Փաստերի ստուգում

«Կոկա-կոլա» ընկերության անունից մրցանակ խոստացող էջը կեղծ է

«Կոկա-կոլա» ընկերության անունից մրցանակ խոստացող էջը կեղծ է

Վերջին օրերին համացանցում տարածվում է մի հղում, որն, իբր, «Կոկա-կոլա» ընկերության պաշտոնական կայքինն է։ Եթե հավատանք տարածվող հղմանը, «Կոկա-կոլա» ընկերությունն իր 20-ամյակի առթիվ մրցույթ է հայտարարել, և մրցույթում հաղթելու դեպքում պարգևը 100 000 դրամ է։  Նախ, «Կոկա-կոլա» ընկերության պաշտոնական կայքը սա է՝ coca-colacompany.com, և պաշտոնական կայքի տեսքն ակնհայտորեն տարբերվում է տարածվող կայքի տեսքից։ Բացի այդ՝ «Կոկա-կոլա» ընկերությունը հիմնադրվել է 19-րդ դարում, և դժվար թե 2021-ին նշեր 20-ամյակը։ Տարածվող տեքստը գրված է ոչ ճիշտ հայերենով, ինչից կարող ենք ենթադրել, որ նախադասությունները թարգմանված են «Google translate» գործիքով, որն այլ լեզուներից հայերեն թարգմանությունները միշտ չէ, որ ճիշտ է կատարում։ Հղումը կասկածելի է այն պատճառով, որ միևնույն էջը տարածվում է տարբեր հասցեներով՝ mg9ro1.imagenestecnologicas.com, 324ew9.tsade.net, 3h3amyn.imagenestecnologicas.com, tzwromi.tsade.net։ Տարածվող բոլոր հասցեները գործող չեն, ապաակտիվ են, իսկ archive.org-ում այս հասցեներում պահպանված որևէ հղում չկա, այսինքն՝ չենք կարող իմանալ, թե այդ կայքերում նախկինում ինչ հրապարակումներ են եղել։ Տարածվող հղումներով բացվող էջի ներքևի հատվածում տեղադրված են մեկնաբանություններ, որոնք թողած ֆեյսբուքյան օգտատերերի մեծ մասն ասում է, թե շահել է 100 000 դրամ մրցանակը, սակայն մեկնաբանություններ թողած օգտատերերից ոչ մեկն իրականում գոյություն չունի, ինչը նշանակում է, որ մեկնաբանությունների հատվածը կեղծ է։ Հղումով անցելուց և մի քանի հարցերի պատասխանելուց հետո մարդիկ տեղեկանում են, որ շահել են 100 000 դրամ և հաջողությամբ ավարտելու համար պետք է հղումն ուղարկեն իրենց 10 ընկերների, ինչպես նաև մուտքագրեն էլեկտրոնային փոստի հասցեները։ Ըստ domainbigdata.com-ի տվյալների՝ imagenestecnologicas.com-ը ստեղծվել է 2014-ի մայիսի 6-ին։ Դոմեյնը գրանցած Յեսսի Օրթիզը (Yessi Ortiz)  գրանցել է նաև yessiortiz.com և aventurasdelmundo.com կայքերը։ Այս կայքերից առաջինը չի գործում, երկրորդ մուտք գործել փորձելիս էլ «Google»-ը զգուշացնում է, որ կայքը պաշտպանված չէ, և վտանգ կա, որ մուտք գործողների տվյալները կարող են գողանալ։ Իսկ tsade.net դոմեյնը ստեղծվել է 2009-ին։ Դոմեյնի հիմնադիրների մասին տեղեկություններ չկան։ Հաշվի առնելով, որ կասկածելի դոմեյններում գրանցված չգործող կայքերի հղումները ներկայացվում են որպես «Կոկա-կոլա» ընկերության պաշտոնական կայք, այնտեղ տեղադրվում են գոյություն չունեցող օգտատերերի մեկնաբանություններ՝ հավատացնելով, թե այդ օգտատերերը «Կոկա-կոլայի» մրցանակ են շահել, իսկ մրցանակը տալու համար մարդկանցից պահանջվում է էլեկտրոնային հասցեների տվյալներ մուտքագրել, կարող ենք ենթադրել, որ հղումը տարածվում է մարդկանց անձնական տվյալները գողանալու համար, հետևաբար՝ վտանգավոր է այս հղմամբ անցնելը և որևէ տվյալ այնտեղ մուտքագրելը։ Աննա Սահակյան
14:00 - 07 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանի ընտանիքի նյութական վիճակը 2018 թվականից հետո չի վատացել. Փաշինյանի պնդումը սխալ է

Նիկոլ Փաշինյանի ընտանիքի նյութական վիճակը 2018 թվականից հետո չի վատացել. Փաշինյանի պնդումը սխալ է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արարատի մարզի մի քանի գյուղեր, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել գյուղի բնակիչների հետ։ Մրգավետ գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատարը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև իր և իր ընտանիքի ֆինանսական, նյութական վիճակին՝ նշելով, որ 2018 թվականից հետո իր ընտանիքի ֆինանսական, նյութական վիճակը վատացել է․ «Ես պատասխանատու ասում եմ՝ իմ ընտանիքի ֆինանսական վիճակը 2018 թվականից հետո, նյութական վիճակը վատացել ա, չի լավացել, և ես չեմ դժգոհում, ես ուրախ եմ, ես հպարտ եմ»,- բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները հայտարարատու պաշտոնատար անձ են, հետևաբար՝ ամեն տարի ներկայացնում են եկամտի, գույքի և շահերի հայտարարագիր։ Infocom-ն ուսումնասիրել է վարչապետի պաշտոնակատարի և նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերը՝ պարզելու՝ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե նրա ընտանիքի ֆինանսական, նյութական վիճակը 2018 թվականից հետո վատացել է, ճի՞շտ է, թե՞ ոչ։ 2016 թվականին Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր էր, հայտարարագրել է 5000 ԱՄՆ դոլար դրամական միջոց, իսկ այդ տարվա աշխատանքից ստացած վարձատրությունը կազմել է 6 մլն 422 հազար ՀՀ դրամ։ Այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը 2016 թվականին հայտարարագրել է 1000 ԱՄՆ դոլար դրամական միջոց, իսկ այդ տարվա աշխատանքից ստացած վարձատրությունը կազմել է 5 մլն 98 հազար ՀՀ դրամ, որի մեջ ներառված չէ ստացված փոխառությունը (վարկը)։ Ընդհանուր առմամբ, 2016 թվականին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը միասին հայտարարագրել են 6000 ԱՄՆ դոլար դրամական միջոց և 11 մլն 520 հազար ՀՀ դրամ աշխատավարձից ստացված եկամուտ։ 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է 1800 ԱՄՆ դոլար և 790 հազար ՀՀ դրամ դրամական միջոց։ Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 7 մլն 542 հազար ՀՀ դրամ, որի մեջ ներառված չէ ստացված փոխառությունը (վարկը)։ Սակայն այս գումարից 1 մլն ՀՀ դրամը նվիրատվություն է։ Աննա Հակոբյանը 2017 թվականին հայտարարագրել է 1000 ԱՄՆ դոլար դրամական միջոց, իսկ տարվա ընթացքում աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարներից գոյացած եկամուտը կազմել է 11 մլն 745 հազար ՀՀ դրամ։ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի երեխաներից միայն Աշոտ Փաշինյանի ներկայացրած հայտարարագրում կար դրամական միջոց։ Վերջինս նվիրատվության կամ օգնության կարգով ստացել է 2350 եվրո գումար։ Ընդհանուր առմամբ, 2017 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանիքը հայտարարագրել է 2800 ԱՄՆ դոլար, 2350 եվրո և 20 մլն 77 հազար ՀՀ դրամ գումար։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է 1800 ԱՄՆ դոլար և 790 հազար ՀՀ դրամ դրամական միջոց, իսկ աշխատանքից վարձատրությունը կազմել է 13 մլն 963 հազար ՀՀ դրամ։ Աննա Հակոբյանը 2018 թվականին հայտարարագրել է 1000 ԱՄՆ դոլար դրամական միջոց։ Աշխատանքից ստացված վարձատրությունը և վարձակալության դիմաց ստացված գումարները միասին կազմել են 11 մլն 509 հազար ՀՀ դրամ։ Աշոտ Փաշինյանը 2018 թվականին չի ներկայացրել հայտարարագիր։ Ընդհանուր առմամբ, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի եկամուտները կազմել են 2800 ԱՄՆ դոլար և 25 մլն 472 հազար ՀՀ դրամ։ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարագրել է 320 ԱՄՆ դոլար և 3 մլն 333 հազար ՀՀ դրամ բանկային հաշիվների մնացորդ։ Փաշինյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 1800 ԱՄՆ դոլար և 790 հազար ՀՀ դրամ, իսկ աշխատավարձից և գրական ստեղծագործության վաճառքից ստացված եկամուտները կազմել են 14 մլն 52 հազար ՀՀ դրամ, որում ներառված չէ մեքենայի վաճառքից ստացված 4 մլն 550 հազար ՀՀ դրամը։ Աննա Հակոբյանը 2019 թվականին հայտարարագրել է 905 հազար ՀՀ դրամ բանկային հաշիվների մնացորդ, 1000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, իսկ աշխատանքի դիմաց ստացված և վարձակալության դիմաց ստացված եկամուտը կազմել է 7 մլն 673 հազար ՀՀ դրամ, որում ներառված չեն ստացված փոխառությունները (վարկերը)։ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի դուստր Մարիամ Փաշինյանը 2019 թվականին հայտարարագրել է 2 մլն 83 հազար ՀՀ դրամ աշխատավարձից գոյացած եկամուտ։ Նրանց մյուս երեխաները հայտարարագիր չեն ներկայացրել։ Ընդհանուր առմամբ, 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանիքը հայտարարագրել է 3120 ԱՄՆ դոլար և 28 մլն 836 հազար ՀՀ դրամ։ Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տարածած հայտարարության՝ հայտարարատու պաշտոնատար անձինք և նրանց հարազատները պետք է հայտարարագրերը ներկայացնեին մինչև հունիսի 5-ը ներառյալ, սակայն մինչ այս պահը և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ նրա ընտանիքի անդամների՝ 2020 թվականի տարեկան հայտարարագրերը հրապարակված չեն, հետևաբար կդիտարկենք մինչև 2019 թվականը ներկայացված հայտարարագրերը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ընտնիքին պատկանող շարժական և անշարժ գույքին, ապա Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո՝ 2019 թվականի հուլիսի 16-ին, վաճառել է իր «Hyundai Sonata» ավտոմեքենան։ Փաշինյանը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ է, հետևաբար օգտվում է վարչապետի պաշտոնին հատկացվող տրանսպորտային միջոցից և պետական պահպանության տակ գտնվող կառավարական առանձնատնից։ Այսպիսով՝ եթե բոլոր տեսակի գումարային միջոցները վերածենք դրամի, ապա 2016 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի ընդհանուր եկամուտը եղել է 14 մլն 628 հազար ՀՀ դրամ, 2017 թվականին՝ 22 մլն 996 հազար, 2018-ին՝ 26 մլն 922 հազար, 2019-ին՝ 30 մլն 452 հազար ՀՀ դրամ։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 2018 թվականից հետո նրա ընտանիքի ֆինանսական, նյութական վիճակը լավանալու փոխարեն վատացել է, իրականությանը չի համապատասխանում։ Նարեկ Մարտիրոսյան
10:14 - 05 հունիսի, 2021
Մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելը օրենքի խախտում չէ

Մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելը օրենքի խախտում չէ

Հունիսի 7-ին կմեկնարկի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ։ Այս ժամանակահատվածում ընտրությունների մասնակից ուժերի համար կստեղծվեն հնարավորինս հավասար պայմաններ քարոզչություն իրականացնելու համար։ Սակայն այս օրերին իրենց համակիրների հետ հանդիպում են անցկացրել և քարոզչություն են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային-Ժողովրդավարակ Բևեռ» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքը։ Այս հանդիպումները երբեմն մեկնաբանվում են օրենքի խախտման կոնտեքստում՝ նկատի ունենալով, որ մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն իրականացնելը օրենքի խախտում է։  Հայաստանում ընտրություններն անցկացվում են համաձայն ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի։ Օրենսգիրքի 19-րդ հոդվածը սահմանում է նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները, համաձայն որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կանոնները: Այսինքն՝ քարոզարշավի համար ֆիքսված ժամանակահատվածը նախատեսված է քարոզչությունը հավասար պայմաններում և հավասար ռեսուրսներով իրականացնելու համար, որպեսզի այն կուսակցությունները, որոնք այլ կուսակցությունների համեմատ ավելի քիչ ռեսուրսներ ունեն, կարողանան իրենց ծրագրերը ներկայացնել ընտրողներին։ ՀՀ ընտրական օրենսգրքի նույն՝ 19-րդ հոդվածը սահմանում է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Հետևաբար մինչև օրենսգրքով սահմանված քարոզարշավի մեկնարկը իրականացված քարոզչությունը չի համարվում օրենքի խախտում, քանի որ այդ մասով որևէ բան նախատեսված չէ։ Նախընտրական քարոզչության մեկնարկը կուսակցությունների ընտրական գործընթացում գրանցվելու վերջին օրվանից սկսած 7-րդ օրն է, ավարտվում է քվեարկության օրվանից մեկ օր առաջ։ Պաշտոն զբաղեցնող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները Այնուամենայնիվ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուները քարոզչություն իրականացնելիս սահմանափակված են օրենքով։ Համաձայն օրենսգրքի 23-րդ հոդվածի՝ պաշտոնատար անձանց արգելվում է պաշտոնեական լիազորությունները ծառայեցնել քարոզարշավ իրականացնելիս։  Այսինքն՝ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են քարոզարշավն իրականացնել ոչ աշխատանքային ժամերին և օրերին, ինչպես նաև չեն կարող օգտվել նրանց հատկացված ծառայողական տրանսպորտային միջոցներից։ Վերջինի դեպքում բացառություն են հատուկ պետական պաշտպանության տակ գտնվող անձինք՝ այդ թվում նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը, որոնք կարող են քարոզչություն իրականացնելիս օգտվել ծառայողական մեքենայից։ Ամփոփելով՝ ևս մեկ անգամ նշենք, որ նախընտրական քարոզարշավի համար հատկացվող ժամանակահատվածը նախատեսված է բոլոր կուսակցությունների և թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու համար։ Այն չի սահմանափակում մինչև քարոզարշավն իրականացվող քարոզչությունը, հետևաբար մինչև քարոզարշավի մեկնարկը կուսակցություններն ու թեկնածուներն ազատ են անհավասար պայմաններում իրականացնել քարոզչություն։ Նարեկ Մարտիրոսյան
17:56 - 31 մայիսի, 2021
Արշավիր Ղարամյանը սխալվում է․ ադրբեջանցիների տարածած տեսանյութում երևացող բարձունքը Սևանա լճից 5 կմ հեռավորության վրա չէ

Արշավիր Ղարամյանը սխալվում է․ ադրբեջանցիների տարածած տեսանյութում երևացող բարձունքը Սևանա լճից 5 կմ հեռավորության վրա չէ

