ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

2-րդ զորամիավորումն ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր. գնդապետ Պետրոսյան |armenpress.am|

2-րդ զորամիավորումն ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր. գնդապետ Պետրոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության պետական սահմանի արևելյան հատվածում իրավիճակը տվյալ պահի դրությամբ խաղաղ է և կայուն, վերջին օրերին Արցախում տեղի ունեցած ռազմական սրացումը և արցախա-ադրբեջանական շփման գծում գրանցված միջադեպերը չեն ազդել հայ-ադրբեջանական սահմանի տվյալ գոտու կայունության վրա: Այդ մասին հայտնեց ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը՝ դիրքեր այցելած լրագրողների խմբին ծանոթացնելով առաջնագծում իրականացվող աշխատանքներին: Հրամանատարի տեղակալը շեշտեց, որ 2-րդ բանակային կորպուսը մարտունակ զորամիավորում է, որն ունակ է կատարելու մարտական ցանկացած առաջադրանք, և հավաստիացրեց, որ հակառակորդի ցանկացած սադրանք համարժեք գնահատականի է արժանանալու հայկական զինուժի կողմից: «Մենք հիմա գտնվում ենք բանակային կորպուսի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկում, որտեղ իրականացվում է պետական սահմանի պահպանություն: Մարտական դիրքը կահավորվում է, արդեն իսկ ավարտական փուլի մեջ է, կան դիտակետեր, կրակակետեր, որտեղից զինծառայողները իրականացնում են դիտարկում՝ հակառակորդի շարժը, նրա հավանական գործողությունների բնույթը գնահատելու և վերահսկելու նպատակով», - հայտնեց գնդապետ Պետրոսյանը: Զինվորականի խոսքով՝ ադրբեջանական զինուժի կողմից վերջին սադրանքը տվյալ կորպուսի պաշտպանության գոտում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձևավորված պաշտպանական նոր բնագծում, տեղի է ունեցել հուլիսի 28-ին, երբ հակառակորդը դիվերսիոն հարձակում էր իրականացրել Վարդենիսի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի վրա, բայց հետ էր շպրտվել հայ դիրքապահների կողմից: Այդուհանդերձ, ադրբեջանական զինուժի վարքագիծը, չնայած պատերազմից հետո ռազմաքաղաքական իրադրության և շփման գծի զգալի փոփոխություններին, զորամիավորման հրամանատարի տեղակալի խոսքով՝ չի փոխվել: «Հակառակորդը մնում է նույն հակառակորդը», - շեշտեց գնդապետ Պետրոսյանը՝ շարունակելով. «2-րդ բանակային կորպուսը, որը զբաղեցնում է նշված բնագիծը, մարտունակ զորամիավորում է, ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր: Դա ապացուցվել է 44-օրյա պատերազմական գործողությունների ժամանակ: Մասնավորապես հիմա բանակային կորպուսը ունակ է չեզոքացնելու հակառակորդի կողմից իրականացվող ցանկացած սադրանք»: Մեկնաբանելով հոկտեմբերի 14-15-ին Արցախում հակառակորդի կողմից հրադադարի խախտումները, որոնց հետևանքով հայկական կողմից հայ զինծառայողներ էին վիրավորվել, գնդապետ Հայկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այդ միջադեպերը ոչ մի կերպ չեն անդրադարձել Գեղարքունիքի սահմանային գոտու վրա: Ավելին՝ armenpress.am-ում
16:21 - 16 հոկտեմբերի, 2021
ՌԴ պաշտպանության նախարարությունից ՀՀ ՊՆ-ին փոխանցված 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութը Երևանում է

ՌԴ պաշտպանության նախարարությունից ՀՀ ՊՆ-ին փոխանցված 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութը Երևանում է

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՌԴ պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցել է 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ: Հոկտեմբերի 14-ին պատվաստանյութի խմբաքանակը ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել է Երևան: «Ստացված պատվաստանյութը կօգտագործվի ՀՀ զինված ուժերի կարիքների համար, խմբաքանակի մի մասն էլ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ քաղաքացիական անձանց պատվաստումների նպատակով։ ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը պատվաստանյութի խմբաքանակը ՀՀ զինված ուժերին փոխանցելու, ինչպես նաև համավարակի դեմ պայքարում արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:34 - 14 հոկտեմբերի, 2021
ՊՆ N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքներն ու նախանշվել հաջորդ եռամսյակի անելիքները

