ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Ազդարարվել է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի բացման մասին

Ազդարարվել է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի բացման մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի բացումը:Նախարարությունից հայտնում են, որ այն միտված է պետական միջոցների բաշխման թափանցիկ եւ մրցակցային համակարգի գործունեության, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ եւ մասնակցային մշակութային դաշտի կառուցման, ժամանակակից արվեստների եւ ստեղծարար արդյունաբերության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման եւ արդյունավետ կառավարման, տարբեր հարթակներում հայկական մշակույթի եւ ժամանակակից արվեստի ներկայացման ապահովմանը: ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸՄրցույթն անցկացվում է 10 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման եւ մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ չափորոշիչներ: ◆ Տեսարվեստի ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ (կերպարվեստ, դիզայն, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչություն, վիդեոարվեստ) ◆ Երաժշտարվեստի եւ պարարվեստի ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ ◆ Կինոարվեստի ստեղծագործական միջոցառումներ (բացառությամբ կինոարտադրության նախագծերի)◆ Թատերարվեստի ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ◆ Մշակութային կրթության ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ◆ Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ◆ Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի նախագծեր եւ միջոցառումներ◆ Թանգարանային եւ գրադարանային ոլորտների ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ◆ Գրական ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ (բացառությամբ` հրատարակչական նախագծերի)◆ Հոբելյանական ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ: ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ◆Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրի եւ գրահրատարակչության, ստեղծարար արդյունաբերության, մշակութային կրթության, մշակութային ժառանգության, արեւմտահայերենի պահպանության եւ հանրայնացման, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային զբոսաշրջության եւ ներառականության խթանմանն ուղղված նորարական եւ հեռանկարային նախագծեր:◆ Հայտերը ներկայացվում են նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթի անցկացման կարգի համապատասխան: Ծանուցում. Դրամաշնորհային մշակութային ծրագրերին մասնակցելու մանրամասն տեղեկատվությունը ներառված է կարգում:◆ Ներկայացված հայտերից առաջնահերթություն է տրվում նախարարության որդեգրած մշակութային քաղաքականությանն ու ռազմավարական գերակայություններին համապատասխանող ծրագրերին, ինչպես նաեւ դեբյուտային, համաֆինանսավորվող, թիրախավորված եւ երկարատեւ արդյունավետություն ապահովող ծրագրերին։ Մրցույթի մասնակցության փաթեթը ներառում է՝◆ Հայտաձեւ՝ համաձայն ձեւաչափի (Ձեւ N 1),◆ Նախահաշիվ՝ համաձայն ձեւաչափի (Ձեւ N 2),◆ Կազմակերպության կանոնադրության եւ պետական ռեգիստրի վկայականի պատճենները,◆ Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,◆ Տեղեկանք նախագծի համագործակցող եւ համաֆինանսավորող կողմերի մասին,◆Ծրագրին առնչվող նյութեր (առկայության դեպքում)՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ: Հայտադիմումը պետք է լրացվի հայերեն: Կից փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ համապատասխան հայերեն թարգմանությամբ:Հայտադիմումի փաթեթի լրացման ընթացքում առաջացած հարցերի եւ խորհրդատվության համար կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ յուրաքանչյուր ծրագրի համապատասխան անվանակարգի ներքո զետեղված հեռախոսահամարով։Հայտադիմումի փաթեթը ներկայացվում է նախարարության ընդհանուր բաժին՝ թղթային տարբերակով եւ էլեկտրոնային կրիչով (նյութերի ծավալը չպետք է գերազանցեն 20 MB)՝ եւ ընդունվում է մինչեւ մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը:Մասնակիցը չի կարող նույն անվանակարգով, նույն մրցաշրջանում ներկայացնել մեկից ավելի հայտ: Անվանակարգին չհամապատասխանող եւ թերի լրացված հայտերը մերժվում են: ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ Մրցույթի մեկնարկ 01.07.2019Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 20.07.2019Մրցույթի արդյունքների հայտարարում 20.08.2019ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆԴրամաշնորհները տրվում են միայն ընթացիկ տարվա համար։ Կախված ուղղությունից, նախարարության ռազմավարական գերակայությունների հետ համապատասխանությունից եւ ներկայացված բյուջեի ծավալներից՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես։Հայաստանյան եւ միջազգային ընդգրկում ունեցող այն ծրագրերը, որոնց նախապատրաստման համար պահանջվում է ավելի ժամանակ, քան մրցույթի մեկ պարբերաշրջանն է, կարող են առաջարկվել նախորդ պարբերաշրջաններում, պայմանով, որ հայտադիմումի մեջ հստակ հիմնավորվի դրանց ընդգրկունությունը եւ աշխատանքային ժամանակացույցի մեջ մանրամասն նշվեն իրականացման փուլերը։
10:06 - 03 հուլիսի, 2019
Հայաստան-Ինդոնեզիա. համագործակցության համաձայնագիր

Հայաստան-Ինդոնեզիա. համագործակցության համաձայնագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությանը, որի շրջանակում կողմերի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով համագործակցության վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրել են Արևիկ Անափիոսյանը և Գիտության, տեխնոլոգիաների ու բարձրագույն կրթության կառուցվածքային հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնակատար Պատդոնո Սուվինյոն: Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ համաձայնագրի նպատակն է համագործակցություն հաստատել տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների (ՏԲԻ) և գիտատեխնոլոգիական պարկերի (ՏԲԻ և ԳՏՊ) միջև՝ փոխադարձ շահավետության հիման վրա գիտելիքներ փոխանակելու ու դրանցով կիսվելու համար։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական կարգավորումները մեկտեղվել են: Ինդոնեզական կողմը կարևորել է նաև ՄԿՈՒ ոլորտում համագործակցությունը՝ ընդգծելով, որ համապատասխան ծրագրեր են իրականացվում Շվեյցարիայի, Գերմանիայի, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Արևիկ Անափիոսյանն իր հերթին ներկայացրել է հայաստանյան փորձը, մասնավորապես, դուալ համակարգի ներդրումը գերմանական GIZ-ի աջակցությամբ՝ ընդգծելով, որ այս ոլորտում ևս կարող է իրականացվել փորձի փոխանակում: Փոխնախարարը նշել է նաև, որ նախարարության կողմից գիտատեխնոլոգիական պարկերի համագործակցության համար նշանակվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), որը, ըստ Արևիկ Անափիոսյանի, բավականին արդյունավետ գործունեություն է ծավալում՝ իրականացնելով բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր է իրականացնում: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ներկայացրել է համաձայնագրի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, կողմերը՝ կկազմակերպեն փոխադարձ այցելություններ ՏԲԻ և ԳՏՊ անձնակազմերի ու փորձագետների միջև, առանց գիտական աստիճանի շնորհման՝ կկազմակերպեն ծրագրեր (վերապատրաստում, նպատակային ուսուցումներ) ՏԲԻ-ի և ԳՏՊ-ի գործարկման ու կառավարման, ինչպես նաև նորարարությունների ու ձեռնարկատիրության ուղղությամբ՝ տեխնոլոգիաների փոխանցման շուրջ, աջակցություն կցուցաբերեն Ինդոնեզիայի անձնակազմի՝ հայկական ՏԲԻ-ներում և ԳՏՊ-ներում փորձուսման կազմակերպման համար և հակառակ ուղղությամբ՝ երկու երկրներում ՏԲԻ-ի և ԳՏՊ-ի բնագավառներում կարողությունների զարգացումն ամրապնդելու նպատակով, կիրականացնեն Հայաստանում ինկուբատորների ոլորտում վերապատրաստման և ինկուբատորների կամ ՀՏԲԿՆ ՄՌ կառավարիչների վերապատրաստման գործողությունների 2019 թվականի ծրագիրը՝ դիտարկելով ուսման վճարի զեղչման հնարավորությունը, կխրախուսեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին ներդրումներ կատարել ու խթանել տեխնոլոգիաների վրա հիմնված բիզնես գործընկերությունը մյուս երկրի ՏԲԻ և ԳՏՊ բնագավառներում, երկու երկրների միջև ՏԲԻ-ների շրջանում կկազմակերպեն համատեղ համաինկուբացիոն ծրագրեր այն ՏԲԻ ստարտափների համար, որոնք կցանկանան իրենց շուկան ընդլայնել արտերկրում, կխրախուսեն քույր ՏԲԻ-ների և քույր ԳՏՊ-ների ստեղծումը։
14:09 - 28 հունիսի, 2019
Պատրաստ ենք ՀՀ-ում արաբերենի ուսուցման հարցում ամենալայն աջակցություն ցուցաբերել. Շարժայի էմիրի ներկայացուցիչ