Մայիսի 22-ին համացանցում ադրբեջանցի օգտատերերը տարածել էին մի տեսանյութ, որտեղից երևում էր Սևանա լիճը։ «Mediaport» տելեգրամյան ալիքը, տարածելով տեսանյութը, գրել էր․ «Թշնամին հաստատվել է Սևանա լճից ուղիղ գծով ընդամենը 5 կմ հեռավորության վրա»: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է․ «Նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը երևում է տեսանյութում, գտնվում է սահմանագծի վրա: Այդ սահմանագծի տարբեր հատվածներում` տարբեր բարձունքների վրա, մենք էլ ունենք դիրքեր ու մարտական հերթապահություն ենք իրականացնում»։ Հերքմանն անդրադարձել էր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդրի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը՝ Պն-ին մեղադրելով ստելու մեջ։ «Դեռևս մինչև 2020 թվականի աշնանային պատերազմը թշնամու պաշտպանական բնագիծը Սևանա լճից՝ Արեգունի բնակավայրի ուղղությամբ, 6,66 կմ էր»- գրել էր նա՝ քարտեզից տարածելով լուսապատճեններ, որտեղ երևում է, որ Սևանա լճից սահման հեղավորությունը 6 կմ է։ Ղարամյանի գրառումը հրապարակել են մի քանի լրատվամիջոցներ և սունկ կայքեր (hraparak.am, lurer.com, hayeli.am, asekose.am, newinfo.am)։ Ավելի վաղ Razm.Info-ին հաջողվել էր տեղորոշել, թե որտեղ է արվել տեսանյութը։ Կայքը գրել էր, որ տեսանյութում երևում է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթը։  Razm.Info-ի տեղորոշումը ճիշտ է։ Բարձունքը Հայաստան-Ադրբեջան ներկայիս սահմանի մոտ է։ Սակայն բարձունքի հեռավորությունը Սևանա լճի ամենամոտ հատվածից ոչ թե 5 կամ 6 կմ է, ինչպես նշում են «Mediaport»-ը և Արշավիր Ղարամյանը, այլ ավելի քան 27 կմ։ Այսիքն՝ ՊՆ-ն բարձունքիից Սևանա լիճ հեռավորության մոտավոր ճիշտ թիվ է ներկայացրել։ Իսկ ինչի՞ մասին էր խոսում Արշավիր Ղարամյանը։ Նրա նշած հատվածում՝ Արեգունի բնակավայրի ուղղությամբ, Սևանա լճից սահման երկարությունն իրոք 6 կմ է։ Սակայն սահմանի այս հատվածը տեսանյութում երևացող բարձունքից հեռու է ավելի քան 30 կմ։ Հետևաբար, Ղարամյանի այն պնդումը, թե ՊՆ-ն ստում է՝ Սևանա լճի և բարձունքի միջև սխալ հեռավորություն ասելով, չի համապատասխանում իրականությանը։ Արշավիր Ղարամյանի հայտարարությունն այս համատեքստում մանիպուլյատիվ է․ իրոք կան հատվածներ, որտեղ Սևանա լճից սահման հեռավորությունը 6 կմ է, սակայն կոնկրետ այն բարձունքը, որտեղից արվել էր տեսանյութը, Սևանա լճից 27 կմ հեռավորության վրա է։ Աննա Սահակյան
16:48 - 24 մայիսի, 2021
Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Պետական գնումները մշտապես լրագրողների եւ գնումներով հետաքրքրված անձանց ուշադրության կենտրոնում են, քանի որ գնումներում հնարավոր է՝ լինեն կոռուպցիոն գործարքներ, փոխկապակցված ընկերություններից գնումներ եւ այլն։ Գնումների մասին օրենքի 18-րդ հոդվածը նախատեսում է, որ գնումների կատարման նախընտրելի ձեւը մրցույթն է, եթե գնման առարկան ներառված չէ նույն օրենքի մեկ այլ կետով սահմանված ցանկում։ Այս ցանկում հիմնականում ներառված են սննդամթերքներ, վառելիքներ, գրենական առարկաներ, դեղամիջոցներ եւ այլ իրեր։ Ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Օրենքով սահմանված է նաեւ, թե գնումների ընթացակարգերից որը ինչ դեպքում կարող է կիրառվել։ Օրինակ մեկ անձից գնման ընթացակարգը կիրառելի է, եթե գնման համար նախատեսված ապրանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, կամ գնումն իրականացվում է ՀՀ սահմաններից դուրս, կամ էլ գնման գինը չի գերեզանցում գնումների բազային միավորը։ Բազային միավորի արժեքը 1 մլն ՀՀ դրամն է։  Այնուամենայնիվ, թեեւ օրենքով նույնպես նախապատվությունը տրվում է գնման մրցութային ընթացակարգին, սակայն պետական կառույցները սեփական կարիքների համար նախապատվություն են տալիս մեկ անձից իրականացվող գնման ընթացակարգին։ Infocom-ն ուսումնասիրել է 2018-ից 2021 թվականների առաջին եռամսյակներում ՀՀ 12 նախարարությունների՝ սեփական կարիքների համար իրականացրած պետական գնումները եւ պարզել, որ նախարարությունները մեծամասամբ գնումներ են կատարել մեկ անձից գնման ընթացակարգով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսների ընթացքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է թվով 27 պետական գնում, որոնցից 16-ը կամ 59,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակա րգով։Սակայն գումարային առումով առավել մեծ է գնանշման հարցումով իրականացված գնումների արժեքը։ Ընդհանուր առմամբ 27 գնման համար հատկացվել է 25,5 մլն ՀՀ դրամ, որից 6,8 մլն ՀՀ դրամը կամ 26,6%-ը  հատկացվել է մեկ անձից կատարված գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նույն նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 36 պետական գնում, որոնցից 12-ը կամ 33%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 114,7 մլն ՀՀ դրամ, որից 5,6 մլն դրամը կամ 4,9%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ 2019-ին իրականացվել է 25 գնում, որոնցից 14-ը կամ 56%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 217,1 մլն ՀՀ դրամ, որից 146,5 մլն ՀՀ դրամը, կամ 72%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ Իսկ 2018 թ․՝ 37 պետական գնում, որոնցից 23-ը կամ 62%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 940,1 մլն ՀՀ դրամ, որից 709,1 մլն ՀՀ դրամը կամ 75,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսպիսով՝ վերջին 4 տարիներին, բացառությամբ 2020 թվականի, մշտապես մեկ անձից գնումները  կազմել են ընդհանուր գնումների կեսից ավելին, ինչը խնդրահարույց է։ Առողջապահության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Առողջապահության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 41 պետական գնում, որից 27-ը կամ 65,8%-ը իրականացվել է օրենքով ոչ նախընտրելի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 549 մլն ՀՀ դրամ, որից 1 մլրդ 708 մլն ՀՀ դրամը կամ 67%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ 2020 թ․ սեփական կարիքների համար իրականացվել է 991 պետական գնում, որից 960-ը կամ 96,8%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 76 մլրդ 119 մլն դրամ, որից 74 մլրդ 176 մլն դրամը կամ 97,4%-ը հատկացվել է մեկ անձից գնման համար։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը 2020 թվականի առաջին եռամսյակում գրեթե բոլոր գնումներն իրականացրել է առանց մրցույթի։ 2019 թ․ իրականացվել է 1084 պետական գնում, որից 1069 կամ 98,6%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գումարային առումով ընդհանուր գնումները կազմել են 72 մլրդ 230 մլն ՀՀ դրամ, որից 71 մլրդ 356 մլն ՀՀ դրամը կամ 98,7% գնումն իրականացվել է մեկ անձից։ 2018 թ․ իրականացվել է 1069 պետական գնում, որից 1046-ը կամ 97,8%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 63 մլրդ 363 մլն ՀՀ դրամ, որից 62 մլրդ 368 մլն ՀՀ դրամը կամ ընդհանուր գումարի 98,4%-ը իրականացվել է մեկ անձից։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը մշտապես գրեթե բոլոր գնումներն իրականացրել է մեկ անձից գնման ընթացակարգով, ինչը խնդրահարույց է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արդարադատության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արդարադատության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 34 պետական գնում, որից 29 գնումը կամ 85,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար տրամարդվել է 711 մլն ՀՀ դրամ, որից 484,8 մլն ՀՀ դրամը կամ 68,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ իրականացվել է 56 գնում, որից 33-ը կամ 58,9%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս գնումների համար ծախսվել է շուրջ 653,1 մլն ՀՀ դրամ, որից 405,5 մլն ՀՀ դրամը կամ 62%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունը կատարել է 46 պետական գնում, որից 30-ը կամ 65,2%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 702,8 մլն ՀՀ դրամ, որից 450,5 մլն ՀՀ դրամը կամ 64,1%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ նախարարությունը կատարել է 43 պետական գնում, որից 35-ը կամ 81,3%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 295,5 մլն ՀՀ դրամ, որից 101,8 մլն ՀՀ դրամը կամ 34,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։  Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ընդհանուր առմամբ Արդարադատության նախարարությունը նույնպես վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մեծամասնությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 9-ը կամ 26,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 182,4 մլն ՀՀ դրամ, որից 19,1 մլն ՀՀ դրամը կամ 10,4%-ը՝ մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 59 գնում, որից 13-ը կամ 22%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս պայմանագրերի գումարը կազմել է 371,9 մլն դրամ, որից 51,4 մլն դրամի գնումները կամ 13,8%-ը իրականացվել է մեկ անձից։ 2019 թ․ իրականացվել է 18 գնում, որից 9-ը կամ 50%-ն իրականացվել է մեկ անձից։ գնումների ընդհանուր գումարը կազմել է 135,4 մլն դրամ, որից 13,3 մլն դրամը՝ 9,8%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 45 պետական գնում, որից 23-ը՝ 51,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 452,6 մլն դրամ, որից 379,5 մլն դրամը՝ 83,8%-ը մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ ԱԻՆ պետական գնումներում մեկ անձից իրականացվող գնումները 2018 եւ 2019 թվականների համեմատությամբ նվազել են։ Արտաքին գործերի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արտաքին գործերի նախարարությունը իրականացրել է 93 պետական գնում, որից 81-ը՝ 87%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով, որի համար տրամադրվել է 52,4 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 70,4%-ն է։ 2020 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 78 պետական գնում, որից 65-ը կամ 83,3%-ը իրականացվել է մեկ անձից։ Մեկ անձից գնումների համար տրամադրվել է շուրջ 49,8 մլն ՀՀ դրամ, որը կազմում է ընդհանուր գնումների 56,7%-ը։ 2019 թ․ իրականացվել է 108 գնում, որից 97-ը՝ 89,8%-ը մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 63,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 24,5 մլն դրամ կամ գնումների գումարի 38,6%-ը։ 2018 թ․ իրականացվել է 92 պետական գնում, որից 85-ը կամ 92,3%-ը՝ մեկ անձից, որի համար տրամադրվել է 37,5 մլն ՀՀ դրամ, որը կազմել է ընդհանուր իրականացված գնումների գումարի 93%-ը։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արտաքին գործերի նախարարությունը, ինչպես տեսնում ենք, մշտապես գնումներ իրականացնելիս նախապատվությունը տվել է մեկ անձից իրականացվող գնումներին։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 62 պետական գնում, որից 46-ը կամ 74,1%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 225,6 մլն դրամ, որից 78,3 մլն դրամի գնումը՝ 34,7%-ը, կատարվել է մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 44 պետական գնում, որից 24-ը՝ 54,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 825,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման նպատակով ծախսվել է 122,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար տրամադրված գումարի 14,8%-ն է։ 2019 թ․ նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 20-ը՝ 58,5%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 85,1 մլն դրամ, որից մեկ անձի համար ծախսվել է 9,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար հատկացված գումարի 11,2%-ն է։ 2018 թ․ իրականացվել է 22 գնում, որից միայն 8-ը կամ 36,3%-ն է իրականացվել մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը եղել է 231,1 մլն դրամ, որից 3,4 մլն դրամը՝ 1,5%-ը՝ մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսինքն՝ այս նախարարության սեփական կարիքների համար իրականացված գնումներում միայն 2018 թվականի առաջին եռամսյակի՝ մինչեւ հեղափոխությունն իրականացված գնումներն են, որ մեկ անձից իրականացվել է պայմանագրերի կեսից քիչը։ 2019, 2020, 2021 թվականներին այդ ցուցանիշն աճել է՝ ընդհուպ հասնելով 74,1%-ի։ Էկոնոմիկայի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է ընդհանուր 84 պետական գնում, որի գերակշիռ մեծամասնությունը՝ 73 գնումը՝ 86,9%-ը, մեկ անձից գնման ընթացակարգով։ Սեփական կարիքների համար իրականացված պետական գնումների ընդհանուր գումարը կազմել է 579,7 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է 526,3 մլն դրամ կամ ընդհանուր գնումների 90,7%-ը։ 2020 թ․ Նախարարությունն իրականացրել է 63 գնում։ Այս դեպքում նույնպես մեծամասնությունը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր՝ 37 գնում կամ ընդհանուր գնումների 58,7%-ը։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 140,9 մլն դրամ, որից մեկ անձից գնումների արժեքը եղել է 58 մլն դրամ` 41.1%։ 2019 թ․ իրականացվել է 41 պետական գնում, որից 25-ը կամ 60,9%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ինչպես տեսնում ենք, այս դեպքում նույնպես մեծամասամբ գնումներն իրականացվել են օրենքով սահմանված ոչ նախընտրելի տարբերակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 93,4 մլն դրամ, որից 8,6 մլն դրամը կամ 9,2%-ը տրամադրվել է մեկ անձից գնումների ընթացակարգով գնման պարագայում։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 40 պետական գնում, 24-ը կամ 60%-ը՝ մեկ անձից։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 81,1 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 26,9 մլն դրամ՝ 33,1%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ինչպես տեսնում ենք Էկոնոմիկայի նախարարության պետական գնումները նույնպես մեծամասամբ իրականացվում է մեկ անձից գնման ընթացակարգով, որը 2021 թվականին հասել է 86,9 %-ի։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն 2021 թ․ նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը 201,4 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է շուրջ 171,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 85%-ն է։ 2020 թ․ երեք ամիսներին իրականացվել է 40 պետական գնում, որոնցից 21-ը կամ 52,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների պայմանագրերի ընդհանուր արժեքը 325,3 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 192,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 59%-ն է։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 21 պետական գնում։ 15-ը կամ ընդհանուր գնումների 71,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 20 մլն դրամ, որից 3,9 մլն դրամը կամ 19,5%-ը տրամադրվել է մեկ անձից գնման նպատակով։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին իրականացվել է 27 գնում, որից միայն մեկն է, որ իրականացվել է գնանշման հարցման ընթացակարգով։ Մնացած 26 գնումն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Դա ընդհանուր գնումների 96,3%-ն է։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 39,5 մլն դրամ, որից 38,5-ը՝ 97,4%-ը՝ մեկ անձից գնման համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այս նախարարության գնումները 2018 թվականի համեմատությամբ նվազել են, սակայն, միեւնույնն է, կազմում են մեծամասնություն։ Շրջակա միջավայրի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 36 գնում։ Մեծամասնությունն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ 24 գնում, որն ընդհանուր գնումների 66,6%-ն է։ Ընդհանուր գումարը կազմել է 29 մլն դրամ, որից 11,5 մլն՝ 39,6%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել է 42 գնում, որից 30-ը կամ 71,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 14,2 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 8,5 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 59,8%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 38 գնում, որոնց մեծ մասը՝ շուրջ 68,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 13,8 մլն դրամ է։ Մեկ անձից գնում կատարելու համար տրամադրվել է շուրջ 10,6 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 76,8%-ն։ 2018 թ․ երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 55 գնում։ Մեկ անձից գնման ընթացակարգով իրականացվել է 40 գնում, որն ընդհանուր գնումների 72,7%-ն է։ Գնումների ընդհանուր գումարը 81,8 մլն դրամ է, որի զգալի մեծամասնությունը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար․ շուրջ 78,2 մլն դրամ՝ 95,6%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Շրջակա միջավայրի նախարարության գնումներից նույնպես պարզ է դառնում, որ այս նախարարությունը նույնպես մեծամասամբ գնումներ է կատարել մեկ անձից, ինչը օրենքով խրախուսելի չէ։ Պաշտպանության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Պաշտպանության նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից միայն 6-ը կամ 19%-ը բաժին է ընկնում մեկ անձից գնումներին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը եղել է 716,7 մլն դրամ։ Մեկ անձից գնմանը տրամադրվել է 104 մլն դրամ կամ ընդհանուր գնումների արժեքի 14,5%-ը։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է համեմատաբար շատ՝ 173 գնում, որից ընդամենը 12-ը կամ 6,9%-ն է իրականացվել մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 9 մլրդ 831 մլն դրամ, որից 2 մլրդ 841 մլն դրամը՝ 28,9%-ը, իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ երեք ամիսներին իրականացվել է 233 պետական գնում։ Այս գնումներից 20-ը կամ 8,5%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 13 մլրդ 687 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 3 մլրդ 894 մլն դրամ՝ 28,4%։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 227 գնում, որից 18-ը՝ 7,9%-ը բաժին է հասնում մեկ անձից գնման ընթացակարգին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 17 մլրդ 674 մլն դրամ է։ Մեկ անձից գնման համար տրամադրվել է 8 մլրդ 300 մլն դրամ, որն գնումների ընդհանուր արժեքի 46,9%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Պաշտպանության նախարարությունը տեղեկատվության ազատության եւ բաց աշխատելաոճի առումով երբեք աչքի չի ընկել, սակայն պետական գնումների առումով, ինչպես տեսնում ենք, վերոնշյալ բոլոր նախարարությունների համեմատ ամենաքիչը մեկ անձից գնում կատարել է հենց այս նախարարությունը։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 88 պետական գնում, որից 20-ը կամ 22,7%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 6 մլրդ 425 մլն դրամ է, որից մեկ անձից գնումների համար տրամադրվել է 7,6 մլն դրամ։ Սա գնումների ընդհանուր արժեքի 0,11%-ն է։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 37 պետական գնում, որից 25-ը՝ 67,5% իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 256,2 մլն դրամ է, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 37,4 մլն դրամ, որը գնումների ընդհանուր արժեքի 14,6%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 19 պետական գնում, 7-ը՝ 36,8%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը՝ 25,8 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 2,5 մլն դրամ՝ 9,6%։ 2018 թ․ ընթացքում գնումները եղել են 25-ը, որից 15-ը կամ 60%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 134,9 մլն դրամ, որից 16,3 մլն դրամը կամ 12%-ը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Ֆինանսների նախարարությունը սեփական կարիքների համար կատարել է 24 պետական գնում, որից 18-ը՝ 75%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 333,9 մլն դրամ, որից 49,7 մլն դրամը կամ 14,8%-ը հատկացվել է մեկ անձից կատարվող գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 31 գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 363,5 մլն դրամ, որից 45,1 մլն դրամը՝ 12,4%-ը՝ մեկ անձից կատարվող գնումների համար։ 2019 թ․ ընթացքում իրականացվել է 36 պետական գնում, որից 23-ը կամ 63,8%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար ընդհանուր առմամբ հատկացվել է 222,9 մլն դրամ, որից 60,1 մլն դրամը՝ 26,9%-ը՝ մեկ անձից գնումներ կատարելու համար։ 2018 թ․ 52 գնում, որից 23-ը՝ 44,2%-ը՝ մեկ անձից։ Գնումների համար հատկացվել է 184,5 մլն դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար՝ 108,6 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 58,8%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարության վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում կատարված գնումներից իմանում ենք, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մինչեւ 75%-ը։ Ընդ որում՝ մինչեւ հեղափոխությունը մեկ անձից գնումներն ավելի քիչ տոկոս են զբաղեցրել, քան դրանից հետո։ Սակայն գնումներին տրամադրված գումարի առումով պատկերն այլ է։ Ինպես տեսնում ենք երկրորդ գծապատկերում, մեկ անձից գնումներ իրականացնելու համար ամենաշատ գումարը տրամադրվել է 2018 թվականին։ Ընդհանուր առմամբ 12 նախարարությունները 2018-2021 թթ․ առաջին եռամսյակում իրականացրել են 5662 պետական գնում, որից 4338-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Սա կազմում է ընդհանուր գնումների 76,6%-ը։  Այս 4 տարիների առաջին եռամսյակում իրականացված գնումների համար ընդհանոուր առմամբ հատկացվել է 272,1 մլրդ ՀՀ դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար հատկացվել է 229,8 մլրդ դրամ։ Սա գնումների ընդհանուր գումարի 84,4%-ն է։ Այսպիսով՝ ամփոփելով բոլոր 12 նախարարությունների վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում իրականացվող պետական գնումները, կարող ենք եզրակացնել, որ նախարարությունների՝ գնումների ոլորտում ունեցած նախապատվությունը չի փոխվել, ավելին՝ նախարարություններից մի քանիսը մեկ անձից իրականացվող գնումները կրկնապատկել են 2018-ի համեմատությամբ։ Նարեկ Մարտիրոսյան
19:07 - 22 մայիսի, 2021
7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

