Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար:

Ծնվել է 1967թ.դեկտեմբերի 27-ին։ Մասնագիտությամբ ռազմական դիվանագետ է: Ծառությունը սկսել է 1992թ.-ից` ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցավորդության դեմ պայքարի գլխավոր վարչությունից: 1994-2017 տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում` հասնելով մինչև ՊՆ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2017թ.-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ նախարար։

2018թ.-ի մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարար։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից տասն օր անց ազատվել է պաշտոնից։

ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ

Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար, փոխվարչապետ տիկին Զեյնա Աքարի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գործընկերոջը Լիբանանի զինված ուժերի 75-ամյակի կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների զինված ուժերում համաճարակային իրավիճակը, կարծիքներ փոխանակել փոխգործակցելու լրացուցիչ հնարավորությունների ստեղծման շուրջ: Զեյնա Աքարին ընդգծել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցության կարևորությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությունում, ինչին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է հայկական կողմի վճռականությունն այն շարունակելու գործում: Դավիթ Տոնոյանն ու Զեյնա Աքարին անդրադարձել են նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներին և երկկողմ համաձայնագրերի շրջանակներում ռազմական համագործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտությանը:
17:00 - 03 օգոստոսի, 2020
Ալիևի քարոզչական թեզերը պայթում են, ուստի պետք է պատրաստ ու զգոն լինենք․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

Ալիևի քարոզչական թեզերը պայթում են, ուստի պետք է պատրաստ ու զգոն լինենք․ Տաթևիկ Հայրապետյան |lragir.am|

lragir.am:  Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ - Ինչպե՞ս եք գնահատում Դավիթ Տոնոյանի պատասխանն Ալիևին: Մասնավորապես Ալիևի հայտարարությանը, թե «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները», Տոնոյանն ասում է, որ որպես պաշտպանության նախարար կուզենար հասկանալ, թե այդ երբ է այդ ուշը: Իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններին, թե իրենք պատրաստ են ռազմական գործողություններ սկսել և միայն սպասում են հրամանի, Տոնոյանն ասել է. «Այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի»: Ձեր կարծիքով ի՞նչ է Ադրբեջանն ակնարկում «քանի դեռ ուշ չէ» արտահայտությամբ: - Ես կարծում եմ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների արձագանքները Իլհամ Ալիևին սթափեցնելու կոչ էին, որովհետև Տոնոյանը շատ կիրառական հարց է տվել, թե «որն է այդ ուշը»՝ կոչ անելով դուրս գալ այդ քարոզչական ամպագոռգոռ հայտարարությունների դաշտից և վերադառնալ դիվանագիտական քննարկումների դաշտ, որովհետև դա առաջին հերթին բխում է Ադրբեջանի շահերից: Ես կարծում եմ՝ Դավիթ Տոնոյանի հայտարարության կարևոր նպատակներից մեկը հենց դա էր՝ հիշեցնել Ալիևին, որ ինքը կանգնած է հաղթած բանակի դեմ հանդիման և նմանատիպ ամպագոռգոռ հայտարարությունները կամ դրան հաջորդող ցանկացած հավանական սադրանք ավելի քան համարժեք պատասխան է ստանալու Հայաստանի և Արցախի զինված ուժերի ու պաշտպանության բանակի կողմից: Սա էր կարևոր ուղերձը՝ ուղղված Ադրբեջանի նախագահին: Սա սթափեցնող ուղերձ էր՝ հնարավորինս շուտ վերադառնալ բանակցային, կառուցողական դաշտ: - Որքանո՞վ են այդ կոչերը պատերազմական գործողությունների համար հիմք նախապատրաստում: - Ալիևի նմանատիպ ելույթները ևս մեկ անգամ գալիս են փաստելու, որ Ադրբեջանը հետ չի կանգնում ռազմական ճանապարհից և դեռևս փորձեր է անում մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով, իսկ այդ փորձերն ամբողջությամբ ձախողվելու են: Այդուհանդերձ, կրկին ու կրկին Ալիևը ամբողջ աշխարհին ապացուցում է, որ ինքը ռազմական լուծման է ցանկանում գնալ: Այլ բան, որ քանի որ սադրանքներն արագորեն տապալվում են, հետագա շարունակականություն չի կարողանում ապահովել: Ես վստահ եմ, որ Ալիևը շատ կցանկանար կրկին անցնել ռազմական  գործողությունների, կասկած չունեմ դրանում, բայց այս պահին դա նրան չի կարող հաջողվել, որովհետև Տավուշի դեպքերից հետո Ալիևը հասկացավ, որ նմանատիպ կորուստների հետևանքով ինքը կարող է նույնիսկ իշխանությունը կորցնել: Դա շատ է բարկացնում ադրբեջանցի ժողովրդին և այդ պարտությունների համար մեղավորներ են փնտրվում, իսկ Ալիևի քարոզչական թեզերը արագորեն պայթում են, ուստի բնականաբար, մենք պետք է պատրաստ ու զգոն լինենք: Այդուհանդերձ, այս պահին Ալիևը փորք ինչ փորձում է լարվածությունը տեղափոխել այլ դաշտ, ինչպիսիք են միջհամայնքային բախումներին ուղղված ադրբեջանական սադրանքները կամ թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Այսինքն՝ քարոզչական շղարշ է ուզում հաղորդել՝ ցույց տալով, որ մենք չենք հանգստացել, պահում ենք լարվածությունը և դրանով փորձում է թոզ փչել սեփական ժողովրդի աչքերին: Բայց ավելի լայնամասշտաբ գործողությունների գնալն այս փուլում հենց իր համար հեռանկարային չի լինի:   Շարունակությունը՝ lragir.am-ում։
10:12 - 03 օգոստոսի, 2020
Հուլիսի 30-ից 31-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով Արցախում էր

