ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից. ԱԳՆ հայտարարությունը

Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից. ԱԳՆ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանական Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, չխոչընդոտել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որի համաձայն, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկվող զինված սադրանքները կրում են ամենօրյա բնույթ: «Դեկտեմբերի 10-ին նման մի սադրանքի հետևանքով զոհվել է Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Վահե Վաղարշակի Մանասերյանը, ևս ութ զինծառայողներ վիրավորվել են:Խորին ցավակցություն հայտնելով զոհված զինծառայողի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորված զինծառայողներին` Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները և արձանագրում, որ դրանք կրում են պլանավորված բնույթ և տարածաշրջանում իրադրությունը շարունակաբար սրելու նպատակ ունեն:Այս արձանագրումը հենվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանը շարունակաբար զարգացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անհեթեթ հռետորաբանությունը, ինչը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին, նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորում է:Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս.թ. մայիսից ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք: Այսօրվա միջադեպը տեղի է ունեցել օկուպացված այդպիսի հատվածներից մեկում:Մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել զորքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի Հանրապետության առաջարկին, որը նոյեմբերի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցվել նաև գրավոր:Հայաստանի Հանրապետությունը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է վերը շարադրված փաստերի, ինչպես նաև այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանական Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, չխոչընդոտել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկումը:
21:54 - 10 դեկտեմբերի, 2021
Խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության ձևավորմանը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության ձևավորմանը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրավերով Մոսկվայում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքների հարգման և ներգրավման անհրաժեշտության վրա։
20:27 - 10 դեկտեմբերի, 2021
Արցախում պատերազմից մեկ տարի անց Փարիզն իր համերաշխությունն է հայտնում հայերիս. Միրզոյանը՝ Փարիզում Հայաստանի էսպլանադի բացմանը

Արցախում պատերազմից մեկ տարի անց Փարիզն իր համերաշխությունն է հայտնում հայերիս. Միրզոյանը՝ Փարիզում Հայաստանի էսպլանադի բացմանը

