Հայաստան

«Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական»․ Կոռնիձորում տեղի ունեցավ «Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի» հանրահավաքը

«Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական»․ Կոռնիձորում տեղի ունեցավ «Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի» հանրահավաքը

Սյունիքի մարզում՝ Կոռնիձորում, տեղի ունեցավ «Կամավորական շարժում» ՀԿ-ի՝ «Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի» հանրահավաքը։  Շարժման մասնակիցների խոսքով՝ հանրահավաքի նպատակն է՝ ոչ ասել «Հայաստանին պարտադրվող զիջումներին և սահմաններին», «տեր լինելու Արցախին և Հայաստանին մեր որոշումը վերահաստատելու, ապրելու և պայքարելու մեր կամքը ցույց տալու համար»։ Հանրահավաքի կազմակերպիչները մասնակիցների անունից հնչեցրին ուղերձ, որում նշված էր․  «Հայությունն ունի բավարար ներուժ հաղթահարելու առկա մարտահրավերները և բեկում մտցնելու վիճակի մեջ։ Հայության դիմադրութան ոգին անկոտրում է։ Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի և գործողության համար։ Արցախի ազատության և ինքորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն արժանանալու է հակաազդեցության՝ ում կողմից էլ, որ այն կատարվի։ Արցախի ինքնիշխանության և արցախահայության անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական ծրագրի մշակումը և գործադրումը Հայաստանի և Արցախի իշխանությունների պարտավորությունն է։  Հայաստանի որևէ իշխանության յուրաքանչյուր գործողություն, որը կասկածի տակ կդնի Արցախում անցակցված հանրաքվեների արդյունքները, ՀՀ Սահմանադրությունը և դրա անքակտելի մաս կազմող Անկախության հռչակագիրը, ի սկզբանե առոչինչ են։ Կանխելու ենք խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլացիոն պայմանագրի ընդունումը, չենք հանդւորժելու առանց ժողովրդի անմիջական մասնակցության որևէ համաձայնության կայացում։ Իրական և երաշխավորված խաղաղություն կարող է լինել, եթե այն հաստատված է արդարության ու ճշմարտության վրա։ Չի կարող լինել խաղաղության քանի դեռ գերված են Հադրութն ու Շուշին, քանի դեռ շրջափակված է Արցախը, վտանգված է արցախահայության ազատ ապրելու իրավունքը։ Մեր պայքարը շարունակական է։ Հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք մեկ մարդու պես զինվորագրվել և պաշտպանել մեր հայրենիքը։ Ստեղծված իրավիճակում ինքնակազմակերպմամբ պաշտպանության և անվտանգության խնդիրների հրատապ լուծումը այլընտրանք չունի։ Որպես արժանապատիվ և հայրենատեր հայեր՝ մենք վճռական ենք ու տեր ենք Արցախին։ Մենք բոլորս արցախցի ենք և ունենք կամք՝ ազատագրելու Արցախը շրջափակումից, վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը։ Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական»։ Ուղերձն ու հանրահավաքը եզրափակվեցին «կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե հայ ժողովուրդը» վանկարկումներով։ 
14:30 - 20 մայիսի, 2023
ԱՄՆ պատժամիջոցներ նոր ցանկում կան նաև հայկական և ղրղըզական ընկերություններ
 |azatutyun.am|

