ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ գագաթնաժողովներից․ Deutsche Welle

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ գագաթնաժողովներից․ Deutsche Welle

Լուսանկարը՝ AFP/Իրպեն քաղաք Ուկրաինա ռուսական ներխուժումից ուղիղ մեկ ամիս անց՝ մարտի 24-ին, Բրյուսելում այս թեմայի վերաբերյալ կանցկացվի երեք գագաթնաժողով՝ ՆԱՏՕ-ի, G7-ի և Եվրամիության։ Deutsche Welle պարբերականը գրում է դրա մասնակիցների, կայանալիք հանդիպումների օրակարգերի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից մեկ ամիս անց Արևմուտքում շարունակում են պատերզմը կանգնեցնելու ուղիներ փնտրել։ Մարտի 24-ին Բրյուսելում միանգամից երեք գագաթնաժողով կկայանա՝ ՆԱՏՕ-ի, «Մեծ յոթնյակի» (G7) և Եվրամիության։ Բոլոր երեքին էլ կմասնակցեն Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը։ Զելենսկին կմիանա տեսակապի միջոցով, Բայդենը ֆիզիկապես ներկա կլինի․ մարտի 23-ի երեկոյան նա արդեն ժամանել է Բրյուսել։   Ուկրաինական պատերազմի պատճառով պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և էներգետիկա Եվրամիությունն Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով պատժամիջոցների արդեն չորս փաթեթ է սահմանել։ ԵՄ-ում պարբերաբար կրկնում են, որ պատրաստ են նոր սահմանափակումների։ Ընդ որում՝ յուրաքանչյուր նոր փաթեթը կազմելիս ավելի ու ավելի դժվար է դառնում էլ ավելի կոշտ պատժամիջոցներ գտնելը՝ Ռուսաստանին ստիպելու համար դադարեցնել պատերազմը։ Տարբերակներից մեկը Ռուսաստանից էներգակիրների ներկրման արգելքն է։ Նախևառաջ, նավթային էմբարգոյի կոչեր են հնչում, չէ՞ որ «սև ոսկին» ավելի հեշտ է գնել այլընտրանքային մատակարարներից, քան գազը։ Այս առաջարկը չի սատարել ԵՄ խորհուրդը մարտի 21-ին։ գագաթնաժողովներին, ըստ ամենայնի, այս գաղափարը կրկին կքննարկվի։ Սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բրյուսելյան հանդիպումների նախօրին ասել է, որ, քանի դեռ պահպանվում է մեծ կախվածությունը ՌԴ էներգակիրներից, էմբարգո չի սահմանվելու։ Միաժամանակ ԵՄ երկրները վստահեցնում են, որ ակտիվորեն աշխատում են այդ կախվածության նվազեցման ուղղությամբ։ Այլ առաջարկներ էլ կան։ Օրինակ՝ ԵՄ-ն կարող է ՌԴ դրոշի տակ նավարկող նավերին արգելել իր նավահանգիստներ մտնել, իսկ ռուսական և բելառուսական բեռնատարներին՝ ապրանք տեղափոխել ԵՄ երկրներ։ Դեռ պարզ չէ, թե արդյոք այսօր կայանալիք գագաթնաժողովների ընթացքում պայմանավորվածություն ձեռք կբերվի նոր պատժամիջոցների մասին, ինչին կողմ է Վաշինգտոնը։ Deutsche Welle-ի երկու աղբյուրները Բրյուսելում ասում են, որ, ամենայն հավանականությամբ, կընդլայնվի ֆիզիկական անձանց, ընկերությունների և բանկերի պատժամիջոցային ցանկը։ Պատժամիջոցների մասին են խոսելու նախևառաջ G7-ի գագաթնաժողովի ընթացքում։ Այն անցկացվելու է այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում, որտեղ ավելի վաղ անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար շրջանակների հանդիպումը՝ G7-ի երկրների մեծ մասի առաջնորդների, այդ թվում՝ Բայդենի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Կանադայի վարչապետների մասնակցությամբ։ Բրյուսել կժամանի նաև Ճապոնիայի կառավարության ղեկավար Ֆումիո Կիսիդան։   ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամի հարցերը Հինգշաբթի երեկոյան կսկսվի Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը։ Առաջին օրվա գլխավոր և միակ թեման կլինի պատերազմն Ուկրաինայում, մյուս հարցերը կքննարկվեն ուրբաթ օրը։ Փետրվարի կեսերին՝ դեռևս պատերազմի մեկնարկից առաջ, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն արդեն առաջարկել էր Ուկրաինայի համար դոնորների կոնֆերանս անցկացնել։ Այն ժամանակ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացման պատճառով նրա տնտեսական իրավիճակը վատթարանում էր։ Իսկ այժմ այն էլ ավելի է վատթարացել։ Վերջերս Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել էր, որ տնտեսության շուրջ 30%-ը չի աշխատում պատերազմի պատճառով։ Կիևը ԵՄ-ից արդեն ստացել է 600 մլն եվրոյի վարկ մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի շրջանակում։ Սակայն Բրյուսելում հասկանում են, որ դա քիչ է։ Այժմ Միշելն առաջարկում է Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամ ստեղծել։ Ինչպես ասել է ԵՄ կառույցներում Deutsche Welle-ի աղբյուրը, կարճաժամկետ հեռանկարում այդ հիմնադրամը պետք է Կիևին միջոցներ տրամադրի պետական իշխանության մարմինների աշխատանքի սատարման, ինչպես նաև պաշտպանունակության ամրապնդման և քաղաքացիների հիմնական՝ բնակարանի, սննդամթերքի, բժշկական ծառայությունների պահանջմունքների բավարարման համար։ Երկարաժամկետ հեռանկարում հիմնադրամից կֆինանսավորվեն մասշտաբային ներդրումներ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի տնտեսության և ենթակառուցվածքների հետպատերազմյան վերականգնման համար։ Գումարներ կուղղվեն նաև այն նպատակին, որ Ուկրաինան Արևմուտքում տնտեսապես ավելի արմատավորվի։ Deutsche Welle-ի զրուցակցի խոսքով պլանավորվում է հիմնադրամը ստեղծել միջազգային դոնորական կոնֆերանսի օգնությամբ։   ՆԱՏՕ-ն մի կողմ է քաշվել Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմից Պատերազմի մեկնարկից հետո ու Ռուսաստանի ագրեսիային պատասխանելու և Ուկրաինային օգնելու հարցում հիմնական դերը խաղում էր ԵՄ-ն։ Ո՛չ պատժամիջոցները, ո՛չ փախստականներ ընդունելը ՆԱՏՕ-ի գործը չեն։ Սակայն Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերողն էլ դաշինքը չէ, այլ դրա անդամ պետությունները, ինչպես նաև Եվրամիությունը։ Միակ բանը, որ անում է ՆԱՏՕ-ն վերջին մեկ ամսում, իր արևելյան թևի պաշտպանության ուժեղացումն է՝ Բալթյան երկրներից մինչև Ռումինիա և Բուլղարիա։ Նման զսպվածության պատճառներից մեկն այն է, որ ՆԱՏՕ-ն ջանասիրաբար խուսափում է այն գործողություններից, որոնք Մոսկվան կարող է ներկայացնել որպես պատերազմին դաշինքի միջամտություն։ Այս առումով հատկանշական է մարտի 16-ի դեպքը։ Այդ օրը Բրյուսելում կայացել էր ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստը։ Հանդիպման ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ն հայտարարել էր Ուկրաինային 800 մլն դոլարի զենքի տրամադրման մասին։ Սակայն դա արել էր Բայդենը Վաշինգտոնում, այլ ոչ թե ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Բրյուսելում»։   Նորա Վանյան
14:20 - 24 մարտի, 2022
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մերժել է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի բանաձևը

