ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

Ավստրալացի խորհրդարանականը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը

Ավստրալացի խորհրդարանականը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը

 ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հեռավար ձևաչափով փետրվարի 21-ին հանդիպել է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանի և Ջոել Ֆիթսգիբբոնի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը և Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայել Գոլոգոսյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, Իշխան Սաղաթելյանը  երախտագիտություն է հայտնել  ավստրալացի խորհրդարանականներին հայ-ավստրալական կապերի զարգացման համար՝ նշելով, որ  պատրաստակամ է ներդնել կապերը զարգացնելու հավելյալ ջանքեր: «Նշելով, որ Հայաստանը վերջին երկու տարիներին մեծ փորձությունների միջով է անցել, ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ՝ այդ հարցում ընդգծելով Նոր Հարավային Ուելս խոշոր նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:  «Ես հույս ունեմ, որ կգա արդարության օրը, և Ավստրալիան ամբողջությամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Դա անհրաժեշտ է նոր ցեղասպանությունների կանխման համար»,-մասնավորապես ասել է ԱԺ փոխնախագահը՝ այդ համատեքստում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու  սկսված գործընթացին:  «Դաշնակցությունը մեծ վերապահումով է մոտենում այդ հարցին,  քանի որ մենք դեմ ենք նախապայմաններով դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, իսկ Թուրքիայի կողմից միշտ եղել են նախապայմաններ: Դրա վկայությունն է նաև Շուշիի հռչակագրի ընդունումը իրենց խորհրդարանների կողմից»,-նշել է Իշխան Սաղաթելյանը: Նա ընդգծել է, որ  Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավստրալացի պատգամավորների դիտարկմամբ՝ հայ-ավստրալական բարեկամությունը երկար պատմություն ունի, իսկ երկու երկրներն էլ՝ շատ ընդհանրություններ: Պատգամավորները նշել են, որ եղել են Հայաստանում և հետաքրքրված են Արցախով և Հայաստանով: Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ջոել Ֆիթսգիբբոնը նույնպես կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը,  այդ նպատակով միջազգային հանրության ջանքերի համատեղումը՝ կանխելու համար նման գործողությունների իրականացումը: Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-ավստալական կապերի զարգացմանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
19:39 - 21 փետրվարի, 2022
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը վստահեցնում է՝ Արցախը եղել է և կմնա իրենց մշտական ուշադրության կենտրոնում |armenpress.am|

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը վստահեցնում է՝ Արցախը եղել է և կմնա իրենց մշտական ուշադրության կենտրոնում |armenpress.am|

armenpress.am: Հայ յեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը վստահեցնում է՝ ՀՅԴ-ի համար Արցախի խնդիրը եղել է և կմնա առանցքային, մշտական ուշադրության կենտրոնում: Բյուրոյի ներկայացուցիչն այս մասին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսության իր ելույթում: Նա նշեց՝ 2021-ին կենտրոնացել են վերականգնման աշխատանքների վրա: «ՀՅԴ աշխարհասփյուռ ընտանիքն՝ իր Հայ դատի կառույցներով, ուղեկից միություններով, երիտասարդական միավորներով և համակիր շրջանակով հավելյալ թափով լծվեց Արցախի դատը հետապնդելու և Արցախը վերականգնելու գործին»,-ասաց նա: Ըստ Տեր-Խաչատրյանի՝ պատերազմը դեռ բոլոր ճակատներով և դրսևորումներով շարունակվում է անկայուն հրադադարի քողի տակ: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին՝ նա նշեց, որ իրենք, ըստ էության, դեմ չեն հարաբերությունների հաստատմանը,սակայն դրանք չպետք է լինեն նախապայմաններով, չպետք է նահանջ լինի հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներից, այդ հարաբերությունները չպետք է կարգավորվեն պարտադրանքի տակ: Տեր-Խաչատրյանի խոսքով, սակայն, իրենք Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններ են տեսնում: 
16:50 - 05 փետրվարի, 2022
Մեկնարկել է ՀՅԴ-ի 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը |armenpress.am|

