ԿԱՐԴԱԼԻՔ

«Երբ կռիվը սկսվեց, հարցնում էինք՝ կրակե՞նք, Վահանյանն ասում էր՝ չէ»․ Խուռհատ սարի գործով հարցաքննվեց ևս 2 վկա

«Երբ կռիվը սկսվեց, հարցնում էինք՝ կրակե՞նք, Վահանյանն ասում էր՝ չէ»․ Խուռհատ սարի գործով հարցաքննվեց ևս 2 վկա

#Կարճասած Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ շարունակվեց Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին շարքային Կարեն Աբրահամյանն ու Մստո Մստոյանը։ Վկա Կարեն Աբրահամյանը այն զինծառայողներից էր, որը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի խմբի հետ միասին կիսվել է գումարտակի անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալու հետեւանքով՝ ընկել շրջափակման մեջ։ Դատարանում նա հայտնեց, որ նախապես իմացել են, որ հակառակորդը Հադրութ քաղաքում է, եւ այդ ուղղությամբ չեն գնացել, մինչդեռ նախաքննության ժամանակ հայտնել էր, թե որոշում է կայացվել գնալ քաղաքի ուղղությամբ։ Այս եւ այլ հակասություններ հաշվի առնելով՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։ Վկա Մստո Մստոյանն էլ պատմեց, որ երբ հակառակորդը հարձակվել է, Վահանյանը չի թույլատրել կրակել՝ ասելով, թե մեր «ռազվետկան է» գալիս, իսկ ավելի ուշ ՄՈԲ-ի մի լեյտենանտ նրան մեղադրել է զորքին խաբելու մեջ․ «Լեյտենանտ ասաց՝ դու ասում էիր՝ ապահով է լինելու, բայց էրեխեքին բերել ենք աղացի բերան, ես քեզ եմ լսել, էրեխեքին խաբած եմ դուրս եկել, հիմա քեզ չենք լսի, էրեխեքին հետ կտանենք․․․ Ու քանի որ արդեն շատ էինք խաբվել հրամանատարության կողմից, ՄՈԲ–ին լսելով, իրար պահելով՝ հետ ենք իջել»,-պատմեց նա։  #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ երեկ շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին վկաներ Կարեն Աբրահամյանն ու Մստո Մստոյանը։ Վերջիններս 2020 թ․ սեպտեմբերին եղել են ուսումնական գումարտակի շարքային զինծառայողներ։ Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, հրամանատար Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Այժմ Իշխան Վահանյանը մեղադրվում է սարում մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ վկա Կարեն Աբրահամյանի՝ Խուռհատ սարը բարձրանալուց առաջ Վահանյանն իրենց ասել է, թե գնում են մի հանգիստ տեղ՝ գրեթե 3-րդ գիծ Վկա Կարեն Աբրահամյանը պատերազմի ժամանակ 2․5 ամսվա զինծառայող է եղել, առաջին իսկ օրից՝ ընդգրկված մարտական գործողություններում։  Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին, իսկ հարցին՝ ի՞նչ է իրեն հայտնի քրեական գործից, վկան պատասխանեց․ «Փախել ա»։ Դժվարանալով ինքնուրույն ներկայացնել մանրամասները՝ վկան խնդրեց իրեն հարցեր տալ։ Պատասխանելով հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցերին՝ նա պատմեց, որ Իշխան Վահանյանին հանդիպել է հոկտեմբերի սկզբի օրերին, երբ իրենց վաշտը, Ջրականից նահանջելով, տեղակայվել է Հադրութի դպրոցում։ Արտաքինից Վահանյանի վրա վիրակապ կամ վիրավորված լինելու մասին վկայող որեւէ բան չի նկատել։ Հիշեցնենք, որ հարցաքննված վկաների ցուցմունքներից պարզ է դարձել, որ Վահանյանը նախքան Խուռհատ սարի դեպքերը՝ սեպտեմբերի 29-ին, թեթեւ վիրավորում է ստացել, վիրակապվել եւ շարունակել ծառայությունը։ Վահանյանը դատարանում հայտարարել է, որ երկրորդ անգամ էլ հոկտեմբերի 10-ին` Խուռհատ սարի մարտական գործողությունների ժամանակ է վիրավորվել, սակայն տուժող կողմը այն համոզմանն է, որ նա այդ օրը իր հին վերքը քչփորել է՝ մարտի դաշտը թողնելու պատրվակ ստեղծելով։ Լուսանկարում՝ վկա Կարեն Աբրահամյանը Ըստ վկա Կարեն Աբրահամյանի՝ 300–հոգանոց գումարտակը հրաման է ստացել բարձրանալ Խուռհատ սարը, դիրքավորվել այնտեղ եւ անցնել պաշտպանության։ Թե ում կողմից, նա չգիտեր։ Նրա խոսքով՝ դիրքավորվել են, խրամատների բացակայության պատճառով սկսել բահերով փոսեր փորել, իսկ 2 օր անց թշնամին հարձակում է գործել․ «Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին՝ երեկոյան ժ․ 6-ի կողմերը»,– սկսեց պատմել Աբրահամյանը, սակայն հանրային մեղադրողը ընդհատեց․ «Հոկտեմբերի 9-ի՞ն»։ Նշենք, որ ըստ քրեական գործի եւ դատարանում հարցաքննված մի շարք վկաների՝ հարձակումը հոկտեմբերի 10-ին է եղել․ «Մեկ անգա՞մ է հարձակում եղել»,– ճշտեց մեղադրողը։ Վկան դրական պատասխան տվեց։ Այս եւ հետագա մի շարք այլ հակասություններ հաշվի առնելով՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը ավելի ուշ միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, ինչը դատարանը բավարարեց։ Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ հակառակորդը հարձակվել է հոկտեմբերի 10-ին, այլ ոչ թե 9-ին, եւ կեսօրին՝ 12-ի մոտակայքում, այլ ոչ թե երեկոյան՝ 6-ի մոտակայքում․ «Դպրոցում գտնվելու ընթացքում՝ հոկտեմբերի 8-ի կեսօրին, Վահանյանը հավաքել է զորքին, ասել՝ գնալու ենք մի հանգիստ տեղ, գրեթե 3-րդ գիծ, եւ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9–ի կեսօրին, նրա ղեկավարությամբ 300 հոգով կամազով բարձրացել են «Վիշկա» կոչվող սարը (խոսքը Խուռհատ սարի մասին է,-հեղ․)»,– նախաքննության ժամանակ ասել է նա։ –Հիմա դատարանը ո՞ր օրը հիմք ընդունի,– հետաքրքրվեց Ավետիսյանը։ –Երեւի ամսի 10-ը,– պատասխանեց վկան։ Շարունակելով իր ցուցմունքը՝ նա դատարանում պատմեց, որ հակառակորդը ե՛ւ օդային ուժ ուներ, ե՛ւ մարդուժ․ «Մենք ընկանք շրջափակման մեջ, ու մեզ հետնահանջ տվեցին»,– պատմեց վկան՝ չկարողանալով կոնկրետացնել, թե ով է տվել նահանջի հրամանը։ Լուսնկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը վկային խնդրեց նաեւ մանրամասնել, թե ինչ նկատի ուներ, երբ նիստի սկզբում ասաց՝ փախել է․ «Նկատի ունեի, որ երբ հարձակվել են, Վահանյանը փախել է Հադրութի էդ սարի մոտից, տեսա՝ ոնց է վիլիս նստում»,– ասաց վկան՝ նշելով, որ տեղյակ չէ՝ ինչու էր նա գնում կամ վիրավորների տանում էր իր հետ թե ոչ։ Ի պատասխան Ավետիսյանի հարցին՝ վիրավո՞ր էր, քայլքի մեջ փոփոխություն կա՞ր՝ վկան նախ բացասաբար շարժեց գլուխը, ապա ասաց՝ չգիտի։ Վկայի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքներում մի շարք էական հակասություններ կային Վկա Կարեն Աբրահամյանի խոսքով՝ նահանջից հետո ինքը գտնվել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ։ Հիշեցնենք՝ Մուրադյանն այն սպան է, որը, ըստ քրեական գործի, գումարտակի մի մասի հետ գնացել է սխալ ուղղությամբ, ինչի հետեւանքով անձնակազմը ընկել է շրջափակման մեջ՝ տալով զոհեր եւ վիրավորներ։ Թե ինչպես էր զորքի մոտ 150 հոգին Հովհաննես Մուրադյանի գլխավորությամբ բաժանվել մյուս սպաներից, Աբրահամյանը չկարողացավ պարզաբանել, ասաց՝ վիրավորման հետեւանքով որոշ բաներ չի հիշում․ «Չգիտեմ՝ ոնց եղավ, որ բաժանվեցինք, չեմ հիշում, կեսս ներքեւ ենք իջել, կեսս՝ վերեւ»։ Ավելի ուշ, երբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, այս դրվագի վերաբերյալ որոշ մանրամասներ պարզ դարձան։ Մասնավորապես, նախաքննության ժամանակ վկան պատմել էր, որ սարից գրեթե բոլորով իջել են, եւ քանի որ գումարտակի հրամանատարը փախել էր, խառնաշփոթը եւ խուճապը ավելի էին շատացել․ «Այդ ժամանակ մեզ հետ էին Հայկազ Գրիգորյանը, Վազգեն Վարդանյանը, Հովհաննես Մուրադյանը։ Հայկազն ասաց, որ պետք է գնանք սարից դեպի աջ գտնվող անտառի ուղղությամբ, որտեղ մեր 3-րդ գումարտակն էր, դրանից հետո մենք միաշարասյուն սկսեցինք քայլել դեպի աջ։ Այդ ժամանակ հակառակորդը սկսեց ինքնաձիգներով կրակել մեր ուղղությամբ, որից հետո մենք բաժանվեցինք իրարից, խառնաշփոթ սկսվեց, եւ մեր մի մասը՝ 96 հոգով, գնաց Հովհաննես Մուրադյանի եւ գյումրեցի կամավոր քեռիի հետ, ում անունը Արտյոմ էր, Հովոն կապ հաստատեց Վազգենենց հետ, տեղեկացանք, որ նրանք մեզնից վերեւ են»,– նշել էր նա։ Հիշեցնենք՝ այդ կամավորի մասին իր ցուցմունքում հիշատակել էր եւս մեկ վկա՝ նախորդ նիստին հարցաքննված կրտսեր սերժանտ Սամվել Հովասյանը՝ ասելով, որ նրա ցուցումով են շարժվել Հադրութի ուղղությամբ։ Շարունակելով իր ցուցմունքը՝ Աբրահամյանը դատարանում պատմեց, որ Հովհաննես Մուրադյանի գլխավորությամբ շարժվել են, ըստ ամենայնի, Տող գյուղի ուղղությամբ, որի ճանապարհին էլ վերջինս զոհվել է։ Կապի միջոց, ըստ նրա, Մուրադյանի մոտ չի եղել, միայն բջջային հեռախոս։ –Երբ գնում էիք Հովհաննես Մուրադյանի հետեւից, ի՞նչ տեղեկություն ունեիք հակառակորդի մասին։ –Գիտեինք, որ քաղաքում են թուրքերը։ –Այսինքն՝ Հովհաննես Մուրադյանը գիտե՞ր, որ Հադրութ քաղաքում են թուրքերը։ –Այո, դրա համար քաղաքի ուղղությամբ չենք գնացել, Տողի կողմ ենք գնացել։ –Մեկ այլ վկա նշել էր, որ Վանք գյուղի կողմ եք գնացել։ Հնարավո՞ր է՝ անվանումը խառնում եք։ – Չեմ հիշում է։ – Լավ, հետո՞։ – Միատողան գնում էինք, մենք ձորի մեջ էինք, հակառակորդը սարի վրայից խփում էր, ամենաառջեւից Մուրադյանն էր գնում, իրեն որ խփեցին, արդեն խուճապ սկսվեց,– պատմեց վկան՝ հավելելով, որ այդ հատվածում այլ զոհեր եւս ունեցել են։ Նշենք, որ այս դրվագի վերաբերյալ նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ Հովհաննես Մուրադյանն իրենց ասել է, որ պետք է շարժվեն Հադրութ քաղաքի, այլ ոչ թե գյուղի ուղղությամբ․ «Հովոն ասաց, որ պետք է քայլենք Հադրութի ուղղությամբ, դուրս գանք շրջափակումից, եւ որոշվել է, որ անտառով քայլենք եւ դուրս գանք Հադրութ քաղաքի ուղղությամբ, սակայն անտառով մենք իջանք ձորի միջով, ու այդ պահին հակառակորդը սկսեց նռնակներ նետել, կրակ վարել ինքնաձիգից եւ նռնականետից, ինչի հետեւանքով շատերը վիրավորվեցին, շատերը, այդ թվում՝ Հովոն եւ գյումրեցի կամավոր քեռին, զոհվեցին,– դատավորն ընթերցեց նախաքննական ցուցմունքը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը խնդրեց պարզաբանել այս հակասությունը․ –Եթե տեղյակ լինեիք, որ հակառակորդը Հադրութում է, կշարժվեի՞ք այդ ուղղությամբ,– հարցրեց նա։ –Ուրիշ տեղ չունեինք գնալու, հետ գնալու տեղ էլ չկար,– պատասխանեց վկան։ Վկան պատմեց, որ դատարանում գտնվող տուժողի իրավահաջորդներից մեկի որդին իր ձեռքերում է զոհվել Սպա Հովհաննես Մուրադյանի եւ հիշյալ կամավոր Արտյոմի զոհվելուց հետո ողջ մնացած անձնակազմը ցրվել է գյուղով մեկ, թաքնվել՝ գյուղի տներում՝ վիրավորներին իրենց հետ տանելով։ Ըստ վկայի՝ իր խումբը այդ տանը մնացել է մեկ օր, որից հետո դուրս է եկել, քայլել ճանապարհի ուղղությամբ, հանդիպել խմբի մյուս անդամներին եւ մոտ 50 հոգով միանալով Վանաձորի ՄՈԲ–ին՝ փրկվել՝ նրանց հետ մեքենաներով դուրս գալով Գորիս, ապա՝ Խնձորեսկ։ Հարցաքննության ժամանակ պարզ դարձավ, որ Կարեն Աբրահամյանի հետ նույն տանը գտնվել է զոհված ժամկետային զինծառայող Նարեկ Ղազարյանը, որի հայրը՝ տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը, մի շարք հարցեր հղեց վկային․ Լուսանկարում՝ զոհված զինծառայող Նարեկ Ղազարյանի հայրը՝ Գեղամ Ղազարյանը –Դուք որ սարից իջաք դեպի Վանք գյուղ, քանի՞ հոգի էիք։ –Ինը։ –Հետներդ վիրավոր կա՞ր։ –Նարեկը․․․ (Նկատի ունի՝ Ղազարյան Նարեկին,–հեղ․) –Իմ տղան է, հարգելի՛ դատարան։ –Նաեւ Սիրունյան Նարեկը․․․ Մնացածի անունները չեմ հիշում։ –Բայց իմ տվյալներով՝ 9 հոգի չեք եղել, շատ եք եղել։ –Տան մեջ 9 հոգով ենք եղել։ –Բայց գյուղում շատ եք եղել, 32 հոգի, ճի՞շտ է։ –Չգիտեմ՝ կոնկրետ քանի հոգի։ – Ձեր մոտ ցանկություն չառաջացավ, որ էդ երկու ամենածանր վիրավորներին (նկատի ունի՝ երկու Նարեկներին,- հեղ․) հանեք տներից, նման բան անցե՞լ է ձեր մտքով․ իմ տղան 12 ժամ ապրեց, արնաքամ եղավ․․․ –Ո՞վ է ասում, որ չենք հանել, տարել ենք «Դուց»-ի զորքի մոտ։ –Փաստորեն, ես իմ տղայի՞ն չեմ թաղել։ –Ձեր տղան ո՞վ է, ես չեմ ճանաչում։ –Ղազարյան Նարեկը։ –Հա, ճանաչում եմ, ինքը իմ ձեռքերի մեջ է զոհվել․․․ Տան մեջ․․․ –Բայց ես իրեն հանել եմ Վանք գյուղից, ձեր տղերքը տեղն ինձ ասել են, դու ինձ հիմա այլ հասցե ես ասում։ Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ վկան նույնպես այդ ժամանակ նշել է, որ իրենք Վանք գյուղում են մնացել, ուստի ենթադրվում է, որ նա Վանք գյուղի անունը խառնում է Տող գյուղի անվան հետ։ –Կարո՞ղ ես հիշել Նարեկիս վերջին խոսքերը,– տուժողի իրավահաջորդը հարցրեց վկային։ –Մրսում էր, ասեց՝ մի բանով ծածկիր, բուշլաթով ծածկել եմ։ –Այլ արտահայտություն չի՞ արել։ –Չեմ հիշում։ –Կոմպոտը որ բերել եք, խմել է։ Ջուր է ուզել, չի եղել, կոմպոտ եք բերել։ –Հա․․․ –Որ խմել է, ի՞նչ է ասել, չի՞ ասել՝ մորս կասեք՝ ես իրեն շատ եմ սիրում։ –Ինձ չի ասել, ես չեմ հիշում։ Լուսանկարում՝ վկա Կարեն Աբրահամյանը Տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը խնդրեց իր վերջին հարցին «տղավարի» պատասխանել՝ համարելով, որ Աստծուն է պատասխան տալիս․ –Ի վերջո, ըստ ձեզ՝ դավաճանություն եղե՞լ է։ –Որտե՞ղ։ –Սպաները դավաճանե՞լ են, որ ձեզ թողել, փախել են։ –Կոնկերտ՝ ով, չեմ հասկանում․․․ Մեզ հետ Հովոն է եղել, զոհվել է, տան մեջ այլ սպա չի եղել,– պատասխանեց վկան։ Մստո Մստոյանի խոսքով՝ հարձակման սկզբում Վահանյանն իրենց չի թույլատրել կրակել Երեկ հարցաքննված մյուս վկան Մստո Մստոյանն էր, որը պատերազմի ժամանակ եղել է 2 ամսվա զինծառայող՝ ծանր զենքերի դասակից։ Նա եւս նշեց, որ մինչեւ Հադրութ տեղափոխվելը Վահանյանին չի հանդիպել, նրա ենթադրյալ վիրավորման մասին տեղեկություն չունի։ Մստոյանի խոսքով՝ իրենց տարել են Խուռհատ սարը՝ այնտեղ գտնվող ՄՈԲ–ին փոխարինելու։ Խրամատներ փորված չեն եղել, եւ զորքը՝ 3-4 հոգով, 5-10 մետր հեռավորության վրա բացազատվել է ողջ սարով՝ զբաղեցնելով մոտավորապես 450 մետր․ «Հիշում եմ՝ Վահանյանին, մեկ էլ ՄՈԲ–ից մի լեյտենանտ, նրանք էին համակարգում, բաժանվել ենք տարբեր մասերի, որ սարը պահենք, Վահանյանը ինձ ու ընկերոջս ուրիշ զենքի մոտ է նստացրել, ՊԿ է տվել մեզ, որովհետեւ ԱԿ–ով պահել չէինք կարող»։ –Այսինքն՝ ձեր ծանր զինատեսակը չէի՞ք տարել, ուղղակի ինքնաձիգով պիտի պաշտպանեի՞ք,– հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը: –Այո,– պատասխանեց վկան՝ հայտնելով, որ հոկտեմբերի սկզբի նահանջից հետո իրենց զինատեսակները մնացել էին Ջրականում։ Լուսանկարում՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Մստո Մստոյանի խոսքով՝ չնայած հակառակորդի հարձակմանը՝ Վահանյանը սկզբում չի թույլատրել կրակել․ «Ցերեկը շարժը նկատեցինք, մեր մոտ նոր սպա էին բերել, փոխգնդապետ էր, ինքը գնաց ամենադիմացը, անցավ մի քանի րոպե, սկսվեց կռիվը, մենք հարցնում էինք՝ կրակե՞նք, Վահանյանն ասում էր՝ չէ, ես կապ եմ տվել ռազվետկային, մի կրակեք, մեր ռազվետկան է, մինչեւ էնքան, որ շատ քիչ էր մնացել, որ հասնեն մեզ, էդ ժամանակ եղել են կրակոցներ մեր կողմից էլ, իրենց կողմից էլ, եղել են շատ զոհեր, Վահանյանն ասում էր՝ հետ մի գնացեք, լեյտենանտն ասաց՝ դու ասում էիր՝ ապահով է լինելու, էրեխեքին բերել ենք աղացի բերան, ես քեզ եմ լսել, էրեխեքին խաբած եմ դուրս եկել, հիմա քեզ չենք լսի, էրեխեքին հետ կտանենք, ու քանի որ արդեն շատ էինք խաբվել հրամանատարության կողմից, ՄՈԲ–ին լսելով, իր պահելով՝ հետ ենք իջել,– ասաց վկան՝ հավելելով, որ իրենցից շատերը կրակած էլ չկային, կռիվ տալ չէին կարող։  Վահանյանի կողմից այլ հրամաններ վկան չմտաբերեց․ «Մենք պիտի պաշտպանվեինք, բայց դրա հնարավորությունն էլ չկար, ամեն ինչ խառնվել էր իրար, շատ վիրավորներ ունեինք, ամենաճիշտ բանը նահանջն էր, երբ լեյտենանտ ասեց՝ նահանջեք, Վահանյանն ասաց՝ չէ, առաջ գնացեք, դրանից հետո նա իջել է, մենք, լեյտենանտին լսելով, իրեն վստահելով՝ նահանջել ենք»։ –Իսկ ձեզ հետաքրքիր չէ՞ր՝ ձեր գումարտակի հրամանատարն ուր է,–հարցրեց մեղադրողը։ –Իսկ մեր գումարտակի հրամանատարին հետաքրքիր չէ՞ր, թե իր զորքը ուր է,– ի պատասխան՝ ասաց վկան։ Նա նշեց, որ զորքը այն հոգեվիճակում էր, որ դժվար թե ենթարկվեր մեկին, ով իրենց արդեն իսկ խաբել է՝ ասելով, թե ապահով տեղ է տանում։ Վկայի խոսքով՝ հակառակորդը հրաձգային զինատեսակներ է կիրառել, հրետանի չի աշխատել։ Ի պատասխան մեղադրողի հարցին՝ այդ պարագայում Վահանյանը կարո՞ղ էր այդտեղ բեկորային վիրավորում ստանալ, վկան պատասխանեց․ «էդ ժամանակ չէ, եթե ծանր զենք չի եղել, գռանատ էլ չի եղել, բայց ես լսել եմ, որ նրա իջնելու ժամանակ սնայպեռ է աշխատել, կրակել է, կպել է ծառին, ու ինքը ծառից է վիրավորում ստացել»,– ասաց նա՝ հավելելով, որ կապի միջոց միայն Վահանյանի մոտ է նկատել։ Ըստ Մստո Մստոյանի՝ նահանջից հետո զորքի մեծ մասը շրջափակման մեջ է մնացել Ըստ Մստո Մստոյանի՝ մարտը տեւել է մոտ կես ժամ, իսկ երբ նահանջից հետո բոլորով հավաքվել են, եղել են մոտ 250 հոգի, որոնց թվում կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը չի եղել։ Այդ ժամանակ սպայակազմը որոշում է կայացրել նահանջել Հադրութի ուղղությամբ․ «Միաշարասյուն իջնում էինք դեպի Հադրութ, տեսանք, որ շուռ եկած ավտոներ կան, որոնք հակառակորդը խփել էր, որոշեցիք՝ ձախ սարով բարձրանալ, որովհետեւ Ջաբրայիլի 3-րդ գումարտակը էդտեղ էր, քիչ էր մնացել՝ հասնեինք՝ մոտ 100-150 մետր, երբ մեր զորքը սկսեց կրակել՝ իմանալով, թե թուրքերն են, կապի միջոց չկար, որ կապ տայինք՝ ասեինք մենք ենք․․․ Շատ մարդ կար, որ արդեն չէր կարողանում, ուժը չէր հերիքում, հետեւից էր գալիս․․․ Ու էդտեղ բաժանվել ենք երկու մասի»։ Ըստ Մստոյանի՝ իրենք՝ մոտ 45 հոգով, մնացել են սպաներ Հայկազ Գրիգորյանի եւ Վազգեն Վարդանյանի հետ, իսկ զորքի մնացած մասը սերժանտ Հարութ Կարախանյանի եւ ՄՈԲ–ի լեյտենանտի հետ իջել է Հադրութի գյուղերից մեկը․ «Վազգենը հեռախոսով կապ է տվել Հարութին, ասել՝ այսինչ տեղն ենք, եկեք, հասեք մեզ, բայց 2-3 րոպե հետո Հարութը ասել է՝ շրջափակման մեջ ենք, մեր զորքի մեծ քանակը էնտեղ է մնացել, թուրքերը հարձակվել են, չեն կարողացել գալ»։ –Երբ 250 հոգով հավաքվեցիք, տեղյա՞կ էիք՝ հակառակորդը որտեղ է,- հետաքրքրվեց մեղադրողը։ –Մեր զբաղեցրած տեղն էր արդեն հասել՝ վիշկայի մոտ։ –Տեղյա՞կ էիք՝ Հադրութում է թե ոչ։ –Հա, տեղյակ էինք, սարի վրայից իրենց տանկերը տեսել ենք քաղաքում։ –Էդ դեպքում ո՞նց կբացատերք, որ Հովհաննես Մուրադյանը գնացել է Հադրութ։ –Իրենք շուտ են իջել, ես իրենց չեմ տեսել,– ասաց վկան։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը վկային հայտնեց, որ ըստ քրեական գործի՝ զորքը երկու խմբի է բաժանվել․ մի խումբը իրենց՝ սպաների հետ մնացած խումբն է, մյուսը՝ Մուրադյանի հետ սխալ ուղղությամբ գնացած․ –Ես գիտեմ, որ Հովոն շուտ է իջել՝ 15 հոգու հետ։ –Ըստ քրգործի՝ նա մոտ 80 հոգու հետ է եղել։ –Մենք որ սարից իջել ենք, Հովոն մեզ հետ չի եղել,- պատասխանեց վկան։  Հաշվի առնելով, որ ըստ այլ վկաների ցուցմունքների՝ թե՛ Հովհաննես Մուրադյանը, թե՛ ՄՈԲ-ի հիշյալ լեյտենանտը նույն սխալ ուղղությամբ են գնացած եղել, բացառված չէ, որ նրանք միասին են եղել, եւ վկան Մուրադյանին պարզապես չի տեսել։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց, թե սպա Հայկազ Գրիգորյանը ինչ միջոցներ ձեռնարկեց, որ այդ բաժանումը տեղի չունենար, ինչին ի պատասխան՝ վկան ասաց․ «Այդ պահին Վազգեն Վարդանյանը զանգեց, չգիտեմ՝ ում, բայց օգնություն չուղարկեցին, որ գոնե շրջափակման մեջ մնացած տղերքին հանեն, իսկ 3–րդ գումարտակի հետ կապ հաստատել չի հաջողվել, որովհետեւ կապի միջոց չկար, հեռախոսահամար էլ չունեինք»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն էլ տեղեկացրեց, որ որոշ սպաներ վիճարկում են այն հանգամանքը, որ նորակոչիկները գտնվել են բարոյահոգեբանական այնպիսի վիճակում, որ ի վիճակի չէին ընկալել հրամանները․ –Հնարավոր էր ղեկավարել էն մարդու կողմից, որը վստահություն է ներշնչում, որը մեզ չի խաբել, ինձ չի թվում՝ նման մարդու զինվորները չէին ենթարկվի,- ասաց վկան։ –Հայկազ Գրիգորյանը այդպիսի՞ անձն էր, խաբե՞լ էր թե՞ ոչ,- հետաքրքրվեց տուժողների փաստաբանը։ –Չէր խաբել, Հայկազը ունեցել է ղեկավարող, ղեկավարողը իրեն է խաբել, ինքը չգիտակցելով խաբել է մեզ։ –Խաբողը խաբել է, Հայկազը մնացել է հրամանատար, նա գիտի զորքը արդեն խաբված է, ինչ–որ բան արե՞ց, որ իրեն լսեք։ –Դե, 40 հոգին որ բաժանվել է, իր հետ է գնացել, իրեն լսելով է գնացել, մնացածը շրջափակման մեջ է մնացել,- ասաց վկան՝ հավելելով, որ միայն զանգել, օգնություն են խնդրել, ուրիշ միջոց չէին կարող ձեռնարկել։ Ըստ վկայի ցուցմունքի՝ նահանջից հետո թշնամու վեցհոգանոց խմբի մոտ սպաներն իրենց միայնակ են թողել Մստո Մստոյանի խոսքով՝ իրենց խումբը ճանապարհին թշնամու 6-հոգանոց խմբի է հանդիպել․ «Մեզնից աջ 6 հոգու տեսանք, սպաները գոռացին՝ հա՞յ եք, ասացին՝ այո-այո, հասկացանք, որ թուրք են, իրենց կողմ էլ չգնացինք, սարի վրայով բարձրացանք, թուրքերը պտտվեցին, մեր դիմացով հարձակում գործեցին, գռանատ էին շպրտում, էդտեղ էլ ենք ունեցել զոհ ու վիրավոր, Ղարիբը գոռաց (խոսքը սպա Ղարիբ Ջավադյանի մասին է, -հեղ․)՝ հելեք, կփռթենք, մենք հելել ենք, որ հարձակվենք, բայց պտտվել, տեսել ենք, որ 39-40 հոգի սպաների հետ դեպի ներքեւ են գնում․․․ Մնացել ենք 4 հոգով՝ ես, Արթուր Անդրեասյանը, Արմեն Երիցյանը, Խաչատուր Անախասյանը (վերջին երկուսի ցուցմունքները՝ այստեղ,- հեղ․), մեկ էլ վիրավորները․․․ Ասացի՝ կամ պիտի էստեղ մնանք, զոհվենք, կամ զորքի հետեւից իջնենք»։ Վկայի խոսքով՝ ի վերջո որոշել են իջնել եւ մի կերպ հասել են զորքին։ – Բա նրանց միանալուց հետո հարց չեղա՞վ, թե ձեզ ինչու լքեցին։ –Դե մեր միակ հույսը իրենք են եղել,– պատասխանեց վկան՝ հավելելով, որ զորքին միանալուց հետո հադրութեցի ավագի ղեկավարությամբ դուրս են եկել ճանապարհ, հանդիպել հետախույզների խմբի եւ այդպես փրկվել։  –Ո՞րն էր տրամաբանությունը, որ Ղարիբը ե՛ւ կռվելու հրաման է տվել, ե՛ւ նահանջել են,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։ –Երեւի որովհետեւ շատերը վախեցել են։ –Սպանե՞րն էլ։ –Դե որ սպաներն էլ են իջել, երեւի իրենք էլ։ –Ու ձեր մասին էլ չեն մտածել, չէ՞,– լսվեց ծնողներից մեկի ձայնը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 16-ին։ Դատարանը հերթական անգամ որոշում կայացրեց բերման ենթարկել պատշաճ ծանուցված, բայց դատարան չներկայացած վկաներին։    Գլխավոր լուսանկարում՝ վկա Մստո Մստոյանը Միլենա Խաչիկյան
17:51 - 08 փետրվարի, 2023
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը հերքում է Սերգեյ Լավրովի պնդումը․ Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների բնույթի մասին պայմանավորվածություն չկա

