ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Բայդենն ընդգծել է զենքի նկատմամբ վերահսկողության խստացման անհրաժեշտությունը |armenpress.am|

Բայդենն ընդգծել է զենքի նկատմամբ վերահսկողության խստացման անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Սահմանադրության Երկրորդ ուղղումը, որը երաշխավորում է հրազեն ունենալու իրավունքը, ինքնաբավություն չէ, եւ անհրաժեշտ է խստացնել դրա վերահսկողությունը: «Երկրորդ ուղղումն, ինչպես եւ բոլոր մյուս իրավունքները, ինքնաբավություն չէ»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ հունիսի 2-ի երեկոյան հանդես գալով Սպիտակ տնից համաքաղաքացիներին հղած հեռուստաուղերձով՝ վերջին ժամանակներս երկրում տեղի ունեցած զանգվածային հրաձգության դեպքերի առնչությամբ: Վկայակոչելով ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախկին դատավորներից մեկի կարծիքը՝ նախագահն ընդգծել է որ Երկրորդ ուղղումով երաշխավորվող իրավունքներն «անսահման չեն եւ երբեք այդպիսիք չեն եղել»: «Միշտ գոյություն են ունեցել այն բանի սահմանափակումներ, թե ինչ զենք կարելի է ունենալ Ամերիկայում: Օրինիակ՝ գնդացիրները դաշնային մակարդակով են կարգավորվում գրեթե 90 տարվա ընթացքում, բայց սա նախկինի պես ազատ երկիր է»,- նշել է Բայդենը: Նրա խոսքով՝ զենքի նկատմամբ վերահսկողության օրենսդրությունը խստացնելու կոչը չի նշանակում, թե «ինչ-որ մեկը կզրկվի իր իրավունքներից»: «Խոսքն այն մասին է, որ պաշտպանենք երեխաներին, պաշտպանենք ընտանիքները, պաշտպանենք ամբողջ հանրակցություններ: Խոսքը վերաբերում է դպրոց, մթերային խանութ, եկեղեցի գնալու եւ ըստ որում վիրավորված կամ սպանված չլինելու՝ մեր ազատությանը»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: «Մենք պետք է արգելենք գրոհային զենքը եւ մեծ տարողության պահեստատուփերը: Իսկ եթե մենք չենք կարողանում արգելել գրոհային զենքը, ապա մենք պետք է բարձրացնենք տարիքը, որի դեպքում այն կարելի է գնել՝ 18 տարեկանից մինչեւ 21 տարեկան»,- հավելել է Բայդենը: Նա նաեւ կոչ է արել խստացնելու հրազեն պահելու կանոնները, ընդունելու օրենքներ, որոնք թույլ տան քաղաքացուն ժամանակավորապես զրկել զենք ունենալու իրավունքից, եթե դատարանը նրան ճանաչում է վտանգավոր շրջապատողների համար: Նախագահը նաեւ հայտարարել է այն օ՛րենքների փոփոխության անհրաժեշտւթյան մասին, որոնք ըստ էության զենք արտադրողներին պաշտպանում են նրանց դեմ դատական հայցեր հարուցելուց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:46 - 03 հունիսի, 2022
Անգելա Մերկելը պատերազմն Ուկրաինայում «բարբարոսական» է անվանել

Անգելա Մերկելը պատերազմն Ուկրաինայում «բարբարոսական» է անվանել

Փետրվարի 24-ին Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակումն Ուկրաինայի վրա «խորը բեկումնային պահ է» Եվրոպայի պատմության մեջ՝ Երկրորդ աշխարհամարտից ի վեր։ Այսպիսի գնահատական է տվել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 1-ի երեկոյան վերջին վեց ամսվա մեջ իր առաջին հանրային ելույթի ընթացքում, գրում է DW-ն։ «Ես համերաշխություն եմ հայտնում Ուկրաինային, որը Ռուսաստանի կողմից ենթարկվել է հարձակման և ներխուժման, և սատարում եմ ինքնապաշտպանության նրա իրավունքը», - ասել է Մերկելը։ Նա ընդգծել է, որ աջակցում է Գերմանիայի կառավարության, ինչպես նաև Եվրամիության, ԱՄՆ, ՆԱՏՕ-ի, «Մեծ յոթնյակի» և ՄԱԿ-ի բոլոր ջանքերին, «որոնք ուղղված են Ռուսաստանի կողմից այս բարբարոսական ագրեսիվ պատերազմի դադարեցմանը»։ Թե որքան հեռուն կգնան կատարվածի հետևանքները, ոչ ոք այս փուլում չի կարող կանխատեսել, նշել է նախկին կանցլերը։ Սակայն արդեն հիմա կարելի է ասել, որ դրանք զգալի են լինելու, առաջին հերթին, ուկրաինացիների համար։ «Մենք երբեք չպետք է աշխարհն ու ազատությունն ընկալենք, որպես ենթադրվող մի բան», - ասել է Մերկելը՝ հավելելով, որ ներկայիս իրավիճակում Եվրամիության միասնականությանը կենտրոնական տեղ է հատկացվում։ Նորա Վանյան
15:46 - 02 հունիսի, 2022
Ռուսաստանը չի պատրաստվում նավթ վաճառել՝ ի վնաս իրեն․ Պեսկովը մեկնաբանել է Բայդենի հայտարարությունը