ԱՄՆ պատժամիջոցներ նոր ցանկում կան նաև հայկական և ղրղըզական ընկերություններ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել յոթ տասնյակ ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ հայաստանյան Medisar ՍՊԸ-ի նկատմամբ, որոնք ամերիկյան կողմի հաղորդմամբ՝ աջակցում են Ռուսաստանի բանակին և ռազմական արդյունաբերությանը: Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ 2001 թվականին ստեղծված Medisar ՍՊԸ-ն արդյունաբերական և լաբորատոր քիմիական նյութերի, սննդանյութերի և լաբորատոր սարքավորումների խոշոր ներմուծողներից է Հայաստանում: Պատժամիջոցների ցանկում կան նաև ղրղըզական ընկերություններ, որոնց անունները հրապարակված չեն։ Ռուսական ընկերություններից են ավիացիայի համար ռադիոկապի սարքավորումներ ստեղծող «ПРИМА» գիտաարտադրական ձեռնարկությունը, «Իժևսկի անօդաչու համակարգեր» գիտաարտադրական միավորումը, «Ստրելա», «Ռոստվերտոլ», «Պրոլետարսկի զավոդ», «Տեխմաշ», «Ուրալ» ընկերությունները և ևս մի քանի տասնյակ հիմնարկներ: ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը որոշումը հրապարակել է մայիսի 19-ին՝ Հիրոշիմայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մեկնարկի օրը: «Մեծ յոթնյակը» հայտարարել է, որ կշարունակի Ուկրաինայի վրա հարձակված Ռուսաստանի նկատմամբ սանկցիոն քաղաքականությունը:
19:35 - 19 մայիսի, 2023
ԱՄՆ-ն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանն աջակցման մասին |hetq.am|

ԱՄՆ-ն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանն աջակցման մասին |hetq.am|

hetq.am: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը, անկախ այն հանգամանքից, թե որտեղ են ընթանում բանակցությունները։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Փաթելը՝ մեկնաբանելովայսօր՝ մայիսի 19-ին Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով կայանալիք հանդիպումը, ինչպես նաև մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը։ «Մենք ողջունում ենք հաղորդագրությունն այն մասին, որ կողմերը մտադիր են շարունակել քննարկումը։ Կրկնում եմ, մենք համոզված ենք, որ խաղաղությունը հասանելի է, և որ ուղիղ երկխոսությունը այդ խնդիրների լուծման բանալին է։ Երկու կողմերի միջև ուղիղ բանակցությունները սկզբունքորեն կարևոր են, և մենք ուրախ ենք, որ դրանք վարվում են, որտեղ էլ որ լինեն՝ Արլինգթոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում»,- նշել է նա։ Փաթելն ուղիղ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք այս հարցով «անդրկուլիսյան բանակցություններ» են ընթանում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև։ «Չխորանալով դիվանագիտական հարաբերությունների մանրամասների մեջ՝ կարող եմ ասել, որ պատճառներից մեկը, որ մենք պահպանում ենք Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները նույնիսկ ահռելի ճնշման ժամանակաշրջանում, դա, իհարկե, մեր երկրների առաջ ծառացած մի շարք հարցերն են, որոնք մենք պետք է ողջ պատասխանատվությամբ, համապատասխան կերպով քննարկենք»,- հայտնել է ամերիկացի դիվանագետը։ Փաթելին նաև հարցրել են, թե արդյոք Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն փորձել է կապ հաստատել ռուսական կողմի հետ։ «Նա նախկինի պես լրջորեն ներգրավված է այդ գործում։ Ես չեմ անդրադառնա դիվանագիտական գծով կոնկրետ զանգերին։ Կրկնում եմ, մենք կառուցողական ենք համարում բանակցությունները, որոնք մայիսի սկզբին ընթացել են Արլինգթոնում»,- եզրափակել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
11:35 - 19 մայիսի, 2023
ՀԱՊԿ-ը վերահաստատում է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը. Տասմագամբետով |1lurer.am|

ՀԱՊԿ-ը վերահաստատում է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը. Տասմագամբետով |1lurer.am|

1lurer.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերահաստատում է Երևանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այս մասին Մինսկում ընթացող ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ինչպես հայտարարվել էր Հավաքական անվտանգության խորհրդի՝ նախորդ տարվա նոյեմբերին կայացած նստաշրջանում, վերահաստատում ենք Երևանին հնարավոր օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների ուսուցման և նրանց ժամանակակից տեխնիկական միջոցներով զինելու միջոցով»,- ասել է Տասմագամբետովը: Երեկ՝ մայիսի 17-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն ապացուցեց իր կենսունակությունը, երբ Ղազախստանը 2022 թվականի հունվարին օգնություն խնդրեց՝ հավելելով, թե կազմակերպությունը պատրաստ էր նույն կերպ օգնել նաև Հայաստանին:
16:32 - 18 մայիսի, 2023
Տարածքային ամբողջականության ճանաչումը կարևոր քայլ է խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով. Փաշինյան |armenpress.am|

