ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև 2022-2024թթ. համար համագործակցության ծրագիրը

Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև 2022-2024թթ. համար համագործակցության ծրագիրը

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։ «Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առավել խորացմանն ուղղված քայլեր ձեռնարկել։ Մտքեր են փոխանակվել երկու պետությունների միջև առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք օգտագործելու, ինչպես նաև Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի։ Հանդիպման ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2022-2024թթ. համար համագործակցության ծրագիրը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
17:57 - 03 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ |1lurer.am|

Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: Դեկտեմբերի 2-ին ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության 13-րդ տարեկան համաժողովի շրջանակներում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «ԵՄ դերը Հայաստանում․ հնարավորություններ արդյունավետ գործընկերության համար» (What Role for the EU in Armenia: opportunities for an effective partnership) խորագրով քննարկումը: Քննարկմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային հարաբերություններին, ինչպես նաև՝ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերին։ Վերջինս մատնանշեց ընթացիկ տարվա ձեռքբերումները ՀՀ-ԵՄ իրավական համագործակցության համատեքստում։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ նախարարի տեղակալն ընդգծեց, որ Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, տարբեր երկրների առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ կոչերը: Միևնույն ժամանակ, Պարույր Հովհաննիսյանը կոչ արեց Եվրոպական միությանը՝ ավելի հասցեական լինել իրենց հորդորներում և դատապարտել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներն ԱլԳ որոշ գործընկեր պետությունների կողմից։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին նման ձևաչափով համագործակցությունն առավել ակտիվացնել:
16:51 - 03 դեկտեմբերի, 2021
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ՝ այդ առումով նշելով նաև խորհրդարանական մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։ Նախարար Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարմանն ուղղված հումանիտար օգնության տրամադրման համար։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը Նիկոս Դենդիասին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրան հետևած վերջին զարգացումները։ Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ։ Ընդգծվել է նաև ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը։
10:59 - 03 դեկտեմբերի, 2021
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Շվեդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Լինհարտի հետ։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը պատասխանատու առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել ապագայում երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա ամրաապնդման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման առնչությամբ։ Առևտրատնտեսական կապերը զարգացելու համատեքստում ընդգծվել է Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Կարևորվել է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը։ ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Ավստրիական զարգացման գործակալության գործունեությանը Հայաստանում։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի կառավարությանը՝ Հայաստանի կայուն զարգացման ջանքերին աջակցելու համար։ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ շրջանակներում։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Միխայել Լինհարտին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հայկական կողմը գոհունակություն է հայտնել ավստրիական կողմի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ դիրքորոշման առնչությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության, միջազգային կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտության հարցերին։
09:55 - 03 դեկտեմբերի, 2021
ՀՀ-ն Հաագայում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախյան պատերազմի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառման խնդրին

ՀՀ-ն Հաագայում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախյան պատերազմի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառման խնդրին

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Հաագայում տեղի ունեցավ Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող պետությունների 26-րդ համաժողովը, որին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։  Համաժողովի ընթացքում քննարկվեցին Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի իրականացման ընթացքը, առկա մարտահրավերները և առաջիկա քայլերը։ Կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում վերանշանակվեց Ֆերնանդո Արիասը։ Հայկական պատվիրակության ղեկավարը՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահող երկրի ներկայացուցիչ, համաժողովի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների անունից հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որն անդրադառնում է զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի կիրառման անընդունելիությանը, կազմակերպության տեխնիկական ուղղվածության պահպանման և վերջինիս չքաղաքականացման կարևորությանը։ ՀԱՊԿ անդամ երկրներն ընդգծեցին զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ Կոնվենցիային անդամակցող երկրների հայտերին արագ արձագանքելու հարցում տեխնիկական քարտուղարության օբյեկտիվության և անաչառության պահպանման կարևորությունը։  Համաժողովին տարածվեց Հայաստանի ազգային հայտարարությունը, որում հայկական կողմն անդրադարձել է 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառմանը՝ ափսոսանք հայտնելով առ այն, որ Տեխնիկական քարտուղարությունը ՔԶԱԿ փաստահավաք առաքելություն չի գործուղել Արցախ՝ քիմիական նյութ պարունակող զենքի կիրառման փաստը քննելու նպատակով: 
22:11 - 02 դեկտեմբերի, 2021
ՀՀ արտաքին գործերի նախարար Միրզոյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Միրզոյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ։ Երկուստեք վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ նոր խթան հաղորդելու երկու երկրների միջև համագործակցությանը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։ Առանձնահատուկ նշանակություն է տրվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումներին: Նախարարները կարևորել են նաև կրթական ոլորտում համագործակցության խորացումը։ «Ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համատեքստում Արարատ Միրզոյանը և Էվա-Մարիա Լիիմեթսը կարևորել են հունիսին Հայաստանում անցկացված ազատ ու արդար արտահերթ ընտրությունները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ։ Այդ առումով ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը։ Քննարկվել են նաև Արևելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Երկու երկրների ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման կարևորությունը։ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումն առ այն, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ կարգավորումը պետք է ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախաձահության շրջանակներում: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը՝ կարևորելով միջազգային գործընկերների հասցեական արձագանքն՝ ուղղված տարածաշրջանում լարվածության նվազեցմանը:
21:57 - 02 դեկտեմբերի, 2021
Ուժի կիրառումը երբեք խաղաղության հասնելու ճանապարհ չի եղել․ Արարատ Միրզոյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 28-րդ նիստում

