ԿԱՐԴԱԼԻՔ

Ի՞նչ են հուշում նախորդ պատերազմներն ուկրաինական ճգնաժամի ավարտի մասին․ CSIS

Ի՞նչ են հուշում նախորդ պատերազմներն ուկրաինական ճգնաժամի ավարտի մասին․ CSIS

Նախորդ պատերազմների վերլուծությունը ցույց է տալիս, որ Ուկրաինայում տեղի ունեցող բռնության դադարեցման և սրացումից ելք գտնելու հնարավորությունը նվազում է առաջին 30 օրից հետո։ Վաշինգտոնը պետք է Ուկրաինայի ժողովրդին ցուցաբերվող օգնությանը գումարի դիվանագիտական խողովակներով Մոսկվայի համար խթանի ստեղծումը, որպեսզի վերջինս համաձայնի հրադադար հաստատել և խուսափել էլ ավելի մասշտաբային աղետից, ասված է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի* ավագ գիտաշխատող Բենջամին Ջենսենի հոդվածում, որը, որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ստորև․ «Կենտրոնն ուսումնասիրել է 1946 թ-ից ի վեր հակամարտությունների դադարեցման վերաբերյալ տվյալները՝ հասկանալու համար ճգնաժամային դիվանագիտության հնարավորությունները։ Երկրորդ աշխարհամարտից հետո տեղի ունեցած հակամարտությունների մեծ մասը, որպես կանոն, կապված են  հակաապստամբական արշավների և միջորդավորված պատերազմների հետ, ինչը հազվադեպ երևույթ է դարձնում այնպիսի լայնամասշտաբ ներխուժումներն, ինչպիսին է այժմ ուկրաինականը։ Correlates of War նախագծի տվյալների համաձայն՝ երբ նման հակամարտություններն, այնուամենայնիվ, տեղի են ունենում, մարտի դաշտում զոհվածների թիվը միջինում հասնում է 25 000-ի, մինչդեռ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը շատ ավելի մեծ է լինում։ Դա, որպես հետևանք, հանգեցնում է մարդասիրական խորը ճգնաժամի։ Վերլուծելով 1946 թ-ից ի վեր հակամարտությունների դադարեցման մասին Հակամարտությունների մասին Ուփսալայի ծրագրի հավաքագրած տվյալները՝ գալիս ենք այն եզրահանգման, որ ուկրաինական պատերազմի պես միջպետական պատերազմների 26%-ն ավարտվում է պակաս, քան 30 օրում, ևս 25%-ը՝ պակաս, քան մեկ տարում։ Պատերազմները, որոնք ավարտվում են մեկ ամսվա մեջ, տևում են միջինում ութ օր, իսկ դրանց 44%-ն ավարտվում է հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։ Մեկ ամսից ավելի, բայց մեկ տարուց պակաս տևող պատերազմների միայն 24%-ն է ավարտվում հրադադարով։ Այն դեպքում, երբ միջպետական պատերազմերը չեն ավարտվում մեկ տարուց, դրանք տևում են միջինում ավելի քան 10 տարի՝ վերածվելով մերթընդմերթ տեղի ունեցող բախումների։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն ունի պատժիչ արշավների կիրառման տխուր պատմություն, որոնք, որպես կանոն, տևում են երկու օրից մինչև երեք ամիս։ Խորհրդային Միության և Ֆինլանդիայի միջև 1939 թ-ի Ձմեռային պատերազմը տևել է երեք ամիս։ 1956 թ-ին Խորհրդային Միության Հունգարիա ներխուժման ժամանակ ռազմական գործողությունները տևել են յոթ օր, իսկ 1968 թ-ի «Պրահայի գարունը»՝ երկու օր։ 2008 թ-ի ռուս-վրացական պատերազմը տևել է 13 օր, իսկ 2014 թ-ի Ղրիմի ճգնաժամը՝ մեկ ամսից ավելի, որը հանգեցրել է Ուկրաինան պառակտած պրոքսի-պատերազմի։ Թեև յուրաքանչյուր ճգնաժամ իր առանձնահատկություններն ունի, այս դեպքերը ցույց են տալիս, որ զիջումներ կորզելու համար նախապատվությունը տրվում է բռնության կիրառմանը։ Եկել է ճգնաժամային դիվանագիտության ժամանակը։ Որքան երկար է տևում պատերազմը երկու կողմերից զիջումների բացակայության պայմաններում, այնքան մեծ է հավանականությունը, որ այն կվերածվի տևական հակամարտության։ Չնայած ռուսական ագրեսիային ուկրաինացի ժողովրդի դիմադրության խիզախությանը՝ սա վտանգավոր հեռնակար է։ Փախստականների հետ կապված ճգնաժամը խորանալու է։ Ավելի շատ քաղաքացիական անձինք են զոհվելու։ Ռուսաստանն էլ ավելի պարանոյիդալ և իռացիոնալ է դառնալու։ Պատժելուց բացի ռուսաստանցի պաշտոնյաները կենսունակ դիվանագիտական ուղու կարիք ունեն, որը հաշվի է առնում երկու կողմերի շահերը»։   * Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնն ամերիկյան մասնավոր հաստատություն է, որը զբաղվում է միջազգային պետական քաղաքականության հարցերի ուսումնասիրությամբ և վերլուծությամբ։ Նորա Վանյան
19:00 - 08 մարտի, 2022
ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

«Հայաստանը փախչելու տեղ չունի․․․ Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են․․․»,- փետրվարի սկզբին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը հանրային եւ քաղաքական շրջանակներում դարձյալ ակտիվացրեց Հայաստանի՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետության մաս կազմելու թեման։ Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Ղազախստանը, այլ պետություններ, որոնց թվում՝ նաեւ Հայաստանը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարությանն արձագանքեց․ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությամբ՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը եւ որեւէ առնչություն չունեն Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ»։ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ է խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ ենք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Ստորեւ ներկայացնում ենք հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումները։ «Ազգային օրակարագ» կուսակցությունը կարծում է՝ ապազգային եւ հակապետական իշխանական համակարգի ներկայացուցիչներն են եռանդագին քարոզում հայկական պետական ինքնիշխանության ու անկախ պետականության անհնարինությունը՝ պնդելով, որ գոյութենական միակ այլընտրանքը Ռուսաստանի կողմից ձեւավորվող հերթական Միության մաս դառնալն է․ «Օտարի իշխանության ներքո գոյատեւելու բազմադարյա այս կործանարար գաղափարն ու կեցվածքը ի վերջո հանգեցրել են Ցեղասպանության եւ Հայրենազրկման, ու Հայության նկատմամբ ստորացուցիչ կայուն վերաբերմունքի բանաձեւման՝ «КУДА ОНИ ДЕНУТСЯ...»»: Կուսակցության համոզմամբ՝ մենք երկու ուղի ունենք՝ լինել պետություն եւ ունենալ պետականություն, լինել ինքնիշխան պետություն, կամ էլ՝ չլինել այդպիսին։  Ազգային-ժողովրդավարական բեւեռը կտրականապես դեմ է Ռուսաստան֊Բելառուս միութենական պետության (ինչպես նաեւ որեւէ այլ վերպետական կառույցի) մաս կազմելու, քանի որ դա, ըստ կուսակցության դիրքորոշման, նախ նշանակում է ինքնիշխանության զգալի զիջում, եւ երկրորդ՝ ՀՀ ազգային շահերը գոնե ներկա եւ մոտ հեռանկարի ապագայում մեղմ ասած չեն համընկնում ՌԴ-ի եւ Բելառուսի շահերին․ «ԱԺԲ֊ն հանդես է գալիս ՀՀ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կազմից դուրս գալու օգտին եւ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու օգտին։ ԱԺԲն հանդես է գալիս ՀՀ եւ ԵՄ շատ ավելի խորը համագործակցության օգտին»,- ասված է կուսակցության պատասխանում: «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ոչ մի պարագայում ընդունելի չի կարող համարել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության գաղափարը։ Կուսակցության պատասխանի համաձայն՝ «Շանթ Դաշինքը» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդի ազատությունը համարում է անսակարկելի արժեքներ, որոնց սակարկողները կամ դրանց ճշմարտացիությունը կասկածի տակ դնողները պետք է համարվեն պետական դավաճաններ՝ ըստ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների։ (Տեխնիկական խնդիրների պատճառով «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության պատասխանը նյութին ավելացվել է հրապարակումից ավելի ուշ,- խմբ․)։ «Քաղացու որոշում» ՍԴ կուսակցությունը մեր հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չեն կարող լինել․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում եւ գործում է նրա սահմանադրականության շրջանակներում՝ ի շահ ինքնիշխանության, ժողովրդավարականության, իրավականության եւ սոցիալականության: Սա նշանակում է, որ մեր գործունեության բոլոր դրսեւորումները ուղղված են լինելու Հայաստանի գոյություն ունեցող ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, մենք երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չենք կարող լինել»,- ասված է կուսակցության պատասխանում՝ հավելումով, որ առկա իրավիճակում իրենք տեսնում են նման միություններին անդամակցությունից զերծ մնալու հնարավորություն․ «Ուստի պատրաստ չենք քննարկել դեպքեր եւ հանգամանքներ, որոնցում ինքնիշխանության նվազեցումը «ընդունելի կլինի»։ Մեր այս դիրքորոշումը պայմանավորված է մեր արժեքներով, գաղափարներով, ինչպես նաեւ այն պրագմատիկ հաշվարկով, որ միջազգային հարաբերությունների հետզհետե բեւեռացման ժամանակաշրջանում այդ բեւեռների սահմանագծում ապրող ժողովուրդը, բեւեռներից մեկին ինքնամոռաց նվիրվելով, ունենալու է մեծ կորուստներ, իսկ ձեռքբերումների հավանականությունը խիստ փոքր է լինելու»: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կտրականապես մերժում է «Ռուսաստանից պարտադրվող եւ Հայաստանի ներսից սպասարկվող միութենական նկրտումները»։ Կուսակցության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող ցանկացած ուժ պետք է արժանանա հստակ գնահատականների եւ մերժվի հանրության կողմից․ «Մեր հավատամքին համապատասխան՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխվեն նման սցենարները, այդ թվում՝ փորձելու ենք համախոհ ուժերի հետ անցկացնել խորհրդակցություններ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կոնկրեը գործողություններ։ Անկախ Հայաստանին այլընտրանք չկա»։  «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները եւ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համարում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է․ «Եվ ցանկացած պարագայում մեր դիրքորոշումը հիմնված ու կառուցված է լինելու այս սկզբունքային մոտեցման վրա»: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հնարավոր միութենական հանրապետության ձեւավորման հարցին՝ կուսակցության պատասխանի համաձայն՝ օդում կախված լուրերի կամ անհայտ ծագման տեղեկությունների վերաբերյալ «պարզապես չի կարելի, կոռեկտ չէ» դիրքորոշում ակնկալել․ «Եթե կլինեն նման գործընթացներ, նման առաջարկ կամ առաջարկներ, այդ ժամանակ էլ, ելնելով բովանդակությունից, իր բոլոր  մանրամասներով կներկայացնենք մեր դիրքորոշումն ու դիտարկումները՝ վստահաբար հավատարիմ մնալով վերոնշյալ մոտեցմանը»: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանի համաձայն՝ ՀՀԿ-ն իր արտաքին քաղաքական գերակայությունները հնչեցրել է ՀՀԿ 17-րդ համագումարում, դրանք ներառված են համագումարի բանաձեւում։ Առաջարկել են կուսակցության դիրքորոշումներին ծանոթանալու համար հետեւել քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող ՀՀԿ ներկայացուցիչներին հրապարակային ելույթներին, հարցազրույցներին, ՀՀԿ-ի ընթացիկ հայտարարություններին։ Infocom-ը կուսակցության համագումարի բանաձեւից առանձնացրել է արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները։ Այսպես, կուսակցությունը բանաձեւում նշել է, որ Հանրապետականը եղել եւ մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը եւ կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի եւ վստահելի գործընկեր լինել: Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո, ի թիվս այլնի, իրենց գործունեության առաջնահերթություններից են լինելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ եւ նպատակային գործադրմամբ, հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը եւ խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները, Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում ներառված գերակայությունների վերաբանակցումը, եւ այլն։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում եւ չի ցանկանում պատկերացնել որպես Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ այսպես կոչված «միութենական պետության» մաս․ «Հայաստանի Հանրապետությունն ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն է, եւ բազում տարիների անօրինակ պայքարով ձեռք բերված այդ կարգավիճակը, հաստատված 1991 թվականի հանրաքվեի անվիճելի արդյունքներով, սկզբունքորեն չի՛ կարող լինել սակարկության կամ նույնիսկ քննարկման առարկա, նույնիսկ տեսականորեն»,- ասված է կուսակցության պատասխանում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը պատասխանում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, եւ, ըստ այդմ, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում ոչ միայն չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ Միութենական պետության մաս, այլ անգամ քաղաքական օրակարգ արհեստականորեն բերված քննարկումները, հարցումները, նմանօրինակ հայտարարությունները համարում է խիստ վտանգավոր ու անթույլատրելի եւ ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ անվտանգային համակարգի դեմ տարվող բացահայտ գործողություններ․ «Մեր օրակարգում նմանօրինակ հարցի անգամ քննարկում, որն ողիղ սպառնալիք եւ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, չկա եւ չի էլ կարող երբեւէ լինել»:  Կուսակցությունը կարծում է, որ ակնհայտ է՝ միութենական պետության գաղափարը ՌԴ իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումներին եւ շահերին հարմարեցված հերթական միավորում պետք է լինի, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ինչն էլ ծանր հետեւանքներ է ունենալու ոչ միայն ՀՀ քաղաքական եւ տնտեսական բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների վրա, այլ նաեւ լուրջ խոչնդոտ է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ միջազգային ճանաչման գործընթացի համար․ «Վստահ ենք՝ բոլորի հիշողությունները դեռ թարմ են, թե ինչպիսի դիրքորոշում հայտնեց ՀԱՊԿ-ը Հայաստանի համար օրհասական եւ անվտանգային առումով ամենաբարդ ու ծանրագույն շրջանում՝ թե՛ քառօրյա , եւ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, անգամ ՀՀ սուվերեն տարածք թշնամու ներխուժման եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ժամանակ: Իսկ, որ հենց այդպիսի դիրքորոշում էր որդեգրելու ՀԱՊԿ-ը, Ազատ Դեմոկրատները բազմիցս են բարձրաձայնել: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ապագան քաղաքակիրթ եւ առաջադեմ աշխարհն է, այլ ոչ թե դրանից մեկուսացումը: Հայաստանի իշխանությունը առաջնահերթ պարտավորություն ունի կոշտ ու միանշանակ հակահարված տալ ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը սպաղնացող որեւէ գործողության եւ առաջնորդվի միմիայն ՀՀ Սահմանադրությամբ եւ պետական շահով»: Հայաստանի կանաչների կուսակցությունը անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ դեմ է ՀՀ ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական օտարմանը՝ հօգուտ որեւէ պետության, կամ պետությունների, կամ նրանց դաշինքի կամ միությանը, այդ թվում եւ առավել եւս՝ ՌԴ ու Բելառուսի միութենական պետությանը միանալու տեսքով։  Պահպանողական կուսակցությունը եւս որեւէ պարագայում Հայաստանը չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Պահպանողական կուսակցության համար ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված ինքնիշխանությունն անսակարկելի է, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի մեջ Հայաստանի պետականությունը հռչակված է որպես բարձրագույն արժեք»: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ամփոփոխ առաջին հոդվածի բովանդակությունը Հայաստանի Հանրապետռության ինքնիշխանության վերաբերյալ, ինչպես նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հաստատուն դիրքորոշումը, անընդունելի եւ հակապետական է համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի դակ դնող ցանկացած գաղափար եւ ցանկացած ակտ: Հայաստանի եվրոպական կուսակցությունը նույնպես կտրականապես դեմ է միութենական պետության գաղափարին․ «Մեզ մոտ դա անգամ չի քննարկվում, դա քրեական հանցագործություն է։ Նման բան քննարկել, խոսել, մտածել, անգամ չենք պատկերացնում»,- Infocom-ի հարցին ի պատասխան՝ կուսակցության դիրքորոշումը հայտնեց կուսակցության վարչության անդամ Ալլա Հարությունյանը։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությանն անկախությունն ու ինքնիշխանությունը միանշանակ որեւէ կերպ չի կարող խաթարվել, բայց համագործակցությունը որպես մեկ կառույց, «մեկ պետություն»՝ միանշանակ ընդունելի է համարում։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ է կողմ միութենական պետության գաղափարին, եթե ՀՀ անվտանգության ապահովման համար այդ միությանը միանալը վերջին հնարավորությունն է։ Այս տարվա փետրվարի 17-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով միութենական պետության մասին լրագրողի հարցին, ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։  Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Քոչարյանի ասուլիսից հետո անդրադարձավ միութենական պետության մասին վերջինիս հայտարարություններին՝ հնչեցնելով նաեւ իրենց կուսակցության դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ Քոչարյանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը՝ առաջարկելով կամ ապավինել ՌԴ-ի հետ առավել խոր ինտեգրմանը՝ չբացառելով անգամ միութենական պետությանն անդամակցելը՝ այդպիսով թուրք-ադրբեջանական սպառնալիքը դիտարկելով որպես անհաղթահարելի գործոն, կամ համակերպվել Քոչարյանի ձեւակերպմամբ «Հայաստանի աջարիզացիային»։ Նորիկյանի կարծիքով՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին դնել ծանր երկընտրանքի առջեւ, որ կամ ընտրում ես Թուրքիան, կամ  Ռուսաստանը, ազնիվ չէ մեր պետության, հասարակության նկատմամբ, եւ բացառել զարգացման որեւէ այլ տարբերակ, այդ թվում՝ բոլորի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, նույնն է, թե Հայաստանին հավերժորեն գամել պատերազմի դռանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։  Արդար Հայաստանը կարծում է, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է երկու հարցի վերաբերյալ ունենան հարյուրտոկոսանոց կոնսենսուս․ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը սակարկման ենթակա չեն, ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։ Նրանք, որոնք կասկածի տակ կդնեն ինքնիշխանությունն ու պետականությունը, Նորիկյանի խոսքով, պետք է վռնդվեն ՀՀ քաղաքական դաշտից։ Ստորեւ ներկայացնում ենք այն կուսակցությունների ցանկը, որոնք չեն պատասխանել  հարցադրմանը, սակայն հետագայում նրանց դիրքորոշումն ունենալուն պես դրանք եւս կհրապարակենք․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն,  «Հանրապետություն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,  «Միասնական հայրենիք» կուսակցություն,  Հայ կառուցողական կուսակցություն,  «Զարթոնք» կուսակցություն,  «Ալյանս» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն,  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն,  «5165 շարժում» կուսակցություն,  «Վերելք» կուսակցություն,  «Ազատական» կուսակցություն,  «Ժառանգություն» կուսակցություն,  Հայաստանի կոմունիստական կուսակցություն,  «Ազգային ինքնորոշում» կուսակցություն,  «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն։ Հետգրություն «Ապրելու երկիր» կուսակցությունը նյութի հրապարակումից հետո հարցադրմանն ի պատասխան տեղեկացրել է, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, քանի որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման եւ քննարկման առարկա չէ։   Լուսանկարի աղբյուրը՝ ria.ruՀայարփի Բաղդասարյան
16:54 - 08 մարտի, 2022
Բարձր գներ և չեղարկված ամրագրումներ․ ինչպե՞ս է ազդելու ուկրաինական պատերազմը համաշխարհային զբոսաշրջային ոլորտի վրա