Մեկնարկել է ՀՅԴ-ի 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը: Ներկա էին Հայաստանի ու Արցախից խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը: Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անցած ճանապարհի մասին պատմող ֆիլմով: Ներկայացվեցին  կուսակցության գործունեության տարբեր շրջափուլերը՝ ազգային ազատագրական պայքարի կազմակերպում ու առաջնորդում, հայկական հարցի վրա եվրոպական երկրների ուշադրության սևեռում, հայ բնակչության ինքնապաշտպանություն, կամավոր բանակ և այլն: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանի խոսքով` տասնամյակների ավանդույթ է ամեն տարի նշել ՀՅԴ-ի օրը: Դա առիթ է արժևորելու անցած ճանապարհը, խոսելու բացթողումների, չարված գործերի մասին: «Առիթ է նաև հանրայնացնելու Դաշնակցության մոտեցումները և տեսակետները առանցքային հարցի վերաբերյալ: 1890 թվականին հիմք դրվեց մի կազմակերպության, որին վճռորոշ դեր էր վիճարկվել կատարել հայ ժողովրդի պատմության մեջ: Դաշնակցության պատմությունն անհնար է տարանջատել հայ ժողովրդի պատմությունից: Պայքարի ու նվիրումի անմնացորդ 131 տարիների ընթացքում Դաշնակցությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի ու հայության ազատագրության դատին»,-ասաց Իշխան Սաղաթելյանն՝ ընդգծելով, որ Դաշնակցությունը եղել է ,կա և լինելու է այն ուժը, որը հավատարիմ է հային ու հողին: Ըստ նրա՝ Դաշնակցությունը անցյալ ունեցող, ներկայով ապրող ու ապագայի տեսլականով կազմակերպություն է: «1999-2009 թվականները և 2016-2018 թվականները Դաշնակցությունը տարբեր ձևերով մաս է կազմել իշխանությանը: Մենք ոչ միայն լավ կռվել գիտենք, այլև՝ կառուցել: Ժամանակն է լծվել պետականաշինության գործին: Շատ է խոսվում այդ տարիների և՛ ձեռքբերումների, և՛ բացթողումների մասին: Մենք մեր ուժերով, համահայկական կառույցով և՛ Հայաստանում, և՛ Արցախում մասնակցել ու մեր նպաստն ենք բերել երկու պետականությունների կառուցմանը»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը:
15:15 - 05 փետրվարի, 2022
Այս պայմաններում Հայաստան-Թուրքիա հարաբերու­թյունների կարգավորումը անխուսափելիորեն կհանգեցնի անշրջելի վտանգավոր հետևանքների ու ինքնիշխանության կորստի․  ՀՅԴ Բյուրո

Այս պայմաններում Հայաստան-Թուրքիա հարաբերու­թյունների կարգավորումը անխուսափելիորեն կհանգեցնի անշրջելի վտանգավոր հետևանքների ու ինքնիշխանության կորստի․ ՀՅԴ Բյուրո

