Աննա Վարդապետյան

ՀՀ վարչապետի խորհրդականն է։

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ Անկուսակցական է։ Ծնվել է 1986թ․ փետրվարի 18-ին Երևանում։ 2002-2008թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2008-2012 թթ․ եղել է ասպիրանտ նույն ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 2003-2005թթ․ եղել է Ավան համայնքի թաղապետի խորհրդական։

2007-2009 թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։ 2009-2013թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։ 2013-2014թթ․՝ դատարանի նախագահի խորհրդական։ 2014-2018թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում որպես ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2010թ․-ից դասավանդում է ԵՊՀ-ում, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2015թ․-ից հանդիսանում է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ։

2018թ․ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 2019թ․ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 2020թ․ մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Գլխավոր դատախազը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը

Գլխավոր դատախազը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է Աննա Վարդապետյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունը կամրապնդվի և շարունակական բնույթ կկրի: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և խնդրել իր բարեմաղթանքները փոխանցել ռուս գործընկերոջը՝ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ ընդգծելով, որ պատրաստակամ է առավելագույն ջանք ներդնել երկու կառույցների միջև ստեղծված գործընկերային և վստահելի հարաբերությունները որակապես նոր հարթություն տեղափոխելու համար: Նախքան համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր դատախազ Վարդապետյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման, հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Գլխավոր դատախազը խոսել է նաև Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման դեպքերի մասին և շեշտել այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններ կատարած անձանց և կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Դեսպան Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը բարձրացված հարցերը լուծելու համար՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի Դաշնության առաջնահերթություններից է: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են իրավական փոխօգնությանը:
15:12 - 04 հոկտեմբերի, 2022
Գլխավոր դատախազը ԵԽ գործընկերներին ներկայացրել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Գլխավոր դատախազը ԵԽ գործընկերներին ներկայացրել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ մի շարք ուղղություններով ծրագրերը՝ միտված հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին և քրեական արդարադատությանը: Նախքան հետագա համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր դատախազ Վարդապետանը ԵԽ գործընկերներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտել, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է միջազգային հանրության հստակ դիրքորոշումներն ու գործողությունները՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը հետ քաշելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Մարտինա Շմիդտն ու Լիլիթ Դանեղյանն ընդգծել են գլխավոր դատախազության հետ համագործակցության կարևորությունը մի շարք առանցքային ուղղություններով և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:
15:58 - 21 սեպտեմբերի, 2022
Կադրային փոփոխություններ՝ գլխավոր դատախազությունում

Կադրային փոփոխություններ՝ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հովհաննիսյանը: «ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական  Վահե Պետիկի Հովհաննիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից սեպտեմբերի 16-ից»,-ասված է հրամանում: Մեկ այլ հրամանով ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պարտկանությունների կատարումը դրվել է զինդատախազի տեղակալ Գուրգեն Համոյի Հակոբյանի վրա: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության առաջին աստիճանի խորհրդական  Արսեն Նիկոլայի Սարդարյանը: Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական  Վահագն Ժուլվերի Մուրադյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության  հասարակական անվտանգության դեմ  ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին»: Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով նշվել է, որ Մինչեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Երեւան քաղաքի դատախազի նշանակումը՝ Երեւան քաղաքի դատախազի պարտականությունների կատարումը դրվում է Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Լիլիթ Սոսի Գրիգորյանի վրա:
11:56 - 20 սեպտեմբերի, 2022
ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Երևանի դատախազությունում

ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Երևանի դատախազությունում

 ՀՀ նորընտիր գլխավոր  դատախազ  Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 19-ին խորհրդակցություն է անցկացրել  Երևան քաղաքի դատախազությունում։ Այս մասին տեղեկացնում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից։ Հանդիպմանը մասնակցել են Երևան քաղաքի  դատախազության և  Երևան քաղաքի վարչական շրջանների  դատախազները։  Աննա Վարդապետյանը խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ կարևորում է քրեական վարույթների, նախաքննության նկատմամբ արդյունավետ հսկողությունը, դատախազական ակտերի որակի ապահովումն ու դատարանում մեղադրանքի պատշաճ պաշտպանությունը։ «Առաջին հերթին ինձ անհրաժեշտ է հասկանալ տեղերում աշխատանքի կազմակերպվածության ձևը, ժամանակի կառավարումը, վարույթների քանակը, դրանց կառավարումը: Կարևոր է հասկանալ դատախազական ակտերի, նախաքննության նկատմամբ հսկողության, ինչպես նաև՝ դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը»,- ընդգծել է գլխավոր դատախազը՝ տեղեկացնելով, որ որոշակի պարբերականությամբ պատահականության սկզբունքով ընտրելու է դատախազական ակտեր, ուսումնասիրելու է դրանք, ինչը հնարավորություն կտա հասկանալու՝ որոնք են խնդիրներն ու ինչպես դրանք լուծել։ Խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Լիլիթ Գրիգորյանն ու վարչական շրջանների դատախազները ներկայացրել են տարածքային քննչական մարմիններում գտնվող քրեական վարույթների վերաբերյալ վիճակագրությունը, որին հաջորդել է խնդիրների բարձրաձայնումն ու քննարկումը։ Գլխավոր դատախազ Վարդապետյանը նշել է, որ նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։
11:38 - 20 սեպտեմբերի, 2022
Նորընտիր գլխավոր դատախազն անցել է իր պարտականությունների կատարմանը

