Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Ծնվել է 1970թ․ դեկտեմբերի 11-ին։ 1987-1992 թթ. սովորել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1993-1996 թթ.  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թ.  Վիեննայի միացյալ ինստիտուտում։

1999-2001 թթ.  եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։ 2001-2006 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-2018 թթ․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն․ Տիգրան Խաչատրյան

Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն․ Տիգրան Խաչատրյան

Փոփոխություններն այնքան արագ են ընթանում, որ ամեն օր աշխարհի կառավարությունների առաջ նոր մարտահրավերներ են առաջացնում։ Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ աայս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նշեց, որ ունեն հստակ նպատակ՝ զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարողներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով դժվարություններ ունեն, բայց նաեւ ունեն ծրագրեր ու պատկերացնումներ՝ այդ դժվարությունները հաղթահարելու համար։ Կառավարության առաջարկելիք երկրորդ բաղադրիչը, Խաչատրյանի ներկայացմամբ, վերաբերում է այն գործողություններին, որոնք ուղղված կլինեն ավելի խոցելի վիճակում հայտնված մարդկանց, որոնք երեկ ունեին աշխատանք, բայց հնարավոր է վաղը աշխատանքը ժամանակավորապես կորցնելու պատճառով դժվարություններ ունեն։ Եւ երրորդը, երբ մենք այս դժվար շրջանը անցած կլինենք եւ քիչ թե շատ կայուն միջավայրում կկարողանանք մտածել մեր զարգացման պլանների մասին, կառավարությունը նախատեսում է հատուկ դրամագլուխ հատկացնել այն կազմակերպություններին, որոնք կձեւակերպեն իրենց տեսակետները՝ իրենց զարգացման ծրագրերի առնչությամբ։ Ի պատասխան հարցի, որ պղնձի միջազգային գների շարունակական անկման պարագայում որն է Հայաստանի համար պղնձի գնի ստորին շեմը, եւ արդյոք կա՞ համագործակցություն կառավարության եւ պղնձաձուլական ընկերությունների միջեւ, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ տնտեսության երեք հիմնական ոլորտներ կան, որոնք այս նոր տնտեսական իրողության պայմաններում առաջին հարվածը վերցրին իրենց վրա․ «Մեկը զբոսաշրջությունն էր եւ դրան առնչվող ծառայությունները, երկրորդը՝ մեր արտահանող որոշ կազմակերպությունները, որոնց հիմնական շուկան ՌԴ-ն է, եւ գիտեք, որ նավթի գները կորոնավիրուսի տարածման ժամանակահատվածում անկում ապրեցին եւ այդպիսով ՌԴ փոխարժեքի զգալի փոփոխություն է տեղի ունեցել, որն ազդում է նաեւ մեր արտահանողների առեւտրային պայմանների վրա, եւ երրորդը աշխարհում պղնձի գնի նվազումն է, որն այսօր գտնվում է 1 տոննայի դիմաց 4800 դոլարի շրջանակում։ Սա զգալիորեն ցածր գին է։ Մենք ՀՀ-ի արտահանման կառուցվածքում մեծ չափով ունենք պղնձի խտանյութերի արտահանում․ այս տարեսկզբին պղնձի գները մոտ են եղել 6000 դոլարի սահմաններին, հիմա՝ 4800։ Ակնհայտ է, որ այս գինը երկարաժամկետ առումով դժվար պայմաններ է ստեղծում պղինձ արտահանող կազմակերպությունների համար»,- ասաց նախարարը։ Թե համաշխարհային տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն կթողնի կորոնավիրուսի տարածման ընթացքը՝ նախարարի խոսքով՝ վերջնական պարզաբանում չունի, որովհետեւ սա արագ փոփոխվող իրավիճակ է առաջացրել ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհի բոլոր տնտեսություններում․ «Կարեւորն այն է, որ կառավարությունները քննարկում են իրենց բոլոր հնարավոր միջոցները համախմբելու եւ այդ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ Մասնավոր հատվածի կազմակերպությունները նույնպես պետք է առաջին հերթին միջոցներ ձեռնարկեն, որպեսզի իրենց աշխատանքային պայմանները լինեն ավելի քիչ ռիսկի ենթարկված, եւ շատ ժամանակ հատկացնեն իրենց առաջիկա զարգացման պլանների մասին մտածելու համար։ Մենք էլ այս փուլում երկխոսում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ուղիղ ռեժիմով խոսում ենք այն կազմակերպությունների հետ, որոնք Հայաստանում տարբեր ոլորտներում զարգացում ապահովելու համար աշխատում են»։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն, արդեն տեսնում ենք հետեւանքները, բայց ինքը վստահ է, որ ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից։
21:03 - 19 մարտի, 2020
Ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկումը ՀՀ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնի. նախարար |armenpress.am|

Ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկումը ՀՀ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնի. նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ արտահանողների համար խնդիր չի տեսնում օրերս ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկման առումով: «Մարտի 10-ին ռուսական արժույթի նկատմամբ դոլարի կտրուկ աճից հետո ռուբլին սկսեց վերադառնալ ավելի չափավոր միջակայք: ՌԴ պատկան մարմինները հայտարարել են՝ իրենց առաջիկա քաղաքականության շրջանակներում կառավարելիություն են պահպանելու կարճաժամկետ մեծ շոկեր թույլ չտալու համար:  Սա հույս է ներշնչում, որ կարճաժամկետ առումով մեր արտահանողներն ու արտադրողները չեն ունենա այնպիսի չսպասված վնասներ, որոնք կարող էին առաջանալ շատ կտրուկ փոփոխությունների արդյունքում»,- նշեց Խաչատրյանը:  Նա շեշտեց, որ ամեն դեպքում երկարաժամկետ հեռանկարում իրադարձությունների զարգացման հավանական սցենարների ուսումնասիրման անհրաժեշտություն կա:
16:34 - 12 մարտի, 2020
Առաջիկայում հնարավոր է ստեղծվի վերելակների հայ-բելառուսական արտադրություն |armenpress.am|

Առաջիկայում հնարավոր է ստեղծվի վերելակների հայ-բելառուսական արտադրություն |armenpress.am|

armenpress.am: Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստում բելառուսական կողմն առաջարկել է Հայաստանում ստեղծել վերելակների համատեղ արտադրություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան: «Մենք այսօր առաջարկել ենք Հայաստանի տարածքում ստեղծել վերելակների համատեղ արտադրություն, քանի որ երկրում այս պահին բավականին ակտիվ փոխվում են բարձրահարկ շենքերի վերելակները: Այդ արտադրությունը ստեղծելուց հետո հնարավոր կլիներ նաև ետսերվիսային ծառայություններ մատուցել»,- ասաց Դրոժժան:   Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ Հայաստանում վերելակների արտադրությունը կարող է դառնալ առաջնային ուղղություններից մեկը: «Վերելակների արտադրության ստեղծման հնարավորությունը կախված է Երևանի քաղաքապետարանի կողմից համակարգվող բազմաբնակարան շենքերում վերելակային տնտեսության մեծ ծրագրի հետ: Մեր բելառուս գործընկերներին առաջարկել ենք և ներկայացնում ենք բոլոր այն հնարավորությունները, որոնք կքննարկվեն մրցակցային հիմունքներով: Այդ քննարկումները տարբեր ձևաչափերով ընթանում են, և երբ դրա իրականացման հնարավորությունները մրցակցային տեսանկյունից իրագործելի լինեն, ապա մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր բելառուս գործընկերները Հայաստանում գտնեն աջակցություն իրենց ծրագիրն իրականացնելու համար»,- ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:
15:41 - 12 մարտի, 2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են բեռնաշրջանառության ընթացակարգերին և բեռնափոխադրումների վերահսկմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են բեռնաշրջանառության ընթացակարգերին և բեռնափոխադրումների վերահսկմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի մասնագիտական փորձը կնպաստի երկկողմ կարևորության հարցերի լուծմանը և տնտեսական փոխգործակցության զարգացմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ պատմամշակութային երկարամյա բարեկամությունը և ամուր հարաբերությունները կնպաստեն յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակի համատեղ հաղթահարմանը: Ի կատարումն Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի շրջանակում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից տրված հանձնարարականի՝ քննարկվել են բեռնաշրջանառության ընթացակարգերին և բեռնափոխադրումների վերահսկմանն առնչվող մի շարք հարցեր: Իրանական կողմի դիտարկումներն ընդունվել են ի գիտություն: Նախարար Տիգրան Խաչատրյանը և ԻԻՀ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական օրակարգի մի շարք այլ հարցեր: Նախարարը հույս է հայտնել, որ երկու բարեկամ երկրների տնտեսական հարաբերությունները օր առաջ կվերադառնան բնականոն հունին:
18:26 - 10 մարտի, 2020
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ժոնաթան Լաքոտին. օրակարգում ֆրանսիական նոր բիզնես նախագծերն են

