ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը հետևել են ԱԻՆ ուսումնական վարժանքներին

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը հետևել են ԱԻՆ ուսումնական վարժանքներին

Սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, դեսպանների և հյուրերի հետ, հետևել են ԱԻՆ անձնակազմի ներգրավվամբ անցկացվող «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը աղետի գոտում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը։ Վարժանքի մեկնարկից առաջ նախապես ծավալված ուսումնական կետերում և վրանային ավաններում բարձրաստիճան հյուրերին են ներկայացվել հրդեհաշիջման, փրկարարական, սակրավորական, տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն ապահովելու աշխատանքների համար կիրառվող նորագույն տեխնիկական և նյութական միջոցները, անօդաչու թռչող սարքերը և այլն։ Ուսումնավարժության ընթացքում խաղարկվել է պայմանական երկրաշարժ։ Ներգրավված էր 150 ծառայող փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումներից: Գործնական վարժանքի նպատակն էր կատարելագործել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս։
21:08 - 03 սեպտեմբերի, 2021
Զորակոչիկի մեկից ավելի հիվանդությունները պետք է գնահատվեն ոչ թե առանձին-առանձին, այլ առողջության վրա ընդհանուր ազդեցությամբ. ՄԻՊ-ը առաջարկներ է ուղարկել ԱԺ և ՊՆ

Զորակոչիկի մեկից ավելի հիվանդությունները պետք է գնահատվեն ոչ թե առանձին-առանձին, այլ առողջության վրա ընդհանուր ազդեցությամբ. ՄԻՊ-ը առաջարկներ է ուղարկել ԱԺ և ՊՆ

ՄԻՊ Արման Թաթոյանն առաջարկներ է ուղարկել ԱԺ և ՊՆ․ «Օրենքի պատճառով մի քանի հիվանդություններ ունեցող զորակոչիկին բժշկական հանձնաժողովը դրանք դիտարկում է առանձին-առանձին, չի գնահատում հիվանդությունների համակցված ազդեցությունն իրենց առողջության վրա: Արդյունքում, զորակոչիկները ճանաչվում են զինվորական ծառայության համար պիտանի՝ սահմանափակումով: Խնդիրն այն է, որ գործող օրենսդրության համաձայն՝ եթե զորակոչիկն ունի 5 և ավելի հիվանդություն (ծառայության համար սահմանափակում նախատեսող), ապա զինծառայությունից ստանում է տարկետում: Փաստորեն, գործող կարգավորումները նախատեսում են հիվանդությունների «քանակական փունջ, մինչդեռ կարևոր է, որ լինի նաև հիվանդությունների «որակական փունջ»։ Հիվանդությունների «որակական փունջ» սահմանված չլինելը բերում է մի վիճակի, որ բժշկական հանձնաժողովն այդ հիվանդությունները գնահատում է առանձին-առանձին՝ այլ ոչ թե ընդհանուր վերցրած, և արդյունքում անձը զորակոչվում է զինվորական ծառայության։ Սակայն զորակոչվելու դեպքում հնարավոր է զինապարտի փաստացի առողջական վիճակը թույլ չտա լիարժեք կերպով կատարել զինվորական պարտականությունները, և նույնիսկ մեծ հավանականություն կա, որ ծառայության ընթացքում ավելի կխորանան առկա հիվանդությունները, կամ նույնիսկ անձը ձեռք կբերի հաշմանդամություն։ Նմանատիպ բողոքներ են ստացվում հատկապես զորակոչերի ընթացքում: Մարդու իրավունքների պաշտպանի կատարած ուսումնասիրությունները փաստում են, որ հիվանդությունների քանակական փնջի հետ միասին անհրաժեշտ է սահմանել «հիվանդությունների որակական փունջ», ինչպես նաև անձին զինվորական ծառայության զորակոչելիս նրա առողջական վիճակի համակարգված գնահատման մեխանիզմ: Ճիշտ է, պետությունն է որոշում զորակոչիկների առողջության և պիտանիության չափանիշները, սակայն զորակոչիկները պետք է ֆիզիկապես և հոգեպես պատրաստ լինեն զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված փոփոխությունների բարդություններին: Կարևոր է ի սկզբանե ծառայության զորակոչել առողջ քաղաքացիների, իսկ որոշակի առողջական խնդիրների առկայության դեպքում հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դրանք լինեն համատեղելի ծառայության հետ և զինծառայողների համար չդառնան անհամաչափ բեռ: Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ինչպես տարեկան հաղորդումներում, այնպես էլ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրավասու ստորաբաժանումների հետ քննարկումների ընթացքում: Հասկանալի է, որ նշված առաջարկության իրացումը ենթադրում է որոշակի բարդություններ և առողջական վիճակի գնահատման որակական չափանիշների որոշման հատուկ մեխանիզմների կանխատեսում: Սակայն հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է զորակոչիկների պատշաճ փորձաքննության և զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների առողջական վիճակի պահպանման պետության պոզիտիվ պարտականությանը՝ պետական մարմինները պարտավոր են առողջական վիճակի գնահատման այնպիսի մեխանիզմներ սահմանել, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե զորակոչիկի կամ զինծառայողների մոտ առկա առողջական խնդիրների որակական համակցությունը արդյոք թույլ կտա պատշաճ իրականացնել զինվորական պարտականությունները և չի հանգեցնի առողջական խնդիրների վատթարացման: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներով արձանագրվել է մեկ այլ խնդիր նույնպես: Այսպես, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 8-ի թիվ 405-ն որոշման համաձայն՝ այն զորակոչիկները, որոնք հայտարարված զորակոչի ընթացքում հետազոտությունների արդյունքում ճանաչվում են պիտանի զինվորական ծառայությանը սահմանափակումով 5 և ավելի տարբեր հիվանդություններով («քանակական փունջ»), ճանաչվում են բուժման կարիք ունեցող և նրանց տրվում է տարկետում մինչև 1 տարի ժամկետով` բուժման նպատակով: Մինչդեռ, որոշմամբ սահմանված չէ զինվորական ծառայությունից ազատելու հնարավորություն այն դեպքերի համար, երբ, օրինակ, 5-րդ հիվանդությունն անձը ձեռք է բերում ծառայության ընթացքում: Արդյունքում ստացվում է, որ նույն առողջական վիճակն ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է, իսկ այն պարտադիր ժամկետային զինծառայողները, որոնց առողջական վիճակը վատթարանում է ծառայության ընթացքում, շարունակում են ծառայել: Հետևաբար, անհրաժեշտ է նախատեսել, որ զինվորական ծառայության ընթացքում հինգերորդ հիվանդության ձեռքբերումն առնվազն հիմք է զինծառայողի պիտանիության վերանայման համար: Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ: Մանրամասները տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ»:
12:03 - 03 սեպտեմբերի, 2021
Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում ոչ միայն չի իրականացվում, այլև՝ նախատեսված չէ. ՊՆ

Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում ոչ միայն չի իրականացվում, այլև՝ նախատեսված չէ. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե նախարար Արշակ Կարապետյանը հրատապ է համարել նախարարության շենքային պայմանների բարելավումը և դրա համար գումար է պահանջել կառավարությունից:  «Ի պատասխան «168 ժամ»-ի՝ «1 միլիարդ 75 միլիոն դրամ՝ ոչ թե դիրքերի, այլ ՊՆ շենքի լավ պայմանների համար» վերնագրով հոդվածի, որում պնդում կա, թե «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրատապ է համարել Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավումը և ոչ, ասենք, չկահավորված դիրքերի կահավորումը, ուստի լավ շենքային պայմաններում աշխատելու նպատակով 1 միլիարդ 75 միլիոն դրամ (1.075.322,7 հազար դրամ) գումար պահանջող նախագիծ է ներկայացել Կառավարության համաձայնությանը», հայտնում ենք, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ լրատվամիջոցը մեջբերում է ընդամենը ծախսային հոդվածի անվանումը, որի տակ, սակայն, կան մի շարք տողեր, որոնք, հիմնականում, վերաբերում են կապիտալ գնումներին, մասնավորապես՝ սպառազինություն և տեխնիկա ձեռք բերելուն։ «Այսինքն՝ լրատվամիջոցի պնդումը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև, ըստ էության, տեղի է ունենում տրամագծորեն հակառակը. պաշտպանության նախարարությունը կրճատում է մի շարք ծախսեր, կատարում բյուջեի վերաբաշխում և այդ գումարների հաշվին կատարում գնումներ, որոնք միտված են բանակի մարտունակության ամրապնդմանը»,- պարզաբանված է հաղորդագրության մեջ ու ընդգծված՝ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում ոչ միայն չի իրականացվում, այլև նախատեսված էլ չէ։ ՊՆ-ն ևս մեկ անգամ կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ, որոնք վնաս են հասցնում ՀՀ զինված ուժերի հեղինակությանը:
11:10 - 03 սեպտեմբերի, 2021
Արշակ Կարապետյանը պարգևատրել է պատերազմին մասնակցած բժիշկների

