Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը

Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ։ Հիշեցնենք, որ ԱԺ-ն հունիսի 30-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել էր ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ավելի ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել էր, որ եթե նախագահ Արմեն Սարգսյանը  «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը վիճարկելու համար չդիմի  ՍԴ, ապա ինքը 5-օրյա ժամկետում կստորագրի այն: Հունիսի 26-ից, հիշեցնենք, ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, որոնցով դադարեցվում են ՍԴ 3 անդամների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը դադարում է պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ: Հունիսի 30-ին ԱԺ-ում ընդունված և այսօր ԱԺ նախագահի ստորագրած փաթեթով նախատեսվում են ՍԴ դատավորի և նախագահի թափուր պաշտոններում առաջադրումների և ընտրության համար անհրաժեշտ կարգավորումներ, ինչպես նաև ՍԴ երեք դատավորների կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ:
10:14 - 22 հուլիսի, 2020
ԱԺ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են Տավուշում քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները

ԱԺ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են Տավուշում քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Պաշտպանն ԱԺ նախագահին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Բերդ, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները: Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է, որ իրավապաշտպան բնույթի փաստահավաք աշխատանքները վեր են հանել հավաստի տվյալներ այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի խաղաղ բնակավայրերը հրետանակոծել են քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց առողջության համար ակնհայտ վտանգավոր եղանակով: Այդ մասին են վկայում բնակիչների տներին հասցված վնասները: Փաստահավաք աշխատանքները վկայում են նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների մասին. հրետանակոծությունն իրականացվել է տեքստիլ գործարանի ուղղությամբ աշխատանքային ժամի, որն իրականացնում է նոր կորոնավիրուսի կանխարգելման համար նախատեսված բժշկական դիմակների արտադրություն: Չինարիում հրետանակոծումներն իրականացվել են գյուղի դպրոցի ուղղությամբ, որի մասին վկայում են չպայթած արկերը: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին: Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած տվյալները եւ ընդգծել է քաղաքացիական բնակչության պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը: Արարատ Միրզոյանը նշել է, որ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանակոծությունների առաջին իսկ օրից անմիջականորեն հետեւում է իրադարձություններին: Խորհրդարանականները իրականացնում են ստացված տվյալների վերլուծություն, ապահովում կապն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների հետ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կրկին խստորեն դատապարտել է քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչպես նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը Մեծամորի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու վերաբերյալ: Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է ԱԺ նախագահի կողմից նման հարցերում ցուցաբերվող իրավունքահեն մոտեցման, ինչպես նաեւ փաստահավաք աշխատանքների վերաբերյալ խորհրդարանի ղեկավարի մոտեցումների կարեւորությունը: Կողմերն ընդգծել են, որ միմյանց միջեւ ձեւավորված բարձր որակի կայուն համագործակցությունն արդյունավետ աշխատանքի երաշխիք է, ինչպես նաեւ պայմանավորվել են շարունակել նմանօրինակ քննարկումները:
19:20 - 17 հուլիսի, 2020
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Այս մասին ԱԺ նախագահը գրել է իր ֆեյսբուքյան էջում։«Հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրեցի վերջին օրերին ՀՀ հյուսիսարևելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների և մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը։ ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրեցի նաև Թուրքիայից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ապակայունացման վտանգ են ներկայացնում ողջ տարածաշրջւանի համար։Վերահաստատեցի իրավիճակը խաղաղ կերպով հաղթահարելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հավելելով, որ մենք շարունակելու ենք գործի դնել բոլոր միջոցները՝ ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը ապահովելու նպատակով», - գրել է Արարատ Միրզոյանը։
18:07 - 17 հուլիսի, 2020
Խորհրդարանը քննարկեց պատգամավորների հեռավար քվեարկելու նախագիծը |hetq.am|