Բարձր գներ և չեղարկված ամրագրումներ․ ինչպե՞ս է ազդելու ուկրաինական պատերազմը համաշխարհային զբոսաշրջային ոլորտի վրա

Այս տարի ակնկալվում էր համաշխարհային զբոսաշրջային ոլորտի վերականգնում, որը մեծապես տուժել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Սակայն Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է փոխել դա, գրում է CNN պարբերականը, որի հրապարակած հոդվածը ներկայացնում ենք ստորև։ Covid-19-ի բերած սահմանափակումների հետևանքով երկու տարի շարունակ այս ոլորտի կրած զրկանքներից հետո ավիաուղիներն ու զբոսաշրջային ընկերությունները կրկին բախվում են փակ երկնքի, չվերթների չեղարկումների հեռանկարին և անորոշությանը միջազգային զբոսաշրջության ոլորտում։ Ներկա պահին ավելի քան 30 երկրներ փակել են իրենց օդային տարածքը Ռուսաստանի համար, Մոսկվան պատասխանել է նույն կերպ։ Ռուսաստանի Քաղավիացիայի ծառայությունը մարտի 1-ի դրությամբ փակել է երկինքը նվազագույնը 37 երկրների ավիափոխադրողների համար։ Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի մի հատվածի օդային տարածքը նույնպես դեռ փակ է։ Կարճաժամկետ հեռանկարում սա նշանակում է չվերթների չեղարկում կամ օդային երթուղիների փոփոխում։ Սակայն զբոսաշրջային ոլորտի համար երկարաժամկետ հետևանքները կարող են շատ ավելի մասշտաբային լինել։   Վառելիքի գների աճը բերելու է ճամփորդությունների արժեքի բարձրացման Անմշակ նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են գրանցել, քանի որ նեդրողները մտահոգվում են, որ Ռուսաստանից էներգակիրների արտահանումը կարող է սահմանափակվել կամ դադարեցվել ուկրաինական հակամարտության հետևանքով։ Գների այս բարձրացումը թանկացնելու է ցանկացած տիպի ճամփորդություն։ Իսկ ավելի երկար օդային երթուղիներին զուգահեռ, որոնք ավելի շատ վառելիք են պահանջում Ռուսաստանի փակ օդային տարածքը շրջանցելու համար, բարձր գներն, ի վերջո, կհարվածեն սպառողների գրպանին։ Եվրոպայի խոշորագույն Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ Ասիայով շրջանցիկ ուղիներն ամսական արժենալու են մինչև տասը միլիոն եվրո։ Մարտի 3-ին  ընկերության եկամուտների մասին հաշվետվությունը լրագրողներին ներկայացնելիս ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեմկո Շտեյնբերգենն ասել է, որ ավիափոխադրողը ստիպված է բարձրացնել տոմսերի գները՝ վառելիքի գների աճն ու մյուս ծախսերը փոխհատուցելու համար։ Գների կտրուկ բարձրացումը կարող է հանգեցնել պահանջարկի նվազեցման, և սա վատ լուր է մի ոլորտի համար, որն արդեն զրկանքներ է կրում համավարակի, ինչպես նաև արժեզրկման պատճառով։ Անվտանգության վերաբերյալ մտահոգությունները կարող են նվազեցնել պահանջարկը Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA),  զգուշացրել է Ուկրաինայի սահմանին մոտ թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար «բարձր ռիսկի» մասին։ Ռուսաստանի, Բելառուսի, Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի օդային տարածքը նույնպես ռիսկի գոտում է։ Ճամփորդողների և ինքնաթիռների անձնակազմերի մեծ մասի համար, որոնք արդեն մտահոգություններ ունեին կորոնավիրուսի առնչությամբ, հակամարտության գոտու մերձակայքով թռչելու գաղափարը կարող է անտանելի լինել։ «Ըստ ամենայնի, Ռուսաստանին մոտ ուղղությունները կտուժեն, քանի որ ուղևորները կվախենան պատերազմի մոտիկությունից, անգամ եթե դա իռացիոնալ է, քանի որ Ռուսաստանի կողմից հայտարարված սպառնալիք չկա», - CNN-ին ասել է ForwardKeys զբոսաշրջային հարցերի վերլուծության ընկերության փոխնախագահ Օլիվիե Պոնտին։ «Ամերիկյան շուկան, ըստ երևույթին, մեծապես կխուսափի այցելել Արևելյան Եվրոպա, ինչպես նաև Արևմտյան Եվրոպա, թեև պակաս չափով», - հավելել է նա։ Covid-19-ը դեռ գոյություն ունի, և փախստականների հետ կապված ճգնաժամը կարող է վատթարացնել իրավիճակը Մենք դեռևս ապրում ենք համավարակի պայմաններում՝ տարբեր երկրների ճամփորդական և կարանտինային սահմափանփակումներով։ Զբոսաշրջային ընկերությունները կոչ էին անում երկրների կառավարություններին չեղարկել ուղևորությունների կորոնավիրուսային սահմանափակումները, քանի որ պատվաստված հասարակությունները հույս ունեին վերադառնալու «նորմալ կյանքի»։ Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակն ու փախստականների հետ կապված ճգնաժամը կարող է նպաստել կորոնավիրուսի տարածմանը։ «Մարդիկ հավաքված են միասին, սթրեսի մեջ են և հարկ եղած ձևով չեն սնվում, չեն քնում։ Նրանք շատ խոցելի են վարակի համար։ Եվ մեծ է հավանականությունը, որ հիվանդությունը կտարածվի», - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մայք Ռայանը։ ՄԱԿ Փախստականների գործակալության տվյալներով՝ ավելի քան երկու միլիոն մարդ ստիպված է լքել իր տունը և, որոշ գնահատականներով, «մինչև չորս միլիոն մարդ կարող է լքել Ուկրաինան մոտակա շաբաթների ընթացքում, եթե հակամարտությունը շարունակվի»։ Վարակի տարածումը հարևան երկրներում կարող է ազդել կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկման որոշման վրա, ինչը կազդի զբոսաշրջային ոլորտի վրա։ Զբոսաշրջությունից ստացվող եկամտի կորուստ   Ռուսաստանի զբոսաշրջային ընկերությունների ասոցիացիայի տվյալներով՝ 2021 թ-ին ռուսաստանցիներն ավելի քան 10,1 մլն զբոսաշրջային այց են կատարել արտասահման։ Կազմակերպությունը նշել է, որ զբոսաշրջային հոսքերի 46,5%-ը բաժին է ընկել Թուրքիային, ռուսաստանցի զբոսաշրջիկներն անցյալ տարի 4,7 մլն այց են կատարել այդ երկիր։ Եվ, ըստ ամենայնի, այդ զբոսաշրջային գումարները դեռ ստացվելու են նաև 2022 թ-ին։ ForwardKeys ընկերության վերջին տվյալներով՝ Ուկրաինա ներխուժումից առաջ ռուսաստանցիների կողմից չվերթների ամրագրումները վերականգնվել էին մարտի, ապրիլի և մայիսի համար նախահամավարակային փուլի 32%-ի չափով։ Ամենաշատ ամրագրումները բաժին էին ընկնում Թուրքիային, ԱՄԷ-ին, Մալդիվներին, Թաիլանդին։ Այս ամենը փոխվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը պատերազմ սանձազերծեց իր հարևան երկրի դեմ։ ForwardKeys ընկերության տվյալներով՝ փետրվարի 24-26-ին ամրագրումների չեղարկման ամենաբարձր ցուցանիշներն ունեցող ուղղությունները եղել են Կիպրոսը (300%), Եգիպտոսը (234%), Թուրքիան (153%), Մեծ Բրիտանիան (153%), Հայաստանը (200%) և Մալդիվները (165%)։ Ռուս զբոսաշրջիկների բացակայությունը մեծ հարված կհասցնի զբոսաշրջությունից մեծապես կախված այս պետություններին։ Նորա Վանյան  
19:39 - 07 մարտի, 2022
Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը՝ թվերով․ Al Jazeera

Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը՝ թվերով․ Al Jazeera

Գլխավոր լուսանկարը՝ Associated Press-ի Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա արդեն 11-րդ օրն է ընթանում։ Ընթացիկ իրավիճակի մասին Al Jazeera-ն ամփոփ տվյալներ և քարտեզներ է հրապարակել։ Որոշ կրճատումներով հոդվածը ներկայացնում ենք ստորև։ Ով ինչ է վերասհկում Ուկրաինայում Ռուսաստանը վերսկսել է իր գրոհը ռազմավարական նշանակության Մարիուպոլ ուկրաինական քաղաքի ուղղությամբ այն բանից հետո, երբ ժամանակավոր հրադադարը տապալվել է․ կողմերը միմյանց են մեղադրում այն խախտելու համար։ Ռուսաստանի ֆինանասկան համակարգին ևս մեկ հարված է հասցվել․ Mastercard և Visa միջազգային վճարային համակարգերը հայտարարել են երկրում գործունեությունը կասեցնելու մասին։ Քարտեզում, որը տեղադրված է ստորև, ցուցադրված է, թե Ուկրաինայի որ հատվածներն են Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվում մարտի 6-ին Երևանի ժամով 9:00-ի դրությամբ։ Քարտեզն՝ Al Jazeera-ի   Ո՞ւր են մարդիկ արտագաղթում ՄԱԿ Փախստականների գործակալության տվյալների համաձայն՝ վերջին և դեռ աճող հաշվարկներով՝ 756,303 մարդ է Ուկրաինայից գաղթել Լեհաստան, 157,004-ը՝ Հունգարիա, 103,254-ը Մոլդովա, 101,529-ը՝ Սլովակիա, 53,300-ը՝ Ռուսաստան, 63,192-ը՝ Ռումինիա, 406-ը՝ Բելառուս։ Նազագույնը 133,876 մարդ տեղափոխվել է եվրոպական այլ երկրներ։ Փախստականների մեծ մասը կանայք և երեխաներ են։ 18-60 տարեկան բոլոր տղամարդկանց արգելվել է լքել Ուկրաինան, նրանք պետք է մնան և պաշտպանեն երկիրը։ Քարտեզն՝ Al Jazeera-ի   Հակապատերազմյան ցույցերն աշխարհում Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց և Ռուսաստանի դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ անցկացրել աշխարհի տարբեր ծայրերում՝ բողոքելով Ուկրաինա ներխուժումից։ Ռուսական «ՕՎԴ-ինֆո» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ այն պահից սկսած, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայում, շուրջ 5000 ցուցարար է ձերբակալվել ողջ երկրի տարածքում։ Բողոքի մասշտաբային ակցիաներ են տեղի ունեցել աշխարհի ավելի քան 100 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բեռլինում, Նյու Յորքում, Բրյուսելում, Մադրիդում, Լիսաբոնում, Կուալա Լումպուրում, Նյու Դելիում։ Մոտակա օրերին նոր ցույցեր են պլանավորվում։ Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Ռուսաստանի 50 քաղաքներում՝ ներառյալ Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Չելյաբինսկը, Նիժնի Նովգորոդը, Նովոսիբիրսկը, Պերմը, Սամարան և Եկատերինբուրգը։   Ռուս-ուկրաինական ճգնաժամի պատմությունը՝ հակիրճ Ամիսներ տևած լարվածությունից և դիվանագիտական շփումներից հետո ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա։ Կիևը ռազմական դրություն հայտարարեց նշելով, որ Ուկրաինան կպաշտպանի իրեն։ Դրան նախորդեցին մի քանի իրադարձություններ։ 2021 թ-ի մարտ․ Ռուսաստանը սկսեց զորքեր կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ։ 2021 թ-ի դեկտեմբեր․ շուրջ 100,000 ռուս զինվոր տեղակայվեց Ուկրաինայի սահմանի երկարությամբ։ 2022 թ-ի հունվար․ Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն և ԵԱՀԿ-ն բանակցություններ անցկացրին։ ԱՄՆ և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպում անցկացրին Ժնևում՝ Ուկրաինայում լարվածությունը մեղմելու, սակայն փոխհամաձայնության չեկան։ ՆԱՏՕ-ն զորքերը բերեց բարձր մարտունակության ռեժիմի։ 2022 թ-ի հունվար. Ռուսաստանն ու Ուկրաինան զորավարժություններ անցկացրին։ 2022 թ-ի փետրվար․ Ռուսաստանն իր զորքերն ուղարկեց Ուկրաինայի անջատողական շրջաններ: Արևմտյան երկրները կոչ արեցին պատժամիջոցներ կիրառել։ Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում իրականացրեց Ուկրաինա։ Քարտեզն՝ Al Jazeera-ի   Նորա Վանյան
17:28 - 06 մարտի, 2022
Ի՞նչ ազդեցություն կունենան ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ՀՀ կինոոլորտում․ կինոթատրոնները սպասում են

Ի՞նչ ազդեցություն կունենան ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ՀՀ կինոոլորտում․ կինոթատրոնները սպասում են

Համաշխարհային խոշոր կինոընկերությունների՝ Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառած սահմանափակումները կարող են ազդեցություն ունենալ նաեւ Հայաստանի Հանրապետության վրա, քանի որ վերջինս հոլիվուդյան ֆիլմերի կինովարձույթը իրականացնում է Ռուսաստանից։ Ինչպես օրերս հայտնի դարձավ, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Walt Disney, Sony, Warner Bros կինոընկերությունները կասեցրել կամ դադարեցրել են իրենց ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանում։ Դրանց թվում են «Batman» ֆիլմը, որի պրեմիերան ՌԴ-ում նախատեսված էր մարտի 2-ին, ինչպես նաեւ «Turning Red» եւ «Morbius» ֆիլմերը։ Կինոընկերությունները հստակ ժամկետներ չեն սահմանել՝ նշելով միայն, որ կհետեւեն իրադարձությունների ընթացքին եւ որոշումներ կկայացնեն՝ կախված զարգացումներից։ «Մոսկվա» կինոթատրոնի մարկետինգի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանը Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին ռեպերտուարով հաստատված բոլոր ֆիլմերը ցուցադրում են, բայց սպասում են դիստրիբյուտոր (մատակարար) գործընկերների պաշտոնական հաղորդագրություններին, որպեսզի կարողանան իրենց գործողությունների պլանը մշակել։ Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ բոլոր կինոթատրոնները, այդ թվում՝ «Մոսկվա» կինոթատրոնը, ֆիլմերի իրավունքների ձեռքբերման գործընթացը կազմակերպում են՝ համագործակցելով արտասահմանյան դիստրիբյուտորական տարբեր ընկերությունների հետ, քանի որ ՀՀ-ում դիստրիբյուտոր չկա, եւ դրանց մեջ ամենամեծ խումբը կազմում են ռուսական ընկերությունները։ Այդ է պատճառը, որ ի սկզբանե իրենք եւս մտավախություն ունեին, որ  պատժամիջոցները կանդրադառնան անմիջապես ՀՀ-ում ֆիլմերի վարձույթի կազմակերպման վրա, սակայն կոնկրետ «Batman» ֆիլմի հետ կապված իրավիճակային լուծում գտնվեց․  ««Batman» ֆիլմի հետ կապված խնդիր չունեցանք, այն մարտի 2-ից կինովարձույթում է, մինչդեռ Ռուսաստանում ֆիլմը չմտավ վարձույթ։  Մենք ուղղակի ունեինք նախնական պայմանավորվածություն, եւ շնորհիվ մեր թե՛ ռուս, թե՛ ուկրաինացի գործընկերների՝ բանակցությունների արդյունքում կարողացանք հասնել նրան, որ Հայաստանը բաց լինի այդ ֆիլմի ցուցադրության համար, բայց խոսքը բացառապես այդ ֆիլմին է վերաբերում, մեր գործընկերները մինչեւ մարտի 9-ը ապահովեցին ֆիլմի ցուցադրությունը»։ Թե ինչ է սպասվում մարտի 9-ին հաջորդող ֆիլմերի, այդ թվում՝ նույն «Batman»-ի ցուցադրություններին, առայժմ պարզ չէ․ Խաչատրյանի խոսքով՝ բանակցությունների արդյունքը դա ցույց կտա։ Վարձույթի կազմակերպման գործընթացում, ըստ Անահիտ Խաչատրյանի,  «Մոսկվա» կինոթատրոնը համագործակցություններ ունի ոչ միայն ռուսական եւ ուկրաինական, այլեւ եվրոպական շատ երկրներում գտնվող կազմակերպությունների հետ, բայց վարձույթի մեծամասնությունը ապահովում է հենց ռուսական դիստրիբյուտորական ընկերությունների տրամադրած կոնտենտը․  «Հետեւաբար, եթե ամենավատ սցենարի դեպքում մենք էլ զրկվենք այդ հնարավորությունից, իսկապես, կարելի է ասել, որ էկրանային ժամի մեծամասնությունը կկրճատվի»։ Այդ պարագայում կինոթատրոնի ֆիլմացանկը կներառի տեղական արտադրության, ինչպես նաեւ եվրոպական ֆիլմերի ցուցադրությունը․ «Օրինակ՝ գերմանական, իտալական, ֆրանսիական ֆիլմեր մենք մշտապես ցուցադրում ենք, մարտին մեզ մոտ Ֆրանկոֆոնյան է լինելու, եւ երկու ֆրանսիական ֆիլմի իրավունքների ձեռքբերման պրոցեսում արդեն ներգրավված ենք, այսինքն՝ գործընթացը կա, բայց բարդություններ էլ կան, եվրոպական ֆիլմերը հաճախ չեն ունենում որեւէ այլ լեզվով հնչյունավորում, առավելագույնը՝ ունենում են ենթագրեր, մենք ՀՀ-ում ցուցադրում ենք կամ ռուսերեն հնչյունավորմամբ, կամ օրիգինալ լեզվով, բայց ռուսերեն ենագրերով, այդ հարցն էլ Հայաստանում բավականին շոշափվել է վերջին տարիներին, կրկօրինակումը բարդ ու ֆինանսական մեծ ներդրումներ պահանջող գործընթաց է, այսինքն՝ բավականին լուրջ հարցի առաջ են կանգնած կինոթատրոնները, եւ այս պահին միակ բանը, որ կարող ենք անել, սպասելն է»,- նշեց Խաչատրյանը։ Ի պատասխան հարցին՝ ամենավատ սցենարի դեպքում Հայաստանի համար իրատեսակա՞ն է լինելու նոր գործընկերներ գտնելը, Խաչատրյանը նշեց, որ դիստրիբյուտորական այլ կազմակերպությունների, ֆիլմերի հեղինակային իրավունքի կամ ցուցադրության իրավունք ունեցող կազմակերպությունների հետ հիմա էլ աշխատում են, բայց ռեյտինգային ֆիլմերը միշտ ստացել են ռուս եւ ուկրաինացի գործընկերներից․ «Իսկ ուղիղ համագործակցությունը անմիջապես Հոլիվուդի հետ շատ ֆուտուրիստական գաղափար է այս պահին, նախ, քանի որ դա մեկ օրում կամ մեկ ամսում կարգավորվող գործընթաց չէ, եւ երկրորդ, մենք հույս ունենք, որ մեր գործընկեր դիստրիբյուտորները ֆորսմաժորային այս իրավիճակում որեւէ տարբերակ կառաջարկեն այլ երկրներում գտնվող բոլոր այն կինոթատրոններին, որոնց հետ տարիներ շարունակ աշխատում են։ Հույս ունենք նաեւ, որ խնդիրը գոնե թե մեր երկրի վրա առաջիկա ամիսներին չի ազդի, թեեւ մեր օրերում ամեն ինչ հնարավոր է»,- ասաց Անահիտ Խաչատրյանը։ «Երեւան մոլ» առեւտրազվարճանքի համալիրի մարկետինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը մեր զրույցում նշեց, որ «Կինոպարկ» կինոթատրոնում այս պահի դրությամբ որեւէ կասեցում չունեն, բոլոր ֆիլմերը, որ հրապարակված են մարտ ամսվա ֆիլմացանկում, ցուցադրվելու են։  Բացի հայկական արտադրության ֆիլմերից, որոնք ստացվում են ուղիղ կինոարտադրողից, «Կինոպարկ»-ի մնացած բոլոր ֆիլմերը հիմնականում ձեռք են բերվում ռուսական վարձույթից, ուստի կինոթատրոնը մշտական կապի մեջ է իր գործընկերների հետ, որպեսզի հասկանա՝ ինչ է սպասվում առաջիկայում․ «Հետագա խնդիրների մասին ծանուցումներ ստացել ենք, զգուշացվել ենք, որ կարող են որոշակի խնդիրներ լինել, բայց թե որ ֆիլմերի հետ կապված, դեռ հստակ չգիտենք»,- նշեց Ավագիմյանը՝ հավելելով, որ հնարավոր սահմանափակումները, ամեն դեպքում, նախկինում գնված ֆիլմերի վրա որեւէ ազդեցություն չեն ունենալու։ Մարտի 2-ին «Կինոպարկ»-ում «Batman» ֆիլմի պրեմիերան կայացվել է, Ավագիմյանի խոսքով՝ դրա հետ կապված կասեցում չկա, քանի որ դրա պայմանագիրը, ֆիլմի փոխանցումը մինչ այս իրադարձություններն են եղել։ Ինչ վերաբերում է «Turning Red» ֆիլմին, այն, 90 տոկոս հավանականությամբ, հետաձգվելու է, իսկ «Morbius» ֆիլմի հետ կապված որեւէ բան դեռ հայտնի չէ։ Հարցին՝ կասեցումների դեպքում մատակարար գործընկերները այլընտրանք առաջարկո՞ւմ են, Ավագիմյանը բացասական պատասխան տվեց․ «Իրենք էլ բարդ իրավիճակում են իրենց երկրի սանկցիաների հետ կապված, բայց քանի որ սանկցիաները ՀՀ-ին չեն վերաբերում, պետք է փորձել բանակցել, ամեն դեպքում, շատ դժվար է հիմա ասել՝ կլինի թե չէ»։ Չստացվելու պարագայում կինոթատրոնն իրենից կախված ամեն ինչ անելու է այլընտրանքներ գտնելու համար․ «Հիմա որոշակի պլանավորման փուլում ենք, որը սաղմնային վիճակում է, այսպես ասած, պլան Բ, որ եթե Ռուսաստանը չկարողանա մատակարարել, եւ մենք պաշտոնապես հաղորդագրություն ունենանք, որ բոլոր ֆիլմերը կասեցվում են, այլընտրանքային սցենարներ փորձենք մշակել, բայց բիզնես ռիսկեր, բնականաբար, լինելու են, շահույթը կրճատվելու է ե՛ւ այդ ամենի արդյունքում, ե՛ւ այն ժամանակի, երբ մենք բանակցելու ենք այլ գործընկերների հետ»,- նշեց Շուշան Ավագիմյանը։ «Սինեմա Սթար» կինոթատրոնի մարկետինգի բաժնի ղեկավար Գոհար Նալբանդյանն էլ  մեր զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ իրենք եւս որեւէ կասեցում չունեն․ «Batman» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցել է, մարտ ամսվա ֆիլմացանկը հաստատված է, մարտի կեսերին կամ վերջերին պարզ կդառնա, թե ապրիլ ամսին ինչ է ցուցադրվելու։ Արտասահմանյան ֆիլմերը «Սինեմա Սթար»-ը ստանում է բացառապես Ռուսաստանից՝ կինոթատրոնի ռուսաստանյան գլխամասից։ Վերջինս այժմ սահմանափակումներով է աշխատում, որոշ ֆիլմեր չի ցուցադրում, բայց դա Հայաստանին դեռ չի վերաբերում․ «Մեզ առայժմ ոչինչ չեն ասել, քանի որ սանկցիաները ՌԴ-ին են վերաբերւմ, իսկ մենք Հայաստանում ենք գտնվում, եւ Հայաստանի կամ տարածաշրջանի վրա չեն ազդում»,- նշեց Նալբանդյանը։ Նրա խոսքով՝ «Morbius» ֆիլմի ցուցադրությունը դեռեւս հարցականի տակ է, իսկ «Turning Red» ֆիլմի ցուցադրությունը, որ նախատեսված էր սկսել մարտի 10-ից, հետաձգվել է, բայց այլ պատճառներով. «Այս պահի դրությամբ դա հետաձգվել է, բայց ոչ կապված այս իրադարձությունների հետ, այդպես լինում է, որ հետաձգվում է, սպասում ենք նորությունների»,- նշեց Նալբանդյանը՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանում ոչինչ տեղի չի ունենա, եւ մեզ վերաբերելի սահմանափակումներ չեն լինի։   Միլենա Խաչիկյան
20:26 - 04 մարտի, 2022
Հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու․ Թոմաս դը Վաալ

Հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու․ Թոմաս դը Վաալ

«Քարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը «Ուկրաինայի հարևանների գլխին ամպեր են կուտակվել» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։ Մինչ Ռուսաստանի գրոհային ուժերը շարունակում են առաջխաղացումն Ուկաինայի տարածքում, մյուս հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու իրենց ապագայի համար։ Ուկրաինայից զատ ևս հինգ երկրների՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին ու Մոլդովային, Եվրամիությունը դասում է իր հարևանների շարքին «Արևելյան գործընկերության» շրջանակում։ Նրանցից երեքը չորեքշաբթի՝ մարտի 2-ին, նշել են Միացյալ ազգերի կազմակերպությանը միանալու 30-ամյակը։ Սակայն նրանք դեռևս մնացել են գորշ գոտում՝ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս։ Կարող ենք երկար խոսել այս բոլոր երկրների կառավարման ձախողումների և ինստիտուտների անկատարության մասին։ Սակայն ԽՍՀՄ փլուզումից երեք տասնամյակ անց նրանք լիարժեք ինքնիշխան պետություններ են։ Սարսափելի պարադոքսն այն է, որ անգամ 1990-ականներին՝ իրենց փխրուն պետականության ամենավատ օրերին, այս երկրներից ոչ մեկը չի բախվել իր գոյությանը սպառնացող այնպիսի մարտահրավերի, որին առերեսվեց Ուկրաինան 2022 թ-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ոչ միայն պարզապես վերադառնում է 1991 թ․, այլև վերադարձնում է մեզ 1939 կամ նույնիսկ 1918թ․, երբ կայսերական տերությունը կարող էր իր բանակը մտցնել հարևան երկիր։ Եվրամիությունը աստիճանական բարեփոխումների վրա հիմնված իր քաղաքականությունը մի գիշերում ստիպված է փոխարինել քաղաքականությամբ, որն ուղղված է այս երկրների՝ որպես պետություն գոյատևմանը: Պետք է հաշվի առնել այս հինգ երկրների խոցելիությունն ու հասկանալ, թե ինչպես օգնել նրանցից յուրաքանչյուրին։ Բելառուսում ռուսական իշխանության հաստատումն արդեն տեղի է ունեցել։ Այն այս նոր պատերազմում Մոսկվայի լիիրավ զինակիցն է։ Ուկրաինայում տեղի ունեցող ջարդերի ֆոնին աչքից վրիպում է, որ Ռուսաստանը փաստացի կուլ է տվել Բելառուսն ամբողջությամբ, և տեսանելի ապագայում այն արդեն կորսված է Եվրոպայի համար։  Ավելի քան ինը միլիոն բնակչություն ունեցող այս երկիրն այժմ հրաժարվել է իր անկախությունից։ Սակայն ընդամենը 18 ամիս առաջ այն ժողովրդավարական ապստամբություն վերապրեց, որը քիչ էր մնացել պաշտոնանկ աներ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Որքան կարող էր ամեն ինչ այլ լինել, եթե այդ զանգվածային ցույցերը հաջողեին։ Եվրամիությունը պետք է շարունակի սատարել Բելառուսի խիզախ ժողովրդավարական ընդդիմությանը, սակայն այդ խմորը շատ ջուր կտանի։ Ռուսաստանը չափազանց մեծ իշխանություն ունի Հայաստանում, որը Ռուսաստանի հովանու ներքո գործող ռազմական և տնտեսական դաշինքների՝ Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի և Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թ-ի պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը նաև փաստացի ղեկավարում է հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի անկլավը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ ցանկանալով Հայաստանը տանել դեպի Եվրոպա։ Իր դոնքիշոթային պոպուլիզմով նա ոչ մեկին այնքան նման չէ հետխորհրդային տարածքում, որքան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Սակայն Ուկրաինան ու Հայաստանն աշխարհաքաղաքական ջրբաժանի տարբեր կողմերում են։ Որպես հաջողություն կարելի է նշել այն, որ Հայաստանը կարողացավ ձեռնպահ մնալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի քվեարկության ընթացքում, որը մարտի 2-ին դատապարտեց Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Հայ փորձագետներից մեկը վարչապետ Փաշինյանին անվանում է «Պուտինի համար օգտակար ռազմավար», մարդ, որը համաձայնել է կյանքի կոչել Ռուսաստանի պարտադրած հրադադարի համաձայնագիրը, որով դադարեցվեց 2020 թ-ի պատերազմը։ Սակայն Ռուսաստանը Հայաստանի վրա ազդելու ավելի երկարաժամկետ բազմաթիվ տնտեսական և քաղաքական լծակներ էլ ունի, ինչպես նաև բազմաթիվ օգտակար ընկերներ, ինչպես, օրինակ, նախկին նախագահ և ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Եվրամիությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև հայկական սփյուռքի կազմակերպությունների (որոնք դեմ էին արտահայտվում Փաշինյանին 2020 թ-ի պատերազմի պատճառով) միջոցով այժմ պետք է հստակ աջակցություն ցուցաբերի երկրի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը։ Ադրբեջանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հավասարակշռություն պահպանելու անհանգիստ փորձեր է անում։ Նախագահ Իլհամ Ալիևը Կիև էր այցելել հունվարին։ Այնուհետև կանչվել էր Մոսկվա Ռուսաստանի ներխուժումից բառացիորեն երկու օր առաջ՝ Պուտինի հետ արդեն նախապատրաստված «համագործակցության» համաձայնագիր ստորագրելու։ Հասարակության արձագանքն Ալիևի համար սարսափելի էր, սակայն այդ փաստաթուղթը որոշակի երաշխիքներ տվեց նրան։ Համաձայնագրի առաջին կետում խոսվում է տարածքային ամբողջականության և «միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքներին հավատարիմ լինելու» մասին (ուշադրություն դարձրեք, թե ինչ լկտիություն է այս նորմատիվ լեզուն օգտագործելը, հաշվի առնելով, թե ինչ արեց Պուտինը երկու օր անց)։ Այս և Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցության մասին համաձյանգիրն Ալիևին յուրօրինակ ապահովագրություն է տվել։ Բայց Ադրբեջանն ավելի խոցելի է տնտեսական ոլորտում։ Համաձայնգիրն ավելի է սերտացնում Բաքվի և Մոսկվայի կապերը, այն բազմաթիվ ձևակերպումներ է պարունակում տնտեսական համագործակցության մասին, որը Ադրբեջանը կարող է դարձնել փրկօղակ արևմտյան պատժամիջոցներից խուսափելու փորձեր ձեռնարկող ռուսական ընկերությունների համար։ Բացի այդ, փաստաթղթում ամրագրված է նաև «մյուս կողմի շահերին ուղղակի և անուղղակի վնաս հասցնող ցանկացած տնտեսական գործունեությունից զերծ մնալու» պարտավորությունը, որը գոնե թղթի վրա կարծես Մոսկվային ձայնի իրավունք է տալիս Ադրբեջանի ապագա էներգետիկ նախագծերում։ Եվ վերջապես, երկու երկրների մասին, որոնք առավել վտանգված են։ Մոլդովայի դեպքում աշխարհագրությունը ճակատագրական նշանակություն ունի։ Այն մոտ է Եվրամիությանն ու հեռու է Ռուսաստանից, թեև սահմանադրորեն չեզոք է և ֆորմալ առումով  պարտավորված է չմիանալ ՆԱՏՕ-ին։ Մայա Սանդուի եվրոպամետ կառավարությունը դեռևս առերեսվում է ուժեղ ռուսամետ ընդդիմությանն ու կարճաժամկետ ճգնաժամի, մինչ տասնյակ հազարավոր ուկրաինացի փախստականները գաղթում են Մոլդովա։ Այժմ մղձավանջային սցենարն այն կլինի, եթե ռուսական առաջխաղացումը շարունակվի Սև ծովի երկայնքով դեպի Օդեսա, և զորքերը միանան Մերձդնեստրում՝ Մոլդովայից պոկված շրջանում եղած զորքերին, որին 30 տարի շարունակ ֆինանսավորում և զինում է Ռուսաստանը։ Մերձդնեստրի դե ֆակտո իշխանությունն ուզում է ուշադրություն չգրավել և երկու կողմերից էլ օգուտ քաղել՝ քաղաքական աջակցություն ստանալ Մոսկվայից և պահպանել ռուսական ոչ մեծ ռազմական ուժերն իր տարածքում, բայց հույսեր կապել  ԵՄ-ի հետ՝ որպես տնտեսական գործընկեր։ Ռուսաստանի շահերը Մերձդնեստրում մեծ չեն, սակայն կարող են մեծանալ, եթե այն դիտարկվի որպես նոր ռազմաբազայի տեղակայման վայր։ Մոլդովացիներին պետք է որ սարսափեցրած լինի տեսարանը, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն անզգուշաբար բացեց ներխուժման քարտեզը` հարավից Մոլդովայի վրա մատնանշող սլաքով: Վրաստանն, իր հերթին, շատ առումներով Ուկրաինայի զույգն է։ Բուխարեստի 2008 թ-ի հռչակագիրը, որում ամրագրվել է այս երկու երկրների ՆԱՏՕ-ի անդամակցության մշուշոտ հեռանկարը, նրանց թողեց երկու վատթարագույն իրավիճակներում՝ առանց անդամակցության պաշտոնական պլանի և ավելի թշնամաբար տրամադրված Ռուսաստանի հետ։ Թբիլիսիում արդեն մի քանի օր է զագվածային ցույցեր են՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հասարակական տրամադրությունների արտացոլումն է. նա աջակցություն է հայտնում Ուկրաինային և շրջագայում եվրոպական մայրաքաղաքներով։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, նրա համեմատ ողորմելի և երկչոտ տպավորություն է թողնում։ Նա բացահայտ կերպով հրաժարվում է դատապարտել Ռուսաստանին, որի հետևանքով հանդիմանության է արժանացել իր ուկրաինացի գործընկերոջից։ Իշխող «Վրացական երազանքի» կառավարության՝ Ռուսաստանի հետ շփման երբեմնի բավականին հաջող քաղաքականությունը փլուզվում է։ Թբիլիսին գժտվել է Բրյուսելի և Վաշինգտոնի հետ՝ ժողովրդավարությունից հեռանալու պատճառով։ Ռուսաստանի նկատմամբ մեղմ վերաբերմունք պահպանելով, բայց միաժամանակ չդիմելով իր ավանդական արևմտյան դաշնակիցներին՝ Վրաստանը կարող է ձախողել երկու ուղղություններով էլ։ Ավելին՝ պատերազմն ակտիվացրել է ընդդիմությանն ու սաստկացրել տևական քաղաքական ճգնաժամը երկրում։ Եթե Պուտինը թաքնված հավակնություններ ունենար այս կամ այն ձևով գրավել Վրաստանը, նրան ավելի քիչ բան պետք կլիներ, քան Ուկրաինայի դեպքում։ Ռուսաստանի աջակցությունը դե ֆակտո Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմաններից այն կողմ չի անցնում։ Երիտասարդ սերունդը  գրեթե չի խոսում ռուսերեն։ Ոչ մի քաղաքական կուսակցություն կողմ չի արտահայտվում Ռուսաստանի հետ միությանը։ Այնուամենայնիվ Ուկրաինայում մենք տեսնում ենք, որ Պուտինը կարող է օդից պատերազմ հայտարարելու առիթ ստեղծել։ Մարտի 3-ին սկզբում Վրաստանը, այնուհետև Մոլդովան պատմական որոշում կայացրին՝ արագացնելու ԵՄ անդամակցության դիմումները։ Եվրամիությունը շատ է խոսում կայունության մասին։ Հիմա ժամանակն է ուժեղացնելու այն ոչ միայն Վրաստանում և Մոլդովայում, այլև Հայաստանում և Ադրբեջանում։ Նորա Վանյան
16:47 - 04 մարտի, 2022
Ճամպրուկային տրամադրություններ Ռուսաստանի ՏՏ ոլորտում․ «Կոմերսանտ»

