Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն է Հակոբ Ավագյանը, տեղակալներն են Սուրեն Ամիրյանը եւ Գոհար Դարբինյանը։

Աշխատողի իրավունքի պաշտպանության համար կստեղծվի նոր հարթակ․ նախագիծն ԱԱՏՄ օրակարգում է

Աշխատողի իրավունքի պաշտպանության համար կստեղծվի նոր հարթակ․ նախագիծն ԱԱՏՄ օրակարգում է

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը նախատեսում է ստեղծել աշխատողների իրավունքների պաշտպանության նոր օնլայն հարթակ։ Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնից: Նոր օնլայն հարթակը կունենա որոշակի ընդհանրություններ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործարկած bizprotect.am կայքի հետ, որը նախատեսված է բիզնեսից անանուն ահազանգերի ստացման համար։ ԱԱՏՄ-ն նախատեսում է առաջիկա ամիսներին ՄԱԿ-ի աջակցությամբ եւ Իրավաբանների ասոցիացիայի հետ գործակցությամբ գործարկել իր այս համակարգը, որով կընդունվեն անանուն դիմում-բողոքներ աշխատողների իրավունքների հնարավոր խախտումների մասին։ Տեսչական մարմինը կքննարկի եւ իր լիազորությունների շրջանակում ընթացք կտա դրանց։ Նոր համակարգով բողոքաբերը կարող է մնալ անանուն, չի բացահայտվի նրա համակարգչի IP հասցեն։ Նոր կայքի ստեղծմանը կհաջորդեն հանրության իրազեկման եւ դրանով աշխատելու՝ տեսչական մարմնի աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։Նախաձեռնության նպատակն աշխատանքային իրավունքների վերահսկողության եւ տեսչական մարմնի հանդեպ վստահության բարձրացումն է։ Նախորդիվ թեմային առնչվող հարցեր են քննարկվել հեռավար հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի ներկայացուցիչ Մարինա Մալխասյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԱԱՏՄ ներկայացուցիչներ եւ այլ գործընկերներ։ Արտակարգ դրության հետեւանքով ստեղծված իրավիճակում կատարված օրենսդրական եւ ԱԱՏՄ կանոնադրության փոփոխություններով ԱԱՏՄ-ն այսուհետ իրավունք ունի գրավոր դիմումի հիմքով քննարկել եւ աշխատողների խախտված իրավունքները վերականգնելու միջոցներ ձեռնարկել: Սակայն լինում են դեպքեր, երբ աշխատողն իր աշխատանքային խախտված իրավունքները բարձրաձայնելիս նախընտրում է անանուն մնալ։
15:31 - 01 օգոստոսի, 2020
Կորոնավիրուս ախտորոշող լաբորատորիաները կվերահսկի նոր մասնագիտական խումբը

Կորոնավիրուս ախտորոշող լաբորատորիաները կվերահսկի նոր մասնագիտական խումբը

Արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) իրականացնելու նպատակով կստեղծվի մասնագիտական խումբ՝ սահմանված է պարետի N 220-Ն որոշմամբ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ): Դրանում կընդգրկվեն առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից՝ 3, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման ևկանխարգելման ազգային կենտրոնից»՝ 2, էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտությանազգային մարմին» ՓԲԸ-ից՝ 2 մասնագետ։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի 104 որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության պատշաճ համակարգ: Այս թույլտվությունն ունեցող լաբորատորիաների ցանկը սահմանում է ՀՀ ԱՆ-ն։
22:35 - 28 հուլիսի, 2020
Առաջընթաց՝ «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետում վիրուսի կանխարգելման առումով

Առաջընթաց՝ «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետում վիրուսի կանխարգելման առումով

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն լուրջ առաջընթաց է գրանցել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված իր բժշկասանիտարական հսկիչ կետում վիրուսի կանխարգելման աշխատանքի որակի բարելավման առումով։ Այս գնահատականն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն է։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի փոխանցմամբ, գնահատումն իրականացվել է ԱՀԿ Հարավային Կովկասի արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Էսենամանովի կողմից՝ ԱՀԿ մշակած չափորոշիչներով։ Ըստ այդմ՝ դիտարկվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ԱԱՏՄ անցման կետի պատրաստվածությունը Covid-19 համավարակին արձագանքման համատեքստում: Արձանագրվել է, որ փետրվարի վերջի համեմատ, երբ ԱԱՏՄ-ն սահմանին դեռ նոր էր անցել ուժեղացված վերահսկողական աշխատանքների ռեժիմի, հուլիսի վերջին արձանագրվել է պատրաստվածության մակարդակի զգալի բարձրացում։ Աշխատանքի բարելավումը մի շարք հիմնական ուղղություններով է, մասնավորապես,• օդանավակայանի տարածքում կորոնավիրուսի կանխարգելման մասին իրազեկման, պրոֆիլակտիկ միջոցառումների,• երկիր մուտք գործող անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների զննման՝ այսպես կոչված «ոչ դեղորայքային» միջոցառումների, հեռավար ջերմաչափման,• վերջիններիս վերաբերյալ տվյալների հավաքագրման եւ այլ գործընթացների մասով։ ԱՀԿ-ն արձանագրել է, որ ԱԱՏՄ աշխատանքային թիմի կողմից միջոցառումների իրականացման հսկողությունը շատ բարձր է։Նշված անցման կետերում համապատասխան պայմանների ապահովումը միջազգային առողջապահական կարգավորումների հիմնական ուղղություններից է։
17:47 - 27 հուլիսի, 2020
ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Գյումրու փակ տիպի հաստատություններում

ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Գյումրու փակ տիպի հաստատություններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի(ԱԱՏՄ) Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ռեժիմով հերթական ստուգայցն են իրականացրել Գյումրի և Արթիկ քաղաքներում: Գյումրիում ուժեղացված ստուգայց անցկացվել էր երկու օր առաջ ևս։ Ստուգայցերի շրջանակն այսօր ընդգրկել է մասնավորապես «Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն»-ը, «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը: Այցի և արդյունքների մասին տեղեկացնում է ԱԱՏՄ-ն: Փակ տիպի այս հաստատություններում, որտեղ աշխատում են 14-օրյա հերթափոխով, բոլոր աշխատակիցները հետազոտվում են մինչ հերթափոխն ընդունելը: Դիտարկման արդյունքում արձանագրվել է, որ «Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն»-ում և «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն»-ում հակահամաճարակային միջոցառումների պատասխանատուները նշանակված են, ստեղծված է օպերատիվ շտաբ՝ իր պատասխանատուով: Գրանցամատյաննեը պատշաճ լրացված են, երեխաներին խնամքի կենտրոնում օրական ջերմաչափում են նույնիսկ երեք անգամ: Ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցները, դիմավահանները, ախտահանիչները, հպման մակերեսների համար օգտագործվում է սպիրտի 70 տոկոսանոց լուծույթ, սանհանագույցներում առկա են մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:
20:07 - 23 հուլիսի, 2020
Կայացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Կայացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ տեսակապի միջոցով կայացել է ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։ Օրակարգի հիմնական հարցն առնչվում էր համաճարակի տարածումը կանխելուն ուղղված վերահսկողական աշխատանքներին, մասնավորապես, նաեւ հունիսին տասնյակ բուժհաստատություններում ստուգայցերի արդյունքներին։ Հետևել է հարց ու պատասխան, մասնագիտական քննարկում։ Հակոբ Ավագյանը նիստի բացման խոսքում, կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, շեշտել է, որ խումբը ձևավորվել է տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնելու տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը։ Խմբի ձևավորման հիմնական նպատակն, ըստ ԱԱՏՄ ղեկավարի, ոլորտի փորձառու և առաջադեմ մասնագետների ներգրավմամբ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառին առնչվող խնդիրների շուրջ խորհրդակցելն ու դրանց լուծման ամենաարդյունավետ ուղիները քննարկելն է։ Ավագյանը շեշտել է, որ ԱԱՏՄ-ում պատրաստ են լսել առաջարկներ եւ, ինչու ոչ, քննադատություններ, քանի որ նպատակը մեկն է՝ առավելագույնս բարձրացնել վերահսկողական աշխատանքների արդյունավետությունը։ Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել գործակցության այս ձեւաչափը եւ շեշտել իրենց պատրաստակամությունը՝ մասնագիտական փորձի ներդրմամբ նպաստել ԱԱՏՄ վերահսկողության ոլորտներում առկա եւ նկատվող խնդիրների լուծման ուղղությամբ նոր ուղիներ մշակելուն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ գրավոր առաջարկներ ներկայացնել եւ շարունակել համատեղ աշխատանքը։ Նիստին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԱՏՄ պետի տեղակալ Սուրեն Ամիրյանը, ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, ԱԱՏՄ բժշկական սպասարկման վերահսկողության ավագ մասնագետ Վարդուհի Հարությունյանը։ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբում բուժսպասարկման եւ հակահամաճարակային հարցերով ընդգրկված են ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանը, բժիշկ-համաճարակաբան Արշակ Պապոյանը, «Վեոլիա ջուր» ՓԲԸ ջրի որակի վարչության պետ Լևոն Ղուկասյանը, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Մերի Տեր-Ստեփանյանը, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ընդհանուր հարցերով փոխտնօրեն Նատա Մելքիկյանը, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն», Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բաժանմունքի վարիչ Մելանյա Շմավոնյանը։
15:37 - 23 հուլիսի, 2020
ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը Նոր Նորքում են

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը Նոր Նորքում են

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն այսօր անակնկալ ուժեղացված ստուգայցերով դիտարկում են պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը Նոր Նորք վարչական շրջանում։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ` այսօր նաեւ դիտարկվում է, թե մինչ ուշ երեկո արդյոք տնտեսվարողները շարունակում են հետեւել կանոններին, հետեւել կուտակումներին, թե ոչ։ Դիտարկումների արդյունքները կամփոփվեն հաջորդիվ։ Ուժեղացված ստուգայցերն ամենուր են եւ ամեն օր։ Համավարակի տարածումը զսպելու նպատակադրմամբ` մեծ ջանքեր է գործադրվում` կանխելու կանոնների խախտումը, քանի որ դրանց պահպանումը լրջորեն բխում է հանրային առողջապահական շահից։ Վերջին շրջանում տնտեսավարողներն ախտահանիչների առկայության, դիմակներ կրելու, ջերմաչափման եւ ախտահանման գրանցամատյաններ լրացնելու եւ այլ նորմերը համեմատաբար ավելի լրջորեն են պահպանում։ Այսուհանդերձ, թերություններ դեռ առկա են, ու դրանց վերացումն ԱԱՏՄ օրակարգային խնդիրներից է։ Պարետի որոշումները պարտադիր կատարման ենթակա են. չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։  
18:22 - 19 հուլիսի, 2020
ԱԱՏՄ ղեկավարն ԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է ընթացիկ աշխատանքային հարցեր

