Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ՝ այդ առումով նշելով նաև խորհրդարանական մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։ Նախարար Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարմանն ուղղված հումանիտար օգնության տրամադրման համար։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը Նիկոս Դենդիասին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրան հետևած վերջին զարգացումները։ Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ։ Ընդգծվել է նաև ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը։
10:59 - 03 դեկտեմբերի, 2021
Հունաստանում պատվաստումից հրաժարված 60-անց մարդկանց կտուգանեն ամսական 100 եվրոյով |hetq.am|

Հունաստանում պատվաստումից հրաժարված 60-անց մարդկանց կտուգանեն ամսական 100 եվրոյով |hetq.am|

hetq.am: Հունաստանի իշխանությունները որոշել են 60 տարեկանից բարձր քաղաքացիների համար պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։  Վարչապետի խոսքով՝ մինչև հունվարի 16-ը Հունաստանի 60-ից բարձր բնակիչները պետք է հերթագրվեն բժշկի մոտ և ստանան պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Հակառակ պարագայում յուրաքանչյուր ամիս նրանք ստիպված կլինեն վճարել 100 եվրո վարչական տուգանք։ Ինչպես նշում է Reuters-ը, Հունաստանում կենսաթոշակի միջին չափը կազմում է 730 եվրո։ Տուգանքներից ստացված գումարը կհավաքվի հատուկ ֆոնդում, որը կուղղվի հիվանդանոցների ֆինանսավորմանը։  Պարտադիր պատվաստման որոշումը Միցոտակիսը բացատրել է նրանով, որ Հունաստանի հիվանդանոցներում հիմնականում հայտնվում են այս տարիքային խմբի չպատվաստված բնակիչները։ «Դա պատիժ չէ։ Ես կասեի, որ դա կյանքի գինն է»,- հայտարարել է հունական կառավարության ղեկավարը։  Միցոտակիսը նշել է, որ առաջարկվող փոփոխությունը դեռևս պետք է ստանա խորհրդարանի հավանությունը, սակայն սպասվում է, որ օրենսդիրը կընդունի այն։ Ընդդիմադիր «Սիրիզա» ձախամետ կուսակցությունը նորամուծությունն անվանել է «պատժիչ»։ 
21:08 - 01 դեկտեմբերի, 2021
Հայ-հունական բարեկամությունը թեև ամուր է, բայց զարգացնելու ներուժ կա․ Թունյանն ընդունել է Հունաստանի պատվիրակությանը

Հայ-հունական բարեկամությունը թեև ամուր է, բայց զարգացնելու ներուժ կա․ Թունյանն ընդունել է Հունաստանի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-հունական դարավոր բարեկամությունը՝ նշելով, որ դրանք թեեւ ամուր են, այնուամենայնիվ զարգացնելու ներուժ կա: Անդրադարձ է կատարվել երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններին: Բաբկեն Թունյանը նշել է, որ Կառավարությունն Ազգային ժողովի հետ միասին մեծածավալ աշխատանք է կատարել եւ այժմ էլ շարունակում է աշխատանքներ կատարել ներդրումային դաշտի բարելավման, հարկային համակարգի կատարելագործման եւ գործարար միջավայրն ավելի հարմարավետ դարձնելու ուղղությամբ:  Առաջիկա տարիներին տնտեսության մի շարք ոլորտներում շոշափելի արդյունքներ արձանագրելու տեսանկյունից նա կարեւորել է Եվրամիությունից ստացվելիք 2,5 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
19:10 - 30 նոյեմբերի, 2021
Հայկական կառույցների միջամտությամբ Սալոնիկի հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը հեռացվել է |armenpress.am|

Հայկական կառույցների միջամտությամբ Սալոնիկի հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը հեռացվել է |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ, հանվել է: Այս մասին տեղեկացնում է Greek city times-ը՝ հավելելով, որ Ադրբեջանն օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները օկուպացրած հայկական Շուշի քաղաքն իրենը ներկայացնելու համար: Նշվում է, որ դա չի վրիպել Հունաստանի հայ համայնքի ուշադրությունից: Հայ համայնքը դիմել է տեղական իշխանություններին հեռացնելու գովազդը, որն արվել է առանց երկմտանքի: Greek city times-ը գրում է, որ թեև գովազդը հանվել է, սակայն հարց է առաջացնում, թե ինչու է երբևէ թույլատրվել այն ցուցադրել: «Ադրբեջանի զինված ուժերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ գրավել են պատմական հայկական Շուշի քաղաքը»,- գրում է կայքը:
17:57 - 24 նոյեմբերի, 2021
Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարաբերությունները Կիպրոսի առաջնահերթություններից են. հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի նախագահի հանձնակատարը

Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարաբերությունները Կիպրոսի առաջնահերթություններից են. հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի նախագահի հանձնակատարը

Կիպրոս կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուին: Ինչպես տեղեկացնում են Ազգային ժողովից, նախագահի հանձնակատարը, ողջունելով հյուրերին, Կիպրոսի նախագահի բարեմաղթանքներն է փոխանցել` ափսոսանք հայտնելով, որ նա աշխատանքային այցով օրեր առաջ մեկնել է երկրից: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման եւ ջերմ ընդունելության համար` հավելելով, որ հայերի ու կիպրացիների արժեհամակարգի ու աշխարհընկալման ընդհանրությունները հայ-կիպրական դարավոր բարեկամության հենքն են: Երկուստեք կարեւորվել են Հայաստանի ու Կիպրոսի կողմից ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերը, ինչպես նաեւ՝ միասնական պայքարը համամարդկային իրավունքների ու արժեքների պահպանման եւ արդարության վերականգնման հարցերում: Ալեն Սիմոնյանն անգնահատելի է համարել եղբայրական Կիպրոսի իշխանությունների եւ խորհրդարանի բոլոր գործընկերների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին առնչվող բոլոր կենսական հարցերում: Նախագահի հանձնակատարը, անդրադառնալով հայ-կիպրական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարեւորել է Կիպրոսի հայ համայնքի դերը: Նա ՀՀ ԱԺ նախագահին մանրամասներ է ներկայացրել  հայկական դպրոցների եւ եկեղեցու պահպանման գործում պետական հոգածության մասին: Անդրադարձ է եղել հայկական եւ կիպրական սփյուռքին` կարեւորելով սփյուռքի գործոնը համատեղ խնդիրների բարձրաձայնման եւ անհրաժեշտ լուծումներ նախանշելու հարցերում: Կողմերն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիային` այս համատեքստում քննարկելով անհետ կորածների, ռազմագերիների եւ պատանդության մեջ գտնվողների թեման: Նախագահի հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարաբերությունները Կիպրոսի առաջնահերթություններից են: Նա տեղեկացրել է, որ այդ շրջանակում  նախատեսվում է հայերի եւ պոնտոսցի հույների ցեղասպանություններին վերաբերող ցուցահանդես բացել Հունաստանի հայաշատ Սալոնիկ քաղաքում: Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ծրագրերի իրականացումը նշանակալի ներդրում կունենա Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա գերազանց հարաբերությունների առավել ընդլայնման եւ բազմաբնույթ համագործակցության նոր հնարավորությունների  նախանշման հարցում:
15:01 - 26 հոկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահին. կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո առկա իրադրությանը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահին. կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո առկա իրադրությանը

Հոկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոստանտինոս Տասուլասին: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը: Հունաստանի խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին, շեշտել է երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության կարեւորությունը: Խոսելով համատեղ ծրագրերից՝ նա  առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակում իրականացվող քույր Թվինինգ ծրագիրը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարաններն այս ծրագրի իրականացման հաջողված եւ օրինակելի փորձ են կուտակել: Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ համաժողովին մասնակցության հրավերի համար՝ ՀՀ ԱԺ նախագահն ի դեմս հույն գործընկերոջ՝ շնորհավորել է  բարեկամ հույն ժողովրդին Հունաստանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման ազգային հեղափոխության 200-ամյակի կապակցությամբ: Կողմերը փաստել են, որ հայ-հունական միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ ընդգծելով երկկողմ բազմոլորտ հագեցած օրակարգի առկայությունը: ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների համագործակցությունը՝ ընդգծելով բարեկամական խմբերի գործունեության դերակատարությունը: Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ հարթակներում: Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս խորհրդարանական ձեւաչափում եռակողմ համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո առկա իրադրությանը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն առանձնահատուկ կարեւորել է Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո  կարգավորելու հարցում: Հանդիպման ավարտին կողմերը հանդես են եկել ճեպազրույցով:  
21:16 - 20 հոկտեմբերի, 2021
Հայաստանի և Հունաստանի մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր է կնքվել

Հայաստանի և Հունաստանի մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր է կնքվել

Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսը համագործակցության  հուշագիր են ստորագրել: «Գեղամ Գևորգյանը նշել է, որ հուշագրի ստորագրմամբ երկու մարմինների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է դրվում, ինչը նոր խթան կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը»,-այս մասին հայտնում են ՀՀ Մրցակցային պաշտպանության հանձնաժողովից: Հուշագրի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինները   կհամագործակցեն մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման, մրցակցության քարոզչության ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակման, ուսումնասիրությունների և ծրագրերի իրականացման, ինչպես նաև ուսումնական այցերի և փորձագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, համաժողովներին, սեմինարներին և այլ միջոցառումներին մասնակցության և այլ ուղղություններով: 
14:45 - 08 հոկտեմբերի, 2021
Թուրքիան դատապարտում է Հունաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական գործարքը |azatutyun.am|