Պատրաստ ենք ՀՀ-ում արաբերենի ուսուցման հարցում ամենալայն աջակցություն ցուցաբերել. Շարժայի էմիրի ներկայացուցիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ, Շարժայի էմիր Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի ընտանիքի ներկայացուցիչ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման առանցքում Հայաստանի Հանրապետության և Շարժայի Էմիրության միջև նախարարության մանդատի ներքո գտնվող ոլորտներում համագործակցության հաստատումն էր՝ հատկապես նորարարական տեխնոլոգիաների կիրառման համատեքստում։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով Շարժայի պատվիրակությանը, ընդգծել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար ջերմ, բարեկամական հարաբերություններ ունի: «Մեր հարաբերությունները զարգանում են ամենատարբեր ոլորտներում ու ուղղություններով։ Վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են ընթանում կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ, իսկ մշակույթում և սպորտում գործակցության հեռանկարները նույնպես խոստումնալից են»,-նշել է նախարարը։ Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին իր հերթին նշել է, որ Շարժան համարվում է մշակույթի և կրթության կենտրոն: «Այսօր Շարժան ուսանողների քանակով ամենամեծ էմիրությունն է։ Մենք աշխատում ենք Շարժան՝ որպես նորարարությունների կենտրոն զարգացնելու ուղղությամբ, մեծ ներդրումներ են արվում այդ ոլորտում, և Հայաստանի հետ փորձի փոխանակման լայն հնարավորություններ ենք տեսնում»,-ասել է Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայերենից արաբերեն և արաբերենից հայերեն գրքերի թարգմանության հնարավորությունները։ Համագործակցության մյուս ուղղությունը նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման գործում համատեղ աշխատանքի իրականացումն է թե՛ մասնագետների փոխանակման ծրագրերի, թե՛ միջազգային կազմակերպություններում համագործակցության միջոցով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանում, մասնավորապես Մատենադարանում, արաբական մշակույթի վերաբերյալ լուրջ գիտելիք կա կուտակված, և հայկական կողմը պատրաստ է թվայնացնել այդ գիտելիքն ու փոխանցել արաբ մասնագետներին՝ ուսումնասիրությունների նպատակով։ Հանդիպման ընթացքում նախարարը հիշատակել է Երևանի պետական համալսարանում գործող Արաբագիտության ամբիոնի մասին՝ ընդգծելով, որ Արաբական Միացյալ Էմիրությունները կարելի է ընդգրկել այն երկրների ցանկում, ուր այցելում են հայ ուսանողներն արաբերենի իրենց գիտելիքները խորացնելու նպատակով։ Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին, իր հերթին, նույնպես կարևորել է Հայաստանում արաբերենի ուսուցանումը՝ նշելով, որ պատրաստ են այս հարցում ամենալայն աջակցություն ցուցաբերել հայկական կողմին։
07:55 - 28 հունիսի, 2019
Արևիկ Անափիոսյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) փորձագետներին

Արևիկ Անափիոսյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) փորձագետներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) փորձագետների խմբին: Մասնագետների խումբը հունիսի 17-30-ը գտնվում է մեր երկրում` Հայաստանի զարգացման հարցերով համագործակցության նոր ռազմավարության մշակման և տնտեսության ներառական աճի հետ կապված գնահատում կատարելու նպատակով: Գնահատումը կատարում են ԱՄՆ ՄԶԳ-ի և Integra Government Services International LLC ընկերության մասնագետները, որոնք Հայաստանում հանդիպումներ են ունեցել Կառավարության, տարբեր նախարարությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթություն-աշխատաշուկա կապի զարգացումը` այն դիտարկելով տնտեսական աճի ներառականությանը նպաստող գործոն: Փոխնախարարը ներրկայացրել է կթության ոլորտում իրականացվող բարափոխումները, որոնք նպատակ ունեն բարելավել մասնագիտական կրթության որակը ինչպես նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտներում: Միջազգային փորձագետների դիտարկմամբ` զարգացման պլանավորման հարցում կրթությունը և աշխատաշուկային միտված մասնագետների պատրաստումը առաջնահերթ խնդիրների շարքում են: Այս համատեքստում կարևորվել է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման նոր հնարավորությունների ապահովումը: Առանձնահատուկ կարևորվել է միջին մասնագիտական կրթության բնագավառը, որի զարգացումը և աշխատաշուկայի հետ կապի ամրապնդումը մեծապես կնպաստի տնտեսության զարգացմանը: Նշվել է նաև ՄԿՈՒ ոլորտում հաղորդակցության ռազմավարության կարևորության մասին, որը պետք է ապահովի երկխոսությունը և հետադաձ կապը:Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք աշխատանքային հարցերի:
13:44 - 25 հունիսի, 2019
Մաթեմատիկայի քննություն հանձնել է 4 հազար 546 դիմորդ, 20 միավոր է ստացել 30 հոգի

Մաթեմատիկայի քննություն հանձնել է 4 հազար 546 դիմորդ, 20 միավոր է ստացել 30 հոգի

armtimes.com։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հրապարակել է մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները: Դրանց համաձայն, անբավարար միավոր ստացած դիմորդների թիվը շատ ավելի քիչ է, քան եղել է նախորդ տարի: Կրճատվել է նաեւ առավելագույն միավոր ստացածների քանակը: Իսկ միջին գնահատականը բավականին բարձր է նախորդ տարվա միջին միավորի համեմատությամբ: Քննության մասնակիցների թիվը 4 հազար 546 է: Ամենաբարձր՝ 20 միավոր ստացել է միայն 30 հոգի:Մաթեմատիկայի քննության միջին միավորն այս տարի կազմել է 12.16՝ նախորդ տարվա 11.5-ի փոխարեն: Դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդներից 450-ը կամ քննությանը մասնակցածների 9.9%-ը: Նախորդ տարի անբավարար գնահատական էր ստացել դիմորդների 18.8 %-ը: Ինչ վերաբերում է 18-20 միավոր հավաքածներին, նրանց թիվը 383 է կամ մասնակիցների 8.4%-ը՝ անցյալ տարվա 10%-ի փոխարեն:
13:03 - 24 հունիսի, 2019
Աշակերտները մարզից եկել են թանգարաններ ու պարզել, որ այնտեղ իրենց չեն սպասում. նախարարի պարզաբանումը |armtimes.com|