Ռուսաստանը չի պատրաստվում նավթ վաճառել՝ ի վնաս իրեն․ Պեսկովը մեկնաբանել է Բայդենի հայտարարությունը

Ռուսաստանը նավթ չի վաճառելու՝ ի վնաս իրեն, եթե ինչ-որ տեղ պահանջարկը նվազում է, մի ուրիշ վայրում այն աճում է, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողները նրան խնդրել էին մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, որը հնարավոր էր համարել, որ Եվրոպան կարող է շարունակել Ռուսաստանից գազ գնել, բայց ավելի ցածր գնով։ Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել էին նաև, թե արդյոք Կրեմլը նավթահումքի գների կրիտիկական նվազման ռիսկեր է տեսնում՝ արտաքին ճնշման պատճառով։ «Դա տնտեսության հարց է, բանն այն է, որ լոգիստիկ խնդիրները շարունվում են, ինչը բերում է համաշխարհային էներգետիկ շուկայի ապակայունացման։ Այդ պատճառով էլ, ամեն դեպքում, ամեն ինչ կարգավորում է շուկան՝ չնայած նույնիսկ այն արհեստական դժվարություններին, որոնք առաջացնում են պատժամիջոցները», - ասել է Պեսկովը։ «Սակայն, բնականաբար, Ռուսաստանը ոչինչ չի վաճառելու՝ ի վնաս իրեն։ Ամեն դեպքում, երբ ինչ-որ տեղ պահանջարկը կրճատվում է, մեկ այլ տեղ ավելանում է, տեղի է ունենում հոսքերի վերաուղղում, առավել բարենպաստ պայմանների որոնում», - հավելել է նա Նորա Վանյան
15:22 - 02 հունիսի, 2022
Օկլահոմայի հիվանդանոցում կրակոցներից 4 մարդ է զոհվել |azatutyun.am|

Օկլահոմայի հիվանդանոցում կրակոցներից 4 մարդ է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Առնվազն չորս մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են չորեքշաբթի օրը ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թուլսա քաղաքի հիվանդանոցային համալիրում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է տեղի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ մահացածների թվում է նաև հարձակման մեջ կասկածվողը։ Տղամարդու մահվան հանգամանքները դեռ պարզված չեն։ Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենին տեղեկացրել են կրակոցների մասին, նա «ուշադրությամբ հետևում է իրավիճակին և արդեն դիմել է նահանգային և քաղաքային իշխանություններին՝ աջակցության առաջարկով»: Անցյալ շաբաթ Տեքսաս նահանգում զինված անձը սպանել էր 19 երեխայի և տարրական դպրոցի երկու ուսուցչի, նույն՝ մայիս ամսին ավելի վաղ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի սուպերմարկետներից մեկում կրակոցներից 10 մարդ էր զոհվել։ Այս միջադեպերը ցնցել են ամերիկացիներին և կրկին բորբոքել հրազենի վերահսկման շուրջ բանավեճը:
12:46 - 02 հունիսի, 2022
Զենքի մատակարարումն Ուկրաինային ավելացնում է Ռուսաստանի և ԱՄՆ բախման ռիսկերը․ ՌԴ ԱԳՆ

Զենքի մատակարարումն Ուկրաինային ավելացնում է Ռուսաստանի և ԱՄՆ բախման ռիսկերը․ ՌԴ ԱԳՆ

