Ինֆոքոմ

Կառավարությունը որոշեց օտարման ներկայացնել  Քանաքեռ Զեյթունում գտնվող ԱԱԾ հասարակական շենքը

Կառավարությունը որոշեց օտարման ներկայացնել Քանաքեռ Զեյթունում գտնվող ԱԱԾ հասարակական շենքը

Կառավարությունը այսօր որոշեց մրցույթով օտարման ներկայացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն  ամրացված 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասը, որ գտնվում է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում։  2018 թ․-ին ԱԱԾ-ին հանձնված գույքը նախկին հասարակական նշանակության մարզական կոմպլեքսի շենք է դրա օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։ Գույքը ներկայացվել է օտարման դեռ 2020 թ․-ին գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Ներկայումս Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 2 միլիարդ 592 միլիոն 490 000 դրամ։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
11:27 - 17 հունիսի, 2022
«Գազպրոմ»-ն Ավստրիայի, Գերմանիայի և Իտալիայի էներգետիկ ընկերություններին ծանուցել է գազի մակատակարարման կրճատման մասին

«Գազպրոմ»-ն Ավստրիայի, Գերմանիայի և Իտալիայի էներգետիկ ընկերություններին ծանուցել է գազի մակատակարարման կրճատման մասին

Ավստրիայի OMV, Իտալիայի Eni, Գերմանիայի Uniper ընկերությունները հունիսի 15-ին ծանուցում են ստացել ռուսական «Գազպրոմ» ընկերությունից՝ գազի մատակարարման ծավալների կրճատման մասին, գրում է Meduza-ն։ Eni ընկերությունը ծանուցվել է մատակարարումների 15% կրճատման մասին, Uniper-ը՝ 25%։ OMV-ն չի հաղորդել, թե որքանով են կրճատվելու մատակարարումները, սակայն, ինչպես և Uniper-ը, նշել է, որ կարող է փոխարինել դրանք այլ աղբյուրների հաշվին։ Հունիսի 14-ին «Գազպրոմը» հայտնել էր, որ 40%-ով կրճատելու է գազի հոսքը «Հյուսիսային հոսք-1» գազատարով։ Ընկերությունը նշել էր, որ պատճառը Վիբորգի «Պորտովայա» կոմպրեսորային կայանի սարքավորումների վերադարձի ուշացումն է, որոնք վերանորոգման էին ուղարկվել։ Գերմանիայի էներգետիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը ԵՄ-ին մատակարարվող գազի կրճատման մասին «Գազպրոմի» որոշումը քաղաքական է անվանել։ Նրա խոսքով՝ այդ կերպ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել եվրոպական գազային շուկան և բարձրացնել գները։ Հունիսի 14-16-ը գազի գներն Ամստերդամի բորսայում 97 եվրոյից հասել են գրեթե 130 եվրոյի՝ մեկ ՄՎտ/ժ-ի դիմաց։ Ինչպես նշել է ՌԲԿ-ն, OMV, Eni և Uniper էներգետիկ ընկերություններն ավելի վաղ համաձայնել էին ռուսական գազի դիմաց վճառման նոր սխեմային, որի համաձայն՝ պետք է ռուսական «Գազպրոմբանկում» երկու հաշիվ բացել՝ ռուբլով և դոլարով/եվրոյով։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
18:04 - 16 հունիսի, 2022
Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել հրաժարվել Սիրիայի հյուսիսում պլանավորվող գործողությունից

Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել հրաժարվել Սիրիայի հյուսիսում պլանավորվող գործողությունից

Մոսկվան Անկարային կոչ է արել հրաժարվել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն իրականացնելու գաղափարից։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի նախագահի՝ սիրիական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ «[Գործողության] անցկացման մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել, այդ պատճառով էլ մենք դիմել ենք և դիմում եմ մեր թուրք գործընկերներին, որպեսզի նրանք զերծ մնան Սիրիայի տարածքում ուժային գործողությունների իրականացումից», - ասել է նա։ Լավրենտևը նշել է, որ դա կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրման, այդ թվում՝ զինված դիմակայության։ «Դա կարող է խթանել անջատողական տրամադրությունները Սիրիայի հյուսիս-արևելքի այսպես կոչված ինքնավար վարչակազմում, այս հարցում շահագրգռված չեն ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը, ոչ Իրաքը, ոչ Իրանը», - ընդգծել է նա։ Լավրենտևի խոսքով՝ պետք է փորձել խնդրին այլ լուծում տալ՝ առանց ուժային մեթոդների։ Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության անցկացման հաշվին Թուրքիան ամբողջությամբ չի լուծի իր ազգային անվտանգության խնդիրները։ «Թուրքիայի ազգային անվտանգության խնդիրները կարելի է լուծել, կարծում եմ, միայն սիրիական կառավարական զորքերի կողմից տարածքների սահմանների նկատմամբ լիակատար վերահսկողության սահմանման հաշվին։ Ցավոք, այդպիսի բան դեռ չի նկատվում, այնտեղ դեռևս իրոք հիմնականում գտնվում են ինքնապաշտպանության քրդական ջոկատները», - ասել է Լավրենտևը։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
17:21 - 16 հունիսի, 2022
Ռուսաստանում անցկացվում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը

Ռուսաստանում անցկացվում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեկնարկել է Պետերբուրգի 25-րդ միջազգային տնտեսական համաժողովը, պաշտոնական բացումն արել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը, հայտնում է «Ինտերֆաքսը»։ «Մենք մեր համաժողովից ակնկալում ենք բաց և անմիջական երկխոսություն, այն շատ կարևոր է ռուսաստանցի և օտարերկրացի գործընկերների համար», - ասել է նա։ Համաժողովն իր աշխատանքը սկսել է հունիսի 15-ին և կավարտի հունիսի 18-ին։ Ուրբաթ օրը՝ հունիսի 17-ին, լիագումար նիստին ելույթ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Համաժողովի գլխավոր թեման այս տարի հետևյալն է․ «Նոր աշխարհ՝ նոր հնարավորություններ»։ Գործնական ծրագիրը ներառում է մարտահրավերների քննարկում, որոնց բախվել է Ռուսաստանը,  անդրադարձ նոր տնեսական կարգերին և շատ այլ հարցերի։ Կայանալու են միջպետական բիզնես-երկխոսություններ և թեմատիկ բիզնես-նախաճաշներ, գործարար շրջանակների հանդիպումներ։ Նախատեսված են հանդիպումներ Չինաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Իրանի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
16:19 - 16 հունիսի, 2022
Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Ռումինիայի առաջնորդներն Ուկրաինա են ժամանել

Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Ռումինիայի առաջնորդներն Ուկրաինա են ժամանել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն Ուկրաինա են ժամանել։ Նրանք այցելել են Կիևի շրջանի Իրպեն քաղաք, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։ Մասնավորապես, այս երկրների առաջնորդները շրջել են քաղաքում, տեսել ավերածություններն ու ծանոթացել վերականգնման պլաններին։ Ինչպես նշել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը, չորս պետությունների առաջնորդները մտադիր են աջակցության և համերաշխության ազդակ հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ժողովրդին։ Նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ նշված երկրների ղեկավարները Վլադիմիր Զելենսկու հետ այսօր քննարկելու են, մասնավորապես, պարենային անվտանգության, զենքի և Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցերը։ Երմակը նշել է, որ ակնկալիքներ կան, որ նրանք կսատարեն Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման հայտը։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
15:43 - 16 հունիսի, 2022
Նոյեմբերյանցի աշակերտները «վերակենդանացում են» դպրոցի ջերմոցը

Նոյեմբերյանցի աշակերտները «վերակենդանացում են» դպրոցի ջերմոցը

Նոյեմբերյանի ավագ դպրոցի աշակերտները որոշել են պերմակուլտուրայի սկզբունքներին հետևելով «վերակենդանացնել» իրենց դպրոցի մոտ գտնվող ջերմոցը։  «Climate Uturn» ծրագրի օգնությամբ աշակերտները համապատասխան գիտելիքներ են ստացել և անցած տարվա նոյեմբերից սկսել են աշխատանքը ջերմոցի վրա։  Պերմակուլտուրան գյուղատնտեսության մեջ նորարարական մոտեցում է, որի միջոցով շրջակա միջավայրին հնարավորինս քիչ վնաս պատճառելով աճեցնում են բույսեր, մշակաբույսեր և այլն։ Այն վերականգնվող գյուղատնտեսության ուղղություններից մեկն է։ Ջերմոցի աշխատանքների մասնակիցներից Սյուզաննան պատմում է, որ ինքը և՛ ջերմոցում է աշխատում, և՛ ինֆորմացիոն  բնույթի աշխատանքներին է մասնակցում․  «Ջերմոցի աշխատանքին մասնակցում է մեր դասարանը ու մեր զուգահեռ դասարանը։ Բոլոր աշակերտները որոշ չափով ներգրավված են, որոշները՝ ինֆորմատիվ մակարդակով, որոշները հենց ջերմոցում են աշխատում։ Մեր առաջին քայլը տերևներ հավաքելն է եղել․ հողի վրա ստվարաթուղթ ենք փռել, դրա վրա՝ տերևներ, ու հողը պարարտացրել ենք։ Դա հենց պերմակուլտուրայի մի քայլ է։ Երկու շաբաթ առաջ մենք մեր առաջին բերքն ենք հավաքել՝ բոլոկին, և դպրոցի ուսուցիչներն էլ գնել են այդ բերքը»։Ջերմոցի առաջին բերքը Այս պահին երեխաները հիմնականում կանաչեղեն են աճեցնում ջերմոցում, սակայն հետագայում միտք ունեն նաև զեյթունի, կիտրոնի ծառեր աճեցնել։ Սյուզաննան պատմում է, որ ջերմոցը այս պահին անբարենպաստ վիճակում է, և այն վերանորոգելու համար դրաաշնորհների են դիմել․ մի քանի կազմակերպություններ աշակերտներին տրամադրել են դրամաշնորհներ, այդ թվում՝ Քեմբրիջի համալսարանի «Tizard» հիմնադրամից։Նա կարծում է, որ ջերմոցը իրենց համայնքին առողջ սնունդ է տալու․ «Մենք նաև  որոշել ենք ջերմոցի բերքի մի մասը տրամադրել դպրոցի աշակերտներին, տարրական դասարաններին, նրանք սնվում են դպրոցում ու  պետք է առողջ ուտելիք ունենան։ Նաև ասեմ, որ մեր համայնքում պատանիները հողի հետ այդքան սեր չունեն, ինձ թվում է՝ մեր աշխատանքը նրանց համար մոտիվացիա կլինի, և ամենքը իրենց այգում մի անկյուն կունենան ու հենց իրենք դրա վրա կաշխատեն, թեկուզ պերմակուլտուրային ձևով»։ Պերմակուլտուրային ջերմոցը ֆեյսբուքյան խումբ էլ ունի․ դրա պատասխանատուներից մեկը Սյուզաննայի համադասարանցին է՝ Արաքսյան։ Նա պատմում է, որ իրենց ֆեյսբուքյան խմբում կարելի է պերմակուլտուրայի մասին հայերեն նյութեր գտնել․ «Պերմակուլտուրայի մասին հայերեն նյութեր հիմնականում չկան, մենք թարգմանություններ ենք անում ու տեղադրում մեր խմբում, հետաքրքրվողներ կան, նույնիսկ մեզնից խորհուրդներ են հարցնում։ Ես նաև ազատ ժամերին աշխատում եմ ջերմոցում»։ Արաքսյայի կարծիքով՝ Նոյմեբերյանում չկա ներքին շուկա, և այս ջերմոցը ինչ-որ առումով կարող է լրացնել այդ բացը․ «Մեր համայնքում ներքին շուկա չկա, այստեղ բանջարեղենի արտադրություն չկա, ու վաճառողները այդ ամենը ներկրում են ուրիշ քաղաքներից։ Մենք ինչ-որ չափով և՛ այլ վայրեր գնալու ճանապարհածախսն ենք կրճատում, և՛ մաքուր արտադրանք ենք տալիս։ Եթե այնտեղի արտադրանքը  վստահելի չէ, մարդիկ չգիտեն՝ որտեղից են այն  բերել, ապա մեր արտադրանքի դեպքում գիտեն, այդ ամենը հենց իրենց աչքի առջև ենք աճեցնում, երևի թե ինչ-որ տոկոսային չափով կկարողանանք ապահովել ներքին շուկան»։ Նա նաև պատմում է, որ իրենց մարզի մյուս գյուղերում այս ջերմոցի «մասնաճյուղերը» բացելու և այդ եղանակով իրենց համայնքում պերմակուլտուրան զարգացնելու գաղափար ունի․ «Նաև գաղափար ունեմ, որ երբ ջերմոցն ամբողջությամբ պատրաստ  լինի, մենք կողքի գյուղից էքկուրսիա կազմակերպենք մեր ջերմոց, առաջարկենք, օգնենք, որ իրենք էլ մեր ջերմոցի մասնաճյուղը բացեն իրենց գյուղում»։Արաքսյան ու Սյուզաննան պատմում են, որ ջերմոցում ամեն օր 4-5 աշակերտներով աշխատում են․ «Այստեղ աշխատելը հետաքրքրել է նաև այն աշակերտներին, որոնք ի սկզբանե ներգրավված չեն  եղել ծրագրում․ նրանք նույնպես օրական մի քանի ժամով գալիս են ջերմոց, աշխատում այնտեղ»։  Եվ Արաքսյան, և Սյուզաննան այս ջերմոցի աշխատանքներից ոգեշնչվելով որոշել են նաև իրենց այգում նմանատիպ ջերմոց հիմնել, ասում են՝ սա իրենց համար հոբբի է, որից մեծ հաճույք են ստանում։ Նանե Ավետիսյան
14:07 - 16 հունիսի, 2022
Եվրոպան ավելացրել է հարավաֆրիկյան ածխի ներմուծումը՝ փորձելով այլընտրանք գտնել ռուսականին․ Reuters