Այստեղ՝ Փարիզի սրտում, մեր բարեկամ ֆրանսիացի ժողովուրդը հերթական անգամ մեծարում է հայտնում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Այս իրադարձությունն առավել քան խորհրդանշական է․ Արցախում արյունալի և հյուծիչ պատերազմից մեկ տարի անց մայրաքաղաք Փարիզն իր համերաշխությունն է հայտնում մեզ՝ հայերիս՝ հայ-ֆրանսիական բարեկամության հերթական լուսավոր էջը բացելով մեր առանձնաշնորհյալ հարաբերությունների պատմությունում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Փարիզում Հայաստանի էսպլանադի դեկտեմբերի 10-ին կայացած բացման արարողությանը, որին մասնակցել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն՝  միջոցառմանը ներկա են գտնվել պատգամավորներ, սենատորեներ, պաշտոնյաներ, մտավորականներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ:  Բացման արարողությանը նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Մեծարգո՛ տիկին քաղաքապետ, սիրելի Անն Իդալգո, Սիրելի՛ հյուրեր, բարեկամներ, Այսօր ինձ պատիվ է ընձեռնվել՝ ներկա գտնվելու պատմական այս իրադարձությանը՝ Հայաստանի էսպլանադի բացման հուզիչ և, միևնույն ժամանակ, գոտեպնդող արարողությանը։ Այստեղ՝ Փարիզի սրտում, մեր բարեկամ ֆրանսիացի ժողովուրդը հերթական անգամ մեծարում է հայտնում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Այս իրադարձությունն առավել քան խորհրդանշական է․ Արցախում արյունալի և հյուծիչ պատերազմից մեկ տարի անց մայրաքաղաք Փարիզն իր համերաշխությունն է հայտնում մեզ՝ հայերիս՝ հայ-ֆրանսիական բարեկամության հերթական լուսավոր էջը բացելով մեր առանձնաշնորհյալ հարաբերությունների պատմությունում։ Հայաստանի ու հայ ժողովրդի կապերը մայրաքաղաք Փարիզի հետ դարերի պատմություն ունեն և հարուստ են համագործակցության ու պատմական առնչությունների բազմաթիվ դրվագներով։ Դրանք սկիզբ են առնում դեռևս Կիլիկյան Հայաստանի թագավորության ժամանակաշրջանից և շարունակություն գտնում հաջորդ դարերում, երբ հայ առևտրականներն աշխույժ կապեր են ստեղծում Ֆրանսիայի մայրաքաղաքի հետ՝ ամրապնդելով արևելյան քրիստոնեական համայնքների և Եվրոպայի կենտրոնի միջև քաղաքական ու մշակութային կապերը։ Խորհրդանշական է, որ Փարիզի արվարձաններից մեկում գտնվող տաճարներից մեկում է հանգչում հայոց վերջին արքան՝ Լևոն 6-րդը։ Փարիզի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում մեծացավ հատկապես 20-րդ դարի սկզբին, երբ Հայոց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր և նրանց սերունդներ Փարիզում և նրա շրջակայքում ձևավորեցին ֆրանսահայ ստվար  համայնք՝ իրենց ներդրումն ունենալով նաև այս հիանալի քաղաքի զարգացման գործում։   Մենք չենք մոռանում, որ հենց Փարիզը դարձավ այն միջազգային կենտրոններից մեկը, որտեղ բազմաթիվ հայ գաղթականներ ու ականավոր մշակութային գործիչներ ապաստան գտան ու նոր կյանքի հնարավորություն ստացան։ Այստեղ՝ Փարիզում, փարիզցիների ջերմ հյուրընկալության պայմաններում ապրել և ստեղծագործել են մեծանուն ֆրանսահայեր Շառլ Ազնավուրը, Միսակ Մանուշյանը, Միշել Լեգրանը, Անրի Տրուայան, Անրի Վեռնոյը, Ժանսեմը, Գառզուն, Զաբել Եսայանը, Շավարշ և Արփիկ Միսակյանները և ուրիշներ։  Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո Փարիզում է ապաստան գտել և գործունեություն ծավալել Հայաստանի վտարանդի կառավարությունը։ Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանում են հանգչում Առաջին Հարապետության հիմնադիր հայրերից մի քանիսը՝ Ահարոնյանը, Խատիսյանը, Տեր-Մինասյանը և այլք։  Փարիզի հետ ջերմ բարեկամության ամենաակտիվ շրջանը կապված է Հայաստանի անկախության երեք տասնամյակների հետ, երբ Երևանի ու Փարիզի միջև ձևավորվեց շատ սերտ ու ընդգրկուն համագործակցություն: Այդ համագործակցության՝ վերջին տարիների ամենաշոշափելի ձեռքբերումներից մեկը