ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Մ-2 միջպետական ճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում նախատեսվում է կառուցել և վերակառուցել այլընտրանքային ճանապարհներ

Մ-2 միջպետական ճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում նախատեսվում է կառուցել և վերակառուցել այլընտրանքային ճանապարհներ

Կառավարությունն այսօր՝ չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց նախագիծ, որով անհետաձգելի համարեց պետական անվտանգության ապահովման նպատակով Հ 46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) – Բարձրավան ավտոճանապարհի,  Տանձավեր – Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև Որոտան - Խոտ և Տ-8-49 - Լծեն ավտոճանապարհների վերակառուցման, նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և այդ նախագծերի փորձաքննության ծառայությունների գնման կարիքը, թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարին այդ ծառայությունները ձեռքբերել մեկ անձից գնման ընթացակարգով, ինչպես նաև սահմանել աշխատանքների իրականացման առանձնահատկությունները: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու  նպատակով նախատեսվում է կառուցել և վերակառուցել ճանապարհի խնդրահարույց հատվածները շրջանցող այլընտրանքային ճանապարհներ: Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ նախատեսված ավտոճանապարհների կառուցման և վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունները հրատապ մեկ անձից ձեռքբերման համար համաձայնություններ և գնառաջարկներ ստանալու նպատակով նախապես կատարվել են հարցումներ, որոնց հիման վրա ընտրվել են ծառայություններ մատուցողները և դրանց պայմանագրային արժեքները:  Ճանապարհների կառուցման և վերակառուցման արժեքը կկազմի 121 մլն դրամ։ Որոշվել է նաև  այս ավտոճանապարհների կառուցման և վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունները ձեռք բերել «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ 6,655,000.0 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով: Նախագծով ֆինանսական միջոցներ են նախատեսվում նաև 2021թ․-ի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում կնքված գնման պայմանագրերի կատարման համար:
11:42 - 18 նոյեմբերի, 2021
ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի առաջարկներ է արել , որոնք ՀՀ-ի համար ընդունելի են․ Նիկոլ Փաշինյան

ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի առաջարկներ է արել , որոնք ՀՀ-ի համար ընդունելի են․ Նիկոլ Փաշինյան

2021-ի մայիսից ի վեր, ինչպես նշել եմ, ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանների միջեւ դեմարկացիա եւ դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչեցրել ՌԴ-ն, երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել եւ շարունակում են ընդունելի մնալ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ իմ հայտարարություններից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, որոնք ՀՀ-ի համար ընդունելի են»,- ընդգծեց Փաշինյանը։ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ՌԴ գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները՝ առաջարկներն իրագործել փորձելու համար։ Նշենք, որ երեկ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ «դեմարկացիայի և դելիմիտացայի գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»։
11:15 - 18 նոյեմբերի, 2021
Հայաստանի կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ամրապնդել են գործընկերությունը

Հայաստանի կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ամրապնդել են գործընկերությունը

ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) Երևանում նոյեմբերի 16-ին ստորագրել են Հայաստանում 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթուղթը» (ԵԾՓ)։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։ Նոր ԵԾՓ-ն երկու կողմերի միջև կնքված առաջին համապարփակ շրջանակային ծրագրին է։ Այն մշակվել է լայնածավալ ու բազմակողմ խորհրդակցությունների արդյունքում և համահունչ է երկրի ազգային առաջնահերթություններին, ինչպես նաև Հայաստանի համար 2021-2025 թվականների ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակին։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՄԱԱԶԿ գործադիր տնօրեն Սիյոնգ Զուն։   «Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԱԶԿ-ի համագործակցությունը նախորդ տարիներին արդյունավետ է եղել։ Այս համագործակցության ընթացքում իրականացված ծրագրերը երկրին տվեցին բազմաթիվ նոր աշխատատեղեր և օգնեցին հաղթահարել որոշ մարտահրավերներ, որոնց այդ ժամանակահատվածում բախվել էր երկիրը: Առջևում դեռ շատ մարտահրավերներ կան, և Հայաստանի կառավարությունն ընդունել է ներդրումների վրա հիմնված տնտեսության ծրագիր, ինչը նշանակում է, որ մենք պետք է էապես փոխենք տնտեսության արդյունաբերական մասը երկրի ընդհանուր ՀՆԱ-ում։ Երկրի 5-ամյա ծրագրի փաստաթուղթը, որն այսօր ստորագրում ենք, համահունչ է մեր ազգային առաջնահերթություններին և կօգնի մեզ բարելավել արդյունաբերական արտադրանքն ու արտադրողականությունը՝ կայուն տնտեսական փոխակերպման, արդյունաբերության դիվերսիֆիկացման և նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանցման վրա հիմնված թվայնացման միջոցով»,- ասել է Վահան Քերոբյանը։
12:36 - 17 նոյեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին: Այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից:  Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին, մասնավորապես հայաստանյան թիմին մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Հայաստանի կողքին լինելու և աջակցելու համար՝ ընդգծելով ՀԲ օժանդակության դերը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՀԲ հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար ինչպես ծավալային, այնպես էլ բովանդակային տեսանկյունից: Ներկայացնելով Կառավարության նոր ծրագրի հիմնական ուղենիշները՝ փոխվարչապետն ընդգծել է, որ ՀԲ-ի հետ արդեն իսկ ձևավորված համագործակցության համապարփակ շրջանակը լուրջ հիմք է ստեղծում շարունակելու համատեղ աշխատանքները Կառավարության առաջնահերթ բարեփոխումների իրականացման ուղղությամբ: ՀԲ փոխնախագահ Աննա Բյերդեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ Կառավարության ծրագիրը ինչպես ՀԲ, այնպես էլ Հայաստանի զարգացման այլ գործընկերների կողմից գնահատվել է որպես մարտահրավերներին դիմակայելու թիրախային և համապարփակ ծրագիր: Աննա Բյերդեն ՀԲ անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցելու Կառավարությանը նախանշված ծրագրերի իրականացման գործում: Երկուստեք կարևորվել են մասնավորապես հանրային կառավարման բարեփոխումները, այդ թվում՝ թվայնացման գործընթացն ու պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները: Քննարկվել են մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ջանքերը՝ հատկապես առողջապահության և կրթության ոլորտներում համավարակով պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու համատեքստում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Քովիդ-19-ի դեմ պատվաստումների մասսայականացման վերաբերյալ, կարևորվել է պատվաստման գործընթացի նկատմամբ հանրային վստահության աճը և այդ ուղղությամբ համագործակցության խորացումը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանը, ինչպես նաև այդ ուղղությամբ Կառավարության կողմից խթանող գործիքների ներդրման անհրաժեշտությանը:  
13:19 - 15 նոյեմբերի, 2021
Վարչապետի մոտ քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործունեությանն ու ներդրողներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելուն առնչվող հարցեր

Վարչապետի մոտ քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործունեությանն ու ներդրողներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելուն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի՝ Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են կառավարությունից։  Վարչապետը նշել է, որ այսօրվա խորհրդակցության նպատակն է քննարկել Ներդրումների աջակցման կենտրոնի կանոնադրությունը: «Մենք անընդհատ տարբեր խնդիրներ ենք ունենում՝ կապված ներդրողների կողմից բարձրացվող հարցերի հետ, երբ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ներդրումային ծրագրեր իրականացնելիս հանդիպում են ամենատարբեր բարդությունների: Մենք մի քանի անգամ ամենատարբեր ֆորմատներն ենք փորձարկել, թե ինչպես իմի բերենք, քննարկենք և լուծումներ տանք այդ խնդիրներին, որպեսզի ներդրողների համար ներդրումային գործընթացն առավել սահուն ընթանա: Այդ գործընթացի արդյունքում, ի վերջո, հանգել ենք եզրակացության՝ փորձարկելու հետևյալ լուծումը, որպեսզի վարչապետը, փոխվարչապետերը և ճյուղային նախարարները ներգրավվեն Ներդրումների աջակցման կենտրոնի հոգաբարձուների խորհրդում: Բոլոր այն ներդրումային ծրագրերը, որոնք ուղեկցման անհրաժեշտություն ունեն, կքննարկվեն հոգաբարձուների խորհրդում, ըստ անհրաժեշտության կհրավիրվեն նաև գործառույթ ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները և սա կդարձնենք ներդրումային ծրագրերի քննարկման հարթակ: Այսօր մեր նպատակն է, որպեսզի մենք այս տրամաբանությամբ նորից նայենք Ներդրումների աջակցման կենտրոնի կանոնադրությունը և գնանք առաջ»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Այնուհետև քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի կանոնադրությանը, գործառույթներին և այն քայլերին վերաբերող հարցեր, որոնք միտված են ներդրումների սահուն ընթացքի ապահովմանը, Հայաստանը ներդրումային գրավիչ միջավայր դարձնելուն, ներդրումների խթանմանն ու ներգրավմանը: «Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից ներկայացվել է հաշվետվություն, որը վերաբերել է 2020 թվականի մայիսից ի վեր ներդրողներին ցուցաբերված օժանդակությանը, ներդրողներին ուղեկցելուն, տարբեր խնդիրների լուծմանը հասնելու գործում կատարված աշխատանքներին: Անդրադարձ է կատարվել այն ներդրումային նախագծերին, այդ թվում՝ ներկայացված օտարերկրյա ընկերությունների կողմից, որոնք ներկայումս գտնվում են «Էնթերփրայզ Արմենիա»-ի հարթակում: Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է առաջիկայում խորհրդի նոր կազմը հաստատելուց հետո կազմակերպել խորհրդակցություն և ներկայացնել այն ներդրումային ծրագրերը, որոնք բախվել են տարբեր խնդիրների և առաջ չեն շարժվում: Խորհուրդը մանրամասն կքննարկի խոչընդոտները և կփորձի գտնել համապատասխան լուծումներ, այդ թվում՝ օրենսդրական: 
19:30 - 13 նոյեմբերի, 2021
ԵՊՀ-ն և կառավարությունը չեն հրաժարվում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը փոխհատուցելուց