Եվրոպան ավելացրել է հարավաֆրիկյան ածխի ներմուծումը՝ փորձելով այլընտրանք գտնել ռուսականին․ Reuters

Եվրոպական երկրները, որոնք փորձում են այլընտրանք գտնել ռուսական ածխին, այս տարվա առաջին հինգ ամսում 40%-ով ավելի շատ ածուխ են ներկրել հարավաֆրիկյան արտահանման գլխավոր հանգույցից, քան 2021 թ-ին, հայտնում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Այս տարվա մայիսի վերջի տվյալներով՝ Ռիչարդս Բեյ հարավաֆրիկյան ածխային տերմինալը (RBCT) 3 մլն 240 հազար 752 տոննա ածուխ է արտահանել եվրոպական երկրներ, որը կազմում է RBCT-ի արտահանման ընդհանուր ծավալի 15%-ը, 2021 թ-ին այն կազմել է 2 մլն 321 հազար 190 տոննա (4%)։ Օգոստոսի երկրորդ կեսից սկսած՝ Եվրամիությունն արգելելու է ռուսական ածխի ներկրումը, դա Մոսկվայի դեմ լայնամասշտաբ պատժամիջոցների մի մասն է։ RBCT-ն դեռ չի պատասխանել մեկնաբանություն տալու հարցմանը։ Այն սովորաբար ցուցանիշները ներկայացնում է տարեկան կտրվածքով և արտահանման ուղղությունների վերաբերյալ մանրամասն տվյալներ չի տրամադրում։ Այս տարի RBCT-ից ածուխ են գնել Նիդերլանդներն, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Դանիան, Լեհաստանը, Գերմանիան և Ուկրաինան։ Նրանցից ոմանք սկսել են ածուխ ներկրել RBCT-իц միայն փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Նիդերլանդները RBCT-ից ածուխ չի գնել այս տարվա հունվարին և փետրվարին, սակայն 1,27 մլն տոննա ներկրել է մարտին, ապրիլին և մայիսին, ընդ որում՝ ծավալներն ավելանում են յուրաքանչյուր ամիս։ RBCT-ից ածխի ներկրման ծավալներով այն չորրորդն է, նրան բաժին է ընկել տերմինալի արտահանման ընդհանուր ծավալի 5,76%-ը։ Ֆրանսիան RBCT-ից յոթնապատիկ ավելի շատ ածուխ է գնել այս տարի՝ 464 հազար 432 տոննա՝ ի տարբերություն անցյալ տարվա 68 հազար 5 տոննայի։ Իսպանիան, Լեհաստանն ու Գերմանիան անցյալ տարի նույնպես ածուխ չեն ներկրել տերմինալից։ Այս տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում Իսպանիան գնել է 355 հազար 250 տոննա ածուխ, Լեհաստանը՝ 181 հազար 515 տոննա, Գերմանիան՝ 157 հազար 383 տոննա։ Ճապոնիան, որը նույնպես հայտարարել է, որ արգելելու է ռուսական ածխի ներկրումը, հունվարից ի վեր RBCT-ից գնել է 388 հազար 249 տոննա ածուխ, ինչը գրեթե կրկնակի ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։ Չինաստանը՝ 2021 թ-ին RBCT-ից ամենաշատ ածուխ ներկրած երրորդ երկիրը (6,09 մլն տոննա), այս տարի տերմինալից ածուխ չի գնել, սակայն ավելացրել է ռուսական ածխի ներկրման ծավալները։ Եվրոպական երկրներ արտահանման աճը տեղի է ունեցել՝ չնայած RBCT-ի աշխատանքի ցածր ցուցանիշներին։ Տեխնիկական վատ սպասարկումը, գնացքաքարշերի պակասն ու պղնձե մալուխների գողությունը խաթարել են հարավաֆրիկյան պետական երկաթուղային բեռնափոխադրումները, որոնց միջոցով ածուխը տեղափոխվում էր RBCT և մյուս տերմինալներ։ Որոշ հանքափորներ ածուխը տեղափոխում են բեռնատարներով։ 2022 թ-ի հինգ ամսում RBCT-ն արտահանել է 22 մլն 057 հազար 587 տոննա ածուխ։ Այս տեմպերով տերմինալում կրկին կգրանցվի տարեկան արտահանման անկում այն դեպքում, երբ 2021 թ-ին արտահանման ծավալներն ամենացածրն են եղել 1996 թ-ից ի վեր»։   Նորա Վանյան
20:28 - 15 հունիսի, 2022
Եվրահանձնաժողովը մտադիր է ԵՄ-ին հորդորել՝ Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավճակ շնորհել․ Politico

Եվրահանձնաժողովը մտադիր է ԵՄ-ին հորդորել՝ Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավճակ շնորհել․ Politico