Հուլիսի 30-ից 31-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով Արցախում էր

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 30-ից 31-ը աշխատանքային այցով Արցախում էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն:Նախարար Տոնոյանը առաձին ուշադրություն է դարձրել նաև ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին:Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներն այցելել են ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և այդ համատեքստում՝ մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջև:ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը, պատասխանելով ՊԲ լրագրողի հարցին, անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե ե՞րբ է այդ ուշը:Իսկ այդ հանրապետության պաշտպանության նախարարի՝ նախագահի համապատասխան հրամանին սպասելու մշտական հայտարարությունների առչնությամբ ասել է, որ հայկական բանակը ևս սպասում է հրամանի:
14:41 - 31 հուլիսի, 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել Իրանի դեսպանին. անդրադարձել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթին

Դավիթ Տոնոյանն ընդունել Իրանի դեսպանին. անդրադարձել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ԻԻՀ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը: Անդրադարձ է կատարվել ՀՀ հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին տեղի ունեցած գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ արդիական ԱԹՍ-ների կիրառման փաստին և դրանց դեմ պայքարի արդյունավետությանը:  Հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային խնդիրները, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթի վերաբերյալ, գնահատվել է դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, տեսակետներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:
20:20 - 29 հուլիսի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ խնդիրներ: Ներկայացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ պաշտպանության նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և մասնավորապես Ֆրանիսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետության դերակատարությունը լարվածության թուլացման և բանակցային գործընթացի շարունակման գործում։ Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նշել է, որ բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին։ Դեսպան Ջոնաթան Լաքոտը, վերահաստատելով Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման գործում, իր հերթին բարձր է գնահատել այս ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տիրող ազգայնական շեշտադրումներից և դրսևորումներից, ինչպես նաև պատերազմական կոչերից զերծ հավասարակշիռ մթնոլորտը։
14:48 - 29 հուլիսի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև   ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։ Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախաադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ ընդգծելով ռուսաստանյան կողմի կառոցողական և կայունացնող դերակատարությունը: Դավիթ Տոնոյանը կիսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և բուն ռազմական քայլերի վերաբերյալ իր գնահատականներով և նշել, որ ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև համապատասխան ուղղությամբ հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են մշտական ռեժիմով հետևել, վերլուծել և պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման: Դեսպան Կոպիրկինը կրկին անգամ վերահաստատել է տարածաշրջանում կայունության հաստատման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան կողմն այդ ուղղությամբ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցության, այդ թվում՝ համատեղ մարտական պատրաստության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքում անցկացվելիք զորավարժությունների պլանավորման և կազմակերպման ընթացքը:
18:42 - 28 հուլիսի, 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիմիտրոս Ֆելոպուլոսին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվությա և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու ձեռքբերումները, համագործակցության զարգացման հետագա ընթացքը: Հունական կողմը հաստատել է ռազմական կրթության և հունարեն լեզվի ուսուցման ծրագրերի շարունակությունը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմաքաղաքական խորհրդակցությունների անցկացումը և հույս հայտնել, որ առաջիկայում կիրականացվեն արդեն պլանավորված միջոցառումները: Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին պաշտոնավարման ընթացքում հայ-հունական պաշտպանական համագործակցության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար և պարգևատրել կցորդին «Ռազմական համագործակցության համար» մեդալով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և դրա շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային ապակայունացնող զարգացումները:
17:22 - 20 հուլիսի, 2020
«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները». վարչապետը մասնակցել է մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը

«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները». վարչապետը մասնակցել է մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը, որը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով:Հուղարկավորությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պաշտոնյաներ:Վարչապետը ցավակցության և զորակցության խոսքեր է ասել մայոր Գայուշ Համբարձումյանի ընտանիքի անդամներին և հանդես եկել ելույթով, որում նշել է.«Համբարձումյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Էլբակյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Գաբրիելյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Մաթևոսյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Վեհափառ Տեր,Կառավարության հարգելի անդամներ,Ազգային ժողովի պատգամավորներ,Պարոնայք գեներալներ և սպաներ,Հարգելի ներկաներ, Հայրենիք-պետություն ունենալը պատասխանատվություն է, պատասխանատվություն, որ ընկած է ժողովրդի, հանրության ուսերին: Ընդհանրական այս պատասխանատվությունը, սակայն, կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե մենք այն թողնենք միայն ժողովուրդ-հանրություն հավաքական հասկացությունների մեջ ցրված, լղոզված, եթե ի վիճակի չլինենք այդ պատասխանատվությունը բաղդատել, կոնկրետ ու հասցեական դարձնել ժողովուրդ կամ հանրություն հավաքականությունը ձևավորող սուբյեկտների, այսինքն՝ անհատների միջև, մեզնից յուրաքանչյուրի միջև:Ինչո՞ւ ենք այսօր այստեղ հավաքվել ուրեմն, և ի՞նչ կապ ունի մեր այսօրվա այստեղ գտնվելն իմ նշած պատասխանատվության հետ: Մենք այստեղ հավաքվել ենք՝ ազդարարելու, որ Հայաստանի Զինված ուժերի մայոր, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, Հայաստանի Զինված ուժերի կապիտան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սոս Փայլակի Էլբակյանը Հայաստանի Զինված ուժերի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սմբատ Գևորգի Գաբրիելյանը, Հայաստանի Զինված ուժերի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գրիշա Վահանի Մաթևոսյանը լիաժեք և անմնացորդ կրեցին Հայրենիք-պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը: Նրանք լիարժեք կրեցին այդ պատասխանատվությունը՝ այդ պատասխանատվության զոհասեղանին դնելով ամենաթանկագինը, որ ունի մարդը. նրանք Հայրենիք-պետության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը, ու ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանքիների անդամների, իրենց հարազատների կյանքը, որովհետև նրանց կյանքն ահա այլևս առաջվանը չի լինելու, և նրանք ապրելու են այս խեղդող բացակայության հետ: Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը նահատակվեցին: Բայց մի՞թե նրանց հետ նահատակվեց նաև Հայրենիք-պետություն ունենալու նրանց բաժին պատասխանատվությունը, մի՞թե հօդս ցնդեց այդ պատասխանատվությունը: Ո՛չ, իհարկե: Այդ պատասխանատվությունը մնաց մեզ հետ, այդ պատասխանատվությունն սպասում է մեզ, մեզնից յուրաքանչյուրին՝ վարչապետից մինչև փոքր գործարար, նախագահից մինչև հոգևորական, որ մեզնից յուրաքանչյուրն ավելացնի իր բաժին պատասխանատվությունը՝ մեր նահատակված զինվորների պատասխանատվությունը գետնին չթողնելով: Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը լիարժեք կրեցին իրենց պատասխանատվությունը Աստծո առաջ, Հայրենիք-պետության առաջ, մեր ժողովրդի ու պատմության առաջ, մեր նահատակների ու սերունդների առաջ, Եռաբլուրի ու Ծիծեռնակաբերդի առաջ:Եվ սա մեր՝ ապրողներիս, պատասխանատվության ժամն է, մեր հավաքական և մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության ժամը: Եվ մենք ամեն օր, ամեն Աստծո օր պետք է մարզենք մեր միտքը, ամրացնենք մեր հոգին, մեր բազուկներն ու ոտքերը, որ ամուր, ամուր կանգնենք այս հողի վրա, որն ամփոփում է