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը հերքում է Սերգեյ Լավրովի պնդումը․ Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների բնույթի մասին պայմանավորվածություն չկա

Ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ կա առանձին պայմանավորվածություն այն մասին, որ Լաչինի միջանցքով զինվորական բեռներ չպետք է տեղափոխվեն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից, սակայն, հերքում են նման պայմանավորվածության գոյությունը։ 2023-ի հունվարի 18-ի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել էր հետևյաը. «Երեկ խոսում էի Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Լաչինի միջանցքը, համաձայն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել երեք երկրների առաջնորդների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին, պետք է բաց լինի երկու ուղղություններով բեռների, քաղաքացիական անձանց և տրասնպորտային միջոցների տեղափոխման համար։ Պարզ է, որ այնտեղ առանձին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոչ մի զինվորական բեռ այդ ճանապարհով չպետք է անցնի»։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, սակայն, զինվորական բեռների մասին ոչինչ չկա։ Հայտարարության 6-րդ կետում նշվում է միայն հետևյալը․ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»: Հաշվի առնելով այս փաստը՝ մենք հարցում էինք ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել հետևյալ հարցերը․  Արդյո՞ք Հայաստանը Ադրբեջանի և կամ որևէ այլ պետության հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել, որ Լաչինի միջանցքով զինվորական բեռներ չպետք է տեղափոխվեն: Եթե այո, այդ պայմանավորվածությունը ո՞ր պետության/պետությունների հետ է ձեռք բերվել։ Եթե պայմանավորվածությունը գրավոր է, ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվել։ Վարչապետի աշխատակազմից, մեր հարցմանն ի պատասխան, նշել են․ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը ամբողջությամբ հրապարակված է, Լաչինի միջանցքի ռեժիմը կարգավորվում է՝ Հայտարարության 6-րդ կետի համաձայն: Լաչինի միջանցքի վերաբերյալ այլ պայմանավորվածություն առկա չէ»: Այսպիսով, Հայաստանի կառավարությունը պնդում է՝ ձեռք չի բերվել այնպիսի պայմանավորվածություն, ըստ որի՝ Լաչինի միջանցքով  ոչ մի զինվորական բեռ չպետք է տեղափոխվի։ Մի քանի օր առաջ էլ Արցախի արտգործնախարարությունն էր հայտարարություն տարածել, որտեղ նշվում էր․ «Եռակողմ հայտարարության մեջ բացակայում է բեռների փոխադրման որևէ սահմանափակում՝ ըստ դրանց բնույթի, նշանակության կամ կիրառման։ Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը»։ Արցախի ԱԳՆ-ն նաև շեշտել էր, որ վերջին շրջանում ադրբեջանական իշխանությունները հաճախ են կամայական մեկնաբանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող 6-րդ կետը։ Հիշեցնենք՝ նույն ասուլիսի ընթացքում Լավրովը հայտարարել էր՝ ադրբեջանցիները տվյալներ են փոխանցել իրենց, թե հայկական կողմը ականներ է տեղափոխել Լաչինի միջանցքով, և հետո դրանք օգտագործվել են ականապատելու ադրբեջանական դիրքերի մոտ գտնվող հատվածները։ Այս տվյալները, ըստ Լավրովի, ռուսական կողմը ստուգում է։ Ավելի վաղ ադրբեջանական կողմից մեղադրանքներ էին հնչել Հայաստանի հասցեին, թե «Հայաստանն օգտագործում է Լաչինի միջանցքը ոչ հումանիտար նպատակներով, ինչն արգելված է»։ Ադրբեջանն, իբր, իր տարածքում Հայաստանում 2021-ին արտադրված ականներ էր հայտնաբերել։ Այս հայտարարությանը պատասխանել էր ՀՀ ԱԳ նախարարը՝ նշելով, որ այդ ականներն Ադրբեջանի մոտ են հայտնվել Հայաստանի տարածքներից, որոնք օկուպացվել են 2021-2022թթ. ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով։ Այսպիսով, Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանն «ականներ է տեղափոխել Լաչինի միջանցքով, օգտագործել այն ոչ հումանիտար նպատակներով, ինչն արգելվում է»։ Սերգեյ Լավրովը պնդում է՝ կա պայմանավորվածություն, որ Լաչինի միջանցքով զինվորական բեռներ չպետք է տեղափոխվեն։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը հերքում է, որ նման պայմանավորվածություն կա, և հղում է անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Իսկ այս հայտարարության մեջ, հիշեցնենք, տեղափոխվող բեռների բնույթի մասին ոչինչ նշված չէ։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքով ականներ տեղափոխելուն, այն ադրբեջանական կողմի տարածած կեղծ տեղեկություն է, և Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հերքել է այդ լուրը։ Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի (2021) Աննա Սահակյան
15:45 - 07 փետրվարի, 2023
«Լաչինի դիմաց Զանգեզուրի միջանցք» տարբերակ բանակցային գործընթացում չի առաջարկվել, խաղաղապահներն էլ ոչ ամեն ինչի մանդատ ունեն․ ԱԳՆ-ն հերքում է Գագիկ Մելքոնյանի պնդումները

«Լաչինի դիմաց Զանգեզուրի միջանցք» տարբերակ բանակցային գործընթացում չի առաջարկվել, խաղաղապահներն էլ ոչ ամեն ինչի մանդատ ունեն․ ԱԳՆ-ն հերքում է Գագիկ Մելքոնյանի պնդումները

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի և ռուսական խաղաղապահ զորախմբի մանդատի մասին հայտարարություններ է արել, որոնք ՀՀ ԱԳՆ-ն հերքում է։ Մեկ ամիս առաջ Գագիկ Մելքոնյանը 24TV-ին տված հարցազրույցում հայտարարել էր․ «Լավրովի պլանով, ես ինչքան գիտեմ, նախատեսված էր, որպեսզի էս Լաչինի միջանցքը մնա, Լաչինի միջանցքով Ղարաբաղը միանա Հայաստանին, դրա դիմաց իրանք (Ադրբեջանը,- խմբ․) կունենան արդեն Զանգեզուրի միջանցք։ Էդ ժամանակ մենք կորցնելու ենք երկու տարածք․ առաջինը՝ իրանք ձեռք են բերելու էդ միջանցքը և հետագայում արդեն կամաց-կամաց Ղարաբաղն էլ կդատարկեն, այ էս կարգով [ճանապարհը] կփակեն, կբացեն, գազը կփակեն, ամեն ինչ կանեն, Արցախն էլ կհայաթափեն, ու ամեն ինչ էլ կավարտվի՝ ըստ Լավրովի պլանի»։ Նշենք, որ Լավրովի պլան են համարվում Արցախյան համակարտության կարգավորման բանակցային գործընթացում 2016-2020 թթ․ քննարկված առաջարկները։ Նույն հարցազրույցի ընթացքում Գագիկ Մելքոնյանն անդրադարձել էր նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին․ «Չէ՞ որ պայմանագրով նոյեմբերի 9-ի ռուսական զորքը պետք է լինի պաշտպան Արցախին, լիազորված է, էդ պարտականություններն անվտանգային դրված է ռուսական զորքի վրա։ Եվ էնտեղ կետով, որ Հայաստանը չպետք է զորք ունենա Արցախում, դա հենց նրանով ա պայմանավորված, որ ռուսական զորքը պիտի մնա էնտեղ, ռուսական զորքը պիտի պաշտպանի։  Ու ես չեմ կարծում, որ ասենք, հանկարծակի Ռուսաստանը ցանկություն ունենա էդ վայրի խուժաններին (Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիներին,- խմբ․) էնտեղից քշելու ու չկարողանա քշի»։ Լրագրողի դիտարկմանը, թե ասում են, որ ռուս խաղաղապահները կրակելու մանդատ չունեն, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց․ «Իրանք ամեն ինչի մանդատ էլ ունեն․ եթե ցանկություն ունենան, ամեն ինչի մանդատ էլ ունեն»։ Մենք հարցում էինք ուղարկել Հայաստանի արտգործնախարարություն (ԱԳՆ)՝ հասկանալու, թե արդյո՞ք ճիշտ են Գագիկ Մելքոնյանի պնդումները՝ բանակցային գործընթացի և խաղաղապահների մանդատի մասին։ Հարցման առաջին մասում ԱԳՆ-ին խնդրել էինք պատասխանել հետևյալ հարցերին․ 2015-2020 թթ․ ընթացքում Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկված փուլային կամ այլ տարբերակներով փաստաթղթերում եղե՞լ է որևէ կետ կամ առաջարկ այն մասին, որ Լաչինի միջանցքի դիմաց Հայաստանն Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի տրամադրում է միջանցք իր սուվերեն տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի կամ Վայոց ձորի մարզում։ Եթե այո, ո՞ր թվականին է եղել նման առաջարկ, փաստաթուղթ կամ փաստաթղթի կետ, ո՞ր պետությունը կամ միջազգային կառույցն է այդպիսի առաջարկ արել։ ԱԳՆ-ից պատասխանել են հետևյալը․ «Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկված փուլային կամ այլ տարբերակներով փաստաթղթերում չի եղել այնպիսի կետ կամ առաջարկ, որի համաձայն՝ Լաչինի միջանցքի դիմաց Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի կտրամադրի միջանցք իր սուվերեն տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի կամ Վայու ձորի մարզում»: Այսպիսով, Գագիկ Մելքոնյանի առաջին պնդումը սխալ է․ ՀՀ ԱԳՆ-ն հերքում է, որ փուլային, փաթեթային կամ այլ տարբերակներով փաստաթղթերում եղել է Լաչինի դիմաց ՀՀ սուվերեն տարածքում որևէ պետության միջանցք տրամադրելու առաջարկ։ ԱԳՆ-ից նաև հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն իր առաքելությունն իրականացնելիս ռազմական ուժ կիրառելու մանդատ ունի, եթե այո, ապա ի՞նչ պայմանագրով կամ իրավական այլ ակտով է սահմանված այդ մանդատը։ ԱԳՆ-ից, ի պատասխան, նշել են․ «ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ գործողության իրականացման մանդատի վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում էր եռակողմ ձևաչափով (ՀՀ, ՌԴ և ԱՀ): Նշված փաստաթղթի նախագիծը համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից, սակայն մերժվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որի հետևանքով սույն փաստաթուղթն ուժի մեջ չի մտել, և խաղաղապահ զորախումբը մինչ օրս օժտված չէ համապատասխան մանդատով ու լիազորություններով»: Այսինքն, Գագիկ Մելքոնյանի երկրորդ պնդումը ևս սխալ է․ ռուսական խաղաղապահ զորախումբը, դատելով ԱԳՆ-ի պատասխանից, «ոչ ամեն ինչի մանդատ ունի», քանի որ նրա մանդատն ու լիազորությունները սահմանող փաստաթուղթն ուժի մեջ չի մտել։ Այսպիսով կառավարող ուժը ներկայացնող պատգամավորը մեկ հարցազրույցի ընթացքում երկու սխալ պնդում է արել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի և ռուս խաղաղապահների մանդատի մասին։   Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից Աննա Սահակյան
13:43 - 07 փետրվարի, 2023
Ոչ թե արտաքին, այլ պետական պարտքն է տասը միլիարդն անցել․ Էդգար Ղազարյանը սխալվում է

Ոչ թե արտաքին, այլ պետական պարտքն է տասը միլիարդն անցել․ Էդգար Ղազարյանը սխալվում է

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հունվարի 30-ին 168.am-ի «Ռիվյու» հաղորդման ժամանակ իրականությանը չհամապատասխանող պնդումներ է արել։  Մասնավորապես, խոսելով միջազգային կառույցներից ստացվող վարկերի միջոցով տարբեր խնդիրներ լուծելու մասին, Ղազարյանը սխալ թվեր է ներկայացրել արտաքին պարտքի վերաբերյալ․ «Էսքան, որ սրանք հպարտանում են (նկատի ունի կառավարող ուժի ներկայացուցիչներին,-հեղ․), որ ասֆալտապատում են անում, ճանապարհներ են կառուցում, էդ իրանք իրանց հոր փողերով չեն անում, դա մեր պետության արտաքին պարտքի հաշվին են անում։ Իրենք արտաքին պարտքը ստացել են մոտավորապես վեց միլիարդով, չորս տարվա ընթացքում դա հասցրել են տասը միլիարդից ավելի, գրեթե կրկնապատկել են»։ Այսպես, ՀՀ արտաքին պարտքը 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 899,5 մլն դոլար (2 321,9 մլրդ դրամ)։ Իսկ, օրինակ, 2018թ․-ի ապրիլի 30-ի դրությամբ արտաքին պարտքը կազմել է 4 949,6 մլն դոլար (2 392,3 մլրդ դրամ)։ Այսինքն՝ արտաքին պարտքը 2018թ․ ապրիլին՝ իշխանափոխության ժամանակ, չի եղել վեց միլիարդի, նոր կառավարության ձեւավորումից հետո էլ՝ տասը միլիարդի հասնող։ Մենք դիտարկեցինք նաեւ պետական պարտքի չափը, ինչից հասկանալի դարձավ, որ Էդգար Ղազարյանը պետական պարտքի չափն է ներկայացրել որպես արտաքին պարտքի չափ։ Նշենք, որ արտաքին պարտքը պետական պարտքի մի մասն է, իսկ պետական պարտքն, այո, վերջին պաշտոնական տվյալներով անցել է տասը միլիարդից։ Մասնավորապես, օրինակ՝ 2018թ. ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 867,5 մլն դոլար (3 319,2 մլրդ դրամ): Իսկ ահա 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 10 637,7 մլն դոլար (4 186,7 մլրդ դրամ)։ Ինչպես վերը նշեցինք՝ արտաքին պարտքը պետական պարտքի միայն մի մասն է, պետական պարտքը ներառում է նաեւ ներքին պարտքը, որը ենթադրում է Հայաստանի անունից ՀՀ ռեզիդենտների հանդեպ ստանձնած պարտքային պարտավորությունները, իսկ արտաքին պարտքը՝ ՀՀ ոչ ռեզիդենտների եւ օտարերկրյա պետությունների հանդեպ ստանձնած պարտքային պարտավորությունները։ Հաջորդիվ, խոսելով «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մասին, Ղազարյանն ասում է․  ««Իմ քայլը» հիմնադրամի գործունեության վերաբերյալ՝ տեղով ոտից գլուխ կոռուպցիոն օջախ։ Էդ հիմնադրամը ստեղծվել ա Նիկոլ Փաշինյանի կնոջ կողմից, ինքն էլ դրա նախագահն ա, եւ էդ հիմնադրամը ստեղծվել ա նրա վարչապետ դառնալուց հետո։ [․․․] Էդ ո՞նց եղավ, որ նրա վարչապետ դառնալուց հետո կինը բացում ա հիմանդրամ, մեկ էլ էդ հիմնադրամի հաշվին կարճ ժամանակահատվածում կուտակվում են միլիոնավոր դոլարներ ու դոնորների գերակշիռ մասն էլ, հատկապես մեծ նվիրատուները՝ անանուն»։ Երբ հաղորդավարը դիտարկում է անում՝ «Ձեզ կասեն՝ բացեք հաշվետվությունը նայեք», Ղազարյանն արձագանքում է, թե հաշվետվություններ չկան․ «Ասենք «Իմ քայլը» էն հիմնադրամներից է, որի կայքում որեւէ հաշվետվություն որեւէ տարվա գործունեության գոյություն չունի»։ Ղազարյանն այստեղ եւս իրականությանը չհամապատասխանող պնդում է անում․ «Իմ քայլը» հիմնադրամի կայքում կա հաշվետվություններ վերտառությամբ բաժին, որտեղ տեղադրված են 2019, 2020 եւ 2021թթ․ տարեկան հաշվետվությունները։ Կայքում տեղադրված է նաեւ նվիրատուների վերաբերյալ պատուհան, որտեղ երեւում են 2021-22թթ․ ընթացքում արված փոխանցումները եւ դոնորների անունները։ Էդգար Ղազարյանը չի սխալվում այն մասով, որ ամենախոշոր նվիրատվություններն իսկապես արված են անանուն։ Այսպիսով, Էդգար Ղազարյանը սխալ է ներկայացրել ՀՀ արտաքին պարտքի ցուցանիշը՝ ուռճացնելով այն, եւ իրականությանը չհամապատասխանող մեկ այլ պնդում էլ արել է «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվությունների մասին։ Հայարփի Բաղդասարյան
14:55 - 03 փետրվարի, 2023
Միգուցե դա այնքան էլ այդպես չէ․ Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը կապ չունի այլ պետությունների միավորների հետ

Միգուցե դա այնքան էլ այդպես չէ․ Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը կապ չունի այլ պետությունների միավորների հետ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը երկու օր առաջ հրապարակեց կոռուպցիայի ընկալման համաթվի կամ ինդեքսի (ԿԸՀ) 2022-ի արդյունքները։ Նախորդ տարվա հետ համեմատած՝ Հայաստանի ԿԸՀ արժեքը նվազել է՝ 49 միավորից դառնալով 46։ Երեկ news.am-ի լրագրողը հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանից, թե ինչով է պայմանավորված համաթվի նման հետընթացը։ Աղազարյանն էլ պատասխանեց․ «Դե, գիտեք ինչ կա, երբ որ գնահատականները տալիս են, հո չե՞ն վերցնում առանձին պետություն և իր գնահատականները տալիս են էդ բնագավառում։ Գնահատականները տալիս են բոլոր պետությունների համար։ Հիմա, միգուցե որոշ պետություններ լավ ցուցանիշներ են ապահովել, դրա համար իրենք առաջ են անցել, ոչ թե մենք հետ ենք ընկել։ Միգուցե դա այդպես է»։  Աղազարյանը, սակայն, մանիպուլյատիվ է ներկայացնում կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկելու մեթոդաբանությունը։   Ի՞նչ է կոռուպցիայի ընկալման համաթիվը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը նշում է, որ ԿԸՀ-ն երկրների ամենաշատ կիրառվող համաշխարհային վարկանիշն է կոռուպցիայի ոլորտում։ Այն գնահատում է պետական ​​հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակը՝ հիմնվելով փորձագետների և ձեռնարկատերերի կարծիքների վրա։ Յուրաքանչյուր երկրին տրվող գնահատականը հիմնված է կոռուպցիայի վերաբերյալ 13 հետազոտություններից և ուսումնասիրություններից ստացված տվյալների առնվազն 3 աղբյուրների վրա: Այս տվյալները հավաքում են մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում՝ Համաշխարհային բանկը և Համաշխարհային տնտեսական ֆորումը: Որևէ երկրին տրված միավորը արտացոլում է պետական ​​հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակը։ Գնահատումն իրականացվում է  0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է, որ կոռուպցիայի ընկալման մակարդակը շատ բարձր է, իսկ 100-ը՝ շատ ցածր։ Պետությունները նաև դիրքավորվում են «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացրած սանդղակում։ Ավելի շատ միավորներ ստացած պետությունները, բնականաբար, ավելի բարձր հորիզոնականներում են։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը նշում է, որ սանդղակում որևէ պետության դիրքը կարող է փոխվել այլ պետությունների նկատմամբ նաև այն պատճառով, որ ցանկում ընդգրկված պետությունների թիվը փոխվել է։ Հայաստանն, օրինակ, այս տարի 63-րդ հորիզոնականում է, անցած տարի՝ 58-րդ-ում էր։ «Այսպիսով, երկրում կոռուպցիայի մակարդակը գնահատելու տեսանկյունից պետության դիրքն այնքան կարևոր չէ, որքան միավորների քանակը»,- շեշտում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը։ Նշենք, որ լրագրողի հարցը վերաբերում էր ոչ թե Հայաստանի դիրքին, այլ կոռուպցիայի ընկալման համաթվին կամ, ավելի պարզ ասած, կոռուպցիայի ընկալման մակարդակի համար ստացած միավորին, որն այս տարի 46 է, նախորդ տարի 49 էր։ Հովիկ Աղազարյանի պնդումը ճիշտ կլիներ, եթե խոսքը վերաբերեր Հայաստանի դիրքին, բայց ստացած միավորների առումով մեր երկիրն այս տարի իրոք հետընթաց է գրանցել, և այդ հետընթացը ոչ մի կապ չունի այլ պետությունների ստացած միավորների հետ։ Երկու օր առաջ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ը նաև ներկայացրել էր Հայաստանի ստացած միավորները վերջին 10 տարիներին։ 2019-ից մեր միավորները սկսել էին բարձրանալ՝ 35-ից հասնելով 49-ի, իսկ այս տարի, փաստորեն, նվազել են։ Աղբյուրը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» Այսպիսով, Հովիկ Աղազարյանը մանիպուլյատիվ է ներկայացնում կոռուպցիայի ընկալման համաթվի մեթոդաբանությունը, և Հայաստանն այս առումով իսկապես հետընթաց է գրանցել։   Աննա Սահակյան
17:50 - 02 փետրվարի, 2023
Մարտական առաջադրանքի մեկնելիս քիմիկների զորքին զրահաբաճկոններ չեն հատկացվել․ դատարանում սկսվել է ապացույցների հետազոտումը

Մարտական առաջադրանքի մեկնելիս քիմիկների զորքին զրահաբաճկոններ չեն հատկացվել․ դատարանում սկսվել է ապացույցների հետազոտումը

#Կարճասած Հակակոռուպցիոն դատարանում երեկ մեկնարկեց «Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական գործով ապացույցների հետազոտումը, որի ժամանակ դատավոր Սարգիս Դադոյանը, հրապարակելով գործում առկա գրավոր փաստաթղթերը, հայտնեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ՀՀ զինված ուժերի՝ Զանգելանի հատվածում մարտական խնդիր կատարող զինծառայողներին զրահաբաճկոններ չեն հատկացվել, նրանք համալրված են եղել իրենց ամրակցված զենք–զինամթերքով եւ սաղավարտներով։ Ապացույցների հրապարակումից պարզ դարձավ նաեւ, որ ամբաստանյալներ, ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն ու զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը միմյանց հետ որպես կապի միջոց օգտագործել են բջջային հեռախոսներ։ Դատավորը որոշում կայացրեց 7 անձի տուժողի իրավահաջորդ եւ 25 զինծառայողի տուժող ճանաչելու մասին։ Այդ զինծառայողների մի մասին նախաքննության ժամանակ հնարավոր էր եղել նույնականացնել ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայ գերիների մասնակցությամբ հրապարակված տեսանյութերից, բայց թե ինչու նրանք և նրանց հարազատները տուժող եւ տուժողի իրավահաջորդ չէին ճանաչվել այդ փուլում, դատարանում պարզ չդարձավ։ Նիստի ընթացքում ամբաստանյալ Էլլադա Հարությունյանը դատարանին ներկայացրեց բժշկական հաստատությունից ստացված տեղեկանք, որը փաստում է, որ նա հղի է, եւ փետրվարի 3-ից սկսած գրեթե 5 ամիս՝ 144 օր, նախածննդյան եւ հետծննդյան շրջանով պայմանավորված չի կարողանալու ներկայանալ դատարան։ Քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ամբաստանյալների ներկայությունը դատական նիստերին պարտադիր է, իսկ նրանցից մեկի բացակայության պայմաններում նիստերը ենթակա են հետաձգման, առայժմ անհայտ է, թե ինչ ընթացք կստանա գործի քննությունը։ #Մանրամասն 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին,  ՀՀ զինված ուժերի՝ Զանգելանի հատվածում մարտական խնդիր կատարող զինծառայողներին զրահաբաճկոններ չեն հատկացվել, նրանք համալրված են եղել իրենց ամրակցված զենք–զինամթերքով եւ սաղավարտներով։ Խոսքը վերաբերում է ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (այսուհետ՝ ՌՔԿՊ) զորքերի զինծառայողներին։ Ինչպես հայտնի է, ՌՔԿՊ զորքերի 62 հոգանոց անձնակազմի 40 զինծառայողների շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները այժմ քննվում են Հակակոռուպցիոն դատարանում։ Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ երեկ մեկնարկեց ապացույցների հետազոտման փուլը, որի ժամանակ էլ դատավորը հրապարակեց վերոնշյալ տեղեկությունը։ Քրեական գործով, հիշեցնենք, ամբաստանյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը (պաշտոնից ազատվել է 2022 թ փետրվարի 24-ին), ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ ԳՇ պետի նախկին տեղակալն ու զորամասի հրամանատարը միմյանց հետ որպես կապի միջոց օգտագործել են բջջային հեռախոսներ Հետազոտելով գործում առկա գրավոր ապացույցները՝ դատավոր Սարգիս Դադոյանը հրապարակեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից 2021 թ․–ին իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզված մի շարք տեղեկություններ։ Համաձայն դրանց՝ 2020 թ հոկտեմբերի 21-ին Զանգելանի հատվածում տեղի ունեցած մարտական գործողություններին ՀՀ ՊՆ N զորամասից մասնակցել է 50 զինծառայող, որոնցից 25-ը՝ պահեստազորային։ Այդ հատվածում անձնակազմը պետք է կատարեր սանրման աշխատանքներ, հայտնաբերեր դիվերսիոն հետախուզական խմբերի, ոչնչացներ նրանց, այնուհետեւ անցներ պաշտպանության՝ թույլ չտալով թշնամու ներթափանցումը ՀՀ տարածք։  Նշենք, սակայն, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Աբգարյանը, պարտավոր լինելով անձնակազմին Կովսականի շրջանի Կերեն գյուղի մոտակայքում գտնվող «Կիրի Հանք» անվանումով տեղանք հասցնել, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ, հետամուտ չի եղել եւ ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական կանոնադրության պահանջները, ինչի արդյունքում անձնակազմի մի մասն ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ անհավասար մարտի բռնվել։ Նման պայմաններում, ըստ մեղադրանքի, Անդրանիկ Մակարյանը, հանդիսանալով տվյալ մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու, օգնության շտապելու փոխարեն իր եւ ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, ցուցաբերել է իշխանության անգործություն, անձնակազմին տվել «Նահանջ» հրաման եւ վերադարձել Կապան քաղաք։ Արդյունքում, 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաեւ ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է մինչ օրս։ Շարունակելով ապացույցների հետազոտումը՝ դատավորը հայտնեց՝ ՕՀՄ–ների արդյունքում պարզվել է նաեւ, որ Աբգարյանն ու Մակարյանը միմյանց հետ որպես կապի միջոց օգտագործել են բջջային հեռախոսներ։ Այս հանգամանքին վերաբերելի փաստաթուղթը ուսումնասիրելիս Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ փաստաթղթի 6-րդ կետում Մակարյանի հեռախոսահամարը լրացված է ձեռագիր նշումով՝ ընդգծելով, որ պարզ չէ, թե լրացումը ում կողմից է կատարվել։ Հանրային մեղադրող (դատախազ) Արշակ Մարտիրոսյանի կարծիքով, սակայն, այդ հանգամանքը որեւէ կասկած չի հարուցում։  Լուսանկարում՝ ամբաստանյալներն ու պաշտպանները Դատարանում չքննարկվեց եւ պարզ չդարձավ, թե ինչու են Աբգարյանն ու Մակարյանը միմյանց հետ կապ պահել բջջային հեռախոսներով, այլ ոչ թե ռադիոկապով։ Նշվեց միայն, որ ՕՀՄ–ների արդյունքում պարզվել է նաեւ, որ զինծառայողների մոտ առկա է եղել ներքին կապի միջոց, որի օգտագործման հեռավորությունը եղել է 600-700 մետր։ Դատավորը հրապարակեց ենթասպա Գեւորգ Նշանյանի կողմից գրված զեկուցագիրը Ուսումնասիրված ապացույցների թվում էր ՀՀ ՊՆ N զորամասի դասակի հրամանատար, ենթասպա Գեւորգ Նշանյանի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 11–ին գրված զեկուցագիրը։ Հիշեցնենք՝ վերջինս ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդին է, որի ծառայությունից խուսափելու հանգամանքը կոծկելու մեջ էլ մեղադրվում են Էլլադա Հարությունյանն ու Հայկ Կուլակչյանը։ Ըստ զեկուցագրի՝ Գեւորգ Նշանյանը դիմել է նույն զորամասի ՀՄ վաշտի հրամանատար, կապիտան Կ․ Մալխասյանին՝ խնդրելով վերջինիս միջնորդությունը վերադաս հրամանաատարության առջեւ, որպեսզի 11․10․2020 թ․–ից իրեն ազատեն ծառայողական պարտականությունների կատարումից՝ ընտանեկան պայմաններից ելնելով հորեղբոր որդու մահվան եւ նրա դիի որոնողական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Փաստաթղթի վրա առկա էին Նշանյանի եւ Մալխասյանի ստորագրությունները, վերջինինս՝ թույլատրել մակագրությամբ։ Ապացույցի հրապարակումից հետո ամբաստանյալ Էլլադա Հարությունյանը հայտարարեց, որ առկա է գործավարական ընթացքի կարգի խախտում․ «Այդ փաստաթուղթը չի հասել շարային մասի պետին, հասկացանք՝ հրամանատարը թույլատրել է, բայց թող գործավարը գա, պատասխան տա՝ եթե հերթականությամբ մուտքագրվել է, ինչո՞ւ կարգը պատշաճ կերպով չի շարունակվել, ինչո՞ւ շարայինի պետը չի տեղեկացվել, էնտեղից շտամպ պետք է լիներ, մուտք անելիս գործավարը զորամասի շտամպը պետք է դներ իմ սեղանին, բայց նման բան չի եղել, դրա համար է մութ այս ամենը»։ Փաստաթղթի վերաբերյալ հայտարարություն արեց նաեւ անհետ կորած մայոր Արմեն Բադեյանի կինը՝ Հասմիկ Ղուկասյանը։ Նա նշեց, որ ավագ սպա է, ծառայում է համալրման բաժանմունքում եւ շատ լավ պատկերացնում է, թե ինչ ընթացակարգով է այդ ամենը արվում․ «Ստացվում է, որ որեւէ մեկը կարող է մեկ ուրիշ զորամասից գալ որեւէ զորամաս, էդտեղ զեկուցագիր գրվի, մուտք արվի, մատյաններում լրացումներ կատարվեն, բայց որեւէ կնիք, հաստատող փաստ չլինի, որ եկել է այդ զորամասից, ինձ հետաքրքիր է՝ այդ զեկուցագրի վրա կա՞ որեւէ կնիք, որ էդ զեկուցագիրը եկել է էնտեղից»,– ասաց Ղուկասյանը՝ ցանկություն հայտնելով տեսնել զեկուցագիրը։ Լուսանկարում՝ դատավոր Սարգիս Դադոյանը Նախքան նրա բարձրացրած հարցին անդրադառնալը դատավոր Սարգիս Դադոյանը ճշտեց՝ Ղուկասյանը ի՞նչ կարգավիճակ ունի։ Պարզվեց, որ նա նախաքննությանը մասնակցել է որպես վկա, եւ տուժողի իրավահաջորդի կարգավիճակ չունի։ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ վկայի կարգավիճակ ունեցող անձինք մինչեւ իրենց հարցաքննությունը չպետք է նիստերի դահլիճում գտնվեն։ Այս հանգամանքը վկայակոչելով՝ դատավորը հորդորեց Հասմիկ Ղուկասյանին լքել նիստերի դահլիճը։ –Որպես վկա եմ էս պահին, բայց ուզում եմ լինել որպես իրավահաջորդ,– ասաց Ղուկասյանը։ -Եթե ցանկանում եք նման կարգավիճակ ունենալ, դիմումով հանդես եկեք,  դատարանը այն կքննարկի, կորոշի համապատասխան կարգավիճակ տալ–չտալը,– պարզաբանեց դատավորը՝ հորդորելով լքել նիստերի դահլիճը։ Դատավորի հորդորը զայրացրեց զոհված եւ անհետ կորած զինծառայողների՝ դահլիճում գտնվող հարազատներին․ –Ինչի՞ համար լքի, ամեն ինչ տենց օրենքով ա՞, դուք նրան վիրավորեցիք, – բղավեցին նրանք։ Նիստն ընդմիջվեց։ Դատարանը որոշում կայացրեց մի շարք զինծառայողների տուժող, իսկ նրանց հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին Նիստի ընդմիջմանը պարզ դարձավ, որ դահլիճում գտնվում են վեց այլ ծնողներ, որոնք եւս տուժողի իրավահաջորդի կարգավիճակ չունեն։ Վերջիններս տեղում դիմում հասցեագրեցին դատարան՝ տեղեկացնելով, որ իրենք վկա են, սակայն հաշվի առնելով, որ իրենց զավակները համարվում են անհետ կորած՝ ցանկանում են ներգրավվել որպես տուժողի իրավահաջորդ։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց տուժողի իրավահաջորդ ճանաչել դիմումներ ներկայացրած Հ․ Ղուկասյանին, Ն Մելքոնյանին, Գ Մելքոնյանին, Բ․ Ավդալյանին, Հ․ Ալեքսանյանին, Ռ․ Հայրապետյանին, Ա․ Հակոբյանին։  Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Միեւնույն ժամանակ դատարանը տուժող ճանաչեց զինծառայողներ Արմեն Բադեյանին, Էրիկ Ներսիսյանին, Սամվել Փիլոյանին, Հայրապետ Գեւորգյան, Գեւորգ Կարապետյանին, Հարություն Հակոբյանին, Էդգար Նահապետյանին, Ռուդիկ Ալեքսանյանին, Ալեքսանդր Եղիազարյանին, Նորիկ Առաքելյան,Արսեն Նահապետյան, Կարեն  Հովհաննիսյանին, Յուրիկ Գասպարյանին, Կարապետ Հարությունյան, Գարիկ Հարությունյանին, Արգիշտի Գաբրիելյանին, Շավարշ Ավդալյանին, Ալբերտ Մելքոնյանին, Գարիկ Մելքոնյանին, Դավիթ Սարգսյանին, Գրիգոր Ռոստոմյանին, Արթուր Ալոյան, Գեւորգ Բալայան, Լյուդվիգ Հայրապետյանին, Մաքսիմ Սարգսյանին։ Հիշյալ 25 զինծառայողների մի մասին նախաքննության ժամանակ հնարավոր է եղել նույնականացնել ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայ գերիների մասնակցությամբ հրապարակված տեսանյութերից, բայց թե ինչու նրանք կամ նրանց հարազատները տուժող եւ տուժողի իրավահաջորդ չեն ճանաչվել այդ փուլում, դատարանում այդպես էլ պարզ չդարձավ։ Ամբաստանյալ Էլլադա Հարությունյանը 144 օր չի կարողանալու ներկայանալ դատարան Նիստի ընթացքում ամբաստանյալ Էլլադա Հարությունյանը դատարանին ներկայացրեց բժշկական հաստատությունից ստացված տեղեկանք, որը փաստում է, որ նա հղի է, եւ փետրվարի 3-ից սկսած գրեթե 5 ամիս՝ 144 օր, նախածննդյան եւ հետծննդյան շրջանով պայմանավորված չի կարողանալու ներկայանալ դատարան։ Դատավոր Սարգիս Դադոյանը հետաքրքրվեց, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն ստեղծված իրավիճակում քրեական գործի հետագա քննության վերաբերյալ։ Բանն այն է, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ամբաստանյալների ներկայությունը դատական նիստերին պարտադիր է, իսկ նրանցից մեկի բացակայության պայմաններում նիստերը ենթակա են հետաձգման։ Լուսանկարում՝ Գլխավոր դատախազության՝ զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ Էլլադա Հարությունյանի մեղադրանքը առնչվում է Արսեն Աբգարյանի մեղադրանքին, ինչի պայմաններում տարանջատված քննությունը հնարավոր չէ․  «Եվ հաշվի առնելով, որ ուղղակի պահանջ է ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստերին, ես չունեմ իրավական այլընտրանք, քան հետաձգումն է»,– ասաց Մարտիրոսյանը։ Նա նաեւ նշեց, որ եթե տեսականորեն Էլլադա Հարությունյանի վերաբերյալ մաս անջատվի, գործերից մեկով առավել արագ քննություն իրականացվի, եւ կայացվի դատավճիռ, ապա իրավական առումով կաշկանդվածություն  է ստեղծվելու գործի մյուս մասը քննող դատավորի համար, քանի որ կայացված դատական ակտի հիմքում ընկած են լինելու փաստական տվյալներ, որոնք դեռ հետազոտվելու են դատարանում։ Պաշտպանական կողմը ամբողջությամբ համաձայնեց մեղադրողի դիրքորոշմանը։ Լսելով կողմերին՝ դատավոր Սարգիս Դադոյանը տեղեկանքը կցեց գործի նյութերին եւ նշեց միայն, որ հաջորդ դատական նիստի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն։ Հավելենք, որ չնայած նախնական դատալսումների փուլում կողմերն առարկել էին նիստի տեսա եւ լուսանկարահանման դեմ, դատաքննության փուլում նրանց դիրքորոշումը փոխվեց, ուստի դատարանը, լսելով կողմերի կարծիքը, թույլատրեց նիստի տեսա եւ լուսանկարահանումը՝ բացառությամբ Հայկ Կուլակչյանի, որը դարձյալ դեմ արտահայտվեց։   Միլենա Խաչիկյան
23:13 - 31 հունվարի, 2023
Որտեղից է գալիս եւ ուր է գնում Միութենական պետությունը․ հայացք Հայաստանից

