Վահրամ Դումանյան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

Ծնվել է 1962 թ․ սեպտեմբերի 9-ին Երեւանում:

1979-1984 թթ. սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

1984-1986 թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։
1990-2020 թթ. աշխատել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
2000-2020 թթ. եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան:
2020 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է։
2007 թ.-ից ՀՀ դպրոցականների ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահն է։
2008-2019 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։
Բազմաթիվ գիտական եւ ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է։
Գիտահետազոտական աշխատանք է կատարել նաեւ Մ.Վ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում (Վարշավա), Թրիրի եւ Պադերբորնի համալսարաններում (Գերմանիա)։
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է։
Պարգեւատրվել է ԵՊՀ եւ ԿԳՆ ոսկե մեդալներով։

Ամուսնացած է, ունի դուստր եւ որդի։

Վահրամ Դումանյանը և Վալերի Ֆալկովը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Վահրամ Դումանյանը և Վալերի Ֆալկովը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա հայ-ռուսական համագործակցությունը և ընդգծել երկկողմ հարաբերությունների՝ ավանդական բարեկամական կապերի  ամրապնդման և հետագա զարգացման անհրաժեշտությունը, քննարկել են համագործակցության մի շարք հարցեր՝ ուղղված գիտության և բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին: Վահրամ Դումանյանն ու Վալերի Ֆալկովն անդրադարձել են նաև Միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրին, որը երկկողմ համագործակցության ձևաչափով երիտասարդներին ՀՀ և ՌԴ առաջատար բուհերում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն է տալիս: ՀՀ և ՌԴ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանում ռուսական կողմի մասնակցությամբ հիմնադրված բուհերի և բուհերի մասնաճյուղերի գործունեության և զարգացման հեռանկարներին: ՌԴ  գիտության և բարձրագույն կրթության նախարար Վ. Ֆալկովը հայտնել է, որ 2021 թվականին Սոչիի «Սիրիուս» կրթական կենտրոնում կազմակերպվելու է «Մաթեմատիկա» կրթական ծրագրի միջոցառումը, իսկ 2022 թվականի հուլիսի 6-14-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու Մաթեմատիկայի միջազգային կոնգրեսը։ Նա Վ. Դումանյանին սիրով հրավիրել է մասնակցելու այդ երկու կարևոր միջոցառումներին: Նախարարները քննարկել են նաև գիտության ոլորտում համագործակցության հնարավորություններն ու խնդիրները: Նշվել է, որ համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի նաև գիտական նոր զարգացումների ապահովմանը: ՌԴ  գիտության և բարձրագույն կրթության նախարար Վ. Ֆալկովը հայտնել է, որ Ռուսաստանի գիտության հիմնադրամն իրականացնում է դրամաշնորհային ծրագրեր, և ուրախ կլինի, որ Հայաստանի կրթագիտական կառույցները նույնպես մասնակցեն այդ նախագծերի մրցույթներին: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ընդլայնել համագործակցությունը նոր ծրագրերի իրականացմամբ, փորձի և տեղեկության փոխանակմամբ:
19:00 - 09 ապրիլի, 2021
Կրթության զարգացման 2021-2030 թթ. պետական ծրագրի մշակման աշխատանքները շարունակվում են

Կրթության զարգացման 2021-2030 թթ. պետական ծրագրի մշակման աշխատանքները շարունակվում են

Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2021-2030 թվականների պետական ծրագիրը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբն այսօր գումարել է իր հերթական նիստը: Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ նախարարը, նախարարի տեղակալները, ինչպես նաև նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով կրթության զարգացման ռազմավարության մշակման՝ միառժամանակ առկախված աշխատանքները վերջին ամիսներին շարունակվել են, և ներկայում փաստաթուղթը վերանայվում է ու լրամշակվում՝ հաշվի առնելով պատերազմով ու համավարակով պայմանավորված նոր իրողությունները:Ըստ Վահրամ Դումանյանի՝ քննարկված մի շարք առանցքային հարցերի արդյունքում կսահմանվեն նոր գերակայություններ և մարտահրավերներ:«Ամեն ինչի հիմքում ընկած է կրթությունը, որը մեր անվտանգության և ճիշտ մտածողության հիմքն է: Հետպատերազմյան վիճակում մեր գերակայությունները պետք է փոխվեն՝ գերհզոր ինտելեկտուալ մտածողությամբ երկիր դառնալու հեռանկարով»,- նշել է նախարարը:Քննարկման ընթացքում նշվել է, որ փաստաթղթի ներկա տարբերակում որպես կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման թիրախներ և ռազմավարական նպատակներ նախանշվել են համընդհանուր հասանելի, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը, կրթության արդյունավետության և արդյունավորության բարձրացումը, հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումը, ինչպես նաև ներկա մարտահրավերներով պայմանավորված՝ նոր գերակայությունների սահմանման անհրաժեշտությունը:
21:37 - 06 ապրիլի, 2021
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի` աշխատանքային այցով Հայաստան ժամանած նախագահ Էրիկ Կարպանոյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով Էրիկ Կարպանոյի այցը ԿԳՄՍՆ՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը և համագործակցության հարուստ փորձը հավելյալ ներկայացման կարիք չունեն, իսկ դրանց ամրապնդման և ընդլայնման լավագույն միջոցը համատեղ կրթամշակութային ծրագրերն են:  «Կորոնավիրուսի համավարակով և պատերազմով պայմանավորված՝ նախորդ տարին մեր երկրի համար շատ բարդ էր, սակայն մենք մշտապես զգացել և շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը, Ձեր երկրի՝ մեր ժողովրդի և արդարության նկատմամբ վերաբերմունքը: Մենք հաստատակամ ենք, վստահաբար հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները և դրա համար գործուն քայլեր ենք ձեռնարկում՝ զարգացնելու կրթական ոլորտը, քանի որ յուրաքանչյուր երկրի անվտանգության կարևորագույն երաշխիքը կրթական բարձր մակարդակն է»,- ասել է նախարար Վահրամ Դումանյանը և հավելել, որ պատրաստ է քննարկել Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի աջակցությամբ Հայաստանում իրականացվող գիտակրթական գործունեության հեռանկարները:  Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Էրիկ Կարպանոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստ է շարունակել և ընդլայնել գործընկերային հարաբերությունները: Է. Կարպանոն ընդգծել է, որ ընդամենը 3 ամիս առաջ է գլխավորել Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և նախագահի կարգավիճակում սա իր առաջին պաշտոնական այցն է: «Արդեն իսկ հնարավորություն եմ ունեցել շփվելու Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ և պետք է փաստեմ, որ հիացած եմ նրանց կրթական մակարդակով: Հայաստանի ապագան երիտասարդներն են, իսկ բուհական ոլորտում կատարած ներդրումները ներդրում են ուժեղ ապագայի համար: Այս տեսանկյունից դուք կարող եք ապավինել մեզ հետ համագործակցությանը»,- ասել է Է. Կարպանոն: Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը ևս ընդգծել է, որ ՀՖՀՀ-ն շարունակելու է ընթանալ առաջընթացի ճանապարհով՝ ի նպաստ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման և Հայաստանի զարգացման: Բերտրան Վենարի խոսքով՝ ՀՖՀՀ-ն դիտարկում է կրթական ծրագրերն ընդլայնելու, ուսանողների թիվը զգալիորեն ավելացնելու և  համալսարանը որպես ֆրանկոֆոն տարածաշրջանային կրթահամալիր (կամպուս) դարձնելու հնարավորությունները: ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը, բարձր գնահատելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը, հաստատության ընդլայնմանը միտված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Հայաստանում «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ՝ երկուստեք ընդգծելով այդպիսի բուհական համալիր ունենալու կարևորությունը:   
15:24 - 06 ապրիլի, 2021
Սպորտն աշխարհում բոլորին միավորող լեզուն է. Վահրամ Դումանյանի ուղերձը՝ Սպորտի միջազգային օրվա առթիվ

Սպորտն աշխարհում բոլորին միավորող լեզուն է. Վահրամ Դումանյանի ուղերձը՝ Սպորտի միջազգային օրվա առթիվ

