ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

2021 թ. դեկտեմբերին արձանագրվել է 659471 աշխատատեղ. սա բացարձակ ռեկորդ է. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

2021 թ. դեկտեմբերին արձանագրվել է 659471 աշխատատեղ. սա բացարձակ ռեկորդ է. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 659471 աշխատատեղ: Այս մասին այսօր Կառավարությա նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երրորդ հանրապետության պատմության ընթացքում, Փաշինյանի խոսքով, սա բացարձակ ռեկորդ է: «2020 թվականի դեկտեմբերի համեմատ 2021 թվականին աշխատատեղերն ավելի են 37629-ով, 2019-ի համեմատ՝ 30758-ով, 2018 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 70977-ով: Այստեղ որևէ թվային մանիպուլյացիա լինել չի կարող, որովհետև այս աշխատատեղերը գրանցված են, այս աշխատատեղերի համար վճարվել է աշխատավարձ: Եթե անհրաժեշտություն լինի, բոլոր աշխատողներին անուն առ անուն կարող ենք նույնականացնել»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետի խոսքով՝ էական աճ է արձանագրել նաև միջին ամսական աշխատավարձը։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277661 դրամ, ինչը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 30 հազար դրամով կամ 12 տոկոսով ավելի է։ «2021 թվականի ընթացքում հանրապետությունում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 մլրդ 600 մլն դրամ աշխատավարձ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 15.7 մլրդ դրամով կամ 13 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատ ավելի է 38.7 մլրդ դրամով կամ 8 տոկոսով»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ցածր աշխատավարձով աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով 2018 թվականի համեմատությամբ: Խոսքը մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների մասին է:
12:03 - 03 փետրվարի, 2022
ՀՀ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու մարտին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու մարտին․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու որոշմանը։ «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու, ընդ որում՝ առաջադրվել է Ազգային ժողովի 65 պատգամավորների կողմից, ինչը որոշակի վստահություն է հաղորդում, որ պարոն Խաչատուրյանը ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի հանրապետության նախագահի պաշտոնում, և ես նախ ուզում եմ ընդգծել այս փաստը։ Այս պահին չեմ շնորհավորում, երևի պատեհ չի առաջադրվելու առիթով շնորհավորել, երևի պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել, և ես հույս ունեմ, պարոն Խաչատուրյան, որ մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, դուք կկատարեք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի ձեր դերակատարումը լիարժեք, և այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով աշխատել միասին կառավարությունում»։ Խաչատուրյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար․ «Ես հասկանում եմ՝ ինչ է նշանակում, հատկապես՝ քաղաքական ուժի համար առաջադրել թեկնածու, քաղաքական կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան հաստատ, բայց քաղաքական կուսակցության այդ որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի, անձնապես իմ գնահատականն եմ ասում, որովհետև դա պետք է լինի վեր կանգնել ամեն ինչից հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա կառավարությունը, այսօրվա իշխանությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իմ առաջադրման հետ կապված»։ Խաչատուրյանն ավելացրեց, որ կշարունակի աշխատել ավելի մեծ եռնադով ու պատասխանատվությամբ։ Վարչապետն էլ ընդգծեց, որ Սահմանադրության բերումով հանրապետության նախագահը, ըստ էության, վերկուսակցական գործունեություն է ծավալում և առաջնորդվում է ազգային և համազգային շահերով, պետական շահերով։ «Ես հավատացած եմ, որ կառավարությունը նույնպես առաջնորդվում է պետական, ազգային և համազգային շահերով, խորհրդարանը նույնպես առաջնորդվում է այդ շահերով, այստեղ պիտի գործի իշխանությունների բաժանման սկզբունքը։ Սահմանադրությունը հստակ գծագրել է, թե իշխանության տարբեր թևերը ինչ լիազորություններ ունեն և ինչպես պետք է համագործակցեն, և այո, շատ կարևոր  եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն և ոչ թե մեկը մյուսին հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ»։ Նրա խոսքո՝վ և՛ խորհրդարանական մեծամասնության միջև, և՛ կառավարության միջև կա մշտական բանավեճ․ «Այստեղ խնդիրը հետևյալն է, որ իսկապես մենք ընդհանուր ուղենիշ ունենանք, ընդհանուր ռազմավարություն ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն, որովհետև բոլոր դեպքերում հակադիր շարժումները իշխանության ներսում աշխատանքի մեխանիզմ է խաթարում»։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտնել էր հրաժարականի մասին։  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագան Խաչատուրյանի թեկնածությունը։ 
11:34 - 03 փետրվարի, 2022
Պատվաստվածները կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում կմեկուսանան 7 օր, չպատվաստավծները՝ 10 օր |hetq.am|