Տարածքային ամբողջականության ճանաչումը կարևոր քայլ է խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը կարևոր քայլ է համարում՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով: Վարչապետը նման դիրքորոշում հայտնեց կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած՝ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը: Նա նաև հիշեցրեց, որ 2022 թ հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահի, ԵԽ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ու ինքը վերահաստատել էին երկրների հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու 1991 թ Ալմաթայի հռչակագրին՝ ընդգծելով, որ դրանց հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նաև հաստատել էին, որ դա հիմք է հանդիսանալու սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքի համար: «Մայիսի 14-ին մենք ըստ էության կատարեցինք ևս մեկ քայլ: Եվ ինչպես նշված է Եվրամիության խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քկմ, իսկ Հայաստանը Ադրբեջանի 86 հազար 600 քկմ տարածքային ամբողջականությունը: Պետք է արձանագրեմ, որ սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես: Բայց, իհարկե, հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումն ու համաձայնեցումը»,-ասաց Փաշինյանը: Վարչապետն  ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ ԵԽ նախագահի հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ-ի հայության և իրավունքների անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության կարևորությունը՝ միջազգային հանրության հետ համագործակցված: Վարչապետը դա համարեց մի գործընթաց, որն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական և համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար: «Հետևաբար դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորել նաև Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով, բայց, հաշվի առնելով նախկին փորձը՝ այս մասով դեռ որևէ կոնկրետացումից ձեռնպահ կմնամ: Կրկին ընդգծեմ, որ ՀՀ-ն պատրաստ է 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի՝ կրկին եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացումն իրականացնել օր առաջ՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց՝ ԵԽ նախագահի հայտարարությամբ արդեն հայտնի է դարձել, որ գերիների և այլ պահվող անձանց հետագա ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման վերաբերյալ նույնպես եղել է որոշակի ըմբռնում: «Բայց հաշվի առնելով հարցի գերզգայուն լինելը՝ ասեմ միայն, որ այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում»,-հավելեց վարչապետը:
15:59 - 18 մայիսի, 2023
«Նեմեսիս»-ի արձանի վերաբերյալ բողոք Անկարայից Երևանը դիվանագիտական խողովակով չի ստացել
 |azatutyun.am|

«Նեմեսիս»-ի արձանի վերաբերյալ բողոք Անկարայից Երևանը դիվանագիտական խողովակով չի ստացել |azatutyun.am|

azatutyun.am: «Ազգային արժանապատվության ասպետներին» նվիրված հուշարձանի բացման կապակցությամբ պաշտոնական Երևանը դիվանագիտական որևէ խողովակով բողոքի հայտագիր չի ստացել պաշտոնական Անկարայից, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Նեմեսիս» անունը ստացած հուշարձանի տեղադրումից օրեր անց Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն տեղական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե Երևանին Անկարան ասել է` «եթե արձանը չհանեք, կարգավորում չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»։ Ավելի վաղ էլ Անկարան հայկական կողմի համար փակել էր իր օդային տարածքը՝ որոշումը պատճառաբանելով հենց հայ վրիժառուների արձանի տեղադրմամբ։ ԱԳՆ-ից նաև տեղեկացնում են, որ «հայկական կողմը շարունակում է աշխատանքներ իրականացնել Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի բնականոն սպասարկումը հնարավոր դարձնելու ուղղությամբ»։      
14:09 - 18 մայիսի, 2023
Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Ուկրաինայում վնասի գնահատման քաղաքական հռչակագրին

 |aravot.am|

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Ուկրաինայում վնասի գնահատման քաղաքական հռչակագրին |aravot.am|