Եվրահանձնաժողովը հորդորելու է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ շնորհել, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով հանձնաժողովում կայացած քննարկումներին լավատեղյակ իր աղբյուրները։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Եվրահանձնակատարների կոլեգիայում դեբատներն անցկացվել են այն բանից հետո, երբ հունիսի 11-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն անակնկալ այց է կատարել Կիև, որտեղ Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սա ֆոն դեր Լյայենի երկրորդ այցն էր Ուկրաինայի մայրաքաղաք այն բանից հետո, երբ փետրվարի վերջին սկսվել է Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը։ Զելենսկին և ուկրաինացի մյուս պաշտոնյաները կողմ են արտահայտվել երկիրը՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածու ճանաչելուն՝ նշելով, որ դա կբարձրացնի բարոյական ոգին պատերազմի ժամանակ։ Եվրահանձնակատարների միջև տեղի ունեցած քննարկումներին ծանոթ պաշտոնյաներն ասել են, որ հստակ գիտակցում կա, թե ինչ զոհողությունների են գնացել ուկրաինացիները, հանձնակատարները նաև լավ հասկանում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պետք է աներկբա ազդակ ուղարկել․ նա կորցրել է Ուկրաինան իր ազդեցության հնարավոր գոտի վերադարձնելու բոլոր հնարավորությունները։ Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրումը պահանջում է Եվրամիության 27 անդամ պետությունների ղեկավարների միաձայն հաստատումը։ Նրանք այս հարցն, ինչպես ակնկալվում է, քննարկելու են հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ Որոշ պաշտոնյաներ և դիվանագետներ հայտնել են, որ նվազագույնը երեք երկիր նախկինի պես դեմ է այդ  կարգավիճակի շնորհմանը։ Կողմ արտահայտվողները նշել են, որ այս կարգավիճակի տրամադրման ձգձգումը խորապես կարող է բարոյալքել Ուկրաինան, քանի որ նրա տարածք ներխուժած ռուսական զորքերը շարունակում են ավելի մեծ տարածքներ զբաղեցնել երկրի հարավում և արևեմլքում՝ ձգտելով գրավել ողջ Դոնբասը։ Վերջին շաբաթների ընթացքում որոշ առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել են, որ օգտակար կլիներ Ուկրաինային որևէ ժամանակավոր կարգավիճակ շնորհել, որը կամրապնդեր նրա հարաբերությունները ԵՄ հետ։ Մակրոնն ասել է, որ, անգամ եթե Ուկրաինան թեկնածու երկիր ճանաչվի, ԵՄ-ին միանալու առկա ընթացակարգերի համաձայն՝ ավելի քան տասը տարի կպահանջվի անդամակցման համար։ Մոլդովան ու Վրաստանը նույնպես թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտեր են ներկայացրել, և որոշ աղբյուրների պնդմամբ, եվրահանձնակատարներն, ընդհանուր առմամբ, սատարել են Մոլդովային, որի ներկայիս կառավարությունը կողմ է եվրաինտեգրմանը։ Սակայն նրանք պակաս վստահ են Վրաստանի հարցում, որտեղ քաղաքական շարժառիթներով հուզումներ են տեղի ունենում, իսկ վերջին տարիներին ժողովրդավարական հարցերում զգալի նահանջ կա։ Ելիսեյան պալատի պաշտոնական ներկայացուցիչը կրկնել է Մակրոնի խոսքերն այն մասին, որ թեկնածուի կարգավիճակը, եթե այն տրամադրվի, միայն շատ ավելի երկար գործընթացի մեկնարկն է։ «Եթե Ուկրաինան թեկնածուի կարգավիճակ ստանա, մենք պետք է հասկանանք, թե երբ են սկսվելու բանակցությունները։ Դուք գիտեք, որ ԵՄ անդամակցության մեթոդաբանությունը ենթադրում է բանակցություններ՝ ըստ կետերի։ Եվ կան պահանջներ, որոնք համապատասխանում են ԵՄ չափանիշներին, սակայն դրանք շատ բան կպահանջեն Ուկրաինայից», - ասել է նա։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնյաներն աշխատում են ուժեղացված ռեժիմով, որպեսզի իրենց կողմ տրամադրեն ԵՄ երկրների այն ղեկաարներին, որոնք դեռևս համոզված չեն, որ Կիևին պետք է թեկնածուի կարգավիճակ տալ հաջորդ շաբաթ։ «Մենք իրոք արժանի ենք հաջորդ տրամաբանական քայլին՝ թեկնածուի կարգավիճակին, - ասել է Ժովկվան Politico-ին։ - Անդամակցությանը դեռ շատ կա։ Սա նույնիսկ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկ չէ։ Մենք արժանի ենք գոնե սրան»։ «Մենք չենք ընդունի որևէ այլընտրանք կամ փոխզիջում, ինչպես մեզ ասում են որոշ առաջնորդներ, կամ որևէ շեղում թեկնածուի կարգավիճակից», - ընդգծել է նա»։   Նորա Վանյան
20:18 - 15 հունիսի, 2022
Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև ուղիղ կապ կգործի՝ հացահատիկի խնդրի կարգավորման համար

Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև ուղիղ կապ կգործի՝ հացահատիկի խնդրի կարգավորման համար

Թուրքիայի պաշտպանության նախարարության աջակցությամբ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև արտակարգ ուղիղ կապ կգործի՝ ուկրաինական  տարածքից հացահատիկի արտահանման խնդրի կարգավորման համար, հայտնում է «Կոմերսանտը»։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան մտադիր է խնդրի կարգավորման աշխատանքն ավարտել հնարավորինս արագ։ «Մենք ինտենսիվ բանակցային շփումներ ունենք, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Երկու կողմերն էլ որոշ վերապահումներ ունեն։ Մենք նաև աշխատում ենք միջանկյալ վերապահումների լուծման վրա», - ասել է նա։ «Հացահատիկի խնդիրը» Ուկրաինայի տարածից պարենի արտահանման գործընթացում առաջացած բարդություններն են։ Ուկրաինան դա գնահատում է՝ որպես ռուսական բանակի գործողությունների հետևանք, որը խոչընդոտում է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանմանն ու գողանում այդ պաշարները։ Ռուսաստանը մեղադրանքները հերքում է։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
17:39 - 15 հունիսի, 2022
Ուկրաինայի նախագահը ստիպված է բանակցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

