ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Գործադիրը մերժել է դիմակ չկրելու տուգանքների համաներման մասին ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանի առաջարկը

Գործադիրը մերժել է դիմակ չկրելու տուգանքների համաներման մասին ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանի առաջարկը

Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի՝ դիմակ չկրելու տուգանքների համաներման առաջարկը։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արմեն Եղիազարյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, հիշեցնեմ, որ սույն թվականի փետրվարի 22-ին դիմել էի վարչապետին Covid-19 շրջանակներում դիմակներ չկրելու համար տուգանված քաղաքացիների նկատմամբ համաներում կիրառելու առաջարկով: Այսօր կառավարությունից ստացել եմ մերժում, անկախ այն հանգամանքի, որ տուգանքները կիրառվել են քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտումներով (առկա են բազմաթիվ դատական ակտեր): Կառավարությունը առաջարկում է, որ իրենց կողմից օրենքի էական խախտումներով կիրառված տուգանքները քաղաքացիները վիճարկեն դատական կարգով: Հարգելի՛ քաղաքացիներ, հերթական անգամ ականատես եղանք կառավարության կողմից քաղաքացիների նկատմամբ անտարբերության դրսևորմանը»,– ասվում է գրառման մեջ։ 
15:10 - 26 մարտի, 2021
Այս տարվա հուլիսից Երևանում կգործարկվի նոր Պարեկային ծառայությունը

Այս տարվա հուլիսից Երևանում կգործարկվի նոր Պարեկային ծառայությունը

Կառավարության այսօրվա որոշմամբ հաստատվեց պարեկային ծառայողների նվազագույն հաշվարկային աշխատավարձերի չափերը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հավատարիմ մնալով դեռևս 2020 թ-ին Ծառայության սովորողների համար հայտարարված ընդունելության ժամանակ հրապարակված նվազագույն հաշվարկային աշխատավարձի խոստմանը՝ այս որոշմամբ սահմանվել է նվազագույն հաշվարկային 320 հազար դրամ (հարկված՝ 245 հազար դրամ) աշխատավարձը։ ​Վարձատրության այս մոտեցումը միտված է ապահովելու նոր ստեղծվող ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը և նոր ծառայության գրավչության բարձրացումը։ ​Քաղաքացուն օգնող, հասարակական կարգի պահպանությունն ապահովող և հանցավորությունը կանխարգելող պարեկային ստորաբաժանումների ծառայությունը նպաստելու է հանրության շրջանում օրինականության հաստատման ու պաշտպանվածության զգացողության աճին և ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:
21:35 - 25 մարտի, 2021
Կառավարությունը 500 միլիոն դրամ է հատկացրել Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման համար

Կառավարությունը 500 միլիոն դրամ է հատկացրել Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման համար

Կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ:  Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։  Որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 25-ի նիստում` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ: ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված  ըմբշամարտի,  ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար: Ընդհանուր առմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերի վերաբաշխման միջոցով` տնտեսումների հաշվին  1 մլրդ 77 մլն դրամ է հատկացվել 2020 թվականին սկսված մարզական, կրթական և մշակութային հաստատությունների շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ու նախագծային աշխատանքները շարունակելու համար: Հատկացման շրջանակում մասնավորապես կիրականացվեն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի նախագծման, Մնջախաղի պետական թատրոնի վերակառուցման, Հայաստանի պատմության թանգարանի օդափոխության համակարգի ներդրման և այլ աշխատանքներ:
16:37 - 25 մարտի, 2021
Կոտայքի մարզպետը խոսել է Սասուն Միքայելյանի հետ կապի, հավաքներին դպրոցականների մասնակցության մասին |armenpress.am|

