Ինֆոքոմ

Ryanair-ի բորտուղեկցորդների գործադուլի պատճառով Եվրոպայում չեղարկվում են տասնյակ չվերթներ

Ryanair-ի բորտուղեկցորդների գործադուլի պատճառով Եվրոպայում չեղարկվում են տասնյակ չվերթներ

Ryanair ավիաընկերության բորտուղեկցորդների մի մասն այսօր գործադուլ է հայտարարել Բելգիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում աշխատավարձի և աշխատանքային պայմանների բարելավման պահանջով, հայտնում է Reuters-ը։ Եվրոպայում ահագնացող գնաճը հանգեցրել է նրան, որ միլիոնավոր աշխատակիցներ դժվարություններ են զգում կեցության ծախսերի աճի առնչությամբ։ Սա արհմիություններին ստիպել է աշխատավարձերի բարձրացման պահանջ ներկայացնել և գործադուլի կոչեր հնչեցնել։ Ավիաընկերություններն ու օդանավակայանների օպերատորները նաև անձնակազմի պակաս են զգում ուղևորների հոսքի ավելացման պատճառով, քանի որ ուղևորությունների պահանջարկը վերականգնվում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեծ մասի չեղարկումից հետո։ Մի քանի այլ ավիաընկերությունների, այդ թվում՝ British Airways-ի աշխատակիցները նույնպես այս ամառ գործադուլներ են պլանավորում։ Բելգիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում Ryanair-ի բորտուղեկցորդները եռօրյա գործադուլ են հայտարարել, որը սկսվում է այսօր։ Ֆրանսիայում և Իտալիայում ընկերության աշխատակիցներն, ինչպես սպասվում է, գործադուլ են անելու հանգստյան օրերին։ Brussels Airlines-ի և Lufthansa-ի Բելգիայի մասնաճյուղի աշխատակիցները նույնպես երեկ գործադուլ են սկսել։ Երեք օրվա ընթացքում Brussels Airlines-ը հավանաբար կչեղարկի իր 533 չվերթների շուրջ 60%-ը։ Բելգիան, ըստ ամենայնի, ամենաշատը կտուժի Ryanair-ի գործադուլից, տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Շառլերուայի օդանավակայանի 127 չվերթ չեղարկվելու է, դա կանդրադառնա 21 հազար ուղևորի վրա։ Բրյուսելի օդանավակայանում Ryanair-ի օրական հավելյալ 10 չվերթ չկեղարկվի։ Լիսաբոնում դեռևս երկու չվերթ է չեղարկվել, ընդհանուր առմամբ, ուրբաթ և շաբաթ օրերին Ryanair-ի՝ Բրյուսելի և իսպանական քաղաքների միջև 18 չվերթ է հետաձգվելու։ Նորա Վանյան  
18:49 - 24 հունիսի, 2022
Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել՝ միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին

Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել՝ միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական համաձայանգիր է ստորագրվել միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Լավրովը հավելել է, որ Մոսկվան ու Բաքուն մտադիր են խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանում ռուսական լրատվամիջոցների և Ռուսաստանում ադրբեջանական լրատվամիջոցների աշխատանքի շուրջ։ «Մենք միջոցառումների հատուկ շարք կանցկացնենք երկու կողմերի առաջատար լրատվամիջոցների ղեկավարների, այդ թվում՝ սոցցանցերի սեփականատերերի միջև և անկեղծորեն կխոսենք այն մասին, թե ինչպես ենք լուսաբանում միմյանց տարածքում կատարվող իրադարձությունները՝ ելնելով համապատասխան օրենքներից»,- ասել է նա։   Նորա Վանյան
16:22 - 24 հունիսի, 2022
Երևանից և Բաքվից հաստատում եմ ստացել, որ սահմանազատումը ներկա փուլում ջանքերի կարևոր բաղկացուցիչ է․ Լավրով