Աշակերտները մարզից եկել են թանգարաններ ու պարզել, որ այնտեղ իրենց չեն սպասում. նախարարի պարզաբանումը |armtimes.com|

armtimes.com։ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի դպրոցականները, համարելով, որ թանգարան անվճար այցելության տոմսեր ունեն, մի քանի օր առաջ ճանապարհ են ընկել դեպի Երեւան՝ համատեղելու մայրաքաղաքում էքսկուրսիան ու այցերը մշակութային հաստատություններ: Բայց պարզվել է, որ վերջիններում իրենց չեն սպասում:Ինչպես հայտնի է, այսօր արդեն նախկին կրթության եւ գիտության նախարարությունը, մշակույթի նախարարության հետ համատեղ ներդրել է աբոնեմենտային համակարգ, ինչի շնորհիվ դպրոցականները հնարավորություն են ստանում տարեկան մեկ անգամ անվճար գնալ թատրոններ, թանգարաններ ու համերգասրահներ: Ենոքավանի հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները նախընտրել էին Մատենադարանը, իսկ 3-րդ եւ 4-րդ դասարանցիներն այցելել էին Հովհաննես Թումանյանի թանգարան: Աշակերտների մեկ այլ խումբ էլ որոշել է Դիլիջանում գործող փողի թանգարանը տեսնել: Աշակերտների ծնողների փոխանցմամբ, բոլոր դեպքերում երեխաներին հրաժարվել են ընդունել՝ պատճառաբանելով, որ նրանց տոմսերն այլեւս չեն գործում: «Պատճառ են բերել, որ պետք էր մինչեւ մայիսի 20-ը այցելել, բայց չէ՞ որ դա մեզ տվել են մայիսի 22-23-ին, մայիսի 20-ին ո՞նց կարող էինք թանգարան գնալ: Մեր դպրոցում տոմսերը երեխաներին տվել էին «Վերջին զանգի» նախօրյակին եւ ասել էին՝ մինչեւ հունիսի 20-նն է ժամկետի մեջ»,- պատմեց ծնողներից մեկը:Մատենադարանում, քանի որ ծանոթ աշխատակից է հանդիպել, կազմակերպել է, եւ երեխաներին ընդունել են: «Թողեցին, անցանք, նայեցինք, բայց անակնկալ էր, շատ վատ զգացինք, որ այդպես էր»,- ասաց նա: Մյուս թանգարաններում ծնողները ստիպված են եղել վճարել երեխաների մուտքի համար:Նկատենք, որ մշակութային հաստատությունների այս տոմսերի հետ կապված ավելի վաղ նույնպես ծնողների եւ ուսուցիչների շրջանում անորոշություն կար, թե մինչեւ երբ են դրանք կիրառելի:«Դա թյուրիմացություն է եղել: Մենք թանգարաններին նորից կզգուշացնենք: Տոմսերն ուժի մեջ են լինելու մինչեւ հուլիսի 30-ը, եւ օնլայն գրանցմամբ թատրոն եւ համերգասրահներ գնալու հնարավորությունը կլինի մինչեւ այդ օրը, որովհետեւ մենք համակարգը ուշ ենք գործարկել: Թանգարանների դեպքում համակարգը մեկնարկեց դեկտեմբերին, այսինքն՝ առաջին երեք-չորս ամիսները կորցրեցինք: Նույնն էլ թատրոնների դեպքում: Քանի որ համակարգը գործարկվեց, եթե չեմ սխալվում, ապրիլ ամսին, ապա մինչեւ հուլիսի 30-ը այս ուսումնական տարվա համար կգործի, իսկ հաջորդ ուսումնական տարվա համար կսկսվի սեպտեմբերին մինչեւ մայիս»,- պատասխանելով ստեղծված իրավիճակի մասին մեր հարցմանը՝ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ինչու համակարգը մշտապես չգործի նաեւ ամռանը, որովհետեւ հավանական է ամառային արձակուրդներին աշակերտներն ավելի շատ ազատ ժամանակ ունեն մշակութային հաստատություններ այցելելու համար, նախարարն արձագանքեց. «Կքննարկենք: Ուրեմն կընտրենք սեպտեմբերից սեպտեմբեր ժամանակահատվածը»: Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանն ասաց, որ աբոնեմենտային համակարգի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նոր հրաման իրենք չեն ստացել, իսկ առանց համապատասխան հիմքի այցելուներ ընդունել չեն կարող. «Հրամանը դեռ չի եկել: Երբ որ ստանանք, այդ օրվանից նորից կսկսենք ընդունել ըստ հրամանի»:Շարունկությունը՝ armtimes.com
11:33 - 24 հունիսի, 2019
Հնարավորություն ընձեռել բարձր առաջադիմությամբ աշակերտներին սովորել Ֆիզմաթ դպրոցում. ծնողների բաց նամակը՝ նախարարին |armtimes.com|

Հնարավորություն ընձեռել բարձր առաջադիմությամբ աշակերտներին սովորել Ֆիզմաթ դպրոցում. ծնողների բաց նամակը՝ նախարարին |armtimes.com|

armtimes.com: Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի դիմորդ աշակերտների ծնողները բաց նամակով դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:Նամակում, մասնավրապես, ասվում է.«Պատահականություն, թե դիտավորություն.Հարգելի պրն. Հարությունյան,Հունիսի 22-ին Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում (Ֆիզմաթ դպրոց) տեղի է ունեցել 8-րդ դասարանի ընդունելության քննության առաջին փուլը:16-րդ առաջադրանքի մեջ թույլ է տրվել սխալ, որն ուղղվել է միայն քննության ավարտից 10 րոպե առաջ: Աշակերտներից շատերը չեն հասցրել կողմնորոշվել եւ արդյունքում մեկական միավոր են կորցրել:Քննության արդյունքները հայտարարելուց հետո պարզ է դարձել, որ 2-րդ տարբերակի աշակերտների գնահատականներին ավելացել են 1-ական միավոր, սակայն առաջին տարբերակի աշակերտների գնահատականներին այդ միավորը չեն ավելացրել:Արդյոք սա միտումնավո՞ր է արվել, որ երեխաները դուրս մնան դպրոցից, քանի որ, ինչպես գիտեք, Ֆիզմաթ դպրոցում դասարանները գերհագեցած են աշակերտներով, ինչը հնարավոր է՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ դպրոցի անշարժ գույքի մի մեծ հատվածում ուսումնական գործունեություն է իրականացնում «Ուսում» հանրակրթական դպրոց ոչ պետական ուսումնական հաստատությունը (վճարովի դպրոց է, ղեկավարը ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի կինն է` Սուսաննա Թամարյանը):Ի դեպ, նույն պատկերն է եղել նաեւ հունիսի 21-ին տեղի ունեցած յոթերորդ դասարանի ընդունելության քննության ընթացքում:Խնդրում ենք Ֆիզմաթ դպրոց ընդունվելու հետ կապված արդարությունը վերականգնել եւ հնարավորություն ընձեռել ֆիզիկամաթեմատիկական առարկաներից բարձր առաջադիմությամբ աշակերտներին սովորել Ֆիզմաթ դպրոցում»:
08:13 - 24 հունիսի, 2019
4680 դպրոցահասակ երեխա կհանգստանա ամառային ճամբարներում

4680 դպրոցահասակ երեխա կհանգստանա ամառային ճամբարներում

Հունիսի 19-ից մեկնարկել է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա ծրագիրը, որում ընդգրկված է 7-13 տարեկան 4680 երեխա: Ծրագրի շրջանակում հունիսի 19-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում 6 ճամբարներում երեք հերթափոխով 20-ական օրով կհանգստանան զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհա­զորայինների, ծնողազուրկ ու անապահով բազ­մա­զավակ ընտանիք­ների դպրոցահասակ երեխաները:Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված դպրոցականների ճաշակի ձևավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, բնապահպանական, հայրենասիրական ու կարգապահական դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:Նախատեսված են նաև հատուկ դասընթացներ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու,առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Նշենք, որ 2019 թվականի դպրոցականների ամառային հանգստի կազմակեր­պումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Ծրագիրն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Ճամբարներ մեկնող երեխաների ցուցակագրումն իրականացրել են ՀՀ մարզպետարանները` համայնքներից ստացված հայտերի հիման վրա:
13:58 - 19 հունիսի, 2019
Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հետ քննարկվել է 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը

Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հետ քննարկվել է 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության ոլորտի «2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» նախագիծը: Այդ նպատակով Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հետ կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է նախագիծը՝ ընդգծելով, որ այն ենթակա է փոփոխությունների, հետևաբար նախարարությունն ակնկալում է դրա վերաբերյալ Հանրային խորհրդի առաջարկություններն ու դիտողությունները: Արևիկ Անափիոսյանը տեղեկացրել է, որ որպես ոլորտային քաղաքականության հիմնական թիրախներ՝ նախագծում առանձնացվել են որակյալ կրթության և մատչելիության ապահովումը: Առաջին թիրախում կարևորվել է երեք կետ՝ դասավանդողների որակի ապահովում, կրթական ծրագրերի բովանդակային արդիականացում և նյութատեխնիկական բազայի ապահովում ու սովորողակենտրոն միջավայրի ստեղծում, իսկ երկրորդ թիրախում՝ նախադպրոցական ծառայությունների ընդլայնում, համընդհանուր ներառականության անցում և խոցելի խմբերի երիտասարդների ընդգրկվածության մեծացում մասնագիտական կրթության հատվածում: Նախարարի տեղեկալը նշել է, որ բոլոր թիրախներն ընդգրկված են բյուջետային ծախսային 8 ծրագրերում՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն և հետբուհական կրթություն, հանրակրթություն, արտադպրոցական դաստիարակություն, ապահով դպրոց, կրթության որակի ապահովում, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդնում, կրթության ոլորտում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում: ՆՄՄԿ համակարգում նախատեսվում է, որ տվյալ տարում ընդունված սովորողների թիվը մասնագիտական կրթության նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական համակարգում տվյալ տարում ընդունված սովորողների ընդհանուր թվում 43.4%-ից հասցնել 46%-ի, տվյալ տարում ընդունված սովորողների թիվը հիմնական և միջնակարգ դպրոցների շրջանավարտների թվում 24.75%-ից հասցնել 27%-ի, ուսումնառության ավարտից հետո 6 ամսվա ընթացքում մասնագիտությամբ զբաղվածություն ունեցող շրջանավարտների թիվը 38.3%-ից հասցնել 41.0%-ի, ՆՄՄ ուսումնական հաստատությունների ուսումնառությունը բուհերում շարունակած շրջանավարտների թիվը 17%-ից հասցնել 19%-ի: Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում նախատեսվում է, որ ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցմամբ սովորող ուսանողների տեսակարար կշիռը բարձրագույն կրթություն ստացողների մեջ 2022 թվականին 18%-ից հասցնել 24 %-ի, սոցիալապես անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ուսանողների տեսակարար կշիռն ընդհանուր ուսանողների թվաքանակի մեջ 2022 թվականին 4.1-%-ից հասցնել 5.0 %-ի: Հանրակրթությունում նախատեսվում է, որ տարրական դասարաններում և նախակրթարաններում աշակերտներին սնունդ ապահովող դպրոցների թիվը 2023 թվականին հասցնել 100%-ի, բարելավված /աղետներին դիմագրավելու և սեյսմակայունության տեսանկյունից/ միջավայրով ուսումնական հաստատությունների թիվը 2022 թվականին հասցնել 54-ի, ինչպես նաև բոլոր դպրոցներում ապահովել համացանցի հասանելիությունը: Հանրակրթությունում՝ որպես գերակա խմբեր, նախանշվել են՝ ուսուցիչների աշխատավարձի քաղաքականության ուղենիշ, ուսուցիչների մասնագիտական ստանդարտներ, մասնագիտական աճ և բովանդակային արդիականացում: Արտադպրոցական կրթության ոլորտում նախատեսվում է, որ միջնաժամկետ կտրվածքում արտադպրոցական դաստիարակության ծրագրերում 6-18 տարեկանների ընդգրկվածության մակարդակը 5-ից հասցնել 10%-ի, որից 5%-ը՝ գյուղական բնակավայրերից: ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արևիկ Անափիոսյանը և Լուսինե Առաքելյանը, ինչպես նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն պատասխանել են Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հարցերին: Քննարկման ընթացքում Հանրային խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով և առաջարկներով: Մասնավորապես, Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Աիդա Թոփուզյանն ընդգծել է, որ միջնաժամկետ ծախսային ծրագրում շեշտադրումները ճիշտ են արված, և այդ համատեքստում կարևորել է բոլոր աշակերտների համար մեկնարկային հավասար պայմանների ապահովման և դպրոցները` որպես համայնքային կրթամշակութային կենտրոններ դիտարկելու միտումը: Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները քաղաքացիական կրթության, հասարակագիտական առարկաների ընդլայնման, քաղաքացու նոր կերպարի ձևավորման, բարձրագույն կրթության զարգացման և այլ հարցերի վերաբերյալ:
08:11 - 19 հունիսի, 2019
Դժվար է կրթության հետ համագործակցող գործատուներ գտնել [Միջին մասնագիտական կրթություն, խնդիրներ, աշխատաշուկա․ ՄԱՍ 1-ին]

Դժվար է կրթության հետ համագործակցող գործատուներ գտնել [Միջին մասնագիտական կրթություն, խնդիրներ, աշխատաշուկա․ ՄԱՍ 1-ին]

