Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Հայրապետական մաղթանք Գանձասարի վանքում՝ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ

Հայրապետական մաղթանք Գանձասարի վանքում՝ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ

Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ուղեկցությամբ հոգևոր դասի այցելեց Գանձասարի վանք։ Վանքի առջև Հայոց Հովվապետին դիմավորեցին վանահայր Տ․ Սահակ վարդապետ Շաքարյանը, զինվորականներ և հարակից համայնքների բնակիչներ։ «Հրաշափառի» արարողությամբ եկեղեցականաց թափորը Նորին Սրբությանն առաջնորդեց Ս․ Հովհաննես Մկրտչի մասունքներն ամփոփող պատմական տաճար, ուր, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք։ Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսության հայցով ներկա բարեպաշտ ժողովուրդը Հայոց Հայրապետի հետ միասին աղոթեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների խաղաղության  և արցախահայության ու համայն մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ ու համերաշխ կյանքի համար։ Արարողության ավարտին Վեհափառն իր պատգամը բերեց ներկաներին՝ ամենքին փոխանցելով օրհնությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ողջույններն ու բարի մաղթանքները աշխարհասփյուռ մեր ժողովրդի։ «Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մարդկության փրկության համար մատնվեց չարչարանքների, նեղությունների ու մահվան։ Արցախյան գոյամարտերում մեր զավակները Քրիստոսանմանությամբ նահատակվեցին՝ վասն հայրենյաց ընծայաբերելով իրենց կյանքը։ Մենք անցանք պատերազմի բովով, նեղությունների միջով։ Բայց Փրկիչ մեր Տերը մեզ պարգևել է հարության շնորհը, որով պատմության բոլոր արհավիրքներից հառնել է մեր ժողովուրդը և վերընձյուղել իր նոր կյանքը։ Մենք հավատում ենք, որ Տերը փորձությունների մեջ մեզ հետ է, և չարի հարվածները չեն կարողանալու խորտակել մեր հույսն ու կամքը, ապրելու ու հարատևելու մեր զորությունը, մեր պետականությունը՝ կերտված մեր ժողովրդի զավակների կյանքի թանկ գնով։ Սիրելի արցախցի զավակներ Մեր, քաջալեր ենք ձեզանով, որ հակառակ ամեն դժվարության ու նեղության՝ ամուր կանգնած եք հարազատ հողին և անսասան հավատով ու հույսով կերտում եք ձեր նոր կյանքը։ Պողոս առաքյալն ասում է, որ տկարության մեջ ավելանում է երկնային շնորհը հարվածներին դիմակայելու, փորձությունները հաղթահարելու (հմմտ. Բ. Կորնթ. 12.9, 10)։ Այս փորձությունը ևս, հավատում ենք, հաղթահարելու ենք համազգային միասնականությամբ ու համատեղ ջանքերով։ Անարդարությունները, մեր ազգի դեմ ցեղասպան նոր գործողությունները, մեր սրբությունների, վանքերի ու եկեղեցիների հանդեպ ոտնձգություններն ու ավերումները մենք աներեր կամքով ու միաբանությամբ պիտի վերածենք ազգային վերազարթոնքի ու հզորության՝ ապահովելով Արցախի անկասելի առաջընթացը», - ասաց Վեհափառ Հայրապետը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց նաև Հայոց Եկեղեցու կողմից Արցախին ու ժողովրդին ցուցաբերվող մշտական զորակցության, վերջին պատերազմի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և տարբեր թեմերից հոգևորականների և գնդերեցների կարևոր առաքելության մասին՝ նշելով նաև, որ այսօր դժվարին պայմաններում Արցախի թեմը շարունակում է իր հոգևոր խնամքը ծանր ժամանակներ ու մարտահրավերներ դիմագրավող արցախահայությանը։ Խոսքն ուղղելով Արցախի հավատավոր ժողովրդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց տոկուն մնալ, ամուր պահել հավատքը, կապված լինել հողին ու ջրին՝ նոր կյանք բխեցնելու հայրենի երկրում, այն շենացնելու և իրենց գործերով հզոր ու բարօր դարձնելու։ «Ամուր պահեցեք ձեզանում գիտակցությունն ու հիշողությունը, որ առ Աստված ապավինությամբ մենք հառնել ենք մեր պատմության գողգոթաներից և այս պատերազմի պատուհասներից էլ պիտի վեր բարձրանանք դեպի մեր կյանքի լուսավոր նոր հորիզոնները։ Այս է պատգամը մեր նահատակ հերոսների, ովքեր իրենց կյանքը տվեցին՝ ի սեր հայրենիքի ու ազգի», - շեշտեց Նորին Սրբությունը՝ աղոթելով, որ Բարձրյալ Տերն իր օրհնությունն ու Սուրբ Աջի պահպանությունը միշտ հովանի դարձնի ազգային ու հայրենական մեր կյանքին և պարգևի հոգու ամրություն ու զորություն դիմակայելու մեր առջև հառնած մարտահրավերները։ Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստծո խնամքի մեջ արգասավորվի ազգային միաբանությունը հայրենիքում ու սփյուռքում՝ միասնական ջանքեր բերելու մեր կյանքի նորոգման, մեր իրավունքների պաշտպանության առաքելության մեջ։ Վերջում Գանձասարի վանքի բակում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց այս առիթով վանք այցելած ամեն հայորդուն։
11:11 - 06 հունիսի, 2021
Արցախի նախագահն ընդունել է Գարեգին Երկրորդին, քննարկվել են հետպատերազմյան փուլում առաջացած հիմնախնդիրները

