նշելով, սակայն, որ մարտական կարգադրության կազմման եւ կատարման սահմանված պարտադիր պահանջները կատարելու փոխարեն՝ Գոռ Իշխանյանը սահմանված պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել դրանք, այլ կերպ ասած՝ ՊԲ հրամանատարի մարտական կարգադրության հիման վրա զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտին տրված մարտական կարգադրությունում չի ներառել եւ պահպանել վերը նշված պարտադիր պահանջները։  Բացի դրանից, ըստ մեղադրական եզրակացության, մարտական կարգադրությունն ի սկզբանե տվել է բանավոր եղանակով, որի դեպքում եւս չեն նշվել մարտական կարգադրությանը վերաբերելի՝ վերը հիշատակված պարտադիր պահանջները։ Գոռ Իշխանյանը, հանդիսանալով ՊԲ N զորամասի հրամանատար, անձնակազմի կողմից երթը սկսելուց հետո որեւէ եղանակով չի վերահսկել անձնակազմի տեղաշարժը, ինչպես նաեւ միջոցներ չի ձեռնարկել ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարության հետ համագործակցությունը կազմակերպելու ուղղությամբ, որոնց արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ՝ ՊԲ N զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 զինծառայողներից բաղկացած անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով 2020թ․ հոկտեմբերի 11-ին կեսօրին անցել է Հադրութի «9-րդ կմ» կոչվող ճանապարհների խաչմերուկ տեղամասը եւ հայտնվել Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ հակառակորդի ռմբակոծության եւ դիվերսիոն գործողությունների հետեւանքով անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։  Նվեր Վիտալիի Մարտիրոսյանը, որը ծնվել է 1976 թվականի մայիսի 23-ին ԼՂ Մարտունի քաղաքում, զբաղեցրել է ՊԲ օպերատիվ բաժնի պետի պաշտոնը, կոչումով գնդապետ է, ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Նա մեղադրվում է այն արարքի համար, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ եւ ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։  Մասնավորապես, Նվեր Մարտիրոսյանը 2017-ի դեկտեմբերից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 26-ը, զբաղեցնելով ՊԲ օպերատիվ բաժնի պետի պաշտոնը, հոկտեմբերի 11-ին ՊԲ հրամանատարի կողմից խնդիր է ստացել պատրաստել մարտական կարգադրություն՝ ՊԲ N զորամասից մեկ վաշտ ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի ենթակայության ներքո ուղարկելու վերաբերյալ։ Նվեր Մարտիրոսյանը նույն օրը ՊԲ հրամանատարի ստորագրմանն է ներկայացրել թիվ 08 մարտական կարգադրությունը, համաձայն որի՝ մարտական խնդիր կատարելու համար ՊԲ N զորամասից պետք է մեկ վաշտ համապատասխան երթուղով մեկներ Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցներ ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի ներքո, մինչդեռ, ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, Մարտիրոսյանը, անփույթ վերաբերմունք դրսեւորելով իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, դրանք կատարել է ոչ պատշաճ, ՊԲ հրամանատարի ստորագրմանը ներկայացված մարտական կարգադրության մեջ չի նշել հակառակորդի վերաբերյալ գնահատումից բխող հակիրճ եզրակացություններ, երթի սկսման եւ ավարտման ժամը, որի հետեւանքով ՊԲ հրամանատարի կողմից արձակած մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի կողմից զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտին նույն օրը տրվել է մարտական կարգադրություն, որում, ինչպես նշեցինք վերեւում, վերջինիս կողմից նույնպես չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։  «Այնուհետեւ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի հրամանատարի կողմից ՊԲ օպերատիվ շտաբ զեկուցվել է անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, եւ վերջինս տվել է հանձնարարություն՝ վաշտի երթի վերաբերյալ տեղեկատվությունը 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին փոխանցելու վերաբերյալ, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանը մինչ այդ եւ դրանից հետո միջոցներ չի ձեռնարկել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարության հետ համագործակցությունը կազմակերելու ուղղությամբ, երթի սկսման վերաբերյալ չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ (73 զինծառայողները զոհվել են Այգեստան գյուղում,-հեղ․)»,- նշեց հանրային մեղադրող Մղդեսյանը։ Մեղադրյալ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը մեղադրական եզրակացությունը լսելուց հետո հայտարարեց, որ ներկայացված մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը։ Նա նշեց, որ Մարտիրոսյանը հետագայում իր ցուցմունքում կներկայացնի բոլոր հանգամանքները։ Գոռ Իշխանյանի պաշտպանը կարծում է՝ վարույթն իրականացնող մարմինը փորձել է ծածկադմփոց անել Մեղադրյալ Գոռ Իշխանյանի պաշտպանը հայտարարեց, որ վարույթն իրականացնող մարմինը, «գտնելով» մեղավորներ, փորձել է ծածկադմփոց անել․ «Բայց իրականում գործի մեղադրանքը լսելիս նկատում ենք, որ բազմաթիվ դիտավորյալ գործողությունների մեջ հանկարծ որոշվեց, որ Գոռ Իշխանյանն անզգույշ արարաք է կատարել, եւ մեր զոհերի պատճառը եղել է ինքը»,- ասաց պաշտպանը։ Նա հայտարարեց, որ քննությամբ առաջին հերթին պետք է պարզել՝ ընդհանրապես իրավաչա՞փ է եղել դիվիզիան «9 կմ» կոչվող տեղանքի ուղղությամբ ուղարկելու՝ Ջալալ Հարությունյանի հրամանը․ «Մեղադրողը հրապարակում է մեղադրանքը, բայց ընդհանրապես ոչինչ չի խոսում Ջալալ Հարությունյանի կարգադրության մասին։ Տվյալ կա, պարզ օրինակ, որ շրջանցվեց․ գործընկերները որպես ապացույց ներկայացրել են Մարտական կանոնադրություն համար մեկը, որով կարգավորվում են բոլորի լիազորությունները, այնտեղից նշումներ են արել, թե ինչ պարտականություն ուներ Գոռ Իշխանյանը, այդ նշումներից մի պարտականություն ասեմ․ էդ Մարտական կանոնադրության մեջ հստակ գրված է՝ երբ զորքն անցնում է պաշտպանության, պաշտպանության դեպքում անպայման ինժեներական արգելափակոցներ են դրվում։ Գրված է, որ ուրիշ ՊՇ ուղարկեց զորքին, մինչեւ վերջ հետեւողական չեղավ զորքի ճակատագրին, բայց Գոռ Իշախնյանը կատարել է Ջալալ Հարությունյանի հրամանը, մյուս կողմից էլ պիտի գնային (զորքը,-հեղ․) Կարեն Առուստամյանի մոտ։ Մինչեւ էս երեխեքի էնտեղ հասնելը էնտեղ գնացել է հակատանկային դասակ, որը մինչեւ «9 կմ» հասնելը հակառակորդի կողմից ռմբակոծվել է»,- հայտարարեց Գոռ Իշխանյանի պաշտպանը։ Ըստ նրա հայտնած տեղեկությունների՝ Կարեն Առուստամյանը եկել, ասել է՝ անցնել պաշտպանության, իսկ Մարտական կանոնադրության համաձայն՝ այդ ժամանակ ամբողջ ճանապարհը պիտի փակվեր, մինչդեռ չի փակվել։ Սակայն, ըստ պաշտպանի, Կարեն Առստամյանը եւ նրա կողմնակիցները, հասկանալով Կանոնադրության այդ պահանջը, հետաքրքիր մոտեցում են ցուցաբերել՝ բոլորը հանկարծ ասելով, թե Առստամյանը փակել է տվել ճանապարհը․ «Իրենք հասկանում են, որ տղերքի գալուց առաջ, եթե էդտեղ ռմբակոծվել է, ճանապարհը վտանգավոր է եղել, եւ Մարտական կանոնադրությունը պահանջում է, որ ճանապարհը փակես՝ անգամ յուրայինները չգնան վտանգի տակ։ Դրա համար էդպիսի ցուցմունք են տալիս»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ պարզվում է՝ ռմբակոծության տակ հայտնված տղաները հայտարարել են, որ ճանապարհը չի էլ փակվել։  «Հիմա, որ հարգարժան քննչական մարմինն էդ տվյալը տեսնում է, որ Կարեն Առստամյանը, Ջալալ Հարությունյանը չորս ժամ առաջ էդ տվյալը տեսել են, տեսել են՝ վտանգավոր է, թուրքը գրավել է, ինչի՞ են էդ ճանապարհով ուղարկել, ու էդ ճանապարհն արգելափակված չի եղել։ Սա մի հարց է, որ անպայման քննության առարկա պիտի դարձվի»։  Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ նշված մարդիկ՝ Կարեն Առստամյանն ու Ջալալ Հարությունյանը, դատակոչված են որպես վկա, նրանք կհրավիրվեն հարցաքննության եւ պաշտպանի բարձրաձայնած բոլոր հարցերը, որոնք, ըստ նրա, նախաքննության մարմինը վեր չի հանել, կհնչեցվեն։  Դատարանն անցավ ապացույների հետազոտման փուլին, հանրային մեղադրողը սկսեց ներկայացնել ապացույցները՝ այսօրվա դատական նիստում, մասնավորապես, ընթերցելով մարտական կանոնադրության՝ գործին վերաբերելի հոդվածները։ Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 20-ին՝ առավոտյան 9:30։ Հայարփի Բաղդասարյան
23:18 - 11 մարտի, 2024
Ցեխոտ և քարքարոտ հանգիստ աղբակույտերի շուրջ. 182 մլն դրամ՝ Երևանյան լճի հանգստի գոտու կիսաբարեկարգմանը

Ցեխոտ և քարքարոտ հանգիստ աղբակույտերի շուրջ. 182 մլն դրամ՝ Երևանյան լճի հանգստի գոտու կիսաբարեկարգմանը

Քաղաքապետարանն արդեն երկու տարի է, ինչ խոստանում է Երևանյան լիճը մաքրել «50 տարվա աղբից», բարեկարգել լճի շուրջը և հանգստի գոտի կառուցել։ Վերջինը՝ հանգստի գոտին, մոտ 182 մլն դրամով կառուցվել է և արդեն մոտ մեկ տարի է՝ պատրաստ է շահագործման։ Իհարկե, մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերն այստեղ կարող են հանգստանալ, եթե նախընտրում են թափթփված քարեր, աղբակույտեր, ցեխ, հողից դուրս պրծած ոռոգման խողովակներ և լճից «բուրող» գարշահոտություն։  Բարեկարգման աշխատանքներն իրականացրել է «Լիլանարմ» ՍՊԸ-ն, որի տնօրեն Նարեկ Պողոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու է եղել։  Նախահաշվով նախատեսված էր, որ բարեկարգող ընկերությունը աշխատանքները պիտի սկսեր տարածքի աղբը մաքրելուց հետո։  Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշեց, որ թե՛ աշխատանքների ընթացքում, թե՛ դրանց ավարտից հետո աղբը մաքրված է եղել. «Այ թե աղբն ինչ արագությամբ է այդտեղ կուտակվում, չեմ կարող ասել պատճառները՝ ինչու։ Քաղաքապետարանը լիճն ու հարակից տարածքը մաքրելու ուղղությամբ բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում։ Օրինակ՝ անցյալ տարի ափն է հատուկ տեխնիկայի միջոցով մաքրվել, և քաղաքապետարանը Գետառի մասում կառուցում է մաքրման կայան, և ինչքանով տեղյակ եմ, աղբաորսիչ ցանցի կառուցման նախագծի աշխատանքները պատրաստ են և այս տարի, կարծում եմ, կսկսեն շինարարության իրականացումը»,- ասում է վարչության պետը։  Արձանագրենք, որ Քաղաքապետարանի գործադրած ջանքերը դեռևս որևէ արդյունք չեն տվել, քանի որ բարեկարգված տարածքը «մաքրված»  անվանել հնարավոր չէ։ Ժայռոտ հատվածում, որը, ըստ նախագծի, կանաչապատ գոտի էր լինելու, անցկացված է ոռոգման ցանց, սակայն տնկված ծառեր, գազոն, կանաչապատ տարածքներ չկան։ Անհասկանալի է, թե անցկացված խողովակաշարը, որը տեղ-տեղ գետնից բավականին բարձր է, ինչն է ոռոգելու. քարե՞րը, թե՞ մոլախոտերը։ Տարածքի կանաչապատումը պայմանագրից հանվել է բարեկարգման աշխատանքների՝ պայմանագրով նախատեսված ավարտից ընդամենը մեկ ամիս առաջ։ Տիգրան Գեղամյանը խնդիրների հիմքը տեսնում է նախագծի ոչ լիարժեք լինելու մեջ։ Ասում է, որ երբ բարեկարգումը սկսել են, ի հայտ են եկել նոր հանգամանքներ ու այն աշխատանքները, որոնք հնարավոր է եղել իրականացնել Քաղաքապետարանի այլ ստորաբաժանումների կողմից, ստիպված են եղել հանել պայմանագրից։ «Օրինակ՝ նույն ծառերի տնկումը հնարավոր էր մեր Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի միջոցներով հետագայում կազմակերպել, դրա պատճառով արդեն որոշվել է, որ այդ աշխատանքները հանվեն, դրանց փոխարեն հավելյալ այն աշխատանքները ներառեն, որոնք հետագայում ի հայտ են եկել, որ բացակայում են նախագծից։ Մի օրինակ կարող եմ բերել՝ հատակի «բրեկչիա» տիպի սալիկների ստորին հատվածում բացակայել է բետոնի ծածկույթը, առանց որի անհնար էր բրեկչիայի շինարարություն։ Դրա համար այդ աշխատանքները որպեսզի կատարվեն, այլ աշխատանքներ, որոնք հնարավոր էր այլ ժամանակահատվածում իրականացնել, փոխարինվել են», - նշում է Տիգրան Գեղամյանը։ Ձախից՝ նախագիծը, աջ կողմում՝ ներկայիս պատկերը Ի տարբերություն Տիգրան Գեղամյանի՝  «Լիլանարմ» ընկերության տնօրենը «բրեկչիա» սալիկների տեղադրումն առանց բետոնի շերտի անհնար չհամարեց։ Ավելին, նշեց, որ իրենք  սալիկապատել են առանց բետոնի շերտի. «Այնպես չէ, որ ստացվել է մի բան, որը չի ծառայելու»,- ավելացրեց ընկերության տնօրենը։ Նարեկ Պողոյանը նույնպես նշեց հավելյալ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին՝ օրինակ բերելով ճեմուղուց դեպի Իսակովի պողոտա բարձրացող աստիճանների շինարարությունը։ Ընկերության տնօրենը դժվարացավ հիշել՝ երբ է որոշվել կանաչապատման աշխատանքները չիրականացնել։  Ձախից՝ նախագիծը, աջ կողմում՝ ներկայիս պատկերը Տարածքի աշխատանքների ավարտական ակտի ստորագրումից շուրջ մեկ տարի անց արձանագրում ենք, որ հանգստյան գոտում բացակայում են կանաչապատ տարածքները։  Ձախից՝ նախագիծը, աջ կողմում՝ ներկայիս պատկերը Համաձայն քաղաքապետարանի հրապարակած նախագծի՝ հանգստի գոտու մուտքի մոտ պետք է տեղադրվեր էլեկտրական արգելափակոց, որ ավտոմեքենաները չմտնեն ճեմուղի։ Ծավալաթերթ-նախահաշվի վերջնական փոփոխությունից հետո պայմանագրից հանվել է էլեկտրական արգելափակոցը։ Ճեմուղու մուտքի մոտ չկան մեքենաների մուտքն արգելող համապատասխան նշաններ։ Փետրվարի 26-ին և 29-ին՝ մեր նկարահանման ժամանակ էլ ֆիքսեցինք, որ մեքենաներն ազատ երթևեկում են ճեմուղու տարածքում։ Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը նշեց, որ չգիտի՝ ինչու է կայացվել արգելափակոց չտեղադրելու որոշումը, քանի որ այդ ժամանակ չէր աշխատում քաղաքապետարանում։  Ավտոմեքենաների մուտքն արգելող համապատասխան նշանների բացակայության մասով Գեղամյանը համաձայնեց, որ տարածքը պետք է կահավորված լիներ նշաններով, սակայն նշեց, թե վատ կազմված տեխառաջադրանքն է նման թերացումների պատճառը. «Տեխառաջադրանքը թերի է եղել, դրա արդյունքում թերի մշակված նախագիծ է եղել, որի մեջ ներառված չեն եղել նշաններ։ Համաձայն եմ, որ կա կարիքը, և մենք այդ ուղղությամբ արդեն համագործակցելու ենք մեր այլ վարչությունների հետ, որպեսզի տվյալ տարածքը համապատասխան նշաններով կահավորվի»։ Ըստ նախագծի՝ մարզահրապարակի սկզբում պետք է տեղադրվեր մոդուլային հասարակական զուգարան, մինչդեռ կառուցվել է քարե շինություն, որի դռները մեր առաջին այցի ժամանակ կողպված էին։ Մեր երկրորդ այցի ժամանակ դռները բաց էին։ Մեր առաջին այցելության ժամանակ դռները փակ լինելու վերաբերյալ շինբարեկագման վարչության պետն ասաց, որ դռները հիմնականում բաց են լինում, հնարավոր է՝ մեր այցելության ժամանակ սպասարկման կամ մաքրման ծառայությունների պատճառով են փակ եղել։ Հարցին, թե ինչու պայմանագրով նախատեսված մոդուլային զուգարանը չի կառուցվել, Տիգրան Գեղամյանը պատասխանեց. «Արդեն շինարարության ընթացքում պարզվել է, որ մոդուլային զուգարանի սպասարկումը և՛ մեծ աշխատանք է պահանջում, և՛ ահռելի գումարներ, ու որոշվել է, որ մոդուլային զուգարանի փոխարեն սովորական զուգարանն ավելի հեշտ կլինի սպասարկել»։ Այս հանգամանքը, սակայն, պայմանագրում չի ամրագրվել։ Վերջնական հաստատված ծավալաթերթ-նախահաշվով պիտի տեղադրվեր մոդուլային զուգարան։  «Լիլանարմ» ընկերության տնօրենի խոսքով մոդուլային զուգարանի դեպքում հավանականություն կար, որ այն կարող էր շարքից դուրս գալ. «Քարե շինությունը համարժեք կառույց է, մեր տեսանկյունից հնարավոր է անգամ ավելի թանկ ստացված լինի մոդուլային զուգարանից»,- նշեց Նարեկ Պողոյանը։ Անդրադառնալով կոյուղաջրերի հեռացմանը՝ ընկերության տնօրենը նշեց, որ  տեղադրել են սեպտիկ հոր, որի մեջ պետք է թափվեն կոյուղաջրերը։  Ճեմուղուն զուգահեռ կառուցվել է հեծանվուղի, որը, սակայն, ամբողջովին պատված է ցեխով, քանի որ չկա ջրահեռացման համակարգ։ Տիգրան Գեղամյանը նշում է, որ ջրահեռացման առանձին համակարգ նախատեսված չէ, թեքությունների տարբերությունը այնպես է հաշվարկվել, որ ջուրն ինքնահոսի դուրս գա այդտեղից։ Մեր դիտարկմանը, որ փաստացի ջուրը մնում է հեծանվուղու վրա և վերածվում ցեխի, Տիգրան Գեղամյանը պատասխանեց. «Վայրեր կան, որտեղ ջուրը կուտակվում է և թափվում է հենց Երևանյան լիճ, երևի ուշադիր չեք եղել»։  Ձախից՝ նախագիծը, աջ կողմում՝ ներկայիս պատկերը Տիգրան Գեղամյանը նկատի ունի տեղ-տեղ տեղադրված նեղ խողովակները։ Մեր այցելությունների ժամանակ արձանագրել ենք, որ այդ խողովակները խցանված են, և իրենց գործառույթը չեն կատարում։ Այս դիտարկմանը շինբարեկարգման վարչության պետն արձագանքեց, որ տեղումները շատ են լինում, ցեխը գալիս, խցանում է, որը պետք է բացել։ Հայտնի չէ՝ ով պետք է բացի խցանումը և ինչու դա չի արվում։ Իսկ ընթացիկ սպասարկմանն անդրադառնալով՝ նշեց, որ դա շինբարեկարգման վարչության պրոֆիլը չէ. «Քաղաքապետարանի սպասարկումը չեմ կարծում, որ թերացել է, հնարավոր է ընթացքում, օրինակ, տեղումները շատ լինեն ու ցեխ լինի, բայց համոզված եմ, որ հիմա գնաք, շրջեք, այդ ցեխը կբացակայի այնտեղից»։ Այս կադրերն արվել են Տիգրան Գեղամյանի հետ հարցազրույցից րոպեներ առաջ, որտեղ երևում է, որ ցեխը չի մաքրվել։ Հեծանվուղին Երևանյան լճից բաժանված է բետոնե ցածր պատնեշով, որի վրա, ըստ նախագծի, պիտի տեղադրվեին մետաղական ճաղավանդակներ։ Ճաղավանդակները, որ պիտի ապահովեին հեծանվորդների անվտանգությունը, չեն տեղադրվել։ Անդրադառնալով այս հարցին՝ Տիգրան Գեղամյանը նշեց, որ աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ են եկել նախագծով չնախատեսված, սակայն ավելի կարևոր աշխատանքներ։ Առաջնայնությունը տրվել է նախագծով չնախատեսված աշխատանքներին, իսկ հեծանվուղու մետաղական ճաղավանդակների հատվածը որոշել են հետաձգել։  Խնդիրների մասին խոսելիս Տիգրան Գեղամյանը նշեց, որ խնդիրը սխալ կամ թերի տեխառաջադրանքն էր և դրա հիման վրա կազմված նախագիծը։ Այս փաստարկներն առնվազն տարօրինակ են, քանի որ թե՛ տեխառաջադրանք տրամադրողը, և թե՛ նախագիծը հաստատողն ու ընդունողը եղել է Երևանի քաղաքապետարանը։ Ինչպես է հնարավոր շինարարությունը նախագծելիս հաշվի չառնել, օրինակ, մոդուլային հասարակական զուգարանի սպասարկման ծախսը, կամ ասենք՝ սալիկների տակ անհրաժեշտ բետոնի շերտը։ Կառուցվել է նստարաններով հարթակ, որի աստիճանները պիտի եզրագծված լինեին LED լույսերով։ Lույսերը, սակայն, տեղադրվել են միայն վերին աստիճանների եզրին, դրանցից մեկն էլ արդեն պոկվել է։ Անդրադառնալով այգու սպասարկմանը՝ Շինբարեկարգման վարչության պետը նշեց, որ հիմա քննարկումներ են ընթանում, որ համայնքապատկան տարածքներում սպասարկում իրականացվի. «Դրանք կլինեն թե՛ այգիների, թե՛ գետնանցումների, թե՛ այլ տարածքների մասով»։ Վերջում Տիգրան Գեղամյանին հարցրինք՝ գո՞հ է արդյոք կատարված աշխատանքից. «Ինչ վերաբերում է ներկա պահին որպես հանգստի գոտի, ազնիվ պետք է լինեմ ու ասեմ, որ չի գոհացնում, բայց դա իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներն ունի, որոնք լուծելու համար հիմա արդեն քաղաքապետարանում քննարկումներ են տեղի ունենում հենց մասնավորապես հետագա սպասարկման հետ կապված»։ «Լիլանարմ» ՍՊԸ տնօրեն Նարեկ Պողոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունն այս նախագծից շահույթ չի ստացել, ավելին՝ իր միջոցներից է ծախսել, որ նախագիծը իրականություն դառնա։ Հիշեցնենք, որ հանգստի գոտու բարեկարգման աշխատանքներն արժեցել են մոտ 182 մլն դրամ։ Թեև ընկերության տնօրենը նշում է, որ կորուստներով են աշխատել, այնուամենայնիվ շարունակում են մասնակցել քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին։ Հարցին՝ որն է կազմակերպության շահը, եթե կորուստներով է աշխատում, տնօրենը պատասխանեց. «Այդպես լինում է, որ գործեր կան, երբ ուղղակի չես կարողանում շահույթ ապահովել։ Մեր ոլորտն այդպիսինն է։ Կազմակերպությունը արդեն 23 տարի է՝ շինարարությամբ է զբաղվում, այդ տարիների ընթացքում ամեն տարի կարող էր մեկ վատ փորձ ունենալ, բայց դա չի նշանակում, որ պետք է փոխենք մեր գործը»։   Ինչպես է տեղի ունեցել մրցույթը և ընտրվել հաղթող ընկերությունը 2022 թվականի մարտի 24-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ՝ Երևանյան լճի աջակողմյա ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների համար։ Մրցույթին հայտեր են ներկայացրել 11 ընկերություն. 10-ը՝ Հայաստանից, 1-ը՝ Վրաստանից։  Գնահատող հանձնաժողովը բոլոր մասնակիցների հայտերը գնահատել է բավարար։ Նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը՝ վրացական «Ա.Գ. Դեվելոփմենտ» ՍՊԸ-ն, ճանաչվել է մրցույթի հաղթող։  Ստորև ներկայացնում ենք մրցույթին մասնակցած բոլոր ընկերությունների գնառաջարկները՝ ըստ ինքնարժեքի (առանց հարկերի) ու ընդհանուր գումարի։ Համաձայն վրացական իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Ա.Գ. Դեվելոփմենտ» ՍՊԸ-ի խոշոր բաժնետերերը Հայաստանի քաղաքացիներ են։ Բաժնեմասերի կեսը պատկանում է Արմեն Հովհաննիսյանին, 45%-ը Հարություն Բերբերյանին, իսկ 5%-ը՝ տնօրեն Թամարա Խաբելաշվիլիին։ Ընկերության հայ բաժնետերերը բաժնեմասեր ունեն նաև Հայաստանում գրանցված մի շարք, այդ թվում՝ շինարարական աշխատանքներով զբաղվող ընկերություններում։ 2021 թվականի սեպտեմբերին Վրաստանում գրանցված այս ընկերության տնօրեն Թամարա Խաբելաշվիլին լիազորագիր է տվել Արամայիս Եպիսկոպոսյանին՝ ընկերության անունից երկու տարի ժամկետով պետական գնումներին մասնակցելու համար։ Եպիսկոպոսյանը 2016-2021 թվականներին աշխատել է Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում՝ որպես գլխավոր հաշվապահ։  Վրաստանում գրանցված այս ընկերությունը, սակայն, ի վերջո դուրս է մնացել մրցույթից՝ տեղը զիջելով երկրորդ ամենացածր գին առաջարկող ընկերությանը։  Գնահատող հանձնաժողովի` 2022 թվականի հունիսի 2-ի որոշմամբ հաղթող մասնակցի հետ պետք է կնքվեր պայմանագիր, սակայն հունիսի 6-ի նիստում պայմանագրի կնքման գործընթացը կասեցվել է, քանի որ վրացական ընկերությունը՝ որպես օտարերկրյա ընկերություն, չի ունեցել Հայաստանում շինարարություն իրականացնելու անհրաժեշտ լիցենզիա։ Արդյունքում՝ մրցույթում հաղթել է հաջորդ ամենացածր գին առաջարկած ընկերությունը՝ «Լիլանարմ» ՍՊԸ-ն՝ կնքելով 166 մլն 259 հազար 798 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով պայմանագիր։   «Լիլանարմի» տնօրենը Երևանի ավագանու ՔՊ թեկնածու է եղել «Լիլանարմ» ՍՊԸ-ի տնօրենը Նարեկ Պողոյանն է, 100% բաժնեմասը պատկանում է Հարություն Օհանյանին։ Նարեկ Պողոյանը Երևանի ավագանու՝ 2023 թվականի սեպտեմբերի ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու էր՝ ցուցակի 164-րդ տեղում, ուստի ավագանու մանդատ չի ստացել։ Նա ընկերության բաժնետեր Հարություն Օհանյանի փեսան է։  «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, «Լիլանարմ» ընկերության տնօրեն Նարեկ Պողոյանը պատասխանեց. - Ճիշտն ասած, եթե չեմ սխալվում՝ այո։ - Չգիտե՞ք կուսակցության անդա՞մ եք, թե՞ ոչ։ - Կարծեմ ինչ-որ նման գործընթաց եղել է, բայց այս պահին չեմ կարող Ձեզ հստակ ասել։ - Այսինքն՝ ոչ Ձեր ցանկությա՞մբ։ - Չէ, իհարկե, իմ ցանկությամբ, բայց ուզում եմ ասեմ՝ այդ գործընթացը ես չեմ կարող Ձեզ այս պահին հստակ ասել։ «Լիլանարմ» ընկերությունը գործում է 2000 թվականից։ Գործունեության տեսակի համաձայն՝ ընկերությունը զբաղվում է շինարարության ավարտական փուլի աշխատանքներով։ 2015 թվականից մասնակցում է պետական գնումների, սակայն սկսել է հաղթել և ակտիվ պայմանագրեր կնքել 2018 թվականից, հիմնական պատվիրատուն Երևանի քաղաքապետարանն է։  Ստորև «Լիլանարմ» ընկերության՝  պետական գնումներում հաղթած մրցույթների թիվն է՝  2015 թվականից սկսած։ Միայն 2023 թվականին ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ կնքել է 18 պայմանագիր։ «Ինֆոքոմի» հետ զրույցում Նարեկ Պողոյանը նշեց, որ անհնար է իր քաղաքական պատկանելիությունը որևէ ձևով կապ ունենա պետական գնումներում հաղթող ճանաչվելու հետ. «Նայեք բոլոր շինարարական կազմակերպություններին, որոնք աճի տենդենցով են աշխատում, բոլորի մոտ 2018 թվականից կամ 2021 թվականից հետո էական տարբերություն կա։ Իսկ «Լիլանարմի» մասով կարող եք ուսումնասիրել ցանկացած մրցույթ, առաջարկել ենք էժան գին, հաղթել ենք, չենք առաջարկել, չենք հաղթել։ Ինչքան որ հաղթել ենք, մոտ երկու այդքան էլ մրցույթների ենք մասնակցել ու չենք հաղթել։ Այստեղ որևէ քաղաքական գիծ ընդհանրապես տեսանելի չէ»,- ասաց Պողոյանը։ Քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը նույնպես այստեղ շահերի բախում չի տեսնում՝ ասելով, որ ցանկացած անձ էլ կարող է ցանկացած կուսակցության անդամ լինել ու մասնակցել ցանկացած մրցույթի, եթե իր փաստաթղթերը համապատասխանում են օրենսդրությանը։ «Մենք կապալառու բազմաթիվ ընկերությունների հետ ենք համագործակցում, որոնց մեջ կան տարբեր քաղաքական հայացքների մարդիկ։ Քանի որ մենք տվյալ դեպքում կատարում ենք համայնքային ծառայություն, հարցը չենք քաղաքականացնում»,- մեզ հետ զրույցում նշեց վարչության պետը։ Անդրադառնալով ընկերության՝ Քաղաքապետարանի մրցույթներում ակտիվ հաղթելուն՝ Տիգրան Գեղամյանը նշեց. «Մրցույթները տեղի են ունենում «Գնումների մասին» օրենքին համապատասպան՝ բաց, թափանցիկ ընթացակարգով։ Տվյալ մրցույթի հաղթող է ճանաչվում նվազագույն գին առաջարկած կազմակերպությունը։ Տվյալ ընկերությունը բազմաթիվ մրցույթներում նվազագույն գին է առաջարկել, դրա համար էլ հաղթել է, այլ պատասխան չկա ու չի էլ կարող լինել»,- պնդում է քաղաքապետարանի ներկայացուցիչը։   «Լիլանարմ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի արժեքը հետագայում ավելացել է, իսկ մատակարարվող ծառայությունները՝ փոփոխվել Չնայած Երևանյան լճի աջակողմյա ափի բարեկարգման պայմանագիրը կնքվել է շուրջ մեկուկես տարի առաջ, իսկ հանգստյան գոտին շուրջ մեկ տարի է՝ պատրաստ է  շահագործման՝ գնումների էլեկտրոնային համակարգում մինչ օրս տեղադրված չէ գնման պայմանագիրը։ Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչությունից «Ինֆոքոմին» տրամադրեցին պայմանագիրն ու համաձայնագրերը։ Վարչության պետ Տիգրան Գեղամյանի պնդմամբ համակարգում պայմանագրի բացակայությունը տեխնիկական վրիպակ է. «Եթե ինչ-որ խնդիր լիներ, ընդհանրապես ոչ մեկը չէր տրամադրի, բայց դա բաց տեղեկություն է, ու մենք պատրաստակամ ենք բոլորին տրամադրել, այդ մասով խնդիր չունենք»։ Պայմանագիրը մեզ ուղարկվել է փետրվարի 23-ին։ Առնվազն այդ օրվանից Շինբարեկարգման վաչությունը տեղյակ էր, որ պայմանագիրը համակարգում տեղադրված չէ։ Ավելի քան երկու շաբաթ անց՝ մարտի 11-ի դրությամբ, «տեխնիկական վրիպակը» չի շտկվել։ Պայմանագրի համաձայն՝ բարեկարգման աշխատանքները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 18-ին։ Դրանք պիտի ավարտվեին 180-րդ օրացույցային օրը՝ 2023 թվականի ապրիլի 16-ին։  «Լիլանարմ» ընկերությունը նախ տարածքում պետք է իրականացներ քանդման և աղբի տեղափոխման աշխատանքներ, այնուհետև պիտի կառուցեր բետոնե եզրաքարեր, բետոնե գոտիներ, տեղադրեր ճաղավանդակներ, կառուցեր ճեմուղի, հեծանվուղի, մարզահրապարակ, նստատեղերով հարթակ, տեղադրեր նստարաններ, աղբամաններ, մոդուլային զուգարան և լուսավորության համար անհրաժեշտ սարքեր։ Քանդման և կառուցման աշխատանքներին զուգահեռ ընկերությունը պիտի իրականացներ նաև կանաչապատման և ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ։ Պայմանագրից բացի` կողմերի միջև կնքվել է 4 համաձայնագիր, որոնցով ավելացրել են պայմանագրի գինը, նաև փոփոխվել են շինարարական հիմնային պահանջներ. օրինակ՝ կանաչապատում որոշվել է չիրականացնել։  Մասնավորապես, առաջին համաձայնագրով սահմանվել է վճարման ժամանակացույցը, որի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը «Լիլանարմ» ընկերությանը պիտի վճարեր գումարի մի մասը՝ 134 մլն դրամ սեպտեմբերին, իսկ մնացած 32 մլն 259 հազար դրամը՝ հոկտեմբերին։ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին կողմերը կնքել են երկրորդ համաձայնագիրը, որով ավելացվել է կատարվող աշխատանքների ծավալը։ Պայմանագրի գինն ավելացավ ևս 15,989,080 դրամով՝ դառնալով 182,248,878.32 դրամ, որն ընկերությանը պետք է վճարվեր 2022-ի դեկտեմբերին։  2023 թվականի մարտի 10-ին՝ աշխատանքների ավարտի սահմանված ժամկետից 1 ամիս առաջ, կողմերի միջև կնքվել է երրորդ համաձայնագիրը, որով փոփոխվել է պայմանագրի ծավալաթերթ-նախահաշիվը։ Ավելացել են որոշ աշխատանքներ, ինչպիսիք են՝ բետոնե եզրաքարերի տեղադրում, բետոնե աստիճանների և տախտակամածի կառուցում։ Ամբողջովին հանվել է կանաչապատման աշխատանքների հատվածը, սակայն ոռոգման աշխատանքների հատվածը մնացել է։  Եւս մեկ համաձայնագիր կողմերի միջև կնքվել է 2023 թվականի ապրիլի 14-ին, որով աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգվել է 30 օրացույցային օրով՝ ավարտի ժամկետ սահմանելով 2023 թվականի մայիսի 16-ը։ Հենց այդ օրն էլ ստորագրվել է շինարարության ավարտական ակտը, որով շահագործման ընդունող հանձնաժողովը հաստատել է, որ տարածքը պատրաստ է շահագործման։ Ձախից՝ նախագիծը, աջ կողմում՝ ներկայիս պատկերը Քաղաքապետարանի՝ Երևանյան լճի և հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը մեկնարկի արդեն երրորդ տարում մեծ արդյունքներ ու հաջողություններ չի գրանցել։ Տարածքը հանգստյան գոտու չի վերածվել, չնայած դրա համար կայացել է մրցույթ, կատարվել են աշխատանքներ և բյուջեից ծախսվել էլ ավելի քան 182 մլն դրամ։  Ինֆոքոմը կշարունակի հետևել Երևանյան լճի և հարակից տարածքի բարեկարգման ծրագրին՝ ներկայացնելով հաջորդիվ կայացած մրցույթներն ու աշխատանքների արդյունքները։ Հեղինակ՝ Լյուսի Մանվելյան Լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի
20:18 - 11 մարտի, 2024
Դառը, սև սուրճ ու գիտություն․ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայից ներս