Որտեղից է գալիս եւ ուր է գնում Միութենական պետությունը․ հայացք Հայաստանից

Լուսանկարում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Բորիս Ելցինը Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի Հանրապետության Միութենական պետությանը Հայաստանի անդամակցելու առնչությամբ քննարկումները տեւական ժամանակ է՝ չեն դադարում։ Այդ քննարկումները, մեծ մասամբ, կառույցի էության ու պետությունների ինքնիշխանությունը թուլացնելու ռիսկի մասին են։ Միութենական պետությանը Հայաստանի միանալու, այսպես ասած, անխուսափելիության մասին հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դրա վերաբերյալ շատ արձագանքներ են եղել, խոսել են նաեւ հայ պաշտոնյաները՝ տարբեր ձեւերով ակնարկելով, որ, այո՛, Հայաստանի հանդեպ ճնշումներ են գործադրում։ Այս հոդվածում ներկայացնում ենք Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի, Միութենական պետության շրջանակում ստորագրված ինտեգրացիոն դեկրետի դրույթները, ռուս-բելառուսական հարաբերությունների որոշ անհարթ դրվագներ, ինչպես նաեւ քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի եւ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի մեկնաբանություններն այն մասին, թե ինչ է Միութենական պետությունը՝ քաղաքական ու իրավական տեսանկյունից։ Միութենական պետության մասին խոսակցություններն, ընդհանուր առմամբ, այնպես չէ, թե նոր են սկսվել։ Դեռ տասնամյակներ առաջ՝ ԽՍՀՄ փլուզումից տարիներ անց՝ 1999թ․ դեկտեմբերի 8-ին, Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսի Հանրապետությունը կնքեցին Միութենական պետության ստեղծման մասին պայմանագիր, որը բաղկացած է 71 հոդվածից։ Լուկաշենկոն Պայմանագիրը ստորագրելիս Բայց մինչ հասկանալը, թե ինչ է ենթադրում այս Պայմանագիրը, ներկայացնենք՝ ինչ հանգամանքներում է կնքվել այն, եւ ինչ զարգացումներ են հաջորդել դրան։ Լուկաշենկոյի սպասումներն՝ ի սկզբանե Քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը նկատում է՝ Միութենական պետությունը բավական ժամանակավրեպ ու հետաքրքիր ինստիտուտ է՝ պայմանավորված նրանով, որ ստեղծվել է մի կոնտեքստում՝ ինչ-որ նպատակների համար, իսկ հիմա փորձում է հարմարվել լիովին այլ կոնտեքստի ու սահմանել այլ նպատակներ։ «1990-ականների վերջին, երբ ՌԴ նախագահ Բորիս Ելցինը կորցնում էր իր հեղինակությունը, քաղաքական ու հանրային շրջնակներում, վատթարացող տնտեսական պայմաններում ու ներքին քաղաքականության մեջ քաոսի իրավիճակում էլեկտորատի շրջանակում նոր թափ էին հավաքում եւ առավել պոպուլյար դառնում Սովետական Միության նոստալգիան եւ սովետական կարգ ու կանոնի նկատմամբ հանրային պահանջը (ինչն, ի դեպ, օգտագործվում էր Կոմունիստական կուսակցության կողմից, որը Ելցինի ոխերիմ թշնամին էր, ինչպես նաեւ ԼԴՊՌ-ի (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն) կողմից)։ Այդ ժամանակաշրջանում Ելցինը, հասկանալով, որ կա նման օրակարգի նկատմամբ հանրային պահանջ, եւ փորձելով խլել այդ օրակարգը իր քաղաքական հակառակորդների ձեռքից, հավանություն է տալիս Միութենական պետության առաջարկներին, ինչը կարող էր հանրության շրջանում տպավորություն ստեղծել, որ ինչ-որ կերպ վերադարձ է կատարվում դեպի հին ու բարի ժամանակներին»,- հիշեցնում է Սուքիասյանը։ Հենց այդ ժամանակվանից Բելառուսի նախագահ Լուկաշենկոն դրական է վերաբերվում այս գաղափարներին․ նա այդ շրջանում հետսովետական տարածքում եզակիներից էր, որ կիսում էր Սովետական Միության նկատմամբ նոստալգիկ վերաբերմունքը։  «Նա սատարում է անգամ Ռուսաստանի խորհրդարանում Բելովեժյան համաձայնագրերի քննադատումը։ Լուկաշենկոն Ռուսաստան ամենաշատ այցեր կատարող առաջնորդներից էր, նա հանդիպումներ էր ունենում ռեգիոնալ մակարդակներում՝ հաճախ շրջանցելով Մոսկվան, ու կարծես կամաց-կամաց ձեռք էր բերում սովետական քաղաքական գործչի կերպար, որը նաեւ սկսում էր լայն հեղինակություն վայելել Ռուսաստանում՝ ներկայանալով որպես հին ու բարի ստաբիլ ժամանակների ներկայացուցիչը»,- նկատում է քաղաքագետը՝ շարունակելով, որ Լուկաշենկոն, հասկանալով, որ Ելցինը կորցնում է իր քաղաքական հիմքերը, իսկ ինքը լայն հեղինակություն է վայելում, նաեւ քաղաքական մեծ ամբիացիաներ է տեսնում Միութենական պետության մեջ․  «Որովհետեւ եթե իրոք ձեւավորվելու էր մեկ պետություն՝ մեկ առաջնորդով ու ընտրությունների միջոցով, չէր բացառվում, որ Լուկաշենկոն կարող էր դառնալ Միութենական պետության առաջնորդի շատ լուրջ հավակնորդ»։ Սակայն, Սուքիասյանի խոսքով, այս մոտիվացիաները շատ արագ գլխի վայր շրջվեցին, երբ Ռուսաստանում իշխանության եկավ Վլադիմիր Պուտինը․ նա վերցրեց այս օրակարգը, եւ արդեն ուժերի հարաբերակցության լուրջ փոփոխություն տեղի ունեցավ, ու, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների համատեքստում փոխվեցին պետության առաջնահերթությունները։ «Ռուսաստանը վարում էր այնպիսի քաղաքականություն, որը տեղ չէր թողնում Լուկաշենկոյի վերոնշյալ ամբիցիաների համար»,- նշում է Սուքիասյանը՝ հավելելով, որ ահա այդ ժամանակվանից արդեն Միութենական պետությունը Լուկաշնեկոյի համար այն խոստումնալից պրոյեկտից, որն ինքը պատկերացնում էր, դառնում է ինքնիշխանությունը կորցնելու վտանգ։ Լուկաշենկոն փորձում էր հնարավորինս դանդաղեցնել ինտեգրացիան Իհարկե, առաջին հայացքից ամուր տնտեսական համակարգ եւ դրական այլ զարգացումներ խոստացող, եւ միաժամանակ պետությունների ինքնիշխանությանը չվնասելու սկզբունքը շեշտող այս փաստաթղթերն այդքան էլ միանշանակ չեն մեկնաբանվում։ Անգամ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես ցույց են տվել զարգացումները, հնարավորինս փորձում էր դանդաղեցնել Բելառուսի ինտեգրացիան։ Օրինակ, 2000-ականների կեսերին Լուկաշենկոն հրաժարվեց ընդունել միասնական դրամական արժույթ, ինչը ենթադրվում էր կամ նախանշվել էր Պայմանագրով։ Ավելի ուշ՝ օրինակ, 2019 թ․-ի մարտի 1-ին, Լուկաշենկոն հայտարարեց, որ Ռուսաստանի հետ միասնական արժույթին դեմ չէ՝ միեւնույն ժամանակ, սակայն, նշելով, որ այդ արժույթը չպիտի լինի ոչ բելառուսական, ոչ էլ ռուսական ռուբլին։ Արձագանքելով այդ հայտարարությանը՝ նույն օրը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանեց, որ թեեւ միասնական արժույթի ներդրման հարցում դեռեւս կոնկրետություն չկա, բայց այն կարելի է քննարկել Միութենական պետության կառուցման համատեքստում։ Միասնական դրամական արժույթին դեմ չլինելու մասին հայտարարություն Լուկաշենկոն արեց նաեւ 2020թ․ ապրիլին՝ դարձյալ նշելով, որ այն չպիտի լինի երկու երկրներից որեւէ մեկի դրամական միավորը։ Ռուսաստանի ու Բելառուսի հարաբերությունները սրվեցին նաեւ 2000-ականների վերջին՝ կապված Ռուսաստան կաթնամթերքի արտահանման խնդիրների հետ։ Այդ կոնֆլիկտը հայտնի է որպես «կաթնային պատերազմներ»։  Հարաբերություններն, ըստ էության, այնքան էլ լավ չէին նաեւ 2010-ականների կեսերին։ Մասնավորապես, 2015-ին ռուսական rbc.ru-ն գրեց, որ Բելառուսը դարձել է Ռուսաստան արգելված ապրանքների մուտքի տարանցիկ երկիր։ Պետք է հիշել նաեւ դրվագները, երբ Ռուսաստանը գազի ու նավթի գները բարձրացրեց Բելառուսի համար, իսկ հետո երկների ամբողջական ինտեգրացիայի համար խոչընդոտ հանդիսացավ նաեւ այն, որ Բելառուսը փորձում էր հարաբերություններ կառուցել Արեւմուտքի հետ։ Վ․ Պուտինի եւ Ա․ Լուկաշենկոյի հանդիպումը՝ 2021թ․-ին Սանկտ-Պետերբուրգում Հանգամանքները Բելառուսին ստիպեցին մեղմացնել քաղաքականությունը Սուքիասյանի խոսքով՝ Բելառուսին հաջողվել է երկար տարիներ հետաքրքիր բալանսի մեջ պահել իր արտաքին քաղաքականությունը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, քանի որ եղել է ռազմավարական հսկայական նշանակություն ունեցող աշխարհագրական տարածքի տեր՝ որպես այս երկու ռեգիոնները կապող միջանցք (որոնցից մեկը հսկայական ռեսուրներ արտադրող է, մյուսը՝ հսկայական ռեսուրսների կարիք ունեցող)։ Բայց արդեն 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ Արեւմուտքը խզեց կապերը Բելառուսի հետ, նման բալանսավորումը դարձավ անհնարին, եւ արդեն քաղաքական առումով, քաղաքագետի խոսքով, Միութենական պետությունը սկսվեց նմանվել Միութենական պետության իրական կարգավիճակին։ Սուքիասյանը համաձայն է մեր այն դիտարկմանը, որ չնայած բազմաթիվ համագործակցային դրվագներին՝ Լուկաշենկոն փորձել է հնարավորինս հետաձգել ամբողջական ինտեգրացիան․  «Այո, Լուկաշենկոն անընդհատ փորձել է զերծ մնալ, խուսափել ամբողջական ինտեգրացիայից, որովհետեւ ամբողջական ինտեգրացիան արդեն Պուտինի իշխանության ժամանակ եւ Ռուսաստանում իշխանության կոնսոլիդացիայից հետո կնշանակեր Լուկաշենկոյի իշխանության կորուստ, նա այլեւս չէր կարող լինել ինքնիշխան պետության նախագահ, մաքսիմումը, ինչին կարող էր հասնել, Բելառուսի՝ որպես գուբեռնիայի ղեկավարի պաշտոնն էր կամ ինչ-որ նոր մտածված պաշտոն, բայց որը երկրոդական կլիներ Ռուսաստանի նախագահի պաշտոնին»։ Եւ այս խուսափողականությունը, Սուքիասյանի խոսքով, արտահայտվել է քաղաքականության մի շարք ոլորտներում, մասնավորապես գազի ընդհանուր շուկային, մաքսային ընդհանուր քաղաքականությանը վերաբերող։ Այդ ոլորտները Բելառուսը միշտ փորձել է օգտագործել ի նպաստ իր ազգային բյուջեի մեծացմանը, քանի որ մեծ եկամուտներ էր ունենում Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրից, որտեղ ինքն ուներ առանձնահատուկ կարեւոր եւ իրավականորեն հետաքրքիր կարգավիճակ ու կարողանում էր մաքսիմալ օգուտներ քաղել, իսկ Ռուսաստանը փորձում էր դրանց վերափոխման միջոցով ինքն առավել օգուտներ ունենալ, ինչին Լուկաշենկոն միշտ հանդիմանում էր․ «Բացի դրանից՝ ինչքան էլ թվա, թե Բելառուսն իր մշակութային կարգավիճակով ամենամոտն է Ռուսաստանին, այս երեսուն տարիների ընթացքում Բելառուսի հասարակության մեջ ձեւավորվել է կոնսենսուս՝ ի նպաստ եւ ի պաշտպանություն ինքնիշխանության, եւ Լուկաշենկոն ստիպված էր հաշվի առնել հասարակական կարծիքի այդ արտահայտումները»,- կարծում է քաղաքագետը։ Եւ Բելառուսի նախագահական ընտրություններից հետո, որոնք արեւմտյան մայրաքաղաքների կողմից լեգիտիմ չէին ճանաչվում, խզվեցին բոլոր նշանակալի տնտեսական կապերը, ու Լուկաշենկոն ստիպված էր հենվել Մոսկվայի աջակցության վրա, որպեսզի կարողանա հաղթահարել ընտրություններին հաջորդած բողոքի շարժումները, ինչպես նաեւ հնարավորություն ունենա պահպանել տնտեսությունը որեւէ կայուն կարգավիճակում․ «Այս պարագայում Ռուսաստանի համար պատուհան բացվեց, որպեսզի կարողանա հաղթահարել Լուկաշենկոյի քմահաճ քաղաքականությունը իր հանդեպ։ Լուկաշենկոյին իրենից մաքսմիմալ կախվածության մեջ գտնելով՝ Ռուսաստանը փորձեց ինստրումենտալիզացնել սա եւ վերակենդանացնել, խորացնել Միութենական պետության շրջանակում համագործակցությունը եւ այն սուր ոլոտները, որոնք գազայինն ու մաքսայինն են (որտեղ Բելառուսը, յուրահատուկ պայմաններից օգտվելով, կարողանում էր շահույթներ գեներացնել)։ Այդ հարցերում Բելառուսի քաղաքականությունն ավելի մեղմացավ, եւ 2021-ին երկկողմ բանակցությունների արդյունքում ընդունված միութենական ծրագրերը նախատեսում են այդ թվում այս խնդիրների հաղթահարում»։ Այնպես չէ, որ Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանի միանալը Միութենական պետությանը Անդրադառնալով Հայաստանի՝ Միութենական պետությանը անդամակցելու հավանականությանը եւ այդ առումով Ռուսաստանի ցանկությանը, Սուքիասյանն այն կարծիքին է մնում, որ այս պահին այդ հարցը տեղ չի գտնում Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերությունների մեջ, եթե ընդհանրապես առկա է այդ օրակարգում։ Ըստ նրա՝ Հայաստանի անդամակցելը Միութենական պետությանը Ռուսաստանի չի կարող տալ արտաքին քաղաքական լուրջ առավելություններ, քանի որ եթե խոսքը գազի շուկայի ինտեգրման, մաքսային կանոնակարգերի ու դրույթների հարմոնիզացիայի մասին է, ապա դա արդեն իսկ ենթադրվում է ԵԱՏՄ-ի շրջանակում, եթե խոսքը բանակի մասին է, ապա մենք ՀԱՊԿ-ի մաս ենք, ունենք բազմաթիվ միացյալ զորամիավորումներ եւ այս ոլորտում համագործակցության տարբեր դրսեւորումներ։ Խոսելով ներքին դիվիդենտների մասին՝ Սուքիասյանը նկատում է, որ երբեմն քննարկումներն այն համատեքստում են, թե Ռուսաստանը հետաքրքրված է սրանով՝ ներքին օրակարգը սպասարկելու, ռուս էլեկտորատին արտաքին քաղաքական հաղթանակ ցույց տալու համար։ Ըստ քաղաքագետի՝ այս կարծիքը հիմնվում է այն կանխավարկածի վրա, որ ինչպես Ղրիմից հետո Ռուսաստանի իշխանությունը ձեռք բերեց գերբարձր լեգիտիմություն եւ ձեւավորվեց ղրիմյան կոնսենսուսը (ինչը 2018թ․ ապահովեց համեմատաբար հանգիստ նախագահական ընտրություններ), այդպես էլ Հայաստանի միացումը Միութենական պետությանը կարող է բարձրացնել Ռուսաստանի իշխանության լեգիտիմությունը։ Բայց, Սուքիասյանի համոզմամբ, նման տեսակետը հիմնված է այն սխալ կանխավարկածի վրա, որ ռուս հանրության շրջանակում Հայաստանը կարող է ունենալ այնպիսի կարեւորություն, ինչպիսին Ղրիմը։ «Սա, իհարկե, չափազանց հեռու է իրականությունից․ Հայաստանը Ռուսաստանի քաղաքականությամբ հետաքրքրված շրջանակներում եթե ոչ տասնորդական, ապա երկրորդական նշանակություն ունի ինչպես մշակութային, այնպես էլ աշխարհաքաղաքական առումով։ Ես չեմ կարծում, որ այն արտաքին քաղաքական ռեսուրսը եւ ծախսերը, որոնք պետք է դրվեն Հայաստանը Միութենական պետություն մտցնելու համար, կարող են բերել այնպիսի օգուտներ, որ քաղաքական առումով եկամտաբեր լինեն Ռուսաստանի համար։ Ավելին՝ պատերազմի պայմաններում, ունենալով բազմաթիվ գլխացավանքներ, չեմ կարծում, թե Ռուսասատանը պատրաստ է նման բեռ վերցնել իր վրա, որովհետեւ Հայաստանի՝ Միութենական պետության մաս դառնալը նաեւ ենթադրում է, որ Ռուսաստանը կամ Միութենական պետությունը պիտի լրացուցիչ պարտավորություններ ստանձնի մասնակից պետության անվտանգության ապահովման, սոցիալական եւ այլ հարցերով»,- մեկնաբանում է քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը՝ ամփոփելով, որ, իր կարծիքով, Ռուսաստանը նախ այս պահին չի ցանկանում, որ Հայաստանն անդամակցի, եւ երկրորդ՝ եթե անգամ ցանկանում է, ապա դրա համար լիովին ազատ ռեսուրսներ չունի։ Վերպետական կառույցներին միանալը՝ սուվերենության կորստի վտանգ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ու Սահմանադրության մեջ շեշտված են, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է։ Պետության ամենակարեւոր բնութագրիչներից մեկը հենց ինքնիշխանությունն է։ Սուվերենությունը, ինչպես մեր զրույցում նշում է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, մեկնաբանվում է սեփական տարածքում գերագույն իշխանություն ունենալու, խնդիրներն ինքնուրույնաբար լուծելու եւ արտաքին հարաբերություններում անկախ հանդես գալու առումով։ Իհարկե, ինչպես նկատում է նա, ժամանակակից գլոբալիզացիայի պայմաններում ինքնիշխանության դրսեւորումները փոփոխվում են, պետությունները տարաբնույթ կառույցների են անդամակցում, եւ, ըստ էության, այսօրվա աշխարհում պարզապես հնարավոր էլ չէ ապրել եւ գոյատեւել մեկուսի։ «Այդ կառույցներին անդամակցելիս սուվերենության որոշակի տարրեր կարող են փոխանցվել դրանց, եւ կախված նրանից, թե ինքնիշխանության ինչ բաժին է փոխանցվում գործընկեր երկրներին եւ կառույցներին, արդեն նոր մոդելավորումներ կարող ենք ունենալ, օրինակ՝ կարող է ստեղծվել դաշնային պետություն, իսկ Միութենական պետությունն այդպիսին է․ դրա պարագայում պահպանվում է որոշակի ոլորտներում ինքնավար հարցեր լուծելու հնարավորությունը, բայց կենսական նշանակություն ունեցող ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, պաշտպանությունը, հարցերի լուծումները պատվիրակվում են եւ իրականացվում կենտրոնացված ձեւով»,- նշում է Սահակյանը։ Ըստ նրա՝ Եվրամիության, Եվրասիական տնտեսական միության դեպքում էլ կա սուվերենության զիջում, բայց ոչ այն ծավալով, որ հանգեցնի նոր դաշնային կառուցվածք ունեցող պետության ստեղծման։ Իսկ վերջինները, միջազգային իրավունքի մասնագետի խոսքով, վերազգային միավորներ են եւ կարող են միասնական քաղաքականություն իրականացնել որոշ ոլորտներում․  «Օրինակ՝ կա ընդհանուր մաքսային քաղաքականություն, տնտեսական եւ այլն։ Այստեղ սուվերենությունը ոչ թե այն ծավալով են փոխանցում, ինչպես դաշնային պետություններում, այլ սահմանափակ ծավալով, եւ փորձում են միասնականացնել քաղաքականությունը՝ պահպանելով այդ հարցերում մասնակցայնությունը որոշումների կայացման գործընթացում»։  Կա նաեւ երրորդ մակարդակը, որն, այսպես ասենք, ավելի թեթեւ է․ դա միջազգային կառույցներին անդամակցելն է, օրինակ՝ ՄԱԿ-ին, ԵԽ-ին, եւ այս կառույցներին անդամակցելու պարագայում մեծ չափաբաժնով ինքնիշխանության զիջման հարց չկա։ Սահակյանի մեկնաբանմամբ՝ անկախությունն էլ ինքնին շատ կարեւոր է ինքնիշխանության բնութագրության մեջ, եւ լիարժեք սուվերենության պայմաններում պետք է ունենալ անկախության բարձր մակարդակ․ «Մենք կարող ենք նաեւ փաստացիորեն զիջել անկախությունը, երբ արտաքին հարաբերություններում չենք կարող ինքնուրույն քաղաքականություն վարել։ Պարզապես այդ միութենական կառույցների կամ վերազգային միավորումների պարագայում իրավական ֆորմալ ձեւով կարգավորվում են այն հարցերը, որտեղ պետության լրիվ անկախ կամ ինքնուրույն հարցեր կարգավորելու կարողությունը սահմանափակվում է»։ Այդուհանդերձ, ողջամի՞տ են արդյոք ԵԱՏՄ-ին միանալու եւ Միութենական պետությանը միանալու համեմատությունները այն համատեքստում, թե երկուսի դեպքում էլ ենթադրվում է տարբեր ոլորտներում ընդհանուր քաղաքականություն, միասնական մաքսային տարածք, եւ այլն։ Սահակյանն այստեսակ համեմատություններին համաձայն չէ։ Նա նշում է, որ երկու պարագայում էլ կա սուվերենության զիջում, բայց օրինակ երբ անդամակցում ենք միջազգային կառույցներին, հանրաքվե անհրաժեշտ չէ, իսկ վերպետական միավորումներին անդամակցելիս Սահմանադրությունը պահանջում է հանրաքվե․  «Եւ դա պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը պետք է որոշի, որ պետության սուվերենության մի մասը փոխանցվելու է այլ կառույցի, պարզապես տնտեսական միավորումների պարագայում սահմանափակ ոլորտներում է դա փոխանցվում, որոշումների կայացման մասնակցայնությունն էլ ապահովվում է։ Այստեղ անդամ-պետությունները միասնական քաղաքականություն են իրականացնում, եւ որոշումների դեպքում պետությունները ենթարկվում են, բայց քննարկումներին հավասարապես են մասնացում, ձայնի իրավունք ունեն, կառույցներ ու մեխանիզմներ են ստեղծվում, որոնք բոլորի համար են որոշումներ կայացնում։ Միութենական պետությունների կառուցվածքն այլ է, կան որոշ հարցեր, որոնք իրավասության տիրույթից դուրս են եւ իրացվում են կենտրոնական իշխանությունների կողմից, եւ այստեղ սուվերենության անհամեմատ ավելի մեծ ծավալ է զիջվում, լինում է անկախության կորուստ, ինչն այնքան էլ բնորոշ չէ տնտեսական միություններին անդամակցելու պարագայում։ Բայց երկու դեպքում էլ սուվերենության զիջում կա, ինտենսիվ զիջում տեղի է ունենում այդ դաշնային պետությունների պարագայում, որտեղ կորցնում ենք ինքնուրույն քաղաքական անկախությունը»։ Ինքնիշխանության սակարկումը դեմ է Անկախության անփոփոխելի հռչակագրին Եթե վերպետական կառույցին միանալը, փաստացի, նշանակում է ինքնիշխանության զիջում, ստացվում է դեմ գնալ ոչ միայն Սահմանադրությանը, այլեւ վերնորմատիվային փաստաթուղթ համարվող Անկախության հռչակագրին, որն, ի դեպ, անփոփոխելի է։ Հարցին՝ արդյոք Սահմանադրությամբ եւ Անկախության հռչակագրով մեր պետության ինքնիշխանության արձանագրումը բավարար երաշխիք չէ՞ երբեւէ բացառելու համար ինքնիշխանության զիջումը կամ սակարկումը, միջազգային իրավունքի մասնագետն այսպես է պատասխանում․ «Ես այդպես կմեկնաբանեի, դա անփոփոխելի հոդված է, եւ նոր սահմանադրություններ ընդունելով կամ փոփոխելով՝ այդ դրույթները չեն կարող վերանայվել, դա կնշանակի փաստացիորեն պետության անկախության կորուստ։ Բայց հաշվի առնելով, որ մեր երկրում Սահմանադրությունը բազմիցս խախտվել է, եւ կա Սահմանադրությունը խախտելու քաղաքական ավանդույթ, ես չեմ կարծում, որ այդ մեխանիզմը կարող է հակակշիռ ծառայել եւ կանխել մեր պետությանը սպառնացող վտանգները։ Այսինքն՝ այստեղ մենք մշակույթ ենք փոխել, որի պայմաններում ես չեմ կարող ապավինել Սահմանադրությանը՝ որպես պաշտպանության միջոց»,- ցավով նկատում է Սահակյանը՝ շարունակելով, որ նման որոշման պարագայում, իհարկե, կլինեն քննարկումներ ու սահմանադրական բնույթի վեճեր, մասնագետները կհիմնավորեն սահմանադրական կարգի վտանգումը, կլինեն դատական գործընթացներ, բայց դժվար է ասել, թե ինչպիսին կլինի դրանց ազդեցությունն իրական գործընթացների վրա, համենայն դեպս այդ վեճերը ընթացող քաղաքական գործընթացներում գերագնահատել չարժե։ Ի վերջո, ի՞նչ է ենթադրում Միութենական պետությունը* Այսպես, Միութենական ստեղծման մասին պայմանագրով նախ սահմանվում են Միութենական պետության նպատակներն ու սկզբունքները։ Ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսի Հանրապետությունը ստեղծում են Միութենական պետություն, որը, ինչպես նշված է պայմանագրում, նշանավորում է նոր փուլ երկու երկրների ժողովուրդների միավորման գործընթացում ժողովրդավարական իրավական պետությունում։  Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրում մի շարք սկզբունքներ են նշված, այդ թվում՝  - մասնակից պետությունների եղբայրական ժողովուրդների խաղաղ եւ ժողովրդավարական զարգացման ապահովում եւ կյանքի որակի բարձրացում,  - մարդու եւ քաղաքացու իրավունքի եւ ազատության հիմնարար իրավունքների անխախտ պահպանում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան, - միացյալ տնտեսական տարածքի ստեղծում՝ սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ հիմնված մասնակից