Ուժի կիրառումը երբեք խաղաղության հասնելու ճանապարհ չի եղել․ Արարատ Միրզոյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 28-րդ նիստում

Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հանդես եկել ելույթով․ «Տիկի՛ն նախագահող, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Նախ և առաջ՝ կցանկանայի միանալ իմ գործընկերներին և շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Շվեդիայի նախագահությանը՝ տարվա ընթացքում կազմակերպությունը ղեկավարելու համար: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին շարունակում է լարված մնալ: 2021 թվականի մայիսից ադրբեջանական զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի սահմաններից։ Նրանք մինչ այժմ պահպանում և շարունակում են ամրապնդել իրենց ապօրինի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները։ Անշուշտ՝ Ադրբեջանի գործողությունները խախտում են բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները։ Ուժի կիրառման դրսևորումներից է նաև այն, որ Ադրբեջանը ոչ միայն պատանդառության մեջ է պահում, այլ մշտական փորձեր է կատարում գերեվարել  հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց: Ադրբեջանը ոչ միայն շարունակում է անտեսել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու միջազգային հանրության կոչերը, այլև մի շարք դեպքերում, վերջինը՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ տարածքի վրա հարձակման արդյունքում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ գերեվարել են  հայ զինծառայողների: Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել այս բռնի գործողությունները։ Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի շարունակական ներկայությունը մեր տարածաշրջանն ապակայունացնող գործոն է: Հուսով ենք, որ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության կողմից կազմակերպված եռակողմ հանդիպումը ճանապարհ կհարթի՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ միջոցներ ձեռնարկելու համար։ Հարգելի՛ գործընկերներ, Ուժի կիրառումը երբեք խաղաղության հասնելու ճանապարհ չի եղել՝ ընդհանրապես, և մասնավորապես՝ մեր տարածաշրջանում։ Ուժի կիրառումը կարող է որոշակի ժամանակով ապասառեցնել հակամարտությունները, սակայն դրանք նորից կսառեցվեն, եթե չլինի բանակցված և խաղաղ լուծում։ Պատերազմը կարող է լինել միակողմանի ընտրություն, սակայն խաղաղությունը մշտապես պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը: Հայաստանը պատրաստ է բանակցությունների միջոցով հասնելու Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական կայունության։ Որքան շուտ Ադրբեջանը ձեռնամուխ լինի խաղաղ գործընթացի վերսկսմանը, այնքան կավելանան մեր տարածաշրջանում համապարփակ և տևական կարգավորման հասնելու հնարավորությունները: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակության վայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, պետք է լինեն բանակցությունների առարկայական հարցեր։ Հավասարապես՝ առկախված հումանիտար խնդիրների լուծումը, ինչպիսիք են բոլոր հայ ռազմագերիների և պահվող անձանց անվերապահ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի հետաքննությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, պահանջում են ԵԱՀԿ և նրա համապատասխան մանդատների շարունակական ներգրավվածությունը։   Հաշվի առնելով վերոնշյալը` Հայաստանը հետագայում ևս կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր  երկրների հետ սերտ համագործակցությամբ: Եզրափակելով՝ կցանկանայի ողջունել Լեհաստանին՝ որպես ԵԱՀԿ ապագա նախագահող երկիր, և մաղթել ամենայն հաջողություն։ Շնորհակալություն»։
21:47 - 02 դեկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հանգամանալից անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հանգամանալից անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։  Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ԱՄՆ միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակն ու զարգացման դինամիկան։ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական զարգացմանը, պետական կառույցների կարողությունների հզորացմանը, օրենքի գերակայությանը և կոռուպցիայի դեմ պայքարին ԱՄՆ ցուցաբերած օժանդակության կապակցությամբ: Էնթոնի Բլինքենը հայտնել է ամերիկյան կողմի լիակատար աջակցությունը Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։ Նշվում է, որ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ վճռական դիրքորոշումը։ Այս համատեքստում հիշատակելով անցյալ տարի նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունը՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդպիսով ԱՄՆ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության արժեքներին ու սկզբունքներին:«Կողմերը նաև քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ վերջերս իրականացված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը։ Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև ԱՄՆ-ի՝ որպես համանախագահ երկրի դերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ ԱԳ նախարարը այցի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու: Այդ թվում հնարավոր է հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
20:01 - 02 դեկտեմբերի, 2021
ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպմանը Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման հետ կապված վերջին զարգացումները

ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպմանը Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման հետ կապված վերջին զարգացումները

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի համակարգմամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարներն անդրադարձել են ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի օրակարգին։ Արարատ Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը՝ հիմնված ԵԱՀԿ համապարփակ, անբաժանելի և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա և ՀԱՊԿ դաշնակցային պարտավորություններին համահունչ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգության ապահովման հետ կապված վերջին զարգացումները։ Այդ առումով նա շեշտել է դաշնակիցների՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային միտված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։ Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության առաջնահերթություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ գործիքակազմի, այդ թվում՝ ճգնաժամային արձագանքման գործիքակազմի կատարելագործման կարևորությունը։
17:45 - 02 դեկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի Ռիկսդագի նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը

ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի Ռիկսդագի նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը

Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ։ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են Շվեդիայի խորհրդարանի նախագահի՝ 2019 թվականին Հայաստան կատարած պաշտոնական այցը։ Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում Շվեդիայի կողմից, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում ցուցաբերվող աջակցությունը։ Հայաստան-Եվրամիություն գործընկերության առավել խորացման համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը մտքեր են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման շուրջ: Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման, վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նա ընդգծել է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայունացման համատեքստում միջազգային հանրության պատշաճ և հասեական արձագանքի կարևորությունը։ Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև՝ պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը։
09:35 - 02 դեկտեմբերի, 2021
Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը վերաբերում է նաև ռազմագերիների ու պատանդների վերադարձին. ԱԳՆ խոսնակ

Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը վերաբերում է նաև ռազմագերիների ու պատանդների վերադարձին. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, նշել է, որ նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում: Առաջին՝ Սոչիի հայտարարությունով կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։ Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին և այլ կետերով չկատարված պարտավորություններին։ Երկրորդ՝ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը: Եվ երրորդ՝ ըստ հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Իսկ այդ ուղղությամբ առաջնային ու առավել կարևոր քայլը պետք է լինի լարվածության նվազեցմանը միտված քայլերի իրականացումը։ «Համոզված ենք նաև, որ եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կյանքի կոչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո»,-նշել է Հունանյանը։
09:31 - 30 նոյեմբերի, 2021
ԱԳՆ-ն հստակ չի պատասխանում՝ Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, թե ոչ