Դառը, սև սուրճ ու գիտություն․ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայից ներս

Ես խմում եմ օրական երեքից չորս բաժակ սև սուրճ (երբեմն նույնիսկ չափն անցնում եմ՝ այս թիվը հասցնելով հինգի)։ «Ինֆոքոմի» գործընկերներս ինձնից հետ չեն մնում․ նրանք նույնպես սուրճի սիրահար են։  Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի վերջին տվյալները փաստում են, որ սուրճը Հայաստանում ամենաշատ օգտագործվող երեք մթերքներից մեկն է։ Երևանում, օրինակ, սև սուրճ է օգտագործում բնակչության մոտ 71%-ը։  Այսօր «Ինֆոքոմում» սուրճ խմելու «արարողությունը» մի փոքր անսովոր է․ տարօրինակ պատրաստակամությամբ գործընկերներիս համար սուրճ եմ պատրաստում ու զգուշացնում նրանց, որ խմելուց հետո բաժակները չլվանան (չնայած նրանք երբեք էլ չեն շտապում բաժակները լվանալու հարցում)։ Հետո վերցնում եմ բաժակներն ու սուրճի նստվածքը տեղափոխում մի տարայի մեջ, որն էլ տեղադրում եմ սառցախցիկում «գիտական նպատակներով»։  Իմ սիրելի կավե բաժակից սուրճի նստվածքը տեղափոխում եմ տարայի մեջ Վերջերս Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտնականներն ինձ պատմեցին, որ իրենք, ի թիվս այլ հետազոտությունների, ուսումնասիրում են, թե ինչպես մանրէների օգնությամբ կենսագազ ստանալ՝ օգտագործելով սուրճի թափոնը։ Եվ մենք պայմանավորվեցինք, որ ես մի ամբողջ օր կհավաքեմ մեր խմբագրության սուրճի նստվածքն ու կտանեմ լաբորատորիա։ Դեռ կհասցնենք մանրամասն խոսել մանրէների, կենսագազի ու այլ հետաքրքիր հասկացությունների մասին։ Մինչ այդ առաջարկում եմ ինձ հետ ուղևորվել Երևանի պետական համալսարան ու հայտնվել Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայից ներս, որտեղ գիտնականնեը սպասում են հավաքածս սուրճի թափոնին։   Շախմատից կենսաբանություն Կենսաբանների ընտանիքում մեծացած Կարեն Թռչունյանը դպրոցական տարիքում մտածում էր, որ կա՛մ շախմատիստ է դառնալու, կա՛մ օդաչու։ Նա ակտիվ զբաղվում էր շախմատով և առաջին կարգ ուներ։ 9-րդ դասարանում, սակայն, ծնողներից ոգեշնչված, որոշեց ընտրել կենսաբանի մասնագիտությունը։   Կարեն Թռչունյանը Այդ որոշումից տարիներ են անցել․ Կարեն Թռչունյանն այժմ գիտությունների դոկտոր է և ղեկավարում է Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան։ Կենսաբանությունն ընտրելու համար չի փոշմանել, իսկ շախմատ հիմա էլ շարունակում է խաղալ․ ասում է, որ շախմատն իր աշխատանքի մեջ շատ է օգնում ճիշտ մտածելու և քայլերի ճիշտ հերթականություն ընտրելու հարցում: Գիտությամբ Կարեն Թռչունյանը սկսեց հետաքրքրվել բակալավրիատի հենց առաջին կուրսում։ Այդ ժամանակ նա մանրէաբանությանն առնչվող մի գիտական հոդված կարդաց, որի արդյունքները նրան շատ հետաքրքրեցին։ Նա որոշեց կրկնել հոդվածի հեղինակների գիտափորձն ու մի փոքր այլ արդյունք ստացավ։ Առաջին միտքն այն էր, որ ինչ-որ բան սխալ է արել։ Մի տարի շարունակ փորձեր անցկացնելուց հետո համոզվեց, որ նոր ու հետաքրքիր արդյունքներ է ստացել։ 2009-ին այդ արդյունքների հիման վրա հրապարակվեց  նրա գիտական առաջին հոդվածը։ Հենց այդպես էլ սկսվեց Կարեն Թռչունյանի գիտական ուղին։ Կարեն Թռչունյանը՝ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում 2015-ին Երևանի պետական համալսարանում ստեղծվեց Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ բացվեց Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան։ Կարեն Թռչունյանը 2020-ին ստանձնեց լաբորատորիայի ղեկավարումը։     Աշխարհ, որը մենք չենք տեսնում  «Մանր» և «է»․ բառի արմատներն էլ հուշում են, որ մանրէները չափազանց փոքր էակներ են։ Բակտերիաներ, խմորասնկեր, ջրիմուռներ, վիրուսներ՝ այն բոլոր օրգանիզմները, որոնք հնարավոր չէ անզեն աչքով տեսնել, համարվում են մանրէներ (hաճախ անվանում են նաև միկրոբ կամ միկրոօրգանիզմ)։ Մանրէներն, ինչպես մարդը կամ կենդանի այլ օրգանիզմներ, աճելու և գոյատևելու համար պետք է սնվեն։ Որոշ մանրէներ ապրում են մարդու օրգանիզմում, օգնում մարսողության գործընթացին ու օրգանիզմից ստանում իրենց անհրաժեշտ սննդանյութերը, մյուսները սնունդ են ստանում՝ քայքայելով բույսերի, կենդանիների մնացորդները։ Կախված մանրէի տեսակից՝ սնունդ ստանալու ձևերը տարբեր են լինում։  Լաբորատորիայում մանրէները պահվում են այսպիսի կլոր ամաններում Որոշ տեսակի մանրէների համար սննդի աղբյուր կարող են դառնալ թափոնները, որոնք պարունակում են բուսական օրգանիզմների մնացորդներ (օրինակ՝  կարտոֆիլի կեղևը)։ Մանրէները քայքայում են բուսական թափոնների մեջ առկա բարդ նյութերը, վերցնում իրենց անհրաժեշտ սննդանյութերը, իսկ այս ընթացքում քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում, որոնց արդյունքում անջատվում են տարբեր կողմնակի նյութեր, օրինակ՝ կենսաջրածին (ջրածին, որն առաջանում է կենսաբանական գործընթացների արդյունքում)։ Սա կարելի է համեմատել մեր օրգանիզմի նյութափոխանակության հետ․ երբ մենք սնունդ ենք ընդունում, սնունդը քայքայվում է, օրգանիզմը վերցնում է մեզ անհրաժեշտ նյութերն ու յուրացնում, իսկ սննդի քայքայման և յուրացման ընթացքում տեղի ունեցած քիմիական ռեակցիաների արդյունքում որպես կողմնակի արտադրանք առաջանում է ածխաթթու գազ։ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի հետազոտական թեմաների շրջանակը շատ լայն է․ այստեղ իրականացվում են մանրէների ու բույսերի վերաբերյալ թե՛ հիմնարար, թե՛ կիրառական հետազոտություններ։  Աղիներից անջատած կաթնաթթվային բակտերիան (կապույտ գույնով ներկված)՝ մանրադիտակի տակ Կարեն Թռչունյանը հիշում է, որ մանրէներին վերաբերող հետազոտություններն իրենց լաբորատորիայում սկզբում միայն հիմնարար էին։ Նրանք վերցնում էին բակտերիայի որևէ տեսակ, օրինակ՝ աղիքային ցուպիկ (գիտական անվանումը Էշերիխիա կոլի՝ Թեոդոր Էշերիխի անունով, որը 1885 թ․ հայտնաբերել է այս բակտերիան)։ Հետո այդ բակտերիայից հեռացնում էին տարբեր գեներ ու փորձեր իրականացնում, որ հասկանան, թե նրա կոնկրետ որ սպիտակուցներն են պատասխանատու այս կամ այն գործընթացի համար։ Գիտական գրականության ուսումնասիրությունից և տարբեր կոնֆերանսների մասնակցելուց հետո Կարեն Թռչունյանին սկսեց հետաքրքրել արդյունավետ ճանապարհով կենսաջրածին ստանալու գիտական խնդիրը։ Մինչ այդ նրանց հիմնարար հետազոտությունների շրջանակում իրականացվում էին մանրէների մասնակցությամբ փորձեր, որոնց ընթացքում ջրածինն անջատվում էր պարզապես որպես կողմնակի արտադրանք։ Բայց նրանք չէին իրականացրել կիրառական հետազոտություններ, որոնք նպատակ կունենային պարզելու, թե ինչպես արդյունավետ կերպով մանրէների միջոցով կենսաջրածին ստանալ։ Էշերիխիա կոլին կամ աղիքային ցուպիկը՝ մանրադիտակի տակ Իսկ ինչո՞ւ է գիտական այս խնդիրը հետաքրքիր ու կարևոր։ Կարեն Թռչունյանն ասում է՝ աշխարհի բնակչության թիվն աճում է, էներգետիկ ռեսուրսների նկատմամբ պահանջարկը՝ մեծանում, իսկ հանածո վառելիքները՝ նավթը, գազը, ավելի արագ են սպառվում, քան վերականգնվում։ Այդ պատճառով մարդիկ տարիներ շարունակ ստեղծել են էներգիայի այլընտրանքային աղբյուրներ՝ ատոմակայաններ, հողմակայաններ, արևային կայաններ և այլն։ Էներգիայի այլընտրանքային աղբյուրներից մեկն էլ կենսավառելիքն է (սպիրտ կամ կենսագազ), որն անջատվում է կենսաբանական գործընթացների արդյունքում։   Ըստ Կարեն Թռչունյանի՝ առաջին սերնդի կենսավառելիքն անջատվում է այն հումքից, որը կարելի է օգտագործել սնունդ ստանալու համար։ Օրինակ՝ ցորենից, շաքարեղեգից կամ եգիպտացորենից սպիրտ (էթանոլ) է անջատվում։ Երկրորդ սերնդի կենսավառելիքը մեծ ծավալներով չի արտադրվում և դեռևս գտնվում է լաբորատոր փորձարկումների փուլում։ Այդպիսին է, օրինակ, կենսաջրածինը որը կարելի է ստանալ տարբեր օրգանական թափոններից։  Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում որոշեցին ուսումնասիրել հենց երկրորդ սերնդի կենսավառելիքի ստացման գործընթացը։ Այդպես միանգամից երկու հարց է լուծվում․ առաջին՝ թափոնները կիրառություն են գտնում ու չեն աղտոտում շրջակա միջավայրը, երկրորդ՝ ստացվում է էներգիայի այընտրանքային աղբյուր։ Թափոնների միջոցով կենսագազ հնարավոր է ստանալ նաև «տնային պայմաններում»։ Կարեն Թռչունյանին խնդրում եմ բացատրել, թե ինչ պիտի անեն, օրինակ, մեր գյուղի՝ Լեռնարոտի բնակիչները, եթե որոշեն սննդի մնացորդները չթափել ու մանրէների օգնությամբ դրանցից կենսագազ ստանալ։  Սառնարանը, որտեղ պահվում են մանրէները Պատասխանը պարզ է․ անհրաժեշտ է վերցնել մեծ տարաներ, դրանց մեջ լցնել բանջարեղենի կամ այլ օրգանական մնացորդներ, ավելացնել, օրինակ, գոմաղբ, որի մեջ ապրում են տարբեր մանրէներ, ապա տաքացնել։ Մանրէները կսկսեն քայքայել սննդի մնացորդներն ու վերցնել իրենց անհրաժեշտ նյութերը, իսկ նրանց կենսագործունեության արդյունքում կանջատվի կենսագազ, որն արդեն կարելի է հավաքել ու օգտագործել տարբեր նպատակներով, օրինակ՝ տունը ջեռուցելու համար։  Բայց որպեսզի կենսագազը սկսի մասսայաբար արտադրվել ու որպես էներգիայի այլընտրանքային աղբյուր լայն կիրառություն գտնել, պետք է դրա ստացման գործընթացի արդյունավետ եղանակ լինի, այսինքն՝ նվազագույն ծախսով հնարավորինս մեծ ծավալի կենսագազ արտադրվի։ Աշխարհի ու Հայաստանի գիտնականների խնդիրն է գտնել մանրէ-թափոն այնպիսի համադրություններ, որոնց պայմաններում կենսագազի արտադրությունն առավել շահավետ կլինի։    Սուրճը միայն խմելու համար չէ Մի քանի տարի առաջ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում սկսեցին կենսաջրածին ստանալու համար օգտագործել սուրճի թափոնները։ Այս գաղափարի «մեղավորները» լաբի երկու երիտասարդ հետազոտողներն են՝ Լիանա Վանյանն ու Հռիփսիմե Պետրոսյանը։ Լիանան Լիանան ու Հռիփսիմեն կենսաբանության ֆակուլտետ են ընդունվել ու սովորել միասին։ Բակալավրիատի երկրորդ կուրսում նրանք հասկացան, որ միայն դասախոսություններ լսելն իրենց համար բավարար չէ։ Նրանք գնացին Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա ու սկսեցին այնտեղ ծանոթանալ ամենատարրական աշխատանքներին՝ կշեռքից օգտվել, լուծույթ պատրաստել։ Լաբորատոր աշխատանքի նրբությունները հասկանալուց հետո Լիանան ու Հռիփսիմեն Կարեն Թռչունյանին խնդրեցին իրենց ներգրավել հետազոտական աշխատանքներում։ Այդպես նրանք սկսեցին գիտական հետազոտություններին մասնակցել և բակալավրիատի վերջում տպագրեցին իրենց գիտական առաջին հոդվածը։ Այժմ երկուսն էլ ասպիրանտուրայում են սովորում ու գրում են իրենց թեկնածուական աշխատանքները, զուգահեռ ներգրավված են նաև լաբորատորիայի հետազոտական տարբեր նախագծերում։ Հռիփսիմեն Մի քանի տարի առաջ, երբ դեռ երրորդ կուրսի ուսանողներ էին, Լիանան ու Հռիփսիմեն փոխանակման ծրագրերից մեկով մեկնեցին Գերմանիայում սովորելու։ Այնտեղ նկատեցին, որ լաբորատորիաներից մեկում հավաքում էին սուրճի նստվածքը, որից մտադիր էին նանոմասնիկներ ստանալ։ Նրանք մտածեցին, թե ինչու չօգտագործել սուրճի նստվածքն իրենց հետազոտություններում․ չէ՞ որ այն բուսական թափոն է, իսկ իրենք արդեն օգոտագործում էին բուսական այլ թափոններ կենսաջրածին ստանալու համար։ Հայաստան վերադառնալուն պես նրանք այս գաղափարի մասին պատմեցին Կարեն Թռչունյանին, որն էլ առաջարկեց փորձել իրականացնել այն։ Առանց գիտական գրականությունն ուսումնասիրելու Լիանան ու Հռիփսիմեն մեծ թերահավատությամբ մշակեցին սուրճի նստվածքը, ապա աղիքային ցուպիկ ավելացրին։ Արդյունքը զարմացրեց նրանց․ աղիքային ցուպիկն իսկապես որոշակի քանակությամբ կենսաջրածին արտադրեց։ Դա նշանակում էր, որ կարելի էր փորձերը շարունակել։  Սուրճի մշակված թափոնով լի անոթները Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբում գրեթե ամենուր են Լիանան ու Հռիփսիմեն նախ գիտական գրականություն ուսումնասիրեցին ու պարզեցին, որ սուրճի թափոնները գիտության մեջ օգտագործվում են կենսաջրածին ստանալու համար։ Նրանք ծանոթացան հետազոտությունների, որոնց հեղինակները վերցրել էին ոչ թե կոնկրետ այս կամ այն մանրէն, այլ այնպիսի միջավայրեր (օրինակ՝ տիղմ, գոմաղբ), որտեղ կան տարբեր տեսակի մանրէներ (գիտական լեզվով ասած՝ մարնէների կոնսորցիումներ), և դրանց միջոցով սուրճի նստվածքից կենսաջրածին ստացել։ Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում որոշեցին հետազոտել կոնկրետ մեկ տեսակի մանրէ՝ իրենց մյուս հետազոտությունների ժամանակ կիրառվող աղիքային ցուպիկը։ Նրանց փորձերի արդյունքում պարզվեց, որ աղիքային ցուպիկի շտամերից մեկով հնարավոր է սուրճի նստվածքի քայքայումից կամ խմորումից մեծ քանակությամբ կենսաջրածին ստանալ։ Ձախ կողմում՝ սուրճի չորացված նստվածքը, աջում՝ արծաթե կեղևը Գիտական գրականության ուսումնասիրությունից պարզվեց, որ լավ արդյունքներ ցույց տալու հավանականություն ունի նաև սուրճի մեկ այլ թափոն՝ այսպես կոչված, արծաթե կեղևը (silver skin)։ Սա սուրճի հատիկների արտաքին շերտն է, որն առանձնանում է հատիկներից սուրճը բովելիս։ Լաբորատորիայում աղիքային ցուպիկի ու արծաթե կեղևի «մասնակցությամբ» ևս փորձեր իրականացրին ու կրկին լավ արդյունքներ ստացան։   Պարարտ հող՝ սուրճի ու մանրէների օգնությամբ Այս պահին Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում սուրճի նստվածքն օգոտագործում են ևս մի հետազոտության մեջ։ Բանն այն է, որ  սուրճի նստվածքը հարուստ է մետաղներով, ազոտով և այլ նյութերով ու կարող է որպես պարարտանյութ ծառայել։  Լաբորատորիայում որոշեցին այս ուղղությամբ հետազոտություններ սկսել՝ կրկին համատեղելով սուրճի թափոններն ու մանրէները։ Գուցե հարց առաջանա, թե ինչ կապ ունեն մանրէները։ Պարզվում է, որ մանրէներն իրենցով համարվում են կենսապարարտանյութեր. դրանք իրենց կենսագործունեությամբ հարստացնում են հողն այնպիսի նյութերով, որոնք բույսերի աճն են ապահովում։  Լաբորատորիայում եկան այն մտքին, որ սուրճի նստվածք-մանրէ համադրությունը կարող է կրկնակի օգտակար լինել բույսերի համար․ առաջինը՝ սուրճի նստվածքն արդեն պարարտանյութ է ու կարող է հարստացնել հողը, երկրորդը՝ այն բարենպաստ միջավայր է մանրէների համար, որ դրանք աճեն ու իրենց կենսագործունեությամբ պարարտացնեն հողը։  Սուրճի նստվածքով ու մանրէներով «պարարտացած» բույսերը լաբորատորիայում (նկարը՝ լաբորատորիայի արխիվից) Գիտնականները մանրէով հարստացված սուրճի նստվածքը կիրառեցին Հայաստանում աճող մի քանի բույսերի՝ լոլիկի, վարունգի, պղպեղի վրա։ Առաջին փուլում հետազոտություններն իրականացրին լաբորատորիայում․ դիտարկեցին, թե սուրճի նստվածքն ու մանրէն ինչ ազդեցություն ունեն արմատների ձևավորման, ցողունի ու տերևների աճի վրա, համեմատեցին սովորական պայմաններում աճած արմատների ու ցողունների հետ։  Ջերմոցային աշխատանքները (նկարը՝ լաբորատորիայի արխիվից) Առաջին փուլի արդյունքները բավականին գոհացնող էին, և նրանք անցան հաջորդ՝ ջերմոցային փուլին։ Ջերմոցում վարունգի, լոլիկի ու պղպեղի սերմեր ցանեցին, հողը պարարտացրին իրենց նստվածք-մանրէ պարարտանյութով ու սկսեցին հետևել բույսերի աճին։ Գարնանը սկսվելու է ջերմոցային փորձարկումների երկրորդ փուլը, իսկ վերջնական փուլում արդեն կուսումնասիրվի ստացված բերքը։ Եթե արդյունքները գոհացնող լինեն, կնշանակի, որ այս համադրությունն իսկապես կարող է լավ կենսապարարտանյութ դառնալ ու փոխարինել քիմիականին։   «Գիտելիքն ուժ է, իսկ հաղթանակն այն տարածելն է» Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա այցիս ընթացքում նկատում եմ, թե որքան շատ ուսանողներ են գալիս այստեղ՝ պարզապես փորձերին հետևելու, սովորելու կամ լաբորատոր աշխատանքներ իրականացնելու համար։ Իսկ լաբորատորիայի երիտասարդ թիմն օգնում է ուսանողներին։ «Միշտ պետք է լինի երիտասարդների հոսք․ եթե երիտասարդների հոսքի մեխանիզմը չկա որևէ լաբորատորիայում, նշանակում է այդ լաբորատորիան դատապարտված է»,- ասում է Կարեն Թռչունյանը։  Նա կարևորում է նաև կուտակված գիտելիքը հաջորդ սերունդներին փոխանցելը, քանի որ այդկերպ գիտելիքը չի կորչում։  Լաբորատորիայի հերթական սեմինարը «Գիտելիքն ուժ է, իսկ հաղթանակն այն տարածելն է»․ սա Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի կարգախոսն է։  Հավատարիմ մնալով իրենց կարգախոսին՝ լաբորատորիայում ամեն ուրբաթ սեմինար են անցկացնում, որի ժամանակ պատմում են իրենց հետազոտական ուղղություններին վերաբերող այս կամ այն թեմայի մասին։  Անահիտը Հերթական սեմինարին մասնակցում եմ նաև ես։ Այս անգամ Անահիտ Շիրվանյանը պատմում է Սախարոմիցեզ սերևիզիե (Saccharomyces cerevisiae) անունով խմորասնկի մասին, որի անունը ճիշտ արտասանել ինձ մոտ ստացվեց բազմաթիվ փորձերից հետո միայն։ Անահիտի սիրելի Սախարոմիցեզ սերևիզիեն Շատ հետարքիր է լսել, թե որքան հիացմունքով է Անահիտը խոսում այս խմորասնկի և սթրեսային պայամաններում գոյատևելու նրա հատկության մասին։    Գիտությունից նորարարություն Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի թիմը մի քանի տարի առաջ սկսեց աշխատանքներ տանել նաև հետազոտությունների կիրառական արդյունքներն առևտրայնացնելու ուղղությամբ։ Երևանի պետական համալսարանում 2018-ին բացվեց Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը։ Կենտրոնի թիմը կազմված է Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի հետազոտողներից, բայց այն սպասարկում է նաև Հայաստանում գործող այլ լաբորատորիաների։  Կենտրոնը գործում է երեք ուղղությամբ՝ հետազոտություններ, կրթություն, նորարարություն։ 2018-ից Երևանի պետական համալսարանում ներդրվել է կենտրոնի մշակած «Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական ծրագիրը։   Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի երիտասարդ թիմը Այս պահին Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն աշխատում է թիմի նորարարական գաղափարները կյանքի կոչելու ուղղությամբ։ Թիմը երկու ստարտափ գաղափար ունի։ Առաջինը կոչվում է MyCoFe (mycrobes՝  մանրէներ, coffee՝ սուրճ, fertiliser՝ պարարտանյութ)։ MyCoFe-ն դեռ ձևավորման փուլում գտնվող ստարտափ է, որի նպատակն է արտադրել կենսապարարտանյութեր։ Երբ գիտնականները մանրէ-սուրճի նստվածք համադրությամբ կենսապարարտանյութերի վերաբերյալ հետազոտություններն ավարտեն ու ցանկալի արդյունքներ ստանան, կսկսեն արտադրել ու վաճառել պարարտանյութը։  Սարքը, որտեղ հավաքում և չափում են արտադրված կենսաջրածինը Մյուս գաղափարը վերաբերում է սուրճի և բուսական այլ թափոնների միջոցով կենսաջրածնի արտադրությանը։ Երբ այս տեխնոլոգիան վերջնական մշակված լինի, գիտնականները կպատենտավորեն այն ու կառաջարկեն արտադրող մեծ կազմակերպություններին։ Սուրճ, գինի, գարեջուր արտադրողներն, օրինակ, այս տեխնոլոգիայով հնարավորություն կունենան իրենց բուսական թափոններից մանրէներով կենսագազ ստանալու և այն՝ որպես էներգիայի ալլընտրանքային աղբյուր, իրենց արտադրական գործընթացում օգտագործելու։ Այսինքն, արտադրական թափոնները կկիրառվեն հենց արտադրական գործընթացում։   ♦♦♦ Քանի դեռ գտնվում ենք Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայից ներս, առաջարկում եմ հետևել Անահիտ Շիրվանյանին, որը մեզ կպատմի, թե ինչ է մանրէանկարչությունը, և ինչպես մանրէներով ագարի (ագարը կարմիր ջրիմուռներից ստացվող ժելատինային նյութ է) վրա պատկերներ նկարել։ Անահիտի առաջարկով ես էլ մանրէներով լաբորատորիայում փորձեցի գրել ագարի վրա: 24 ժամ անց նա ուղարկեց արդյունքը։   «Լաբորատորիայից ներս» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։     Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարներն ու տեսանյութերը՝ Ռոման Աբովյանի
23:38 - 05 մարտի, 2024
Անհամապատասխանություններ՝ Աղվան Վարդանյանի հայտարարագրած գույքի, ծախսերի ու եկամուտների միջև

Անհամապատասխանություններ՝ Աղվան Վարդանյանի հայտարարագրած գույքի, ծախսերի ու եկամուտների միջև

ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Աղվան Վարդանյանի` Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում առկա են հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող գույքային փոփոխություններ ու ծախսեր, բացակայող կամ ոչ ճշգրիտ ներկայացված տվյալներ։ Բացի այդ՝ Աղվան Վարդանյանի ընտանիքի անդամները չեն ներկայացրել մի շարք հայտարարագրեր։  Աղվան Վարդանյանը, սակայն, չի պատասխանում այս անհամապատասխանությունների վերաբերյալ «Ինֆոքոմի» գրավոր հարցմանը, հրաժարվում է բանավոր մեկնաբանությունից՝ նշելով, որ հայտարարագրի վերլուծության համար կա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովը, իր հերթին, նշում է, որ հայտարարագրերի վերլուծություն չի իրականացրել։   Հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող գույքային փոփոխություններ ու ծախսեր Աղվան Վարդնայանի՝ 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում առկա են անհամապատասխանություններ հայտարարագրված գույքի, իրականացված ծախսերի ու եկամուտների միջև։ 2022 թվականի ընթացքում Աղվան Վարդանյանի դրամական միջոցներն աճել են շուրջ 48․1 միլիոն ՀՀ դրամով և 450 ԱՄՆ դոլարով։ Տարվա ընթացքում Աղվան Վարդանյանն իրականացրել է շուրջ 32 միլիոն ՀՀ դրամի ծախս։ Տարվա ընթացքում ստացված եկամուտները կազմել են շուրջ 6․6 միլիոն ՀՀ դրամ։ Այսպիսով, համաձայն Աղվան Վարդանյանի՝ 2022 թվականի տարեկան հայտարարագրի, 2022 թվականի գույքային փոփոխությունների ու ծախսերի մի մասը (ավելի քան 73․5 միլիոն ՀՀ դրամը և 450 ԱՄՆ դոլարը) չեն հիմնավորվում հայտարարագրված եկամուտներով։ Աղվան Վարդանյանին հարց ենք ուղղել, թե ինչով է պայմանավորված այս անհամապատասխանությունը և որտեղից են գոյացել այդ միջոցները, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել հարցմանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից էլ հայտնել են, որ Աղվան Վարդանյանի 2021 և 2022 թվականնների տարեկան հայտարարարգրերի վերլուծություն չեն իրականացրել։   Վարկի մարմանն ուղղված ծախս՝ առանց վարկի հայտարարագրման Աղվան Վարդանյանը 2022 թվականի՝ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի իր տարեկան հայտարարագրի ծախսերում նշել է, որ 6 970 000 դրամ ուղղել է վարկի մարմանն ուղղված վճարումների իրականացմանը։ 2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերի՝ «Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» դաշտում, սակայն, վարկի մայր գումարի մնացորդ հայտարարագրված չէ։  Աղվան Վարդանյանին հարցրել ենք, թե ինչով է պայմանավորված մայր գումարի մնացորդի չհայտարարագրումը, և եթե վարկը ստացվել է 2022 թվականի ընթացքում, ինչո՞ւ հաշվետու տարվա եկամուտների բաժնում հայտարարագրված չեն ստացված վարկային միջոցները։ Այս հարցերի պատասխանները ևս չենք ստացանել ոչ գրավոր հարցման միջոցով, ոչ էլ բանավոր զրույցի ընթացքում։   Անգին թանկարժեք գեղանկարներ Վարդանյանը 2022 թվականի տարեկան հայտարարագրի՝ չորս միլիոն դրամից ավելի արժեք ունեցող գույքի ցանկում տարեսկզբի դրությամբ հայտարարագրել է գեղանկարներ։ Որպես գույքի ձեռքբերման տարի նշված է 2002 թվականը։ 2021 թվականի տարեկան հայտարարագրում, սակայն, այս գեղանկարները հայտարարագրված չեն։ Գույքի ձեռքբերման եղանակը նշված է նվիրատվություն, իսկ գինը՝ 0 ՀՀ դրամ։ Այս եղանակով ձեռքբերված գույքը պետք է հայտարարագրվի ստացման տարում այն ձեռք բերելու հնարավոր գնով։ Հնարավոր կամ շուկայական գին է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար։ Այդ նպատակով կիրառելի են, մասնավորապես, առուվաճառքով զբաղվող սուբյեկտների (բրոքերների, խանութների, բորսաների, տոնավաճառների, շուկաների և այլն) գները, գնացուցակային (կատալոգային) գները, այդ թվում՝ համացանցի միջոցով ստացված տվյալները և այլն:  Աղվան Վարդանյանին հարցրել էինք, թե  ինչո՞վ է պայմանավորված 2021 թվականի տարեկան հայտարարագրում գեղանկարների չհայտարարագրումը, և թե ինչու՞ է դրանց գնի դաշտում նշված 0 ՀՀ դրամ։ Այս հարցը ևս մնացել է անպատասխան։   Ընտանիքի անդամների չներկայացված հայտարարագրերը Աղվան Վարդանյանի 2021 և 2022 թվականների՝ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ընտանիքի անդամներ են նշված Ցողիկ Լավրենտի Բեժանյանը, Վահե Աղվանի Վարդանյանը և Վարդուհի Լևոնի Վարդանյանը։ Վահե Վարդանյանը և Վարդուհի Վարդանյանը, սակայն, չեն ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ 2021 և 2022 թվականների գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրերը, ինչպես նաև պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերը։  Պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել նաև Ցողիկ Բեժանյանը։  Կոռուպցիայի կանխարգելման հարձնաժողովից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հայտարարագրման պարտականությունները պատշաճ կերպով չկատարած ընտանիքի անդամների ծանուցումների գործընթացը ներկայում  ընթացքի մեջ է, բայց, հաշվի առնելով հարցմամբ ներկայացված տվյալները, Հանձնաժողովն առաջնահերթություն է տվել Աղվան Վարդանյանի ընտանիքի անդամների ծանուցման գործընթացին։ Հանձնաժողովից նաև տեղեկացրել են, որ հայտարարագրերի ներկայացման համար տրամադրվել է ծանուցման պահից 30-օրյա ժամկետ, իսկ պարտականության չկատարումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 1-ին մասով վարչական տույժի ենթարկելու հիմք կհանդիսանա (տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով)։ Հանձնաժողովից մեր զրույցում նշեցին, որ ծանուցումը փոստային տարբերակով իրականացվել է 2024 թվականի փետրվարի 27-ին, և հայտարարատու անձինք պատշաճ ծանուցված կհամարվեն միայն ծանուցումը ստանալուց հետո, որից հետո էլ արդեն կսկսվի 30-օրյա ժամկետի հաշվարկը։Ջուլիետտա Հովհաննիսյան
19:55 - 29 փետրվարի, 2024
Կենդանիների առևտուր. Հայաստան ներմուծվող կենդանիների անհայտ ճակատագրերը և պետության լուռ համաձայնությունը

Կենդանիների առևտուր. Հայաստան ներմուծվող կենդանիների անհայտ ճակատագրերը և պետության լուռ համաձայնությունը