Նորընտիր գլխավոր դատախազն անցել է իր պարտականությունների կատարմանը

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում սահմանադրական ժամկետն ավարտող Արթուր Դավթյանի և այսօրվանից գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և ազգաբնակչության նկատմամբ  սանձազերծված հանցավոր ռազմական ոտնձգությանը դիմակայելիս զոհված զինծառայողների հիշատակը: Արթուր Դավթյանը պաշտոնամուտի կապակցությամբ շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գլխավորությամբ Հայաստանում իրավական պետության կայացման ընթացքը կլինի անշեղ և արդյունավետ:  Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներին, դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին և դատախազության բոլոր աշխատակիցներին՝ անցած 6 տարիների ընթացքում համատեղ գործունեության, հանրապետության համար բարդ ժամանակաշրջանում ներքին անվտանգային և իրավական կայունության ապահովման հարցում ցուցաբերած հաստատակամության համար և մաղթել հետագա հաջողություններ: ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին նախընթաց տարիներին համակարգում իր աշխատանքային գործունեության, պետությանը մատուցած ծառայության համար և մաղթել նորանոր հաջողություններ:    Գլխավոր դատախազ Վարդապետյանն անցել է իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը:
18:16 - 15 սեպտեմբերի, 2022
Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը

 |armenpress.am|

Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը |armenpress.am|

armenpress.am: Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը: ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ: Աննա Վարդապետյանը, մոտենալով ԱԺ ամբիոնին, երդվեց. «Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգություն, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»: Խորհրդարանն Աննա Վարդապետյանին Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրել էր հունիսի 29-ին փակ գաղտնի քվեարկությամբ: Վարդապետյանը սեպտեմբերի 14-ին ազատվել էր ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից:
10:22 - 15 սեպտեմբերի, 2022
ԱԺ-ն գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց Աննա Վարդապետյանին

ԱԺ-ն գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց Աննա Վարդապետյանին

Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց Աննա Վարդապետյանին։ Նա ընտրվեց 70 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ Վարդապետյանը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հաստատել էր տեղեկությունը, ըստ որի ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Իսկ   պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ՝ արտահերթ նիստի ընթացքում, քվեարկությամբ որոշել էր այդ պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Նշենք նաև, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: 
17:24 - 29 հունիսի, 2022
Հայկ Կոնջորյանը անդրադարձավ  ԱԺ նիստերին ընդդիմության բացակայությանը