Պատվաստվածները կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում կմեկուսանան 7 օր, չպատվաստավծները՝ 10 օր |hetq.am|

hetq.am: Ամբողջական պատվաստված անձինք կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում կինքնամեկուսանան ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օր, իսկ չպատվաստվածները՝ 10 օր։ Չպատվաստված անձանց ինքնամեկուսացումը նույնպես կարող է 7 օր տևել՝ իրենց նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում: Կառավարությունը որոշումն ընդունել է հունվարի 31-ին՝ գրավոր ընթացակարգով։ Որոշումը կտարածվի նաև որոշման՝ ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա: Գործադիրի հիմնավորմամբ՝ Եվրոպական մի շարք երկրներ արդեն իսկ կրճատել են ինքնամեկուսացման ժամկետը։ Օրինակ, Մեծ Բրիտանիան ինքնամեկուսացման ժամկետ է սահմանել 7 օր, Ֆրանսիան և Շվեյցարիան՝ 5 օր: Միաժամանակ, Կառավարության որոշմամբ՝ կթույլատրվի օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման դեպքում:
13:30 - 31 հունվարի, 2022
Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատող որոշում։  Ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, հաստատվել է խորհրդի անհատական կազմը և դրա գործունեության կարգը: Խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Խորհրդի նախագահ է նշանակվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը:  
17:18 - 27 հունվարի, 2022
Կառավարությունը կօտարի Նորքի այգիներում գտնվող շինությունը․ այժմ այնտեղ քաշաթաղցիներ են բնակվում |hetq.am|

Կառավարությունը կօտարի Նորքի այգիներում գտնվող շինությունը․ այժմ այնտեղ քաշաթաղցիներ են բնակվում |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող շենք-շինությունները և օգտագործման համար հատկացված հողամասն աճուրդով կօտարվեն։ Որոշումն ընդունվեց Կառավարության հունվարի 27-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։ Նշենք, որ այս հասցեում գտնվող շենքում 2020 թ.-ի դեկտեմբերից բնակվում է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից և հարակից գյուղերից տեղահանված 15 ընտանիք։ Ավելի վաղ Պետգույքի կառավարման կոմիտեից հայտնել էին, որ բնակիչները պետք է լքեն կիսավեր շենքը, քանի որ այն հասարակական նպատակային նշանակության գույք է և ենթակա է օտարման։ Չնայած դրան՝ Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ աճուրդի կայացման դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը երկամսյա ժամկետում շենքում ապաստանածների ժամանակավոր կացությունն այլ բնակության վայրում ապահովելու մասին առաջարկություն կներկայացնի վարչապետի աշխատակազմին։ Հիշեցնենք, որ կառավարությունը գույքն օտարելու ևս երկու փորձ է արել 2020 և 2021 թվականներին։ Առաջին անգամ մրցույթը համարվել է չկայացած, քանի որ գնման առաջարկը եղել է մեկնարկային գնից ցածր, իսկ երկրորդ անգամ մրցույթը չի կայացել հայտերի բացակայության պատճառով։ Այս անգամ աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքի 85%-ը՝ նախկին 100%-ի փոխարեն ՝ 1 մլրդ 207 մլն 233 750 դրամ։
12:35 - 27 հունվարի, 2022
Հունվարից բարձրացել է գիտնականների աշխատավարձը. ԿԳՄՍՆ

