Սեյրան Օհանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խմբակցության ղեկավար։

Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին։ Սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանում։ 1992թ․ դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետ։ 1994-1998թթ. եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998թ. հոկտեմբերից՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

1999-2000թթ. զբաղեցրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը,  2000-2007թթ. եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար:

2007-2008 թ․-ին եղել է ՀՀ զիված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

2008-2016թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

1995թ. արժանացել է գեներալ-մայորի, 2000թ.՝ գեներալ-լեյտենանտի, 2007թ.՝ գեներալ-գնդապետի զինվորական կոչումների:

1999 թ․-ին արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման  եւ «Ոսկե արծիվ» շքանշանի։

 

Կառաջարկեի, որ ԳՇ-ն և ԳՇ պետը որոշակի բացատրական հայտարարությամբ հանդես գային մեր ժողովրդի համար․ Սեյրան Օհանյան |tert.am|

Կառաջարկեի, որ ԳՇ-ն և ԳՇ պետը որոշակի բացատրական հայտարարությամբ հանդես գային մեր ժողովրդի համար․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: Իրավապահ համակարգին խորհուրդ կտամ, որ քիթները չմտցնեն բանակի գործերի մեջ, որովհետև այնտեղ շատ դժվար փորձություն է նրանց սպասվում: Այս մասին այսօր Երևանի Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ձերբակալելու միջոցով լռեցնելու հնարավոր տարբերակի մասին: «Իհարկե, լավ կլիներ, որ ամեն ինչ հարթ անցներ, բայց երբ բանակը տեսնում է, որ այս իշխանությունը կամաց-կամաց մեր երկիրը հանձնում են թուրքերին, այդ դեպքում այսպիսի որոշում է ընդունել, և ես այսօր կառաջարկեի, որ ԳՇ-ն և ԳՇ պետը որոշակի բացատրական հայտարարությամբ հանդես գային մեր ժողովրդի համար»,-ասաց նա:  Սեյրան Օհանյանը ժողովրդին կոչ արեց, որ սատար կանգնի բանակին, որպեսզի մոլորության մեջ չլինեն, որովհետև Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնելու է այն արտահայտությունը՝ եթե նա չկանգնեցներ պատերազմը, ապա մնացյալ տարածքները ևս չէին պահպանվի: Օհանյանը հիշեցրեց, որ Արցախում պատերազմի ժամանակ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել մոբիլիզացիոն խնդիրները և նա Փաշինյանին ցույց է տվել հիմնական միջոցառումների պլանը, որը նա էր կազմել: Այդ պլանի 11-րդ կետում նշված է եղել՝ ապահովել բանակի հեռանկարային համալրումը, սանիտարական կորուստների վերականգնումը, նոր ձևավորվող զորամասերի ստորաբաժանումներով համալրումը, ինչպես նաև առաջարկել հատուկ մեկամսյա, մեկշաբաթյա կամ այլ տևողության հավաքներ իրականացնել:«48 ժամվա պետության գործը նրանք կատարել են 44 օրում: Ես նրան ասել եմ, որ Արցախ եմ եկել ինքնակամ, ինձ ո՛չ այստեղ հրավիրել են, ո՛չ էլ կարող են հետ ուղարկել, «Մարտի 1»-ով ինձ վրա քրեական գործ կա, բայց ես չեմ եկել դիվիդենտներ հավաքելու համար, ասել եմ՝ այս կետը ձեր հացն է, կատարեք այս կետը, հաղթեք, ինձ տարեք 20 տարի նստացրեք: Կատարե՞լ են, իրենցից հարցրեք, անգրագիտության հետևանքներ են և դիտավորությունները նաև երևում են թուրքերի ու ադրբեջանցիների հետ մտած հարաբերություններից»,- ասաց Օհանյանը:Սեյրան Օհանյանը նշեց, որ այս առաջարկին Փաշինյանի արձագանքն այսպես է եղել՝ կկատարեմ, բայց վերջինիս պնդմամբ, չի տեսել նման բան: 
18:47 - 01 մարտի, 2021
Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են. սա ոչ թե հեղաշրջում է, այլ ժողովրդի և բանակի միացում. Սեյրան Օհանյան |tert.am|

Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են. սա ոչ թե հեղաշրջում է, այլ ժողովրդի և բանակի միացում. Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: Մեր նպատակը մեկն է, մեր նպատակը մեծ է, ռազմավարական է, և մենք, քայլ առ քայլ ճանապարհին ամեն ինչ հարթեցնելով, գնում ենք դեպի հաղթանակ: Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում «Բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը» ակցիայի ժամանակ իր ելույթի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Այս պատերազմի ընթացքում, որոշ ժամանակահատվածներում բանակը մենակ էր մնացել: Մեզ՝ բոլորիս համար հասկանալի է, որ այս ամենի արդյունքն է ոչ լիարժեք, անգրագետ ապիկար կառավարման, որովհետև այս իշխանությունները և ՀՀ-ի կառավարության ղեկին նստած անձնավորությունը կառավարման որևէ հատկանիշ չունի և նրա կառավարման հատկանիշների արդյունքում է, որ բանակը մնաց միայնակ»,-ասաց նա: Օհանյանի խոսքով՝ ամբողջ պատմության ընթացքում հայ ազգը միասնական է եղել, բանակի թիկունքին է եղել ժողովուրդը, մտավորականները, կամավորները, և բանակը հաղթանակ է տարել այսպես: «Հարևան հրապարակում այս ապիկար իշխանության ղեկավարն իր կողքն է հավաքում իր համախոհներին, ես որևէ մեկին չեմ մեղադրում իր կարծիքի համար, բայց ինչու այդ նույն կերպով ՀՀ վարչապետը չվարվեց պատերազմի ժամանակ, որովհետև բանակը, ժողովուրդը նրան պետք էր միայն ինքնագովազդով զբաղվելու համար: Իհարկե, նա չի կարող ինքնագովազդով երկիր ղեկավարել»: Արցախի հերոսը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մի որոշ ժամանակ առաջ հոծ բազմություն հավաքեց ու գնաց Եռաբլուր՝ գրկելով զինված զինծառայողների ծնողներին, բայց այդ նույնը չարեց պատերազմի ժամանակ, չհավաքեց ժողովրդին ու չգնաց հայրենիքը պաշտպանելու, թև-թիկունք չկանգնեց բանակին, սպային, զինծառայողին: «Սա է ամենակարևոր առանցքը, որ նա հիմնահատակ ջախջախել է մեր ժողովրդի միասնության գաղափարն այս պատերազմի ժամանակ: Ես չեմ զարմացել սրանից, որովհետև նա դա արել է 2,5 տարվա ընթացքում՝ պառակտելով հասարակությունը, բաժանել հների և նորերի, սևերի և սպիտակների»,-ասաց նա և հավելեց, որ այս երկրի ղեկավարը չի էլ հասկացել, որ բանակում հին լինելը նշանակում է փորձառու լինել:
16:20 - 25 փետրվարի, 2021
Նիկոլ Փաշինյանի ասածների մեծ մասը սուտ է, նա պետք է պատասխան տա ռազմավարական գործընկերոջից ձեռք բերված սպառազինության մասին իր արտահայտությունների համար. Սեյրան Օհանյան |tert.am|