2017-2022 թվականներին ամբողջ աշխարհից Հայաստան են ներմուծվել գրեթե 4000 վայրի կենդանիներ, որոնց մեծամասնության ճակատագիրն անհայտ է մնում վիճակագրության բացակայության և մաքսային տվյալների ոչ լիարժեքության պատճառով։  ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը (ՇՄՆ), Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), իսկ որոշ դեպքերում՝ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վայրի կենդանիների առևտրի թույլտվություններ և եզրակացություններ տրամադրող մարմիններ են, բայց չեն տիրապետում ներմուծված և արտահանված կենդանիների մասին ամբողջական տեղեկությունների։  Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսային ծառայությունը նույնպես չի տիրապետում կենդանիների ներմուծման և արտահանման վերաբերյալ լիարժեք տեղեկությունների, ինչպես իրենք են նշում, «օբյեկտիվ և սուբյեկտիվ» պատճառներից ելնելով, ինչպիսիք են, օրինակ, թերի լրացված մաքսային փաստաթղթերը։    Հարավաֆրիկյան Հանրապետությունից (ՀԱՀ) Հայաստանի միջոցով դեպի Ռուսաստանի մասնավոր ընկերություններ 2021 թ. ՀԱՀ-ից Հայաստան են ներմուծվել 45 ընձուղտներ։ Նրանցից մեկն անկել է տեղափոխման ընթացքում, ևս մեկը՝ արդեն Հայաստանում։ Մյուս ընձուղտների ճակատագիրն անհայտ է։  Հայաստան ներմուծվելուց ամիսներ անց ընձուղտներից 30-ին վաճառելու գործարքներ են կնքվել։ Նրանցից 12-ի համար տրվել են վերաարտահանման թույլտվություններ դեպի ՌԴ Տուլա քաղաքում գտնվող «Օվացիա» ՍՊԸ, որը զբաղվում է սննդամթերքի, այդ թվում՝ մսի և մսամթերքի մանրածախ առևտրով։ Եվս 12 ընձուղտներ պետք է ուղևորվեին «Յալթինսկիյ զօօպարկ «ՍԿԱԶԿԱ»» ՍՊԸ, իսկ մյուս 6 ընձուղտների արտահանման թույլտվությունը ստացել է ՖՏՂ ԱՁ Խաչատուրյան Էդուարդ Սերգեեվիչը, որի անունը մեկ անգամ չէ, որ շրջանառվել է մամուլում Հայաստանից ՌԴ վայրի կենդանիների  տեղափոխման կասկածելի գործարքների շրջանակում։ Այս բոլոր գործարքները, սակայն, տեղի չեն ունեցել, քանի որ դեռևս 2020 թ․ ՌԴ Ռոսսելխոզնադզոռը արգելել է ՀԱՀ ծագմամբ և դաբաղ հիվանդության նկատմամբ զգայուն կենդանիների մուտքը Ռուսաստան։  Ընձուղտներին Հայաստան է ներմուծել «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ն, որի սեփականատերերը նախկինում կենդանիների առևտրի գործարքներ են իրականացրել «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի միջոցով, որը 2017-ին սնանկացել է, իսկ հիմա արդեն լուծարվում է։ Սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանը «Ինֆոքոմին» հայտնել է, որ տարածքը, որտեղ գրանցված է այս ընկերությունը, գրավադրված է և շուտով վաճառվելու է: Վաճառքը հետաձգվում է հողի կարգավիճակի հետ կապված խնդրի պատճառով։ Հայաստանի նվազագույնը չորս պետական կառույցներ թույլ են տվել, որ ներմուծման այս գործարքը կայանա՝ տալով թույլտվություններ և դրական մասնագիտական եզրակացություններ։ Այդ պետական կառույցներն են, մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը (ՇՄՆ), Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), ինչպես նաև՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ)։ Այս կառույցներից որևէ մեկը, սակայն, լիարժեք տեղեկություններ չի տրամադրում կենդանիների ներկայիս իրավիճակի վերաբերյալ։    Ի՞նչ կապ ունի ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն ընձուղտների ներմուծման հետ Բնության պահպանության միջազգային միության (IUCN/ԲՊՄՄ) դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում ընձուղտների քանակն էականորեն նվազել է։ 1985-2015 թվականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընձուղտների պոպուլյացիան 36-40%-ով կրճատվել է, ինչի պատճառը մարդու կողմից շահագործման ծավալների աճը (անթրոպոգեն գործոն) և արեալների կրճատումն է։  2016 թվականից ընձուղտներն ընդգրկվել են IUCN կարմիր ցուցակում և ստացել VU (խոցելի) կարգավիճակ։ IUCN-ը հաշվարկում է ընձուղտների մոտ 68 հազար 293 հասուն առանձնյակ։ 2019 թվականից ընձուղտներն ընդգրկվել են CITES («Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին») կոնվենցիայի 2-րդ հավելվածում, ինչն ավելի է ընդգծում այս կենդանիներին մշտական ուշադրության կենտրոնում պահելու և պաշտպանելու անհրաժեշտությունը։ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարությանը գրավոր եզրակացություն է ուղարկել, ըստ որի՝ ընձուղտները Հայաստանի բնական կենսամիջավայրում չեն կարող գոյատևել։ Միևնույն ժամանակ, նույն եզրակացությունում ասվում է, որ «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ի տարածքները համապատասխանում են կենդանիների խնամքի բոլոր միջազգային նորմերին և ստանդարտներին, հետևապես՝ կենդանիները կարող են ժամանակավոր պահվել այդ ընկերության տարածքում։ Այդպիսով, գիտական կենտրոնն առանց որևէ գիտական հիմնավորման չի առարկել 45 ընձուղտների ներմուծումը։ Պաշտոնական փաստաթղթերում ընձուղտների ներմուծման նպատակ է նշվել կենդանիների առևտուրը և բուծումը։ Այսինքն, կենդանիների ներմուծման հիմնական նպատակը հետագա վերավաճառքն է։ ԳԱԱ գիտական կենտրոնի մասնագիտական եզրակացության մեջ հաշվի չեն առնվել ներմուծման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը, կլիմայական պայմանների փոփոխության ազդեցությունը կենդանիների վրա, ինչպես նաև կենդանիներին անազատ պայմաններում պահելու ազդեցությունները։    Ընձուղտներ և այլ վայրի կենդանիներ, որոնց ոչ ոք չի տեսել և չի լսել 2021 թ․ Հայաստան ներկրված 43 ընձուղտների գտնվելու վայրը և պահման պայմանները պարզելու համար մենք մի քանի անգամ փորձել ենք կապ հաստատել «Ֆաունա Զօօ» ընկերության հետ, բայց ապարդյուն․ մեր հարցերին հրաժարվել են պատասխանել։  «Ֆաունա Զօօ» ընկերությունը գրանցված է Գ․ Մահարի 148 հասցեում (Էրեբունի վարչական շրջան)։ Հենց այս հասցեն է բոլոր փաստաթղթերում նշվում որպես կենդանիների ներմուծման վայր։ Ենթադրելով, որ ՀԱՀ-ից բերված ընձուղտներն այս հասցեում են, մենք դեռ 2022-ին ՍԱՏՄ գրավոր հարցում էինք ուղարկել՝ տարածքում պահվող կենդանիների վերաբերյալ։  ՍԱՏՄ-ից հրաժարվել են տրամադրել ընձուղտների քանակի մասին ճշգրիտ տվյալներ, բայց ընդհանրական պատասխանել են, որ տվյալ հասցեում պահվում են ընձուղտներ, զեբրեր, այծքաղներ, տնական այծեր, վագրեր, առյուծներ, կապիկներ, թութակներ և շնազգիներ։ Սա Գ․ Մահարի 148 հասցեում գտնվող ընձուղտների վերաբերյալ վերջին պաշտոնական տեղեկությունն է, որը մենք ունենք, քանի որ նույն թեմայի շուրջ մեր հետագա հարցերին ՍԱՏՄ-ն և ԲԸՏՄ-ն հրաժարվել են պատասխանել՝ հիմնվելով տնտեսվարող սուբյեկտի կողմից գրավոր համաձայնության բացակայության վրա։  Մեր այցելությունը «Ֆաունա Զօօ» ՍՊԸ գործող տարածք նույնպես որևէ նոր բան չտվեց։ Գ․ Մահարի փողոցը բնակելի է, սովորական երևանյան փողոց, սակայն անգամ հարևանությամբ բնակվող մարդիկ չգիտեն իրենց կողքին ապրող վայրի կենդանիների մասին։ Նրանք չեն տեսել, չեն լսել և չեն զգացել նման քանակի կենդանիների ներկայություն իրենց թաղամասում։ Սա այն դեպքում, երբ ՊԵԿ, ՇՄՆ և ՍԱՏՄ տվյալների համաձայն՝ այս տարածքում հավանաբար պահվում են 43 ընձուղտ, 20 զեբր, 49 այծքաղ, 20 կոկորդիլոս, 20 կարակալ, 20 սերվալ, 20 գենետա կատու, առյուծներ և վագրեր։    Ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2017-2022 թվականներին  տարբեր երկրներից Հայաստան են ներմուծվել 3941 վայրի և էկզոտիկ կենդանիներ, որոնք ունեն պահպանման տարբեր կարգավիճակներ։ Ամբողջական հաշվառման բացակայության պատճառով այս կենդանիների մեծ մասի ճակատագիրը, կարգավիճակը, գտնվելու վայրը և պահման պայմաններն անհայտ են։  Հայաստան ներմուծված և Հայաստանից արտահանվող վայրի կենդանիների քանակն ու մաքսային արժեքը, 2017-2023 Ներմուծված կենդանիներից արտահանվել են միայն 703-ը, որոնք հիմնականում եղել են փոքր թռչուններ։ Այսինքն, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի տարածքում պետք է գտնվի 3238 ներմուծված կենդանի, բայց ոչ մի պետական կառույց, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, որը տրամադրում է կենդանիների ներմուծման թույլտվությունները, չի տրամադրում կենդանիների գտնվելու վայրի և կարգավիճակի մասին ամբողջական տեղեկություններ։  Ներմուծված կենդանիների մի մասին՝ որպես զվարճանքի միջոցների, կարելի է հանդիպել տարբեր մասնավոր տարածքներում, օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տանը, կամ «Հրաշք այգի» ռեստորանում, որի սեփականատերը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի որդին է։ Իսկ կապիկներն, օրինակ, Հայաստանում շատերի համար հեշտ ձեռքբերում են դարձել։ Ավելին՝ կենդանիների վաճառքի գործում իրենց ներդրումն ունեն նաև ինֆլյուենսերները։    «Կոնվենցիան ուղղված է կենդանական աշխարհի պահպանությանը, ոչ թե նրանց առևտուրը խթանելուն» Հայաստան ներմուծման հիմնական գործընկեր երկրները Հարավաֆրիկյան Հանրապետությունն (18 կենդանատեսակ) ու Բենինն (16 կենդանատեսակ) են։ Աֆրիկյան այս երկրները հայտնի են հարուստ կենդանական աշխարհով, միևնույն ժամանակ՝ որսագողերով ու կենդանիների թրաֆիքինգով զբաղվողներով։ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան (CITES), ըստ վտանգվածության աստիճանի,  կենդանատեսակները բաժանում է 3 հավելվածի՝  I, II և III։ I հավելվածում անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներն են, և այս նմուշների տեղափոխումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում։ ՍԻԹԵՍ արտոնագիրը տրամադրվում է և՛ արտահանող, և՛ ներմուծող երկրի կողմից։  II հավելվածում ընդգրկված տեսակները վտանգված են և պետք է գտնվեն մշտական վերահսկողության ներքո։ ՍԻԹԵՍ արտոնագիրը տրամադրվում է միայն արտահանող երկրի կողմից։  III հավելվածում ներառված կենդանատեսակներն ավելի քիչ վտանգված են, սակայն նրանց տեղափոխումը ևս վերահսկվում և հաշվարկվում է, իսկ արտոնագիր չի պահանջվում։  2017-2022 թթ․ Հայաստան է ներմուծվել անհետացման վտանգի տակ գտնվող 9 (I հավելված) և վտանգված 32 (II հավելված) կենդանատեսակ։ Մնացած կենդանատեսակները ներառված են III հավելվածում կամ դեռևս չեն ընդգրկվել Կոնվենցիայի ցանկում։  Հաճախ Կոնվենցիայի նպատակը սխալ է ընկալվում և մեկնաբանվում հատկապես Հայաստանում և աֆրիկյան այն երկրներում, որտեղից հաճախ են կենդանիներ ներմուծում։ Կենսաբանական գիտությունների թեկնածու, միջազգային փորձագետ, ՄԱԿ միջազգային կոնվենցիաների նիստերի մասնակից Մարիա Վորոնցովան պարզաբանում է․ «Այս կոնվենցիան ստեղծվել է, երբ պարզվել է, որ կենդանիներին կտրում են բնությունից և պտտում ամբողջ աշխարհով, իսկ ՍԻԹԵՍ-ը այն փաստաթուղթն է, որը այս ամենը կարգավորում է և փորձում է ինչ-որ կերպ կանգնեցնել ընթացքը։ ՍԻԹԵՍ-ը հենց միջսահմանային տեղափոխման մասին է։ Շատերը կարծում են, թե սա առևտրային կոնվենցիա է, բայց այդպես չէ։ Այն կարգավորում է սահմանների միջև տեղափոխումը և ուղղված է կենդանական աշխարհի պահպանությանը, ոչ թե առևտուրը խթանելուն։ ՍԻԹԵՍ երկրները պետք է ունենան իրենց ներքին օրենսդրությունը, որը համապատասխանում է Կոնվենցիային կամ դրանից խիստ է։ Օրինակ՝ Ավստրալիան, որտեղ թութակների շատ տեսակներ կան, ամբողջությամբ արգելել է դրանց արտահանումը և արել է դա ՍԻԹԵՍ-ի ամրապնդման համար։ Կոնվենցիան այդպիսի բան չի պահանջում, բայց Ավստրալիան հպարտանում է իր կենդանական աշխարհով և կարծում է, որ պետք չէ թութակներին հանել երկրից, քանի որ արդյունքում, որպես կանոն, ոչ մի լավ բան տեղի չի ունենում․ նրանք մահանում են»։  Մեկ այլ փորձագետի՝ EAZA (European Association of Zoos and Aquaria) կենդանաբույժ-խորհրդատու Իման Մեմարիանի կարծիքով կենդանիների առևտրում մեծ է նաև կոռուպցիոն ռիսկը․ «Ցավոք սրտի, Կոնվենցիան չի ստուգում պահման պայմանները և այն, թե արդյո՞ք երկիրն առհասարակ ունի հնարավորություն կենդանուն պահելու, թե՞ ոչ։ Այստեղ շատ կոռուպցիոն դրսևորումներ կան՝ մինչև անգամ արտոնագրի տրամադրումը»։   Կենդանիները վերավաճառում են մի քանի անգամ ավելի էժան, քան գնել են  Այն դեպքերում, երբ կենդանիների հետքը հնարավոր է լինում գտնել մաքսային տվյալների օգնությամբ, ի հայտ են գալիս կասկածելի բիզնես գործարքներ։ Օրինակ՝ 2020 թ․ Բենինից ներմուծվել են 4 աֆրիկյան մարաբուներ, որոնց ընդհանուր մաքսային արժեքը 647 400 դրամ է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն արժեցել է 168 600 դրամ։ 2021 թ․ ներմուծվել են ևս 10 մարաբուներ՝ 1 082 000 դրամ մաքսային արժեքով, յուրաքանչյուր թռչնի արժեքը՝ 108 260 դրամ։  Այս թռչուններից 7-ը արտահանվել է Ուկրաինա անհամեմատ ավելի ցածր մաքսային արժեքով՝ յուրաքանչյուրը՝ 35 800 դրամ, ընդհանուր արժեքը կազմել է 250 840 դրամ։ Այսինքն, վաճառքի գինը բազմակի  անգամ ավելի ցածր է, քան ներմուծման արժեքը։  Գնի այսպիսի ճեղքվածքը վկայում է ոչ այնքան շահավետ բիզնեսի, որքան՝ բարեգործության կամ վնասի կրման։ Այս գործարքը, հավանաբար, իրականացվել է «Երզնկյան Զօօ Ցենտր» ՍՊԸ կողմից, քանի որ, ըստ արտահանման թույլտվությունների, հենց այս ընկերությունն է 2021 թ․ 7 աֆրիկյան մարաբուի վերաարտահանման թույլտվություն ստացել ՇՄՆ կողմից։  Այս հանգամանքը պետք է որ ազդանշան հանդիսանար ՊԵԿ-ի համար ավելի մանրամասն և արդյունավետ ուսումնասիրելու միևնույն օբյեկտի ներմուծման ու արտահանման տվյալները, քանի որ նման գնային տարբերությամբ ներմուծումն ու արտահանումը կարող են հարկերից խուսափելու ռիսկ պարունակել։   Ի վերջո, ո՞վ է պատասխանատուն Վայրի կենդանիների առևտրի և դրանում Հայաստանի մասնակցության թեման կարելի է ուսումնասիրել երկար, քանի որ քիչ չեն անհետացած 43 ընձուղտների նման պատմությունները։ Վերջում, սակայն, ամենակարևոր հարցը մնում է անպատասխան․ որտե՞ղ են և ի՞նչ վիճակում են այժմ այդ կենդանիները։  Կարծես թե տեղական և միջազգային իրավական կարգավորումներն այս հարցի պատասխանը պատվիրակել են պետական մարմիններին, սակայն փաստերն այդ մասին չեն խոսում։  ՍԻԹԵՍ կոնվենցիան ամբողջ աշխարհում վայրի կենդանիների տեղափոխման ընդհանուր կանոններ և ստանդարտներ է մշակում, ինչի արդյունքում էլ ստեղծվել է երկրների ներսում թույլտվությունների տրամադրման համակարգը։ Այդ համակարգի գործունեության համար պատասխանատու են համապատասխան պետական կառույցները։ Հայաստանում համակարգող մարմինը Շրջակա միջավայրի նախարարությունն է, իսկ գիտական ուղղությամբ պատասխանատու մարմինը՝ Գիտությունների ազգային ակադեմիան։  Ակնհայտ է, որ նախարարությունը պահպանության կարիք ունեցող վայրի կենդանիների ներմուծման ու արտահանման բազմաթիվ թույլտվություններ է տալիս, ինչը կարող է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործոն հանդիսանալ։  Հայաստանում շատ անգամներ են արձանագրվել կենդանիներին որպես զվարճանքի միջոց շահագործելու կամ մասնավոր առևտրի դեպքեր, ինչը վկայում է ՇՄՆ և մյուս պատկան մարմինների անտարբերության մասին։ Օրինակ՝ Սննդամթերքի անվտանգության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինները, որոնք հրաժարվում են տրամադրել տեղեկություններ «Ֆաունա Զօօ» ՍՊԸ տարածքում պահվող կենդանիների քանակի և վիճակի մասին։ Գիտությունների ազգային ակադեմիան, որն առանց որևէ գիտական հիմքի տրամադրել է դրական մասնագիտական եզրակացություն մեծ քանակությամբ վայրի կենդանիների ներմուծման համար, ինչպես նաև՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը, որը թույլ է տալիս կենդանիների տեղափոխումը սահմանից սահման առանց պատշաճ վերահսկողության։  Ըստ էության, ՍԻԹԵՍ կոնվենցիան վայրի կենդանիների միջսահմանային տեղափոխման մասին է միայն և ենթադրում է, որ թույլտվությունները պետք է տրամադրվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այլ ոչ թե առևտրի և բիզնես նպատակներով։ Հատկանշական է, որ Հայաստանի պետական մարմինները չեն առաջնորդվում Կոնվենցիայի այս գլոբալ գաղափարով, այլ, հակառակը, թույլատրում և անգամ նպաստում են վայրի կենդանիների բազմաթիվ տեղափոխությունների՝ օգտագործելով ՍԻԹԵՍ թույլտվություն տալու իրենց հնարավորությունը։  Ստացվում է, որ կոնվենցիան յուրաքանչյուր երկրի հնարավորություն է տալիս ինքնուրույն սահմանել «խաղի կանոնները» և հետևել դրանց։  Անհերքելի է, որ երկրի ներսում արդեն իսկ կան մեծ քանակությամբ անազատության մեջ և վատ պայմաններում ապրող կենդանիներ, միևնույն ժամանակ, նրանց թիվը շարունակում է աճել թերի վերահկսվող այս առևտրի հետևանքով։ Հեղինակ՝  Մարիամ Տաշչյան Ինֆոգրաֆիկաները՝ Բիբինուր Բոլոտկանովայի Մենթոր՝ Կատյա Մամյան Նյութը ստեղծվել է LAMPA Accelerator-ի շրջանակներում՝ Ղրղզստանի տվյալների դպրոցի աջակցությամբ։
20:11 - 28 փետրվարի, 2024
Ազատվելով անցանկալիներից. բացակայել են ավագանու տասնյակ անդամներ, հեռացվել՝ երեքը  

Ազատվելով անցանկալիներից. բացակայել են ավագանու տասնյակ անդամներ, հեռացվել՝ երեքը  

Այս տարվա փետրվարի 7-ին բացակայությունների հիմքով մանդատից զրկվեցին Երեւանի ավագանու երեք ընդդիմադիր անդամներ՝ Հայկ Մարությանը, Նարինե Հայրապետյանն ու Սոննա Աղեկյանը։ Արտահերթ նիստի [1, 2] ընթացքում ավագանին քննարկեց ավագանու 5 անդամների՝ Հայկ Մարությանի, Գեւորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Սոննա Աղեկյանի եւ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Մյուս երկու անդամների լիազորությունները դադարեցնելու նախագծերը անհրաժեշտ թվով քվեներ չստացան։ Ավագանու նշյալ անդամների լիազորությունները դադարեցնելու հիմնավորումն այն էր, որ նրանք 5-րդ գումարման ավագանու 1-ին նստաշրջանի ընթացքում անհարգելի բացակայել էին քվեարկությունների ավելի քան կեսից։  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն, իհարկե, ունի սահմանում, համաձայն որի՝ վերը նշյալ հիմքով կարող են դադարեցվել ավագանու անդամի լիազորությունները, սակայն խնդիրն այն է, որ ավագանու 65 անդամներից միայն նշված 5-ը չէ, որ բացակայությունների «ընդունելի» շեմը հատել էին։ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է 2018 թվականից մինչ օրս Երեւանի ավագանու կազմի բացակայությունների տվյալները՝ փորձելով հասկանալ, թե ավագանու որ անդամներն են ամենաշատը բացակայել, եւ արդյո՞ք նրանց հանդեպ էլ օրենքը նույն խստությամբ է կիրառվել, ինչ ընդդիմադիր վերոնշյալ երեք անդամների հանդեպ։   Օրենք, որը հայեցողական կիրառման հնարավորություն է տալիս  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից: Վերը նշված հոդվածը անհարգելի բացակայության հիմքով ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես գալն ու նման որոշում կայացնելը ի վերջո թողնում է ավագանու անդամների հայեցողությանը։ Օրենքը նաեւ չի մեկնաբանում, թե ինչ ասել է «անհարգելի»։  Սակայն ավագանին 2021 թվականին փորձել է լրացնել օրենքի այս բացը եւ փոփոխություններ ու լրացումներ կատարել  «Երեւան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին» որոշման մեջ՝ սահմանելով, որ «ավագանու հերթական նիստից անհարգելի բացակայություն է համարվում, եթե ավագանու անդամը չի մասնակցել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկությունների գրանցումների ավելի քան կեսին»։ Նույն որոշմամբ սահմանվել է, որ բացական հարգելի է համարվում, երբ պատճառը հիվանդությունն է կամ արտերկրյա գործուղումը։ Որոշման մեջ նշվում է, որ հիվանդության պատճառով բացակայելու դեպքում ավագանու անդամը, իսկ անհնարինության դեպքում՝ խմբակցության ղեկավարը  Երեւանի քաղաքապետին է ներկայացնում համապատասխան տեղեկանք բժշկական հաստատությունից։ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամներ Մարատ Թոխյանը, Նատալյա Սինորյանը, Արմեն Գալջյանը, Լեւոն Լեւոնյանը, Դիանա Քերոբյանը, Հայկ Միրզոյանը, Արման Հարությունյանը, Լուսինե Գեւորգյանը, «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու նախագծերի հիմնավորումներում նշել էին, որ Երեւան քաղաքի ավագանու 5-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում տեղի են ունեցել 4 նիստեր, որոնց ընթացքում կազմակերպվել են 42 քվեարկություններ, սակայն «Մայր Հայաստան» խմբակցությունից  Նարինե Հայրապետյանը մասնակցել է դրանցից 10-ին,  Սոննա Աղեկյանը՝ 8-ին, Գեւորգ Ստեփանյանը՝ 7-ին, իսկ  Զարուհի Փոստանջյանը եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանը չեն մասնակցել որեւէ քվեարկության։ Ավագանու նշյալ անդամները չեն ներկայացրել նաեւ բացակայությունների հարգելի լինելը փաստող տեղեկանքներ։Երեւանի 5-րդ գումարման ավագանու նիստ Նույն հիմնավորմամբ ավագանու եւս 22 անդամի լիազորություններ դադարեցնելու նախագծեր կարող էին ներկայացվել, սակայն ավագանին հայեցողական մոտեցում է ցուցաբերել Ավագանու անդամները միայն ընդդիմադիր 5 գործընկերների վերաբերյալ էին նախագծեր ներկայացրել, այնինչ ավագանու եւս 22 անդամ առաջին նստաշրջանի ընթացքում բացակայել էր քվեարկությունների ավելի քան կեսից։  Անհարգելի բացակայած ավագանու անդամների ճշգրիտ ցանկը ստանալու համար նախ Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանից ճշտեցինք, թե 2018 թվականից մինչ օրս ավագանու անդամներից քանիսն են ներկայացրել հարգելի բացակայությունը հավաստող փաստաթղթեր։ Կոստանյանը «Ինֆոքոմին» հայտնեց, որ 2018-2024 թվականներին Երեւանի քաղաքապետարան ներկայացվել է ընդամենը երկու նման տեղեկանք՝ ավագանու անդամներ Անի Խաչատրյանից ու Արման Հարությունյանից՝ 2022 թվականին։ Այժմ վերլուծենք 2023 թվականին կայացած եւ ավագանու 3 անդամների հեռացման հիմք հանդիսացած 5-րդ գումարման ավագանու 1-ին նստաշրջանի տվյալները։ Նախ նշենք, որ ավագանու անդամները, որոնք ներկայացրել էին համապատասխան նախագծերը, քվեարկությունից բացակայություն են հաշվել ոչ միայն այն դեպքերը, երբ ավագանու անդամը չի գրանցվել քվեարկությանը, այլ նաեւ երբ գրանցվել է, սակայն չի քվեարկել կողմ, դեմ կամ ձեռնպահ։ Օրինակ, ավագանու անդամ Սոննա Աղեկյանը 42 քվեարկություններից 12-ին գրանցվել է, սակայն դրանցից 4-ի ժամանակ չի քվեարկել դեմ, կողմ կամ ձեռնպահ։ Նրա լիազորութունները դադարեցնելու նախագծում նշված է, որ Աղեկյանը միայն 8 քվեարկության է մասնակցել։ Ստորեւ մենք դիտարկել ենք ավագանու անդամների բացակայությունները՝ հիմք ընդունելով ոչ թե քվեարկել-չքվեարկելու, այլեւ քվեարկություններին գրանցված լինել-չլինելու հանգամանքը։ Հաշվարկի այս մեթոդի պարագայում անգամ կան ավագանու մի շարք անդամներ, որոնց բացակայությունները օրենքով սահմանված շեմը գերազանցում են։ Այսպիսով, «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը չի մասնակցել 30 քվեարկության, Իզաբելլա Աբգարյանը՝ 25, Գրիգորի Երիցյանը՝ 27, Քրիստինա Վարդանյանը՝ 30, Պեդրո Զարոկյանը՝ 27, Իոսիֆ Կուբատյանը՝ 26, Սամվել Մելիքյանը՝ 25, Արաքսի Դիլանյանը՝ 25, Արամ Թորոսյանը՝ 25, Ռոբերտ Ծովյանը՝ 25, Նարինե Արամյանը՝ 27, Տիգրան Պետրոսյանը՝ 28, Սեդա Տեր-Մինասյանը՝ 25, «Մայր Հայաստան» խմբակցությունից Մանուկ Սուքիասյանը՝ 32, Սամվել Հարոյանը՝ 32, Մեսրոպ Մանուկյանը՝ 32, Սամվել Հակոբյանը՝ 30, Արմեն Քոչարյանը՝ 23, Գրիգոր Իսկանդարյանը՝ 24, «Հանրային ձայն» խմբակցությունից Արտակ Գալստյանը (կալանավորված է)՝ 42, Տիգրան Ուրիխանյանը (նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված)՝ 42, ավագանու անկախ անդամ Անույշ Խուդավերդյանը՝ 25։  Այսինքն, օրենքի պահանջը խախտել է ավագանու 22 անդամ (չհաշված ավագանու այն երկու անդամներին, որոնց հեռացնելու վերաբերյալ նախագծերը չեն հավաքել անհրաժեշտ թվով ձայներ), բայց միայն երեքն են զրկվել մանդատից։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը նախագծերի քննարկման ժամանակ բացակայության հիմքով ավագանու մանդատից միայն երեք անդամի զրկելը համարել էր խտրական մոտեցում։ Նա նշել էր, որ ինքն օրենքը խախտողներից մեկն է, քանի որ բացակայել է հանձնաժողովի բոլոր նիստերից։ Երիցյանն առաջարկել էր ինչպես իր, այնպես էլ օրենքի նորմը խախտած ավագանու մյուս անդամների լիազորությունների դադարեցման հարցը բարձրացնել։ «Կարծում եմ՝ եթե դուք էլ նույն ոճով շարունակեք, այդ օրը սարերի հետեւում չի լինի»,- Երիցյանի դիտարկմանն արձագանքել էր ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լեւոն Լեւոնյանը, որը ներկայացնում էր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագիծը։Մեջտեղի շարքում ձախից՝ աջ՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Քրիստինա Վարդանյանը, Իզաբելլա Աբգարյանը, Արամ Թորոսյանը Մինչ այդ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը զեկուցելիս նշել էր, որ ավագանու մոտ 20 այլ անդամներ էլ, այդ թվում խմբակցությունների ղեկավարներ, հատել են բացակայությունների շեմը, բայց խմբակցության ղեկավարների վերաբերյալ նախաձեռնություններով հանդես չեն եկել՝ ելնելով «քաղաքական որոշակի սոլիդարությունից», եւ անդրադարձել են ամենաշատը բացակայած ավագանու անդամներին։ Նշենք, սակայն, որ ավագանու այլ անդամներ եւս բացակայել էին այնքան, որքան, օրինակ, մանդատից զրկված Նարինե Հայրապետյանը։ Մշտական հանձաժողովների նիստերից բացակայությունները եւս հիմք էին ավագանու մի շարք անդամների մանդատից զրկելու համար Ավագանու մի շարք անդամներ բացակայել են մշտական հանձնաժողովների նիստերի կեսից ավելիից։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ ավագանին կարող է մանդատից զրկել նաեւ այդ անդամներին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Նարեկ Մանուկյանը եւ «Հանրապետություն» խմբակցությունից Հարություն Մանվելյանը, օրինակ, չեն մասնակցել Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի՝ 2023թ․-ին կայացած 3 նիստերից 2-ին։  «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Սամվել Մելիքյանը, Արամ Թորոսյանն ու Գրիգորի Երիցյանը բացակայել են Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ 2023թ․ կայացած բոլոր 2 նիստերից։ Հեռացման քաղաքական որոշում՝ ընդդեմ քաղաքական բոյկոտի Քվեարկություններին ու հանձնաժողովների նիստերին չմասնակցելը ավագանու ընդդիմադիր խմբակցությունները մեկնաբանել են որպես քաղաքական բոյկոտ՝ նշելով, որ դա քաղաքական պայքարի միակ մեթոդն է մնացել։ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Հայկ Մարությանը իր լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ նիստերին չմասնակցելն իրենց քաղաքական դիրքորոշումն է, եւ միայն քվորում չապահովելով է հնարավոր այնպես անել, որ «ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի»։  Միաժամանակ, Մարությանը պնդել էր, որ նիստերին մասնակցելը ավագանու անդամի աշխատանքի միայն 10 տոկոսն է։ Մարությանը ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշումները համարել էր քաղաքական՝ հիշեցնելով, որ նախորդ գումարման ժամանակ իշխող քաղաքական ուժը նույն կերպ էր վարվել՝ ավագանու մադատից զրկելով Լուսինե Մխոյանին այն պատճառով, որ վերջինս դեմ էր իրեն քաղաքապետի պաշտոնում անվստահություն հայտնելուն․ «Մեզ հանում եք, որովհետեւ դեմ ենք ձեզ։ Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանում եք, ո՞վ ա ձեզ էդ մանդատը տվել, դուք իմ գործատո՞ւն եք»,- նիստի ժամանակ հայտարարել էր Մարությանը։ Հայկ Մարությանը Մինչդեռ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել էր, որ խնդիրը ընդդիմադիրներին «սիրել-չսիրելու» կամ քաղաքային իշխանություններին քննադատելու մեջ չէ․ «Մենք [մանդատից] զրկում ենք ավագանու այն 5 անդամներին, որոնք ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին։ Օրենքն ասում է՝ բոյկոտեք այնքան, մինչեւ հիսուն տոկոս քվեարկություններին մասնակցեք, բայց բոյկոտի անձրեւանոցի տակ անգործություն մի արեք, որովհետեւ ավագանու անդամ լինելը պարտականություն է։ [...] Եթե ավագանու անդամն իր պարտականությունները չի կատարում, ինչո՞ւ պիտի չհանենք, ո՞վ է ասել, որ օրենքի տարբեր հոդվածներով մեզ տրված լիազորություններից չպիտի օգտվենք»,- ասել էր Ավինյանը։ Իշխող խմբակցությունը նույն մոտեցմամբ էր առաջնորդվում նաեւ նախորդ գումարման ավագանիում 2022 թվականի փետրվարին Երեւանի ավագանին քննարկում էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Նախագծի հիմնավորման մեջ ասված էր, որ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի երեք հերթական նիստերին, եւ դա, համաձայն վերը նշված օրենքի, նրան մանդատից զրկելու հնարավորություն է տալիս։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը որոշման նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ Մխոյանը ավագանու նիստերից բացակայել է մոտ 20 անգամ, չնայած՝ իրենք տեղեկանքում մի քանի ամսաթիվ են նշել, քանի որ բացակայությունների մի մասն իրականում օբյեկտիվ հիմքեր է ունեցել (Մխոյանը երեխայի էր սպասում)։  Լուսինե Մխոյանը, սակայն, պնդում էր, որ իրեն մանդատից զրկելու պատճառն իրականում այլ է․ նախ՝ նա կողմ չի եղել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, որը 2021-ի դեկտեմբերին նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը, ապա նաեւ տարբեր են եղել քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտում իր եւ մնացյալի պատկերացումները։ Infocom-ի հետ զրույցում Լուսինե Մխոյանը նշել էր, որ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն իրեն ասել էր, որ այլեւս անհնարին են համարում իր՝ ավագանու կազմում լինելը, եւ ինքը կամ պիտի մանդատը վայր դնի, կամ կհեռացնեն բացակայությունների հիմքով։ Գալջյանն էլ մեկնաբանել էր, թե Մխոյանի հետ ունեցել են քաղաքական զրույց՝ քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակում, բայց իրենց տեսակետները չեն հատվել․ «Ինչ վերաբերում է սպառնալիքներին, շանտաժին, ամենեւին դա այդպես չէ։ Մենք տիկին Մխոյանին ասել ենք, որ կա բացակայությունների շեմ, որը հատվել է, եւ բացի քաղաքական հարցերից՝ կա նաեւ աշխատանքի մասով խնդիր»,- ասել էր Գալջյանը՝ նշելով, որ խմբակցությունում կան անդամներ, որոնք չեն պաշտպանել իրենց որոշումը՝ Մարությանին հեռացնելու վերաբերյալ, բայց շարունակում են ներկայացնել խմբակցությունը։ Ավագանին, ի վերջո, դադարեցրել էր Լուսինե Մխոյանի լիազորությունները։ Արմեն Գալջյանը Բացի Լուսինե Մխոյանից՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ եւս բացակայել էին 7-րդ նստաշրջանի նիստերի ավելի քան կեսից Նախորդ գումարման ավագանու 7-րդ նստաշրջանում կայացել է 6 նիստ, որոնցից մեկը՝ արտահերթ, մյուսը՝ երդման արարողության նիստ։ Այս նստաշրջանում, որի ժամանակ կայացած 3 նիստերից բացակայել էր Լուսինե Մխոյանը, սահմանված թվից ավելի բացակայություններ են ունեցել ավագանու «Իմ քայլը» խմբակցության այլ անդամներ եւս։ Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արմեն Ղալեչյանը, Ռուբեն Սիմոնյանը, Աշոտ Մնացականյանը, Օվսաննա Հովսեփյանը, Վիլեն Գայֆեջյանը բացակայել են այդ նստաշրջանի 3 հերթական նիստերից, Լիլիթ Պիպոյանը՝ 4 նիստից։ Ընդհանուր առմամբ՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ չեն մասնակցել 7-րդ նստաշրջանի նիստերի կեսից ավելիին։ Մխոյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ Infocom-ը մեկնաբանություն էր խնդրել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանից՝ հասկանալու՝ ինչո՞ւ մանդատից զրկելու նախագծեր չեն բերվել ավագանու այն անդամների վերաբերյալ, որոնք եւս ունեն սահմանվածից ավելի բացակայություններ, արդյոք նրանց բոլոր բացակայությունները հարգելի՞ են եղել։ Գալջյանը նշել էր, որ նախկինում հարգելի բացակայության սահմանում չի եղել, միայն 2021-ին են սահմանվել որոշակի հիմքեր, հետեւաբար, նրա խոսքով, «տվյալ պարագայում հարգելի բացակայություն տերմինը այդքան էլ տեղին չէ, քանի որ նշված բացակայությունները որեւէ կարգավորման հիմքով հարգելի համարվել չէին կարող եւ չեն կարող»։ Մեր զրուցակցի մեկնաբանմամբ՝ ավագանու նիստերից բազմիցս բացակայած անդամներին մանդատից զրկելու հարց չի քննարկվել, քանի որ այն ծայրահեղ դեպքերում կիրառվող գործիքակազմ է․ «Եթե մնացած դեպքերում ավագանու անդամների մեծամանությունը գտնի, որ ավագանու որեւէ անդամի հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չի համարում բացակայության հիմքով, ապա այդ պարագայում հարցը ավագանու նիստի քննարկմանը ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ ներխմբակցային քննարկումները բավարար կլինեն խնդրին լուծում տալու համար»,- կարծիք էր հայտնել Գալջյանը։ Նախորդ գումարման ավագանու մի շարք անդամներ խախտել են բացակայությունների սահմանված շեմը, բայց չեն հեռացվել «Ինֆոքոմն» ուսումնասիրել է նաեւ նախորդ գումարման ավագանու յոթ նստաշրջանների նիստերից բացակաների թիվը։ Ստորեւ կներկայացնենք, թե ավագանու որ անդամներն են տարբեր նստաշրջաններում գերազանցել բացակայությունների սահմանված թիվը, բայց նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագծեր անգամ չեն ներկայացվել։ Այսպիսով, ինչպես նախորդ, այնպես էլ գործող ավագանու շատ անդամներ գերազանցել են բացակայությունների՝ օրենքով նախատեսված շեմը, սակայն երկու դեպքում էլ «Քաղաքացիական պայմանագրի» (նախկինում՝ «Իմ քայլը») անդամները անհավասար մոտեցում են ցուցաբերել՝ նույն պատճառաբանությամբ դադարեցնելով ավագանու մի կամ մի քանի անդամների լիազորություններ եւ չանդրադառնալով մյուս անդամներին։ Թեեւ օրենքը թույլ է տալիս հայեցողական մոտեցում ցուցաբերել, այդուհանդերձ, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների գործողություններից կարելի է եզրահանգել, որ օրենքը մեկնաբանվում եւ կիրառվում է՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Օրենքը հայեցողական մոտեցման հնարավորություն է տալիս, քանզի քվեարկության ելքը չի կարող կանխորոշվել Միջազգային իրավունքի մասնագետ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն այլ ձեւակերպում չէր կարող օգտագործել՝ նկատի ունենալով քվեարկության հանգամանքը։  Սիրանուշ Սահակյանը, լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից Սահակյանը նշում է, որ քվեարկության գործընթացում ավագանու անդամները կաշկանդված չեն մանդատով․ «Գործում է ազատ մանդատի գաղափարը, եւ յուրաքանչյուրը քվեարկելիս պետք է առաջնորդվի իր խղճով, ներքին համոզմամբ։ Եւ հնարավոր է՝ նախագիծն անհրաժեշտ թվով ձայներ չհավաքի քվեարկության ընթացքում։ Հենց քվեարկության տարրը հաշվի առնելով է օրենքում օգտագործվում «կարող է» եզրույթը (կարող են դադարեցվել ավագանու անդամի լիազորությունները,- հեղ․), ոչ թե պարտադրում, որ ավագանու անդամը կամ պատգամավորը այս կամ այն հարցում քվեարկեն կանխորոշված ելքով։ Սա ընտրովի մարմինների գործունեության առանձնահատկություն է»,- ասում է միջազգային իրավունքի մասնագետը՝ հավելելով, որ, իհարկե, պետք է ելնել այն կանխավարկածից, որ իրավակիրառը գործում է, ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ ողջամտորեն, իրավունքի սկզբունքներով եւ հանրային շահով․  «Մենք կանխատեսում ենք, որ այս սկզբունքներով պետք է առաջնորդվեն։ Առողջ քաղաքական մշակույթ ունեցող միջավայրում դրանք պիտի լինեն օրինական ելքը, բայց, ցավոք, Հայաստանում կայացած քաղաքական մշակույթ չունենք»,- եզրափակում է Սահակյանը։ Ավագանու անդամների լուսանկարները՝ Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից Հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան Ինֆոգրաֆիկաները՝ Անի Հովհաննիսյանի
22:18 - 27 փետրվարի, 2024
Մասնավոր մեղադրանքով վարույթ․ երբ քաղաքացին անձամբ պետք է ապացուցի իր հանդեպ կատարված հանցանքը