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացների վերաբերյալ, որում ասվում է․ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պարբերաբար նախանշել է այն մարտահրա­վերները, որոնք կապված են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավոր­ման գործընթացի հետ՝ հատկապես Հայաստանի գործող իշխանությունների մասնակ­ցությամբ։Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ պաշտոնական Անկարան ոչ միայն չի հրաժարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր հայտնի երեք նախա­պայմաններից (Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելուց հրաժարում, Արցախի ենթակայություն Ադրբեջանին եւ Հայաստան-Թուրքիա առկա միջպետական փաստացի սահմանի իրավական ամրագրում), այլեւ ավելացրել է չորրորդը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում։ Ավելին, Թուրքիայի բարձրագույն իշխանության ներկայա­ցուցիչների հայտարարությունները՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կար­գա­վորման գործընթացն Ադրբեջանի հետ համադրելու վերաբերյալ, փաստում են, որ խոսքը ոչ թե գնում է Հայաստան-Թուրքիա միջպետական բանակցությունների, այլ թշնա­մական տանդեմի կողմից Հայաստանին հարկադրվող նոր անձնատվության մասին։Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման այս գործընթացն ի սկզբանե անառողջ է եւ խիստ վտանգավոր։ Դա արվում է Հայաստանի Հանրապե­տության շուրջ ստեղծված միջազգային քաղաքական եւ անվտանգային մի իրավի­ճակում, երբ երկիրը պարտության տարած օրվա իշխանությունը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով զուրկ է հայության կենսական շահերն արդյունավետ պաշտպանելու կարողականությունից։Ակնհայտ է, որ ներկա պայմաններում Հայաստան-Թուրքիա հարաբերու­թյունների կարգավորման գործընթացը հղի է աշխարհաքաղաքական, անվտանգային, քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային բազմաթիվ մարտահրավերներով եւ անխուսափելիորեն կհանգեցնի անշրջելի վտանգավոր հետեւանքների ու ինքնիշխանության կորստի։Առկա մտահոգություններն ավելի են խորանում ՀՀ իշխանությունների անպա­տասխա­նատու քաղաքական վարքի եւ հաշվետվողականության ի սպառ բացակա­յության պայման­ներում։ Հայաստանի կողմից հատուկ բանագնացի ընտրությունն էլ հուշում է այն մասին, որ հայկական կողմն ըստ էության մասնակցում է արդեն իսկ կանխորոշված մի գործընթացի, որի հնարավորինս հայանպաստ վերջնարդյունքի ապահովման համար պրոֆեսիոնալ դիվանա­գետի ընտրության կարիք չի զգացվում։Այս պայմաններում ՀՅԴ Բյուրոն ՀՀ իշխանություններից պահանջում է․Անմիջապես քողազերծել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավոր­ման գործընթացի ուղենիշները.Անվանապես եւ ամբողջությամբ մերժել թուրքական նախապայմանները.Քաղաքական շեշտադրում անել առ այն, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումը կապակցված չի կարող լինել որեւէ երրորդ կողմի հետ։Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերու­թյունների կարգավորման գործընթացում անառարկելիորեն պետք է հաշվի առնվի ՀՀ Սահմանադրա­կան դատարանի՝ Ցյուրիխյան արձանագրությունների սահմանադրա­կանության հարցի վերա­բերյալ 2010 թ․ հունվարի 12-ի որոշումը. ՀՀ-ի բոլոր քայլերը պետք է ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշում­ներին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմա­նադրա­կան կարգի հիմնարար սկզբունքներին:Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ մեր ժողովրդի իրա­վունքների կանխորոշումը ոչ մի իշխանության մենաշնորհը չէ։ Հայ-թուրքական հարաբերու­թյունները կարող են կարգավորվել միայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախոհությամբ, առանց թուրքական նախապայմանների եւ մեր սերունդների իրա­վունքների ոտնահարման։ Հետեւաբար պետք է պատրաստ լինել համահայկական ընդվզման, եթե ՀՀ իշխանությունները փորձ անեն հայ ժողովրդի իրավունքների ոտնահարման ներկա դիր­քո­րոշմամբ զարգացնել հայ-թուրքա­կան՝ թշնամու կողմից պարտադրված օրակարգը։Չենք կարող չանդրադառնալ նաեւ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից պարբերաբար հնչեցվող եւ վերջերս առավել եւս ինքնախոս­տո­վանված խիստ վտանգավոր, իրականությունը խեղաթյուրող եւ հայկական շահերը ոտնահա­րող դիրքորոշումներին, ինչը կասկածի տակ է դնում Արցախի Հանրապետության ինքնիշ­խանու­թյունը, տարածքային ամբողջականությունը եւ միջազգային ճանաչման հասնելու լեգիտիմ իրավունքը։Վերահաստատում ենք, որ ՀՀ գործող իշխանությունների կողմից գրավոր եւ բանավոր որեւէ համաձայնություն, որը կխախտի Արցախի Հանրապետության վերա­բերյալ իրավական հիմնարար նորմերը եւ կամ հարցականի տակ կդնի Թուրքիայից հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հատուցումների պահանջների իրավակա­նությունը՝ ի սկզբանե առ ոչինչ է»։ ՀՅԴ Բյուրո
20:10 - 27 դեկտեմբերի, 2021
Իշխանությունը փորձում է ազդել ընտրությունների արդյունքի վրա՝ քրգործեր հարուցելով ընդդիմադիր դաշինքների ավագանու ցուցակները գլխավորողների նկատմամբ․ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ ՀՅԴ

Իշխանությունը փորձում է ազդել ընտրությունների արդյունքի վրա՝ քրգործեր հարուցելով ընդդիմադիր դաշինքների ավագանու ցուցակները գլխավորողների նկատմամբ․ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, չնայած իշխանության գործադրած խայտառակ ճնշումներին, տեղերում հեղինակություն վայելող գործիչների ահաբեկմանն ու քրեական հետապնդումներ սկսելու սպառնալիքներին, ոչ միայն չարդարացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբավորման ակնկալիքները, այլև զրկեցին շատ համայնքներում տեղական իշխանություն  ձևավորելու հնարավորությունից:Ընտրությունների ընթացքում չկարողանալով ամբողջովին ազդել քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա՝ իշխանությունը փորձում է ազդել ընտրությունների արդյունքի վրա՝ գործի դնելով իրենց կամակատար դարձած իրավապահ համակարգը։ Այս պահին քրեական գործեր են հարուցվում ընդդիմադիր դաշինքների ավագանու ցուցակները գլխավորող, ինչպես նաև դրանցում ընդգրկված թեկնածուների վրա, մասնավորապես՝ այն համայնքներում, որտեղ ընդդիմադիր դաշինքները հայտարարել են կոալիցիաներ ստեղծելու և միասնաբար համայնքային իշխանություն ձևավորելու մասին։ Ճնշումներ են գործադրվում նաև ընտրությունների ժամանակ իրենց քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումն արտահայտած անձանց նկատմամբ։Տեղի ունեցողը երկրում առկա անօրինականության, քաղաքական հետապնդումների, թշնամանքի մթնոլորտի հերթական դրսևորումն է: Իշխող քաղաքական ուժն այս կերպ է հակադարձում ժողովրդի կամքի դրսևորմանը:Դատապարտելով նման գործելաոճը՝ հայտարարում ենք, որ բոլոր մեթոդներով հակազդելու ենք բռնության՝ նման դրսևորումներին և ամեն գնով պաշտպանելու ենք ժողովրդի կամարտահայտության արդյունքները»։
17:18 - 09 դեկտեմբերի, 2021
Քաղաքական ուժերը մանրամասներ են հայտնել ՏԻՄ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