Երևանից և Բաքվից հաստատում եմ ստացել, որ սահմանազատումը ներկա փուլում ջանքերի կարևոր բաղկացուցիչ է․ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են պատրաստակամությունը՝ մասնակցելու սահմանազատման հարցերով հանձնաժողովի շրջանակում երկրորդ հանդիպմանը և ազդակներ չեն փոխանցել այն մասին, որ մտադրությունը փոխել են։ Այս մասին Ադրբեջանի արտոգրծնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ իմ այցի ժամանակ մենք Երևանում խոսել ենք [Հայաստանի] վարչապետի և արտգործնախարարի հետ։ Նրանք վերահաստատել են մասնակցությունը սահմանազատման հարցերով հանձնաժողովի շրջանակում երկրորդ հանդիպմանը։ Այդ հանդիպումը համաձայնեցված է Մոսկվայում՝ մեր տարածքում, և մենք այժմ ամսաթվերն ենք որոշում, որոնք հարմար կլինեն երկու կողմերին։ Ես ազդակ չեմ տեսել այն մասին, որ կողմերը փոխել են իրենց միտքը կամ չեն ուզում մասնակցել այդ աշխատանքին»։ Լավրովը նշել է, որ Երևանում և Բաքվում բանակցությունների ընթացքում «հաստատում է ստացել, որ սահմանազատումը ներկայիս փուլում բոլոր ջանքերի կարևոր բաղադրիչն է»։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մոտակա ժամանակներս Մոսկվայում կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը և կողմերից ակնկալում է այդ հանիպման ամսաթվերի վերաբերյալ առաջարկներ։   Նորա Վանյան  
15:35 - 24 հունիսի, 2022
Ի՞նչ է ուզում Թուրքիան, որ համաձայնի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ The New York Times

Ի՞նչ է ուզում Թուրքիան, որ համաձայնի՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ The New York Times

Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել, սակայն դաշինքին միանալու համար անհրաժեշտ է դրա բոլոր անդամ երկրների համաձայնությունը։ Թուրքիան մի շարք պահանջներ է առաջ քաշել՝ այդ քայլին կողմ քվեարկելու համար։ The New York Times-ը գրում է այդ պահանջների և սկանդինավյան այս երկու երկրների անդամակցության հեռանկարների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խթան է դարձել, որպեսզի Ֆինլանդիան ու Շվեդիան նախորդ ամիս ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնեն՝ հույս ունենալով արագ և առանց խոչընդոտների միանալու դաշինքին։ Փոխարենը նրանք հայտնվել են անելանելի վիճակում, նրանց ճանապարհը փակել է Թուրքիայի անկանխատեսելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հունիսի 29-ին Մադրիդում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովը, սակայն հայտերի արագացված քննարկման վերաբերյալ նրանց [Ֆինլանդիայի և Շվեդիայի – խմբ․] սպասումները արագ մարել է  այն բանից հետո, երբ Էրդողանը հետ է կանգնել իր այն խոստումներից, թե չի խոչընդոտելու նրանց։ Էրդողանի արտաքին քաղաքականության գծով խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով՝ այս երկրներին ընդունելու ժամանակացույց չկա, նա խոսել է անգամ մեկ տարով հետաձգման մասին։ Ֆինլանդիան հատկապես սրտնեղած է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ 830 մղոն սահմանը։ Փետրվարի 24-ի ներխուժումից (Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա – խմբ․) հետո Ֆինլանդիան արագ սկսել է նախապատրաստել իր հայտը, իսկ ֆինն դիվանագետները, արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի խոսքով՝ «նախապես կապվել են ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամ պետությունների հետ և ստացել նրանց հաստատումը»։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի պնդմամբ՝ նրանց թվում էր նաև Էրդողանը։ Սակայն Թուրքիան անսպասելիորեն առարկություններ է հայտնել։ Էրդողանը բազմաթիվ պահանջներ է առաջ քաշել, որոնք հիմնականում վերաբերում են ազգայնականությանն առնչվող ներքին հարցերի, օրինակ, քրդական անջատողականությանն ու ահաբեկչությանը, ինչպես նաև ընդդիմադիր առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի որոշ հետևորդների արտահանձնմանը։ ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին Էրդողանը մեղադրում է 2016 թ-ին իր դեմ պետական հեղաշրջման անհաջող փորձի համար։ Թուրքիան ուզում է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան խստացնեն իրենց հակաահաբեկչական օրենքները, իրեն հանձնեն որոշ անձանց, այդ թվում՝ մի շարք քուրդ լրագրողների, և չեղարկեն Թուրքիային զենքի վաճառքի ոչ պաշտոնական էմբարգոն, որը սահմանվել է 2019 թ-ին Սիրիաի հյուսիսում Թուրքիայի ռազմական միջամտությունից հետո։ Այս երկուշաբթի կայացել է Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի՝ վերջին մի քանի շաբաթվա ընացքում առաջին հանդիպումը՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո, սակայն արդյունքներն աննշան են եղել։ «Մենք մեզ չենք սահմանափակում որևէ ժամանակացույցով։ Այս գործընթացի արագությունն ու մասշտաբները կախված են նրանից, թե ինչպես և որքան արագ այս երկրները կսկսեն համապատասխանել մեր ակնկալիքներին», - հանդիպումից հետո ասել է Քալընը։ Գալիք տարվա հունիսին Թուրքիայում ընտրություններ են անցկացվելու, և Էրդողանի պոպուլյարությունը նվազում է թուրքական տնտեսության անկմանը զուգահեռ։ Քրդական հարցը Թուրքիայում կարևոր է, և Էրդողանն այժմ շահարկում է ազգայնական տրամադրությունները՝ միաժամանակ ճնշելով այլակարծությունն ու անկախ լրագրությունը։ Շվեդական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյա Ստեֆանի Բաբստն ասել է, որ Էրդողանի իրական օրակարգը ներքաղաքական է։ «Նախևառաջ, այն ուղղված է նրա ընտրազանգվածին։ Նրան ընտրություններ են սպասվում։ Թուրքիայում տնտեսական իրավիճակը բավականին սարսափելի է, այդ պատճառով էլ նա ուզում է առաջնորդի հատկանիշներ ցուցադրել։ Եվ վախենամ, որ նա օգտագործում է Շվեդիայի ու Ֆինլանդիայի «հարցը», որ հասնի իր ռազմավարական նպատակներին»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ահաբեկչության վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններն «լեգիտիմ են» և պետք է լսելի լինեն և արձագանք գտնեն։ Նա նշել է նաև, որ վստահ է՝ Ֆինլանդիան ու Շվեդիան կնդամակցեն դաշինքին։ Սակայն Պեկկա Հաավիստոն նշում է, որ Էրդողանը նյարդայնացնում է իր դաշնակիցներին պատերազմի փուլում, երբ հարցականի տակ է Եվրոպայի անվտանգությունը։ «Շահարկումներն այն մասին, որ հարցը կարող է հետաձգվել մինչև Թուրքիայում կայանալիք ընտրությունները, մեծ հիասթափություն կլինեն ՆԱՏՕ-ի շատ երկրների համար, էլ չեմ խոսում Ֆինլանդիայի ու Շվեդիայի մասին», - ասել է նա։ ԱՄՆ-ն հրապարակավ սատարում է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը։ Ֆինլանդիայի արտգործնախարար Հաավիստոն պարբերաբար կապի մեջ է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Սպիտակ տան մյուս պաշտոնյաների և սենատորների հետ։ Կոնգրեսը նույնպես աջակցություն է հայտնել, Սենատում արդեն լսումներ են նախապատրաստվում վավերացման հարցով քվեարկության համար, հենց Թուրքիայի հետ խնդիրները լուծվեն։ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ պետությունների օրենսդիր մարմինները նոր անդամների անդամակցության դեպքում պետք է վավերացնեն փոփոխությունները հիմնարար պայմանագրում, և այս գործընթացը կարող է տևել մինչև մեկ տարի։ Սակայն Հաավիստոյի խոսքով՝ Ֆինլանդիան ու Շվեդիան հստակ հավաստիացումներ են ստացել, որ ՆԱՏՕ-ի առանձին երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան իրենց օգնության կգան անհրաժեշտության դեպքում։ «Այնպես որ, մենք մեզ ապահով ենք զգում, - ասել է նա։ - Չնայած որ այս պահին մեր անվտանգության համար անմիջական ռիսկ չկա»»։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։  
19:41 - 23 հունիսի, 2022
Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Փարիզում կայացել է Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարությունների քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, հայտնում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը։ Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում էր երկրի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնին։ «Խալաֆովն ու Մոնդոլոնին քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս փուլն ու հեռանկարները, […] տարածաշրջանային հարցեր, Ադրբեջանի հարաբերությունները եվրոպական երկրների և ԵՄ հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի, եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման, հետկոնֆլիկտային համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։   Նորա Վանյան
17:46 - 23 հունիսի, 2022
Ռուսաստանը եվրոպարտատոմսերի վճարումներն առաջին անգամ ռուբլով է իրականացրել