պետությունների նյութական եւ մտավոր ներուժի միավորման վրա եւ օգտագործելով շուկայական մեխանիզմները՝ տնտեսության գործունեության համար, - արտաքին քաղաքականության եւ քաղաքականության ոլորտում պաշտպանության համակարգված վարում, - ժողովրդավարական պետության միասնական իրավական համակարգի ձեւավորում,  - սոցիալական քաղաքականության համակարգված իրականացում՝ ուղղված պայմանների ստեղծմանը, որոնք կապահովեն արժանապատիվ կյանք եւ մարդու ազատ զարգացումը, - միութենական պետության անվտանգության ապահովում եւ հանցավորության դեմ պայքար, - խաղաղության, անվտանգության եւ փոխշահավետ համագործակցության ամրապնդում Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում, Անկախ պետությունների համագործակցության զարգացում։ Պայմանագրում նշված է, որ Միութենական պետության նպատակներին հասնելն իրականացվում է փուլերով՝ հաշվի առնելով տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծման առաջնահերթությունը։ Բացի դրանից՝ Միութենական պետության հիմնադրման դեպքում նախատեսվում է քննարկել նաեւ դրա Սահմանադրության ընդունման հարցը։ Պայմանագրում ասված է, որ Միութենական պետությունը հիմնված է միութենական պետության եւ մասնակից պետությունների միջեւ իրավասության եւ լիազորությունների բաշխման վրա։ Իսկ նախանշված նպատակների իրականացման համար Միութենական պետությունում ստեղծվում են Գերագույն պետական խորհուրդ, Խորհրդարան, Նախարարների խորհուրդ, Դատարան, Միութենական պետության Հաշվիչ պալատ։ Այս կառույցներին կանդրադառնանք ավելի ուշ։ Պայմանագրում նշված է, որ յուրաքանչյուր անդամ-պետություն, հաշվի առնելով միութենական պետությանը կամովին փոխանցած լիազորությունները, պահպանում է ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պետական կառուցվածքը, Սահմանադրությունը, պետական դրոշը, զինանշնանը եւ պետականության այլ ատրիբուտները։ Անդամ-պետությունները պահպանում են նաեւ իրենց անդամակցությունը ՄԱԿ-ին եւ միջազգային այլ կազմակերպություններին։ Իսկ միջազգային կազմակերպություններին եւ այլ միջազգային ասոցիացիաներին միասնական անդամակցության հնարավորությունը որոշվելու է մասնակից պետությունների կողմից՝ փոխադարձ համաձայնությամբ։ Ըստ Պայմանագրի՝ Միութենական պետության տարածքը կազմված է անդամ-պետությունների պետական տարածքներից, եւ անդամ-պետությունները ապահովում են Միութենական պետության տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը։ Պայմանագրով սահմանված է, որ Միութենական պետությունն ունի իր զինանշանը, դրոշը, հիմնը եւ պետականության այլ ատրիբուտներ։ Միութենական պետությունն ունի մեկ դրամական միավոր։ Սահմանված է նաեւ, որ Միութենական պետության անդամ պետությունների քաղաքացիները միաժամանակ հանդիսանում են Միութենական պետության քաղաքացի։ Միութենական պետության քաղաքացիներն իրավունք ունեն ընտրելու եւ ընտրվելու Միութենական պետության խորհրդարանում, նաեւ նշանակվելու Միութենական պետության մարմիններում պաշտոնների։ Պայմանագրում նշված է, որ Միութենական պետության բացառիկ իրավասությունը ներառում է միասնական տնտեսական տարածքի եւ միասնական շուկայի իրավական հիմքերի ստեղծում, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը մասնակից պետությունների տարածքներում, հավասար պայմաններ եւ երաշխիքներ տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար։ Միութենական պետությունն ունենում է միասնական օրենսդրություն, որը կարգավորում է տնտեսական գործունեությունը, ներառյալ քաղաքացիական եւ հարկային օրենսդրությունը: Միութենական պետությունն իրականացնում է միասնական գնային քաղաքականություն՝ ներառյալ գների եւ սակագների կարգավորումը։ Միութենական պետությունում ստեղծվում եւ գործում է միասնական օրենսդրություն՝ արտաքին եւ ներքին պարտքերի սպասարկման եւ մարման, արտաքին փոխառությունների իրականացման կարգի եւ օտարերկրյա ներդրումների մասով։ Միութենական պետությունն ունի հարկեր գանձելու միասնական սկզբունքներ, որոնք կախված չեն իր տարածքում հարկատուների գտնվելու վայրից: Պայմանագրով սահմանված է, որ Միութենական պետությունն ունի մեկ մաքսային տարածք։ Բացի դրանից՝ Միութենական պետության եւ մասնակից պետությունների համատեղ իրավասությունը ներառում է նաեւ ուրիշ պետությունների ընդունում Միութենական պետության կազմ։ Պայմանագրում նշված է, որ Միութենական պետության եւ մասնակից պետությունների համատեղ իրավասության սուբյեկտների բացառիկ իրավասության սահմաններից դուրս վերջիններս պահպանում են պետական ​​իշխանության ամբողջականությունը։ Միութենական պետության բյուջեն նախատեսված է Միութենական պետության ծրագրերի եւ նախագծերի, նրա գործունեության, ներառյալ նրա մարմինների պահպանման ծախսերը ապահովելու համար: Իսկ Միութենական պետության բյուջեն ձեւավորվում է մասնակից պետությունների տարեկան համաձայնեցված վճարներից։ Միութենական պետության մարմինները Գերագույն պետական խորհուրդ Միութենական պետության բարձրագույն մարմինը Գերագույն պետական ​​խորհուրդն է։ Խորհրդում ներգրավված են պետությունների ղեկավարները, կառավարությունների ղեկավարները, ՌԴ եւ Բելառուսի խորհրդարանների պալատների ղեկավարները։ Գերագույն պետական ​​խորհրդի նիստերին մասնակցում են Նախարարների խորհրդի նախագահը, խորհրդարանի պալատների նախագահները, Միութենական պետության դատարանի նախագահը։ Ինչպես տեղեկանում ենք Միութենական պետության տեղեկատվական-վերլուծական հարթակից՝ Միութենական պետության գերագույն պետական խորհրդի կազմում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսի վարչապետ Գոլովչենկոն, ՌԴ վարչապետ Միշուստինը, Բելառուսի Ազգային ժողովի խորհրդի նախագահը, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը, ՌԴ Դաշնային ժողովի Պետական ​​դումայի նախագահը։ Ըստ Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի՝ Գերագույն պետական ​​խորհուրդը՝ - լուծում է Միութենական պետության զարգացման կարեւորագույն խնդիրները, - իր իրավասության սահմաններում ձեւավորում է Միութենական պետության մարմիններ, այդ թվում՝ ոլորտային եւ գործառական բնույթի կառավարման մարմիններ, - նշանակում է Միութենական պետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ընտրություններ, - հաստատում է Միութենական պետության բյուջեն, որն ընդունվում է Միութենական պետության խորհրդարանի կողմից, եւ դրա կատարման տարեկան հաշվետվությունները, - հաստատում է Միութենական պետության՝ խորհրդարանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, եւ այլն։ Գերագույն պետական ​​խորհրդի ակտերն ընդունվում են անդամ պետությունների միաձայն քվեարկության հիմքով։ Ակտը համարվում է չընդունված, եթե դրա ընդունմանը դեմ է արտահայտվել մասնակից պետություններից մեկը։  Գերագույն պետական ​​խորհրդի նախագահը ռոտացիայի հիման վրա մասնակից պետությունների ղեկավարներից մեկն է, եթե այլ բան համաձայնեցված չէ մասնակից պետությունների կողմից: Նախագահը Գերագույն պետական ​​խորհրդի անունից վարում է միջազգային բանակցություններ եւ Միութենական պետության անունից ստորագրում միջազգային պայմանագրեր, իր լիազորությունների շրջանակում հանձնարարականներ է տալիս Միութենական պետության Նախարարների խորհրդին, Գերագույն պետական ​​խորհրդի անունից իրականացնում այլ գործառույթներ։ Միութենական պետության խորհրդարան Միութենական պետության խորհրդարանը Միութենական պետության ներկայացուցչական եւ օրենսդիր մարմինն է։ Այն բաղկացած է երկու պալատից՝ Միության եւ Ներկայացուցիչների: Միութենական պետության խորհրդարանն ընդունում է օրենքներ եւ օրենսդրական ակտեր՝ Պայմանագրով Միութենական պետության իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ, նպաստում է անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանը, ընդունում է բյուջեն եւ լսում դրա կատարման տարեկան եւ կիսամյակային հաշվետվությունները, հաստատում է հաշվետվությունը, լսում է Միութենական Պետության Հաշվիչ պալատի հաշվետվությունները եւ հաղորդագրությունները, վավերացնում է Միութենական պետության անունից կնքված միջազգային պայմանագրերը, համագործակցության համաձայնագրեր է կնքում Միութենական պետության անդամ չհանդիսացող պետությունների խորհրդարանների եւ խորհրդարանական կազմակերպությունների հետ եւ այլն։ Ներկայացուցիչների պալատի պատգամավորները եւ Միության պալատի անդամներն իրենց լիազորությունների ողջ ընթացքում օգտվում են անձեռնմխելիությունից Միութենական պետության ողջ տարածքում: Խորհրդարանի նախագահը ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն է։ Նախարարների խորհուրդը Նախարարների խորհուրդը Միութենական պետության գործադիր մարմինն է։ Նախարարների խորհրդի կազմում են Նախարարների խորհրդի նախագահը, կառավարությունների ղեկավարները, պետքարտուղարը, անդամ պետությունների արտաքին գործերի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները, Միութենական պետության հիմնական ոլորտային եւ գործառութային կառավարման մարմինների ղեկավարները։  Նախարարների խորհրդի նիստերին կարող են հրավիրվել կենտրոնական բանկերի ղեկավարները եւ անդամ երկրների նախարարները։ Նախարարների խորհուրդը՝ - մշակում է Միութենական պետության զարգացման ընդհանուր քաղաքականության հիմնական ուղղությունները եւ դրանք ներկայացնում Գերագույն պետական ​​խորհրդի քննարկմանը,- Գերագույն պետական ​​խորհրդին առաջարկություններ է ներկայացնում Միութենական պետության ոլորտային եւ գործառութային մարմինների ձեւավորման եւ դրանց գործունեությունը ղեկավարելու վերաբերյալ, - խորհրդարանին է ներկայացնում օրենքների եւ օրենսդրական ակտերի նախագծեր, - ապահովում է վերահսկողություն Պայմանագրի դրույթների, Միութենական պետության ակտերի կատարման նկատմամբ եւ, անհրաժեշտության դեպքում, պատճառաբանված դիմումներ է ներկայացնում մասնակից պետություններին՝ դրանցից բխող պարտավորությունները չկատարելու դեպքում, - մշակում եւ Միութենական պետության խորհրդարան է ներկայացնում Միութենական պետության բյուջեի նախագիծը, ապահովում է բյուջեի կատարումը, խորհրդարանին է ներկայացնում բյուջեի կատարման տարեկան եւ կիսամյակային հաշվետվություններ,  - տնօրինում է Միութենական պետության ունեցվածքը,  - համակարգում է անդամ պետությունների օրենսդրության միասնականացման գործընթացը, եւ իրականացնում Գերագույն պետական ​​խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ: Այժմ Միութենական պետությունն ունի նաեւ Մշտական կոմիտե, որը Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի եւ Միութենական պետության Նախարարների խորհրդի աշխատանքային ապարատն է եւ հաշվետու է Նախարարների խորհրդին։ Այն ղեկավարում է ռուս գործիչ, պետքարտուղար Դմիտրի Մեզենցեւը։ Պայմանագրով նախատեսված է ստեղծել նաեւ Միութենական պետության դատարան, որը կոչված է լինելու ապահովել Պայմանագրի՝ Միութենական պետության կարգավորող իրավական ակտերի միասնական մեկնաբանություն եւ կիրառում։ Միութենական պետության ֆինանսների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար էլ նախատեսված է ստեղծել Հաշվիչ պալատ։ Մասնակից պետությունը կարող է Միութենական պետությունից դուրս գալու մասին որոշում կայացնել Պայմանագրի վերջում արձանագրված է, որ այս փաստաթուղթը բաց է դրան միանալու համար, եթե միանալ ցանկացող պետությունները միջազգային իրավունքի սուբյեկտներ են, կիսում են Միուենական պետության նպատակներն ու սկզբունքները եւ ամբողջությամբ ստանձնում են Պայմանագրից բխող պարտավորությունները: Նշված է նաեւ, որ մասնակից պետությունը, իր համապատասխան սահմանադրական ընթացակարգերով, կարող է համաժողովրդական հանրաքվեի հիման վրա որոշում կայացնել Միութենական պետությունից դուրս գալու մասին: Իսկ Պայմանագիրը դադարում է գործել նման պետության նկատմամբ՝ դրանում այդ հարցով հանրաքվե անցկացնելու օրվանից 18 ամիսը լրանալուց հետո։ Արձանագրված է, որ Պայմանագրից դուրս գալը չի ​​ազդում Պայմանագրով Մասնակից պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման վրա, որոնց կատարումը պայմանավորված է որոշակի ժամկետով:  Եւ շեշտված է, թե Պայմանագիրն ուղղված չէ երրորդ պետությունների դեմ, եւ որ մասնակից պետությունները կատարում են իրենց պարտավորությունները նախկինում կնքված միջազգային պայմանագրերով։ Մասնակից պետություններն էլ, համաձայն Պայմանագրի, չեն կարող ստանձնել միջազգային պարտավորություններ, որոնք հակասում են սույն Պայմանագրի դրույթներին: Պայմանագիրն անժամկետ է։  Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետը Թեեւ տարիների ընթացքում ինտեգրացիոն տարբեր գործընթացներ են եղել ՌԴ-ի ու Բելառուսի միջեւ, տարբեր համատեղ ծրագրեր են իրականացվել, այս Պայմանագրի ստորագրումից երկու տասնամյակից ավելի անց՝ 2021թ․ սեպտեմբերին, Ռուսաստանն ու Բելառուսը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ Միութենական պետության ներսում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վերաբերյալ։ Մասնավորապես, Միութենական պետության նախարարների խորհրդի նիստում հաստատվեցին Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունները 2021–2023 թվականներին եւ Միութենական 28 ծրագրերը՝ ուղղված ռուս-բելառուսական ինտեգրացիայի ամրապնդմանը, այդ ծրագրերում կան դրույթներ նաեւ նավթի եւ գազի միասնական շուկայի մասին։  Ըստ այդմ, Ռուսաստանն ու Բելառուսը մակրոտնտեսական քաղաքականության մերձեցման շրջանակում պայմանավորվածություն են ձեռք բերել սինխրոնիզացնել ռազմավարական կառավարումը, ներդաշնակեցնել օրենքները։ ՌԴ Կենտրոնական բանկի եւ Բելառուսի Ազգային բանկի միջեւ դրամավարկային քաղաքականության սկզբունքների եւ մեխանիզմների ներդաշնակեցման մասին համաձայնագրի ստորագրման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Քննարկվել է նաեւ այս ոլորտում օրենսդրական դաշտի ներդաշնակեցման հարցը։  Կողմերը պայմանավորվել են նաեւ տեղեկատվական անվտանգության ապահովման մոտեցումների, տեղեկատվական անվտանգության ոլորտում աուդիտի արդյունքների փոխադարձ ճանաչման մեխանիզմի, էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման ժամանակ ամբողջականության եւ վավերության արտատարածքային հսկողության միջոցների կիրառման ներդաշնակեցման մասին։ Համաձայնագրով պայմանավորվել են ներդաշնակեցնել բանկային եւ ապահովագրական կազմակերպությունների փոխադարձ մուտքը Միութենական պետության ֆինանսական շուկաներ, կատարելագործել ռուսական եւ բելառուսական վարկային կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց միջեւ ֆինանսական տեղեկատվության անդրսահմանային փոխանակման մեխանիզմները, ինչպես նաեւ զարգացնել համագործակցությունը արագ վճարումների, ֆինանսական հաղորդագրությունների եւ հաշվարկների փոխանցման, մասնակիցների վերահսկողության հարցերում։ Կողմերը պայմանավորվել են մշակել առաջարկներ Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության օրենսդրության ներդաշնակեցման համար՝ ապահովելու սպառողների իրավունքների հավասարաչափ պաշտպանությունը: Կողմերը պայմանավորվել են ինտեգրել տեղեկատվական համակարգերը՝ տվյալների փոխանակման ավտոմատացման համար, նաեւ մշակել ծրագրային ապահովում, որը թույլ կտա տվյալների փոխանակում երկու պետությունների տարածքում տրանսպորտային վերահսկողության արդյունքների վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են կնքել միջազգային պայմանագրեր անուղղակի հարկերի հարկման ընդհանուր սկզբունքների եւ մաքսային մարմինների միջեւ փոխգործակցության խորացման մասին, ներդաշնակեցնել փոխադարձ առեւտրի վիճակագրության պահպանման մոտեցումները, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների դասակարգման համակարգերը եւ լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտը: Կողմերը պայմանավորվել են միասնակացնել տրանսպորտային շուկայի կարգավորումը․ խոսքը վերաբերում է եւ օդային, եւ երկաթուղային, եւ ջրային եւ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտներին, նախատեսվում է ճանապարհների ոլորտում մշակել ընդհանուր օրենսդրական նորմեր։ Ամենաառանցքային պայմանավորվածություններից մեկը վերաբերում է գազի միասնական շուկայի ձեւավորմանը։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են համակարգել գործողությունները՝ կապված 2022 թվականին բելառուսական կողմի համար ռուսական գազի գների ձեւավորման, ինչպես նաեւ Միութենական պետության գազի միասնական շուկայի գործունեության եւ կարգավորման սկզբունքների մշակման հետ։ Այս գործողությունը նախատեսված է եղել մինչեւ 2022 թվականի հուլիսը: Իսկ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 1-ը նախատեսվում է ստորագրել ծրագրի լրացում, որը սահմանում է գազի միասնական շուկայի գործունեության եւ կարգավորման հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ դրանց իրականացման ժամկետները՝ բիզնես պայմանների մերձեցման հիման վրա։  Նախատեսվել է ձեւավորել նավթի եւ նավթամթերքի, էլեկտրաէներգիայի միասնական շուկա։ Կողմերը պայմանավորվել են մինչեւ 2023թ․ վերջ ապահովել ատոմային էներգիայի օբյեկտների շահագործման, ճառագայթային անվտանգության կարգավորման, արտակարգ իրավիճակների պատրաստության եւ արձագանքման, միջուկային վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտներում օրենսդրության միասնականացումը։ Կողմերը պայմանավորվել են իրականացնել օրենսդրության սերտաճում գյուղատնտեսության ոլորտում՝ գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առեւտրի ծավալն ավելացնելու, վարչական խոչընդոտների վերացման, պարենային անվտանգության ապահովման եւ գյուղատնտեսության համատեղ գիտատեխնիկական զարգացման նպատակով։ Կողմերը պայմանավորվել են խթանել համատեղ ձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաեւ միասնական քաղաքականություն վարել արտադրությանն ու վաճառքին աջակցելու համար, իսկ առեւտրի թափանցիկությունը բարձրացնելու եւ առեւտրաշրջանառությունը մեծացնելու նպատակով վերացնել արդյունաբերական արտադրության հարցում տնտեսական եւ տեխնիկական խոչընդոտները։ Ձեռք են բերվել նաեւ այլ պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների։  Ի վերջո, Համաձայնագրում ասված է, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշում են, որ Միութենական պետության դրական զարգացումը, ազգային տնտեսությունների ամրապնդումը, Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների համար կենսական սոցիալական խնդիրների լուծմանը խոչընդոտում են «մի շարք արեւմտյան պետությունների կործանարար գործողությունները, միջազգային իրավունքին հակասող կառույցներ»։ Եւ այս կապակցությամբ, ինչպես նշված է Համաձայնագրում, համաձայնեցվել են համատեղ գործողություններ «Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության դեմ ոչ լեգիտիմ տնտեսական պատժամիջոցների կիրառման համատեքստում»։ Ռուսական եւ բելառուսական կողմերը նշում են նաեւ դրանով չսահմանափակվելու, Միության կառուցման շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացման հաստատակամ մտադրությունը․ «Կշարունակվի 1999 թվականի դեկտեմբերի 8-ի Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի բոլոր հիմնարար դրույթների իրականացումը, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության ինտեգրման ամրապնդմանը»,- ասված է Համաձայնագրում: Միութենական պետությունն այդպես էլ ամբողջովին չի կայացել Քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը կարծում է, որ որպես ինստիտուտ՝ Միութենական պետությունն այդպես էլ ամբողջովին չի կայացել, ու մինչեւ վերջին տարիները, եթե ոչ անգամ այսօր, դրա անգամ բյուջեն, որը հատկացված է ինստիտուտի պահպանման ծախսերի համար, չի գերազանցում անգամ միջին քաղաքի տարեկան բյուջեին։  «Դրա համար այն կառույցները, որոնք նախատեսված էր ունենալ պայմանագրով, կամ այդպես էլ իրականություն չեն դարձել, կամ գործում են սիմվոլիկ, կամ համարյա չեն գործում, սահմանված նպատակներն ամբողջովին չեն իրականացել, այդ նպատակները նաեւ սահմանված են մի շարք երկկողմ եւ բազմակողմ  համաձայնագրերում, ու այն (նկատի ունի Միութենական պետությունը,- հեղ․) կարելի է համարել ավելի շատ հռչակագիր, քան իրականում գործող վերպետական մարմին»,- ասում է Սուքիասյանը։ Հարցին, թե Միութենական պետության ստեղծման մասին Պայմանագրում հատկապես որ դրույթներն են հուշում, որ այդ կառույցին միացող պետությունն այլեւս կորցնելու է ինքնուրույնությունը կամ վտանգի տակ է դրվելու այդ պետության ինքնիշխանությունը, Սուքիասյանը պատասխանում է՝ դիտարկելով երկու հարթություն՝ իրավական եւ քաղաքական․  «Եթե իրավական հարթության մեջ նայենք Պայմանագրի դրույթներին, չենք գտնի այնպիսիք, որոնք մասնակից կողմերից որեւէ մեկին լիովին զրկում են ինքնուրույնությունից․ սա կարելի է համեմատել երկու պետությունների միջեւ ռազմավարական դաշնակցության կամ համագործակցության մասին բարձր մակարդակի որեւէ պայմանագրի հետ, որով հանձնառություն են վերցնում մերձեցնել իրենց քաղաքականությունները գրեթե բոլոր ոլորտներում։ Բայց եթե գանք հարցի քաղաքական տեսանկյունին, ապա Միութենական պետությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ որպես գործոն է օգտագործվում Բելառուսի հետ հարաբերություններում՝ այդ երկրի վրա առավել մեծ ազդեցություն ունենալու համար, եւ այս հարթությունում է, որ պետք է դիտարկել Հայաստանի ինքնիշխանության հարցը:»,- ամփոփում է Սուքիասյանը։   *Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի եւ ինտեգրացիոն դեկրետի թարգմանությունը լրագրողական է Հայարփի Բաղդասարյան
17:20 - 31 հունվարի, 2023
Մոդուլային զորամասերի ուշացած պատվերը