Քաղաքական ուժերը մանրամասներ են հայտնել ՏԻՄ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարբեր մարզերում տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով որոշ համայնքներում քաղաքական ուժերը չեն ձևավորվել մեծամասնություն (50+1) և ստիպված են լինելու կոալիցիա կազմել կամ համագործակցել անցողիկ շեմը անցած քաղաքական ուժերի հետ։ Այս կապակցությամբ «Արմենպրես»-ը փորձեց պարզել, թե արդյոք քաղաքական ուժերը պատրաստ են համագործակցել և կոալիցիա կազմել մյուս քաղաքական ուժերի հետ, ո՞ր քաղաքական ուժերի հետ նրանք որևէ դեպքում կոալիցիա չեն կազմելու։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն չի ձևավորել Թալին, Արաքս, Վարդենիս, Արարատ, Ախուրյան, Ամասիա, Արթիկ, Վայք և Նոյեմբերյան համայնքներում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ իրենք բանակցում են միայն առողջ քաղաքական ուժերի հետ։ «Հենց այս պահի դրությամբ առողջ ուժերի հետ բանակցություններ վարվում են, և դրանք բավականին հաջող ընթանում են»,- հավելեց Ալեքսանյանը։ Ալեքսանյանն ընդգծեց՝ ՔՊ-ն բացառում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրանց հետ առնչվող քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հաջողվել է հաղթել Աբովյան համայնքում, սակայն ԲՀԿ-ն նույնպես մեծամասնություն չի ձևավորել։ Կուսակցության անդամ Արման Աբովյանը բացառում է իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելը, որն Աբովյանում գրավել է երկրորդ տեղը։ Համայնքում անցողիկ շեմը հաղթահարել են նաև «Հանրապետություն» կուսակցությունը և ՀՅԴ-ն: «Կմեջբերեմ նախընտրական ցուցակի առաջին համար Էդուարդ Բաբայանի խոսքերը, ով բացառել է իշխանության հետ կոալիցիա կազմելու հարցը, իսկ մնացած ուժերի հետ համագործակցելու առումով զերծ կմնամ ներկայումս ինչ-որ բան ասել»,- ասաց Աբովյանը։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հաղթանակ է տոնել Վանաձորում և այնտեղ նույնպես որոշիչ դեր են ունենալու անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը։ Դաշինքի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը նշեց, որ պատրաստ են համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, սակայն քաղաքական կոալիցիա չեն պատրաստվում կազմել։ «Կաշխատենք, կտեսնենք: Ում հետ ինչ պայմանավորվածություն ձեռք բերենք, ըստ այդմ առաջ կշարժվենք, սակայն քաղաքական կոալիցիաներ չենք պատրաստվում կազմել։ Բնականաբար, համագործակցելու ենք բոլոր քաղաքական ուժերի հետ. 5 տարի միասին աշխատելու ենք, ինչպե՞ս կարող ենք չհամագործակցել»,- ընդգծեց Ասլանյանը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը իր հերթին հաջողության է հասել Փարաքար համայնքում։ Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ասաց, որ ներկայումս ամփոփիչ աշխատանքներ են տարվում։ «Ամփոփումը կավարտենք, կհասկանանք իրավիճակը, որից հետո կհայտարարենք՝ որտեղ ինչպես ենք անելու»,- հավելեց Թանդիլյանը։ «Իմ հզոր համայնք» կուսակցության և «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ներկայացուցիչների հետ չհաջողվեց կապ հաստատել, որոնք հաջողության էին հասել համապատասխանաբար Վեդի և Նաիրի համայնքներում՝ չձևավորելով մեծամասնություն։
11:21 - 07 դեկտեմբերի, 2021
ՏԻՄ ընտրությունների հաջողությունները միասնաբար դիմադրելու արդյունք են. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