Մարիամ Նաջարյանը սովորում է Երևանի հենակետային բժշկական քոլեջում՝ Քույրական գործ բաժնում։ Մասնագիտությունն ու կրթական հաստատությունն ինքն է ընտրել․ «քանի որ մայրս նույն հաստատությունում է սովորել, ինձ մոտ նույնպես հետաքրքրություն առաջացավ ուսումնասիրել այդ ոլորտը»,-պատմում է Մարիամը։ Կրթության որակը բարձր է գնահատում՝ նշելով, սակայն, որ ինչպես ուսումնական բոլոր հաստատություններում, այնպես էլ այստեղ կան նաև բացեր։ «Դրական կողմերից են դասախոսների լավ պատրաստված լինելը, գիտելիքների մատուցման լավ որակը։ Նրանք կիսվում են իրենց պրակտիկայով․ դասախոսների 40 տոկոսն աշխատել են հիվանդանոցներում և եղել բժիշկներ»,-շեշտում է Մարիամը։ Նրա խոսքով, իր մասնագիտությունը շատ է սիրում և մեծ ցանկություն ունի աշխատելու, ինչն էլ պատրաստվում է անել քննությունները հանձնելուց և դիպլոմ ստանալուց հետո։ Մարիամն ասում է, որ իրենց քոլեջն ավարտած ուսանողները աշխատանք գտնում են՝ կախված մի քանի հմտություններից․ «Կախված ուսանողի գիտելիքներից, քանի որ հիվանդանոց ընդունվելիս նորից է պետք քննություն հանձնել»,-նշում է նա։ Ըստ «Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն և գենդերազգայուն հետազոտության» 2018թ․ ամփոփիչ հաշվետվության, միջին մասնագիտական և արհեստագործական կրթություն ունեցող զբաղված երիտասարդների կեսից ավելին համարում են, որ ձեռք բերված տեսական գիտելիքը և մասնագիտական հմտությունները ընդհանրապես կամ հիմնականում չեն համապատասխանում ներկայիս աշխատանքի պահանջներին։ Լիլիթ Պետրոսյանն արդեն 1 ամիս է՝ աշխատում է Սպիտակ քաղաքի հիվանդանոցում։ Աշխատանքի ընդունվել է մրցույթով՝ ընտրվելով մոտ 30 թեկնածուներից։ Ավարտել է Վանաձորի պետական բժշկական քոլեջը՝ գերազանց առաջադիմությամբ։ Լիլիթը կարծում է, որ բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում գիտելիքների առումով գուցե որոշ տարբերություններ լինեին, սակայն ընտրել է քոլեջը․ «Սիրում էի այս մասնագիտությունը, որոշեցի դիմել հենց այս հաստատություն»,-ասում է Լիլիթը։ Նրա կարծիքով քոլեջը փախանցել է համապատասխան մասնագիտական հմտություններ, որ հետագայում նաև հնարավորություն է տվել աշխատել մասնագիտությամբ․ «Տեսնում էինք, սովորում էինք, եթե հնարավորությունը կար, մենք էլ էինք այդ աշխատանքներին մասնակցում»,-պատմում է նա՝ ավելացնելով․ «Բուժքույրի մասնագիտությունը միշտ էլ պահանջված է։ Բայց, միևնույն է, հիմա աշխատանք գտնելը այնքան էլ հեշտ չէ բոլոր ոլորտներում։ Սակայն հույս ունեի, որ ավարտելուց հետո կաշխատեմ ու ստացվեց»։ Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքում միջին մասնագիտական ուսուցումը սահմանվում է որպես առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, իսկ մասնագիտական ուսուցումը՝ որպես մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների յուրացմանն ու օգտագործմանը նպատակաուղղված ուսուցման գործընթաց։ Այս կրթության նպատակը միջին մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստումն է։ Միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ քոլեջներում, ուսումնարաններում։ Ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների վիճակագրական տվյալների, հանրապետության միջին մասնագիտական 93 պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում 2017/2018 ուսումնական տարում ընդունվել է 8 554 , սովորել` 23 063, ավարտել` 7 164 մարդ: Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների՝ իրենց մասնագիտությամբ աշխատելը կախված է մի շարք գործոններից․ մասնագիտություն, շուկայի պահանջներ և այլն։ Միջին մասնագիտական կրթության և ուսուցման, աշխատաշուկայի հետ կապի մասին զրուցել ենք ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։ Ոլորտի պատասխանատուի կարծիք․ ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյան Հայաստանում նախնական մասնագիտական կրթության և միջին մասնագիտական կրթության հաստատություններում այս պահին սովորում է մոտ 30000 ուսանող։ Հաստատությունների թիվը մոտավորապես 100-ն է։ Դրանց մեջ ընգրկված են քոլեջները, ուսումնարանները և ԲՈՒՀ-երը, որոնք իրականացնում են միջին մասնագիտական ծրագիր։ Այսինքն, ունենք ԲՈՒՀ-եր, որոնք իրենց մեջ ունեն քոլեջներ, օրինակ՝ Ճարտարագիտական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության համալսարանը, Տնտեսագիտական համալսարանը, Բժշկական համալսարանը․ մարզային բուհերն իրենց մեջ ունեն միջին մասնագիտական կրթական ծրագրեր և այլն։ Ներքին վիճակագրություն ունենք, թե ուսանողներից քանիսն են ավարտելուց հետո աշխատանք գտել։ Վերջին երկու տարիներին մեր՝ նախարարության նախաձեռնությամբ ուսումնասիրություն ենք արել, թե ուսանողներից քանիսն են ավարտելուց հետո աշխատանք գտել։ Մի քանի բաղադրիչ ենք հաշվի առել շրջանավարտների թվի և աշխատանք գտնողների մեջ՝ բանակ զորակոչ, արտագաղթ և ԲՈՒՀ ընդունվողներ․ կան ուսանողներ, որ կրթությունը շարունակում են ԲՈՒՀ-ում։ Նաև առանձնացրել ենք, թե ուսանողներից քանիսն են իրենց մասնագիտությամբ աշխատում, քանիսը՝ ոչ իրենց մասնագիտությամբ։ Սա ներքին ուսումնասիրություն է և կարող է հստակ թվային արտահայտություն չունենալ․ նախ մեկ տարվա կտրվածքով է, հետո անում ենք մեր ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոնների աջակցությամբ։ Հստակ երևալու համար պիտի այդ ուսանողի, շրջանավարտի՝ գործատուի մոտ աշխատելու պայմանագիրն էլ դիտարկել։ Մի քանի տվյալներ։ Օրինակ՝ 2018 թվականին Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանը 123 շրջանավարտ է ունեցել, որոնցից 12-ը ԲՈՒՀ է ընդունվել, 72-ը բանակ է զորակոչվել, 3-ը՝ մեկնել արտերկիր, 24-ն իր մասնագիտությամբ է աշխատանք գտել, 9-ը՝ ոչ իր մասնագիտությամբ։ Չի աշխատում 3 հոգի։ Գյումրիի թիվ 3 արհեստագործական ուսումնարանում 122 շրջանավարտից 58-ը իր մասնագիտությամբ աշխատում է։ Կա նաև վիճակագրություն՝ ըստ մասնագիտությունների։ Օրինակ՝ 61 հոգի ավարտել է վարսավիրական արվեստ մասնագիտությամբ, որոնցից 33-ն իրենց մասնագիտությամբ աշխատանք են գտել։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտը 3 ամենատարածված մասնագիտական կրթության ոլորտներից է միջին մասնագիտական կրթություն ունեցող երիտասարդների համար։ Պահանջված և ոչ պահանջված մասնագիտություններ։ Այստեղ շատ կարևոր է մասնագիտությունը, օրինակ՝ սպասարկման ոլորտի մասնագիտությունների դեպքում՝ խոհարար, վարսահարդար կամ հյուրանոցային սերվիսի աշխատող, գրանցվում է աշխատանքի տեղավորման ամենաբարձր ցուցանիշը։ Խոհարարության գծով աշխատանքի տեղավորման մինչև 80 տոկոս ցուցիչ ունենք։ Մասնագիտություններ կան, որոնց դեպքում աշխատանքի տեղավորման ցուցիչը բավականին փոքր է։ Սա մեզ համար կողմնորոշիչ է, որ հետագայում՝ պետպատվերը պլանավորելիս, հիմք ընդունենք այս տվյալները։ Ոչ ռեյտինգային մասնագիտություններից է, օրինակ, ֆինանսներ մասնագիտությունը։ Հաստատություններից մեկում 18 հոգի ավարտել է այս մասնագիտությամբ․ ոչ մեկն աշխատանք չի գտել։ Սա կողմնորոշիչ է եղել, որ այն աստիճանաբար տանենք պետպատվերի նվազեցման։ Վերջին 2-3 տարիներին հաշվապահություն, ֆինանսներ մասնագիտություններով ավելի շատ բարձրագույն կրթության շրջանավարտներն են աշխատում, միջին մասնագիտական հաստատություններն ավարտած ուսանողներին աշխատանքի չեն վերցնում, որովհետև գործազրկություն կա։ Այս մասնագիտությունները աստիճանաբար տանում ենք մարման, փոխարենը բերում ենք նոր մասնագիտություններ։ ՏՏ ոլորտի ընկերությունները հիմնականում չեն ընդունում աշխատանքի միջին մասնագիտական կամ արհեստագործական կրթություն ունեցող երիտասարդների և թերագնահատում են միջին մասնագիտական կրթության հնարավորությունները: Նոր մասնագիտություններ։ Մեզ մոտ տարեցտարի նոր մասնագիտություններ են ավելանում։ Օրինակ՝ 2017 թվականին 39 հաստատությունում 54 նոր մասնագիտություն է ներդրվել։ Ներդրվում են ոչ միայն նոր, այլ նաև այնպիսի մասնագիտություններ, որոնք առաջին անգամ են դասավանդվում Հայաստանում։ Օրինակ, այս տարի կներդրվի սառնարանային տնտեսություն մասնագիտությունը։ Այս մասնագիտությունն առաջին անգամ է Հայաստանում, երբևէ չի եղել, բայց պահանջարկ կա։ Օդորակիչների լիցքավորողների, տեղադրողների, սառնարան վերանորոգողների պահանջարկ կա, բայց այդ մասնագիտությունները չեն դասավանդվել, հիմա նոր-նոր սեպտեմբերից ներդնում ենք։ Համապատասխան սարքավորումները ձեռք ենք բերել դոնորների աջակցությամբ։ Մի նոր մասնագիտություն ենք ներդնում, որ վերաբերում է ներքին շինարարական հարդարման աշխատանքներին։ Կան մասնագիտություններ, որոնք