Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Վահան Քերոբյանը և Հայաստանում ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները

Վահան Քերոբյանը և Հայաստանում ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը  հունվարի 27-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու աշխատակիցները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի իրականացման ընթացքին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող  աջակցության ծրագրերին, կորոնավիրուսային համավարակի տարածման բացասական հետևանքները մեղմելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցության ծրագրերին, ինչպես նաև ԵՄ կողմից նախատեսված «Կովիդ-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրին, «GSP+» արտոնյալ առևտրայի ռեժիմին, առևտրի և ներդրումների ոլորտների զարգացումներին, զբոսաշրջության և ՓՄՁ ոլորտներում տրամադրվող ընթացիկ աջակցության ծրագրերին և «Ամբեր Կապիտալ» ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամին առնչվող հարցեր։ Կարևորվել են ԵՄ աջակցության ծրագրերի ներքո Հայաստանի Հանրապետությունում առևտրատնտեսական ոլորտում իրականացվող ոլորտային բարեփոխումները և առաջիկայում նախատեսվող գործընթացները, ինչպես նաև ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի ներքո աջակցության առաջնային ուղղությունների ձևավորման գործընթացը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացումը: 
17:19 - 27 հունվարի, 2021
Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք և թանգարան

Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք և թանգարան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ից 26-ը գտնվում է Իրանի Իսլամակաան Հանրապետությունում։ Նախարարությունը հայտնում է, որ այցի առաջին օրը, hունվարի 22-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովին: Նախարար Քերոբյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Մտքերի փոխանակման և քննարկումների ընթացքում արծարծվել են հայ և իրանցի գործարարների միջև առևտրային կապերի ամրապնդմանը, նրանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող բազմաթիվ հարցեր: «Շատ ջերմ ընդունելության եմ արժանացել։  Իմ հիմնական նպատակն է ակտիվացնել երկրում տնտեսական հարաբերությունները  ոչ միայն փոխադարձ առևտրի տեսքով, այլ միմյանց հետ համագործակցելով՝ երրորդ երկրներին ապրանք վաճառելու հարցում։ Ես ասել եմ, որ ցանկացած հարց, որն իմ ոլորտում է, պատրաստ եմ ամենաարագ ձևով լուծել, որովհետև հավատում եմ, որ փոքր խոչընդոտներ վերացնելով` մենք մեծ արդյունքների կարող ենք հասնել», - ասել է Վահան Քերոբյանը։ Հունվարի 23-ից մեկնարկել է նախարար Քերոբյանի հանդիպումների շարքն Իրանի Իսլամական Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։ ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր: Հանդիպումներին իրանական կողմից մասնակցել են պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների։ Նշվում է, որ հայկական պատվիրակությունը նաև այցելել է «Mammut» արդյունաբերական համալիր և «Cinnagen» դեղագործական ձեռնարկություն: Հունվարի 24-ին Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Սպահանում  մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ նահանգապետ Աբաս Ռեզայիի, նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի, ինչպես նաև գործարար շրջանակների այլ ներկայացուցիչների (այդ թվում՝ հայ գործարարների) հետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Սպահանի նահանգապետի հանդիպման ժամանակ քննարվել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Սպահան կատարած այցի ընթացքում նախարար Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը եղել է «Chika» սննդի, «Goltash» լվացման պարագաների և հարդարման նյութերի, «Zarin Iran» հախճապակյա սպասքի արտադրական ձեռնարկություններում: Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք և թանգարան: Պատվիրակության հանդիպումները շարոնակվում են։
17:41 - 25 հունվարի, 2021
Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի. Քերոբյան |1lurer.am|

Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է. «Հայաստանի և Իրանի միջև երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերից մեկն Իրանի հետ  համատեղ արտադրանքի և առևտրաշրջանառության ծավալի ավելացումն է»: Նախարարը նման հայտարարություն է արել Իրանի Սպահան նահանգի նահանգապետ Աբբաս Ռեզայիի հետ հանդիպման ժամանակ: այդ մասին հաղորդում է Pars Today-ը: Քերոբյանն ասել է. «Իրանցի արտադրողները կարող են օգտագործել Հայաստանում առկա պոտենցիալը՝ իրենց արտադրանքն ամբողջացնելու և արտահանելու համար»: Աբբաս Ռեզայիi խոսքով՝ Սպահանն ունի ավելի քան 10 հազար արդյունաբերական միավոր, որը հարմար վայր է ներդրողների համար, և հարևան երկրները կարող են այս նահանգի տարբեր ոլորտների պոտենցիալներն օգտագործել ներդրում կատարելու համար:  «Կոշտ պատժամիջոցների հետևանքով արգելքներ են դրվել առևտրային հարաբերությունների և ներդրումների վրա»,- հավելել է Սպահանի նահանգապետը:
11:56 - 25 հունվարի, 2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի և ԻԻՀ ԿԲ-ի նախագահի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի և ԻԻՀ ԿԲ-ի նախագահի հետ

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։ ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր: Հանդիպումներին իրանական կողմից մասնակցել են պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների։ Հայկական պատվիրակությունը նաև այցելել է «Mammut» արդյունաբերական համալիր և «Cinnagen» դեղագործական ձեռնարկություն:
11:14 - 24 հունվարի, 2021
Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների և արտահանողների հետ, ինչպես նաև այցելություններ մի շարք ձեռնարկություններ, ընկերություններ և կազմակերպություններ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի, ԻԻՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի, ԻԻՀ էներգետիկայի նախարարի, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահի, Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահի, Սպահանի նահանգապետի հետ։
18:00 - 22 հունվարի, 2021
Վահան Քերոբյանը ծանոթացել է Ագրարային համալսարանում իրականացվող բարեփոխումներին ու գիտահետազոտական աշխատանքներին

Վահան Քերոբյանը ծանոթացել է Ագրարային համալսարանում իրականացվող բարեփոխումներին ու գիտահետազոտական աշխատանքներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարար Արման Խոջոյանը հունվարի 20-ին այցելել են Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ բուհում իրականացվող բարեփոխումներին ու գիտահետազոտական աշխատանքներին ծանոթանալու, ինչպես նաև ՀԱԱՀ հետ նախարարության համագործակցության  ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ուսումնական և փորձարարարական նպատակներով կառուցված հիդրոպանիկ ջերմատանը, «Ի-Վի-Էն գինու ակադեմիայի» լաբորատորիայում, Ջրային և հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում, ներկա գտնվել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում ոլորտի մասնագետների համար կազմակերպված դասընթացին։     Այցի շրջանակում պաշտոնյաներին հանգամանորեն ներկայացվել են բուհում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներն ու ներդրված նորագույն  տեխնոլոգիաները։ Շրջայցի ընթացքում նախարարն ընդգծել է տնտեսությունը ավելի բարձր՝ գիտելիքահեն մակարդակի հասցնելու կարևորությունը և այդ համատեքստում կարևորել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական մտքի օգտագործումը տնտեսության ոլորտի զարգացման գործում։     «Ագրարային համալսարանի գիտելիքներն ու տեխնոլոգիաներն այսօր ամենաշատն են համապատասխանում գյուղատնտեսության ոլորտի կարիքներին, և մենք փորձելու ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ գիտելիքները հասանելի լինեն հնարավորինս շատ ֆերմերային տնտեսությունների համար», - նշել է Վահան Քերոբյանը: Համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հերթին տեղեկացրել է, որ թեև 2020 թավականը ծանր մարտահրավերներով լի տարի էր, սակայն Ագրարային համալսարանին հաջողվել է շահագործման հանձնել նոր լսարաններ, նոր լաբորատորիաներ՝ հագեցած նորագույն սարքավորումներով․ «Այդ ամենը նոր նախադրյալներ է ստեղծելու, որպեսզի թե՛ ուսումնական միջավայրն ավելի մրցունակ դարձնենք, թե՛ բարձրակարգ մասնագետներ պատրաստենք ոլորտի համար», - նշել է բուհի ռեկտորը։ Բուհում նախատեսվող առաջիկա նախաձեռնությունների թվում Վարդան Ուռուտյանը, մասնավորապես, առանձնացրել է ագրոխորհրդատվության էլեկտրոնային հարթակի ներդրումը։ Նախարար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել կատարել ակտիվ միջնորդի դեր պետության և Ագրարային համալսարանի միջև արդյունավետ գործակցություն ծավալելու համար, որպեսզի համալսարանի գիտական ներուժը լայնորեն կիրառվի երկրի տնտեսության ոլորտում։
16:28 - 20 հունվարի, 2021
Վահան Քերոբյանը տեսնում է մեծ ներուժ ադամանդագործության և ոսկերչության ոլորտների համար

