ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Զորքերի հայելային հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը․ Արարատ Միրզոյան

Զորքերի հայելային հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը․ Արարատ Միրզոյան

Զորքերի հայելային հետքաշման մասին խոսելիս խոսում ենք մինչեւ 2020-ի դեկտեմբե՞ր եղած իրավիճակը, 2021-ի մայիսի՞ դրությամբ իրավիճակը, նոյեմբերի՞ դրությամբ իրավիճակը։ Այս մասին այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց հնչեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ հայելային հետքաշման որոշակի տրամաբանության պարագայում մենք որոշ հայկական գյուղեր առնվազն անպաշտպան ենք թողնում։ Ի պատասխան՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ շատ դետալներ բացահայտել չի կարող, բայց իր ներկայացրած փաթեթում հանգամանալից կերպով նախատեսված են մեխանիզմներ, որոնց գործարկման արդյունքում որեւէ գյուղ կամ ճանապարհ անպաշտպան չի մնա․ «Խոսքը խորհրդային սահմանների մասին է՝ որպես հիմք այդ գործընթացի»,- ասաց Միրզոյանը։ Մամիջանյանը հստակեցրեց՝ որպես տրամաբանություն վերցրել են խորհրդային սահմանները, ոչ թե իր նշած թվականների կարգավիճակներից մե՞կը։ Միրզոյանը նշեց, որ հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը։ Մամիջանյանը, հիշատակելով, որ Ստոկհոլմում տեղի է ունեցել Միրզոյանի եւ Չավուշօղլուի հանդիպում, հարցրեց՝ ինչու են այդ հանդիպման մանրամասները գաղտնի պահվում, ի՞նչ է տեղի ունեցել այդ հանդիպմանը։ «Մենք չենք հանդիպել պաշտոնական՝ ինչպես ընդունված է․ խոսքը պաշտոնական հանդիպման մասին չէ։ Մենք ուղղակի մի սենյակից մյուս սենյակ, որտեղ պետք է ունենար նիստը, այդ միջանցքում կողք կողքի ենք քայլել, եւ մեր խոսակցությունը մոտավորապես այսպես է եղել․ «Բարեւ Ձեզ, բարեւ Ձեզ, ուրախ եմ ծանոթանալ, ուրախ եմ ծանոթանալ, մենք տրամադրված ենք կարգավորմանը, մենք էլ ենք տրամադրված կարգավորմանը, էդ դեպքում նշանակենք ներկայացուցիչ, հենց գնանք տուն, անմիջապես կներկայացնենք ներկայացուցիչ, եւ կսկսենք գործընթացը»»,- մանրամասնեց Միրզոյանը՝ կարծիք հայտնելով, որ թեեւ դա պաշտոնական հանիդպում չէր, բայց լավ հանդիպում էր, եւ, ըստ նրա, ազդակները կարծես դրական են։ Նա նշեց, որեւէ գաղտնի հանդիպման մասին խոսք չկա։
18:27 - 19 հունվարի, 2022
Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ

Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ

Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նա նշեց, որ այժմ քննարկվում են այն պայմանները, որոնցով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել․ «Մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, եւ մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները՝ մտադրված կամ տեխնիկական պատճառներով տեղի ունեցող, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու եւ աշխատելու հարցում«,- ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով՝ ժամկետների հարցում հստակություն չկա, բայց կա ընկալում, որ խոսքը մոտալուտ գործընթացի մասին է․ «Հենց հանգամանքները պարզվեն, ձեռնտու լինեն կողմերին, հանձնաժողովը կարող է ձեւավորվել եւ աշխատել»։
17:44 - 19 հունվարի, 2022
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել. ԱԳՆ |azatutyun.am|