Ուկրաինայի նախագահը ստիպված է բանակցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Ռումինիա է ժամանել ՆԱՏՕ-ի հարավային թև և Մոլդովա կատարելիք եռօրյա այցի շրջանակում, խոստացել է «ամեն ինչ անել»՝ դադարեցնելու համար Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, հայտնում է Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը։ «Մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ կանգնեցնելու համար ռուսական զորքերը, որպեսզի օգնենք ուկրաինացիներին, նրանց բանակին և բանակցությունների վերսկսմանը», - ասել է նա։ Ֆրանսիայի նախագահն այսօր ավելի ուշ մեկնելու է Մոլդովա՝ հանդիպելու արևմտամետ նախագահ Մայա Սանդուի հետ։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են նաև, որ հունիսի 16-ին նա այցելելու է Կիև, սակայն այս տվյալները չի հաստատել Մակրոնի գրասենյակը։ «Առաջին իսկ օրվանից Ֆրանսիան հստակ հայտարարել է, որ Ռուսաստանն ագրեսոր է։ Բայց մենք պետք է սթափ դատենք։ Մենք չենք պատերազմում Ռուսաստանի դեմ», - ասել է նա։ «Ուկրաինայի նախագահն ու նրա պաշտոնյաները ստիպված են բանակցել Ռուսաստանի հետ», - հավելել է Ֆրանսիայի նախագահը։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
17:19 - 15 հունիսի, 2022
Խորհրդարանը հաստատեց 2021 թ․-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Խորհրդարանը հաստատեց 2021 թ․-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Խորհրդարանը այսօր հաստատեց 2021 թ․-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը․ այն հաստատվեց 68 կողմ, 0 դեմ ձայներով։ Հաշվետվության քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ 2021 թ. պետական բյուջեն հաստատվել եւ իրականացվել է Կառավարության գործունեության ծրագրի նպատակներին համապատասխան: «Այդ սահմաններում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել մակրոտնտեսական կայունության երաշխավորմանը, աճի եւ զարգացման ներուժի ավելացմանը, սոցիալական եւ տնտեսական տարբեր ծրագրերի միջոցով առաջնահերթ խնդիրների կարգավորմանը»։ Նշենք, որ այսօր ընթացան ՀՀ  8-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի վերջին նիստերը․ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո նստաշրջանն ավարտվեց։ Խորհրդարանի չորրոդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին։
17:18 - 15 հունիսի, 2022
Նախարարի աշխատավարձի եւ պարգևավճարի չափը կարո՞ղ է համարվել գաղտնիք․ դատարանը կքննի Ֆիննախի բողոքն ընդդեմ ԱՏՊԳ որոշման

Նախարարի աշխատավարձի եւ պարգևավճարի չափը կարո՞ղ է համարվել գաղտնիք․ դատարանը կքննի Ֆիննախի բողոքն ընդդեմ ԱՏՊԳ որոշման

