ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

 Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն սեպտեմբերի 29-ին հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։  Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Անն Լույոն կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում։ «ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները առաջնահերթորեն քննարկել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման նպատակով կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև կրթական ու մշակութային բնագավառներում կապերի ամրապնդման հետագա հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:27 - 29 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Բուլղարայի դեսպանին, անդրադարձ է եղել  նաև պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Բուլղարայի դեսպանին, անդրադարձ է եղել նաև պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին, տեղեկացնում է ԱԳՆ կայքը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-բուլղարական հարաբերությունների հագեցած օրակարգի վերաբերյալ և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ: Արարատ Միրզոյանը ու Կալին Անաստասովը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում գրանցված դրական դինամիկան, երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթ բացելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև առանձնացրել Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ–բուլղարական միջկառավարական հանձնաժողովի դերը՝ փոխգործակցության հետագա զարգացման համար: ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա զարգացմանն ու Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար խնդիրներին: Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
14:59 - 29 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ երկրում գտնվելու փաստը. ԱԳ նախարարը հանդիպել է Թիերի Ռիբոյին

Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ երկրում գտնվելու փաստը. ԱԳ նախարարը հանդիպել է Թիերի Ռիբոյին

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԿՄԽԿ միջև Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցության և կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը: Ընդգծվել է, որ Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր մոտ պատանդառության մեջ գտնվելու փաստը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, ներառյալ՝ բռնի անհետացումների կասկածի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն և հարցը չպետք է քաղաքականացվի։
13:05 - 29 սեպտեմբերի, 2021
Պերուի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Պերուի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսն (նստավայրը՝ Մոսկվա) սեպտեմբերի 28-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Պերուի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Իր հերթին Պերուի դեսպանը նշել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար կգործադրի առավելագույն ջանքերը: «Արմեն Ղևոնդյանը Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսին ներկայացրեց 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն ու կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հարցը` հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:Հանդիպմանը քննարկվել են քաղաքական երկխոսության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:  
19:58 - 28 սեպտեմբերի, 2021
Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ․ Չավուշօղլու |azatutyun.am|

Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ․ Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպում ծրագրերում չկա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ստամբուլում Թյուրքական խորհրդի արտգործնախարարների նիստի շրջանակում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, թե ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հուսադրող հայտարարություն է արել, և Թուրքիայի նախագահը դրանք հավանությամբ է ընկալել։ «Մենք ի սկզբանե ցանկանում էինք, որ տարածաշրջանը խաղաղ տարածաշրջանի վերածվի պատերազմից հետո։ Ադրբեջանը հանդես եկավ խաղաղության մասին առաջարկությամբ։ Սակայն Հայաստանը դրական պատասխան չտվեց դրան։ Մենք Ադրբեջանի հետ կհամակարգենք Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
15:32 - 27 սեպտեմբերի, 2021
ՀՀ-ն հանդես է գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի դիրքից. ԱԳՆ