Թուրքիան դատապարտում է Հունաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական գործարքը |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան դատապարտում է Հունաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված ռազմական գործարքը՝ պնդելով, թե այդկերպ պաշտոնական Աթենքը ցանկանում է մեկուսացնել Անկարային։ «Հունաստանի առավելապաշտությունը ծովային և օդային սահմանների հարցով հակասում է տարածաշրջանի միջազգային իրավունքի նորմերին», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանչու Բիլչիգը։ Թուրք դիվանագետի խոսքով, Հունաստանը Թուրքիայի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում՝ սպառազինությունների մրցավազք սկսելով և փորձելով մեկուսացնել Անկարային։ Անցած օրերին ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանն ու Ֆրանսիան երկկողմ ռազմական համագործակցությունն ուժեղացնելու մասին համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Աթենքը նաև ֆրանսիական արտադրության երեք ռազմանավ ձեռք կբերի։
14:01 - 01 հոկտեմբերի, 2021
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։  ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացնում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին առնչվող հարցեր՝ կարևորելով փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների շրջանակներում փոխադարձ աջակցության առնչությամբ։ Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն իր հույն գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:
12:14 - 23 սեպտեմբերի, 2021
Հունաստանն ավարտել է Թուրքիայի հետ սահմանին պաշտպանիչ պատի կառուցումը
 |azatutyun.am|

Հունաստանն ավարտել է Թուրքիայի հետ սահմանին պաշտպանիչ պատի կառուցումը |azatutyun.am|

azatutyun.am: Հունաստանը ավարտել է Թուրքիայի հետ սահմանին 40-կիլոմետրանոց պատի կառուցումը և հսկողության սարքավորումներ է տեղադրել: Պատի շնորհիվ հույները ցանկանում են կանխել Թուրքիայի տարածքով աֆղանստանցի փախստականների մուտքը Հունաստան: Համակարգի հուսալիույունը ստուգելու համար Թուրքիայի հետ սահմանի մոտ են ժամանել Հունաստանի պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության նախարարները: Եվրոպական միությունում ենթադրում են, որ Աֆղանստանում թալիբների հաղթանակի հետևանքով մեծ թվով աֆղամնսստանցիներ կփորձեն հեռանալ երկրից և ապաստանել Եվրոպայում: Այդպիսով կարող է կրկնվել 2015 թվականի ճգնաժամը, երբ մոտավորապես մեկ միլիոն փախստականներ հեռացան Մերձավոր Արևելքից և Թուրքիայից տեղափոխվելով Հունաստան՝ այնտեղից շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Եվրամիության այլ պետություններ: Աթենքը հայտարարել է, որ ամեն ինչ կանի «ևս մեկ անգամ Եվրոպայի դարպասի չվերածվելու համար»: «Մենք ստուգել ենք հսկողության և անվտանգության համակարգերի աշխատանքը, պետք է ասեմ, որ Հունաստանը կշարունակի հզորացնել իր պաշտպանությունը բոլոր հնարավոր և հավանական սպառնալիքները վնասազերծելու համար»,- ասել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը: «Աֆղանստանի ճգնաժամը նոր գործոն է աշխարհքաղաքական ասպարեզում, կա միգրանտների նոր հոսքերի սպառնալիք: Մենք Եվրամիության անդամ պետություն ենք և պետք է համապատասխան քայլերի դիմենք, մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել ու սպասել, թե ինչ կլինի»,- ասել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը: Հունաստանի և Թուրքիայի սահմանով հոսող գետի երկայնքով հունական կողմից պատի կառուցումն անցյալ տարի է սկսվել: Եվրամիության սահմանների գործակալությունը Հունաստանին միջոցներ է տրամադրել ցամաքային և ծովային սահմաններն ամրացնելու համար: 2015 թվականի փախստականների միջազգային ճգնաժամից հետո Հունաստանի տարածքում մնացել է մոտ 60 հազար ապօրինի ներգաղթյալ:
14:42 - 21 օգոստոսի, 2021
Հունաստանի ԱԳՆ-ն շտապ բողոքի նոտա է հղել Թուրքիային Համապոնտական ֆեդերացիայի նախագահի ձերբակալության պատճառով |armenpress.am|