Պաշտոնատար անձանց աշխատավարձերի եւ պարգեւավճարների հրապարակայնության հարցը պարբերաբար քննարկման առարկա է դառնում, եւ պետական մարմինները, այդ տեղեկությունները անձնական տվյալ համարելով, որպես կանոն, խուսափում են հարցման հիման վրա լրատվամիջոցներին տրամադրել: Այս տարվա հունվար ամսին Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ բոլոր նախարարություններին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2021 թվականի ընթացքում նախարարի պաշտոնը զբաղեցրած անձանց յուրաքանչյուր ամիս ստացած աշխատավարձերի եւ դրանց հավասարեցված այլ վճարների (պարգեւավճար, հավելավճար եւ այլն) մասին։ Գրավոր հարցումն ուղարկել էինք՝ հաշվի առնելով, որ այդ տեղեկությունը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով ենթակա է հրապարակման հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերում, սակայն այդ պահին դեռեւս հրապարակված չէր, քանի որ տվյալ տարվա հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը չէր լրացել։ 12 նախարարություններից 10-ը (բացառությամբ Արտաքին գործերի եւ Շրջակա միջավայրի նախարարությունների) մերժել էին տեղեկության տրամադրումը՝ նշելով միայն, որ նրանց վարձատրության չափը որոշվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախարարները հայտարարատու անձինք են, որ նրանց եկամուտներին կարող ենք ծանոթանալ ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրում եւ այլն։ 10 նախարարությունից 2-ը՝ Էկոնոմիկայի նախարարությունն ու Ֆինանսների նախարարությունը, տեղեկության տրամադրումը մերժել էին՝  նաեւ այն անձնական տվյալ դիտարկելու հիմքով։ Մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարությունը նշել էր, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ եւ 199-րդ հոդվածների՝ պահանջվող տեղեկությունը պարունակում է աշխատողի անձնական տվյալներ, որն առանց աշխատողի գրավոր համաձայնության չի կարող փոխանցվել երրորդ անձանց, եթե դա նախատեսված չէ օրենքով․ «Միաժամանակ հայտնում ենք, որ հայտարարատու պաշտոնատար անձանց եկամուտների մասին տեղեկությունը օրենսդրությամբ սահմանված ժամկետներում եւ կարգով հրապարակվում է»,- ասված էր պատասխանում։ Ֆինանսների նախարարությունից նշել էին, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձնական տվյալներ մշակողը պարտավոր է հետեւել եւ ապահովել, որ տվյալները մշակվեն օրենքի պահանջների պահպանմամբ, իսկ Աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց առանց աշխատողի գրավոր համաձայնության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում: Նախարարությունից մեջբերել էին նաեւ նույն օրենսգրքի 199-րդ հոդվածը, ըստ որի՝ աշխատողի աշխատավարձի եւ աշխատանքի այլ պայմանների վերաբերյալ տվյալները տրամադրվում կամ հրապարակվում են միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կամ աշխատողի համաձայնությամբ․ «Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով, որ սուբյեկտի անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելիս կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրելիս անձնական տվյալները մշակող պետական կառավարման մարմինը պարտավոր է առաջնորդվել աշխատողի կամահայտնությամբ եւ առանց նրա գրավոր համաձայնության նրա տվյալները չփոխանցի այլ անձանց՝ բացառությամբ, եթե այլ օրենքներով այլ բան է նախատեսված, ուստի պահանջված տեղեկատվությունը չենք կարող տրամադրել»,- նշել էին Ֆինանսների նախարարությունից՝ հավելելով, որ նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը արդեն իսկ ներկայացրել է իր 2021 թվականի եկամուտների մասին հայտարարագիրը, իսկ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ կներկայացնի սահմանված կարգով եւ ժամկետում․ «Հետևաբար առաջարկում ենք համապատասխան տեղեկությանը ծանոթանալ համապատասխան հայտարարագրերից»,- ասված էր պատասխանում։ Համաձայն չլինելով նախարարությունների դիրքորոշումներին՝ փետրվարի 16-ին մենք դիմել էինք Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը (այսուհետ՝ Գործակալություն)՝ ներկայացնելով մեր առարկությունը եւ խնդրելով համապատասխան  վարույթի շրջանակում պարզել՝  2021 թ․ Էկոնոմիկայի եւ Ֆինանսների նախախարարների պաշտոնը զբաղեցրած անձանց տարեկան եկամուտների վերաբերյալ տեղեկության տրամադրումը հակասո՞ւմ է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին թե՞ ոչ, եւ արդյո՞ք որեւէ նախարարի տարեկան եկամուտը կարող է դիտարկվել անձնական կյանքի գաղտնիք համարվող տվյալ, քանի դեռ այն հրապարակելու օրենքով սահմանված ժամկետը չի լրացել։ Մայիսի 18-ին Գործակալությունը տեղեկացրել է, որ մեր գրության առիթով սեփական նախաձեռնությամբ հարուցել է երկու առանձին վարույթներ` հիշյալ տեղեկությունը հարցման հիման վրա տրամադրելու դեպքում անձնական տվյալների մշակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու համար, որոնցով ապրիլի 28-ին կայացվել են որոշումներ։ Գրավոր հարցման հիման վրա նույն օրը Գործակալությունը որոշումները տրամադրել է մեզ։ Որոշման կայացումից ավելի քան մեկ ամիս անց՝ հունիսի 9-ին, Ֆինանսների նախարարությունը դատական կարգով բողոքարկել է Գործակալության՝ իրեն վերաբերելի որոշումը։ Բողոքը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին։ Գործով դատական նիստ դեռեւս նշանակված չէ։ Ֆինանսների նախարարությունն ի սկզբանե առարկել է Գործակալության՝ վարույթ հարուցելու որոշման դեմ 2022 թվականի մարտի 22-ին իրականացված լսումների ընթացքում Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներն առարկել են Գործակալության կողմից վարույթ հարուցելու լիազորության կապակցությամբ՝ նշելով, որ առկա չեն անձնական տվյալների սուբյեկտի՝ տվյալների մշակման դեպք, իսկ տեղեկատվության ազատության իրավունքի խախտումը քննարկելու լիազորություն Գործակալությունը չունի։  Ի պատասխան՝ Գործակալությունը պարզաբանել է, որ վարույթի հարուցման որոշումից էլ ակնհայտ է, որ այն հարուցվել է ոչ թե Ֆինանսների նախարարության կողմից տեղեկություն չտրամադրելու իրավաչափությունը ստուգելու, այլ հարցման հիման վրա անձնական տվյալներ տրամադրելու դեպքում անձնական տվյալների մշակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու համար։ Գործակալությունը նաեւ նշել է՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված «տեղեկություն»-ը, այն դեպքերում, երբ հանդիսանում է ֆիզիկական «անձի վերաբերյալ տվյալ», նույնանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված «անձնական տվյալ»-ի հետ: Հետեւաբար, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն անձնական տվյալների մշակում նախատեսող օրենք է․ «Կոնկրետ դեպքում անձնական տվյալներ մշակողի կողմից անձնական տվյալի հետ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալը դեռեւս չի նշանակում, որ առկա չէ անձնական տվյալների պաշտպանության իրավահարաբերություն, եւ չի նշանակում, որ Գործակալությունն ինքնըստինքյան չունի նման դեպքերում անձնական տվյալներ մշակողի կողմից անձնական տվյալների մշակման՝ օրենքով սահմանված պահանջների պահպանմանն անդրադառնալու լիազորություն»,- ասված է որոշման մեջ։ Տեղեկության անձնական տվյալ լինելն ինքնին չի ենթադրում հարցման հիման վրա այն տրամադրելու արգելք Անդրադառնալով արդեն բուն խնդրին՝ Գործակալությունը նշել է, որ 2021 թվականին Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձանց ստացած աշխատավարձերի եւ դրանց հավասարեցված այլ վճարների մասին տեղեկություններն անձնական տվյալներ են, իսկ դրանք հարցման հիման վրա տրամադրելը՝ անձնական տվյալների մշակում։ Անձնական տվյալների մշակումը կհամարվի օրինական, եթե մշակումն իրականացվի կա՛մ անձնական տվյալի սուբյեկտի համաձայնությամբ, կա՛մ համաձայնության բացակայության դեպքում մշակումն ուղղակիորեն նախատեսված լինի օրենքով, կա՛մ տվյալները ձեռք բերվեն անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից: Ընդ որում, ըստ Գործակալության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անձնական տվյալի մշակման հիմքերից որեւէ մեկն ընտրելու հայեցողությունը պետք է մեկնաբանել հնարավորինս նեղ. այն պարագայում, երբ անհրաժեշտ է, որ պետական մարմինն օգտվի անձնական տվյալի մշակման համաձայնության կամ հանրամատչելի աղբյուրից ձեռք բերված լինելու հիմքերից, անհրաժեշտ է, որ այդ հնարավորությունը (հայեցողությունը) նույնպես արտացոլված լինի օրենքով: Ուստի տվյալ դեպքում, ըստ Գործակալության, անհրաժեշտ է պարզել՝ հարցման հիման վրա հիշյալ տեղեկությունը տրամադրելը նախատեսվա՞ծ է օրենքով եւ համապատասխանու՞մ է արդյոք անձնական տվյալների մշակման օրինականության սկզբունքին: Հաշվի առնելով այն, որ Ֆինանսների նախարարությունը հարցմամբ պահանջված տեղեկությունների տրամադրումը մերժելիս վկայակոչել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ եւ 199-րդ հոդվածները՝ Գործակալությունն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաեւ դրանց վերաբերելիությանը: Գործակալությունը դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին՝ խնդրելով պարզաբանել, թե ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմաստով ո՞վ է նախարարի գործատուն, եւ նախարարի հետ աշխատանքային հարաբերություններում ի՞նչ կարգավիճակ ունի նախարարությունը։ Հարցմանն ի պատասխան՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակը, ի թիվս այլնի, նշել է, որ նախարարի գործատուի վերաբերյալ հարցն անհրաժեշտ է քննարկել աշխատանքային օրենսդրությամբ սահմանված «դասական» աշխատանքային հարաբերությունների տիրույթից դուրս՝ ի թիվս այլ օրենդրական կարգավորումների, հարցը դիտարկելով նաեւ սահմանադրական կարգավորումների համատեքստում: Արդյունքում, Գրասենյակից նշել են, որ նախարարի գործատուն պետությունն է։ Այս պատասխանը հիմք ընդունելով՝ Գործակալությունը եզրակացրել է, որ Նախարարության՝ Աշխատանքային օրենսգրքից մեջբերած դրույթները վերաբերելի չեն սույն վարույթով քննարկվող դեպքին եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի իմաստով նախարարության կողմից նախարարի անձնական տվյալների մշակում նախատեսող դրույթներ չեն: Մարտի 22-ին իրականացված վարչական լսումների ընթացքում Նախարարության ներկայացուցիչները նշել են, որ հարցմամբ պահանջվող տվյալները թեեւ գաղտնիք չեն, սակայն պաշտպանվող գաղտնի տվյալներ են, որոնք առանց համաձայնության հրապարակման կամ հարցման հիման վրա տրամադրման ենթակա չեն: Ըստ նախարարության՝ Ատոմ Ջանջուղազյանի համաձայնությունը ստանալ հնարավոր չի եղել, քանի որ նա այլեւս չի պաշտոնավարում, իսկ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը իր անձնական տվյալների տրամադրման համաձայնությունը չի տվել: Անդրադառնալով վերոնշյալին՝ Գործակալությունն ընդգծել է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ինքնին չի արգելում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այդ թվում՝ հրապարակումը կամ փոխանցումը, չի սահմանում պետական մարմնի կողմից անձնական տվյալներ տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ չի սահմանում այս կամ այն անձնական տվյալների՝ գաղտնիք լինելու կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ անձնական տվյալն ինքնին անձնական տվյալ լինելու ուժով դեռեւս գաղտնիք չէ։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում անձնական տվյալները չեն նույնանում գաղտնիք հանդիսացող տեղեկությունների, իսկ անձի՝ անձնական տվյալների պաշտպանության իրավունքը՝ անձնական տվյալները ցանկացած պարագայում գաղտնի պահելու կամ այլոց համար դրանց մատչելիությունը սահմանափակելու հետ։ Անձնական տվյալը, այդ թվում՝ անձնական կյանքի տվյալը, տվյալի տեսակի անվանումն է, այլ ոչ թե ռեժիմը, այսինքն՝ անձնական տվյալները, ըստ Գործակալության, կարող են լինել նաեւ հանրամատչելի: Հետեւաբար, սխալ կլինի այն եզրակացությունը, որ տեղեկության անձնական տվյալ հանդիսանալն ինքնին, անկախ տվյալների առերեւույթ զգայնունությունից, ենթադրում է այդ տվյալները տրամադրելու արգելք:  Գործակալության կարծիքով՝ նշվածից բխում է, որ հարցման հիման վրա անձի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել ոչ թե անձնական տվյալ լինելու, այլ որեւէ, այդ թվում՝ անձնական կամ ընտանեկան գաղտնիք լինելու հիմքով: Ընդ որում, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը նույնպես չի սահմանում կոնկրետ այս կամ այն տվյալի գաղտնիք լինելը, այն բլանկետային նորմ է, հղում է անում տեղեկության կարգավիճակին, որը պետք է սահմանված լինի վերաբերելի այլ իրավական ակտերով։  Արդյունքում, Գործակալությունը որոշել է, որ Ֆինանսների նախարարության կողմից 2021 թվականի ընթացքում Ֆինանսների նախարարի պաշտոն զբաղեցրած անձանց ստացած աշխատավարձերի եւ դրանց հավասարեցված այլ վճարների մասին տեղեկությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարցման հիման վրա հարցմամբ դիմողին տրամադրելը, այնքանով, որքանով չի պարունակի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկություններ, չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին: Հայտարարագրման ենթակա անձնական տվյալները հրապարակելու ժամկետ սահմանելն ինքնին չի հանգեցնում այդ տվյալի գաղտնիության Անդրադառնալով մեր այն հարցին՝ արդյո՞ք որեւէ նախարարի տարեկան եկամուտը կարող է դիտարկվել անձնական կյանքի գաղտնիք համարվող տվյալ, քանի դեռ այն հրապարակելու օրենքով սահմանված ժամկետը չի լրացել՝ Գործակալությունը հիշեցրել է իր նախկին որոշումներից մեկը, ըստ որի՝ տեղեկությունը, որը ենթակա է հրապարակման (կամ հրապարակվել է), ենթակա է նաեւ հարցման հիման վրա հարցմամբ դիմողին տրամադրման: Այս որոշումը կայացնելիս Գործակալությունը հիմնվել էր ՀՀ վարչական դատարանի ՎԴ/4141/05/11 վարչական գործով հայտնած դիրքորոշման վրա, որի համաձայն՝ այն տեղեկությունը, որը երրորդ անձինք oրինական հիմքերով ազատորեն uտանալու հնարավորություն ունեն, այլեւս չի կարող համարվել որեւէ գաղտնիք։ Անդրադառնալով կոնկրետ ժամկետներին՝ Գործակալությունն արձանագրել է, որ եթե անձնական տվյալի հրապարակման համար սահմանված է որեւէ ժամկետ, ապա մինչեւ այդ ժամկետի վրա հասնելը հարցման հիման վրա դրա տրամադրման թույլատրելիության հարցը պարզելու համար էական է այն, թե ինչ նպատակով է անձնական տվյալի հրապարակման համար ժամկետ սահմանված, եւ մինչեւ հրապարակման ժամկետի վրա հասնելն ինչ կարգավիճակ ունի այդ անձնական տվյալը, արդյո՞ք որեւէ օրենքով սահմանված է որպես որեւէ գաղտնիք թե ոչ:  Գաղտնիքի կարգավիճակ ունեցող տվյալների համար, ըստ Գործակալության, կարող է սահմանված լինել հրապարակման (գաղտնազերծման) ժամկետ՝ նպատակ ունենալով մինչեւ այդ ժամկետի վրա հասնելը սահմանափակելու այդ տվյալներին երրորդ անձանց մատչելիությունը կամ այդ տվյալների հանրամատչելիությունը: Միեւնույն ժամանակ գաղտնիքի կարգավիճակ չունեցող տվյալների համար նույնպես կարող է սահմանված լինել հրապարակման ժամկետ՝ նպատակ ունենալով ոչ թե մինչեւ այդ ժամկետի վրա հասնելը սահմանափակելու այդ տվյալներին երրորդ անձանց մատչելիությունը կամ այդ տվյալների հանրամատչելիությունը, այլ հակառակը, ապահովելու, որ տվյալ ժամկետը վրա հասնելու պահի դրությամբ հենց տվյալները հանրամատչելի դառնան: Գործակալությունն ընդգծել է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, որը սահմանում է հանրամատչելի անձնական տվյալները, եկամուտների հայտարարագրումը եւս համարում է հանրամատչելի, այսինքն՝ բոլորին մատչելի, հասանելի տվյալներ։ Արդյունքում, Գործակալությունը կարծիք է հայտնել, որ օրենքով անձնական տվյալը (այդ թվում՝ հայտարարագրման ենթակա) հրապարակելու ժամկետ սահմանելն ինքնին չի հանգեցնում այդ անձնական տվյալի գաղտնիության, իսկ անձնական տվյալի հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում մինչեւ անձնական տվյալի հրապարակման համար սահմանված ժամկետը վրա հասնելը անձնական տվյալները երրորդ անձանց կարող են փոխանցվել կամ այլ կերպ մատչելի դարձվել միայն օրենքներով, այդ թվում՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, այդ թվում՝ հարցման հիման վրա․ «Անձնական տվյալի հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում մինչեւ անձնական տվյալի հրապարակման համար սահմանված ժամկետը վրա հասնելը պետական մարմնի տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներին երրորդ անձանց մատչելիությունը կամ այդ տվյալների հանրամատչելիությունը սահմանափակելու անհրաժեշտության դեպքում անձնական տվյալները կամ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը պետք է դասակարգվեն որպես որեւէ գաղտնիք»,- ասված է Գործակալության որոշման մեջ։ Գործակալությունը համանման որոշում է կայացրել նաեւ Էկոնոմիկայի նախարարության վերաբերյալ գործով։   Միլենա Խաչիկյան
17:16 - 15 հունիսի, 2022
IKEA-ն վաճառում է իր բոլոր չորս գործարանները Ռուսաստանում