Խորհրդարանը քննարկեց պատգամավորների հեռավար քվեարկելու նախագիծը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ նիստի սկզբում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Տավուշում զոհված չորս զինծառայողների հիշատակը: Տեղեկացնենք, որ արտահերթ նիստը նախաձեռնել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորներին թույլ տալ գրավոր քվեարկել: «Գործող կարգով պատգամավորները գրավոր քվեարկելու իրավունք ունեն, երբ խորհրդարանի կողմից գործուղման մեջ են, մնացած դեպքերում պատգամավորները գրավոր քվեարկելու հնարավորություն չունեն: Փաստն այն է, որ կորոնավիրուսի համավարակը ողջ աշխարհի խորհրդարանների համար նոր մարտահրավերներ ստեղծեց, և մենք այս ընթացքում բախվեցինք մի իրավիճակի, երբ պատգամավորներն իրենց կամքից անկախ հնարավորություն չունեն իրենց պատգամավորական լիազորություններն իրացնելու»,-ասաց Հովակիմյանը: ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հստակեցրեց` նախագծի նպատակը խորհրդարանի աշխատանքը չպարալիզացնելն է, ուստի ճիշտ կլինի, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններն առավել հստակ լինեն, որպեսզի չարաշահումների տեղիք չտան: Միրզոյանն առաջարկեց նախագծով ամրագրել, որ գրավոր քվեարկությունն թույլատրվի մեկուսացած կամ ինքնամեկուսացած պատգամավորներին: Վահագն Հովակիմյանն արձագանքեց, ի սկզբանե գաղափարը ծնվել է այս իրավիճակի համար, սակայն քննարկումների ընթացքում արդարացված չեն համարել այն, որ ոչ կոռոնավիրուսային հիվանդությամբ տառապող պատգամավորները չկարողանան իրացնել իրենց պատգամավորական լիազորությունները: Ինչ վերաբերում է հնարավոր չարաշահումներին, Հովակիմյանն ասաց նման պատգամավորներին գնահատական կտա հանրությունը: «Այս պահին, կարծում եմ, պետք չէ նման ընդհանրական մոտեցում ցուցաբերել, պետք է կենտրոնանանք կորոնավիրուսով վարակված պատգամավորների քվեարկության վրա»,-ասաց Միրզոյանը: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ նախորդ գումարման խորհրդարաններում հանրությունը շատ է տեսել մեկը մյուսի փոխարեն քվեարկող, կնոպկա սեղմող պատգամավորների, որոնցից ոմանք ԱԺ խոսնակ ու փոխխոսնակ են դարձել, ուստի պետք չէ հույս դնել այսպես կոչված բարձր չափանիշների և հանրության գիտակցության վրա: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ խոսեց այն մասին, որ առաջարկվում է նաև գրավոր քվեարկության հնարավորություն հանձնաժողովների նիստերում: Գորգիսյանը զարմացավ, թե ինչպես կարող է քննարկմանը չմասնակցած պատգամավորը նախապես որոշել, թե ինչպես է քվեարկելու: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն էլ ասաց, որ հեռահար քվեարկության մեթոդը խորթ չէ տարբեր երկրների խորհրդարանների համար, օրինակ` Մեծ Բրիտանիայում մի պատգամավոր կարող է լիազորել մյուսին, որ քվեարկի իր փոխարեն: Փոխնախարարն առաջարկեց ժամանակավոր անաշխատունակության փոխարեն օրենքով պահանջել հիվանդության պատմության քաղվածքը, քանի որ անաշխատունակության թերթիկը բացվում է հիվանդության վերջին օրը: Նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին:
15:58 - 15 հուլիսի, 2020
Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին

Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին

Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ  նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին: Իր նամակում Արարատ Միրզոյանը նշել է, որ այս գործողությունները Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են եւ լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ ուղղակիորեն հակասում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչերին: «Ադրբեջանի Զինված ուժերի անընդունելի գործողությունները աջակցություն են ստանում Թուրքիայի ԱԳՆ կողմից, ինչը հավելյալ լարվածություն է ստեղծում եւ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի նամակներում:
16:43 - 13 հուլիսի, 2020
580 միլիոն դրամը 14 ամսվա ընթացքում տրամադրվել է 132 պատգամավորի, մենք չենք վախեցել խոստովանել, որ սա արդարացված քայլ է․ Արարատ Միրզոյան