Նիկոլ Փաշինյանի ասածների մեծ մասը սուտ է, նա պետք է պատասխան տա ռազմավարական գործընկերոջից ձեռք բերված սպառազինության մասին իր արտահայտությունների համար. Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա իր արտահայտություննեի համար ռազմավարկան գործընկերոջից ձեռք բերված սպառազինության վերաբերյալ: Այս մասին ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «Իսկանդեր»-ի մարտունակության վերաբերյալ: Ըստ նրա՝ Փաշինյանը շատ հեռու է, «Իսկանդեր»–ի վիճակի մասին խոսելուց, դրա  մասին պետք է ՊՆ մասնագետները խոսեն:- Պարոն Օհանյան, Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել, ասել է, որ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով: Ի՞նչ կասեք այս հայտարարության մասին, ինչ է  նշանակում պայթել է 10 տոկոսով:- Նախ ասեմ, որ Փաշինյանը չէ այն մասնագետը, ով կարող է գնահատական տալ «Իսկանդեր»-ի  տեխնիկական վիճակի և մարտական կիրառման պիտանելիության վերաբերյալ: Դրա մասնագետները ՀՀ ԶՈւ Հրթիռահրետանային վարչության համապատասխան մասնագետներն են: Այդ մասնագետներն են, որ «Իսկանդեր»-ի գնման գործընթացի սկզբնական փուլում ՌԴ են գնացել, փորձարկել են բոլոր առումներով, ստուգել են և՛ համակարգի, և՛ հրթիռների տեխնիկական վիճակը: Կարծում եմ, որ նաև այս տարիների ընթացքում ՊՆ և տվյալ վարչությունն ունեն պլան «Իսկանդեր»–ի համապատասխան վիճակում պահպանման թե՛ համակարգի, և թե՛ հրթիռների հետ կապված տեխնիկական սպասարկման, և՛ մարտունակության անընդհատ ստուգման հետ կապված՝ նկատի ունեմ տարբեր մարզումների և զորավարժությունների միջոցով: «Իսկանդեր»–ը , երբ ընդունվել է, ամեն ինչ նորմալ վիճակում է եղել և դրանում համոզվել են պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի համապատասխան մասնագետները: «Իսկանդեր»-ի օգտագործումը ԶՈՒ պլանի համաձայն նախատեսված է հակառակորդի կարևորագույն օբյեկտների խոցման համար: Իսկ թե այն որ փուլում և ինչպես է օգտագործվել, դրա պատասխանը ես այսօր չունեմ:Ինչ վերաբերում է 10 տոկոս պայթելուն, ապա ես չգիտեմ, թե դա ինչ է նշանակում՝ ի՞նչ է, երբ որ կրակել են, խոցել են 10 տոկոսը չի՞ պայթել, 90 տոկո՞սն է պայթել: Հենց այդ արտահայտությունները անողից պիտի պարզել, թե ինչ է նկատի ունեցել: Ես կարող եմ ասել հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանը շատ հեռու անձնավորություն է, որ գնահատական տա «Իսկանդեր»–ի ընդհանուր վիճակի մասին:- Պարոն Օհանյան ռուսական մամուլը անդրադառնում է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով որ «Իսկանդեր»–ը անգործունակ է անվանել՝ քաջ հասկանալով, որ վնասում է ռազմավարական հարաբերություններին:- Զենքի հետ կապված խնդիրները, որոնք ընդգրկում են լայն շրջանակ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն, լուծվում են, կամ դրա մասին ասվում է՝ հաշվի առնելով գաղտնիության սկզբունքը, տվյալ սպառազինության տեսակի կարևորությունը և այդ ամենը կոնֆիդենցիալ պիտի լինի: Ինքը այդպիսի արտահայտություն է անում, դրա համար պետք է պատասխան տա:Արդեն գիտեք, ես ոչ մի բանից չեմ զարմանում, նրա բոլոր հայտարարությունները մեծամասամբ մեկը մյուսին հակասում են, մեծ մասը պարզվում է՝ սուտ է:   Առավել մանրամասն՝ tert.am-ում
14:27 - 24 փետրվարի, 2021
Սերժ Սարգսյանը ճշմարտությունն է ասում. իշխանությունն ամեն ինչ արել է, որ պատերազմ լինի. Սեյրան Օհանյան |aysor.am|

Սերժ Սարգսյանը ճշմարտությունն է ասում. իշխանությունն ամեն ինչ արել է, որ պատերազմ լինի. Սեյրան Օհանյան |aysor.am|