Արցախի նախագահն ընդունել է Գարեգին Երկրորդին, քննարկվել են հետպատերազմյան փուլում առաջացած հիմնախնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին ընդունել է հայրապետական այցով Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Ողջունելով Վեհափառ Հայրապետի այցն Արցախ՝ երկրի ղեկավարն իր խոսքում մասնավորապես ընդգծել է դրա կարևորությունը հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում: «Համոզված եմ՝ արցախահայությունն ունի Ձեր հայրապետական խոսքի ու ներկայության կարիքը: Եվ այն հոգևոր աջակցությունը, որն այս օրերին, Ձեր այցով պայմանավորված, ստանալու է Արցախի ժողովուրդը, մեծապես օգնելու է հաղթահարելու ստեղծված ծանր իրավիճակը»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը: Վեհափառ Հայրապետը նշել է, որ Արցախում գտնվելն իր համար հոգևոր մխիթարություն է և հնարավորություն՝ հավատավոր ժողովրդի հետ աղոթքի կանգնելու և Ավետարանի խոսքով նրան աջակցելու: «Վստահ եմ՝ Աստծո օգնությամբ և համազգային ջանքերով Արցախի մեր ժողովուրդը կկարողանա դուրս գալ այս դժվարին իրավիճակից: Բազում մարտահրավերներ են ծառացած մեր առջև: Դրանց հաղթահարման համար Հայ Առաքելական եկեղեցին շարունակելու է իր զորակցությունը բերել Արցախի մեր զավակներին»,- ասել է Կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավորությունները: Հանրապետության նախագահը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել հետպատերազմյան ժամանակաշրջանում առաջացած հիմնախնդիրները, դրանց լուծման գործում միասնական ջանքերի կարևորությունը: Այնուհետև նախագահ Հարությունյանն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ այցելել է Պաշտպանության բանակի N զորամաս, որտեղ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական բարեմաղթանքներն է հղել սպայական կազմին և զինվորներին։ Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ Եկեղեցին մշտապես զորավիգ է եղել ու կլինի Հայոց Բանակին՝ հավելելով, որ անգամ պատերազմի ամենածանր պահերին եկեղեցականները և գնդերեցները հայ զինվորի կողքին են եղել: Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է նաև Գանձասարի վանական համալիր և այնտեղից Հայրապետական մաղթանք հղել:
18:14 - 05 հունիսի, 2021
Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրի մոտ դիմավորել է հայրապետական այցով Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակությանը: Երկրի ղեկավարը, Վեհափառ Հայրապետը և Կաթողիկոսի հետ Արցախ ժամանած ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ծաղկեպսակներ են դրել քաղաքային հուշահամալիրում: Այնուհետև, Գարեգին Բ-ի գլխավորությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ հայրենիքի համար նահատակվածների: Նրանք այցելել են նաև զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար զոհվածների շիրիմներին: Այցի ընթացքում Կաթողիկոսը կլինի նաև Ամարաս և Գանձասար վանական համալիրներում, իսկ կիրակի առավոտյան Սուրբ պատարագ կմատուցի Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում: Նախատեսված է պաշտոնական հանդիպում նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:Այցի մասին տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
15:12 - 04 հունիսի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Սյունիք և Արցախի Հանրապետություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Սյունիք և Արցախի Հանրապետություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 3-ին հայրապետական քառօրյա այցով մեկնել է Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն։ Ինչպես տեղեկացանք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում են հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Վեհափառ Հայրապետի հետ Արցախ մեկնեց նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությանը Գորիսի «Զանգեր» հուշարձանի մոտ դիմավորեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանը թեմի հոգևոր դասի հետ միասին, Գորիսի համայնքապետ Առուշան Առուշանյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, զինվորականներ և Գորիսի համայնքայիններ։ Ավանդական աղուհացի արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին և հավաքված ժողովրդին։ Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀԲԸՄ նախագահի և հոգևոր դասի հետ միասին մեկնեց Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ Հայոց Հայրապետին դիմավորեցին Գորիսի բնակիչներ և զինվորներ։ «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով հավատավոր ժողովրդին, մուտք գործեց տաճար, ուր սաղմոսերգությունից և աղոթքից հետո կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի և Արցախի անսասանության, Սյունյաց աշխարհի և նրա ժողովրդի անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար։ Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկա ժողովրդին։ «Սիրելի սյունեցի հավատավոր զավակներ Մեր, այցելել ենք ձեզ հետպատերազմյան դժվարին իրավիճակի, դառը հարվածների և նեղությունների դիմագրավման այս ժամանակահատվածում։ Եկել ենք ի մոտո հաղորդ լինելու ձեր մտահոգություններին ու խնդիրներին, նաև Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունը վերստին բերելու ձեզ։ ․․․Մենք քաջատեղյակ ենք ազգային-հայրենական մեր կյանքի այս վճռորոշ շրջանում ձեզ պատած դժվարությունների, ձեր առջև ծառացած մարտահրավերների մասին։ Արցախյան վերջին պատերազմում մեր թանկագին զավակները նահատակվեցին, ունեցանք վիրավորներ, անհայտ կորածներ, գերեվարվածներ, տասնյակ հազարավոր տեղահանված խաղաղ բնակիչներ։ Տարածքային կորուստների պատճառով նաև Սյունյաց աշխարհի բնակավայրեր սահմանամերձ դարձան Ադրբեջանի հետ՝ դրանից բխող խիստ մտահոգիչ հետևանքներով։ Ադրբեջանը սանձարձակ ոտնձգություններ է կատարում նաև Հայաստանի սահմանների նկատմամբ, մասնավորապես Սյունիքի, Գեղարքունիքի գյուղական որոշ համայնքների տարածքների հանդեպ», - ասաց Հայրապետը։ «Սիրելիներ, խռովքի մեջ է ամենքիս հոգին, խռովքի մեջ է համայն հայությունը։ Սյունյաց աշխարհի Մեր զավակներիդ ստեղծագործ ու խաղաղ կյանքի բնականոն ընթացքն է խաթարված, ավելին՝ ապահովության ու անվտանգության լրջագույն խնդիրն է հառնած։ Սակայն Մենք գիտենք, որ ձեր ոգին անկոտրում է, ձեր հարազատ հողին կապվածությունը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը ամուր են ձեր սրտերում ու հոգիներում։ Դուք ձեր պապերից ու հայրերից ժառանգել եք քաջություն ու կորով՝ օրհասական հանգամանքներում ձեր հայրենի տունն ու օջախը պաշտպանելու, անսասան լինելու հայրենյաց պաշտպանության դիրքերում և արիաբար կանգուն մնալու հարազատ հողին։ Այս փորձությունը ևս, քաջարի սյունեցիներ, ազգովի կհաղթահարենք՝ միայն թե, մեր հերոս նախնիների ոգեշունչ պատգամի համաձայն, մեր արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք, ամուր պահենք մեր նվիրումը հայրենիքին ու մեր սրբազան արժեքներին։ Հաստատուն մնանք հավատի մեջ, անկոտրում՝ նեղությունների ու դժվարությունների առջև։ Ամուր պահենք միմյանց հանդեպ քրիստոսապատվեր սերն ու հզոր միասնությունը, որի առջև նահանջում են փորձությունները և զորանում ու ամրապնդվում է լավատեսության ոգին», - ասաց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ Հայոց Եկեղեցին և եկեղեցականները հանապազօրյա իրենց աղոթքով ու ծառայությամբ սյունեցիների կողքին են՝ Աստծո խոսքով զորացնելու, դժվարությունների ու փորձությունների մեջ Տիրոջ օգնության խոստումը փոխանցելու, նրանց խիզախությունն ամուր պահելու։ Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ Հայոց Եկեղեցին թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ հետպատերազմյան օրերին իր ձայնն է բարձրացրել միջազգային, միջեկեղեցական, միջկրոնական ատյաններում Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող ոտնձգությունները խստորեն դատապարտելու կոչով, գերիների ազատ արձակման համար հրատապ աշխատանքներ իրականացնելու հորդորով և ի պաշտպանություն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի արդար իրավունքի։ Այցի առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Սյունիքի մարզային իշխանություններին, համայնքապետերին, որոնք և այսօր, ինչպես պատերազմական դժվարին օրերին, համայնքների բնակիչների հետ ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Հայրապետական գնահատանք և օրհնություն փոխանցվեց նաև Սյունյաց թեմի հոգևոր սպասավորներին՝ առաջնորդական տեղապահի գլխավորությամբ, հավատավոր մեր ժողովրդի հավատն ու ոգին ամուր պահելու, Աստծո խոսքով հավատավոր իրենց հոտին զորացնելու ու մխիթարելու, սահմանամերձ դարձած բնակավայրերում արիասիրտ ծառայությունը շարունակելու համար։ Վերջում Հայոց Հայրապետը հայցեց, որ Բարձրյալ Տերը օգնական ու զորակից լինի ամենքին՝ մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում ճշմարտությունը ճանաչելի դարձնելու և արդարության հասնելու ջանքերը արդյունավորելու։ Նորին Սրբությունը նաև աղոթեց, որ Աստված խաղաղ ու անվրդով պահի հայրենի մեր երկիրը, և Տիրոջ պահապան Սուրբ Աջի առջև նահանջեն բոլոր չարիքներն ու փորձանքները մեր կյանքից։ Արարողությունից հետո հայրապետական պատվիրակությունը համայնքապետերի ուղեկցությամբ այցելեց Գորիսի զինվորական պանթեոն, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ծաղկեպսակներ զետեղեցին անմար կրակի և հիշատակի խաչքարի առջև, ապա Արցախյան երկրորդ պատերազմում զոհված քաջորդիների շիրիմների առջև Նորին Սրբության գլխավորությամբ հոգևոր դասը աղոթեց նրանց հոգիների հանգստության համար։ Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակությամբ այցելեց Շուռնուխի սահմանամերձ համայնք, ուր Հայոց Հայրապետին դիմավորեցին համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը և համայնքի բնակիչները։ Փոխանցելով ժողովրդին իր հայրական սերն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը՝ Նորին Սրբությունն իր զորակցությունը բերեց շուռնուխցիներին։ Վեհափառը նշեց, որ սյունեցիները ազգային-ազատագրական պայքարում իրենց