Նկարը՝ Iravaban.net-ի ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում։ Այս խորհրդարանը գործունեություն ծավալեց 2 տարի 5 ամիս, և այս տարվա մայիսի 10-ին արձակվեց իրավունքի ուժով՝ Նիկոլ Փաշինյանին երկու անգամ վարչապետ չընտրելու մեթոդով, որպեսզի հունիսին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ նոր ընտրություններ։ 2 տարի 5 ամիս օրենսդիր մարմնում գործունեություն են ծավալել երեք խմբակցություններ՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»։ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում  Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ, մշակում, նաև փոփոխում է օրենքներ և այլն: Հետևաբար օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած երեք ուժերի աշխատանքի գնահատման մեթոդներից մեկն էլ նրանց ներկայացրած և ընդունած օրենսդրական նախագծերն են։ Օրենսդրական նախագծերի ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել Ազգային ժողովի պաշտոնական Parliament.am կայքը, որտեղ հրապարակվում են պատգամավորների ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ և դեռևս չեն քննարկվել, կամ ընդգրկվել են ԱԺ օրակարգում, բայց դեռ չեն ընդունվել, կամ էլ ընդունվել են ամբողջությամբ։ «Իմ քայլը» խմբակցություն Այսպես, 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունն ունի 81 պատգամավոր, որոնցից 15-ը այս գումարման Ազգային ժողովում չունեն ընդունված նախագծեր, իսկ նրանց մի մասը պարզապես չեն էլ ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Այս պատգամավորներից ոմանք միայն վերջերս են ստանձնել պատգամավորական մանդատը, սակայն կան նաև պատգամավորներ, որոնք արդեն 2 տարի 5 ամիս է՝ օրենսդիրում են։ Օրինակ՝ Մաթևոս Ասատրյանը խորհրդարանում 2 տարի 5 ամիս աշխատելու ընթացքում համահեղինակության կարգով նախաձեռնել է 2 օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, սակայն դրանցից մեկը հեղինակը հետ է վերցրել, իսկ մյուսը հանվել է շրջանառությունից։ Այսինքն՝ պատգամավորը 7-րդ գումարման Ազգային ժողովում աշխատել է 2 օրենքի փոփոխության նախագծերի վրա, որոնք չեն ընդունվել։ Պատգամավոր Միքայել Զոլյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել ոչ մի նախագիծ։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չունի ո՛չ ընդունված, ո՛չ օրակագում ընդգրկված և ո՛չ էլ շրջանառության մեջ դրած նախագծեր։ Պատգամավոր Սեդրակ Թևոնյանը նույնպես 7-րդ գումարման Ազգային ժողովում որևէ նախագիծ չի ներկայացրել։ Վերջինիս որպես հանձնաժողովի անդամ ներգրավված է եղել «ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» նախագծի կազմում։ Պատգամավոր Կնյազ Հասանովը Ազգային ժողովում քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր է։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում Ազգային ժողովին չի ներկայացրել և չի համահեղինակել որևէ օրենսդրական նախագիծ։ Պատգամավոր Սասուն Միքայելյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Վերջինիս ներգրավված է եղել մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում։ Պատգամավոր Արտաշես Թևոսյանը մանդատը ստանձնել է խորհրդարանի ձևավորման հենց սկզբից։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում ներկայացրել է միայն մեկ նախագիծ, սակայն հետագայում հետ է կանչել այն։ Պատգամավորը չունի ընդունված ոչ մի նախագիծ, սակայն մեկ նախագիծ ընդգրկված է օրակարգում, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Սա վերջին 2,5 տարիների ընթացքում միակ նախագիծն է, որը դեռևս ամբողջությամբ ընդունված չէ։  Արման Եղոյանը չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Վերջինս մի քանի օրենսդրական նախագծերի համահեղինակ է եղել, որոնք, սակայն, հեղինակը հետ է կանչել։ Նախագծերից մեկը, որի համահեղինակ է եղել Արման Եղոյանը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին է․ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, որից հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Մեկ այլ նախագիծ էլ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին է, որը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հետ է վերցվել։ Այս նախագիծը նորից ներկայացվել է ԱԺ․ ընդունվել առաջին ընթերցմամբ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծում Եղոյանը նույնպես ներառված է եղել․ այս դեպքում էլ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Երկրորդ անգամ ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Կինեմատոգրաֆիայի մասին մշակված նախագիծը արժանացել է նույն ճակատագրին, ինչ նախորդ երեք նախագծերը։ Այս անգամ ևս ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Այսինքն՝ այս պահին Եղոյանը օրակարգում ընդգրկված 3 նախագծերի համահեղինակ է։ Նարեկ Ղահրամանյանը պատգամավորական մանդատը ստանձնել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին, որից օրեր անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սա կարող է պատճառ լինել օրենսդրական բնականոն գործունեության խաթարման, բայց, այնուամենայնիվ, պատգամավորը դեռևս չունի ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն նա համահեղինակ է օրենսդրական 2 նախագծի, որոնք ընգրկված են օրակարգում, իսկ մեկ նախագիծ էլ դեռ օրակարգում չէ։ Նախագծերից մեկը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է, մյուսը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Պատգամավորը նույն օրենսգրքում մեկ այլ փոփոխություն էլ է նախաձեռնել, որը շրջանառության մեջ է։ Պատգամավորներ Գոռ Երանյանը և Կարապետ Մխչյանը պատգամավորական մանդատ են ստանձնել համապատասխանաբար 2020 թվականի հոկտեմբերի 1-ին և 13-ին, սակայն նրանցից մեկն ընդհանրապես չունի նեկայացրած նախաձեռնություն, մյուսն ունի ներկայացրած, սակայն դեռ չեն ընդունվել։ Մասնավորապես Գոռ Երանյանը ընդհանրապես չունի ներկայացրած նախագիծ։ Կարապետ Մխչյանը օրենսդրական երկու [1,2] նախագծերի մշակման աշխատանքներում մասնակցություն է ունեցել, որոնք, սակայն, հեղինակը հետ է վերցրել։ Երկու նախագծերն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Պատգամավոր Հայկ Ցիրունյանը մանդատը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 27-ին։ Պատգամավորը համահեղինակ է երկու նախագծերի, որոնք այժմ ընդգրկված են օրակարգում։ Դրանցից մեկը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է, մյուսը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Պատգամավորը մինչ օրս չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Պատգամավորներ Նարեկ Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը և Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, 14-ին և 24-ին։ Մանդատը ստանձնելուց ի վեր Նարեկ Գրիգորյանը չի ներկայացրել և համահեղինակության կարգով ներգրավված չի եղել որևէ օրենսդրական նախագծում։ Կարեն Գրիգորյանը մասնակցություն ունի 2 օրենսդրական նախագծում, որոնք հեղինակը հետ է վերցրել։ Նախագծերից երկուսն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Երկուսի դեպքում էլ նախատեսված են եղել գրեթե նույն փոփոխություններ, սակայն ինչ-ինչ պատճառներով երկու անգամ էլ հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնելուց հետո մինչ օրս չի համահեղինակել և չունի որևէ ներկայացրած նախագիծ։  Պատգամավորներ Էմմա Պալյանը և Վահագն Ալեքսանյանը մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2021 թվականի մարտի 22-ին և ապրիլի 6-ին։ Վերջիններս նույնպես օրենսդրական նախագծեր չեն հեղինակել կամ համահեղինակել։ Կան պատգամավորներ, որոնք ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ ունեն, սակայն նրանցից շատերինը նույն օրենսդրական նախագիծն է, որը մշակվել է շուրջ 55 պատգամավորների համատեղ ջանքերով։ Այսպես՝ պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Սարգսյանը և Լիլիթ Ստեփանյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրենքի նախագծի համահեղինակ են։ Այս շարքի պատգամավորներից Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը և Արեն Մկրտչյանը չունեն հեղինակած կամ համահեղինակած օրենսդրական նախագծեր։ Վերջիններս չունեն նույնիսկ ներկայացրած օրենսդրական նախագծեր, բացի այս մեկից, որի կազմում իրենք նույնպես ընդգրկված են եղել։ Սերգեյ Մովսիսյանը համահեղինակ է 2 օրենսդրական նախագծի, որոնք դրվել են շրջանառության, սակայն դեռ չեն ընդգրկվել օրակարգում։ Հայկ Սարգսյանը 7-րդ գումարման ԱԺ-ում ներկայացրել է 4 նախագիծ, սակայն բոլորի դեպքում էլ հեղինակը ընթացքից հետ է վերցրել։ Սարգսյանն այս պահին ունի 1 նախագիծ, որը դրվել է շրջանառության, սակայն դեռ ընգրկված չէ օրակարգում։ Մերի Գալստյանը ներկայացված է եղել 15 օրենսդրական նախագծերում․ բոլորի դեպքում հեղինակը ընթացքից հետ է վերցրել նախագիծը։ Այժմ պատգամավորը ներկայացված է 3 նախագծում, որոնք դրվել են շրջանառության, բայց դեռ ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Լիլիթ Ստեփանյան 1 նախագծի հեղինակ է, սակայն ընթացքում այն հետ է վերցրել։ Այժմ կան 6 նախագծեր, որոնք շրջանառության մեջ են, սակայն դեռ օրակարգում չեն ընդգրկվել։ Պատգամավորներ Ալեքսանդր Ավետիսյանը, Տաթևիկ Գասպարյանը և Արթուր Մանուկյանը համահեղինակ են ընդունված միայն մեկ օրենսդրական նախագծի՝ ««Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»։ Սակայն, բացի այս երեք պատգամավորներից, նախագծի համահեղինակ են ևս 35 պատգամավորներ։ Այս պատգամավորներից Ալեքսանդր Ավետիսյանը և Տաթևիկ Գասպարյանը բացի այս նախագծում ներգրավված լինելուց, չեն ներկայացրել որևէ այլ օրենսդրական նախագիծ։ Արթուր Մանուկյանը ներգրավված է 2 օրենսդրական նախագրեծում, որոնք ընդգրկված են օրակարգում։ 1 օրենսդրական նախագծի համահեղինակ է նաև պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Բացի այս մեկ ընդունված օրենսդրական նախագծից, պատգամավորը ներգրավված չի եղել որևէ այլ օրենսդրական նախագծում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Ընդդիմադիր ուժերի պարագան մի փոքր այլ է։ Վերջիններս հնարավոր է չունենան ընդունված օրենսդրական նախագծեր իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանում մեծ թվով ներկայացված լինելու պատճառով։ Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախագծերը չեն ընդունվում իշխանության ներկայացուցիչների դեմ քվեարկելու պատճառով, ինչը սովորաբար չի լինում «Իմ քայլի» ներկայացրած նախագծերի պարագայում։ Այնուամենայնիվ ստորև ներկայացնում ենք այս խմբակցության պատգամավորների ներկայացրած, ընդունված և չընդունված նախագծերի մի մասի վերաբերյալ ամփոփ տվյալներ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Նորա Առուստամյանը, Վարդևան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Կարինե Պողոսյանը և Սողոմոն Սողոմոնյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում ունեն ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ, սակայն այս նախագծի վրա համահեղինակության կարգով աշխատել են շուրջ 38 պատգամավորներ, որոնց թվում էին նաև հիշյալ անձինք։ Նախագիծը COVID 19-ի տարածումը կանխելու, կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին է։ Վերոնշյալ պատգամավորներից Գագիկ Ծառուկյանը և Սողոմոն Սողոմոնյանը բացի այս ընդունված նախագծիչ չեն ներկայացրել որևէ այլ նախագիծ։ Պատգամավոր Նորա Առուստամյանը ներկայացրել է 2 օրենսդրական նախագիծ, սակայն դրանք մերժվել են։ Վերջինս ունի նաև օրակարգում ընդգրկված 1 նախագիծ։ Վարդևան Գրիգորյանը համահեղինակել է 5 նախագիծ, որոնցից 1-ը մերժվել է, 4-ը  հետ է վերցվել։ պատգամավոր Կարինե Պողոսյան ներկայացված է 2 օրեսնդրական նախագծում, որոնք սակայն հետ են վերցվել։ Պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը, Քաջիկ Գևորգյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Հրանտ Մադաթյանը, Տիգրան Ստեփանյանը, Վարդան Վարդանյանը և Իվետա Տոնոյանն ունեն ընդունված 2 օրենսդրական նախագիծ, որից մեկը հիշյալ նախագիծն է։ Այս պատգամավորներից Արայիկ Աղաբաբյանը, Տիգրան Ստեփանյանը և Վարդան Վարդանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր։ Քաջիկ Գևորգյան համահեղինակ է մի նախագծի, որը դրվել է շրջանառության, սական ընդգրված չէ օրակարգում։ Ջանիբեկ Հայրապետյանը ներկայացրել է 5 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հեղինակը հետ է վերցրել, 2-ը՝ մերժվել։ Հրանտ Մադաթյան ներկայացված է 10 օրենսդրական նախագծում, որոնցից 9-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ Իվետա Տոնոյանը ներկայացրել է 4 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն Ինչպես արդեն նշեցինք ընդդիմադիր պատգամավորների պարագայում մի փոքր այլ է։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մի քանի անգամ ասել է, որ իրենց խմբակցության ներկայացրած նախագծերը իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում՝ դեմ քվեարկելով, որից հետո, ամիսներ անց, որոշակի փոփոխության ենթարկելով իրենց անվան տակ ներկայացնում են նույն նախագծերը և ընդունում։ Հետևաբար ընդդիմադիր պատգամավորների մոտ հաճախակի են դեպքերը, երբ ներկայացվել են նախագծեր, որոնք չեն ընդունվել։ Այսպես, օրինակ, պատգամավորներ Հրանտ Այվազյանը, Սրբուհի Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն վերջիններս ունեն ներկայացրած նախագծեր, որոնց մի մասը հենց հեղինակներն են հետ կանչել, մի մասն էլ մերժվել է։ Նշված պատգամավորներից Հրանտ Այվազյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ներկայացված օրենսդրական այլ նախագծեր։ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է 4 նախագիծ, որոնցից 2-ը հետ է վերցվել, 2-ը՝ մերժվել։ Սարիկ Մինասյանը ներկայացրել է 1 նախագիծ, որը հետագայում հետ է վերցրել։ Սարգիս Ալեքսանյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը և Ռուբիկ Ստեփանյանն ունեն միայն մեկ ընդունված օրենսդրական նախագիծ, որը այն նույն նախագիծն է, որի մասին արդեն խոսեցինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների գործունեությունը ներկայացնելիս։ Այս պատգամավորներից Սարգիս Ալեքսանյանը, Արմեն Եղիազարյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը, Գուրգեն Բաղդասարյանը և Ռուբիկ Ստեփանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր, բացի վերոնշյալից։ Պատգամավոր Աննա Կոստանյան ներկայացրել է 8 օրենսդրական նախագիծ, որոնցից 5-ը հեղինակը հետ է վերցրել, 3-ը՝ մերժվել է։ Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հիմնականում նախաձեռնությունները ներկայացնում է խմբակցության և ոչ անհատ պատգամավորների անունից։ Ընդհանուր առմամբ խմբակցությունը ներկայացրել է մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցից ընդունվել են 39-ը։  Խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ 7-րդ գումարման խորհրդարանում կան 3 խմբակցություններում չընդգրկված 9 պատգամավորներ։ Նրանցից Աննա Գրիգորյանը և Թագուհի Թովմասյանը համահեղինակել են միայն 1 օրենսդրական նախագիծ։ Այս նախագծի համահեղինակ է նաև մեկ այլ անկախ պատգամավոր՝ Վարդան Աթաբեկյանը։ Վերջինս համահեղինակել է նաև մեկ այլ օրենսդրական նախագիծ։ Աննա Գրիգորյանը բացի այս նախագծից համահեղինակության կարգով ընդգրկված է նաև երկու այլ նախագծերում, որոնք դրվել են շրջանառության, սական դեռ չեն մտել օրակարգ։ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է 4 այլ նախագիծ, որոնք դրվել են շրջանառության, սակայն ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, բացի 2 ընդունված օրենսդրական նախագծերից, համահեղինակել է մեկ օրենսդրական նախագիծ, որը հետագայում հեղինակը հետ է վերցրել 2 ընդունված օրենսդրական նախագիծ ներկայացնողների շարքում են նաև անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը։ Գոռ Գևորգյանը, բացի 2 ընդունված նախագծերից, ներկայացրել է նաև 1 այլ նախագիծ, որը դրվել է շրջանառության մեջ, սակայն դեռևս ընդգրկված չէ օրակարգում։ Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը ներկայացրել են մի շարք օրենսդրական նախագծեր, որոնց մի մասը հեղինակներն են հետ վերցրել, մի մասն էլ մերժվել է խորհրդարանի կողմից։ Ընդհանուր պատկերը դիտարկելիս տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանին ներկայացված օրենսդրական նախագծերը հիմնականում ընդունվել են առանց խնդիրների, իսկ ընդդիմության ներկայացրած նախագծերի պարագայում կան մերժված շատ նախագծեր։ Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից ոմանք չեն ներկայացրել և չունեն գեթ մեկ ներկայացված օրենսդրական նախագիծ, ոմանք էլ ունեն ներկայացված նախագծեր, սակայն միայն մեկ կամ երկուսն են ընդունվել խորհրդարանի կողմից։ Քանի որ օրենսդիր մարմնի գործառույթներից մեկն էլ օրենքներ մշակել, լրացնել և հեղինակելն է, հետևաբար, սա ակնառու ապացույց է, որի միջոցով էլ կարող ենք պատկերացում կազմել օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած պատգամավորների աշխատանքի մասին՝ այս խորհրդարանի արձակման պահին և նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին։ Նարեկ Մարտիրոսյան
15:40 - 21 մայիսի, 2021
«Premise» հավելված. Հայաստանի համար հնարավոր վտանգներ