 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպորտի միջազգային օրվա առթիվ: Վահրամ Դումանյանի ուղերձը. «Հարգելի՛ հայրենակիցներ, ապրիլի 6-ը Սպորտի միջազգային օրն է, որը կրում է «Հանուն զարգացման և խաղաղության» խորագիրը: Սպորտն աշխարհում բոլորին միավորող լեզուն է. այն թելադրում է հարգանքի ու համերաշխության, կարծրատիպերի ու սահմանների հաղթահարման, ներառման, ներշնչանքի, ավելիին հասնելու մթնոլորտ, սպորտն առողջ ու երջանիկ  լինելու մասին է: Այն պահանջում է այնպիսի որակներ, ինչպիսիք են ուժը, կամքը, նպատակասլացությունը՝ պսակված հաղթանակի աննահանջ ձգտմամբ: Մեր մարզիկների ու մարզիչների շնորհիվ  մենք բազում առիթներ ենք ունեցել համազգային հպարտություն զգալու, աշխարհի տարբեր ծայրերում հայկական եռագույնը ծածանելու: Եվ վստահ եմ՝ այդ առիթներն առաջիկայում կրկնապատկվելու, եռապատկվելու են: Այժմ ունենք օլիմպիական 6 ուղեգիր,  և  մարզաշխարհի մեր նվիրյալները ջանք չեն խնայում այդ թիվը  մեծացնելու, իսկ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում՝ նշանակալի նվաճումներ արձանագրելու ուղղությամբ: Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, սպորտի երախտավորներ, շնորհավորում եմ բոլորիդ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ամուր կամք, բազում նվաճումներ և հաղթանակներ՝ ի նպաստ խաղաղության և զարգացման»:
10:44 - 06 ապրիլի, 2021
Արմեն Սարգսյանն ընդունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

Արմեն Սարգսյանն ընդունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրավիճակն իր ղեկավարած ոլորտներում և իրականացվող աշխատանքները, ինչպես նաև զարգացման տեսլականն ու ծրագրերը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախարարությունը համակարգում է մեր երկրի ապագայի համար կարևորագույն նշանակության ոլորտներ, որոնցից յուրաքանչյուրը չափազանց կարևոր է և ինքնին հսկայական աշխատանք է պահանջում: Նախագահն ասել է, որ համակարգը լուրջ ուշադրության և փոփոխությունների կարիք ունի, որոնք բացառապես պետք է միտված լինեն կառավարման արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ու զարգացմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել կառավարության հեղինակած և Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթին:
16:54 - 05 ապրիլի, 2021
Կառավարությունը փոփոխություն կատարեց այս տարվա բուհերի ընդունելության կարգում. ԿԳՄՍ նախարարը մանրամասներ ներկայացրեց |armtimes.com|

Կառավարությունը փոփոխություն կատարեց այս տարվա բուհերի ընդունելության կարգում. ԿԳՄՍ նախարարը մանրամասներ ներկայացրեց |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց այս տարվա բուհերի ընդունելության կարգում: Հարցը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ընդունելությունը կկատարվի երկու փուլով. «Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը եւ կընտրեն կոնկրետ մասնագիտությունը՝ կլրացնեն հայտը: Բոլոր դիմումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Կանցկացվի մրցույթ, որից հետո կհայտարարվեն մրցույթի արդյունքները, ինչպես նաեւ կհայտարարվի թափուր մնացած տեղերի քանակը՝ ըստ բուհերի եւ մասնագիտությունների»: Նրա խոսքով՝ երկրորդ փուլում այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որը դիմորդն արդեն հանձնել է. «Երկրորդ փուլով կանցկացվի մրցույթը առավել բարձր բալ ստացած ուսանողների միջեւ: Դրանով կավարտվի ընդունելությունը»: Նախարարը հավելեց, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, երբ համաճարակային պայմաններից ելնելով՝ որոշվեց ընդունելության միայն մեկ քննություն անցկացնել, այս տարի կանցկացվի 2-ից ոչ ավելի քննություն: Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արձանագրում են հետեւյալը, որ դիմորդը առաջին փուլով կարող է դիմել մեկ բուհ, մեկ վճարովի եւ մեկ անվճար տեղ ընդունվելու համար՝ նույն մասնագիտությամբ: «Հիմա ընդունելության քննություններն ավարտվեցին, եւ պարզվեց, որ դիմորդը չի ընդունվել ո՛չ վճարովի, ո՛չ անվճար տեղերը: Սրանից հետո նա կարող է իր ունեցած բալերով մասնակցել երկրորդ փուլին իր հանձնած քննություններով: Եթե երկու առարկային հավաքել է անցողիկ բալ այն ֆակուլտետում, որտեղ այդ քննություններն են համարվում ընդունելության քննություններ, նա կարող է դիմել եւ ընդունվել այդ ֆակուլտետ: Դիմորդը երկրորդ փուլում կարող է 6 տեղի համար հայտ ներկայացնել»,- ներկայացրեց վարչապետը: Վահրամ Դումանյանը հայտնեց, որ այս տարի բուհերում անվճար տեղերի քանակը 2918 է, իսկ վճարովի տեղերի քանակը 22 հազար 300 է. «Ընդունելության կարգի կազմակերպման հետ կապված ուզում եմ տեղեկացնել, որ ԳԹԿ-ն արդեն նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել, գործընթացն ակտիվ փուլում է»: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թղթային եղանակով դիմումներ չեն լինելու, ինչը թվայնացման քաղաքականության շրջանակներում է:
13:39 - 01 ապրիլի, 2021
Կառավարության որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել պատերազմի մասնակից ևս 2840 ուսանողի վարձը |1lurer.am|