Հայկ Կոնջորյանը անդրադարձավ ԱԺ նիստերին ընդդիմության բացակայությանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց՝ ամենագլխավորը և ամենացավոտ հարցերը, որ մարդիկ իրենց տալիս են, վերաբերում է Հայաստանում արդարությանն ու արդարադատությանը։ Կոնջորյանը ընդգծեց, որ այս շաբաթվա ընթացքում խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը, այսօր քննարկում է գլխավոր դատախազի հարցը՝ «նորից ընդդիմության դատարկ աթոռներով»։ «Ես համոզմունք ունեմ, որ դատաիրավական համակարգի քննարկումները յուրաքանչյուր ողջամիտ ընդդիմության համար լավագույն շանսն են խորհրդանում ինքնադրսևորվելու, լավագույն շանսն են՝ սեփական քննադատությունը, դիտարկումները ներկայացնելու համար, բայց ինչևէ, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացնում է ոչ միայն մեր ընտրողներին, մենք ներկայացնում ենք նաև ընդդիմության ընտրողներին և ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Այս քննարկումը ևս պատասխանում է բոլոր այն հարցերին, որոնք ունեն ոչ միայն մեր ընտրողները, ունեն նաև ընդդիմության ընտրողները և մեր Հանրապետության բոլոր քաղաքացիները»։ Պատգամավորն ասաց՝ իրենց համար սկզբունքային է դատաիրավական համակարգի օբյեկտիվությունը, անաչառությունը և անկախությունը․ «Դա մեր հավատամքն է, և մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Ցանկացած շեղում այդ հավատամքից մեզ համար անընդունելի է եղել, անընդունելի է և կլինի անընդունելի։ Եվ մենք՝ որպես քաղաքական մեծամասնություն և ժողովրդի ամուր մանդատի կրողներ ամեն բան անելու ենք, որ այդ հավատամքը իրագործվի»։ Կոնջորյանի խոսքով՝ ավանդական ընկալումներում իշխանության թևերի միջև զսպումներն ու հակակշռումները դիտարկվում ե որպես այդ թևերի միջև հակամարտություն․ «Ցավոք սրտի, վերջին տարիներին մասնավորապես դատաիրավական ոլորտի մի շար ներկայացուցիչների կողմից ակնհայտ քաղաքականացվածությունը բերել է նաև այդ հակամարտության հրապարակային դրսևորումների և ցավոտ դրսևորումների։  Մենք՝ որպես հանրություն, որպես պետություն պիտի հաղթահարենք այդ հակամարտությունը և պիտի ցույց տանք, որ իշխանության թևերի միջև հավասարակշռումը և զսպումները հակամարտություն չէ, որ իշխանության տարբեր թևերի աղբյուրը նույնն է՝ ժողովուրդը, և իշխանության թևերը պետք է համագործակցեն՝ հանուն ընդհանուր բարիքի և ոչ թե հանուն մասնավոր բարիքի, որը ծնում է համընդհանուր չարիք»։ Նա ընդգծեց՝ պատահական չէ, որ այս օրերին և վերջին տարիներին ամենաքննարկվող հարցերից մեկը  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն է․ «Այս օրերին և վերջին տարիներին ամենաքննարկվող հարցերից մեկը մասնավոր բարիք ստեղծելու և համընդհանուր չարիք ստեղծելու մասին նախագիծն է՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որը այսօր, ըստ էության, իմ կարծիքով ուղղակիորեն կապ ունի նաև, որ դահլիճի այս հատվածը (ընդդիմության հատվածը, խմբ․) դատարկ է։ Եվ Հայաստանում ներքաղաքական գործընթացների հիմքերում գտնվում են նաև այդ օրենքը և այդ օրենքի կիրարկումը»։ Հայկ Կոնջորյանը նշեց՝ հավատամք ունի, որ Աննա Վարդապետյանը իր լիազորությունների շրջանակում հավատարիմ է մնալու օրենքի սահմանած լիազորությանը։
16:25 - 29 հունիսի, 2022
Վարդապետյանը ներկայացրեց, թե ինչ եղանակով է տեսնում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը

 |armenpress.am|

Վարդապետյանը ներկայացրեց, թե ինչ եղանակով է տեսնում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը քրեական ենթամշակույթը համարում է արդարադատության ստվերը, դրա դեմ պայքարելու համար կարևորում է ուժեղ, արագ արձագանքող արդարադատության համակարգ ունենալը: Վարդապետյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին: Աղազարյանը ներքին մարտահրավեր համարեց քրեական ենթամշակույթը: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչն է սնուցում այդ երևույթին, ի՞նչ ճանապարհով պետք է գնալ՝ նվազեցնելու հասարակության վրա դրա  վնասները:   «Քրեական ենթամշակույթը արդարադատության ստվերն է: Եթե մարդն արդարություն չի տեսնում պետական ինստիտուտների կողմից, նա փնտրում է այլընտրանքներ: Քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար պետք է ունենալ ուժեղ և արագ արձագանքող արդարադատության համակարգ՝ սկսած ոստիկանությունից, սկսած հաղորդումն ընդունելու պահից, սկսած ահազանգի պահից, հակառակ դեպքում՝ մարդը միշտ փնտրելու է այլընտրանք»,-ասաց Վարդապետյանը: Գլխավորի դատախազի թեկնածուն նկատեց՝ չլինի քրեական ենթամշակույթ, լինելու է դրան փոխարինող մեկ ուրիշ բան: Ուրեմն, պետք է լինի մի համակարգ, որն ընդունակ է վերականգնելու արդարության զգացումը: «Ես կարծում եմ,  որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ռադիկալ մեթոդներն ՝ օրենքի փոփոխությամբ, հետապնդումների ձևով՝ բոլորը կարևոր են, բայց շատ ավելի կարևոր ու շատ ավելի խորը թաքնված քար կա, որը խանգարում է «գետի հոսանքին», դա անարդյունավետությունն է, որը երբեմն կարող է դրսևորել արդարադատության համակարգը և դրդել մարդուն՝ գնալ քրեական ենթամշակույթի: Եթե շատ պրիմիտիվացնենք երևույթն՝ ինչո՞ւ է մարդը գնում քրեական ենթամշակույթ կրող անձի մոտ, կհասկանանք, որ գնում է՝  իր անձի հետ կապված խնդրի լուծման համար: Պետք է վերացնել այս կապն, ու այդպես քրեական ենթամշակույթը կդառնա այլևս ոչ ակտուալ: Եթե մարդն ունի «դուռ», ունի տեղ, որտեղ գնալու է արդարություն հայցելու, քրեական ենթամշակույթի գոյության շանսերը գնալով քչանալու են: Միայն ուժեղ մինչդատական վարույթը և դատարանը կարող են այս հարցի դեմ պայքարել»,-եզրափակեց Վարդապետյանը:
15:21 - 29 հունիսի, 2022
Օրինականության խախտման վրա աչք չի փակվելու. Գլխավոր դատախազի թեկնածու