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ժոնաթան Լաքոտին. օրակարգում ֆրանսիական նոր բիզնես նախագծերն են

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ 2018 թվականից ի վեր Ֆրանսիան հատուկ ուշադրությամբ է վերաբերվում հետհեղափոխական Հայաստանին` գնահատելով կոռուպցիայի դեմ տարվող հետևողական պայքարը: Արդյունքում, դեսպանի խոսքով, ֆրանսիական մի շարք ձեռնարկություններ հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով․ «Նրանք չեն գալիս Հայաստան այլ սուբյեկտիվ պատճառներով. նրանք գալիս են, որովհետև այստեղ կան իրատեսական հնարավորություններ», - ասել է Ժոնաթան Լաքոտը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները և նախարարի հետ միասին նախանշել առաջիկա անելիքները: Նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այդ ծրագրերի հաջողությունը էլ ավելի մեծ չափով կկամրջի երկու երկրների տնտեսությունները: Դեսպանն իր հերթին հավաստիացրել է, որ սպասվող խոշոր ապրանքանիշերի մուտքը Հայաստան կփոխի նաև ֆրանսիական ներդրումայի համայնքի վերաբերմունքը երկրի հանդեպ: Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի մանրամասները, որն, ըստ դեսպանի, ֆրանսիական ամենախոշոր ընթացիկ ծրագիրն է: «Այն նորարարական տեխնոլոգիաները և գիտելիքները, որ  պետք է փոխանցվեն մեր ֆերմերներին, կարևորագույն հենակետ են գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը բարձրացնելու համար: Դա նաև շատ լավ հնարավորություն է լուծելու փոքր տնտեսությունների խնդիրը»,- ասել է նախարարը: Կողմերը մտքեր են փոխանակել աշխարհագրական նշումներին առնչվող հարցերի վերաբերյալ: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու է ստանձնած պարտավորությունների իրականացմանը և ընդգծել, որ կարևոր է նշումների ինստիտուտի կայացումը. «Մենք շարունակում ենք մեր քննարկումները ֆրանսիացի գործընկերների հետ, որոնք պետք է առավելագույն օգուտ ստեղծեն: Մենք շատ ուշադիր ենք այս ծրագրի բովանդակության նկատմամբ՝ նախօրոք ճիշտ ձևակերպելով օրակարգը»,- նշել է նախարարը:Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում գործող ֆրանսիական կապիտալով ընկերություններին և նրանց առաջիկա ծրագրերին: Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ վերջիններիս հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում ՝ քննարկելու առաջացող խնդիրները և ընթացիկ նախագծերը:
16:14 - 06 մարտի, 2020
Կուտակված մեքենաներն այսօր կհատեն հայ-վրացական սահմանը |aysor.am|

