Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Արցախցիները քայլերթ կանեն դեպի ԿԽՄԿ գրասենյակ, ապա ռուս խաղաղապահների տեղակայման վայր

Արցախցիները քայլերթ կանեն դեպի ԿԽՄԿ գրասենյակ, ապա ռուս խաղաղապահների տեղակայման վայր

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ հայտնեց, թե ինչ գործողություններ են իրականացնելու։ Նա նշեց՝ շարժվելու են դեպի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակ, որ հնչեցնեն իրենց պահանջը, այն է՝ իրական ու օբյեկտիվ տեղեկություն փոխանցել միջազգային կառույցներին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։  Այնուհետև գնալու են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր, որտեղ նրանց միանալու են ասկերանցիները։ Ներսիսյանի խոսքով ռուս խաղաղապահներին ևս ներկայացնելու են Արցախն ապաշրջափակելու և հումանիտար աղետի ընթացքը դադարեցնելու պահանջ-խնդրանք, որից հետո հանդիպումը կշարունակվի Վերածննդի հրապարակում գրեթե ամենօրյա ռեժիմով։ Հրապարակում ամեն օր ներկայացվելու Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ Պետնախարարը նշեց, որ իրենց ակցիան քաղաքական չէ։ Հիշեցնենք, որ այսօր՝ Արցախի շրջափակման 215-րդ օրը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքը։ 
10:16 - 14 հուլիսի, 2023
Արցախում իրավիճակն օրհասական է․ Արցախի ՄԻՊ

Արցախում իրավիճակն օրհասական է․ Արցախի ՄԻՊ

Արցախում իրավիճակն օրհասական է։ Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։  «Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված Ադրբեջանի կողմից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120 000 մարդու կյանքին։ Ադրբեջանը երեկվանից արգելափակել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։ Խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի, իսկ միջազգային դերակատաները հայտարարություններից բացի այլ քայլեր չեն ձեռնարկում։ Միջազգային հանրությունը սպասում է հազարներով մարդիկ մեռնեն, որպեսզի հետո երկերեսանիորեն ափսոսանքներ արտահայտի։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը։ Դուք դա կարող եք անել։ Իմ ժողովուրդը մատնված է հանցավոր անտարբերության բոլորի կողմից։ Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը։ 
17:28 - 12 հուլիսի, 2023
ԵՄ-ն աջակցում է Կարմիր Խաչին և կոչ անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը |factor.am|

ԵՄ-ն աջակցում է Կարմիր Խաչին և կոչ անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը |factor.am|

factor.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի խոսնակ Նաբիլա Մասսալին հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մուտքի արգելափակման կապակցությամբ։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում գործող միակ խոշոր մարդասիրական կազմակերպության գործունեությանը: Այն կարևորագույն մարդասիրական օգնություն և պաշտպանություն է տրամադրում կարիքավորներին՝ չեզոքության, անկախության և անկողմնակալության մարդասիրական սկզբունքներին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Լաչինի միջանցքի երկայնքով Կարմիր Խաչի աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման ուղղությամբ: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է՝ ապահովել, որ ԿԽՄԿ-ն կարողանա շարունակել իր գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը: «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերին տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովել մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասվում է հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հուլիսի 11-ին Լաչինի միջանցքով երթևեկությունը ժամանակավոր դադարեցրել է՝ որպես պատճառ նշելով այն, թե հայերը ԿԽՄԿ մեքենաների միջոցով փորձել են բենզին, ծխախոտ և այլ ապրանքներ տանել Արցախ։  Ավելի ուշ ԿԽՄԿ-ից հայտնեցին՝ տեղյակ են Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին․ «Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա  ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից»։ ՀՀ ԱԳՆ-ն այսօր նույնպես հայտարարություն է տարածել՝ նշելով, որ  ԼՂ բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած ապրանքի մատակարարում ի սպառ արգելվել է։ «Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ փորձ է կատարվել տեղափոխել ծխախոտ և բջջային հեռախոսների մարտկոցներ, մի կողմից ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության ճարահատ և արժանապատվությունը ոտնահարող իրավիճակը, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցում բեռների անխոչընդոտ տեղաշարժի չգործելու փաստը»։
15:36 - 12 հուլիսի, 2023
Ադրբեջանը մաքսանենգության կեղծ պատրվակով փորձում է ԼՂ-ում Կարմի Խաչի գրասենյակը ենթարկել Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը մաքսանենգության կեղծ պատրվակով փորձում է ԼՂ-ում Կարմի Խաչի գրասենյակը ենթարկել Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին. Արցախի ՄԻՊ