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել, հարցմանն ի պատասխան, հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։ «Ադրբեջանա-հայկական սահմանի կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու և գործընթացը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը մղելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում և այդ մասին նշվում է նաև հանդիպման արդյունքներով տարածված համատեղ հայտարարությունում։ Սակայն հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել։ Հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ նոր տեղեկության առկայության դեպքում հանրությունն այդ մասին պատշաճ կիրազեկվի»,- նշված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքում։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է նաև, երեկ հաստատեց, որ պաշտոնական Երևանը նոր առաջարկներ է ուղարկել Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի վերաբերյալ, բայց թե ինչ առաջարկներ, պատգամավորը չմանրամասնեց՝ հորդորելով դիմել կառավարություն։ Հայկական կողմից առաջարկների մասին հունվարի 14 -ին խոսել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին՝ առանց մանրամասնելու, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։
13:49 - 19 հունվարի, 2022
Տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը

Տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը

Վիեննայում հունվարի 14-16-ը ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել եվրոպական երկրներում և մի շարք միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նախարարի ներկայացմամբ քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերագործարկման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում կայունության և անվտանգության բարձրացման, ինչպես նաև՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման ուղղությամբ ընթացող գործընթացների մանրամասները։ Կարևորվել է առկա համախոհության մթնոլորտում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների սպասարկմանն ուղղված առավել ակտիվ գործունեության ծավալումը։
19:25 - 17 հունվարի, 2022
Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
16:19 - 14 հունվարի, 2022
Հայերի նկատմամբ ատելության արմատավորումը մինչ օրս Ադրբեջանում պետական քաղաքականություն է. ՀՀ ԱԳՆ

Հայերի նկատմամբ ատելության արմատավորումը մինչ օրս Ադրբեջանում պետական քաղաքականություն է. ՀՀ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը Բաքվում հակահայկական ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «32 տարի առաջ այս օրերին Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման և բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։ Մեկ շաբաթ տևած արյունալի և զանգվածային հանցագործությունների հետևանքով հայ բնակչության շրջանում եղան հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ և անհետ կորածներ: Այդ ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը, որի հետևանքով շուրջ կես միլիոն հայ դարձավ փախստական:Բաքվի ջարդերի և հայերի նկատմամբ իրականացված մյուս ոճրագործությունների հետևողական ժխտումը, դրանց իրագործողների հերոսացումը, հայերի նկատմամբ ատելության շարունակական արմատավորումը մինչ օրս էլ Ադրբեջանում պետական քաղաքականություն են, որոնք արտահայտվում են նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ ատելության խոսքով ու ագրեսիվ քաղաքականությամբ, ինչը մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության առանցքային սպառնալիք է:Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և վերահաստատում ենք Հայաստանի, Արցախի և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` ապահովելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը»:
12:45 - 14 հունվարի, 2022
Եթե շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց, մարդու իրավունքներից, կզրկվենք նաև անվտանգությունից. Արման Թաթոյան