IKEA-ն վաճառում է իր բոլոր չորս գործարանները Ռուսաստանում

IKEA-ն հայտնել է, որ վաճառելու է իր բոլոր չորս գործարանները Ռուսաստանում։ Ընկերությունը դա հիմնավորել է նրանով, որ պատժամիջոցների պատճառով վատթարացել է բիզնես-գործընթացների և մատակարարման շղթաների հետ կապված իրավիճակը։ Ընկերությունը կկրճատի նաև բիզնեսն ու աշխատակիցների թիվը ՌԴ-ում, գրում է «Կոմերսանտը»։ Թե քանի մարդ է նախատեսվում ազատել աշխատանքից, չի հաղորդվում։ Ռուսաստանում և Բելառուսում IKEA-իապրանքների ներկրումը և արտահանումը դեռևս չի պլանավորվում վերականգնել։ IKEA բրենդի 17 խանութ և 8 ստուդիա էր աշխատում Ռուսաստանում, ընկերության աշխատակիցների թիվը կազմում էր գրեթե 15 հազար։ IKEA-ի բոլոր խանութները Ռուսաստանում ժամանակավորապես փակ են մարտի 4-ից։ Պատճառը պատերազմն է Ուկրաինայում։ Ընկերությունը ռուսական շուկայից ժամանավորապես հեռանալը բացատրել էր լոգիստիկ շղթաների խզմամբ։   Նորա Վանյան 
16:43 - 15 հունիսի, 2022
Ռուսաստանը «հատուկ գործողությունում» վերջակետ կդնի այնտեղ, որտեղ իրեն է պետք․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը «հատուկ գործողությունում» վերջակետ կդնի այնտեղ, որտեղ իրեն է պետք․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ուզում բանակցություններ վարել, դա նրա իրավունքն է։ Ռյաբկովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել երկխոսությունն Ուկրաինայի հետ։ Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանը վերջակետ կդնի «հատուկ գործողությունում այնտեղ, որտեղ իրեն է պետք», հայտնում է «Կոմերսանտը»։ «Մեր արձագանքն այն է, որ այդ պլանները (Ռուսաստանին պարտության մատենու Ուկրաինայի պլանները) խաթարվելու են, դրանք ձախողվելու են, մենք վերջակետ ենք դնելու այնտեղ, որտեղ մեզ է պետք»,- ասել է Ռյաբկովը «Ռոսիա-1» հեռուստաընկերության եթերում։ Նա նշել է, որ Ռուսաստանը պետք է ապացուցի «կամքի ուժով, զենքի ուժով, այն դիքերը անհողդողդ պաշտպանելու մեր պատրաստակամությունը, որոնք նախանշվել են մեր ղեկավարության կողմից»։ Քաղաքական և դիվանագիտական մեթոդներ պետք են, դրանք չի կարելի մի կողմ թողնել, սակայն նպատակները հստակ որոշված են, հավելել է Ռյաբկովը։ «Եթե Զելենսկին ու նրա թիմը պատրաստ չեն բանակցություններին, և բոլոր նրանք, ովքեր կանգնած են նրա հետևում, մտադիր են շարունակել Ուկրաինային զենք մատակարարելու անմիտ, ավելի ճիշտ՝ անխոհեմ քայլերը, դա նրանց ընտրություն է։ Դա տխուր է, ողբերգական, սակայն մենք չենք կարող նահանջել», - ասել է նա։ Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները կայացել են մարտի 29-ին Ստամբուլում։ Հունիսի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկացած պահի պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միջնորդների ներկայությամբ կամ առանց նրանց, եթե Մոսկվան նույնպես պատրաստ է երկխոսության և Ուկրաինայից իր զորքերի դուրսբերման։   Նորա Վանյան  
16:04 - 15 հունիսի, 2022
Եվրամիությունը համաձայնագիր է կնքել Եգիպտոսի և Իսրայելի հետ՝ գազի մատակարարման ավելացման մասին

Եվրամիությունը համաձայնագիր է կնքել Եգիպտոսի և Իսրայելի հետ՝ գազի մատակարարման ավելացման մասին

Եվրամիությունն, Իսրայելն ու Եգիպտոսն այսօր գործարք են կնքել Եմ երկրներին բնական հեղուկ գազի մատակարարման ծավալների ավելացման մասին, գրում է The Associated Press-ը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Իսրայելն ավելի մեծ քանակությամբ գազ կուղարկի ԵՄ երկրներ Եգիպտոսի միջոցով, որն այն հեղուկ վիճակում կարտահանի ծովով։ «Ես ջերմորեն ողջունում եմ այս պատմական համաձայնագրի սստորագրումը», - ասել է ֆոն դեր Լյայենը Եգպիպտոսի և Իսրայելի էներգետիկայի նախարարների հետ համատեղ ասուլիսին։ Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը կնքվել է Եվրոպայի ջանքերով, որոնք ուղղված են էներգակիրների մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացմանը և Ռուսաստանից զատ այլ «հուսալի մատակարարներից» դրանց ներկրմանը։ Գործարքի համաձայն՝ Եվրամիությունը կօգնի Եգպիտոսին և Իսրայելին ավելացնել գազի արդյունահանումն ու նրանց տարածքային ջրերում բացահայտել դրա նոր աղբյուրներ։ Դեռևս պարզ չէ, թե ինչ ծավալով գազ է Եվրոպային մատակարարելու Իսրայելը կամ Եգիպտոսը։ Անցյալ տարի ԵՄ-ն գազի իր պահանջարկի 40%-ը ներկրել է Ռուսաստանից, սա դժվարություններ է առաջացրել ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
15:14 - 15 հունիսի, 2022