Վերջին շրջանում ադրբեջանական պետական քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառում էր ԼՂ-ում ԿԽՄԿ գրասենյակն Արցախից դուրս հանելու կամ Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին ենթարկելու ապօրինի պահանջն՝ անընդհատ առիթ փնտրելով այն հիմնավորելու և իրականացնելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն, ընդգծելով, որ «մաքսանենգության կեղծ պատրվակով՝ Ադրբեջանի հուլիսի 11-ի քայլն այդ ստոր քաղաքականության իրականացմանն ուղղված գործողությունների շղթայի մի մասն է: «Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Հայաստանից Արցախ վերադարձող բուժառուների և նրանց ուղեկիցների, ինչպես նաև դեղորայքի առանց այն էլ սահմանափակ քանակի մուտքն Արցախ՝ այս անգամ «մաքսանենգության» կեղծ պատրվակով: Աշխարհի ոչ մի կետում ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներն այնքան մանրազնին չեն խուզարկվում ինչքան Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետում, որը միտված է դիտավորյալ խոչընդոտելու Արցախում միակ միջազգային մարդասիրական կազմակերպության կողմից իրականացվող առաքելությանը: Ադրբեջանն ակնհայտորեն արհամարհում է միջազգային իրավունքով սահմանված ԿԽՄԿ հատուկ կարգավիճակը, որը ենթադրում է ԿԽՄԿ անձնակազմի, տրանսպորտային միջոցների և բեռների անձեռնմխելիությունը: Սա Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ գործունեությունը իրականացնելու համար միտումնավոր խոչընդոտներ հարուցելու առաջին դեպքը չի: Նախկինում ադրբեջանական կողմն ապօրինի արգելափակված հատվածում պահանջել էր իրականացնել ԿԽՄԿ վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային ու մեքենաների ստուգումներ: Հարուցված խոչընդոտների հետևանքով հունիսի 15-ից 10 օր շարունակ ամբողջովին կասեցված էր ԿԽՄԿ կողմից դեպի Արցախ մատակարարվող դեղորայքի և բուժառուների երկկողմանի տեղափոխումը: ԿԽՄԿ գործունեությանը խաթարելով՝ ադրբեջանական կողմը հերթական անգամ ապացուցում է, որ մարդասիրական հարցերը և հումանիտար ճգնաժամը օգտագործվում են որպես Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ճնշում գործադրելու և անտանելի կենսապայմաններ ստեղծելու լծակ: Վերջին շրջանում ադրբեջանական պետական քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառում էր ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի գրասենյակի Արցախից դուրս հանելու կամ Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին ենթարկելու ապօրինի պահանջը՝ անընդհատ առիթ փնտրելով այն հիմնավորելու և իրականացնելու համար: Եվ այս քայլը այդ ստոր քաղաքականության իրականացմանն ուղղված գործողությունների շղթայի մի մասն է կազմում»,- ասված է Արցախի ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքով երթևեկությունը ժամանակավոր դադարեցրել է՝ որպես պատճառ նշելով այն, թե հայերը ԿԽՄԿ մեքենաների միջոցով փորձել են բենզին, ծխախոտ և այլ ապրանքներ տանել Արցախ։  Ավելի ուշ ԿԽՄԿ-ից հայտնեցին՝ տեղյակ են Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին․ «Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա  ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից»։
16:38 - 11 հուլիսի, 2023
Կարմիր Խաչից հայտնում են՝ առանց իրենց իմացության են վարձու չորս վարորդ փորձել առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել Լաչինի միջանցքով

Կարմիր Խաչից հայտնում են՝ առանց իրենց իմացության են վարձու չորս վարորդ փորձել առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել Լաչինի միջանցքով

Ինչպես արդեն հայտնել էինք, ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքով երթևեկությունը ժամանակավոր դադարեցրել է՝ որպես պատճառ նշելով այն, թե հայերը ԿԽՄԿ մեքենաների միջոցով փորձել են բենզին, ծխախոտ և այլ ապրանքներ տանել Արցախ։  ԿԽՄԿ-ն դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «ԿԽՄԿ-ն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և անընդունելի է համարում նման գործողությունները։ Հայտնում ենք, որ ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։ Փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։ Լաչինի միջանցքի երկայնքով մեր աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի։ Կենսական նշանակության այդ աշխատանքի շրջանակներում ավելի քան 600 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև բժշկական պարագաներ, սնունդ, մանկական կեր և առաջնային նշանակության այլ իրեր են փոխանցվել տեղական բուժհիմնարկներ և ընտանիքների։ Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակվեն։ Մեր գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի»։ 
15:48 - 11 հուլիսի, 2023
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ
 |1lurer.am|