Եթե շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց, մարդու իրավունքներից, կզրկվենք նաև անվտանգությունից. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ ՀՀ արտաքին գործերի նախարարության երեկվա հայտարարությանը, որում նշվում էր հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման մասին։ «ԱԳՆ կայքում նորից կար հայելային հետքաշման գաղափարը։ Ես ուզում եմ ասել, որ դա մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։ Ես ԱԳՆ գործընկերներին մշտապես հարգանքով եմ վերաբերվեր և վերաբերվում եմ, հարգում եմ նրանց աշխատանքը, բայց ես կարծում եմ՝ սա քաղաքական մոտեցում է՝ սխալ կենսագործվող, որը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին հակադրվում է, որովհետև հարց է առաջանում՝ մենք ուր պետք է քաշվենք, որտեղից պետք է քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի միջով։ Մարդիկ չեն կարողանում իրենց հողերը մշակեն, օգտագործեն, գյուղատնտեսությամբ զբաղվել այն պատճառով, որ ադրբեջանական զինված ծառայողները ֆիզիկապես ներկա են իրենց պատկանող հողերում։ Մենք ունենք օրինական փաստաթղթեր, որոնք հաստատում են սեփականության իրավունքը, հետևաբար այս մոտեցումը չի ապահովում, հաշվի չի առնում մարդու իրավունքները»։ Թաթոյանի խոսքով՝  ռազմական ու քաղաքական պաշտոնյաները պետք է դադարեն սահմանային անվտանգության, բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։ «Բավական է, չի կարելի ռազմական ու քաղաքական տեսանկյունից բացառապես այս հարցերին մոտենալ։ Չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը»։ Մարդու իրավունքների պաշտպանն ասաց՝ եթե շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց, մարդու իրավունքներից, կզրկվենք նաև անվտանգությունից։ «Մեր պետական քաղաքականությունը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով։ Դրանից բացի՝  այս մոտեցումները նաև հնարավորություն կտան պաշտպանել մեր զինվորներին, մեր զինված ուժերի ծառայողներին, սահմանապահներին, ոստիկանության ծառայողներին, արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողներին, և այն ծառայողներին, ովքեր նաև զինված տանում են այդ ծառայությունը։ Չէ՞ որ նրանք պաշտպանում են մեր բնակչությանը, եթե մենք բոլորին հետ քաշենք (զորք ասելով նկատի են ունեցել բոլորին), ո՞վ է մեր իրական երաշխիքը լինելու, այդ միջազգային մոնիթորինգը առանց մերոնց եթե եկավ, մեր իրավունքների հաշվին ներկա գտնվեց այդտեղ, մեր քաղաքացիները կարողանալո՞ւ են իրենց իրավունքները իրականացնել։ Կամ նրանք խախտում թույլ տվեցին, ինչպե՞ս ենք մեր պետական, մեր պետության ներսի մեխանիզմները ինչպես են ապահովվելու»։ Նրա խոսքով՝  այս հարցերը ռազմական տեսանկյունից դիտարկելը մեզ կտրելու է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներից։
12:56 - 12 հունվարի, 2022
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի հետ ․ԱԳՆ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի հետ ․ԱԳՆ

Հունվարի 11-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ (Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի հետ-խմբ․)Քերըն Դոնֆրիդի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։Զրուցակիցները շնորհավորել են միմյանց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և գոհունակություն հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա:Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, և այս ձևաչափում աշխատանքների լիարժեք վերականգման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին: Նախարար Միրզոյանը կարևորել է ռազմագերիների ազատ արձակման, անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման, աճյունների փոխանակման վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի հայտարարությունը:Արարատ Միրզոյանը տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին և կարևորել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլերի իրականացումը:Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ղազախստանում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:Կողմերն անդրադաձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության այլ հարցերի:
18:47 - 11 հունվարի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Լեհաստանի՝ ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ՝ վստահեցնելով, որ Հայաստանը հնարավորինս կաջակցի ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են իրավիճակը Ղազախստանում: Նախարար Միրզոյանը ներկայացրել է այս հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը՝ արտացոլված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ հունվարի 6-ի հայտարարությունում:ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ղազախստանի պաշտոնական դիմումի համաձայն՝ հիմնվելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի, Կազմակերպության կանոնադրության, ինչպես նաև՝ ՀԱՊԿ Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի վրա՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել սահմանափակ ժամկետով խաղաղապահներ ուղարկել Ղազախստան՝ ռազմավարական կարևոր օբյեկտների պաշտպանության համար:Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ ՀՀ ԱԳ նախարարն շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ընդգծել է Լեհաստանի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի աջակցությունը համանախագահության ջանքերին՝ ուղղված հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանը՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հրատապ հումանիտար հարցերի լուծմանը, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
20:22 - 10 հունվարի, 2022
Անկախությունից ի վեր, ԱՄՆ եղել ու շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը. ԱԳՆ