ԱԳՆ-ն հստակ չի պատասխանում՝ Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, թե ոչ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հստակ չի պատասխանում՝ Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, թե ոչ։ Այս տարվա նոյեմբերի 16-ին, երբ Հայաստանի արևելյան սահմանին իրավիճակը լարվել էր, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդման ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանը դիմելու է ՌԴ-ին 1997 թ․-ի «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրով։ «Քանի որ հարձակում եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թ․-ի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում։ Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու, բայց մենք ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում»,-ասել էր Արմեն Գրիգորյանը։ Ավելի ուշ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանը դեռևս պաշտոնապես չի դիմել ՌԴ-ին՝ վերը նշված պայմանագրով օգնություն ստանալու հարցով․ «Եթե խոսքը պաշտոնական դիմում-նամակի մասին է (խնդրանքով, որ Պայմանագրի համաձայն օգնություն ցուցաբերվի), ապա դեռ չեմ կարող հաստատել»։ Infocom-ը հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով հստակեցնել՝ արդյոք Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է Ռուսաստանի Դաշնությանը՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով։ ԱԳՆ-ից հարցի վերաբերյալ հետևյալ պատասխանն ենք ստացել․ «Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ։ Նոյեմբերի 16-ին և 21-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև։ Հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նաև երկու երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների միջև։ Կողմերը քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»։ Քանի որ այս պատասխանի արդյունքում մեզ համար շարունակում էր անհասկանալի մնալ, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, փորձել ենք նույն հարցի պատասխանը ստանալ նաև հեռախոսազանգի միջոցով, սակայն ԱԳՆ-ից մեր ստացած պատասխանին ոչինչ չեն  ավելացրել։  Նշենք, որ 1997 թ․-ի պայմանագրում գրավոր դիմելու ընթացակարգի վերաբերյալ որևէ դրույթ նշված չէ, այդ իսկ պատճառով ԱԳՆ-ին ուղղված մեր հարցման մեջ խնդրել էինք նաև ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ հայտնել։ Պայմանագրի 2-րդ հոդվածում միայն խորհրդակցություններին վերաբերող դրույթ կա․ «Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»։ ՌԴ-ին գրավոր ընթացակարգով դիմելու վերաբերյալ հարցին նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ես չգիտեմ՝ այդ տեղեկությունը հրապարակվե՞լ է, թե՞ ոչ, բայց մենք մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք»։ Դիտարկմանը, որ խոսքը նոյեմբերի 16-ի իրադարձություններից հետո դիմելու մասին է, Փաշինյանն ասել էր․ «Նոյեմբերի 16-ի իրադրությունը մայիսի 12-ի իրադարձությունների շրջանակներում է տեղի ունենում, երբ ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ տարածք: Եվ մենք շարունակում ենք մեր քննարկումները, և մենք գտնում ենք, որ պետք է Ադրբեջանի պահվածքի էֆֆեկտիվ միջազգային գնահատականի ուղիներ փնտրենք և գտնենք, և մենք այս առումով մեզ չենք սահմանափակելու, և Հայաստանը հետևողականորեն իր իրավունքները պաշտպանելու է բոլոր հնարավոր ատյաններում»։ Վարչապետի խոսքից կարելի է ենթադրել, որ ՀՀ-ն նոյեմբերի 16-ին և դրանից հետո չի դիմել ՌԴ-ին` 1997 թ․-ի պայմանագրով օգնություն խնդրելու նպատակով։ Այս դեպքում անհասկանալի է՝  ինչու ԱԳՆ-ն հստակ չի պատասխանում, թե արդյոք ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունից հետո Հայաստանը դիմե՞լ է ՌԴ-ին՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, թե ոչ։ Նանե Ավետիսյան
20:17 - 27 նոյեմբերի, 2021
Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Lվիվի հայկական փողոցում (вул. Вірменська, 13) Պատվո հյուպատոսության գրասենյակի բացման նպատակով նոյեմբերի 26-ին Լվիվ էր ժամանել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վ․ Կարապետյանը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։   Հանդիսավոր արարողությանը ներկա էին և ողջույնի խոսք ասացին Լվիվի մարզպետ Մաքսիմ Կոզիցկին, Լվիվի քաղաքապես Անդրեյ Սադովին, Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։   Բացման խոսքում դեսպան Կարապետյանը խոսեց Լվիվում hայերի ավանդի, հայկական ժառանգության մասինմ, հույս հայտնելով, որ Պատվո հյուպատոս Նորիկ Գևորգյանը իր ներդրումը կբերի հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացմամն գործում։    Դեսպան Կարապետյանը ընդգծեց, որ Լվիվը Ուկրաինայում առանձնահատուկ քաղաք է հայերի համար, քանզի Լվիվում հայերը ոչ միայն ունեն բազմադարյա ու հարուստ պատմություն, այլև մեծ ավանդ են ներդրել քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի զարգացման գործում։ Այսօր էլ հայ համայնքը համախմբված է Լվիվի պատմական կենտրոնում գործող հայկական եկեղեցու շուրջ, որը քաղաքի ամենահին և գեղեցիկ պատմամշակութային ճարտարապետության նմուշներից մեկն է։   Նույն օրը տեղի ունեցան դեսպան Կարապետյանի առանձին հանդիպումները Լվիվի մարզի նահանգապետ Մ․ Կոզիցկիի և Լվիվի քաղաքապետ Ա․ Սադովիի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են մարզային և քաղաքային մակարդակներով Հայաստանի և Ուկրաինայի նշված տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությունները՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
15:47 - 27 նոյեմբերի, 2021