ՀՀ-ն հանդես է գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի դիրքից. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև. «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մեր հերոսների հիշատակի առջև, որոնք ընկան հանուն ազատության ու իրենց հայրենակիցների արժանապատվության և կյանքի իրավունքի պաշտանության։ Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմն ուղեկցվում էր Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով և զանգվածային այլ ոճրագործություններով։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, միտումնավոր թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչը հանգեցրեց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և ավերածությունների։ Իրագործված զանգվածային ոճրագործությունները մանրակրկիտ կերպով փաստագրվել և ներկայացվել են միջազգային կազմակերպություններին ու միջազգային մասնագիտացված կառույցներին։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են միջազգային տարբեր հարթակներում։ 44-օրյա պատերազմը նախապես ծրագրված ու նախապատրաստված ռազմական ագրեսիա էր, որի նպատակն էր ուժի կիրառման և հայ բնակչության բնաջնջնման միջոցով միջազգային օրակարգից հանել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Այդ մասին են վկայում ինչպես պատերազմին նախորդած շրջանում Ադրբեջանի գործողությունները, այնպես էլ՝ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը։ Ադրբեջանի իշխանություների կողմից տարիներ շարունակ վարվող հայատյացության քաղաքականությունն ու ուժի կիրառման սպառնալիքները, միջազգային միջնորդների կողմից հակամարտության կարգավորման և հրադադարի ամրապնդման առաջարկների մերժումը, հրադադարի համակարգված և պարբերական խախտումները, միջազգային պարտավորությունների խախտմամբ սպառազինության մեծաքանակ կուտակումները և շփման գծի երկայնքով պարբերաբար անցկացվող հարձակողական բնույթի զորավարժությունները, համավարակի պայմաններում գլոբալ զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին միանալուց հրաժարվելը, ինչպես նաև պատերազմից հետո հնչող հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղը դադարել է գոյություն ունենալ, գալիս են հաստատելու, որ Ադրբեջանը երբևէ շահագրգռված չի եղել խաղաղ միջոցներով հակամարտության կարգավորմամբ: Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտում էր հումանիտար հրադադար հաստատելու միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ինչի հետևանքով նախարարական մակարդակով ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համաձայնեցված երեք հրադադարներն այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը, որին հետևեց ՌԴ խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ, դադարեցրեց Ադրբեջանի ագրեսիան և պայմաններ ստեղծեց Արցախում բնակչության համապարփակ անվտանգության երաշխավորման համար։ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով Արցախի հայության առջև ծառացան բազմաթիվ հումանիտար խնդիրներ․ 90 հազարից ավել արցախահայեր ստիպված եղան լքել իրենց մշտական բնակության վայրերը, որոնց գերակշիռ մասը ներկայումս վերադարձել են Արցախ։ Ավելի քան 40 հազար մարդ զրկվել է տնից և ունեցվածքից, ավերվել են կենսական նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ և հիվանդանոցներ։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է միջազգային հումանիտար և այլ մասնագիտացված կառույցների անխափան մուտքն Արցախ, ինչն առանցքային նշանակություն ունի պատերազմի արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամի համապարփակ և արդյունավետ լուծման համատեքստում։ Շուրջ մեկ տարի անց Ադրբեջանը դեռևս շարունակում է պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ խախտելով ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ՝ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ թշնամական քաղաքականությունը, այլև իրենց վերահսկողության ներքո հայտնված տարածքներում անվանափոխում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում ու պղծում են կրոնական սրբավայրերը և մշակութային ժառանգությունը: Այս գործողությունները և հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումը ևս մեկ անգամ բացահայտում են այն իրողությունը, որ Արցախի հայերի ֆիզիկակական անվտանգության և կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո։ Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների արդյունքում ձևավորված իրողությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից նմանօրինակ շարունակական գործողությունները չեն կարող ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կայուն հիմքեր։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշումը՝ հաշվի առնելով ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը: Միայն խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները կարող են նոր էջ բացել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և զարգացման համար։ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու և մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք մեկնարկի դիրքերից։ Միևնույն ժամանակ, առաջնահերթ նշանակություն են ստանում հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների և քաղաքացիական պանտանդների հայրենադարձումը և բռնի անհետացման դեպքերի հասցեագրումը: Հայաստանը շարունակելու է հետևողական լինել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցում և ջանքեր գործադրել՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի, համապարփակ ու տևական լուծման և երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու արցախահայության իրավունքը»։
13:45 - 27 սեպտեմբերի, 2021
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը՝ երկու երկրների հարաբերություններում մեծապես կարևորելով սիրիահայ համայնքի դերակատարությունը: Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի միասնության և ինքնիշխանության պահպանման և համապարփակ երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին։ Կողմերը խիստ մտահոգություն են հայտնել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկան ահաբեկիչների ներգրավման առնչությամբ։
21:45 - 25 սեպտեմբերի, 2021
Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ՄԽ համանախագահության ձևաչափում

Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ՄԽ համանախագահության ձևաչափում

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը: ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հայտնի սկզբունքների և տարրերի  հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը առաջնահերթ են համարել տարածաշրջանում առկա իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։ ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել հրատապ հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։ Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու իրենց մանդատի համաձայն աշխատել կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և հակամարտության արդյունքում առաջացած առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշենք, որ սա ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումն էր 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո։ Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ նշելով որ «ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին նման հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան՝ վերսկսելու խաղաղ գործընթացը ուղիղ երկխոսության միջոցով, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը»։
16:57 - 25 սեպտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ

ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 76-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։   Կարևորելով Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ-ի Գրասենյակի առանցքային դերակատարությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման, ինչպես նաև ատելության և խտրականության հրահրման դեմ պայքարի գործում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել զարգացնելու ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա հիմնված սերտ համագործակցությունը:   Անդրադառնալով ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, Արցախի հայաթափմանն ուղղված գործողություններին՝ ԱԳ նախարարն ընդգծել է այդ ոճրագործություններին միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքի, ինչպես նաև նմանատիպ գործողությունների կանխարգելման մեխանիզմների ամրապնդման կարևորությունը։
11:27 - 25 սեպտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանն ու Այման Սաֆադին քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանն ու Այման Սաֆադին քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

 ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ: «ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակը և կարևորել են 2020թ․ փետրվարին Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը։ Զրուցակիցները քննարկել են հայ-հորդանանյան բազմոլորտ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր»,- Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում են ԱԳՆ-ից: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակն, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենիք վերադարձի խնդիրները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:
14:42 - 24 սեպտեմբերի, 2021
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ: Զրուցակիցները քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները։ Նախարար Միրզոյանը տեղեկացրել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի, այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։ Մանրամասն անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում կայուն անվտանգությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը՝ հավելելով, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
13:10 - 24 սեպտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

 ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: ՀՀ ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացնում է, որ նախարար Միրզոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ծառացած հումանիտար խնդիրներին։ Նա, մասնավորապես, շեշտել է տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և նրանց կարիքները հոգալու անհրաժեշտությունը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է նաև Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման կարևորությունը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից այս հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը:
10:14 - 24 սեպտեմբերի, 2021
Կայացել է Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարների հանդիպումը

Կայացել է Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Նախարարներ Միրզոյանը և Խրիստոդուլիդեսն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, և պատրաստակամություն հայտնել առավել ընդլայնել փոխգործակցությունը: Այս առումով որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ են առանձնացվել առևտրատնտեսական, պաշտպանության, կրթության, զբոսաշրջության ոլորտները: Քննարկվել են երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը Հայաստանի ու հայ ժողովրդի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աջակցության ու համերաշխության համար։ Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Այդ առնչությամբ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը:
09:45 - 24 սեպտեմբերի, 2021
Նիգերիայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Նիգերիայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում համատեղության կարգով Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Թեհրան) Յակուբո Սանտուրակի Սուլեյմանին (Yakubo Santuraki Suleiman)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին՝ Արմեն Ղևոնդյանը նրան հաջողություն է մաղթել իր առաքելության մեջ և հույս հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: «Նիգերիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարի տեղակալին, նշեց, որ իր գործունեության ընթացքում փորձելու է նոր լիցք հաղորդել Հայաստանի և Նիգերիայի միջև համագործակցությանը։ Կողմերը կարևորեցին համատեղ քայլերի մշակումը, որոնք կարող են խթանել երկկողմ փոխգործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դեսպանի խնդրանքով ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման կարևորությունը։  
20:45 - 23 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է Արցախ միջազգային կազմակերպությունների մուտքի ապահովումը

ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է Արցախ միջազգային կազմակերպությունների մուտքի ապահովումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 23-ին հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Ողջունելով ԵԽ գլխավոր քարտուղարին՝ նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ տարիներ ի վեր ձևավորված բազմաշերտ համագործակցության կապակցությամբ և նշել, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում Եվրոպայի խորհուրդը մնում է մեր երկրի կարևորագույն գործընկերներից մեկը: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ։ «Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիային ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ նախարարը բարձր է գնահատել պատերազմի առաջին իսկ օրվանից Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների և անձամբ Գլխավոր քարտուղարի կողմից հնչող հայտարարություններն ու կոչերը՝ ուղղված ռազմական գործողությունները դադարեցնելուն և պատերազմի հումանիտար հետևանքները վերացնելու անհրաժեշտությանը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների խախտում է: Նախարար Միրզոյանը կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների՝ Արցախ անխափան մուտքն ապահովելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր։  
20:36 - 23 սեպտեմբերի, 2021