հայկական Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փարիզյան մասնաճյուղի բացումն էր, ինչը գործող քաղաքապետ տիկին Իդալգոյի նախաձեռնությունն էր և կյանքի կոչվեց իր հետևողական ջանքերի շնորհիվ։  Սիրելի՛ բարեկամներ, Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ, Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից սկսած, Փարիզն ու փարիզցիները մշտապես Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին են եղել և ուղեկցել ու սատարել են մեզ նույնիսկ ամենածանր պահերին։ Այս համատեքստում կցանկանայի հիշել և հիշեցնել ևս մեկ պատմական դրվագ, որը շատ խոսուն է այսօրվա մեր միջոցառման համատեքստում։ 1980-ական թվականների վերջին, երբ ղարաբաղյան շարժումը նոր էր մեկնարկել և օրեցօր ավելի էր ուժգնանում, Փարիզ քաղաքն այն եզակի միջազգային կենտրոններից էր, որն իր հանրային ուշադրությամբ պաշտպանության տակ վերցրեց այդ անկախական շարժման ղեկավարներին։ Փարիզի այն ժամանակվա քաղաքապետ Ժակ Շիրակը հյուրընկալեց Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու համար պայքարող ՝ «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդներին՝ ի աջակցություն հայ ժողովրդի նվիրական ձգտումների։  Մեծ է եղել Փարիզի քաղաքական և մարդասիրական աջակցությունը արցախահայության արդարացի ձգտումներին նաև հետագայում։ Այս տեսանկյունից առանցքային նշանակություն ուներ նախորդ տարի՝ Արցախում արյունալի պատերազմում հրադադարից օրեր անց, Փարիզի քաղաքային խորհրդի կողմից քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևը, որն արցախահայությանը սպառնացող ֆիզիկական ոչնչացման և էթնիկ զտումների վերաբերյալ հստակ ահազանգ էր՝ ուղղված ինչպես ֆրանսիական հասարակությանը, այնպես էլ՝ ողջ միջազգային հանրությանը։ Մենք բարձր ենք գնահատում այդ մարդասիրական և քաղաքական քայլը, որը ոգևորությամբ ընդունվեց նաև հայ հասարակության լայն շրջանակների կողմից։ Մեծարգո՛ տիկին քաղաքապետ,  Վստահ եղեք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ձեր անկեղծ բարեկամությունն ու նվիրվածությունը։ Հայաստանի Հանրապետության անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում տարիներ շարունակ մեր կողքին լինելու և մեր վիշտն ու ուրախությունը կիսելու համար։ Մենք առանձնահատուկ ջերմությամբ ենք հիշում Ձեր բոլոր այցերը Հայաստան, և վստահ եղեք, որ, այսօր էլ և ընդմիշտ, Դուք մշտապես սպասված եք Հայաստանում՝ թե՛ որպես գործընկեր և թե՛ որպես հարազատ ու հավատարիմ բարեկամ։ Ձեր շնորհիվ այսօր Փարիզի հետ մեր բազմադարյա հարաբերությունների պատմությունը հարստանում է ևս մեկ, բայց իր բնույթով շատ կարևոր ու խորհրդանշական նոր դրվագով՝ Հայաստանի էսպլանադի բացման հանգամանքով, որը մեկ տարածքի մեջ է հյուրընկալելու Կոմիտաս վարդապետի արձանը և Երևանի այգին։ Այս կապակցությամբ կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Փարիզի փոխքաղաքապետ պարոն Առնո Նգաչային՝ նախագծին հետամուտ լինելու համար, ինչպես նաև Փարիզի 8-րդ թաղամասի ղեկավար տիկին Ժան դ’Օտըսերին այս հարցում ցուցաբերած աջակցության համար։ Եվ վերջապես, շնորհակալություն եմ հայտնում Փարիզի քաղաքային խորհրդի բոլոր անդամներին՝ այս պատմական որոշումը միաձայն սատարելու համար:  Հարգելի՛ բարեկամներ, հյուրեր և հայրենակիցներ,  Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել մեզ բոլորիս՝ Փարիզի սրտում հայկական այս նոր ու գեղեցիկ անկյունի ստեղծման՝ Հայաստանի Էսպլանադի բացման կապակցությամբ։ Այս առիթով իմ մաղթանքը մեկն է՝ խաղաղություն ու բարեկեցություն հայ և ֆրանսիացի ժողովուրդներին և հարատև կյանք հայ-ֆրանսիական անխախտ բարեկամությանը։  Կեցցե՜ն Հայաստանն ու Ֆրանսիան, կեցցե՜ն Երևանն ու Փարիզը, կեցցե՜ մեր ժողովուրդների միջև բարեկամությունը»։
18:43 - 10 դեկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը»

ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը»

Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը։ Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հայկական պատվիրակությունում ընդգրկված էին նաև տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների փոխնախարարները,  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականը և այլ պաշտոնատար անձինք։ Իր խոսքում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Լըմուանին՝ ջերմ հյուրընկալության և արդյունավետ քննարկումների կազմակերպմանն օժանդակելու համար՝ ընդգծելով, որ համատեղ նիստի անցկացումը շուրջ մեկ տարի տևած երկկողմ հետևողական աշխատանքի և երկու երկրների ղեկավարների մակարդակով ներդրված ջանքերի և ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է:  Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նպատակամղված աշխատանքներ տանել՝ կյանքի կոչելու երկու երկրների բարձրագույն ղեկավարության պայմանավորվածությունները տնտեսական հարաբերությունների շեշտակի ակտիվացման ուղղությամբ, ինչը կհամապատասխանի Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների մակարդակին։ Քննարկումների ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը, համագործակցությունը տնտեսական նոր ծրագրերով հարստացնելու անհրաժեշտությունը և փոխադարձ ներդրումների աշխուժացումը։ Զրուցակիցները նշել են նաև Ֆրանսիայի և Հայաստանի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ պատվիրակությունների փոխայցելությունների և տնտեսական միջոցառումների կազմակերպման միջոցով։ Ընդգծվել է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության ընթացիկ գործունեությունը Հայաստանում և կարևորվել նոր ծրագրերի իրականացումը։ Նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Լըմուանը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը»։ Փաստաթղթի հիմնական նպատակն է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստեղծել առաջիկա հինգ տարիների համար նախատեսվող երկկողմ տնտեսական ծրագրերի ռազմավարություն ու համագործակցության շրջանակը, որը ընդգրկելու է ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և հեռանկարային այլ ոլորտներ:
21:07 - 09 դեկտեմբերի, 2021
Հայաստանն իրապես հավատարիմ է ցեղասպանության կանխարգելման համաշխարհային ջանքերին. ՀՀ ԱԳ փոխնախարար Գևորգյան