580 միլիոն դրամը 14 ամսվա ընթացքում տրամադրվել է 132 պատգամավորի, մենք չենք վախեցել խոստովանել, որ սա արդարացված քայլ է․ Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների տեղակալները, աշխատակազմի ղեկավարի տեղակալներն այլևս չեն օգտվում ծառայողական ավտոմեքենաներից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ծառայողական մեքենանների քանակին։ Լրագրողների այն հիշեցմանը, որ նախկինում ընդդիմադիիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր  ելույթում հիացմունքով էր խոսել Դանիայի խորհրդարանի մասին, որտեղ ծառայողական ավտոմեքենայից օգտվում է միայն խորհրդարանի խոսնակը և հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը չի հետևում Դանիայի օրինակին, Միրզոյանը պատասխանեց․ «Ցավոք սրտի դուք ամբողջովին չեք հետևել հեղափոխությունից և ընտրություններից հետո, այդ համատեքստում  տեղի ունեցած  փոփոխություններին։ Մեծ հաշվով, ապագայում պետք է հասնել իրավիճակի, որ միայն խոսնակն օգտվի ծառայողական ավտոմեքենայից, բայց հիմա հարցը պետք է  դիտարկել իշխանության ճյուղերի հակակշռումների համատեքստում, որովհետև կա կարծիք, որ այդպիսի բաները համամասնորեն պետք է արվեն օրենսդիր, դատական, գործադիր իշխանություններում, որպեսզի թեկուզ նշանային հարթության վրա իշխանության որևէ ճյուղի հեղինակությունը մյուսի հաշվին չընկնի կամ չգերազանցի»։ Միրզոյանը կրկին նշեց, որ այս ընթացքում ծառայողական մեքենաների թվի կրճատում է եղել՝ 11 հանձնաժողովների նախագահների տեղակալների և Աժ աշխատակազմի ղեկավարի 3 տեղակալների ծառայողական մեքենաները կրճատվել են։ Վեևջինիս խոսքով դա քիչ թիվ չէ։ Խոսելով մեկ տարում,  ընդհանուր՝ 580 միլիոն դրամ պարգևավճարների մասին՝ Միրզոյանն ասաց․ «580 միլիոն դրամը 14 ամսվա ընթացքում տրամադրվել է 132 պատգամավորի։  Կոպիտ մաթեմատիկական հաշվարկով,  խոսքերը վերաբերում է ամսական 240 հազար դրամին։ Կարող ենք դա համարել հարկի, կամ՝ անհարկի, այստեղ քաղաքական դիրքորոշման հարց է: Մենք չենք թաքցրել մեր համոզմունքը և չենք վախեցել խոստովանել, որ սա արդարացված քայլ է: Ես մաթեմատիկական հաշվարկ արեցի, որպեսզի ցրենք այն թյուր կարծիքը, որ մեծ միլիոնների մասին է խոսքը»: Խոսելով  իր պարգևավճարի մասին  Միրզոյանն ասաց, որ այն կազմում է աշխատավարձի 30 տոկոսը:
13:43 - 08 հուլիսի, 2020
Եթե նախագահը «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը վիճարկելու համար չդիմի ՍԴ, ապա ես 5-օրյա ժամկետում մեծ հաճույքով կստորագրեմ այն․ Արարատ Միրզոյան

Եթե նախագահը «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը վիճարկելու համար չդիմի ՍԴ, ապա ես 5-օրյա ժամկետում մեծ հաճույքով կստորագրեմ այն․ Արարատ Միրզոյան

Եթե չեմ սխալվում հանրապետության նախագահը 2 անգամ է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել, որը Աժ-ի կողմից չի ընտրվել։ Մեկ անգամ թեկնածու է առաջադրել, որը ԱԺ-ի կողմից ընտրվել է ։ Գործող սահմանադրական կարգավորումներով դատարանակազմ մարմինները՝ այդ թվում նաև նախագահը, առաջարկում են թեկնածուներ, ընտրությունը թողնված է Ազգային ժողովին, այսինքն վարվում ենք այնպես, ինչպես նախատեսում է սահմանադրությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով  Արմեն Սարգսյանի առաջարկին, ըստ որի դատարանակազմ մարմինները հնարվորություն կունենան առաջադրել երեքական թեկնածու։ Վերջինս իր խոսքում նշեց․ «Ցանկացած դատարանակազմ մարմնի առաջարկություն մենք այստեղ դիտարկում ենք, այնուհետև քվեարկությամբ համաձայնվում ենք, կամ ոչ։ Հիմա այն ինչ առաջարկում է նախագահը, ենթադրում է սահմանադրության նոր փոփոխություններ, գիտեք, որ գործում է սահմանադրության փոփոխությունները մշակող հանձնաժողով, կարծում եմ, որ նախագահը իր առաջարկություններով կարող է դիմել հանձնաժողովին»,- ասաց Միրզոյանը։  Եթե նախագահը  «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը վիճարկելու համար չդիմի  ՍԴ, ապա ես 5-օրյա ժամկետում մեծ հաճույքով կստորագրեմ այն: Կստորագրեմ այն, երբ Աժ նախագահի համար օրենսդրությամբ կբացվի այդ հնարավորությունը։  Միրզոյանը նշեց, որ չի խոսել հանրապետության նախագահի հետ․ «Նախագահն ունի 21 օր, նա կարող է վիճարկել օրենքը ՍԴ-ում, իսկ եթե, ի վերջո, չստորագրի և ՍԴ չդիմի, ԱԺ նախագահի համար իրավական հնարավորություն է ստեղծվում ստորագրել կամ չստորագրել  օրենքը»,- հավելեց ԱԺ նախագահը:
13:16 - 08 հուլիսի, 2020