Կոտայքի մարզպետը խոսել է Սասուն Միքայելյանի հետ կապի, հավաքներին դպրոցականների մասնակցության մասին |armenpress.am|

armenpress.am: Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը անդրադարձավ մարտի 20-ին Արագածոտնի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաքին դպրոցահասակ երեխաների մասնակցությանը: «Միայն մեր երկրում չէ, որ նման հավաքների ժամանակ մասնակցում է նաև մատաղ սերունդը, և այդտեղ ես տարօրինակ որևէ բան չեմ տեսնում»,-  ասաց մարզպետը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ բարեկամական կապեր ունենալու վերաբերյալ դիտարկումներին՝ մարզպետն ասաց, որ ինքը Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամն է եղել նաև 2007 թվականին, 2008 թվականին, երբ նույն քաղաքական թիմը նախորդ իշխանությունների, նախորդ ռեժիմի կողմից հալածվում էր: «Ես, լինելով Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամը, նաև իմ ապրած տարիների ընթացքում եղել եմ Մեսրոպ Մեսրոպյան և ունեցել եմ իմ թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական կենսագրությունը: Այնպես չէր, որ Սասուն Միքայելյանի գոյությունն էր, որ տվեց այդ հնարավորությունը, որ ես այսօր մարզպետ եմ նշանակվել»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական գործունեություն է ծավալում ավելի քան 20 տարի: Անդրադառնալով «Հրազդան բժշկական կենտրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին և մասնակիցներից մեկի՝ դատարան դիմելուն՝ մարզպետն ասաց. «7 մասնակից է եղել, 7 մասնակիցներից 3-րդ փուլ, այսինքն՝ զարգացման ծրագիր ներկայացնելու փուլ է հասել միայն Վանեսյանը, հաղթահարել է գրավոր թեստի փուլը, հաղթահարել է բանավոր հարցերի փուլը: Ծրագրերի ներկայացման փուլը, որին մասնակցել ենք ես և հանձնաժողովի անդամները, եղել է փակ-գաղտնի քվեարկությամբ: Նա չի հաղթահարել այդ փուլը 5 կողմ, 2 դեմ ձայներով»:
14:57 - 25 մարտի, 2021
Ոստիկանության ՊՊԾ աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա, որոշ դեպքերում՝ մինչև 97,5%–ով |tert.am|

Ոստիկանության ՊՊԾ աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա, որոշ դեպքերում՝ մինչև 97,5%–ով |tert.am|

tert.am: Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով որոշեց ավելացնել Ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը:Նշենք, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի, մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ 0-2 տարի կամ 2-5 տարի զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների ներկայիս ամսական աշխատավարձի չափերը, ներառյալ ՀՀ կառավարության 03․07․2014թ․№ 710-Ն և 03․07․2014թ․-ի № 712-Ն որոշումներով սահմանված լրավճարը և հավելումները կազմում են, համապատասխանաբար ըստ զինծառայության ստաժների՝ 190.552 դրամ և 192.921 դրամ։Ըստ առաջարկվող նախագծի, ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190.552 դրամից կդառնա 320․000 դրամ՝ 68,8 %-ով ավելի։Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402․181 դրամ՝ ներկայիս 198.565 դրամի փոխարեն՝ 97,5 %-ով ավելի և այլն։Նախագծի մեջ ասվում է նաև, որ Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով  պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 371.373 հազ. դրամի չափով, որը այսօրվա ՊՊԾ ամենաբարձր (4-րդ հատուկ գումարտակի ծառայողներ) ցուցանիշը գերազանցում է 78․654 դրամով, 26,9 % ով, իսկ սովորական չափը (օրինակ մարզային վարչությունների ՊՊԾ դասակի ծառայողներ)՝ 183.054 դրամով, կամ 97,2 %-ով։ Ավելին՝ tert.am-ում
14:29 - 25 մարտի, 2021
Նախատեսվում է ՀՀ-ում ներդնել օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակ
 |armtimes.com|

