ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

Ահազանգեր կան՝ ինչպես են զինծառայողներին հրամայում՝ ինչպես քվեարկել․ Արամ Վարդևանյանը՝ «Հայաստան»-ի արձանագրած խախտումների մասին |tert.am|

Ահազանգեր կան՝ ինչպես են զինծառայողներին հրամայում՝ ինչպես քվեարկել․ Արամ Վարդևանյանը՝ «Հայաստան»-ի արձանագրած խախտումների մասին |tert.am|

tert.am: Մեր կողմից ԿԸՀ ներկայացրած դիմումը տարբերվում էր նրանով, որ մենք փորձել ենք հարցը ներկայացնել ոչ թե բուն քվեարկության օրվա տրամաբանությամբ, այլ ընտրական գործընթացի ամբողջ շղթայի մեջ: Այս մասին ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դաշինքի՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԿԸՀ-ին ներկայացրած դիմումին: «Կարծում ենք՝ այս ընտրություններում ամբողջ շղթայի բացահայտումն է, որ առանցքային նշանակություն ունի, թե ինչ տեսակ խնդիրներ, խախտումներ, այդ թվում՝ համակարգված խախտումներ են տեղի ունեցել»,-ասաց նա: Ըստ Վարդևանյանի՝ գործ ենք ունեցել մի իրավիճակի հետ, երբ սահմանադրական կարգավորումների իմաստով բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձը հրաժարվում է այդ պաշտոնից, բայց շարունակում է պաշտոնավարել, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում: «Ընտրական գործընթացների ողջ շրջանում առաջին անգամ ՀՀ-ում որպես իրավական փաստ արձանագրվել է իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման հանգամանքը՝ Վարչական դատարանի կողմից կայացված վճռով»,-նշեց նա: Մյուս հանգամանքը, որը, ըստ Վարդևանյանի, ևս շատ կարևոր է, այն է, որ շատ կարճ ժամանակահատված կազմող նախընտրական քարոզչության ընթացքը մի քանի օր անընդմեջ պարունակել է բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կողմից ատելության խոսքի ուղղակի քարոզ: Նա նաև ընդգծեց՝ փորձել են տեղեկություն ստանալ, թե զինծառայողները որ ընտրատեղամսերում են քվեարկելու, սակայն այդ տվյալները գաղտնի են պահվել: «Ունենք իրավիճակ, երբ, օրինակ, զինծառայողները քվեարկում են զինվորական գրքույկով, որը ո՛չ անձնագիր է, ո՛չ նույնականացման քարտ, դրան զուգահեռ կան տեսանյութեր, բազմաթիվ ահազանգեր, թե ինչպես են զինծառայողներին ոչ թե ուղղորդում, այլև հրամայում՝ ինչպես քվեարկել»,-ասաց նա: Վարդևանյանը նշեց՝ ուսումնասիրում են հրապարակված ընտրական ցուցակները և այդ հարցում ևս որոշակի խնդիրներ են արձանագրվել, որոնք կամփոփվեն, և դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան: ԿԸՀ նախագահ Մուկուչյանը, արձագանքելով այն դիտարկմանը, թե զինծառայողները քվեարկությանը մասնակցել են զինգրքույկներով, նշեց, որ միշտ է այդպես եղել, և նրանց համար զինգրքույկը անձը հաստատող փաստաթուղթ է: Վարդևանյանը պատասխանեց՝ պետության կողմից իր գործողությունների կատարման տեսանկյունից եղել է թերություն: «Պետք էր մտածել մեխանիզմներ՝ ինչպես զինծառայողների ընտրության հարցն ապահովել, որ չլինեն 100 հազարից ավելի անձնագրեր, որոնք չեն աշխատում, որ չլինի այդ աստիճան մեծ ընտրական ցուցակ: Քարոզարշավի 12 օրերից 7-ի ընթացքում խոսում էր վենդետաների, գլխից խփելու, ասֆալտին փռելու մասին, դրան զուգահեռ՝ վարչական ռեսուրսների չարշահումներ»,-ասաց նա:
14:02 - 27 հունիսի, 2021
ԿԸՀ ստացվել է 4 դիմում՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ

ԿԸՀ ստացվել է 4 դիմում՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ստացվել է չորս դիմում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Այս մասին ընտրությունների ամփոփ տվյալները ներկայացնելիս հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։  Մուկուչյանի փոխանցմամբ՝ դիումներից մեկը ներկայացված է եղել սահմանված ժամկետների խախտմամբ։ Դիմումները ներկայացրել են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։  «Զարթոնք»-ի դիմումի մեջ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար հիմք է եղելհետևյալը․ մինչև նախընտրական քարոզչությունը ՔՊ կուսակցության՝ հանրային ծառայողների կարգավիճակ ունեցող ներկյացուցիչները պետական ռեսուրսների հաշվին փաստացի նախընտրական քարոզչություն էին իրականացնում, նախընտրական քարոզչության ժամանակ հոգեբանական հարկադրանքի մեթոդներ և բռնության կոչեր, բռնության կիրառման սպառնալիքներ և ատելություն էին տարածում, քվեարկության օրն ընտրական տեղամասերում կուտակումներ էին, բազմաթիվ կտրոնների վրա բացակայում էին լուսանկարներ, արձանագրվել են ուղղորդված քվեարկության դեպքեր, նախընտրական քարոզչության ժամանակ արձանագրվել են ձերբակալությունների և բերման ենթարկեու դեպքեր, բազմաթիվ ընտրական տեղամասեր քվեաթերթիկները հաշվելու ժամանակ հոսանքազրկվել են, քվեաթերթիկների ծրարները թափանցել են, և պարզ է դարձել, թե ում օգտին են քվեարկում, արձանագրվել են քվեարկության վերհսկման այլ դեպքեր։  «Պատիվ ունեմ» դաշինքը որպես ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր իր դիմումի մեջ ներկաայցրել  հետևյալը․ մայիսի 10-ից սկսած՝ արտահերթ ընտրություններում խաթարվել է հավասարության և օրինականության սկզբունքը, քանի որ վարչապետի կողմից թեև ներկայացվել էր հրաժարական, սակայն վերջինս շարունակել է կատարել վարչապետին վերապահված լիազորություններ, քվեարկության օրը կիրառված վարչական ռեսուրսները, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության և բռնության կոչերը, ընտրական գործընթացի ընթացքում հազարավոր անձիքն, որոնք ստիպված տեղափոխվել էին մշտական բնակություն կամ ունեին ՀՀ անձնագիր, հնարավորություն չեն ունեցել մասնակցելու քվեարկությանը, քանի որ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից, առանց որևէ իրավաչափ հիմնավորման, որդեգրվել է տարբերակված մոտեցում, քարոզչության ընթացքում եթերաժամերի տրամադրումը անհիմն պատճառներով մերժվել է, «Հանրային» հեղուստաընկերության կողմից մերժվել է «Պատիվ ունեմ» դաշինքի տրամադրած տեսահոլովակի հեռարձակումը, ընտրություններին մասնակցել են հազարավոր անձինք, որոնց տվյալները պահվել են գաղտնի, քվեարկության վայրերը պահվել են գաղտնի, և հասանելի տեղեկատվտություն առկա չի եղել, մի շարք տեղամասերում տրամարդվել են նախօրոք պատրաստված քվեաթերթիկների փաթեթներ, որի արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ փաթեթում բացակայել է այս կամ այն քվեաթերթիկը, ԶՈՒ-ում ուղղորդված քվեարկության հնարավոր դեպքեր: Ըստ դաշինքի՝ խիստ կասկածելի են նաև ընտրական տեղամասերի արձանագրությունների և ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների միջև մեծ ծավալի անճշտությունները, որոնք ի հայտ են եկե ԿԸՀ-ի հայտարարած վերահաշվարկի արդյունքներում։
13:50 - 27 հունիսի, 2021
Վերահաշվարկներ են եղել 82 տեղամասերում, 51-ում արձանագրվել են ոչ էական փոփոխություններ՝ պայմանավորված վավեր կամ անվավեր քվեաթերթիկների ճանաչման հետ․ ԿԸՀ նախագահ

Վերահաշվարկներ են եղել 82 տեղամասերում, 51-ում արձանագրվել են ոչ էական փոփոխություններ՝ պայմանավորված վավեր կամ անվավեր քվեաթերթիկների ճանաչման հետ․ ԿԸՀ նախագահ

Ասյօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ամփոփ տվյալներ է ներկայացնում։ Մուկուչյանը հայտնեց, որ երեք տարածքային ընտրական հանձնաժողովներում՝ թիվ 2, 3, 9, ներկայացվել են չորս տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ։ Դիմումները ներկայացրել են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության վստահված անձինք։ ԿԸՀ-ում ստացվել են դիմումներ նաև «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցչից և  ՀՔԱՎ-ից։ Վերջիններիս դիմումները վերաբերել են տարբեր տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ անճշտություններին։ Ներկայացված դիմումները վերաբերել են ընդհանուր 24 տեղմասերի տվյալների․ «Տարածքային ընտրական հանձնաժողովներն իրականացրել են վերահաշվարկ ինչպես վստահված անձանց ներկայացրած դիմումներով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ են իրականացրել վերահաշվարկ՝ հաշվի առնելով «Ինքնիշխան Հայաստան կուսակցության լիազոր ներկայացուցչի և ՀՔԱՎ-ի նշած ընտրական տեղամասերը»։  ԿԸՀ նախագահն ասաց, որ թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34, 35 տարածքային ընտրական հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ իրականացրել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ։ Ընդհանուր առմամբ, վերահաշվարկներ են եղել 82 ընտրական տեղամասերում․ «16 տեղամասում նախապես արձանագրված քվեարկության արդյունքները որևէ փոփոխություն չեն կրել։ 31 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, մնացած 51 տեղամասերում արձանագրվել են ոչ էական բնույթի փոփոխություններ՝ պայմանավորված վավեր կամ անվավեր քվեաթերթիկների ճանաչման հետ»։  Մուկուչյանի փոխանցմամբ՝ վերահաշվարկների արդյունքում համապատասխան հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններ։
12:41 - 27 հունիսի, 2021
ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները.  ՔՊ-ն ստացել է 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.22% |armenpress.am|

ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները. ՔՊ-ն ստացել է 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.22% |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց և ստորագրեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը: Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը նվիրված ԿԸՀ արտահերթ նիստում: Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը: «ԿԸՀ-ն արձանագրում է՝ ընտրողների ցուցակում ընդգրկված ընդհանուր թիվը՝ 2 մլն 591 հազար 316, քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1245, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 2451, էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 500, ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 595 հազար 512: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 մլն 281 հազար 997 կամ 49.39 տոկոս: Անվավեր քվեաթերթիկների թիվը 4593 է»,-ասաց Մուկուչյանը: Այնուհետև նա ներկայացրեց կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմ  քվեաթերթիկների թվերը: «Արդար Հայաստան» կուսակցություն- 3 914 կամ 0.31 տոկոս «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն- 19 691 կամ 1.54 տոկոս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 688 761 կամ 53.91 տոկոս «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն- 4 619 կամ 0.36 տոկոս «Ազատություն» կուսակցություն- 1 844 կամ 0.14 տոկոս «Պատիվ ունեմ» դաշինք -66 650 կամ 5.22 տոկոս «Միասնական Հայրենիք» կուսակցություն- 964 կամ 0.08 տոկոս «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 803 կամ 0.06 տոկոս «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 15 591 կամ 1.22 տոկոս «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 12 149 կամ 0.95 տոկոս «Հանրապետություն» կուսակցություն- 38 758 կամ 3.03 տոկոս «Հայոց Հայրենիք» կուսակցություն- 13 130 կամ 1.03 տոկոս «Ազատ Հայրենիք» դաշինք- 4 119 կամ 0.32 տոկոս «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 50 444 կամ 3.95 տոկոս Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- 5 020 կամ 0.39 տոկոս «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- 15 549 կամ 1.22 տոկոս «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն- 3 775 կամ 0.3 տոկոս «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք- 19 212 կամ 1.5 տոկոս «Ազգային օրակարգ» կուսակցություն- 719 կամ 0.06 տոկոս «Վերելք» կուսակցություն- 1 233 կամ 0.1 տոկոս «Ազատական» կուսակցություն- 14 936 կամ 1.17 տոկոս  «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն- 2 440 կամ 0.19 տոկոս «Հայաստան» դաշինք- 269 481 կամ 21.09 տոկոս «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն- 18 976 կամ 1.49 տոկոս «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 3 915 կամ 0.31 տոկոս Անճշտությունների գումարային չափը 973 է:  Հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեցին արձանագրությունը:
11:41 - 27 հունիսի, 2021
Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Նիկոլ Փաշինյանին նախազգուշացում հայտարարելու ԿԸՀ որոշումը |hetq.am|

Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Նիկոլ Փաշինյանին նախազգուշացում հայտարարելու ԿԸՀ որոշումը |hetq.am|

hetq.am: Վարչական դատարանը երեկ՝ հունիսի 25-ին անվավեր է ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշmումը, որով «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումի հիման վրա  նախազգուշացում էր կիրառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ընտրության նախորդող օրը, որը համարվում է «լռության օր» և արգելվում է քարոզչությունը, Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջով ելույթ էր ունեցել, ինչը ԿԸՀ-ն դիտարկել էր որպես քարոզչության արգելքի խախտում և նախազգուշացում կիրառել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան ընդդեմ ԿԸՀ-ի՝ խնդրելով անվավեր ճանաչել (վերացնել) հանձնաժողովի 19.06.2021թ. թիվ 160-Ա որոշումը: «Պատիվ ունեմ» դաշինքը դատավարության մեջ ներգրավվել էր՝ որպես երրորդ անձ, սակայն ո'չ հայցադիմումի պատասխան է ներկայացել, ոչ էլ ներկայացել են դատարան: Իշխող կուսակցության ներկայացուցիչը նշել էր, որ ԿԸՀ-ն բովանդակային առումով չի կատարել վարչական ակտը պատճառաբանելու պահանջը: Հանձնաժողովը պարզապես նշել է, որ արձանագրում է խախտումը՝ չպատճառաբանելով, թե ինչ հիմքերով և հիմնավորումներով: Տ. Նաղդալյանը նշել է նաև, որ վիճարկվող որոշմամբ ԿԸՀ-ն առհասարակ չի անդրադարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարույթի շրջանակներում ներկայացված հիմնավորումներին, չի պատճառաբանել, թե ինչ հիմքով և փաստարկներով են հերքվում դրանք:  Ներկայացուցիչը հայտնել է նաև, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակային ելույթով անդրադարձել էր երկու հիմնական թեմաների. առաջին՝ դատական և իրավապահ համակարգի աշխատանքի ընթացքին ընտրություններին առնչվող հարցերով և երկրորդ՝ քվեարկության կարգին: Տեսանյութում չեն օգտագործվել պատկերներ կամ խոսք, որը կարող էր ասոցացվել այս կամ այն կուսակցության հետ: Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ոչ թե որպես թեկնածու, այլ վարչապետի պաշտոնակատար և հայտարարություններ է արել բացառապես իր լիազորություններին առնչվող և ընտրությունների շրջանում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցով: Կուսակցության ներկայացուցիչը ասվածը հաստատել է նրանով, որ 19.06.2021թ. դրությամբ վարչապետի պաշտոնակատարն այլևս չի գտնվել արձակուրդում և գործել է որպես կառավարության ղեկավար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Գեորգի Մարտիրոսյանն էլ դատաքննության ընթացքում հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատարի արձակուրդից վերադարձած լինելը չի կարող որևէ նշանակություն ունենալ: Վերջինս հանդիսանում է կուսակցության առաջին դեմքը՝ վարչապետի գլխավոր թեկնածուներից մեկը, և վերջինիս կոչն ուղղակիորեն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Ինչ վերաբերում է վերջինիս խոսքին՝ կապված դատական համակարգի, դատախազության և մյուս իրավապահ մարմինների հետ, ապա այն, ԿԸՀ-ի գնահատմամբ, գովազդ էր՝ ուղղված վարչապետի պաշտոնակատարի կառավարության աշխատանքին, և հանդիսանում է քարոզ, ուստի ելնելով նշվածից՝ հանձնաժողովը կայացրել է վիճարկվող որոշումը: ԿԸՀ-ը ներկայացուցչի դիտարկմամբ՝ լռության օրը վերաբերում է հանրային ճանաչում և ընկալում ունեցող անձանց, որոնք ուղղակի ազդեցություն ունեն ընտրողների կամահայտնության վրա, իսկ գործնականում չի եղել որևէ դեպք, որ լռության օրը որևէ թեկնածուի կողմից խախտվի, իսկ ցանկացած տեսակի ելույթ խախտում է նշված կանոնը: Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթն ինքնին բավական է, որ այն դիտվի որպես լռության օրվա խախտում, սակայն «քարոզչություն» տերմինը ՀՀ օրենսդրությամբ բացահայտված չէ. թեկնածուների կողմից որևէ գործողություն կարող է լինել քարոզչություն կամ հակաքարոզչություն: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:09 - 26 հունիսի, 2021
ԿԸՀ-ն ներկայացրել է որոշ տեղամասերում վերահաշվարկի արդյունքները