Հունվարից բարձրացել է գիտնականների աշխատավարձը. ԿԳՄՍՆ

2022 թվականի հունվարից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ին 747-Լ որոշմամբ հաստատված գիտական գործունեությամբ զբաղվողների վարձատրության պաշտոնական դրույքաչափերի նոր սանդղակը, որով գիտնականների աշխատավարձը զգալիորեն բարձրացվել է: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Համաձայն նշված որոշման` գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված և ատեստավորում անցած գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի բազային աշխատավարձը 2022 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 66 140 ՀՀ դրամ: Միաժամանակ հաստատվել է յուրաքանչյուր տարակարգի և գիտական պաշտոնի դրույքաչափի հաշվարկման գործակիցների աղյուսակը: Ըստ այդմ` գիտնականի աշխատավարձի նվազագույն արժեքը հաշվարկվում է վերը նշված բազային աշխատավարձի և համապատասխան գործակցի արտադրյալով` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողների համար: Նշված սանդղակով 2022-2025 թվականների համար նախատեսվել է գիտնականների աշխատավարձերի աստիճանական բարձրացում, որը կապահովի համադրելիություն պետական համակարգի աշխատավարձերի համեմատությամբ: ԱՂՅՈՒՍԱԿ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ Նշենք, որ 2010 թվականից գիտական աշխատողների աշխատավարձերի վերանայում չի իրականացվել, և ներկա բարձրացումը ոլորտի առողջացմանն ու զարգացմանն ուղղված հիմնարար քայլ է: Գիտական կադրերի որակավորման գործընթացը կարգավորվում է կառավարության 2001 թվականի N 935 որոշմամբ, որը սահմանում է գիտական պաշտոնների տարակարգերը և դրանց ներկայացվող նվազագույն պայմանները: Ըստ այդմ` հաստատված են հետևյալ գիտական պաշտոնները` կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող, գլխավոր գիտաշխատող: Գիտական կազմակերպությունները, ըստ իրենց մասնագիտական յուրահատկությունների, կարող են սահմանել ատեստավորման հավելյալ պահանջներ: Ատեստավորման գործընթացը վերահսկում է ՀՀ գիտության կոմիտեն: Առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվեն ատեստավորման նոր չափանիշները, որոնք հիմք կհանդիսանան 2024 թվականին գիտական կադրերի համապետական ատեստավորման անցկացման համար: Բազային աշխատավարձերի նորմավորումը, ըստ գիտական կադրերի տարակարգի, կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կապահովի գիտության ոլորտում կադրերի բնականոն արտահոսքն ու ներհոսքը, կնպաստի գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովմանը: Նշենք նաև, որ բազային աշխատավարձից բացի՝ ակտիվ գիտաշխատողները լրացուցիչ ֆինանսավորում են ստանում պետական և միջազգային տարբեր դրամաշնորհային ծրագրերից: Վերջին տարիներին զգալիորեն ավելացել են նաև ՀՀ գիտության կոմիտեի կազմակերպած գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման մրցույթների շրջանակում իրականացվող ծրագրերի քանակն ու դրանցում ընդգրկված գիտաշխատողների թիվը:
15:02 - 20 հունվարի, 2022
Կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ, որով արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը կփոխվեն |tert.am|

Կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ, որով արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը կփոխվեն |tert.am|

tert.am: Այսօր կառավարությունը ընդունեց ԱԳՆ-ի առաջարկած «ազգային ինդեքսի» հիման վրա հաշվարկված փոխհատուցման չափերի որոշման նախագիծը, որոնք առավելագույն օպտիմալ, ընդունելի և արդյունավետ չափաքանակներն են յուրաքանչյուր երկրի/քաղաքի համար: Այսպիսով, կարգավորումը թույլ կտա ապահովել ոչ միայն դիվանագետի և նրա ընտանիքի տեղափոխման ընթացքում առաջացած ծախսերը (ուղեբեռի գումար), այլև սկզբնական ընթացիկ ծախսերը գործուղման առաջին ամսվա ընթացքում՝ մինչև իր հասանելիք վճարումները ստանալը։ Նախագիծը ներկայացրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով նշեց, որ խիստ անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցումները համապատասխանեցնելու գործող կենսամակարդակին։ «Արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը, գործնականում չեն համապատասխանում տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին, որը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ քաղաքական, ֆինանսական, սոցիալ-տնտեսական, ապրանքների և ծառայությունների շարունակական գնաճի և այլն»,- ասաց նա և նշեց, որ նախկինում այդ ծախսերը չեն կարողացել համապատասխանեցնել, բայց հիմա կարծում են՝ պատեհ պահն է։ Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այս նախագծի որոշման ընդունումը առաջին հայացքից կարող է անպատեհ թվալ. «Նույնիսկ բնական ռեակցիա կարելի է համարել այն, որ մենք երկրում ունենք բազմաթիվ սոցիալական սուր խնդիրներ և այս ընթացքում ինչով ենք զբաված: Զբաղված ենք դիվանագետների նյութական բարելավման խնդիրների լուծումով, դատաիրավական համակարգում աշխատավարձերի որոշակի բարձրացման գործընթաց ենք սկսել, և միևնույն ժամանակ մեզ քննադատում են և այդ քննադատությունը անպատեհ համարել չի կարելի, որ մենք սոցիալական ծախսերի ուղղությամբ բավարար մեծ ծախսեր չենք նախատեսել»,- ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում
13:33 - 20 հունվարի, 2022
Այս դրական արձագանքը այն մասին է, որ ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն․ Փաշինյանը ամփոփեց Պարեկային ոստիկանության աշխատանքը

