ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Մոսկվայում բանակցությունների մասին ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Մոսկվայում բանակցությունների մասին ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր զարգացումների կանխումը: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, ով, հղում անելով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության հուլիսի 28-ի հայտարարությանը, որում խոսք էր գնում Մոսկվայում նախատեսվող բանակցությունների մասին, հարցրեց, թե ի՞նչ մակարդակներով հանդիպում է նախատեսված եղել և ի՞նչ էր դրված բանակցությունների սեղանին, որի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել Պաշտպանության նախարարությունը: «Այս պահի դրությամբ ո՞ւր են հասել, մեր և ՌԴ զինված ուժերի միջև ի՞նչ պայմանավորվածություններ են հաստատվել, ես կդժվարանամ ասել։ Բայց դա ի վնաս Հայաստանի Հանրապետության երբեք չի կարող լինել։ Ամեն ինչ կախված է այդ զարգացումների մեջ մենք մեր կորցրած հնարավորություններն ինչքան արագ կարող են վերականգնել՝ զինված ուժերի մասով»,- ասաց Քոչարյանը: Պատգամավորը հավելեց, որ Ռուսաստանում քննարկվում են Հայաստանի սահմանների հետ կապված խնդիրներ, որին, պարզ է, մասնակցում է նաև հակառակորդ կողմից որևէ զինվորական պաշտոնյա։ «Ոչ ոք Ազգային ժողովի հետևում որևէ բանակցային գործընթաց չի կարող տանել, վերջին հաշվով այդ ամենը քննարկվելու է նաև Ազգային ժողովում, եթե դրա կարիքը լինի»,- նշեց նա:
16:16 - 09 օգոստոսի, 2021
Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան

Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երրորդ զորամիավորման  կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։ Ինչպես հայտնում է «Զինուժ մեդիա»-ն, Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ զորամիավորումը նորանշանակ հրամանատարի գլխավորությամբ լիարժեք կկատարի իր առջև դրված խնդիրները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ խստորեն հրահանգել է կասեցնել Հայաստանի սահմանը հատելու հակառակորդի բոլոր փորձերը։ «Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք։ Դա ձեր խնդիրն է։ Դրա համար կորպուսի հրամանատարը և զորամասի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները՝ սկսած դիրքի հրամանատարից, ունեն բոլոր իրավունքները կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով։ Միևնույն ժամանակ, մենք ոչ մի ձև չենք ուզում ոչ մի ուղղության վրա սրացումներ, բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, ես բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»,- ասել է նախարարը։ Առավել մանրամասն՝ «Զինուժ մեդիա»-ի տեսանյութում։ 
20:17 - 07 օգոստոսի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը պաշտպանության նախարարին է ներկայացրել Զինված ուժերի վերաբերյալ Պաշտպանի գրասենյակի աշխատանքի արդյունքները

ՀՀ ՄԻՊ-ը պաշտպանության նախարարին է ներկայացրել Զինված ուժերի վերաբերյալ Պաշտպանի գրասենյակի աշխատանքի արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 6-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ Արման Թաթոյանն Արշակ Կարապետյանին ներկայացրել է Զինված ուժերին վերաբերող՝ պաշտպանի գրասենյակի կատարած աշխատանքի արդյունքները, ընդգծել համագործակցության դրական ազդեցությունը առկա խնդիրների վերհանման և վերլուծության վրա, ինչպես նաև դրանց լուծումների կարևորությունը։  Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը, մասնավորապես, ակտիվ գործակցությունը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ համապատասխան կառույցների հետ։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմին և հետպատերազմյան սահմանային լարվածությանը վերաբերող այն հարցերը, որոնք ուղիղ առնչություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նախարար Կարապետյանն ընդգծել է, որ այժմ Զինված ուժերում իրականացվում են կարգապահության ամրապնդմանը, զորքերի մարտունակության բարձրացմանն ուղղված, ինչպես նաև զինծառայողների սոցիալական ապահովության  համալիր միջոցառումներ։ Մարդու իրավունքների պաշտպանը նաև տեղեկացրել է, որ գրասենյակի կողմից իրականացվել է հասարակության շրջանում սպայի դերի բարձրացման հետ կապված ուսումնասիրություն, որի շրջանակում այժմ պատրաստվում է համապատասխան զեկույց։
19:20 - 06 օգոստոսի, 2021
Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստն անդրադարձել է հակառակորդի սադրանքներին հակազդելու քայլերին

Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստն անդրադարձել է հակառակորդի սադրանքներին հակազդելու քայլերին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 5-ին կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, հակառակորդի կողմից իրականացվող սադրանքներին և դրանց հակազդելու քայլերին։ Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ։ Կոլեգիայի նիստին քննարկվել է նաև ձմռան հետ կապված նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Արշակ Կարապետյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է սեղմ ժամկետներում լուծել առկա բոլոր խնդիրները և ապահովել պատշաճ պայմաններ՝ ձմեռային պայմաններում անձնակազմի լիարժեք ծառայության համար։ ՀՀ պաշտպանության նախարարությունից նաև հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նիստի մասնակիցներից պահանջել է  գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերի բարեփոխումները հնարավորինս արագ և արդյունավետ կյանքի կոչելու համար։ 
19:51 - 05 օգոստոսի, 2021
Ռուս զինվորականները Ոսկեպարում են․ ՊՆ-ն եւ ՏԻՄ-ը խուսափում են մեկնաբանել

Ռուս զինվորականները Ոսկեպարում են․ ՊՆ-ն եւ ՏԻՄ-ը խուսափում են մեկնաբանել

Թարմացում․ Ժամը 16:30-ի սահմաններում Infocom-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, որը մեր հարցերին ի պատասխան՝ ասաց․ «Վարչապետը կառավարության նիստի ժամանակ այդ միտքը արտահատել է, ես այդքանը գիտեմ։ Ես սահմանափակ տեղեկատվության եմ տիրապետում, կոնկրետ չգիտեմ ոչ քանակ, ոչ տեղակայման վայր»։ Ճշտող հարցին՝ ի՞նչ տեղակայման մասին է խոսքը, Ղալումյանը պատասխանեց․ «Մոնիտորինգ իրականացնելու նպատակով են, մարդիկ պետք է մնալու տեղ ունենան։ Այդքանը կարամ ասեմ։ Այլ տեղեկություններ չունեմ, դիմեցեք ՊՆ»։  Թարմացում․ ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։ Հարցին, թե Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունն ինչով է պայմանավորված՝ Ղալումյանը պատասխանել է՝ «իրավունք ունեն»։ Ճշտող հարցին, թե ինչ իրավունքով են ռուս զինծառայողներն այնտեղ, ի՞նչ են նրանք որոշում՝ մարզպետը չի պատասխանել և հեռախոսն անջատել է։ Սույն թվականի օգոստոսի 3-ին համացանցում տարածվել էր տեղեկություն, ըստ որի՝ ռուս զինվորականները տեղակայվել են Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրում։ Նույն օրը պաշտոնական աղբյուրներից եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից այս տեղեկության իսկությունը ճշտել չստացվեց։ Մասնավորապես, օգոստոսի 3-ին Infocom-ը կապ հաստատեց Նոյեմբերյանի համայնքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանի հետ, որի խոսքով՝ համայնքապետարանը նման տեղեկություն չունի, իրենց այդ հարցով չեն դիմել։  Իսկ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը որեւէ կերպ չէր մեկնաբանել շրջանառվող լուրերը՝ առաջարկելով դիմել գրավոր։ Նույնաբովանդակ տեղեկություններ տարածվում են այսօր․ լուրերը հաստատեցին նաեւ Infocom-ի մի քանի աղբյուրներ, ուստի փորձեցինք մեկնաբանություն ստանալ իրավասու մարմիններից։ Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը դարձյալ խուսափողական պատասխան տվեց՝ նշելով, որ համայնքանպետարանում այդպիսի տեղեկություն չունեն։ Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունները՝ Infocom-ի հարցերին ի պատասխան՝ ուղղորդելով պաշտպանական գերատեսչություն։ Սակայն ՊՆ եւ ԳՇ խոսնակներին կատարած մեր զանգերն այսօր անպատասխան մնացին, իսկ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը նորից առաջարկեց հարցերն ուղղել գրավոր։ Սա այն պարագայում, երբ վերջին շրջանում ՊՆ ուղարկած մեր՝ տասնյակի հասնող հարցումները որեւէ պատասխան չեն ստացել՝ չնայած անցել է դրանց պատասխանի համար օրենքով սահմանված ժամկետը։ 
17:02 - 05 օգոստոսի, 2021