ԵՊՀ-ն և կառավարությունը չեն հրաժարվում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը փոխհատուցելուց

Նոյեմբերի 1-ին oragir.news լրատվական կայքը «Կառավարությունը շարունակում է «խաղաղության» օրակարգը․ պատերազմին մասնակցած ուսանողների վարձն այլևս չի զեղչվում» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ, հղվելով ԵՊՀ իր աղբյուրներին, հայտնում էր, որ այս ուսումնական տարվա սկզբից  ԵՊՀ-ն հրաժարվում է 44-օրյա պատերազմին մասնակից ուսանողների ուսման վարձը զեղչել, և ուսման վարձը չզեղջելու որոշումը կայացրել է կառավարությունը, սակայն այն դեռևս թղթային ձևակերպում չունի։ Նշված լուրի իսկությունը ստուգելու համար հարցումով դիմեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ինչպես նաև կապ հաստատեցինք ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ։ ԿԳՄՍ նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ անցյալ ուսումնական տարվա առաջին կիսամյակում 44-օրյա պատերազմի մասնակից 4200 ուսանող ստացել են ուսման վարձի 100% փոխհատուցում։ Սա եղել է կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ։ Նախարարության պատասխանի համաձայն՝ ամռանը զորացրված 1200 ուսանող նույնպես կստանա այդ փոխհատուցումը, և գործընթացը կշարունակվի նաև 2022 թվականին, քանի որ դեռ կան ուսանողներ, որոնք չեն զորացրվել։ Բացի տրամադրված փոխհատուցումից՝ փոփոխություններ են կատարվել նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտության կրթության մասին» օրենքում, և ավելացվել է ուսման զեղչ ստացող ուսանողների շրջանակը, մասնավորապես՝ «մարտական գործողությունների մասնակից ուսանողներին լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին» հատվածը։ Նույնաբովանդակ փոփոխություն է կատարվել նաև «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում։ Գրավոր հարցմամբ փորձել էինք տեղեկանալ նաև, թե արդյոք ուսման վարձի փոխհատուցման խնդիրներ առաջացել են, և արդյոք շարունակվելու են պատերազմական գործողություններին մասնակից ուսանողների ուսման վարձի մասնակի կամ ամբողջական փոխհատուցումները։ Համաձայն նախարարության պատասխանի՝ բուհերում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման որոշակի խնդիրներ առաջացել են։ Դրանք վերաբերել են ուսումնական տարվա սկզբում ուսանողների հրամանագրմանը և բուհի հետ պայմանագրեր կնքելուն, որի համար ուսանողները պետք է որոշակի վճարումներ կատարեին։ Ինչ վերաբերում է այս ուսումնական տարում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողներին մասնակի կամ ամբողջական փոխհատուցում տրամադրելուն՝ պատասխանում նշված է, որ նախարարությունն արդեն սկսել է բուհերի ներկայացրած տվյալների ամփոփումը, որոնց հիման վրա էլ ուսանողները պետք է ստանան ուսման վարձի համապատասխան ֆինանսական փոխհատուցում։ Խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ ենք հաստատել նաև ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ։ Վերջինս մեր զրույցում ասաց, որ շրջանառվող լուրերը, թե ԵՊՀ-ն հրաժարվում է ուսման վարձերը զեղչել, իրականությանը չեն համապատասխանում։ Գրիգորյանի խոսքով ԵՊՀ-ում բնականոն հավաքագրվում են ուսանողների փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնեն նախարարություն, որից հետո նախարարությունը պետք է ուսումնասիրի և պահանջներին համապատասխանելու դեպքում կատարի ուսանողների վարձի փոխհատուցումը (Ազնիվ Գրիգորյանի հետ զրուցել ենք նոյեմբերի 1-ին)։ «Մենք քննում ենք յուրաքանչյուր ներկայացված դիմում, լինում են, որ դիմումները թերի են լինում, այդ դեպքում էլ ուսանողները մերժում չեն ստանում, մենք ուղղորդում ենք նրանց և ժամանակ տրամադրում, որ փաստաթղթերը կարգի բերեն և նորից ներկայացնեն։ ԵՊՀ անունից տեղեկացնեմ, որ ուսանողները  մտավախություն չպետք է ունենան, որովհետև երբ վարձավճարի փոխհատուցման որոշումը կայացվի, եթե անգամ վարձավճարի մի մասը ուսանողները վճարած լինեն, ավել վճարված գումարները կվերադարձվեն»,- նշեց Ազնիվ Գրիգորյանը։ Այսպիսով՝ տարածվող տեղեկությունները, թե ԵՊՀ-ն և կառավարությունը հրաժարվում են 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների վարձավճարների փոխհատուցում տրամադրելուց, ճիշտ չէ, քանի որ ԵՊՀ-ում դիմումների հավաքագրումն իրականացվում է բնականոն, իսկ նախարարությունը պատրաստակամ է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակից ուսանողների ուսման վարձերը։ Նարեկ Մարտիրոսյան
17:03 - 13 նոյեմբերի, 2021
Գերագույն հոգևոր խորհուրդը լիահույս է՝ ԱԺ-ն դրական կարձագանքի հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու առաջարկին