Ճամպրուկային տրամադրություններ Ռուսաստանի ՏՏ ոլորտում․ «Կոմերսանտ»

Ուկրաինայում ընթացող պատերազմի և դրա հետևանքով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման ֆոնին ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունները դիտարկում են օպերատիվ կերպով արտասահման տեղափոխվելու հնարավորությունն՝ ակտիվորեն այս հարցը քննարկելով իրավաբանների հետ, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։ Դրան կարող է խանգարել մարտի 1-ից ուժի մեջ մտած օրենքը, որով ՌԴ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է արտարժույթ դուրս բերել երկրից։ Սակայն անգամ եթե տեղափոխումը հաջողվի, շուկայի մասնակիցները մտավախություններ ունեն լրացուցիչ դժվարությունների առնչությամբ։ Վերջին մեկ շաբաթում զգալիորեն ավելացել են ՏՏ ոլորտի ընկերությունների դիմումներն իրավաբանական ընկերություններին, «Կոմերսանտին» հայտնել են իրավաբանական ոլորտի ներկայացուցիները։ Բազմաթիվ հարցեր են առաջացել այն մասին, թե ինչպես բիզնես վարել փոփոխված հանգամանքներում, ասում է իրավաբան Սերգեյ Կովալկովը։ Նրա խոսքով՝ փոքր բիզնեսն ավելի շատ է դիմում, քանի որ խոշոր ընկերություններն իրենց իրավաբաններն ունեն․ «Հարցերը վերաբերում են նրան, թե ինչպես շարունակել աշխատանքն օտարերկրյա գործընկերների հետ, արդյոք պետք է դրա համար փոխել կորպորատիվ կառուցվածքը, թե նոր իրավաբանական անձ բացել արտասահմանում»։ «Մեզ դիմող ընկերությունների մեծ մասը խնդրում է վերլուծել ռիսկերը, որոնք կապված են սարքավորումների արտադրանքի և բիզնեսի կառուցվածքի հետ՝ արտասահմանյան ընկերությունների հետ աշխատանքն առանց պատժամիջոցների շարունակելու համար», - հաստատում է իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Յարոսլավ Շիցլեն։ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, մասնավորապես, սպառնում են արտասահմանյան ծրագրային ապահովման, միկրովերահսկիչների և կիսահաղորդիչների գնման հնարավորությանը, որոնց համարժեքը չկա ռուսական շուկայում։ Յարոսլավ Շիցլեն նշում է, որ բիզնեսի «մասնատումն» ուղեկցվելու է նրանով, որ գործառույթների մի մասը փոխանցվելու է մերձավոր և հեռավոր արտասահմանի երկրներին։ Ուկրաինայում շարունակվող պատերազմի և արևմտյան պատժամիջոցների ֆոնին ռուսաստանյան ՏՏ ոլորտի աշխատակիցներն արդեն համակարգում են ջանքերը՝ երկիրը լքելու համար։ Խոշոր ընկերությունները նույնպես ձգտում են Ռուսաստանից դուրս բերել իրենց աշխատակիցներին։ Իրավիճակը կարող է բարդացնել այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 28-ի երեկոյան երկրի քաղաքացիներին և ընկերություններին արգելել է արտարժույթ դուրս բերել։ Անգամ 15-20-հոգանոց ընկերությունների ռելոկացիան ծախսատար և բարդ գործ է, նշում է իրավաբան Ալեքսանդր Շարապովը։ Եթե խոսքը Եվրամիություն տեղափոխվելու մասին է և անհրաժեշտ է աշխատանքային վիզաների ստացում, ապա միջինում տեղափոխվելը զբաղեցնում է շուրջ կես տարի։ Աշխատակիցների համար բնակարանի որոնումը, նոր գրասենյակի վարձակալությունն ու փաստաթղթերի ձևակերպումը ծախսեր է պահանջում։ «Իսկ ընթացիկ իրավիճակում հնարավոր է, որ ընկերությունները ստիպված լինեն փողերը դուրս բերել բառացիորեն կանխիկով լցված ճամպրուկներով»։ Մեկ այլ, ավելի հասանելի միջոցն, ըստ իրավաբանի, կապիտալը կրիպտոարժույթի վերածելն է և արդեն գումարների ստացումն արտասահմանում։ Մարդիկ արդեն ակտիվորեն զբաղվում են դրանով, բիթքոյինը շուկայական կապիտալիզացիայով առաջ է անցել հիմնական կրիպտոարժույթների մեծ մասից, դրա եկամտաբերությունը 24 ժամում կազմել է  15%, պատմել է «Ամեն ինչ բլոկչեյնի, ուղեղի և Web 3.0-ի մասին» Տելեգրամ-ալիքի հիմնադիր Անի Ասլանյանը։ Ընդ որում, շուկայի մասնակիցները խոստովանում են, որ կոսմետիկ միջոցներով ամեն ինչ չի կարգավորվի։ Պատժամիջոցները շրջանցելու ցանկացած փորձ խստորեն կասեցվելու է արտասահմանյան երկրների իշխանությունների կողմից, վստահ է «Կոմերսանտի» զրուցակիցներից մեկը․ «Այս հարցում նրանք արդեն մեծ փորձ ունեն Իրանի օրինակով, բոլոր մեխանիզմները հայտնի են»։ Իրապես տեղափոխվելն Արևմուտքում կողջունեն, կարծում է նա, քանի որ պատժամիջոցների նպատակը հենց ՌԴ տնտեսության թուլացումն է։ Սակայն բնավ ոչ բոլորն են ջերմ ընդունելության սպասում։ Ռուսական ընկերությունների նկատմամբ խիստ վերաբերմունք արևմտյան գործընկերներն ունեին նաև ուկրաինական իրադարձություններից առաջ, պնդում է ГК DZ Systems ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Զավալիշինը։ «Անգամ եթե համագործակցությունը տեղափոխվի արևմտյան ենթադատության տարածք, ապա մեծ է այն ռիսկը, որ մեզ կներկայացնեն անսպասելի պահանջներ, օրենսդրությամբ չնախատեսված պատժամիջոցներ, իսկ օրենքներն ու կանոններն այլ կերպ կմեկնաբանվեն, քան ուրիշների դեպքում»։  
17:57 - 03 մարտի, 2022
Կինոյից մինչև ավիացիա․ ո՞ր ընկերություններն են լքել Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր

Կինոյից մինչև ավիացիա․ ո՞ր ընկերություններն են լքել Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր

Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժումից գրեթե անմիջապես հետո արևմտյան ընկերությունները սկսեցին զանգվածաբար դադարեցնել աշխատանքը ռուսաստանցի հաճախորդների հետ կամ դուրս գալ համատեղ բիզնեսներից։ Ոմանք դա անում են պատժամիջոցների կամ բիզնեսի վարման դժվարությունների պատճառով, մյուսներն ուղղակիորեն հայտարարում են, որ պատրաստ չեն աշխատել պատերազմ վարող երկրի հետ։ BBC-ն հավաքել է խոշոր ընկերությունների ցանկը, որոնք հրաժարվել են ռուսական շուկայից վերջին մի քանի օրում։   Ավիացիա Ամերիկյան և եվրոպական ավիացիոն հսկաներ Boeing-ն ու Airbus-ը հայտարարել են, որ կասեցնում են տեխնիկական աջակցությունը ռուսական ավիաընկերություններին՝ փետրվարի 26-ին ռուսական ավիացիոն ոլորտի դեմ ԵՄ սահմանած պատժամիջոցների շրջանակում։ Boeing-ը հայտարարել է Ռուսաստանում հիմնական գործարքների կասեցման և Կիևում գրասենյակը ժամանակավորապես փակելու մասին։ «Մենք նաև դադարել ենք ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների համար պահեստամասերի մատակարարումը, տեխնիկական աջակցությունն ու սպասարկումը», - ասված է ընկերության հայտարարությունում։ Դրանից անմիջապես հետո Airbus-ը հաղորդել է, որ դադարում է պահեստամասեր ուղարկել Ռուսաստան և սպասարկման ծառայություններ մատուցել ռուսական ավիաընկերություններին։ «Airbus-ի ինժեներական կենտրոնը Ռուսաստանում կասեցրել է բոլոր աշխատանքներն Airbus-ի համար՝ պաժամիջոցներին համապատասխան», - ասված է ընկերության հայտարարությունում։ Ավելի վաղ համաշխարհային առևտրային ավիացիային լիզինգ տրամադրող խոշորագույն ընկերություններից մեկը՝ AerCap-ը, նույնպես հայտարարել էր ռուսական ավիաընկերությունների հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Նրա հաճախորդների թվում են S7, «Աերոֆլոտ» և «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունները։   Էլեկտրոնիկա Ամերիկյան Apple կորպորացիան հայտարարել է, որ սահմանափակումներ է մտցնում ռուսաստանյան տարածաշրջանի համար, մասնավորապես, խոսքը գնում է Apple-ի առցանց խանութներում բոլոր գաջեթների վաճառքի դադարեցման մասին։ «Մենք դադարեցրել ենք մեր բոլոր ապրանքների վաճառքը Ռուսաստանում։ Նախորդ շաբաթ կասեցրել ենք արտահանումն այդ երկրում մեր ներկայացուցչություններ։ Apple Pay-ի և մյուս ծառայությունների օգտագործումը սահմանափակվել է։ RT News և Sputnik News հավելվածներն այլևս հնարավոր չէ ներբեռնել App Store-ից Ռուսաստանի սահմաններից դուրս», - հաղորդել է ընկերությունը։ Ռուսաստանում Apple-ի վաճառքներով զբաղվող re:Store ընկերությունը մարտի 2-ին փակել է իր խանութները Մոսկվայում։ Ավելի ուշ նրա ներկայացուցիչը «Պոդյոմ» պարբերականին հայտնել էր, որ վաճառակետերի փակման մասին որոշումը ժամանակավոր էր» և «կապված էր շուկայում ընթացիկ իրավիճակը գնահատելու անհրաժեշտության հետ»։   Nokia Սմարթֆոններ արտադրող ֆիննական Nokia ընկերությունը որոշել է դադարեցնել սարքավորումների մատակարարումը Ռուսաստան պատժամիջոցների պատճառով։ «Սա բարդ իրավիճակ է, որն արագ զարգանում է, և մենք շարունակում ենք գնահատել այն», - հաղորդել է ընկերությունը մարտի 2-ին։ Նման որոշում է կայացրել նաև Siemens ընկերությունը, որը դադարեցրել է նաև Ռուսաստանում բոլոր նոր նախագծերի հետ աշխատանքը։   Հագուստ Nike-ը՝ մարզական ապրանքների ամերիկյան խոշորագույն ընկերությունը, դադարել է ապրանք վաճառել ռուսաստանյան կայքում և հավելվածում։ Մարտի 1-ին ընկերության կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ դա կապված է առաքման դժվարությունների հետ․ «Ներկա պահին Nike ընկերությունը չի կարող երաշխավորել ապրանքների առաքումը Ռուսաստանի իր հաճախորդներին»։ Հագուստի, կոշիկի, աքսեսուարների և կոսմետիկայի բրիտանական ASOS առցանց խանութը նույնպես դադարեցրել է առաքումները Ռուսաստան։ Սակայն պաշտոնական հայտարարություն ընկերությունը դեռ չի արել։   Ավտոմեքենաներ Ռուսական շուկան լքելու մասին է հայտարարել ավտոմեքենա արտադրող մի քանի խոշորագույն ընկերություն, այդ թվում՝ BMW-ն ու Ford-ը։ Ford Motor Company ընկերությունը հաղորդել է, որ դադարեցնում է իր ողջ աշխատանքը Ռուսաստանում, այդ թվում՝ «Սոլերս Ավտո» խմբի հետ համատեղ ձեռնարկությունը։ «Ford-ը խորապես անհանգստացած է Ուկրաինա ներխուժմամբ և այդ առնչությամբ խաղաղության և կայունության սպառնալիքներով։ Իրավիճակը մեզ ստիպել է վերանայել գործունեությունը Ռուսաստանում», - ասված է ընկերության հայտարարությունում։ Գերմանական BMW կոնցեռնն, իր հերթին, հաղորդել է Կալինինգրադի «Ավտոտորում» իր ավտոմեքենաների հավաքման ու ռուսական շուկային ավտոմեքենաների մատակարարման դադարեցման մասին։ Սակայն ընկերությունը կշարունակի իր հաճախորդների ավտոմեքենաների սպասարկումը։ Ռուսաստանում աշխատանքի կասեցման մասին են հայտնել նաև այլ ընկերություններ, մասնավորապես՝ Daimler-ը, Volvo-ն, Jaguar-ն ու Land Rover-ը։   Նավթ Արևմտյան նավթային հսկաները նույնպես լքում են Ռուսաստանը։ Մարտի 2-ին ExxonMobil ամերիկյան ընկերությունը հայտարարել է, որ դուրս է գալիս «Սախալին-1» ռուսական նավթագազային նախագծից։ «ExxonMobil-ը սատարում է Ուկրաինայի ժողովրդին իր ազատությունը պաշտպանելու և որպես ազգ իր ապագան կերտելու ձգտման մեջ։ Մենք դատապարտում ենք Ռուսաստանի ռազմական գործողությունները, որոնք խախտում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու վտանգում նրա ժողովրդին», - հաղորդում է ընկերությունը։ Ավելի վաղ մեկ այլ նավթային հսկա Shell-ը հայտարարել էր, որ դուրս է գալու «Գազպրոմի» հետ բոլոր համատեղ նախագծերից, այդ թվում՝ «Սախալին-2»-ից։ Եվս մեկ նավթային խոշորագույն ընկերություն՝ բրիտանական BP-ին, փետրվարի 27-ին հայտարարել էր «Ռոսնեֆտի» բաժնետերերի կազմից դուրս գալուս մասին։ Նրան է պատկանում բաժնետոմսերի 19,75%-ը։   Ֆիլմեր Ռուսական կինոթատրոններն Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով կմնան առանց հոլիվուդյան ֆիլմերի․ խոշորագույն հոլիվուդյան ստուդիաները որոշել են չեղարկել իրենց նոր ֆիլմերի պրեմիերաները ռուսական կինոթատրոններում։ Այդ մասին առաջինը հայտարարել է Warner Bros.-ը․ նա չեղարկել է Քրիստիան Բեյլի մասնակցությամբ «Բեթմեն» ֆիլմի ցուցադրությունը պրեմիերայից երեք օր առաջ։ Այնուհետև իրենց ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանում չեղարկելու մասին են հայտարարել Paramount, Sony և Walt Disney Company ընկերությունները։ «Այն պահին, երբ ականատես ենք լինում Ուկրաինայում շարունակվող ողբերգությանը, մենք որոշել ենք չեղարկել մեր ֆիլմերի պրեմիերաները Ռուսաստանում՝ ներառյալ «Կորուսյալ քաղաք» և «Սոնիկ-2» ֆիլմերինը», - ասված է Paramount-ի հայտարարությունում։   Նորա Վանյան
15:54 - 03 մարտի, 2022
Պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեկ տարուց ավելի է՝ չի ներկայացնում օրենքով պահանջվող հայտարարագիրը․ նա հրավիրվել է ԿԿՀ

Պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեկ տարուց ավելի է՝ չի ներկայացնում օրենքով պահանջվող հայտարարագիրը․ նա հրավիրվել է ԿԿՀ

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեկ տարուց ավելի է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չի ներկայացնում դեռ 2021 թվականի հունվարի 27-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնականի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։  Հայտարարագրի այդ տեսակը ներկայացնելու համար «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված է մեկամսյա ժամկետ, այսինքն՝ Դանիելյանը այն պետք է ներկայացներ մինչ 2021 թվականի փետրվարի 27-ը, ինչը, սակայն, չի արվել։ Դրանից ամիսներ անց՝ 2021 թվականի օգոստոսի 5-ին, երբ Դանիելյանն արդեն ազատված է եղել այդ պաշտոնից եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է պատգամավոր, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է հայտարարագրեր չներկայացրած անձանց ցուցակ, որում ներառված է եղել նաեւ նրա անունը՝ բացակայող հայտարարագրերի վերաբերյալ տեղեկություններով։ Թեեւ օրենքով նման ցուցակ հրապարակելու կարգ սահմանված չէ, Հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ մեզ հայտնել էր, որոշ դեպքերում այդպես է վարվում՝ անձանց լրացուցիչ ծանուցելու, ինչպես նաեւ իր աշխատանքի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու համար։ Որպես կանոն՝ ցուցակը հրապարակելուց հետո հայտարարատու անձանց տալիս են մեկամսյա ժամկետ, որը լրանալուց հետո միայն, եթե հայտարարագրերը դարձյալ չեն ներկայացնում, օրենքով սահմանված կարգով ուղարկում են գրավոր ծանուցում։ Գրավոր ծանուցումից հետո արդեն, ըստ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 169․28-րդ հոդվածի, 30-օրյա ժամկետում հայտարարագիրը դարձյալ չներկայացնելու դեպքում անձինք ենթարկվում են վարչական տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200.000 դրամ)։ Նախորդ հրապարակմամբ Infocom-ն արդեն հայտնել է, որ չնայած ցուցակի հրապարակումից հետո Դանիելյանը դարձյալ չէր ներկայացրել հայտարարագիրը, Հանձնաժողովը նրան լրացուցիչ ժամանակ տրամադրելու վերաբերյալ օրենքով սահմանված գրավոր ծանուցումը չէր ուղարկել։ ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մեր զրույցում դա պայմանավորել էր տեխնիկական խնդիրներով․ «Որոշ մասերով տեխնիկական խնդիրներ ենք ունեցել, որի արդյունքում տվյալները ամբողջությամբ չեն արտահանվել, նման բացթողումներ հնարավոր է լինեն, չեմ բացառում, դրա համար հիմա մենք աշխատում ենք նոր համակարգի ստեղծման վրա, պայմանագիրն արդեն կնքված է, ենթադրաբար առաջիկա մեկ տարվա ընթացքում նմանատիպ բոլոր հարցերը կկարգավորվեն, եւ հետագայում ավելի հստակ կկարողանանք ցանկացած տվյալ շատ ավելի սեղմ եւ հստակ ժամկետում տրամադրել»,- ասել էր նա՝ նշելով, որ լրացուցիչ ժամանակ տրամադրելու ծանուցումը Դանիելյանին ուղարկվել է միայն 2022 թվականի հունվարի 18-ին՝ մեր գրավոր հարցումից հետո։ Լրացուցիչ ժամանակի ավարտից հետո՝ փետրվարի 28-ին, դարձյալ դիմեցինք ԿԿՀ՝ հետաքրքրվելով՝ Դավիթ Դանիելյանը ներկայացրե՞լ է արդյոք հիշյալ հայտարարագիրը, եթե այո, ապա ե՞րբ, իսկ եթե ոչ, հարուցվե՞լ է արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Մեր հարցին ի պատասխան՝ ԿԿՀ-ից հայտնեցին, որ  Դանիելյանը 30-օրյա ժամկետում հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ ծանուցումը ստացել է հունվարի 25-ին, սակայն մինչ օրս (խոսքը մինչ փետրվարի 28-ի մասին է,-խմբ․) հայտարարագիրը չի ներկայացրել․ «Հայտնում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այժմ իրականացնում է վարչական իրավախախտման վարույթ»,- նշեցին ԿԿՀ-ից՝ հավելելով, որ պատգամավորը մարտի 17-ին հրավիրվել է Հանձնաժողով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու: Հայտարարագրերի ռեեստրում բացակայում է նաեւ Դանիելյանի փոխկապակցված անձի՝ կնոջ հայտարարագիրը։ «Հանրային ծառայության մասին»  օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները համարվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում լրացնում են իրենց գույքի, եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ տվյալները եւ պատասխանատու են դրանց իսկության համար: Նույն հոդվածի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից հայտարարագրերը օրենքի եւ ԿԿՀ-ի կողմից սահմանված կարգի եւ ժամկետների պահպանմամբ  չներկայացնելը եւս առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Հաշվի առնելով սա՝ մարտի 1-ին ԿԿՀ-ին ուղղված մեր հարցմամբ խնդրեցինք հայտնել նաեւ՝ Դանիելյանի կնոջն ուղարկվե՞լ կամ նախատեսվո՞ւմ է ուղարկել ծանուցում՝ 30-օրյա ժամկետում հայտարարագիրը ներկայացնելու համար։ Մեր հարցին ի պատասխան՝ Հանձնաժողովից հայտնեցին, որ Դանիելյանի կինը ծանուցվել է հենց այդ օրը՝ մարտի 1-ին: Ճշտող հարցին, թե որն է պատճառը, որ նրա ծանուցումը այդքան ուշ է ուղարկվել, Հանձնաժողովից չպարզաբանեցին։  Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ պատգամավոր Դավիթ Դանիելյանից, սակայն նրա օգնական Արփինե Կարապետյանը փոխանցեց, որ հավելյալ պարզաբանման կարիք չկա, խնդիրը տեխնիկական է․ «Պարոն Դանիելյանն ասաց, որ տեխնիկական խնդիր է․ երբ բացվում է կնոջ տվյալները լրացնելու կետը, ծրագիրը կախում է, փորձում է կարգավորել, բայց չի ստացվում»։ Անձամբ իր հայտարարագրի բացակայության վերաբերյալ Դանիելյանը որեւէ այլ բան չփոխանցեց։   Միլենա Խաչիկյան
16:59 - 02 մարտի, 2022
Ո՞ր երկրներն են ռազմական օգնություն տրամադրում Ուկրաինային․ ամփոփ

Ո՞ր երկրներն են ռազմական օգնություն տրամադրում Ուկրաինային․ ամփոփ

Աշխարհի մի շարք երկրներ զենք և հումանիտար օգնություն են ցուցաբերում Ուկրաինային, որտեղ, Ռուսաստանի ներխուժումից ի վեր, շարունակվում են ռազմական գործողությունները։ Ներկայացնում ենք երկրների ցանկն ու տրամադրվող օգնության տեսակն՝ ըստ Al Jazeera-ի անդրադարձի։  ԱՄՆ: Փետրվարի 25-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պետդեպարտամենտին հրահանգել է լրացուցիչ 350 մլն դոլարի զենք տրամադրել Ուկրաինային։ Ուկրաինան խնդրել էր իրեն տրամադրել «Ջավելին» հակատանկային հրթիռային համալիրներ և «Ստինգեր» զենիթային հրթիռներ։ Պենտագոնը նշել է, որ տրամադրվող զենքը ներառում է հակատանկային միջոցներ, զենիթային կայաններ, հրաձգային զենք, զրահաբաճկոններ և զինամթերք՝ առաջնագծում կռվող ուկրաինացիների համար։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ այդպիսով, անվտանգության ոլորտում ԱՄՆ տրամադրած օգնությունն Ուկրաինային վերջին մեկ տարում կազմել է ավելի քան 1 մլրդ դոլար։ Եվրամիություն: Եվրամիությունն իր պատմության մեջ առաջին անգամ ֆինանսավորել է զենքի գնում և մատակարարում այն բանից հետո, երբ միության երկրների առաջնորդները համաձայնության են եկել Կիևին 450 մլն եվրոյի ($502) զենք տրամադրելու հարցում։ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել էր, որ երկրներից մի քանիսը Կիևին կործանիչներ կուղարկեն։ Մեծ Բրիտանիա։ Հունվարին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ մեծ Բրիտանիան «որոշում է կայացրել Ուկրաինային թեթև հակատանկային հրթիռներ մատակարարելու»։ Ֆրանսիա։ Ֆրանսիան, որն արդեն օգնություն ցուցաբերել է Ուկրաինային, ավելի շատ ռազմական տեխնիկա և վառելիք է տրամադրում։ Փարիզը հայտարարել է, որ հաշվի է առել Ուկրաինայի խնդրանքը՝ պաշտպանական զենիթային և թվային զենք ստանալու մասին։ Նիդերլանդներ։ Նիդերլանդներն Ուկրաինային կաջակցի հակաօդային պաշտպանության հրթիռներով և հակատանկային համակարգերով։ Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Նիդերլանդների կառավարությունը։ Կառավարությունն արձագանքել է Ուկրաինայի խնդրանքին՝ հրատապ տրամադրելու 200 «Ստինգեր» զենիթահրթիռային համալիր, 50 «Պանցերֆաուստ-3» հակատանկային նռնականետ և 400 ռեակտիվ արկ։ Գերմանիա։ Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 1000 միավոր հակատանկային զենք և 500 «Ստինգեր» զենիթահրթիռային համալիր։ Մինչ այս Գերմանիան զերծ էր մնում հակամարտության գոտի զենք արտահանելուց։ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա շրջադարձային պահ է։ Այս իրավիճակում մեր պարտականությունն է անել հնարավոր ամեն ինչ՝ Պուտինի բանակից պաշտպանվելու հարցում Ուկրաինային օգնելու համար»,- շաբաթ օրն ասել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Կանադա։ Օտտավան Ուկրաինային զենք է ուղարկում և տրամադրում է կես միլիարդ կանադական դոլար վարկ ($394 մլն)՝ նրա ինքնապաշտպանությանն օգնելու նպատակով։ Շվեդիա, Նորվեգիա և Դանիա։ Ստոկհոլմը նույնպես խախտում է իր պատմականորեն չեզոք դիրքորոշումը և Ուկրաինա ուղարկում 5000 միավոր հակատանկային զենք։ Դանիան ուղարկում է ևս 2700 միավոր։ Նորվեգիան ուղարկում է սաղավարտներ և զրահաբաճկոններ, ինչպես նաև «Մ-72» հակատանկային նռնականետներ։ Ֆինլանդիա։ Ֆինլանդիան նույնպես «պատմական» որոշում է կայացրել Ուկրաինային ուղարկելու 1500 միավոր հակատանկային զենք, 2500 գրոհային հրացան, 150 000 փամփուշտ և 70 հազար մթերաբաժին։ Բելգիա։ Բելգիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 3000 միավոր ինքնաձիգ և 200 միավոր հակատանկային զենք։ Պորտուգալիա։ Պորտուգալիան Ուկրաինային տրամադրում է գիշերային տեսանելիության սարքեր, զրահաբաճկոններ, սաղավարտներ, զինամթերք և G3 ինքնաձիգներ։ Հունաստան։ Հունաստանը, որ մեծ համայնք ունի Ուկրաինայում (համայնքաից 10 հոգի զոհվել է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում), «պաշտպանական միջոցներ» և մարդասիրական օգնություն կուղարկի Ուկրաինա։ Ռումինիա։ Ուկրաինային սահմանակից Ռումինիան առաջարկում է Ուկրաինայից վիրավորներ ընդունել իր 11 ռազմական հոսպիտալներում, ինչպես նաև տրամադրում է վառելիք, զրահաբաճկոններ, սաղավարտներ և $3,3 միլիոնի այլ զինամթերք։ Իսպանիա։ Իսպանիայի կառավարությունը խոստացել է ուղարկել 20 տոննա օգնություն Ուկրաինային, հիմնականում՝ բժշկական սարքավորումներ և պաշտպանական միջոցներ, այդ թվում՝ զրահաբաճկոններ։ Չեխիա։ Չեխիան շաբաթ օրը հայտարարել է, որ հաշված ժամերի ընթացքում Ուկրաինային է ուղարկելու 4000 ականանետ, 7000 գրոհային հրացան, 30 հազար ատրճանակ, 3000 ականանետ, դիպուկահար հրացաններ և մեկ միլիոն փամփուշտ։ Չեխիան խոստացել է Կիևին $1,6 միլիոնի 4000 ականանետներ, որոնք դեռ պետք է առաքվեն։ Խորվաթիա։ Զագրեբը Ուկրաինային է տրամադրելու 16 միլիոն եվրոյի հրաձգային զենք և զրահաբաճկոններ։ Գլխավոր լուսանկարը՝ «Al Jazeera»-ի Նորա Վանյան  
18:25 - 01 մարտի, 2022
Որոշ դեպքերում անձինք կարող են հրաժարվել քննիչ հանձնաժողով ներկայանալուց․ Անդրանիկ Քոչարյանը սխալվում է