ԱԱՏՄ ղեկավարն ԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է ընթացիկ աշխատանքային հարցեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ՝ ԱՀԿ միջազգային առաքելության շրջանակներում այսօր աշխատանքային քննարկում են ունեցել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ԱՀԿ Հարավային Կովկասի արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրերի համակարգող Վասիլի էսենամանովը եւ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի արտակարգ իրավիճակների ծրագրերի պատասխանատու Նունե Դոլյանը։ Այս մասին հայտնում է ԱԱՏՄ-ն։ Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել հատկապես արտակարգ դրության շրջանում տեսչական մարմնի ուժեղացված ռեժիմով աշխատանքներին, դրանց ընթացքում արձանագրված հարցերին եւ վերջինների լուծման ուղղությամբ հրատապ ձեռնարկված քայլերին։ Էսենամանովին հետաքրքրող հարցերին ի պատասխան՝ Ավագյանը մանրամասներ է ներկայացրել երկրի ներսում տարվող ուժեղացված ստուգայցերի, արձանագրվող արդյունքների, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում տարվող աշխատանքների վերաբերյալ։ Տեղեկացվել է, որ ծանրաբեռնված գրաֆիկով հանդերձ՝ հընթացս լուծվում են տեսչականի տեխնիկական վերազինման հարցեր, «Զվարթնոց» ՍԲՀԿ-ի աշխատակիցների թիվը կրկնապատկվել է, ձեռք է բերվել նոր տեխնիկա, ստանձնած նոր գործառույթի շրջանակում երկիր մուտք գործողների տվյալները մուտքագրվում է միանգամից «Արմեդ» էլեկտրոնային համակարգ։ Անդրադարձ է կատարվել բժշկական թափոնների հավաքման եւ ոչնչացման խնդրին, ինչն ակնառու է դարձել այս ընթացքում։ Կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ աշխատանքային այլ հարցերի շուրջ եւս։
16:28 - 15 հուլիսի, 2020
Կասեցումներ` նաև «ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե»-ում, «Հայանտառ» ՊՈԱԿ»-ում. ԱԱՏՄ

Կասեցումներ` նաև «ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե»-ում, «Հայանտառ» ՊՈԱԿ»-ում. ԱԱՏՄ

Հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները շարունակվում են ՀՀ ողջ տարածքում: Խստացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվում են նաև կասեցման աշխատանքները:ԱԱՏՄ այսօրվա երկու տասնյակից ավելի կասեցումների ցանկում են նաև «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն», «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, անհատ ձեռնարկատերեր:Նաև 48-ժամյա արգելք է կիրառվել Կապանի «Մերի Մաթևոսյան» ԱՁ-ի նկատմամբ։ԱԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Այս վարչական շրջանում դրանք անցկացվում են արդեն ոչ առաջին անգամ։ Առանձնակի ուշադրություն է դարձվում այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում:Տեսչական մարմնի ներկայացուցիչների այցելած տնտեսավարողների մոտ դեռ շարունակում են արձանագրվել խախտումներ՝ կապված ախտահանիչ նյութերի, դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամանների, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ:ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը: Պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների նկատմամբ, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ստուգայցերն անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում:ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ կրկնակի խախտումների դեպքում կայացվում են առավել երկարատև կասեցման որոշումներ: Իսկ պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։
19:20 - 07 հուլիսի, 2020
Կասեցումներ են իրականցվել սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում եւ Ազգային արխիվում