Վահան Քերոբյանը տեսնում է մեծ ներուժ ադամանդագործության և ոսկերչության ոլորտների համար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 16-ին հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ Աբովյան քաղաքի ADM Diamonds ադամանդագործական ընկերությունում՝ շարունակելու այդ ոլորտներում կուտակված խնդիրների համատեղ քննարկումը։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ոլորտի ներկայացուցիչների հետ նախարարի առաջին հանդիպումը կայացել է 2020 թվականի դեկտեմբերի 22-ին՝ էկոնոմիկայի նախարարությունում, որի ժամանակ նախարար Քերոբյանը նշել է, որ երկու ոլորտների խնդիրների քննարկումները կլինեն շարունակական և կանցկացվեն նաև ընկերություններում։ Խնդիրների քննարկումից առաջ  ADM Diamonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը նախարարին և հանդիպման մյուս մասնակիցներին ծանոթացրել է ընկերության արտադրական գործընթացին և շենքի պայմաններին, որի մի հատվածը լավագույնս հարմարեցված է հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար։ Օրակարգում ընդգրկված էին ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, ինչպես նաև գունավոր քարերի արտադրության մեջ նախապես գույքագրված խնդիրները և դրանց վերաբերյալ առաջարկվող լուծումները։ Ներկայացնելով ադամանդագործության ոլորտի խնդիրները՝ ADM Diamonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը շեշտել է ոլորտի զարգացման կարևորությունը Հայաստանի համար։ Alrosa ընկերության հետ համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար առաջարկվել է ստեղծել կառավարության և արտադրող ընկերությունների բաժնեմասերով կազմակերպություն, որը հանդես կգա որպես խոշոր գնորդ և ի վիճակի կլինի Alrosa ընկերությունից միանգամից ձեռք բերել հայկական ընկերություններին անհրաժեշտ հումքի ամբողջ խմբաքանակը։ Բարձրաձայնվել են նաև Ռուսաստանի Գոխրանի հետ ավելացված արժեքի հարկի մասով խնդիրները, ներմուծման և արտահանման ընթացակարգերի կանոնակարգման անհրաժեշտությունը և այլ հարցեր։ Առաջարկվել է ստեղծել ադամանդագործության և ոսկերչության կոոպերացիա։ Ոսկերչության մասով որպես կարևոր առաջարկ նշվել է ոլորտը ավելացված արժեքի հարկից ազատելը կամ ցածր տոկոսադրույք սահմանելը, ինչը, քննարկման մասնակիցների կարծիքով, կարող է նպաստել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները դուրս գան ստվերից առանց հավելյալ հարկային բեռի։ Կարևորվել է նաև ԵԱՏՄ երկրների կողմից Հայաստանում կատարված հարգադրոշման ընդունումը։ Առաջարկություն է եղել ադամանդագործության ոլորտի օրինակով հիմնել պետական մասնակցությամբ կազմակերպություն, որը շահավետ պայմաններով կիրականացնի ոսկու մեծաքանակ ձեռքբերում։ Առանձնակի կարևորվել է հասանելի դրամական միջոցների առկայությունը։ Գունավոր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հումքի նկատմամբ մաքսատուրքի կիրառումը ոլորտի ներկայացուցիչները համարել են լուրջ խոչընդոտ արտադրության զարգացման համար։ Ամփոփելով հանդիպումը, էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել բոլորին շահագրգիռ և առարկայական քննարկման համար, նշել, որ տեսնում է մեծ ներուժ և զարգացման հեռանկար ադամանդագործության և ոսկերչության ոլորտների համար, նաև հավաստիացրել, որ նախարարությունը պատրաստ է լսել, քննարկել և համատեղ ուժերով լուծել ոլորտի խնդիրները։ «Հայաստանի ապագան երկար արժեքային շղթաների ու բարդ ապրանքների մեջ է և ոսկերչությունն ու ադամանդագործությունը դրա ամենալավ օրինակներից են», - ասել է Վահան Քերոբյանը։ Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանում ադամանդագործության և ոսկերչական ոլորտները զարգացնելու համար անհրաժեշտ է միավորել պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը։  
13:28 - 18 հունվարի, 2021
Կոռուպցիա չկա, որոշ մարդկանց մոտիվացիան թուլացել է. Նախարարը ռիսկի դիմելու խնդիր է տեսնում |armenpress.am|