ԿԸՀ-ն ներկայացրել է որոշ տեղամասերում վերահաշվարկի արդյունքները

Թիվ 9, 23, և 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են տեղամասերում ՀՀ ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները: Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, վերահաշվարկվել է ընդհանուր թվով 16 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում  4 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 1-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել: Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում)   «ԱՐԴԱՐ  ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -1 «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -5 «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -1 ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔ -2 ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՊ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -1 ՄԵՐ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -1 «ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՇԻՆՔ -2 «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ +20 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -1 «5165 ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ»  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ +2 «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -2 «ՇԻՐԻՆՅԱՆ- ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» -2 «ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -1 ՎԵՐԵԼՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -2 ԱԶԱՏԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ -2 «ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0
19:45 - 24 հունիսի, 2021
Հունիսի 23-ին կշարունակվեն իրականացվել 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանքները․ ԿԸՀ

Հունիսի 23-ին կշարունակվեն իրականացվել 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանքները․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել 27 տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ։   «2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 22-ը` ժամը 11.00-ն:   Սահմանված ժամկետում վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել 27 տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ, որոնցից միայն 3 տեղամասերի վերաբերյալ դիմումներն են ներկայացվել իրավասու սուբյեկտների կողմից։ Այնուամենայնիվ, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից վերահաշվարկ կիրականացվի նաև մնացյալ 24 տեղամասում։   Հունիսի 23-ին՝ ժամը 10։00-ից սկսած, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5, թիվ 7, թիվ 9, թիվ 10, թիվ 11, թիվ 13, թիվ 14, թիվ 17, թիվ 23, թիվ 24, թիվ 25, թիվ 31, թիվ 33, թիվ 34 և թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում կշարունակվեն իրականացվել ընդհանուր առմամբ 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանքները։   Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ չեն ստացվել,- ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունում:
19:45 - 22 հունիսի, 2021
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները

ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կուսակցությունների դաշինքի Արթիկի տարածքային գրասենյակի ղեկավարը, ով նաև հանդիսանում էր տվյալ դաշինքի պատգամավորության թեկնածու, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և այդ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, նույն համայնքի ընտրական ցուցակներում ընդգրկված ավելի քան 70 ընտրողներին անձամբ ու միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 10.000-ական ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: «Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են  հանցագործությունների հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու նպատակով: Նախաքննության ընթացքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով երեկ՝ հունիսի 21-ին, ձերբակալվել էին 5 անձ, այդ թվում՝ դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը: Երեկ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ՀՀ ԿԸՀ՝ վերջինիս նկատմամբ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար: Այսօր ՀՀ ԿԸՀ-ն, քննության առնելով միջնորդությունները, իր որոշումներով բավարարել է դրանք: Դատախազի կողմից որոշումներն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և դրանից բխող այլ դատավարական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:   
18:32 - 22 հունիսի, 2021
ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Աայս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:«ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն` 1) ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը,2) վստահված անձը,3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը,4) քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ: Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև սույն թվականի հունիսի 23-ը՝ ժամը 11.00-նը»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:12 - 22 հունիսի, 2021
ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները

ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուն, նախնական համաձայնության գալով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների հետ, արտահերթ ընտրություններին մասնակցելու և նշված դաշինքի ու դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար նույն մարզի ընտրական ցուցակներում ընդգրկված  28 ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 20000-ից մինչև 40000-ական ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: «Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, որով ՀՀ ՀՔԾ-ում շարունակված նախաքննությամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էր 3 անձ, որոնցից մեկը՝ նշված դաշինքի պատգամավորության թեկնածու: Հաշվի առնելով վերոնշյալը՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից սահմանված կարգով ՀՀ ԿԸՀ միջնորդություններ էին ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Այսօր կայացած նիստի արդյունքում ՀՀ ԿԸՀ-ն նշված անձի վերաբերյալ դատախազի երկու միջնորդությունները բավարարել է:  Տվյալ անձի ձերբակալման իրավաչափությունն ավելի վաղ վիճարկվել էր դատարանում, որը հունիսի 20-ի իր որոշմամբ մերժել է բողոքը՝ հաստատելով ձերբակալման իրավաչափությունը: ՀՀ ԿԸՀ որոշումները դատավարական ղեկավարում իրականացնող դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմին՝ վերջինիս մեղադրանք առաջադրելու և մյուս անհրաժեշտ դատավարական գործողություններն իրականացնելու հանձնարարությամբ։    Պատշաճ դատախազական հսկողության ներքո միջոցներ են ձեռնարկվում  առերևույթ ընտրակաշառքի հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:22 - 21 հունիսի, 2021
Ինչ կլինի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ մանդատներից հրաժարվելու պարագայում. ԿԸՀ նախագահի պարզաբանումը |armtimes.com|

Ինչ կլինի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ մանդատներից հրաժարվելու պարագայում. ԿԸՀ նախագահի պարզաբանումը |armtimes.com|

armtimes.com: Եթե ամբողջ խմբակցությունը հրաժարվում է մանդատից, միայն մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններն են ստանում իրենց մանդատները: Հրաժարված խմբակցության պատգամավորները չեն ստանում ու փաստորեն, մանդատ ստացած անձինք են խորհրդարանում հանդես գալիս որպես պատգամավորներ: Այս մասին ասյօր ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն մանդատներից: «Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող», - նշեց նա: Հարցին՝ դա մեխանիկորեն չի՞ տանում նոր արտահերթ ընտրությունների՝ ԿԸՀ նախագահը  պատասխան չկարողացավ տալ: «Այս փուլում մանդատներից հրաժարման ամրագրված ինստիտուտ չունենք», - եզրափակեց նա: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով, խորհրդարան են անցնում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ որպես մեծամասնություն, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը, որը չի հաղթահարել անցողիկ 7 տոկոսի շեմը, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ կմտնի խորհրդարան:
13:35 - 21 հունիսի, 2021
Մանդատների բաշխման ու մյուս գործընթացների մասին հայտնի կդառնա 7 օրից. Մուկուչյանն ամփոփեց արդյունքները |armtimes.com|

Մանդատների բաշխման ու մյուս գործընթացների մասին հայտնի կդառնա 7 օրից. Մուկուչյանն ամփոփեց արդյունքները |armtimes.com|

armtimes.com: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները՝ ամփոփելով դրանք: Նա հրապարակեց ավելի վաղ հայտնի դարձած թվային տվյալները: Այնուհետ, խոսելով հետագա գործընթացների մասին, ԿԸՀ նախագահը հայտնեց, որ ընտրական օրենսգիրքը նախատեսում է պարտադիր ընթացակարգեր: Դրանք են՝ դիմումների ստացում, դրանց քննարկում, դրանցով համապատասխան որոշումների կայացում, եթե կլինեն վերահաշվարկի դիմումներ, դրանց քննարկում: Այսօրվանից սկսած կուսումնասիրվեն ընտրատեղամասերի գրանցամատյաններում նշված ընտրախախտումները, եթե այդպիսին կլինեն: Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է հայտնաբերվեն այնպիսի խախտումներ, որոնք կարող են անդրադառնալ ընտրությունների ելքի վրա, Մուկուչյանը պատասխանեց, թե առայժմ այդ մասին խոսել չի կարող, բայց նման խախտումների մասին ահազանգեր դեռևս չկան: Մուկուչյանը հաստատեց, որ ՔՊ-ն կազմելու է խորհրդարանական մեծամասնություն, իսկ մանդատների քանակի մասին, ըստ նրա, խոսել դեռևս վաղ է, քանի որ, ինչպես նշվեց, կան ընթացակարգեր: Մանդատների բաշխման մասին հայտնի կդառնա արդյունքների հրապարակումից 7 օր անց: Մուկուչյանը պարզաբանեց, որ մեկ քաղաքական ուժի ամբողջական ինքնաբացարկի մասին դժվար է խոսել, եթե լինեն պատգամավորներ, որոնք ինքնաբացարկ հայտնելով կհրաժարվեն իրենց մանդատներից, մանդատ կստանան միայն այն ուժերը, որոնք չեն հրաժարվում ու արդեն հայտնի են: Մուկուչյանը, խոսելով երեկվա ընթացքում գրանցված հոսանքազրկումների մասին, նշեց, որ քվեարկության ընթացքում դա չի խանգարել աշխատանքին, քանի որ տեխնիկական սարքավորումները աշխատում են նաև մարտկոցներով, իսկ ձայների հաշվարկի ժամանակ չի եղել հոսանքազրկում մեկ տեղամասում կամ ինչ-որ մեկի կողմից, այլ եղել է զանգվածային հոսանքազրկում, որի մասին ԿԸՀ-ն վերլուծություններ անել չի կարող:
11:14 - 21 հունիսի, 2021
Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանված կարգով պետք է ստանան դրանք. Մուկուչյան |1lurer.am|

Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանված կարգով պետք է ստանան դրանք. Մուկուչյան |1lurer.am|

1lurer.am: Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները: Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող՝ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա անդրադարձավ ընտրությունների արդյունքների հաշվարկի ժամանակ մի շարք տեղամասերի հոսանքազրկմանը: «Փորձում էինք համապատասխան ծառայությունների միջոցով առավելագույնս կարճ ժամկետներում իրականացնել վերականգնում: Տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված խափանումներ չենք ունեցել, որովհետև կային համապատասխան մարտկոցներ, որոնք հնարավորություն էին տալիս նույնիսկ հոսանքազրկման դեպքում շարունակել աշխատանքը: Խնդիր էր լինում տեսախցիկների հետ կապված, որոնք անջատվում էին, բայց վերականգնվելու պարագայում դրանք ըստ էության վերականգնվում էին»,- ասաց Մուկուչյանը: Պատահակա՞ն էին արդյոք հոսանքազրկումները՝ Մուկուչյանը նշեց, թե նման դատողություն անելու համար պետք է լուրջ հիմքեր ունենալ:
11:02 - 21 հունիսի, 2021
ԿԸՀ-ն ներկայացրել է 2008 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները

ԿԸՀ-ն ներկայացրել է 2008 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին տեղեկատվությունը, որը ներկայացնում ենք ստորև.    «Արդար Հայաստան» կուսակցություն 3912 ձայն, 0.31 %   «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն 19 647 ձայն, 1.54 %   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 687 251 ձայն, 53.92 %   «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն 4623 ձայն, 0.36 %   «Ազատություն» կուսակցություն 1842 ձայն, 0.14 %   «Պատիվ ունեմ» դաշինք 66 633 ձայն, 5.23 %   «Միասնական Հայրենիք» կուսակցություն 956 ձայն, 0.08 %   «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն 803 ձայն, 0.06 %   «Լուսավոր Հայաստան» կուսակցություն 15 557 ձայն, 1.22 %   «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն 12 162 ձայն, 0.95 %   «Հանրապետություն» կուսակցություն 38 713 ձայն, 3.04 %   «Հայոց Հայրենիք» կուսակցություն 13 115 ձայն, 1.03 %   «Ազատ Հայրենիք» դաշինք 4136 ձայն, 0.32 %   «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 50 416 ձայն, 3.96 %   Հայաստանի դեմոկրատական կուսակցություն 5017 ձայն, 0.39 %   «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն 15 534 ձայն, 1.22 %   «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն - 3771 ձայն, 0.3 %   «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք 19 142 ձայն, 1.5 %   «Ազգային օրակարգ» կուսակցություն 721 ձայն, 0.06 %   «Վերելք» կուսակցություն 1245 ձայն, 0.01 %   «Ազատական» կուսակցություն 14 923 ձայն, 1.17 %   «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն 2786 ձայն, 0.22 %   «Հայաստան» դաշինք 268 165 ձայն, 21.04 %   «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն 18 767 ձայն, 1.47 %   «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն 3558 ձայն, 0.28 %:
09:02 - 21 հունիսի, 2021