Կառավարության որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել պատերազմի մասնակից ևս 2840 ուսանողի վարձը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսվում է վճարել Արցախյան պատերազմի մասնակից ևս 2840 ուսանողի ուսման վարձը: Այդ նպատակով հատկացվելու է ևս 590 մլն դրամ: Կառավարության այսօրվա նիստին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում անելու մասին նախագիծը, տեղեկացրեց՝ պատերազմի մասնակից շահառուների համար փոխհատուցվել է ուսման վարձը, որի ընդհանուր գումարը կազմում է 205 մլն դրամ: Շահառուների ընդհանուր թիվը 1273 է: «Առաջարկվող որոշմամբ նախատեսվում է վճարել ևս 590 մլն դրամ: Շահառուների քանակը 2840 է: Ներառված են ինչպես բուհերի, այնպես էլ քոլեջների մասով շահառուները»,- նշեց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Կառավարությունը կավելացնի փոխհատուցման ֆինանսավորումն այնքան, որքան կպահանջվի բոլոր 7000 շահառուների ուսման վարձը մեկ կիսամյակի համար փոխհատուցելու համար: 
11:47 - 01 ապրիլի, 2021
Չի կարող ԵՊՀ-ի շենքը վաճառելու որոշում լինել, եթե ինձ հակառակը ապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն. ԿԳՄՍ նախարար
 |armtimes.com|

Չի կարող ԵՊՀ-ի շենքը վաճառելու որոշում լինել, եթե ինձ հակառակը ապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն. ԿԳՄՍ նախարար |armtimes.com|

armtimes.com: «Ես հերքում եմ այն պնդումը, որ կա որոշում ինչ-որ շենք ծախելու, անկախ նրանից՝ այդ շենքը փլատակ է, որի մեջ բուհ է գործում, թե փլատակ չէ: Նման որոշում գոյություն չունի եւ չի ունենալու: Պնդում եմ, որ չի կարող Երեւանի պետական համալսարանի շենքը վաճառելու որոշում լինել: Եթե դուք հակառակը ինձ կապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն»,- պաշտոնավարման 100 օրվա ասուլիսի ժամանակ այսօր ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչպես կարելի է պատմամշակութային արժեք ունեցող բուհերը վաճառել եւ այդ գումարներով նոր բուհական քաղաք կառուցել: Իր խոսքը շարունակելով՝ նախարարը հավելեց. «Չի կարելի ամեն ինչ ենթադրել, մի քիչ իրատեսական ենթադրություններ եկեք անենք: Չկա նման բան: Ինչի համար են փնտրում մի բան, որ գոյություն չունի եւ չի ունենալու, հանգիստ եղեք, ժողովուրդ ջան, ԵՊՀ-ի շենքը չի վաճառվելու: Արդեն «Ֆեյսբուքի» ստեղծարարները այն դարձրել են ցերեկային առեւտրի սրահ եւ գիշերային չգիտեմ ինչ: Անհարմար է, սա անհարգալից վերաբերմունք է մեր պետականությանը, մեր ժողովրդին, մեր սերունդների ստեղծածին: Նման բան ուղղակի չկա: Աստված մի արասցե, եթե լինի, տեսականորեն, ֆանտաստիկ իմաստով ես ավելի անհանգիստ կլինեմ, քան դուք եք»: Անդրադառնալով ոչ պետական բուհերի տեղափոխության մասին հարցին՝ Վահրամ Դումանյանը ընդգծեց, որ մասնավոր բուհերը իրենք են որոշելու տեղափոխվե՞լ նոր ստեղծվող ակադեմիական քաղաք, թե՞ ոչ: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
18:46 - 31 մարտի, 2021
Բուհական համակարգին պետք են ժամանակակից կրթական պայմաններ. ԿԳՄՍՆ-ն ակադեմիական քաղաք ունենալու մասին |armenpress.am|