«Premise» հավելված. Հայաստանի համար հնարավոր վտանգներ

Վերջին օրերին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցում և տարբեր խաղերում հայտնվում է «Premise» հավելվածի գովազդը։ Գովազդը տարածվում է թուրքական անվանումով «Premise-Katılımcıları-Türkçe» էջից։ Այս հավելածը ստեղծել է  «Premise Data Corporation» ամերիկյան ընկերությունը, որը հիմնադրվել է 2012-ին։ «Premise Data Corporation»-ի ղեկավար կազմում ազգությամբ թուրքեր չկան, իսկ ֆինանսական աղբյուրները հիմնականում վենչուրային ընկերությունների ներդրումներն են։ Ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջն անգլալեզու է։   Ի՞նչ գործունեություն է ծավալում ընկերությունը «Premise» հավելվածը ստեղծվել է, որ աշխարհի տարբեր հատվածներում մարդիկ այն ներբեռնեն և իրենց քաղաքի, շրջակայքի մասին տեղեկություններ տրամադրեն «Premise Data Corporation»-ին։ Այդ տեղեկությունները կարող են լինել տարբեր բնույթի՝ այս կամ այն ենթակառուցվածքի առկայութուն կամ բացակայություն, խցանումներ և այլն։ Մարդիկ տեղեկությունները կարող են փոխանցել՝ իրենց շրջակայքից լուսանկարներ ներբեռնելով հավելված կամ այնտեղ նշված հարցերին պատասխանելով։ Մարդիկ այս գործողությունների համար նաև կարողանում են գումար ստանալ և հետո այն կանխիկացնել։ «Premise Data Corporation»-ը նշում է, որ այս տեղեկությունները հավաքում է տարբեր կառավարությունների, հումանիտար օգնություն իրականացնող, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների համար։ Ընկերության փոխանցած տվյալների համաձայն՝ իր հաճախորդներից են եղել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Համաշխարհային բանկը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) («Premise Data Corporation» ընկերության գործունեության մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ)։ Ինչ վերաբերում է թուրքալեզու էջին, ապա «Premise Data Corporation»-ը մտադիր է ընդլայնվել և աշխատակիցներ ունի տարբեր երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից։ Թուրքալեզու էջի վերնագիրն էլ թարգամանաբար նշանակում է «Premise-մասնակիցներ-թուրքերեն» և նախատեսված է Թուրքիայում հավելվածից օգտվողների համար։ Այս էջն ունի ադմինիստրատորներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Ֆիլիպիններից։   Վտանգավո՞ր է «Premise» հավելվածից օգտվելը Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ այս հավելվածը նոր չէ տարածվում, և նմանատիպ տեղեկություններ հավաքող այլ հավելվածներ ևս կան․ «Դեռ պատերազմի ժամանակ էին նման բաներ անում։ Սա փորձ է հանրային միջոցով տեղեկություն հավաքելու։ Նաև հավաքում են տեսանյութեր, աուդիոձայնագրություններ, օրինակ՝ տեքստ են տալիս, ասում են՝ սա կարդա։ Դեռ պատերազմի ժամանակ, օրինակ, հավաքում էին Կապանի կամ Սյունիքի այլ քաղաքների բարբառներով խոսակցություններ, որին, իհարկե, բացատրություն չէր տրվում, բայց շատ մեծ է հավանականությունը, որ դա հատուկ ծառայություններն էին անում և՛ ինֆորմացիա ստանալու, և՛ հետագայում իրականին նման կեղծիքներ ստեղծելու համար»։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ «Premise Data Corporation»-ը և նրա «Premise» հավելվածը վտանգավոր չեն, այլ հարց է, թե ընկերությունն ում պատվերով է տեղեկություններ հավաքում․ «Այս ծրագիրը միջազգային է, կան նմանատիպ այլ ծրագրեր, ու սա խնդրահարույց բան չէ, մեծ հաշվով։ Այսինքն՝ իսկապես կան կազմակերպություններ, որոնք կառավարություներից ստանում են պատվեր և, օրինակ, կոնկրետ տեղերից տեսանյութեր և լուսանկարներ են հավաքում, որպեսզի ենթակառուցվածքների բարեփոխումներ անեն, որովհետև հատկապես մեծ երկրների կառավարությունները այսպես ունենում են հնարավություն ստանալու ամեն մի տեղից տեղեկություն, ինչն ավելի էժան է, քան ամեն տեղ ինչ-որ հանձնաժողով ուղարկելը։ Հիմնականում աշխատում են կառավարությունների կամ մեծ կորպորացիների հետ, որոնք էլի նմանատիպ ենթակառուցվածքներ են ստեղծում։ Պարզ է, որ իրենք պատվերը կատարում են՝ անկախ նրանից, թե ով է պատվիրատուն, և Հայաստանի դեպքում պատվիրատուն կարող են լինել Ադրբեջանի կամ Թուրքիայի կառավարությունները»։ Սամվել Մարտիրոսյանը նշում է՝ հավանականությունը, որ այս հավելվածը կարող է օգտագործվել հենց հետախուզական նպատակներով, շատ մեծ է։ Անդրադառնալով նրան, որ Հայաստանում գովազդը տարածվում է ընկերության թուրքալեզու էջից, Մարտիրոսյանն ասում է՝ դա այնքան էլ մեծ նշանակություն չունի․ գովազդը նույն կերպ կարող էր տարածվել նմանատիպ տեղեկություններ հավաքող մեկ այլ ընկերության, օրինակ, ֆրանսիական մասնաճյուղի էջից։ Կարևորն այն է, թե Հայաստանից տեղեկություններ հավաքելու պատվեր որ երկրի կառավարությունն է տվել ընկերությանը։ Խոսելով այն մասին, թե ինչ արժեքավոր տեղեկություններ մարդիկ կարող են այս հավելվածի միջոցով փոխանցել ընկերությանը և, հետևաբար, պատվիրատուին, Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ այս դեպքում խնդիրը ռազմական օբյեկտների մասին տեղեկությունները չեն․ «Քաղաքացիական ենթակառուցվածքների ձևը, տեսակը, դրանց հին ու նոր լինելը նույնպես ռազմական, հետախուզական ինֆորմացիա են, որոնք թույլ են տալիս կառավարելի դարձնել, օրինակ, ուրիշ երկրի վրա հարձակումը։ Ադրբեջանական բանակի համար դա կարևոր տեղեկություն է»։ Ամփոփելով կարող ենք նշել, որ «Premise Data Corporation»-ը ոչ թե թուրքական, այլ ամերկյան ընկերություն է, իսկ «Premise» հավելվածը ներբեռնելը վտանգավոր չէ։ Սակայն Հայաստանի համար վտանգավոր է այն փաստը, որ «Premise Data Corporation»-ն իր հավելվածի միջոցով տեղեկություններ է հավաքում նաև տարբեր երկրների կառավարությունների պատվերներով, և մեծ է հավանականությունը, որ Հայաստանի ենթակառուցվածքների, քաղաքացիական օբյեկտների մասին կամ այլ տեղեկություններ հավաքելու պատվեր կարող են տված լինել Ադրբեջանի կամ Թուրքիայի կառավարությունները։ Աննա Սահակյան
17:39 - 20 մայիսի, 2021
Հայաստանի՝ զբոսաշրջիկների համար ռիսկի գոտում հայտնվելը ոչ բոլոր դեպքերում ու ոչ ամբողջությամբ է կապված սահմանային լարվածության հետ

Հայաստանի՝ զբոսաշրջիկների համար ռիսկի գոտում հայտնվելը ոչ բոլոր դեպքերում ու ոչ ամբողջությամբ է կապված սահմանային լարվածության հետ

Վերջին օրերին ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հատվածներում իրավիճակը շարունակում է լարված մնալ ադրբեջանական զորքի՝ հայկական ինքնիշխան տարածք ներխուժելու և չհեռանալու պատճառով։ Մինչ օրս ադրբեջանական կողմի հետ բանակցություններն էական արդյունք չեն տվել, և ադրբեջանական ուժերը շարունակում են մնալ հայկական տարածքում։ Այս ամենին զուգահեռ, երեկ հայկական մեդիատիրույթում ակտիվորեն սկսեց տարածվել ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի ՀՀ և ԼՂ։ Սրանից ժամեր անց շրջանառվեց նաև Լեհաստանի դեսպանության՝ իր քաղաքացիներին ուղղված կոչը, ըստ որի՝ քաղաքացիներին հորդորում են չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։ Որոշ ժամանակ անց մեդիայում սկսեցին նաև տեղեկություն շրջանառել, որ Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Հայաստան, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ եղած սահմանագծի մոտակայք։ Այս անգամ լուրի սկզբնաղբյուրը տելեգրամյան ալիք էր։ Տեղեկությունները տարածվեցին Հայաստանի սահմաններին տիրող լարվածության ֆոնին, ինչն էլ մտայնություն ստեղծեց, թե նշված երկրները միայն այս դեպքերից հետո են իրենց քաղաքացիներին կոչ արել չայցելել Հայաստան։ ԱՄՆ հայտարարությունը թարմացվել է մայիսի 18-ին, հետևաբար դրա վրա ազդեցություն է ունեցել նաև այս պահին ՀՀ-ում տիրող սահմանային լարվածությունը, սակայն միայն դրանով չէ պայմանավորված։ ԱՄՆ-ն, օրինակ, իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Հայաստան և ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձ՝ 4-րդ մակարդակի, որը կարմիրն է։ Այսպես է գրել Factor.am լրատվական կայքը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։  Իրականում, ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանը ներառել է ամենաբարձր ռիսկային գոտիների ցանկում, սակայն սա ամենևին էլ պայմանավորված չէ վերջին օրերին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ ԱՄՆ Պետդեպարտամետի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ այն թարմացվել է մայիսի 18-ին, սակայն ինտերնետային արխիվի միջոցով հնարավոր եղավ պարզել, թե երբվանից սկսած է Հայաստանն ընդգրկված ռիսկային 4-րդ մակարդակում։ Այսպես՝ ապրիլի 21-ից սկսած Հայաստանը ընդգրկվել է ռիսկային 4-րդ՝ ամենաբարձ մակարդակում՝ մինչ այդ լինելով 3-րդ մակարդակում։  Ընդհանուր առմամբ, բովանդակային առումով հրապարակված տեքստերը նույնպես մոտ էին։ Երկու դեպքում էլ հայտարարվում է, որ վերջին ռազմական գործողությունների պատճառով չայցելեն Արցախ։ Ինչպես նաև երկու դեպքում էլ զգուշացվում է հեռու մնալ Ադրբեջանի հետ սահմանային գծերից։ Հայտարարության թարմացված տարբերակում, որը կարող ենք կապել սահմանային լարվածության հետ, սահմանների վերաբերյալ միայն մի բան է ավելացել, ըստ որի՝ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները և վերահսկվել անցակետով։  Լեհաստանի դեսպանատունը նույնպես իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստան, մասնավորապես՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։ Դեսպանատունը մայիսի 18-ին Հայտարարություն էր տարածել նաև ֆեյսբուքյան էջի միջոցով։ Սակայն օգտվելով ինտերնետային արխիվից՝ հնարավոր եղավ պարզել, որ այս հայտարարությունը նույնն է եղել, օրինակ, 2020 թվականի հոկտեմբերի 18-ին, այսինքն՝ հայտարարության տեքստում որևէ բան չի փոխվել վերջին օրերի իրադարձություններից հետո։ Այնուամենայնիվ, նույն հայտարարությունը մայիսի 18-ին դեսպանատունը ֆեյսբուքյան էջում տարածել էր, ինչը նշանակում է, որ դա կապված է նաև ՀՀ սահմանային լարվածության հետ։ Այս թեմայով երրորդ լուրը Մեծ Բրիտանիայի՝ իր քաղաքացիներին Հայաստան չայցելելու խորհուրդ տալն էր։ Ինչպես արդեն նշեցինք, լուրը տարածվել էր տելեգրամյան ալիքներից մեկից։ Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քաղաքացիներին խորհուրդ են տալիս զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներից, ինչպես նաև Իջևանի և Նոյեմբերյանի միջև գտնվող ճանապարհի մի հատվածից։ Սակայն հայտարարությունը վերջին անգամ թարմացվել է այս տարվա փետրվարի 24-ին, այսինքն՝ սա ևս չի կարող կապվել վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ։  Ընդ որում, եթե ինտերնետային արխիվի միջոցով նայենք ավելի վաղ տեղադրված հայտարարությունները, ապա կտեսնենք, որ, օրինակ, 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, երբ դեռ չէր էլ սկվել 44-օրյա պատերազմը, Մեծ Բրիտանիան դարձյալ տեքստով զգուշացնում էր իր քաղաքացիներին Հայաստան այցի վերաբերյալ։ Մինչև պատերազմը զգուշացվում էին միայն Գեղարքունիքի և Տավուշի մարզերի հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, իսկ արդեն նոյեմբերի 5-ից սկսած՝ ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ։ Այսպիսով կարող ենք փաստել, որ թեև ԱՄՆ հայտարարությունը թարմացվել է մայիսի 18-ին, Լեհաստանի դեսպանատունը նոր է ֆեյսբուքյան էջում տարածել Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր չայցելելու մասին հայտարարությունը, այնուամենայնիվ Հայաստանը ռիսկի գոտում էր ավելի վաղ, քան սահմանային վերջին միջադեպերը, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նոր հաղորդագրություն չի տարածել։ Նարեկ Մարտիրոսյան
13:53 - 20 մայիսի, 2021
Սահմանները լիարժեք կահավորված չեն․ Թագուհի Թովմասյանը ճիշտ էր