aravot.am: Իսլանդիայում երկու օր տեղի ունեցած Եվրախորհրդի գագաթնաժողովում որոշում է ընդունվել ստեղծել հատուկ միջազգային «վնասի գրանցամատյան»՝ արձանագրելու այն կորուստներն ու ավերածությունները, որոնք հասցվել են Ուկրաինային Ռուսաստանի ձեռնարկած լայնածավալ պատերազմի հետևանքով: Այդ որոշման մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նաև շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանը միացած երկրներին: Գրանցամատյանը ստեղծելու մասին «քաղաքական հռչակագիրը» ստորագրվել է մայիսի 17-ին: Հռչակագրին միացել կամ միանալու ցանկություն է հայտնել 43 երկիր և Եվրամիությունը, իսկ ստեղծմանը՝ գագաթնաժողովի մասնակից երկրները:Եվրախորհրդի վեց երկրներ, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը հռչակագիրը չեն ստորագրել: Մյուս երկրներն են Բոսնիան, Հունգարիան, Սերբիան և Թուրքիան:
11:13 - 18 մայիսի, 2023
Իր տարեկան զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Հայաստանում կրոնական ազատություններին
 |amerikayidzayn.com|

Իր տարեկան զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Հայաստանում կրոնական ազատություններին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում կրոնական ազատությունների բնագավառում անցած տարի տեղ գտած զարգացումներին Աշխարհի տարբեր հատվածներում կառավարությունները շարունակում են թիրախավորել կրոնական փոքրամասնություններին՝ օգտագործելով բազմաթիվ բռնի մեթոդներ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ կրոնական ազատությունների մասին պետքարտուղարության տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ։ Փաստաթղթում մտահոգություն է արտահայտված Չինաստանում, Իրանում, Ռուսաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների, ինչպես նաև Մյանմարում կառավարող ռեժիմի և Աֆղանստանում «Թալիբան» շարժման գործողությունների առնչությամբ: Միևնույն ժամանակ, պետքարտուղարության զեկույցը առաջընթաց է գրանցել աշխարհի որոշ հատվածներում, օրինակ՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, ուր հատուկ քրեական դատարանը հետևողական է քաղաքացիների նկատմամբ կրոնական բռնությունների դեպքերը քննելիս: Պետքարտուղարության զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում կրոնական ազատություների բնագավառում անցած տարի տեղ գտած զարգացումներին: Փաստաթուղթը նշում է, որ Հայաստանի Սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա դերակատարությունը ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Այն նաև սահմանում է, որ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն պահպանել և զարգացնել իրենց ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը: Զեկույցը հիշեցնում է՝ երկրի նոր քրեական օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից, արգելում է «խոչընդոտել կրոնի ազատության իրավունքը» և նախատեսում համապատասխան պատիժներ խախտումների դեպքում: Հայաստանյան կրոնական փոքրամասնությունների մեծ մասը, ըստ պետքարտուղարության, պնդում է, որ, ընդհանուր առմամբ, իրենց նկատմամբ հանրային վերաբերմունքը դրական է եղել անցած տարվա ընթացքում, իսկ լրատվամիջոցներում իրենց վերաբերյալ բացասական լուսաբանումը բացակայում է կամ աննշան է: Արձանագրված դեպքերն էլ, ըստ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների, արտացոլում են առանձին հոգևորականների վերաբերմունքը, այլ ոչ թե Հայ առաքելական եկեղեցու մոտեցումը: Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում եկեղեցի-կառավարություն հարաբերություններին՝ նշելով. «Մամուլը շարունակում է քննարկել այն, ինչը ներկայացվում է որպես Հայ առաքելական եկեղեցու և կառավարության հարաբերությունների վատթարացում, և որն առնչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միտված կառավարության քաղաքականությանը»: Ըստ փաստաթղթի, «կառավարությունը շարունակում է «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» դասընթացը դուրս բերել դպրոցական ուսումնական պարտադիր ծրագրից՝ համապատասխան պատմագիտական բովանդակությամբ նյութերը ներառելով հայագիտության ավելի լայն ուսումնական ծրագրում»: ԱՄՆ պետքարտուղարության հրապարակման համաձայն, Հայաստանի հրեական համայնքն անցած տարի արձանագրել է հակասեմականության զգալի նահանջ՝ նախորդ տարվա համեմատ: Այդ ժամանակ Հայաստանում հակասեմական տրամադրությունների աճի հիմքում 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության զինատեսակների գործածությունն էր: Զեկույցը նկատում է, որ 2022թ․ փետրվարից հետո Ռուսաստանից Հայաստան եկած հարյուրավոր հրեաներ ունեցել են միայն դրական տպավորութուններ: Զեկույցի՝ Ադբեջանին վերաբերող հատվածն անդրադառնում է հայկական եկեղեցիներին ու պատմամշակութային հուշարձաններին: Այն մեջբերում է Cornell University-ի Caucasus Heritage Watch-ի (CHW) ուսումնասիրությունը՝ հիմնված տարվա ընթացքում արված արբանյակային լուսանկարների վրա: Դրանք, ըստ զեկույցի, վկայում են, որ Նախիջևանում գտնվող միջնադարյան և ավելի նոր շրջանի հայկական վանքերի, եկեղեցիների և գերեզմանոցների շուրջ 98 տոկոսը ավերվել է 1997-2011 թվականներին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:46 - 17 մայիսի, 2023
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 5% տնտեսական աճ է կանխատեսում 2023 թվականին
 |hetq.am|

ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 5% տնտեսական աճ է կանխատեսում 2023 թվականին |hetq.am|

hetq.am: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը 2023 և 2024 թվականներին կկազմի 5%։ Կառույցն այսօր` մայիսի 16-ին, հրապարակել է «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարները» զեկույցը։  Փետրվարին արված կանխատեսումների համեմատ՝ այս անգամ Հայաստանի 2023 թվականի տնտեսական աճի ցուցանիշը բարձրացվել է 1 տոկոսային կետով, իսկ 2024-ինը՝ 0.2 տոկոսային կետով։ Զեկույցում հիշեցվում է, որ 2022 թվականին Հայաստանում գրանցվել է 14.2% տնտեսական աճ։ Արդյունաբերության ոլորտում գրանցվել է 7.8% աճ, իսկ ծառայությունների ոլորտում՝ 28.2%: Կրկնապատկվել է շինարարության և առևտրի աճը։ Ծառայությունների ոլորտը շահել է ոչ ռեզիդենտների պահանջարկի աննախադեպ աճի արդյունքում։ Խոսքը ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան ժամանած ռուսաստանցիների մասին է։ Նրանք մեծ պահանջարկ են ստեղծել հաղորդակցության, զբոսաշրջության, ֆինանսների և ծառայությունների այլ ոլորտներում։ Միևնույն ժամանակ, արտասահմանից դրամական ներհոսքն է մի քանի անգամ աճել։ 2021 թվականի համեմատ տրանսֆերտներն ավելացել են 2.5 անգամ:  ՎԶԵԲ-ի մասնագետների գնահատմամբ՝ այս տարվա երկրորդ կեսից տնտեսական աճն ավելի դանդաղ տեմպեր կգրանցի, քան տարեսկզբին։ Գնահատվում է, որ նախորդ տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության խստացումը նպաստել է, որ գնաճի տեմպը նվազի։ 2023 թվականի մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 5.4%: 2020 թվականի անկումից հետո Հայաստանի տնտեսությունը սկսել է աճել (տես՝ աղյուսակում Հայաստանի առաջին երեք ցուցանիշը՝ Actual բաժնում)։ Մյուս երեք ցուցանիշը կանխատեսումներն են (Forecast), հաջորդող երկուսը՝ կանխատեսումների փոփոխությունները փետրվարի համեմատ։ Ըստ կանխատեսումների՝ հարևան Վրաստանում ևս 5% տնտեսական աճ է սպասվում: Ադրբեջանի համար կանխատեսվում է 2.5% տնտեսական աճ, Ուկրաինայի համար՝ 1% աճ, իսկ Ռուսաստանում ՝ 1.5% անկում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:49 - 16 մայիսի, 2023
Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա․ ԱԳ փոխնախարար

Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա․ ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն պնդմանը, որ Հայաստանում ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկումներ են եղել։ Փոխնախարարը նշեց, որ չի կարող ժամկետներ նշել, թե երբ են եղել քննարկումները, քանի որ դրանք հավանաբար եղել են Անվտանգության խորհրդում։ Նրա կարծիքով՝ 2022թ․ սեպտեմբերյան իրադարձություններից հետո են եղել։ «ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա»,- ասաց նա՝ չբացառելով, որ ըստ իրավիճակի կարող է նաև լինել նման հարց։ Հարցին, թե ինչն է եղել հիմնավորումը, որ որոշում է կայացվել ՀԱՊԿ-ից դուրս չգալու, փոխնախարարը պատասխանեց, որ քանի որ սպասվում էր ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը, և Հայաստանը այդ ժամանակ էլ սպասում էր որևէ արձագանքի։ Դիտարկմանը, որ գագաթնաժողովին էլ չեղավ արձագանք, ինչո՞ւ Հայաստանը դուրս չեկավ, փոխնախարարն ասաց․ «Որոշեցինք շարունակել աշխատանքները։ Իրավիճակը բարդ էր, և մենք, լինելով ՀԱՊԿ-ի անդամ երկիր, ունենալով նաև պարտավորություններ, շարունակում ենք հույս ունենալ, որ մեր քայլերը, աշխատանքներ կբերեն որոշակի արդյունքների։ Դեռևս այդ հույսը կա»։ Հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ի առաջարկած փաթեթը ներառել է սպառազինություն, փոխնախարարը ասաց․ «Ես այդ հարցին այս պահին չեմ ուզում անդրադառնալ»։
13:07 - 16 մայիսի, 2023
Վաշինգտոնը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է. Պատել
 |news.am|

Վաշինգտոնը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է. Պատել |news.am|

news.am: ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առաջ գնալու կարևոր քայլեր են: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը: «ԱՄՆ-ն այդ բանակցությունների կողմ չէր: Սակայն որպես Արլինգտոնում մեր հյուրընկալած բանակցությունների շարունակություն, մենք շարունակում ենք հավատալ, որ դրանք առաջ ընթանալու կարևոր քայլեր են, և մենք շարունակում ենք համարել, որ այդ երկու երկրների միջև տևական խաղաղությունը հնարավոր է», - ասել է Պատելը: Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում` ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ և հուլիսին` Բրյուսելում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում:  
10:47 - 16 մայիսի, 2023
Հայաստանի մոլորված զինծառայողներ Ադրբեջանում չկան. Սահակյանը՝ Միշելի հայտարարության մասին |armeniasputnik.am|

Հայաստանի մոլորված զինծառայողներ Ադրբեջանում չկան. Սահակյանը՝ Միշելի հայտարարության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանից «մոլորված զինծառայողներ» (ինչպես Շառլ Միշելն է ձևակերպել) Ադրբեջանում չկան, և վերջերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանիներին ևս չի կարելի անվանել մոլորվածներ։ Հետևաբար հնարավոր է՝ այդ երկու ադրբեջանցի զինծառայողները փոխանակվեն Ադրբեջանում պահվող հայ մի քանի ռազմագերիների հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի ձերբակալվածներ։ Նա ընդգծել է, որ խոսքն այն զինվորների մասին է, որոնք պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը։ «Կան պատերազմում գերեվարվածներ, նոյեմբերի 9-ի հայտարարությանը հաջորդող օրը առևանգվածներ, և, իհարկե, Ադրբեջանի կողմից մոլորեցման և այլ շրջափակման արդյունքում Խծաբերդում գերեվարվածներ։ Զինծառայող, որը մոլորվել է և հատել սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանի զինված ուժերի հսկողության ներքո, նման անձինք հայտնի 33 անձանց մեջ չկան»,- ասաց նա։ Սահակյանն ընդգծում է՝ ՀՀ սահմանը հատած 2 ադրբեջանցի զինծառայողներին էլ չի կարելի համարել մոլորված, քանի որ դա կլինի փաստերի խեղաթյուրում։ Ակնհայտ է, որ ադրբեջանցի զինծառայողները նպատակային են հատել սահմանը, և ավելին՝ մոլորյալները, որպես կանոն, չեն կատարում ծանր հանցագործություններ և սպանություն։ Սակայն քաղաքական պայմանավորվածության պարագայում փոխանակման գործարքի հավանականությունը շատ բարձր է գնահատում։ «Մենք ունենք նաև դրա արատավոր նախադեպը, երբ ադրբեջանցի երկու դիվերսանտ, որոնք դատապարտվել և պատիժը կրում էին Շուշիում, փոխանակվեցին հայ ռազմագերիների հետ։ Եվ կարծում եմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունն էլ նպատակային լայն ձևակերպում էր տվել՝ գերիներ, պատանդներ, անազատության մեջ պահվող այլ անձինք, իսկ անազատության մեջ պահվող անձանց մեջ ներառվում են նաև պատժի կրման նպատակով անազատության մեջ գտնվողները։ Հիմա ես տեսնում եմ դրա նախադրյալները և քաղաքական պայմանավորվածությունների գոյության պարագայում, անպայման, նման գործարքներ կարող են լինել»,- ասում է նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
09:45 - 16 մայիսի, 2023
ԼՂ-ում հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև. Freedom House
 |armenpress.am|