Կուտակված մեքենաներն այսօր կհատեն հայ-վրացական սահմանը |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բեռնատար մեքենաները հատե՞լ են հայ-վրացական սահմանը։ «Վրացական կողմն աշխատանքներ է տանում, մինչև օրվա ավարտ մեքենաների անցումն ապահովված կլինի», - ասաց նախարաը։ «Մոտավոր 20-30 մեքենա է, որոնք օրվա ընթացքում զննում կանցնեն ու կհասնեն դեպի Լարս», - ասաց Տիգրան Խաչատրյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ Իրանի հետ ձևավորել են երկխոսություն։ «Տարբեր մակարդակներով սկսել ենք աշխատանքները, որ կարողանանք միասին հակազդել այս համաճարակին», - ասաց ԱԳ նախարարը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասաց, թե ուզում է խոսել բիտումի ներմուծման հետ կապված խնդրից։ «Արդեն իսկ բիտումի քանակի կարիք կա, խնդրում եմ ուշադիր լինենք», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց քննարկում կազմակերպել այդ թեմայով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ ամենօրյա կապի մեջ են առողջապահության նախարարության հետ «Հատուկ ցուցումներ չունենք դասերը չշարունակելու հետ, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն», - ասաց Հարությունյանը։
11:55 - 05 մարտի, 2020
Տիգրան Խաչատրյանը «Մուդիզի» փորձագետների հետ քննարկել է տնտեսության մրցունակության բարձրացման հարցերը

Տիգրան Խաչատրյանը «Մուդիզի» փորձագետների հետ քննարկել է տնտեսության մրցունակության բարձրացման հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության փորձագետներ Քրիստիան Ֆանգին և Ջենե Ֆանգին: Նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար և մանրամասներ ներկայացնել «Մուդիզի» փորձագետներին հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ: Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն անդրադարձել է տնտեսության և, մասնավորապես, արդյունաբերության մրցունակության և արտադրողականության բարձրացմանն ուղղված քայլերին՝ ներկայացնելով ձեռնարկությունների՝ նորարարական տեխնոլոգիաներ կլանելու անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է արտահանման կառուցվածքը և առաջիկա կանխատեսումները: Անդրադարձ է եղել նաև հանրային ներդրումների կառավարման ինստիտուցիոնալ շրջանակին, կապիտալ ծախսերի օրակարգին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն, իր հերթին, անդրադարձել է փոքր ու միջին բիզնեսի համար ֆինանսական աջակցության գործիքներին, կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող նոր ծրագրերին: Որակյալ աշխատուժի զարգացմանն ուղղված պետական քաղականության շրջանակներում քննարկվել են «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրի սկզբունքներն ու նպատակները:
17:11 - 03 մարտի, 2020
Մշակող արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսական աճի հիմնական առաջատարը. նախարարի հարցազրույցը |armenpress.am|