Սահմանները լիարժեք կահավորված չեն․ Թագուհի Թովմասյանը ճիշտ էր

Մի շաբաթ առաջ՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, խորհրդարանի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն ընտրվել է Գեղարքունիքի մարզից, հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ մտահոգություն հայտնելով, որ պատերազմի ավարտից մոտ կես տարի է անցել, բայց առաջնագծի կահավորման խնդիր կա։ «Գոնե մեր մարզում (Գեղարքունիքում- խմբ․), ինչպես նաև ականատես եմ եղել Սյունիքում, մենք մեծապես չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ, և մեր անվտանգությունն, ըստ էության, գտնվում է, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում։ Ի՞նչ խոչընդոտներ ունենք, ի՞նչ է սպասվում մեզ մինչև սահմանային վերջանական ճշգրտումները, ինչո՞ւ չունենք կահավորված առաջնագիծ»,- հարցրեց պատգամավորը։ Փաշինյանը Թագուհի Թովմասյանի հարցին կոշտ արձագանքեց՝ նշելով․ «Շատ դեպքերում, երբ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի։ Խնդրում եմ՝ հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով, քարտեզներո՛վ հրապարակեք, ասե՛ք՝ օրինակ, կոորդինատ էսինչից էնինչը մենք չունենք խրամատներ, էստեղ մի քիչ ուժեղ ենք, էստեղով չարժի հարձակվել, բայց կողքը փոքր միջանցք կա, կարելի ա ստեղից մտնել»։  Պատգամավորը հակադարձեց վարչապետի պաշտոնակատարին՝ ասելով․ «Մեր առաջնագիծը գտնվում է ուղիղ Ադրբեջանի տեսադաշտում, և նրանք շատ լավ տեսնում են։ Այստեղ որևէ կոորդինատի հարց չկա, ես որևէ ռազմական գաղտնիք չբացահայտեցի, ընդամենը հարցրի՝ ինչու է մեր պաշտպանական համակարգը գտնվում այդ վիճակում»։  Պատգամավորի հակադարձմանը և հարցին Նիկոլ Փաշինյանը տվեց խուսափողական պատասխան՝ ընդամենն ասելով, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլև Թովմասյանը չեն կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է․ «Արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի։ Այն առաջնագիծը, որը տեսանելի է, կանխատեսելի է, մատչելի է, վատ առաջնագիծ է»։ Մայիսի 12-ի առավոտյան հայաստանյան մամուլում սկսեցին տեղեկություններ շրջանառվել, թե ադրբեջանական կողմը ներխուժել է Սև լճի՝ ՀՀ տարածքում գտնվող հատված, այսինքն՝ Սյունիքի մարզ։ Պաշտպանության նախարարության՝ ավելի ուշ տարածած հաղորդագրությունում ասվում էր․ «Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում»։  Մայիսի 13-ին Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց, և վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։ Հայաստանը որոշեց դիմել ՀԱՊԿ-ին։ Նույն օրը՝ երեկոյան, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց տվեց «Հանրային» հեռուստաընկերությանը։ Լրագրողը հարցրեց ԱԽ քարտուղարին, թե ինչպես է ադրբեջանցի զինվորներին հաջողվել ներխուժել ՀՀ տարածք։ Արմեն Գրիգորյանի պատասխանը հետևյալն էր․ «Նոյեմբերի 9-ից հետո ահագին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, և նաև ձմռան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել։ Սահմանագիծը ևս երկարացել է, և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել։ Բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում այս բոլոր հարցերը կարողանալու ենք կարգավորել․ էնպես չի, որ 94 թվականին մենք ամբողջ սահմանը միանգամից կահավորած ունեցել ենք, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, սա էլ որոշակի ժամանակ կպահանջի»։ Նույն օրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին։ Պետրոս Ղազարյանը պատգամավորին ուղղեց նույն հարցը․ ինչպե՞ս է ադրբեջանցիներին հաջողվել աննկատ հատել ՀՀ սահմանը։ Պատգամավորը պատասխանեց, որ հենակետերի միջև կան տարածքներ, որոնք հենակետային պահմանման տարածքներ չեն․ «Առայժմ սահմանների այս վիճակը հնարավորություն չի տվել, որ սահմանի ամեն մետրը դարձնենք վերահսկելի, և ադրբեջանցիները, օգտվելով այդ առիթից, հենակետերի արանքով սողոսկել են։ Այսօրվա սահմանների այս վիճակով, եթե նպատակ դրվի սողոսկել, հաստատ կլինի»։ Պետրոս Ղազարյանը հակադարձեց, որ խոսքը ոչ թե դիվերսիոն խմբի մասին է, որին հաջողվել է սողոսկել ՀՀ տարածք, այլ մի ամբողջ վաշտի։  «Ես դա համարում եմ սողոսկել, որովհետև հենակետերի արանքի տարածքով են ներս մտել, որոշակի տարածության միջակայքում կան հենակետեր, բայց տարածքներ կան, որտեղ հենակետեր չկան։ Այո՛, այդպիսի տարածքներ կան, հետևաբար, ադրբեջանցիներն օգտվել են այդ առիթից և այդ տարածքով մուտք գործել»,- պատասխանեց պատգամավորը։ Պետրոս Ղազարյանի հաջորդ դիտարկմանը, թե այդ դեպքում ճիշտ են ասում, որ ներկայիս իշխանությունները չեն կարողանում Սյունիքի անվտանգությունն ապահովել, Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ «Պետք է քննության առարկա դառնա, թե ինչպես են մտել, և պետք է պարզաբանվի, թե արդյոք այդ պայմաններում, ձմեռային պայմաններում հնարավոր էր իրականացնել այդ աշխատանքները, հենակետեր տեղադրել»։ Լրագրողը կրկին հակադարձեց՝ նշելով, որ արդեն գարունն ավարտվում է։ Իսկ պատգամավորն ասաց, որ չնայած գարուն է, բարձր լեռնային գոտիներում ձմեռային իրավիճակը նոր է անցել, շատ վայրերում գուցե դեռ ձյուն կա․ «Բայց պետք է քննության առարկա դառնա՝ արդյոք ինչ-որ մի տեղ պատկան մարմինները՝ պաշտպանության նախարարությունը կամ սահմանապահ զորքերը, թերացե՞լ են, թե՞ ոչ, ինչ-որ անգործություն դրսևորվե՞լ է, թե՞ չի դրսևորվել»։ Ամփոփելով նշենք, որ մի շաբաթ առաջ պատգամավր Թագուհի Թովմասյանը հիմնավորված հարց էր բարձրացրել՝ նշելով, որ սահմանները լավ չեն կահավորված, և դա մտահոգիչ է մեր անվտանգության համար։ Վարչապետի պաշտոնակատարն, ըստ էության, չէր պատասխանել պատգամավորի հարցին, միայն անորոշ ձևակերպումներ էր տվել այն մասին, որ սահմանին կատարվող աշխատանքները պարզապես տեսանելի չեն։  Չնայած պատգամավորի հարցին Փաշինյանի արձագանքը բավականին կոշտ էր, վերջինս նաև ակնակրեց, որ սահմանների չկահավորված լինելու հարցը բարձրացնելով՝ թշնամուն են օգնում, ուղիղ մի շաբաթ անց պարզվեց, որ Թովմասյանի մտահոգությունները տեղին էին։ Վերջինս խոսում էր Գեղարքունիքի և Սյունիքի սահմանների մասին, իսկ ադրբեջանական կողմը սահմանի հենց այդ հատվածներում է ներխուժել ՀՀ տարածք։ Իսկ ՀՀ սահմանն աննկատ հատելը Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով բացատրվում է հետևյալ կերպ․ «Ձմռան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել»։ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերը հաստատվում են նաև «Իմ քայլի»-ի պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարություններով․ «Այս վիճակը հնարավորություն չի տվել, որ սահմանի ամեն մետրը դարձնենք վերահսկելի, և ադրբեջանցիները, օգտվելով այդ առիթից, հենակետերի արանքով սողոսկել են»։ Աննա Սահակյան  
15:47 - 14 մայիսի, 2021
Լուրերը, թե մի խումբ անձինք Արմավիրի մարզի հատվածից անցել են հայ-թուրքական պետական սահմանը, իրականությանը չեն համապատասխանում

Լուրերը, թե մի խումբ անձինք Արմավիրի մարզի հատվածից անցել են հայ-թուրքական պետական սահմանը, իրականությանը չեն համապատասխանում

Լուրերը, թե մի խումբ անձինք Արմավիրի մարզի հատվածից անցել են հայ-թուրքական պետական սահմանը, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Infocom-ը տեղեկացավ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից։ Այսօր armlur.am կայքը, հղում անելով իրենց խմբագրություն ահազանգած արմավիրցիների տեղեկություններին, գրել էր, թե մի խումբ անձինք հատել են հայ-թուրքական պետական սահմանը։ Հրապարակման համաձայն՝ դեպքը «բացահայտել են ՀՀ ԱԱԾ-ն, ռուս խաղաղապահները եւ կոնկրետ քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ»: Կայքը կապ էր հաստատել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ, որը ասել էր, որ ինքն առաջին անգամ լրագրողից է լսում նման տեղեկություն։ Մաթեւոսյանն ընդգծել է, որ այս տարվա ընթացքում նման որեւէ դեպք չի գրանցվել։ Լրատվամիջոցը նշել է, որ ԱԱԾ գրավոր հարցում են ուղարկել՝ ճշտելու բնակիչների հայտնած տեղեկությունը, եւ հավելել, որ տեղեկությունը ստանալուն պես կհրապարակեն։ ԱԱԾ սահմանապահ զորքերից հեռախոսազանգի միջոցով հնարավոր եղավ ճշտել, որ իրենք նման ահազանգ չեն ստացել, եւ որ տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Ի դեպ՝ նշենք, որ հայ-թուրքական սահմանին ռուս խաղաղապահները (ինչպես գրել է կայքը) ծառայություն չեն իրականացնում․ հայ-թուրքական սահմանը պահպանում է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության՝ Երեւանում տեղակայված սահմանապահ վարչության համապատասխան ստորաբաժանումը, որը սահմանախախտումների մասին տեղեկությունը պաշտոնապես տրամադրում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին, իսկ վերջիններս, ինչպես արդեն նշեցինք, հերքում են սահմանախախտման մասին մամուլում հրապարակված լուրերը։Հայարփի Բաղդասարյան
18:16 - 13 մայիսի, 2021
Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհը հիմնանորոգվել է 2020-ի պետբյուջեի միջոցներով․ 2014-ին հիմնանորոգվել է Զառիթափի գյուղամիջյան ճանապարհը

Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհը հիմնանորոգվել է 2020-ի պետբյուջեի միջոցներով․ 2014-ին հիմնանորոգվել է Զառիթափի գյուղամիջյան ճանապարհը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին հայտնեց, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել է։  «Ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ։ Մինչ այս ճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի»,- «Ֆեյսբուք»-ի էջում գրել էր վարչապետը։ Վարչապետի գրառմանն արձագանքեց Վայոց ձորի նախկին մարզպետ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Վերջինիս խոսքով՝ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կմ երկարություն ունեցող ճանապարհի հիմնանորոգման գործընթացը սկսվել է 2014 թվականին։ «Մի քանի կմ երկարություն ունեցող և մի քանի հարյուր միլիոն դրամ արժեք ունեցող ճանապարհները մի քանի օրում չեն կառուցվում։ Դրանց համար անհրաժեշտ են բավարար հիմնավորումներ, նախագծեր, նախագծա-նախահաշվային փաստաթղթեր, ճանապարհաշինական աշխատանքների իրականացման համար մրցույթներ, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ ժամանակահատված»,- «Ֆեյսբուք»-ի էջում գրել էր Ղազարյանը։  Infocom-ը հարցում էր ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու համար, թե երբ է վերջին անգամ վերանորոգվել Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհը, և երբ են մեկնարկել հիմնանորոգման վերջին աշխատանքները։ ՏԿԵՆ-ից մեզ պատասխանել են, որ նշված ճանապարհի մոտ 3․7 կմ հատված հիմնանորոգվել է 2009-ին Հայաստանի կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում։ Ըստ ՏԿԵՆ-ի՝ ճանապարհի վերականգնման պայմանագրային արժեքը կազմել է 413 807 366 ՀՀ դրամ։ Նույն ճանապարհի մոտ 5․8 կմ երկարությամբ հատված էլ հիմնանորոգվել է 2010թ․՝ կրկին կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում։ Ճանապարհի վերականգնման պայմանագրային արժեքը կազմել է 798 512  200 ՀՀ դրամ։ Էդգար Ղազարյանը նշել էր, որ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհի հիմնանորոգման գործընթացը սկսել է 2014-ին։ ՏԿԵՆ-ից մեզ հայտնել են, որ 2014 թ․ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի միջով անցնող փողոցը՝ 600 կմ երկարությամբ։ Պետբյուջեից հատկացվել է 39 400 000 դրամ։  «600 մ երկարությամբ գյուղամիջյան այս փողոցը  Հ-42 /Մ-2/ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման հանրապետական ավտոճանապարհի մաս չի կազմում»,- ասված է նախարարության պատասխանում։  Երբ կարդում ենք ՀՀ կառավարության որոշումը, որտեղ նշված են 2014-ի բյուջեում կատարված վերաբաշխումները, տեսնում ենք, որ 2014-ի բյուջեում հատկացում արված է միայն նշված 600 մ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար։ ՏԿԵՆ-ից տեղեկացրել են, որ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհի վերջին հիմնանորոգումն իրականացվել է 2020 թվականին պետբյուջեի միջոցներով։  «14 կմ երկարությամբ այս հատվածը վերջին անգամ հիմնանորոգվել էր խորհրդային տարիներին»,- ասված է նախարարության պատասխանում։ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը 2020-ի հուլիսին էր հայտնել այս ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկի մասին։  Իսկ կառավարության՝ 2020-ի մայիսին ուժի մեջ մտած N 762-Ն որոշումից, որով վերաբաշխումներ են կատարվել 2020-ի պետբյուջեում, տեղեկանում ենք, որ  Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար ողջ գումարը հատկացվել է 2020-ի բյուջեից (Հավելված 4)։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵՆ-ից տեղեկացրել են, որ համաձայն կնքված պայմանագրի՝ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2020-ի հուլիսի 6-ին և ավարտվել 2020-ի դեկտեմբերի 10-ին։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ նախատեսվել է ճանապարհաշինական աշխատանքների համար «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ին վճարել 1 180 000 000 ՀՀ դրամ (այստեղ կարող եք ծանոթանալ նաև պայմանագրով նախատեսված ծախսերին)։ Էդգար Ղազարյանն իր գրառման մեջ նաև նշել էր նախագծերի, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի, ճանապարհաշինական աշխատանքների իրականացման համար մրցույթների, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ ժամանակահատվածի մասին։ ՏԿԵՆ-ից Infocom-ին հայտնել են, որ ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու աշխատանքներն իրականացվել են միայն 2019 թ․։ «Նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիրը նախագծային կազմակերպության հետ կնքվել է 22․11․2019-ին թ․։ Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար մրցույթը հայտարարվել է 2020 թ․»,- ասված է նախարարության պատասխանում։ Այսպիսով,  Էդգար Ղազարյանը կարող էր նկատի ունենալ Զառիթափի 600 մ գյուղամիջյան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, քանի որ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման ճանապարհի 14 կմ հատվածը հիմնանորոգվել է 2020-ի ընթացքում և հենց 2020-ի պետբյուջեի միջոցներով, ինչը հաստատվում է նաև պետական գնման պայմանագրով։ Աննա Սահակյան
16:15 - 08 մայիսի, 2021
Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծերն ԱԺ օրակարգ չընդգրկվելու լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծերն ԱԺ օրակարգ չընդգրկվելու լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում էր անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մշակած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու հարցը։ Ուրիխանյանն առաջարկում էր «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով. «Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվող գումարները տրամադրվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց»։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանվում է․ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանել ամսական 50000 դրամի չափով, որոնց բաշխման կարգը սահմանվում է օրենքով»: Ուրիխանյանի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ  պատերազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծանր վիրավորումների հետևանքով շատ զինծառայողներ ձեռք են բերել 1-ին խմբի հաշմանդամություն․ «ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի համար տրամադրվող գումարներից զրկվելը, որոնք յուրաքանչյուր ամիս 50000-ական դրամի չափով տրամադրվում են պատգամավորներին, չի կարող էական դժվարություններ առաջացնել պատգամավորների գործունեության իրականացման համար՝ հաշվի առնելով, որ այն կազմում է պատգամավորի փաստացի աշխատավարձի մոտ 11%-ը: Հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ այն կազմելու է տարեկան 79200000 դրամ, ինչն էական աջակցություն կլինի մերօրյա հերոսներին սոցիալական խնդիրներ լուծելու համար: Հաշվի եմ առնում, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին» օրենքով արդեն նախատեսված են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և տուժած զինծառայողներին հատուցումներ, սակայն վստահ եմ, որ դա չի կարող դիտարկվել որպես սահմանափակում»: Պատգամավորը նաև առաջարկում էր «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածը լրացնել 8-րդ կետով. «ՀՀ ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերը՝ յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50000 դրամի չափով, ԱԺ աշխատակազմը փոխանցում է ՀՀ պաշտպանության նախարարությանը 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրելու նպատակով»: «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է պատգամավորի աշխատանքային գործունեությունը։ Այսօր՝ նախագծի քննարկման ընթացքում, Տիգրան Ուրիխանյանը նշեց․ «Կցանկանայի, որ պատգամավորները, առավել ևս՝ արդեն լուծարման շեմին գտնվող այս գումարման ԱԺ-ի պատգամավորները գոնե այդ բարոյական քայլը կատարեն, և այսուհետ մենք ունենանք հնարավորություն մարդկանց գոնե ինչ-որ չափով հենց ԱԺ-ի անունից, հենց պատգամավորների անունից հատուցելու»։ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն բացասական եզարակցություն էր տվել նախագծերի փաթեթին, իսկ այսօրվա նիստի ընթացքում փաթեթը 6-րդ նստաշրջանի օրակարգ չընդգրկվեց՝ ձայների 3 կողմ, 67 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Տելեգրամյան Mediaport ալիքը փաթեթի քվեարկությունը ներկայացրեց հետևյալ մեկնաբանությամբ․ « «Իմ քայլի» պատգամավորները դեմ քվեարկեցին իրենց աշխատավարձից ամսական ընդամենը 50 հազար դրամ հաշմանդամ դարձած զինծառայողներին փոխանցելու նախագծին։ Դեմ քվեարկողների թվում էին նաև Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը: Ընդ որում՝ առաջին դեմ քվարկածը հենց Միրզոյանն էր, ով ստանում է ամսական 1 միլիոն 190 հազար 520 դրամ աշխատավարձ՝ պարգևավճարները չհաշված: Լենա Նազարյանի ամսական աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ՝ դարձյալ առանց հավելավճարի»: Panorama.am-ն էլ «ԱԺ-ն դեմ քվեարկեց պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց 80 մլն դրամ հատկացնելու Ուրիխանյանի նախագծին» վերտառությամբ լուրում ներկայացրեց միայն Տիգրան Ուրիխանյանի տեսակետը։ Միայն Ուրիխանյանի տեսակետը ներկայացնելը, սակայն, մանիպուլյատիվ է, քանի որ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին բացասական եզրակացություն տալիս նաև հիմնավորում էր ներկայացրել, այդ մասին այսօր իր ելությում նշեց նաև հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը։  Ըստ հանձնաժողովի հիմնավորման՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով չեն կարող սահմանվել աշխատավարձի կամ վարձատրության այլ ձևերի տնօրինման եղանակներ․ «Բացի դրանից՝ «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը կարգավորում է պատգամավորների գործունեության իրականացման իրավական, սոցիալական և այլ երաշխիքները, ինչպես նաև պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերություններ: Նշված առաջարկը չի հանդիսանում պատգամավորի գործունեության իրականացման երաշխիք։ Նշված առաջարկը, ըստ էության, իր բնույթով պատգամավորների սոցիալական երաշխիք հանդիսացող վարձատրության որոշակի ձևի տնօրինման օրենքով սահմանվող առաջարկ է, ինչը դուրս է նշված օրենքի կարգավորման շրջանակից»: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Ուրիխանյանի առաջարկած փոփոխությունների մասով ավելի վաղ առաջարկ էր ներկայացրել ՀՀ կառավարությունը։ Ըստ կառավարության՝ նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առաջարկվում է այդ օրենքում լրացնել մի դրույթ, որը դուրս է նշված օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից, այսինքն՝ կարգավորում են ոչ թե պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության հետ կապված իրավահարաբերությունները, այլ օրենքով արդեն իսկ նախատեսված վարձատրության կոնկրետ տեսակի տնօրինմանն առնչվող իրավահարաբերությունները․ «Նշված վերլուծության համատեքստում գտնում ենք, որ ընդհանրապես օրենքով, իսկ մասնավորապես «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով չի կարող սահմանվել աշխատավարձի կամ վարձատրության այլ ձևերի տնօրինման եղանակ: Այլ հարց է, որ նշված օրենքով կարող են քննարկվել պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի վճարման վերացման կամ չափի փոփոխության հարցերը»։ Ըստ կառավարության՝ Ուրիխանյանի առաջարկած մեխանիզմը խնդրահարույց է նաև սահմանադրականության տեսանկյունից, քանի որ, ըստ էության, սահմանափակում է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՄԻԵԿ կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը: Կառավարությունն առաջարկում էր պատգամավորին հետևյալ մեխանիզմը․ ուժը կորցրած ճանաչել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածը (այս հոդվածով են պատգամավորներին հատկացվում Ուրիխանյանի նշած 50 հազար-ական դրամները) և պետական բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով այդ գումարները համապատասխան ընթացակարգով փոխանցել պատերազմի ընթացքում 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինվորականներին։ Այսպիսով, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն իսկապես բացասական եզրակացություն է տվել Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական առաջարկությանը, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներն էլ դեմ են քվեարկել նախագծերի փաթեթն ԱԺ օրակարգ բերելուն, բայց բացասական եզրակացության հիմնավորում ներկայացնելիս համապատասխան հանձնաժողովը նշել է, որ պատգամավորը ոչ ճիշտ օրենքում է փոփոխություններ առաջարկում, կառավարությունն էլ փաստացի այլ հնարավոր մեխանիզմ է առաջարկել Ուրիխանյանի նշած փոփոխությունն իրագործելու համար։ Աննա Սահակյան
15:52 - 04 մայիսի, 2021
Մայիսի 1-ից ջրամատակարարումը ժամային գրաֆիկով չի դառնա․ լրատվամիջոցները սխալվում են

Մայիսի 1-ից ջրամատակարարումը ժամային գրաֆիկով չի դառնա․ լրատվամիջոցները սխալվում են

Ապրիլի 25-ին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր ջրամատակարարման` մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի համար գործող ժամանակացույցը։ Հրապարակումից օրեր անց լրատվականներն սկսեցին կեղծ վերնագրով վերահրապարակել ընկերության տարածած հաղորդագրությունը։ Մասնավորապես, «168 Ժամ» լրատվական կայքը նշված տեղեկությունը տարածել էր «Մայիսի 1-ից ջրամատակարարումը կլինի ժամով. Որտեղ՝ որ ժամերին է ջուր լինելու․ հասցեների ցանկ» վերտառությամբ, որը սակայն չի համապատասխանում իրականությանը։ Նշված վերնագրով հոդվածը տարածեցին նաեւ մի քանի սունկ կայքեր[1,2,3]։  Խնդիրը պարզաբանելու համար Infocom-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերության հետ։ Ընկերության մամուլի ծառայության աշխատակից Մուրադ Սարգսյանը մեր զրույցում պարզաբանեց, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը։ «Պարզապես սա կոչվում է ջրամատակարարման ռեժիմ։ Մենք պարտավոր ենք, գործող օրենսդրության համաձայն, տարեկան երկու անգամ հրապարակել այն, որպեսզի մարդիկ իմանան, թե առաջիկայում ինչքան է իրենց մոտ պաշտոնական նվազագույն ժամանակացույցը։ Մի տեղ 24 ժամ է, մի տեղ էլ՝ 6 ժամ՝ կախված իրավիճակից եւ տեխնիկական հնարավորությունից։ Մեր խնդիրն այն է, որ ամեն տարի ավելի լավացնենք ջրամատակարարումը եւ ոչ թե պակասեցնենք։ Իրականում, մենք հրապարակում ենք ժամով, որը վերաբերում է այն նվազագույն քանակին, որից պակաս մարդիկ չեն կարող ջուր ունենալ, սակայն, սովորաբար, մարդիկ ունենում են շուրջօրյա ջրամատակարարում։ Հրապարակված ժամանակացույցը պարզապես մեր տեխնիկական հնարավորությունների արտացոլումն է։ Ամեն դեպքում, ջրամատակարարման վատթարացում չի լինելու»,- նշեց Սարգսյանը։ Մոտ մեկ ժամ առաջ իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր տարածել նաեւ «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Համաձայն տարածած հաղորդագրության՝ ջրամատակարարման ժամանակացույցում ոչինչ չի փոխվել, այն լինելու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր ջրամատակարարման ժամանակացույցը, ինչից հետո լրատվամիջոցներում նորից տարածվել էին լուրեր, թե ջրամատակարարումը շուրջօրյայից դարձել է ժամով։ Այս առնչությամբ այն ժամանակ էլ «Վեոլիա ջուր» ընկերությունը հանդես էր եկել պարզաբանմամբ։ Նարեկ Մարտիրոսյան
18:28 - 29 ապրիլի, 2021
Ալիևների ընտանիքը եղել է ոչ թե «Սոսիների պուրակ»-ում, այլ «Բասիտչայի» արգելոցում

Ալիևների ընտանիքը եղել է ոչ թե «Սոսիների պուրակ»-ում, այլ «Բասիտչայի» արգելոցում

Երեկ «Ինստագրամի» իր էջում Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել Ալիևների ընտանիքի՝ Ջրական (Ջաբրայիլ) և Կովսական (Զանգելան) կատարած այցից։ Հայկական սոցցանցերում, այնուհետև լրատվամիջոցներում սկսեցին լուրեր տարածվել, թե լուսանկարներն ու տեսանյութերն արվել են Սյունիքի մարզում գտնվող «Սոսիների պուրակ»-ում (1,2,3)։ Այսօր auroranews.am կայքում հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի մեկնաբանությունը, ըստ որի՝ «Սոսիների պուրակ»-ի մեծ մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, սահմանազատումն էլ արված է քարտեզով, առանց փշալարերի։ Քիչ անց, սակայն, կայքը նյութը հեռացրեց։ Շրջակա միջավայրի նախարարությունն էլ պարզաբանում տարածեց, որ տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական  արգելավայրի տարածք չէ։ Եթե լսենք, թե ինչ է ասում Իլհամ Ալիևը տարածված տեսանյութում, կհասկանանք, որ խոսքը, հավանաբար, ոչ թե «Սոսիների պուրակ»-ի մասին է, ինչպես նշվում է հայկական սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում, այլ «Բասիտչայի» պետական արգելոցի։ Տեսանյութում Ալիևն ասում է․ «Սա Բասիտչայն է՝ Զանգելանի գեղեցիկ բնության մի մասնիկը»։ Նա, հավանաբար, նկատի ունի Բասիտչայ գետը, որը հոսում է «Բասիտչայի» պետական արգելոցով։ «Սոսիների պուրակ»-ը ստեղծվել է 1958 թվականին։ Պուրակը Ծավ և Շիկահող գետերի ափին է՝ «Շիկահողի» արգելոցի հարևանությամբ։ «Սոսիների պուրակ»-ը Իսկ «Բասիտչայի» արգելոցը հիմնվել է 1974-ին Զանգելանում և Արցախյան առաջին պատերազմից հետո եղել է հայկական վերահսկողության ներքո։ Վերջին պատերազմից հետո այն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եթե նայենք քարտեզին, կտեսնենք, որ «Բասիտչայի» արգելոցը հենց Զանգելանում է, որտեղ այցելել է Ալիևների ընտանիքը, իսկ «Սոսիների պուրակ»-ը՝ Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի մոտ։ Քանի որ  «Սոսիների» պուրակից և  «Բասիտչայի» արգելոցից արված լուսանկարները շատ նման են, հեշտ է այս երկու վայրերը շփոթել։ Այսպիսով, տարածվող լուրերը, թե Ալիևների ընտանիքը եղել է Սյունիքի մարզում գտնվող «Սոսիների պուրակ»-ում, չեն համապատախանում իրականությանը։ Աննա Սահակյան  
11:51 - 27 ապրիլի, 2021
Իրավապահ մարմիններն ու ՊՆ-ն չեն կողմնորոշվում՝ ինչը համարել պետական գաղտնիք, ինչը՝ հրապարակման ենթակա տեղեկություն

Իրավապահ մարմիններն ու ՊՆ-ն չեն կողմնորոշվում՝ ինչը համարել պետական գաղտնիք, ինչը՝ հրապարակման ենթակա տեղեկություն