Կասեցումներ են իրականցվել սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում եւ Ազգային արխիվում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցերը շարունակում են արձանագրել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման թերություններ։ ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով կասեցված ընկերությունների մեջ կան ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ձեռնարկություններ՝  գեղեցկության սրահներ, վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, «Զբաղվածության պետական գործակալություն», «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններ: Ամենուր խախտումների վիճակագրությունը գրեթե նույնն է՝ կապված ախտահանիչների, ջերմաչափերի, գրանցամատյանների, փակվող աղբամանների հետ: Մասնավորապես՝ չեն պահպանվում ոտնակով,  փակվող աղբարկղերի մասով սահմանված պահանջները, աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանը խախտումներով է  վարվում, աշխատակիցները չեն կրում դիմակ, տարածքները չեն ախտահանվում ըստ պատշաճի: Ստուգայցերը ողջ երկրով մեկ են, արձանագրված խախտումների հիմքով կասեցումները` եւս։ Տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերի թիրախում այսօր կրկին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանն էր։ Կրկնակի այցեր եւս եղել են նախորդ ստուգայցերի ընթացքում արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ։ Դրական միտումը պահպանվում է. ԱԱՏՄ մասնագիտական խմբերն այսօր եւս խախտումների նվազում են արձանագրել։ ԱԱՄ-ն հիշեցնում է, որ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին և փակցնում են կասեցման թերթիկը։ Պայմանավորված համավարակի լայն տարածմամբ` նորմերը շարունակում են շատ խիստ դիտարկվել։ Դրանց չպահպանումը ենթակա է վարչական պատասխանատվության։
20:12 - 06 հուլիսի, 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 755-լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշում է ստորագրել. «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 755-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները. 1) 1-ին կետում «աշխատողների առողջության և անվտանգության ապահովման» բառերը փոխարինել «աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման» բառերով. 2) 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «при правительстве» բառերը. 3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «9. Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով առողջապահության բնագավառի իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների պահպանման ապահովումն է:». 4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «10. Տեսչական մարմնի խնդիրներն են՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման և աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտներում։». 5) 11-րդ կետի՝ ա. 2-րդ ենթակետից հանել «և դեղագործական գործունեության» բառերը, բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «3) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝ բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության, ինչպես նաև առողջապահության բնագավառում լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ».6) 11-րդ կետի 8-րդ ենթակետը «վերահսկողության իրականացումը» բառերից հետո լրացնել «մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման՝ ներառյալ» բառերով. 7) 11-րդ կետի 10-րդ ենթակետում՝ ա. «աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողության իրականացումը, որը ներառում է» բառերը փոխարինել «աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պետական վերահսկողության իրականացումը, որը ներառում է՝» բառերով, բ. «բ» պարբերությունում «ուսումնասիրումն ու վերլուծումը» բառերը փոխարինել «ուսումնասիրումը, վերլուծումը և դրանց կանխարգելման նպատակով գործատուին միջնորդություններ և (կամ) առաջարկություններ ներկայացնելը» բառերով, գ. «գ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ «գ. գործատուներին, աշխատողներին և նրանց ներկայացուցիչներին աշխատողների անվտանգության ապահովմանը և առողջության պահպանմանը, աշխատանքային հարաբերություններին առնչվող օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ տեղեկատվության և (կամ) խորհրդատվության տրամադրումը,», դ. «ե» պարբերությունը «օրենսգրքով» բառից հետո լրացնել «և այլ նորմատիվ իրավական ակտերով» բառերով, ե. ենթակետը «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերություններով՝ «զ. գործատուների, աշխատողների և նրանց ներկայացուցիչների համար աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ սեմինարների կազմակերպումը, է. աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ լիազորված մարմին առաջարկության ներկայացումը, ը. կազմակերպությունների լուծարման ընթացքում աշխատողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողության իրականացումը՝ իր լիազորությունների շրջանակներում, թ. կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ժ. օրենքով սահմանված կարգով վերահսկողական գործառույթներ իրականացնելիս՝ գործատուից կամ նրա ներկայացուցչից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից աշխատողների իրավունքներին առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ, այլ տեղեկություններ պահանջելն ու ստանալը և փաստաթղթերի կրկնօրինակներ վերցնելը, ժա. աշխատանքային պայմանագրերի կնքման և (կամ) լուծման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի հայտնաբերման, աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունների պահպանման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ժբ. աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի ու մասնագիտական հիվանդությունների հաշվառման և քննման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ վերահսկողության իրականացումը. 8) 11-րդ կետը 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին և 10.2-րդ ենթակետերով՝ «10.1) Սույն կետի 10-րդ ենթակետի «ը» - «ժա» պարբերություններով սահմանված վերահսկողությունը տեսչական մարմինն իրականացնում է ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում։ 10.2) «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչներից) և (կամ) ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնների, գովազդի, իրացման (վաճառքի) խթանման արգելքի ու սահմանափակումների, ինչպես նաև օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պահանջների կատարման նկատմամբ:». 9) 11-րդ կետի 12-րդ և 13-րդ ենթակետերը «առողջապահության,» բառից հետո լրացնել «աշխատանքային իրավունքի՝ ներառյալ» բառերով. 10) 11-րդ կետը 17-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 17.1-ին և 17.2-րդ ենթակետերով՝ «17.1. «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողության իրականացումը. 17.2. իր իրավասության սահմաններում մասնակցությունը զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում միջոցառումների իրականացմանը:». 11) Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «բժշկական սպասարկման վերահսկողության վարչություն» կառուցվածքային ստորաբաժանումն անվանափոխել «բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության» և այդ կապակցությամբ 27-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչություն». 12) Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչություն» կառուցվածքային ստորաբաժանումն անվանափոխել «աշխատանքի վերահսկողության վարչության» և այդ կապակցությամբ 27-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «5) աշխատանքի վերահսկողության վարչություն». 13) ստեղծել զորահավաքային բաժին՝ այդ կապակցությամբ 27-րդ կետը 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով՝ «9) Զորահավաքային բաժին». 14) 28-րդ կետի՝ ա. 3-րդ ենթակետում «հարավային» բառը փոխարինել «արևմտյան» բառով, բ. 4-րդ ենթակետում «արևմտյան» բառը փոխարինել «արևելյան» բառով, գ. 5-րդ ենթակետում «արևելյան» բառը փոխարինել «հարավային» բառով»,-ասված է որոշման մեջ:
10:21 - 06 հուլիսի, 2020
ՀՀ եկողները, որոնց մեծ մասը ժամանում է ՌԴ-ից, անցնում են պարտադիր ջերմաչափում եւ կասկածելի կլինիկական ախտանշանների արտաքին զննում, ստանում են դիմակներ․ ԱԱՏՄ

ՀՀ եկողները, որոնց մեծ մասը ժամանում է ՌԴ-ից, անցնում են պարտադիր ջերմաչափում եւ կասկածելի կլինիկական ախտանշանների արտաքին զննում, ստանում են դիմակներ․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է աշխատել ուժեղացված գրաֆիկով․Բելառուսից ու այլ չարտերային չվերթերով ՀՀ եկողները, որոնց մեծ մասը ժամանում է ՌԴ-ից, անցնում են պարտադիր ջերմաչափում եւ կասկածելի կլինիկական ախտանշանների արտաքին զննում, ստանում են դիմակներ։ Այս մասին հայտնում է ԱԱՏՄ-ն։ Բոլորի տվյալներն անմիջապես մուտքագրվում են «Արմեդ» էլեկտրոնային համակարգ, ինչն էապես արագացնում է տեղեկությունների ամբողջական պատկերի ստացումն ու դրանք տվյալ անձանց բնակության վայրի պոլիկլինիկաներին տրամադրումը։ Երկիր մուտք գործողներին ԱԱՏՄ հսկիչ կետի աշխատակիցները նաեւ ծանուցում են 14 օրով ինքնամեկուսացման պարտադիր պահանջի մասին։ Բոլոր անձինք ծանոթանում են դրան ու ստորագրում այն․ առանց ստորագրելու նրանց մուտքը երկիր չի թույլատրվի։ Տրամադրվող ինքնամեկուսացման թերթիկի վրա նաեւ ներկայացված է, թե այս պահանջի խախտումն ինչ տուգանքներ է ենթադրում։ ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաեւ դիտարկում են «Զվարթնոց» օդանավակայանում պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը։
18:29 - 05 հուլիսի, 2020
Կասեցումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա»-ում, «Վեոլիա Ջուր»-ում, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում

Կասեցումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա»-ում, «Վեոլիա Ջուր»-ում, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում

Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, Արարատի ոսկու կորզման «Գեոպրոմայնինգ Գոլդ» ֆաբրիկայում․ ՀՀ պարետի թիվ 63 որոշման 4-րդ հավելվածով սահմանված «Գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (Covid 19) տարածման, կանխարգելման» անվտանգության կանոնների պահպանման փաստը պարզելու նպատակով առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումներն արձանագրել են որոշ խախտումներ։ Դրանց հաջորդել է պարետի կասեցման որոշումը։Կասեցումների այսօրվա ցանկում է եւս շուրջ 4 տասնյակ ընկերություն տարբեր բնակավայրերում։ Դրանցից երկուսի գործունեությունը կասեցվում է 48 ժամով։Ամենահաճախակի խախտումներից են փակվող աղբարկղերի մասով սահմանված պահանջների չպահպանումը, աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանի վարումն իրականացվում է խախտումներով, աշխատակիցները չեն կրում դիմակ։Կասեցումներին զուգընթաց՝ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն այսօր շարունակվել են տարբեր բնակավայրերում, ուժեղացված ռեժիմով նաեւ՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Այստեղ հերթական մշտադիտարկումներն են անցկացվել` բացառելու նախկինում նկատված ու նոր հնարավոր խախտումները։ Կրկնակի դիտարկվել են նաև նախորդիվ կասեցված տնտեսավարողները։ԱԱՏՄ-ն հիշեցնում է, որ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին և փակցնում են կասեցման թերթիկը։ԱԱՏՄ-ն շեշտում է՝ կրկնակի և համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կայացվում են նաև 48 և 72 ժամով կասեցման որոշումներ: Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։
20:35 - 03 հուլիսի, 2020
Կասեցումներ՝ «Արարատ Ցեմենտ»-ում, ՀԷՑ-ում, «Նոր Զովքի» ցանցում, ուժեղացված ստուգայց՝ Նոր Նորքում․ ԱԱՏՄ

Կասեցումներ՝ «Արարատ Ցեմենտ»-ում, ՀԷՑ-ում, «Նոր Զովքի» ցանցում, ուժեղացված ստուգայց՝ Նոր Նորքում․ ԱԱՏՄ

«Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ի գրասենյակային հատվածը, «ՀԷՑ»-ի Էջմիածնի շրջանային էլցանցը, «Նոր Զովք» սուպերմարկետի ցանց մասնաճյուղը, մարզերի եւ մայրաքաղաքի շուրջ 3 տասնյակ տնտեսավարող ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա կասեցումների ցանկում են։ Պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների մասով, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ տեսչական ստուգումներն պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում։ԱԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերն արդեն երկրորդ օրն է՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում են․ մասնագիտական խմբերը երեկվանից այստեղ հատված առ հատված դիտարկում են սահմանված նորմերի կատարումը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում «թեժ գծով»։ Իսկ, առհասարակ, ստուգայցերը շարունակվում են ողջ երկրով մեկ։Արձանագրվող հիմնական խախտումները նույնն են՝ ախտահանիչ նյութերի բացակայություն կամ անհամապատասխանություն սահմանված նորմերին, շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման տնտեսավարող ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները:Տեսչական մարմնինը տնտեսավարողներին աջակցում է նաեւ խորհրդատվությամբ, ցուցումներով, նաև զգոնության կոչ անում՝ հիշեցնելով կրկնակի խախտումների պարագայում սպասվող առավել խիստ պատժամիջոցների մասին:
18:22 - 30 հունիսի, 2020
Մինչև մայիսի 28-ը ԱԱՏՄ-ն չի ունեցել հաստատված ստուգաթերթեր և հետևաբար՝ ստուգումներ իրականացնելու իրավասություն. Ալվարդ Արշակյան

Մինչև մայիսի 28-ը ԱԱՏՄ-ն չի ունեցել հաստատված ստուգաթերթեր և հետևաբար՝ ստուգումներ իրականացնելու իրավասություն. Ալվարդ Արշակյան