թեկուզ ցանկում եղել են, բայց լայն ներդրում չեն ունեցել, հիմա արագ տարածում ենք, մանավանդ գյուղատնտեսության մեջ՝ կաթ-կաթնամթերքի տեխնոլոգիան, պանրագործությունը, անասնաբուժությունը։ Շուկայի ամբողջական պատկերացում չունենք։ Շուկայից փորձում ենք վերցնել տվյալներ, բայց պատկերացնելու համար մեր ուսումնասիրությունն ենք իրականացնում։ Ամբողջական, հստակ պատկեր չունենանք, թե շուկան ինչի կարիք ունի 3, 5 կամ 10 տարվա կտրվածքով, որովհետև դա կանխատեսելը շատ դժվար է և շատ լուրջ ռեսուրս է պահանջում։ Փորձում ենք գործատուների հետ աշխատել։ Հունիսի 14-ին բիզնես-կրթություն համաժողով ենք անցկացնելու։ Հավաքում ենք մարզի գործատուներին, մեր հաստատություններին ու սկսում ենք երկխոսել, հասկանալ՝ ինչի պահանջարկ ունեն, ինչից են դժգոհ ՄԿՈՒ-ում, մենք ինչ կարող ենք առաջարկել, որովհետև շատ գործատուներ կան, որ անգամ չգիտեն, որ մենք կարող ենք իրենց որակյալ մասնագետներ առաջարկել։ Որակն ապահովելու համար գործատուների մասնակցությունը շատ կարևոր է։ Վերջին շրջանում սկսել ենք ակտիվ աշխատել գործատուների հետ, բավականին փոխներառման հուշագրեր, պայմանագրեր ունենք կնքված, որոնք վերաբերում են ուսումն ավարտելուց հետո աշխատանքի տեղավորմանը, պրակտիկաների կազմակերպմանը։ Պրակտիկան շատ կարևոր է։ Այս ոլորտում առանց պրակտիկայի հնարավոր չէ։ Միջին մասնագիտական կրթություն ունեցող վերապատրաստված հարցվողների 84%-ը համարում է դրանք ավելի օգտակար, քան ֆորմալ կրթությունը։ Դուալ համակարգ։ GIZ ընկերության հետ գերմանական դուալ համակարգն ենք ներդրել, որ հենց պրակտիկ ուսուցում է ենթադրում, այսինքն՝ պրակտիկ ուսուցումը կկազմի կրթության մոտ 70 տոկոսը։ Եվ արդեն 11 հաստատությունում փորձարկում ենք՝ 2017թ․-ից սկսած։ Դուալ կրթութական համակարգի դեպքում գտնում ենք հստակ գործատու, որ պատրաստ կլինի աշխատել քոլեջի կամ ուսումնարանի հետ։ Միասին մշակում ենք ծրագրերը։ Պիլոտային ծրագրեր, ուսումնական պլանն ենք կազմում համատեղ, որովհետև գործատուն պիտի ասի՝ ինչ է ուզում, ինչի պահանջարկ կա։ Ընդհանրապես, պետական կրթական, մասնագիտական կրթական չափորոշիչներում առանց գործատուի մասնակցության մենք ծրագիր չենք մշակում։ Որովհետև ինքը պիտի գա, ասի՝ ես ուզում եմ, որ խոհարար մասնագիտության համար շրջանավարտը տիրապետի այս-այս հմտություններին և գիտելիքներին։ Շատ դժվար է հանրապետությունում գործատուներ գտնել, որոնք պատրաստ են ՄԿՈՒ-ի, ընդհանրապես կրթության հետ համագործակցել։ Կան այդպիսիք, չեմ ասում չկան։ Այս պահին ունենք 1450 կնքված պայմանագրեր, բայց, ցավոք, անգամ գործատուն  չի կարող ասել, թե երկարաժամկետ՝ 3, 5 կամ 10 տարվա կտրվածքով իրեն ինչ մասնագետ է պետք։ Կարող է ասել այն գործատուն, որը խոշոր բիզնես է ներկայացնում և ունի 1000-ից ավելի աշխատատեղ։ Մնացած գործատուները, քանի որ փոքր, միջին ձեռնարկություններ են ներկայացնում, որոնց աշխատողների թիվը տատանվում է 10-50-ի մոտակայքում, տարեկան կարող են մեկ կամ երկու աշխատողի կարիք ունենալ, բայց, բնականաբար, 3 տարի չեն սպասի, որ մենք շրջանավարտ տանք։ Առաջին քառյակը միջին մասնագիտական, արհեստագործական կրթության մակարդակում՝ Առողջապահություն և դեղագործություն (23.9%), Սոցիալական գիտություններ, տնտեսագիտություն, իրավագիտություն (14.5%), Բարձր տեխնոլոգիաներ և կապ/ռադիոֆիզիկա, ինֆորմատիկա, ծրագրավորում, այլ/(12.0%), Արհեստագործություն (11.1%)։ ՄԿՈՒ համակարգը բավականին թանկ համակարգ է՝ նկատի ունենալով այն, որ քոլեջներում և ուսումնարաններում անհրաժեշտ նյութատեխնիկական բազա է պետք։ Մենք չենք կարող եռակցող պատրաստել առանց եռակցման հաստոցի, չենք կարող խառատ պատրաստել առանց հաստոցի և այլն։ ԲՈՒՀ-ում մի քիչ տեսությունն է շատ, գործնականն է քիչ։ Սովետմիության փլուզումից հետո այս համակարգը բառիս բուն իմաստով թալանվել է։ Կամ եթե չի էլ թալանվել, այդ գործիքները, սարքավորումները այնքան հին են, որ 30 տարի հետո պահանջներին չեն բավարարում։ Ենթադրենք, ավտոտեխսպասարկման մասնագետ ենք պատրաստում, մեր սարքավորումները ժիգուլի կամ մոսկվիչ մեքենայի համար են, իսկ հիմա արդեն ավելի ժամանակակից ինժեկտորային շարժիչներ, էլեկտրոմոբիլներ կան և այլն։ Մենք պիտի համահունչ գործենք, այդ սարքավորումները պիտի ձեռք բերենք, որպեսզի կարողանանք մասնագետ պատրաստել։ Շատ խնդիրներ կան։ Շենքային պայմանների խնդիրներ ունենք, սարքավորումների, համակարգիչների կարիք ունենք, բայց, այս խնդիրներով հանդերձ, կարող եմ ասել, որ վերջին տարիներին բավականին գործ արվել է Եվրամիության բյուջետային աջակցմամբ, պետական բյուջեի, տարբեր դոնոր կազմակերպությունների միջոցներով։ Այս պահին առնվազն հաստատությունների կեսից ավելիի շենքային պայմանները, նյութատեխնիկական բազան բավարարից բարձր է, բայց ունենք հաստատություններ, որ դրանց լուրջ անհրաժեշտությունն ունեն։ Դասավանդողների վերապատրաստումներ ամեն տարի լինում են։ Մենք դասավանդողների կարիք ունենք, մանավանդ՝ մասնագիտական, որովհետև մեր համակարգում պահանջվում է, որ մարդը մասնագիտական բարձրագույն կրթություն պիտի ունենա, որ կարողանա դասավանդել։ Հիմա, օրինակ, սառնարանային տնտեսություն մասնագիտությունն ենք ներդնում և շատ մեծ դժվարությամբ ենք մասնագետ գտնելու։  Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հրապարակված վիճակագրության, Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի կողմից 2013-2018թթ. վերապատրաստվել է Երևանի և մարզերի ՄԿՈՒ հաստատության 143 մասնագետ: Վերջիններս շարունակաբար ստացել են մեթոդական աջակցություն և խորհրդատվություն իրենց աշխատավայրերում: Ներկայումս 91 ՄԿՈՒ հաստատություն ունի վերապատրաստված պատասխանատու: Աշխատավարձը ցածր է քոլեջներում և գրավչության առումով՝ փոքր։ Իհարկե, կան նվիրյալներ, որոնք նույնիսկ այդ ցածր աշխատավարձով գալիս են դասավանդելու։ Բայց աշխատավարձի չափը նաև ազդում է կրթության որակի վրա։ Օրինակ՝ ոսկերչություն մասնագիտությունը։ Լավ ոսկերիչը ՀՀ-ում օրական կարող է վաստակել առնվազն 50 հազար դրամ։ Դա նվազագույնն է։ Շատ դժվար է որակյալ ոսկերչին ասել՝ արի, մեր երեխաներին ոսկերչություն սովորեցրու և ամսական ստանալու ես 80000 դրամ աշխատավարձ։ Սա ազդում է որակի վրա։ Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություններ եմ տեսնում։ Հավանաբար նախարարությունը որոշակի փոփոխություններ առաջիկայում կնախաձեռնի։ Կան քոլեջից ԲՈՒՀ անցման խնդիրներ, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա․ սա իմ կարծիքն է։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Առաջիկայում հավանաբար փոփոխությունների առաջարկներ կանենք, որպեսզի կրթության շարունակականությունը չխաթարվի։ Բացի այդ, Բարձրագույն կրթության մասին նոր օրենքով հեռական ԲՈՒՀ-երից դուրս է գալու։ Հետևաբար, քոլեջից ԲՈՒՀ անցումը, որ մեզ մոտ իրականացվում է միայն հեռակա, արդեն չի կարող կազմակերպվել, որոշակի փոփոխություններ պիտի արվեն։ Դաշտը կարգավորող օրենքներն այստեղ Ամեն օր այս համակարգում մի լավ բան տեղի է ունենում։ Ես չեմ ասում ամեն օր լաբարատորիա ենք հիմնում, բայց յուրաքանչյուր օր մենք լավ նորություն ունենում ենք։ Մի տեղ տեսնում ենք, որ աշխատանքի տեղավորման հնարավորությունը մեծացավ, մի տեղ տեսնում ենք, որ կարճաժամկետ դասընթացներով մարզի ֆերմերներին բերել, մեր քոլեջում վերապատրաստում են, մի տեղ տեսնում ենք, որ մեր ուսանողները գինեգործության տակառը բացել են  և առաջին գինիներն են փորձում։ Մենք պիտի փորձենք առաջիկա տարիներին ձեռնարկատիրական հնարավորություն ընձեռել հաստատություններին, որպեսզի կարողանան արտաբյուջե ստեղծել, դրա հիման վրա իրենց կարիքները հոգալ և պետության վրա շատ բեռ չլինել։ Ձեռնարկատիրական մոդուլներ ենք ներդրել՝ բոլոր չափորոշիչներով, որ եթե ուսանողն ավարտելուց հետո որոշի իր սեփական բիզնեսը հիմնել, հմտություններ ունենա։ Եթե ուզում է ԱՁ կամ ՍՊԸ բացել, հասկանա, թե ինչպես պիտի արվի շուկայի ուսումնասիրությունը, ինչպես պիտի գրանցվի, հաշվապահությունն ինչպես պիտի իրականացվի և այլն։ Բոլոր հաստատություններում կարիերայի կենտրոններ ենք ստեղծել։ Հիմա փորձում ենք մի դոնորի աջակցությամբ ստեղծել կայք, որտեղ շրջանավարտը հնարավորություն կունենա իր CV-ն, իսկ գործատուն՝ թափուր աշխատատեղը տեղադրել, և փոխադարձ որոնողական համակարգով մեկը մյուսին կկարողանան գտնել։ Շարունակելի Մարգարիտա Ղազարյան
13:17 - 15 հունիսի, 2019
Հարգելի՛ պարոն նախարար Ձեզ ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է և ընտրողական. Շիրակի համալսարանի պատասխանը՝ Արայիկ Հարությունյանին