Օրեր առաջ Infocom-ը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ ԶՈՒ 2018-24թթ․ զարգացման պլանի փոփոխության մասին Սարգսյանի հայտարարություններին, որոնց իսկության վերաբերյալ ՊՆ-ն հրաժարվել էր մեզ տրամադրել տեղեկություններ՝ հիմնավորելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիք, այդ թվում հարցը՝ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ։ Ռազմական ոստիկանությունը նյութերի նախապատրաստման արդյունքում եկել է եզրակացության, որ այդ հայտարարություններում հանցակազմ չկա, ուստի մերժել է քրգործի հարուցումը։ Արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպառազինության եւ տեխնիկայի գնման պլանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Եւ քանզի ՊՆ-ն սպառազինության պլանի փոփոխության վերաբերյալ որեւէ հարց համարում է ռազմական գաղտնիք, ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք՝ Փաշինյանի՝ Սարգսյանի ասածն ուղղակիորեն հերքող հայտարարությունը դիտարկվո՞ւմ է որպես պետական գաղտնիքի բացահայտում։ Դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հարցի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում՝ նկատի ունենալով Սարգսյանի հայտարարությունների մասով իրավական գործընթացը, իսկ նյութերի նախապատրաստման արդյունքում, ինչպես վերը նշեցինք, քրգործի հարուցումը մերժվել է, ինչը նշանակում է, որ Փաշինյանի հայտարարությունը, որը, ՊՆ-ի տրամաբանությամբ առաջանորդվելու դեպքում, եւս պետական գաղտնիքի տարր ունի, ՌՈ-ի համոզմամբ՝ հանցակազմ չի պարունակում։  Նիկոլ Փաշինյանը պատերազմից առաջ ու հետո մի քանի անգամ անդրադարձել է նաեւ «Սու30CM» կործանիչներին։ Նախ 2020 թվականի հուլիսի 3-ին նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց՝ կից գրելով, որ «Սու30CM»-ները «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Այս տարվա մարտի 20-ին Փաշինյանն Օհանավան համայնքում իր ելույթում ասաց, որ Հայաստանը չէր հասցրել «Սու30CM»-ների համար հրթիռներ ձեռք բերել։  Եւ քանի որ վարչապետը նախորդ տարի հայտարարել էր կործանիչների հրթիռների փորձարկման մասին՝ լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը հակասում է իրեն։  Media.am-ն այս տարվա մարտի 23-ին հոդվածով անդրադարձավ թեմային՝ մանրամասն ներկայացնելով, թե այս կործանիչներն ինչպիսի հրթիռներ, ինչ զինամթերք են ունենում։ Նյութում ռազմական վերլուծաբանը մանրամասնել էր, որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երեւում է չկառավարվող ավիացիոն հրթիռների օգտագործում, այլ ոչ թե կառավարվող «երկինք-երկիր» հրթիռ, ինչպես պնդել էր Փաշինյանը։ Նա, ի դեպ, չէր հստակեցրել, թե Հայաստանն ինչ հրթիռներ չի հասցրել գնել։ Հաջորդ օրը՝ մարտի 24-ին, Փաշինյանն Ազգային ժողովում ստիպված եղավ պարզաբանել իր խոսքը։ Նա ասաց, որ երկու հայտարարությունների մեջ ոչ մի հակասություն չկա՝ պարզ պատճառով․ «Նախ արձանագրենք, որ Սու-ն գերժամանակակից հզոր զենք է, բայց էդ զենքն ունի իր ամբողջության մեջ, իր հրթիռներով եւ սարքավորումներով, եւ, կարծում եմ, ակնհայտ է, որ ինքնաթիռի եւ տարբեր մոդիֆիկացիաների հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն, այսինքն՝ նույն տեղում չի արտադրվում, հետեւաբար, ոչ թե ամբողջությամբ է ձեռք բերվում, այլ հատվածական՝ տարբեր սուբյեկտներից։ ՍՈՒ-երը Հայաստան են եկել 2020-ի մայիսին, եւ, այո, իրականացրել են վարժական թռիչքներ, օգտագործել են հրթիռներ, որոնք Հայաստանի զինանոցում արդեն իսկ եղել են»։ ՊՆ-ն, իհարկե, երիցս մերժել է տեղեկություն տրամադրել՝ Սու-երի սպառազինության՝ մասնավորապես հրթիռի տեսակների վերաբերյալ հարցերը համարելով պետական ու ծառայողական գաղտնիքի շարքին դասվող, չնայած Փաշինյանն անձամբ էր նշել, որ տեսանյութում երեւում են երկինք-երկիր հրթիռներ։ Ու քանի որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երեւացող հրթիռի տեսակի մասին տեղեկությունը համարվում է գաղտնի, ուստի ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք՝ Փաշինյանը գաղտնի՞ք է բացահայտել, եւ եթե այո, ապա արդյոք նյութեր նախապատրաստվե՞լ են, քրեական գործ հարուցվե՞լ է։ Ըստ Դատախազությունից ստացած պատասխանի՝ քանի որ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առնչությամբ հարուցված քրգործով, ի թիվս այլնի, քննության առարկա են հանդիսանում նաեւ մեր հարցման՝ այս թեմայով հիշատակված հանգամանքները, ուստի քննարկվող պետական գաղտնիքի հրապարակման դեպքով անձի /անձանց/ արարքներին այդ գործով կտրվի քրեաիրավական գնահատական։ Խոսքը «Հայելի» ակումբում ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ, Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի մասին է, որի առնչությամբ 2020 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրգործ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների փաստով, որոնք հակասել են ՀՀ ՊՆ մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին եւ բացասական նշանակություն են ունեցել ԶՈՒ մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա։ ՊՆ-ն պետական գաղտնիք պարունակելու հիմնավորմամբ մերժել էր տեղեկություն տրամադրել նաեւ Փաշինյանի մեկ այլ հայտարարության վերաբերյալ, որն առնչվում էր Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններից մեր զորքերի դուրսբերմանը։ Վարչապետը նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին ասել էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը եղել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այդ համատեքստում, Փաշինյանի խոսքով, «եղել է բանավոր ըմբռնում, որ էդտեղ մենք պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք, եւ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։ Infocom-ն այս երկու շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու մասին հայտարարություններից հետո պաշտոնական հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն՝ նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական զորքերը տեղակայվա՞ծ են եղել Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում, եթե այո, ապա մասնավորապես ո՞ր հատվածներում, եթե ոչ, ապա ե՞րբ են ամբողջությամբ հետ քաշվել նշյալ տարածքներից։ Խնդրել ենք պատասխանել նաեւ, թե ինչ հանգամանքներում, ինչ հիմքով, ինչ քննարկումների արդյունքում եւ երբ են հանձնվել Զանգելանի ու Կուբաթլուի այն հատվածները, որոնք, ինչպես ենթադրելի է վարչապետի խոսքից, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ԶՈՒ-երի վերահսկողության տակ։ Չնայած Փաշինյանն, ըստ էության, արդեն հայտնել էր, որ նոյեմբերի 9-ի դրությամբ հիշյալ շրջանների մեծ մասը մեր վերահսկողությունից դուրս է եղել, եւ որ դա տեղի է ունեցել բանավոր ըմբռնման արդյունքում, ՊՆ-ն, ինչպես նշեցինք, տեղեկություն չտրամադրեց։ Ուստի մեկ այլ հարցմամբ դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն՝ ճշտելու՝ Փաշինյանի այս հայտարարություններն ուսումնասիրվում եւ դիտարկվո՞ւմ են պետական գաղտնիքի բացահայտման տեսանկյունից։ Դատախազության պատասխանի համաձայն՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առնչությամբ հարուցված քրեական գործով քննության առարկա են նաեւ այս թեմայի վերաբերյալ մեր հիշատակած հարցերը, չնայած Հակոբյանը խնդրո առարկա հարցազրույցում ուղիղ տեքստով չի խոսել այդ տարածքների կամ այդտեղից մեր զորքերի տեղաշարժի մասին։ Արդյոք Փաշինյանը նշված քրգործում որեւէ կարգավիճակով ներգրավված է, թե ոչ՝ կներկայացնենք Դատախազության գրավոր պատասխանն ստանալուց հետո։ Հայարփի Բաղդասարյան
15:56 - 26 ապրիլի, 2021
Փոխառություն տրված և չվերադարձված գումարները. Զինա Գալստյանի կասկածելի գործունեության հետքերով

Փոխառություն տրված և չվերադարձված գումարները. Զինա Գալստյանի կասկածելի գործունեության հետքերով