Ռուսաստանը եվրոպարտատոմսերի վճարումներն առաջին անգամ ռուբլով է իրականացրել

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը, համաձայն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հրամանագրի, եվրոպարտատոմսերի սեփականատերերին վճարել է ռուբլով։ Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», վճարվել է 12,51 մլրդ ռուբլի ($234,85 մլն)։ Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն՝ ռուսական իշխանությունը եվրոպարտատոմսերի մասով իր պարտավորությունները կատարված է համարելու, եթե վճարումներն իրականացվել են ռուբլով։ Ինչպես լրագրողներին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, վճարման արժույթի փոփոխությունը չի նշանակում արտաքին պարտքի մասով դեֆոլտի հայտարարում։ Նրա խոսքով՝ Մոսկվան ստիպված է ռուբլով վճարել, քանի որ արտասահմանյան ենթապահառուները հրաժարվում են վճարումներն իրականացնել արտարժույթով։   Նորա Վանյան  
17:16 - 23 հունիսի, 2022
Մենք գազային ճգնաժամի մեջ ենք․ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Մենք գազային ճգնաժամի մեջ ենք․ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Գերմանիայի իշխանությունը որոշել է ակտիվացնել, այսպես կոչված, տագապի ռեժիմը՝ գազի մատակարարման ոլորտում վթարային պլանի երկրորդ աստիճանը։ Այս մասին, ինչպես հայտնում է DW-ն, այսօր հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար, փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը։ Նա բացատրել է դա Ռուսաստանի գազի մատակարարման կրճատմամբ և գազի բարձր գներով։ «Մենք գազային ճգնաժամի մեջ ենք։ Այսուհետ՝ գազը դեֆիցիտ ապրանք է։ Գներն այսօր արդեն բարձր են, և մենք պետք է նախապատրաստվենք դրանց հետագա բարձրացմանը», - ասել է Հաբեկը։ Նրա խոսքով՝ ռուսական մատակարարումների կրճատումը «տնտեսական գրոհ է» Գերմանիայի նկատմամբ։ Վթարային պլանի երկրորդ աստիճանը հայտարարվում է գազամատակարարման խաթարումների առաջացման կամ գազի չափազանց մեծ պահանջարկի դեպքում։ Այս փուլում ենթադրվում է, որ շուկան դեռ ունակ է ինքնուրույն հաղթահարելու այս խնդիրներն՝ առանց արտաշուկայական միջոցների ձեռնարկման։ Վթարային պլանի երրորդ փուլն՝ արտակարգ իրավիճակն, ակտիվացվում է, երբ գազամատակարարումը վատթարանում է այնքան, որ դրությունն այլևս հնարավոր չէ շտկել առանց պետության միջամտության։ Պլանի առաջին աստիճանը հայտարարվել էր դեռևս մարտին։   Նորա Վանյան
15:30 - 23 հունիսի, 2022
Սուբվենցիոն ծրագրերով կատարվող աշխատանքների մեկնարկի ժամկետը կփոխվի․ կառավարությունն ընդունեց նախագիծը

Սուբվենցիոն ծրագրերով կատարվող աշխատանքների մեկնարկի ժամկետը կփոխվի․ կառավարությունն ընդունեց նախագիծը

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց նախագիծ, որի ընդունմամբ սուբվենցիոն ծրագրերի վրա աշխատանքները կսկսվեն նախորդ տարվա հուլիսից, ոչ թե տվյալ տարվա փետրվարից։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց՝ պարբերաբար այդ քննարկումները ունեցել են և վարչապետի կողմից ունեցել են հանձնարարական՝ այնպես անել, որ հաջորդ տարի իրականացվող սուբվենցիոն ծրագրերի փաստաթղթային, նախագծման և այլ աշխատանքները կատարվեն այս տարի, որպեսզի շինարարական աշխատանքները իրականության մեջ սկսվեն ավելի վաղ․ «Վերջապես կարողացանք այդ փոփոխություններին հասնել և առաջարկվող նախագիծը հետևյալն է․ մեր համայնքները մինչև այս տարի հուլիսի 10-ը սուբվենցիոն հայտեր են ներկայացնելու մարզպետարաններին, մարզպետարանները մինչև հուլիսի 15 կներկայացնեն նախարարություն, մենք արդեն գործընկերների հետ կշրջանառենք, կքննարկենք, հավանություն կտանք, այդ ամբողջ պրոցեսը կսկսի աշխատել և նախագծերի ներկայացման վերջնաժամկետը կլինի մինչև նոյեմբերի 30-ը»։ Նա հավելեց՝ նոյեմբերի 30-ից  փոխվարչապետի գլխավորությամբ նիստերը կգումարեն․ «Այսինքն՝ ամենաուշը, որ ծրագիրը կգնա համայնք և մրցույթ կհայտարարվի, փետրվարի 1-ն է կամ 2-ը։ Կլինեն ծրագրեր, որոնք դեկտեմբերին հաստատված կտանք համայնքին, համայնքը այդ ամիսներին մրցույթ կհայտարարի, կունենա շինարար և եղանակների բարենպաստ լինելուն պես կարելի է արդեն շինարարական աշխատանքներ իրականացնել»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ գյուղական փողոցների սալարկման խնդիրներին անդրադարձավ՝ նշեով, որ տվյալ սուբվենցիոն ծրագրերում բարձրացրել են կառավարության տոկոսը․ «Այն, ինչ պետական միջոցներով կառուցվում է, դրա հետագա սպասարկումը նույնքան կարևոր է, որքան բուն կառուցումը։ Մանկապարտեզների դեպքում մենք այդ խնդիրը լուծել ենք, նույնը պետք է փողոցների դեպքում անենք, մենք փողոցում համայնք ենք կառուցում, բա համայնքին հարց չենք տալիս՝ հարգելի համայքն, այս փողոցը ոնց ենք սպասարակելու, դրա համար իրենց բյուջեում պետք է լինեն համապատասխան միջոցներ»։ Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ երկրի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները և կառավարության նիստին քննարկված խնդիրնեչրը իրար հետ գենետիկ կապ ունեն․ «Մենք միլիոններ ենք ծախսում, փողոց ենք կառուցում, լավ ենք անում, և պիտի շարունակենք, բայց միևնույնն է, անձրևը գալիս է, կամ քամին բերում է ինչ-որ բան, դա հետո պետք է մաքրել, եթե չանենք, 6 ամիս հետո, 1 տարի հետո լավ արած ասֆալտի վրա 10 սանտիմետր ցեխ է առաջանալու։ Ես երբեմն մտածում եմ՝ կառավարության նիստում այսպիսի հարցեր ենք քննարկում, մարդիկ կասեն՝ ինչից են խոսում, նայեք մեր երկիրը ինչ մարտահրավերների առաջ է կանգնած, եկել են բորդյուրի տակ հավաքված ցեխն են քննարկում, բայց իմ խորը համոզմունքն այն է, որ այս ու այն բևեռները իրար հետ գենետիկ կապ ունեն։ Որովհետև դա ընդհանուր հայացք է, ընկալում է, մտածելակերպ է։ Այն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք և ունենք, ես այդ պրոբլեմների արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ»։
12:40 - 23 հունիսի, 2022
Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն․ կառավարությունն ընդունեց նախագիծը

Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն․ կառավարությունն ընդունեց նախագիծը

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը պահետազորայինների հերթական վարժական հավաքները կանցկացվեն։ Որոշումն ընդունվեց այսօր՝ կառավարության նիստի ընթացքում։ Ըստ որոշման նախագծի՝ հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինները։ Հավաքներին կներգրավվեն մինչև 1444 քաղաքացիներ, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից կներգրավեն մինչև 134 միավոր տրանս­պորտային միջոց։ Վարժական հավաքները, ըստ կառավարության ներկայացրած նախագծի, հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, կնքված պայմանագրի համաձայն մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով: Նշենք, որ այս տարվա ընթացքում սա պահեստազորայինների երրորդ վարժական հավաքն է․ նման հավաքներ կազմակերպվել են նաև ապրիլի 1-ից հունիսի 30-ը և ապրիլի 15-ից հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածներում։ Իսկ անցած երկու այսպիսի վարժական հավաք է անցկացվել՝ օգոստոսից նոյեմբեր և սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածներում։
11:02 - 23 հունիսի, 2022
Ռուսաստանի հետ գործընկերությունը տեսանելի ապագայում անհնար է․ Շոլց

Ռուսաստանի հետ գործընկերությունը տեսանելի ապագայում անհնար է․ Շոլց

Ռուսաստանի հետ գործընկերությունը, որը հիշատակվում է ՆԱՏՕ-ի 2010 թ-ի ռազմավարական հայեցակարգում, տեսանելի ապագայում անհնար է նրա ագրեսիվ, կայսրական դիրքորոշման պատճառով, DW-ի փոխանցմամբ, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ երկրի խորհրդարանում ներկայացնելով Բեռլինի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի, «Մեծ յոթնյակի» և ԵՄ կայանալիք գագաթնաժողովներին։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդիպումից, որը կայանալու է հունիսի 28-30-ը Մադրիդում, Շոլցն ակնկալում է միասնականության և վճռականության ազդակ՝ ուկրաինական պատերազմի ֆոնին։ Միաժամանակ, ինչպես նշել է կանցլերը, խելամիտ չէր լինի խզել ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնարար ակտը, քանի որ դա միայն շահեկան կլինի ՌԴ նախագահին և նրա քարոզչությանը։ 1997 թ-ին ստորագրված փաստաթղթում ամրագրված են սկզբունքներ, որոնք, ըստ Շոլցի, Պուտինն այդքան կոպտորեն խախտում է՝ հրաժարում բռնությունից, սահմանների նկատմամբ հարգանք, անկախ պետությունների ինքնիշխանություն։   Նորա Վանյան
18:30 - 22 հունիսի, 2022