Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանն ընդունեց Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին

Արարատ Միրզոյանն ընդունեց Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյզի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ քաղաքական լուրջ երկխոսություն է կայանում, նկատվում է նաեւ ակտիվացում երկու երկրների տնտեսական հարաբերություններում: ԱԺ նախագահը գործընկերներին ներկայացրեց ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակը: Ընդգծեց, որ Ադրբեջանը, ի հակասություն եռակողմ հայտարարության, չի կատարում ռազմագերիներին եւ այլ պահված անձանց վերադարձնելու իր պարտավորությունը, ավելին` շարունակում է իր հակահայ քաղաքականությունը: Ասածի նոր դրսեւորումն է վերջերս «պուրակի» բացումը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շիրկո Միրուեյզը բարձր գնահատեց հայկական կողմից Իրաքի վերաբերյալ հարցերում դիրքորոշման եւ միջազգային հարթակներում տրամադրած աջակցության համար: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացման շրջանակներում կարեւորագույն դեր ունեն տարբեր ոլորտներում համագործակցության մասին հուշագրերը, ինչի իրականացմանը վերահսկելու գործում խորհրդարանը կարեւոր դեր ունի: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր: Երկուստեք ընդգծվեց, որ իրաքցի խորհրդարանականների այցը կարող է լավ լիցք հանդիսանալ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման գործում: 
15:51 - 01 մայիսի, 2021
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է անցկացրել

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է անցկացրել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է անցկացրել Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի և ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միխաելա Ստոյկոսկայի մասնակցությամբ: Ներկաները քննարկել են համատեղ գործընկերության շրջանակներում իրականացվող «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքը, որն ուղղված է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Նախանշվել են ծրագրի շրջանակներում իրականացվելիք հաջորդ քայլերը: Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ գործընկերների հետ համագործակցությունն այս և այլ ծրագրերի շրջանակում կշարունակվի նաև հունիսին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իր աշխատանքը կսկսի նոր գումարման Ազգային ժողովը: 
16:47 - 28 ապրիլի, 2021
Կան անվիճելի և հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել և նույնիսկ սպանվել. ՀՀ ԱԺ նախագահ