Արշակ Կարապետյանը պարգևատրել է պատերազմին մասնակցած բժիշկների

ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած բժիշկների պարգևատրման արարողություն, որին ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը,  ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի պատասխանատուներ։ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով գերատեսչական մեդալներով են պարգևատրվել պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների և կամավորների կյանքեր փրկած բուժաշխատողներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «սպիտակ բանակի» ներկայացուցիչներին անձնվեր աշխատանքի ու նվիրումի համար, շեշտելով, որ նրանք առանց դադարի շարունակել են ծառայությունը նաև պատերազմից հետո` զինվորներին երկրորդ կյանք պարգևելու և նորից շարք վերադարձնելու համար։
22:39 - 02 սեպտեմբերի, 2021
«Խաղաղության մարտիկ-2021» մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ ԶՈՒ հավաքական թիմը. ՊՆ

«Խաղաղության մարտիկ-2021» մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ ԶՈՒ հավաքական թիմը. ՊՆ

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն: Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ «Խաղաղության մարտիկ» մրցույթը դարձել է մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն՝ նպաստելով միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը՝ ի շահ խաղաղության և անվտանգության: Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո, մրցավարական հանձնաժողովի որոշմամբ, «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ լավագույնը Ղազախստանի մասնակիցն է՝ ավագ սերժանտ Տոլկին Բակիժանովան: Երկրորդ տեղում ՀՀ զինված ուժերի թիմից ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանն է: Երրորդը ՌԴ թիմից լեյտենանտ Ալեքսանդրա Ախտուլովան է: Տղամարդկանց անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմից ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը: Մրցանակային երկրորդ տեղը նույնպես Հայաստանինն է՝ ավագ լեյտենանտ Հարություն Յախանյան: Երրորդ տեղում Ռուսաստանի մասնակիցն է՝ սերժանտ Անդրեյ Վեդենսկի: Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի Դաշնության թիմն է: «Խաղաղության մարտիկ-2021» մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքական թիմը՝ տանելով վստահ և վաստակած հաղթանակ: Բոլոր մրցանակակիրները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը եզրափակվել է ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով: «Խաղաղության մարտիկ-2021» մրցույթին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների և Քաթարի Պետության (դիտորդի կարգավիճակով) զինված ուժերի ներկայացուցիչները: Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների:պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Չորրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:
18:18 - 01 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը զոհ ունի. ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը զոհ ունի. ՊՆ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Գեղամ Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
14:54 - 01 սեպտեմբերի, 2021
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է մի շարք զորամասեր

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է մի շարք զորամասեր

Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային շրջայց է կատարել մի շարք զորամասեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպման և օրվա կարգացուցակով նախատեսված մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքին։ Պաշտպանության նախարարը ծանոթացել է ստորաբաժանումների ուսումնական գործընթացին, առանձնահատուկ ուշադրություն դարձրել զորամասերի սոցիալ-կենցաղային, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման պայմաններին, հրամանատարական կազմին խիստ ցուցում տալով մշտական վերահսկողության տակ պահել դրանք: Աշխատանքային շրջայցի ընթացքում Արշակ Կարապետյանը եղել է նաև եռամսյա վարժական հավաքների անցկացման մի քանի շրջաններում, հանդիպել պահեստազորայիններին, զրուցել նրանց հետ, շնորհակալություն հայտնել Հայրենիքի պաշտպանությանն անմիջական մասնակցություն բերելու համար և բարի ծառայություն մաղթել, վստահեցնելով, որ հավաքներով պայմանավորված նրանց սոցիալական խնդիրների լուծումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։
11:11 - 01 սեպտեմբերի, 2021
Պաշտպանության նախարարը հրահանգել է անել հնարավորը հավաքների եռամսյա ժամկետն առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար

Պաշտպանության նախարարը հրահանգել է անել հնարավորը հավաքների եռամսյա ժամկետն առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է օգոստոսի 25-ից մեկնարկած եռամսյա հավաքների ընթացքը։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին մի քանի օրվա արդյունքների վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, դրական գնահատելով քաղաքացիների պատրաստակամությունը՝ մասնակցել երկրի պաշտպանունակության բարձրացման համար կարևոր այս միջոցառմանը, միևնույն ժամանակ, հրահանգել է անել հնարավորը՝ հավաքների եռամսյա ժամկետն առավելագույնս արդյունավետ օգտագործելու և մասնակիցների տեսական ու գործնական գիտելիքները էապես հարստացնելու համար։
19:29 - 30 օգոստոսի, 2021
Արշակ Կարապետյանը Չինաստանի դեսպանին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ շրջաններում վերջին օրերի զարգացումները