Այս դրական արձագանքը այն մասին է, որ ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն․ Փաշինյանը ամփոփեց Պարեկային ոստիկանության աշխատանքը

2018 թ․-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային կարևոր հարց է եղել ՀՀ-ում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը, և այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ մենք պլանավորել ենք 2018 թ․-ին,  եղել է Պարեկային ոստիկանության հիմնադրումը։ Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց, որ այդ պրոցեսը բավականին դժվար է ընթացել հայտնի պատճառներով․ «2019 թ․-ին այն ամբողջությամբ պլանավորված էր, հետո վրա հասավ COVID-ի համավարակը, հետո վրա հասավ պատերազմը և հետո՝ ներքաղաքական ճգնաժամ։ Մենք շատ բարդ պայմաններում 2021 թ․-ի հուլիսին որոշում կայացրինք մեկնարկել գործընթացը՝ չնայած այդ պահին գործընթացը դեռ լիարժեք մեկնարկային վիճակում չէր։ Եվ արդեն շուրջ 6 ամիս Հայաստանում գործում է պարեկային ոստիկանություն, և բացի այն, որ պարեկային ոստիկանության շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել, մենք  ՀՀ ոստիկանության պետի հետ աշխատանքային վերջին հանդիպման ժամանակի ամփոփել ենք պարեկային ոստիկանության աշխատանքի միջանկյալ արդյունքները, և ես կարծում եմ, որ այդ արդյունքները արժանի են հրապարակման, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ է  տեղի ունեցել»։ Փաշինյանը տեղեկացրեց, որ պարեկային ոստիկանության աշխատանքը համեմատել են Ճանապարհային ոստիկանության աշխատանքի հետ՝ համեմատելով, թե աշխատանքի արդյունավետության և իրավախախտումներ արձանագրման գծով ինչ արդյունքներ կան․ «Մասնավորապես, օրինակ,  տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմված արձանագրություններ, նախորդ համեմատելի ժամանակաշրջանում այսպիսի 565 արձանագրություն է պաշտոնապես կազմվել, Պարեկային ոստիկանության կողմից 1917, աճը՝ 3.5 անգամ կամ 239%-ով, հաշվառման համարանիշի հետ կապված արձանագրություններ․ նախկինում Ճանապարհային ոստիկանության կողմից նույն ժամանակահատվածում 953 արձանագրություն, Պարեկային ոստիկանության կողմից 3435, աճը 3.5 անգամ կամ 260%-ով, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու համար կազմված արձանագրություններ, նախկինում 2 այսպիսի արձանագրություն է եղել Պարեկային ոստիկանության կողմից՝ 15, աճը 7 անգամ կամ 650%-ով»։ Առանց վարորդական վկայականի համար նախկին նույն ժամանակահատվածում արձանագրվել է 924 դեպ, Պարեկային ոստիկանության կողմից՝ 4674 դեպք․ «Երկրորդ շարքում կայանելու համար կազմված արձանագրություններ․ նախկինում 1839 արձանագրված դեպք, Պարեկային ոստիկանության կողմից 8716, աճը՝ 4.5 անգամ կամ 370%, մայթով երթևեկելու կամ մայթում կայանելու համար, նախկինում 60 դեպք է արձանագրվել, նույն ժամանակահատվածում Պարեկային ոստիկանության կողմից 571 նման դեպք, աճը՝ 9.5 անգամ կամ 851%-ով։ Պարտադիր ապահովագրական պայմանագիր չունենալու համար կազմված արձանագրություններ, նախկինում 614 այդպիսի արձանագրություն է եղել, Պարեկային ոստիկանության կողմից 5476, աճը՝ 9 անգամ, կամ 791%-ով։ Թաղանթապատ հողմապակիով երթևեկելու համար կազմված արձանագրություններ, նախկինում ՝ 627, ներկայումս 3085, աճը՝ 5 անգամ, կամ 392%-ով»։ Փաշինյանն ճանապարհային երթևեկության հետ կապված ևս մի ցուցանիշ կարևորեց․ «Առանց ամրագոտի երթևեկելու համար նախկինում նույն ժամանակահատվածում 504 արձանագրություն է կազմվել, Պարեկային ոստիկանության կողմից՝ 854, աճը՝ 69%: Ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանությունը տվյալ դեպքում, Ճանապարհային ոստիկանությունն էլ, ի դեպ, ոչ միայն զուտ երթևեկության կանոնների հետևելու գործառույթ ունի, այլև նաև ընդհանուր իրավակարգի պահպանման հետ կապված։ Օրինակ, հանցագործություն կատարելու կասկածանքով նախկինում նման ծառայությունների կողմից ոչ մի մարդ բերման չի ենթարկվել, Պարեկային ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 875 մարդ հանցագործություն կատարելու կասկածանքով, վարչական իրավախախտում կատարելու համար այլ երթևեկության կանոնների հետ չկապված վարչական իրավախախտումներ՝ նախկինում ոչ մի արձանագրություն չի կազմվել, Պարեկային ոստիկանության կողմից կազմվել է 189 արձանագրություն»։ Վարչապետի խոսքով՝ Ճանապարհային ոստիկանությունը նախկինում երբեք հետախուզման մեջ գտնվող մարդ չի հայտնաբերել, Պարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 51 անձ․ «Հաջորդ փաստը, որի մասին ուզում եմ նշել, ոչ սահմանված հետիոտնի անցնելու համար կազմված արձանագրություններ, նախկինում 0, նախորդ տարի կազմվել է 3267 արձանագրություն»։ Փաշինյանը նաև ասաց, որ այս դրական արձագանքը այն մասին չէ, որ քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվել,  այլ դրական արձագանքը այն մասին է, որ ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ։
12:02 - 20 հունվարի, 2022
Խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունն այսուհետ կիրականացնեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչները

Խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունն այսուհետ կիրականացնեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչները

ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունվեց ՀՀ արդարադատության նախարարության առաջարկած նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը ինչպես գործող Քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ 2022-ի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող Քրեական դատավարության նոր օրենսգրքով վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ելնելով նմանատիպ գործերը անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությունից։ Այս առիթով մշակվել էր «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության գործող օրենսգրքի 190-րդ հոդվածը սահմանում է քննչական ենթակայության կանոնները, որի 3-րդ մասի համաձայն՝ «Նախաքննությունը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 189.1 (բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի), 217, 217.1 , 219-221, 224, 226, 226.1, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-397.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:»:Համանման կարգավորում է նախատեսում նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ին:Առկա կարգավորումների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով քննությունն իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից: Արդարադատության նախարարությունը նշել է, որ խոշտանգումների դեպքերով քրեական գործի քննությունն իրականացնող կոնկրետ մարմինը սահմանելիս անհրաժեշտ է առաջնորդվել, ի թիվս այլնի, այդ մարմնի ինստիտուցիոնալ և գործառութային անկախության հանգամանքով:Ներկայումս ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցման և Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման հանգամանքով պայմանավորված քննարկվող գործերի քննությունը հանձնվել է ազգային անվտանգության մարմիններին: Ըստ նախարարության, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն ազգային անվտանգության ծառայությունը ենթակա է վարչապետին, այն չի համապատասխանում անկախության այն չափանիշներին, որոնք պետք է հաշվի առնել խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով քննչական ենթակայությունը սահմանելիս: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի համաձայն՝ նախաքննական մարմիններն են քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինները:«Հաշվի առնելով այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է միայն կոռուպցիոն հանցագործություններով գործերի քննությունը, պետական եկամուտների կոմիտեն իր կարգավիճակով և գործառույթներով պայմանավորված չի կարող իրականացնել խոշտանգումների գործերով քննությունը, առավել նպատակահարմար է սահմանել, որ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունն իրականացնի ՀՀ քննչական կոմիտեն»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:  Նախարարությունը վերանայվել է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-ին հոդվածների (վերաբերում են ընտրական հանցագործություններին,-խմբ․) քննության ենթակայության հարցը․ ներկայում նշված գործերի քննությունը իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրական հանցագործությունների պարագայում ևս վարույթ իրականացնող մարմնի անկախությունը առանձնակի նշանակություն է ստանում, խնդրահարույց է դրանցով նախաքննություն իրականացնելու լիազորությունը գործադիր իշխանությանը ենթակա մարմնին, այն է՝ ազգային անվտանգության ծառայությանը վերապահելը: Ուստի, նշված քրեական գործերով նախաքննություն իրականացնելու լիազորությունը ևս նպատակահարմար է վերապահել ՀՀ քննչական կոմիտեին»,- առաջարկել է նախարարությունը: Առաջարկվող փոփոխություններով նույնական լուծումներ են տրվում նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում: Նախագծով առաջարկվում է նաեւ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարված հանցագործությունների (այդ թվում՝ խոշտանգման) վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին՝ ապահովելու քննության օբյեկտիվությունը։ Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Ակնկալվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի խոշտանգումների և ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության իրականացումը պետական մարմինների ենթակայության տեսանկյունից անկախ մարմնի կողմից:
11:46 - 20 հունվարի, 2022
Ես եմ պարոն Քերոբյանին արգելել հրաժարական տալ․ Նիկոլ Փաշինյան