Նախատեսվում է ՀՀ-ում ներդնել օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակ |armtimes.com|

armtimes.com: Գործադիրը հավանություն է տվել «Օտարերկրացիների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ օրինագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ, ինչի արդյունքում գործատուները օտարերկրյա աշխատողներին աշխատանքի են ընդունելու և աշխատանքի թույլտվությունը ստանալու են միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով։ Բացառություններ են նախատեսված միջազգային պայմանագրերով ՀՀ-ում աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների և աշխատանքի թույլտվությունից բացառություն հանդիսացող օտարերկրացիների համար, որոնց մասին տվյալները ևս մուտքագրվելու են միասնական էլեկտրոնային հարթակ։ Այս գործընթացը թույլ է տալու ունենալու հստակ վիճակագրություն Հայաստանում աշխատանքի անցած օտարերկրացիների մասին, ավելի արդյունավետ կերպով վերահսկելու գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը։ Միաժամանակ փոփոխվել է «աշխատանքի թույլտվություն» հասկացությունը, որն իրենից ներկայացնելու է լիազոր պետական մարմնի կողմից տրվող էլեկտրոնային թույլտվություն, ինչի հիման վրա օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ։ Ժամանակավոր կացության կարգավիճակ են ստանալու նաև աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություն կազմող օտարերկրացիները։ Ժամանակավոր կացության կարգավիճակ չեն ստանալու ԵԱՏՄ քաղաքացիները, որոնք ստանալու են միայն բնակության օրինականությունը հաստատող տեղեկանք, եթե նախատեսում են Հայաստանի Հանրապետությունում գտնվել և աշխատել 180-ը գերազանցող ժամանակահատվածով։ Այդուհանդերձ, ԵԱՏՄ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ևս կարող են ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ, եթե ունեն նման ցանկություն։ Աշխատանքի թույլտվության, դրանից բացառությունների և միջազգային պայմանագրով ՀՀ-ում աշխատանքի թույլտվությունից ազատված քաղաքացիներին տրամադրվող փաստաթղթերը տրամադրելու և մերժելու իրավասությունը վերապահվում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնին։ Բացի այդ, ընդլայնվելու է և որոշակի փոփոխության է ենթարկվելու աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների ցանկը։ Ընդ որում, որոշ դեպքերում օտարերկրացիները կարող են աշխատել նաև միայն մուտքի վիզայի հիման վրա, օրինակ՝ մինչև 21 օր Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում համերգային, մշակութային իրադարձությունները սպասարկելու տեխնիկական անձնակազմը, կատարողները և այլն։
13:36 - 25 մարտի, 2021
Պետական գնումների բանկային երաշխիքի շեմի բարձրացումը կբերի տնտեսական աշխուժություն. վարչապետ |armenpress.am|

Պետական գնումների բանկային երաշխիքի շեմի բարձրացումը կբերի տնտեսական աշխուժություն. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը ընդունեց որոշում, որով պետական գնումներին մասնակցության համար բանկային երաշխիքի 10 միլիոն դրամի շեմը բարձրացվում է 25 մլն դրամի: «Մինչև այս պահը գործող որոշմամբ բանկային երաշխիք չէր պահանջվում մինչև 10 միլիոն դրամանոց պետական գնումների պարագայում, շեմը հիմա բարձրանում է՝ դառնալով 25 միլիոն»,- այդ մասին կառավարության նիստում նշեց Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 25 միլիոնից 75 միլիոն գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը 100 տոկոսից նվազեցվում է մինչև 15 տոկոս, 75 միլիոնից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը նվազեցվում է 30 տոկոս, 25 միլիոնից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքից բացի, կարող է կայացվել ապահովագրական ընկերության կողմից թողարկված երաշխիք: Կառավարության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ այս որոշումը տնտեսական էական աշխուժություն կբերի:
13:22 - 25 մարտի, 2021
Ընտրական նոր օրենսգիրք. ինչ է պետք իմանալ |civilnet.am|