Արշակ Կարապետյանը Չինաստանի դեսպանին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ շրջաններում վերջին օրերի զարգացումները

Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը և նրա օգնականը: ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և  նորանոր հաջողություններ մաղթել  պատասխանատու պետական առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը դեսպան Ֆան Յունին տեղեկացրել է տարածաշրջանային իրադրության մասին և ներկայացրել ՀՀ սահմանամերձ շրջաններում վերջին օրերի զարգացումները: Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում: Քննարկվել է նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը:  
18:17 - 30 օգոստոսի, 2021
Արշակ Կարապետյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը

Արշակ Կարապետյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան  Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի: Այս մասին հայտնում է ՊՆ-ն: Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Լաիտենենին և գնդապետ Փայփսին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել` ի նպաստ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման: Տիկին դեսպանն, իր հերթին, շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ դա տեղի է ունենում Հայաստանի համար բավական բարդ ժամանակահատվածում։  ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների մասին:  Արշակ Կարապետյանը վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ միևնույն ժամանակ շեշտելով Հայաստանի սահմանները և տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
17:09 - 30 օգոստոսի, 2021
Արշակ Կարապետյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայման հարցը

Արշակ Կարապետյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայման հարցը

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ պատասխանատու պետական առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական համագործակցության, երկու երկրների փոխգործակցության ընդլայնման, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով պլանավորված միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:
22:17 - 27 օգոստոսի, 2021
Արվելու է առավելագույնը, որ հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային և մարտական պատրաստությանը. պաշտպանության նախարարը հանդիպել է եռամսյա հավաքների մասնակիցներին

Արվելու է առավելագույնը, որ հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային և մարտական պատրաստությանը. պաշտպանության նախարարը հանդիպել է եռամսյա հավաքների մասնակիցներին

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցներին։ Զրուցելով պահեստազորի՝ շարքային, ենթասպայական ու սպայական կազմի հետ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոչ է արել անել ամեն ինչ՝ հավաքների եռամսյա ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու համար։  Արշակ Կարապետյանը հորդորել է հարգել հարամանատարներին և անվերապահորեն կատարել նրանց հրամանները։ Պաշտպանության նախարարը շեշտել է, որ արվելու է առավելագույնը, որպեսզի հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային և մարտական պատրաստությանը։ Արշակ Կարապետյանը նաև վստահեցրել է, որ կառավարության կողմից արվելու է հնարավորը՝ հավաքների հետ կապված, մասնակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար։ Պաշտպանության նախարարը եղել է դաշտային ճաշարանում և ստուգել սննդի որակը՝ անձամբ համտեսելով մատուցվող ճաշատեսակները։ Արշակ Կարապետյանն այցելել է նաև վրանային ավան, տեղում ծանոթացել հավաքի մասնակիցների կենցաղ-կացարանային պայմաններին, զորամիավորման ու զորամասի հրամկազմին հանձնարարել անել առավելագույնը՝ որակյալ սնունդն ու կացարանային պատշաճ պայմաններն ապահովելու համար։ Այնուհետև Արշակ Կարապետյանն այցելել է նորաստեղծ Հատուկ զորամիավորում, որի  ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել  գեներալ-մայոր Բուդաղյանի ավանդը բանակաշինության և Հայրենիքի պաշտպանության գործում և ընդգծել, որ զորամիավորման անձնակազմը պետք է մշտապես պատրաստ լինի իր առջև դրված խնդիրների կատարմանը։ Արշակ Կարապետյանը հրամանատարական կազմին հորդորել է անել առավելագույնը՝ եռամսյա  հավաքների շրջանակում ստորաբաժանումները համալրած պահեստազորայինների վերապատրաստումն առավել արդյունավետ անցկացնելու համար։ Աշխատանքային շրջայցի ավարտին նախարար Կարապետյանը եղել է եռամսյա հավաքների անցկացման շրջաններից ևս մեկում, հանդիպել պահեստազորայիններին և ծանոթացել նրանց համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նախարարը հավաստել է, որ իր այցերը պարբերական են լինելու, իսկ հավաքների անցկացման հետ կապված խնդիրները գտնվում են իր անմիջական հսկողության ներքո։ Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին՝ Հայրենիքի պաշտպանության գործին ոչ թե խոսքով, այլ գործով մասնակցելու համար։  
12:25 - 27 օգոստոսի, 2021