Գերագույն հոգևոր խորհուրդը լիահույս է՝ ԱԺ-ն դրական կարձագանքի հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու առաջարկին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 8-13-ը հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին, Հայաստանի թեմակալ առաջնորդների մասնակցությամբ ընդլայնված նիստին անդրադարձ եղավ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ խորհրդարանում ծավալված քննարկումներին և այդ շրջանակում հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային օրեր պահելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկին։ Ինչպես փոխանցեցում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ժողովին արձանագրվեց, որ օրենսդրական փոփոխությունների հիշյալ նախագծում Մայր Աթոռի առաջարկը տեղ չի գտել և Հայ Եկեղեցու հետ որևէ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել։ «Ազգային, հոգևոր, պետական շահերի համատեքստում խելամիտ որևէ բացատրություն չի ներկայացվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությունը մերժելու և հիշյալ օրերը ոչ աշխատանքային օրերի ցանկից դուրս բերելու նախաձեռնության առնչությամբ։ Ժողովականները հույս հայտնեցին, որ առաջարկը դրական անդրադարձ կգտնի խորհրդարանում և մեր հավատավոր ժողովուրդը կկարողանա Ճրագալույցին և Մեռելոց հիշատակին, օրվա խորհրդի վերապրումով, անարգել իր քայլերն ուղղել դեպի եկեղեցիներ, խունկ և աղոթք մատուցել սիրելիների անմար հիշատակին»,- ասվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ։
16:21 - 13 նոյեմբերի, 2021
Հայաստանի եւ Շվեյցարիայի միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բա­ցա­ռելու մասին հուշագիր է կնքվել

Հայաստանի եւ Շվեյցարիայի միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բա­ցա­ռելու մասին հուշագիր է կնքվել