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի՝ աշխատողների իրավունքների պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունների և դրանց մեծացման անհրաժեշտության մասին զրուցել ենք Տեսչական մարմնի Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Ալվարդ Արշակյանի հետ։ - Մինչ օրենսդրական փոփոխությունները 2021 թվականի հուլիսին ուժի մեջ կմտնեն և ըստ դրա՝ ԱԱՏՄ լիազորությունները կմեծանան, մեկ տարի ժամանակ կա, և այս շրջանում աշխատողների իրավունքների պաշտպանության առումով Տեսչական մարմինը դեռ սահմնանափակված է միայն աշխատողների առողջության ու անվտանգության ապահովման բնագավառներում, ինչպես նաև մինչև 18 տարեկան անձանց, հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկում իրականացնելով։ Այժմ հիմնականում ի՞նչ պատճառներով են խոչընդոտներ առաջանում վերահսկողական գործունեություն իրականացնելիս։ - Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես ստուգում իրականացնելու իրավասություն ունեցող կառույց, «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ ստուգումները կարող է իրականացնել բացառապես ստուգաթերթերի միջոցով։ Կառավարությունը ստուգաթերթերը հաստատել է այս տարվա ապրիլի 30-ին, այն ուժի մեջ է մտել մայիսի 28-ից, այսինքն՝ մինչև մայիսի 28-ը՝ Տեսչական մարմինը չի ունեցել հաստատված ստուգաթերթեր, և, հետևաբար, ստուգումներ իրականացնելու իրավասություն էլ չի ունեցել։ Այսպիսով՝ ԱԱՏՄ-ն վերահսկողություն իրականացրել է միմիայն վարչական վարույթներ հարուցելու միջոցով։ Ուստի, արդյունավետ վերահսկողություն իրականացնելու ամենամեծ խոչընդոտը եղել է հաստատված ստուգաթերթեր չունենալու հանգամանքը։ Ասեմ ավելին՝ կառավարության որոշմամբ դեռևս միայն Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներում ստուգումներ անցկացնելու ստուգաթերթերն են հաստատվել։ Այլ ոլորտների համար դրանք դեռ չկան։  - Վարչական վարույթների նկատմամբ ի՞նչ հիմնական առավելություններ ունեն ստուգաթերթերը։ - Վարչական վարույթների հարուցման ընթացակարգերը և շրջանակները սահմանված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթների մասին» օրենքով։ Վարչական մարմինը, այս դեպքում՝ Տեսչական մարմինը, վարչական վարույթ կարող է հարուցել կա՛մ դիմումի հիմքով, կա՛մ վարչական մարմնի նախաձեռնությամբ։ Դիմումով հարուցելու դեպքում տեսչական մարմինը կարող է վերահոսկողություն իրականացնել, վարչական վարույթի շրջանակներում կարող է ուսումնասիրել, պարզել միայն դիմումի մեջ բարձրացված հարցերը, իսկ այդ հարցերի շրջանակներից դուրս գալու իրավասություն չունի։ Իսկ երբ Տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցում իր նախաձեռնությամբ, այդ դեպքում ևս վարույթի հարուցման համար պետք է հիմք լինի՝ կա՛մ լրատվամիջոցներում առկա տեղեկություններ՝ աշխատողների աշխատանքային պայմանների վերաբերյալ, կա՛մ պետական և այլ մարմիններից ստացված ահազանգ։ Ինչ վերաբերում է ստուգումներին՝ դրանք  իրականացվում են ժամանակացույցի համաձայն, որը հաստատվում է յուրաքանչուր տարվա համար՝ մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 1-ը։  Ստուգումների ժամանակացույցում առավելապես ներգրավվում են տնտեսավարող այն սուբյեկտները, որոնք աշխատողների աշխատանքային իրավունքների, տվյալ դեպքում՝ անվտանգության և առողջության պահպանման տեսանկյունից ավելի ռիսկային են։ Այդպիսի տնտեսվարող սուբյեկտների թիվը ժամանակացույցում պետք է կազմի  առնվազն յոթանասուն տոկոս։ Երբ տնտեսվարողներն արդեն ներգրավվում են ստուգումների ժամանակացույցում, այլևս դիմումների, ահազանգերի, տեղեկատվության կարիք չկա, պետք է իրականացվի ստուգում, և պիտի ստուգվեն բոլոր այն հարցերը, որոնց նկատմամբ Տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունի։ - Իսկ ինչպե՞ս է ընտրվում, թե տնտեսվարող որ սուբյեկտներն են առավել ռիսկային։ -Կառավարության որոշմամբ հաստատվել է ռիսկայնությունը որոշող չափորոշիչների վերաբերյալ որոշումը, որի հիման վրա հաստատվել են այն չափորոշիչները, որոնցից ելնելով էլ գնահատվում է տնտեսվարող սուբյեկտի ռիսկայնությունը։ - Այս մեկ ամսվա ընթացքում, երբ ուժի մեջ են մտել ստուգաթերթերը, որևէ ստուգում իրականացվե՞լ է, թե՞ դեռ ոչ։ -Ո՛չ, դեռ որևէ ստուգում չենք իրականացրել։ - Արտակարգ դրության այս օրերին աշխատանքի ոլորտին վերաբերող հիմնականում ի՞նչ ահազանգեր, դիմում-բողոքներ եք ստանում քաղաքացիներից։ Գիտենք, որ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությամբ արտակարգ դրության օրերին մեծացվել են ԱԱՏՄ լիազորությունները, դրա ֆոնին ավելացե՞լ են դիմում-բողոքները։ -Արտակարգ դրության օրերին բազմաթիվ դիմում-բողոքներ ենք ստանում, դրանց զգալի մասը վերաբերում է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում չվճարվելուն կամ տնտեսվարողների՝ պարետի որոշումներով սահմանված կանոնները չպահպանելուն։ Այս դեպքերում համապատասխան ընթացք է տրվում՝ ի տարբերություն այն ահազանգերի, դիմում-բողոքների, որոնք աշխատանքային իրավունքի այլ խախտումների են վերաբերում, որոնց նկատմամբ ԱԱՏՄ-ն դեռևս վերահսկողություն իրականացնելու լիազորություն չունի։ Դուք նշեցիք, որ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, այո՛, բայց, թեև այդ փոփոխությունները մայիսի 8-ից արդեն ուժի մեջ են մտած, և ըստ դրանց՝ Տեսչական մարմինը կարող է անդրադառնալ համաճարակի և դրա հետևանքների վերացման վերաբերյալ ստացված դիմում-բողոքներին, սակայն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության մեջ դեռևս փոփոխություններ չեն կատարվել, իսկ Տեսչականն այդ դիմում-բողոքներին կարող է ընթացք տալ իր կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարվելուց հետո միայն։ - Երբ խախտումների նկատմամբ վերահսկողություն իրականացնելն ԱԱՏՄ լիազորությունների շրջանակում է լինում և դիմում-բողոքներին ընթացք է տրվում, հաջորդիվ ի՞նչ գործողություններ են նախատեսվում։ -Եթե Տեսչական մարմինը ստանում է դիմում-բողոքներ, որոնց նկատմամբ վերահսկողություն իրականացնելն այս պահին գործող կանոնադրության համաձայն մեր լիազորությունների շրջանակում է, դրանց հիման վրա հարուցում ենք վարչական վարույթներ, ինչի ընթացքում ուսումնասիրվում են դիմումով բարձրացված հարցերն ու խնդիրները, և եթե հիմնավորվում է, որ խախտվել են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ իրավական ակտերի պահանջները, ապա ԱԱՏՄ-ն տալիս է կարգադրագիր՝ այդ խախտումները վերացնելու նպատակով։ Եվ սահմանվում են ժամկետներ, թե ինչքան ժամանակում այդ խախտումները պետք է վերացվեն։ Եթե արձանագրված խախտումների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով պատասխանատվության միջոցներ են սահմանված, բացի կարգադրագիրը՝ իրավախախտն օրենսգրքով սահմանված կարգով ենթարկվում է նաև պատասխանատվության։ - Թե՛ աշխատողների, թե՛ գործատուների՝ իրենց իրավունքների ու պարտականությունների մասին իրազեկվածությունը շարունակում է բավական ցածր մնալ մեր երկրում։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Տեսչական մարմինն այս ուղղությամբ։ - Տեսչական մարմինն օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնում է՝  ամբողջականության սկզբունքից ելնելով, որը ենթադրում է նաև կանխարգելիչ գործունեություն։ Այն, ըստ «Տեսչական մարմինների մասին» օրենքի, համարվում է Տեսչական մարմնի գործառույթների իրականացման առաջնային միջոց։ Իսկ կանխարգելիչ գործունեությունը գործող իրավական ակտերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է։ ԱԱՏՄ-ն կանխարգելիչ գործունեության շրջանակում աշխատողների և գործատուների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մինչև արտակարգ դրության սահմանումն իրականացրել է բազմաթիվ սեմինարներ, քննարկումներ, ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար տեղադրել է աշխատողների և գործատուների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ իրազեկող տեղեկություն։ Բնականաբար, արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այս պահին սեմինարներ չեն կազմակերպվում։ Իրազեկվածության բարձրացմանը նպաստում են նաև Տեսչական մարմնում ստացված դիմում-բողոքների պարզաբանումները, բացի այդ՝ բազմաթիվ ահազանգեր ենք ստանում նաև մեր թեժ գծի միջոցով, որոնց կրկին տրվում են համապատասխան պարզաբանումներ։ - ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը նշել էր, որ թեև դեկտեմբերի 4-ին ընդունվեց ԱԱՏՄ լիազորությունները մեծացնող օրենքը, սակայն, հաշվի առնելով, որ պետք է նախապատրաստական մի շարք աշխատանքներ արվեին՝ Տեսչական մարմնի թվակազմը, գործիքակազմը համալրվեր և այլն, որոշվեց, որ այդ դրույթը ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից։ Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այս կես տարվա ընթացքում, ի՞նչ է նախատեսվում առաջիկայում, և արդյոք ունե՞ք վստահություն, որ մեկ տարի անց ԱԱՏՄ-ն կկարողանա լիարժեք իրականացնել աշխատողների իրավունքների պաշտպանության նկատմամբ վերահոսկողական գործառույթը։ - 2020 թվականի փետրվարի 26-ին վարչապետի 263-Ա որոշմամբ արդեն  հաստատվել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների ցանկը, որտեղ հստակ նշված են ոչ միայն այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն, այլև ժամանակացույցը։ Համաձայն այդ որոշման՝ նախատեսվում է, որ ԱԱՏՄ կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ կկազմվի և վարչապետի աշխատակազմին կներկայացվի՝ մինչև 2021 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակը։ Նախատեսված է նաև, որ փոփոխություն կկատարվի վարչապետի 706 Ա որոշման մեջ, որը վերաբերում է աշխատողների թվաքանակին։ Սահմանված լիազորություններն ամբողջական և արդյունավետ իրականացնելու նպատակով, բնականաբար, աշխատողների թիվը կավելանա։ Հաջորդ փոփոխությունն այն է, որ Տեսչական մարմինը կճանաչվի այդ ոլորտի լիազոր մարմին։ Աշխատանքային օրենսգրքով հստակ նշված է, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերի, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է լիազոր մարմինը, սակայն, որպեսզի ԱԱՏՄ-ն ճանաչվի լիազոր մարմին, այդ ամենը պետք է ամրագրվի օրենքով։ Տեսչական մարմնին այդ ոլորտում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչելու նպատակով նախատեսվում է, որ փոփոխություն կկատարվի նաև Կառավարության 1071 N Ա որոշման մեջ։ Այդ միջոցառումների համար ևս որպես ժամկետ սահմանված է 2021 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակը։ - Այսինքն՝ կարո՞ղ ենք փաստել, որ 2021 թվականի հուլիսի 1-ից ամբողջովին կվերականգնվեն նախկին Աշխատանքի պետական տեսչության ունեցած լիազորությունները։ - 2019 թվականի դեկտեմների 4-ին կատարված փոփոխության համաձայն՝ Աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ Տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողություն՝ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող բոլոր նորմատիվ իրավական ակտերի դրույթների և կոլեկտիվ ու աշխատանքային պայմանագրերի դրույթների նկատմամբ։ Այսինքն՝ կիրականացվի ամբողջական վերահսկողություն։ Աստղիկ Քեշիշյան
22:02 - 27 հունիսի, 2020
Կասեցվել է «Բիլայնի» գլխամասային գրասենյակի աշխատանքը եւ դպրոցի շինարարությունը․ ԱԱՏՄ