Անկախությունից ի վեր, ԱՄՆ եղել ու շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որում ասված է. «Անկախությունից ի վեր, ԱՄՆ եղել ու շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը, որը մշտապես նեցուկ է եղել երկրում իրականացվող զարգացման ու բարեփոխումների ծրագրերին։ Հայաստանը կարևորում է նաև ԱՄՆ ներգրավվածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հարցում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։ Կարող ենք վստահաբար արձանագրել, որ երեսունամյա մեր փոխգործակցությունը հիմնված է ընդհանուր արժեհամակարգի վրա․ մարդու իրավունքների պաշտպանություն, հավատարմություն ժողովրդավարական սկզբունքներին ու իրավունքի գերակայությանը: Գոհունակությամբ ենք ընդգծում, որ 2019 թվականին հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվեցին նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի և լիահույս ենք, որ այն նոր լիցք կհանդիսանա մեր պետությունների փոխգործակցության օրակարգում։ ԱՄՆ-ի՝ որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ջատագովի վառ ապացույցն է Հայոց ցեղասպանության ճանաչումը: 2020 թվականին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների բանաձևերը, 2021թ․-ի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի հայտարարությունը նշանակալից քայլ էր մարդու իրավունքների գերակայության ապահովման, պատմական արդարության վերականգնման և հետագա ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից։ ԱՄՆ եղել է Հայաստանի կողքին՝ մեր ժողովրդի համար կարևոր բազմաթիվ իրադարձությունների ժամանակ։ Հայաստանն իր համեստ ներուժով մասնակցել ու աջակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և խաղաղության ու անվտանգության հաստատման ամերիկյան նախաձեռնություններին։ Մեր երկկողմ հարաբերություններում իր անգնահատելի ներդրումն է ունեցել ամերիկահայությունը, որն իր ակտիվ գործունեությամբ կապող կամուրջ է հանդիսանում մեր պետությունների միջև: Lիահույս ենք, որ փոխշահավետ համագործակցությունը նորանոր ձեռքբերումներ կունենա ապագայում` ի շահ մեր երկու ժողովուրդների»:
19:52 - 07 հունվարի, 2022
Հայ խաղաղապահների խնդիրը Ղազախստանում ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու. ԱԳՆ |armenpress.am|

Հայ խաղաղապահների խնդիրը Ղազախստանում ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու. ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ զինծառայողները:   ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին: Վահան Հունանյանը հայտնել է նաև, որ Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան. Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին Պատասխան - Այս պահի դրությամբ նման մտադրություն չկա։ Ինչպիսի առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող ՀՀ զինծառայողները։ Պատասխան - Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։ Արդյո՞ք կան տուժածներ ՀՀ քաղաքացիների շրջանում։ Պատասխան ֊ Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։
12:05 - 07 հունվարի, 2022
Անհանգստությամբ հետևում ենք Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին, խստորեն դատապարտում ենք բռնությունը, համոզված ենք՝ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել. ՀՀ ԱԳՆ

Անհանգստությամբ հետևում ենք Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին, խստորեն դատապարտում ենք բռնությունը, համոզված ենք՝ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Ղազախստանում տեղի ունեցող բռնությունը։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ․ «Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։  Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ։
11:33 - 06 հունվարի, 2022
Գալիք տարում առավելագույն ջանքեր ենք ներդնելու առկա ու նորահայտ վտանգները չեզոքացնելու և Հայաստանի պետական շահերի առաջմղման համար. ՀՀ ԱԳՆ

Գալիք տարում առավելագույն ջանքեր ենք ներդնելու առկա ու նորահայտ վտանգները չեզոքացնելու և Հայաստանի պետական շահերի առաջմղման համար. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:   «2021 թվականը պահանջեց համազգային ջանքերի կենտրոնացում՝ ուղղված Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարմանը։   Գալիք տարում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն առավելագույն ջանքեր է ներդնելու առկա ու նորահայտ վտանգները չեզոքացնելու, մեր երկրի համար հնարավորինս բարենպաստ զարգացման պայմաններ ապահովելու և Հայաստանի պետական շահերի առաջմղման համար:   Այսօր մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած քաջորդիների հիշատակի առջև, մեր խորին երախտագիտությունը հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին և խաղաղ ծառայություն մաղթում մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորներին ու սպաներին:   Ցանկանում ենք շնորհավորել բոլորիս և մաղթել անսասան հավատ ապագայի նկատմամբ, անկոտրում կամք և համառություն՝ վստահ լինելով, որ հավաքական ջանքերի և նպատակամղված աշխատանքի շնորհիվ կկարողանանք կերտել մեր երազանքների Հայրենիքը:   Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձում:  
15:47 - 31 դեկտեմբերի, 2021