Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր։ 1982 թ.  գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցը 1982-1987  սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ։ Մասնագիտական վերապատրաստում է անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, Մոսկվայի առաջատար թատրոններում։

1992-1999 «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» թերթերի լրագրող։ 1999-2006  «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան։ 2007-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 19.06.2007-08.06.2009 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

16.06.2008-15.09.2009 թթ. - 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ 2009 թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։ 2015 թ. մարտի 5-ին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ։

2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ վարկանիշային ցուցակով Սյունիքի մարզից։ Դեկտեմբերի 29-ին հեռացվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։


Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ապրիլի 2-ին հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ: Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողները նշել են, որ իրենք ունեն առավել քան հիմնավոր փաստեր, որ իրենց որդիներին սպանել են, այնուհետեւ սպանությունը վերաորակավորվել է ինքնասպանություն: Հանձնաժողովի նախագահը, նշելով, որ այս պահին չի կարող անմեղության կանխավարկած խախտել, վստահեցրել է, որ յուրաքանչյուր գործով հանձնաժողովն առանձին զբաղվելու է, պատկան մարմինների հետ քննարկում է սկսելու զինվորներից յուրաքանչյուրի գործով, որպեսզի կարողանա վերականգնել արդարությունը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ եթե նոր Հայաստանում այս եւ նմանօրինակ դեպքերով չվերականգնվի արդարությունը, ապա իրավունք չենք ունենա ասելու, որ դատաիրավական համակարգում ինչ-որ բան փոխվել է: «Դուք կորցրել եք ամենաթանկը: Մենք ձեր որդիներին վերադարձնել չենք կարող, բայց մենք՝ որպես օրենսդիր մարմին, պարտավոր ենք անել առավելագույնը, որ դուք ունենաք արդարության զգացում»,-ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը: Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ ինքը մշտապես լինելու է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների բոլոր այն ծնողների կողքին, ովքեր այսօր իրավական համակարգում փնտրում են արդարություն: ՀՀ ԱԺ  
13:51 - 02 ապրիլի, 2019
Անենք միասին այդ  քայլը, որպեսզի մայրը լինի իր մեկամյա որդու կողքին եւ նաեւ՝ կատարի օրենքի առաջ իր պարտավորությունները․ Նաիրա Զոհրաբյան

Անենք միասին այդ քայլը, որպեսզի մայրը լինի իր մեկամյա որդու կողքին եւ նաեւ՝ կատարի օրենքի առաջ իր պարտավորությունները․ Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «ՊԱՐՈՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ, ՄԻԱՍԻ՛Ն ԱՆԵՆՔ ԱՅԴ ՔԱՅԼԸ Պարոն դատախազ, ձեզ հրապարակային դիմելու անհրաժեշտություն չէր լինի, եթե հարցը չվերաբերվեր մեկ տարեկան երեխայի ճակատագրին։ Օրեր առաջ կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը, որի հանդեպ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հարգելով անմեղության կանխավարկածը, ես հիմա չեմ ցանկանում քննարկել՝ մեղավո՞ր է արդյոք դպրոցի տնօրենը, թե՝ ոչ։ Դա բացառապես իրավապահ համակարգի խնդիրն է, եւ ես վստահ եմ, որ գործը կքննվի անաչառ։ Իմ խնդրանքը ձեզ, որպես հանրապետության գլխավոր դատախազի, այլ է. Տասնյակ տարի Կարինե Լալազարյանը երեխա չէր կարողանում ունենալ եւ ընդամենը մեկ տարի առաջ նա մայր է դարձել եւ նրա մեկամյա որդին այս պահին սնվում է մայրական կաթով։ Մինչդեռ, մայրը գտնվում է Քրեակատարողական հիմնարկում եւ բոլոր տեսակցություններն ու անգամ հեռախոսազանգերը արգելված են։ Մեկամյա երեխան սթրեսային վիճակի մեջ է, եւ ես վախենում եմ երեխայի առողջության համար։ Պարոն դատախազ, ես կարծում եմ, որ փոխելով Կարինե Լալազարյանի խափանման միջոցը եւ հնարավորություն տալով նրան լինել իր երխայի կողքին, դրանով մենք որեւէ կերպ չենք վնասելու գործի արդար քննությանը։ Ես խոսել եմ Կարինեի հարազատների հետ եւ նրանք երաշխավորել են, որ գործի պատշաճ քննության որեւէ խոչընդոտ չի լինելու։Անենք միասին այդ մարդասիրական քայլը, որպեսզի մայրը լինի իր մեկամյա որդու կողքին եւ նաեւ՝ կատարի օրենքի առաջ իր պարտավորությունները»։  
07:25 - 02 ապրիլի, 2019
Առաջնագծում պետք է կանգնեն միայն պայմանագրայինները. ԲՀԿ-ն նոր օրինագիծ է ներկայացրել |aysor.am|

Առաջնագծում պետք է կանգնեն միայն պայմանագրայինները. ԲՀԿ-ն նոր օրինագիծ է ներկայացրել |aysor.am|

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն է ներկայացրել, որով առաջարկում է 18 տարեկան երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ: «Առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, ովքեր գիտեն ի՞նչ է առաջնագիծը, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիրքերն են: Միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Չի կարելի 18 տարեկան անփորձ երեխային կանգնեցել առաջնագծում և վերջ: Իհարկե, կա հարցի նաև մեկ այլ կարևոր կողմ` պայմանագրային զինծառայողների աշխատավարձի հարցը: 120-130 հազար դրամով չես կարող ապահովել այնքան պայմանագրային զինծառայող, որ ողջ առաջնագծի հարցը լուծենք: Կարծում եմ, հնարավոր է գտնել պայմանագրային զինվորների աշխատավարձը ավելացնելու ֆինանսական միջոցներ և դա պետք է արվի հրատապ: Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով ավելացնելու մի տարբերակ երեկ իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը», - տեղեկացնում է Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ aysor.am
07:20 - 16 մարտի, 2019