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ |1lurer.am|

1lurer.am: Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։ Խոսքը վերաբերում է բոլոր նրանց, որոնց պահման փաստը հաստատել է Բաքուն, այդ թվում՝ վերջերս առևանգված երկու զինծառայողին: Այս մասին «Լուրերին» տեղեկացրել է Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:  «Մեր ներկայացուցիչները հնարավորություն են տվել նաև կապ հաստատել կապի տարբեր միջոցներով ընտանիքի անդամների հետ, ունեցել են առանձնազրույցներ ըստ մեր հաստատված ընթացակարգերի: Բնականաբար տեսակցությունների նպատակը՝ ստուգել պահման պայմանները, վերահսկել իրենց հանդեպ վերաբերմունքը, առողջական վիճակը, սակայն մեր բոլոր նկատառումները մենք չենք հրապարակում, դրանք կոնֆիդենցիալ քննարկման առարկա են պահող իշխանությունների հետ»,- ասել է Ամատունին:
17:25 - 10 հուլիսի, 2023
17 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

17 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

Այսօր՝ հուլիսի 7-ին ԼՂ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 17 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես հայտնում են ԼՂ ԱՆ-ից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով ԼՂ վերադարձնել 15 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 44 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 87 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։
13:46 - 07 հուլիսի, 2023
ԿԽՄԿ–ն Արցախից ևս 15 բուժառուի է տեղափոխել Հայաստան

ԿԽՄԿ–ն Արցախից ևս 15 բուժառուի է տեղափոխել Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 17 բուժառուի (ուղեկցողների հետ), որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,– ասված է հաղորդագրությունում։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 96 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
13:06 - 05 հուլիսի, 2023
«Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից 15 բուժառու է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

«Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից 15 բուժառու է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Այսօր՝ հուլիսի 3-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 2-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 81 հիվանդ, 10բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
13:44 - 03 հուլիսի, 2023
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հունիսի 28-ին Արցախում զոհված 2 զինծառայողների մարմինները տեղափոխվել են ՀՀ

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հունիսի 28-ին Արցախում զոհված 2 զինծառայողների մարմինները տեղափոխվել են ՀՀ

Հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով: Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար: Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը»,- հայտնում է Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան, Գագիկ Բալայան:
12:14 - 01 հուլիսի, 2023
Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 բուժառու՝ ուղեկցողների հետ

Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 բուժառու՝ ուղեկցողների հետ

Այսօր՝ հունիսի 28-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 18 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 25 երեխա, 2-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 83 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
15:00 - 28 հունիսի, 2023
Վերականգնվել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ

Վերականգնվել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ

Այսօր՝ հունիսի 25-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ 9 ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ տասնօրյա լիակատար արգելափակումից հետո։ Այդ մասին հայտնում են Արցախի ԱՆ-ից։ Դեռևս բազմաթիվ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին: Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 16 բուժառուների (ուղեկցողների հետ միասին), ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ինչպես նաև Արցախ տեղափոխել հրատապ անհրաժեշտության դեղորայք և բժշկական պարագաներ։ Այս պահի դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։  
13:14 - 25 հունիսի, 2023
Մարդասիրական աղետն ահագնացող չափերի է հասնում. ՀՀ ՄԻՊ-ը միջազգային կազմակերպություններին կոչ է արել ջանքեր ներդնել` օր առաջ բացելու Լաչինի միջանցքը