ՏԻՄ ընտրությունների հաջողությունները միասնաբար դիմադրելու արդյունք են. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 խոշորացված համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրությունները գործող ազգակործան իշխանություններին դիմադրելու հերթական հնարավորությունն էր: Գրանցված հաջողություների առումով ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտի առաջատար ուժն է: Կուսակցությունը՝ առանձնաբար և դաշինքներով, հաջողություն է գրանցել 18 համայնքներում  և, կոալիցիոն ձևաչափով, տեղական իշխանություն կձևավորի ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում: Նախատեսվում է համագործակցություն ծավալել նաև այլ համայնքների ընդդիմադիր, առողջ ուժերի հետ: Կայացած ընտրություններն անցան լարված, հակամրցակցային պայմաններում՝ պետական և տեղական իշխանության լծակների և ռեսուրսների օգտագործմամբ, բազմապիսի ապօրինությունների և ճնշումների պայմաններում: Ակնհայտ է՝ իշխանությունը պահպանելու և կենտրոնացնելու մոլուցքով տարված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում է վտանգներով լի իր քաղաքականությունը տեղայնացնել նաև համայնքներում: Սակայն, քաղաքացիների ու նրանց առաջնորդող ուժերի ակտիվ դիմադրությունն ապացուցեց, որ երկիրը պատերազմի, կորուստների և աղետի առջև կանգնեցրած իշխանությունը մերժված է հանրության զգալի մասի կողմից: Տրված քվեների և ցուցաբերված աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում մեր հայրենակիցներին և գործընկերներին: Ապազգային իշխանության դեմ մեր պայքարը շարունակվում է. ուժերն առավել համատեղելու  դեպքում մեր հայրենիքի ու նրա զավակների համար կբացվեն նոր հնարավորություններ»:
21:00 - 06 դեկտեմբերի, 2021
Դավիթ Բաբայանը առաջնահերթություն է համարել Արցախի միջազգային ճանաչումն ու տարածքների դեօկուպացիան

Դավիթ Բաբայանը առաջնահերթություն է համարել Արցախի միջազգային ճանաչումն ու տարածքների դեօկուպացիան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱԺ նիստերի մեծ դահլիճում մասնակցել է  ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին և հանդես եկել ելույթով։Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մանրամասնելով, որ ելույթում նախարարն անդրադարձել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, տարածաշրջանային զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։Որպես ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններ՝ Դավիթ Բաբայանն առանձնացրել է հանրապետության միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորումը, տարբեր երկրների և նրանց սուբյեկտների հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը։Նախարարը շեշտել է, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, ինչը կնշանակի Արցախի և հայոց պետականության կործանում։Առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման համար արտգործնախարարը կարևորել է Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, համահայկական միասնականությունը, Հայաստանում և Սփյուռքում Արցախի՝ որպես ազգային գերագույն արժեքի ընկալումը։Բաբայանը բարձր է գնահատել Հայ Դատի գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքները, կառույցի ներդրումն Արցախի զարգացման և զորացման գործում։ Նախարարը երախտագիտություն է հայտնել հայրենանվեր աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ՀՅԴ Հայ Դատը նույն եռանդով և նվիրվածությամբ կշարունակի իր աշխատանքը, և արցախակենտրոնությունը կմնա նրա գործունեության հիմնասյուներից մեկը։Խորհրդաժողովի ընթացքում ԱԳ նախարարը նաև պատասխանել է ներկաների՝ արտաքին քաղաքականության ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցերին։
17:25 - 04 դեկտեմբերի, 2021
Հրազդանի խնդիրները լուծելու ենք բյուջեի արդյունավետ կառավարման և ներդրողների ներգրավման միջոցով․ համայնքապետի ՀՅԴ թեկնածու Վարդան Գևորգյան

Հրազդանի խնդիրները լուծելու ենք բյուջեի արդյունավետ կառավարման և ներդրողների ներգրավման միջոցով․ համայնքապետի ՀՅԴ թեկնածու Վարդան Գևորգյան