Մոդուլային զորամասերի ուշացած պատվերը

Հունվարի 19-ին ՊՆ զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված կացարանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։ Ըստ Քննչական կմիտեի՝ նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։ Հրդեհի բռնկման վերաբերյալ տարբեր վարկածներ կան, սակայն զինդատախազության ներկայացուցչի խոսքով այս պահին այս կամ այն վարկածի հաստատված լինելու մասին խոսելը դեռևս վաղաժամ է։   ՊՆ-ն նշում է, որ մոդուլային նոր զորամասեր է պատվիրել Դեպքից հետո լրատվամիջոցները տարածեցին այրված կացարանի լուսանկարները, և հանրության շրջանում սկսեց քննարկվել այն հարցը, թե ինչու էին զինծառայողները տեղակայված նման վատ պայմաններով կացարանում։  Ազատ գյուղի այրված կացարանը, լուսանկարը՝ Գևորգ Թոսունյանի (CivilNet) Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանն, ի պատասխան հնչող մտահոգությունների, Հանրային հեռուստաընկերությանը հայտնել էր, որ ինժեներասակրավորային վաշտի կացարանը, որում տեղակայված էին զինծառայողները, եղել է ժամանակավոր, և «զինվորներն այդտեղ էին տեղակայվել մինչև ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մշտական տեղակայման վայրի կառուցման ավարտը»: «Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է. այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն»,- նշել էր ՊՆ խոսնակն ու հավելել, որ աշխատանքների վերջնաժամկետ է սահմանված 2023-ի տարեվերջը: Արամ Թորոսյանը Հանրայինին և fip.am-ին նաև մոդուլային շինությունների լուսանկարներ էր փոխանցել։ Մի քանի լուսանկարներում երևում են արդեն Հայաստան հասած շինությունները, մյուսներում էլ երևում է, թե ինչ տեսք են ունենալու զորամասերը աշխատանքների ավարտից հետո։ Հայաստան հասած մոդուլային շինությունները, լուսնկարը՝ fip.am-ից   Ե՞րբ է կառավարությունը պատվիրել զորամասերը Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային ՀԸ եթերում հայտարարել էր․ «Սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո, երբ որ զորամասը պայթեցվել էր, զորամասի փոխարեն կառավարությունը պատվիրել էր իտալական մոդուլային զորամասեր։ Այն ընկերությունը, որ պետք է դա մատակարարեր, անգամ առաջարկել էր, որ Աֆղանստանում օգտագործված մոդուլային զորամասերը բերեն, կառավարությունը չի համաձայնել և պահանջել է ամբողջությամբ նորը»։  Էդմոն Մարուքյանի խոսքից պարզ է դառնում, որ կառավարությունը մոդուլային զորամասերը պատվիրել է 2022-ի սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի հրդեհից հետո։ Հրդեհը, հիշեցնենք, բռնկվել էր, երբ ադրբեջանական կողմը զորամասին հրթիռահրետանային հարվածներ էր հասցրել։  Սակայն ՊՆ խոսնակն էլ fip.am-ի հետ զրույցում ավելի ուշ հայտնել էր, որ այդ ստորաբաժանման տեղակայման համար շինությունը՝ որպես ժամանակավոր կացարան, նախատեսվել է 2020 թվականից, և այն ավելի մեծ հաճախականությամբ զբաղեցվել է 2021 թվականից։ Ստացվում է, որ 2020-ից Ազատ գյուղի տարածքում տեղակայված, վատ պայմաններով շինությունը նախատեսվել է որպես զինվորական ստորաբաժանման տեղակայման վայր, սակայն միայն 2022-ի սեպտեմբերից հետո է ՊՆ-ն մոդուլային զորամասեր պատվիրել։ Իսկ նոր զորամասերի մոնտաժման աշխատանքները նախատեսված է ավարտել միայն 2023-ի վերջին, քանի որ, ըստ Պն խոսնակի, այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ։ Մենք փոձեցինք ՊՆ խոսնակից ճշտել, թե կոնկրետ երբ է կառավարությունը պատվիրել մոդուլային զորամասերը, և երբ է առաջին խմբաքանակը հասել Հայաստան։ ՊՆ խոսնակը նշեց, որ ժամկետներ հայտնել չի կարող։ Ի պատասխան մեր դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանը նշել է, թե մոդուլային զորամասերը պատվիրել են 2022-ի սեպտեմբերի 13-ից հետո, Արամ Թորոսյանը միայն կրկնեց լրատվամիջոցներին ավելի վաղ տված մեկնաբանությունը․ ՊՆ-ն մոդուլային զորամասերը ձեռք է բերել ամիսներ առաջ։ Միակ նորությունն այն էր, որ կառավարությունը մոդուլային զորամասեր է պատվիրել ոչ միայն Իտալիայից, այլ նաև այլ երկրներից։ Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ ՊՆ խոսնակն ըստ էության չպատասխանեց մեր այն հարցին, թե կոնկրետ երբ են պատվիրել զորամասերը, մենք կհիմնվենք Էդմոն Մարուքյանի հայտնած ամսաթվի վրա, այսինքն՝ 2022-ի սեպտեմբերից հետո։   Ո՞ր կազմակերպությունն է ՀՀ ՊՆ-ին մատակարարում մոդուլային զորամասերը ՊՆ խոսնակը Հանրային ՀԸ-ին տրամադրել էր մոդուլային զորամասերի լուսանկարները, որոնք պետք է մոնտաժվեն Հայաստանում։ Այս լուսանկարներից մի քանիսն արդեն Հայաստան հասած շինություններինն են, իսկ մյուս լուսանկարները վերցված են իտալական Edilsider կազմակերպության կայքից։ Edilsider-ը մուդուլային շինություններ արտադրող ընկերություն է, որն, ի թիվս այլնի, նաև ռազմական մոդուլային շինություններ է արտադրում ու մատակարարում։ Edilsider-ի մոդուլային շինությունները տարբեր են՝ կախված նրանից, թե դրանք ինչ խնդիրներ են լուծում։ Ռազմական կառույցների համար Edilsider-ը, ի թիվս իր այլ արտադրանքների, առաջարկում է «1001» ապաստարանների շարքը։ Դատելով ՀՀ Պն-ի տրամադրած լուսանկարներից՝ մեր կառավարությունը զորամասերի կառուցման համար պատվիրել է հենց այս շարքի ապաստարաններից, քանի որ ՊՆ-ի և Edilsider-ի կայքի լուսանկարները համընկնում են։ Շարժելով սպիտակ շրջանը՝ կարող եք տեսնել ՊՆ-ի՝ լրատվամիջոցներին փոխանցած և իտալական կազմակերպության կայքում հրապարակված լուսանկարները․ ակնհայտ է, որ բոլոր երեք լուսանկարները համընկնում են։ Այսպիսով, կարող ենք պնդել, որ մոդուլային զորամասերի առնվազն մի խմբաքանակը՝ «1001» շարքի ապաստարանները, ՀՀ կառավարությունը պատվիրել է իտալական Edilsider-ից։ Edilsider-ը նշում է, որ «1001» շարքի ապաստարանների հավաքումը չի պահանջում հմուտ աշխատուժ․ «Հիմքը և տանիքն ամբողջությամբ նախապես հավաքված են, էլեկտրական սարքավորումները նախապես լարված և փորձարկված են գործարանում»: Կազմակերպությունը նաև հայտնում է, որ ապաստարանների տանիքն ունի  ինքնաօդափոխման համակարգ, որը պաշտպանում է ինտենսիվ շոգից և կանխում խոնավության խտացումը ցուրտ եղանակին:   Ի՞նչ ժամկետներում է մոդուլային շինություններ մոնտաժում Edilsider-ը «1001» շարքի ապաստարանների նկարագրության մեջ չկան մանրամասներ, թե ինչ ժամկետներում են դրանք արտադրվում և մոնտաժվում, սակայն մոտավոր ժամկետները  հնարավոր է հասկանալ Edilsider-ի այլ կառույցների օրինակներով։ 2013-ին, օրինակ, կազմակերպությունը Միլանում 600 հոգանոց ճամբարի համար հավաքովի շինություններ է մատակարարել։ Ավելի քան 15 000 քառ․ մետր (161 500 քառ․ ֆուտ) ընդհանուր մակերեսով շինությունների մատակարարումն իրականացվել է 68 օրվա ընթացքում։ Նշենք, որ սա անհամեմատ ավելի բարդ նախագիծ է, քան ՊՆ-ի համար մատակարարվող մոդուլային զորամասերը։ Մեկ այլ օրինակ է Մոնտերոտոնդոյում 30 դասասենյակից կազմված դպրոցի շենքը, որը կազմակերպությունը նախագծել, արտադրել և հավաքել է 1 տարում։  Իհարկե, կարևոր է նշել, որ նշված երկու նախագծերն իրականացվել են Իտալիայում։ Հայաստանի դեպքում պետք է հաշվի առնել նաև գնման գործընթացի և մատակարարման համար ծախսվող ժամանակը։   Այլ կազմակերպությունների օրինակներ  Աշխարհում բազմաթիվ են կազմակերպությունները, որոնք մոդուլային շինություններ են արտադրում և մատակարարում։ Շատ հաճախ նրանց հաճախորդներն են տարբեր երկրների կառավարությունները, որոնք մոդուլային շինություններ են պատվիրում նաև իրենց բանակների համար։ Փորձել ենք մի քանի օրինակով հասկանալ, թե ինչ ժամկետներում են մոնտաժվում նմանատիպ շինությունները։ Modular Genius ամերիկյան ընկերությունն, օրինակ, նշում է, որ Միացյալ Նահանգների Ծովային հետևակի կորպուսի հաղորդակցման դպրոցի համար 401 քառ․ մետր (4320 քառ․ ֆուտ) մակերեսով մոդուլային դասասենյակ է կառուցել, մատակարարել և մոնտաժել 2 ամսում։ Կազմակերպությունը նույն Ծովային հետևակի կորպուսի բազայի համար 330 քառ․ մետր (3600 քառ․ ֆուտ) մակերեսով մոդուլային գրասենյակ է կառուցել, մատակարարել և մոնտաժել կրկին 2 ամսում։ Ամերիկյան մեկ այլ կազմակերպություն՝ VESTA modular-ը, նշում է, որ Միացյալ նահանգների Ծովային հետևակի կորպուսի ճամբարներից մեկի համար 1300 քառ․ մետր (14 000 քառ․ ֆուտ) ընդհանուր տարածքով շինություններ է տեղադրել 2 ամսում։   2023-ի տարեվերջը խելամի՞տ վերջնաժամկետ է Այսպիսով, Եթե ՀՀ ՊՆ-ն նշում է, որ պատվիրված մոդուլային զորամասերի մի խմբաքանակը Հայաստանում էր ամիսներ առաջ, ապա հարց է առաջանում, թե ինչու է աշխատանքների ավարտը սահմանված 2023-ի տարեվերջը։ Վերը բերված օրինակներից մեր ՊՆ օրինակը տարբերվում է միայն նրանով, որ պետք է հաշվի առնել նաև գնման գործընթացի և մատակարարման համար ծախսված ժամանակը, բայց անգամ այդ դեպքում, նմանատիպ այլ նախագծերի հետ համեմատած, մինչև 2023-ի տարեվերջը բավականին երկար ժամանակահատված է։  Ստացվում է, որ ՊՆ-ն առնվազն 2 տարի (2021 և 2022 թվականներ) ուներ մոդուլային զորամասերը պատվիրելու և դրանց մոնտաժման վայրերում նախապատրաստական աշխատանքներ տանելու համար, սակայն զորամասերի առաջին խմբաքանակը Հայաստան է հասել միայն ամիսեր առաջ՝ դատելով Էդմոն Մարուքյանի խոսքերից՝ 2022-ի սեպտեմբերից հետո։  Ընդ որում՝ մոդուլային զորամասերի տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքները կարող էին իրականացվել դեռ այն ժամանակ, երբ մոդուլային զորամասերը արտադրման և մատակարարման փուլում էին։ Մենք ՊՆ խոսնակից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Հայաստան հասած զորամասերը սկսելու են մոնտաժվել, մինչև նոր խմբաքանակները Հայաստան կհասնեն։ Այս դեպքում ևս ՊՆ խոսնակը կոնկրետ ժամկետներ չնշեց՝ կրկնելով ավելի վաղ հայտնած տեղեկությունը․ աշխատանքների ավարտը նախատեսված է 2023-ի տարեվերջին։ Ի պատասխան մեր ճշտող հարցի՝ այդ ժամկետը վերաբերում է մոդուլային բոլո՞ր զորամասերին, Արամ Թորոսյանը նշեց՝ այո։   Գլխավոր լուսանկարը՝ Edilsider-ի կայքից Աննա Սահակյան
18:15 - 24 հունվարի, 2023
Գիտությանը հատկացվող միջոցները նախորդ տարվա համեմատ փաստացի ավելացել են ոչ թե 20,6, այլ 12,4%-ով․ 2022-ին գիտության համար նախատեսված միջոցներից 2,5 մլրդ դրամը հատկացվում է 2023-ին

Գիտությանը հատկացվող միջոցները նախորդ տարվա համեմատ փաստացի ավելացել են ոչ թե 20,6, այլ 12,4%-ով․ 2022-ին գիտության համար նախատեսված միջոցներից 2,5 մլրդ դրամը հատկացվում է 2023-ին

2022-ի բյուջեով նախատեսված էր, որ  գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումներից մեկի շրջանակում պետք է ստեղծվեին գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոններ, որոնց համար Եվրամիությունը (ԵՄ) պետք է հատկացներ 2,5 միլիարդ դրամ (11017 միջոցառում)։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) Գիտության կոմիտեն հայտնել էր, որ ԵՄ դրամական միջոցները հասանելի չեն եղել, ինչի պատճառով միջոցառումը փաստացի չի իրականացվել։ Մեր փորձերը՝ հասկանալու, թե ինչու են ԵՄ դրամաշնորհային միջոցներն անհասանելի եղել, և ինչու միջոցառումը չի իրականացվել, երեք ամիս ապարդյուն էին։    Գերատեսչությունները 3 ամիս խուսափում էին ուղիղ պատասխանից Ի սկզբանե մենք հարցում էինք ուղարկել ԿԳՄՍՆ, և Գիտության կոմիտեն ի պատասխան նշել էր, որ չի տիրապետում տվյալների, թե ինչու չի ֆինանսավորվել նշված միջոցառումը։ Այնուհետև մեր հարցերն ուղղել էինք վարչապետի աշխատակազմին, որտեղից հարցումը վերահասցեագրվել էր Ֆինանսների նախարարություն։ Ֆիննախից ևս մեր հարցերին ըստ էության չէին պատասխանել՝ ուղղորդելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, քանի որ, ըստ Ֆիննախի, ԵՄ հետ աշխատանքները տանում է Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ Մհեր Գրիգորյանի գրասենյակը ևս այս հարցերի պատասխանները չուներ և մեր ուղարկած հարցումը վերահասցեագրեց ԿԳՄՍՆ, որին էլ ի սկզբանե ուղղել էինք հարցերը։   3 ամիս անց փոխվարչապետի գրասենյակը մեկնաբանություն է տալիս Մի քանի օր առաջ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն պատասխանել է մեր հարցմանը, որը ԿԳՄՍՆ էր վերահասցեագրել Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ Մեր հարցին, թե ինչ պատճառներով ԵՄ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, Գիտկոմը տվել է նույն պատասխանը, ինչ նախորդ անգամ․ կոմիտեն չի տիրապետում այդ մասին տեղեկությունների։ Մենք նաև հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք ԵՄ-ն միջոցները տրամադրել է, սակայն կառավարությունն ինչ-ինչ պատճառներով որոշել է դրանք այլ ուղղությամբ ծախսել։ Ի պատասխան այս հարցի՝ Գիտկոմը նշել է․ «Միջոցառման համար նախատեսված միջոցներն այլ ուղղություններով ծախսելու որոշումը և, առհասարակ, պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշումների (համապատասխան իրավական ակտերի ընդունման տեսքով) կայացման գործընթացը հրապարակային է, հասանելի թե՛ լրագրողների, թե՛ լայն հանրության համար, հետևաբար, այլ ուղղություններով ծախսելու վերաբերյալ հանրային տեղեկատվության բացակայությունը նշանակում է, որ այդպիսի որոշում չի եղել»: Հարցին, թե ինչու է նշված միջոցառումը ներառվել ՀՀ պետական բյուջեում, եթե ՀՀ կառավարությունը չէր կարողանալու ապահովել ԵՄ դրամաշնորհային միջոցների հասանելիությունը, Գիտկոմը պատասխանել է․ «Միջոցառումը պետական բյուջեում ներառվել է` հաշվի առնելով գիտության ոլորտում կառավարության կողմից տարվող քաղաքականությունը և դրա նպատակները: Այնուամենայնիվ, միջոցառման կատարումը միմիայն պայմանավորված չի եղել ԵՄ կողմից ֆինանսավորման առկայությամբ, և ԵՄ դրամաշնորհային միջոցների հասանելիության բացակայությունը միայն որոշակի շտկումներ է մտցրել միջոցառման կատարման ժամկետների և ձևաչափի առումով: Որպես նշվածի հաստատում` հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. միջոցառումների ծրագրի 27.1 կետով նախատեսված է 2022-2026 թթ․ ընթացքում գիտական կենտրոնները համալրել տարեկան 4-6 գիտական խոշոր սարքավորումներով: Ծրագրով 2022 թ․ համար նախատեսված էր 3 մլրդ 580 մլն ՀՀ դրամ (որից 2 մլրդ 500 մլն ՀՀ դրամը նախատեսվում էր տրամադրել ԵՄ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ համաձայն ՀՀ պետական բյուջեի 1162 ծրագրի 11017 միջոցառման): Բազային ֆինանսավորման 11002 միջոցառման շրջանակներում գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման նպատակով 2022 թ․ կազմակերպվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու  մրցույթը, որի արդյունքում 2 մլրդ 933 մլն ՀՀ դրամ է հատկացվել 15 գիտական կազմակերպության՝ տարբեր կազմակերպությունների կողմից համատեղ օգտագործման ենթակա գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար»: Նշված  2 մլրդ 933 մլն դրամը հատկացվել է 2022-ի բյուջեի մեկ այլ միջոցառման շրջանակում։ Խոսքը «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման մասին է, որով նախատեսված էր գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացում, ծրագրերի իրականացում, գիտական սարքավորումների արդիականացում, միջազգային համագործակցության աջակցություն։ Այս միջոցառման ընդհանուր բյուջեն ավելի քան 11 միլիարդ 969 միլիոն դրամ էր, որից  2 մլրդ 933 մլնը, ինչպես պարզաբանել է Գիտկոմը, հատկացվել է գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար։ Գիտկոմը չունի նաև այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիրն ի վերջո հասանելի է լինելու 11017 միջոցառումն իրականացնելու համար։ Մեր հարցին ի պատասխան՝ կոմիտեն նշել է միայն 2023-ի բյուջեով նախատեսվող միջոցառումների մասին․ «11017 միջոցառման փոխարեն, նույն տրամաբանության մեջ, 2023 թ․ ՀՀ պետական բյուջեի Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրում նախատեսված են «32004. Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինում ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծում» և «32003. Գիտական կենտրոնների վերանորոգում» միջոցառումները, որոնց շրջանակներում համապատասխանաբար 4 մլրդ 200 մլն ՀՀ դրամ և 940 մլն ՀՀ դրամ տրամադրվելու են մի շարք գիտական կազմակերպությունների արդիականացման և վերազինման նպատակով, որոնք էլ հետագայում հիմք կհանդիսանան Գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման համար: Այսինքն, 2023 թ. ՀՀ պետական բյուջեի 1162 ծրագրում ԵՄ դրամաշնորհային միջոցներ՝ որպես ֆինանսավորման աղբյուր, չեն նախատեսվել»: Հաշվի առնելով, որ Գիտկոմի պատասխանից կրկին պարզ չէին մեր հիմնական հարցերի պատասպանները, մենք կրկին դիմեցինք ԵՄ դրամաշնորհների ուղղությամբ բանակցությունների համար պատասխանատու կառույցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին՝ խնդրելով պարզաբանել՝ ինչու եՄ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, ինչու է 11017 միջոցառումը ներառվել  2022-ի բյուջեում, եթե կառավարությունը չէր կարողանալու ապահովել դրամաշնորհային միջոցների հասանելիությունը։ Այս անգամ Մհեր Գրիգորյանի գրասենյակից մեր հարցերին պատասխանել են, չնայած որ նույն պատասխանը մեզ կարող էին տրամադրել դեռ դեկտեմբերին, երբ առաջին անգամ էինք հարցում ուղարկել գրասենյակ։ Պատասխանում նշվում է հետևյալը․ «Հաշվի առնելով կրթության և գիտության ոլորտում ԵՄ հետ սերտ համագործակցությունը՝ 2022 թ. բյուջեի քննարկման ժամանակ առաջարկվել էր միջոցառումն իրականացնել ԵՄ-ի հետ համագործակցությամբ, սակայն հետագայում ԵՄ-ի հետ նման հարցի շուրջ բանակցություններ չեն տարվել, և որոշվել է միջոցառումն իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին»: Այս պատասխանից պարզ է դառնում, որ դրամաշնորհային ծրագրի շուրջ բանակցություններ չեն տարվել, այդ պատճառով էլ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, և միջոցառումը չի իրականացվել։ Սակայն պարզ չէր, թե որ տարվա բյուջեի ինչ միջոռում նկատի ուներ փոխվարչապետի գրասենյակը, երբ նշում էր, թե որոշվել է միջոցառումն իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին։ Այս մասին լրացուցիչ մեկնաբանություն խնդրեցինք Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանից, որը պարզաբանեց՝ խոսքը 2023-ի բյուջեի 11002 միջոցառման մասին է։ Այս միջոցառմամբ նախատեսվում են գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացում, ծրագրերի իրականացում, գիտական սարքավորումների արդիականացում, միջազգային համագործակցության աջակցություն։ Միջոցառման ընդհանուր բյուջեն ավելի քան 12 միլիարդ 452 միլիոն դրամ է, որի մի մասը հատկացվելու է գիտական սարքավորումների արդիականացմանը։ Ստացվում է, որ նախորդ տարվա բյուջեով 11017 միջոցառման շրջանակում պետք է 2,5 միլիարդ դրամ հատկացվեր գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման համար, բայց այդ գումարը չի հատկացվել, և միջոցառումը չի իրականացվել։ Իսկ Գիտկոմի նշած այս և այլ միջոցառումներն իրականացվելու են 2023-ի բյուջեով։   Գիտությանը հատկացվող միջոցները նախորդ տարվա համեմատ փաստացի ավելացել են ոչ թե 20,6, այլ 12,4%-ով Կառավարության սեպտեմբերի նիստերից մեկի ժամանակ ֆինանսների նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել էր, որ գիտությանը հատկացվող միջոցները 2023-ին կգերազանցեն 36 մլրդ դրամը, ինչը «ավելի քան 6,5 մլրդ դրամով ավելի է» 2022-ի հատկացումներից։ Հաշվի առնելով, որ 11017 միջոցառումն այդպես էլ չի ֆինանսավորվել, Տիգրան Խաչատրյանի նշած 6,5 մլրդ դրամ աճն այդքան էլ ճիշտ չէ։ Այսպիսով, 2022-ին գիտությանը հատկացվել էր ավելի քան  30 մլրդ 384 մլն դրամ (գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր և ԳՀՓԿ աշխատանքներ)։ 2023-ի բյուջեով նախատեսված է ավելի քան 36 մլրդ 655 մլն դրամ (գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր և ԳՀՓԿ աշխատանքներ)։ Եթե իրականացված լինեին 2022-ի բյուջեով նախատեսված բոլոր միջոցառումները, ապա նախորդ տարվա համեմատ այս տարվա հատկացումները 6 մլրդ 271 մլն դրամով կամ 20,6%-ով ավելի կլինեին։ Սակայն եթե հաշվի առնենք այն փաստը, որը 2022-ին նախատեսված միջոցներից 2,5 միլիարդը չի հատկացվել, և պետական կառույցների պատասխաններից դատելով՝ փոխարենը հատկացվում է այս տարվա բյուջեով, ապա այս տարի գիտությանը փաստացի հատկացվում է ոչ թե ավելի քան 36 մլրդ 655 մլն դրամ, այլ ավելի քան 34 մլրդ 155 մլն դրամ, այսինքն՝ չհաշված 2,5 մլրդ դրամը, որը պետք է հատկացվեր դեռ նախորդ տարի։ Այսպիսով, հատացումների փաստացի աճը նախորդ տարվա համեմատ 3 մլրդ 771 մլն դրամ է կամ 12,4%:   Աննա Սահակյան
17:07 - 19 հունվարի, 2023
«Մի տասը հատ կրակել ա ու չի կրակել»․ ըստ վկայի՝ Խուռհատ սար մեկնած զորքի զենքերը լավ չեն աշխատել

«Մի տասը հատ կրակել ա ու չի կրակել»․ ըստ վկայի՝ Խուռհատ սար մեկնած զորքի զենքերը լավ չեն աշխատել