 |armenpress.am|

Օրինականության խախտման վրա աչք չի փակվելու. Գլխավոր դատախազի թեկնածու |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը վստահեցնում է, որ իր ընտրվելու դեպքում, եթե համակարգում լինեն օրինականության խախտման դեպքեր, դրանց վրա աչք չի փակվելու:  Վարդապետյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հարցին: Պատգամավորը Վարդապետյանից հետաքրքրվեց, թե նրա ընտրվելուց հետո առնվազն հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերի հիմքերն արժանանալո՞ւ են ուսումնասիրման, անհրաժեշտության դեպքում՝ նաև վերանայման: Նա նաև հետաքրքրվեց, թե արդյոք իրավական հետևանքներ լինելո՞ւ են այն դատախազի համար, ով հարուցել է տվյալ քրգործերը: «Հանրային հնչեղություն ունեցող գործեր չկան, կան գործեր, որոնք ունեն հանրային հետաքրքրություն։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ հանրային հետաքրքրություն ունեցող գործերի պակաս մենք չունենք։ Գլխավոր դատախազը չունի վարույթներ, գլխավոր դատախազի գործառույթն առավելապես կազմակերպական է, բայց նաև, իմ մասնագիտական հետաքրքրությունները հաշվի առնելով, այո, նախաձեռնելու եմ իրավական քննարկումներ, պահանջելու և խնդրելու եմ»,-ասաց Վարդապետյանը: Անդրադառնալով հետևանքներին՝ նա վստահեցրեց, որ եթե փաստագրվելու են օրինականության խախտումները, դրանք անհետևանք չեն մնալու, որովհետև թիրախային հետևողական մոտեցումը օրինականության խախտման նկատմամբ ճիշտ ազդակ է համակարգին, թե ինչ է ակնկալվում համակարգից։ «Տարբեր քաղաքացիների դիմումների հետ կապված՝ եղել են իրավիճակներ, երբ օրինականությունը ստուգելու արդյունքում դատախազությունը որոշակի խնդիրներ արձանագրել է հսկող դատախազի աշխատանքում և հետևանքներ է առաջացրել: Եվ դա ճիշտ ազդակ է ուղղահայաց համակարգի համար»,- ասաց Վարդապետյանը: Անդրադառնալով պատգամավորի երկրորդ հարցին՝ թեկնածուն դրական պատասխան տվեց: «Եթե կա օրինականության խախտում, այդ օրինականության խախտման վրա աչք չի փակվելու»,-ասաց նա:
14:23 - 29 հունիսի, 2022
Դատախազությունում որոշակի կմախքներ ունենք, որոնք ստվերում են նոր Հայաստանի դատախազության իմիջը․ պատգամավորը՝ Վարդապետյանին

Դատախազությունում որոշակի կմախքներ ունենք, որոնք ստվերում են նոր Հայաստանի դատախազության իմիջը․ պատգամավորը՝ Վարդապետյանին