aysor.am:   Հարցազրույց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։ - Պարոն Օհանյան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հայտարարեց, թե Շուշիի պաշտպանությունը թողնվել էր Սեյրան Օհանյանի վրա «ուրիշ բանի համար»։ Ասաց՝ Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի «ջեբը»: Կիսո՞ւմ եք նախագահի այս տեսակետն ու, ընդհանրապես, ի՞նչ կատարվեց Շուշիում։ - Լսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ ևս մեկ անգամ ուզում եմ կարևորել այն բոլոր արժեքները, որ կերտվել են այս 30 տարիների ընթացքում ու բոլոր այն մարդկանց, այն մեծ թիմը, որոնք համախմբված են եղել ՀՀ երեք նախագահների, Արցախի Հանրապետության նախագահների շուրջ։ ՀՀ երրորդ նախագահը կիսում է բոլորի մտահոգությունները, ինքն անցել է այս ամբողջ ճանապարհով ու ունի այդ հնարավորությունները ու նաև պարտավոր է մեր հանրությանը ներկայացնել այնքանով, որքանով որ հնարավոր է։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը խոսեց ոչ միայն մտահոգությունների, այլ նաև՝ մտավախությունների մասին, որոնք արտահայտվում էին և բանակցային գործընթացում ձախողումների, և պետական կառավարման ընթացքում ունեցած թերությունների ու բանակաշինության, ընդհանուր առմամբ, նաև այս վերջին պատերազմի, որոնց մաս է կազմում նաև Շուշիի շուրջ գոյություն ունեցող առեղծվածը։ Ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ երրորդ նախագահին ճշմարտությունը մեր հանրությանը ներկայացնելու համար, մի ճշմարտություն, որը հանրության մեծամասնությունը կիսում է։Ինչ վերաբերում է Շուշիին, Շուշիում ես եղել եմ 44 օրվա ընթացքում մի քանի անգամ տարբեր հարցերով՝ կամավոր կերպով, բայց մի քանի օրով եղել եմ արդեն նոյեմբերի սկզբներին, ընդ որում, նոյեմբերի սկզբներին՝ Արցախի Հանրապետության նախագահի խնդրանքով։ Այնտեղից ես դուրս եմ եկել նոյեմբերի 6-ի առավոտյան՝ 5։30։ Ես կիսում եմ այն մտահոգությունը, որ ունի երրորդ նախագահը։ Նա տիրապետում է ավելի մեծ ինֆորմացիայի ու, կարծում եմ, նա ճշմարտությունն է ասում, մնացածը, թե ինչ մութ պահեր կան Շուշիի հանձնման հետ կապված, կարծում եմ, երբ որ ստեղծվի քննիչ հանձնաժողովը, ապա ի հայտ կբերի բոլոր խնդիրները՝ Շուշին հանձնվե՞լ է, դավադիր գործողությո՞ւն է եղել, թե՞ մարտական գործողությունների ընթացքում է ամենը եղել։ - Ըստ Սերժ Սարգսյանի՝ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ։ Այս մասով դուք ի՞նչ տեղեկության եք տիրապետում։ - «Իսկանդերի» կիրառման մասին ես, ինչպես բոլորը, լսել եմ լրատվությունից, մնացածի մասին տեղեկություն չունեմ։ - Սերժ Սարգսյանը խոսեց նաև Զինված ուժերի զարգացման պլանից՝ նշելով, թե նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, սակայն նոր իշխանությունը փոխեց պլանը։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է իշխանությունը գնացել այդ քայլին, ինչո՞ւ է փոխվել պլանը, երբ անընդհատ խոսվում է, թե Հայաստանն ԱԹՍ-ների կարիք, միանշանակ, ունի։ - Նախագահը բացարձակ ճշմարտությունն է ասում, ես միայն կարող եմ հավելել, որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ զինված ուժերի 2016-2020 թվականների պլաններում էլ մենք արագ փոփոխություններ ենք մտցրել և բավականին մեծ քանակությամբ ոչ միայն անօդաչու թռչող սարք, այլ նաև և օդուժի, և հակաօդային պաշտպանության, և ռադիոէլեկտրոնային պայքարին վերաբերող միջոցներ պետք է գնվեին։ Այնուհետև նաև 2018-2024 թվականների նոր պլան էր կազմվել, դա, արդեն, իմ ժամանակ չի եղել։ Քանի որ նախագահն ասում է, նշանակում է՝ ինքը ճշմարտությունն է ասում։ Յուրաքանչյուր այդպիսի պլան՝ Զինված ուժերի զարգացման և Զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր, քննարկվում ու կազմվում է ՀՀ պետական համակարգի շրջանակում՝ միջգերատեսչական հանձնաժողովի համատեղմամբ, որտեղ մասնակցում են պետական կառավարման բոլոր մարմինները, ընդ որում, միջազգային փորձագիտական խմբեր են մասնակցում ու որոշվում է դրանց կարևորությունը։ Հապճեպ փոփոխություններ մտցնել այդ ծրագրերի մեջ, նշանակում է լիարժեք չտիրապետել իրավիճակին։ Նաև՝ մեզ համար հասկանալի է, որ այս իշխանություններն իրենց ամբողջ աշխատանքը դրել էին միայն տեղեկատվության ու հակատեղեկատվության վրա՝ զբաղվելով բացառապես այն ուղղությունների վրա, որոնք կբարձրացնեն իրենց վարկանիշն ու հասարակության մեջ կբարձրացնեն իրենց արժանիքները, իրենք այդպես էին մտածում, այնինչ, զինված ուժերի զարգացումն ու բանակաշինությունն, առաջին հերթին, նպատակ ունի մարտունակության ու նպատակ ունի մարտական կարևոր որակների բարձրացման ուղղությամբ աշխատանքների։ Ավելին՝ aysor.am-ում
16:21 - 17 փետրվարի, 2021
Շուշիում Արգիշտի Քյարամյանի հետ ենք եղել․ ինքը և ես աջակցել ենք հրամանատարին․ Սեյրան Օհանյան |news.am|

Շուշիում Արգիշտի Քյարամյանի հետ ենք եղել․ ինքը և ես աջակցել ենք հրամանատարին․ Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով  ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, ըստ որի նոյեմբերի սկզբին ինքը Շուշիում եղել է Սեյրան Օհանյանի հետ իրար հետ էլ նույն մեքենայով այնտեղից դուրս են եկել: «Ես այդ մասին մի քանի հարցազրույցներում ասել եմ: Շուշիում մենք իրար հետ ենք եղել, ինքը  աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել: Դեռ ավելին, հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով, այս կամ այն հատվածում ինքն ինքնակամ հանդերձավորվել եւ գնացել համապատասխան աշխատանքներ է կատարել ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման, ինժեներական աշխատանքների: նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5.30 մենք միասին նույն մեքենայով դուրս ենք եկել: Այնուհետեւ տարբեր խնդիրներ ենք կատարել: Նոյեմբերի 7-ին ինքը խնդրել է, ես իմ մեքենայով իրեն բերել եմ Երեւան»,-ասաց նա: Ավելի վաղ Արգիշտի Քյարամյանը Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով տեղեկություններին, թե ինքը Շուշիից ինկասացիայի մեքենաներով ոսկիներ ու փողեր է դուրս բերել պատերազմի ընթացքում, ասել էր, որ Շուշիից դուրս է եկել շուրջ մի տասնյակ մարդկանց հետ, որոնց թվում եղել են գնդապետներ, որոնց թվում եղել է Սեյրան Օհանյանը։
13:25 - 19 հունվարի, 2021
Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ և Ադրբեջանի գլխավոր դատախազները․ Սեյրան Օհանյան

Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ և Ադրբեջանի գլխավոր դատախազները․ Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կրկին բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազին։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Երբ N1 բաց նամակով դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին (մամուլից տեղեկանալով, որ նրա մոսկովյան այցի ժամանակ հայ ռազմագերիների հարցի հետ մեկտեղ շրջանառվել է Ադրբեջանի կողմից իմ նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցը), ակնկալում էի բացատրություն, իրավաբանական պատասխան՝ սպառիչ և հստակ հղումներով։ Այնինչ ստացա քնարական զեղումներով, իրավական մասնագիտական հարթությունից դուրս, լղոզված մի շարադրանք, որտեղ երեք անգամ օգտագործվում է «տարակուսանք» բառը (հոմանիշներից մեկը՝ զարմանք), և հետևություն արեցի, որ պարոնայք դատախազները շատ զարմացած են։ Սակայն իրականում ոչ միայն դատախազության պատասխանը, այլև դատախազության գործունեությունն ինքնին այս դեպքում ոչ թե տարակուսելի է, այլ տարօրինակ: Պարզաբանեմ. դատախազության պատասխանում պարունակում է հղում իրենց պաշտոնական հաղորդագրություններին, որում գնահատական են հնչեցրել Ադրբեջանի զինված ուժերի և այդ զինված ուժերում ներգրավված ահաբեկչական խմբավորումների կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակչության դեմ կատարված մի շարք, այդ թվում՝ միջազգային հանցագործությունների վերաբերյալ: Ակնհայտ է, որ դատախազությունն ունի ավելի լայն լիազորություններ, քան հասարակական կազմակերպությունները, և բացի հաղորդագրություններ տարածելուց՝ պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր: Մասնավորապես, եթե ՀՀ դատախազությունը իրապես հարուցել է քրեական գործեր պատերազմական հանցագործությունների առնչությամբ, ապա իսկապես տարօրինակ է, որ մինչև այսօր որևէ մեկը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունից, հատկապես նման գործողությունների հրաման տված պաշտոնատար անձինք չեն ներգրավվել որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ ևս չի հայտարարվել հետախուզում: Դատախազությունը պատերազմի ընթացքում տարածում էր լայնածավալ հաղորդագրություններ (Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում…), բայց արդյունքում ոչ միայն ադրբեջանցի ոչ մի հրամանատարի կամ ռազմաքաղաքական ղեկավարի պատասխանատվության չեն կանչել, այլև արդյունքում Ադրբեջանն է հետախուզում հայտարարում իմ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ: Այս հանգամանքը, իսկապես, տարօրինակ չէ՞, տարօրինակ է: Ես մասնակցել եմ ինչպես 1991-1994թթ․, այլև ապրիլյան պատերազմին, սակայն Ադրբեջանի իրավապահ մարմինները երբեք չեն հանդգնել ո՛չ իմ, ո՛չ էլ որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, առավել ևս՝ հայտարարել հետախուզում: Իսկ այս 44-օրյա պատերազմից հետո, երբ ես և ամբողջ հայ ժողովուրդը պաշտպանում էինք մեր հայրենիքը ադրբեջանական ագրեսիայից, արդյունքում իմ և Արցախի ղեկավարների նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Տարօրինակ չէ՞, տարօրինակ է: Դատախազության պատասխանում նշվում է, որ ապօրինի հետախուզումների հարցը բարձրացվել է ՌԴ դատախազի հետ հանդիպման ժամանակ: Այսինքն, դուք ընդունում եք, որ ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, սակայն չի՞ բարձրացրել ապօրինի հետախուզումների հարցը և այդ մասին խոսել է միայն ՌԴ դատախազի հետ: Համաձայնեք, որ սա արդեն ոչ թե տարօրինակ է, այլ զավեշտ: Այստեղ շատ հետաքրքիր է, եթե այդ հարցով չեն խոսել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, ապա ի՞նչ ավելի կարևոր հարց կարող է լինել, բացի ռազմագերիների և ապօրինի հետախուզումների հարցը: Տարօրինակ չէ՞, տարօրինակ է: Դատախազության գործունեության մեջ և պատասխանում կա մեկ օրինաչափություն: Օրինաչափությունն այն է, որ իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը: Տարօրինակ չէ՞, ո՛չ, սա օրինաչափ է: Իսկ ինչ վերաբերում է ինդուլգենցիային, ապա եթե դուք խորությամբ հասկանայիք այդ տերմինի իմաստը, չէիք օգտագործի, քանի որ դուք եք ձեր պաշտոնն ինքնին դիտարկում որպես ինդուլգենցիա՝ ապօրինի և շինծու քրեական գործեր հարուցելով և ապօրինի մեղադրանքներ կազմելով, ինչը, վստա՛հ եղեք, ժամանակավոր է և կունենա իրավական հստակ ձևակերպումներ ապագայում: Եվ վերջապես, ափսոսում եմ, որ ՀՀ դատախազության գործունեությունը սահմանափակվում է իր կողմից տարածված հաղորդագրություններով, իսկ գործունեության արդյունավետությունը՝ այդ հաղորդագրությունների քանակով և ծավալով և ոչ թե իրավական, այդ թվում՝ միջազգային իրավական հարթությունում հայ ռազմագերիների կամ ապօրինի հետախուզումների հարցերը փաստացի լուծելով: Ամո՛թ»։ Հիշեցնենք՝ Սեյրան Օհանյանը ևս մի բաց նամակ էր հղել գլխավոր դատախազին, իսկ դատախազությունն արձագանքել էր նամակին։
12:41 - 16 հունվարի, 2021
ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Սեյրան Օհանյանի գրառմանը