Մասնավոր մեղադրանքով վարույթ․ երբ քաղաքացին անձամբ պետք է ապացուցի իր հանդեպ կատարված հանցանքը

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններում դատավորների թվակազմը ավելացնել 10-ով։ Նպատակը մասնավոր մեղադրանքով վարույթի գործարկումը ապահովելն է։ Իսկ ի՞նչ է մասնավոր մեղադրանքով վարույթը, եւ ինչո՞վ է այն տարբերվում հանրային մեղադրանքով վարույթից։  Դիցուք՝ քաղաքացու տուն գողեր են մտել, եւ տեսախցիկները նկարահանել են՝ ովքեր են նրանք, եւ ինչ են գողացել։ Հանրային մեղադրանքով վարույթի դեպքում անձը պետք է այդ մասին հաղորդում տա իրավապահ համակարգին, եւ այդ նկարահանումը, որպես ապացույց, հանձնի ոստիկաններին ու քննիչներին, որպեսզի նրանք միջոցներ ձեռնարկեն հանցագործության բացահայտման ուղղությամբ։ Մինչդեռ մասնավոր մեղադրանքով վարույթի դեպքում տուժողը, որպես մասնավոր մեղադրող, անձամբ է պաշտպանում իր խախտված իրավունքները՝ անմիջապես դատարանում փորձելով ապացուցել, թե ովքեր եւ ինչ հանցագործություն են կատարել իր նկատմամբ։ Ժամանակակից աշխարհում, կախված պետության իրավական համակարգի առանձնահատկություններից, պետական քաղաքականությունից եւ հանցագործությունների բնույթից, քրեական հետապնդումներն իրականացվում են ե՛ւ հանրային, ե՛ւ մասնավոր կարգով: 2021 թ․ ընդունված եւ 2022 թ․ ուժի մեջ մտած քրեադատավարական օրենսդրությամբ Հայաստանում ներդրվել է մասնավոր մեղադրանքով վարույթի ինստիտուտը, սակայն անցումային դրույթներով դրա գործարկումը արգելակվել է մինչեւ համապատասխան դատարանների ստեղծումը կամ դատավորների նշանակումը։ 2022 թ․-ից մինչ օրս՝ 1․5 տարի է, ինչ մասնավոր մեղադրանքի կարգով հետապնդման ենթակա հանցանքները քննվում են հանրային կարգով: Մասնավոր մեղադրանքով վարույթի օրենսդրական կարգավորումը Հայաստանում Քրեական դատավարության նախկին օրենսգրքով (1998-2021թթ) սահմանված էր հանցագործությունների ցանկ, որոնցով իրավական գործընթացը սկսվում էր միայն տուժողի բողոքի հիման վրա։ Եթե տուժողը իրավապահ համակարգին ներկայացնում էր բողոք, եւ հարուցվում էր քրեական գործ, սկսվում էր մինչդատական վարույթը։ Այդ ընթացքում քննիչները իրականացնում էին նախաքննություն՝ պարզում էին կատարված դեպքի հանգամանքները, հավաքում ապացույցներ եւ դրանց բավարար լինելու դեպքում գործն ուղարկում դատարան: Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացնում էր հանրային մեղադրողը՝ դատախազը։ Բողոքի բացակայությունը կամ կողմերի հետագա հաշտությունը հիմք էր քրեական գործ չհարուցելու կամ հարուցված գործը կարճելու եւ անձի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու համար։  Էջերը թերթելով՝ կարելի է ծանոթանալ ողջ ցանկին Ի տարբերություն նախկին օրենսգրքի՝ Քրեական դատավարության գործող օրենսգրքով (2021) սահմանվել է, որ մի խումբ հանցագործությունների դեպքում տուժողը պետք է ոչ թե պարզապես բողոք ներկայացնի իրավապահներին, այլ անձամբ միջոցներ ձեռնարկի այն բացահայտելու համար։ Այդ նպատակով տուժողը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է անմիջապես դատարանին ներկայացնեն քրեական հայց՝ ներառելով տվյալներ նաեւ հանցանք կատարած ենթադրյալ անձի վերաբերյալ։ Այսինքն՝ այս տեսակի գործերով վարույթը բաղկացած է միայն դատական փուլերից, մինչդատական փուլը բացակայում է։ Բացառություն է միայն այն իրավիճակը, երբ տուժողին հայտնի չէ, թե ով է իրեն վնաս պատճառած ենթադրյալ անձը։ Այդ դեպքում նա դիմում է իրավապահներին, սակայն վերջիններիս պարտականությունը սահմանափակվում է բացառապես այդ անձին հայտնաբերելով։ Էջերը թերթելով՝ կարելի է ծանոթանալ ողջ ցանկին Տուժողն է կրում ենթադրյալ հանցանք կատարած անձի մեղավորությունը դատարանում ապացուցելու պարտականություն։ Այս առումով էլ բացառություն է այն, երբ անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ վնաս պատճառողից կախվածության մեջ լինելու պատճառով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը։ Այդ դեպքում անկախ նրա՝ քրեական հայց ներկայացնելուց կամ հայցից հրաժարվելուց՝ պետությունը՝ ի դեմս Դատախազության, իրավասու է իրականացնել հանրային քրեական հետապնդում։ Մասնավոր մեղադրանքով վարույթի մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ մինչեւ հիմնական դատալսումները սկսելը մեղադրյալը կարող է իր հերթին տուժողի դեմ քրեական հայց ներկայացնել։ Այդ դեպքում դատարանը երկու մեղադրանքները քննում է համատեղ, եւ տուժողներից յուրաքանչյուրը միաժամանակ հանդիսանում է նաեւ մեղադրյալ՝ ունենալով ինչպես տուժողի, այնպես էլ մեղադրյալի իրավունքներ եւ պարտականություններ:  Ըստ հայեցակարգի՝ նպատակը գործի քննության ծանրությունը դատարան տեղափոխելն է Քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգում դեռ 2011 թ․ ամրագրվել էր, որ մասնավոր մեղադրանքով վարույթի առանձնացումը նպատակ է հետապնդում գործի քննության ծանրությունը տեղափոխել դատարան: Ըստ նույն հայեցակարգի՝ մասնավոր կարգով կարող են քննվել միայն ոչ մեծ ծանրության հանցագործությունները (ոչ մեծ ծանրության են համարվում այն հանցագործությունները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ժամկետով ազատազրկումը կամ նախատեսված է ազատազրկման հետ չկապված պատիժ): Ըստ հայեցակարգի՝ պետք է նկատի ունենալ նաեւ ներկայացված քրեական հայցը պաշտպանելու տուժողի ունակություններն ու հնարավորությունները:  Արդեն 2019 թ․–ին Քրեական դատավարության նախագծի հիմնավորումներում սահմանվեց, որ նախախատեսվող նորամուծությունները, որոնց թվում է նաեւ մասնավոր մեղադրանքով վարույթը, պետք է էապես բարելավեն քրեադատավարական գործող համակարգը եւ նպաստեն քրեական արդարադատության արդյունավետության բարձրացմանը։ Այժմ շրջանառության մեջ դրված նախագծի համաձայն՝ մասնավոր մեղադրանքով վարույթի առանձնացման արդյունքում ակնկալվում է դատարանների  ծանրաբեռնվածության ավելացում, ինչով պայմանավորված էլ առաջանալու է քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու անհրաժեշտություն։ Ըստ այդմ, առաջարկվում է Երեւան քաղաքի եւ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քրեական մասնագիտացմամբ դատավորների թիվն ավելացնել 2-ականով, իսկ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզի դատարաններում՝ 1-ականով։ Ըստ քրեական դատավարության մասնագետի՝ նախագծի հեղինակները շեղվել են հայեցակարգով հռչակված գաղափարից «Սահմանադրական հետազոտությունների, օրենսդրության զարգացման եւ բարեփոխումների մշտադիտարկման կենտրոն» ՀԿ նախագահ, քրեական դատավարության մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու  Արտակ Ղազարյանի գնահատմամբ՝ Հայաստանում ներդրված մոդելը ոչ միայն ունի գործնական մի շարք խնդիրներ, այլ նաեւ կառուցված է տեսական այնպիսի հենքի վրա, որն ինքնին անհամատեղելի է մեր ժամանակների «հանցանք» հասկացության հետ։ Ղազարյանը բացատրում է՝ գոյություն ունի չորս հիմնական տեսություն, որոնք դրվում են մասնավոր մեղադրանքի գործերով վարույթի հիմքում. մասնավոր դելիկտի, իդեալական արժեքի, տուժողին գթալու եւ պետական ռեսուրսների խնայողության տեսություն (առաջին երկուսը մեր օրերում համարվում են ժամանակավրեպ)։ Յուրաքանչյուր տեսություն ունի իր հիմնավորումներն ու նպատակները, ուստի ներդրված մոդելը գնահատելու համար պետք է նախ պարզել, թե որ տեսությունն է դրա հիմքը հանդիսացել։ Արտակ Ղազարյանի գնահատմամբ՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգի հեղինակները հռչակագրային մակարդակում ամրագրել են պետական ռեսուրսների խնայողությունը, սակայն նախագծի հեղինակները, հետագայում արդեն՝ Oրենսդիրը, մասնավոր մեղադրանքի գործերի ինստիտուտը մոդելավորել են մասնավոր դելիկտի տեսության հիման վրա։ Ղազարյանը բացատրում է՝ պետական ռեսուրսների խնայողության տեսության էությունն այն է, որ պետական մեղադրանքի միջոցները սահմանափակ են, հետեւաբար Դատախազությունը, ուզած-չուզած, կանգնելու է ընտրության առաջ՝ այդ ռեսուրսներով ինչ հանցանքներ հետապնդի․ «Համադրելով մասնավոր եւ հանրային շահը՝ առանձնացվում են որոշակի խումբ հանցանքներ, որոնցով ի սկզբանե քրեական հետապնդում չի հարուցվում, քանի դեռ ենթադրյալ վնասը գոնե տուժողի ընկալմամբ այնչափ չէ, որ քրեկան հետապնդում հարուցվի։ Այսինքն՝ պետությունը «չբողոքած գործերի» շնորհիվ խնայում է իր ռեսուրսները։ Իսկ այն բոլոր դեպքերում, երբ տուժողը բողոք է ներկայացնում, այդ բողոքը դառնում է պարտադիր պայման քրեական հետապնդում սկսելու համար»,- ասում է նա։ Ընդ որում, ըստ Ղազարյանի, երբ պետությունն արդեն ռեսուրս է ծախսել, տուժողը այլեւս չպիտի հնարավորություն ունենա որեւէ ձեւով կաշկանդելու քրեական հետապնդման որոշումը. «Մինչդեռ նախկին օրենսգրքի կարգավորումներով՝  մասնավոր մեղադրանքի գործը կարող էր հասնել դատարան, որտեղ կողմերը հաշտվեին, տուժողն ասեր, որ այլեւս բողոք չունի, նույնիսկ չպատճառաբաներ, դա հանգեցներ գործի կարճման, եւ այդպիսով պետական ողջ ռեսուրսները գետնով տրվեին»,- կարծում է Արտակ Ղազարյանը։ Ինչ վերաբերում է մասնավոր դելիկտի տեսությանը, այն, ըստ մասնագետի, մասնավոր մեղադրանքի գործերի առանձնացումը հիմնավորում է՝ ասելով, որ այս «հանցանքները» իրենցից հանրորեն վտանգավորություն, որպես կանոն, չեն ներկայացնում։ Դրանք առավելապես վնասում են տուժողի մասնավոր շահը, հետեւաբար հանրային շահը այդ հանցանքի կատարմամբ չի վնասվում․ «Բայց այս տեսությունը դեռեւս 100 տարի առաջ՝ հանցանքի հանրային իրավական ընկալմանը զուգահեռ, ժամանակավրեպ դարձավ, որովհետեւ այսօր բոլորիս է հայտնի, որ հանրային վտանգավորությունը հանցագործության հատկանիշ է, ուստի եթե մի արարք հանրորեն վտանգավոր չէ, պետք է ապաքրեականացվի եւ տեղ չգտնի Քրեական օրենսգրքում, եթե տեղ է գտել, ուրեմն ունի հանրային վտանգավորության հատկանիշ»,- բացատրում է Արտակ Ղազարյանը։ Այն, որ նոր օրենսդրությունը կառուցվել է առավելապես տեսական այս հենքի վրա, ըստ Ղազարյանի, հիմնավորվում է նրանով, որ հանրությունն ու պետությունը, ընդհանուր կանոնի համաձայն, չունեն իրավունք այդ տեսակ գործերով քրեական հետապնդմանը մասնակից դառնալու․ «Բայց եթե փորձենք ժամանակակից քրեադատավարական համակարգում գտնել մի երկիր, որը կբացառի Դատախազության մասնակցությունը, իմ կարծիքով՝ չենք գտնի․․․ Շեշտադրում եմ բացառելը, որովհետեւ օրենքը կարող է հնարավորություն տալ մասնակցելու, բայց դատախազը հայեցողական լիազորություն ունենա չմասնակցելու, այլ ոչ թե ընդհանրապես չկարողանա մասնակցել»,- նշում է Արտակ Ղազարյանը։ Մասնավոր մեղադրանքի ընտրված գործերը մեծածավալ եւ դժվարապացուցելի՞ են Քրեադատավարական նոր կարգավորումներով, ըստ Արտակ Ղազարյանի, մասնավոր մեղադրանքով վարույթի համար ընտրվել են անհարկի մեծ ծավալի գործեր։ Այդ գործերի թվում կան նաեւ այնպիսիք, որոնցով պարզապես հնարավոր չէ նախեւառաջ հանրային կարգով վարույթ չհարուցել եւ նոր դրա շրջանակում պարզել՝ կատարվածը մասնավոր մեղադրանքի տիրույթո՞ւմ է թե՞ ոչ։ Որպես օրինակ՝ Ղազարյանը նշում է «հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը» հանցանքը։ Նրա խոսքով՝ առերեւույթ կարող է պարզվել, որ առողջությանը վնաս է պատճառվել, բայց ճիշտ չէ տուժողին ասել՝ գուցե հոգեկան խիստ հուզմունքի վիճակում է, գնա, մասնավոր հայց ներկայացրու, եթե անհաջողություն կունենաս, նոր հանրային կարգով վարույթ կհարուցեմ։ Պետք է հակառակը լինի։ Լուսանկարում՝ Արտակ Ղազարյանը Այսպիսի օրինակներով, ըստ Ղազարյանի, ակներեւ է դառնում, որ հռչակված՝ ռեսուրսների խնայողության նպատակը չի ապահովվելու․ նախաքննական ռեսուրսները ծախսվելու են, քննություն է իրականացվելու, վերջում, մեծ հավանականությամբ, կարճվելու։ Մյուս խնդիրը, ըստ նրա, ընտրված հանցանքների դժվարապացուցելիությունն է։ Արտակ Ղազարյանի գնահատմամբ՝ մասնավոր մեղադրանքով վարույթով քննության համար ընտրվել են այնպիսի հանցանքներ, որոնք բացահայտելն անգամ պրոֆեսիոնալ իրավաբանի համար է բարդ։ Այդպիսիք են, օրինակ, խարդախությունը կամ համակարգչային հափշտակությունը․ «Մեր իրավական համակարգին մոտ [համակարգ ունեցող] երկրներից, օրինակ, Ռուսաստանում, ընտրված է ընդամենը 2-3 հանցանք, Ղազախստանում՝ 10-12, եւ բոլորն էլ՝ հեշտ ապացուցելի»,- ասում է նա։ Արդարադատության նախարարության քրեական եւ քրեադատավարական օրենսդրության մշակման բաժնի պետ Արփի Լազարյանը, սակայն, կարծում է, որ այն դեպքում, երբ տուժողը գիտի, թե ով է ենթադրյալ հանցանք կատարած անձը, ապացույցների ձեռքբերումը շատ հեշտ է։ Խարդախությունը, ըստ Լազարյանի, առհասարակ ամենադժվար հիմնավորվող հանցագործություններից է պրակտիկայում, սակայն որպես մասնավոր մեղադրանքի գործ՝ ընտրվել է դրա միայն առաջին մասը (մասնավոր մեղադրանքով վարույթի բոլոր հանցանքների դեպքում էլ ընտրված է առաջին մասը, որը համեմատաբար առավել թեթեւ է, քան հաջորդ մասերը,-հեղ․)․ «Չեմ կարծում, թե տուժողը իր ձեռքի տակ ունեցած ապացույցներով չի կարողանալու դա հիմնավորել, եւ եթե էդտեղ, օրինակ, վարույթն  իրականացնող մարմինը խառնվի, պետության ռեսուրսը կիրառվի, չեմ կարծում, թե ինչ-որ բանով ավելի կարողանա օգնել։ Խարդախությունը երկու անձի միջեւ տեղի ունեցող հանցանք է, ըստ էության, տուժողը պիտի ներկայացնի՝ իրեն ինչով են խաբել, ինչպես են իր վստահությունը չարաշահել»,- ասում է Լազարյանը։ Նրա գնահատմամբ՝ որոշ դեպքերում նույնիսկ տուժողը ավելի հեշտ ձեռք կբերի ապացույցը, քան վարույթն իրականացնող մարմինը․ «Մինչեւ քննչական մարմինը անձին կանչում է, մինչեւ ուղեգիր է տալիս, մինչեւ փորձաքննության որոշում է կայացնում, մինչեւ տուժող է ճանաչում, մի շաբաթ-տասը օր անցնում է, եւ էդ մարմնական վնասվածքը, որ իր վրա կա, կարող է անցած լինել, մինչեւ գնա փորձաքննության, իսկ այն պարագայում, երբ այդ պարտականությունը տուժողի վրա է դրված, ինքը հաջորդ օրը կամ հաջորդ պահին միանգամից կարող է շտապօգնություն կանչել, եւ բժիշկը վնասվածքները կարձանագրի»,- պարզաբանում է Արփի Լազարյանը։ Ինչ վերաբերում է ընտրված հանցագործությունների ծավալին, դա, ըստ Լազարյանի, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում՝ ելնելով հանցավորության մակարդակից, հանցագործությունների վիճակագրությունից, ուստի հնարավոր չէ այլ երկրի հետ այդպիսի համեմամատական անցկացնել․ «Ես կարծում եմ, որ դժվար գտնենք մի երկիր, որի Քրեական օրենսգիրքը նույնական է մեր Քրեական օրենսգրքի հետ։ Ամեն երկրում իր հասարակական հարաբերությունների զարգացումների՝ այդ պահին գտնվող վիճակից ելնելով են քրեականացվում կամ ապաքրեականացվում արարաքները»։ Անդրադառնալով այն դեպքերին, երբ առերեւույթ դժվար է լինելու գնահատել՝ կատարվածը մասնավոր թե հանրային մեղադրանքի գործ է՝ Լազարյանն ասում է, որ դատավորը, լինելով իրավաբան, նախքան քրեական հայցը վարույթ ընդունելը կկարողանա այդ հարցը լուծել․ «Դատարանի համար այդ, այսպես ասած, ենթափուլը նախատեսված է. նա կարող է գնահատել եւ տեսնել, որ, օրինակ, սահմանազանցում չկա կամ հանրային կարգով հետապնդման ենթակա արարք է, այլ ոչ մասնավոր։ Անգամ հանրային մեղադրանքի գործերով է որակումը բավականին բարդ գործընթաց, բայց այդպես առաջնորդվելով՝ մենք չենք կարողանա նոր ինստիտուտ ներդնել»,- ասում է Արդարադատության նախարարության քրեական եւ քրեադատավարական օրենսդրության մշակման բաժնի պետ Արփի Լազարյանը։ Արդյո՞ք պետությունը տուժողին մենակ է թողնում Խոսելով գործնական այլ խնդիրների մասին՝ Արտակ Ղազարյանը նշում է «favour defensionis» դատավարական կառուցվածքը պահպանելու մասին։ Դրա էությունն այն է, որ դատավարության ընթացքում պաշտպանական կողմը՝ ի դեմս մեղադրյալի, եւ պետությունը՝ ի դեմս մեղադրողի, չունեն հավասար իրավունքներ։ Մեղադրյալը օժտված է հավելյալ իրավունքներով (ինչպիսիք են՝ անմեղության կանխավարկածը, ապացուցման բեռը մեղադրողի վրա դնելը), քանի որ պետությունն ինքնին ավելի ուժեղ է իր մարդկային, ֆինանսական ռեսուրսներով եւ հարկադրանք կիրառելու բացառիկությամբ։ «Իսկ այս տեսակ գործերով պետությունը արանքից դուրս է գալիս, բայց «favour defensionis» կառուցվածքը պահպանվում է․․․ Ընդ որում, տուժողի քրեական հայց ներկայացնելու ունակությունը հաշվի առնելու որեւէ կառուցակարգ օրենսգրքում նախատեսված չէ, որ ըստ այդմ, բոլոր դեպքերում նախատեսվեր պետական միջոցների հաշվին իրավաբանական ծառայությունների մատուցում։ Ոչ մի բան չկա. պետությունը թողել է տուժողին միայնակ, մի հատ էլ մեղադրյալին օժտել է հավելյալ մի շարք երաշխիքներով, այդ թվում՝ պրոֆեսիոնալ իրավաբանով, որով ինքը օժտում էր իր կողմից ներկայացրած մեղադրանքից արդյունավետ պաշտպանվելու համար՝ մոռանալով, որ այստեղ ոչ թե ինքն է մեղադրանքը ներկայացնում՝ այդ գերհզոր պետությունը, այլ խեղճուկրակ տուժողը, որն արդեն իսկ տուժել է հանցանքից, մի հատ էլ պիտի տառապի ապացուցման մեծագույն բեռից»,- ասում է Ղազարյանը։ Ըստ նրա՝ ֆինանսական խնդիրներ ունենալու եւ փաստաբան վարձել չկարողանալու դեպքում տուժողը մնալու է ամբողջովին մենակ․ «Պետությունը մեղադրյալին երաշխավորում է պրոֆեսիոնալ իրավաբանով, բայց հակառակը չի երաշխավորում, բայց կարելի է նաեւ կռահել, թե ինչու չի երաշխավորել․ եթե տուժողին ասես՝ կարող ես օգտվել Հանրային պաշտպանի գրասենյակից, օրենքով էլ համապատասխան փոփոխություններ անես, կստացվի, որ Հանրային պաշտպանի գրասենյակը պետական միջոցների հաշվին մեղադրանք է պաշտպանելու։ Իսկ ո՞վ էր պետության այն ներկայացուցիչը, որը պիտի մեղադրանք պաշտպաներ․ դատախազը։ Էլ ինչո՞ւ է դատախազին հանում, փաստաբանին ասում՝ սկսիր անել քեզ ոչ այնքան հատուկ մեղադրական գործունեություն, այսինքն՝ դիզոնանս էր առաջանալու, բայց այսպես էլ տուժողի իրավունքների եւ օրինական շահերի հարցն է բաց թողնվել»,- բացատրում է Ղազարյանը։ Լավագույն լուծումը, ըստ նրա, կլիներ այն, որ ամբողջությամբ չբացառվեր պետության մասնակցությունը, եւ դատախազը հնարավորություն ունենար որոշակի դեպքերում ներգրավվելու՝ մասնավոր մեղադրանքի գործով վարույթը փոխարկելով հանրայինի։ «Կներգրավվեր թե չէ՝ օրենսդիրը կարող էր տարատեսակ մեթոդներով կարգավորել»,- ասում է Արտակ Ղազարյանը։ Մինչդեռ Արդարադատության նախարարության քրեական եւ քրեադատավարական օրենսդրության մշակման բաժնի պետ Արփի Լազարյանն այն կարծիքին է, որ պրակտիկայի արդյունքում պարզ կդառնա՝ այդ հայեցողության անհրաժեշտությունը կա՞ թե՞ ոչ։ Լուսանկարում՝ Արփի Լազարյանը Լազարյանը համաձայն չէ նաեւ այն գնահատականին, որ պետությունը տուժողին թողնում է միայնակ, նշում է՝ օրենքով սահմանված հիմքերին բավարարելու դեպքում (Փաստաբանության մասին օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մաս) տուժողը կարող է դիմել Հանրային պաշտպանի գրասենյակի օգնությանը, որը ֆինանսավորվում է հենց պետական բյուջեից։ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունենալը, օրինակ, այդ հիմքերից մեկն է։ Հարցին՝ այդ պարագայում չի՞ ստացվում, որ պետական միջոցների խնայողության բաղադրիչը դուրս է մնում, քանի որ հանրային մեղադրողը՝ ի դեմս դատախազների, պարզապես փոխարինվում է հանրային պաշտպաններով՝ փաստաբաններով, Լազարյանը բացասական է պատասխանում՝ ասելով, որ ընտրված կարգավորմամբ խնայվելու են ոչ միայն դատախազների, այլ նաեւ ոստիկանների եւ քննիչների ռեսուրսները․ «Եթե մարդը ցանկանում է իր իրավունքների պաշտպանությունն իրականացնել, ճանապարհներ կգտնի։ ԵՊՀ-ում, Ոստիկանության կրթահամալիրում կան կլինիկաներ, որոնք տարվա ընթացքում կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն, օգնություն են ցուցաբերում, ես կարծում եմ, որ նաեւ այդ մեխանիզմներով մարդիկ կարող են դիմել եւ մասնագիտական խորհրդատվություն ստանալ»,- ասում է Լազարյանը։ Իրավական բավարար գիտելիքներ չունենալու դեպքերի համար էլ, ըստ Լազարյանի, նախատեսված է տուժողի ներկայացուցչի կամ դատարանի կողմից քրեական հայցը վերադարձնելու ինստիտուտը․ «Վերադարձի ինստիտուտը նախատեսված է նրա համար, որ դատարանի կողմից որոշակի չափով «հուշում տրվի», որպեսզի եթե, օրինակ, տուժողը որոշակի բաներ հաշվի չի առել, մենք իր իրավունքը ոչ թե սահմանափակենք, այլ վերադարձի միջոցով վրիպակները նշենք»,– ասում է Լազարյանը։ Ինչո՞ւ ընտրվեց հենց այս լուծումը Արտակ Ղազարյանը հարց է բարձրացնում՝ եթե անգամ պատկերացնենք, որ ընտրվել են սակավաթիվ եւ ճիշտ գործեր, որքանո՞վ է ողջամիտ բեռնաթափել նախաքննական մարմինները՝ ծանրաբեռնելով դատարաններին։ Կամ արդյո՞ք նպատակահարմար է նախատեսել առանձին դատարաններ կամ դատավորներ, թե՞ ավելի ողջամիտ կլիներ ստեղծել նախաքննական հավելյալ հաստիքներ՝ այդ բեռը թոթափելու համար։ Նրա համոզմամբ՝ առկա կարգավորումներով հասնելու ենք ոչ թե նախանշված, այլ ճիշտ հակառակ նպատակին։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը մեր զրույցում բացատրում է, թե ինչու է պետության համար առավել նպատակահարմար համարվել ընտրել այս լուծումը. «Այսպես թե այնպես, նախաքննական մարմինները եւս գերծանրաբեռնված են, դա բոլորիս է հայտնի մեր երկրում, իսկ այն դեպքում, երբ վիճակագրությունը ցույց էր տալիս, որ բավականին երկար պրոցես էր կատարվում՝ նյութերի նախապատրաստման փուլ ունեինք, հետաքննության, նախաքննության, այսինքն՝ մենք ծախսում էինք ոստիկանի, քննիչի, դատախազի ռեսուրսները, եւ կողմերը գնում էին, դատարանում հաշտվում էին, վարույթը կարճվում էր, որովհետեւ դրանք մեծ մասամբ ոչ մեծ ծանրության հանցագործություններ են։ Այս պարագայում պետությունը ավելի նպատակահարմար գտավ, որ դա թողնի տուժողի հայեցողությանը։ Եթե ինքը գտնում է, որ իր շահերը ոտնահարվել են եւ ուզում է վարույթի շրջանակում իր պաշտպանության իրավունքն իրացնի, ինքը միանգամից գնա, դիմի դատարան, այս դեպքում մենք էլ չենք իրականացնում վարութային գործողություններ»,- ասում է Լազարյանը: Հարցի մյուս կողմն էլ, ըստ Լազարյանի, հոգեբանական է․ «Նախաքննության փուլում անձանց առերեսումները այդքան շատ տեղի չեն ունենում, իրենք առանձին են հարցաքննության կանչվում, այսինքն՝ մասնավոր մեղադրանքի գործերը իրենց հանրային վտանգավորությամբ որպես էդպիսին առանձնացված են, ու քանի որ իրենց հանրային վտանգավորությունը ցածր է, օրինակ, իրար առերեսվելու ընթացքում, երբ գնում են, դատարանում իրար տեսնում են, հավանականությունը ավելի շատ է, որ կարող են հաշտվել, քան երբ քննիչը իրենց հատ-հատ հարցաքննության է կանչում»,– կարծում է Լազարյանը։ Որո՞նք են հնարավոր ռիսկերը Արտակ Ղազարյանի խոսքով՝ իր կողմից մատնանշված խնդիրները կարող են հանգեցնել կամ նրան, որ մարդիկ, եթե անգամ իմանան, թե ով է ենթադրյալ հանցանք կատարած անձը, օգտվեն օրենքի դրույթից, որը թույլ է տալիս օգտագործել հանրային ռեսուրսները նրան հայտնաբերելու համար, կամ դիմեն ինքնադատաստանի, կամ էլ պարզապես հաշտվեն, որ իրենց նկատմամբ հանցանք տեղի ունեցավ․ «Ավելի շատ հակված եմ մտածելու, որ մեծամասնությունը ուղղակի կլռի, զերծ կմնա հետապնդում հարուցելու իր իրավունքը իրացնելուց, որովհետեւ եթե ես մտնելու եմ մի բանի մեջ, որը ինձ համար գրեթե անհաղթահարելի է, ես չեմ մտնի էդտեղ, կհաշտվեմ, որ հանցանք եղավ, որ անարդար երկրում եմ ապրում, որ կա Քրեական օրենսգրքով հռչակված հանցանք, որն ինձ հետ կատարվեց, բայց ես զուրկ եմ այդ մարդուն պատասխանատվության ենթարկելու ռեալ հնարավորությունից, ինչը էլի մեծ խնդիր է, որովհետեւ իրավական պետությունում չի կարող լինել հանցանք, որը իրավաբանորեն անհետապնդելի լինի, իսկ այս պայմաններում փաստացի դառնում է անհետապնդելի»,- ասում է Ղազարյանը։ Ի պատասխան՝ Արփի Լազարյանն այն համոզմանն է, որ ցանկացած նոր ինստիտուտ ներդնելու եւ գործարկելու ընթացքում ռիսկեր միշտ կան․ «Հանրային մեղադրանքի գործերով նույն ինքնադատաստանի սկզբունքը այնպես չէ, որ չի լինում, վենդետաների դեպքեր շատ են լինում, դա նաեւ գալիս է հասարակության իրավագիտակցության մակարդակից, եւ բնականաբար, առաջին քայլը որ պետությունը պետք է անի, հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է․․․ Իսկ եթե այնպիսի հանցանք է կատարվել, որ տուժողը հաշտվել է կամ ցանկություն չունի իր իրավունքները պաշտպանել, կներեք, բայց պետության միջամտությունն այդտեղ երեւի այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ վերջիվերջո անձի իրավունքների պաշտպանության կարեւոր բաղադրիչներից մեկը ինքնապաշտպանության մեխանիզմն է։ Անձը պետք է իր իրավունքների պաշտպանության ջատագովը լինի»,– ասում է Լազարյանը։  Անդրադառնալով մեղադրյալի պատշաճ վարքագիծը ապահովելու ռիսկերին՝ Լազարյանն ընդգծում է՝ քննությունից խուսափելու դեպքում դատարանը կարող է նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառել եւ ոստիկանության միջոցով բերման ենթարկել, իսկ նախնական դատալսումների փուլում էլ քննարկման առարկա է դարձնելու նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։   Ի՞նչ դիրքորոշում ունի Եվրոպական դատարանը  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարբերաբար անդրադարձել է մասնավոր մեղադրանքով վարույթի ինստիտուտին եւ դրա համատեղելիությանը Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) հետ՝ նշելով, որ Կոնվենցիան բոլոր դեպքերում չէ, որ պահանջում է պետության աջակցությամբ հետապնդում։ Եվրոպական դատարանը նման դիրքորոշում է հայտնել «Սանդրա Յանկովիչն ընդդեմ Խորվաթիայի» գործով՝ նշելով, որ չանտեսելով անձի՝ ֆիզիկական անձեռնմխելիության պաշտպանության իրավունքի կարեւորությունը՝ չի ընդունում դիմումատուի այն պնդումները, որ Կոնվենցիայիով երաշխավորված իր իրավունքները կարող էին ապահովվել միայն այն դեպքում, երբ ենթադրյալ հարձակվողները պատասխանատվության ենթարկվեին պետության աջակցությամբ եւ ոչ թե մասնավոր հետապնդման կարգով (CASE OF SANDRA JANKOVIĆ v. CROATIA, կետ 50)։ Այնուհանդերձ, «Բեվակվան ընդդեմ Բուլղարիայի» գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուի՝ մասնավոր մեղադրանք հարուցելու եւ փոխհատուցում պահանջելու հնարավորությունը բավարար միջոց չէ, քանի որ մասնավոր մեղադրանքի վարույթը ժամանակատար է եւ չի կարող կանխել ենթադրյալ հանցանքի կրկնությունը։ (CASE OF BEVACQUA AND S. v. BULGARIA, կետ 82)։  Արտակ Ղազարյանն ասում է՝ ինքնին մասնավոր մեղադրանքի գործերի առկայությունը ՄԻԵԴ–ը խնդրահարույց չի համարել ՄԻԵԿ–ի տեսակետից, բայց շատ դեպքերում, ընդ որում, հենց ընտանեկան բռնության համատեքստում, ուղիղ վերլուծելով փաստերը, հանգել է նրան, որ տուժողները եղել են անօգնական վիճակում, որ տուժողների համար մեղադրանքի իրականացումը եղել է խիստ դժվար մի բան, որ տուժողները զրկված են եղել պետական որեւէ օժանդակությունից․ «Բայց եթե վերացարկվենք ընտանեկան բռնության համատեքստից, եթե նայենք մեր քննարկածի համատեքստում, երբ ընտրված են բարդ ապացուցելի գործեր, երբ պետությունը մենակ է թողնում եւ չի գնահատում տուժողի՝ քրեական հայց պաշտպանելու ունակությունները, չի գնահատում տուժողի որեւէ ռեսուրս, երբ մեղադրյալը գտնվում է շատ ավելի շահավետ վիճակում, կարող ենք ասել, որ տուժողը կարող է բախվել մի վիճակի հետ, երբ մեղադրանքից պաշտպանությունն իր համար դառնա անհաղթահարելի բեռ, եւ դա կոնվենցիոն տեսանկյունից լինի խնդրահարույց, անգամ, երբ կապված չլինի ընտանեկան բռնության հետ»։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչն էլ նշում է՝ ցանկացած ինստիտուտ զարգացման ճանապարհ պիտի անցնի․ «Մենք միանշանակ չենք կարող ասել, որ գործնականում առաջացող բոլոր հարցերը փակել ենք օրենսդրական ձեւակերպումներով, ու դա անհնար է, քանի որ այսպիսի կարգավորում ՀՀ-ում առաջին անգամ է։ Երբ կսկսվի լայնորեն կիրառվել, եւ եթե կարձանագրվեն ինչ-որ խնդիրներ, այդ թվում՝ Ձեր կողմից նշված խնդիրները, բնականաբար, դրանք աչքաթող չեն արվի, եւ օրենսդրական փոփոխություններով կլուծվեն»,– ասում է Արփի Լազարյանը։   5-րդ լուսանկարի տեսական հիմքերը՝ ըստ Արտակ Ղազարյանի մեկնաբանության, աղբյուրներ՝ 1, 2 Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
19:00 - 21 փետրվարի, 2024
Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ գործը կրկին կուղարկվի Երեւանի քրեական դատարան