Բուհական համակարգին պետք են ժամանակակից կրթական պայմաններ. ԿԳՄՍՆ-ն ակադեմիական քաղաք ունենալու մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ հայտարարությանը՝ նշեց, որ բուհական համակարգը պետք է ունենա ժամանակակից կրթությանը համապատասխան պայմաններ: «Վարչապետը ներկայացրել էր ակադեմիական քաղաք ունենալու գաղափարը: Մեր կառավարությունը հաստատակամ է այս գաղափարն իրագործելու համար: Ակնկալվում է, որպեսզի լինի ակադեմիական քաղաք, որտեղ կլինեն հրաշալի, հարմարավետ պայմաններ՝ բուհական գործընթացը կազմակերպելու համար: Ես կցանկանամ, որպեսզի մեր բուհական համակարգն ունենա բուհական ժամանակակից կրթությանը համապատասխան պայմաններ՝ լսարանային, շենքային, հանրակացարանային, սննդային, սպորտային, գրադարանային, զբոսանքի և այլն: Ուսանողները պետք է կարողանան սովորել ավելի տրամադրող միջավայրում»,-  նշեց ԿԳՄՍ նախարարը: Պատասխանելով գաղափարի իրագործման ժամկետների մասին հարցին՝ Դումանյանն ասաց, որ այն բավականին բարդ է, ինչպես նաև մեծածավալ ծրագիր է: «Ակադեմիական քաղաք կառուցելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ: Միայն շենքերի մի մասի վաճառքից ձևավորված գումարով հնարավոր չէ ստեղծել նման կառույց: Սա մեխանիկական տեղափոխություն չի լինելու, այսինքն չի լինի այնպես, որ Երևանում վաճառենք շենքերը և այլ վայրում կառուցենք»,- ասաց Դումանյանը: Նրա խոսքով՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարը շատ ծավալուն է: Նախարարը հույս հայտնեց, որ գուցե գա այն օրը, երբ այդ գաղափարն իրագործվի:
16:14 - 30 մարտի, 2021
ԿԳՄՍ նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկվել է համագործակցության զարգացման հեռանկարները