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Սեյրան Օհանյանի գրառմանը

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հրապարակային գրառմանը՝ նշելով, որ այն տարակուսանքի տեղիք է տալիս։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ռազմաքաղաքական գործչին ոչ բնորոշ ավելորդ գացմունքայնություն ցուցաբերելով  և ցավալիորեն խեղաթյուրելով փաստերը՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հրապարակային գրառում է կատարել, որի բովանդակությունը անկեղծ տարակուսանքի տեղիք է տալիս: Նախ՝ տարակուսանքով պարոն Օհանյանի գրառումից պարզեցինք, որ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը Արդբեջանի գլխավոր դատախազի հետ ինչ-որ փաստաթղթեր է ստորագրել: Հավանաբար այս ակնհայտ սուտը ճշմարտանման դարձնելու մղումն է եղել պատճառը, որ հարգելի պարոն Օհանյանը չի բացահայտել գոյություն չունեցող «ստորագրված փաստաթղթի» բովանդակությունը կամ գոնե ուղղվածությունը: Իրականում, ինչպես հրապարակվել է, փաստաթուղթ ստորագրվել է ՌԴ և ՀՀ գլխավոր դատախազությունների միջև՝ այն էլ  բացառապես երկու գերատեսչությունների միջև համագործակցության վերաբերյալ: Տարակուսանքով պարզեցինք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից ՀՀ և ԱՀ պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ-ի խողովակներով ապօրինի հետախուզումների հարցը քննարկել է Ադրբջանի դատախազի հետ: Իրականում, ինչպես պաշոնապես տեղեկացրել ենք, նման հարց բարձրացվել է ՌԴ գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ: Այս իմաստով նույնքան տարակուսելի են պարոն Օհանյանի՝ բառացիորեն օդից վերցրած այն պնդումները, թե «դուք ոչ մի խոսք չասացիք, չարտահայտեցիք ձեր դիրքորոշումը Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության և իրավական համակարգի, ինչու ոչ, նաև իմ նկատմամբ իրականացված անօրենության վերաբերյալ»։ Եթե նախկին նախարարն առաջնորդվեր իրականությունը ներկայացնելու, այլ ոչ թե ցանկալին իրականության տեղ մատուցելու սկզբունքով, ապա նման պնդումներ անելուց առաջ գոնե կթերթեր պատերազմի ողջ ընթացքում  և դրա ավարտից հետո ՀՀ դատախազության պաշտոնական հրապարակումները, որոնք հստակ և միանշանակ որակումներ են պարունակում ինչպես Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեիսվ պատերազմի, դրան Թուրքիայի օժանդակության, պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի իրականացած պատերազմական հանցագործությունների, միջազգային գործընկերների ուշադրությունն այդ ամենի վրա հրավիրելու, հնարավոր բոլոր միջազգային խողովակներն այդ նպատակով օգտագործելու վերաբերյալ, այլ նաև՝ ՀՀ նախկին և ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված ապօրինի և անհիմն քրեական հետապնդումների, հետախուզումների: Ադրբեջանական նմանօրինակ ապօրինի գործելաոճի հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ ՀՀ դատախազությունը մշտապես, նաև ՌԴ գործընկերների աջակցությամբ, արդյունավետ ջանքեր է գործադրել, որը բազմիցս հանրայնացվել է: Եթե դժվար է ՀՀ դատախազության պաշտոնական կայքում դրանք հայտնաբերել, կարող ենք հաղորդագրությունների ամբողջ փաթեթը սիրով ուղարկել գրառման հեղինակին: Ամենացավալին, սակայն, այն արձանագրումն է, որ որպես պաշտպանության նախարար՝ իր պաշտոնավարման ընթացքում տարբեր ձևաչափերով Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպումների մասնակցած, տասնամյակներ շարունակ արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված երկկողմ ու բազմակողմ բանակցություններին, տարբեր տարիներին հենց երկկողմ կամ այլ ձևաչափերով տեղի ուենցած շփումների արդյունքում հայ գերիների փոխանակման ականատես եղած անձի համար կարող է հիմա անընդունելի համարվել նման նուրբ ու չափազանց կարևոր խնդիրների լուծմանը միտված եռակող ձևաչափով ադրբեջանական կողմի հետ շփումները: Եթե նախկին նախարարը համարում է, որ չկա նման հաղորդակցության անհրաժեշտություն, ապա անհասկանալի է՝ նախ ինչու էր նախկինում լռում այդ մասին և ապա՝ ինչ այլընտրանք է առաջարկում: Իսկ ընդհանրապես, անկախ նրանից՝ կոնյուկտուրային ինչպիսի դիրքորոշում կամ դիրքորոշման փոփոխություն կունանա հարգելի պարոն Օհանյանը, դատախազությունը իր լիազորությունների շրջանակներում ոչ միայն  շարունակելու է նշված ուղղություններով իր ջանքերը, ալևս ամեն ինչ անելու է, որպեսզի լուծի այդ հարցը: Ինչ վերաբերում է իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ գրառմամբ արված խիստ սուբյեկտիվ, էմոցիոնալ մեկնաբանություններին, ապա դրանց առթիվ ընդամենը կարելի է ըմբռնում հայտնել: Ուղղակի ցավալի է տարածում գտած ընկալումը, որ երբևէ ծառայողական պարտքի կատարումը, նաև լավագույն ներդրումը ինդուլգենցիա է ենթադրում:  Սա չափազանց վտանգավոր միտում է, որի հետևանքները, ցավոք, կրում ենք»,- ասվում է պատասխանում:Հիշեցնենք, որ այսօր Սեյրան Օհանյանը բաց նամակով դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նամակում Օհանյանը գրել էր․«Պարո՛ն դատախազԵս՝ որպես ռազմաքաղաքական գործիչ, ով կանգնած է Արցախի և Հայաստանի պետականության ու բանակի կերտման հիմքում և այսօր էլ խորապես մտահոգ հետևում է հայ գերիների ազատման, վերադարձի գործընթացին, անկեղծորեն չեմ հավատում ո՛չ ձեզ, ո՛չ էլ այս իշխանության ո՛րևէ անդամի, որ կարող եք ներդրում ունենալ միջազգային ասպարեզում մեր պետությանը և նրա հեղինակությանը վերաբերող որևէ հարց հօգուտ Հայաստանի լուծելու համար։Պարտված իշխանության ներկայացուցիչը չի կարող միջազգային ասպարեզում պաշտպանել ադրբեջանական բանտերում որպես ահաբեկիչներ պահվող հայ ռազմագերիների շահերը, առավել ևս՝ ապահովել նրանց վերադարձը։Ինչպես կարող է այս իշխանության ներկայացուցիչը խոսել ռազմագերիների մասին, երբ միջազգային ատյաններում որևէ ջանք չի ձեռնարկել՝ Ադրբեջանին խստորեն դատապարտելու 2020թ․ 44-օրյա պատերազմը սանձազերծելու համար՝ միևնույն ժամանակ փաստացի արձանագրելով, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել 1992-1994 թթ․ Արցախյան առաջին, 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմները, որոնք ուղեկցվել են ռազմական ծանրագույն հանցագործություններով»։
19:28 - 15 հունվարի, 2021
Անդրանիկ Քոչարյանը ինձ չի զանգահարել և անձամբ չի հրավիրել քննարկումների․ Սեյրան Օհանյան |tert.am|