Նելլի Կարապետյանը (անունը և ազգանունը փոխված են) 2019-ի աշնանը իր ծանոթներից մեկից` Անի Ղազարյանից, իմանում է «Ֆինբանկ» ընկերության մասին: Անի Ղազարյանն ասում է Նելլիին, որ ինքն աշխատում է «Ֆինբանկ» ընկերությունում, որին գումար փոխառություն տալով՝ մարդիկ կարողանում են եկամուտ ստանալ։ Նելլիի ծանոթ ընտանիքներից մեկի անդամներն էլ Անի Ղազարյանի միջոցով են իմացել «Ֆինբանկ»-ի մասին և տարբեր չափերի գումարներ փոխառություն տվել ընկերությանը։ Վստահելով Անի Ղազարյանին՝ Նելլին որոշում է բանկից վարկ վերցնել և փոխառությամբ տալ «Ֆինբանկ»-ին։ Ըստ Անի Ղազարյանի ներկայացրածի՝ որպես փոխառություն ստացած գումարները «Ֆինբանկ»-ը տոկոսով տրամադրում է այդ գումարի կարիքն ունեցող ընկերություններին, և երբ վերջիններս վերադարձնում են գումարները «Ֆինբանկ»-ին, կազմակերպությունը դրանցով վճարում է իրեն փոխառություն տված մարդկանց։ Սկզբում Նելլիին ասում են, որ փոխառությունը չորս ամսով է։ Նա 2019-ի դեկտեմբերին փոխառության պայմանագիր է կնքում «Ֆինբանկ» ՓԲԸ-ի հետ։ Պայմանագրում նշված է, որ փոխառությունն անտոկոս է, և գումարը փոխատուին, այսինքն՝ Նելլիին, վերադարձվելու է առձեռն։ Նելլին պատմում է, որ չնայած դրան` իրեն ասել են, որ փոխառությունը վերցնում են 10%-ով, այսինքն, տրամադրած գումարի վերադարձից բացի, ինքը յուրաքանչյուր ամիս ստանալու է նաև այդ գումարի 10%-ը: Նելլին «Ֆինբանկ» ՓԲԸ-ի տնօրենին՝ Զինա Գալստյանին, անձամբ չի տեսել, կազմակերպության հետ կապը եղել է Անի Ղազարյանի միջոցով։ Նա պատմում է, որ Անի Ղազարյանն ամեն կերպ համոզում էր իրեն, որ կազմակերպությունը վստահելի է․ «Անին իր շրջապատի բոլոր մարդկանց, ներառյալ շրջապատի մարդկանց ծանոթներին, համոզում էր, նույնիսկ եղել է, որ ասի՝ եթե չտա մեր կազմակերպությունը, ես եմ տալու (գումարը- խմբ․)»։ Նելլին պատմում է, որ Անի Ղազարյանն իրեն և այլ ծանոթներին ասել է՝ եթե փոխառություն տան «Ֆինբանկ»-ին, իր աշխատավարձը կբարձրանա։ Անի Ղազարյանին օգնելու ցանկությունը ևս նպաստել է, որ Նելլին և նրա այլ ծանոթները փոխառություն տան «Ֆինբանկ»-ին։  Ընդամենը մի ամիս փոխառության գումարի որոշ հատված և այդ ամսվա տոկոսը վճարելուց հետո Նելլիի գումարը սկսում են չվերադարձնել։ Դրանից հետո Նելլին կապվում է Անի Ղազարյանի հետ, փորձում իմանալ, թե ինչու իր գումարը չեն վերադարձնում, Անի Ղազարյանն ասում է, որ ինքն էլ է փոխառություն տվել «Ֆինբանկ»-ին և նույն վիճակում է, ինչ Նելլին ու կազմակերպությանը փոխառություն տված մյուս մարդիկ։ Չնայած դրան՝ Նելլին հիմնավոր կասկածներ ունի, որ Անի Ղազարյանի գումարը «Ֆինբանկ»-ը վերադարձրել է, քանի որ, Նելլիի խոսքով,  նա շարունակում է ապրել նույն կյանքով, ինչ առաջ, կրում է նույն թանկարժեք զարդերը։ Գումարը չվճարելն Անի Ղազարյանն ու Զինա Գալստյանը Նելլիին պատճառաբանում են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով, ասում են՝ շրջանառություն չկա, չեն կարող վճարել։ «Եթե Զինային գրում ես՝ երբ ես տալու, էս ինչ օրը գցեցիր մեզ, կարող ա ծիծաղի նույնիսկ էդ մարդու վրա, ում վատություն ա արել, իբր՝ լավ եմ արել, դրա համար էլ էդ օրին ես»,- պատմում է Նելլին։ Նա շատ մարդկանց է ճանաչում, որոնք փոխառություն են տվել «Ֆինբանկ»-ին․ գումարների չափերը տարբեր են՝ 400 հազարից մինչև 6 միլիոն դրամ։ Չնայած մեկ տարի է անցել, Նելլիի ու բազմաթիվ այլ մարդկանց գումարները դեռ չեն վերադարձվել։  «Ջահել ընտանիքներ կան՝ սև ցուցակներում են հայտնվել, չգիտեն՝ ինչ անեն։ Ես 30 հոգուց ավելի գիտեմ, որ իր (Անի Ղազարյանի- խմբ․) պատճառով դրա մեջ են ընկել ու ոչ մի ձև չեն կարողանում Զինայից էդ փողերը վերցնեն»,- պատմում է Նելլին։ Նելլիի խոսքով՝ երբ սկսել են իր գումարները չվճարել, «Ֆինբանկ»-ը չի երկարացրել փոխառության պայմանագիրը, միայն Անի Ղազարյանի հետ է բանավոր պայմանավորվածություն եղել։ Դրանից հետո անընդհատ ինչ-որ պատճառաբանություններով գումարը չեն տվել։ «Եթե Զինային նամակ գրես, կապ չունի՝ ով ես, ինչ տարիքի ես, շատ անկիրթ պատասխան ա տալիս, եթե վիրավորում ես, վախեցնում ա Ազգային անվտանգությամբ։ Չգիտեմ՝ ինչով ա էդքան վստահ, որ ոստիկանությունն իրեն օգնելու ա, որ էդպես վստահությամբ ա խոսում Ոստիկանության ու ԱԱԾ-ի մասին»,- պատմում է Նելլին։ Նելլիի խոսքով՝ Անի Ղազարյանի միջնորդությամբ շատ մարդիկ են փոխառություն տվել «Ֆինբանկ»-ին, բայց նա հետո ոչինչ չի ձեռնարկել այդ մարդկանց օգնելու համար։  Նելլին պատմում է, որ նույնիսկ «Վայբեր» սոցիալական ցանցում «Ֆինբանկ»-ից տուժածների խումբ կա։ Տուժածները հիմնականում չեն բարձրաձայնում խնդրի մասին, քանի որ վախենում են, որ բողոքելու դեպքում Զինա Գալստյանն իրենց գումարները չի տա։ Նելլիի խոսքով՝ Զ․ Գալստյանն ամեն անգամ խոստանում է, որ կվերադարձնի գումարները, բայց երբ գալիս է նրա խոստացած ժամկետը, կրկին չի տալիս։ Վերջին անգամ խոստացել է, որ մարդկանց գումարները կվերադարձնի մայիսին։ Հիմա բոլորը, այդ թվում՝ Նելլին, սպասում են, որ մայիսին իրենց գումարները կստանան։ Հասմիկ Գասպարյանը (անունը փոխված է) ևս «Ֆինբանկ»-ի մասին իմացել է 2019-ի նոյեմբերին։ Հասմիկն էլ, ինչպես Նելլին, «Ֆինբանկ»-ի տնօրեն Զինա Գալստյանին չի ճանաչել, կազմակերպության մասին իմացել է Անի Ղազարյանի միջոցով։ Հասմիկը վարկ է վերցրել, փոխառության պայմանագիր կնքել «Ֆինբանկ»-ի հետ։ Փոխառության պայմանագիրը կնքվել է երկու ամսով։ Հետագայում կրկին Անի Ղազարյանը համոզել է, որ պայմանագիրը երկարացնելու դեպքում Հասմիկն ավելի շատ տոկոսներ կստանա։ Բանավոր պայմանավորվածության հիման վրա, առանց Հասմիկի ներկայության պայմանագիրը երկու ամսով երկարացվել է։ Հասմիկը նշում է, որ Անի Ղազարյանն ու Զինա Գալստյանն ամեն անգամ խոստացել են վերադարձնել իր գումարը, սակայն այդպես էլ չեն վերադարձրել։ «Ծանոթ-բարեկամով գումար վերցնելը ստացվում ա, բայց հազարից մեկի մոտ, որովհետև իր (Զինայի- խմբ․) կողքը ինչ-որ մարդիկ կան կանգնած, կամ միֆ ա դա»,- պատմում է Հասմիկը։   Զինա Գալստյանը, նրան պատկանող ընկերությունները և դրանց դեմ հարուցված դատական գործերը ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Զինա Գալստյանի գրանցման վայրը Լոռու մարզի Վանաձոր քաղաքն է։ «Google» որոնման համակարգում փնտրելով Զինա Գալստյան անուն-ազգանունը՝ կարող ենք տեսնել, որ վերջինիս մասին կան մի շարք բացասական հրապարակումներ։ Պետական եկամուտների կոմիտեն, օրինակ, հայտարարել է Զ․ Գալստյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։ Իսկ Կենտրոնական բանկի՝ 2020 թ․ նոյեմբերի 16-ին  հրապարակած ցուցակի համաձայն՝  Գալստյանին պատկանող «Ֆինբանկ» ընկերությունը չի լիցենզավորվել և չի վերահսկվում ԿԲ-ի կողմից։ Զինա Գալստյանի հիմնած առաջին ընկերությունը «Ֆին Հաուս» ՍՊԸ-ն է, որը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2017 թ․ հուլիսի 10-ին։ Այս ընկերության գործունեության վերաբերյալ որևէ հստակ բան չկա։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի՝ «Ֆին Հաուս» ՍՊԸ-ի  գործունեությունը դադարեցված է սնանկ ճանաչվելու հիմքով։  ՊԵԿ-ը  2018 թ․ նոյեմբերի 19-ին դիմում է ներկայացրել սնանկության դատարան «Ֆին Հաուս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով։ Վերջինիս պարտավորությունը պետական բյուջեի հանդեպ կազմել է 4 մլն 479 հազար ՀՀ դրամ։ Դատարանի՝ 2020 թ․ մարտի 31-ի որոշմամբ ընկերությունը ճանաչվել է սնանկ և լուծարվել։ Այս ընկերությունը զինծառայողների ապահովագրության հիմնադրամին երբեք պարտադիր վճարում չի իրականացրել։ Երկրորդ ընկերությունը, որը հիմնել է Զինա Գալստյանը, «Դասապատրաստում» ՍՊԸ-ն է, որը իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2018 թ․ ապրիլի 3-ին։ Ինչպես  «Ֆին Հաուս» ՍՊԸ-ի, այնպես էլ  «Դասապատրաստում» ՍՊԸ-ի դեպքում  ՊԵԿ-ի կայքում նշված չէ գործունեության տեսակը։ ՊԵԿ-ի կայքից իմանում ենք, որ «Դասապատրաստում» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Ե՛վ «Ֆին Հաուս»-ը, և՛ «Դասապատրաստում»-ը գրանցված են եղել Վանաձորում։ «Դասապատրաստում» ընկերության դեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի զբաղվածության պետական գործակալության Վանաձորի տարածքային կենտրոնը 2019 թ․ հունիսի 17-ին քաղաքացիական հայց է ներկայացրել գումարի բռնագանձման պահանջով։ Գումարի չափը եղել է 510 հազար ՀՀ դրամ։ Դատարանը 2020 թ․ մարտի 21-ին վճռել է բավարարել հայցադիմումը և որոշել է «Դասապատրաստում» ՍՊԸ-ից բռնագանձել պահանջվող գումարը։ Այս ընկերությունը զինծառայողների ապահովագրության հիմնադրամին որևէ վճարում չի կատարել։ Զինա Գալստյանի դեմ 2019 թ․ դեկտեմբերի 30-ին հարուցվել է մեկ այլ դատական գործ, այս անգամ՝ քրեական, որում հիշատակվում են վերոնշյալ «Ֆին Հաուս» և «Դասապատրաստում» ՍՊԸ-ները։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Զինա Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով իրեն պատկանող «Ֆինհաուս» և «Դասապատրաստում» ՍՊԸ-ների տնօրեն լինելու հանգամանքից, 2018 թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին մի խումբ անձանց խաբել ու հայտնել է, թե իբր համագործակցում է եվրոպական, ՄԱԿ-ից  ֆինանսավորվող բարեգործական ընկերությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների հետ։ Զինա Գալստյանը խոստացել է իր ընկերություններում որպես ավանդ գումար ներդնելու դեպքում 10-ից 30 օրվա ընթացքում ավանդատուներին տրամադրել ավանդի գումարի 5-20%-ի  չափով շահույթ։ Իրեն գումար տալուց հետո նա ավանդատուներին տրամադրել է իր ստորագրությամբ և անձնական կնիքով հաստատված պարտավորագրեր՝ շահելով մարդկանց վստահությունը։ Այս ամենից հետո տուժողներից շարունակաբար ստացել և խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ ընդհանուր 91 մլն 102 հազար ՀՀ դրամի չափով։ Զինա Գալստյանի դեմ այս քրեական գործում ներգրավված է շուրջ 44 տուժող։ Որպես խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։ Քրեական գործը դեռևս դատավարության փուլում է։  Infocom-ի հետ զրույցում Զինա Գալստյանի պաշտպան Արամ Ղազարյանը նշել է, որ մինչև այս գործի դատարան մտնելը տուժածներին վերադարձվել է մոտ 60 մլն ՀՀ դրամ գումար։ Պաշտպանի խոսքով՝ Զ․ Գալստյանը դատարանում մի քանի անգամ ասել է, որ պարտավորվում է վճարել տուժողների գումարն ամբողջությամբ։ «Վարույթ իրականացնող մարմինն անընդհատ պնդում է, որ Զինա Գալստյանը կատարել է խարդախություն։ Խարդախություն կատարողը 91 մլն դրամից այդ ընթացքում չի բերում, 60 մլն դրամը հատուցում»,- նշել է պաշտպան Ղազարյանը։ Մեր այն հարցին, թե ողջ գումարի փոխհատուցումից հետո այս գործով դադարեցվելո՞ւ է Զ․ Գալստյանի հանդեպ քրեական հետապնդումը, Արամ Ղազարյանը բացասական պատասխան է տվել․ «Քանի որ մեղադրանքն առաջադրված է միասնական դիտավորության հատկանիշով, այսինքն՝ 44 տուժող մեկ մեղադրանք են առաջադրել, հետևաբար քրեական հետապնդումը չի կարող դադարեցվել, որովհետեւ այն հանրային գործ է, և տուժողի բողոքը լինի-չլինի, գործը պետք է քննվի, դատարանն իր վերջնական դատական ակտով անդրադառնա՝ տվյալ անձը մեղավո՞ր է, թե՞ ոչ»։ Զինա Գալստյանի հիմնած երրորդ ընկերությունը «Համար 1 ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ն է, որն իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2019 թ․ փետրվարի 28-ին։ Վերջինս ՊԵԿ-ի կայքում նշված է որպես հաշվապահական դասընթացներ իրականացնող կազմակերպություն։ Այս ընկերության դեմ 2020 թ․ դեկտեմբերի 2-ին քաղաքացիական հայց է ներկայացրել «Էլիտ Պլազա» ՓԲԸ-ն՝ գումար բռնագանձելու պահանջով։ Վերջինս Զինա Գալստյանի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նրան վարձակալությամբ տրամադրվել է տարածք՝ ամսական 2 մլն 512 հազար ՀՀ դրամով։ Տարածքի վարձակալության համար Զինա Գալստյանը «Էլիտ Պլազա» ՓԲԸ-ին պետք է վճարեր 8 մլն 581 հազար ՀՀ դրամ, որը, սակայն, ըստ հայցվորի, չի վճարել։ Այս գործը դեռևս դատաքննության փուլում է։ «Համար 1 ուսումնական կենտրոն»-ը զինծառայողների ապահովագրության հիմնադրամին երբեք վճարում չի արել։ Զինա Գալստյանն այս պահին «Ֆինբանկ» ՓԲԸ-ի տնօրենն է։ Այս ընկերությունը իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2019 թ․ օգոստոսի 9-ին։ «Ֆինբանկ» ՓԲԸ-ն, ըստ ՊԵԿ-ի կայքի, գործող է և զբաղվում է ֆակտորինգային գործունեությամբ։ Նելլի Կարապետյանը պատմում է, որ ինքը  եղել է «Ֆինբանկ»-ի գրասենյակում՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի առաջին հարկում։ Պետռեգիստրի տվյալների համաձայն՝ «Ֆինբանկ»-ի իրավաբանական հասցեն Խորենացի 15-ն է, որը հենց «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի հասցեն է։ «Իրենց օֆիս կոչվածում ոչ մի պաստառ, ոչ մի գրություն չկար, սենյակ էր, որտեղ ամեն մեկի դիմաց անջատած համակարգիչ էր, իսկ թղթերում զուտ անուն-ազգանուն էր լրացվում, գումարի չափ, ստորագրություն ու վերջ։ Բանկում ծրագրեր կան, չէ՞, էդ ամեն ինչը մուտքագրում ես, իսկ էնտեղ ոչ մի բան․ ամեն ինչ զուտ ոտքի վրա, օդում, թղթերի վրա»,- հիշում է Նելլին։ Անի Ղազարյանը Նելլին ասել է, թե 2020-ի հունվարից հետո «Ֆինբանկ»-ը լիցենզիա է ստանալու ԿԲ-ից։ Անի Ղազարյանի խոսքով՝ եթե իրենք այդ պահին 10-15 տոկոսով են ավանդ տալիս, լիցենզիա ստանալուց հետո բանկի սովորական տոկոսներով են տալու։ Այդ պատճառով նա իր ծանոթներին հորդորել է գումար տալ «Ֆինբանկ»-ին, քանի դեռ ընկերությունը լիցենզիա չի ստացել։  Վերևում արդեն նշել ենք, որ, ԿԲ-ի՝ 2020-ի աշնանը հրապարակած ցուցակի համաձայն, «Ֆինբանկ»-ը լիցենզիա չունի, չի վերահսկվում ԿԲ-ից, ավելին՝ ԿԲ-ն զգուշացնում է մարդկանց զերծ մնալ այդ ընկերության ծառայություններից։  «Ֆինբանկ»-ի դեմ 2021 թ. հունվարի 11-ին քաղաքացիական հայց է ներկայացրել «Էվրի դեյ» ՓԲԸ-ն՝ գումարի բռնագանձման և գույքը վարձատուին վերադարձնելու պահանջով։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հստակեցված չէ, թե ինչ գումարի և գույքի մասին է խոսքը, սակայն գործն ընդունվել է վարույթ։ Բացի դրանից՝ «Ֆինբանկ»-ի և Զինա Գալստյանի դեմ 2021 թ․ մարտի 18-ին Անահիտ Սարգսյանը հայց է ներկայացրել ՝ փոխառությամբ տրված գումարի բռնագանձման պահանջով, սակայն դատարանը հայցադիմումը չի ընդունել վարույթ և վերադարձրել է:  «Ֆինբանկ» ՓԲԸ-ն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 2021 թ․ հունվարին վճարել է 11 հազար ՀՀ դրամ։ Նելլի Պետրոսյանը նշում է, որ երբ ինքն ու իր ծանոթներն իրենց գումարները չստանալուց հետո ցանկացել են ոստիկանություն դիմել, Անի Ղազարյանն ամեն կերպ համոզել է չանել դա, որ «չխանգարեն գործին»:  «Էն ժամանակ, երբ իբր պիտի տար գումարները ու չտվեց, Անին ասեց՝ պատճառն էն ա, որ ինչ-որ մեկը ոստիկանություն ա դիմել, եկել են, խանգարել, մեզ էլ ասում էր՝ մի՛ դիմեք, չխանգարեք, որ ինքը (Զ․ Գալստյանը- խմբ․) աշխատի, տա։ Եթե դիմեք, ինքը հիշում ա՝ ով ա դիմել, իրենց գումարը չի տալիս»,- պատմում է Նելլին։ Հենց այդ պատճառով էլ Նելլին չի դիմել ոստիկանություն։ Նա ևս 6 հոգու է ճանաչում, որոնք նույն պատճառով չեն դիմել ոստիկանություն։ Զինա Գալստյանը նաև «Նոր դպրոց» ՓԲԸ-ի տնօրենն է, որը իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին։ ՊԵԿ-ի կայքում նշված չէ, թե ինչ գործունեություն է ծավալում տվյալ ընկերությունը։ «Նոր դպրոց» ՓԲԸ-ի դեմ հարուցվել են  1 վճարման կարգադրություն և 1 քաղաքացիական գործ։ 2020 թ․ դեկտեմբերի 1-ին «Մանվելյան եղբայրներ» ՍՊԸ-ն վճարման կարգադրություն է ներկայացրել «Նոր դպրոց» ՓԲԸ-ին 451 հազար ՀՀ դրամի պահանջով, սակայն դիմումը մերժվել է։ Infocom-ը կապվել է «Մանվելյան եղբայրներ» ընկերության հետ, որի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում պատմել է այս գործից մանրամասներ։ Ըստ ընկերության ներկայացուցչի՝ մի քանի ամիս առաջ Զինա Գալստյանն իրենց ներկայացել է որպես «Նոր դպրոց»-ի տնօրեն, ստորագրված և կնքված ապրանքագիր (ֆակտուրա) է տրամադրել, որի հիման վրա գրախանութը նրան տվել է 451 հազար դրամ արժողությամբ գրենական պիտույքներ (թղթեր և ֆայլեր)։ «Մանվելյան եղբայրներ»-ի ներկայացուցչի խոսքով՝ Զ․ Գալստյանը գումարը չի վճարել, գրախանութը գումարի վճարման կարգադրություն է ներկայացրել դատարան, սակայն դիմումը մերժվել է։ «Մանվելյան եղբայրներ»-ի ներկայացուցիչը նշեց, որ նոր դիմում է ներկայացրել և գնալու է մինչև վերջ։ 2021 թ․ հունվարի 8-ին «Անտարես» ՍՊԸ-ն քաղաքացիական հայց է ներկայացրել «Նոր դպրոց»-ի դեմ՝ 329 հազար 500 դրամ գումարի բռնագանձման պահանջով։ Գործն ընդունվել է վարույթ և դատաքննության փուլում է։ «Նոր դպրոց» ՓԲԸ-ն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին երբևէ վճրում չի արել։ Զինա Գալստյանն անցնում է նաև մեկ այլ քրեական դատավարությամբ, որում նույնպես հիշատակվում է «Նոր դպրոց» ՓԲԸ-ն։ Այսպես, «Դատալեքս» տեղեկատվական համակարգից իմանում ենք, որ 2021 թ․ մարտի 22-ին Զինա Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ մազահեռացման սարք հափշտակելու համար։ Վերջինս, «List.am» ինտերնետային կայքում տեսնելով մազահեռացման սարք վաճառելու վերաբերյալ հայտարարություն, զանգահարել և ներկայացել է որպես «Նոր դպրոց» ՓԲԸ-ի տնօրեն։ Նա հետագայում գնելու պատրվակով 1 ամսով վարձակալել է նշված սարքը 100 հազար դրամ վարձավճարի դիմաց։ Հայտարարությունը տեղադրողի մոտ վստահություն առաջացնելու նպատակով Զ․ Գալստյանը կազմել է առուվաճառքի համաձայնագիր, որի տակ ստորագրել են նա և սարքավորում վաճառողը։ Սրանից հետո նա սարքը տեղափոխել է վարձակալած տարածք, ապա վաճառել 1 մլն 550 հազար ՀՀ դրամով։ Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Քրեական գործը դեռևս դատավարության փուլում է։ Բացի վերևում նշված դատական գործերից՝ Զինա Գալստյանի դեմ 2016-2021 թթ․ ընթացքում հարուցվել են մի շարք քաղաքացիական և վճարման կարգադրության հայցեր, որոնց մի մասն ընդունվել է վարույթ, մի մասով կայացվել է վճարման կարգադրություն, մի մասն էլ մերժվել է։ Ընդհանուր առմամբ, այս տարիներին հարուցվել է շուրջ 12 հայց, որոնց կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումներով (1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12): Զինա Գալստյանի և նրան պատկանող կամ փոխկապակցված ընկերությունների դեմ հարուցված բոլոր տեսակի դատական գործերով վնասի փոխհատուցման չափն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 110 մլն 430 հազար դրամ։ Զ․ Գալստյանի պաշտպանի փոխանցմամբ՝ այս պահին  Երևան քաղաքի Կենտրոն քննչական բաժնում քննվող գործով Զինա Գալստյանը գտնվում է անազատության մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը։ Քանի որ գործը նախաքննության փուլում է, մանրամասներ հայտնի չեն։ Այս գործով, ըստ պաշտպանի, կա մոտ 42 տուժող։   Զինա Գալստյանը նախկինում երբեք ազատազրկված չի եղել։ Նարեկ Մարտիրոսյան, Աննա Սահակյան
21:40 - 25 ապրիլի, 2021