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ գործը կրկին կուղարկվի Երեւանի քրեական դատարան

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ  ՊՆ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործով 2․5 տարվա մեջ 4-րդ անգամ դատարանի փոփոխություն է տեղի ունենում։ Սկզբնապես Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված, ապա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարաններում մասամբ քննված, քրեական դատարաններից Հակակոռուպցիոն դատարան ուղարկված գործը կրկին Երեւանի քրեական դատարանին ուղարկելու հարց է ծագել։ Անդրանիկ Վերանյանը, հիշեցնենք, մեղադրվում է նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Գործող քրեական օրենսգրքում, որը ուժի մեջ է մտել 2022 թ․ հուլիսի 1-ից, այս արարքին համապատասխան 549-րդ հոդվածը  համարվում է կոռուպցիոն հանցագործություն, իսկ կոռուպցիոն հանցագործությունները քննվում են Հակակոռուպցիոն դատարանում։ Այսօրվա դատական նիստի սկզբում, սակայն, նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Քրեական օրենսգրքի՝ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանող հավելվածում կատարվել է փոփոխություն, ըստ որի՝ Վերանյանին մեղսագրված արարքը համարվում է կոռուպցիոն բնույթի, բացառությամբ «երբ այն կատարվել է ոչ շահադիտական դրդումներից ելնելով եւ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով»։ Շահադիտական դրդում եւ բռնություն Վերանյանի մեղադրանքում նկարագրված չեն։ Քանի որ փոփոխությունը հունվարի 16-ից ուժի մեջ է մտել, դատավորը բարձրացրեց քրեական գործի առարկայական ընդդատության փոփոխության հարցը։ Առարկայական ընդդատությունն է սահմանում, թե որ տեսակի գործը որ դատարանն է պարտավոր քննել։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը առարկեց գործի առարկայական ընդդատությունը փոփոխելու դեմ՝ պատճառաբանելով, որ օրենքի փոփոխության մեջ նշված «եւ» շաղկապը ենթադրում է շահադիտական դրդումների եւ բռնության միաժամանակյա առկայություն, հակառակ դեպքում «եւ»–ի փոխարեն ստորակետ դրված կլիներ։ Մարգարյանը տեղեկացրեց, որ համանման փոփոխություն ավելի վաղ Քրեական դատավարության օրենսգրքում էր կատարվել, եւ անցումային դրույթներով սահմանվել էր քննչական ենթակայության որոշակի կարգ․ «Ժամանակին ինքս, որպես կայազորի զինվորական դատախազ, կայազորի տարածքում տեղի ունեցած հանցագործությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտե, ըստ այդմ՝ հետագայում Հակակոռուպցիոն դատաարան ուղարկելու ձեւաչափը մշակվել է այդ փոփոխությունների համատեքստում․ եթե ոչ շահադիտական է, բայց չկա բռնություն կամ բռնության սպառնալիք կամ զենք կամ հատուկ միջոց, ապա միանշանակ չի ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե»,– ասաց Մարգարյանը։ Դատավորի դիտարկմանը, որ դա քննչական ենթակայությանն է վերաբերում (քննչական ենթակայությունը սահմանում է, թե որ հանցանքների դեպքում քննչական որ մարմինն է նախաքննություն իրականացնում), այլ ոչ առարկայական ընդդատությանը, Մարգարյանն արձագանքեց՝ ասելով, որ տարբերություն չկա։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը, նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը Դատավորը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածում, որով էլ այս պահին մեղադրանք է առաջադրված Վերանյանին, բռնության բաղադրիչ ընդհանրապես նախատեսված չէ, եւ հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ դեպքում չպետք է տարբերակումը դրվի ըստ շահադիտական եւ ոչ շահադիտական դրդումների․ «Շահադիտականի եւ ոչ շահադիտականի միջեւ տարանջատումը միանշանակ է, Անդրանիկ Վերանյանին առաջադրված մեղադրանքում, այո, շահադիտական դրդում չենք դրել, բայց միաժամանակ առկա չէ «եւ» շաղկապով կապված մնացածը։ Որպես տեսաբան, իրավաբան եւ պրակտիկայում նախկինում կիրառած՝ ես կարծում եմ, որ պետք է միաժամանակյա առկայություն»,– պնդեց մեղադրողը։ Նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը ընդգծեց՝ Դատախազությունը միասնական կառույց է, եւ վերջինիս դիրքորոշումը պետք է միատեսակ լինի․ «Նմանատիպ գործերով Զինվորական դատախազության դատախազները ոչ միայն չեն առարկել, այլեւ իրենք են միջնորդել այս դատարանում, որ առարկայական ընդդատությունը փոխվի»,– տեղեկացրեց դատավորը։ Նա հետաքրքրվեց նաեւ, թե տուժողներն ինչ դիրքորոշում ունեն քննարկվող հարցի վերաբերյալ։ Տուժողի իրավահաջորդ Հարություն Մանուկյանն ասաց, որ իրենք օրենքը լավ չեն հասկանում, բայց համամիտ են դատախազի հետ։ «Հետեւանքները պատկերացնո՞ւմ եք»,– հարցրեց դատավորը,– «Գործը կարող է իմ կողմից քննվել, բեկանվել որպես ոչ պատշաճ, օրենքի հիման վրա չստեղծված դատարանի կողմից քննված լինելու հիմքով, չի բացառվում՝ նաեւ դատավորի կարգապահական պատասխանատվության հարց բարձրացվի իրեն քննության չենթակա գործը քննելու համար»,– ասաց նա։ Մեղադրող Հայկ Մարգարյանը տեղեկացրեց, որ ինքը հետեւանքները տուժողներին պարզաբանել է եւ ասել է, որ անկախ իր դիրքորոշումից՝ դատարանի համար միանշանակ ճիշտ կլինի որոշում կայացնել ընդդատությունը փոխելու մասին եւ սպասել Վճռաբեկ դատարանի մեկնաբանությանը, որպեսզի հետագայում խնդիր չլինի։ Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վարույթն ըստ ընդդատության ստացած դատարանը մինչեւ նախնական դատալսումներ նշանակելն իրավասու է որոշմամբ վիճարկել դրա ընդդատությունը: Այդ դեպքում վարույթի ընդդատության հարցը հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծվում է Վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ: Տուժողներն ասացին, որ իրենք չեն առարկում եւ կողմ են, որ ամեն ինչ օրենքի շրջանակում լինի։ Մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, պաշտպան Նարեկ Գրիգորյանը Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանն էլ դիրքորոշում հայտնեց, որ իրենց համար նշանակություն չկա՝ գործը կքննվի Հակակոռուպցիոն թե քրեական դատարանում․ «Միակ մտավախությունն այն է, որ այդ հիմքով վերջնական որոշման բեկանման հնարավորությունն ավելի իրատեսական է դառնում, հետեւաբար, մենք նույնպես գտնում ենք, որ անհրաժեշտ է սպասել Վճռաբեկ դատարանի մեկնաբանությանը՝ նման հետեւանքներից խուսափելու համար»,– ասաց նա։ Անդրանիկ Վերանյանը միացավ պաշտպանի դիրքորոշմանը։ Դատավոր Սուրեն Խաչատրյանը որոշեց գործն ըստ առարկայական ընդդատության ուղարկել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Քանի որ այլ գործեր եւս այս փոփոխությունից հետո Հակակոռուպցիոն դատարանից ուղարկվել են Երեւանի քրեական դատարան, չի բացառվում, որ քրեական դատարանների որեւէ դատավոր արդեն իսկ այս հարցով դիմած լինի Վճռաբեկ դատարանին, եւ վերջինս որոշում կայացրած լինի։ Եթե ոչ, ապա ստացվում է, որ նոր դատավորը, որին առաջիկա օրերին կմակագրվի այս գործը, ընդդատության վերաբերյալ անհամաձայնություն ունենալու դեպքում կդիմի Վճռաբեկ դատարան՝ իրավական այս վեճը լուծելու նպատակով։  Ըստ մեղադրական եզրակացության՝ Անդրանիկ Վերանյանը, 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի (այսուհետ՝ ԻՍՎ) անձնակազմը Արցախի Արծվաշեն գյուղից Ջրական տեղափոխելու մասին։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Տեղեկանալով, որ պատճառը օդում լսվող անօդաչու թռչոք սարքի ձայնն է՝ Վերանյանը, այնուհանդերձ, հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը։  Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են, 1-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Վերջինս էլ դեպքից հետո հանցագործության մասին հաղորդում է ներակայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով, ըստ քրեական գործի, պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։   Միլենա Խաչիկյան    
20:31 - 16 փետրվարի, 2024
Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար իրականացված պետական գնումները կատարվել են «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով։ Ընդհանուր առմամբ կնքվել է մոտ 6 միլիարդ դրամի շուրջ 1000 պայմանագիր, որոնցից որոշները՝ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց փոխկապակցված ընկերությունների հետ։  Արցախի բնակչության տեղահանության ընթացքում ՀՀ կառավարությունը Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններին պետական բյուջեից միջոցներ էր հատկացրել՝ տեղահանված անձանց կեցության, սննդի եւ այլ առաջնային կարիքներ հոգալու համար։ 2023թ․ հոկտեմբերի 20-ի դրությամբ կառավարությունը նշված նախարարություններին տրամադրել էր շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ։ Առողջապահության նախարարությունը տեղահանվածների համար առողջապահական և լաբորատոր նյութեր է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանին փոխկապակցված ընկերություններից Նախարարությունը պայմանագրեր է կնքել առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց հետ. «Արփիմեդ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ներ եւ «Արֆարմացիա», «Ֆարմատեք» ՓԲԸ-ներ։ Գնումները կատարվել են «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Այս ընկերություններից երկուսը կապվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Մասնավորապես, «Արֆարմացիա» ընկերության 31% բաժնեմասը պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, իսկ 29,7% բաժնեմասը՝ Վաչե Մանուկյանին։ 2023 թ․-ի սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը մոտ 455 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, որը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Առողջապահության նախարարությունը 5 մլն 349 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել նախարարի մոր ընկերության հետ փոխկապակցվող «Ֆարմատեք» ՓԲԸ-ի հետ։ Այս ընկերության իրական շահառուն նույնպես Վաչե Մանուկյանն է։ Վերը հիշատակված «Արֆարմացիա» ընկերության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում «Ֆարմատեք» ընկերությունը գրանցված է որպես միջանկյալ ընկերություն։  Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից Առողջապահության նախարարությունը 1 մլն 910  հազար ՀՀ դրամի առողջապահական եւ լաբորատոր նյութեր է գնել։ Ընկերության տնօրենը Ասատուր Ասատրյանն է՝ «Աստղիկ» (նախկինում՝ «Մալաթիա») բժշկական կենտրոնի տնօրենը։ Ասատրյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։ Ասատուր Ասատրյանը ընկերության 99,9% բաժնետերն է, մնացած մասը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին փոխկապակցվող «Արփիմեդ» ՍՊԸ-ի հետ Առողջապահության նախարարությունը կնքել է 2 մլն 68 հազար ՀՀ դրամի պայմանագիր։ Ընկերությունը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Մինչև 2022 թվականը «Արփիմեդի» բաժնետեր է եղել Արտակ Հարությունյանը, այժմ ընկերության 100% բաժնետերը եւ տնօրենը Վաչագան Ղազարյանն է։  «Վագա Ֆարմ» եւ «Թեոֆարմա Իմպորտ» ընկերությունները համապատասխանաբար 4 մլն 134 հազար եւ 8 մլն 273 հազար դրամի պայմանագրերով ԱՆ-ին մատակարարել են դարձյալ առողջապահական եւ լաբորատոր նյութեր։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերությունների հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Այդ հինգ ընկերություններն են «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, «ՄԼՏ եւ ԱՐՍ» գրուպ ՍՊԸ, «Բեյբի-Սիմ» ՍՊԸ։ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից նախարարությունը կատարել է 56 մլն 414 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ։ Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գագիկ Ալեքսանյանի «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունից նախարարությունը կատարել է 81 մլն 140 հազար դրամի գնում։ Այս ընկերությունը մատակարարել է շաքարավազ, ձեթ, ալյուր, մակարոն։   «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից սոցապ նախարարությունը կատարել է 2 մլն 880 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է յոդացված աղ։  Այս ընկերության իրական սեփականատերերը Արկադի եւ Արեգ Ղուկասյաններն են, որոնք Արցախի քաղաքացիներն են (համապատասխանաբար 30 եւ 70% բաժնեմասերով)։ Արկադի Ղուկասյանը Արցախի երկրորդ նախագահն է, որն այժմ Բաքվում կալանավորված է։ Արեգ Ղուկասյանն Արկադի Ղուկասյանի եղբայրն է, որը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է եղել ՀՀ ԱԺ-ում։  «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 42 մլն 263 հազար ՀՀ դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ, իսկ «ՄԼՏ եւ ԱՐՍ գրուպ» ընկերության հետ նախարարությունը կնքել է 52 մլն ՀՀ դրամի պայմանագիր, մատակարարվել է կաթի փոշի։  Մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումները «Ինֆոքոմն» ուսումնասիրել է տեղահանված արցախցիների աջակցության շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումներն ու հատկացումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով այն պայմանագրերին, որոնց գումարը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը։  Ստորեւ ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ՀՀ մարզերում ինչպիսին է եղել բռնի տեղահանված արցախցիների բաշխվածությունը 2023-ի հոկտեմբերին եւ 2024-ի հունվարին, եւ թե մարզերից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսել նրանց առաջնային կարիքների համար (դեղին սյուներն արտացոլում են մարզում արցախցիների թիվը հոկտեմբերի դրությամբ, մոխրագույն սյուները՝ հունվարի դրությամբ։ Սեւ գծի գագաթներն արտացոլում են մարզպետարանների աշխատակազմերի կատարած ծախսերը՝ մլն դրամ արտահայտությամբ)։  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մարզպետարանների աշխատակազմերի կնքած՝ հիմնականում 10 մլն դրամը գերազանցող գնման պայմանագրերը։ Առանձնացրել ենք բոլոր այն ընկերությունները, որոնք փոխկապակցված են նախկինում կամ ներկայում պետական պաշտոն զբաղեցնող անձանց հետ։  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեր ուսումնասիրությունը չի անդրադառնում բոլոր ընկերություններին, հրապարակում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային աջակցություն տրամադրելու շրջանակում 2023թ-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված պետական գնումների շտեմարանը։    Արագածոտնի մարզպետարան Արագածոտնի մարզպետարանը պայմանագիր է կնքել Աշտարակ համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը պայմանագրեր է կնքել 18 իրավաբանական անձանց հետ. 10-ը՝ անհատ ձեռներեց, 6-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 1-ը՝ Երեւանի պետական համալսարան հիմնադրամի, 1-ը՝ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Բոլոր գնումները կատարվել են հրատապ մեկ անձ ընթացակարգով։ Ընդհանուր ծախսը կազմել է 260 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմն ընդհանուր առմամբ 12 մլն 936 հազար ՀՀ դրամի պայմանագրեր է կնքել «Էլիտ Էլֆա» ՍՊԸ-ի հետ, որից ամիսներ առաջ՝ 2023 թվականի հուլիսին, ընկերության 100 տոկոս  բաժնետեր է դարձել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտաշես Խաչատրյանը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 2023-ի օգոստոսի 31-ին «Էլիտ Էլֆայի» նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի կողմից սահմանափակում է կիրառվել՝ պարտավորեցնելով ընկերությանը պետական բյուջե վճարել 551 հազար 843 դրամ։ ՀԿԱԾ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ ընկերությունը չկատարված հարկային պարտավորություն ունի։ Այս ընկերությունը հյուրանոցային ծառայություններ է մատուցել տեղահանված անձանց համար։  Արարատի մարզպետարան Արարատի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 6 ԱՁ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսը կազմել է 73 մլն 540 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Մարզպետարանի աշխատակազմը Ասպրամ Խաչատրյան ԱՁ-ից կատարել է 9 մլն 500 հազար դրամի գնում՝ սնունդ եւ հիգիենայի պարագաներ։ Ասպրամ Խաչատրյանը Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու անդամ է։ Ավագանու անդամի ԱՁ-ն 2024 թվականի հունվարի 22-ին նույնպես արգելանքի տակ է հայտնվել, որով ԱՁ-ից պետական բյուջեի օգտին 148 հազար դրամ պետք է բռնագանձվի։ Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 22 ԱՁ-ի, 13 ֆիզիկական անձի, 1 արտադրական կոոպերատիվի, 8 ՍՊԸ-ի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Նաեւ մարզպետի որոշմամբ դրամական ուղիղ աջակցություններ են տրամադրվել 10 արցախցու։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 160 մլն 251 հազար ՀՀ դրամ։  Բացի մեկ անձ ընթացակարգով կազմակերպված գնումներից՝ Շիրակի մարզպետի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ Շիրակացի 21Ա մասնաշենքի պատասխանատու, էլեկտրիկ Մանվել Խաչատրյանին տրամադրվել է 3 մլն 296 հազար 664 ՀՀ դրամ՝ մասնաշենքում տեղակայված քառասուն տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար (որոշման հիմք են հանդիսացել ՓԲԸ տնօրենի գրությունները)։ Մարզպետի մեկ այլ որոշմամբ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանին տրամադրվել է 1 մլն 144 հազար ՀՀ դրամ՝ Արթիկ համայնք տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով (որոշման հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի ղեկավարի գրությունը)։ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանն ունի ԱՁ, որի հետ Շիրակի մարզպետարանը տեղահանված անձանց կարիքները հոգալու շրջանակում կնքել է 560 հազար դրամի պայմանագիր՝ հյուրանոցային ծառայությունների համար։  Կոտայքի մարզպետարան Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 15 ԱՁ-ի, 1 ֆիզիկական անձի, 24 ՍՊԸ-ի, ԳԱԱ ՈԱԿ-ի, ԵՊՀ հիմնադրամի, Ագրարային համալսարան հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 1 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Հիմնականում մատուցվել են սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 36 մլն 997 հազար 600 դրամի պայմանագրեր է կնքել «Ոսկե գետակ Աղվերան» ՍՊԸ-ի հետ, որը մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության տնօրենը Վարդան Ավագյանն է, որը տարիներ առաջ մասնակցություն է ունեցել «Վանգաս» ՍՊԸ-ում, որի նախկին եւ այժմյան բաժնետերերից են Էդվարդ ու Արտաշես Վանյանները։ Վերջինս զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը, 2021թ․-ից համակարգում չէ։  Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 9 մլն 648 հազար դրամի պայմանագրեր է կնքել «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ի հետ, որը եւս մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որի նկատմամբ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, կիրառված է սահմանափակում. «Արգելել Գագիկ Ծառուկյանին ընկերությունում ունեցած բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը»,- նշված է ռեգիստրում։ Գեղարքունիքի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 32 ԱՁ-ի եւ 14 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 448 մլն 515 հազար ՀՀ դրամ։  Վայոց Ձորի մարզպետարան Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմը «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 17 ԱՁ-ի, 10 ՍՊԸ-ի, 31 ֆիզիկական անձի, ՀԱԵ Վայոց Ձորի թեմի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 141 մլն 496 հազար ՀՀ դրամ։ Մեծ մասամբ մատուցվել են հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաեւ մատակարարվել են սննդի ծանրոցներ ու կենցաղային ապրանքներ։ Արմավիրի մարզպետարան Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 9 ԱՁ-ի, 1 ՓԲԸ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 216 մլն 260 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Լոռու մարզպետարան Լոռու մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 56 ԱՁ-ի, 21 ՍՊԸ-ի, 1 ՓԲԸ-ի, 10 ֆիզիկական անձի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 302 մլն 166 հազար ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 12 ՍՊԸ-ի, 47 ԱՁ-ի, 12 ֆիզիկական անձանց հետ։ Ընդհանուր ծախսվել է 270 մլն 607 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Տավուշի մարզպետարան Տավուշի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 63 իրավաբանական անձանց հետ, որոնցից 46-ը՝ ԱՁ, 13-ը՝ ՍՊԸ, 1-ը՝ ՓԲԸ, 3-ը՝ արտադրական կոոպերատիվ։ Ընդհանուր ծախսը կազմել է 246 մլն 556 հազար ՀՀ դրամ։ Ստորեւ ինֆոգրաֆիկայում արտացոլված է, թե որ մարզը քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձից է կատարել գնումներ եւ քանի անձի է տրամադրել աջակցություն     Հայարփի  ԲաղդասարյանԼուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր, 27 սեպտեմբերի, 2023թ․
17:31 - 06 փետրվարի, 2024
Ասել են՝ արել են. ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը

Ասել են՝ արել են. ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը

Ամառային մի շոգ օր՝ 2023-ի հուլիսի 31-ին, Կարինեն (անունը փոխված է) իր ծանոթներից մեկի՝ Գևորգի հետ (անունը փոխված է) զբոսնում էր Երևանի կենտրոնում։ Երբ հասան «Հայէկոնոմբանկի»՝ Արամի փողոցում գտնվող մասնաճյուղի մոտ, Գևորգը Կարինեին հարցրեց՝ արդյո՞ք նույնականացման քարտ ունի իր մոտ։ Դրական պատասխան ստանալով՝ խնդրեց մտնել բանկ՝ ինչ-որ գործարք անելու, որի համար անձը հաստատող փաստաթուղթ էր անհրաժեշտ։ Կարինեն, վստահելով ծանոթին, համաձայնեց։  Երբ հասան «Հայէկոնոմբանկի» մուտքի մոտ, Գևորգը Կարինեին խնդրեց դրսում սպասել, վերցրեց նրա նույնականացման քարտն ու մտավ բանկ։ Կարճ ժամանակ անց դուրս եկավ ու Կարինեին խնդրեց ներս մտնել՝ ասելով, որ այնտեղ նրան մի տղամարդ է դիմավորելու, կասի՝ ինչ անել։  «Ես մոտեցա այդ տղամարդուն, սպասարկման բաժնի աշխատակիցը կտրոն տվեց նրան, ինքն էլ տվեց ինձ, որ ստորագրեմ։ Բանկային անդորրագիր էր։ Ստորագրելիս տեսա, որ ես փոխանցում եմ 2.5 մլն դրամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը», - պատմում է Կարինեն, որը բանկից դուրս գալուց հետո Գևորգին հարցրել է՝ խնդիրներ չի՞ ունենա։ Վերջինս պատասխանել է, որ մոռանա այդ մասին, եթե զանգեն, ասի, որ ոչնչից տեղյակ չէ։  Կարինեն, փաստորեն, իր կամքից անկախ դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը «ֆինանսավորողներից» մեկը Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին ընդառաջ։ Ի դեպ, Կարինեն միակը չէ, որ հայտնվել է նման իրավիճակում։  «Ինֆոքոմը» այս հետաքննության ընթացքում ուսումնասիրել և նույնականացրել է 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց և պարզել, որ ՔՊ նախընտրական քարոզարշավի գործարքները կասկածելի են, իսկ ֆինանսների առնվազն մի մասը՝ անհայտ ծագում ունեն։ Կարինեի անձը հաստատող փաստաթուղթը և ստորագրությունն օգտագործվել են անհայտ ծագման դրամական միջոցները ՔՊ կուսակցության հաշվեհամարին փոխանցելու համար։ Պատահական չէ, որ բանկային այդ գործարքը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 31-ին։ Հենց այդ օրն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել նախընտրական քարոզարշավի համար դրամահավաք-երեկոն։  Ի դեպ, ՔՊ-ն նախապես հրապարակային հայտարարություն չէր տարածել դրամահավաք-երեկոյի մասին։ Միայն օրեր անց կուսակցության նախընտրական շտաբի պետ, այժմ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր. «թվով 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ»։ ՔՊ կուսակցությունը, սակայն, չէր հանրայնացնում «թվով 987 նվիրատուների» անունները՝ ո՛չ նախընտրական շրջանում, ո՛չ ընտրությունների ընթացքում և ո՛չ էլ դրանից հետո։ «Ինֆոքոմը» և մի շարք այլ լրատվամիջոցներ նվիրատուների ցանկը ստանալու համար հարցումներ էին ուղարկել «Քաղաքացիական պայմանագրին», սակայն կուսակցությունը մերժել էր տրամադրել ցանկը։ Ընտրություններից մոտ 5 ամիս անց՝ դեկտեմբերի 22-ին, կուսակցությունն ի վերջո տրամադրեց նվիրատուների անուն-ազգանունները։ Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, հիմնվելով «Ինֆոքոմի» դիմումի վրա, նույնաբովանդակ ևս 2 հարցում էր ուղարկել ՔՊ և պատասխան չստանալով՝ դեկտեմբերի 4-ին  դատական հայց էր ներկայացրել ՔՊ-ի դեմ՝ ցանկը ստանալու պահանջով։ Հունվարի 8-ին ԻԱԿ-ի ու ՔՊ-ի միջև կնքվել էր հաշտության համաձայնագիր, որի համաձայն՝ կուսակցությունը պարտավորվել էր տրամադրել հայցադիմումով պահանջվող տեղեկությունները։  Ի տարբերություն Արմեն Փամբուխչյանի հայտնած թվերի՝ «Ինֆոքոմին» ուղարկված նվիրատուների ցանկը ներառում էր 996 անձանց (նախնական հրապարակված թվից 9-ով ավելի) կատարած ընդհանուր 509 085 950 ՀՀ դրամի (շուրջ 1 264 242 ԱՄՆ դոլար) նվիրատվությունները։ --- «Այդ պահին, որ գումարի չափը տեսա, ուզում էի հասկանալ՝ իմ աշխատավարձով ես ո՞նց կարամ այդքան փոխանցեմ։ Երկրորդ հարցն էլ՝ այդ գումարն իրենց բա որտեղի՞ց է գնալու, եթե ես չեմ հիմա այդ փողը փոխանցում»,- մեզ հետ զրույցի ընթացքում ինքն իրեն հարցեր էր ուղղում Կարինեն։ Նվիրատուների ցանկում իր անունը տեսնելով՝ Կարինեն մտահոգվել է, ասում է, որ չի ցանկանում որևէ քաղաքական կուսակցության հետ առնչվել։ Անհանգստանում է, որ այս դեպքն իր անվան վրա «սև բիծ» է թողնելու. մտածում է, որ իր հարազատների մոտ միամիտ մարդու տպավորություն կթողնի, քանի որ իր ծանոթին վստահելով՝ դարձել է կեղծ ֆինանասական գործարքի և քաղաքական գործընթացի մասնակից։ Կարինեն հաշվարկել էր նաև, որ իր աշխատավարձով 2.5 տարում հազիվ կարողանար 2.5 մլն դրամ հավաքել։ Հարցին, թե ինչ է զգում հիմա, երբ գիտի, որ իրեն խաբել են, պատասխանեց. «Ինձ հպարտ քաղաքացի չեմ զգում։ Մի քիչ ճնշող է, որ փորձում են խաբել։ Ինձ համար լացելու են քաղաքական թեմաները, որ անընդհատ խաբում են ու միայն իրենց շահի մասին են մտածում»։ Նա մտաբերեց նաև, որ բանկային գործարքից հետո Գևորգը զանգեց ինչ-որ մեկին, ասաց՝ «2 հատ իմ կողմից, ինձ էլ ինչ տաս՝ տաս»։ ՔՊ-ին նվիրատվություն կատարածների ցուցակում հայտնվել էր ոչ միայն Կարինեի անունը, այլ նաև Գևորգի ու նրա եղբոր։ Վերջիններիս անվան դիմաց գումարի չափը ևս նշված է 2.5 մլն դրամ։ Կարինեի դեպքը միակը չէ. մենք հանդիպել ենք նվիրատուների ցանկում հայտնված այլ անձանց ևս, որոնք տեղյակ չէին իրենց անունով կատարված գործարքից։  Մեկ անձի կողմից արվող նվիրատվության օրենքով թույլատրելի առավելագույն չափը 2.5 մլն դրամն է։ ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունների գերակշիռ մասը՝ 87 տոկոսը, հավաքվել է 1 մլն դրամ և ավելի փոխանցումների արդյունքում, որոնցից մոտ 70 տոկոսը՝ 2.5 մլն դրամ նվիրաբերած 140 անձանց անուններով։  Մենք ուսումնասիրել և նույնականացրել ենք 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց։ Տվյալների ուսումնասիրության արդյունքում նկատել ենք 3 օրինաչափություն.  1-ից 2.5 մլն դրամ նվիրաբերած անձինք ապրում են իրար մոտ հասցեներում։ Մեծ գումարներ են նվիրաբերել բիզնես գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք։ Խոշոր նվիրատուներ են պաշտոնյաները, ավագանու թեկնածուները, ներկայիս անդամները և նրանց փոխկապակցված անձինք։ Ստորև առանձին կնկարագրենք յուրաքանչյուր օրինաչափությունը։    1-ից 2.5 մլն դրամ նվիրաբերած անձինք ապրում են իրար մոտ հասցեներում  1 մլն դրամ և ավելի նվիրատվություն կատարած անձանց 87 տոկոսին նույնականացրել ենք՝ ըստ հասցեների։ Մեր կողմից նույնականացված անձանց 76%-ը հաշվառված է Երևանում։ Խոշոր նվիրատվություններ են արել նաև Կոտայքի մարզից (9.2%), Վայոց Ձորից (4%) և Արագածոտնից (4%)։ Տվյալների բաց աղբյուրների միջոցով նույնականացնելով նվիրատուներին՝ նկատեցինք, որ նրանց մի մասն ապրում է նույն կամ հարևան շենքերում։ Այս միտումը հատկապես նկատելի է Նոր Նորք վարչական շրջանում։ Օրինակ՝ Վիլնյուսի փողոցի միմյանց հարևան 3 շենքից 4 նվիրատու կա, Գայի և Մոլդովական փողոցների իրար հաջորդող 3 շենքերից 8 նվիրատու կա, որից 5-ը՝ նույն շենքից:   Նույն շենքում բնակվող այդ 5 անձանցից յուրաքանչյուրը 2.5 մլն դրամ է նվիրաբերել. նրանցից Տիգրան Դարբինյանը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալն է, ՔՊ ավագանու թեկնածու։ «Ինֆոքոմն» այցելել է ինչպես Նոր Նորքի, այնպես էլ Երևանի այլ վարչական շրջանների և մոտակա մարզերի հասցեներ, հանդիպել նվիրատվություն կատարած անձանց։  Հատկանշական է, որ մեր այցելած բնակարանների մեծ մասի պայմանները տեսնելով՝ դժվար էր պատկերացնել, որ այնտեղ բնակվող անձինք 2.5 մլն դրամ հավելյալ գումար կունենային՝ կուսակցությանը նվիրաբերելու համար։  Նվիրատուների առաջին արձագանքն էլ մեր հարցին հաճախ հետևյալն էր. «Մեզ որտեղի՞ց այդքան գումար»։  Երբ նշում էինք, որ իրենց անունն առկա է ՔՊ կուսակցությանը նվիրատվություն արած անձանց ցանկում, ինչ-որ դրվագ էին վերհիշում, խնդրում էին սպասել, մինչև զանգ կատարեն։ Այդ զանգերից հետո նվիրատուների մի մասն արդեն վստահաբար նշում էր, որ իրենք են կատարել դրամական փոխանցումը։ Բնակարաններից մեկում մեզ դիմավորեցին նվիրատուի ծնողները, զարմացան ու ասացին, որ հնարավոր չէ, որ իրենց որդին այդքան գումար փոխանցած լինի։  Մեր խնդրանքով ծնողները զանգեցին իրենց որդուն, նա ևս պատասխանեց, որ նվիրատվություն չի արել։ «Բայց ձեզ մի հարց էլի, որ դուք փող ունենայիք, ՔՊ-ին կտայի՞ք 2.5 մլն դրամ»,- հարցրեց նա։ Նույն փողոցի մեկ այլ բնակիչ հեռախոսազրույցում, լսելով հարցը, ասաց, որ փոխանցել է, բայց չի հիշում՝ որքան։ Հարցին, թե արդյոք չի հիշում՝ 2.5 մլն դրամ փոխանցե՞լ է, թե՞ ոչ, վերջինս հարցրեց՝ ցուցակում ո՞նց է գրված։ Գումարի չափը լսելուց հետո՝ ասաց. «Տեղս հարմար չի, հետո զանգեք, իմ գործարքները շատ են, թվերը չեմ հիշում, մի ժամից զանգեք»։  Նոր Նորք վարչական շրջանի հասցեներից մեկի բնակիչը, որի անունը կար նվիրատուների ցանկում, երկրում չէր։ Մայրը վստահեցրեց, որ ՔՊ-ին հաստատ չէր փոխանցի։ Հարցրինք՝ հնարավո՞ր է՝ փոխանցած լինի, ինքը տեղյակ չլինի, ասաց՝ չէ։ Հայրն էլ նշեց, որ չի փոխանցել, պետք է ՔՊ-ին հարցնել՝ ինչպես է որդու անունը հայտնվել ցանկում։ Նույն վարչական շրջանի հասցեներից մեկում մեզ դիմավորեցին նվիրատուի մայրն ու կինը։ Հարցը լսելով՝ անհանգստացան, ասացին, որ եթե նման նվիրատվություն արված լիներ, իրենք կիմանային։ Մեր խնդրանքով զանգեցին նվիրատուին, վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ Ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  վստահված անձ է եղել, բայց գումար չի փոխանցել։ Բայց նաև խնդրեց սպասել՝ ճշտում անի և հետ զանգի։ Քիչ անց զանգեց, ասաց, որ ինքն է փոխանցել գումարը, ոչինչ չգրենք այդ մասին։ «Եթե ինչ-որ հարց էլ լինի, էդ հարցերը կլուծեն»,- նշեց նվիրատուն՝ իհարկե, չասելով, թե ով կամ ինչ հարցեր կլուծի։  Նոր Նորք վարչական շրջանի մեկ այլ հասցեում մեզ դիմավորեց նվիրատուի կինը, ասաց, որ վստահ է, որ իրենք չեն փոխանցել։ «Ինչքան գործարքներ կան, ես իմ անունից եմ անում, ինքը գործարքային իրավունք չունի ներկա պահին։ Նրա անունով ոչ մի փոխանցում չի եղել և չի էլ կարող լինել», - ասաց նա՝ նշելով, որ ամուսնու հաշիվները կալանքի տակ են, գործարքներ անել չի կարող։ 2.5 մլն դրամ փոխանցած նվիրատուներից մեկը զրույցի սկզբում չհիշեց՝ ինչի մասին է խոսքը։ Գումարի չափը լսելուց հետո զարմացավ, սակայն ասաց, որ դա իր գաղտնիքն է, և մեզ ոչինչ չի պատմի։ Նախ ասաց, որ ինքն է փոխանցել, հետո ասաց, որ ինչ-որ բան կա, բայց մեզ պատմել չի կարող։ Նոր Նորքի բնակիչներից մեկը, որ ավագանու ընտրություններին նաև ՔՊ վստահված անձ էր, «Ինֆոքոմի» հետ զրույցում ասաց, որ 1 մլն դրամ է փոխանցել, մինչդեռ մեզ տրամադրած ցուցակում իր անվան դիմաց նշված էր 2.5 մլն դրամ։  2.5 մլն դրամ էր փոխանցել կուսակցության մեկ այլ վստահված անձ նույն վարչական շրջանից։ Նրա հետ կապ հաստատեցինք հեռախոսով։ Հարցը լսելով՝ խնդրեց մի բան ճշտել, հետ զանգել ու այդպես էլ չզանգեց։ Ստորև ներկայացված քարտեզի նարնջագույն կետերը 1-2․5 միլիոն դրամ նվիրաբերած այն անձանց հասցեներն են, որոնց մենք նույնականացրել ենք (բացառությամբ պաշտոնյաների, ընկերությունների հետ փոխկապակցված անձանց)։ Համապատասխանաբար, վարչական շրջանները գունավորել ենք՝ ըստ Ավագանու ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայների։ Մուգ երանգավորված վարչական շրջաններում ՔՊ կուսակցությունը ստացել է ավելի շատ ձայներ։   Մեծ գումարներ են նվիրաբերել բիզնես գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք 1 մլն դրամից ավելի գումար նվիրաբերածների ցանկում քիչ չէին նաև բիզնես գործունեություն ծավալող հայտնի (կամ ոչ այնքան) ընկերությունների ներկայացուցիչներ, աշխատակիցներ, բաժնետերեր և տնօրեններ։  2.5 մլն դրամ փոխանցած 140 նվիրատուներից առնվազն 8-ը աշխատում են Հայաստանում ռեստորանային ոլորտի հայտնի ընկերություններից մեկում՝ «Երեմյան փրոջեքթսում»: Մենք տեղեկություն ունենք, որ նվիրատվությունները ոչ թե աշխատակիցների անձնական միջոցներից են, այլ նրանց անունով այդ գումարները փոխանցել է ընկերությունը։ «Երեմյան փրոջեքթս»-ի՝ մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Ռուբեն Սուքիասյանը «Ինֆոքոմին» հայտնեց, որ կազմակերպությունում որևէ վերահսկողություն չունեն մարդկանց քաղաքական հայացքների նկատմամբ, և իրենք ոչ մեկին չեն ուղղորդել։ «Եթե հարցը նրանում է՝ արդյո՞ք կազմակերպության կամ կազմակերպության ղեկավարի կողմից է գումարը տրվել, ապա միանշանակ, ո՛չ, որևէ աղերս դա չունի կազմակերպության հետ։ Իսկ արդյո՞ք ինչ-որ այլ մարդիկ են դա տվել որպեսզի այդ մարդիկ [կազմակերպության աշխատակիցները - խմբ.] փոխանցեն, գուցե իրենց անձնական ընկերները, բարեկամները կամ ինչ-որ մեկ այլ մարդ, սա ուղղակի այդ առումով զուգադիպություն է։ Այսինքն՝ եթե ընկերությունում աշխատում է 2.500 մարդ, միշտ կարող են նրանցից 8-ը, 10-ը, 5-ը միավորվել ինչ-որ մի բանի շուրջ և ինչ-որ մի բան իրականացնել, որի վրա մենք ոչ հսկողություն ունենք, ոչ էլ ցանկություն ունենք մարդկանց կյանքի այդ հատված մտնելու»,- նշեց Ռուբեն Սուքիասյանը։ «Երեմյան փրոջեքթսի»՝ ՔՊ-ին նվիրատվություն անելու շուրջ միավորված անձանց մեծ մասը, ի դեպ, զբաղեցնում են ընկերության ղեկավար պաշտոններ։  Գործարար, «Ջրաշխարհի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ տարբեր ընկերություններում ներգրավված Աշխեն և Վերգինե Մաթևոսյանները 2.5-ական մլն դրամ են փոխանցել ՔՊ-ին։ Վերգինե Մաթևոսյանը և Խաչիկ Խաչատրյանը «Վիլլաշին» ՍՊԸ բաժնետերերն են։ Նույն ընկերության տնօրեն Արթուր Սարոյանը նույնպես 2.5 մլն դրամ է փոխանցել ՔՊ-ին։ Նույնքան գումար է փոխանցել նաև «Վիլլաշին» ՍՊԸ-ի հետ փոխկապակցված «Վիլլա մարկետ» ՍՊԸ տնօրեն Ալբերտ Միրզոյանը։ Թույլատրելի առավելագույն չափով նվիրատվություն է կատարել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։  2.5-ական մլն դրամ նվիրատվություններով քարոզարշավի ֆինանսավորմանը մասնակցել են նաև Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու Ստեփանոս Վարդանյանը, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Սմբատ Պապոյանը, «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Գոռ Թադևոսյանը և «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Ջերմուկի ավագանու անդամ Արտուշ Սիմոնյանը։  Նշենք, որ Ջերմուկ համայնքի ղեկավարը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է՝ Վահագն Արսենյանը։ Վերջինս, համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ իրական շահառուն է։ Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող «Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետերեր Վարդան Խաչատրյանը, Արտակ Խաչատրյանը և Արա Ավետիսյանը ՔՊ դրամահավաքին նվիրաբերել են 100-հազարական դրամ։ Արտակ և Վարդան Խաչատրյանների հետ մեկ այլ՝ «Միլկ պրոդուկտ» ՍՊԸ բաժնետեր Վահան Մկրտչյանը փոխանցել է 50 հազար դրամ։ «Զովեր քնսթրաքշնի» հետ փոխկապակցված «Զովեր սթաֆֆ» ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանը նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Նույնքան նվիրատվություն է կատարել նաև «Զովեր քնսթրաքշն» ընկերության տնօրեն Արմեն Ղազարյանը։  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Արմեն Ղազարյանը նաև բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող մեկ այլ՝  «Մագնոլիա կոմֆորտ 2» ՓԲԸ տնօրենն է։ Նույն ընկերության բաժնետեր Վահե Մելիքսեթյանը նույնպես նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Մելիքսեթյանը «Վիզիվիգ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն է, որի նախկին բաժնետեր Հովհաննես Մկրտչյանը ևս նույնքան նվիրատվություն է կատարել։ «Վիզիվիգի» ներկայիս բաժնետեր Լիլիթ Մկրտչյանը նույն հասցեում է գրանցված «Զովեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետեր Արա Ավետիսյանի հետ։ Արմեն Ղազարյանը նաև «Էյ-Ջի-Էյջ Ղազարյաններ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն է։ Ընկերության ներկայիս տնօրենը՝ Գևորգ Ղարիբյանը, ՔՊ դրամահավաքին փոխանցել է 2.5 մլն դրամ։ ՔՊ-ին թույլատրելի առավելագույն չափով նվիրատվություն են կատարել «ՋիԷյԷյջ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Ղազարյանը և նույն ընկերության նախկին բաժնետեր և տնօրեն Սմբաթ Նավոյանը։ 2.4-ական մլն դրամ նվիրատվություն են կատարել «Մալխասյանց փաստաբանական կենտրոնի» բաժնետեր և տնօրեն Մինաս Մալխասյանը և աշխատակից Գրիգոր Մալխասյանը։ Կենտրոնի մեկ այլ աշխատակից  Կորյուն Մկրտչյանը փոխանցել է 2.3 մլն դրամ, իսկ փոխտնօրեն Նազիկ Մալխասյանը նվիրաբերել է 100 հազար դրամ։ Մինաս Մալխասյանը, Նազիկ Մալխասյանը  և Գրիգոր Մալխասյանը դատավոր Գուրգեն Մալխասյանի զավակներն են։ Վերջինս Ավագանու ընտրություններից մոտ մեկ ամիս անց առաջադրվել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, սակայն չի ընտրվել։  Անվտանգության ապահովման մասնավոր գործունեություն իրականացնող «Արագ արձագանքման գվարդիա» ՍՊԸ նախկին բաժնետեր Զորիկ Սարգսյանը և նույն ընկերության ներկայիս բաժնետեր Ավետիս Առաքելյանը ՔՊ-ին փոխանցել են 2.5-ական մլն դրամ։  Նույնքան գումար են փոխանցել հաշվապահական հաշվառմամբ զբաղվող «Ջի Էմ Քեյ փարթներս» ՍՊԸ-ի բաժնետեր Կարեն Մովսեսյանը և նույն ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանը։  Շինարարական գործունեություն ծավալող «Ստրոյ մաստեր Միխայիլ» ՍՊԸ բաժնետեր և տնօրեն Իվան Մինասուևը, նախկին բաժնետեր Միխաիլ Մինասուևը և նրանց եղբայրը՝ Նիկոլայ Մինասուևը ՔՊ դրամահավաքին փոխանցել են 2.5-ական մլն դրամ։ Մեր հարցին, թե արդյոք նվիրատվություն կատարել է, Միխաիլ Մինասուևը նախ ասաց, որ չի հիշում, քանի որ ինքը շատ նվիրատվություններ է անում։ Խնդրեց ցույց տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ուղարկած ցանկը։ Չհաստատելով կամ չհերքելով նվիրատվություն անելու փաստը՝ ասաց. «Ինչ-որ մի բան արել ենք, չեմ հիշում»։ Նվիրատուների հետ փոխկապակցված որոշ ընկերություններ ակտիվ մասնակցել են պետական գնումների։ Այդ ընկերություններին «Ինֆոքոմը» կանդրադառնա այլ հրապարակումներով։   Խոշոր նվիրատուներ են պաշտոնյաները և նրանց փոխկապակցված անձինք  Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, որ նախընտրական շրջանում նաև կուսակցության շտաբի պետն էր, մինչև 2023 թվականի հունիսի 30-ը զբաղեցնում էր Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ Ավագանու ընտրություններին ընդառաջ ՔՊ կուսակցությանը 2.5-ական մլն դրամ են փոխանցել Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակիցներ Վազգեն Սիմոնյանը, Վահե Հարությունյանը, Արամ Սեմիրջյանը, Հովիկ Խաչոյանը և Գեղամ Բրսոյանը։ Վերջինս նաև ՔՊ ավագանու թեկնածու էր։  2.5 մլն դրամի չափով նվիրատվություն է կատարել Արմեն Սարգսյանը։ Նա Արմեն Փամբուխչյանի խորհրդականն էր մինչև ԱԻ նախարարության լուծարումը, իսկ հետո նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Արմեն Սարգսյանը ուղևորափոխադրումներ իրականացնող «Ինտեռ տրանս» ընկերության բաժնետերն է։ Նույն ընկերության տնօրեն Կարինե Հարությունյանը ևս 2.5 մլն դրամ է նվիրաբերել։ Թույլատրելի առավելագույն չափով նվիրատվություն է կատարել Հարություն Բալյանը, որը ընկերական հարաբերություններ ունի Արմեն Փամբուխչյանի և Արմեն Սարգսյանի հետ։ 1 միլիոնից ավելի նվիրատվություն կատարածների ցանկում հանդիպում են մի շարք պաշտոնատար անձինք։ «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի խորհրդական Վիգեն Չիլինգարյանը ՔՊ կուսակցությանն է նվիրաբերել 2.5  մլն դրամ։  1.5 մլն դրամ նվիրատվություն է կատարել ՊՆ «Զինառ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Օրդուխանյանը, որը, փոխվարչապետ եղած ժամանակ, Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր։ Արշակ Օրդուխանյանը նաև ավագանու թեկնածու էր։  Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, որը նաև ավագանու թեկնածու էր, 1 մլն դրամ է փոխանցել ՔՊ-ին։  Արտաշատ համայնքի ավագանու անդամ Սյուզաննա Սայադյանը նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Հետաքրքիր է, որ 2022 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ վերջինիս եկամուտը կազմել է 702 հազար 975 դրամ։ Այս եկամուտը նա ստացել է ՔՊ կուսակցությունից՝ որպես աշխատանքի դիմաց վարձատրություն։ Ի դեպ, ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին 2 մլն դրամ է նվիրաբերել նաև Հայաստանում Իսպանիայի հյուպատոս Արմինե Ադամյանը։ 2.5 մլն դրամի չափով նվիրատվություն են կատարել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ՝ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը և «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Նազարյանը։ Իսկ քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը ՔՊ-ին փոխանցել է 100 հազար դրամ։  Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նվիրատվություն չի կատարել, փոխարենը՝ հայրը՝ Արմեն Ավինյանը, փոխանցել է 2 մլն դրամ։ Երևանի ավագանու` ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի եղբայրը՝ Տիգրան Գալջյանը, նվիրաբերել է 2.3 մլն դրամ։  Երևանի ավագանու անդամ Լուսինե Գևորգյանը փոխանցել է 2.5 մլն, իսկ ավագանու մեկ այլ անդամ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ 1 մլն դրամ։  Վարչական շրջանների ղեկավարների փոխանցումները տատանվում էին 200 հազարից 1.7 մլն դրամի սահմաններում։ 200 հազարական դրամներ են փոխանցել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը փոխանցել է 400 հազար դրամ, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը՝ 550 հազար դրամ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ 300 հազար դրամ, իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը փոխանցել է 1,7 մլն դրամ։  Շռայլ փոխանցումներով աչքի է ընկել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը։ Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Գևորգ Բաղդասարյանը և Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Լևոն Շահնազարյանը փոխանցել են 2.5-ական մլն դրամ։ Գևորգ Բաղդասարյանից փորձեցինք ճշտել՝ ի՞նքն է փոխանցել գումարը և ի՞նչ միջոցներով։ Հարցը լսելուց հետո ասաց, որ մի փոքր ուշ հետ կզանգի։ Ավելի ուշ կրկին զանգեցինք, վրդովված պատասխանեց, որ այլևս այդ հարցով իրեն չզանգենք։  Նոր Նորք վարչական շրջանի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի պետ Սարգիս Նազարյանը ՔՊ կուսակցությանը նվիրաբերել է 2.4 մլն դրամ։ Վերջինս ավագանու ընտրությունների ՔՊ կուսակցության վստահված անձ էր։ Նույն վարչական շրջանի Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի նախկին պետ Գագիկ Աբաջյանը փոխանցել է 2.3 մլն դրամ։  Դրամահավաքի նվիրատուների շարքում են նաև ՔՊ կուսակցության 88 ավագանու թեկնածուներ, որոնց նվիրատվությունները տատանվում են 20 հազարից մինչև 2.5 մլն դրամի սահմաններում։  --- Փաստերի համադրությունն ու տվյալների ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ֆինանսների մի մասի աղբյուրն առնվազն կասկածելի է։  Ուսումնասիրության արդյունքում կարող ենք արձանագրել, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ են ուղղվել ՔՊ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը՝ երբեմն գործընթացից ընդհանրապես անտեղյակ քաղաքացիների անվան տակ։ «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ նախընտրական քարոզարշավի համար նվիրատվությունները պետք է փոխանցվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Օրենքի այս կետը նպատակ ունի թափանցիկ և հետագծելի դարձնել փոխանցվող նվիրատվության ծագումը։  «Ինֆոքոմը» ՔՊ կուսակցությանը գրավոր հարցել էր, թե ինչպես են ապահովել նվիրատվությունների անկանխիկ փոխանցումը դրամահավաք-երեկոյի ընթացքում։ Հարցմանն ի պատասխան՝ նշել են. «Դրամահավաքին նվիրատվությունների հավաքագրումը կազմակերպելու համար ներգրավվել են «Հայէկոնոմբանկի» աշխատակիցներ, որոնք էլ ապահովել են նվիրատվությունների փոխանցումը կուսակցության հաշվեհամարին։ ՔՊ կուսակցության հաշիվները սպասարկվում են «Հայէկոնոմբանկի» կողմից»,- նշված է պատասխանում։ «Հայէկոնոմբանկի» աշխատակիցները, փաստորեն, կուսակցության նվիրատուներին «օգնել են» փոխանցումներ կատարել ոչ միայն դրամահավաք-երեկոյի ընթացքում, այլ նաև դրանից դուրս։ Նշենք, որ «Հայէկոնոմբանկի» բաժնետերերից է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Վերջինս և իր եղբայրները հանդիսանում են բանկի վերջնական վերահսկող։ --- Երեկ կապ հաստատեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանի հետ։ Նկարագրեցինք, որ հանդիպել ենք ՔՊ նվիրատուների ցանկում հայտնված անձանց, որոնք նշել են, որ իրենք նվիրատվություն չեն արել։ Վահագն Ալեքսանյանը նախ խնդրեց հայտնել այդ անձանց անունները, որ կարողանա ճշտել։ Աղբյուրը չբացահայտելու վերաբերյալ մեր արձագանքին Ալեքսանյանը պատասխանեց, որ միգուցե ճիշտ անձանց չենք նույնականացրել։ Մեր դիտարկմանը, որ նույն կամ մոտ շենքերում բնակվող անձանց անուններից որոշակի օրինաչափությամբ նվիրատվություններ են արվել, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, կարող է ստացված լինի այնպես, որ մի քանի հոգու գումար նույն պահին ուղղակի մեկի անունով են մուտք արել բանկի աշխատակիցները, որ ժամանակ խնայեն, դա էլ չեմ բացառում»։ Ճշտող հարցին, թե արդյո՞ք ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունները հավաքագրվել են միայն հուլիսի 31-ի դրամահավաք-երեկոյի ժամանակ, Ալեքսանյանը պատասխանեց. «Ո՛չ, որովհետև դեպքեր են եղել, երբ տարածքային գրասենյակի կուսակցականները հավաքել են, մեկի հետ ուղարկել են։ Այդպես էլ է եղել»։ Կրկին ճշգրտեցինք, թե արդյո՞ք վերջնարդյունքում դրամահավաքի նվիրատվությունները մուտք են արվել երեկոյի ընթացքում, Ալեքսանյանը պատասխանեց՝ այո՛, միայն ավելացրեց, որ որոշակի անճշտություններ են եղել, և հաջորդ օրը բանկ գնալու առիթ է եղել։ Հարցին, թե ինչ անճշտություններ են դրանք, Ալեքսանյանը խնդրեց գրավոր դիմել։ Առավել բովանդակային պատասխան ստանալու ակնկալիքով Վահագն Ալեքսանյանի հետ պայմանավորվեցինք, որ գրավոր կուղարկենք մեր հարցերը և կսպասենք դրանց պատասխանին մինչև այսօր՝ ժամը 17:00-ն։ Մինչև պայմանավորված ժամը, սակայն, որևէ պատասխան չստացանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։   Ավագանու ընտրությունների նախընտրական ֆինանսների օրինականությունը պետությունը կարող է պարզել ընտրություններից 8 ամիս անց «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ կուսակցություններն իրենց տարեկան հաշվետվությունները ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ) մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ը։ ԿԿՀ-ն, համադրելով կուսակցության հաշվետվությունը այլ աղբյուրներից (ներառյալ բանկային տվյալներ) ստացված տեղեկությունների հետ, իրականացնում է կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկողությունը և տարեկան հաշվետվության ստուգումը։  «Ինֆոքոմն» ավելի վաղ անդրադարձել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկողական գործառույթին՝ հարցադրմամբ, թե արդյո՞ք նախընտրական շրջանում նվիրատուների ցանկը չհրապարակելը չի նվազեցնում ընտրական գործընթացի թափանցիկությունը։  Այդ ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով այդ մտահոգությանը, ասել էր. «Ձեր ցանկությունն է, որ երբ դուք որևէ հրապարակում ունենաք, որևէ բան բացահայտեք որևէ կուսակցության հետ կապված, դա ազդի այդ կուսակցության ընտրության արդյունքների վրա։ Դուք քաղաքական ուժերին վերաբերվում եք որպես պոտենցիալ հանցագործների»։  Հովակիմյանը մեզ հետ զրույցում նշել էր նաև, որ եթե լրագրողների նպատակն է թափանցիկ գործընթաց ապահովել, ապա նրանց համար մեծ տարբերություն պետք է չլինի՝ նվիրատուների ցանկը ուսումնասիրել ընտրությունների ընթացքու՞մ, թե՞ դրա ավարտից շուրջ 8 ամիս անց։ Ավագանու ընտրությունների ավարտից շուրջ 4 ամիս անց պարզ է դառնում, որ ընտրությունների ընթացքում ՔՊ նախընտրական քարոզարշավը ֆինանսավորվել է անհայտ աղբյուրներից՝ կասկածելի գործարքների միջոցով։     Հեղինակ՝ Լյուսի Մանվելյան  Հետաքննությանն աջակցել են Հայարփի Բաղդասարյանը, Ջուլիետտա Հովհաննիսյանը և Ռոման Աբովյանը Խմբագիրներ՝ Անի Հովհաննիսյան, Սևակ Մամյան
19:39 - 30 հունվարի, 2024
ԳԱԱ-ն առաջարկում է իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն՝ իրականացնելով ինստիտուտների ու բուհերի մասնակի միավորում․ հարցազրույց Ակադեմիայի նախագահի հետ

ԳԱԱ-ն առաջարկում է իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն՝ իրականացնելով ինստիտուտների ու բուհերի մասնակի միավորում․ հարցազրույց Ակադեմիայի նախագահի հետ