ԼՂ-ում հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև. Freedom House |armenpress.am|

armenpress.am: Չնայած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններին` ադրբեջանական ուժերը շարունակում են  շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և ավելացնելով աշխարհի ժողովրդավարական պետությունների կողմից հրատապ օգնության կարիքը: Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամին և խաղաղ բնակչության դեմ վայրագությունների կանխման անհրաժեշտությանն է անդրադառնում Freedom House իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածը: Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի հոդվածը կրում է հետևյալ խորագիրը՝ «Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Լեռնային Ղարաբաղի բնակիչները բախվել են ավտորիտար շրջափակման»: Հոդվածում հանգամանորեն ներկայացվում են 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո Բաքվի կողմից շարունակվող ոտնձգություններն ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ: Հեղինակը հիշեցնում է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևող շրջափակումը, ինչպես նաև ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրյակին, Բաքվի կողմից միջանցքում անցակետի տեղադրումը: Մանրամասն անդրադարձ է կատարվում նաև ռուսաստանցի խաղաղապահներին, որոնք տեղակայվել են շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում: Ըստ հոդվածի հեղինակի՝ 2022 թ.-ի փետրվարից Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմը նվազեցրել է Մոսկվայի հնարավորությունները՝ ազդելու Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ինչն էլ Հայաստանի իշխանությունների և հասարակության քննադատությանն է արժանացել: Freedom House-ի կայքում հրապարակված հոդվածում նշվում է նաև Բաքվի կողմից միջազգային կառույցների ընդունած որոշումների անտեսման մասին: Ադրբեջանն անտեսում է միջազգային ատյանների պարտավորեցնող որոշումները. նույնը, հետևաբար, տեղի է ունենում չպարտավորեցնող բանաձևերի պարագայում: «Լեռնային Ղարաբաղում անմիջական ճգնաժամը մարդասիրական է, սակայն հիմնարար վեճը կայանում է իրենց հայրենի հողում ազատություն և ինքնակառավարում փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև, որը նախընտրում է սպանել կամ վտարել նրանց, քան ճանաչել նրանց հիմնարար իրավունքները: Մինչ աշխարհի ժողովրդավարական երկրներից շատերը համախմբվում են՝ ընդդիմանալու Մոսկվայի Ուկրաինա ներխուժմանը, նրանք չպետք է մոռանան, որ այլ, նմանատիպ անարդարություններ են ծավալվում այլուր՝ սպառնալով նվաճողական պատերազմների դեմ միջազգային արգելքին, որի պահպանման համար ուկրաինացիներն այնքան դժվար պայքար են ծավալել», - նշում է հոդվածի հեղինակը:  Ըստ հեղինակի՝ ժողովրդավարական պետությունները պետք է ազդեն միջազգային կառույցների վրա, ինչպիսիք են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի օգնեն կիրառել, օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ապահովելով, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը գործնականում ավարտվի:
15:46 - 15 մայիսի, 2023