Հայաստանն իրապես հավատարիմ է ցեղասպանության կանխարգելման համաշխարհային ջանքերին. ՀՀ ԱԳ փոխնախարար Գևորգյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթ է ունեցել «Կրթության դերը ցեղասպանության ժխտման դեմ պայքարում» վերնագրով առցանց քննարկմանը՝ նշելով, որ որպես միջազգային հանրության անդամ՝ Հայաստանն իրապես հավատարիմ է ցեղասպանության կանխարգելման համաշխարհային ջանքերին: Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների վերաբերյալ արդյունավետ ուսուցմանը և կրթությանն ուղղված հավաքական ջանքերը կարող են դառնալ նմանատիպ գործողությունների կանխարգելման հիմնական բաղադրիչ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ ձեզ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի կողմից կազմակերպված առցանց քննարկմանը` նվիրված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան:  2015 թվականից ի վեր Հայաստանի նախաձեռնությամբ հաստատված Դեկտեմբերի 9-ի միջազգային օրը ծառայում է որպես ներառական հարթակ, որը միավորում է կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, ակադեմիական համայնքին և քաղաքացիական հասարակությանը՝ «Այլևս երբեք» խոստումը կատարելուն միտված մեթոդների շուրջ խորհելու նպատակով: Հայաստանը (հայ ժողովուրդը), որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, երկար տարիներ եղել է միջազգային ասպարեզում այս հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկը և հետևողականորեն ընդգծել է ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում զանգվածային հանցագործությունների տանող նախազգուշացնող նշանների բացահայտման և դրանց դեմ գործելու կարողությունների հզորացման կարևորությունը: Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ցեղասպանության կանխարգելման գործիքների շարքում կրթությունն ամենահզոր եզակի գործիքն է, որն արդիական է ինչպես երբևէ, մասնավորապես՝ ապատեղեկատվության, հրահրող հռետորաբանության և ատելության խոսքի միտումների անհանգստացնող աճի ֆոնին: 2018 թվականի դեկտեմբերի 9-ից 11-ը Հայաստանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումը, որը նվիրված էր կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության կանխարգելմանը։ Այս ֆորումի կարևորագույն նպատակներից էր ուսումնասիրել ցեղասպանությունների կանխարգելման հիմնախնդիրները կրթության և գիտության միջոցով, բարձրացնել իրազեկվածությունը ցեղասպանության մասին կրթության մարտահրավերների վերաբերյալ և քննարկել ձեռնարկվելիք քայլերն ու արդյունավետ մեթոդներն այդ մարտահրավերներին դիմակայելու համար: Նախկինում իրագործված ցեղասպանությունների վերաբերյալ ուսուցման կարևորությունն ընդգծվել է նաև ցեղասպանությունների կանխարգելման մասին Հայաստանի կողմից ներկայացված և Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2020թ․ հունիսին միաձայն ընդունված բանաձևում։ Բանաձևում ընդգծվում է նախկինում իրագործված ցեղասպանություններին առնչվող ապացույցների և արխիվային նյութերի պահպանման անհրաժեշտությունը, արտահայտում է ժամանակակից աշխարհում այս խնդրի հետ կապված զարգացումները և համահունչ է ՄԱԿ-ի կողմից սահմանված առաջնահերթություններին։ Այսպիսով, հղում անելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին՝ փաստաթղթում ընդգծվում է, որ դրա չորրորդ նպատակին պետք է հասնել անցյալում իրականացված ցեղասպանությունների մասին ուսուցման միջոցով։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հիմնական պատճառներից մեկը, որը հանգեցնում է ցեղասպանության, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների, անպատժելիությունն է։ Նախկինում իրագործված ցեղասպանությունների ոչ պատշաճ դատապարտումը և պատժից խուսափելը պարարտ հող են ստեղծում ցեղասպանության ժխտման և արդարացման համար, և, ի վերջո, զանգվածային վայրագությունների կրկնության համար: Հայ ժողովուրդը վաղուց է առճակատվում ցեղասպանական գործընթացի վերջին փուլի` ցեղասպանության ժխտման հետ, որը դրսևորվում է բազմաթիվ ձևերով՝ առաջին հերթին պատմական ապացույցները և ցեղասպանական ջանքերի մասշտաբները թաքցնող նարատիվների, իրավական մանիպուլյացիաների, զոհերին մեղադրելով, նսեմացնելով նրանց տառապանքները, պաշտպանելով և նույնիսկ փառաբանելով հանցագործներին և դրանով իսկ ձգտելով ստեղծել մի մթնոլորտ, որը կվախեցնի և կլռեցնի վերապրածներին սերունդներ շարունակ: Ժխտողականները կանգ չեն առնում ոչ մի բանի առաջ՝ խլելով զոհերի արժանապատվությունը և զրկելով նրանց պատմական հիշողության մեջ իրենց արժանի տեղից։ Ճշմարտության դեմ նման նպատակաուղղված հարձակումը, անկասկած, ցեղասպանության վերջնական դրսևորումն է` կրկնակի սպանություն․ ինչպես բացատրել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը, քանի որ եթե ցեղասպանության զոհերը մոռացության մատնվեն, «մահացածները կսպանվեն երկրորդ անգամ»: Անկասկած, անպատժելիության և ժխտողականության դեմ պայքարելու համար ցեղասպանության կանխարգելման օրակարգի կողմնակիցները պետք է ուշադրություն դարձնեն Հայկական հարցին: Արդեն ավելի քան մեկ դար է, ինչ Հայոց ցեղասպանությունը վերապրածների, նրանց ժառանգների և իրավապաշտպանների միջազգային հանրությանը բաժին է ընկել ցեղասպանության հիշատակը վառ պահելու պատասխանատվությունը՝ հետամուտ լինելով ճշմարտության ճանաչմանը և դրա պատշաճ ներկայացմանը կրթական և մշակութային ոլորտներում: Պատմությունը և ներկա փորձը ցույց են տալիս, որ այն երկրները, որոնք ժխտողական քաղաքականությունը հասցրել են պետական գաղափարախոսության մակարդակի, երբեք չեն կարողանա իրական ժողովրդավարություն կառուցել, քանի որ չեն կարող ապահովել խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, փոքրամասնությունների պաշտպանությունը և այլ հիմնարար իրավունքներ։ Այսպիսով, ցեղասպանության հանցագործության ճանաչումը հենց այդ երկրների կողմից հիմք է հանդիսանում ժողովրդավարության հետագա զարգացման և մարդու իրավունքների խթանման ու ամրապնդման համար։ Հարգելի՛ գործընկերներ, Ցեղասպանությունը և զանգվածային այլ վայրագությունները սովորաբար նախապես ծրագրված են և իրականացվում են խաղաղ բնակչությանը թիրախավորելու, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և ծայրահեղ ատելություն տարածելու միջոցով: Այս բոլոր գործողություններն իրականացվել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական ագրեսիայի ժամանակ, որը ծրագրել և իրականացրել է Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական և ռազմական լիարժեք աջակցությամբ և օտարերկրյա վարձկանների և ահաբեկիչների ներգրավմամբ։ Այսպիսով, զանգվածային վայրագությունների նոր զոհերով, հայ ժողովուրդը կրկին ենթարկվեց էկզիստենցիալ սպառնալիքի։ Այդուհանդերձ, ինչպես իրենց նախնիները, նրանց էլ վիճակված է այդ վտանգին դիմակայել և այն հաղթահարել առավել մեծ վճռականությամբ՝ իրենց ինքնությունը պահպանելու և մարդասիրությունն ի շահ մարդկության ծառայեցնելու նպատակով։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, Որպես միջազգային հանրության անդամ՝ Հայաստանն իրապես հավատարիմ է ցեղասպանության կանխարգելման համաշխարհային ջանքերին: Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների վերաբերյալ արդյունավետ ուսուցմանը և կրթությանն ուղղված հավաքական ջանքերը կարող են դառնալ նմանատիպ գործողությունների կանխարգելման հիմնական բաղադրիչ։ Շնորհակալ եմ»։
20:11 - 09 դեկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին |armenpress.am|

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին |armenpress.am|

armenpress.am: Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առթիվ դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը և այլ պաշտոնատար անձինք հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, ասորի և եզդի ժողովուրդների ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին:  Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից: 2015թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված 69/323 բանաձևը, որով հռչակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
15:08 - 09 դեկտեմբերի, 2021
ՀՀ-ն կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին. ԱԳՆ

ՀՀ-ն կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց մարդու իրավունքների առաջին պայմանագիրը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան: Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան հստակ արձանագրում է, որ «պատմության բոլոր փուլերում ցեղասպանությունները մեծ վնասներ են պատճառել մարդկությանը»՝ դրանով իսկ հաստատելով, որ ցեղասպանության հանցագործություններ տեղի են ունեցել նաև կոնվենցիայի ընդունումից առաջ: Ցեղասպանության կոնվենցիայի մշակման համար կարևոր օրինակ է ծառայել Հայոց ցեղասպանությունը, ինչի վերաբերյալ հրապարակայնորեն հանդես է եկել կոնվենցիայի տեքստի հեղինակ Ռաֆայել Լեմկինը: Վերոնշյալ կոնվենցիայի մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթղթին միացած պետություններն իրավական պարտավորություն են ստանձնում ոչ միայն պատժելու, այլև կանխելու ցեղասպանությունները. հանգամանք, որը խիստ էական է ազգային, էթնիկ, կրոնական և ռասայական խմբերի համընդհանուր պաշտպանության համար: Չնայած կատարված մեծ աշխատանքին, միջազգային հանրության կողմից դեռ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրվեն ժամանակին և համարժեք արձագանքելու, այդ թվում՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները դատապարտելու և ցեղասպան պետություններին պատասխանատվության ենթարկելու համար:  Այսօր տարբերվում են ցեղասպանություններ գործելու մեթոդներն ու ձևերը, սակայն ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել զանգվածային ոճրագործությունների միջոցով աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը: 2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020 թվականին առաջադրված և կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևում հստակ նշվում է, որ ցեղասպանության արդարացումը, անցյալի հանցագործությունների կանխակալ գնահատումն ու ժխտումը մեծացնում են բռնության կրկնության վտանգը: Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր են  պատմական հիշողությունը, կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը: Դատապարտելի են մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման դեպքերը, քանի որ հենց մշակութային ժառանգությունն է հնարավորություն ստեղծում պահպանել ազգային կամ կրոնական ինքնությունը: Անթույլատրելի են ազգային, էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբերի նկատմամբ գերակայության դրսևորումները կամ վերջիններիս նկատմամբ ուժի կիրառման արդարացումները: Հայաստանի Հանրապետությունը հետևողական կերպով կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին»:
13:35 - 09 դեկտեմբերի, 2021
Հայաստանը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանը կատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները. ԱԳՆ