Ես եմ պարոն Քերոբյանին արգելել հրաժարական տալ․ Նիկոլ Փաշինյան

«Ես եմ պարոն Քերոբյանին արգելել հրաժարական տալ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արեգնազ Մանուկյանն ԱԺ դահլիճում դարձյալ հիշեցրեց, որ Քերոբյանն ասել էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովվի, ապա ինքը հրաժարական է տալու։ Մանուկյանը, դիմելով Էկոնոմիկայի նախարարին, հետաքրքրվեց՝ երբ է նա պատրաստվում հրաժարական տալ։ Հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ նշելով, որ ինքն է Քերոբյանին արգելել հրաժարական տալ․ «Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար եւ կառավարության անդամ ինչքան կաշխատի եւ ինչքան չի աշխատի»,- ասաց Փաշինյանը։ Այսօր՝ Ազգային ժողովի նիստում, երբ քննարկվում էր «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը միացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ճեպազրույցը, որում նա 2021 թվականին խոստանում է երկնիշ տնտեսական աճ. «Այս մարդը խոստանում էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովվի, ապա ինքը հրաժարական է տալու։ Երկնիշ աճ ապահովվեց, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ տնտեսական աճ չապահովվեց, բայց այս մարդը այդ դեպքում հրաժարական չտվեց։ Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց, թե Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երբ է պատրաստվում հրաժարական տալ»։ Մանուկյանը Քերոբյանին նույն հարցը ուղղեց նաև «Առևտրի և ծառայությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ընթացքում։  Քերոբյանն էլ, արձագանքելով, ասել էր, որ ձայնագրությունը կիսատ է․ «Եթե բարի լինեք, ամբողջությամբ միացնեք ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով եմ արել, որովհետև այն կոնտեսքտը, որում դա ասվել է, եղել է կատակով արած, որովհետև դրան շարունակել է արտահայտություն՝ գո՞հ եք»։
17:52 - 19 հունվարի, 2022
Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ

Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ

Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նա նշեց, որ այժմ քննարկվում են այն պայմանները, որոնցով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել․ «Մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, եւ մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները՝ մտադրված կամ տեխնիկական պատճառներով տեղի ունեցող, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու եւ աշխատելու հարցում«,- ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով՝ ժամկետների հարցում հստակություն չկա, բայց կա ընկալում, որ խոսքը մոտալուտ գործընթացի մասին է․ «Հենց հանգամանքները պարզվեն, ձեռնտու լինեն կողմերին, հանձնաժողովը կարող է ձեւավորվել եւ աշխատել»։
17:44 - 19 հունվարի, 2022
Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թ. ռազմավարության լավարկմանն ու նոր բովանդակության մշակմանը վերաբերող հարցեր

Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թ. ռազմավարության լավարկմանն ու նոր բովանդակության մշակմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության իրականացմանն ու հնարավոր վերափոխմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են կառավարությունից։ Վարչապետը խորհրդակցության սկզբում նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու և վերանայելու Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը և, ի վերջո, հասկանալու այդ ռազմավարության հարաբերություններն ընթացիկ իրավիճակի հետ, գնահատելու կապերը կառավարության գործունեության և միջոցառումների ծրագրերի հետ: Նաև, ըստ այդմ, պետք է տեսնենք, թե ինչ կարգաբերումների անհրաժեշտություն կա, ընդհանրապես կա, թե՝ չկա, և ինչպես ենք շարունակում ռազմավարության իրականացումը՝ իհարկե նախ և առաջ գնահատելով դրա ակտուալությունը: Այս ընթացքում իմ դիտարկումները և աշխատանքը ռազմավարության հետ ցույց է տալիս, որ այն իր ակտուալությունն ընդհանրապես ոչ միայն չի կորցրել, այլև հակառակը, նույնքան ակտուալ է, որքան նրա ընդունման և հրապարակման պահին: Մենք այս առումով հիմա պետք է կողմնորոշվենք մեր հետագա անելիքների շուրջ»: Հաջորդիվ քննարկվել են ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերին, նպատակներին, մոտեցումների լավարկմանը, վերափոխմանը, ներդաշնակեցմանը, փաստաթղթով նախատեսվող միջոցառումների ակտուալության գնահատմանը, նոր բովանդակության մշակմանը վերաբերող մի շարք հարցեր: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ վերոնշյալ ռազմավարությունն անհրաժեշտ է դիտարկել որպես ուղենիշ. վերափոխման արդյունքում այն կառավարության համար պետք է դառնա կիրառական գործիք: Գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքները ռազմավարության լավարկման շուրջ:
17:44 - 18 հունվարի, 2022
Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության կոնտեքստում. Վարդևանյանը՝ ՊՇՌ թեստերի մասին |armenpress.am|

Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության կոնտեքստում. Վարդևանյանը՝ ՊՇՌ թեստերի մասին |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի՝ կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեսթերի վերաբերյալ որոշման մեջ որևէ հիշատակում չկա բարերարի, բարեկամի, հարևանի հաշվին թեստ հանձնելու մասին, այլ կա հիշատակում պետության մասին։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Մասնավորապես, ՍԴ որոշման մեջ բառացիորեն գրված է, որ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով։ Եվ այդ միտքը ասում է, որը բոլորս գիտենք, թե Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազար դրամ է, ՊՇՌ թեստերի ծախսերը 15 հազարից մինչև 40 հազար դրամ կարող են լինել։ Եվ այդ կոնտեքստում պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով։ Եթե այս իշխանությունները այս պարզ ճշմարտությունը չեն ուզում ընկալել, չեն ցանկանում ընկալել, դրա հետևանքները իրենք կրելու են այս կամ այլ ձևով, որովհետև մարդկանց վրա հակասահմանադրական պարտականություն դնելը ինքնին ևս հետևանքներ պետք է առաջացնի»,- նշեց Վարդևանյանը։ Պատգամավորն ընդգծեց, որ Սահմանադրական դատարանը այդ հարցի լուծումը տվողը չէ, որովհետև ՍԴ-ն չի կարող վերածվել գործադիր իշխանության, բայց ՍԴ-ն կարող է հուշում և ուղենիշ տալ գործադիրին, և դա ՍԴ-ն արել է։ «Ինչո՞ւ է ՍԴ-ն վերլուծել, որ նվազագույն աշխատավարձը ցածր է, ՊՇՌ թեստերի գները բարձր են։ Այդ ինչո՞ւ է արվում։ Առողջապահության նախարարի կամ այս իշխանությունների ընկալմամբ դա արվում է նրա համար, որ մարդիկ բարերարներ, հարևաններ կամ բարեկամներ գտնեն»,- ասաց Վարդևանյանը։ Պատգամավորն ընդգծեց՝ այստեղ ամենազորեղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է լինեն։ Վարդևանյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս գործատուների հետ համատեղ դնել այս հարցը Կառավարության առջև։ «Եթե իշխանությունը լինում է իրավունքի կողքը կանգնած, իրավունքը հարգող, սահմանադրությունը հարգող, նման իրավիճակներ չեն առաջանում։ ՍԴ որոշումից հետո իշխանությունն անմիջապես ներողություն է խնդրում, ի դեպ, սա շատ մարդկային եմ ասում, դրանից հետո ասում է, որ նախորդ կատարված բոլոր ծախսերի մասով իրենց վրա փոխհատուցման բեռը չլինի, բայց նոր ծախսերը կսկսեն փոխհատուցել։ Այստեղ առաջանում է սոցիալական համերաշխություն»,- ասաց Վարդևանյանը։
13:15 - 18 հունվարի, 2022