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության գործերի հավատարմատար Սթեֆան Կլյոտցլին նոյեմբերի 12-ին ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համա­դաշ­նու­­թյան միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բա­ցա­ռելու մասին հուշագիր: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից, մանրամասնելով՝համաձայնագրով նախատեսվում է սահմանել, որ շահա­բաժին­ները հարկվելու են արտոնյալ դրույքաչափով, մասնավորապես նախատեսվում է բարձրացնել շահաբաժինների հարկման արտոնյալ դրույքա­չափի կիրառության առումով մասնակցության չափի շեմը՝ 25ից դարձնելով 50 տոկոս եւ նվազեցնել շահաբաժինների հարկման դրույքաչափերը՝ սահմանելով 0 եւ 5 տոկոս համապատասխան ներդրումների ապահովման դեպքում: Միջոցառման ավարտին նախարար Խաչատրյանն արդյունավետ է գնահատել Շվեյցարիայի Համադաշնության հետ իրականացված համատեղ ծրագիրը, Հայաստանի հետ ունեցած համագործակցությունն ու այն խորացնելու պատրաստակամություն հայտնել: Սթեֆան Կլյոտցլին իր հերթին նշել է, որ Հայաստանը եւ Շվեյցարիան երկարամյա դիվանագիտական հարաբերություններ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը:
17:27 - 12 նոյեմբերի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱԶԲ գործընկերների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱԶԲ գործընկերների հետ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հանդիպումներ է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Քերըն Մյուրեյին, ով ներկայացնում է Հայաստանը ԱԶԲ խորհրդում, ինչպես նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ: Փոխվարչապետի գրասենյակը տեղեկացնում է, որ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես, Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և թափանցիկության բարձրացման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալին ներկայացրել է Կառավարության ծրագրում արտացոլված հիմնական նպատակները՝ առանձնացնելով ԱԶԲ-ի հետ հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները: Քերըն Մյուրեյը նշել է, որ պատիվ է Հայաստանը ներկայացնելու ԱԶԲ-ում և շեշտել, որ իր այցի հիմնական նպատակը Հայաստանի Կառավարության առաջնահերթությունների հետ ծանոթանալն է: Անդրադարձ է կատարվել մասնավորապես Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանը, ջրային և կապի ոլորտներում հնարավոր համագործակցությանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման ոլորտում, մասնավորապես՝ կրթության և բնագավառում նախատեսված բարեփոխումներին: Երկուստեք կարևորվել է մասնավոր ոլորտում ԱԶԲ-ի հետ առկա ծրագրերը, այս համատեքստում ընդգծվել է կապիտալի շուկայի զարգացման կարևորությունը և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը: ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ ծրագրերի մանրամասները, մտքեր են փոխանակվել տրանսպորտային ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտում Կառավարության կողմից նախատեսված քայլերի և ԱԶԲ-ի հետ համագործակցության շուրջ:
16:57 - 12 նոյեմբերի, 2021
2022 թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում նախատեսվում է տրամադրել ամսական 50․000 դրամ աջակցություն

2022 թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում նախատեսվում է տրամադրել ամսական 50․000 դրամ աջակցություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է  ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50․000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ։ Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի կարգաթվով պայմանավորված պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում, որը միանվագ բնույթի է․ «Ըստ էության, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պարբերական բնույթի դրամական աջակցություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ։ Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև առկա ժողովրդագրական իրավիճակը առաջարկվում է ընդունել ներկայացված որոշումը»:
15:43 - 12 նոյեմբերի, 2021
Հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի կհասցվի. էականորեն կկրճատվեն հարկային վարչարարության ժամկետները

Հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի կհասցվի. էականորեն կկրճատվեն հարկային վարչարարության ժամկետները