#Կարճ_ասած 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործով դատարանում երեկ հարցաքննվեց պատերազմի ժամանակ երկու ամսվա ժամկետային զինծառայող Վլադիկ Բարսեղյանը։ Վերջինս առանցքային դրվագներով նախորդիվ հարցաքաննվածների ցուցմունքներին հակասող պնդումներ արեց դատարանում։ Մասնավորապես՝ ասաց, որ Խուռհատ սարից նահանջի ժամանակ Հովհաննես Մուրադյանի անձնակազմն առաջ է ընկել ու գնացել գրավված Հադրութի ուղղությամբ, իսկ իրենց անձնակազմը չի գնացել նրանց հետեւից, քանի որ տեղեկացել են Հադրութի գրավվելու մասին։ Այնինչ նախորդիվ հարցաքննվածները պատմել էին, որ Մուրադյանի անձնակազմը նահանջի ժամանակ զորքի վերջում է եղել, ու, իրենց անհայտ հանգամանքներում, առանձնացել է մյուսներից՝ գնալով Հադրութ՝ չիմանալով, որ հակառակորդն է այնտեղ վերահսկողություն սահմանել։ Միայն մեկ վկա հարցաքննության ժամանակ նշել էր, որ Մուրադյանի անձնակազմը մյուսներից առանձնացել է, քանի որ հրետակոծություն է եղել ու արկն ընկել է նրանց արանքում։ Մեկ այլ վկա էլ ասել էր, որ Մուրադյանի անձնակազմը Հադրութ է շարժվել մի կամավորի ցուցումով։ Վկան նաեւ նշեց, որ Խուռհատ սարում հակառակորդի հետ մարտը տեւել է մոտ մեկ-մեկուկես ժամ, եւ այդ ընթացքում հակառակորդը կիրառել է ոչ միայն հրաձգային զինատեսակներ, այլեւ հրետանի, ուստի, ըստ նրա, Իշխան Վահանյանը կարող էր բեկորային վիրավորում ստանալ այդ ընթացքում։ Դրա հավանականությունը հերքել էին գրեթե բոլոր հարցաքննվածները։ Բացի դրանից՝ Խուռհատ սարից նահանջելուց հետո հակառակորդի փոքրաթիվ խմբի հետ մարտի բռնվելու դրվագի առնչությամբ վկան պատմեց, որ հետագայում իրենց քսանհոգանոց խմբից երկու ճակատագիրն իրենց անհայտ է եղել (հետագայում արդեն վկան նրանց տեսել է), իսկ սպաները չեն գնացել այդ զինծառայողներին որոնելու, թեեւ նախորդ հարցաքննվածները նշել էին, որ այդ մարտից հետո երեք զինվորի գտնվելու վայրը չեն իմացել, եւ որ այդ մարտի ժամանակ զոհեր են տվել։   #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը: Վահանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Դատարանը վկաների հարցաքննության փուլում է։ Երեկ դատակոչվել էին Վլադիկ Բարսեղյանը եւ Մստո Մստոյանը։ Վերջինս, սակայն, թեեւ տեղեկացրել էր նիստի սկսվելուց մեկ ժամ անց դատարան ներկայանալու մասին, այդպես էլ չներկայացավ։ Դատարան ներկայացած Վլադիկ Բարսեղյանը՝ ծնված 2002թ․-ին, 44-օրյա պատերազմը սկսվելու ժամանակ նորակոչիկ է եղել՝ երկու ամսվա ծառայող։ Նիստի սկզբում Բարսեղյանը դատարանին տեղեկացրեց, որ ինքը ամբաստանյալ Իշխան Վահանյանի հետ ոչ մի հարաբերություն չունի։ Բարսեղյանը, սակայն, Վահանյանի անունը սկզբում չհնչեցրեց, ինչի առնչությամբ դատավորի մոտ հարց առաջացավ։ Բարսեղյանը մեկնաբանեց, որ Վահանյանի անունը չի ուզում տալ, քանի որ նա «զորքին թողել փախել ա, մեղմ ասած»։ Նշենք, որ Բարսեղյանը դատավարության մասնակիցների հարցերին պատասխանում էր կարճ նախադասություններով կամ հաստատող ու հերքող արձագանքներով, և կողմերը ստիպված էին լինում պարբերաբար վերաձևակերպել իրենց նույն հարցերը։ Ըստ վկա Վլադիկ Բարսեղյանի՝ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին պատրաստվում էին ճաշարան գնալ, երբ հակառակորդը սկսեց, իր խոսքով, «տրաքացնել», ինչից հետո իրենց հանել են դիրքեր․ «Հետնահանջ, Հադրութ, տենց խառը»,- շարունակեց վկան։ Դատավորը հետաքրքրվեց՝ Խուռհատ սարի դեպքերից ի՞նչ կպատմի վկան, ինչին ի պատասխան՝ Բարսեղյանը նշեց, որ Հադրութի դպրոցից իրենց հանել են Խուռհատ սար, որտեղ մնացել են գիշերը, իսկ առավոտյան հակառակորդը սկսել է կրակել, իրենք էլ հետնահանջ են արել։ Ի պատասխան դատախազ Գեւորգ Ավետիսյանի հարցի՝ Բարսեղյանը տեղեկացրեց, որ պատերազմի ժամանակ ինքը եղել է ավագ նշանառու, իրենց դասակը եղել է ԱԳՍ-ի (հաստոցավոր ավտոմատ նռնականետ) առանձին դասակը, իսկ թե ինչ պաշտոն է զբաղեցրել Իշխան Վահանյանը, Բարսեղյանն ասաց՝ շտաբի պետ։ Նա նշեց, որ պատերազմն սկսվելուց անմիջապես հետո իրենց ստորաբաժանումը ներգրավվել է մարտական գործողությունների, բայց պատերազմի սկզբում ինքն Իշխան Վահանյանին չի հանդիպել, այլ հանդիպել է Հադրութի դպրոցում։  Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ իսկ Բարսեղյանն ի՞նչ տեղեկություններ է ունեցել սպայակազմից, օրինակ՝ Վահանյանից, մինչեւ վերջինիս վիրավորում ստանալը, Բարսեղյանը պատասխանեց, որ ընդհանրապես տեղեկություն չի ունեցել։ Հարցին, թե պատերազմական գործողությունների ընթացքում գումարտակի հրամանատարական կազմում փոփոխություններ եղել են, Բարսեղյանը պատասխանեց․ «Իմացել ենք, որ կամբատ դրել են Իշխան Վահանյանին»։ Թե երբ են իմացել դրա մասին, թե ինչ հանգամանքներում է Վահանյանը նշանակվել, ինչ պատճառով է փոփոխությունը տեղի ունեցել, Բարսեղյանը պատասխանեց, որ սարի վրա է իմացել, որ Վահանյանն արդեն այդ պաշտոնն է զբաղեցնում։ Թե մինչ այդ ով էր զբաղեցնում գումարտակի հրամանատարի պաշտոնը, վկան ասաց, որ չի հիշում անուն-ազգանունը, բայց տեղյակ է, որ փոփոխությունն արվել է, քանի որ վերջինս զոհվել է։ Բարսեղյանը ասաց, որ չգիտի այն տեղանքը, ուր բարձրացել են դպրոցից հետո, բայց ասաց, որ այնտեղ են գնացել Իշխան Վահանյանի հրամանով։ Իսկ այնտեղ, ըստ վկայի, իրենց հրաման է տրվել սարի վրա դիրքավորվելու, դիտարկում անելու․ հրամանը, Բարսեղյանի խոսքով, կատարել են։ Վկայի խոսքով՝ դասակի հրամանատարը զորքի հետ չի եղել Բարսեղյանը, պատասխանելով դատավարության մասնակիցների հարցին, սկզբում ասաց, որ իրենք անմիջական հրամանատար չեն ունեցել, հետո ասաց, որ հրամանատրն Իշխան Վահանյանն է եղել։ Հանրային մեղադրողը ճշտող հարց հնչեցրեց՝ չե՞ն ունեցել դասակի հրամանատար, Բարսեղյանն էլ պատասխանեց՝ «ունեցել ենք, ըտեղ չի եղել», թե ինչ պատճառով, Բարսեղյանն ասաց՝ տեղյակ չէ։ Մեղադրողն արձանագրեց՝ ԱԳՍ դասակի հրամանատարը զինվորների հետ չի եղել, ապա ճշտեց՝ «այսինքն՝ հրամանները՝ ինչ գործողություններ պետք է անեք, ստացել եք Վահանյանի՞ց», Բարսեղյանը հաստատեց, եւ ասաց, որ իրենց հետ այլ սպաներ են եղել․ «Ղարիբյանը (սպա Արսեն Ղարիբյանը,- հեղ․), Վազգենը (վաշտի հրամանատար Վազգեն Վարդանյանը,-հեղ․), Մուրադյանը (կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը,-հեղ․), էդքանն եմ հիշում»,- ասաց վկան։ Հանրային մեղադրողը հետաքրքրեց՝ մոտավոր որքա՞ն էր այն հատվածը, որը պետք է պահեր գումարտակը, վկան պատասխանեց՝ «օդայինով մոտ 250-300մ»։ Մեղադրողը դարձյալ ճշտեց՝ այդ հատվածում ո՞ր սպաներն են իրենց գործողությունները ղեկավարել, վկան ասաց՝ իր նշած անձինք, իսկ մեղադրողը մեկնաբանեց․ «Հա, էդ բոլորը․․․ Ուղղակի էդ 250-300մ տարածության վրա դժվար կլինի մի հոգին միաժամանակ էդ հատվածում գտնվի, դրա համար առաջարկում եմ կոնկրետացնել՝ ո՞ր սպան ա եղել ձեզ ավելի մոտիկ, ի՞նչ եղանակով ա իրականացվել ղեկավարումը»։ Վկան պատասխանեց․ «Ես, որ հիշում եմ, Իշխան Վահանյանն ա տվել կրակելու հրաման, տենց հրամաններ ինքն ա տվել»։ Հանրային մեղադրողը հարցրեց՝ «դուք դիրքավորվեցիք բնագծում, որտեղ պետք է ծառայություն իրականացնեք․ սպայակազմը, էդ թվում Վահանյանը, իրենք որտե՞ղ էին դիրքավորվել, տեղակայումն իրենց որտե՞ղ է եղել»։ Վկան ասաց, որ չի հիշում, բայց նշեց, որ նույն տեղում են եղել՝ «ուր որ մենք, իրանք ըտեղ, էդ սարի վրա»։ Հանրային մեղադրողը նորից հղում արեց նախորդիվ հարցաքննված վկաների ցուցմունքներին՝ ասելով, որ նրանք նշել են, որ հրամանատարները տեղակայված են եղել զորքի թիկունքում․ «Նաեւ նշում էին էդ «քարի» հատվածը, որտեղ սպաները հիմնականում գտնվել են, դու ի՞նչ կասես էդ կապակցությամբ, հիմա որտե՞ղ էին գտնվում սպաները»,- հարց հնչեցրեց դատախազը։ «Խառը էլի, գնացել-եկել, ման են եկել, նայել, խառը, կոնկրետ տեղ չկա, որ ասեմ ըտեղ են եղել»,- ասաց վկան։ Պատասխանելով հաջորդ հարցին՝ Բարսեղյանն ասաց, որ սպաներն այն հեռավորության վրա էին, որ նրանք հրամանները լսելի են եղել․ «Ասում էին, արդեն մեկս մյուսին փոխանցում էինք, էլի»,- մեկնաբանեց վկան։ Ըստ վկայի՝ Խուռհատ սարում հակառակորդի հետ մարտը տեւել է մոտ մեկ-մեկուկես ժամ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը վկային առաջարկեց ավելի լարել հիշողությունը՝ փորձելով իրադարձությունները պարզաբանել դատարանի առջեւ․ «Լավ, ի՞նչ տեղի ունեցավ ամսի տասին, խոսքը վերաբերում է հակառակորդի հարձակմանը ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերին»,- նշեց Ավետիսյանը։ «Որ հարձակվել են, տենց կրակել ենք, բան-ման, առավոտվա կողմ [են հարձակվել], մոտ տասի սահմաններում»,- պատմեց Բարսեղյանը՝ նշելով, որ հակառակորդի հարձակումը «անտառի միջից» է եղել, իրենց ձախ կողմից, ամբողջ երկարությամբ, նաեւ իրենց կողմից պաշտպանվող դիրքի ուղղությամբ։ Վկան ոչ հստակ, բայց ասաց, որ հարձակումն, ըստ ամենայնի, հետեւակի կողմից է եղել, կիրառվել է հրազեն, թեեւ նշեց, որ հրետանի էլ է աշխատել իրենց ուղղությամբ։ «Սկսվեց հարձակումը, էդ մասին իմացա՞վ վերադաս հրամանատարությունը»,- հարցրեց հանրային մեղադրողը, ինչին ի պատասխան՝ վկան գլխով հաստատեց, Ավետիսյանը հարցրեց՝ ի՞նչ հրամաններ ստացան, ո՞ւմ կողմից։ Բարսեղյանն արձագանքեց․ «Կրակ բացել․․․ Իշխանն էր Վահանյան (նկատի ունի հրաման արձակողը,- հեղ․)»,- ասաց վկան՝ նշելով, որ իրենք հակառակորդի ուղղությամբ կրակում էին ավտոմատներով։ Նա նշեց, որ այդ գործողությունը տեւել է մոտ մեկ ժամ-ժամուկես։ Տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյան Հարցին՝ այդ ընթացքում վերադաս հրամանատարությունը զորքի հե՞տ էր, վկան պատասխանեց, որ ում անունը նշել է, իրենց տեսել է, նաեւ ասաց, որ Վահանյանին էլ է տեսել․ «Դրանից հետո հետնահանջ ենք տվել, խառը իջել ենք ներքեւ, հետո էլի ուզեցել ենք հելնենք վերեւ՝ չի ստացվել»,- պատմեց Բարսեղյանը՝ նշելով, որ չգիտի՝ հետնահանջի հրաման եղել է, թե ոչ․ «Ասել են՝ հրաման ա տված՝ հետնահանջ ենք տալի, բան, տենց խառը իջել ենք»։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ովքե՞ր են ասել նահանջի հրամանի մասին, վկան արձագանքեց՝ «խառը, էլի»։ «Զինծառայողնե՞րը»,- հարցրեց Ավետիսյանը, Բարսեղյանն էլ պատասխանեց՝ այո։ Նա ասաց, որ նահանջել են դեպի Հադրութ իջնող ճանապարհով, իսկ նահանջի պահին սպայակազմից իրենց հետ են եղել սպաներ Վազգեն Վարդանյանն ու Արսեն Ղարիբյանը։  Վկան, ինչպես վերը արձանագրել ենք, նշել էր, որ մարտի ժամանակ Իշխան Վահանյանին տեսել է․ ի պատասխան հանրային մեղադրողի հարցի՝ նա ասաց, որ արդեն նահանջի ժամանակ Վահանյանին չի տեսել եւ տեղեկություն չունի, թե նա որտեղ է եղել։ Նրա խոսքով՝ իրենց հետ եղած սպաներն ասել են, որ նահանջի հրաման կա։ Ընթացքում իմացել է, որ Իշխան Վահանյանը, իր խոսքով, փախել է։ Թե ումից է այդ տեղեկությունն իմացել, Բարսեղյանն այսպես պատասխանեց․ «Խոսում էին տենց խառը, տենց եմ իմացել, որ վիրավորներին վերցրել գնացել ա»,- ասաց վկան՝ պնդելով, որ չի հիշում՝ ովքեր էին ասում, միայն հիշում է, որ ասել են՝ Վահանյանը վիրավորվել է, դրա համար է գնացել։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ըստ վկայի՝ նորմալ չէ՞, որ վիրավորվել է, պետք է գնա, ինչին Բարսեղյանն արձագանքեց, որ «ծանր վիրավորումը չի եղել, որ դրա համար թողնի, գնա»․ «Ասել են, որ տեսել են, որ իրա ոտքով ա իջնում, իրան չեն իջացնում, ինքն ա իջնում»,- նշեց վկան։ Թե հետո ինչ գործողություններ են արել, վկան դարձյալ հստակ պատասխաններ չտվեց։ Նա սկզբում չմտաբերեց, թե ում հրամանով են նահանջից հետո նորից բարձրացել սար (խոսքը Խուռհատին հարակից մեկ այլ սարի մասին է), հետո ասաց, որ Վազգեն Վարդանյանի հրամանն է եղել․ «Բարձրացել ենք սար, ընդեղ դիրքավորված են եղել թուրքերը, տենց հետ ենք իջել դեպի Հադրութ»,- ասաց վկան, բայց նշեց, որ չի հիշում՝ որ ճանապարհով։ Նա ասաց, որ չի հիշում նաեւ, թե մոտավորապես քանի հոգի է եղել անձնակազմը․ «Շատ ա եղել, բայց մոտավորապես էլ չեմ կարա»,- ասաց նա, եւ դատավարության մասնակիցների դիտարկումներին՝ «մոտ 100-150՞», դրական արձագանքեց։ Նա գլխով հաստատեց նաեւ դիտարկումը, որ նահանջի ժամանակ բոլորով են եղել։ Բայց ասաց, որ նահանջի ժամանակ՝ սարը բարձրանալիս, մոտ քսան հոգով են եղել։ Հարցին, թե ինչ եղավ մնացած անձնակազմը, պատասխանեց․ «Իրանք առաջ ընգած գնացել են Մուրադյանի հետ, մեզանից մի քիչ շուտ են գնացել էլի, դեպի Հադրութ, տենց գիտեմ»,- ասաց նա։ Ըստ վկայի՝ իրենք նրանց հետեւից չեն գնացել, որովհետեւ Վազգեն Վարդանյանն ասել է, որ Հադրութը գրավված է կամ նման մի բան։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ մյուս անձնակազմը տեղյակ չէ՞ր, որ Հադրութը գրավված է, վկան պատասխանեց, որ չգիտի, բայց, ըստ իրեն, եթե տեղեկացված լինեին, չէին գնա այդ ուղղությամբ։ Թե Վազգեն Վարդանյանն ինչ միջոցներ է ձեռնարկել մյուս անձնակազմին տեղեկացնելու, որ Հադրութը գրավված է, վկան ասաց, որ կապ չեն ունեցել, ինչպե՞ս փորձեին տեղեկացնել։ Եւ, ըստ նրա, այդ անձնակազմը շատ էր առաջ գնացել, բայց չի հիշում՝ ինչքան ժամանակ էր՝ առաջ էին ընկել։ Վկան ասաց, որ չի հիշում նաեւ, թե դրանից հետո ինչ ճանապարհով են գնացել, որովհետեւ ինքը Հադրութին ծանոթ չէ, ճանապարհները չգիտի։ Ի վերջո, վկան հաստատեց, որ Վազգեն Վարդանյանի անձնակազմը կարողացել է դուրս գալ։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը, դիմելով վկային, նշեց, որ կան ցուցմունքներ, որոնցում նշվել է, որ հրետակոծություն է եղել, հետո են Մուրադյանի ջոկատն ու Վարդանյանի ջոկատը բաժանվել, իսկ հիմա Բարսեղյանն ասում է, որ նրանք առաջ ընկած գնում էին․ «Ինչո՞վ կբացատրեք էս տարբերությունը, տենց բան եղել ա՞»,- հարցրեց նա։ Բայց վկան նորից ասաց, որ չի հիշում։  Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ այն դասակը, որտեղ Բարսեղյանն էր, համալրվա՞ծ էր ԱԳՍ-ով, վկան դրական արձագանքեց։ Նա չհիշեց, թե որտեղ են իրականացրել առաջին մարտական առաջադրանքը, բայց ասած, որ գումարտակի հրամանատար Սահակյանի հրամանատարության տակ են եղել։ Վկան նշեց, որ այդ ժամանակ ԱԳՍ ունեին, իսկ ահա Խուռհատ սարում ԱԳՍ չունեին։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ «բա ի՞նչ եղավ ԱԳՍ-ը», վկան պատասխանեց, որ Ջաբրաիլից նահանջելիս թողել են այնտեղ։ Այդտեղ, ըստ վկայի, իրենց դասակի հրամանատարը եղել է Ռաֆիկ Խալաֆյանը։ Թե ինչ հանգամանքներում են ԱԳՍ-ը թողել Ջաբրաիլում, վկան չմանրամասնեց, Գուրգեն Գրիգորյանի «հուշմանը»՝ «կռիվ է եղել», պատասխանեց՝ «հա էլի, տենց»։ Վկան չէր հիշում, թե քանի հոգի է եղել իրենց դասակը, մոտավոր ասաց, որ ԱԳՍ-ի մարտական հաշվարկում երեք հոգի է եղել, ԱԳՍ-ից կրակել է Ռաֆիկ Խալաֆյանը։ Նա նշեց, որ Խալաֆյանին Խուռհատ սարում չի տեսել, չգիտի՝ հետո ինչ է եղել նրա հետ, ուր է գնացել։  Վլադիկ Բարսեղյանը Բարսեղյանն ասաց, որ մինչեւ սարը բարձրանալը՝ դպրոցում, ԱԳՍ արդեն չեն ունեցել։ Այդ ժամանակ՝ մինչեւ բարձրանալը, վկան ասաց, որ դասակի հրամանատար չեն ունեցել։ Թե ինչպես կարող էր այդպես լինել, վկան արձագանքեց՝ «չէր ըլնին որն ա, որ եղել ա հենց տենց, չի եղել կոնկրետ հրամանատար»։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն այսպես արձագանքեց՝ «հավատում եմ, որ տենց էլ եղել ա»։ Հարցաքննության ժամանակ վկան ասաց, որ իրենց հետ եղած երեք սպաներից միայն մեկի՝ Վազգեն Վարդանյանի մոտ է սարից իջնելիս հեռակապ տեսել, բայց չի հիշում՝ այն կամ չէր աշխատում, կամ մարտկոցն էր նստած։ Վկան ասաց, որ զինվորների մոտ հեռախոսներ չեն եղել, իսկ սպաների մոտ չի տեսել։ Հեռակապերն էլ լիցքավորելու տեղ, ըստ նրա, չի եղել։ Վկան չհիշեց՝ հակառակորդի փոքրաթիվ խմբի հետ մարտի ժամանակ զոհ ունեցե՞լ են, թե՞ ոչ Այնուհետեւ հարցաքննությունն ընթացավ այն դրվագի մասին, երբ նահանջից հետո քսան հոգանոց դասակը մարտի է բռնվել հակառակորդի վեց-յոթ հոգանոց խմբի հետ։ Բարսեղյանը պատմեց, որ այդ ժամանակ դիրքավորվել են ու սկսել կրակել։ Նա հիշում է, որ Վազգեն Վարդանյանն է դիրքավորվելու հրաման տվել։ Բայց նա չի հիշում՝ այդտեղ զոհ տվել են, թե չէ, ըստ նրա՝ ավելի շուտ զոհ չի եղել։ Հարցին՝ այդ ժամանակ իրենցից զինվորներ առանձնացե՞լ են, թե՞ ոչ, վկան ասաց, որ առանձնացել են, կռվից հետո նրանց տեսել է։ Ըստ իրեն՝ նրանք երկու հոգի են եղել, բայց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը դիտարկում արեց, որ վկաներից մեկը ցուցմունքում ասել է, որ երեքն են եղել, իրենցից մեկը զոհվել է։ Վկան ասաց, որ նման հանգամանքից տեղյակ չէ։ Իրավահաջորդների ներկայացուցիչը հետաքրքրվեց՝ սպաները, որ իրենց հետ են եղել, տեղյա՞կ են եղել այդ զինվորների մասին։ Վկան ասաց, որ չգիտի դրա մասին, հետո ասաց, որ, իր հիշելով, նրանք չեն իմացել, որ զինվերներ են մնացել․ «Ոնց կարային, Ձեր ասելով, քսան հոգով գնային, չորս սպան չիմանար, որ քսան զինվորից երկուսը կամ երեքը չկան»,- հարցրեց Գրիգորյանը։  «Չգիտեմ՝ ոնց կարար»,- արձագանքեց Բարսեղյանը, հետո ասաց, որ մեկ-երկու օր հետո իրենց էլ է հետաքրքրել՝ ուր են այդ մարդիկ։ Վկայի պնդմամբ՝ իրենց զենքերը լավ չեն աշխատել, բայց հրամանատարությանն էլ այդ մասին չեն զեկուցել Վկայի խոսքով՝ այդ մարտի ժամանակ իրենց դասակն է նահանջել, նահանջն էլ, ըստ նրա, կանոնավոր է եղել։ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ այդ պարագայում ինչպե՞ս է մի քանի զինվորի ճակատագիր անհայտ մնացել։ Նա նաեւ հարցրեց՝ ինչքա՞ն է տեւել մարտը, վկան ասաց՝ վեց-յոթ րոպե․ «Այդ վեց-յոթ րոպեի ընթացքում սպաները որտե՞ղ էին»,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։ «Մեր մոտ են եղել»,- պատասխանեց վկան։ - Որտե՞ղ, կարա՞ք ասեք, ասենք՝ Վազգենն ու Ղարիբյանը աջ են եղել, մյուսները ձախ են եղել։ - Չէ, չեմ կարա ասեմ։ Էդ պահին շա՞տ ես տենում՝ Ղարիբյանը աջ-ձախ։ - Ո՞վ հրաման տվեց, որ դուք շարժվեք։ - Վազգենը, Ղարիբյանը․․․։ - Վազգենը հրաման տվեց պաշտպանվել, Վազգեն հրաման տվեց հե՞տ նահանջել։ - Հա, իմ հիշելով։ - Նկատելի է՞ր՝ թուրքերը շատ էին, քիչ էին։ - Վեց-յոթ հոգի։ - Բա, ասենք, քսան հոգով վեց-յոթ թուրքի վրա չկարեցա՞ք։ - Չէ։ - Չէ․․․ Որից չորսը սպա։ - (Վկան գլխով հաստատող ժեստ արեց) Զենքերի դե մեր կեսը աշխատող չի եղել, շատ հին զենքեր են եղել, բացի էդ՝ իրանց զենքերը շատ լավ ա եղել, դիրքավորված են եղել, հարմարված են եղել, գռանատներ են ունեցել, մենք՝ ոչ մի բան։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հետաքրքրվեց՝ երբ սար էին բարձրանում, զենքերի այդ վիճակը տեսե՞լ են, հրամանատարներին զեկուցե՞լ են, որ զենքը չի աշխատում, վկան պատասխանեց, որ չի զեկուցել․ «Զեկուցես՝ ի՞նչ, օգուտ չկա, մեկ ա»,- արձագանքեց նա, ապա շարունակեց, որ ուսումնական գումարտակում զենքերը լավը չեն եղել՝ կեսն աշխատող, կեսը՝ չէ։ Դատավոր Ջոն Հայրապետյանը հարցրեց․ «Հիմա Ձեր զենքն աշխատե՞լ ա, թե՞ չէ», վկան պատասխանեց, որ լավ չէր աշխատում։ Դատավորն արձագանքեց՝ «եթե կրակել ա, ուրեմն լավ ա աշխատում», վկան ասաց․ «Դե մի տասը հատ կրակել ա ու չի կրակել, փակվել ա, քանդել-մաքրել ենք, էլի նորից, էդ լա՞վ ա, որ տասը հատ կրակում, էլ չի կրակում։ Տենց կրակել, չի կրակել, տենց ա եղել»։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն արձանագրեց, որ ճիշտ է՝ հրամանատարը փախել է, բայց մինչ այդ ավելի լուրջ խնդիր է եղել, զինվորն ասում է՝ զենքը չի աշխատում․ «Դա ավելի կարեւոր հարց է, երբ չաշխատող զենքով երկու ամսվա զինվորին ուղարկում են դիրք պահելու»,- ասաց նա՝ նշելով, որ սպառազինության հագեցվածության հարցը պետք է Վահանյանը լուծեր։ Այդ ժամանակ Իշխան Վահանյանը գլխով հերքող ժեստ էր անում։ Գրիգորյանը շարունակեց․ «Հիմա ընդեղից փախնելն ա՞ ավելի մեծ հանցանք, թե՞ զինվորին առանց զենքի, առանց խրամատ փորելու, մյուս-մյուս տեխնիկական հագեցվածությամբ․․․ Ո՞րն ա ավելի խիստ կատարված հանցանք, նույն բանն ա, հիմա չի կատարվել քննություն․․․»։ Դատավորն ու մեղադրողը արձագանքեցին, որ այդ առնչությամբ քննություն կատարվում է։ Վկան նախորդիվ հարցաքննվածների ցուցմունքներին հակասող պնդումներ արեց Այնուհետեւ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ երբ հակառակորդի հետ մարտն ավարտվեց, հետո ո՞ւր գնացին իրենք, վկան պատասխանեց՝ մի գյուղ, որի անունը դարձյալ չի հիշում։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ դրանից հետո իրենց հետ եղած սպաներն ինչ-որ գործողություն արեցի՞ն՝ իմանալու, թե ուր են մնացել երեք զինվորները։ Վկան ասաց, որ նման խոսակցություն չի լսել, միայն լսել է, որ տղաները մնացել են այնտեղ։ Վկան չհիշեց նաեւ, թե արդյոք այդ սպաները գնացե՞լ են՝ ճշտելու զինվորների գտնվելու վայրը։ Երբ Գրիգորյանը նկատեց՝ ուրեմն այն սպան, որը նման ցուցմունք է տալիս, ստո՞ւմ է, վկան արձագանքեց, որ ինքը ոչ տեսել է, ոչ լսել է նման բան․ «Կարող ա ես տեսած-լսած չլինեմ»,- ասաց նա․ - Եթե քսան հոգու միջից չորս սպաներից երկուսը կամ երեքը կամ չորսը ձեզ թողնեին, առաջ գնային, կնկատեի՞ք, թե՞ չէ, թե՞ նենց վիճակ էր, որ կարող ա չնկատեիք,- հարցրեց Գրիգորյանը։ - Կարող ա չնկատեի։ - Ինչի՞, պատճառը որն էր։ - Էդ խուճապը․․․ - Արդեն նահանջել եք, էլ ի՞նչ խուճապ։ Կնկատեի՞ք, թե՞ չէ։ - Ասում եմ՝ կարող ա չնկատեի, կարող ա նկատեի։ - Ո՞նց։ - Տենց։ - Ո՞նց տենց։ Դատավոր Ջոն Հայրապետյանը հարցը վերաձեւակերպեց՝ ո՞նց կլիներ, որ ձեր սպաները գնային հետախուզության, ու Դուք չնկատեիք, չի կարող այդպես լինել։ Վկան արձագանքեց, որ կարող էր չնկատել, նա նշեց, որ ամբողջ խմբով միասին են եղել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ վկան ինչպե՞ս կբացատրի հանգամանքը, որ երկու կարեւոր հանգամանքների մասին ինքն ու նախորդիվ հարցաքննված վկաները տարբեր ցուցմունքներ են տալիս (խոսքը սպաների երեք զինվորների՝ հակառակորդի հետ մարտից հետո իրենց հետ չմնալու եւ սպաների կողմից նրանց գտնվելու վայրը ճշտելու մասին է)։ Վկան բացատրություն չունեցավ։ Այնուհետեւ հանրային մեղադրողը անդրադարձավ Իշխան Վահանյանի վիրավորվելու հանգամանքներին։ Նա վկայից հետաքրքրվեց՝ Խուռհատ սարում հակառակորդի հետ փոխհրաձգության ժամանակ հնարավո՞ր էր, որ Իշխան Վահանյանը բեկորային վիրավորվում ստանար՝ հաշվի առնելով իրենց դիրքը եւ այն զինատեսակները, որոնք կիրառում էր հակառակորդն այդ ժամանակ։ Վկան արձագանքեց, որ հնարավոր էր, քանի որ բացի հրազենից՝ հակառակորդը կիրառել է նաեւ հրետանի։ Դատախազը նկատեց՝ Բարսեղյանից առաջ հարցաքննված վկաները նշել են, որ այդ ժամանակ հակառակորդը միայն հրաձգային տեսակի զենքեր է կիրառել ուստի Վահանյանը չէր կարող բեկորային վնասվածք ստանալ, սակայան վկան նշեց, որ հրետանի եւս կիրառվել է։ Հանրային մեղադրողը հարցրեց՝ մարտերի եւ նահանջի ժամանակ Բարսեղյանն ի վիճակի՞ էր արդյոք լսել հրամանատարների հրամաններն ու դրանք կատարել։ Վկան արձագանքեց, որ որոշ չափով ի վիճակի էր։ Դատախազը հարցրեց նաեւ․ «Երբ տեղեկացաք, որ Վահանյանը, իր չնչին վիրավորումը պատճառ բերելով, վիրավորների հետ փախել է մարտադաշտից, Ձեր կամ Ձեր համածառայակիցների հոգեբանության վրա դա ո՞նց ազդեց»։ Վկան պատասխանեց․ «Դե էդ պահին արդեն ոնց որ մեկը չկա ուղղորդի, ճիշտ ճանապարհ տա․․․»։ Նիստի ավարատին դատարանն առաջարկեց բերման ենթարկել այն վկաներին, որոնք չեն ներկայանում դատարան, ինչի առնչությամբ առարկություն չեղավ։ Ասվածը չի վերաբերում այն վկաներին, որոնք Արցախի Հանրապետությունում են եւ բլոկադայի պատճառով չեն կարողանում գալ։ Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 7-ին, ժամը 13:00-ին։  Հայարփի Բաղդասարյան
15:24 - 19 հունվարի, 2023
Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգ՝ առանց բանկոմատների

Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգ՝ առանց բանկոմատների

Այս տարվա հունվարի 1-ից 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով․ բնակիչներն այսուհետ կենսաթոշակները ստանալու են ոչ թե «Հայփոստի» բաժանմունքներից, այլ իրենց բանկային քարտերով։ Բացառություն են այդ բնակավայրերի 75 տարեկանը լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։ Հայաստանում 1000 և ավելի բնակիչ ունի 456 բնակավայր, սակայն այդ բնակավայրերից բանկոմատ կա ընդամենը 88-ում։ Սա նշանակում է, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի միայն 19%-ում բնակիչները կենսաթոշակները կանխիկացնելու հնարավորություն ունեն։ Իսկ բնակավայրերի մոտ 81%-ում բանկոմատ չկա, և բնակիչները կենսաթոշակները կանխիկացնելու համար պետք է հասնեն այլ բնակավայրեր։   Ինչպե՞ս է կատարվում կենսաթոշակների անկանխիկ վճարումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է 12 բանկերի հետ, որոնք տրամադրում են կենսաթոշակային քարտեր։ Այս բանկերից 1-ը՝ «Արցախբանկը», բանկոմատներ ունի միայն մայրաքաղաք Երևանում։ Մնացած բանկերը բանկոմատներ ունեն նաև մարզերում, սակայն մեծամասամբ՝ քաղաքներում։  Եթե բնակիչները չեն ընտրում, թե որ բանկն է իրենց կենսաթոշակային քարտ  տրամադրելու, այդ ընտրությունը կատարվում է ավտոմատ համակարգի միջոցով, իսկ անհամաձայնություն ունենալու դեպքում բնակիչները կարող են փոխել իրենց բանկը։ Եթե նրանք կենսաթոշակը կանխիկացնեն ոչ թե իրենց քարտ տրամադրած բանկից, այլ նախարարության հետ համագործկցող որևէ այլ բանկի բանկոմատից, ապա նրանցից կգանձվի կենսաթոշակի 0,5-2%-ի չափով սպասարկման վճար (վճարի չափը կախված է յուրաքանչյուր բանկի սահմանած սակագնից)։   Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի անցումը Դեռ 2019-ին գործադիրը հավանություն էր տվել օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որով առաջարկվում էր անցնել կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ փոփոխությունների արդյունքում «կապահովվի վճարումների հասցեականությունը, և էապես կնվազեն առկա ռիսկերը»։ Փոփոխությունը, սակայն, չիրականացվեց միանգամից՝ «հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը»։ 2021-ից համակարգը ներդրվեց Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, 2022-ին՝ այլ քաղաքներում, իսկ այս տարվանից համակարգը գործում է 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում՝ և՛ քաղաքներում, և՛ գյուղերում։ 2024-ից կենսաթոշակներն անկանխիկ կվճարվեն արդեն Հայաստանի բոլոր բնակավայրերում։ 2022-ի հուլիսից էլ կառավարությունն իրականացնում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Միջոցառման շրջանակում առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարող քաղաքացիներին հաջորդ ամսվա ընթացքում տրամադրվում է 10%-ի չափով հետվճար (cashback)։  Դրան զուգահեռ՝ 2022-ի հուլիսից ուժի մեջ մտավ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը։ Այս օրենքով սահմանվում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող տնտեսվարողները պետք է ապահովեն վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով վճարում իրականացնելու հնարավորություն։ Կարգավորումը չի տարածվում միայն կրպակների վրա։ Եթե այս փոփոխությունը կարելի է անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորության հասանելիության խնդրի լուծման ուղղությամբ քայլ համարել, քանի որ գյուղերի բնակիչները տեսականորեն կարող են անկանխիկ առևտուր անել, ապա բանկային ենթակառուցվածքների հարցը մնում է չլուծված։   Ի՞նչ են ցույց տալիս տվյալները Մենք փորձեցինք հասկանալ, թե 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերից քանիսում գոնե 1 բանկոմատ կա, որով բնակիչները կարող են կենսաթոշակը կանխիկացնել։ Հայաստանի բնակավայրերի ցանկն՝ ըստ բնակիչների թվի, 2020-ի որոշմամբ հաստատել է կառավարությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի անցնելիս առջնորդվել է հենց այդ ցանկով։ Սակայն ցանկը 2020-ից հետո չի թարմացվել, և այժմ պատկերը մի փոքր այլ է։ Համաձայն Վիճակագրական կոմիտեի 2022-ի տվյալների՝ այս ցանկում կան բնակավայրեր, որոնք նախկինում 1000 և ավելի բնակիչ ունեին, իսկ հիմա չունեն, և հակառակը։ Հաշվի առնելով այսպիսի փոփոխությունները՝ մենք, կառավարության հաստատած ցանկում ներառված բնակավայրերից բացի, դիտարկել ենք ևս 8 բնակավայր, որոնք, ըստ Վիճկոմի, ունեն 1000 և ավելի բնակիչ։ Այս 8 բնակավայրերում կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգն այս տարի չի ներդրվի, սակայն 2024-ից այնտեղ էլ կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ, քանի որ 2024-ից համակարգը գործելու է ՀՀ ողջ տարածքում։ Բանկոմատների մասին տվյալները վերցվել են առանձին բանկերի կայքերում հրապարակված ցանկերից։ Դիտարկվել են Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող բոլոր այն բանկերը, որոնք ունեն մասնաճյուղեր և տրամադրում են բանկային քարտեր. ընդհանուր առմամբ՝ 15 բանկ։ Այդ բանկերից 12-ը տրամադրում են կենսաթոշակային քարտեր, 3-ը՝ ոչ։ Կենսաթոշակային քարտեր չտրամադրող բանկերը դիտարկվել են, քանի որ այլ բանկերի բանկոմատների բացակայության դեպքում դրանք կարող են կենսաթոշակը կանխիկացնելու հնարավորություն լինել։ Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող 456 բնակավայրից միայն 88-ում կա բանկոմատ։ Քարտեզի վրա կապույտ գույնով նշված են այն բնակավայրերը, որտեղ գոնե 1 բանկոմատ է առկա, կարմիրով՝ այն բնակավայրերը, որտեղ բանկոմատ չկա, մոխրագույնով` այն բնակավայրերը, որտեղ բանկոմատներ կան, սակայն բնակիչներին ոչ հասանելի վայրերում, կամ որտեղ կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգը դեռ չի ներդրվել։ Յուրաքանչյուր բնակավայրի նկարագրության մեջ կարող եք գտնել մանրամասներ առկա բանկոմատների թվի և այլնի մասին։ Այն դեպքերում, երբ որևէ բնակավայրում չկա բանկոմատ, բնակիչները կարող են կենսաթոշակը ստանալ մոտակա բնակավայրերի բանկոմատներից։ Սակայն դա լրացուցիչ դժվարություն և ֆինանսական ծախս է առաջացնում կենսաթոշակառուների համար։ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում, օրինակ, բանկոմատ չկա։ Մոտակա բանկոմատն Արարատ քաղաքում է, որը հեռու է մոտ 42 կմ։ Իսկ, օրինակ, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից մինչև մոտակա բանոկմատ՝ Մեծամոր, 20 կմ է։ Այսպիսով, չնայած կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելու մասին նախագծում նշվում էր բանկային ենթակառուցվածքների բացակայության խնդիրը, և փոփոխությունը նաև այդ պատճառով իրականացվեց փուլերով, տվյալները ցույց են տալիս, որ բանկային ենթակառուցվածքների խնդիրը շարունակում է մնալ չլուծված այն բնակավայրերի մոտ 81%-ում, որտեղ կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով։   Աննա Սահակյան, Կատյա Մամյան    
16:16 - 18 հունվարի, 2023
Հայտարարությունները՝ ռուսերեն, գինը՝ դոլարով, ապրելավայրը՝ մորքուրի տուն․ անշարժ գույքի շուկան՝ թվերով

Հայտարարությունները՝ ռուսերեն, գինը՝ դոլարով, ապրելավայրը՝ մորքուրի տուն․ անշարժ գույքի շուկան՝ թվերով