Հայաստանը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանը կատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրապարակված որոշումների վերաբերյալ․ «Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հրապարակեց որոշումները: Այդ որոշումները, միանշանակ, արտացոլում են դատարանի կողմից հայկական կողմի ներկայացրած մի շարք առանցքային փաստարկների ընդունումը, և դատարանի առջև մեր դիրքորոշումների հաստատումը: Հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ իր դիմումում Հայաստանն ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ ռասայական դրդապատճառներով սպանությունների և խոշտանգումների, ինչպես նաև հայերի նկատմամբ ռասայական ատելության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականության վերաբերյալ: Դատարանը գտել է, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և Ադրբեջանին պարտավորեցրել է հետևյալը. 1․ «Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են՝ 2020թ․ զինված հակամարտությամբ պայմանավորված, և դեռևս շարունակում են մնալ գերեվարված, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը», 2․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից», 3․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի կողմից ներկայացված՝ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հայցադիմումի բանավոր լսումների ժամանակ Դատարանը հիշատակել է Ադրբեջանի ներկայցուցչի պաշտոնական հայտարարությունը, որ այսպես կոչված «Ռազմավարի պուրակից» հեռացվել են հայ զինվորներին պատկերող մանեկենները և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ընթացքում հայ զինվորների կրած սաղավարտների ցուցադրությունը և ապագայում դրանք այլևս չեն ցուցադրվի: Հատկանշական է նաև, որ Դատարանը իր վճռով միայն Ադրբեջանին է պարտավորեցրել՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու խտրականությունն ու դրա հրահրումը, «այդ թվում՝ իր պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»: Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետևողականորեն հնչեցվող հայատյացության հռետորաբանությունը, Ադրբեջանի վերահսկողության կամ իրավասության տակ գտնվող հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումը անհաղթահարելի խոչընդոտներ են հանդիսանում տարածարջանում լարվածության նվազեցման և խաղաղ զարգացման համար: Հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ Դատարանի վճիռները ճանաչում են այս իրողությունները և դրանց հասցեագրման համար ստեղծում են միջազգային իրավունքի համաձայն՝ պարտադիր իրավական ուժ ունեցող պարտավորություններ: Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշումների կատարմանը և Դատարանին տեղեկացնելու է ցանկացած խախտման մասին։ Դատարանի որոշումը ևս մեկ անգամ վերահաստատում է հայկական կողմի՝ այս ընթացքում հնչեցրած ահազանգերի լեգիտիմությունը գերիների և այլ պահվող անձանց, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում վտանգված հայկական պատմամշակութային ժառանգության, Ադրբեջանի կողմից հնչող հայատյաց հռետորաբանության վերաբերյալ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրավիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության և մյուս միջազգային գործընկերների ուշադրությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին և կոչ անում շարունակել ջանքեր գործադրել արձանագրված խնդիրների համապարփակ հասցեագրման ուղղությամբ»:
15:39 - 08 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որտեղ վերջինս հանդես է եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով:  «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ:  Նշված հայտարարությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում ընդգծել.   Ճանապարհների և կոմունիկացիաների հարցում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պայմանավորվածություններն արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում: Այդ հայտարարություններում Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չկա:  2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու՝ կողմերի պայմանավորվածությունը: Նույն հայտարարությամբ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ: 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 3-րդ կետով սահմանվել է, որ գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով սահմանվել է, որ Աշխատանքային խումբը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները: Եռակողմ աշխատանքային խումբը 2021 թվականի հունվարի 30-ին հրավիրված առաջին նիստի ընթացքում որոշում է կայացրել ստեղծել փորձագիտական երկու ենթախումբ, որոնցից մեկը երկաթուղային, ավտոմոբիլային և կոմբինացված փոխադրումների, մյուսը՝ փոխադրումների ապահովման, ներառյալ՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և հսկողության այլ տեսակների հարցերով: Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու հարցով այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային կապ են ստանում ԱՀ Նախիջևանի ինքնավար հանրապետության (այսպիսով նաև Թուրքիայի) հետ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային կապ Ռուսաստանի Դաշնության և երկաթուղային կապ՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող Ալեքսեյ Օվերչուկը 2021 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբում լուծումների փնտրտուքը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. ճանապարհների նկատմամբ պահպանվում է այն երկրների ինքիշխանությունը, որոնց տարածքով անցնում են այդ ճանապարհները, և որ սահմանների հատման ժամանակ հսկողության տեսակները իրականացվելու են փոխադարձության սկզբունքով: Ավելի վաղ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում միջանցքի հարց չի քննարկվում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը տարածել է տեղեկատվական նյութ, որում հստակ արձանագրվել է, որ Եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նորից ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են հարգելով այն երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որոնց տարածքով դրանք անցնում են:  2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում վերահաստատվել են 8-րդ կետում նշված սկզբունքները: Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է. ա) Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իրենց բովանդակությամբ կապ չունեն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, բ) Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է վերը թվարկված իր բոլոր հանձնառություններին, պատրաստ է վերը նշված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացմանը, գ) Տարածաշրջանի կոմունիկացիաների՝ ավտոճանապարհների և երկաթուղիների վերականգնման և բացման գործընթացի միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը քննարկվում է Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որի աշխատանքները խոչընդոտվում են Ադրբեջանի սադրիչ հռետորաբանության պատճառով: Հայաստանի Հանրապետությունը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը: Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից ու չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող պայմանավորվածությունների իրագործմանը»:
13:28 - 07 դեկտեմբերի, 2021
Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական խորհրդակցությունների անցկացման և բարձրաստիճան այցեր պարբերաբար կազմակերպելու կարևորությունը: Երկու երկրների պատվիրակություններն անդրադարձել են նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերին, մտքեր փոխանակել ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու վերաբերյալ: Նույն օրը Ֆինլանդիայի պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին առնչվող հարցերին։ Ֆիննական կողմի խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այդ համատեքստում կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ ֆիննական կողմը վերահաստատել է իր անվերապահ աջակցությունն այս ձևաչափին: Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությանն ընդունել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Կողմերն անդրադարձել են բազմակողմ հարթակներում հայ-ֆիննական արդյունավետ համագործակցությունը։ Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությունը ծաղկեպսակ է զետեղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
19:25 - 06 դեկտեմբերի, 2021
ՀՀ և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների պատվիրակները քննարկել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությունը

ՀՀ և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների պատվիրակները քննարկել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությունը

Զագրեբում դեկտեմբերի 2-3-ը տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մանրամասնելով, որ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, խորվաթականը՝ Խորվաթիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարության Եվրասիայի և Օվկիանիայի գլխավոր տնօրինության քաղաքական հարցերով տնօրեն Դունյա Սիչայան։ Հայկական պատվիրակության կազմում էր Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա)։ Խորհրդակցությունների ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԱԵԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Պետար Միխատովի, վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Վլադիմիր Դրոբնյակի, նախագահի արտաքին և եվրոպական հարցերով խորհրդական Նեվեն Պելիցարիչի, ինչպես նաև` խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ՝ խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորությամբ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել է հայ-խորվաթական երկկողմ օրակարգին, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, տնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա վիճակին և հետագա խորացմանը, այդ գործընթացում Խորվաթիայի դերին և ԱլԳ առաջիկա գագաթնաժողովին առնչվող հարցերի: Հայկական պատվիրակությունը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի ներխուժման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, գերեվարված անձանց անհապաղ վերադարձի կարևորությունը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով։
17:14 - 04 դեկտեմբերի, 2021
ԱԳ նախարարը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ քննարկել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

ԱԳ նախարարը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ քննարկել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ։ Արարատ Միրզոյանը կարևորել է մարդու իրավունքների, ներառյալ՝ խոսքի ազատության ու մամուլի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբումը։ Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին ու գործունեությանը ԵԱՀԿ ամբողջ տարածքում: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ժամանակ և կրակի դադարեցման ռեժիմի հաստատումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված մարդու և միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։
15:20 - 04 դեկտեմբերի, 2021
Հայաստանի եւ Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

Հայաստանի եւ Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հայաստանի ու Ղազախստանի արտգործնախարարներն ընդգծել են փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ–ղազախական հարաբերությունների զարգացման նշանակությունը և վերահաստատել քաղաքական երխոսությունն առավել խորացնելու շահագրգռվածությունը թե՛ երկկողմ, թե՛ ինտեգրացիոն միավորումների ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Այդ համատեքստում կարևորվել է բարձր մակարդակով փոխայցելությունների, ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների անցկացումը։ Երկու երկրների առևտրատնեսական համագործակցության խթանման համատեքստում նախարարներ Միրզոյանն ու Թլեուբերդին կարևորել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Ընդգծվել է նաև ուղիղ չվերթների վերականգնման դերակատարությունը։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել կրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության օրակարգին։ Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի արտաքին գործերի նախարարության միջև 2022-2023թթ. համագործակցության միջոցառումների ծրագրիրը։
22:55 - 03 դեկտեմբերի, 2021
Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումները համակարգային բնույթ են ստանում. ՀՀ ԱԳՆ

Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումները համակարգային բնույթ են ստանում. ՀՀ ԱԳՆ

Դեկտեմբերի 3-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար համայնքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական ստորաբաժանումների կողմից գերեվարվել և դիտավորյալ կերպով սպանվել է Ճարտարի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանը։ Խստորեն դատապարտում և անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտմամբ իրականացված քաղաքացիական անձի սպանությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ Հատկանշական է, որ Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներն ու ահաբեկման գործողությունները համակարգային բնույթ են ստանում, ինչը պաշտոնական Բաքվի՝ նախկինում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված նմանատիպ հանցագործություններն անհիմն պատճառաբանություններով արդարացնելու արդյունքն է, ինչը բերում է նմանատիպ վարքագծի կրկնության։ Վերջին շրջանում Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հայատյացության և Արցախի հայաթափման ու էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն են, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության ու կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ ենթակայության ներքո։ Այս և քաղաքացիական բնակչության նկատմամբ նախկինում իրականացված հարձակումների պատշաճ հետաքննությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը կարող են նախադրյալներ ստեղծել՝ նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու համար։
22:26 - 03 դեկտեմբերի, 2021