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մերժել է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի բանաձևը

Լուսանկարը՝ Reuters-ի ՄԱԿ Անվտանգության խորհրդը մերժել է Ռուսաստանի ներկայացրած բանաձևը, որով կոչ էր արվում պաշտպանելու Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանն ու հասանելի դարձնելու հումանիտար օգնությունը, սակայն չէր հիշատակվում Մոսկվայի դերը ճգնաժամում, գրում է Reuters-ը։ Բանաձևին կողմ են քվեարկել միայն Ռուսաստանն ու Չինաստանը, Անվտանգության խորհրդի մյուս 13 անդամները ձեռնպահ են մնացել, դեմ քվեարկող չի եղել։ «Եթե Ռուսաստանին մտահոգեր հումանիտար իրավիճակը, նա չէր ռմբակոծի երեխաներին և կդադարեցներ պաշարման մարտավարությունը։ Բայց նա չի արել դա»,- հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը քվեարկությունից հետո։ Ռուսաստանը հերքում է քաղաքացիական անձանց թիրխավորման մեղադրանքը։ Բանաձևն ընդունելու համար Անվտանգության խորհրդին անհրաժեշտ է նվազագույնը ինը քվե և վետոյի բացակայություն Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ ԱՄՆ կողմից։ Նրանց, ովքեր ձեռնպահ են մնացել, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան մեղադրել է «քաղաքական շարժառիթներով» առաջնորդվելու համար։ Մեկնաբանելով Չինաստանի դիրքորոշումը, որը բանաձևին կողմ էր քվեարկել, ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունն ասել է, որ Պեկինն անհապաղ հրադադարի «մեծ հույս ունի», սակայն, ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերից զատ Անվտանգության խորհուրդը պետք է նաև «արձագանքի հումանիտար ճգնաժամին՝ դրական, պրագմատիկ և կառուցողական ձևով»։ Նշենք, որ անցյալ շաբաթ Մոսկվան չեղարկել էր հումանիտար օգնության մասին նախագծի քվեարկությունն Անվտանգության խորհրդում՝ արևմտյան երկրներին մեղադրելով այս քայլի դեմ «աննախադեպ ճնշում գործադրելու» համար։ ԱՄՆ-ն հերքել էր Ռուսաստանի մեղադրանքները։ «Ուկրաինայում ընթացող պատերազմի համար մեղավոր է միայն Ռուսաստանը։ Իր գործողությունների մասին ճշմարտությունը հերքելու Ռուսաստանի երեսպաշտ փորձերը դատապարտված են ձախողման»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։   Նորա Վանյան
11:38 - 24 մարտի, 2022
Ավստրալիայի վարչապետը մտահոգություն է հայտնել Պուտինի՝ G20 գագաթնաժողովին հնարավոր մասնակցության առթիվ

Ավստրալիայի վարչապետը մտահոգություն է հայտնել Պուտինի՝ G20 գագաթնաժողովին հնարավոր մասնակցության առթիվ

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին հնարավոր մասնակցության առթիվ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ «Ինձ համար չափից ավելի է նույն սեղանի շուրջ նստել Վլադիմիր Պուտինի հետ, որին ԱՄՆ-ն արդեն մեղադրում է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար»,- ասել է Մորիսոնը ճեպազրույցի ժամանակ: «Մենք այս առիթով մտահոգություններ ենք բարձրացրել։ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Սա բռնի և ագրեսիվ գործողություն է, որը խախտում է միջազգային իրավունքի գերակայությունը»,- նշել է Ավստրալիայի վարչապետը: Հիշեցնենք` Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպան Լյուդմիլա Վորոբյովան հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերին Ինդոնեզիայում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ դեռ վաղ է խոսել «Մեծ քսանյակի» և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովներին Պուտինի մասնակցության մասին։ Ավելի վաղ «Reuters» գործակալությունն, ի աղբյուրներին հղումով, գրել էր, որ ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները քննարկում են, թե արդյո՞ք Ռուսաստանը պետք է շարունակի անդամակցել «Մեծ քսանյակ»-ին։  Գլխավոր լուսանկարը՝ «Reuters»-ի
09:48 - 24 մարտի, 2022
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում քննարկվել են պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում քննարկվել են պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մարտի 23-ին կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվեցին պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Հայկական կողմից նիստին մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ամերիկյան կողմից՝ Պետքարտուղարության, Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ։ Նիստի ավարտին հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում, նախանշեցին ոլորտային առաջնահերթությունները և առաջիկա անելիքները:
21:04 - 23 մարտի, 2022
Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և ԼՂ-ում տիրող իրավիճակը

Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և ԼՂ-ում տիրող իրավիճակը

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել հումանիտար բնույթի խնդիրներին՝ ընդգծելով դրանց շուտափույթ լուծման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները: Հանդիպման ավարտին կարծիքներ են փոխանակվել միջազգային անվտանգային իրավիճակի և ռազմաքաղաքական զարգացումների շուրջ:
16:42 - 23 մարտի, 2022
ԱՄՆ-ն արել է ամեն ինչ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունը ճապոնացիների հիշողությունից ջնջելու համար․ Մարիա Զախարովա |tert.am|

ԱՄՆ-ն արել է ամեն ինչ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունը ճապոնացիների հիշողությունից ջնջելու համար․ Մարիա Զախարովա |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները ձեռնակել է բոլոր միջոցները 1945 թվականին ԱՄՆ-ի կողմից միջուկային ռմբակոծությունների թեման Ճապոնիայի բնակչության հիշողությունից ջնջելու համար։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ԱՄՆ-ն արել է ամեն ինչ, որպեսզի ջնջի ճապոնացիների հիշողությունից Միացյալ Նահանգների կողմից նրանց երկրին միջուկային հարված հասցնելու թեման։ Դասագրքերում ու թանգարաններում, որոնք բացվել էին, բացվում են և գործում են Ճապոնիայում, ոչ մի տեղ չի հիշատակվում, որ հենց Վաշինգտոնն է իրենց ռմբակոծելու որոշումը կայացրել ու իրակականացրել։ Անգամ ռմբակոծությունների տարելիցի կապակցությամբ Ճապոնիայում անցկացվող հիշատակի միջոցառումները նվիրված են լինում հարվածներին ու զոհերին, սակայն չի դատապարտվում ու անգամ չի հիշատակվում՝ ում կողմից է կայացվել որոշումն ու իրականացվել այն», - նշել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով Հիրոսիմայի և Նագասակիի քաղաքապետերն առաջարկել են կազմակերպել ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների այցն այն տարածաշրջաններ, որոնք տուժել են Միացյալ Նահանգների միջուկային հարվածների հետևանքով։
11:45 - 23 մարտի, 2022
Ներկայումս չկան ամերիկյան զորքեր, որոնք մարզում են ուկրաինացիներին․ Սալիվան

Ներկայումս չկան ամերիկյան զորքեր, որոնք մարզում են ուկրաինացիներին․ Սալիվան

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ՆԱՏՕ արտակարգ գագաթնաժողովին, Մեծ յոթնյակի առաջնորդների հետ հանդիպմանը և ԵՄ առաջնորդներին ուղղված ելույթում Ջո Բայդենը հնարավորություն կունենա համակարգելու Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հաջորդ փուլը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ «Նա կաշխատի դաշնակիցների հետ արևելյան թևում ՆԱՏՕ ուժերի դիրքավորման ավելի երկարաժամկետ ճշգրտումների ուղղությամբ: Նա կհայտարարի եվրոպական էներգետիկ անվտանգության ամրապնդման և ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը վերջապես նվազեցնելու համատեղ գործողությունների մասին»,- նշել է Սալիվանը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Արևելյան Եվրոպայում կամ այլ վայրում ներկայումս կան ամերիկյան զորքեր, որոնք մարզում են ուկրաինացիներին, Սալիվանը նշել է․ «Ներկայումս չկան ամերիկյան զորքեր, որոնք մարզում են ուկրաինացիներին։ Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորքեր չկան։ Իհարկե, կան ԱՄՆ զորքեր, որոնք պաշտպանում են ՆԱՏՕ տարածքը՝ ապահվելով, որ ռուսական ագրեսիան զսպող մեր դաշնակիցները վստահ լինեն»։ Սալիվանը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները առանցքային դեր է խաղում ոչ միայն Ուկրաինային ռազմական տեխնիկայի ուղղակի մատակարարման հարցում, այլ նաև իրենց դաշնակիցների կողմից ռազմական տեխնիկայի տրամադրման դյուրացման գործում:
10:31 - 23 մարտի, 2022
Բայդենը ԵՄ առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայի պատերազմի համատեքստում Չինաստանի հնարավոր ներգրավվածության հարցը․ Սալիվան