աննկուն ու անպարտ ոգու շնորհիվ դարերի մեջ քաջերի համբավ են վաստակել և մեր օրերում ևս սահմանին սյունյաց քաջերի ինքնակազմակերպված խմբերի դրսևորած արիությունն ու հայրենի հողը պաշտպանելու հարցում սկզբունքայնությունը ևս այդ ոգու անուրանալի արտահայտությունն են։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը բնակիչների հետ զրուցեցին տիրող անհանգստությունների ու առկա խնդիրների, կյանքի բնականոն ընթացքի խաթարման և վտանգների մասին։ Իր զրույցում Նորին Սրբությունը հավաստիացրեց, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի ջանքեր գործադրել բարձրաձայնելու սահմանամերձ համայնքներում բնակվող մեր ժողովրդի խնդիրները և հետամուտ լինելու իրավունքների պաշտպանությանը, ապա հորդորեց նախնյաց օրինակով ամուր և աննահանջ մնալ իրենց հավատի և հույսի մեջ՝ կառչած հարենի հողին, իրենց օջախներին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց նաև շուռնուխցիների տներ, զրուցեց ընտանիքների հետ, ծանոթացավ առկա դժվարություններին։ Նորին Սրբությունը նաև իր օրհնություններն ու բարեմաղթանքները բերեց շուռնուխցի նորապսակ մի զույգի, որ տեղեկանալով Հայոց Հայրապետի այցի մասին, մասնավոր ցանկություն էր հայտնել արժանանալու հայրապետական օրհնության։ Վերադարձին Ամենայն Հայոց Կաթողիկոսը զրույց ունեցավ համայնքապետերի հետ, որոնց թվում էր նաև Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Երեկոյան Հայոց Հովվապետը հանդիպում ունեցավ Սյունյաց թեմի հոգևոր դասի հետ՝ եկեղեցականներին վերստին բերելով իր հայրական օրհնությունն ու գնահատանքը իրենց նվիրյալ ծառայության համար։ Հանդիպմանը քննարկվեցին հետպատերազմյան շրջանում՝ առկա դժվարին իրավիճակում, Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի, իրականացվող սոցիալական, հոգեխնամ ծրագրերին։ Նորին Սրբությունը թեմի հոգևոր սպասավորների ուշադրությունը մասնավորապես հրավիրեց զոհվածների, անհայտ կորածների և գերության մեջ գտնվողների ընտանիքներին, վիրավորներին և նրանց հոգևոր խնամքին»։
22:20 - 03 հունիսի, 2021
Դժվարին ժամանակներ ենք ապրում. Կաթողիկոսը կոչ արեց միասնաբար վանել պետականությանը սպառնացող բոլոր վտանգները |armenpress.am|

Դժվարին ժամանակներ ենք ապրում. Կաթողիկոսը կոչ արեց միասնաբար վանել պետականությանը սպառնացող բոլոր վտանգները |armenpress.am|

armenpress.am: Հայ ազգի յուրաքանչյուր զավակ պետք է լինի հայրենիքի նվիրյալ խենթը, միասնական ջանքերով պետք է երկրի սահմաններից հեռու վանել բոլոր վտանգներն ու փորձությունները, որոնք սպառնում են հայկական ինքնությանն ու պետականությանը: Այս մասին Սարդարապատում՝ լրագրողների հետ զրույցում մայիսի 28-ին հայտարարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Ամեն տարի Հանրապետության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ գալիս ենք նվիրական այս վայրը՝ Սարդարապատի հուշահամալիր, մեր աղոթքն առ Աստված բարձրացնելու, մեր հայրենիքի և մեր ժողովրդի ապահով, խաղաղ և անվտանգ կյանքի համար»,- նշեց նա: Կաթողիկոսն ասաց, որ այսօր ևս աղոթք են բարձրացրել՝ խնդրելով, որ Տիրոջ օրհնությունը հովանի լինի ազգի, հայրենիքի վրա, պահի, պաշտպանի ժողովրդին բոլոր փորձություններից: «Դժվարին ժամանակներ ենք ապրում: Մեր մաղթանքն է, որ մեր ժողովուրդն իր կյանքն ապրի Սարդարապատի խորհրդին ունկնդիր, ոգեշնչվի, քաջալերվի Սարդարապատի խորհրդով: Այսօրվա մեր պատգամն է, որ ազգի յուրաքանչյուր զավակ լինի հայրենիքի նվիրյալ խենթը և հայրենիքի սիրով միաբանված մեկ կամք, մեկ բռունցք դարձած՝ լծվենք մեր հայրենիքի զորության կերտմանը, մեր ժողովրդի բարօր կյանքի կերտմանը»,- հայտարարեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ չցանկանալով պատասխանել օրվա խորհրդից դուրս քաղաքական հարցերի:
15:19 - 28 մայիսի, 2021
Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև՝ ի գին ամեն զոհողության շենացնելու մեր երկիրը. Գարեգին Բ-ի ուղերձը

Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև՝ ի գին ամեն զոհողության շենացնելու մեր երկիրը. Գարեգին Բ-ի ուղերձը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ուղերձ է հղել Հաղթանակի և Խաղաղության տոնի կապակցությամբ: Վեհափառի ուղերձում, մասնավորապես, ասված է.