Որոշ դեպքերում անձինք կարող են հրաժարվել քննիչ հանձնաժողով ներկայանալուց․ Անդրանիկ Քոչարյանը սխալվում է

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի երեկվա նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իրականությանը չհամապատասխանող պնդումներ է արել։ Մասնավորապես, նիստի սկզբի հրապարակային հատվածում, խոսելով հանձնաժողովի գործունեության մասին, նա ասել է, որ որեւէ մեկը չի կարող հրաժարվել այստեղ (նկատի ունի քննիչ հանձնաժողով,- հեղ․) գալուց։ Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը հստակ ամրագրում է, թե հանձնաժողով ներկայանալը ում համար է պարտականություն, ում համար՝ իրավունք։ Մասնավորապես, օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու եւ բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաեւ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին: Այսինքն՝ հանձնաժողով ներկայանալուց հրաժարվել չեն կարող միայն պաշտոնատար անձինք, իսկ այլ անձինք կարող են։ Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ նախկին պաշտոնատար անձանց համար օրենքը որոշակի բացառություն է նախատեսում։ 22-րդ հոդվածի 1-ին մասի 1․1 կետի համաձայն՝ պաշտոնատար անձանց՝ հանձնաժողով ներկայանալու եւ բացատրություններ տալու, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաեւ նրանց պաշտոնից ազատվելուց հետո, եթե տեղեկատվության տրամադրման պահանջը կամ նիստին ներկայանալու եւ բացատրություններ տալու հրավերը ստացվել է մինչեւ պաշտոնից ազատվելը: Այսինքն՝ պատերազմի ընթացքում որեւէ պաշտոն զբաղեցրած, բայց այժմ պաշտոնաթող անձինք կարող են նաեւ չներկայանալ, եթե հրավերը ստացել են պաշտոնը թողնելուց եւ/կամ ազատվելուց հետո։ Իր ելույթի ընթացքում Անդրանիկ Քոչարյանն նաեւ ասել է․ «Մեր ամբողջ աշխատանքի ընթացքում, ինչպես Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի, ինչպես Մարտի 1-ի փաստահավաք խմբի ժամանակ է եղել, որեւէ դրվագ չի կորելու, այդ բոլոր դրվագները լինելու են մեր երկրի արխիվային կարողությունների մեջ, եւ նաեւ դա է հիմք տալիս, որ որեւէ թաքցնելու բան չի կարող լինել։ Երբ ասում են՝ քվեարկությամբ են կանչելու, չէ, էդպիսի բան չկա, անհրաժեշտությամբ ենք կանչելու, քվեարկությամբ որեւէ մեկին․․․ Եթե եղավ առաջարկ, էդ առաջարկը, ոնց որ եղել է Քառօրյայի ժամանակ․․․ Չի եղել դրվագ, երբ մենք քվեարկենք՝ սրան կանչենք թե չէ։ Եթե եղել է անհրաժեշտություն, պետք է գա»։ Իրականում, սակայն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը այլ կարգավորում է նախատեսում։ Ըստ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ հանձնաժողովը կարող է որոշմամբ հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ստացվում է, որ օրենքի համաձայն՝ անկախ անհրաժեշտությունից՝ Հանձնաժողով ներկայանալու հրավեր ուղարկելու համար անհրաժեշտ է որոշում, որը ընդունվում է քվեարկությամբ։  Օրենքը սահմանում է նաեւ, թե որ դեպքում Հանձնաժողովը իրավունք ունի գործել առանց որոշումներ ընդունելու։ Մասնավորապես, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հանձնաժողովը կարող է անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ՝ առանց որոշման, գրավոր դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ։ Հավելենք, որ թեեւ հանձնաժողովի գործունեությունը ամրագրող նորմերում կիրառվում է «կարող է», ոչ թե «պարտավոր է» ձեւակերպումը, այնուհանդերձ, Սահմանադրության  6-րդ հոդվածի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետեւաբար, պատգամավորները չեն կարող առանց որոշման հրավեր ուղարկել, քանի որ օրենքով նման լիազորություն չունեն։ Այսպիսով, Անդրանիկ Քոչարյանի վերոնշյալ պնդումները սխալ են եւ չեն համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի կարգավորումներին։   Միլենա Խաչիկյան
12:11 - 22 փետրվարի, 2022
Նախորդ 18 տարում ակնհայտ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու հոդվածը ՀՀ-ում չի կիրառվել

Նախորդ 18 տարում ակնհայտ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու հոդվածը ՀՀ-ում չի կիրառվել

2003 թվականից 2021-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի՝ ակնհայտ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու հատկանիշներով պետական կառույցներում հանցագործության որեւէ դեպք չի հաշվառվել։ Քրեական օրենսգրքի ընդունման պահից ի վեր այդ հոդվածով առաջին անգամ գործ է հարուցվել միայն 2022 թվականին։  ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածը այն հոդվածն է, որով մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Մի խումբ դատավորներ արտահերթ ժողով հրավիրելու մասին Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին ուղղված իրենց դիմումում եւս նշել են, որ ՔՕ 348-րդ հոդվածը մինչ այս պահը փաստացի չի կիրառվել։ Infocom-ը ուսումնասիրել է, թե ՔՕ 348-րդ հոդվածի վերաբերյալ ինչ վիճակագրություն է առկա Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում եւ Դատական դեպարտամենտում։ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործությունները եւ այլ իրավախախտումները կանխելու նպատակով ոստիկանությունը կառավարության սահմանած կարգով իրավունք ունի իրականացնել որոշակի տվյալների հաշվառում։ Ըստ այդմ, ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը հաշվառում է որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումները, դատարանի դատավճիռները եւ այլն։ Հաշվի առնելով սա՝ գրավոր հարցմամբ ոստիկանությունից խնդրել էինք հայտնել, թե 2003-2021 թթ ընթացքում այդ հոդվածի հատկանիշներով քանի քրեական գործ է հարուցվել, եւ ինչ փուլում է դրանցից յուրաքանչյուրը։ Ոստիկանությունից պատասխանել են, որ այդ ընթացքում ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի հատկանիշներով հանցագործության որեւէ դեպք հաշվառված չէ։ Քրեական գործերի վերաբերյալ առանձին վիճակագրություն է վարում նաեւ Դատական դեպարտամենտը՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին եւ Կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան։ Դեպարտամենտի վիճակագրությունը ներառում է ոչ միայն մինչդատական եւ դատական վարույթը, այլ նաեւ քրեական գործի հարուցմանը նախորդող փուլը, երբ, օրինակ, դեռ նյութեր են նախապատրաստվում կամ մերժվում է քրեական գործի հարուցումը։ Օրենքի պահանջով՝ վիճակագրական տվյալների հաշվառումից հետո Դեպարտամենտը դրանք հրապարակում է։ Դատական իշխանության պաշտոնական կայքում, սակայն, հրապարակված տվյալները հասանելի են՝ սկսած միայն 2015 թվականից։ Ուստի գրավոր հարցմամբ դիմել էինք նաեւ ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ խնդրելով տրամադրել հիշյալ հոդվածին վերաբերող ամբողջական վիճակագրություն՝ սկսած 2003 թվականից։  Դատական պրակտիկայի վերլուծության եւ մշտադիտարկման վարչությունից ստացած պատասխանի համաձայն՝ «Դատական համակարգ» համակարգչային տեղեկատվական ծրագրի միջոցով դատական գործերի առկայության եւ/կամ բացակայության մասին տեղեկությունները հնարավոր է դուրս բերել՝ սկսած միայն 2008 թվականից։ Ըստ այդմ, Դատական դեպարտամենտի տվյալներով՝ 2008-2015թթ․ ընթացքում ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ դատարաններում չի  քննվել, չի կասեցվել կամ կարճվել, ինչպես նաեւ չի կայացվել մեղադրական կամ արդարացման դատավճիռ։ Գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել նաեւ, թե հաշվետու ժամանակահատվածում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, ինչպես նաեւ մեղադրանք առաջադրելու քանի որոշում է բողոքարկվել դատական կարգով, եւ բողոքարկման արդյունքում ինչ որոշումներ են կայացվել դատարանների կողմից։  Վարչությունից ստացած պատասխանից պարզ է դառնում, որ այդպիսի վիճակագրություն եւս առկա չէ, այսինքն՝ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու կամ այդ հոդվածով մեղադրանք առաջադրելու ոչ մի որոշում դատարաններում չի բողոքարկվել։   Փոխարենը բողոքարկվել է ՔՕ 348-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործի հարուցումը մերժելու 8 որոշում։ Դա նշանակում է, որ քաղաքացին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ վիճարկելով իրեն ձերբակալելու կամ կալանավորելու որոշման օրինականությունը, սակայն իրավապահ մարմինները, այդ հաղորդման հիման վրա նյութեր նախապատրաստելով, մերժել են քրեական գործի հարուցումը։ Այդ որոշումներն էլ հաղորդում տված անձինք հետագայում բողոքարկել են դատական կարգով։ Դեպարտամենտից ստացած պատասխանի համաձայն՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները հիշյալ 8 բողոքներից 7-ը մերժել են, 1-ը՝ բավարարել։  Լրացուցիչ հարցմամբ խնդրել էինք մանրամասնել՝ 8 բողոքներից 1-ը բավարարելու այդ որոշումը ո՞ր թվականին է կայացվել, ո՞ր դատարանի կողմից եւ ՔՕ 348-րդ հոդվածի կոնկրետ ո՞ր մասին՝ ակնհայտ ապօրինի ձերբակալելո՞ւն թե՞ կալանավորելուն է վերաբերել։ Խնդրել էինք  հայտնել նաեւ՝ այդ որոշման դեմ հետագայում ներկայացվե՞լ են վերաքննիչ, ապա նաեւ վճռաբեկ բողոքներ, եւ ինչպե՞ս է լուծվել դրանց ընթացքը։ Դատական պրակտիկայի վերլուծության եւ մշտադիտարկման վարչությունից տեղեկացրել են, որ օրենքով իրենց պատվիրակված լիազորության շրջանակներում հայցվող տեղեկության վերաբերյալ վիճակագրություն կամ որեւէ այլ հաշվառում Դեպարտամենտը չի վարում։ Այնուհանդերձ, հաշվի առնելով, որ բողոքը բավարարելուն չի հաջորդել քրեական գործի հարուցում (որովհետեւ ըստ պաշտոնական վիճակագրության՝ այդ հոդվածով հանցագործության դեպք մինչ 2021թ․ չի հաշվառվել)՝ ենթադրվում է, որ իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին են բողոքարկել դատարանի այդ որոշումը։ Արդյունքում, նրանց բողոքը բավարարվել է վերադաս ատյանների կողմից, ինչի հիմքով էլ քրեական գործ այդպես էլ չի հարուցվել։ Այսպիսով, դատավորների հայտարարությունը, թե ՔՕ 348-րդ հոդվածը մինչ այս պահը փաստացի չի կիրառվել, ճիշտ է։ Նախորդ 18 տարում ՀՀ-ում ակնհայտ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու հատկանիշներով  քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք չի առաջադրվել, չի կիրառվել որեւէ խափանման միջոց եւ չի ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության։    Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի կայքից Միլենա Խաչիկյան
18:48 - 18 փետրվարի, 2022
ԵԱՀԿ Ստամբուլյան փաստաթուղթը չի ենթադրում, որ ԼՂ հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. Փաշինյանը սխալվում է

ԵԱՀԿ Ստամբուլյան փաստաթուղթը չի ենթադրում, որ ԼՂ հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. Փաշինյանը սխալվում է