Կոռուպցիա չկա, որոշ մարդկանց մոտիվացիան թուլացել է. Նախարարը ռիսկի դիմելու խնդիր է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը խնդիր ունի ռիսկի դիմելու: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նիստում քննարկված նախագծին: «Նախագիծը վերաբերում էր անցած տարվա մայիսի 21-ին կայացված որոշման մեջ փոփոխություններ կատարելուն, համաձայն որի՝ մենք փորձել ենք պետություն և ձեռնարկատեր ներդրումային ֆոնդում ստեղծել այնպիսի պայմաններ, որ ֆոնդը կարողանա արդյունավետ աջակցություն ցուցաբերել մասնավոր սեկտորին: Կառավարությունը խնդիր ունի ռիսկի դիմելու: Դեռևս նախանցած տարվա դեկտեմբերի 12-ին վարչապետը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ ամբողջ պետական կառավարման համակարգը հակադրված է փոփոխություններին: Ես դա զգում եմ, բայց այդտեղ պատճառն այն չէ, որ մարդիկ չեն ուզում փոխվել, ուղղակի ամեն քայլափոխին մարդկանց ասում են՝ եթե դու սա անես, կլինի այսպիսի ռիսկ, նա անես, կլինի այնպիսի ռիսկ, ինչը կաշկանդում է բոլորին ու չի թողնում աշխատել: Դա օդի մեջ կախված է, այսինքն` ամեն տեղ կա, աշխատանքի մշակույթ է, որը պետք է փոխել»,-  ասաց նախարարը: Քերոբյանի համոզմամբ՝ նախորդ կառավարությունների մեջ կար հստակ հակակշիռ, մոտիվացիա, դա կոռուպցիան էր: «Այսինքն, դու գիտեիր, որ այս կողմից ռիսկ կա ու այդ ռիսկի գնալու «վարձը» կոռուպցիան էր: Հիմա քանի որ կոռուպցիա չկա, մարդիկ առանձնապես մոտիվացիա չունեն ռիսկի գնալու, հետևաբար ընտրում են ավելի պահպանողական աշխատաոճը, որը պետք է փոխվի»,- ասաց նա:
14:59 - 14 հունվարի, 2021
Ճանապարհների զարտուղիության պատճառով գործարարներն անում են ահռելի ծախսեր. Վահան Քերոբյան |armenpress.am|

Ճանապարհների զարտուղիության պատճառով գործարարներն անում են ահռելի ծախսեր. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Ադրբեջանի տարածքով փոխադրումներ իրականացնելու ու Մեղրիով ճանապարհներ բացելու գաղափարի վերաբերյալ գործարարների դիտարկումների մասին հարցին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ գործարարների հետ ունի ամենօրյա ու ամենժամյա հանդիպումներ, վերջին հանդիպումը երեկ է կազմակերպվել։ «Այդ հարցը ես չեմ քննարկել գործարարների հետ, եթե անկեղծ ասեմ։ Ես քննարկել եմ իրենց այսօրվա խնդիրները։ Գիտեմ, որ բազմաթիվ գործարարներ կրում են ահռելի ծախսեր, երբ իրենք ապրանքն արտահանում են, օրինակ՝ Ղազախստան։ Դա կրկնակի թանկ է, քան իրականում պետք է լիներ։ Ուղղակի ճանապարհների զարտուղիության պատճառով այդպես է ստացվել»,-ասել է նախարարը։
14:02 - 14 հունվարի, 2021
Էկոնոմիկայի նախարարի ներկայացրած ներդրումային ֆոնդ ստեղծելու նախագիծն ընդունվեց կառավարությունում երեք դեմ ձայնով |tert.am|