Անդրանիկ Քոչարյանը ինձ չի զանգահարել և անձամբ չի հրավիրել քննարկումների․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: 44 օրվա ընթացքում այդ մարդկանց ձայնը չէր էլ լսվում, հիմա աքլորացել են, աշխուժացել, ուզում են քննարկումներ կազմակերպել: Այս մասին ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու չի ցանկանում մասնակցել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից մատնանշված քննարկումներին: «Ինքներդ ձեր մեջ քննարկումները կազմակերպեք, մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ Անդրանիկ Քոչարյանից քննարկումներին մասնակցելու որևէ հրավեր չեմ ստացել»,- հավելեց Օհանյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերոց մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ առաջարկել է Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ կազմակերպել՝ իր, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Նրա խոսքով՝ Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան:  Սեյրան Օհանյանը նշեց, որ ինքը քննարկումներից չի խուսափում, բայց կարևոր է, թե դրանք ինչ նպատակով են արվում, եթե որևէ բանից խուսափող լիներ, մարտական գործողությունների ժամանակ 40 օր Արցախում չէր լինի, ապրիլյանի հանձնաժողով չէր գնա: Նրա խոսքով՝ Անդրանիկ Քոչարյանը իրեն չի զանգահարել և անձամբ չի հրավիրել քննարկումների։ «Ինձ զանգել է Պետրոս Ղազարյանը և ասել, որ ցանկանում է քննարկումներ   կազմակերպել տարվա առանձնահատկությունների, անվտանգության և այլ հարցերի վերաբերյալ: Ես տեղեկացրել եմ, որ անձնական հանգամանքներից ելնելով՝ չեմ կարող մասնակցել: Ուզում եմ ասել հետևյալը՝ եթե քննարկումները կազմակերպվում են անձամբ Անդրանիկ Քոչարյանի կողմից, ապա նրա հետ ունեցել ենք բարիդրացիական հարաբերություններ, ինքը կարող էր անձամբ զանգահարել, մանավանդ, որ նյութի մասին իմանալով՝ իրեն մի քանի անգամ զանգահարել եմ, չի պատասխանել: Ինքը այնտեղ ասում է՝ Սամվել Բաբայանը համաձայնել է մասնակցել, իսկ ես չեմ համաձայնել, եթե իր նպատակը բուն քննարկումներ կազմակերպնել է, ոչ թե դրանք մանրահատակի աստիճանի իջեցնելը, ապա կարող է կազմակերպել Բաբայանի և մնացածի միջև, ես պարտավոր չեմ ամեն մեկի ասածի համար քննարկումներ կազմակերպել, մանավանդ՝ ինչպես ինքն է նշում, հարցը վերաբերում է բանակին, պարտությանը, ապագային»,-ասաց նա: Շարունակությունը tert.am-ում։
14:54 - 30 դեկտեմբերի, 2020
Առաջարկել եմ բանավեճ կազմակերպել իմ, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ․ Բաբայանը ընդունել էր, Օհանյանը հրաժարվել էր մասնակցել․ Անդրանիկ Քոչարյան

Առաջարկել եմ բանավեճ կազմակերպել իմ, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ․ Բաբայանը ընդունել էր, Օհանյանը հրաժարվել էր մասնակցել․ Անդրանիկ Քոչարյան

Առաջարկել եմ Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ կազմակերպել՝ իմ, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ կրկին բանավեճի հրավիրելով Օհանյանին։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․«Սեյրան Օհանյանի կողմից գլխավորած պաշտոնաթող գեներալների տարածած հայտարարությունից հետո Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկել եմ Հանրային հեռուստաընկերության եթերում ցանկացած ձևաչափով բանավեճ կազմակերպել՝ իմ, Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի և 2008-2016թթ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան: Որպես կառավարության հրաժարականը պահանջող պաշտոնաթող գեներալների ցուցակը գլխավորող՝ Սեյրան Օհանյանին նորից առաջարկում եմ ընդունել իմ առաջարկը և նույն ձևաչափով քննարկել մեր բանակի պարտության խորքային պատճառները, իսկ քննարկումից առաջ խնդրում եմ պարոն Օհանյանին ներկայացնել պաշտոնաթող գեներալների հավաքական տեսակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք մասնակցել են Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտմանը՝ չնայած բոլորը այդ ժամանակ ունեցել են ավելի ցածր ուսադիրներ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի պարտության խորքային պատճառները, հատկապես նրա անշրջելի ընթացքը վերջին 20 տարիների ընթացքում: Խիզախություն պետք է ունենալ դա ընդունելու և պատասխանատվություն կրելու համար: Եվ եթե այս խնդիրը չլուծվի, սերունդների դատին ենք թողնելու դավաճանների անվերջ փնտրտուքը, իսկ դա մեզ զրկելու է բանակի ապագային միտված հեռանկարը կառուցելուց: «Ես իմ գեներшլներին թույլ տվեցի հարստանալ ու շռայլ կյանքով ապրել , հետո նրանց մոտ կորավ կռվելnւ ցանկությունը, և վшխեցшն դաշտում ընկնելnւց և շռայլ կյանքից զրկվելուց». Նապոլեոն Բոնապարտ»։
13:48 - 28 դեկտեմբերի, 2020
Համընդհանուր մոբիլիզացիայի գործընթացի ձախողումը ոչ թե անգրագիտության, անփորձության հետևանք էր, այլ եղել է միտումնավոր․ Սեյրան Օհանյան