Բայդենը ԵՄ առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայի պատերազմի համատեքստում Չինաստանի հնարավոր ներգրավվածության հարցը․ Սալիվան

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ ՆԱՏՕ գագաթնաժողովին, ինչպես նաև ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը Ջո Բայդենը գրծընկերների հետ կխորհրդակցի Ուկրաինայի պատերազմի համատեքստում Չինաստանի հնարավոր ներգրավվածության հարցի շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունից։ Երեկ կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը Սալիվանին հիշեցրել է Չինացի գործընկերոջ հետ հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ և Չինաստանի առաջնորդների զրույցի մասին՝ հարցնելով, թե արդյո՞ք այդ հանդիպումներից հետո ԱՄՆ-ն որևէ նախանշան տեսել է Չինաստանի՝ ՌԴ-ին աջակցել/չաջակցելու մասով։ Սալիվանը պատասխանել է, որ ինքը չի կարող ապագայի կանխատեսումներ անել․ «Ես կարող եմ ձեզ ասել, որ այդ հանդիպումներից կամ Սի Ծինփինի հետ նախագահի զրույցից ի վեր՝ մենք չենք տեսել, որ Չինաստանը Ռուսաստանին ռազմական տեխնիկա տրամադրի։ Բայց, իհարկե, սա մի բան է, որին մենք ուշադիր հետևում ենք և կշարունակենք հետևել։ Եվ Բայդենը նախագահ Սիին պարզաբանել է նման տեխնիկայի տրամադրման հետևանքները, նրանք շատ լավ հասկանում են միմյանց»: Անդրադառնալով նրան, թե արդյո՞ք ՆԱՏՕ գագաթնաժողովի օրակարգում ընգրկվելու է Չինաստանի հարցը, և փորձ արվելո՞ւ է կոնկրետ քայլեր ձեռնարկել, եթե Չինաստանը ՌԴ-ին օգնություն տրամադրի, Սալիվանը նշել է, որ Բայդենը Բրյուսելում գտնվելու ընթացքում այդ թեմայի շուրջ կխորհրդակցի ինչպես ՆԱՏՕ-ի հետ, այնպես էլ ԵՄ առաջնորդների․ «Սա հնարավորություն կտա, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպայի մեր գործընկերները սերտորեն համակարգեն մեր ուղերձը: Մենք հավատում ենք, որ մեր եվրոպացի գործընկերների հետ նույն կողմում ենք և այս հարցում միաձայն ենք արտահայտվելու»։ Ջեյք Սալիվանը մարտի 14-ին հանդիպել էր Չինաստանի իր գործընկերոջը և քննարկել Ուրաինայում պատերազմի համատեքստում ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները։ Իսկ մարտի 18-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մոտ երկու ժամ տևողությամբ զրույց էր ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ՝ վերջինիս ներկայացնելով «Ռուսաստանին նյութական աջակցություն ցուցաբերելու հետևանքները ոչ միայն Միացյալ Նահանգների հետ Չինաստանի հարաբերությունների, այլև ողջ աշխարհի համար»։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին կայանալու է ՆԱՏՕ արտահերթ գագաթաժողովը, որին մասնակցելու է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
09:50 - 23 մարտի, 2022
Պենտագոնը դիտավորություն է համարում Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա
 |factor.am|