«Սիրելի հայորդիներ,   Մայիսի 9-ի նվիրական այս օրը վերարժևորում ենք մեր ժողովրդի ներդրած անմնացորդ ջանքերը, որոնք նպաստեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի և բռնության դեմ հաղթանակի կերտմանը և աշխարհում խաղաղության հաստատմանը:   Արցախյան հերոսամարտում Շուշիի ազատագրման և Արցախի բանակի կազմավորման խորհրդանշական այս նույն օրը, սակայն, անդրադառնում ենք նաև անցյալ տարի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ողբերգական հետևանքներին։ Ադրբեջանի կողմից շարունակվում են խաղաղ բնակչության դեմ ոտնձգությունները, անմարդկային խոշտանգումների են ենթարկվում գերության մեջ գտնվող մեր զինվորականներն ու քաղաքացիական անձինք, հետևողականորեն ոչնչացվում է հայկական հոգևոր ու մշակութային բազմադարյա ժառանգությունը Արցախում։   Սիրելի ժողովուրդ, այսօր առկա նոր մարտահրավերներին հանդիման մեզ համար հրամայական է հայոց բանակի զորացումը, որ երաշխավորն է մեր հայրենիքի անվտանգության ու մեր խաղաղ կյանքի։ Մայիսի 9-ը՝ իբրև հաղթանակի և խաղաղության տոն, մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով։ Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև՝ ի գին ամեն զոհողության շենացնելու հայրենի մեր երկիրը և վերանորոգելու մեր կյանքի խաթարված ընթացքը, ջանքեր ներդնելու հանուն արցախահայության խնդիրների հաղթահարման և հետևողականորեն պայքարելու հանուն ազգային մեր իղձերի ու նպատակների իրականացման։   Աղոթում ենք նահատակված հայորդիների հոգիների հանգստության, գերիների ու անհայտ կորածների վերադարձի, վիրավորների ապաքինման համար: Հայցում ենք, որ Բարձրյալ Տերը Իր օրհնության ներքո խաղաղության ու ապահովության մեջ պահպանի մեր Հայրենիքը և զորացնի մեր ժողովրդին ոգու արիությամբ, հույսով ու հավատով, այսօր և միշտ. ամեն»։
10:12 - 09 մայիսի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ

   Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 29-ին հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:  ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կհանդիպի թեմակալ առաջնորդի և թեմական խորհրդի հետ։ Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: Նախատեսվում են այլ անձանց և կազմակերպությունների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում կարծարծվեն արցախյան երկրորդ պատերազմի պատճառած հետևանքների և առկա մարտահրավերների հետ առնչված հարցեր։ Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետի հետ լինելու են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հատուկ տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ։
14:27 - 29 ապրիլի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի սենատի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի սենատի նախագահին

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի։ Ողջունելով Սենատի նախագահ Լարշեի ու սենատորների այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ իբրև վկայություն բերելով Հայոց ցեղասպանության տարիներին Եղեռնը վերապրած բազմաթիվ հայորդիներին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աջակցությունը։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Սենատի նախագահին և պատվիրակության անդամներին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրված ջանքերի համար։ Նորին Սրբությունը նաև հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնեց Սենատի ներկայացուցիչներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերի համար։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հակառակ այդ ամենի, Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ սանձազերծեց պատերազմ, ինչն ունեցավ աղետալի հետևանքներ։ Նորին Սրբությունը նշեց, որ Եղեռնի վիշտը հայ ժողովուրդը նորովի վերապրեց Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ իր սրտում ունենալով զոհված հայորդիների  կորստի ցավը։  Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ հաստատեց, որ այսօր էլ՝ հետպատերազմյան շրջանում, ադրբեջանական կողմը հանդես է գալիս ագրեսիվ կեցվածքով՝ շարունակելով սպառնալիքների իր հռետորաբանությունը և վտանգելով փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։ Արցախյան հիմնահարցի կարգավորման և առկա հետևանքների հաղթահարման հարցում Նորին Սրբությունը կարևորեց միջազգային հանրության և Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությունը։ Զրույցի ընթացքում քննարկման առարկա դարձավ համատեղ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը Ադրբեջանի կողմից, մասնավորապես գերության մեջ հայտնված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։ Իր հերթին Սենատի նախագահ Լարշեն, անդրադառնալով այս օրերի  այցելությանը, նշեց, որ իրենց նպատակը Հայաստանի հետ համերաշխության արտահայտումն է։ Խոսելով Ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում ապաստանած հայերի մասին՝ պարոն Լարշեն իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի համար դժվարին ժամանակաշրջանների հաղթահարման գործում նրանց մեծ ներդրում ունենալու համար։ Իր խոսքի ավարտին պրն․ Ժերար Լարշեն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իրենք հավատարիմ են Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի՝ քսան տարի առաջ ստանձնած նախաձեռնությանը։ Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ, ապա Սուրբ Գայանե վանքում ներկա գտնվեց Սուրբ Պատարագի արարողությանը։ Դիտումների քանակ