Երեկ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ընթացքում, լրագրողներից մեկը հիշեցրեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)` Ստամբուլյան գագաթնաժողովի ժամանակ ընդունված փաստաթուղթը․ «Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա այդ հայտարարությունն արել էր, որպես դրա վառ ապացույց հիշեցրել ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթղթերը։ Իշխանությունները և Ձեր (Ռոբերտ Քոչարյանի- խմբ․) այլ ընդդիմախոսներ հաճախ են նշում, որ 1999 թ․, Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի փաստաթուղթը ստորագրելով, Դուք նույնպես ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։  Ի պատասխան լրագրողի հարցի՝ Քոչարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ստում է․ «Ստամբուլյան փաստաթուղթը մեր դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից մեկն է եղել այդ տարիների ընթացքում։ ․․․ Այնտեղ կա անդրադարձ պոստսովետական տարածքում բոլոր կոնֆլիկտներին՝ Մոլդովայում, Վրաստանում, Ռուսաստանում (Չեչնիայի հարցն էր այն ժամանակ), Հայաստանում։ Բոլոր կոնֆլիկտների վերաբերյալ այդ փաստաթղթի մեջ գրված է․ «Մենք հարգում ենք, վերահաստատում ենք, ևս մեկ անգամ պնդում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը, և որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»։  Մոլդովայի տարածքային ամբողջականությունն էր վերահաստատվում, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, և միայն Ղարաբաղի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»։    Ի՞նչ է հայտարարել Նիկոլ Փաշինյանը 2021-ի մայիսին՝ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, այն ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մեղրիի փոխանակման թեման Հայաստանի Հանրապետությունում քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին։ Այդ քննարկմանը մասնակցել են Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, որոնք դեմ են այրահայտվել։ Այդ քննարկումից հետո Վազգեն Սարգսյանը մեկնել է Մեղրի և էնտեղ խոսել է Մեղրիի ռազմական նշանակության վերաբերյալ, որից հետո տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը, սպանվել են Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը, որից հետո տեղի է ունեցել ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունվել է Եվրոպայում անվտանգության Ստամբուլյան խարտիան, որի մեջ, ըստ էության, Հայաստանը կողմ է քվեարկել էն բանաձևերին, որը պիտի նշանակի, որ Ղարաբաղի հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ուզում եմ էսպիսի մի զուգահեռ տանել․ 1996 թվականին տեղի է ունեցել Լիսաբոնի գագաթնաժողովը, որտեղ էլի էդպիսի ձևակերպում է եղել, բայց 96 թվականին ՀՀ-ն վետո է դրել այդ որոշման վրա։ Բայց 99 թվականին ՀՀ-ն արդեն կողմ է քվեարկել։ Իհարե, դրանք նույն բաները չեն եղել, բայց բովանդակային առումով»․․․ Այս հատվածում Փաշինյանի խոսքը կիսատ է մնում։ 2021-ի հունիսին Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեց Լիսաբոնի գագաթնաժողովը, որտեղ ընդունվող փաստաթղթի վրա Հայաստանը վետո էր դրել։ Այնուհետև անդրադարձավ Ստամբուլի գագաթնաժողովին՝ այս անգամ մեջբերելով Եվրոպայում անվտանգության խարտիայից հատված․ «Մարդու իրավունքների` ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ պիտի հակառակը՝ ամրապնդի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»։  Փաշինյանն այս հատվածը մեկնաբանեց հետևյալ կերպ․ «Ի՞նչ ա ասում․ ասում ա՝ այո՛, ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է հարգվեն, բայց էդ իրավունքների հարգման պրոցեսում երկրների տարածքային ամբողջականությունը չպետք է խաթարվի, այսինքն՝ երկիրը ամբողջական պետք է մնա»։ Այնուհետև նա շարունակեց մեջբերումը․ «Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոնշյալ փաստաթղթում նշված այլ մոտեցումները, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և կրոնական ինքնության պահպանման և խթանման միջոցներն են գոյություն ունեցող պետության ներսում»։    Ի՞նչ է գրված Եվրոպայում անվտանգության խարտիայում 1999-ի նոյեմբերի 18-19-ին Ստամբուլում տեղի է ունեցել ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունվել է Եվրոպայում անվտանգության խարտիան։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանի ստորագրած այս փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Փաստաթղթում, սակայն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ որևէ ձևակերպում չկա։ Փաշինյանի մեջբերած հատվածը Խարտիայի՝ մարդու իրավունքներին վերաբերող հատվածից է։ «Մարդու, այդ թում՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների լիակատար հարգումը, բացի նրանից, որ ինքնին նպատակ է, կարող է ոչ թե խաթարել, այլ ամրապնդել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ինքնավարության տարբեր կոնցեպտները, ինչպես նաև վերը նշված, ԵԱՀԿ սկզբունքներին համահունչ փաստաթղթերում ուրվագծված այլ մոտեցումները գոյություն ունեցող պետության ներսում ազգային փոքրամասնությունների էթնիկ, մշակութային լեզվական և կրոնական ինքնությունը պահպանելու և խթանելու ուղիներ են։ Մենք դատապարտում ենք ցանկացած փոքարամասնության դեմ բռնությունը»,- ասվում է խարտիայում։ Տարածքային ամբողջականությանը փաստաթղթում ևս մեկ անգամ է ընդհանուր անդրադարձ կատարվում․ «Մենք, ԵԱՀԿ մեր պարտականություններին համապատասխան, անհապաղ կխորհրդակցենք անդամ պետության հետ, որն օգնություն է խնդրում՝ իրականացնելու իր անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը այն դեպքում, երբ վտանգված են իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը: Մենք համատեղ կքննարկենք սպառնալիքի բնույթը և գործողությունները, որոնք կարող են պահանջվել մեր ընդհանուր արժեքների պաշտպանության համար»։ Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձ է կատարվում Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում, որտեղ ասվում է․ «Մենք հատկապես ողջունում ենք ակտիվ երկխոսությունը Հայաստանի և  Ադրբեջանի նախագահների միջև, որոնց կանոնավոր շփումները հնարավորություններ են ստեղծել դինամիկ դարձնելու խնդրին (Ղարաբաղյան- խմբ․)  տևական և համապարփակ լուծում գտնելու գործընթացը: Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը և խրախուսում դրա շարունակությունը հույսով, որ բանակցությունները կվերսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Մենք հաստատում ենք նաև, որ ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը, որը մնում է [հակամարտությանը] լուծում գտնելու ամենահամապատասխան ձևաչափը, պատրաստ են խաղաղության գործընթացի և ապագայում դրա իրականացման հետագա առաջմղմանը՝ ներառյալ կողմերին անհրաժեշտ օգնություն տրամադրելը»։ Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում այլ հակամարտություններին անդրադառնալիս խոսվում է կոնկրետ երկրների տարածքային ամբողջականության մասին: Կոսովոյից խոսելիս, օրինակ, նշվում է Հարավսլավիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին, Հարավային Օսեթիային և Աբխազիային անդարադառնալիս՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին, և այսպես շարունակ։  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հատվածում Արդբեջանի տարածքային ամբողջականության մասին, սակայն, ոչ մի խոսք չկա։ Այդ մասին ասուլիսի ժամանակ նշեց նաև Ռոբերտ Քոչարյանը։  Եվրոպայում անվտանգության խարտիայում, փաստորեն, խոսքը պետության ներսում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին է, և ընդամենը նշվում է, որ դա չի կարող խաթարել պետության տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը։ Իսկ ԼՂ հակամարտության մասին խոսվում է միայն Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում, որտեղ ևս խոսք չկա Արդբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Իսկ Լիսաբոնյան փաստաթուղթում, որի հետ Նիկոլ Փաշինյանը համեմատում է Ստամբուլյան փաստաթուղթը, խոսվում է կոնկրետ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին․ «Բոլորդ գիտեք, որ վերջին երկու տարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Ադրբեջանի Հանրապետության տարածքային աբողջականության խնդիրը կարգավորելու հարցում  ոչ մի առաջընթաց չի գրանցվել։ Ցավում եմ, որ Մինսկի կոնֆերանսի համանախագահների ջանքերը՝ համաձայնեցնելու կողմերի տեսակետները կարգավորման սկզբունքների վերաբերյալ, անհաջող են եղել»։ Այնուհետև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականություն,  Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ՝ սահմանված ինքնորոշման իրավունքի վրա հիմնված համաձայնագրով, որը Լեռնային Ղարաբաղին տալիս է Ադրբեջանի կազմում ինքնակառավարման բարձր աստիճան, Լեռնային Ղարաբաղի և դրա բնակչության համար երախշավորված անվտանգություն՝ ներառյալ փոխադարձ պարտավորությունները` ապահովելու բոլոր Կողմերի՝ կարգավորման դրույթների պահպանումը: Այս փաստաթուղթը ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունն է: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատիվ պնդում է անում՝ համեմատելով Լիսաբոնյան փաստաթուղթը և Եվրոպայում անվտանգության խարտիան։ Լիսաբոնյան փաստաթղթի դեպքում կոնկրետ ձևակերպում կար Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Ադրբեջանի ներսում ԼՂ կարգավիճակի մասին, իսկ խարտիայում այդ մասին խոսք չկա․ այստեղ խոսվում է միայն պետություների ներսում ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին։ Իսկ ԼՂ հակամարտության մասին խոսվում է ոչ թե Եվրոպայում անվտանգության խարտիայում, այլ Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում, որտեղ նշվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։   Աննա Սահակյան
14:46 - 18 փետրվարի, 2022
Ոսկեպար-Բաղանիս հատվածում ադրբեջանական հենակետեր տեղադրելու հավանականության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում․ ՊՆ

Ոսկեպար-Բաղանիս հատվածում ադրբեջանական հենակետեր տեղադրելու հավանականության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում․ ՊՆ

Lurer.com կայքն այսօր «Ադրբեջանական հենակետեր Ոսկեպար-Բաղանիս հատվածո՞ւմ. ասում են՝ բնակիչներն ուրախ են» վերտառությամբ հրապարակում է արել, որտեղ նշված է, թե տեղեկություններ կան, իբրեւ Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդային քարտեզներով սահմանագծում և սահմանազատում անելու դեպքում խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ գյուղերի տարածքները կարող են հանձնվել Ադրբեջանին, եւ թե սահմանագոտու բնակիչներին անհանգստություն է պատճառում այն, որ սահմանի այդ հատվածում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում, կարող են տեղադրվել ադրբեջանական հենակետեր։  Մասնավորապես, կայքը գրել է, որ թեմայի շուրջ զրուցել է Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանի հետ, որն էլ, ըստ lurer.com-ի,  ո՛չ հաստատել, ո՛չ էլ բացառել է ադրբեջանական անցակետերի հնարավոր տեղակայման մասին լուրերը. «Ես հիմա որևէ բան չեմ ասում, քանի որ տեղյակ չեմ, թե բանակցային սեղանին ինչ է քննարկվում, այդ պատճառով չեմ կարող ասել, թե ինչի սպասենք: Ամբողջ խոսակցությունները օդում են, հենց այդ բամբասանքներն են մեր «տունը քանդում»»,- լրատվամիջոցին ասել է Սահակյանը: Իսկ Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանն էլ նշել է, որ նման լուրեր իրեն չեն հասել և առայժմ բացառել է հենակետերի տեղակայումը: Եւ չնայած Բաղանիսի վարչական ղեկավարը ադրբեջանական անցակետերի հնարավոր տեղակայման մասին հաստատական որեւէ բան չի ասել, իսկ Ոսկեպարի վարչական ղեկավարն ուղղակի հերքել է այդ տեղեկությունները, հենակետեր տեղադրելու վերաբերյալ հարցադրումը հայտնվել է կայքի վերնագրում։ Infocom-ը հենակետերի հնարավոր տեղակայման մասին լուրերի վերաբերյալ նախ մեկնաբանություն խնդրեց ՀՀ պաշտպանական գերատեսչությունից․ պաշտպանության նախարարությունից կտրականապես հերքեցին Ոսկեպար-Բաղանիս հատվածում ադրբեջանական անցակետերի հնարավոր տեղակայման մասին տեղեկությունները։ Իսկ ահա Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանն Infocom-ին հայտնեց, որ առհասարակ նման տեղեկություններ չունի․ «Էս պահի դրությամբ որեւէ բան չկա, սովորական ա, ոչ էլ տենց քննարկումներ են եղել, ես ասել եմ՝ չեմ բացառում, որովհետեւ չգիտեմ՝ ինչ են քննարկում բանակցային սեղանին, չես իմանա՝ ապագայում, երեք տարի հետո ինչ կլինի։ Բայց էս պահին տենց բան չկա»,- մեկնաբանեց նա։ Բացի դրանից՝ կայքը հրապարակման գլխավոր նկար է դրել մի լուսանկար, որը հայկական մեդիատիրույթում ավելի վաղ շրջանառվել է Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակետեր տեղադրելու լուրերին կից։   Սակայն Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական անցակետի նկարը Բաղանիս-Ոսկեպար հատվածում անցակետերի հնարավոր տեղադրման լուրի հետ հրապարակելիս անծանոթ ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծել, թե լուսանկարը հենց Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածից է արված։ Այսպիսով, ՊՆ-ն Infocom-ի հետ զրույցում հերքել է, թե Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական անցակետեր տեղադրվելու հարց է քննարկվում, այդ տեղեկությունները չեն հաստատել նաեւ Բաղանիսի եւ Ոսկեպարի ղեկավարները։ Իսկ lurer.com-ի հրապարակած նյութի լուսանկարում երեւացող անցակետը Բաղանիս-Ոսկեպար հատվածում չէ։  Լուսանկարում՝ Բաղանիս տանող ճանապարհը, Բաղանիս ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
18:49 - 15 փետրվարի, 2022