Մարդասիրական աղետն ահագնացող չափերի է հասնում. ՀՀ ՄԻՊ-ը միջազգային կազմակերպություններին կոչ է արել ջանքեր ներդնել` օր առաջ բացելու Լաչինի միջանցքը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին բետոնե արգելապատնեշի տեղադրման վերաբերյալ:   «Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին բետոնե արգելապատնեշի տեղադրումն առավել է սրում Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ առաջացած հումանիտար ճգնաժամը:   Հատուկ արձանագրում եմ, որ արգելապատնեշի տեղադրումն Արցախահայությանը լրացուցիչ հոգեբանական ճնշումների ենթարկելու, միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքների՝ կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, բավարար կենսամակարդակի ապահովման, սննդի հասանելիության, առողջության պահպանման, ինչպես նաև երեխաների և այլ խոցելի խմբերի իրավունքների աննախադեպ խախտումների իրականացման և էթնիկ զտման ևս մեկ ազդակ է:   Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբողջապես արգելափակված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շնորհիվ արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ՝ մարդասիրական աղետն օր օրի ահագնացող չափերի է հասնում։   Խիստ մտահոգիչ է Պաշտպանի աշխատակազմում ստացված տեղեկությունը, համաձայն որի՝ մեկ տարեկան երեխան գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, ունի անհապաղ Հայաստան տեղափոխման կարիք, որը ստեղծված իրավիճակով պայմանավորված` չի իրականացվում։   Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր բազմիցս, տարաբնույթ ձևաչափերով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին ներկայացրել եմ արգելափակման հումանիտար հետևանքները, Ադրբեջանի՝ պետության կողմից վարվող և հովանավորվող հայատյացության փաստերը՝ արձանագրելով, որ ներկա իրավիճակը պարարտ հող է նախապատրաստում հիմնարար իրավունքների շարունակական խախտումների և էթնիկ զտման համար:   Մեկ անգամ ևս կոչ եմ անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատակիր միջազգային կազմակերպություններին և դերակատարներին ներդնել բոլոր ջանքերը՝ օր առաջ բացելու Լաչինի միջանցքը՝ բացառելով մարդու հիմնարար իրավունքների նոր ու աննախադեպ խախտումների իրականացումը և էթնիկ զտման քաղաքականության վերջնական իրագործումը»,- ասված է հայտարարության մեջ:
10:59 - 24 հունիսի, 2023
Այս պահին չենք կարող հաստատել որևէ տեղաշարժ. Զառա Ամատունին՝ Արցախ հումանիտար օգնություն հասցնելու և քաղաքացիներին տեղափոխելու մասին |aysor.am|

Այս պահին չենք կարող հաստատել որևէ տեղաշարժ. Զառա Ամատունին՝ Արցախ հումանիտար օգնություն հասցնելու և քաղաքացիներին տեղափոխելու մասին |aysor.am|

aysor.am: Արցախը հումանիտար ճգնաժամի մեջ է. արդեն մեկ շաբաթ է՝ այնտեղ հումանիտար բեռներ չեն մտնում, դեղորայքի խնդիր կա, իսկ քաղաքացիները, որոնք ունեն շտապ բուժօգնության կարիք, չեն կարողանում տեղափոխվել Հայաստան։ Aysor.am-ը ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե արդյո՞ք բանակցություններում առաջընաց կա, և ե՞րբ կկարողանան այդ քաղաքացիներին տեղափոխել Հայաստան, հումանիտար բեռ հասցնել Արցախ։ «Անկեղծ ասած, մենք չեն կարող հանրային հարթակում քննարկել մեր և կողմերի պատկան մարմինների ընթացիկ գործընթացի հետ կապված որևէ բան, այսինքն՝ առա՞ջ է գնում, թե՞ ոչ։ Մենք կարող ենք միայն հաստատել, որ մենք  կապի մեջ ենք որոշում կայացնողների հետ, այս պահին չենք կարող հաստատել որևէ տեղաշարժ։ Իսկ թե ինչպես է դա ընթանում, ինչ է բանակցվում, այդ հարցերը մնում են մեր և իրենց կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում և որևէ կերպով մենք չենք կարող մեկնաբանել դրանց բովանդակությունը կամ որևէ  առաջընթացի հետ կապված հարցեր։ Դա բավականին նուրբ թեմա է և վերաբերում է որոշում կայացնողներին», - ասաց Ամատունին։ Հարցին՝ արդյո՞ք տեղյակ են, թե քանի քաղաքացի է սպասում, որ տեղափոխվի Հայաստան՝ շտապ բուժօգնություն ստանալու համար, Ամատունին նշեց, որ այդ մասով մշտապես կապի մեջ են տեղական մարմինների հետ. «Մենք չենք որոշում այդ մարդկանց թիվը, այդ մասով տեղեկություն կարող եք ստանալ Առողջապահության նախարարությունից։ Մենք թիվ ունենք, բայց չենք կարող դրանք հանրայնացնել»,- հավելեց նա։
12:20 - 22 հունիսի, 2023