Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

ԱՄՆ կառավարության համար հնարավորությունների պատուհանը միշտ բաց չի լինելու. Զարիֆ |1lurer.am|

ԱՄՆ կառավարության համար հնարավորությունների պատուհանը միշտ բաց չի լինելու. Զարիֆ |1lurer.am|

1lurer.am:  Նշելով, որ ԱՄՆ նոր կառավարության համար հնարավորությունների պատուհանը միշտ բաց չի լինելու` ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Այս պահին նախաձեռնողը պետք է լինի Վաշինգտոնը»: Այդ մասին հաղորդում է Pars Today-ը:    Foreign Affairs ամսագրում հրապարակված հոդվածում, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը գրել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կանգնած է կարևոր ընտրության առջև: Զարիֆը գրել է. «Բայդենի կառավարությունը կամ կշարունակի Թրամփի վարչակազմի պարտված քաղաքականությունը և կընթանա միջազգային համագործակցության և միջազգային իրավունքի սկզբունքներն անտեսելու ուղով, կամ կհրաժարվի անցյալի ձախողված ենթադրություններից ու հետամուտ կլինի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:   Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ միջուկային խնդրի շուրջ նոր բանակցությունները բացառված են, հավելելով. «Եթե Արևմուտքը, հատկապես՝ ԱՄՆ-ն, ցանկանում են խուսափել անցյալում արած սխալներից, պետք է վերանայեն Իրանի և տարածաշրջանի վերաբերյալ իրենց տեսակետը»:
10:57 - 23 հունվարի, 2021
Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների և արտահանողների հետ, ինչպես նաև այցելություններ մի շարք ձեռնարկություններ, ընկերություններ և կազմակերպություններ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի, ԻԻՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի, ԻԻՀ էներգետիկայի նախարարի, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահի, Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահի, Սպահանի նահանգապետի հետ։
18:00 - 22 հունվարի, 2021
Համատեղ գործողությունների ծրագրի լիարժեք գործադրումը կախված է պատժամիջոցների չեղարկումից. Իրանի ԱԳՆ |1lurer.am|

Համատեղ գործողությունների ծրագրի լիարժեք գործադրումը կախված է պատժամիջոցների չեղարկումից. Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am:  Իրանի ԱԳ նախարարը, անդրադառնալով Իռլանդիայի շահագրգռվածությանը՝ աջակցելու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) պահպանմանը և լիարժեք գործադրմանը, ասել է. «ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրումը կախված է պատժամիջոցների չեղարկումից»: Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քաունիի հետ տեսակապի միջոցով հանդիպման ժամանակ Մուհամմադ Ջավադ Զարիֆն ըստ Pars Today-ի՝ ասել է. «Իրանը, հենց սկզբից, լիարժեք հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին: Սակայն համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորություններում թերանալուց հետո, ինչպես նաև Իրանի շահերը չապահովվելու արդյունքում Թեհրանը, համաձայնագրի 36-րդ հոդվածի համաձայն, կրճատեց իր պարտավորությունները»:   Զարիֆը հավելել է. «Հատկապես վերջին տարիներին. ԱՄՆ-ի գործողությունները, որոնք ուղեկցվել են սպառնալիքներով ու պատժամիջոցներով, հակասելով միջազգային կանոնակարգերին, ինչպես նաև միջազգային պայմանագրերի խախտումները, մեծ վնաս են հասցրել բազմակողմանիությանը: Ուստի բոլոր երկրներից, հատկապես ՄԱԿ-ի ԱԽ անդամներից, ակնկալվում է, որ կառուցողական ջանքեր գործադրեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ»:
13:16 - 21 հունվարի, 2021
Իրանի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան և Վրաստան |armenpress.am|

Իրանի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան և Վրաստան |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի:  Զարիֆի խոսքերը մեջբերել է իրանական mehrnews կայքը: «Մտադիր եմ մեկնել Կովկաս եւ Ռուսաստան:  Սովորաբար ես չեմ հայտարարում դրա մասին, բայց, կարծում եմ, որ գործուղումների ժամկետները Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան արդեն հստակեցվել են», - ասել է Զարիֆը: Զարիֆը  նաև նշել է, որ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ: «Երեկ երեկոյան ես լավ հեռախոսազրույց եմ ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուչօղլուի հետ: Մտադիր եմ այցելել երկրներ, որոնք կարող են միասին աշխատել, որպեսզի օգնենք ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատենք», - հավելել է նա:  
18:42 - 20 հունվարի, 2021
Ռոհանին նշել Է Իրանի կողմից միջուկային գործարքի պարտավորությունների կատարման պայմանը |armenpress.am|