ՊՆ N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքներն ու նախանշվել հաջորդ եռամսյակի անելիքները

Հոկտեմբերի 14-ին N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքներն ու նախանշվել հաջորդ եռամսյակի անելիքները։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն: Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զինվորական կարգապահության, թիկունքի ու տեխնիկական ծառայությունների վիճակի և այլ հարցերի վերաբերյալ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առկա խնդիրներին ու բացթողումներին, քննարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները: Զորամիավորման հրամանատարն ամփոփել է խորհրդակցության արդյունքները, տվել հանձնարարականներ և սահմանել կատարման ժամկետներ։ Լավագույն զինծառայողներն արժանացել են խրախուսական պարգևների։ 
16:27 - 14 հոկտեմբերի, 2021
Արական սեռի քաղաքացիներին անձնագրեր կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Արական սեռի քաղաքացիներին անձնագրեր կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին, որով, ի թիվս այլնի, որոշվել է արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը: Նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին:  Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Բացի այդ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ Պատրիարքության միաբան հանդիսացող և դեռևս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար հաճախ խոչընդոտների են հանդիպում պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ: Հիշյալ վարժարանի սաները, որպես կանոն, թեև սովորում են մինչև 18 տարին լրանալը և, վերադառնալով ՀՀ, զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն, տվյալ երկրում իրենց բնակության օրինականությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, որի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ: Նույն խնդիրն ունենում են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները: Նույնատիպ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթական իրավունքի իրացման հետ կապված, երբ օրինակ` ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի պարագայում 17-18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար, քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը: Նշված խնդիրները լուծելու և արական սեռի քաղաքացիների համար կրթական իրավունքը երաշխավորելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդության առկայության դեպքում անձնագրերը տրամադրել ավելի երկար վավերականությամբ: Կառավարությունը նշում է նաև, որ ներկայումս հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող  արական սեռի քաղաքացիների կողմից թե ՀՀ-ում, թե օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը: Բացի այդ, ըստ կառավարության նախագծի, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ արական սեռի քաղաքացու 18 տարին լրանում է օրինակ՝ օգոստոս ամսին, նա զորակոչի ենթակա է լինում տվյալ տարվա ձմռանը (հաջորդ տարվա ձմռանը), սակայն, քանի որ օրենքի համաձայն 18 տարին լրանալուց հետո անձնագիրը տրվում է միայն զորակոչից ստացած տարկետման վավերականության ժամկետով, ուստի նշված ժամանակահատվածում քաղաքացուն հնարավոր չի լինում տրամադրել անձնագիր, և, հետևաբար, անձը կրկին զրկվում է տարբեր իրավունքների իրացման հնարավորությունից:
13:45 - 14 հոկտեմբերի, 2021
Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար․ փաստաբանական խումբ

Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար․ փաստաբանական խումբ

Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել: Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը: «ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար: Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին»,- նշված է հայտարարության մեջ: Փաստաբանական խումբը վստահեցնում է, որ Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար:
11:25 - 11 հոկտեմբերի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերատեսչություններին թեթև ամենագնացներ նվիրած սփյուռքահայ բարերարներին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերատեսչություններին թեթև ամենագնացներ նվիրած սփյուռքահայ բարերարներին

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 8-ին ընդունել է սփյուռքահայ բարերարների, որոնք պաշտպանական գերատեսչությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի նախարարություններին, թեթև ամենագնացների խմբաքանակ են նվիրել: Ողջունելով հյուրերին՝ Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ թեպետ արվում է առավելագույնը` զինված ուժերն օր առաջ անհրաժեշտ ավտոտեխնիկայով համալրելու համար, այնուհանդերձ, Հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության այսպիսի դրսևորումները ողջունելի են և, միևնույն ժամանակ, ամրապնդում են բանակ-հասարակություն կապը։ «Զինված ուժերին ցուցաբերած շարունակական աջակցության համար, պաշտպանության նախարարի հրամանով, սփյուռքահայ բարերարները պարգևատրվել են «Ռազմական համագործակցության համար» մեդալով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Գերատեսչական մեդալները բարերարներին է հանձնել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:  
18:49 - 08 հոկտեմբերի, 2021