Մշակող արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսական աճի հիմնական առաջատարը. նախարարի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Տնտեսական աճի 7,6 տոկոս ցուցանիշը բավարարում է Հայաստանի կառավարության սպասելիքները: Այս մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով այն ոլորտները, որոնք մեծ չափով նպաստել են ՀՆԱ աճին: -Պարոն Խաչատրյան, 2019թ. համար արձանագրված 7,6 տոկոս տնտեսական աճը ամենաբարձրն է ոչ միայն ԵԱՏՄ, այլև եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Ինչ քայլերի շնորհիվ հնարավոր դարձավ նման ցուցանիշի արձանագրումը: -Մի քանի կարևոր արձանագրում դրա հետ կապված. նախ, շատ ուրախալի է, որ արդյունաբերության ճյուղը, որը մշտապես մեր ուշադրության և քննարկումների կենտրոնում էր տարվա ընթացքում, մեծ չափով է նպաստել Համախառն ներքին արդյունքի աճին՝ 10,2 տոկոսով։ Որ էլ ավելի կարևոր է, մշակող արդյունաբերությունը այս տարի աճել է՝ արձանագրելով ՀՆԱ-ի կառուցվածքում 2008 թվականից ի վեր ամենաբարձր կշիռը՝ 12,1 տոկոս: Սա շատ կարևոր ձեռքբերում է․ մշակող արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսական աճի հիմնական առաջատարը։ Կառավարության տնտեսական քաղաքականության գերակայություններից է, որ մշակող արդյունաբերությունը լինի մրցունակ, ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան և որակյալ աշխատատեղեր ստեղծող։ Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում այդ առումով։ Դա վկայող մեկ այլ ցուցանիշ է նաև ապրանքների և ծառայությունների 10,3 տոկոսով արտահանման աճը, որը ևս դարձավ աճ ապահովող հիմնական շարժիչներից մեկը: -7,6 տոկոս աճի ցուցանիշը համապատասխանում է արդյոք ձեր կանխատեսումներին: - Դա բավարարում է այն սպասումներին, որը կառավարությունն ուներ տարվա նկատմամբ։ Եվս մեկ կարևոր պարզաբանում ներկայացնեմ ՀՆԱ աճի 7,6 տոկոս ցուցանիշի առնչությամբ․ այս տարի կառավարությունը կայացրել էր մի շատ կարևոր որոշում՝ կազմակերպություններին վերադարձնելով նախորդ տարիներից կուտակված ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները։ Եթե այդ ավելացված արժեքի հարկի գումարները վերադարձված չլինեին, ՀՆԱ-ի աճը 2019 թվականի համար կլիներ առնվազն 0,4 - 0,5 տոկոսային կետով ավելի բարձր։ 7,6 տոկոսի փոխարեն կկազմեր 8 կամ 8,1 տոկոս, այսինքն՝ համահունչ այն կանխատեսումներին, որոնք հնչեցվել էին մեր կողմից վերջերս։  - Կա՞ն այլ ոլորտներ, որտեղ աճը ակնհայտ է։ - Կնշեմ զբոսաշրջությանն առնչվող մի ցուցանիշ՝ հանրային սննդի և գիշերակացի ծառայությունները, որոնք տարվա ընթացքում աճեցին ավելի քան 27 տոկոսով։ Արդեն արձանագրել էինք, որ 2019 զբոսաշրջությունն աճել է 14,7 տոկոսով։ Մեկ այլ հատկանշական փոփոխություն տնտեսական աճի առանձնահատկությունների առնչությամբ  ֆինանսական ոլորտի և ապահովագրական ծառայությունների ցուցանիշն է. աճում է տնտեսական միջնորդության դերը, և մենք գտնում ենք, որ դա այն հիմքն է, որ պետք է ամրանա և նպաստի հետագա աճի կայունությանը։ -Երբ կարող ենք արձանագրել, որ աճը նաև որակական բնույթ է կրում: -Որակական պետք է անվանենք այն զարգացումը, որը հեռանկարում կայուն է, իսկ տնտեսության հեռանկարի տեսանկյունից կայուն զարգացում սպասում ենք այն դեպքում, երբ մասնավոր հատվածի բոլոր կազմակերպությունները, անկախ գործունեության բնագավառից, լինեն մրցունակ աշխարհում, որն էլ չափվում է նրանց արտադրողականությամբ: Յուրաքանչյուրն իր տեղում պետք է գիտենա, որ կարող է անել ավելին՝ աշխատաժամանակը, ձեռքի տակ եղած ռեսուրսները տնօրինել ավելի արդյունավետ, լինել ավելի արտադրողական, միավոր ժամանակում ապահովել ավելի մեծ արդյունք և այսպիսով բարձրացնել թե' իր բարեկեցությունը, թե' իր գործունեության տնտեսական արդյունքները: Շարունակությունը՝ armenpress.am-ում
14:13 - 21 փետրվարի, 2020
Շահառուներին ներկայացվել է «Կապիտալի շուկա. աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը

Շահառուներին ներկայացվել է «Կապիտալի շուկա. աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կապիտալի շուկայի զարգացման խնդիրներին նվիրված քննարկում, որին մասնակցել են իրական հատվածի զարգացման ներուժ ունեցող ավելի քան 30 ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Իր ներածական խոսքում Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է քննարկման մասնակիցներին, որ վերջին երկու ամսվա ընթացքում ոլորտին առնչվող շահագրգիռ պետական մարմինների և ֆինանսական կառույցների ղեկավարների ու փորձագետների հետ քննարկումների արդյունքում կազմվել է կապիտալի շուկայի զարգացման ծրագրային գործողությունների  ճանապարհային քարտեզ:  «Այսօր հրավիրել ենք ձեզ, որպես կապիտալի շուկայի պոտենցիալ մասնակիցների և կարևոր դերակատարների, ներկայացնելու մեր աշխատանքը և խոսելու առաջիկա անելիքների մասին։ Քննարկենք, թե ինչ հնարավորություններ կարող եք դուք ունենալ՝ դառնալով շուկայի մասնակից, ինչպես նաև լսելու ձեր կարծիքը և առաջարկությունները. ի՞նչ խնդիրներ և խոչընդոտներ եք տեսնում, ի՞նչ առաջարկություններ ունեք, ի՞նչն է խանգարում ձեզ կապիտալի ներգրավման գործընթացում և ի՞նչ փոփոխություններ է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի ընկերությունների համար կապիտալի շուկան դառնա ավելի հասանելի», - ասել է էկոնոմիկայի նախարարը։ Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է «Կապիտալի շուկա․աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են կարծիքներ և առաջարկություններ քննարկվող հետևյալ հարցերի վերաբերյալ՝ կորպորատիվ կառավարում, թողարկման և ցուցակման կարգավորումներ, թափանցիկություն, ֆինանսական միջոցների առաջարկ և այլն։   Հնչեցված առաջարկություններում նշվել է օրենսդրական փաստաթղթերի վերանայման և համաձայնեցման, մասնավոր ներդրումային ֆոնդերի կարևորության, Ֆինանսական գործիքների ընկալումների մոտարկման անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին ակտիվ մասնակցության համար և տեղեկացրել, որ կապիտալի շուկայի զարգացման ճանապարհային քարտեզը կլրամշակվի ներկայացված առաջարկություններով, հավելել, որ հանդիպումները շարունակական կլինեն։ «Յուրաքանչյուր կազմակերպության հետ պատրաստ ենք նաև առանձին քննարկել իրենց կողմից ներկայացվող խնդիրները և լինել առավելագույնս օգտակար: Առաջիկայում լրամշակված փաստաթուղթը կներկայացվի հաստատման: Իրագործման փուլում կրկին ձեզ հետ համագործակցությունը մեզ խիստ անհրաժեշտ կլինի, քանի որ դուք եք անմիջական շահառուները, և լավագույն ճանապարհները գտնելու համար ձեր օժանդակությունը չափազանց կարևոր է մեզ համար», - ասել է Նաիրա Մարգարյանը։
14:21 - 18 փետրվարի, 2020
Հայաստանի կառավարությունը բանակցում է իրանական ընկերություններից մեկի հետ՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ |lragir.am|