2022 թ․ փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքով դեպի հետխորհրդային շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսք սկսվեց: Արդյունքում բնակարանների վարձակալության գները կտրուկ աճեցին, ինչից հետո`  մինչ հիմա, անշարժ գույքի շուկան մշտապես Հայաստանի բնակիչների ուշադրության կենտրոնում է՝ հատկապես մայրաքաղաքում:  Երևանի որոշ բնակիչների համար բնակարանների վարձակալության այդպիսի աննախադեպ պահանջարկը բնակարանների որոնման և անդադար տեղափոխությունների պայմաններում շատ անհարմարությունների պատճառ դարձավ, իսկ որոշ վարձատուների համար՝ ընդամենը «ակնթարթորեն» հարստանալու հնարավորություն:  Ղազախստանի մեր գործընկերների հետ վերլուծել ենք 2022 թվականի սկզբից բնակարանների վարձակալության գների փոփոխությունները երկու երկրների խոշորագույն քաղաքներում՝ Երևանում, Ալմաթիում և Աստանայում: Գնաճի ազդեցությունը հայաստանցիների վրա Լիլիթն արդեն 10 տարի է, ինչ տեղափոխվել է Երևան սովորելու և աշխատելու նպատակով: Մինչ 2022 թ․ մարտ ամիսը նա մոր հետ բնակվում էր Հերացի փողոցում վարձակալած բնակարանում: Լիլիթը պատմում է, որ մարտ ամսին սեփականատերը զանգել է իրենց, ասել, որ բնակարանը պետք է վերանորոգեն, ու այդ պատրվակով առաջարկել է հեռանալ․ «Ասացի, որ ոչ, քանի որ մեր պայմանագիրը վերջանում է մայիսին, այս պահին չենք կարող դուրս գալ ու հատկապես այդ ընթացքում, երբ ռուսները եկել էին, բնակարան գտնելը սարսափելի դժվար էր,- պատմում է Լիլիթը։- Մի օր ուղղակի զանգեցին, ասացին՝ գիտե՞ք՝ մեկը կա, ուզում է էստեղ ապրի, օքեյ ա՞ ձեզ, որ գա, տեսնի: Մի քիչ տարօրինակ թվաց մեզ, բայց ասացինք՝ օքեյ: Տանտերը եկավ մի աղջկա հետ, ով որ ռուս էր, նայեցին բնակարանը, ու էդ աղջիկը էդքան էլ չհավանեց, դուրս եկան: Այդտեղից արդեն պարզ դարձավ, որ բնակարանը հեչ վերանորոգելու միտք չկար, ընդամենը ուզում էին ինչ-որ նոր մարդ գտնել, ով որ ավելի շատ գումար կվճարեր»: Արդյունքում Լիլիթն ու մայրը ստիպված թողել են այդ բնակարանն ու որոշ ժամանակ ապրել ազգականի տանը: Լիլիթի պատմությունը միակը չէ: Բազմաթիվ նմանատիպ պատմություններ կարելի է լսել փետրվարից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, և արդյունքում ՌԴ աննախադեպ թվով քաղաքացիներ բնակություն հաստատեցին ՀՀ-ում: ՌԴ քանի՞ քաղաքացի է եկել Հայաստան  Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ եթե ՀՀ մուտք գործած ՌԴ քաղաքացիների միգրացիոն սալդոն՝ մուտքերի և ելքերի տարբերությունը, հունվար և փետրվար ամիսներին բացասական է, ապա մարտ ամսից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, այն դառնում է դրական և սկսում է աճել մինչև հուլիս ամիսը ներառյալ։ Սալդոյի դրական աճը նշանակում է, որ ՌԴ անձնագրով ավելի շատ մարդ է եկել ՀՀ, քան մեկնել ՀՀ-ից։ Ամենամեծ, կտրուկ աճը տեսնում ենք հուլիսին։ Դիտարկելով ՌԴ քաղաքացիների՝ 2021 թ․ միգրացիոն սալդոն՝ կարելի է նկատել, որ ամենամեծ ցուցանիշը այս դեպքում ևս  գրանցվել է հուլիս ամսին։ ՀՀ միգրացին ծառայության պետ Արմեն Ղազարյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ տարվա առաջին 6 ամիսներին ՌԴ անձնագրով մուտքերի և ելքերի տարբերությունը սովորաբար մեծ է լինում, քանի որ այդ ժամանակահատվածի մեջ մտնում է նաև ամառային զբոսաշրջային սեզոնը: 2022 թ․-ի առաջին կիսամյակի ցուցանիշները համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ՝ Ղազարյանը նշել է․ «Այսինքն, նույնիսկ տուրիստական հոսքը հաշվի առնելով, որ բավականին ակտիվանում է ամառային ամիսներին, տարբերությունը կրկնակիով աճել է (նախորդ տարվա համեմատ,- հեղ․), և այդ միտումը մենք տեսնում ենք։ Առաջին եռամսյակում այդ տարբերությունը (մուտքերի և ելքերի,- հեղ․) շուրջ 4000 էր, որովհետև միտումը սկսեց դրսևորվել ավելի շատ փետրվարի վերջ, մարտ ամսին, և հիմա տարբերությունը շուրջ 40 հազար է (հուլիսի դրությամբ,- հեղ․)»: 2021-ի տվյալներից տեսնում ենք, որ հուլիս ամսվա աճից հետո՝ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, միգրացիոն սալդոն՝ այսինքն՝ ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիների թիվը, աստիճանաբար նվազում է, ինչը չի կարելի ասել 2022-ի նույն ամիսների համար։ Ըստ այս տվյալների՝ սալդոն նորից սեպտեմբերին՝ որոշակիորեն, իսկ հոկտեմբերին կտրուկ աճել է։ Հիշենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ-ում հայտարարվել էր մասնակի մոբիլիզացիա։  ՌԴ քաղաքացիների ներհոսքի հետևանքով Հայաստանում, մասնավորապես՝ մայրաքաղաքում, բնակարանների վարձակալության գները սկսեցին աճել, բազմաթիվ ընտանիքներ կանգնեցին վարձակալվող բնակարանը լքելու, փողոցում հայտնվելու խնդրի առջև: Գնաճը պետական վիճակագրությունում Բնակարանների վարձակալության գների մասին պաշտոնական վիճակագրություն ՀՀ-ում վարում է միայն Վիճակագրական կոմիտեն, այն էլ միայն սպառողական գների հաշվարկման համար։ Վիճակագրական կոմիտեի կայքում՝ «Սպառողական գների ինդեքս» բաժնում, յուրաքանչյուր ամիս հրապարակվում են վարձավճարների տոկոսային փոփոխությունները՝ ՀՀ տարածքի կտրվածքով: Դիտարկենք բնակարանների վարձակալության արժեքի փոփոխությունը 2019թ․ սկզբից մինչ 2022 թ․ նոյեմբերը:  Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անցյալ տարվա նույն ամսվա համեմատ վարձակալության գների  ամենակտրուկ աճը գրանցվել է հենց ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո: Վերջին 4 տարիների ընթացքում բնակարանների վարձակալության գները Հայաստանում ընդհանուր առմամբ աճել են ~60%-ով, որից շուրջ 55%-ը բաժին է ընկնում 2022 թ․ փետրվարից նոյեմբերն ընկած ժամանակահատվածին: Մեր հարցմանն ի պատասխան՝ Վիճակագրական կոմիտեից տրամադրել են նաև Երևան քաղաքի սպառողական շուկայում իրենց դիտարկման տիրույթում գտնվող 1 սենյականոց բնակարանների (տարբեր վարչական շրջաններում)՝ 2022 թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին արձանագրված միջին ամսական վարձավճարները։ Այս տվյալների համաձայն՝ եթե հունվար և փետրվար ամիսներին բնակարանների վարձակալության միջին արժեքները նույնն են՝ շուրջ 87 հազար դրամ, ապա արդեն մարտ ամսին գներն աճել են շուրջ 17%-ով և շարունակել են աճել մինչև նոյեմբերը ներառյալ: Վիճակագրական կոմիտեի «Գների վիճակագրության և միջազգային համադրումների» բաժնից մեկնաբանեցին, որ տվյալները կարող են ամբողջապես չարտացոլել վարձակալության գների իրական, լիարժեք պատկերը, քանի որ հաշվարկվում են հատուկ մեթոդաբանությամբ (տե՛ս «Մեթոդաբանություն» բաժնում) և դիտարկվում են զուտ սպառողական գների հաշվարկման համատեքստում:  Վարձակալության գների բարձրացման խնդիրն այնքան սրվեց, որ պաշտոնական վիճակագրության տվյալները նման չէին քաղաքացիների պատմածներին: Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում էին գների կրկնակի, նույնիսկ՝ եռակի աճի մասին:  Քաղաքացիները խնդիրը բարձրաձայնում էին տարբեր հարթակներում, մինչև անգամ բողոքի ակցիաներ էին կազմակերպվում կառավարության շենքի մոտ։ Այդպիսի մի ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկը նշել էր, որ «նորմալ» գնով բնակարան գտնելը շատ բարդ է․ ոչ միայն մեծ պահանջարկ ու պոտենցիալ հաճախորդների հերթ կա մեկ բնակարանի համար, այլև սեփականատերերը այնքան էլ բաց չեն երեխա ունեցող ընտանիքների հանդեպ։ Ակցիայի մեկ այլ մասնակցի խոսքով, եթե առաջ հնարավոր էր երկու սենյականոց բնակարանը վարձակալել 80 հազար դրամով,  ապա հիմա նույն բնակարանի վարձակալության արժեքը սկսում է 200 հազար դրամից։ Որ բնակարանների վարձակալության գները կտրուկ աճել էին, ոչ միայն վարձակալությամբ ապրող բնակիչներն էին ահազանգում։ Խնդիրն այնքան հրատապ դարձավ, որ պետական պաշտոնյաները մի քանի անգամ բարձրաձայնեցին ու քննարկեցին այն: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ նշեց, որ իր եղբայրը վարձով էր ապրում, բայց վարձատուն եռապատկել է վարձավճարը՝ ասելով, որ կան վարձով տալու այլ ավելի գրավիչ տարբերակներ։ Գնաճը այլընտրանքային տվյալներում Վարձակալության գների աճի միտումը ավելի լավ պատկերացնելու և պաշտոնական վիճակագրության հետ համեմատելու համար հավաքել և դիտարկել ենք  Shelter Realty Yerevan անշարժ գույքի գործակալության  տվյալները: Գործակալության ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղադրվում են Երևանում գտնվող բնակարանների վարձակալության հայտարարություններ, որտեղ նշված են բնակարանի գտնվելու վայրը, մակերեսը և վարձակալության արժեքը: Հավաքել ենք 2022-ի հունվարից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2021-ի ընթացքում տեղադրված 553 հայտարարությունների  տվյալներ:  Տվյալներից երևում է, որ ամենամեծ գնաճը գրանցվել է 2022 թ․ հոկտեմբերին՝ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո։ Այլընտրանքային տվյալները ավելի շատ են համապատասխանում քաղաքացիների դիտարկումներին, քանի որ այստեղ անհամեմատ ավելի մեծ գնաճ է երևում, քան պաշտոնական վիճակագրության մեջ։  Որպեսզի պատկերացնենք, թե այդպիսի գնաճն ինչպես է ազդել բնակարանների վարձակալների վրա, ՀՀ միջին անվանական աշխատավարձի աճի տեմպը համեմատել ենք բնակարանների վարձակալության պաշտոնական և այլընտրանքային արժեքների աճի տեմպի հետ։  ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից դատելով՝ չնայած միջին ամսական անվանական աշխատավարձը ևս որոշակիորեն աճել է, սակայն այն չի հասնում բնակարանների վարձակալության գնաճի տեմպին՝ թե՛ պաշտոնական, թե՛ այլընտրանքային ցուցանիշներով: Վարձակալության գների աճն անհամեմատ ավելի մեծ է: «Только для лиц славянской внешности», կամ ինչպես էին գործակալությունները թիրախավորում ռուսաստանցիներին Ռուս-ուկրաինական պատերազմից անմիջապես հետո՝ մարտ ամսին, սոցցանցերում խոսակցություններ սկսվեցին, որ բնակարանների սեփականատերերը տեղի բնակիչների փոխարեն նախընտրում են բնակարանները վարձակալությամբ հանձնել ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացիներին ավելի բարձր գներով։ Այդպիսի խոսակցությունները գնալով ավելի տարածվեցին՝ աստիճանաբար վերածվելով բանավեճի․ որոշ մարդիկ շեշտում էին հարցի բարոյական կողմը ու անթուլատրելի համարում հայրենակիցներին վարձակալվող բնակարաններից դուրս հանելու հանգամանքը, մյուսներն էլ, ընդհակառակը, գնաճը դիտարկում էին որպես դրական երևույթ, որը սեփականատերերին թույլ կտար ավելի շատ գումար աշխատել։ Երբ հավաքագրում էինք վերևում նշված գործակալության տվյալները և հասանք ռուս-ուկրաինական պատերազմից հետո ընկած ժամանակահատվածին, ինքներս էլ նկատեցինք միտում, որ Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքի աճին զուգընթաց ռուսերենով և դոլարային տարադրամով հայտարարությունների թիվն աճում է։ Նկատելիորեն աճում է նաև հայտարարությունների ընդհանուր քանակը։   Ակնհայտ է, որ հայտարարությունների քանակը սկսել է զգալիորեն աճել՝ սկսված փետրվար ամսից՝ հենց ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից։ Գծապատկերից երևում է, որ 2021 թ․ բոլոր հայտարարությունները տեղադրված են միայն հայերենով, իսկ 2022 թ․ մարտից հայտարարությունների լեզուն աստիճանաբար փոխվում է․ հայտնվում են երկլեզու հայտարարություններ, որոնցում հաճախ հայերեն հայտարարությունը դրվում է ռուսերենից հետո միայն։ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո՝ արդեն հոկտեմբերին և նոյեմբերին, հայերենը երբեմն նույնիսկ ուղղակի անտեսվում է, և որոշ հայտարարություններ տեղադրված են  միայն ռուսերենով։ Նմանատիպ միտում նկատելի է նաև տարադրամի մասով։ Եթե 2021 թ․ բնակարանների վարձակալության բոլոր արժեքները նշված էին դրամով, ապա 2022 թ․՝ ՌԴ քաղաքացիների ներհոսքին զուգընթաց, այս միտումը փոխվում է, և արժեքների որոշ մասն արդեն նշվում է դոլարով։ Այս պատկերը ևս մեկ անգամ ապացուցում է, որ անշարժ գույքի գործակալությունները հետաքրքրված են հենց ռուս վարձակալներով։ ՀՀ քաղաքացիների համար անշարժ գույք ձեռք բերելու արտոնություններ սահմանել և սեփականատերերին բերել հարկային դաշտ. Անդրանիկ Հարությունով Բնակարանների վարձակալության գնաճի պատճառների և հնարավոր լուծումների մասին զրուցել ենք նաև Silver REA անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Անդրանիկ Հարությունովի հետ։ Վերջինիս դիտարկմամբ վարձակալության գների աճն  անհատապես բացասական է ազդել ՀՀ շատ քաղաքացիների վրա և անարդարության իրավիճակ է ստեղծել։  «Խնդիրն այսօր մեր ուսուցիչն է, մեր ԱԻՆ աշխատողն է, մեր պայմանագրային զինվորականն է, մեր քաղաքացին է, ով փոքր բիզնես ունի, երկար տարիներ Հայաստանում է ապրում և այսօր անշարժ գույքի հետ կապված խնդիր ունի: Դա կենցաղային խնդիր է և մեծ սթրես է մարդու համար, ով ընտանիքով ապրում է, գալիս են, ասում են՝ պետք է մի ամսից, տասը օրից ազատես բնակարանը, կամ գինը բարձրացնում եմ։ Չնախատեսված Է: Այդ դեպքերում շատերը թողնում են, գնում են պետությունից»,- նշում է Հարությունովը։ Հարությունովը ծանոթ է խոսակցություններին, երբ բնակարանների վարձակալության գների բարձրացման համար մեղադրում են սեփականատերերին, որոնք իրենց հայրենակիցների փոխարեն ավելի բարձր վարձավճարի դիմաց ընդունում են ռուսաստանցի վարձակալների: Սակայն նա կարծում է, որ այդպիսով խնդիրը բերվում է էմոցիոնալ դաշտ, և անտեսվում է  այդպիսի գնաճի դրական ազդեցությունը տնտեսության վրա: Անշարժ գույքի գործակալը կարծում է, որ բնակարանների վարձակալության աճը ազդում է մուլտիպլիկատիվ էֆեկտով՝ նպաստելով տնտեսության այլ ոլորտների: Սակայն այստեղ ևս խնդիր կա, քանի որ վարձակալությամբ հանձնվող ոչ բոլոր բնակարանների համար են սեփականատերերը հարկեր վճարում։ Դիտարկելով Կադաստրի կոմիտեի տվյալները՝ կրկին տեսնում ենք այդպիսի խնդիր:  2022 թ․ հունվարից հոկտեմբեր ամիսներին Երևան քաղաքում իրականացվել է բնակարանների վարձակալության ընդամենը 782 գործարք: Հիշեցնենք, որ այդ նույն ժամանակահատվածում ՀՀ են ժամանել և այստեղ են բնակվում ՌԴ 57 646 քաղաքացիներ: Ակնհայտ է, որ վարձակալության գործարքների մեծ մասը պայմանագրով չի արվում, ինչի հետևանքով էլ պետությանը հարկեր չեն վճարվում: «Այդ ֆոնին, երբ վարձակալության գները բարձրանում են կրկնակի կամ որոշ դեպքերում՝ եռակի, տուժում են մեր քաղաքացիները»,- ասում է Հարությունովը՝ նշելով, սակայն, որ պետք չէ այդ հարցում մեղադրել սեփականատերերին, այլ պետք է լուծումներ գտնել պետական մակարդակում: Հարությունովի խոսքով պետությանը չպետք է ձգտի նվազեցնել բնակարանների վարձակալության գները, քանի որ Հայաստան եկած ՌԴ քաղաքացիները համեմատաբար բարձր եկամուտ ունեն, և նրանց համար այդ գները մեծամասամբ նորմալ են, այլ պետք է այնպիսի օրենք ընդունել, որը արտոնություններ կտա ՀՀ քաղաքացիներին: Օրինակ՝ այնպիսի օրենք, որը վարձակալությամբ ապրող քաղաքացիներին հնարավորություն կտա անշարժ գույք ձեռք բերելու:  «Խնդիրը կլուծվի․ համ կունենանք մի իրավիճակ, երբ որ մեր բազմաթիվ քաղաքացիներ չունեին սեփականություն, իրենք ձեռք բերեցին, և կունենանք իրավիճակ, որ ունենք բազմաթիվ սեփականատերեր, ովքեր տուն ունեն, հանձնում են վարձակալության, իրենք մեծ եկամուտներ կունենան»,- նշում է Հարությունովը:  «Ենթադրենք՝ 40 հազար ՌԴ քաղաքացի է եկել Հայաստան և այստեղ է ապրում, չի գնացել, և ենթադրենք, որ ամեն տանը վարձակալությամբ ապրում է չորս հոգի, կստանանք 10 հազար գործարք: 10 հազար նոր հարկատու որ մտնի շուկա, այնքան գումար կբերի, որ կկարողանան լուծել իմ նշած մարդկանց խնդիրները, ովքեր դուրսն են մնացել»: Անշարժ գույքի գործակալի կանխատեսմամբ, եթե որևէ աննախադեպ իրադարձություն տեղի չունենա, առաջիկայում բնակարանների վարձակալության գների նվազում չի սպասվում: Ավելին՝ անշարժ գույքի գործակալը կարծում է, որ վարձակալության գները նույնիսկ ավելի կբարձրանան: Մեթոդաբանություն Shelter Realty Yerevan-ի ֆեյսբուքյան էջից հավաքագրված տվյալներում բոլոր արտարժույթները վերածել ենք դրամի՝ հնարավորինս օբյեկտիվ տվյալներ ստանալու համար։ Դոլարային արտարժույթի դեպքում հաշվի ենք առել դոլարի այդ պահի փոխարժեքը՝ rate.am-ի տվյալներով, յուրաքանչյուր ամսվա համար միջինացված թվով: Սպառողական գների ինդեքսի համար տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը․ Երևանում և դիտարկվող 10 մարզկենտրոններում բնակարանների վարձակալության գների ինդեքսի հաշվարկման համար Երևանում և յուրաքանչյուր 10 բնակավայրում ամսական կտրվածքով դիտարկվել են ընտրանքային կարգով ընտրված, վարձակալության նպատակով տրամադրված 10-12 բնակարանների վարձերը: Ընտրանքում ընդգրկված բնակարանները դիտարկման դաշտում պահպանվում են մեկ տարի ժամանակահատվածում, եթե դրանց վարձակալության հանձնման գործընթացը չի դադարում գործել: Հակառակ դեպքում դրանք փոխարինվում են նմանատիպ բնութագիր ունեցող բնակարանների վարձավճարներով․ այդ բնութագրերն են՝ մեկ սենյականոց, կահավորված, միջին վերանորոգման, ջեռուցման համակարգով, մեկ ամսից ոչ պակաս ժամանակահատվածով վարձակալության տրված, հնարավորինս նույն հասցեում կամ առնվազն նույն վարչական շրջանում գտնվող բնակարաններ: Անշարժ գույքի գործակալի հետ հարցազրույցն արվել է 2022-ի նոյեմբերին: Տվյալների աղբյուրներ՝ ՀՀ վիճակագրական կոմիտե, ՀՀ կադաստրի կոմիտե, Shelter Realty Yerevan-ի ֆեյսբուքյան էջ Հեղինակ՝ Մարգարիտա Ղազարյան Մենթոր՝ Կատյա Մամյան Նյութը ստեղծվել է LAMPA Accelerator-ի շրջանակներում՝ Ղրղզստանի տվյալների դպրոցի աջակցությամբ։  
18:55 - 12 հունվարի, 2023
Մշակութային միջոցառումն ինքնին հիմք չէ մեկ անձից գնում իրականացնելու համար․ Սուրեն Գրիգորյանը սխալվում է

Մշակութային միջոցառումն ինքնին հիմք չէ մեկ անձից գնում իրականացնելու համար․ Սուրեն Գրիգորյանը սխալվում է

2022 թվականի տարեվերջին Երեւան քաղաքի ամանորյա լուսավորությունը ամենաքննարկվող թեմաներից էր․ միայն դրա կազմակերպման վրա քաղաքային բյուջեից ծախսվել է շուրջ 191 միլիոն ՀՀ դրամ (ըստ գնումների մասին պաշտոնական՝ armeps.am կայքի)։ Ոմանք ողջունում էին քաղաքին սովորականից ավելի տոնական տեսք տալու որոշումը՝ հաշվի առնելով նաեւ Եվրատեսիլ միջազգային մրցույթի շրջանակում սպասվող միջոցառումները, ոմանք էլ քննադատում էին այն՝ հետպատերազմյան երկրի համար նման ծախսը չարդարացված շռայլություն համարելով։ Քննադատությունները ծավալվում էին նաեւ այն համատեքստում, որ լուսավորության կազմակերպման համար գնումը Քաղաքապետարանը մեկ անձից՝ «Սինեմարտ» ՍՊԸ-ից է իրականացրել (ըստ Fip.am-ի՝ ընկերության միակ բաժնետերն ու տնօրենը Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Շահինյանն է), այսինքն՝ առանց մրցույթ հայտարարելու։ Թեեւ օրենսդրորեն հստակ սահմանված է, թե պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները որ դեպքում եւ երբ են իրավասու գնում իրականացնել մեկ անձից՝ առանց մրցույթ հայտարարելու, սակայն այդ իրավակարգավորումները երբեմն խեղաթյուրված են ներկայացվում։ Ի՞նչ է սահմանում «Գնումների մասին» օրենքը «Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է գնում կատարելու ընթացակարգերը, որոնց թվում է մեկ անձից գնումը։ Նույն օրենքի 23-րդ հոդվածով արդեն ամրագրված են մեկ անձից գնման ընթացակարգի պայմանները։ Ըստ այդմ, գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե`  1) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային եւ հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ.  2) արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել.  3) պատվիրատուն, որեւէ անձից կատարելով ապրանքների գնում, որոշում է սկզբնական պայմանագրում չներառված, սակայն օբյեկտիվորեն չնախատեսված հանգամանքներից ելնելով` սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած ապրանքների լրացուցիչ գնում կատարել նույն անձից, պայմանով, որ`  ա. լրացուցիչ ապրանքների պայմանագիրը հնարավոր չէ տեխնիկապես կամ տնտեսապես առանձնացնել սկզբնական պայմանագրից` առանց պատվիրատուի համար նշանակալի դժվարություն ստեղծելու, եւ  բ. դրա գինը չգերազանցի սկզբնական պայմանագրի ընդհանուր գնի 10 տոկոսը: Ընդ որում, միեւնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ, իսկ լրացուցիչ ապրանքների գինը չի կարող սահմանվել ավելի, քան նախատեսված է պայմանագրով.  4) գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը (մինչեւ 1 միլիոն ՀՀ դրամ) 5) գնումն իրականացվում է ՀՀ տարածքից դուրս: Այսինքն՝ օրենքով սահմանված է 5 պայման, որոնց առկայության դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները կարող են որեւէ ապրանք կամ ծառայություն պատվիրել առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ի հավելումն այս օրենքի՝ առկա է նաեւ գնումների գործընթացի կազմակերպման կարգի վերաբերյալ Կառավարության որոշում, որի մասին՝ հաջորդիվ։ Ո՞ր պայմանով է առաջնորդվել Երեւանի քաղաքապետարանը 2022 թվականի տարեվերջյան ասուլիսի ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով հնչող քննադատություններին, ասել է․ «Ասում են՝ էդ չգիտեի՞ն, որ Նոր տարի է գալու։ Գիտեինք, ժողովո՛ւրդ ջան, բայց մեր օրենսդրությունը մեկ անձից գնման ընթացակարգով հիմքեր նախատեսում է ոչ միայն հրատապության դեպքում, որը էս դեպքում մի փոքր, այնուամենայնիվ, եղել է, որովհետեւ կոնկրետ պահի մենք հասկացանք, որ անհրաժեշտություն կա՝ հաշվի առնելով Եվրատեսիլի միջոցառումը, որպեսզի այս երկու իրադարձությունները համընկնեն, բայց ինքնին մշակութային միջոցառման իրականացման համար նախատեսված է համապատասխան հիմք, որը իրավունք է տալիս մեկ անձից կատարել գնում»։ Հիմքը, որի մասին նշել է փոխքաղաքապետը, սահմանված է ՀՀ կառավարության 2017 թվականի N 526-Ն որոշմամբ։ Մասնավորապես, որոշման 23-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված են այն գնումները, որոնք կարող են կատարվել «Գնումների մասին» օրենքի հիշյալ 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով։  Ցանկի 33-րդ կետը սահմանում է, որ այդ գնումների թվում է մշակութային եւ (կամ) գեղարվեստաստեղծագործական միջոցառումների (բեմադրությունների, ցուցադրությունների, ցուցահանդեսների, համերգների, փառատոնների, կինոարտադրության, հեռուստահաղորդումների, ռադիոհաղորդումների արտադրության) կազմակերպման շրջանակում ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումը (բացառությամբ շինարարական աշխատանքների): Ինչպես նկատում ենք, մշակութային միջոցառումների շրջանակում ծառայությունների ձեռքբերումը թե՛ օրենսդիրը, թե՛ գործադիրը պայմանավորել են հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով, ուստի անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են այդ իրավունքները։ Հատուկ կամ բացառիկ իրավունքները կապված են հեղինակային եւ հարակից իրավունքների հետ։ Բացառիկ իրավունքը հեղինակային գույքային իրավունք է, որի էությունն այն է, որ հեղինակը կարող է ցանկացած ձեւով եւ եղանակով օգտագործել իր ստեղծագործությունը, ինչպես նաեւ թույլատրել կամ արգելել երրորդ անձանց դրանց օգտագործումը, օրինակ՝ վերարտադրումը, տարածումը, թարգմանությունը եւ այլն։ Այսինքն՝ մտավոր սեփականության օբյեկտի օգտագործումը եւ/կամ օգտագործման թույլտվությունը կամ արգելքը տալը հեղինակի բացառիկ իրավունքն է (Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին ՀՀ օրենք, հոդված 13, Քաղաքացիական օրենսգիրք, հովված 1124)։ Հատուկ իրավունքը վերաբերում է կերպարվեստի ստեղծագործություններին․ որեւէ հեղինակ իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջելու վերարտադրման կամ վերամշակման իր իրավունքն իրագործելու հնարավորություն ընձեռել իրեն, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ օրինական շահերը (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք,, հոդված 1126) Այսինքն՝ կերպարվեստի ստեղծագործության բնօրինակի (կամ օրինակի) հեղինակը կարող է հատուկ իրավունք ընձեռել մեկ այլ հեղինակի, որպեսզի վերջինս վերարտադրի կամ վերամշակի իր տվյալ ստեղծագործությունը, եթե դա չի վնասում իր օրինական շահերը։ Հասկանալի է, որ ամանորյա լուսավորության կազմակերպման գործընթացը այնպիսի ծառայություն չէ, որը կարող էր իրականացնել միայն մեկ ընկերություն՝ պայմանավորված իր հատուկ կամ բացառիկ իրավունքով (ինչպես, օրինակ, գազի մատակարարման կամ փոստային կապի ծառայության դեպքում է)։ Սա հիմնավորվում է նաեւ նրանով, որ ասուլիսի ընթացքում փոխքաղաքապետը հայտնել է, որ  իրենք այլ ընկերությունների հետ եւս բանակցել են, սակայն ընտրվել է «Սինեմարտ»-ը, քանի որ այն նշել է, որ ներգրավելու է մասնագետներ այլ երկրներից, մասնավորապես՝ Վրաստանից, որտեղ տարիներ շարունակ այդ մասշտաբի լուսավորություն իրականացվում է: Այսինքն՝ այդ մտավոր գործունեության արդյունքը (ամանորյա լուսավորությունը) հնարավոր էր ստանալ նաեւ այլ ընկերություններից, սակայն, ըստ փոխքաղաքապետի, ընտրվել է «Սինեմարտ»-ը, քանի որ իրենց համար կարեւոր է եղել, որ դա լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաեւ անվտանգ: Այսպիսով, մեկ անձից գնման ենթակա ծառայությունների ցանկում մշակութային միջոցառումների կազմակերպումը իսկապես ներառված է, սակայն իրականում դա ոչ թե ինքնին հիմք է գնումը մեկ անձից իրականացնելու համար, ինչպես փոխքաղաքապետն է նշել, այլ այդ ծառայությունը պետք է հնարավոր լինի ձեռք բերել միայն մեկ անձից՝ պայմանավորված վերջինիս հատուկ կամ բացառիկ իրավունքով, որն էլ տվյալ դեպքում առկա չէ։ Քաղաքապետարանը չի պատասխանել մեր գրավոր հարցմանը Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 7-ին, մենք գրավոր հարցմամբ դիմել ենք Երեւանի քաղաքապետարան՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին խնդրելով հայտնել՝ ՀՀ օրենսդրության, մասնավորապես, ո՞ր իրավական ակտի ո՞ր մասի ո՞ր կետով է սահմանված, որ մշակութային միջոցառման իրականացումը ինքնին հիմք է մեկ անձից գնման ընթացակարգի համար։ Եթե խոսքը ՀՀ կառավարության՝ մեր կողմից հիշատակված որոշման եւ դրա համապատասխան կետի մասին է,  խնդրել ենք հայտնել՝ ինչո՞վ է պայմանավորված եղել տվյալ ծառայությունը այլ անձից ձեռք բերելու անհնարինությունը («Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)։ Միեւնույն ժամանակ խնդրել ենք հայտնել՝ տվյալ դեպքում ինչպե՞ս է արտահայտվում մեկ անձի («Սինեմարտ» ՍՊԸ-ի) հատուկ կամ բացառիկ իրավունքը, որի առկայությունը թե՛ «Գնումների մասին» օրենքով, թե՛ Կառավարության հիշյալ որոշմամբ նախատեսված է։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է, որ գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այն դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Դեկտեմբերի 13-ին մեզ հետ կապ է հաստատել Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը՝ տեղեկացնելով, որ Սուրեն Գրիգորյանը վատառողջ է, եւ մի քանի օրվա ընթացքում կպատասխանի հարցմանը։ Մեկ շաբաթվա ընթացքում պատասխան չստանալով՝ դեկտեմբերի 20-ին զանգահարել ենք Սարդարյանին, որը հայտնել է, որ մենք կտեղեկացվենք հարցմանը մեկամսյա ժամկետում պատասխանելու մասին։ Այդպիսի գրավոր ծանուցում այդպես էլ չստանալով՝  սպասել ենք մեկամսյա ժամկետի ավարտին, սակայն պատասխան կրկին չենք ստացել։  Երեկ՝ հունվարի 9-ին, դարձյալ զանգահարել ենք Լեւոն Սարդարյանին՝ տեղեկացնելով, որ պատրաստվում ենք առաջիկա երկու օրվա ընթացքում հոդվածը հրապարակել։ Սարդարյանը խոստացել է կապ հաստատել փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, սակայն մինչ այս պահը մենք այդպես էլ փոխքաղաքապետից որեւէ պատասխան չենք ստացել։   Միլենա Խաչիկյան
20:23 - 10 հունվարի, 2023
Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին չի զեկուցել իր «Նահանջ» հրամանի մասին․ հրապարակվել է «Քիմիկների զորամաս»–ի գործով մեղադրական եզրակացությունը

Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին չի զեկուցել իր «Նահանջ» հրամանի մասին․ հրապարակվել է «Քիմիկների զորամաս»–ի գործով մեղադրական եզրակացությունը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ դատական նիստին օրերս հրապարակվել է «Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը։ Հիշեցնենք՝ վարույթը վերաբերում է ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (այսուհետ՝ ՌՔԿՊ) զորքերի 62 հոգանոց խմբի 40 զինծառայողների շրջափակման մեջ ընկնելու հանգամանքներին։  Մեղադրյալի աթոռին են ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, 56-ամյա գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը (պաշտոնից ազատվել է 2022 թ փետրվարի 24-ին), ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, 37-ամյա փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, ներկայում ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌՔԿՊ վարչության պատրաստության եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի կենսաբանական եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, 34-ամյա փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ,  43-ամյա կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նախաքննության ժամանակ 4 մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունել։  Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին չի զեկուցել նահանջ իրականացնելու իր հրամանի մասին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ (2003թ․ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մաս): Համաձայն մեղադրական եզրակացության՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ի մարտական կարգադրությամբ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զորքերի հարավային խմբավորման կազմում գործող «Մակարյան» խմբավորման հրամանատարի պաշտոնում։ Նույն օրը՝ կեսօրին՝ մարտական կարգադրությամբ նշված գործողությունները կատարելուց առաջ, նա հեռախոսազրույց է ունեցել Օնիկ Գասպարյանի հետ, որի ժամանակ քննարկել է գործողության պլանավորումը եւ ստացել բանավոր հանձնարարություն՝ մարտական գործողությունը սկսելու վերաբերյալ։  Այդ նպատակով Կապան քաղաքում գտնվող N զորամասի հրամանատարի աշխատասենյակում Մակարյանը նույն օրը երեկոյան անցկացրել է խորհրդակցություն՝ ՀՀ ԶՈՒ մի շարք բարձրաստիճան սպաների եւ Կապանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով ստեղծված ջոկատների հրամանատարների մասնակցությամբ, որի ժամանակ, ըստ մեղադրանքի, բավարարվել է միայն Կովսականում հակառակորդի զրահատեխնիկական եւ ավտոտեխնիկական միջոցների ու կենդանի ուժի կուտակման մասին թերի տեղեկությունների ստացմամբ եւ փաստացի չի պահպանել հիշյալ մարտական կարգադրության 3-րդ կետում նշված դրույթները, ըստ որոնց՝ նախքան մարտական խնդրի կատարումը անհրաժեշտ է եղել համագործակցել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հետ՝ նպատակ ունենանալով հետախուզական ԱԹՍ-ների միջոցով ստանալ տեղանքի ուսումնասիրման եւ հակառակորդի խմբավորումների կամ կուտակումների հայտնաբերման վերաբերյալ տվյալներ, որից հետո ընտրել համաչափ ուժեր եւ զինտեխնիկա։ Անդրանիկ Մակարյանը, ըստ մեղադրանքի, հիշյալ խորհրդակցության մասնակիցներին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին եւ ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ Աշոտ Ժամհարյանին, հանձնարարել է վերջիններիս ղեկավարությամբ եւ միաժամանակ իր ընդհանուր հրամանատարությամբ իրենց ենթակայությամբ գործող ստորաբաժանումներից ընտրել 50 զինծառայողներից բաղկացած 2 խմբեր՝ յուրաքանչյուրում ընդգրկելով 12 զինծառայող-հետախույզների։  Խորհրդակցության ընթացքում Մակարյանը հիշյալ 2 ստորաբաժանումների հրամանատարներին հանձնարարել է հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, «Սյունիք սովխոզ» եւ «Ներքին-Հանդ» ուղղություններով մեկնել մարտական գործողության վայր՝ Կովսական քաղաքի մերձակա տարածք, եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել ու ոչնչացնել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Ըստ հանձնարարականի՝ հրամանատարներից Արսեն Աբգարյանը իր անձնակազմով պետք է նաեւ բնագիծ զբաղեցներ Արցախի Կովսական քաղաքի մերձակայքում գտնվող «Կիրի հանք» կոչվող տարածքում, զեկուցեր այդ մասին եւ սպասեր հետագա հրահանգների։  Դրանից բացի Անդրանիկ Մակարյանը հանձնարարական է տվել Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը փաստացի զբաղեցնող պահեստազորի գնդապետ Վարդան Ալեքսանյանին՝ ուղեկցողի միջոցով կազմակերպել Արսեն Աբգարյանի խմբին դեպի «Կիրի հանք» ուղեկցելու հարցը, որից հետո իր ղեկավարության ներքո գտնվող խմբին ուղեկցել «Ներքին-Հանդ» կոչվող տեղամաս։ Սրանով, ըստ մեղադրանքի, Մակարյանը ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, որի հետեւանքով Արսեն Աբգարյանի խումբը «Կիրի հանք» հասնելու նպատակով ԱՀ Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի: Անդրանիկ Մակարյանն այդ մասին զեկուցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին եւ նրանից ստացել հանձնարարական՝ Ներքին-Հանդից ենթակա անձնակազմի հետ միասին անհապաղ մեկնել շրջափակման մեջ գտնվող Արսեն Աբգարյանի խմբին օգնություն ցուցաբերելու եւ շրջափակումից հանելու համար: Այդ նպատակով Մակարյանն իր տրամադրության տակ գտնվող խումբը բաժանել է 3 մասի՝ հանձնարարելով առջեւից ընթանալ հետախուզական խմբին: Նշված անձնակազմը ժամը 09։30-ի սահմաններում հասել է Մինջեւան տանող ճանապարհի խաչմերուկ, որից հետո Մակարյանը վերջնամասից եկող խմբին հանձնարարել է խաչմերուկում զբաղեցնել բնագիծ՝ նպատակ ունենալով կանխել հակառակորդի հավանական ներթափանցումը ՀՀ տարածք, իսկ ինքը խմբի մնացած 35-40 հոգանոց անձնակազմի հետ միասին շարունակել է ճանապարհը Կովսական քաղաքի ուղղությամբ: Ժամը 11-ի սահմաններում Մակարյանը ենթակա անձնակազմի հետ միասին հասել է Կովսական քաղաքից շուրջ 2 կմ հեռավորությամբ գտնվող տեղամաս, որտեղ, ըստ մեղադրանքի, որպես հրամանատար եւ հիշյալ գործողության կատարման անմիջական պատասխանատու, չի պահպանել ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրության մի շարք հոդվածների պահանջներ, չի կազմակերպել դետքի կազմով հետախուզական դարանակալում, ինչը հնարավորություն կտար հայտնաբերել հակառակորդի շարժման հավանական  ուղիները եւ դիվերսիոն-հետախուզական խմբին դիպուկ կրակ բացելով՝ ոչնչացնել։  Սա կատարելու փոխարեն իր եւ ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ Անդրանիկ Մակարյանը տվել է «Նահանջ» հրաման՝ հրաժարվելով օգնության շտապել եւ շրջափակումից դուրս բերել այդ պահին իր գտնվելու վայրից շուրջ 2 կմ հեռավորությամբ գտնվող Արսեն Աբգարյանի ղեկավարած խմբի անդամներին։ Արդյունքում, 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության․ խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաեւ ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է: Ըստ մեղադրական եզրակացության՝ Մակարյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին չի զեկուցել անձնակազմին «Նահանջ» հրաման արձակելու մասին եւ մինչեւ ժամը 15։30-ի սահմանները վերջինիս վստահեցրել է, որ իր ղեկավարած խմբի կազմով շարժվում է գործողությունների ծավալման շրջան՝ Արսեն Աբգարյանի խմբին օգնություն ցուցաբերելու։ Դրանից հետո միայն Գասպարյանին զեկուցել է, որ առաջ շարժվելն այլեւս նպատակահարմար չէ, եւ առաջարկել է բնագիծ զբաղեցնել եւ անցնել պաշտպանության՝ հաջորդ օրն առավոտյան խնդրի կատարումը շարունակելու պայմանով, ինչին Գասպարյանը համաձայնել է։ Մինչդեռ բնագիծ զբաղեցնելու եւ խմբի կազմով պաշտպանության անցնելու հրամանը կատարելու փոխարեն նա իր ղեկավարած ողջ խմբի կազմով նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, վերադարձել է Կապան քաղաք՝ ամբողջությամբ ձախողելով իր առջեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից դրված մարտական խնդրի կատարումը։ Անդրանիկ Մակարյանի պաշտպանը մեր զանգերին չպատասխանեց, սակայն հայտնի է, որ նա դատարանում մեղադրանքը չի ընդունել։ Ըստ մեղադրանքի՝ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի արդյունքում ուղեկցողները անձնակազմին սխալ ուղղությամբ են տարել Վարույթով մյուս մեղադրյալ, պատերազմի ժամանակ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Դրանից բացի նա մեղադրվում է ռազմական դրության պայմաններում վերադաս հրամանատարությանը հաճոյանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ (2003 թ․ ՔՕ–ի 375-րդ հոդվածի 4-րդ մաս, 376-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Աբգարյանի մեղադրանքի առաջին դրվագը վերաբերում է Անդրանիկ Մակարյանի անցկացրած հիշյալ խորհրդակցությանը, որին նա, ինչպես արդեն նշվեց, մասնակցել է։ Խորհրդակցության ժամանակ Աբգարյանին հանձնարարվել է ուղեկցողի մատնանշած երթուղու միջոցով կազմակերպել անձնակազմին Կերեն գյուղում ժամանակավորապես տեղակայված ոստիկանական հենակետ հասցնելը, որից հետո իջնել եւ ոտքով շուրջ 2 կմ առաջանալ դեպի Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» կոչվող տարածք՝ սպասելով հետագա հրահանգներին: Ըստ մեղադրանքի՝ իրենց երթուղին եւ վերջնակետի վայրը ուղեկցողների հետ քննարկելու եւ այդ տեղեկությունը նրանց հասու լինելու հանգամանքը պարզելու փոխարեն Արսեն Աբգարյանն անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ՝ հետամուտ չի եղել եւ ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել մարտական կանոնադրության մի շարք պահանջներ, չի իրականացրել ավագ պետի առաջադրած խնդրի ճիշտ պարզաբանում, ընդունված որոշման հաստատակամ կենսագործման ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել, ինչի հետեւանքով ուղեկցողներ Համբարձում Փարամազյանը եւ Սյունիք սովխոզի ինքնապաշտպանական ջոկատի կամավորական Արման Նուրիջանյանը ճիշտ չեն ընկալել անձնակազմին նախանշված վայր հասցնելու հանգամանքը։ Արդյունքում, ուղեկցող Արման Նուրիջանյանը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի ղեկավարած խմբին ոստիկանական վերոնշյալ հենակետի մոտ իջեցնելու եւ այնտեղից «Կիրի հանք» կոչվող տարածք ոտքով ուղեկցելու փոխարեն անձնակազմին ուղեկցել է մինչեւ Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ անձնակազմն ընկել է վերը նկարագրված շրջափակման մեջ՝ անհավասար մարտի պայմաններում տալով զոհեր եւ վիրավորներ։ Արսեն Աբգարյանի մեղադրանքի մյուս դրվագը վերաբերում է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը առերեւույթ կոծկելուն։ Մասնավորապես, Աբգարյանը 2020 թ․ հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ N զորամասի 146 զինծառայողների, այդ թվում՝ պայմանագրային զինծառայող, ենթասպա Գեւորգ Նշանյանի հետ միասին մեկնել է Ագարակ քաղաքում տեղակայված զորամասի մշտական տեղակայման վայր: Օրեր անց՝ հոկտեմբերի 11-ին, Գեւորգ Նշանյանը դիմել է Արսեն Աբգարյանին՝ խնդրելով թույլատրել մեկնել ՀՀ մարզերի դիահերձարաններ՝ պատերազմական գործողությունների հետեւանքով զոհված ազգականի՝ Գեղամ Էդուարդի Մեսրոպյանի դին գտնելու եւ հուղարկավորելու համար։ Արսեն Աբգարյանը, ըստ մեղադրանքի, իր վերադաս ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վարդան Նշանյանին հաճոյանալու եւ նրա վստահությունը շահելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը եւ նույն օրը ենթասպա Գեւորգ Նշանյանին թույլատրել է դուրս գալ զորամասի մշտական տեղակայման վայրից՝ նշված փաստը որեւէ կերպ չհրամանագրելով։  Դրանից հետո, ըստ մեղադրանքի, տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող մայոր Սարգիս Կուլակչյանի միջոցով զորամասի համալրման բաժանմունքի պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին հանձնարարել է Գեւորգ Նշանյանին հետագայում հրամանագրել որպես զորամասի հիմնական կազմի այլ զինծառայողների հետ մարտական ծառայությունից հերթափոխով զորամաս վերադարձած զինծառայողի։ Արսեն Աբգարյանը նույնպես դատարանում մեղադրանքը չի ընդունել։ Նրա պաշտպանից, սակայն, մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, քանի որ նախորդ դատական նիստին վերջինս փոխվել է, եւ այս պահին մեզ հայտնի չէ նոր պաշտպանի անունը։ Սարգիս Կուլակչյանի ցուցումի հետեւանքով, ըստ մեղադրանքի, խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Սարգիս Կուլակչյանի մեղադրանքը վերաբերում է միայն Գեւորգ Նշանյանի դրվագին․ նա մեղադրվում է Արսեն Աբգարյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն օժանդակելու մեջ (2003 թ․ ՔՕ–ի 38-375-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Ըստ մեղադրանքի՝ Էլլադա Հարութունյանը Սարգիս Կուլակչյանի ցուցումով 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Գեւորգ Նշանյանին հրամանագրել է որպես զորամասի հիմնական կազմի թվով 16 այլ զինծառայողների հետ մարտական ծառայությունից զորամաս վերադարձած զինծառայողի, որի հետեւանքով ամբողջությամբ չեն կատարվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հոկտեմբերի 7-ի մարտական կարգադրության պահանջները, խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը եւ զորամասի առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծումը, ինչն էլ իր հերթին էական վնաս է պատճառել ծառայության բնականոն շահերին։ Մեր զրույցում Կուլակչյանի պաշտպան Մարտին Մարտիկյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը դատարանում մեղքը չի ընդունել։ Ըստ նրա՝ Կուլակչյանի մեղադրանքը իրավաբանորեն պարզ չէ, այդ թվում՝ այն առումով, թե ինչ եղանակով է նա օժանդակել հրամանատարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։ Ըստ մեղադրանքի՝ Էլլադա Հարությունյանը պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություն է ներառել ՌՔԿՊ զորքերի պետ Վարդան Նշանյանի որդու մասին ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանի մեղադրանքը եւս վերաբերում է միայն Գեւորգ Նշանյանի դրվագին․ նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (2003 թ․ ՔՕ–ի 314-րդ հոդվածի 1-ին մաս) Համաձայն մեղադրական եզրակացության՝ զորամասի մշտական տեղկայման վայրը լքելուց օրեր անց՝ հոկտեմբերի 16-ին, Էլլադա Հարությունյանը զորամասում հանդիպել է նրան եւ հետաքրքրվել վերադառնալու պատճառների մասին: Այդ ժամանակ պարզել է, որ վերջինս պատերազմական գործողության հետեւանքով զոհված հարազատի դին ՀՀ մարզերի   դիահերձարաններում փնտրելու եւ այն հուղարկավորելու նպատակով զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի թույլտվությամբ է վերադարձել, որի մասին տեղյակ է եղել նաեւ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող, մայոր Սարգիս Կուլակչյանը: Նույն օրը Էլլադա Հարությունյանը Գեւորգ Նշանյանին որպես ՀՀ ՊՆ N զորամասի մշտական տեղակայման վայր վերադարձած զինծառայող հրամանագրելու հարցը պարզելու նպատակով դիմել է մայոր Սարգիս Կուլակչյանին, որը, խոսելով զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի հետ, Էլլադա Հարությունյանին փոխանցել է վերջինիս հանձնարարությունը, որ պետք է սպասել, որեւէ գործողություն չձեռնարկել։  Դրանից մի քանի օր անց էլ՝ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին, մայոր Սարգիս Կուլակչյանը Էլլադա Հարությունյանին հանձնարարել է Գեւորգ Նշանյանին հրամանագրել որպես հիմնական անձնակազմի հետ մարտական ծառայությունից վերադարձած զինծառայողի, որից հետո Հարությունյանը զորամասի հրամանատարի հրամանների հրամանագրքում կատարել է իրականությանը չհամապատասխանող՝ ակնհայտ կեղծ գրառում առ այն, որ Գեւորգ Նշանյանը զորամասի մշտական տեղակայման վայր է վերադարձել 2020 թվականի հոկտեմբերի 24-ին՝ զորամասի հիմնական անձնակազմի հետ միասին։  Էլլադա Հարությունյանը եւս առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Մեր զրույցում նա պատմեց, որ դատարանում հայտնել է, որ ինքը որեւէ կեղծիք չի արել․ «Ես տեղյակ չեմ եղել, որ հոկտեմբերի 11-ից Նշանյանը գտնվել է Էջմիածնում, նրան պատահական տեսել եմ հոկտեմբերի 16-ին ու ինձ  ոչ մի հանձնարարական չի տրվել, ինչպես իրենք են ցուցմունքներում ասում, ես ինքս եմ հարց բարձրաձայնել, թե ի՞նչ գործ ունես դու այստեղ կամ սա օրինակա՞ն է, պե՞տք է հաշվառվի թե՞ ոչ»։  Հարությունյանի խոսքով՝ ի պաշտոնե ցուցմունք տալու համար իրեն ստիպել են ընդհուպ մինչեւ զեկուցագիր գրել ու ազատվել  պաշտոնից, որը ինքը արել է․ «Եվ բաժինը հանձնելիս Գեւորգի կողմից տրված ոչ մի զեկուցագիր չի եղել, ըստ որի՝ ինքը զեկուցագրով է Կապանից ներկայացել, ինչը որ Քննչականում իմ առաջ դրվեց, եթե լիներ նման փաստաթուղթ, էդտեղ կլիներ իմ եւ Կուլակչյանի ստորագրությունը, նման փաստաթուղթ մենք չենք տեսել, հիմք չենք ունեցել հրամանագրելու, եթե հրամանագրեի, էլի պատժի կենթարկվեի, որովհետեւ ես պետք է հիմնավորեի դա որպես համալրման բաժնի պետ․․․ Ես ամեն օր տողանները ստուգել եմ, Գեւորգը ներկա չի եղել զորամասում, իսկ հետագայում էլ՝ դեկտեմբեր ամսին, զորամասի հրամանատարի կողմից ստացել է 160 հզ դրամ խրախուսանք մարտական գործողություններին մասնակցելու համար»,– նշեց Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ արդարությունը կվերականգնվի։   Միլենա Խաչիկյան
17:54 - 06 հունվարի, 2023
Փնտրվում են գիտության 2022 թ․ ֆինանսավորման 10%-ն ու դրա բացակայության պատասխանատուն

Փնտրվում են գիտության 2022 թ․ ֆինանսավորման 10%-ն ու դրա բացակայության պատասխանատուն

Հայաստանի այս տարվա բյուջեում նշված էր, որ  գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումներից մեկի շրջանակում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման համար ԵՄ-ն պետք է 2,5 միլիարդ դրամ հատկացներ։ ԵՄ դրամական միջոցները, սակայն, հասանելի չեն եղել, ինչի պատճառով միջոցառումը փաստացի չի իրականացվել։ Ո՛չ վարչապետի աշխատակազմը, ո՛չ ԿԳՄՍ կամ ֆինանսների նախարարությունները չունեն այն հարցի պատասխանը, թե ինչու միջոցառման ֆինանսավորումը չի իրականացվել։ Քանի որ նշված միջոցառումը ներառված էր բյուջեի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրում, որի արժեքն ավելի քան 25 միլիարդ 155 միլիոն դրամ է, ստացվում է, որ ծրագրի համար հատկացվել է ավելի քիչ՝ ավելի քան 22 միլիարդ 650 միլիոն դրամ։   Գիտկոմը տեղյակ չէ՝ միջոցառումն ինչու չի ֆինանսավորվել 2022 թ․ պետական բյուջեում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար պետք է հատկացվեր ավելի քան 25 միլիարդ 150 միլիոն դրամ (տե՛ս բյուջեի 2-րդ հավելված, 1162-րդ տող)։ Ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներից են գիտական ենթակառուցվածքի արդիականացումը,  գիտական և գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտությունները և այլն։ Ծրագրի 11017 միջոցառումը կոչվում է «ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծում»։ Միջոցառման շրջանակում պետք է իրականացվեին գիտական գերազանցության կենտրոնների ստեղծում, համալրում, զարգացում, գիտական սարքավորումների և հետազոտական ենթակառուցվածքների արդիականացում։ Այս ամենի իրականացման համար Եվրամիությունը (ԵՄ) պետք է տրամադրեր 2,5 միլիարդ դրամ։ Մենք հոկտեմբերի 19-ին գրավոր հարցում էինք ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)՝ խնդրելով հայտնել հետևյալը․ նշված միջոցառման շրջանակում գերազանցության քանի՞ կենտրոն է ստեղծվելու, որտե՞ղ և ի՞նչ ժամկետներում,  որքա՞ն գումար է հատկացվելու այդ կենտրոնների ստեղծման համար, որքա՞ն գումար է հատկացվելու գերազանցության կենտրոնների համալրման և զարգացման համար, միջոցառման շրջանակում գիտական ի՞նչ սարքավորումներ են ձեռք բերվելու, ի՞նչ ժամկետներում, հետազոտական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ կոնկրետ ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու և գիտական ո՞ր հաստատություններում, ինչպես նաև այդ նպատակով որքա՞ն գումար է հատկացվելու։ Հարցման պատասխանը ստացանք ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեից։ Կոմիտեն նշել էր հետևյալը․ «2021-2026 թթ. միջոցառումների ծրագրի 27.1 կետով նախատեսված է 2022-2026 թթ․ ընթացքում գիտական կենտրոնները համալրել տարեկան 4-6 գիտական խոշոր սարքավորումներով, այդ թվում՝ նաև ԵՄ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի համաձայն՝ 2022 թ․ համար նախատեսված էր 3 միլիարդ 580 միլիոն ՀՀ դրամ, որի մի մասը՝ 2 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամ, համաձայն ՀՀ պետական բյուջեի 1162 ծրագրի 11017 միջոցառման, նախատեսվում էր տրամադրել նշված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Նախատեսված դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, հետևաբար ծրագիրն այդ մասով չի իրականացվել»։ Գիտկոմից հավելել են, որ բազային ֆինանսավորման 11002 միջոցառման շրջանակներում կազմակերպվել և ամփոփվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը, որի արդյունքում 2 միլիարդ 933 միլիոն դրամ է հատկացվել 15 գիտական կազմակերպության՝ 28 հայտով ներկայացված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար։ Կոմիտեն, սակայն, չի տիրապետում տվյալների, թե ինչու չի ֆինանսավորվել 11017 միջոցառումը։   Վարչապետի աշխատակազմը վերահասցեագրում է Ֆիննախ, Ֆիննախը՝ փոխվարչապետի աշխատակազմ Մենք նոյեմբերի 22-ին հարցմամբ դիմեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել հետևյալ հարցերը․ ի՞նչ պատճառներով ԵՄ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, ԵՄ-ն միջոցները ՀՀ-ին չի՞ տրամադրել, թե՞  տրամադրել է, սակայն ՀՀ կառավարությունը որոշել է դրանք այլ ուղղությամբ  ծախսել, ինչո՞ւ է նշված միջոցառումը ներառվել ՀՀ պետական բյուջեում, եթե ՀՀ  կառավարությունը չէր կարողանալու ապահովել ԵՄ դրամաշնորհային  միջոցների հասանելիությունը, արդյո՞ք ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիրն ի  վերջո հասանելի լինելու է 11017 միջոցառումն իրականացնելու համար,  եթե դրամաշնորհային ծրագրի միջոցները հասանելի չեն լինելու, ի՞նչ միջոցներով է իրականացվելու 11017 միջոցառումը։ Վարչապետի աշխատակազմից հարցումը վերահասցեագրվել էր Ֆինանսների նախարարություն, որտեղից էլ դեկտեմբերի 13-ին պատասխան ստացանք։ Ինչպես նախորդ երկու դեպքերում, այս անգամ էլ մեր հարցի պատասխանը բացակայում էր։ «Դրամաշնորհային միջոցների ներգրավման ուղղությամբ Եվրոպական միության հետ աշխատանքները տարվում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից, իսկ պետական բյուջեում ներառված՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող առանձին ծրագրերի առաջարկները ներկայացվել են համապատասխան ճյուղային նախարարությունների կողմից: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից աշխատանքներ են տարվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ՝ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված ծրագրերի, ընթացիկ և առաջիկա տարիներին ԵՄ-ի կողմից դրամաշնորհային ֆինանսավորման ենթակա առաջնահերթ ուղղությունների համապատասխանեցման և հստակեցման ուղղությամբ»:   Արդյո՞ք հարցի հասցեատերն, այնուամենայնիվ, ԿԳՄՍՆ-ն է Ֆիննախից մեզ առաջարկել էին դիմել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Այս թեմայով արդեն երրորդ հարցումը դեկտեմբերի 13-ին ուղարկեցինք փոխվարչապետի գրասենյակ։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից էլ պատասխաեցին, որ հարցումը վերահասցեագրվել է  ԿԳՄՍՆ՝ «հաշվի առնելով, որ նշված ծրագիրը գտնվում է նախարարության համակարգման ոլորտում»: Հիշեցնենք, որ մենք հարցումն ի սկզբանե ուղարկել էինք հենց ԿԳՄՍՆ, որտեղից մեր հարցի պատասխանը չէինք ստացել։ Այժմ սպասում ենք ԿԳՄՍՆ նոր պատասխանին, որը ստանալուն պես կհրապարակենք։ Այսպիսով, պետական գերատեսչությունները չունեն այն հարցի պատասխանը, թե ինչու ԵՄ-ն  չի ֆինանսավորել գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի 11017 միջոցառումը, որի արժեքը 2,5 միլիարդ դրամ է, այսինքն՝ ծրագրի համար նախատեսված ավելի քան 25 միլիարդ 155 միլիոն դրամի մոտ 10%-ը։   Աննա Սահակյան
16:49 - 30 դեկտեմբերի, 2022
«Բնապահպանական ակցիաներին»  մասնակցող ևս մի կառույց է փոխկապակցված Ադրբեջանի իշխանությունների հետ

«Բնապահպանական ակցիաներին» մասնակցող ևս մի կառույց է փոխկապակցված Ադրբեջանի իշխանությունների հետ

Արդեն 10-րդ օրն է, ինչ ադրբեջանցի «բնապահպանները» շարունակում են իրենց «ակցիան» Լաչինի միջանցքում։ Կտրված է Արցախի կապը Հայաստանի հետ, Արցախում որոշ մթերքների պակաս կա, իսկ Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիները չեն կարողանում տուն վերադառնալ։ Մի քանի օր առաջ մենք անդրադարձել էինք «բնապահպանական ակցիաներին» մասնակցող  «Տարածաշրջանային զարգացում» հասարակական կազմակերպությանը, որը փոխկապակցված է Հեյդար Ալիևի հիմնադրամին։ Այժմ կպատմենք «Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միության» մասին, որի կամավորները ևս մասնակցում են «բնապահպանական ակցիաներին»։ Միության կամավորները կապույտ բաճկոններով են (լուսանկարը՝ Trend-ի) Այս միությունը ստեղծվել է 2020 թվականին, ինչպես իրենք են նշում, «Ադրբեջանում կամավորական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»։ Միության հրապարակումներից, իրականացրած միջոցառումների բովանդակությունից ու որոշ անդամների գրառումներից պարզ է դառնում, որ այն պրոիշխանական դիրքորոշում ունի։ Միության նախագահը Յուսիֆ Վալիևն է, որը Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի վարչության պետն է և ակտիվ մասնակցում է Լաչինի միջանցքում անցկացվող «ակցիաներին»։ Տնօրենների խորհրդում է Էլնուր Քալանթարովը, որը Ադրբեջանի Միգրացիոն պետական  ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետն է։ Միության անդամներից է Բախտիար Ռագիմովը, որի ֆեյսբուքյան էջից միանգամից հասկացվում է, որ նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համակիրն է։ Յուսիֆ Վալիևը՝ «բնապահպանական ակցիայի» ժամանակ Միության իրականացրած ծրագրերից մեկը կոչվում է «Վերադարձ կամավորներ»։ Ծրագրի մասին խոսելիս միությունը նշում է, որ «իրենց բանակը գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի գլխավորությամբ հաղթել է Հայրենական պատերազմում, և վերադարձվել են իրենց հողերը»։ Իսկ ծրագրի նպատակն է «աջակցել օկուպացիայից ազատագրված տարածքներում կամավորական գործունեությանը»։  Ինչպես «Տարածաշրջանային զարգացում» ՀԿ-ն, «Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միությունը» ևս առանձնահատուկ վերաբերմունք ունի Արդբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հանդեպ․ միության կամավորները հարգանքի տուրք են մատուցում Հեյդար Ալիևի հիշատակին, այցելում Հեյդար Ալիևի կենտրոն։  Իսկ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևն այս տարի կոչ է հղել Ադրբեջանցի կամավորների 5-րդ համերաշխության ֆորումի մասնակիցներին։ Այս ֆորումն անցկացվել է «Ադրբեջանի կամավորական շաբաթ 2022»-ի շրջանակներում, որը կազմակերպել է հենց «Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միությունը»։ Կամավորական շաբաթի կազմակերպմանն աջակցել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը։ Նույն միջոցառման շրջանակում կամավորներն այցելել են Ադրբեջանի «Ռազմավարի պուրակ», որտեղ հնչեցրել են հետևյալ կոչերը՝ «Ղարաբաղն Ադրբեջան է», «Կեցցե Գերագույն գլխավոր հրամանատարը»։  Այպիսով, «բնապահպանական ակցիաներին» մասնակցող ևս մի կառույց է փոխկապակցված Ադրբեջանի իշխանություններին։   Գլխավոր լուսանկարը՝ «Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միության» ֆեյսբուքյան էջից Աննա Սահակյան
18:58 - 21 դեկտեմբերի, 2022