Ընտրական նոր օրենսգիրք. ինչ է պետք իմանալ |civilnet.am|

civilnet.am: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շրջանակում քննարկվող հիմնական թեման Ընտրական նոր օրենսգիրքն է։ Այս նախագիծը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը։ Փոփոխությունների առանցքում պարզ համամասնական ընտրակարգի ներդրումն է՝ գործող «ռեյտինգայինի» փոխարեն։ Սա, սակայն, միակ փոփոխությունը չէ։ Ի՞նչ է պետք իմանալ այս նախագծի մասին։ Նախապատմությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Ընտրական օրենսգրքի փոփոխման համար առնվազն երկուսուկես տարի ժամանակ ուներ։ Ընտրական նոր օրենսգիրքը հիմնաքարային փոփոխություններով առաջին անգամ շրջանառվեց նախքան 2018-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ 2018-ի հոկտեմբերին կառավարությունը խորհրդարան ուղարկեց նախագիծը։ Այդ ժամանակ Ազգային ժողովում մեծամասնություն ուներ Հանրապետական կուսակցությունը, որը կտրուկ դեմ արտահայտվեց նախագծին՝ պատճառաբանելով, որ այն չպետք է «ընդունվի հապճեպ»։ Խորհրդարանի ընտրությունները անցկացվեցին գործող օրենսգրքով, դրանից հետո կառավարությունն օրենքը փոխելու քայլեր չձեռնարկեց։ Ինչ է պետք իմանալ նոր օրենսգրքի մասին «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը հեղինակել է Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։ Այն հանրային քննարկման է դրվել մարտի սկզբին։ Այս նախագծի առանցքային փոփոխությունը տարածքային ցուցակների կամ առավել հայտնի՝ «ռեյտինգայինի» փոխարինումն է պարզ համամասնական ընտրակարգով։ Հայտնի է, որ «ռեյտինգային» կոչվող ցուցակը նախկինում հնարավորություն է տվել կոնկրետ տարածքներում ազդեցիկ խմբերին ու օլիգարխիկ ուժերին ձայներ հավաքել կուսակցությունների համար։  Ազգային ժողով մտնելու շեմն է փոփոխության ենթարկվել։ Գործող կարգավորումների համաձայն՝ ԱԺ մտնում են կուսակցության դեպքում 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս ձայն ստացած ուժերը, իսկ նորով՝ կուսակցությունների համար ընտրական շեմը նվազեցվել է՝ հասնելով 4 տոկոսի։ Այլ է կուսակցությունների դաշինքների դեպքում։ Երկու կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում ընտրական շեմը կազմում է 8 տոկոս, երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 9 տոկոս, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս։ Բացի այդ, նախագիծը ենթադրում է «նախընտրական քարոզարշավի ֆինանսական թափանցիկության ապահովում»։ Այդ նպատակով ամբողջությամբ փոխվել է նախընտրական քարոչության գլուխը։  Խստացվել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուների կողմից ընտրողներին անհատույց նվերներ տալու կամ ծառայություններ մատուցելու գործընթացը։  Փոխվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության դրույթները, ավելացվել նորը՝ «Նախընտրական քարոզչությունը համացանցում»։ Ըստ այդ դրույթի՝ համացանցում լրատվական կայք ունեցող լրատվամիջոցները, ինչպես Հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն, պարտավորված կլինեն կուսակցությունների կամ դաշինքների համար ապահովել ոչ խտրական, հավասարակշռված և գնահատականներից զերծ տեղեկություններ։ Վարչական ռեսուրսների չարաշահման արգելքը և նախընտարական քարոզչության սահմանափակումների դրույթներն են լրացվել, առավել հստակ է կարգավորվում վարչական ռեսուրսի չարաշահումը։ Օրինակ՝ ամրագրվել է արգելք այն պաշտոնյաների համար, որոնք սովորություն ունեն նախընտրական քարոզչությունը համատեղել պաշտոնական գործուղումների հետ։ Մեկ այլ հետաքրքիր դրույթ՝ արգելվում է Ազգային ժողովի ընտրություններ նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը պետական բյուջեով սոցիալական ապահովության նոր միջոցների, այդ թվում՝ պետական կենսաթոշակների, նպաստների նախատեսումը կամ դրանց չափի ավելացումը, բացառությամբ դեպքերի, երբ մինչ այդ է այս ամենը նախատեսված եղել։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
17:12 - 23 մարտի, 2021
Քննարկվել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման համակարգի հայեցակարգը