Դեկտեմբերի 5-ին Հրազդանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրություններին «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»  14 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակ է ներկայացրել, որը գլխավորում է Վարդան Գևորգյանը․ նա աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։ Վերջինիս գնահատմամբ՝ քարոզարշավը նորմալ է ընթանում, բակային հանդիպումներ են ունենում, որի ընթացքում բնակիչները համայնքին վերաբերող տարբեր հարցեր են բարձրացնում։ Խոսելով ընտրություններում իրենց ունեցած ակնկալիքների մասին՝ Գևորգյանն ասաց, որ ամեն ինչ կախված է ժողովրդի քվեարկությունից։ Համայնքապետի թեկնածուն նշեց, որ Հրազդանի խնդիրները նման են Հայաստանի մյուս համայնքների խնդիրներին․ «Մենք պատկերացնում ենք, որ այդ խնդիրները առաջին հերթին տեղական ուժերով լուծենք։ Առանձնահատուկ, Հրազդանին բնորոշ խնդիրներ չկան, որովհետև համայնքների խնդիրները ամբողջ Հայաստանում նույնն են՝ կապված ջրամաքրման, բազմաբնակարանային շենքերի ֆոնդերի կառավարման, տարրական կոմունիկացիոն խնդիրների հետ»։ Գևորգյանի խոսքով՝ խնդիրները լուծելու են բյուջեի արդյունավետ կառավարման և ներդրողների ներգրավման միջոցով, իսկ ներդրողներին, նրա խոսքով, ներգրավելու են՝ նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծելով։ Հրազդանը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Հրազդանին են միանում Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի գյուղերը։  Վարդան Գևորգյանն ասաց, որ պատրաստվում են գյուղերի  խնդիրները լուծել՝ հաշվի առնելով դրանց գյուղական առանձնահատկությունները․ «Հողային ֆոնդերի կառավարումից մինչև տարրական ջրամատակարարման խնդիրներ կան, ինչպես բոլոր գյուղական համայնքներում տարիներ շարունակ չլուծված հարցերը։ Կփորձենք ընդհանուր խոշորացված բյուջեի հաշվին ինչ-որ ձևով կազմակերպել»։ Նա նշեց նաև, որ դեմ են եղել խոշորացմանը․ «Գյուղական համայնքների և քաղաքային համայնքի խնդիրների բնույթը տարբեր է, ավելի հեշտ կլիներ գյուղական համայնքները միավորվեին մեկ միավորի մեջ և խնդիրների միասնական լուծում լիներ, քան քաղաքի խնդիրները խառնվեին, քաղաքը իր բազմաբնակչության հաշվին մեծ է, և քաղաքային կենցաղը գյուղական կենցաղից տարբերվում է։ Տարբերությունը շատ մեծ է ու անդնդային»։ Հարցին, թե ինչպես են պատկերացնում ներկայիս իշխանությունների հետ համագործակցությունը, Գևորգյանն այսպես պատասխանեց․ «Խիստ օրենքի շրջանակում ենք պատկերացնում մեր համագործակցությունը»։ Գևորգյանն ընդգծեց, որ իրենք միակ քաղաքական ուժն են, որ «հայտ են նետել» ներկայիս իշխանությանը, այդ պատճառով, ըստ նրա, հրազդանցիները պետք է ընտրեն հենց իրենց քաղաքական ուժին։ Հրազդան համայնքի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 4 քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Մոնթե Մաթևոսյանն է, որը աշխատում է ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում՝ որպես ավագ մասնագետ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արշավիր Խաչատրյանը, ով «Աննար» ՍՊԸ-ի տնօրենն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրազդան համայնքի ներկայիս ղեկավար Սևակ Միքայելյանն է, իսկ «Հայ Յեղափոխական դաշնակցության» ցուցակը գլխավորում է Վարդան Գրիգորյանը, որը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։   Նանե Ավետիսյան
14:44 - 03 դեկտեմբերի, 2021
Երևանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը

Երևանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը

Երևանում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների հերթական խորհրդաժողովը: Խորհրդաժողովի մասնակիցները կենտրոնացել են 2020-ի պատերազմից հետո Արցախի հիմնախնդրի շուրջ և ընդհանուր տարածաշրջանում ձևավորված նոր իրավիճակի և այն նոր մարտահրավերների վրա, որոնց առերեսվել է հայ ժողովուրդը անվտանգության և արտաքին քաղաքականության համատեքստում: Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը իր բացման խոսքում ցավով արձանագրեց, որ Հայաստանն ու հայությունը վերջին պատերազմում կրած պարտությունից հետո կորցրել են անխոցելիության այն զգացումը, որ ձեռք էին բերել Հայաստանի անկախացման և Արցախի ազատագրմանը հանգեցրած 1988-ի Արցախյան համազգային շարժումից հետո: «Դրանք ընդհանուր խանդավառության տարիներ էին: Բոլորս էլ լծվեցինք աշխատանքի: Դուք դրա ոչ միայն ականատեսներն եք, այլև գործի կիրարկման մասնագետները: Եվ այդ ուղղությամբ աշխարհով մեկ մենք ունեցանք այդ զգացումը, թե հայկական դարաշրջան է բացվում մեր առջև: Այդ պատճառով էլ, անշուշտ, ծանր էր Արցախյան երկրորդ պատերազմի ահավոր ցավը, վիշտը, որովհետև մենք հեռացանք այդ անխոցելիության զգացումից: Բնական է, որ այս կացության մեջ մենք՝ Հայ Դատի հանձնախմբի այս ցանցը, անմիջապես հավաքվեցինք և քննեցինք, թե այս պատերազմի ընթացքում և պատերազմից հետո ի՞նչ հատուկ մարտավարական ճշգրտումներ են հարկավոր, որպեսզի առաջ տանենք մեր աշխատանքը: Թափը չկասեցվեց: Դուք շատ լավ գիտեք, որ պատերազմի ընթացքում Դաշնակցությունը տրամադրեց իր ամբողջ ներուժը պետությանը», - հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: Տեր-Խաչատուրյանի խոսքով՝ Հայ Դատի հանձնախմբերի գործունեության հիմնական ոլորտները չորսն են: Առաջին ոլորտը Հայրենիքի իրազեկման աշխատանքներն են, դրսում Հայաստանի պետականության ամրապնդման լոբբինգի աշխատանքներն են, ինչպես նաև Արցախի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչման աշխատանքներն են: Երկրորդը դասական Հայ Դատի ոլորտն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա հետևանքների վերացման թղթածրարը: Երրորդը հայության իրավունքների պաշտպանության խնդիրն է հայրենի հողի վրա և ամբողջ աշխարհում՝ որտեղ էլ որ լինեն: Եվ չորրորդը սփյուռքահայության մեջ հայ երիտասարդության քաղաքականացման խնդիրն է: «Բնականաբար, սգո և հուսահատության էջը մեզ համար վաղուց փակված է, աշխատանքը երբեք չի ընդհատվել, և հիմա հավելյալ թափով կնետվենք առաջ», - հավելեց Դաշնակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչը: ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանն էլ փաստեց, որ Քառասունչորսօրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները զգալիորեն փոխել են ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, և ստեղծված վիճակը պահանջում է Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ամբողջական վերագնահատում կատարել և դրա վրա կառուցել առաջիկա բոլոր ծրագրերն ու անելիքները: Ռուստամյանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանին ու Արցախին սպառնացող անմիջական վտանգը Մեծ Թուրանի գաղափարով թուրքական երկրները համախմբելու և հնարավորինս արագ այս պատերազմից առավելագույնը ստանալու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնություններն են: Հետևաբար, մեր գլխավոր խնդիրը պետք է լինի դա բացառելը: «Եթե մինչև այս պատերազմը հայության և մասնավորապես Հայ դատի գլխավոր խնդիրը ազատամարտում արձանագրված հաղթանակի արդյունքների ամրագրումն էր, ապա հիմա դա այս պատերազմում կրած պարտության և դրա հետևանքների չեզոքացումն ու առաջացած նոր մարտահրավերների հաղթահարումն է: Այսօր հրատապ խնդիր է կասեցնել դեպի նորանոր պարտությունների տանող երկրի գահավիժող ընթացքը՝ մատնանշելով այն կարմիր գիծը, որից այն կողմ կատարված որևէ նահանջ ու զիջում, ըստ էության, հանգեցնելու է հայ տեսակի ու պետականության կորստի», - հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
15:23 - 29 նոյեմբերի, 2021
ԵՄ-ն կկանգնի ձեր կողքին՝ առաջարկելով աջակցություն՝ հակամարտության հավասարակշռված փոխզիջում գտնելու հարցում․ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ |tert.am|

ԵՄ-ն կկանգնի ձեր կողքին՝ առաջարկելով աջակցություն՝ հակամարտության հավասարակշռված փոխզիջում գտնելու հարցում․ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ |tert.am|

tert.am: Համոզված եղեք, որ ամբողջ աշխարհում հայ համայնքների ձայնը լսելի է, մենք ոչ մի դեպքում չենք կարող հանդուրժել մարդու իրավունքների հետագա ոտնահարումները, այլևս չենք կարող ընդունել, որ ուժն ու ռազմական հզորությունը գերակայեն օրենքի գերակայությանն ու ժողովրդավարությանը։ Այս մասին ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ տեսաուղերձի ընթացքում ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։ Նա ընդգծեց, որ չպետք է աչքաթող անել այն ամենը, ինչը Հայաստանը ձեռք է բերել անկախությունից ի վեր։ Ֆաբիո Մասիմո Կաստալդոի ձևակերպմամբ՝ տարածքային վեճերի լուծումը խորը տառապանք է պատճառել հայ ժողովրդին, նման հարցերի լուծումը պահանջում է համբերություն ու ժամանակ:
13:12 - 29 նոյեմբերի, 2021
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը: Ողջունելով դեսպանին` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ կարեւորել է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ խորհրդարանական կապերի զարգացումը, նորաստեղծ բարեկամական խմբերի համագործակցության խորացումը, ինչպես նաեւ փոխգործակցությունը միջազգային հարթակներում: «Չնայած երկու երկրների միջեւ առկա մեծ հեռավորությանը`Հայաստանն ու Արգենտինան մի շարք ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ ունեն՝ հատկապես հաշվի առնելով Արգենտինայում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը: Նա կարեւորել է հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը` անհրաժեշտ համարելով գյուղատնտեսության բնագավառում արգենտինական փորձի կիրառումը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի հետպատերազմյան իրավիճակին: Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները եւ ագրեսիան` կարեւորելով այդ հարցում բարեկամ եւ գործընկեր երկրների աջակցությունը: Այս համատեքստում դեսպանը նշել է, որ Արգենտինան՝ որպես Հայաստանի բարեկամ երկիր, մշտապես  հայ ժողովրդի կողքին է: Դեսպանը նույնպես ընդգծել է բարեկամական խմբերի սերտ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը, փոխայցերի կազմակերպումը: Մարիանո Վերգարան համաձայնել է, որ Արգենտինան եւ Հայաստանը երկար տարիների եղբայրական ու բարեկամական սերտ կապեր ունեն, եւ մի շարք ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա: Նա ներկայացրել է դեսպանատան գործունեությունը, խոսել իրականացվելիք ծրագրերի մասին: Առաջիկայում նախատեսվում է Հայաստանում բացել Արգենտինայի առեւտրային պալատ` նպատակ ունենալով զարկ տալ փոքր եւ միջին բիզնեսին: Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
17:21 - 24 նոյեմբերի, 2021
ՔՊ-ն Իջևանում առաջատար է․ ԿԸՀ նախնական տվյալներ