Կան անվիճելի և հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել և նույնիսկ սպանվել. ՀՀ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «Խորհրդարանականների դերը միջազգային խաղաղության և վստահության ամրապնդման գործում» խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը: Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.  «Հարգելի տիկին Մամեդովա, Հարգելի գործընկերներ, հանդիպման մասնակիցներ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ հանդիպման բոլոր մասնակիցներին և երախտագիտություն եմ հայտնում այս միջոցառմանը մասնակցելու հրավերի համար: Ելույթի սկզբում կցանկանայի ընդգծել այս տարվա ապրիլի 14-ին կայացած Թուրքմենստանի Ազգային ժողովի (Միլի Գենգեշ) առաջին գումարման Ժողովրդական խորհրդի (Խալք Գենգեշի) առաջին նիստի կարևորությունը: Այս նշանակալի իրադարձությամբ ավարտվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որը նախաձեռնվել էր դեռ 2019-ին և այդ կապակցությամբ թույլ տվեք շնորհավորել բոլորիդ և մաղթել ձեզ նոր նվաճումներ, խաղաղություն և բարգավաճում: Հարգելի գործընկերներ, ինչպես բոլորս գիտենք, Թուրքմենստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը /Ասամբլեան/ միաձայն ընդունեց բանաձև` հռչակելով 2021 թվականը Խաղաղության և վստահության միջազգային տարի, որին համահեղինակ էին աշխարհի 73 երկրներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը: Այս իրադարձությունն անկասկած վկայում է համաշխարհային հանրության աջակցության մասին՝ Թուրքմենստանի խաղաղ և չեզոք արտաքին քաղաքականությանը, որն իրականացվում է հանուն համընդհանուր խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման ապահովման: Անցյալ տարի Թուրքմենստանում նշվեց ՄԱԿ-ի կողմից մշտական չեզոք կարգավիճակի ճանաչման 25-ամյակը, որը երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմքն է: Չեզոքության հռչակմամբ Թուրքմենստանը մտավ իր պատմության նոր փուլ, որի նպատակն էր զարգացնել միջպետական հարաբերություններն աշխարհի բոլոր պետությունների հետ բարիդրացիության, հավասարության և փոխադարձ շահերի հարգանքի սկզբունքներով: Թուրքմենստանի մշտական չեզոքությունը միջազգային խաղաղ փոխգործակցության հաստատման արդյունավետ գործիք է` նպաստող կայունության և անվտանգության ապահովմանը: Արագ փոփոխվող աշխարհում միջազգային համագործակցությունը, որը հիմնված է վստահության վրա, հանդիսանում է համաշխարհային հանրության առջև ծառացած խնդիրների լուծման ամենակարևոր և արդյունավետ միջոցը: Խորհրդարանականները՝ որպես իրենց ժողովուրդների ընտրված ներկայացուցիչներ, ունեն ամենակարեւոր գործառույթները` նպաստելու միջազգային խաղաղության և վստահության ամրապնդման գործընթացներին, որոնք, իհարկե, հիմնված են ներառական և կառուցողական երկխոսություն ապահովելու խնդրի վրա: Եվ օրենսդիրները կարող են կարևոր դեր ունենալ նման երկխոսության կազմակերպման գործում, որն ուղղված է ապահով, հուսալի, կայուն և խաղաղ համայնքի ստեղծմանը: Միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը կարող է ամուր հիմք հանդիսանալ վստահության ամրապնդման համար` նպաստելով երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ներուժի աստիճանական աճին: Միևնույն ժամանակ, գործընկերներ, անցյալ տարի մենք բոլորս ականատես եղանք այնպիսի գործողությունների և քաղաքականության, որոնք հակասում են մեր երկրների ժողովուրդների խաղաղասեր նկրտումներին: Չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերի վերջին՝ Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ և Մերձավոր Արևելքի տարբեր ահաբեկչական կազմակերպությունների վարձու գրոհայինների ներգրավմամբ, սանձազերծեց մասշտաբային ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ: Պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը նպատակաուղղված կրակում էին խաղաղ բնակիչների և կենսական ենթակառուցվածքների վրա, պղծում և ոչնչացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը, ներառյալ տաճարները, եկեղեցիները և այլ կրոնական և պատմական հուշարձաններ, ինչպիսիք են հայկական մարշալների և գեներալների հուշարձանները, ովքեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել եւ ջախջախել են նացիզմն ու ֆաշիզմը: Խաղաղ բնակչության դեմ օգտագործվել է քիմիական զենքի տարրեր պարունակող զինամթերք: Մինչ օրս Ադրբեջանը կոպտորեն խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները և շարունակում անօրինական կերպով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Կան անվիճելի և հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել և նույնիսկ սպանվել: Այս հանցագործությունները նկարահանվել և տարածվել են սոցիալական ցանցերում և լայնորեն հավանության են արժանացել ադրբեջանական հասարակության շրջանում: Իսկ վերջերս Բաքվում Լեռնային Ղարաբաղի պատերազմին նվիրված այսպես կոչված «այգու» բացումը մարդատյաց ու ազգամիջյան ատելության վառ վկայությունն է: Միայն ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացումը և ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: Հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թուրքմենական կողմին այս հանդիպումը կազմակերպելու համար, որն արդյունավետ հարթակ է հետագա համագործակցության նոր հնարավորությունների քննարկման, ինչպես նաեւ տեսակետների ու փորձի փոխանակման համար: Հուսով եմ, որ կառուցողական և բեղմնավոր քննարկումը կծառայի բազմակողմ միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ բոլոր կարևորագույն ուղղություններով, ինչպես նաև բարեկամության, վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը մեր երկրների միջև: Մաղթում եմ բոլորիս հաջողություն և բեղմնավոր աշխատանք: Շնորհակալություն ուշադրության համար»:
16:00 - 28 ապրիլի, 2021
Պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանվի. Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին

Պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանվի. Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին

Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի (ք. Փարիզ) նախագահ Մոհամեդ Բենալիլուն ասոցիացիայի բոլոր անդամների անունից բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` առաջարկելով պահպանել Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքին առնչվող դրույթը: Գործող դրույթը սահմանում է, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Մոհամեդ Բենալիլուն մտահոգություն է հայտնել այն մասին, որ այս դրույթի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ փոփոխությունը կթուլացնի հաստատության գործունեության ընդհանուր արդյունավետությունը և հատկապես նրա կարողությունը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ երկրի ողջ տարածքում ազատությունից զրկման վայրերն արդյունավետ մշտադիտարկում իրականացնելու համար: Բացի այդ, ասոցիացիայի նախագահն իր նամակում արձանագրել է, որ առաջարկվող փոփոխությունը նախաձեռնվել է առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկման և ներգրավմամբ: Հաշվի առնելով  Փարիզյան և Վենետիկյան սկզբունքները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Օմբուդսմանի և միջնորդական հաստատությունների դերը մարդու իրավունքների, լավ կառավարման և իրավունքի գերակայության խթանման և պաշտպանության գործում» բանաձևի վրա՝ նամակում կոչ է արվել պահպանել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դրույթը:
17:22 - 27 ապրիլի, 2021
Արարատ Միրզոյանն ընդունել է Քերոլայն Քոքսին

Արարատ Միրզոյանն ընդունել է Քերոլայն Քոքսին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ապրիլի 27-ին ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, որը Հայաստանում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ իր համար անձնապես մեծ պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին Ազգային ժողովում: ԱԺ նախագահը և բարոնուհի Քոքսը քննարկեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Արցախում հումանիտար իրավիճակի բարելավմանը, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող ռազմագերիների և այլ անձանց հայրենիք վերադարձին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղելու ջանքերը միջազգային գործընկերների հետ աշխատանքներում: Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Քերոլայն Քոքսին` շուրջ 30 տարի հայերի կողքին լինելու և այս տարիների ընթացքում անշահախնդրորեն արդարացի պայքար մղելու համար:
16:08 - 27 ապրիլի, 2021
Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ գերիներին և զերծ մնալ հայկական մշակութային ժառանգության վերացումից. Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ գերիներին և զերծ մնալ հայկական մշակութային ժառանգության վերացումից. Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակության հետ:Ողջունելով նախարարին՝ Արարատ Միրզոյանը հիշատակել է, որ Լիտվան առաջինն էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 2005-ին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների օրերին Լիտվայի ԱԳ նախարարի այցը, որը տեղի է ունենում կորոնավիրուսային համավարակի պայմաններում: Այս փաստը, ըստ ԱԺ նախագահի, վկայում է երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Խորհրդարանի խոսնակն անդրադարձել է Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիային և կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության պարտավորությունների չկատարմանն Ադրբեջանի կողմից: Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության 9-րդ կետը, հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ նրանց նկատմամբ արհեստական քրեական գործեր հարուցելով: ԱԺ նախագահը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, քանի դեռ չի իրացվել արցախահայերի ազատ ինքնորոշման իրավունքը, և անհրաժեշտ է շարունակել այս ուղղությամբ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել լիտվացի մի խումբ պատգամավորների սկզբունքային դիրքորոշումը, որով կոչ էր արվում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձի գործընթացը: Լիտվայի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է, որ այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Նա ընդգծել է, որ չնայած համավարակի և պատերազմի արդյունքում ստեղծված բարդ իրավիճակին՝ Հայաստանը հավատարիմ է մնում ժողովրդավարության արժեքներին և Լիտվայի անունից պատրաստակամություն հայտնել աջակցելու բարեփոխումների օրակարգին: Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նա հայտնել է, որ Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ինչպես նաև զերծ մնալ հայկական մշակութային ժառանգության վերացումից, եթե ցանկություն ունի կառուցողական երկխոսություն ծավալել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ոլորտային բարեփոխումների օրակարգը և հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական, միջազգային դիտորդական առաքելությունների մասնակցության վերաբերյալ հարցեր:
18:45 - 26 ապրիլի, 2021
ԱԺ նախագահը Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների թեմային

ԱԺ նախագահը Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների թեմային

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Սալինասի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար։ «Շնորհակալություն եմ հայտնել այս օրերին Երևանում գտնվելու համար, ինչն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ միջազգային հանրության ցավն է։ Հատկապես շնորհակալ եմ նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հնչեցրած տեսակետների համար։ Զրույցի ընթացքում տիկին Ֆերնանդեսին տեղեկացրել եմ, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո մինչ օրս Ադրբեջանը արհեստականորեն հրաժարվում է կատարել հայտարարության 9-րդ կետը, համաձայն որի ռազմագերիները և այլ պահվող անձինք պիտի անհապաղ հնարավորություն ստանային վերադառնալ իրենց հայրենիք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Ավելին, Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, ինչի վերջին վառ դրսևորումն այսպես կոչված «պատերազմին նվիրված պուրակի» բացումն էր։ Կենտրոնամերիկյան խորհրդարանի գործընկերներիս շնորհակալություն եմ հայտնել այս հարցում իրենց հետևողական դիրքորոշման համար, համաձայն որի դեռևս 2020 թ․ աշնանը կառույցի նախորդ նախագահն իր աջակցությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ սույն թվականի ապրիլի 19-ին Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահը և գործադիր խորհուրդը հայտարարել էին, որ անհրաժեշտ է կատարել նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր պարտավորությունները, հարգել միջազգային իրավունքը և իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կարոլինա Ֆերնանդեսը նշեց, որ իրենց համար պատիվ էր ապրիլի 24-ին գտնվել Հայաստանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տիկին Ֆերնանդեսը խոստացավ, որ Կենտրոնամերիկյան խորհրդարանը կշարունակի հետևողական լինել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացմանը։ Հանդիպման ավարտին խորհրդարանների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք` երկուստեք ընդգծելով, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել արդյունավետ փոխգործակցությունը»,- տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահը Ֆեյսբուքի իր էջում։
15:40 - 26 ապրիլի, 2021
ՀՀ ԸՕ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հրապարակվելուց հետո. Վլադիմիր Վարդանյան |1lurer.am|

ՀՀ ԸՕ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հրապարակվելուց հետո. Վլադիմիր Վարդանյան |1lurer.am|