Զենքի ցանկացած մատակարարում Ուկրաինային, ինչպես էլ Վաշինգտոնը դրանք հիմնավորի, ավելացնում են Ռուսաստանի և  ԱՄՆ ուղիղ բախման ռիսկերը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Սպառազինության ցանկացած մատակարարում, որը շարունակվում է, և աճելու միտում ունի, ավելացնում է նման զարգացման ռիսկերը», - ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կավելանա ՌԴ և ԱՄՆ ուղիղ բախման ռիսկը՝ հաշվի առնելով Ուկրաինային HIMARS  հրթիռային համակարգեր տրամադրելու Վաշինգտոնի որոշումը։ Ռյաբկովը նշել է, որ ԱՄՆ-ն տարիներ շարունակ «չի փորձել որևէ բան անել՝ ուկրաինական հակամարտության լուծումը գտնելու համար»։ Իսկ այժմ Վաշինգտոնն ուզում է «ամեն ինչ անել՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու համար»։ Ավելի վաղ Ստիպակ  տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այսօր կներկայացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը, որը ներառելու է HIMARS հրթիռային համակարգեր։ Միաժամանակ նշվել էր, որ Կիևին ԱՄՆ մատակարարած հրթիռային համալիրները չեն կարող թիրախներ խոցել Ուկրաինայի տարածքից դուրս։ Նորա Վանյան
16:57 - 01 հունիսի, 2022
ՀԱԷԿ-ը կգործի մինչև 2036 թ․-ը, իսկ մինչ այդ կկառուցվի նոր էներգաբլոկ․ Մովսես Վարդանյան

ՀԱԷԿ-ը կգործի մինչև 2036 թ․-ը, իսկ մինչ այդ կկառուցվի նոր էներգաբլոկ․ Մովսես Վարդանյան

Հայաստանի ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ապրիլի 16-ից ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներ են սկսել, որոնց կատարումից հետո՝ հունիսի 27-ին ատոմակայանը կմիանա էլեկտրաէներգետիկ ցանցին։  Ատոմակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը հիշեցնում է՝ դեռ 2015 թ․-ին ռուսական Ռոսատոմ պետական կորպորացիան 300 միլիոն դրամի վարկ էր տրամադրել ատոմակայանին, որից 190 միլիոն ծախսել են՝ ապահովելով գործող էներգաբլոկի նախագծային ժամկետի երկարացումը։ Վարդանյանի խոսքով՝ գործող երկրորդ էներգաբլոկը կշահագործվի մինչև 2036 թ․-ը։ Նախատեսվում է, որ նույն տարում պատրաստ կլինի նոր էներգաբլոկը․ «Ստեղծվել է հայ-ռուսական հանձնաժողով, այս պահին նախնական որոշում ենք, թե ինչ հզորությամբ է աշխատելու, տեխնիկատնտեսական հաշվարկի համար հիմա ստրուկտուրա ենք հաստատում, հիմնավորումները կատարել ենք։ Պետք է հասկանալ սպառումը, հասկանալ, թե ընդհանրապես ինչ կարժենա բլոկը ու դիմել կառավարությանը»,-ասում է Մովսես Վարդանյանը։  Անդրադառնալով ատոմակայանում իրականացվող աշխատանքներին՝ Վարդանյանն ասում է՝ այս պահին նոր ենթակայանի կառուցում է իրականացվում, որը, ըստ նրա,  էներգետիկ համակարգի կարևոր օղակներից մեկը կլինի։ Աշտարակահովացուցիչների մրցույթը հայկական ընկերություն է շահել, առաջիկայում նախատեսում են նոր դիզել-գեներատորային կայանի մրցույթ հայտարարել․ «Ռուսական 300 մլն կրեդիտից մենք օգտագործել ենք 190 միլիոնը։ Երբ ռուսական կրեդիտի ժամանակահատվածն ավարտվեց, մեր կառավարությունը մեզ հատկացրեց միջոցներ։ Հիմա մեր կառավարության ֆինանսների հաշվին շարունակում ենք աշխատանքը»։  Էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով ռեակտորի իրանի մետաղի ֆունկցիաներն են վերականգնվել, կայանի կապիտալ վերանորոգման շրջանակում այն թրծվել էր, սակայն դրանից հետո ստուգվում էր ամրությունը։  Ատոմակայանի մանրակերտը Վարդանյանը նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ այցի վերաբերյալ հարցին անդրադարձավ, որի ընթացքում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոըմբռնման հուշագիր էր ստորագրվել․ «Մենք՝ որպես շահագործող կազմակերպություն սկսած 1995-96 թ․-ից մեծ համագործակցության ծրագրեր ունենք և՛ Միացյալ Նահանգների հետ, և՛ Եվրոպական Միության հետ, և՛ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության հետ, և իհարկե Ռուսկորպորացիայի հետ։ Այդպիսի մեմորանդում ունենք շատ երկրների հետ, այս պահին մենք Ամերիկայի հետ ունենք այդպիսի համագործակցության ծրագրեր և տարեկան որոշակի գումարներով մեզ փորձում են օժանդակել»։  Ատոմակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը 1000-1200 մեգավատանոց էներգաբլոկները նախընտրելի է համարում՝ նշելով՝ Հայաստանը պիտի առաջ նայի․ «Հիմա շուկայում կա և՛ եվրոպական, և՛ ամերիկյան, և՛ ռուսական արտադրության ստանդարտ բլոկները՝ 1000-1200 մեգավատանոց, մեր սեյսմիկ զոնային համապատասխան։ Դրանք շատ լավ բլոկներ են, օպերատորը և հանձնաժողովը այդ հզորությունը համակարգի համար մի քիչ շատ են համարում, բայց դրանք 100 տարվա բլոկներ են և ես հուսով եմ, որ Հայաստանը պետք է առաջ նայի, այդ թվում՝ մինչև 100 տարի»,- ասում է Վարդանյանը՝ նշելով, որ Հայաստանին շրջապատող էլետրաէներգիայի դեֆիցիտ ունեցող երկրներ կան, որոնց հետ կարելի է անցնել առևտրի, ինչպես օրինակ Իրանը, Սիրիան, Իրաքը։   Նանե Ավետիսյան
12:52 - 01 հունիսի, 2022
Սիրիայում Թուրքիայի նոր հարձակումն ավելի կխաթարի տարածաշրջանային կայունությունը․ Պետդեպ |news.am|