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվելու և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Զրուցել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Աշոտ Սաղյանի հետ։   - Պարո՛ն Սաղյան, 2021-ի ամռանը, երբ Դուք ստանձնեցիք ԳԱԱ նախագահի պաշտոնը, շրջանառության մեջ էր դրված «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի* նախագիծը, որից կարելի էր ենթադրել, որ գիտական ինստիտուտները հանվում են ԳԱԱ համակարգից։ Հենց այդ ժամանակվանից խոսակցություններ կային, որ գուցե ինստիտուտները միացվեն բուհերին։ Բայց քննարկումներ եղան, և արդեն 2022-ին օրենքի նախագծի լրամշակված տարբերակում ինստիտուտները վերադարձվում էին Ակադեմիայի համակարգ։ Այն ժամանակ Կառավարության հետ ի՞նչ քննարկումներ եղան, որ Կառավարությունը հետ կանգնեց իր նախնական որոշումից։  - Իրավացի եք, այն ժամանակ քննարկումները հիմնականում այդ կետի շուրջ էին։ Բացի դրանից՝ այլ կետեր էլ կային։ Ամեն դեպքում, խնդիր էր դրված ընդհանուր բարեփոխումներ իրականացնել ոչ միայն ԳԱԱ-ում, այլև ամբողջ համակարգում՝ գիտության ոլորտում, և, իհարկե, նաև Ակադեմիայում։ Եվ դա պետք է համապատասխանեցվեր ռազմավարական ծրագրի հետ, որը Կառավարությունն ընդունել էր։  Վերանայված օրենքում՝ Ակադեմիային վերաբերող բաժնում, հատուկ կետ կար, որտեղ նշված էր, որ Ակադեմիան իր կազմում միավորում է գիտական կազմակերպություններ։ Դա բազմիցս քննարկել ենք և՛ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունում, և՛ տարբեր հարթակներում։ Այդ հարցի շուրջ հիմնականում տարաձայնություններ չկային։ Դա այն ժամանակ էր, երբ Վահրամ Դումանյանն էր նախարարը (2022 թվականին,- խմբ․)։  ԳԱԱ նախագահության շենքը - Դուք նրա հետ քննարկումներ ունեցե՞լ եք։ - Իհարկե, նրա հետ էլ ենք քննարկումներ ունեցել, Գիտության կոմիտեի հետ էլ (այժմ՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե,- խմբ․)։ Ակադեմիայի համակարգում բարեփոխումների պլան էինք կազմել․ նախատեսվում էր գերազանցության կենտրոնների ստեղծում, և այդ ընթացքում մենք այցելել ենք բոլոր ինստիտուտներ գրեթե երեք ամիս տևողությամբ, ծանոթացել ենք ինստիտուտի խնդիրներին, նյութատեխնիկական բազաներին։ Եվ վերլուծելով կարողացել ենք ստեղծել գերազանցության կենտրոնների մոդել։ Մոտավորապես գերազանցության ինը կենտրոն պետք է ստեղծվեր։ Իհարկե, քննարկումները դժվար են եղել, որովհետև միավորման ընթացքում որոշ ինստիտուտների տնօրեններ կորցնելու էին իրենց պաշտոնը, որոշ ինստիտուտներ ազատելու էին տարածքներ (կան ինստիտուտներ, որոնք ունեն չօգտագործվող տարածքներ):  - Այդ գերազանցության կենտրոններից դուրս նաև մի քանի ինստիտուտներ պիտի լինեի՞ն։  - Նաև ինստիտուտներ։ Որոշ ինստիտուտներ մնում էին առանձին։ - Դրանք ամենաարդյունավետ ինստիտուտնե՞րն էին լինելու։  - Ես չէի ասի՝ ամենաարդյունավետ։ Ամենաարդյունավետների շուրջ համախմբելու էինք գերազանցության կենտրոնները։ Կային ինստիտուտներ, որոնք բովանդակային առումով մի փոքր դժվար էր համախմբելը, և դրանք մնում էին առանձին։ Մենք այդ մոդելը մշակել ու փոխանցել ենք և՛ Գիտության կոմիտեին, և՛ վարչապետի աշխատակազմի ղեկավարին։ Ես առաջարկել եմ ԳԱԱ նախագահության՝ նոր կենտրոնների, փոփոխությունների վերաբերյալ որոշումն էլ պաշտոնապես կայացնել և արդեն փոխանցել Կոմիտեին, որովհետև, ամեն դեպքում, մենք ընդամենը դիրքորոշում տվողն ենք, Կառավարության որոշման նախագիծը կազմում է լիազոր մարմինը, որովհետև գումարն էլ է նրանց մոտ, և մենք ընդամենը մշակել ենք մոդել։ Ասացին, որ երկու կենտրոնը բավական է, և Կառավարության այն ժամանակվա ծրագրով երկուսն էր նախատեսված։ Դա էլ դեռևս նորմալ ընթացք չի ստացել: Եվ հետո այդ ամեն ինչն, իհարկե, խառնվեց, որովհետև Ակադեմիական քաղաքի գաղափարն առաջ եկավ։ - 2021-ից Ակադեմիական քաղաքի գաղափարը կար, հայտարարություններ էին արվում, և զուգահեռ Ակադեմիան առաջ էր տանում գիտական ինստիտուտների օպտիմալացման օրակարգը, որը նաև ԳԱԱ նախագահ ընտրվելիս Ձեր ծրագրային գլխավոր կետերից էր։  Կառավարությունն այն ժամանակ համաձա՞յն էր, որ ԳԱԱ ներսում օպտիմալացում պետք է իրականացվի, թե՞ ի սկզբանե պարզ էր, որ գնալու է ինստիտուտների ու բուհերի միավորման ճանապարհով։ - Ո՛չ, ի սկզբանե չկար [միավորան գաղափարը]։ Մենք բոլորի հետ գնում էինք օպտիմալացման ճանապարհով։ - Այսինքն, ԿԳՄՍ նախարարությունը համաձա՞յն էր դրան։ - Իհարկե, մենք նրանց հետ էինք անում։ Այս մոդելները (նկատի ունի օպտիմալացման արդյունքում ստեղծվելիք կենտրոնների մոդելները,- խմբ․) համաձայնեցնում էինք Գիտության կոմիտեի նախագահի և ԿԳՄՍ նախարարի հետ։  Իսկ երբ արդեն Ակադեմիական քաղաքի գաղափարը եղավ, փոխվեց հետագա ռազմավարությունը։  Գաղափարը ես էլ ողջունեցի, որովհետև այդքան բուհ Հայաստանին պետք չէ, և բուհերում այսօր կան մեծ խնդիրներ։ Ինստիտուտներում էլ կան խնդիրներ, բայց բուհերում խնդիրներն ավելի շատ են։ Ես երկար ժամանակ բուհերի հավատարմագրման հանձնաժողովի անդամ եմ եղել, վերջին հինգ տարում այդ հանձնաժողովի նախագահն եմ. բոլոր բուհերն անցել են հանձնաժողովով, և ես ծանոթ եմ՝ որտեղ ինչ խնդիրներ կան։ Երբ վերջում աշխատանքային խմբում որոշվեց վեց կլաստերներ ստեղծել, ես էլ եմ կողմ քվեարկել։ - Աշխատանքային խումբը, որի մասին նշեցիք, ձևավորվեց 2022 թ․ սեպտեմբերին։ Եթե ճիշտ եմ հիշում, այնտեղ հիմնականում գերատեսչությունների ներկայացուցիչներ էին․ գիտության հետ կապ ունեիք Դուք և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ - Սարգիս Հայոցյանն էլ է գերատեսչության ներկայացուցիչ։ Գերատեսչություններից դուրս միայն ես էի։  Ամեն դեպքում, ուզում եմ մի բան էլ շեշտել․ գիտության և կրթության ինտեգրման գաղափարը առաջինը ես եմ առաջարկել, երբ դեռ աշխատանքային խումբը չկար։ Երբ վարչապետն այդ հարցերը դրեց քննարկման, թե ինչպես անեն, որ մենք ունենանք մի քանի բուհեր, և դրանցից մի քանիսը լինեն թոփ բուհերի շարքում, ես այդ ժամանակ, ելնելով բուհերի հավատարմագրման հանձնաժողովում իմ աշխատանքային փորձից, առաջարկեցի, որ անհրաժեշտ է բուհական և ակադեմիական գիտության ինտեգրում, որպեսզի ակադեմիական գիտությունը իր հնարավորությունները ծառայեցնի բուհական գիտությանը։ - Իսկ միավորման գաղափարն ո՞ւմն էր։ - Երբ դա առաջարկել եմ, խոսքը եղել է ինտեգրման մասին․ միաձուլման մասին սկզբում որևէ խոսք չի եղել։ Հետո, ես հիշում եմ, մի անգամ վարչապետն իր խոսքում ասաց՝ մասնակի միաձուլում։ Ինչ վերաբերում է աշխատանքային խմբին, այնտեղ, երբ բուհերի մասն ավարտեցինք ու  հասանք ինստիտուտներին, ես ներկայացրի Ակադեմիայի տարբերակը, որի մասին կխոսեմ, և պարոն Հայոցյանը ներկայացրեց Կառավարության տարբերակը։ - Միավորմա՞ն տարբերակը։ - Այո՛։ Երկու տարբերակն էլ լսել են։ Ես հիշում եմ, որ իմ ելույթից հետո որևէ առարկություն չի եղել որևէ կողմից։ Երբ որ բուհերի հարցը մենք քննարկել ենք, եկել ենք մեկ ընդհանուր գաղափարի, իսկ ինստիտուտների միավորման մասով աշխատանքային խմբի նախագահն ասաց, որ ինքը կներկայացնի վարչապետին, և վարչապետը կորոշի։ - Ինչպե՞ս էր Կառավարությունը եկել այն եզարահանգմանը, որ քննարկվող խնդիրների լուծումը միավորումն է․ ո՛չ ինտեգրումը, ո՛չ համագործակցության խթանումը, այլ հենց միավորումը։ Դուք մասնակցե՞լ եք որևէ քննարկման։ - Այդ հարցը կարող եք տալ Կառավարությանը։ Նման քննարկման ես չեմ մասնակցել։ Մինչև հիմա ես սպասում եմ, որ, վերջիվերջո, պիտի արձագանք լինի աշխատանքային խմբի կամ Կառավարության կողմից։ Ես ներկայացրել եմ Ակադեմիայի դիրքորոշումը։ Որտե՞ղ է դա, քննարկվե՞լ է։ Դա չի երևում։  Ամեն դեպքում, եթե մենք հասանք դրան, ես և մեր գիտական հանրության գերակշռող մասը՝ 80 և ավելի տոկոսը, այդ թվում և բուհերի մասնագետները, գտնում ենք, որ ինստիտուտների՝ լիարժեք, 100 տոկոսով միավորումը բուհերին ճիշտ չէ։ Դա մեխանիկական միավորում է։ Եթե խոսվում է միավորման մասին, թող լինի բովանդակային։  Այն տարբերակը, որը սկզբում ես առաջարկել էի, հետևյալն է։ Դիցուք, ստեղծվել է Տեխնոլոգիական կլաստեր, որը հիմնված է Պոլիտեխնիկական և Ագրարային համալսարանների վրա։ Բոլոր բուհերն ունեն ինստիտուտներ իրենց կազմում, ունեն գիտական հաստիքներ, և քիչ չեն դրանք։ Ես առաջարկել եմ, որ, օրինակ, այն ակադեմիական ինստիտուտները, որոնք մոտ են, ունեն տեխնոլոգիական թեքումով ստորաբաժանումներ, այդ ստորաբաժանումներն իրենց հաստիքներով, նյութատեխնիկական բազայով կարող են տեղափոխվել Տեխնոլոգիական կլաստեր։ Դրանից հետո մի փոքր այլ տարբերակ էլ առաջարկեցի․ ասացի՝ այն ինստիտուտները, որոնք ամբողջությամբ կամ գոնե առավելապես՝ 50 և ավելի տոկոսով, իրենց մասնագիտական գործունեությամբ համապատասխանում են տվյալ կլաստերին, կարող են միավորվել, բայց փոխադարձ համաձայնությամբ։ Իսկ այն ինստիտուտները, որոնք չեն համապատասխանում, պետք է մնան առանձին։  Մենք աշխարհի փորձը վերուծել ենք։ Իմ տվյալներով, բացի մեկ-երկու պետությունից,  հիմնականում գիտությունը կենտրոնացված չէ մեկ տեղում։ Բազմաթիվ մեծ, հզոր և միջին հզորության պետություններում, որտեղ ունեն համալսարանական համակարգ, կա գիտություն, կան ինստիտուտներ, որոնք միացած են համալսարաններին, համալսարաններ կան, որոնք չունեն ինստիտուտներ, ունեն իրենց գիտական բազաները, բայց այն դեպքերում, երբ ինտիտուտները միավորված են համալսարաններին, կան նաև առանձին ինստիտուտներ կա՛մ Ակադեմիայի կազմում, կա՛մ մեծ գիտահետազոտական կենտրոնների կամ ցանցի տեսքով։  Ոչ մի երկրում գիտությունը չեն ծառայեցնում միայն կրթությանը։ Գիտությունը ծառայեցնում են կրթությանն այնքան, ինչքան որ պետք է, բայց թողնում են նաև, որ գիտությունն առաձին զարգանա։ Գիտությունը միայն կրթության համար չէ, գիտությունը պետք է մեր տնտեսությանը, մեր ռազմարդյունաբերական համակարգին։ Մենք Ադրբեջան կամ Ռուսաստան չենք, որտեղ կա հարուստ ընդերք, կան էներգիայի աղբյուրներ։ Բայց հենց նույն Ռուսաստանում և Ադրբեջանում այսօր ակադեմիաներին բավականին մեծ տեղ են տալիս։ Ուզում եմ ասել՝ մենք այն երկրներից ենք, որոնք չունեն բնական հարստություն, օրինակ՝ Ճապոնիան, Իսրայելը։ Իմ վերլուծությամբ մեզ ամենամոտը Ճապոնիան է։ Տեսե՛ք՝ Ճապոնիան, չունենալով բնական ռեսուրսներ, ինչ երկիր է դարձել գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ, գիտության համակարգի ճիշտ կառավարման շնորհիվ, գիտական արտադրանքի ներդրման շնորհիվ։  Գիտությունը պետք է լինի առանձին, զարգանա և արդյունքները ներդնի տարբեր արտադրություններում, տարբեր գերատեսչություններում։ Մենք այսօր ունենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Էկոնոմիկայի  նախարարություն, Առողջապահության նախարարություն, որոնց գիտություն է պետք։ Ո՞վ է անելու այդ գիտությունը։ Բոլոր ինստիտուտները տարանք, տվեցինք բուհերին, հետո՞։ Աշոտ Սաղյանը - Երբ 2021-ին էլ խոսակցություններ կային ինստիտուտների և բուհերի հնարավոր միավորան մասին, լրագրողների հարցերին ի պատասխան՝ Դուք նշում էիք, որ և՛ ինստիտուտները, և՛ բուհերը միավորմանը պատրաստ չեն, և չպիտի լինի մեխանիկական միավորում։ - Միանշանակ, բուհերը պատրաստ չեն։ Երբ նախորդ օրենքը գնաց Սահմանադրական դատարան, նախարարն Արայիկ Հարությունյանն էր (նկատի ունի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը,- խմբ․)։ Այստեղ մենք հանդիպել ենք։ Այն ժամանակ այդ տարբերակը հանվեց նախագծից, պարոն Հարությունյանն ինքը կողմնակից չէր ինստիտուտների և բուհերի միավորմանը։ Այն ժամանակ [օրենքի նախագծով] ինստիտուտները փոխանցում էին ԿԳՄՍ նախարարությանը։ Այդ մոդելն էր, որ չստացվեց։  Հետո, երբ որ ես արդեն Ակադեմիայի նախագահ էի, և սկսել էինք քննարկումները,  նույն ԿԳՄՍ նախարարությունը համաձայն չէր, որ ինստիտուտներն իր կազմում լինեն, ասում էին՝ մենք նույնը պիտի անենք, ինչ Ակադեմիան է անում, ի՞նչ տարբերություն։ Եվ դրա համար ընդունվեց այդ սկզբունքը, որ ինստիտուտները մնում են Ակադեմիայում։ Իսկ Ակադեմիական քաղաքի շրջանակում սկզբում ասվում էր ինտեգրում, ինտեգրումը դարձավ մասնավոր միավորում, իսկ հիմա լրիվ միավորման թեզ է առաջ քաշվում։ Այս ամենը երբ վերլուծում ենք, ես գալիս եմ այն գաղափարին, որ երևի թե ցանկացած որոշում կայացնելու հիմքում դրվում է մի կետ․ Ակադեմիայի կազմում ունենա՞լ ինստիտուտներ,  թե՞ ոչ։ Արդյոք պե՞տք է մեր պետությանը ուժեղ, հզոր Ակադեմիա, թե՞ ոչ։  - Այս համատեքստում մտահոգությունը միշտ այն է եղել, որ մեխանիկական միավորում չլինի, և որ բուհերն ի վիճակի չեն ինստիտուտներին իրենց կազմում ընդգրկել։ Բայց հիմա Կառավարությունը չի խոսում մեխանիկական միավորման մասին․ ստեղծվելու են կլաստերներ, այդ կլաստերներից յուրաքանչյուրում լինելու են հանգուցային համալսարանը և գիտական կազմակերպությունները, որոնց միջև համագործակցությունը խթանվելու է։ Բացի այդ՝ Կառավարությունը ոչ թե որոշել է, թե կոնկրետ որ բուհերն ու ինստիտուտներն են իրար միանալու, այլ բուհերին ու ինստիտուտներին խնդրել է առաջարկներ ներկայացնել, որոնց հիման վրա որոշում կկայացվի։ - Առաջարկներ ներկայացվելու են, բայց ես համոզված չեմ, որ այդ առաջարկներով են առաջնորդվելու։  Եկեք մեկ այլ հարց քննարկենք․ որպեսզի բուհը և ինստիտուտը համագործակցեն, պետք է որևէ կլաստերի մե՞ջ լինեն, ի՞նչն է խանգարում համագործակցել հիմա։ Երբ ես [աշխատանքային խմբում] մեր տարբերակն առաջարկեցի, միակ առարկությունն այն էր, որ այդտեղ ակադեմիական միջավայր չի ստեղծվում կամ թույլ է։ Ակադեմիական միջավայր չի նշանակում, որ պետք է իրար կողք լինեն, իրար հետ շփվեն։ Ակադեմիական միջավայրն այն է, երբ մարդիկ սկսում են իրար հետ աշխատել։ Այսօրվա հնարավորությունները թույլ են տալիս, որ մարդը Միացյալ Նահանգներից համագործակցի Ճապոնիայի հետ։  Ո՞ր բուհն է ուզել ուսանող ուղարկել գիտահետազոտական ինստիտուտ, որ այդ ինստիտուտի տնօրենն արգելի։ Ընդհակառակը, մեր տնօրեններն ուրախ են, երբ ուսանող է գալիս ինստիտուտ։ Ուրիշ բան է, որ համագործակցության ցանկություն չի եղել։ Եվ այդ միջավայը ստեղծելու համար պարտադիր չէ, որ այստեղից հանեն, տանեն կլաստեր։ - Փորձը ցույց է տալիս, որ երբ համագործակցությունը ոչ թե կարգավորված է, այլ թողնված է բուհերի և ինստիտուտների կամքին, այնքան էլ արդյունավետ չէ։ Հիմա և՛ բուհերի կրթական ծրագրերում խնդիրներ կան, և՛ ժամանակին համալրում չիրականացնելու պատճառով միջին տարիքի գիտնականների պակաս կա։ - Այդ վակուումը, որ ստեղծված է, կապ չունի նրա հետ, թե համակարգն ինչպիսին է եղել։ Վակուումն [Արցախյան առաջին] պատերազմից հետո է ստեղծվել, և կապ չունի՝ ինստիտուտները կլաստերի մե՞ջ են, թե՞ ոչ։ Այդ վակուումը շուտով լուծվելու է։ - Ինչպե՞ս է լուծվելու։ Հիմա շատ քիչ են միջին տարիքի գիտնականները, որոնք պիտի ղեկավարեն երիտասարդ կադրերին։ - Աստիճանաբար կգան ավելի երիտասարդները և կղեկավարեն։ Դա ժամանակի հետ լուծվող խնդիր է, կապված չէ համակարգի հետ։ Եվ մենք այդ խնդրի լուծման տարբերակ էլ ենք առաջարկել։ Իմ ներկայացրած տարբերակի հիմնական կետերից մեկն էր այն, թե ինչպես ինտեգրել։  Դրա համար կա միջազգային համագործակցության ծրագրերի, դրամաշնորհների մեխանիզմ։ Այդպիսի օրինակ է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) համակարգը։ Ես ութ ծրագրի շահառու եմ, ութերորդը դեռ շարունակվում է։ Այդ ծրագրում ներառված է երեք կազմակերպություն՝ երկուսը՝ Հայաստանից, մեկը՝ Վրաստանից։ Ընդհանուր խնդիր է դրված, ընդհանուր ֆինանսավորում կա, երեք կազմակերպություններից ամեն մեկն ունի իր ենթահանձնարարությունը, դրա դիմաց ֆինանսավորվում է, վերջում տալիս են ընդհանուր հաշվետվություն և համատեղ տպագրություններ։ Երբ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է մրցույթ, եթե հայտը գալիս է ԳԱԱ որևէ ինստիտուտից, թող պայման դրվի, որ այն լինի բուհի հետ համատեղ, եթե բուհն է դիմում, լինի ինստիտուտի հետ համատեղ։ Այդպես իրականացվում է համատեղ աշխատանք, որի արդյունքում  համատեղ տպագրություններ են արվում։ Սկզբնական շրջանում գիտության հետ ինտեգրման հիմնական նպատակը դիտարկվում էր բուհի տպագրությունները խթանելը, ինչը կարևոր գործոն է թոփ բուհ դառնալու համար։ - Ո՞վ է ասել դա, աշխատանքային խմբո՞ւմ է նման ձևակերպում հնչել։ - Ե՛վ աշխատանքային խմբում, և՛ դրանից դուրս։  Մեր առաջարկած համակարգով Ակադեմիայի ինստիտուտները համաձայն են համատեղ հոդվածներ տպագրել։ Եվ այս համատեղ դրամաշնորհային ծրագրերը եթե լինեն, ծրագրերի հետ կապված ինտեգրում տեղի կունենա։ Ինչ վերաբերում է նրան, որ ակադեմիական ինստիտուտների մասնագետները բուհերում դասավանդեն, դա ընդամենը ցանկության հարց է, դրա համար միավորելու կարիք չկա։ Դրա համար պետք է բուհը ցանկություն ունենա,  ինչ-որ տեղ դա պետք է պարտադրված լինի։  Ես երկու կառույց եմ ղեկավարել մինչև Ակադեմիայի նախագահ դառնալը՝ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնը և ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը։ Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական ծանրաբեռնվածության (կրեդիտների) 20%-ը տրվում էր հետազոտական ինտիտուտներին, այնտեղի մասագետները գալիս, դասավանդում էին։ Բայց ուրիշները դա չէին անում։  Պետք է բուհին պարտադրել, որ իր ծանրաբեռնվածության (կրեդիտների) մի մասը տրամադրի գիտական ինստիտուտներին, որոնց մասնագետները կդասավանդեն, ուսանողներին պրակտիկ աշխատանքներ կսովորեցնեն։ Դրա համար պետք չէ համակարգը քանդել, իրար հետ միավորել։ Եթե բոլոր ինստիտուտները ներառվեն կլաստերներում, մենք դրանից դուրս ինստիտուտներ չե՞նք ունենալու, բոլոր կլաստերներում ինստիտուտները համագործակցելու են բուհերի՞ հետ։ Իսկ Էկոնոմիկայի նախարարության հետ ո՞վ համագործակցի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ռազմարդյունաբերության կոմիտեի հետ ո՞վ համագործակցի։ ԳԱԱ նախագահությունում - Եթե Կառավարությունը պատվեր պիտի իջեցներ որևէ ինստիտուտի, հիմա կիջեցնի, օրինակ, Տեխնոլոգիական կլաստերին։ - Գիտեք, կարելի է ամեն ինչ էլ ասել, բայց ի՞նչն է խանգարում, եթե այդ ինստիտուտն ազատ լինի։ Գիտությունը սիրում է ազատ գործունեություն։  Ինչո՞ւ մինչև հիմա այդ պատվերները չեն իջեցվում․ թող պատվերներ իջեցվեն։ Ես երկուսուկես տարի այստեղ եմ, որևէ պատվեր որևէ նախարարությունից չի իջեցվել։ Պատերազմ եղավ, տեսանք՝ ինչ վիճակում հայտնվեցինք տեխնոլոգիաների բացակայության պատճառով։  Ինչո՞ւ։ Միգուցե իրար չենք հասկանում։  Բայց, ամեն դեպքում, մեր կարծիքը հետևյալն է, որ բոլոր ինստիտուտները տանել, միավորել բուհերին, ճիշտ չէ։  Բուհի գնահատումը 10 չափանիշ ունի, և այդ 10 չափանիշներից ընդամենը մեկն է հետազոտությունը, որն էլ համարվում է ոչ կարևոր։ Կարևոր չափանիշներ են բուհի կառավարումը, որակի ապահովումը և այլն։ Միայն հետազոտական բաղադրիչը բավարար չէ, որ բուհը դառնա թոփ բուհ։ Ինստիտուտները միավորելով՝ թոփ բուհ չի դառնա։ Դրանով մենք ուղղակի զրկում ենք գիտությանը ազատ գործելուց։  - Ակադեմիայի ներկայացրած առաջարկի մի քանի տարբերակների եմ հանդիպել։ Ձեր վերջնական առաջարկը ո՞րն է։ - Ես եղել եմ վարչապետի մոտ։ - Վերջե՞րս։ Մի քանի օր առաջ։ Ներկայացրել եմ մեր վերջնական տարբերակը, որի հիմքն այն է, որ գիտությունը չկենտրոնանա միայն մի տեղում, լինի և՛ բուհական գիտություն, և դրանից առանձին գիտություն, ինչպես ամբողջ աշխարհում է դա ընդունված։ Երևի թե միայն Վրաստանում է, որ բոլոր ինստիտուտները մի հրամանով տվեցին բուհերին, հետո ուզում էին հետ բերել, բայց արդեն չկարողացան, որովհետև ինստիտուտ չէր մնացել։  Մենք առաջարկել ենք տարբերակ, որտեղ Ակադեմիան իր կազմում ունենում է 8 հետազոտական կենտրոն՝ Ֆիզիկա և աստղագիտություն, Մաթեմատիկա և արհեստական բանականություն, Քիմիա և երկրագիտություն, Կենսաբժշկագիտություն, Կենսաբանություն և բնապահպանություն, Սոցիալական գիտություններ, Հայագիտություն և հումանիտար գիտություններ, Միջազգային գիտահետազոտական և գիտակրթական կազմակերպություններ։ - Այս կենտրոնները ստեղծվելու են ինստիտուտների՞ հիմքի վրա։ - Որոշ ինստիտուտների միավորման արդյունքում։  Ես վարչապետին նաև ասել եմ, և նա էլ հետաքրքրվեց դրանով, որ մենք քիմիայի ուղղությամբ երեք ինստիտուտ ունենք, ի՞նչ իմաստ ունի երեքն էլ տանել Տեխնոլոգիական համալսարան։ Մեկ ինստիտուտը բավարար չէ՞ Տեխնոլոգիական համալսարանին։  - Այսինքն, այնքանով, որքանով հնարավոր է, ինստիտուտները կարո՞ղ են միավորվել բուհերին։ - Ինչ չափով որ բովանդակային առումով հնարավոր է, երկկողմանի համաձայնության դեպքում։ Իստիտուտների հետ էլ ենք մենք քննարկում։ Կան ինստիտուտներ, որոնք գտնում են, որ այո՛, կարելի է, բայց գերակշռող մասն էլ գտնում է, որ ո՛չ, դա ճիշտ չէ։ - Կլինե՞ն ինստիտուտներ, որ կուզենան միավորվել։ - Երևի կլինեն, չեմ կարող ասել։ Եթե գալիս, ինձ ասում են՝ մենք չենք ուզում, գուցե գնում են այլ տեղերում այլ բան են ասում։ Դա էլ է մի փոքր դժվար խնդիր, որովհետև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից կախվածությունն այսօր բավականին շատ է․ վերջապես ֆինանսավորողն ու սարքավորումներ տվողը Կոմիտեն է, այդ կախվածությունը կա ինստիտուտներում։  Այս հարցի ճիշտ լուծումը հետևյալն է․ գիտությունը լինի և՛ այնտեղ, և՛ այնտեղ։ Դա ամբողջ աշխարհում ընդունված բան է։ Եթե չեն ուզում՝ Ակադեմիա լինի, գոնե թող ստեղծեն ինստիտուտների մեծ համակարգ՝ հետազոտական կենտրոն, ինչպես Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ռուսաստանում է։ Բայց մեր պարագայում ճիշտն առկա համակարգի պահպանումն է ու դրա հենքի վրա բարեփոխումների իրականացումը, գիտության և կրթության ինտեգրումը։  - Վարչապետն Ակադեմիայի առաջարկին ինչպե՞ս արձագանքեց։ - Վարչապետը լսեց։ Իհարկե, հարցեր ուներ, հարցերն ավելի շատ Ակադեմիայի կառավարման համակարգի մասին էին։ Նա ասաց, որ այդ հարցի վերաբերյալ դեռ քննարկում չի եղել։ Հույս ունեմ, որ քննարկման ժամանակ հաշվի կառնեն մեր դիրքորոշումը։ - Դուք խոսեցիք պետության խնդիրների մասին՝ պաշտպանական համակարգից մինչև տնտեսություն։ Գիտության կիրառական արդյունքների առևտրայնացումը և պետության խնդիրների լուծմանը ծառայեցնելը նաև Ձեր ծրագրային կետերից մեկն էր, երբ ընտրվում էիք Ակադեմիայի նախագահ։ Ձեր ընտրությունից երկուսուկես տարի է անցել․ այս ուղղությամբ Ակադեմիան ի՞նչ քայլեր է իրականացրել։ - Իրոք, դա ինձ համար եղել է ամենակարևոր ռազմավարական խնդիրը։ Ես մինչև այդ եղել եմ Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի տնօրենը, և այդ կենտրոնի լաբորատորիաներում ինչ տեխնոլոգիաներ կային մշակված, որոնք մոտ էին ապրանքայնացմանը, մենք կենտրոնի արտադրական կայանում ներդրել ենք, արտադրանքը վաճառել ենք և՛ Եվրոպայում, Ռուսաստանում, Չինաստանում, և՛ Հայաստանի շուկայում։  Բերեմ Գերմանիայի օրինակը․ Գերմանիան Եվրոպայի ամենահարուստ երկիրն է, Եվրամիության տնտեսության լոկոմոտիվն է։ Գերմանիայի ամենաառաջատար ինստիտուտներում ես ունեմ գործընկեր, որի հետ 2001-ին ստացել եմ Դեկարտի մրցանակ։ Երբ մի քանի տարի հետո ես գնացի նրա մոտ, նա, լինելով Մաքս Պլանկի ինստիտուտի միակ Դեկարտի մրցանակակիրը, խառնված էր։ Հարցրի, թե ինչ է եղել, նա ասաց, որ իր պայմանագիրն ինստիտուտի հետ ավարտվում է, եթե մինչև նոր տարի ներդրումային պայմանագիր չբերի, այսինքն՝ իր աշխատանքն արտադրության մեջ չլինի, իր կարգավիճակը կարող են փոխել։ Եվ հենց այդ օրերին, երբ ես այնտեղ էի, նա «Դեգուսա» ընկերության հետ կնքեց պայմանագիր։  Գերմանիայի նման հարուստ երկիրն է պահանջում, որ ինչքան էլ դու լավ գիտնական ես, լավ տպագրություններ ունես, բայց քո գործը պիտի ծառայի արդյունաբերությանը, տնտեսությանը։ - Ո՞րն է խնդիրը, որ Հայաստանում գիտության առևտրայնացումն ամենաչզարգացած ուղղություններից է։ - Հիմնական պատճառն այն է, որ այդ ուղղությամբ պետական մոտեցում չի եղել։ Ես հիշում եմ միայն, որ երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ, ասաց՝ զարգացնում ենք միայն կիրառական գիտությունը։ Բոլորն ըմբոստացան, թե ինչպես կարելի է զարգացնել կիրառականն առանց հիմնարարի։  Այդ ժամանակ, երբ մենք Գիտության կոմիտե (այժմ՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե,- խմբ․) հայտեր էինք ներկայացնում բազային ֆինանսավորան համար, ցանկացած հայտի 50-55%-ը հիմնարար մասն էր, 40-45%-ը՝ կիրառական մասը։ Հատուկ մտցվել էր այս խնդիրը։ Եվ ես այդ ժամանակ մեր ամբողջ ինստիտուտի կառուցվածքը փոխեցի և 24 լաբորատորիայի հենքի վրա ստեղծեցի 11 լաբորատորիա՝ հիմնականում կիրառական ուղղվածությամբ։ Եվ ասեմ, որ 2-3 տարվա ընթացքում 4-5 լաբորատորիաների մշակումների հենքի վրա կազմակերպվեցին փոքրածավալ  արտադրություններ, որոշ տեխնոլոգիաներ ներդրվեցին արտերկրյա ընկերություններում։  Այսօր ի՞նչ է կատարվում։ Այսօր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, այսինքն՝ ԿԳՄՍ նախարարությունը, ինստիտուտների աշխատանքը և գիտական նվաճումները  գնահատում է միայն տպագրված հոդվածներով։  - Էլ ինչի՞ հիման վրա է պետք գնահատել։  - Ես ինքս գիտնական եմ, հիմա էլ ունեմ առաջատար թեմա և պետք է 5 տարում նվազագույնը 10 հոդված տպագրեմ հեղինակավոր ամսագրերում։ Հոդվածը շատ կարևոր է գիտությունը գնահատելու համար, բայց հոդվածով ավելի շատ պետք է գնահատել գիտնական անձին, ոչ թե գիտահետազոտական ինստիտուտը։ Կառավարությունը դեռևս Խորհրդային Միության ժամանակ այդ ինստիտուտները հիմնադրել է ոչ թե նրա համար, որ հոդվածներ տպագրեն, այլ նրա համար, որ ծառայեն մեր արդյունաբերությանը, մեր տնտեսությանը։ Քիմիայի ինստիտուտներ կային, ունեինք քիմական արդյունաբերություն և այլն։ Ճիշտ է, հիմա այդ գործարանները  չկան, բայց ապագայում կլինեն, իսկ որպեսզի լինի արդյունաբերություն, պետք է ինստիտուտներում կիրառական ուղղությունը զարգանա։ Հայաստանում գիտությունը պետք է գնահատվի ոչ միայն տպագրված հոդվածներով, այլ նաև կատարած ներդրումներով։  - Այսօր կարո՞ղ են ԳԱԱ ինստիտուտները մասնավոր հատվածից ներդրումներ ներգրավել։  - Եթե չեն կարող, նշանակում է՝ չպիտի՞ գնահատենք։ Դրա համար պետք է խրախուսել։ Ինչո՞ւ չեն կարող։ Հոդված էլ չէին տպում, հիմա արդեն սկսել են տպագրել բոլորը, որովհետև պահանջն ադպես է դրված։  Ես վարչապետի մոտ ասել եմ՝ ենթադրենք, այսօր հազար հոդված է տպագրվում արտասահմանյան ամսագրերում, վաղը դառնալու է 10 հազար, դրանից մեր տնտեսությունը լավանալո՞ւ է, մեր ռազմարդյունաբերական կոմպլեքսը լավանալո՞ւ է։ Ճիշտ է, մեր հեղինակությունը կբարձրանա, բայց դրանով չի կարելի բավարարվել։  Եթե 10 տարի առաջ ինձ ասեին՝ դուք ունենալու եք գիտության կրկնակի կամ եռակի ավելի ֆինանսավորում, ես չէի հավատա։ Այն ահռելի գումարները, որոնք այսօր Կառավարությունը տրամադրում է, պետք է ուղղվեն ոչ միայն հոդված տպելուն։ Դրա համար պետք են հատուկ ծրագրեր, պետք է խրախուսել գիտության կիրառական ուղղվածությունը։  Ճիշտ է, Էկոնոմիկայի նախարարությունում ստեղծված են ներդրումային ծրագրերի կառույցներ, բայց ես գտնում եմ, որ, ամեն դեպքում, կիրառական գիտությանը պետք է տեղ տրվի, դա շատ կարևոր է մեր երկրի համար։ Եվ գիտնականը պետք է այսօր փորձի հիմնարար արդյունքները տանել դեպի արտադրություն։ Դա դժվար է, ես գիտեմ, որովհետև գործարանների խնդիր կա։ Շատ ինստիտուտներում մենք մոնիտորինգ ենք արել, դա ամենաթույլ կողմն է․ գիտնականն ասում է՝ ես այսինչ մշակումն ունեմ, և ինքն էլ չգիտի՝ ինչպես դա ապրանքայնացնի, որովհետև մարքեթինգի դպրոցն էլ  շատ  թույլ է։ - Եթե, ինչպես Դուք եք նշում, պետական մոտեցում չկա, Ակադեմիան ունի՞ ծրագիր կամ ռազմավարություն, թե ինչպես կարելի է հենց ԳԱԱ ինստիտուտներում կիրառական ուղղությունն ավելի զարգացնել։  - Ակադեմիան ծրագիր ունի, մենք ստեղծել ենք կառույց [ապրանքայնացման համար], բայց Ակադեմիան ֆինանսավորող կողմ չէ, Ակադեմիան ներկայացնող կողմ է։ Անընդհատ մենք ասում ենք տարբեր հարթակներում, որ պետք է նաև կիրառական ուղղությունը զարգացնել, բայց մենք չենք ֆինանսավորողը։ Ակադեմիան դա կարող է անել իր արտաբյուջետային միջոցներով, բայց նա բյուջետային կառույց է, և արտաբյուջետային միջոցները  քիչ են։ Մենք արտաբյուջետային միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ աշխատում ենք, բայց, ամեն դեպքում, դա միայն Ակադեմիայի գործը չէ։ - Մենք խոսում ենք տնտեսության և կիրառական գիտության մասին, բայց պետության խնդիրների լուծման տեսանկյունից կարևոր են նաև հայագիտությունն ու հասարակագիտական ուղղությունները։ Ուզում եմ մի օրինակ բերել․ 2023-ի վերջին Ակադեմիայում ստեղծվեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, որը պետք է արձագանքի Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին պաշտոնական մակարդակով արվող հայտարարություններին։ Տպավորություն է, որ հիմնադրամի ստեղծումը շատ ուշացած է, քանի որ Ադրբեջանը նոր չէ սկսել նմանատիպ քարոզչություն իրականացնել։ Եթե Հայաստանի կառավարությունը ժամանակին խնդիր չի դրել, որ մեզ գիտական այդպիսի կենտրոն է պետք, ինչո՞ւ Ակադեմիան ավելի վաղ հանդես չի եկել այս կամ նմանատիպ այլ կառույցներ ստեղծելու նախաձեռնությամբ։ - Ես համոզված չեմ, որ Ակադեմիան նախկինում նման նախաձեռնությամբ հանդես չի եկել․ հավանաբար հանդես է եկել։ Ամեն դեպքում, Պատմության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության ինստիտուտների գիտնականներն առանձին միշտ աշխատում էին, Արտգործնախարարության խողովակներով անընդհատ մեզնից նյութեր էին ուզում։  Իսկ հիմա այդ նախաձեռնությունը ծագեց այն բանից հետո, երբ տեղեկացանք, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրենց մի քանի ինստիտուտների՝ Արևելագիտության, Պատմության, Հնագիտության, հանձնարարված է, որ նրանք գիտականորեն հիմնավորեն «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը։ Մենք միանգամից արձագանքեցինք, և դա ընթացք ստացավ։  Եվ այդ կառույցը ոչ միայն Արդբեջանի, այլև ընդհանրապես մեր պետականության, պետության շահերի դեմ ցանկացած ոչ ադեկվատ հայտարարության պետք է արձագանքի։ ԳԱԱ Հասարակական գիտությունների բաժանմունքը և ինստիտուտները բավականին ակտիվ են։ Ուրիշ բան է՝ ինչու պետության կողմից նախկինում դա լիարժեք չի արվել։  Բայց որ ուշացած է, միանշանակ․ 25 տարի է՝ Ադրբեջանն, իր ամբողջ քարոզչական ապարատը ներդրած, աշխարհում սուտ տեղեկություններ է տարածում, իսկ մենք լսում ենք, ինչ-որ մի հոդվածի հակադարձում ենք։ Դա նույնպես պետք է արվեր առավել համակարգված։  - Ակադեմիական քաղաքի թեմայով ես նաև զրուցել եմ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։ Երբ խոսում էինք ԳԱԱ մասին, պարոն Հայոցյանը նշեց (նրան մեջբերում եմ ոչ ուղիղ), որ  Ակադեմիան շատ է կենտրոնացած իր ինստիտուտների վրա, Ակադեմիան չպետք է վարչարարությամբ զբաղվի, և նրա դերն ավելի շատ պիտի լինի մեր մտավոր ներուժի համախմբումը։ Համաձա՞յն եք այս ձևակերպմանը։ - Ակադեմիան իրականացնում է տնօրենների ընտրություն։ Նույն պարոն Հայոցյանը նախկինում բազմիցս նշել է Ակադեմիայի այդ գործառույթի կարևորությունը և արդյունավետությունը։ Մենք, օգտագործելով մեր համակարգի՝ տնօրեն նշանակելու մեխանիզմը, համակարգի ինստիտուտների ղեկավարումը բավականին երիտասարդացրել ենք․ ինչքան տնօրեն նշանակել ենք, նրանց մեծ մասը  երիտասարդ են, մնացած դեպքերում ուղղակի համապատասխան թեկնածուներ չեն եղել։ Իհարկե, կա թերություն համակարգում․ հիմնական, ամենամեծ թերություններից մեկն այն է, որ ակտիվ չէ կապն Ակադեմիայի բաժանմունքների և ինստիտուտների միջև։ Դրան ես այս երկու տարվա մեջ փորձում էի ինչ-որ կերպ լուծում տալ։ Այդ լուծումը տալու համար առաջին հերթին, և՛ պարոն Հայոցյանը լավ գիտի, և՛ նախարարությունում լավ գիտեն, պետք է բարեփոխում կատարել հենց Ակադեմիայի նախագահությունում։ Նախագահությունում բարեփոխում կատարելու համար պետք է Ակադեմիայի կանոնադրությունը փոխվի, իսկ կանոնադրությունը փոխելու համար պետք է օրենքը փոխվի։ Կա «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենք, որտեղ հստակ կետեր են գրված, որոնցից չես կարող շեղվել կանոնադրությունը կազմելիս։ Խոսքը վերաբերում է Ակադեմիայի բաժանմունքները խոշորացնելուն, ղեկավար կազմի համար տարիքային սահմանափակում դնելուն։ - Անցած տարի ԳԱԱ ղեկավար կազմի տարիքային շեմը կարծես իջեցվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի փոփոխություններով։ - Չի՛ եղել։ Հենց խնդիրն այն է, որ նախագիծը մտավ Ազգային ժողով, այնտեղ Ակադեմիայի մասով էլ կետ կար, բայց վերջին պահին Ակադեմիայի մասն ուղղակի հանել են նախագծից։ Նախ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում, որը վերանայված տարբերակով գնաց մինչև Կառավարություն, հետո ընթացք չստացավ, այդ կետը կար (նկատի ունի ԳԱԱ ղեկավար կազմի  համար տարիքային շեմի հաստատման մասին կետը,- խմբ․), դրանից հետո մենք փորձեցինք «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի տարբերակով գնալ, Ազգային ժողովում քննարկումներն անցան, բայց  որոշման մեջ այդ կետը չհայտնվեց։  Հետո ես փորձեցի «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում երեք կետանոց առանձին փոփոխություն կատարել, որը հնարավորություն կտա նոր կանոնադրություն կազմելու, և դրան նախարարությունը ընթացք չտվեց՝ մեկնաբանելով, որ շուտով՝ հավանաբար մարտ ամսին, նոր օրենքը կգործի, բայց ակնհայտ է, որ դա չի լինի։  Ամեն դեպքում, պետք է օրենսդրական փոփոխություն կատարվի, որպեսզի ես կարողանամ բարեփոխումներ իրականացնել և, ամենակարևորը, դրանով ակտիվացնեմ ինստիտուտների հետ կապը։ Գործող համակարգով այս տարի մենք արդեն սկսել ենք գործընթացը, և մինչև փետրվարի 10-ը ԳԱԱ բոլոր բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները պետք է ինստիտուտների հետ քննարկեն և բարեփոխումների/միջոցառումների ծրագիր ներկայացնեն նախագահի հաստատմանը։  Ակադեմիայի բաժանմունքն այն օղակն է, որը նախագահությանը կապում է ինստիտուտների հետ․ ինստիտուտների բոլոր խնդիրները բաժանմունքը պետք է բերի նախագահություն։ Դա ակտիվ չի աշխատել, և դրա մասին խոսում են նաև մեր մի շարք տնօրեններ։ Բոլորն էլ գիտեն, որ ես եկել եմ ԳԱԱ առաջին հերթին այդ խնդիրը կարգավորելու ծրագրով։ Բայց դեռևս այդ հնարավորությունը չունեմ։  - Ինչո՞ւ չունեք։  - Ես չգիտեմ։ Ամենաշատը ես եմ ուզում բարեփոխումներ կատարել, բայց դա օրենքով պիտի թույլատրված լինի, իսկ դա դեռևս չկա։ Հարց է առաջանում՝ ինչ ենք մենք  ուզում. ունենալ լավ աշխատող, հետագայում հզո՞ր Ակադեմիա՝ Կառավարության թիկունքում կանգնած, թե՞ ունենալ նսեմ Ակադեմիա կամ էլ ընդհանրապես չունենալ։ Այս հարցի պատասխանը թողնում են մեր հասարակությանը։  - Ձեր պատկերացմամբ այս ամենն ինչպե՞ս կընթանա, ի վերջո, միավորման որևէ կոնսենսուսային տարբերակ կընտրվի՞։ - Ես չեմ կարող ասել, որովհետև մի շարք հարցեր կան՝ կապված և՛ ատեստավորման որոշ կետերի հետ, և՛ այն պահանջների հետ, որոնք առաջատար գիտաշխատողներին են վերաբերում (նկատի ունի գիտնականների ատեստավորման նոր կարգը,- խմբ․)։ Ինչքան գիտեմ, և՛ Ակադեմիան, և՛ ինստիտուտները, և՛ ԵՊՀ-ն՝ բոլորը, դեմ են արտահայտվել, բայց որոշումներ ընդունվել են։ Ես շատ եմ ուզում, որ լինի քննարկում։ - Հույս ունենանք, որ փետրվարի 15-ից հետո, երբ Կառավարությունը ստացած լինի ինստիտուտների ու բուհերի առաջարկները, քննարկումներ կլինեն։  - Քննարկումները պետք է այդպես չկատարվեն․ մենք ասացինք մեր տարբերակը, դուք կարծի՛ք հայտնեք, և մենք կորոշենք։ Տիկին նախարարը (նկատի ունի Ժաննա Անդրեասյանին,- խմբ․), երբ նոր էր նշանակվել, հրավիրեցինք ԳԱԱ, և կառուցողական հանդիպում տեղի ունեցավ գիտնականների հետ։ Վերջում նա խոստացավ, որ ցանկացած տարբերակ շրջանառության մեջ դնելուց առաջ ԳԱԱ–ում  քննարկում կլինի տնօրենների և առանձին գիտնականների հետ։ Այդ քննարկումը չի եղել։  Վարչապետը, երբ վերջին հանդիպմանը քննարկում էինք, ճիշտ բան ասաց՝ մեզ համար կարևորը գիտության կառավարման ճիշտ մոդելի ընտրությունն է։ Կան ինստիտուտներ, կա Ակադեմիա, կա Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, կան համալսարաններ, դրանց հենքի վրա պետք է մշակել կառավարման ճիշտ մոդել։ Ես ողջունեցի այդ առաջարկությունը և ասացի, որ, այո՛, պետք է   ընտրել գիտության կառավարման  ամենաճիշտ մոդելը Հայաստանի համար՝ հաշվի առնելով հայկական գիտության զարգացման առանձնահատկություններն ու հարուստ պատմությունը, որը կարող է լինել սիմբիոզ, հիմնված մի շարք պետությունների գիտության և կրթության զարգացման պոզիտիվ  հիմնարար սկզբունքների վրա։   Ամեն դեպքում, վերլուծությունը ցույց է տալիս հետևյալը․ գիտությունը չպիտի կենտրոնացած լինի միայն մի տեղում։ Մենք կողմ ենք Ակադեմիական քաղաքի գաղափարին, դա մեգածրագիր է, բայց մենք դեմ ենք, որ մի բան առաջ տանելու համար եղած համակարգը պետք է քանդել և սկսել զրոյից։ Պետք է վերցնել գործող համակարգի դրական բաղադրիչները և դրանց հենքի վրա մշակել/կառուցել նոր, ժամանակի պահանջներին համահունչ, կատարելագործված  կառավարման համակարգ։    *«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որի մասին մի քանի անգամ հիշատակվում է հարցազրույցում, դեռևս չի ընդունվել։ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
23:03 - 24 հունվարի, 2024
Արցախից տեղահանվածների 0.7%-ն է դիմել ՀՀ քաղաքացիության, 6%-ը մեկնել է ՀՀ–ից և չի վերադարձել