1lurer.am: «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունները, որ ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահը, ուժի մեջ կմտնեն հրապարակվելուց հետո. տեղեկացրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Ստորագրելն առանձին գործընթաց է, առանձին փուլ, հրապարակելը՝ առանձին գործընթաց»,- մանրամասնեց նա: Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը և չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին: Վարդանյանը, անդրադառնալով Արմեն Սարգսյանի կողմից օրենքը չստորագրելուն, նշեց. «Ես որերորդ անգամ ցավ եմ արձանագրում, որ նախագահը հրաժարվում է ստորագրել այս կամ այն փաստաթուղթը կամ ուղղում այն ՍԴ: Դա նախագահի սահմանադրական լիազորությունների տիրույթում է, և մենք պետք է հարգենք այդ մոտեցումը: Բայց ասեմ՝ հիմնավորումները, որ դրվել են նախագահի հայտարարության մեջ, ըստ էության, համահունչ չեն Վենետիկի հանձնաժողովի տված եզրակացությանը»,- ասաց Վարդանյանը:
13:10 - 26 ապրիլի, 2021
ԱԺ նախագահն ու Կիպրոսի պաշտպանության նախարարն անդրադարձել են ԼՂ-ում թուրք-ադրբեջանական ագրեսիային

ԱԺ նախագահն ու Կիպրոսի պաշտպանության նախարարն անդրադարձել են ԼՂ-ում թուրք-ադրբեջանական ագրեսիային

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին Երևանում մասնակցելու համար, ինչը ևս մեկ անգամ փաստում է երկու երկրների բարեկամության և եղբայրության մասին: Խորհրդարանի խոսնակը նշել է, որ Հայաստանի և Կիպրոսի ամուր կապերը հիմնված են դարավոր քրիստոնեական և մշակութային կապերի վրա՝ հայտնում են ԱԺ-ից: Արարատ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանի խորհրդարանն իր հերթին ճանաչել է Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Նա նշել է, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափում: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին հյուրընկալության համար՝ նշելով, որ Կիպրոսը եղբայրական զգացմունքներով է լցված Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Պետրիդեսն ընդգծել է, որ մեր երկու երկրների արտաքին սպառնալիքները բավականին նման են՝ պայմանավորված Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ագրեսիային՝ երկուստեք կարևորելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանների միջև, պաշտպանական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր:
16:51 - 24 ապրիլի, 2021
Մեծապես գնահատում ենք Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային, անկողմնակալ դիրքորոշումը․ Արարատ Միրզոյանը՝  Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ] |tert.am|

Մեծապես գնահատում ենք Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային, անկողմնակալ դիրքորոշումը․ Արարատ Միրզոյանը՝ Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ] |tert.am|

tert.am: Այսօր մենք ոգեկոչում ենք հիշատակը մեկուկես միլիոն հայերի՝ կանանց, երեխաների, ծերերի, ովքեր սպանվեցին միայն նրա համար, որ հայ էին և քրիստոնյա: Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է, բայց այդ իրադարձությունները մեկ տարով չեն սահմանափակվել: Նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի համատեղ հայտարարության ժամանակ: «Ֆրանսիան առաջին պետությունն էր, որ օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Խորհրդանշանական է, որ սենատի նախագահ Լարշեի այցը Հայաստան տեղի է ունենում Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի և հայ ժողովրդի դեմ  Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի պատերազմից հետո, որը հանգեցրեց հսկայական մարդկային կորուստների և հումանիտար ծանր հետևանքներ առաջ բերեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար: Այս այցը գնահատում ենք որպես համերաշխության և աջակցության հստակ ուղերձ բարեկամ Ֆրանսիայի կողմից՝ նաև այս համատեքստում: Մենք մեծապես գնահատում ենք Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային, անկողմնակալ դիրքորոշումը»: «Այս բանաձևի ընդունումը կարևոր առաքելություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ամրապնդման հարցում, ինչպես նաև Արցախի միջազգային կարգավիճակի ճանաչման գործում՝ որպես արցախահայության կարևորագույն երաշխիք: Այն նաև սթափեցնող ուղերձ է՝ ուղղված Թուրքիային ու Ադրբեջանին, որտեղից հայատյաց ռազմատենչ հայտարարություններն առ այսօր չեն դադարում հնչել»:  Միրզոյանը նշեց, որ նախագահ Լարշեի և պատվիրակության անդամների հետ անդրադարձել են նաև հայ ռազմագերիների և Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ազգի անձանց անհապաղ վերադարձի մասին, որը գերխնդիր է մնում Հայաստանի համար: Նա ընդգծեց, որ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին պահելը և նրանց քաղաքական սակարկությունների համար պատանդի վերածելն անընդունելի է և հակասում է բոլոր միջազգային նորմերին:
14:27 - 24 ապրիլի, 2021