ԿԳՄՍ նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկվել է համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Վահրամ Դումանյանը Բոլատ Իմանբաևին շնորհավորել է դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։ Նախարարը կարևորել է հայ-ղազախական միջբուհական համագործակցության կայուն զարգացման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանի 10 առաջատար բուհեր արդեն իսկ համագործակցում են Ղազախստանի գործընկեր կառույցների հետ, ինչը նպաստում է երկու պետությունների բուհերի միջազգայնացմանը և գրավչության բարձրացմանը: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ՀՀ բուհերում սովորում են Ղազախստանի շուրջ 40 քաղաքացիներ՝ ակնկալելով, որ նրանց թիվը կավելանա: Վահրամ Դումանյանը գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել: Նրա խոսքով՝ նմանօրինակ համագործակցությունը հեռանկարային է գիտական նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման առումով: Նախարարը շեշտել է Ղազախստանում անցկացվող Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայի կարևորությունը, որն ամեն տարի տեղի է ունենում մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և նշել, որ հայկական կողմն ակնկալում է առաջադեմ մարդկության աջակցությունը: Վահրամ Դումանյանը նշել է, որ հայկական կողմն ունի հավաստի տեղեկատվություն առ այն, որ շուրջ 4000 հայկական վանքեր և մշակութային հուշարձաններ այս պահին գտնվում են ոչնչացման իրական վտանգի ներքո: ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ Ղազախստանի կառավարությունն այդ հարցը կպահի իր ուշադրության կենտրոնում: Վահրամ Դումանյանը կարևորել է նաև երկու երկրների միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացման, ինչպես նաև սպորտի ոլորտում համատեղ մարզական հավաքների և միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին նշել է, որ մեծ պատիվ է դեսպան լինել Հայաստանի պես հինավուրց երկրում և հայ-ղազախական կապերն առավել ամրապնդելու պատրաստակամություն հայտնել: Նրա խոսքով՝ այս պահին երկու երկրների կառավարությունների միջև գոյություն ունի արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Դեսպանն անդրադարձել է նաև Ղազախստանում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը՝ փաստելով, որ այն հիրավի «կենդանի կամուրջ» է երկու երկրների միջև: Բոլատ Իմանբաևն ասել է, որ 2019 թվականին Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը կազմակերպել է հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության արդի փուլին նվիրված գիտաժողով և ղազախ գրականության դասական Աբայ Կունանբաևին նվիրված գրական ընթերցումներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր:
15:13 - 30 մարտի, 2021
Փաշինյանը ԿԳՄՍ նախարարին և փոխնախարարին գործուղել է Ռուսաստան

Փաշինյանը ԿԳՄՍ նախարարին և փոխնախարարին գործուղել է Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահրամ Դումանյանին և Կարեն Գիլոյանին Ռուսաստան գործուղելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքից: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2021 թվականի ապրիլի 8-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը ներկա գտնվելու և մեդալակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: 2. Վահրամ Դումանյանի և Կարեն Գիլոյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետու-թյան 2021 թվականի պետական բյուջեով արտասահման-յան պաշտոնական գործուղումների համար նախատես-ված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ևnսպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապե-տի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված է որոշման մեջ:
12:37 - 30 մարտի, 2021
Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ավյունը մշտապես լինեն ձեր ուղեկիցը․ ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ավյունը մշտապես լինեն ձեր ուղեկիցը․ ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։   Ուղերձում, մասնավորապես ասված է․ «Բեմական արվեստի հարգարժան ներկայացուցիչներ, թատերական գործիչներ, սիրելի թատերասերներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Այս օրը  հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու թատերարվեստի ներկայացուցիչների, հայ թատրոնի իրական նվիրյալների երախտիքն ու վաստակը, նրանց անմնացորդ նվիրումը մեր մշակութային կյանքին, հայ թատերարվեստի զարգացման գործին: Մարդու ստեղծարար մտքի և երևակայության ամենանվիրական, միաժամանակ ամենափխրուն դրսևորումներից մեկն է թատրոնը, որը, երկխոսելով ժամանակների և մեզ շրջապատող իրականության հետ, մարդկությանը մշտապես մղել է դեպի գեղեցիկն ու բարին, վեհն ու ազնիվը: Այս նշանակալից օրվա կապակցությամբ ձեզ մաղթում եմ բեմական նորանոր նվաճումներ և ստեղծագործական վերելքներ: Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ավյունը մշտապես լինեն ձեր ուղեկիցը»:
13:05 - 27 մարտի, 2021
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԲՈԿ-ի նոր նախագահին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԲՈԿ-ի նոր նախագահին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մարտի 26-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Կարեն Քեռյանին: Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ԲՈԿ-ի անձնակազմին` նախարարն արդյունավետ աշխատանքային գործունություն է մաղթել Կարեն Քեռյանին: Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ ԲՈԿ-ի նոր նախագահին կհաջողվի իրագործել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ գիտական աստիճանաշնորհման համակարգի բարեփոխումները: «Մենք ակնկալում ենք բովանդակային աշխատանք. շահարկումներն ու տարատեսակ անվանարկումները ԲՈԿ-ի հետ չպետք է առնչություններ ունենան»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը: Կարեն Քեռյանը շնորհակալություն է հայտնել գիտական աստիճանաշնորհման համակարգի ղեկավարման պատասխանատվությունն իրեն վստահելու համար` նշելով, որ համակարգի առաջ ծառացած խնդիրները պետք է լուծվեն համատեղ ուժերով: «Շատ կարևոր են միասնական նպատակի սահմանումը և դրան միտված ծրագրային բարեփոխումների իրականացումը»,- նշել է նա` ավելացնելով, որ ակնկալում է ԲՈԿ-ի անձնակազմի և ԿԳՄՍ նախարարության  հետ համագործակցված ու արդյունավետ աշխատանք: Հավելենք, որ Կարեն Քեռյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դասախոսում է Երևանի պետական և Հայաստանի ամերիկյան համալսարաններում, եղել է Հայաստանի թիմի ղեկավարը ուսանողական միջազգային օլիմպիադաներում:  
18:37 - 26 մարտի, 2021
Վահրամ Դումանյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է համատեղ կրթագիտական ծրագրերի իրականացումը