Ռոհանին նշել Է Իրանի կողմից միջուկային գործարքի պարտավորությունների կատարման պայմանը |armenpress.am|

armenpress.am: Իրանը միջուկային գործարքի կատարմանը կվերադառնա, եթե ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենը նույն բանն անի: Այդ մասին հունվարի 20-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինքենը հայտարարել Էր, որ եթե Թեհրանն առաջինը վերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարմանը, ապա Վաշինգտոնը նույնպես պատրաստ Է վերադառնալ գործարքին, որպեսզի հետագայում հասնի ավելի երկարաժամկետ համաձայնագրի կնքման, որը կընդգրկեր նաեւ Թեհրանի հրթիռային ծրագիրը: «Մենք այն անձանցից, ովքեր այսօր իշխանություն կստանան Սպիտակ տանը, սպասում ենք օրենքի, պարտավորությունների կատարմանը եւ ջանքերին, եթե նրանք կարողանան ազատվել նախկին չորս տարվա բոլոր սեւ բծերից, թեեւ որոշներն ընդմիշտ կմնան պատմության մեջ: Նրանք պետք Է վերադառնան միջազգային նորմերին եւ բանաձեւերին, 2231 բանաձեւին (հավանություն Է տվել ԳՀՀԾ-ն): Իհարկե, եթե նրանք վերադառնան, մեր պատասխանը կլինի դրական»,-ասել Է Ռոհանին՝ հանդես գալով կառավարության նիստում: Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ը «գործնականում» դա ցույց տա, Իրանը կգործի իր բոլոր պարտավորություններին համապատասխան», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:16 - 20 հունվարի, 2021
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Դոնալդ Թրամփի և Մայք Պոմպեոյի նկատմամբ |hetq.am|

Իրանը պատժամիջոցներ է սահմանել Դոնալդ Թրամփի և Մայք Պոմպեոյի նկատմամբ |hetq.am|

hetq.am: Թեհրանը ԱՄՆ դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփին և ամերիկացի մյուս պաշտոնյաներին ներառել է պատժամիջոցների ցուցակում։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ սև ցուցակում հայտնվել են պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին, Պենտագոնի նախկին ղեկավար Մարկ Էսպերը, պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը, ԿՀՎ ղեկավար Ջինա Հասփելը և ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Իրանի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ դեսպանորդ Բրայան Հուքը և գործող հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը։ Իրանական արտաքին գերատեսչությունը Թրամփին և ամերիկյան մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրել է մարդու իրավունքների խախտման, ահաբեկչությանն աջակցելու, տարածաշրջանում և աշխարհում անվտանգության սպառնալիքների ստեղծման, ինչպես նաև Իրանի ու նրա քաղաքացիների դեմ հակամարդկային և ահաբեկչական գործողությունների մեջ։
23:03 - 19 հունվարի, 2021
Իրանում ՀՀ դեսպանը Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների զարգացման նոր միտումները

Իրանում ՀՀ դեսպանը Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների զարգացման նոր միտումները

Հունվարի 19-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով նախարարի տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերին: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանությունից:   «Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը: Մասնավորապես, անդրադարձ եղավ ենթակառուցվածքային ծրագրերին, առևտրին և ներդրումների ոլորտին առնչվող խնդիրներին:   Կողմերը քննարկեցին Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրողությունների պայմաններում երկկողմ և բազմակողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր միտումները, մարտահրավերներն ու հնարավորությունները:   Փոխնախարար Մոհաջերը հայտնեց ԻԻՀ ԱԳՆ և իր պատրաստակամությունն՝ աջակցելու Հայաստան-Իրան տնտեսական ծրագրերի և նախագծերի իրականացմանը»,- ասված է դեսպանության գրառման մեջ:
12:03 - 19 հունվարի, 2021
«Հայտարարություններն առ այն, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում, անհեթեթություն են»․ Զարիֆը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին |tert.am|