Սարդարապատի հերոսներին, Արցախյան ազատամարտի հերոսներին, Ապրիլյան պատերազմի հերոսներին:Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները, ովքեր այսօր մարտի դաշտում՝ հայրենի հողը պաշտպանելիս, խոսում են Սարդարապատի հերոսների, Արցախյան ազատամարտի հերոսների, Ապրիլյան պատերազմի հերոսների անունից և հպարտություն ու վստահություն են ներշնչում բոլորիս: Այդ մարդիկ Հայրենիք-պետության առաջ իրենց պատասխանատվության ապահովման համար դրել են առավելագույնը՝ իրենց կյանքը, իրենց ընտանիքների խաղաղությունն ու երջանկությունը, և մեզնից յուրաքանչյուրը ամեն անգամ, Եռաբլուրի մոտով անցնելիս, Ծիծեռնակաբերդի մոտով անցնելիս, Հայաստանի դրոշն ու զինանշանը տեսնելիս, օրհներգը լսելիս ինքն իրեն հարց պիտի տա ու պատասխանի. իսկ ի՞նչ եմ ես անում, որ Տավուշի կամ սահմանային այլ դիրքերում կանգնած հերոսների թիկունքն ամուր լինի, փամփշտակալը լիքը լինի, սպառազինությունը բավարար լինի, դուխը տեղը լինի: Եվ այս հարցի պատասխանը մեզնից յուրաքանչյուրը պիտի տա ինքն իրեն և Աստծուն, միայն ինքն իրեն և Աստծուն, որովհետև միայն ինքդ քեզ հետ և Աստծո հետ խոսելիս է, որ չես կարող եղծել: Եվ մեզնից յուրաքանչյուրի այս խոսակցությունից է կախված՝ Համբարձումյան, Էլբակյան, Գաբրիելյան, Մաթևոսյան ընտանիքների, նահատակներ տված մեր մյուս ընտանիքների հոգում ավելի շատ ցա՞վ կլինի, թե՞ հանդարտություն, ավելի շատ ափսոսա՞նք կլինի, թե՞ հպարտություն: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյան, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյան,Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան,Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյան, Խոնարհվում եմ Ձեր առաջ, Ձեր ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների և նրանց ընտանիքների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, ովքեր այսօր ամուր կանգնած են Տավուշի հողի վրա և կերտեցին մեր այսօրվա հպարտությունը: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե Հայոց Բանակը և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»: Խոսքով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյանի հորեղբայր Գրիշա Սարգսյանը՝ նշելով. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր բոլորս՝ ամբողջ հայ ազգով, սուգ ենք ապրում՝ կորցնելով մեր հերոսներին, մեր տղաներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեր հայ ազգի բարգավաճման, զարգացման, ապագա միլիոնավոր կյանքեր փրկելու համաևր: Իմ եղբոր որդին շատ նվիրված էր մեր Հայոց բանակին, և նա ընկավ հերոսի մահով: Հավերժ փա՛ռք մեր բոլոր նահատակներին. նրանք ողջ են, նրանք կապրեն, քանի մենք կանք: Գարուշ ջան, դու ֆիզիկապես մեզ հետ չես լինելու: Փառք Աստծո, ունես երկու արու զավակ, կմեծանան և քո անավարտ գործդ ավարտին կհասցնեն: Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա գեղեցիկ կազմակերպման համար: Եվ մեկ բան մենք՝ բոլորս պիտի գիտակցենք ու հասկանանք՝մենք ուժեղ ենք: Կորցնելով այս երիտասարդներին՝ չի նշանակում, որ կորցրել ենք ամեն ինչ, ընդհակառակը, սա պիտի խրախուսի մեզ, որպեսզի մենք ավելի ամուր և ավելի կայուն կանգնենք մեր երկրի պաշտպանության և զարգացման համար»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում մարտական գործողությունների հետևանքով զոհված Գարուշ Համբարձումյանը, Սոս Էլբակյանը, Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանն հետմահու արժանացել են պետական պարգևների: Մայոր Գարուշ Համբարձումյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը՝ Մարտական ծառայության մեդալներով:
16:44 - 16 հուլիսի, 2020
Մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից. ՀՀ վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին

Մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից. ՀՀ վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ Տավուշի ուղղությամբ, վերջին երկու օրերին հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերը: Ընդգծվել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո: Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի համարժեք գործողությունները: Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:
22:40 - 14 հուլիսի, 2020
Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը բավականին զգալի կորուստներ ունի․ Դավիթ Տոնոյան

Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը բավականին զգալի կորուստներ ունի․ Դավիթ Տոնոյան

Քիչ առաջ ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցեց սահմանային իրավիճակի մասին տեղեկություններ։ Նախարարը նախ ներկայացրեց, որ երեկ ժամը 12։30-ին մեր դիրքերից մեկին մոտեցել է ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Տոնոյանը շեշտեց, որ դիրքը գտնվում է ՀՀ տարածքում՝ անմիջապես ՀՀ սահմանի վրա։ Նախարարի խոսքով՝ քանի որ շարժումը մեր զինծառայողների համար անսպասելի է եղել, նրանք վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը, կոչ են արել լքել տարածքը, որն իրականցվել է․ թողնելով ավտոմեքենան՝ ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքեր։  Դրանից հետո սկսվել է 82մմ ականանետերով հրետակոծություն եւ մարտական խմբերի շարժ՝ դեպի նույն դիրքը, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով։ Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է․ «Մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, սկսում են հրետակոծությունը։ Դադար է եղել գիշերը՝ 03։30-05։30»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ։ Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ մեր ԶՈՒ-երը եւ համապատասխան կորպուսը շարունակում են սահմանի պահպանությունը․ օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է եւ կառավարելի է։   
11:26 - 13 հուլիսի, 2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանին՝ պաշտպանության ոլորտում գիտության հնարավոր ներուժի կիրառումը քննարկելու նպատակով: Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Անի Ապրահամյանի դերը գիտության առաջընթացի գործում՝ Հայաստանում և աշխարհում: Իր խոսքում Դավիթ Տոնոյանը նշել է. «Հարգելի պրոֆեսոր, երկար ժամանակ է հետևում եմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ձեռքբերումներին և հիացած եմ հաջողություններով: Ի սրտե ցանկանում եմ ուրվագծել գործնական հեռանկարները: Արագ փոփոխվող աշխարհում ցանկալի արդյունքի կարող ենք հասնել միասնական ջանքերի շնորհիվ: Բոլոր գործերում կարևոր է ճշգրտությունն  ու արագությունը: Դրան զուգահեռ` ցանկալի է տեսանելի դարձնել քվանտային տեխնոլոգիաների ներդրումը»: Անի Ապրահամյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Դավիթ Տոնոյանին՝ երկարաժամկետ ծրագրերի շուրջ համագործակցության պատրաստակամության համար և, մասնավորապես, նշել. «Պարոն նախարար, շնորհակալ եմ ջերմ ընդունելության և Ձեր կողմից առաջարկած գաղափարների իրագործման համար, որոնք մեծ հաջողություններ են բերել պաշտպանության ոլորտին: Միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ իրատեսական եք համարում գիտության և ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ ջանքերի գործադրումը: Պատրաստ ենք միասնական ուժերով նոր հաջողություններ գրանցել»: Հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մի շարք ուղղություններով համագործակցելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
18:01 - 11 հուլիսի, 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողների

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողների

 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ  ներդրած ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողներ, Ռուսաստանի Դաշնության հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը,  ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է օդաչուներին ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրով Հայաստանի Հանրապետության պետական պարգևի՝  Երախտագիտության մեդալի արժանանալու կապակցությամբ։   Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել օդաչու-փորձարկողների իրականացրած աշխատանքները, համագործակցությունն ու ցուցաբերած աջակցությունը։ Օդաչու-փորձարկողներ Վյաչեսլավ և Եվգենի Ավերյանովներն իրենց հերթին ընդգծել են հայ ռազմական օդաչուների պատրաստության բարձր մակարդակը։
17:27 - 11 հուլիսի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՉԺՀ դեսպանի հետ. կարծիքներ են հնչել տարածաշրջանային անվտանգության հարցերիի շուրջ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՉԺՀ դեսպանի հետ. կարծիքներ են հնչել տարածաշրջանային անվտանգության հարցերիի շուրջ

Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, բացօթյա ձևաչափով, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը: Կողմերը նշել են հայ-չինական հարաբերությունների և ռազմաքաղաքական երկխոսության բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանական բնագավառում: Քննարկվել են համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման ուղիները: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու համար:
19:24 - 09 հուլիսի, 2020