Վահրամ Դումանյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է համատեղ կրթագիտական ծրագրերի իրականացումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ փոխվստահության և դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը՝ նախարարը խոսել է համագործակցության նոր հուշագրեր կազմելու, իսկ եղածների ժամկետները երկարաձգելու, բարձրագույն կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխճանաչման կարևորությունից: Ընդգծելով նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի փորձը՝ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև այդ բնագավառում համատեղ կրթագիտական ծրագրեր իրականացնելու թեմային: «Հայաստանի համար անցյալ տարին շատ բարդ էր, բայց մենք վստահ ենք՝ կկարողանանք հաղթահարել պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները և զարգացման ուղով առաջ ընթանալ: Այս տեսանկյունից կարևորում ենք բարեկամ երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունը, որը բազմաշերտ է: Համոզված եմ՝ կան բոլոր նախադրյալները հայ-իրանական փոխհարաբերությունները նոր որակական աստիճանի բարձրացնելու և բոլոր ծրագրերը քայլ առ քայլ կյանքի կոչելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դրական է արձագանքել ԿԳՄՍ նախարարի առաջարկներին և ընդգծել, որ իրանական կողմը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ կրթության և գիտության զարգացումն ինքնըստինքյան դրսևորվում է մյուս ոլորտներում, առհասարակ նպաստում պետության զարգացմանը: Այս համատեքստում դեսպանը նշել է, որ կողմերի՝ կրթագիտական հարաբերություններում եղած բացը հնարավոր է լրացնել միջբուհական համագործակցության ընդլայնման, բուհերի ռեկտորների փոխադարձ այցերի, հարևան երկրներում հայագիտությունն ու իրանագիտությունը զարգացնելու շնորհիվ:  Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նաև համագործակցության համապարփակ հուշագիր ստորագրելու և, ըստ այդմ, երկկողմ փոխգործակցության զարգացման հստակ քայլեր նախանշելու վերաբերյալ: «Իրանը ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ և արժևորում է երկկողմ հարաբերությունները: Իրանում մուսուլմանների կողքին ապրում են քրիստոնյա հայերը, Հայաստանում էլ քիչ չեն Իրանի քաղաքացիները: Մեր ժողովուրդների բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ են, և կարծում եմ՝ սա պատմության մեջ խաղաղ համակեցության լավագույն մոդելն է, որը պետք է ներկայացնել ամբողջ աշխարհին՝ այդպիսով նպաստելով բռնությունների կանխարգելմանը»,- ասել է դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Արձագանքելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարը նկատել է, որ խաղաղ և բարեկամական համակեցության հիմքը պատմամշակութային խորը կապերն են. «Մշակույթ ունեցող երկիրը չի կարող սպառնալիք լինել նույնպիսի արժեքներ ունեցող մեկ այլ երկրի համար: Մշակույթի ուժը վեր է ամեն տեսակ զենքից»: ԿԳՄՍ նախարարը և ԻԻՀ դեսպանը խոսել են նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին: Դեսպան  Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ հարցն իրանական կողմի ուշադրության կենտրոնում է:   Հանդիպման ավարտին կողմերն ըստ ոլորտների աշխատանքային խմբեր ստեղծելու և գործնական քայլերի անցնելու նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել:
13:20 - 26 մարտի, 2021