Սիրիայում Թուրքիայի նոր հարձակումն ավելի կխաթարի տարածաշրջանային կայունությունը․ Պետդեպ |news.am|

news.am: Ցանկացած նոր հարձակում ավելի կխաթարի տարածաշրջանային կայունությունը եւ սպառնալիքի տակ կդնի ԴԱԻՇ-ի դեմ արշավում դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե Սիրիայում ռազմական գործողությունը «կարող է հանկարծ սկսվել»։ Փրայսը կրկնել է, որ ԱՄՆ-ը «խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիսում ռազմական ակտիվության հնարավոր աճով եւ, մասնավորապես, քաղաքացիական բնակչության վրա դրա ազդեցության կապակցությամբ»: «Մենք շարունակում ենք, ինչպես ասել ենք, պահպանել հրադադարի գործող գծերը։ Մենք դատապարտում ենք ցանկացած էսկալացիա, որը կարող է սպառնալիքի տակ դնել դա։ Մենք կարեւոր ենք համարում, որ բոլոր կողմերը պահպանեն եւ հարգեն հրադադարի գոտիները՝ հիմնականում Սիրիայում կայունությունն ամրապնդելու եւ հակամարտության քաղաքական լուծման ուղղությամբ աշխատելու համար։ Մենք կարծում ենք, որ այլ կերպ անելու ցանկացած փորձ կարող է հակաարդյունավետ լինել Սիրիայում ավելի լայն հակամարտությունը դադարեցնելու մեր նպատակների եւ այն հսկայական առաջընթացի համար, որին մենք միասին, այդ թվում՝ մեր քուրդ գործընկերների հետ, հասել ենք ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կկատարի 2019 թվականի հոկտեմբերի համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ կդադարեցնի հարձակողական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում։ Մենք ճանաչում ենք Թուրքիայի օրինական մտահոգություններն իր սահմանի անվտանգության վերաբերյալ: Բայց կրկին, մենք մտահոգված ենք, որ ցանկացած նոր հարձակում ավելի կխաթարի տարածաշրջանային կայունությունը եւ սպառնալիքի տակ կդնի ԴԱԻՇ-ի դեմ արշավում դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները»:
11:18 - 01 հունիսի, 2022
Լեհաստանում եւ Բալթիկայի երկրներում սկսվում են ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի հրթիռային զորքերի վարժանքները |armenpress.am|