Համընդհանուր մոբիլիզացիայի գործընթացի ձախողումը ոչ թե անգրագիտության, անփորձության հետևանք էր, այլ եղել է միտումնավոր․ Սեյրան Օհանյան

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արցախյան պատերազմում համընդհանուր մոբիլիզացիայի ձախողման պատճառներին եւ դրանում Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարությանը։ Ստորեւ՝ նրա գրառումը։ «Համապետական սգո այս օրերին մինչև գետին խոնարհվելով մեր քաջարի մարտիկների սխրագործությունների, զոհվածների հիշատակի առջև, անհայտ կորածների ճակատագրով խիստ մտահոգ, սակայն լավատեսորեն սպասելով նրանցից յուրաքանչյուրին, շուտափույթ վերադարձ ցանկանալով գերիներին՝ մեր ժողովրդի ուշադրությանն եմ հրավիրում երկու կարևոր հանգամանք։ Առաջին․ դեկտեմբերի 19-ին վարչապետի՝ դեպի Եռաբլուր կազմակերպած սգո երթը դիտելուց հետո ես հասկացա, որ Արցախյան այս պատերազմում համընդհանուր մոբիլիզացիայի, զորահավաքային ռեսուրսների համալրման գործընթացի ձախողումը ոչ թե անգրագիտության, անփորձության հետևանք էր, այլ եղել է միտումնավոր՝ ինձ համար դեռևս անհայտ նպատակայնությամբ։ Եթե գերագույն հրամանատարը կարող էր մոբիլիզացնել պետության ողջ ադմինիստրատիվ ռեսուրսը՝ ներառյալ ուժային կառույցները, և անտեղի ոգևորության, ծափողջույնների ու սուլոցների ուղեկցությամբ բարձրանալ Եռաբլուր (սեփական անձի պաշտպանության անիմաստ և զավեշտալի դրվագներով), ապա ինչու ի՛նքը ողջ պետական ապարատի հետ, չկատարելով իրենց պաշտոնական ֆունկցիոնալ պարտականությունները, չմոբիլիզացրեց այդ նույն ռեսուրսը և նրանց հետ, ոգևորիչ սուլոցներով ու ծափողջույններով անձամբ չմեկնեց Արցախ՝ համալրելու մեր զինվորների` իր իսկ ձախողումների հետևանքով նոսրացած շարքերը և բեկում մտցնելու, հաղթանակ կռելու։ Եվ երբ նույնիսկ հուշումներ ստանալուց հետո վարչապետը չհասկացավ մոբիլիզացիայի դերը, ո՛ւր էին մնացած կառույցները՝ Ազգային ժողովը, կառավարությունը, տարածքային կառավարման մարմինները, մարզային կառավարման համապատասխան օղակները, զինկոմիսարիատները, որ չհուշեցին և չկատարեցին իրենց պարտականությունները։ Մենք պետությո՞ւն ենք, թե մեկ անձի․․․ Երկրորդ․ ՀՀ առօրյա գործունեության, սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման կարևորագույն ուղղություններից է արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը՝ այսինքն երկկողմ և բազմակողմ հարաբերությունները մեր գործընկեր, դաշնակից պետությունների հետ։ Իսկ պետական ապարատն իր ղեկավարի հետ արդյո՞ք կատարում է այդ պարտականությունը։Երկկողմ հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ, հարևանների հետ ձախողելուց հետո, բազմակողմ հարաբերություններում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ մեր կատարած աշխատանքները փոշիացնելով, չմասնակցելով ԱՊՀ հեռավար գագաթնաժողովին և պետությունը ներկայացնող պաշտոնյայի բացակա լինելը կապելով մեկ մարդու՝ վարչապետի անձնական խնդիրների հետ, ներկայիս իշխանությունները շարունակում են խաղալ ՀՀ արժանապատվության հետ։Խորին ցավակցություն հայտնելով երկրի վարչապետի հոր մահվան կապակցությամբ (Աստված հոգին լուսավորի)՝ հարց է առաջանում՝ չկա՞ր մեր այս պետական ապարատում այլ պաշտոնյա, ով կարող էր արժանապատվորեն, գրագետ ներկայացնել մեր պետությունը և իրազեկված, ակտիվ մասնակցել քննարկումներին, առավել ևս պատասխանել Ալիևի այն ստերին, որոնցով հերթական անգամ նա կեղծում է մեր պատմությունը, Արցախյան հարցի ծագումնաբանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման դեմ ուղղված, իրենց կողմից հրահրված բոլոր պատերազմական գործողությունները, հայկական կողմի վրա բարդելով ոչ միայն պատերազմի ժամանակ իրենց կողմից միջազգային մարդասիրական նորմերի կոպիտ խախտումների փաստերը՝ խաղաղ բնակչության, գերիների խոշտանգումները, պատմամշակութային արժեքների պղծումն ու ոչնչացումը, այլև այս տարվա վերջին սրացումներն և իր կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը, քամահրանքով մեզ ներկայացնելով որպես թույլ, բայց միևնույն ժամանակ ագրեսոր պետություն։Մենք պետությո՞ւն ենք, թե մեկ անձի․․․Այս իրականությունն է, որ ինձ բերում է այն դառը համոզման, որ ոչ միայն վերջին երկուսուկես տարիների ձախողումները, այս պատերազմում մեր պարտությունը պետական ռեսուրսների, համակարգի անգրագետ կառավարման արդյունք էին, այլև մեր պետության՝ այսպիսի անգրագետ կառավարման շարունակության դեպքում ձախողումներն ու պարտությունները մշտական են լինելու, և տուժելու է ազգը։Այդ մեկ պաշտոնյան իր թիմի հետ պետք է օր առաջ հեռանա, և իշխանության գա արհեստավարժ մարդկանց թիմ, որ հարկ եղած դեպքում և՛ ազգը կմոբիլիզացնի, և՛անվտանգությունը կապահովի, և՛ միջազգային ասպարեզում գլուխը բարձր, համարձակ, արժանապատվորեն կներկայանա։Հ․Գ․Իսկ այսօրվա՝ «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է» արտահայտությանն ի պատասխան, ևս մեկ անգամ խորապես հիասթափված՝ կարող ենք փաստել, որ փաստորեն ներկայիս իշխանության ղեկավարը միայն մեկ սահման գծելու հնարամտություն, բովանդակ կարողություն է ունեցել՝ սահման «նախկինների» և «ներկաների» միջև, բայց պարտավոր էր իրազեկված լինել, որ միջպետական սահմանները կարող են որոշվել միայն միջպետական փաստաթղթերով, միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ընդունումից հետո, այն էլ ոչ հապճեպ, այլ երկարատև բանակցելուց հետո՝ գերադասելով սեփական պետության և ազգի շահը։Նոյեմբերի 9-ին հրադադարի ստորագրման, ինձ և ժողովրդի համար անընդունելի հայտարարությունը չի կարող հիմք հանդիսանալ GPS-ով սահման գծելուն»։
09:48 - 22 դեկտեմբերի, 2020
Գործող իշխանություններն ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն անհրաժեշտ որակներ, պետք է անհապաղ հրաժարական տան․ ՀՀ ԶՈՒ պահեստազորի և պաշտոնաթող գեներալների հայտարարությունը