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանին ասաց՝ դատախազությունում  որոշակի «կմախքներ» կան․ «Չեմ թաքցնի, որ այդ կմախքները որոշակի առումով ստվերում են նոր Հայաստանի նոր դատախազության իմիջը։ Դուք կաշկանդվածություն ունե՞ք առերեսվելու անցյալի հետ, վեր հանել  բացերը, վերացնել այն բոլոր բացասական ընկալումները, որոնք առկա են եղել դատախազությունում տարբեր ժամանակներում և դրանով հանդերձ գնալ առաջ՝ կառուցելով նոր դատախազություն նոր Հայաստանի համար, որը կամփոփի այն լավը, որը կուտակվել է տարիների ընթացքում և կառերեսի և չի թաքցնի այն վատը, որը կուտակվել է այս ընթացքում»։ Աննա Վարդապետյանն էլ ասաց՝ հասկանում է հարցի ուղիղ տեքստը ու ենթատեքստը․ «Չեմ վախենում, ոչ թե որովհետև չեմ հասկանում, այլ չեմ վախենում, որովհետև կշռադատված որոշում կայացրել, և ուզում եմ, որ իմ գիտելիքները ծառայեն։ Ես երեկ հանձնաժողովին ասեցի՝ ինչու եմ այդ քայլին դիմում, ես նաև պատմեցի, որ երկու անգամ հրաժարվել եմ նախկինում գլխավոր դատախազությունում բավական բարձր պաշտոններից։ Սա հանցավոր ինքնավստահության դրսևորում չի, սա պատասխանատվություն է, որը ստանձնվում է գիտակցաբար»։ Թեկնածուն նշեց՝ ցանկացած դեստրուկտիվ մոտեցման դեմ է․ «Ես չեմ կարծում, որ դեստրուկցիան որևէ նոր բանի կառուցման հիմք է, այսինքն՝ եթե մենք խոսում ենք կմախքներ մաքրելու, կառուցվածքային փոփոխություններ անելու, առաջնահերթություններ դնելու մասով, ապա պետք է լինի շատ հստակ ու շատ կանխատեսելի, այսինքն՝ տարբեր տեսակի ստվերային քննարկումների բացակայությամբ։ Այսինքն՝ հասկանա համակարգը, թե ինչ է պահանջվում համակարգից, հատկապես, եթե համակարգը ուղղահայաց է։ Եվ այս առումով ցանկացած պրոցես սկսվում է կարիքների գնահատումից, ցանկացած կարիքների գնահատում սկսվում է պրոբլեմների վերհանումից։ Մինչև դու չես տեսնում պրոբլեմները, չես կարող լուծել այդ պրոբլեմները, և այս առումով պարոն Բագրատյանին էլ ասեցի՝ այսօր այստեղ կանգնած չէի լինի, և սա իմ կողմից հանցավոր ինքնավստահության դրսևորում չի, սա ծառայելու պատրաստակամություն է և ցանկացած դեստրուկտիվ վարքագիծ, որը կարող է ստվերել պրոցեսները,  իմ կողմից նաև բացառելու եմ»։
14:20 - 29 հունիսի, 2022
Ըստ Վարդապետյանի՝ մեխանիզմը, որ թույլ կտա հաղթահարել  մինչդատական վարույթում ձգձգումները, արդյունավետ դատախազական հսկողությունն է

Ըստ Վարդապետյանի՝ մեխանիզմը, որ թույլ կտա հաղթահարել մինչդատական վարույթում ձգձգումները, արդյունավետ դատախազական հսկողությունն է

Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում ունեցած իր ելույթի ընթացքում մի քանի խնդիր առանձնացրեց, որոնք տեսնում է մինչդատական վարույթում։ «Աշխատելով վարչապետի աշխատակազմում և անընդհատ առնչվելով քաղաքացիների դիմումներին, դժգոհությունների և խնդիրների հետ և հետևողականորեն գնալով այդ խնդիրների հետևից, ինքս ինձ համար արձանագրել եմ, որ մենք ունենք բազմաթիվ քննչական ու դատավարական գործողություններ, ֆորմալ առումով՝ ճիշտ, բովանդակային առումով՝ մեղմ ասած ոչ լիարժեք։ Արդյունքում ունենում ենք ծանրացված վարույթներ, արդյունքում ունենում ենք ծանրաբեռնվածություն, ահռելի քանակի հայցեր ու քրեական գործեր դատարաններում ու մինչդատական վարույթում, և ունենում ենք հատվածային կամ շատ փոքր քանակի լուծված գործեր։ Դա անխուսափելիորեն հանգեցնում է նրան, որ մարդու մոտ սկսում է ձևավորվել անարդարության զգացում»։ Վարդապետյանը ընդգծեց՝ թիվ մեկը խնդիրը, որ իր ուշադրության կենտրոնում է գտնվել և հետագայում էլ գտնվելու է անկախ  զբաղեցրած պաշտոնից, ուշացած արդարադատություն է։ Գլխավոր դատախազի թեկնածուն ասաց՝ մեխանիզմը, որը թույլ կտա հաղթահարել գոնե մինչդատական վարույթում ձգձգումները, արդյունավետ դատախազական հսկողությունն է։ «Արդյունավետ դատախազական հսկողությանը հնարավոր է հասնել հետևողական դատախազով։ Եթե դատախազը հետևողական է գործի նկատմամբ, իսկ ես չեմ խոսում միայն ժամկետների և երկարացվող նախաքննությունների մասին, երկուական ամսով։ Ես խոսում եմ ամենօրյա աշխատանքի մասին։ Երբ դատախազը իր հսկողության տակ գտնվող գործի վերաբերյալ ունի տեղեկատվություն և հետևողական է այդ գործի քննության նկատմամբ, քաղաքացին չի գալու կառավարության, Ազգային ժողովի դռների դիմաց՝ պահանջելու իր գործի քննությունը, և մենք էլ ստիպված լինենք բացատրել, որ քաղաքական թիմը ամենազոր և չի կարող իրավական հարցերի մեջ խառնվել, միջամտել, ինչում ինձ մի անգամ չի, որ մեղադրում են»։ Նրա կարծիքով՝ այլևս իրավունք չունեն գործի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ բացառապես վերբալ ապացույցներից կամ տուժողների բողոքներից․  «21-րդ դարում, երբ մեր ամբողջ սոցիալական կենսագործունեությունը թողնում է փաստաթղթավորված հետքեր․․․հիշեք առավոտից մինչև ԱԺ շենք ձեր հասնելու գործընթացը։ Ձեր բոլոր վճարումները, ձեր բոլոր հեռախոսազանգերը, ամեն ինչը իրավաբանորեն փաստաթղթավորված, իրական կամ վիրտուալ գործընթաց է։ Եվ այս պայմաններում պահանջել․ որպեսզի անձը ինքը գա և ստանձնի բեռ, հանցագործության մասին մեզ հայտնելու կամ այդ հանցագործության արդյունավետ, հաջողված քննությունը ապահովելու, իմ կարծիքով արդեն հին է»։ Ըստ Վարդապետյանի՝ շատ տեխնիկական, բայց շատ կարևոր խնդիր է համագործակցված աշխատանքը ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Խոսքը օտարերկրյա գործընկերների հետ շփումներին։ Թեկնածուն նաև ասաց՝ անհրաժեշտ է բացառել հովանավորչությունը․ «Կոռուպցիան դրսևորվում է նաև հովանավորչությամբ։ Եթե հովանավորչությանը նպաստող պայմանները չհաղթահարվեն, սա լուրջ մարտահրավեր է օրենքի գերակայությանը, ինչն էլ քայքայելու է ժողովրդավարության հիմքերը»։ Մյուս խնդիրը, որին անդրադարձավ Վարդապետյանը, հանցագործությունը կանխարգելող մեխանիզմները քրեական գործի հարուցման և քննության ֆորմալ մեխանիզմներով փոխարինելն է։ «Կանխարգելման մեխանիզմը աշխատելու փոխարեն սկսում է աշխատել շատ ավելի ծանր ու թանկ մեխանիզմ, որ կոչվում է քրեական գործ։ Քրեական գործ բառը հեշտ արտասանում ենք, բայց դա շատ թանկ է նստում մեր հարկատուների վրա։ Ցանկացած փաստաթուղթ, որ ներառված է քրեական գործի մեջ, ձևավորվում  է մեր հարկատուների հաշվին և առանց պատշաճ կանխարգելման մեխանիզմների խոսել քրեական քաղաքականության մասին էլի կարծում եմ ժամանակավրեպ է»։
12:26 - 29 հունիսի, 2022
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում է նաև գլխավոր դատախազի ընտրության հարցը

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում է նաև գլխավոր դատախազի ընտրության հարցը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նստաշրջան է գումարել, որի օրակարգում գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի ընտրության, ինչպես նաև  Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների ընտրության հարցն է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հաստատել էր տեղեկությունը, ըստ որի ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Իսկ   պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ՝ արտահերթ նիստի ընթացքում, քվեարկությամբ որոշել էր այդ պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Նշենք նաև, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: 
11:19 - 29 հունիսի, 2022