16:45 - 25 ապրիլի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտության նամակ է հղել Ջո Բայդենին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտության նամակ է հղել Ջո Բայդենին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 24-ին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ իր եւ ողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում վերջինիս արդարամիտ կեցվածքի համար։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ «Վեհափառ Հայրապետն իր նամակում ընդգծել է, որ 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում սկսված Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից հատկապես այս պատմական դժվարին պահին ունի ուրույն կարեւորություն՝ հաշվի առնելով նույն Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված բարբարոսական պատերազմը 2020 թվականի աշնանը, որի հետեւանքների հաղթահարման հարցում Մայր Աթոռը ակնկալում է ողջ միջազգային հանրության շուտափույթ հումանիտար ներգրավումը»,- նշվում է հաղորդագրությունում։ Մայր Աթոռից հայտնում են, որ Նորին Սրբության նամակը կհանձնվի Հայաստանում ԱՄՆ դեսպանին։
10:20 - 25 ապրիլի, 2021
Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանությունը. Գարեգին Բ-ի ուղերձը

Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանությունը. Գարեգին Բ-ի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանյության սուրչբ նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ: «Մեկ դարից ավելի է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանությունից։ Եղեռնահար մեր ժողովուրդը փրկված բեկորներով ցրվեց աշխարհով մեկ՝ իր պատմական հայրենիքում և գաղթի անապատներում թողնելով մեկ և կես միլիոն նահատակների։ 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ցեղասպանությունը արձանագրված է որպես մարդկության դեմ գործված դարի առաջին հանցագործություն՝ ազգի բնաջնջման, էթնիկ թշնամանքի հրեշավոր դրսևորումներով։ Ցեղասպանության ողբերգության ցավը այսօր արցախյան պատերազմի ծանր կորուստներով նորովի է պատել մեր ժողովրդի հոգին: Մեր սուրբ նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանությունը, ներքաղաքական զարգացումներում զերծ մնալ բռնություններից ու բախումներից և նախանձախնդիր ոգով հետամուտ լինել մեր իրավունքների պաշտպանությանը։ Մեր ժողովրդի կյանքը ձեռքբերումներով զարդարելու, մեր առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու գրավականը պետության զորացման պատասխանատվության բարձր զգացումն է և համախմբումը ազգային ու հոգևոր արժեքների շուրջ։ Մեր սուրբ նահատակների բարեխոսության հայցով աղոթում ենք Ամենողորմ Տիրոջը, որ խաղաղ ու անվտանգ լինի մեր երկիրը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը միակամ ու միասնական կերտի իր բարօր ու լուսավոր ապագան՝ հանուն ազգի ու հայրենյաց»:
10:23 - 24 ապրիլի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասյին հայտնում է Մայր աթոռի մամուլի ծառայությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առումով երկուստեք կարևորվել է համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ներկա պայմաններում արցախահայության, մասնավորապես զոհված, գերության մեջ գտնվող զինվորականների և անհայտ կորածների ընտանիքների հոգևոր խնամքի և աջակցության Մայր Աթոռի ծրագրերին։ Այս կապակցությամբ Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը Մայր Աթոռի և նրա աշխարհասփյուռ թեմերի զորակցության համար պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում։ Վեհափառ Հայրապետը և նախագահ Արայիկ Հարությունյանը արծարծել են նաև Արցախի բռնազավթված տարածքներում պատմա-մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, դրանց նկատմամբ ոտնձգությունների և վայրագությունների կասեցման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերը։
12:50 - 17 ապրիլի, 2021
Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսը

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսը

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսն ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ։ Ուղերձում, որը հրապարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, մասնավորապես ասված է․ «Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո տոն։ Այս օրը մեր եկեղեցիներում կատարում ենք օրհնության կարգ մայրության բերկրանքին սպասող կանանց համար, մաղթանքով, որ Աստված շնորհաշատ զավակներ պարգևի և լիառատ պահի սերն ու համերաշխությունը ընտանեկան հարկի ներքո։ Հոգենորոգ տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլորին, ի մասնավորի՝ մայրության բերկրանքին սպասող կանանց»։ «Մեր ժողովրդի համար դժվարին այս օրերին Սուրբ Հոգու սփոփանքն ու Բարձրյալի զորակցությունն ենք հայցում ազգիս բոլոր զավակներին, ի մասնավորի արցախյան նոր պատերազմի կորուստների ու արհավիրքների ցավը կրող մայրերին, քույրերին ու դուստրերին։ Աղոթում ենք, որ Տիրամոր բարեխոսությամբ հարուցյալ Փրկիչը խաղաղություն ու բարօրություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու հավատավոր ժողովրդին։ Թող Տիրոջ հանապազ պահպանությունն ու շնորհները հովանի լինեն մայրության բերկրանքին սպասող կանանց, որ աստվածպաշտության, հայրենանվիրումի ու ազգանվիրումի ոգով սնեն ու դաստիարակեն իրենց զավակներին, և Աստված բոլոր կանանց, մայրերին ու քույրերին պարգևի երջանկություն, բարօրություն ու ամենայն բարիք, այսօր և միշտ. ամեն», - ասված է Վեհափառի ուղերձում։