Նոյեմբերի 11-ի նիստի ընթացքում Կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի հասցնել: «Դա էականորեն կրճատում է նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորում պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման գործընթացը»,- հայտնում են Կառավարությունից: Բացի այդ, նախատեսվում է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը` ապահովելով հարկային կարգապահություն: Մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը։ Օրինագծով  առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսել դրույթ, որի հիման վրա հարկային մարմնում հաշվառված, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին չհամապատասխանող սուբյեկտները կհանվեն հաշվառումից: Նախագծով առաջարկվում է օրենսգրքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան հաշվառումից հանելու հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները: Հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` նախագծով առաջարկվում է հարկային մարմնի գործիքակազմին ավելացնել «Թեմատիկ ուսումնասիրության» տեսակը, որի շրջանակում հարկային մարմինը կլիազորվի բացառապես վերլուծության (այդ թվում` կամերալ ուսումնասիրության) արդյունքների հիման վրա առաջացած կոնկրետ ռիսկերի գծով հարկային հաշվարկները չներկայացրած կամ դրանք չճշտած հարկ վճարողների մոտ իրականացնել ուսումնասիրություն և դրա արդյունքում առաջադրել համապատասխան հարկային պարտավորություններ:  
15:47 - 11 նոյեմբերի, 2021
Մինչև անհայտ կորած զինծառայողներին անհայտ բացակայող ճանաչելը կապահովվի աջակցության գումարի տրամադրման շարունակականությունը

Մինչև անհայտ կորած զինծառայողներին անհայտ բացակայող ճանաչելը կապահովվի աջակցության գումարի տրամադրման շարունակականությունը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ անհայտ կորած զինծառայողներին մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելն ընկած ժամանակահատվածում աջակցության գումարի տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ընձեռնելով հնարավորություն՝ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև աջակցության գումարների վճարման շարունակականությունն ապահովելու նպատակով: Արդյունքում՝ մինչև անհայտ կորած զինծառայողներին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ որոշման ընդունումն ընկած ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան 12 ամիս ժամկետով ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն կտրամադրվի անհայտ կորած յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով՝ սկսած նշված միջոցառումը հաստատելու ամսվանից: Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի սոցիալական հետևանքները մեղմելու համար իրականացվող մի շարք միջոցառումների շրջանակներում դրամական օգնություն նշանակած, սակայն դեռևս սոցիալական աջակցություն չստացած շահառուներին դրամական օգնությունը վճարելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին հատկացնել 617,430.0 հազար դրամ:
15:34 - 11 նոյեմբերի, 2021
Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապես է ներկա, այլև տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողության կետեր. այս իշխանությունն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին. «Հայաստան» դաշինք

Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապես է ներկա, այլև տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողության կետեր. այս իշխանությունն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին. «Հայաստան» դաշինք

Պարտության խորհրդանիշ իշխանությունը հերթական պայմանավորված զիջումն արեց․ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ: Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.   «Սիրելի հայրենակիցներ, Պարտության խորհրդանիշ իշխանությունը հերթական պայմանավորված զիջումն արեց․ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ: Կապիտուլյանտը հայտարարում էր՝ այդ ճանապարհով միշտ ազատ տեղաշարժվելու ենք: Հանրությանը խաբում էր հերթական անգամ: Հիմա հայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին: Քանի դեռ այս վարչախումբը իշխանության է, նման խայտառակ զիջումները սպասելի են ամեն օր: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այլևս ոչինչ չի որոշում: Նրա փոխարեն որոշումներ կայացնում է Ադրբեջանը: Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապես է ներկա, այլ նաև տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողության կետեր: Այս իշխանությունն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին: Բայց մենք չենք համակերպվելու: Փաստորեն, տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու՝ վարչախմբի օրակարգը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության կորուստ: Կատարվածը ուղղակի սպառնալիք է՝ Սյունիքի մարզի մեր հայրենակիցների անվտանգության, Հայաստանի պաշտպանունակության առումով: Սա նաև տնտեսական լուրջ և անկառավարելի ռիսկեր է բովանդակում: Սիրելի հայրենակիցներ, ստեղծված աղետալի վիճակի այլընտրանքը պատերազմը չէ, ինչպես փորձում են ներկայացնել: Այլընտրանքը արժանապատիվ խաղաղությունն է, ազգային-պետական շահը պաշտպանող նոր իշխանության ձևավորումը: Մենք սկզբնավորել ենք համազգային դիմադրություն իշխանության կործանարար քաղաքականության դեմ: Այսօրվա խնդիրը դիմադրության հզորացումն է, ամենօրյա աշխատանքն ու շարունակական ակցիաները: Մենք ճնշումների, ուժային կառույցների բռնարարքների դեմ չենք ընկճվելու, գնալու ենք մինչև վերջ: Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թուրքացվելու։ Հայաստանը լինելու է ինքնիշխան պետություն, հայ մարդը դարձյալ ապրելու է արդար, ուժեղ երկրում»:
13:10 - 11 նոյեմբերի, 2021