Էկոնոմիկայի նախարարի ներկայացրած ներդրումային ֆոնդ ստեղծելու նախագիծն ընդունվեց կառավարությունում երեք դեմ ձայնով |tert.am|

tert.am: Կառավարությունն այսօր երեք դեմ ձայնով ընդունեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած ներդրումային ֆոնդ ստեղծելու նախագիծը: Նա նշեց, որ նախագիծը վերաբերում է մայիսի 21-ին կայացրած որոշման մեջ փոփոխություններ կատարելուն, համաձայն որի՝ փորձելու են պետություն և ձեռնարկատեր ներդրումային ֆոնդում ստեղծել այնպիսի պայմաններ, որ այդ ֆոնդը կարողանա ռեալ ներդրումներ կատարել ռեալ ընկերությունների մեջ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցի շուրջ բուռն քննարկում, բանավեճ է եղել, և այդ հարցով կառավարությունում չկա միասնական կարծիք, դիրքորոշում և որոշվել է բաց քվեարկությամբ հարցին լուծում տալ: Նա ասաց, որ փորձ է արվել էքսպերիմենտալ գործիք ներդնել:  «Ըստ էության, փաստարկների երկու խումբն ունեն իրենց հիմնավորումները, սակայն հիմա պետք է արձանագրենք, որ նախագիծը չունի այն արդյունքները, որոնք, հույս ունենք, կունենա և դրա պատճառ և մեղավոր համարվում են սահմանված կանոնները, թե ինչպես պետք է ներդրումները տեղի ունենան: Իմ ընկալումն այն է, որ եթե այս ճանապարհը մինչև այստեղ եկել ենք, եկեք շարունակենք և տեսնենք, թե արդյոք արդյունքներ ունենում ենք, թե չենք ունենում, մանավանդ, որ ինչ-որ բան անելն այս իրավիճակում ավելի լավ է, քան չանելը»,-ասաց նա: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ինչ-որ բան չանելու պնդումը ճիշտ չհամարեց և նշեց, որ արդեն ընտրած կանոններն արդար են: «Համաձայն չեմ նրա հետ, որ օժանդակության միջոցառումները նպատակին չեն ծառայել կամ թերի են»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոր հիմնադրվող բիզնեսի պարագայում սեփական ներդրումը պետք է լինի դրամական միջոցներով, երկրորդ՝ նույն չափով բանկից վարկ վերցնելու համաձայնությունն է։ «Հիմա առաջարկվում է երկու կանոն էլ հանել։ Իսկ կարո՞ղ է լավ կոմպրոմիս լինի, որ մենք առաջին կանոնը հանենք, երկրորդը թողնենք։ Այսինքն՝ նոր ստեղծվող ընկերությունը կարող է ոչ թե դրամական միջոց է ներդնում, այլ ինտելեկտուալ, կամ շենք-շինություն»,-ասաց վարչապետը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արձագանքեց՝ առաջին կանոնը հանում են ոչ թե նրա համար, որ այն չի թողնում ներդրումներ անել, այլ որովհետև իրենք ընդհանրապես չեն ուզում ներդրումներ անել նոր ընկերություններում՝ դա համարելով ռիսկային նմանատիպ ֆոնդերի համար։ «Ես ուզում եմ ասել հետևյալը՝ մենք հիմա խոսում ենք՝ անել, թե չանել մի բան, որը կարող է առաջացնել ինչ-որ ռիսկ, ես իմ նախորդ 1,5 ամսվա աշխատանքի ընթացքում անընդհատ լսում եմ՝ սա ռիսկ է առաջացնում։ Հարգելի պարոն վարչապետ, մենք այսպիսի պահպանողական մոտեցմամբ այնքան ենք կաշկանդում պետական կառավարման համակարգը, որ բոլորը մտածում են՝ ավելի լավ է ոչ մի բան չանել, քան անել, որովհետև կա ռիսկ։ Ես իմ նախարարությունում բոլորին կոչ եմ արել լինել համարձակ և չվախենալ սխալներ գործելուց»,-ասաց նա՝ նշելով, թե կառավարության գործընկերներին ևս կոչ է անում լինել համարձակ։ Այսպիսով՝ նախագիծն ընդունվեց, և դեմ քվեարկեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
13:30 - 14 հունվարի, 2021