12:35 - 07 ապրիլի, 2021
Գարեգին Բ-ն հույս է հայտնել՝ Ադրբեջանի ագրեսիան կարժանանա Եվրախորհրդարանի պատշաճ արձագանքին

Գարեգին Բ-ն հույս է հայտնել՝ Ադրբեջանի ագրեսիան կարժանանա Եվրախորհրդարանի պատշաճ արձագանքին

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին և պատգամավորի գործընկեր Ժիսլեն Ֆրնաքվիլին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ: Մայր Աթոռի տեղեկատվականա համակարգը տեղեկացնում է, որ նույն օրն առավոտյան ֆրանսիացի հյուրերը Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա էին գտնվել Հայրապետական Ս․ Պատարագին։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց հյուրերին, որոնք հայ ժողովրդի համար նվիրական՝ Սուրբ Հարության տոնի այս օրը գտնվում են Հայաստանում: Հանդիպման առթիվ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին և բարեկամ ժողովրդին բոլոր ժամանակներում ծանր և դժվարին օրերին Հայաստանին օժանդակելու և զորակցելու համար։ Հայոց Հայրապետը հույս հայտնեց նաև, որ բարեկամ երկրների զորակցությունը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և արդարության վերականգնմանը: Այնուհետև տիար Ֆրանսուա-Քսավիե Բելամին շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը զատկական բարեմաղթանքների և օրհնության համար՝ ընդգծելով, որ ինքն առաջին անգամ է այցելում Հայաստան և մեծ պատիվ է համարում լինել հինավուրց քրիստոնեական երկրում, որի ժողովուրդը հարության հաղթական արժեքների կրող է: Եվրախորհրդարանի պատգամավորն անդրադարձավ այցի նպատակներին՝ ծանոթանալ հետպատերազմյան իրավիճակին, առկա խնդիրներին, մասնավորապես Արցախի հայկական հոգևոր-մշակութային արժեքների պահպանության հարցերին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանգամանորեն ներկայացնելով արցախյան երկրորդ պատերազմի պատճառած վնասները և առկա մարտահրավերները, հույս հայտնեց, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրանից բխող մնացյալ երևույթները կարժանանան միջազգային հանրության և Եվրախորհրդարանի պատշաճ արձագանքին։ «Վեհափառ Հայրապետը նշեց, որ սուրբ Հարության տոնին աղոթք է բարձրացրել աշխարհում խաղաղության հաստատման համար, մեր երկրի և մեր ժողովրդի համար, որպեսզի այս ծանր վիճակից կարողանա դուրս գալ՝ հարության խորհուրդը աչքերի առջև ունենալով, ապավինելով Աստծուն, նախնյաց հավատքին, որ դարեր շարունակ մեզ դուրս է բերել բոլոր դժվարին իրավիճակներից և օրհնությունն ու ողորմությունն ավելացրել հայոց կյանքում»,-ասված է հաղորդագրությունում:
10:08 - 05 ապրիլի, 2021
Քրիստոս հարությամբ պարգևել է մեր հոգիները նորոգելու զորությունը. Վեհափառ Հայրապետի Զատկական պատգամը

Քրիստոս հարությամբ պարգևել է մեր հոգիները նորոգելու զորությունը. Վեհափառ Հայրապետի Զատկական պատգամը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը  Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Զատկական Հայրապետական Ս. Պատարագին պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետը մապտագամով նշել է. «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» (Շարական Հարության)։ Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Այսօր Սուրբ Հարության հրաշափառ տոնն է, տոն՝ վերհառնումի, մեղքի ու մահվան հանդեպ հաղթության։ Քրիստոս հարություն է առել, բացվել է գերեզմանի դուռը, հրեշտակները կյանքի լուսեղեն ավետիսն են բերել, առաքյալները զորացել և ոգեշնչվել են հարուցյալ Փրկչի հայտնությամբ։ Սքանչելախորհուրդ Հարությամբ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մարդկությանը պարգևեց գողգոթաներից հառնելու, մահին հաղթելու և հավիտենական կյանքը ժառանգելու երկնային շնորհը։ Մենք այդ վստահությամբ ենք քաջալերվում, նաև գոտեպնդվում նեղությունների ու վշտերի, մահվան ահասարսուռ իրողության հանդիման` ունենալով հաստատուն հավատը, որ Քրիստոս հարություն է առել և նորոգել է կյանքը, դուրս բերել մարդկությանը մեղքի ու չարիքի խավարից, հաշտություն հաստատել մարդու և Աստծո միջև։ «Աստված հավիտենական կյանք տվեց մեզ. և այդ` այն կյանքն է, որ Նրա Որդու մեջ է»,- ասում է առաքյալը (Ա Հովհ. 5.11): Քրիստոսի Հարությամբ բացվել է օրհնյալ կյանքի, հույսի, սիրո, խաղաղության ու համերաշխության լուսավոր ուղին։ Այս կենարար ճանապարհից շեղումը հարության փոխարեն մահ ու ավեր է սփռում, փրկության փոխարեն՝ դատապարտություն և կործանում, կյանքը դարձնում ատելության, բաժանումների հորձանուտ՝ լի չարի փորձություններով ու վտանգներով։ Սիրելիներ, անցյալ տարի մեր ժողովուրդը Փրկչի նմանությամբ վերստին կրեց խաչելության տառապանքը։ Պատերազմի դժոխային հնոցում չարչարանաց գողգոթա անցնելով զոհվեցին հազարավոր մեր սիրասուն զավակներ, կորցրեցինք Արցախի՝ հարազատ հայրենիքի զգալի մասը։ Ինչպես պատերազմից առաջ, այնպես և հետպատերազմյան շրջանում մեր կյանքում հաստատուն չեղան տերունապատվեր սիրո և համերաշխության նախանձախնդրությունը, Աստծո պատգամների համաձայն կենսակերպը։ Պառակտումներն ու սերմանվող ատելությունը, անհանդուրժողության ոգին, շարունակվող քաղաքական ալեկոծումները նոր ցնցումների ու անկումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին՝ ստվերելով նաև հայրենանվիրումի ու ազգասիրության վեհ գաղափարները։ Իսկ հայրենիքի անվտանգության չփարատվող մտահոգությունը, հայրենական կյանքի տեսլականի բացակայությունը, հիասթափությունն ու հուսախաբությունը անորոշության խավարով են մթագնել ապագայատեսիլ մեր հույսերը։ Ոչ մի հանգամանք, ոչ մի նպատակ, ոչինչ չի կարող արդարացնել ազգի ու հայրենիքի մասնատումն ու տկարացումը, ազգային և հոգևոր մեր արժեքների, նախնյաց ավանդների ոտնահարումը, նոր սերնդի ապազգայնացումն ու բարոյազրկումը, ազգի արժանապատվության ու պատվի նսեմացումը։ Մեր առջև ծառացած քաղաքական, տնտեսական, սոցիալական բարդ հիմնախնդիրների հանդիման, ճգնաժամային դժվարին հանգամանքներում թաղման անձավի մեջ մնալով, իրավիճակից դուրս ելնելու անհրաժեշտ գործողություններում հապաղելով` մեր խաչելությունը չի պսակվի հարության կենարար զորությամբ։ Հարությունը չի կայանում մերժելի ատելությամբ ու թշնամանքով, բաժանումով ու քայքայումով, այլ սիրով և հայրենյաց սիրո շուրջ համախմբումով, նեղություններն ու դժվարությունները միասնաբար հաղթահարելով։ Մեր ժողովրդի կյանքը ի հայրենիս և ի սփյուռս սպասում է վշտերի անհապաղ սփոփման, չարչարանքներից հառնումի և հաղթական հարության։ Քրիստոսի պարգևած փրկության և հարության լույսը, սիրելիներ, ճառագում է զոհողություններ ստանձնելու առաքինության միջոցով, զոհողություններ մեկս մյուսի հանդեպ, զոհողություններ ի սեր ողջ ժողովրդի։ Այս լույսի ներքո է, որ եսապաշտությունն ընկրկում է աստվածապաշտության առջև, մահաբեր ընթացքը շրջվում է դեպի կենսատու Աստված, տառապանքների մատնող գործողությունները փոխակերպվում են հարուցյալ կյանքի արարումների՝ առաջնորդելով փրկության ու հավիտենության։ Մեր երկիրն ու ժողովրդին պատուհասներից վեր հանելը, Արցախի կյանքը ավերներից բարձրացնելը և հայության ու հայրենիքի վերածնունդը հրամայական հանձնառություն են՝ իրագործելի ազգի բոլոր զավակների, քաղաքական կուսակցությունների, մասնավորապես մեծագույն պատասխանատվությունը կրող իշխանությունների կողմից։ Հայրենաշեն ջանքերը կպսակվեն հաջողությամբ օրհասական իրավիճակից պետականությունը փրկելու նախանձախնդրությամբ, անձնական հավակնություններից հրաժարվելով, պետության ու ազգի շահը գերադասելով։ Այս ոգով հաղթական հանգրվանի պիտի հասցնենք մեր ցավագին կորուստների վերականգնման, մեր ազգային իրավունքների պաշտպանության, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման մեր նվիրական ձգտումները։   Սիրելիներ, Քրիստոս հարություն է առել և մեզ պարգևել զորությունը նորոգելու մեր հոգիները, մեր կյանքը։ Չհուսալքվենք ու թևաթափ չլինենք մեզ պաշարած փորձությունների հանդիման։ Զորացյալ մնանք հարության հավատով։ Հարության հրաշքը կենսագործենք մեր երկրում ու կյանքում։ Ջերմ իղձերով փարված մնանք մեր հարազատ բնօրրանին՝ մեր հողին, ջրին, մեր օջախին, կանխելու համար արտագաղթը հայրենիքից և հզորացնելու մեր պետությունը։ Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք մեր կյանքի դառնություններն ու արհավիրքները՝ հասնելով մեր հույսերի ու տեսիլքների իրագործմանը և հարուցյալ նոր կյանքի կերտմանը։ Հոգենորոգ այս օրը աղոթք բարձրացնենք, որ Փրկիչ մեր Տիրոջ օրհնությունն ու շնորհները սփռվեն մարդկանց սրտերում՝ խաղաղություն և բարօրություն բերելով աշխարհին, իմաստություն քաղաքական գործիչներին՝ պետական ու հասարակական կյանքը կարգավորելու և բարեկեցության առաջնորդելու պատասխանատվության մեջ։ Աղոթենք պատերազմում վիրավորված մեր զավակների առողջության, գերիների և անհայտ կորածների վերադարձի, մեր զոհված քաջորդիների և համավարակից մահացածների հոգիների հանգստության համար՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի մխիթարությամբ. «Ես իսկ եմ hարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11.25)։ Թող Սուրբ Զատկի հուսառատ ավետիսը հայրենաշեն երազների իրագործման զորությունը պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Եվ թող Հարության արշալույսով զարդարվի երկնակամարը մեր ազգային-եկեղեցական կյանքի, և խաղաղ ու ապահով մնա մեր հայրենիքը՝ Հայաստան ու Արցախ աշխարհը, հավատքով ամուր, սիրով ու միասնական՝ մեր ժողովուրդը, այսօր և միշտ և հավիտյան. ամեն։ Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։
12:44 - 04 ապրիլի, 2021