Կասեցվել է «Բիլայնի» գլխամասային գրասենյակի աշխատանքը եւ դպրոցի շինարարությունը․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24 ժամով կասեցրել է «Բիլայն» ընկերությանը պատկանող «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի եւ սպասարկման գրասենյակներից մեկի գործունեությունը։ Կասեցման որոշումը պարետինն է, հիմքում՝ ԱԱՏՄ արձանագրած խախտումները։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ ԱԱՏՄ աշխատանքային թիմն այսօր ՀՀ պարետի որոշմամբ Երեւանում կասեցրել է նաեւ Ներսիսյան 3 հասցեում ՀիդրոԷնշին ՍՊԸ-ի կողմից իրականացվող դպրոցի շինարարական աշխատանքները։ Նախորդիվ այստեղ անակնկալը ստուգայցը պարզել էր, որ շինարարության ընթացքում չեն պահպանվում ոչ միայն պարետի սահմանած հակահամաճարակային, այլեւ շինարարական անվտանգության նորմերը։ Մասնավորապես, փակ աղբամանների բացակայության պատճառով վտանգավոր թափոններ համարվող օգտագործված ձեռնոցները եւ դիմակները նետված են եղել շուրջբոլորը, ապահովված չեն եղել լվացման եւ ընդմիջման համար պատշաճ պայմաններ։ Նկատվել են նաեւ խմիչքի շշեր, մինչդեռ ալկոհոլի օգտագործումը շինաշխատանքների ընթացքում խստիվ արգելված է, քանի որ կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ։ ՀՀ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանը տնտեսվարողի ուշադրությունն է հրավիրել խախտումների վրա։ Կարգադրվել է անմիջապես շտկել դրանք, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ։ Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ ԱԱՏՄ աշխատանքային մյուս թիմերը հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նաեւ անակնկալ ստուգայցեր, մշտադիտարկումներ են իրականացնում։ Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով այսօր Արաբկիրում են։ Նաեւ կրկնակի դիտարկումներ են անցկացվում այն տնտեսվարողների մոտ, որոնք օրեր առաջ կասեցվել են խախտումների պատճառով։ Խնդիր է դրված պարզել՝ վերացվե՞լ են արդյոք կասեցման պատճառ դարձած խախտումները։ Եթե ոչ՝ վարչական առավել խիստ միջոցներն անխուսափելի են։ «Ստուգայցերը կրկին խախտումներ արձանագրում են»,-փաստում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը։ Բայց դինամիկան, ըստ նրա, դրական է․ խախտումները զգալիորեն նվազել են։
20:22 - 26 հունիսի, 2020
48 ժամով կասեցվել է Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը. ԱԱՏՄ