Հարգելի՛ պարոն նախարար Ձեզ ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է և ընտրողական. Շիրակի համալսարանի պատասխանը՝ Արայիկ Հարությունյանին

Շիրակի պետական համալսարանի գիտխորհուրդը պատասխանել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե եթե Շիրակի համալսարանում բարոյահոգեբանական իրավիճակը չշտկվի, բուհի լուծարման կամ միավորման հարց կդնեն: Համալսարանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանի՝ 12.06.2019թ. ԱԺ-ում՝ հանձնաժողովների համատեղ նիստում արված հայտարարության՝ ՇՊՀ-ի հանրույթը կոչ է անում.Հարգելի՛ պարոն նախարար, ՇՊՀ-ի վերաբերյալ Ձեզ ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է և ընտրողական: ՇՊՀ-ն այսօր ապրում է իր բնականոն կյանքով: Այս տարի նշելու ենք մեր բուհի 85-ամյակը և այսուհետ ընդունելով ժամանակի մարտահրավերները՝ հաստատակամ կերպով Ձեզ հետ նշելու ենք նաև բուհի 90-ամյակը: Ներկայացվող բարոյահոգեբանական լարված մթնոլորտը վատ ղեկավարման և իրականացվող նպատակադիր քաղաքականության հետևանք է, որին երկար ժամանակ չէինք ուզում հավատալ: Որոշ ուժերի հեռահար հավակնությունների և հուսահատ ճիգերի գործադրման արդյունքում բուհի ճակատագիրը զոհասեղանին դնելը Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի համար կունենա կործանարար հետևանքներ:Ակնհայտ է, որ ՀՀ կրթական համակարգը կարոտ է բարեփոխումների, բայց նման վերաբերմունքն աշխատակիցների, սովորողների և 85-ամյա պատմություն ունեցող բուհի նկատմամբ պարզապես չի կարող նպաստել բուհի հետագա զարգացմանը:Լիահույս ենք Ձեր պետական մտածողության և կամքի դրսևորմանը. բուհի դերակատարությունը մեծ է մարզի զարգացման գործում և նախարարության ջանքերով ևս կարժևորվի այն՝ Շիրակի մարզը չտանելով ծերացման»:
13:15 - 13 հունիսի, 2019
Հայաստանն ու Մեքսիկան կգործակցեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում

Հայաստանն ու Մեքսիկան կգործակցեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Պենսադոյին։ Հանդիպման օրակարգում երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության հեռանկարներն էին, քանի որ թե՛ նախարարի, թե՛ դեսպանի համոզմամբ` այստեղ Հայաստանն ու Մեքսիկան լուրջ ներուժ ունեն: «Մենք գիտակցում ենք, որ ժողովրդավար և զարգացած հասարակություն ունենալու համար կրթության, գիտության և մշակույթի ոլորտում ունեցած ձեռքբերումները կարևոր նշանակություն ունեն։ Հաշվի առնելով մեր երկու ժողովուրդների պատմությունն ու համապատասխան կամքի առկայությունը՝ այս ոլորտներում արդյունավետ համագործակցության լայն հնարավորություններ կան»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Խոսելով համագործակցության այնպիսի ուղղությունների մասին, ինչպիսիք են երկկողմ կրթամշակութային օրերի անցկացումը, հայերենից իսպաներեն և իսպաներենից հայերեն տարբեր ստեղծագործությունների թարգմանության հնարավորությունը՝ Նորմա Պենսադոն, մասնավորապես, նշել է. «Մեր երկրները հազարամյա պատմություն ունեն, մենք շատ ընդհանրություններ ունենք, և մեր նպատակներից մեկը կրթության և մշակույթի ոլորտում ունեցած կապերի ամրապնդումն ու զարգացումն է»։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Պենսադոն նաև քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների, սպորտի և գիտակրթական ոլորտներում գործող և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև համատեղ հուշագրերի պատրաստման հետ կապված հարցեր։
09:16 - 13 հունիսի, 2019
Ագրարային համալսարանը Ապարանում քոլեջ կհիմնի |hetq.am|

Ագրարային համալսարանը Ապարանում քոլեջ կհիմնի |hetq.am|

hetq.am։ Ագրարային համալսարանը Ապարանի մասնաճյուղ հանդիսացող գյուղատնտեսական քոլեջ կհիմնի: Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով համալսարանին փոխանցել Ապարան քաղաքի Գայի 17/1, 17/3, 17/4 և 17/5 հասցեներում գտնվող ուսումնական մասնաշենքերը, դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքները, սպորտային դահլիճը, ճաշարանը, ենթակայանը, պահակատունը։Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ Ապարանը պատահական չի ընտրվել։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Արագածոտնի մարզն ունի գյուղատնտեսության և անասնապահության զարգացման մեծ հնարավորություններ։ Մասնաճյուղի վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքների համար այս տարվա պետական բյուջեով նախատեսվել է 1 միլիարդ 435 միլիոն դրամ:Նախարարությունը տեղեկացրել է, որ Ապարանում առկա չէ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող որևէ մասնագիտական ուսումնական հաստատություն: Իսկ Ապարանի և հարակից համայնքների բնակիչները մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ստիպված դիմում են այլ համայնքներում (հիմնականում` Երևանում) գործող ուսումնական հաստատություններ: Կառուցվող նոր քոլեջում նախատեսվում է իրականացնել տարածաշրջանի համար անհրաժեշտ մասնագիտությունների ուսուցում, կարճաժամկետ ուսուցման ծրագրեր: Բացի այդ, նախատեսվում է ուսանողների համար կառուցել հանրակացարան, ճաշարան: Իսկ ուսումնական մասնաշենքի հարակից տարածքում կկառուցվի կաթի վերամշակման և կաթնամթերքի արտադրության արտադրամաս, ինչը կխթանի գործնական գիտելիքների ձեռքբերմանն ու ընդլայնմանը:
07:28 - 13 հունիսի, 2019
ԿԳՄՍ-ն շուրջ 40 հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը

ԿԳՄՍ-ն շուրջ 40 հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության ոլորտի «2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» նախագիծը:Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այդ նպատակով կրթության ոլորտում գործող շուրջ 40 հասարակական կազմակերպությունների հետ կայացած հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է նախագիծը՝ ակնկալելով դրա վերաբերյալ քաղաքացիական հասարակության առաջարկություններն ու դիտողությունները:«Կրթությունը դիտարկում ենք որպես հիմնական իրավունք, այդ իսկ պատճառով կարևորվում է համընդհանուր, հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթությունը: Որպես ոլորտայինքաղաքականության հիմնական թիրախներ՝ նախագծում առանձնացվել են որակյալ կրթության ապահովումը և կրթության մատչելիության ապահովումը: Առաջին թիրախում կարևորվել է երեք կետ՝ դասավանդողների որակի ապահովում, կրթական ծրագրերի բովանդակային արդիականացում և նյութատեխնիկական բազայի ապահովում ու սովորողակենտրոն միջավայրի ստեղծում»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ որպես կրթության մատչելիության ապահովում առանձնացնելով նախադպրոցական ծառայությունների ընդլայնումը, համընդհանուր ներառականության անցումը և խոցելի խմբերի երիտասարդների ընդգրկվածության մեծացումը մասնագիտական կրթության հատվածում:«Այս բոլոր թիրախները տեղավորված են 8 բյուջետային ծախսային ծրագրերում՝ նախնական(արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն և հետբուհական կրթություն, հանրակրթություն, արտադպրոցական դաստիարակություն, ապահով դպրոց, կրթության որակի ապահովում, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդնում, կրթության ոլորտում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում»,-նշել է Արևիկ Անափիոսյանը:ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն պատասխանել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: Շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության համար՝ հանդիպման կազմակերպիչները հորդորել են նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկություններն ու դիտողությունները գրավոր ներկայացնել նախարարություն, որոնք, ըստ պատասխանատուների, կքննարկվեն և հաշվի կառնվեն:
13:41 - 12 հունիսի, 2019
Հայաստանն անդամակցել է Intel գիտատեխնիկական փառատոնին

Հայաստանն անդամակցել է Intel գիտատեխնիկական փառատոնին

Այս ուսումնական տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի ավագ դպրոցներում սովորող աշակերտները հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնում (Intel International Science and Engineering Fair), որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար:Ամեն տարի աշխարհի ավելի քան 75 երկրներից շուրջ 1800 աշակերտների համախմբող փառատոնին մասնակցելու համար հայ պատանիները պետք է ներկայացնեն իրենց հետազոտական ծրագրերը, որոնք անցնելու են միջազգային չափանիշներին համապատասխան գնահատում։ Այս փուլը հաղթահարած մասնակիցներն արդեն 2020 թվականին հնարավորություն կունենան մասնակցելու ԱՄՆ-ում անցկացվող Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին եւ իրենց ծրագրերով մրցել այլ երկրների ներկայացուցիչների հետ: Մրցույթի առաջին տեղը գրաված ծրագիրն արժանանում է Gordon Moore Award մրցանակին` ստանալով 75,000 ԱՄՆ դոլար:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին Հայաստանի մասնակցության մասին, ընդգծել է, որ նման ծրագրերի շնորհիվ աշակերտները վաղ տարիքից սկսում են հետաքրքրվել գիտությամբ.«Տարիներ շարունակ գիտությունը կտրված է եղել հասարակությունից, այդ իսկ պատճառով գիտական շատ հետազոտություններ չեն կիրառվել իրական կյանքում եւ չեն համապատասխանել գոյություն ունեցող պահանջներին։ Այժմ մեր նպատակն է գիտությունը վերադարձնել ուսումնական հաստատություններ, որպեսզի մեր երիտասարդները վաղ տարիքից սովորեն հետազոտել ու ստեղծել նորը, եւ այս առումով Հայաստանի մասնակցությունը Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին մի մեծ քայլ առաջ է»-նշել է նախարարը։Փառատոնի մասնակիցները մրցում են 22 բնագավառում, որոնց շարքում են մաթեմատիկան, ֆիզիկան, աստղագիտությունը, կենսաքիմիան, ռոբոտիկան եւ այլն: Բացի առաջին տեղը գրաված ծրագրից մրցույթում սահմանված է նաեւ երկու մրցանակ, յուրաքանչյուրը՝ 50,000 ԱՄՆ դոլար պարգեւով։ Առանձին բնագավառներում նախատեսված են նաեւ այլ մրցանակային տեղեր՝ համապատասխանաբար 3,000 1,500, 1,000 եւ 500 ԱՄՆ դոլար պարգեւներով։Մրցույթին մասնակցելու գործընթացի եւ չափորոշիչների մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանդես կգա առանձին հայտարարությամբ։
07:32 - 06 հունիսի, 2019