«Հայտարարություններն առ այն, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում, անհեթեթություն են»․ Զարիֆը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախօրեին հակադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հայտարարությանն այն մասին, որ Թեհրանը գտնվում է միջուկային զենքի ստեղծման փուլում՝ այդ հայտարարությունը որակելով «անհեթեթություն», գրում է Reuters գործակալությունը։Ժան Իվ Լը Դրիանը Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը, հայտարարել էր, որ Իրանը մեծացնում է իր միջուկային ներուժը, և որ Թեհրանն ու Վաշինգտոնը պետք է շտապ վերադառնան 2015 թվականի միջուկային համաձայնագրին:«Հարգելի գործընկեր, դուք նախարարների կաբինետում ձեր կարիերան սկսել եք սաուդցի ռազմական հանցագործներին զենք վաճառելով։ Խուսափեք Իրանի մասին անհեթեթություններ հնչեցնելուց»,- ի պատասխան Twitter-ում գրել է Զարիֆը՝ հավելելով․ «Փաստերի ստուգում. դուք ապակայունացնում եք մեր տարածաշրջանը։ Դադարե՛ք պաշտպանել հանցագործներին, որոնք շղթայաձև մաքրում են իրենց քննադատներին, և օգտագործում ձեր զենքը՝ Եմենում երեխաներին սպանելու համար»։2015 թվականի հուլիսի 14-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատման մասին:
12:10 - 18 հունվարի, 2021
Իրանն ԱՄՆ-ին սպառնացել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմել իրանցի դիվանագետներին հետապնդելու համար |tert.am|

Իրանն ԱՄՆ-ին սպառնացել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմել իրանցի դիվանագետներին հետապնդելու համար |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սայիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը պաշտոնապես նախազգուշացնում է ԱՄՆ-ին, որ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Միջազգային դատարան, եթե Վաշինգտոնը շարունակի անօրինական գործողություններն ընդդեմ իրանցի դիվանագետների: Այս մասին գրում է իրանական Tasnim-ը:Ըստ Ղաթիբզադեի՝ Իրանն այս առնչությամբ հրապարակել է պաշտոնական հուշագիր և ներկայացրել այն Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, որն Իրանում ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը:«Այդ հուշագրում ամերիկյան կողմին նախազգուշացրել ենք, որ Իրանն ԱՄՆ-ի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան, եթե Վաշինգտոնը չդադարի իր անօրինական գործողություններն ընդդեմ իրանցի դիվանագետների միջազգային կազմակերպություններում, ինչպես ՄԱԿ-ում, Համաշխարհային բանկում և Արժույթի միջազգային հիմնադրամում, որոնց գլխավոր գրասենյակները տեղակայված են ԱՄՆ տարածքում»,- պարզաբանել է մամուլի քարտուղարը:
11:17 - 18 հունվարի, 2021
Եվրոպական առաջատար երկրները Իրանին կոչ են անում դադարեցնել մետաղական ուրանի հարստացումը |1lurer.am|

Եվրոպական առաջատար երկրները Իրանին կոչ են անում դադարեցնել մետաղական ուրանի հարստացումը |1lurer.am|

1lurer.am։ Եվրոպական երեք երկրներն այսօր Իրանին զգուշացրել են մետաղական ուրանի հարստացման մեկնարկի մասին՝ ընդգծելով, որ դա հակասում է 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրին, և այն ոչ թե քաղաքացիական, այլ՝ ռազմական կիրառման համար է: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: «Իրանին հորդորում ենք դադարեցնել այս գործընթացն ու անհապաղ վերադառնալ միջուկային համաձայնագրով սահմանված իր լիազորությունների կատարմանը, եթե Իրանն իրոք ցանկանում է պահպանել այդ համաձայնագիրը»,-համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան: ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ու Թեհրանը ավելի վաղ հայտարարել էին, որ վեց տերությունների հետ կնքված միջուկային գործարքի վերջին խախատումներից հետո Իրանն այս ոլորտում աշխատանքներ է սկսել: Իրանական կողմը կոչ է անում դադարեցնել երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները:
20:11 - 16 հունվարի, 2021
Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է կենցաղային սպասարկման ոլորտի սարքերի արտադրության «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրեն Մեհդի Ղանադնիյային

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է կենցաղային սպասարկման ոլորտի սարքերի արտադրության «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրեն Մեհդի Ղանադնիյային

Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է կենցաղային սպասարկման ոլորտի սարքերի արտադրության «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրեն Մեհդի Ղանադնիյային:  Վերջինս ՀՀ դեսպանին տեղեկացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու իր ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։ Դեսպան Թումանյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի առանձնահատկությունները, ԵԱՏՄ երկրների հետ առևտրային գործարքներ իրականացնելու հնարավորությունները: Ընկերության տնօրեն Ղանադնիյան հայտնել է, որ փետրվար ամսին ձեռնարկության պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ տեղում ծանոթանալու տնտեսական գործունեության հնարավորություններին:  ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել նախնական փուլում աջակցել անհրաժեշտ տեղեկատվության ապահովման հարցում:
16:41 - 16 հունվարի, 2021