Լեհաստանում եւ Բալթիկայի երկրներում սկսվում են ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի հրթիռային զորքերի վարժանքները |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանում եւ Բալթիկայի երեք երկրներում սկսվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության հրթիռային միացյալ զորքերի Ramstein Legacy 2022 (RALY 22) զորավարժությունների առաջին փուլը: Մայիսի 30-ին այդ մասին տեղեկացրել է Լեհաստանի զինված ուժերի Գլխավոր հրամանատարությունը: Հաղորդվում է, որ վարժանքները տեղի կունենան մայիսի 30-ից մինչեւ հունիսի 12-ը չորս երկրների եւ Բալթիկ ծովի տարածաշրջանի օդային տարածության օգտագործմամբ: Զորավարժությունների ընթացքում կկատարվեն իրական թռիչքներ: Զինավարժանքները պլանավորվում է անցակացնել յուրաքանչյուր երկու տարին մեկ: «Զորավարժություններին մասնակցում են դաշնակիցների ռազմա-օդային ուժերը եւ ցամաքային հրթիռային ստորաբաժանումները, որոնք ղեկավարում եւ կառավարում են ՆԱՏՕ-ի կառույցները»,- տեղեկացրել է Լեհաստանի հրամանատարությունը: Վարժանքներին կմասնակցեն զինծառայողներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Չեխիայից, Սլովակիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ռումինիայից, Թուրքիայից եւ Իսպանիայից: «Զինավարժանքները, որոնք կանցկացվեն Եվրոպայի տարբեր երկրներում, պլանավորվել են՝ ելնելով զանազան եւ իրական իրավիճակային պայմաններից»,- ընդգծված է հաղորդագրության մեջ: Այս տարի զորավարժությունների նպատակն է «ստորաբաժանումների փոխգործակցության եւ պատրատականության ամրապնդումը, ինչն արդյունքում կուժեղացնի դաշնային երկրների տարածքների, ուժերի եւ բնակչության պաշտպանությունը սպառնալիքներից, հրթիռային կամ օդային գրոհներից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:48 - 30 մայիսի, 2022
ԱՄՆ-ն կքննի Տեքսասի դպրոցում սպանդի ժամանակ ոստիկանության գործողությունները |azatutyun.am|

ԱՄՆ-ն կքննի Տեքսասի դպրոցում սպանդի ժամանակ ոստիկանության գործողությունները |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը քննելու է ոստիկանության գործողությունները՝ Տեքսաս նահանգի Յուվալդի բնակավայրի տարրական դպրոցում երեք օր առաջ տեղի ունեցած սպանդի ժամանակ։ Իրավապահների գործողությունները քննելու որոշում է կայացվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ մինչ երեխաները հարձակվողի հետ փակված էին սենյակում և զանգահարում էին 911 հեռախոսահամարին, ոստիկանության սպաները սպասում էին դպրոցի միջանցքում։ Միջադեպի օրը հայտնի էր դարձել, որ ոստիկանները սպասել են 40 րոպե, մինչ դպրոցի պահակը կբերի բանալիները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, իրավապահները սպասել են՝ կարծելով, թե որևէ մեկն արդեն ողջ չէ։ 18-ամյա Սալվադոր Ռամոսը մայիսի 27-ին Յուվալդիի դպրոցում սպանել էր 19 դպրոցականի, 2 ուսուցչի, և մոտ մեկ ժամ անց սպանվել՝ ոստիակնների կողմից։ Դեպքի վայրում՝ AR-15 ավտոմատ հրացանով զինված Ռամոսի մոտ իրավապահները հայտնաբերել էին 60 պահեստատուփ։
11:11 - 30 մայիսի, 2022
Բլինկենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը |armenpress.am|

Բլինկենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները հանձնառու են՝ աջակցելու Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս մասին ասվում է Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի շնորհավորական ուղերձում: «Մենք հանձնառու են՝ խթանելու խաղաղ, ժողովրդավարական ու բարեկեցիկ ապագան Ադրբեջանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Մենք պատրաստ ենք աջակցելու՝ ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ փոխգործակցության միջոցով՝ օգնելու տարածաշրջանին գտնելու երկարատև համապարփակ խաղաղություն»,- ասվում է պետքարտուղարի ուղերձում: Բլինկենը կոչ է արել նաև իրականացնել բարեփոխումներ, որոնք կպաշտպանեն մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, որոնք նախատեսված են Ադրբեջանի սահմանադրությամբ: Պետքարտուղարը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում Ուկրաինայի հարցում Ադրբեջանի ցուցաբերած աջակցությունը:
21:13 - 28 մայիսի, 2022