Քննարկվել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման համակարգի հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման հայեցակարգի նախագիծը: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում և արդեն շրջանառվել է շահագրգիռ գերատեսչություններում: Հայեցակարգով առաջարկվում է ներդնել հանրային ներդրումների կառավարման արդյունավետությունը գնահատող համակարգ՝ հաշվի առնելով ոլորտային պլանավորման, ծրագրերի գնահատման և ընտրության, ներդրումների բյուջետավորման չափանիշները: Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել հանրային ներդրումային ծրագրի սահմանման և գնահատման գործընթացի վերաբերյալ՝ անդրադառնալով հիմնական սկզբունքներին, ծրագրերի տեսակներին, մշակման փուլերին, պատասխանատու մարմիններին, գնահատման որակական ու քանակական ցուցիչներին, ծրագրերի բանկի, ինչպես նաև գնահատում իրականացնող ներդրումային կոմիտեի ձևավորման մեխանիզմներին: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են գնահատման համակարգի ձևավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև դրա ներդրման ուղղությամբ անելիքները: Անդրադարձ է եղել հանրային ներդրումային ծրագրերի վերլուծության ու գնահատման առանցքային չափորոշիչների որոշման հարցին, ներդրումային կոմիտեի գործունեությանը, ռազմավարական փաստաթղթերի հետ փոխգործելիությանը և այլ հարցերի: Վարչապետն ընդգծել է, որ հանրային ներդրումային ծրագրերը պետք է օրգանական կապ ունենան կառավարության գործունեության ծրագրի, նաև ոլորտային ռազմավարությունների հետ՝ գնահատման համակարգի ինստիտուցիոնալ ամբողջականությունն ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել հաստատման:
14:56 - 23 մարտի, 2021
Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում շարունակվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքի շուրջ քննարկումները

Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում շարունակվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքի շուրջ քննարկումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում զեկուցվել են տրանսպորտի, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի և ոստիկանության ոլորտներում ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել նախատեսվող բարեփոխումների մանրամասների և ԵՄ հրահանգների մոտարկման հնարավոր լուծումների շուրջ:
18:15 - 22 մարտի, 2021
Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար տրամադրվել է 67 մլն դրամ |armenpress.am|

Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար տրամադրվել է 67 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձի մի մասի փոխհատուցման համար 2020-ին պահուստային ֆոնդից տրամադրել է 67 մլն դրամ: Այս մասին ԱԺ հանձնաժողովում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: Նախարարը նախ հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ՝ մեկ կիսամյակի ուսման վարձի  փոխհատուցում է տրամադրվում ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այն սովորողներին, որոնք մասնակցել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմին, ինչպես նաև, եթե մասնակցել է նրանց ծնողը կամ ամուսինը: «Կարևորելով Ապրիլյան պատերազմի մասնակիցների ընտանիքների սոցիալական բեռի թեթևացման անհրաժեշտությունը՝ բուհերի ռեկտորներին առաջարկվել էր քննարկել մինչև ուսումնառության ավարտը Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար կատարել ուսման վարձի որոշակի զեղչեր՝ առանց հաշվի առնելու ուսանողների միջին որակական գնահատականը: Համաձայն բուհերից ստացված տեղեկատվության՝ 2020-ի դրությամբ ընդհանուր առմամբ ՀՀ բուհերում սովորում են Ապրիլյան պատերազմի մասնակից 790 ուսանող, ինչպես նաև 2 և ավելի երեխա ունեցող 40 ուսանող, որոնց համար պահուստային ֆոնդից տրվել է ֆինանսական աջակցություն՝ համապատասխանաբար 67 և 19 մլն դրամ»,-ասաց Դումանյանը:
17:11 - 22 մարտի, 2021
Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծն առաջիկայում կքննարկվի կառավարության նիստում |armenpress.am|

Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծն առաջիկայում կքննարկվի կառավարության նիստում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը վարչապետի աշխատակազմում է, առաջիկայում կքննարկվի գործադիրի նիստում: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: «Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը հիմա վարչապետի աշխատակազմում է: Կարծում եմ, որ այն երեքշաբթի օրը կքննարկվի նախարարարական կոմիտեում և կմտնի կառավարության նիստի օրակարգ կամ հաջորդ շաբաթ կմտնի և կներկայացվի ԱԺ-ին»,-ասաց Բադասյանը: Նախարարի խոսքով՝ հիմնական քաղաքականությունը հետևյալն է՝ տարանջատել բուն Ոստիկանական գործառույթները Ոստիկանության կողմից մատուցվող քաղաքացիական բնույթի ծառայություններից: Այս առումով շատ կարևորեց, որ Ներքին գործերի նախարարության անմիջական ենթակայության տակ կգտնվեն հաշվառման քննական բաժինների հետ կապված գործառույթները, Անձնագրերի և վիզաների վարչության, Միգրացիոն ծառայության գործառույթները, որոնք պետք է էլ ավելի քաղաքացիակենտրոն դառնան: «Առհասարական ամբողջ ոստիկանությունը պետք է ունենա քաղաքացիական վերահսկողություն, ինչի ճանապարհը հենց Ներքին գործերի նախարարության ստեղծումն է»,- նշեց նա:  Բադասյանի խոսքով՝ դրանով էլ ավելի լավ հաշվետվողականություն են ապահովում ԱԺ-ի առջև: Հիմա գույքագրվում են համապատասխան աշխատանքները, որոնք ենթադրում են շենքային պայմանների ապահովում և այլ կազմակերպչական խնդիրներ:
12:07 - 22 մարտի, 2021
Կմշակվի պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին բնակարանով ապահովելու ծրագիր

Կմշակվի պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին բնակարանով ապահովելու ծրագիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կազմակերպվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված և փաստացի բնակված քաղաքացիներին բնակարանով կամ բնակելի տնով ապահովելու նպատակով գործողությունների ծրագիր։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված և (կամ) փաստացի բնակված քաղաքացիներին (այսուհետ՝ շահառուներ) բնակարանով կամ բնակելի տնով ապահովելու նպատակով կազմակերպել գործողությունների ծրագիր։ 2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հետ համատեղ կազմել և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված շահառուների ցուցակը։ 3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ՝ մինչև 2021 թվականի մայիսի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Արցախի Հանրապետության տարածքում բնակարանների (բնակելի տների) կառուցման և այդ նպատակով հողերի հատկացման համար հնարավոր համայնքների ցանկը՝ ըստ բնակարանների (բնակելի տների) հնարավոր առավելագույն քանակի և մակերեսի։ 4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հետ համատեղ մինչև 2021 թվականի հունիսի 1-ը իրականացնել շահառուների և (կամ) նրանց ընտանիքների նույնականացում՝ ըստ սոցիալական խմբերի»,- ասված է որոշման մեջ:
11:01 - 22 մարտի, 2021
Այսօրվանից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Գլխավոր շտաբի պետի պաշտոնին․ ՀՀ կառավարության հայտարարությունը

Այսօրվանից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Գլխավոր շտաբի պետի պաշտոնին․ ՀՀ կառավարության հայտարարությունը

ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Արտակ Դավթյանի՝ իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․ «Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: 2021թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ: Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին նույն օրը գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին»։
09:19 - 22 մարտի, 2021