ՔՊ-ն Իջևանում առաջատար է․ ԿԸՀ նախնական տվյալներ

Տավուշի մարզի Իջևան համայնքում երեկ՝ նոյեմբերի 14-ին անցկացվել են ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրությանը մասնակցում էր երկու ուժ՝ ՀՅԴ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ՀՅԴ-ն ստացել է 1964 ձայն կամ 15․86%, իսկ ՔՊ-ն՝ 10 003 ձայն կամ 80․78%։ ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորում է համայնքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, իսկ ՀՅԴ-ի ավագանու ցուցակը՝ Վահան Ղազումյանը։ Նշենք, որ Իջևանում ընտրողների ընդհանուր թիվը  33 090 է, քվեարկությանը մասնակցել է 12 383-ը կամ 37․42%-ը։ Անվավեր քվեաթերթիկների քանակը 414 է։ Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
09:41 - 15 նոյեմբերի, 2021
Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու և պատերազմական հանցագործությունների հետաքննության հարցը քննարկվել է ԱՄՆ Սենատում

Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու և պատերազմական հանցագործությունների հետաքննության հարցը քննարկվել է ԱՄՆ Սենատում

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով ԱՄՆ Սենատում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկներ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակից։ Դրանցից մեկով նախատեսվում է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հովածի (առավել հայտնի որպես «907-րդ բանաձև») պահանջների կատարումը, որը արգելանք է դնում Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության վրա։ Մյուս երկու նախագծերն ուղղված են Պետդեպարտամենտին և Պաշտպանության դեպարտամենտին՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել «Բայրակթար» անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ՝ այն համատեքստում, որ այդ տեխնոլոգիաների օգտագործումը երրորդ երկրի կողմից արդյո՞ք ամերիկյան օրենսդրության խախտում չէ։ Օրենսդրական փոփոխության երրորդ առաջարկով, որը ներկայացրել է սենատոր Ալեքս Պադիլան,  Պետդեպարտամենտից և Պաշտպանության դեպարտամենտից պահանջվում է համատեղ զեկույց ներկայացնել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործումը, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների ներգրավումը։ Օրենսդրական փոփոխությունների առաջարկները Սենատի քվեարկությանը կարող են ներկայացվել արդեն հաջորդ շաբաթ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատանքներն Ամերիկյան ռազմական օժանդակության բոլոր տեսակներից Ադրբեջանին զրկելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի վերջին կողմ էր քվեարկել այլ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք նույնպես ենթադրում են Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության արգելք։ 2021թ․ հուլիսին էլ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր իր կոմպետենտության սահմաններում Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և ռազմակրթական օժանդակության դադարեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխություն։ Սենատում ներկայացված օրենսդրական փոփոխությունների առթիվ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․ «Մենք շնորհակալ ենք սենատորներ Մենենդեսին և Պադիլային` Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հարցում իրենց սկզբունքայնության համար: Մենք աշխատում ենք Վաշինգտոնում և հիսուն նահանգից յուրաքանչյուրում՝ ապահովելու 907-րդ հոդվածի կիրառումը երաշխավորող, ադրբեջանական ռազմական հանցագործությունները հետաքննող, թուրքական անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված տեխնոլոգիաների վերաբերյալ հետաքննություն ենթադրող օրենդրական այս փոփոխությունների ընդունումը»:
12:14 - 05 նոյեմբերի, 2021