48 ժամով կասեցվել է Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը. ԱԱՏՄ

Ուժեղացված ստուգայցեր՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ Արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետությունում շարունակվում է:Ավելի քան 2 տասնյակ դիտարկումների արդյունքում նկատվել է, որ նախորդ ստուգայցի ընթացքում արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ խախտումները զգալիորեն նվազել են։ Արձանագրվող հիմնական խնդիրները շարունակում են նույնը մնալ՝ դիմակների պատշաճ չկրում, ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ, դիմակների համար նախատեսված փակ աղբամանի բացակայություն, չի պահպանվել սոցիալական հեռավորությունը:ԱԱՏՄ աշխատակիցները զուգահեռ իրականացրել են նաև իրազեկման աշխատանքներ. տնտեսավարողների ուշադրությունն են հրավիրել ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանված կանոնների ճշգրիտ պահպանմանը:ԱԱՏՄ-ն այսօր նաև 48 ժամով կասեցրել է Երևանի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը:Երկարատև կասեցման մասին ՀՀ պարետի որոշման հիմք է հանդիսացել տնտեսավարողի մոտ կրկնախախտման փաստը: Այս մասնաճյուղի գործունեությունը կասեցվում է արդեն երկրորդ անգամ։ ԱԱՏՄ արձանագրած նախկին խախտումները վերացված չեն եղել, ավելին՝ կասեցման պահին ևս առկա են եղել խախտումներ՝ մարդկանց կուտակումներ, դիմակի պատշաճ չկրման դեպքեր: Տնտեսավարողը նաև չի իրականացրել մարդկանց հոսքի կառավարմանն ուղղված միջոցառումներ, չի ապահովել սոցիալական հեռավորության պահպանմամբ հերթերի կառավարումը մուտքերի մոտ` թույլ չտալով մուտքը տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը: Աշխատողները չեն ունեցել անհատական հանդերձապահարաններ, խախտվել է յուրաքանչյուր օր ժամը 10-12-ը միայն տարեցներին սպասարկելու պահանջը:ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ կրկնախախտումների դեպքում կկիրառվեն վարչական առավել լուրջ միջոցներ։
19:40 - 25 հունիսի, 2020