Պենտագոնը դիտավորություն է համարում Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա |factor.am|

factor.am: ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ժամանակ ռուսական զորքերը դիտավորյալ թիրախավորում են քաղաքացիական օբյեկտները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Մենք շարունակում ենք կամայական հարձակումներ տեսնել խաղաղ բնակիչների վրա և կարծում ենք, որ շատ դեպքերում դրանք դիտավորյալ են։ Նման գործողությունները հանգեցնում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման, ինչին արդարացում չկա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։ Բացի այդ, Պենտագոնը մեղադրել է ռուսական կողմին Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների մեջ։ «Մենք միանշանակ տեսնում ենք հստակ ապացույցներ, որ ռուսական ուժերը ռազմական հանցագործություններ են կատարում, և մենք կօգնենք հավաքագրել ապացույցները»,- ասել է ամերիկացի պաշտոնյան: Նրա խոսքով՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն «իր ներդրումը» կունենա հետաքննության գործընթացում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն նմանատիպ մեղադրանքներ հնչեցրել էին Ռուսաստանի հասցեին՝ ընդգծելով, սակայն, որ դա իրենց անձնական կարծիքն է։
15:16 - 22 մարտի, 2022
Անվտանգության քառակողմ երկխոսության երկրներից միայն Հնդկաստանն է որոշակիորեն անկայուն Ուկրաինա ներխուժման ֆոնին Ռուսաստանի դեմ գործելու հարցում. Բայդեն

Անվտանգության քառակողմ երկխոսության երկրներից միայն Հնդկաստանն է որոշակիորեն անկայուն Ուկրաինա ներխուժման ֆոնին Ռուսաստանի դեմ գործելու հարցում. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Անվտանգության քառակողմ երկխոսության երկրներից (անդամներն են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Ավստրալիան և Ճապոնիան- խմբ․) միայն Հնդկաստանն է «որոշակիորեն անկայուն Ուկրաինա ներխուժման ֆոնին Ռուսաստանի դեմ գործելու հարցում»։ Բայդենի խոսքով՝ պատճառն այն է, որ Հնդկաստանը փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը։ Բայդենը նաև նշել է, որ եթե Անվտանգության քառակողմ երկխոսության մյուս երկրները՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան և Ավստրալիան, պատժամիջոցներ են կիրառել ռուսական կազմակերպությունների կամ մարդկանց նկատմամբ, Հնդկաստանը պատժամիջոցներ չի կիրառել և անգամ չի դատապարտել Ռուսաստանին՝ ռազմական տեխնիկայի իր ամենամեծ մատակարարին:
14:50 - 22 մարտի, 2022
Ռուսաստանը չի կարող համակերպվել Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական լաբորատորիաների հետ․ ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը չի կարող համակերպվել Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական լաբորատորիաների հետ․ ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը չի կարող համակերպվել Ուկրաինայի տարածքում ԱՄՆ կողմից կենսաբանական լաբորատորիների ստեղծման հետ, որոնք կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հեռանկար ունեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Խնդիրներ են բացահայտվել, որոնց մասին մենք վաղուց էինք խոսում, սակայն այդ խնդիրների մասշտաբն այնպիսին է, որ դրանց հետ պարզապես հնարավոր չէ համակերպվել։ ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրերը, որոնք իրականացվել են Ուկրաինայի տարածքում, խոր մտահոգության առիթ են Կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի արգելման մասին կոնվենցիայի խախտման և կենսաբանական զենքի բաղադրիչների ստեղծման հեռանկարների տեսանկյունից, եթե չլինեին այն գործողությունները, որոնք դրան վերջ տվեցին»,- ասել է փոխնախարարը։ Ռյաբկովը հայտարարել է, որ ռուսական կողմը տարիներով աշխատում է Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության ու կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ և կենսաբանական անվտանգության հարցում ակնկալում է դաշնակիցների և գործընկերների աջակցությունը։ Նա ընդգծել է նաև, որ Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների ստեղծման բոլոր փաստերը պարզելուն ուղղված ջանքերը շարունակվելու են, այդ թվում՝ այս հարցերով զբաղվող միջազգային հարթակներում։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությանը, որ Մոսկվան ուսումնասիրում է Ուկրաինայում քիմիական և կենսաբանական զենք կիրառելու հնարավորությունը, Ռյաբկովն ասել է․ «Մենք չունենք ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Այն, ինչ ամերիկացիներն ասում են, չարամիտ զրպարտություններ են, մենք դրանք անընդհատ լսում ենք և երկար ժամանակ է՝ սպառիչ պատասխան ենք տալիս»։   Նորա Վանյան
13:02 - 22 մարտի, 2022