Արցախից տեղահանվածների 0.7%-ն է դիմել ՀՀ քաղաքացիության, 6%-ը մեկնել է ՀՀ–ից և չի վերադարձել

2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչ 2024 թ․ հունվարի 5-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային եւ ցամաքային անցման կետերով Հայաստանից մեկնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 հազար 618 անձ։ Այս մասին «Ինֆոքոմ»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ 2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման հետեւանքով բռնի տեղահանվել է շուրջ 115 հազար անձ։  Այսինքն՝ հիշյալ ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է բռնի տեղահանվածների 11 տոկոսը։ Ըստ ԱԱԾ-ից ստացված տվյալների՝ հիշյալ անձանցից 5473-ը նույն ժամանակահատվածում վերադարձել է Հայաստան, իսկ 7145 անձ չի վերադարձել։ Ստացվում է, որ սեպտեմբերի 19-ից մինչ հունվարի 5-ը Հայաստանից դուրս է եկել եւ չի վերադարձել ընդհանուր առմամբ Արցախից բռնի տեղահանվածների 6 տոկոսը։ Գրավոր հարցմամբ ԱԱԾ-ին խնդրել էինք հայտնել նաեւ, թե բռնի տեղահանված անձանցից քանիսին է արգելվել հատել ՀՀ պետական սահմանը եւ ինչ հիմքերով։ Այս հարցը պայմանավորված էր նրանով, որ տեղահանման օրերին ազատվել եւ Հայաստան էին տեղափոխվել Արցախի կալանավորներն ու դատապարտյալները, որոնց նկատմամբ տարբեր քրեական գործերի շրջանակում ընտրված էին կալանավորում խափանման միջոցը եւ ազատազրկում պատժի տեսակը։ Դա նշանակում է, որ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում Հայաստանից նրանց ելքի հնարավորության վրա արգելք է դրված։  ԱԱԾ-ն, սակայն, մեր այս հարցին չի պատասխանել։ Չի պատասխանել նաեւ հարցին, թե դեպի որ երկրներ են մեկնել բռնի տեղահանվածները։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում, որով սահմանվեցին նաեւ նրանց փախստականի վկայական տրամադրելու կարգն ու պայմանները։ Գրավոր հարցմամբ դիմել էինք Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ խնդրելով հայտնել, թե քանի՞ անձ է բռնի տեղահանվել, քանի՞սն է դիմել փախստականի անձը հաստատող փաստաթուղթ եւ/կամ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Հարցրել էինք նաեւ բռնի տեղահանվածների թիվը, որոնք հայաստանյան որեւէ հասցեում հաշվառվել են։  Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից հայտնել են, որ բռնի տեղահանվել է շուրջ 150 հազար անձ, հավելել են՝ առավել հստակ թիվ ասել հնարավոր չէ, քանի որ մի շարք անձինք սխալմամբ են հաշվառվել որպես բռնի տեղահանված, մի շարք անձինք էլ առ այսօր դիմումներ են ներկայացնում՝ այն մասին, որ իրենք սխալմամբ չեն հաշվառվել։ Այսինքն՝ թիվը դեռ ենթակա է փոփոխման ենթադրյալ սխալների վերահաշվարկի արդյունքում։ Հղում կատարելով Կառավարության հիշյալ որոշմանը՝ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից հիշեցրել են, որ դրանով ժամանակավոր պաշտպանության ներքո են վերցվել ԼՂ բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք, ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ում, ինչպես նաեւ այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում եւ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։ Որոշումը չի տարածվում այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ։ Ըստ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների՝ 2024 թ․ հունվարի 17-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաշվառվել է ԼՂ-ից տեղահանված 42 հազար 716 անձ կամ տեղահանվածների 37 տոկոսը, իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրել է 803 անձ կամ տեղահանվածների 0․7 տոկոսը։ Քաղաքացիության դիմումների մերժումներ չեն եղել։ Նույն օրվա դրությամբ՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական ստանալու դիմում է ներկայացրել  36 հազար 819 անձ, տպագրվել է 36 423 վկայական: Դա կազմում է տեղահանվածների 32 տոկոսը։ Մյուս՝ 396 դիմումատուների մերժման հիմքերը Ծառայությունը չի մանրամասնել, նշել է՝ փաստաթղթավորման գործընթացում յուրաքանչյուր անգամ ուսուսմնասիրվում են դիմումատուի տվյալները, համապատասխանությունը ՀՀ քաղաքացիության մասին օրենքին՝ բացառելու ՀՀ քաղաքացիության հանգամանքը, ուսումնասիրվում է նաեւ այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքը։ Հավելենք, որ Կառավարության որոշման համաձայն՝ բռնի տեղահանվածները Հայաստանից դուրս գալու եւ մուտք գործելու համար 2024 թ․ հունվարի 28-ից սկսած անձնագրից բացի պետք է ունենան նաեւ փախստականի վկայական։ Անձնագիրն ու վկայականը վավեր են համարվելու միասին գործածելու դեպքում միայն։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Գլխավոր լուսանկարը՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի, ք․ Վայք, 27․09․2023
20:56 - 24 հունվարի, 2024
«Ուղեկցողը փոխանակ աջ գնա, գնացել է ձախ»․ Քիմիկների զորամասի գործով հարցաքննություն

«Ուղեկցողը փոխանակ աջ գնա, գնացել է ձախ»․ Քիմիկների զորամասի գործով հարցաքննություն

2020 թ․ հոկտեմբերի 21-ին պայմանագրային զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանը վերջին անգամ է կապ հաստատել ընտանիքի հետ․ «Մա՛մ, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու․ կա՛մ կմնամ սենց, կա՛մ կխփեն»,– գրել է նա։ Ռուդիկը ՀՀ զինված ուժերի՝ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (այսուհետ՝ Քիմիկների զորամաս) այն զինծառայողներից է, որոնք նույն այդ օրը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի հրամանով մեկնել են Կովսական (Զանգելան) քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք՝ մարտական առաջադրանքի, սակայն անձնակազմի ուղեկցման ոչ ճիշտ կազմակերպման հետեւանքով հասել են մինչեւ քաղաքի սկզբնամաս եւ ընկել շրջափակման մեջ։ Ռուդիկ Ալեքսանյանի հայրը՝ Հրաչյա Ալեքսանյանը, այսօր ներկայացել էր դատարան՝ պատմելու որդու հետ կատարվածի իրեն հայտնի մանրամասները։  Դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, հիշեցնենք, իշխանության անգործություն ցուցաբերելու համար այս դրվագով այժմ մեղադրվում են ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն ու Քիմիկների զորամասի նախկին հրամանատար Արսեն Աբգարյանը։  Հարցաքննության սկզբում Ալեքսանյանը նշեց, որ ճանաչում է ամբաստանյալներին, նրանց հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Ըստ վկայի՝ շրջափակման մեջ մնացածներին օգնելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկվել Հրաչյա Ալեքսանյանի խոսքով՝ իր որդին ժամկետային ծառայությունն անցել է Վարդենիսի զորամասում, 44-օրյա պատերազմից երկու ամիս առաջ պայմանագրային ծառայության է ընդգրկվել Քիմիկների զորամասում։ Եղել է վարորդ, կոչումով՝ կրտսեր սերժանտ։ Պատերազմի ընթացքում հայրը որդու հետ կապի մեջ է եղել, բայց նրա մարտական ուղու մանրամասներին տեղյակ չի եղել։ Հետագայում է իմացել, որ անձնակազմը 3 ավտոբուսով շարժվել է՝ «Կիրի հանք» տեղանքում կայանելու նպատակով, սակայն սխալմամբ մտել է Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ արդեն հակառակորդն է եղել․  «Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 4-ի մոտակայքում, տղաս հաղորդագրություն է գրել, որ մարտի են բռնվել, գրած է՝ գերի, նկատի է ունեցել շրջափակում, շրջափակման մեջ եմ, էս տեղում եմ․․․ Ասում էր միայն, որ թիկունքի պետ հրամանատար Բադեյանն էլ է իրենց հետ եղել (նրա կնոջ հարցաքննությունը՝ այստեղ)․․․ Մորը գրել է, որ չի կարող դուրս գալ, դուրս գա՝ կգլխատեն․․․ Ես էլ ժամը 6-ի կողմերը հետը խոսեցի, էրեխեն մանրամասն ասեց, որ գտնվում է ղամիշների մեջ, ասել եմ՝ զգույշ եղի, հեռախոսով մի զանգի, զարյադկա պահի, ինքը ասեց, որ մենակ է, ասեց՝ մարտի ենք բռնկվել, լրիվ փախան, ինքն էլ փախել է էդ կողմ»,– պատմեց Հրաչյա Ալեքսանյանը։ Նույն օրը նա մեկնել է Կապան, փորձել գտնել պատասխանատուներին եւ կազմակերպել որդու դուրսբերումը։ Վկայի խոսքով՝ թե՛ Աբգարյանը, թե՛ Մակարյանը իրեն սին հույսեր են տվել, խոստացել, որ այսօր–վաղը մի քայլ կձեռնարկեն, սակայն ստել եւ ոչինչ այդպես էլ չեն արել․ «Լույսը որ բացվեց, Արսենին եմ տեսել, ասել էրեխուս գտնվելու վայրը, ինքն էլ ասաց, որ դեպք է եղել՝ 2 ամիս թաքնված մնացել են, նոր դուրս եկել, ասացի՝ հիմա 2 ամիս պիտի սպասե՞նք, բա տեսնենք, ինչ է հնարավոր, մի բան կանենք․․․ Ես ամիսուկեսից ավելի գտնվել եմ Կապանում, զորամասի բակում էի քնում, չեն արել ոչ մի գործողություն, տեսնենք ինչ ա–տեսնենք ինչ ա․․․ Տեսնենք ինչ ա–ն ո՞րն ա պատերազմական գործողության ժամանակ»,– վրդովվեց հայրը։ Ամբաստանյալ Արսեն Աբգարյանը Արձագանքելով վկայի այս խոսքին՝ Արսեն Աբգարյանը հարցրեց․ – Ի՞նչ եք կարծում՝ ես ինքնուրույն գործողություն կարո՞ղ էի էդտեղ պլանավորել եւ իրականացնել։ – Էդ դու մտածի, քո ղեկավարն ո՞վ է․․․ Իմ համար դու էիր ղեկավար, ես ոչ գեներալ էի լսել, ոչ ինչ–որ մեկը, ես ճշտեցի, որ էրեխեքը գտնվել են քո ենթակայության տակ, ես քեզ եմ գտել,– պատասխանեց վկան։ Նա պատմեց նաեւ, որ երբ Աբգարյանին հարցրել է, թե նա ոնց է դուրս եկել, վերջինս նախ պատասխանել  է, որ «փախուստ» հրաման է տվել, ապա ուղղել՝ ասելով՝ «նահանջ» հրաման․ «Ասում եմ՝ լավ, թող զինվորական տերմինով «նահանջ» լինի, ինչքա՞ն կարող ես նահանջ տալ՝ 1 կմ, 2 կմ, դու 20-25 կմ նահա՞նջ ես տվել, մինչեւ Կապա՞ն»։ Ալեքսանյանը կասկած հայտնեց, որ հրամանատարը զորքից շուտ է փախել, սպասել, թե ով դուրս կգա։ Արսեն Աբգարյանը խնդրեց կոնկրետ նշել, թե ով է իրեն նման բան ասել, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ ընդհանուր խոսակցություններից, իրավիճակից է այդպես եզրակացրել։ ԳՇ պետի նախկին տեղակալի մոտ վկան Աննա Հակոբյանին է հանդիպել Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանի հարցերին ի պատասխան՝ Հրաչյա Ալեքսանյանը հայտնեց, որ որդու հաղորդագրությունները նաեւ Անդրանիկ Մակարյանին է ցույց տվել։ Վերջինս, ըստ նրա, անձամբ կարդացել է, դարձյալ ասել՝ այս երկու օրը մի բան կձեռնարկենք, բայց այդպես էլ ոչինչ չի արվել․ «Նույնիսկ հարց տվեցի՝ ո՞նց է եղել, որ սկզբից դու պիտի գնայիր․․․ Ասաց՝ գնայի, գերի ընկնեի, պագոններս պոկեին, ասեին՝ հայ գեներա՞լ է գերի ընկել»։ Վկայի խոսքով՝ Մակարյանը չի հերքել այն տեղեկությունը, թե ի սկզբանե իր ղեկավարած խումբը պետք է այդ ուղղությամբ մեկներ (նրա խումբը այլ ուղղությամբ է մեկնել,–հեղ․), ծնողի հարցին ի պատասխան հետաքրքրվել է, թե նա որտեղից այդ մասին գիտի․ «Ես լսել եմ նաեւ, որ ասել են՝ թուրքը գրավել է էդ տարածքը, ո՞ւր եք մտնում, Արսենն ասել է՝ հրաման ենք ստացել»։ Հրաման տվողը, ըստ նրա, նույն Մակարյանն է եղել։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը Վկայի խոսքով՝ Անդրանիկ Մակարյանի մոտ ինքը նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին է հանդիպել․ – Ես հա դիմում էի Մակարյանին, որ ինձ ընդունի, նույնիսկ թվում էր՝ չի ընդունի, հետո Աննա Հակոբյանն եկավ, խնդրեցի իրեն, ասեցի՝ էս ձեւ վիճակ է եղել իմ էրեխու հետ կապված, ինքը կանչեց Մակարյանին, Մակարյանը դիմավորեց, հանեց վերեւ, մի 20 րոպե հետո ինձ էլ կանչեց,– պատմեց վկան։ – Աննա Հակոբյանը տեղյա՞կ էր Զանգելանի դեպքերից,– հետաքրքրվեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը։ – Դե, խոսել ենք, ես ներկայացրի հաղորդագրությունը, իրավիճակն էլ բացատրի Աննա Հակոբյանին էլ, Մակարյանին էլ։ – Եվ ի՞նչ ասաց վարչապետի տիկինը։ – Մակարյանը ասեց՝ էս երկու օրը ինչ–որ գործողություն պիտի կատարենք, ու մինչ օրս կատարում են։ Ալեքսանյանի խոսքով՝ Մակարյանի հետ մեկ անգամ էլ Նախարարությունում է հանդիպել, որտեղ նա ծնողներին հայտնել է, թե վրիպակ է եղել․ – Ի՞նչ վրիպակ,– հարցրեց մեղադրող դատախազը։ – Գործողության վրիպակ, բայց ի՞նչ վրիպակ, եթե դու պատերազմ ես գնում, զորք ես տանում․․․ – Չպարզաբանե՞ց։ – Ասաց՝ ուղեկցողը փոխանակ աջ գնա, ձախ է գնացել,– հայտնեց դահլիճում գտնվող ծնողներից մեկը։ Տուժողի իրավահաջորդներից Հայկ Եղիազարյանն էլ ակնարկեց, որ հանդիպման ժամանակ Մակարյանը հենց ուղեկցողին է մեղադրել կատարվածի համար, սակայն մինչ օրս որեւէ քայլ այդ ուղղությամբ չի արվել։ Ինքը՝ վկան, մեղավոր համարեց թե՛ Աբգարյանին, թե՛ Մակարյանին․ «Երկուսն էլ ստեցին, ամիսներով պահեցին, ես չտեսա որեւէ գործողություն»,–ասաց նա։ Հրապարակվեց մահացած վկայի նախաքննական ցուցմունքը Այսօրվա դատական նիստին հրապարակեց նաեւ ժամկետային զինծառայող Սամվել Փիրոյանի հոր՝ Անդրանիկ Փիրոյանի նախաքննական ցուցմունքը։ Վերջինս ամիսներ առաջ մահացել է։ Նախաքննական ցուցմունքում Փիրոյանը պատմել է՝ իր որդին, որ ծառայում էր Քիմիկների զորամասում, 2020 թ․ հոկտեմբերի 8-ին տեղափոխվել է իր մշտական տեղակայման վայրից, հոր հետ կապի մեջ եղել մինչ հոկտեմբերի 20-ը։ Վերջին անգամ հեռախոսազրույցի ընթացքում որդին հայտնել է, որ Կապանում են, ամեն ինչ նորմալ է, եւ որեւէ խնդիր չկա։ Դրանից հետո, երբ որդին անհասանելի է դարձել, հայրը սկսել է հետաքրքրվել, լուր ստացել, որ որդին եւ նրա խումբը Կապանից մեկնել են Կովսականի ուղղությամբ՝ մարտական առաջադրանքի, սակայն 62-հոգանոց խմբից 40-ը չեն վերադարձել։ Ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Գոռ Սլոյանը, Անդրանիկ Մակարյանը Սամվել Փիրոյանը ավագ որդու հետ մեկնել է Կապան, որտեղ հանդիպել է Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին․ «Արսեն Աբգարյանը մեր հարցերին պատասխանեց, որ ընկել են ծուղակ, իրենք, բոյ տալով, մի կերպ փախել են մի քանի հոգով, իսկ մնացածից տեղեկություն չունեն»,– ցուցմունքն ընթերցեց մեղադրող դատախազը։ Փիրոյանը պատմել է նաեւ, որ հետագայում թշնամին վիդեոնյութեր է հրապարակել, որոնցից պարզորոշ երեւացել են հայկական զինված ուժերի՝ տասնյակից ավելի ծնկած զինծառայողներ։ Նրանց մեջ հայրը ճանաչել է որդուն եւ հասկացել, որ նա այլ զինծառայողների հետ գերի է ընկել։ Դրանից հետո, սակայն, որեւէ այլ տեղեկություն չեն կարողացել ստանալ, ԴՆԹ համընկնում եւս չի եղել։ «Տեղեկացնեմ նաեւ, որ երբ գտվում էինք Կապանում, զորամասի հրամանատարի հետ եկավ մի անծանոթ տղա՝ զինվորական համազգեստով, ասաց, որ ինքը Ռազմական ոստիկանության աշխատակից է, ասաց, որ իրենց հոկտեմբերի 19-ին  գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը  հանձնարարել է գնալ  Զանգելանի ուղղությամբ՝ ինչ–որ մոստ պայթեցնելու, որից հետո ինքը մոտ 10 հոգով նույն օրը մեկնել է՝ խնդիրը կատարելու, եւ երբ հասել է Զանգելան, ձայներ է լսել ու բարձունքի վրա նկատել է, որ թշնամին արդեն Զանգելանի ներսում է՝ լիքը տեխնիկայով ու զինվորներով, որը նկարահանել է ու զանգելով Անդրանիկ Մակարյանին՝ հայտնել, որ նշված պատճառով հրաժարվում է առաջադրանքը կատարել, նույնիսկ ասել, որ այդ վիդեոն ցույց է տվել Անդրանիկ Մակարյանին, որպեսզի վերջինս հասկանա, թե ինչու է հրաժարվում այդ հրամանը կատարելուց, այսինքն՝ սա ասում եմ նրա համար, որ Անդրանիկ Մակարյանը երկու օր առաջ գիտեր, որ Զանգելանում թշնամին մեծ ուժեր է կուտակել եւ իմանալով այդ մասին՝ չկազմակերպեց այնպես, որ հնարարվոր լիներ այդ ամենից խուսափել»,– 2021 թ․ հունիսի 8-ի հարցաքննության ժամանակ պատմել է Սամվել Փիրոյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 26-ին։   Գլխավոր լուսանկարում՝ վկա Հրաչյա Ալեքսանյանը, նախագահող դատավոր Սարգիս ԴադոյանըՄիլենա Խաչիկյան
21:44 - 22 հունվարի, 2024
«Մենք բարձրացել ենք սար, Վահանյանը մնացել է թիկունքում»․ Խուռհատ սարի գործով վկայի հարցաքննությունը

«Մենք բարձրացել ենք սար, Վահանյանը մնացել է թիկունքում»․ Խուռհատ սարի գործով վկայի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Գասպարյանը 3 ամսվա զինծառայող էր, երբ գումարտակի կազմով մարտական առաջադրանք էր ստացել՝ մեկնելու Հադրութին հարակից Խուռհատ սար՝ պաշտպանության։ Այսօր՝ ավելի քան 3 տարի անց, նա դատարանում ներկայացնում էր սարում տեղի ունեցած դեպքերը։ Գասպարյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի դիպուկահարների դասակից էր։ Այն նույն գումարտակի, որի հրամանատար Իշխան Վահանյանն այժմ մեղադրվում է վիրավորման պատրվակով մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա կալանավորված է։ Հարցաքննության սկզբում Ալբերտն ասաց, որ ծառայությունից ճանաչում է Վահանյանին, նրա հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Դատավոր Ջոն Հայրապետյանի հարցին, թե ինչու ինքնակամ չէր ներկայանում դատարան, վկան պատասխանեց, որ չէր հարմարեցնում․ –Չէ՞ որ Ձեզ էլ է վերաբերում այս գործը, Ձեր համածառայակիցներին․․․ Դուք էլ պետք է շահագրգռված լինեք, դա քաղաքացիական պարտք է,– նշեց դատավորը։ Ըստ վկայի՝ զորքը բարձրացել է սարը, Վահանյանը մնացել է դրա ներքեւում Պատասխանելով հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցերին՝ վկա Ալբերտ Գասպարյանը պատմեց, որ պատերազմի սկզբում եղել են Ջրականի դիրքերում, այնտեղ մնացել մի քանի օր։ Եղել է հրամանատարական դիտակետ, որից ինքը գտնվել է մոտ 20 մետր հեռավորության վրա։ Վահանյանին, որն այդ ժամանակ դեռ իրենց շտաբի պետն էր, տեսել է, բայց նրա հետ որեւէ առնչություն չի ունեցել։ Այդ օրերին տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ զոհվել է գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Սամվել Սահակյանը։ Որեւէ այլ սպայի, այդ թվում՝ Վահանյանի վիրավորման մասին վկան չի լսել։  Դրանից օրեր անց նահանջել են Հադրութ, մեկ օր մնացել Հադրութի զորամասում, ապա տեղափոխվել դպրոց։ Դպրոցում եւս, ըստ վկայի, Վահանյանը առաջին հայացքից վիրավորում ստացածի տպավորություն չի թողել։ – Ինչպե՞ս կբնութագրես Վահանյանին,– հարցրեց մեղադրողը։ – Նորմալ,– պատասխանեց վկան։ – Նորմալ հասկացություն ծառայության մեջ չկա, կա պատասխանատու, կա քաջ,–  արձագանքեց դատավորը։ – Քաջը քաջ չէր․․․ –Նրա հրամանները կատարո՞ւմ էիք։ – Մինչեւ սար բարձրանալը կատարում էինք։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Խոսելով Խուռհատ սարում տեղի ունեցածի մասին՝ վկան պատմեց, որ ինքը տեղակայվել է վիշկայից մոտ 10 մետր վերեւ, իսկ Վահանյանը գտնվել է ներքեւում՝ դեպի սար բարձրացող արահետի սկզբում, որտեղ նաեւ մեքենաներն էին։  Երբ հարձակումը սկսել է, ողջ ընթացքում որեւէ հրաման, այդ թվում՝ Վահանյանից չի լսել։ Նրան հանդիպել է, երբ վիրավորներին սարից իջեցնելիս է եղել․ «Վիրավոր կար, իջեցնում էինք, որ դնեինք մեքենան, տանեին, էդ ժամանակ տեսել եմ Վահանյանին, ավտոմեքենաներից մի քիչ առաջ․․․ Կանգնած էր, ռացիայով խոսում էր, բայց չեմ լսել, ուշադրություն չեմ դարձրել՝ ինչ էր անում․․․ Արտառոց վարքագիծ չեմ նկատել,  նորմալ էր»,– պատմեց վկան՝ նշելով, որ այլեւս սար չի բարձրացել, որովհետեւ զորքը արդեն նահանջելիս է եղել․ «Վահանյանին տեսանք ՈՒՌԱԼ–ի մեջ նստած, ինքը գնաց, մենք մնացինք մինամյոտի պետի (Հովհաննես Մուրադյան) եւ կապի պետի (Արսեն Ղարիբյան) հետ»,– ասաց վկան։ Վկան չմտաբերեց, թե ներքերում որեւէ մեկը բեկորային վնասվածք ստացած լինի․ ասաց՝ այդ ուղղությամբ կրակում էին, բայց պայթյուններ չեն եղել։ Նշենք, որ Վահանյանը, ըստ բժշկական տեղեկանքների, բեկորային վնասվածք է ունեցել, սակայն դատարանում հարցաքննված անձինք բացառել են այդտեղ բեկորային վնասվածք ստանալու հավանականությունը, ենթադրել, որ Վահանյանն իր ավելի վաղ ստացած վիրավորման պատրվակով է թողել գումարտակին։ – Վահանյանի մեքենա նստելը տեսե՞լ եք։ – Չէ։ – Ի՞նքն էր վարում։ – Չէ, ուրիշ մարդ էր վարում, ինքը կողքը նստած էր, բայց մեր գումարտակի մեքենաներ չէին։ – Իսկ իմացա՞ք՝ ինչի է նստել, չփորձեցի՞ք դուք էլ հետը գնաք։ – Էդ ժամանակ էլ հետաքրքիր չէր, մեր գումարտակի հրամանատարն էր, մեքենայով գնացել է, մենք ոտքով չէինք կարող իր հետեւից գնալ, կամ նստեինք էդ մեքենան։ – Փորձեիք կանգնեցնել մեքենան․․․ – Էդ ժամանակ խառն էր իրավիճակը, ո՞վ կմտածեր կանգնեցնել մեքենան։ Ըստ վկայի՝ զորքի ղեկավարումը որեւէ մեկը չի ստանձնել Վահանյանի հեռանալուց հետո պարտականությունների կամ կապի միջոցի փոխացում, ըստ վկայի չի եղել։ Կոնկրետ որեւէ մեկը չի ստանձնել զորքի ղեկավարումը, իրենց ուղղորդել են կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն ու ականանետային մարտկոցի հրամանատար Արսեն Ղարիբյանը։ Նահանջի ժամանակ, երբ հակառակորդը դարձյալ կրակ է արձակել զորքի ուղղությամբ, իրենք բաժանվել են․ Ալբերտը մնացել է Հովհաննես Մուրադյանի 100-հոգանոց խմբի հետ։  Մուրադյանի գլխավորությամբ շարժվել են մի գյուղի ուղղությամբ, որի անունը վկան չմտաբերեց։ Այդտեղ դարձյալ հարձակման են ենթարկվել։ Հովհաննես Մուրադյանը զոհվել է, ինքը՝ ձեռքից վիրավորվել․  «Մենք մտել էինք կիրճը, մեր կեսը դեռ չէր հասել, հարձակումը որ սկսվեց, կեսը հետ գնացին, մենք դիմակայելով իջանք ներքեւ, Մուրադյանը էդտեղ զոհվեց նռնակի եւ դիպուկահարի հարվածից, վիրավորներ կային, գրադ բացեցինք իրենց ուղղությամբ, որ վիրավորներին հանեինք, գնացինք էդ գյուղ, մի տան պադվալ մտանք»։ Ամբաստանյալ Իշխան Վահանյանը Ալբերտի խոսքով՝ տանը մնացել են մեկ օր, առավոտյան 10-ից ավելի հոգով դուրս են եկել․ վիրավորներից երկուսը այդտեղ զոհվել են (մեկը եղել է Տիգրան Ագանեսյանը, մյուսին վկան չէր ճանաչում), հադրութեցի ծառայակցի հուշումով շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ։ Ճանապարհին հանդիպել են 3 պայմանագրայինի, նրանց հետ միասին քայլել, 2-3 ժամ անց հանդիպել «Դուց»–ի զորքին․ ««Դուց»–ի զորքը փրոձել է կապի դուրս գալ մեր հրամանատարների հետ, կապ չլինելու պատճառով մեզ հետ են բերել, իրենք գալիս էին Հայաստան»։ Ըստ վկայի՝ իրենք չեն իմացել, որ գյուղի այլ տներում նույնպես թաքնված զինծառայողներ կային։ Խնձորեսկի զորամասում վկան վիրակապվել է, ապա՝ տեղափոխվել Սիսիանի հոսպիտալ, որտեղ էլ հանդիպել է Վահանյանին։ Նկատել է, որ նա ոտքից կաղում է, սակայն այդ թեմայով զրույց, ըստ նրա, չի եղել։ Մեկշաբաթյա մայրական խնամքից հետո վկան վերադարձել է ռազմի դաշտ։ Երկու օր անց պատերազմն ավարտվել է։ Վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային Հարցաքննության ավարտին հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից որոշ հատվածներ, որոնք էական հակասություններ ունեին դատաքննական ցուցմունքի հետ։ Մեղադրողը նշեց, որ վկան հարցաքննվել է 2021 թ․ փետրվար ամսին, պատմել, որ 30 զինծառայողների հետ միասին, կատարելով Վահանյանի հրամանը, բարձրացել է սար, սակայն Վահանյանը մնացել է թիկունքում, որտեղից վերեւ բարձրանալու հրամաններ է տվել։ Վերջինիս թիկունքում մնալը վկան այդ ժամանակ պայմանավորել է նրանով, որ  նա չի ցանկացել առավել վտանգավոր վայր անձամբ բարձրանալ եւ ցանկացել է իրենց ուղարկել։ Դատարանում, սակայն, նա ասաց, թե իր կարծիքով՝ նա մնում էր ներքեւում, որպեսզի կարողանար զորքի հրամանատարությունը իրականացնել։ «Բաներ կան, որ հիմա չեմ հիշում, որովհետեւ շատ ժամանակ է անցել, բայց համապատասխանում է իրականությանը»,- ասաց նա։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Մյուս հակասությունը վերաբերում էր Վահանյանի մեքենան կանգնեցնելու դրվագին։ Նախաքննության ժամանակ վկան պատմել էր, որ մեքենայի շարժվելուց հետո 3 զինծառայող փորձել են այն կանգնեցնել այն, նստել, ինչը, սակայն, դատարանում չնշեց։ Մեքենան, նրա խոսքով, չի կանգնել։ Ցուցմունքի հրապարակումից հետո վկան վերհիշեց, ասաց՝ եղել է նման բան։ Նախաքննական ցուցմունքում վկան ասել էր նաեւ, որ տեսել է Վահանյանի մեքենա նստելը․ «Գտնվել եմ Վահանյանից մոտ 10 մետր հեռավորության վրա, այդ ընթացքում տեսել եմ, որ Վահանյանը միայնակ նստել է ճանապարհի մոտ կայանված մեքենայի ղեկին, ապա գործի դրել շարժիչը եւ միայնակ հեռացել՝ մեզ թողնելով մարտական գործողությունների վայրում»,– ընթերցեց մեղադրողը։ Ցուցմունքի այս դրվագը, սակայն, Ալբերտ Գասպարյանը չպնդեց․ «Ես չեմ հիշում, որ տենց բան ասած լինեմ, ես իրեն տեսել եմ մեքենայի աջ կողմը նստած, վարորդը վարում էր, ինքն էլ կողքին նստած էր»,– ասաց վկան՝ նշելով, որ չի կարող պարզաբանել այդ հակասությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 30-ին։   Միլենա Խաչիկյան
23:09 - 19 հունվարի, 2024