Հունաստանի ԱԳՆ-ն շտապ բողոքի նոտա է հղել Թուրքիային Համապոնտական ֆեդերացիայի նախագահի ձերբակալության պատճառով |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դեմարշ է արել Թուրքիայի դեմ ՝ Ստամբուլի օդանավակայանում Հունաստանի Համապոնտական ֆեդերացիայի նախագահ Յորգոս Վարիտիմիադիսի ձերբակալության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: «ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանձնարարությամբ Անկարայում Հունաստանի դեսպանատունը շտապ բողոքի նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Հունաստանի Համապոնտական ֆեդերացիայի նախագահ Յորգոս  Վարիտիմիադիսի ոչ իրավաչափ ձերբակալման եւ արտաքսման կապակցությամբ: Նա այսօր մեկնել էր Կոստանդնուպոլիս (Հունաստանում օգտագործում են Ստամբուլի պատմական անունը), որպեսզի որպես Պոնտոսի հելլենիզմի ներկայացուցիչ ներկա գտնվի Պանագիա Սումելայի վանքում սուրբ պատարագին», - ասված է հաղորդագրության մեջ: Ինքը ՝ Վարիտիմիադիսը, «Իեֆիմերիդա» թերթին հայտնել է, որ ձերբակալությունից հետո իրեն աշխատասենյակից  աշխատասենյակ են տարել և խցում պահել 6-7 ժամ ։ «Իմ մատնահետքերը վերցրին։ Ինձ ոչինչ չեն ասել։ Բայց ինչպես ինձ փոխանցեցին հունական հյուպատոսությունից, ճնշումից հետո թուրքերը նրանց ասացին, որ ես վտանգավոր եմ և անցանկալի անձ եմ», - հայտնել է ֆեդերացիայի նախագահը։
22:08 - 13 օգոստոսի, 2021
Հայաստանն անհրաժեշտության դեպքում անմիջապես կաջակցի Հունաստանին. երկիրն առայժմ չունի հավելյալ օգնության կարիք

 |armenpress.am|

Հայաստանն անհրաժեշտության դեպքում անմիջապես կաջակցի Հունաստանին. երկիրն առայժմ չունի հավելյալ օգնության կարիք |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը անդրադարձել է հարցին՝ արդյոք Հայաստանի կառավարությունը պատրաստվում է օգնություն ցուցաբերել Հունաստանին՝ անտառային հրդեհների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում: Հարց. Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Հունաստանում անտառային հրդեհներ են բռնկվել, որոնք երկրին մեծ վնասներ են հասցրել։ Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը պատրաստվում է օգնություն ցուցաբերել Հունաստանին։ Պատասխան. Խորապես մտահոգված ենք բարեկամ Հունաստանում բռնկված անտառային հրդեհների պատճառով ստեղծված իրավիճակով և համերաշխություն ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս դժվարին ժամանակներում: Նշեմ, որ մենք կապ ենք հաստատել մեր հույն գործընկերների հետ և օգնություն առաջարկել։ Հունաստանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին՝ առաջարկած օգնության ու պատրաստակամության համար, և միաժամանակ տեղեկացրել, որ նկատի ունենալով, որ երկրում հրդեհների հետ կապված իրավիճակը ճգնաժամայինից անցել է համեմատաբար մեղմ փուլ, առայժմ հավելյալ օժանդակության անհրաժեշտություն չկա։ Իհարկե, մենք կշարունակենք ուշի ուշով հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում անմիջապես աջակցության ձեռք կմեկնենք եղբայրական հույն ժողովրդին։
15:05 - 13 օգոստոսի, 2021
Հունաստանի վարչապետը հայտնել է վերջին մի քանի օրում երկրում մոտ 600 հրդեհի մասին |tert.am|

Հունաստանի վարչապետը հայտնել է վերջին մի քանի օրում երկրում մոտ 600 հրդեհի մասին |tert.am|

tert.am: Աննախադեպ շոգի ու երաշտի պատճառով վերջին մի քանի օրերի ընթացքում Հունաստանում 586 հրդեհ է բռնկվել, ինչի մասին հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, գրում է korrespondent.net-ը:«Վերջին օրերը մեր երկրի համար ամենադժվար օրերից էին վերջին տասնամյակների ընթացքում: Մենք ամբողջ ուժով պայքարել և շարունակում ենք պայքարել կրակի դեմ: Բայց մենք բախվել ենք աննախադեպ չափերի բնական աղետի. մի քանի օրվա ընթացքում 586 հրդեհ է բռնկվել Հունաստանի բոլոր շրջաններում: Աննախադեպ շոգի ու երկար ամիսների երաշտի պատճառով առաջացած հրդեհներն այժմ շատ դժվար են մարվում», - ասել է կառավարության ղեկավարը:Միաժամանակ, Միցոտակիսը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնում են Հունաստանին հրդեհի դեմ պայքարում, և ներողություն խնդրել հրդեհների հետևանքով իրենց տներն ու ունեցվածքը կորցրած համաքաղաքացիներից:
14:08 - 10 օգոստոսի, 2021