Գործող իշխանություններն ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն անհրաժեշտ որակներ, պետք է անհապաղ հրաժարական տան․ ՀՀ ԶՈՒ պահեստազորի և պաշտոնաթող գեներալների հայտարարությունը

ՀՀ ԶՈՒ պահեստազորի և պաշտոնաթող գեներալները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրադրությանը ու միանալով կառավարության հրաժարականի պահանջին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․  Հարգելի հայրենակիցներ, Մենք՝ ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներս, վտանգավոր համարելով Հայրենիքի առջև ստեղծված տագնապալի իրավիճակը, գիտակցելով օր առաջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, կարևորելով մեր պետության համար պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ արտաքին ու ներքին քաղաքականության անհրաժեշտությունը, առաջնորդվելով պետության ընդհանուր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության առաջնային խնդիրներով, առանցքային համարելով նոր, պրոֆեսիոնալ, բանիմաց ու քաղաքականապես պատրաստված իշխանությունների ձևավորման հրամայականը, սույն կոչով դիմում ենք մեր հասարակությանն ու իշխանություններին:   Ցավոք, վերջին զարգացումներն ու սանձազերծված պատերազմը պատճառ դարձան մեր Հայրենիքի ու նրա անվտանգության կարևորագույն հատվածի կորստի համար: Մեր Ժողովուրդն ու Բանակը, իրենց ուժերի լարումով կանգնեցին Հայրենիքի պաշտպանության ճակատում ու թիկունքին, սակայն անգրագետ, անփույթ և մեծամիտ իշխանությունները մեր երկիրը տարան կործանարար ճանապարհով: Անհրաժեշտ է օր առաջ վերակազմակերպվել ու դրանում ներգրավել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ողջ ներուժը, վերլուծել ու գնահատել ստեղծված իրավիճակը, նախանշել ճշմարիտ ուղիները և արագ ձեռնմուխ լինել դրանց կյանքի կոչմանը: Այսօր, առավել քան պահանջված է Ազգ-Բանակ սկզբունքի ներքո համախմբվելու և առաջնորդվելու մոտոցումները: Մենք կոչ ենք անում մեր հասարակությանը՝ սթափ նայել օրեցոր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին: Այդ նպատակով կարևոր ենք համարում երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, օր առաջ ապահովելով նոր՝ գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձևավորումը, պետական բոլոր կառույցների ու հատկապես բանակի խնդիրների հստակ ձևակերպումը:  Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջև ստանձնած ծանր պատասխանատվության բեռը, և պետք է անհապաղ հրաժարական տան: Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին, և պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի: Ստեղծված իրավիճակում, մեր դաշնակից երկրի՝ ՌԴ խաղաղարար ջանքերին զուգահեռ, պետք է անմասն չմնանք ու պատրաստ լինենք թշնամու ցանկացած ոտնձգության: Սա է օրվա հրամայականը:   ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ- Սեյրան Օհանյան Արցախի հերոս Յուրի Խաչատուրով ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյան ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Միքայել Գրիգորյան ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյան ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Սամվել Կարապետյան ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյան ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Վլադիկ Հովհաննիսյան ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյան ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Վալերի Գրիգորյան ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյան
14:09 - 19 դեկտեմբերի, 2020
Եթե այս իշխանությունն իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են ՀՀ անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը․ Սեյրան Օհանյան

Եթե այս իշխանությունն իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են ՀՀ անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը․ Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պետականության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման երաշխավոր իշխանությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում իրեն սատարող մեծամասնության հետ, ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ,երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ Բանակով տարավ պարտության։ Եթե այս իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը»։
14:37 - 10 դեկտեմբերի, 2020
Պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր․ այն, որ պետությունն է պարտվել, և շատ վատ փաստաթուղթ է հայ ժողովրդի առաջ դրված, միանշանակ է․ Սեյրան Օհանյան |168.am|

Պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր․ այն, որ պետությունն է պարտվել, և շատ վատ փաստաթուղթ է հայ ժողովրդի առաջ դրված, միանշանակ է․ Սեյրան Օհանյան |168.am|

168.am: «Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված տարածաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ, ու ԶՈՒ ղեկավարության առաջարկով պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր: Բայց այն, որ այս ամենը խոսում է նրա մասին, որ ոչ թե բանակը, այլ պետությունն է պարտվել, և շատ վատ փաստաթուղթ է հայ ժողովրդի առաջ դրված, դա միանշանակ է, և դրա պատասխանատվությունը պետք է կրի ՀՀ այսօրվա իշխանությունը: Պատասխանատվության չափն էլ թող որոշի ժողովուրդը»,- այս մասին հայտնեց ՀՀ և ԱՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Ի՞նչ ելքեր եք տեսնում, ինչ-որ բան հնարավո՞ր է փոխել` մեր հարցադրումներին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը նշեց. «Ցանկացած իրավիճակում կազմակերպված պետական կառավարման գործունեությունը միակ ճանապարհն է դժվար իրավիճակից դուրս գալու համար»: Անդրադառնալով քաղաքական 17 ուժերի՝ Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքին՝ ՊՆ նախկին նախարարը ասաց. «Ժողովուրդը բացատրություն է պահանջում, և գործող իշխանությունները, քանի որ մենք նաև պառլամենտական երկիր ենք, ԱԺ-ն պետք է ժողովրդին այդ բացատրությունը տա»:
15:53 - 11 նոյեմբերի, 2020