Հայաստանի կառավարությունը բանակցում է իրանական ընկերություններից մեկի հետ՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ |lragir.am|

lragir.am: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին, որ Հայաստանի կառավարությունը բանակցում է իրանական ընկերություններից մեկի հետ՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ: Նախարարի խոսքով՝ նախագիծը բիզնես հիմնավորվածություն պետք է ունենա: «Եկեք սպասենք, կտեսնենք»,- ասաց նա: Տիգրան Խաչատրյանը չհերքեց, որ կարող է նաև քննարկվել «Նաիրիտի» վաճառքի հարցը իրանական կողմին: Հարցին, թե արդյոք կառավարությունը մտադիր է վաճառքի հանել «Նաիրիտը», նախարարը պատասխանեց. «Կառավարությունը բոլոր նման դեպքերում, եթե լինի այնպիսի ներդրումային առաջարկ, որն իր երկարաժամկետ կայունության հարցում երաշխիքներ է պարունակում, պատրաստ է քննարկել: Բոլոր դեպքերում, կառավարությունը պատրաստ է քննարկել դրա շուրջ որևէ ներդրումային նախաձեռնություն»: Տիգրան Խաչատրյանը նշեց, որ չի կարող հաշվարկ ներկայացնել, թե որքան գումար է անհրաժեշտ «Նաիրիտի» վերագործարկման համար: Անկախ գումարի չափից, նախ պետք է գնահատվի դրա տեխնիկական իրագործելիության հարցը, ասաց նա:
13:29 - 10 փետրվարի, 2020
Գործարար կապերը զարգացնելու համար հուշագիր է ստորագրվել Հորդանանի հետ |shantnews.am|

Գործարար կապերը զարգացնելու համար հուշագիր է ստորագրվել Հորդանանի հետ |shantnews.am|

shantnews.am: Այսօր՝ փետրվարի 10-ին, մեկնարկել է Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի այցի շրջանակում։ Համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև ստորագրվել է  համագործակցության հուշագիր։ Համաժողովին ներկա էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարիք Համորին։ Երկու կողմերը փաստել են, որ Հայաստանի և Հորդանանի միջև կան տնտեսական կապերի զարգացման բոլոր նախադրյալները, սակայն այդ հնարավորության միայն չնչին մասն է այսօր օգտագործվում: «Մենք, կարելի է ասել, դեռ գործնականում չենք ճանաչում միմյանց: Մեր քննարկումը գործընկերների հետ եղավ դեռ 10 օր առաջ, մենք քննարկեցնինք, թե ինչ տնտեսական հնարավորություններ կան երկու երկրների միջև և եկանք այն ընդհանուր համաձյանության, որ առկա քաղաքական ջերմ բաերեկամական հարաբերությունները թույլ են տալիս անել էապես ավելին, քան այն տնտեսական ցուցանիշները, որ այժմ կան: Տնտեսական ցուցանիշները մեծ չեն թե´ ներմուծման, թե´ արտահանման առումով, իսկ այս բիզնես ֆորումը կազմակերպվեց այն նպատակով, որ բիզնես ներկայացուցիչները ճանաչեն իրար և ճանաչեն այն տնտեսական հնարավորությունները, որ կան Հայաստանում և Հորդանանում, ստեղծեն ավելի սերտ համագործակցություն և արդյունքում արձանագրեն ավելի մեծ ծավալով և´ առևտրատնտեսական, և´ համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնություններ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը: Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարը ևս փաստեց, որ կա հետաքրքրվածություն Հայաստանի հետ համագործակցության: «Կան բազում ոլորտներ, այդ թվում ՏՏ և IT ոլորտը: Հայաստանը բավական առաջադեմ է այդ ոլորտում, Հորդանանը ևս մեծ առաջընթաց ունի, հետևաբար ես տեսնում եմ համագործակցության մեծ հեռանկարներ: Համագործակցության հեռանկարներ եմ տեսնում նաև տուրիզմի ոլորտում՝ երկու երկրների կողմից, Հորդանանում, օրինակ` կա սրբավայր, որտեղ մկրտվել է Հիսուս Քրիստոսը և կան նաև բազմաթիվ կրոնական տեսարժան վայրեր, ուր արժե այցելել:  Ինչ վերաբերում է արդյունաբերության ոլորտին, ապա այստեղ էլ կան մեծ հեռանկարներ ՀՀ մասնավոր սեկտորի և Հորդանանի մասնավոր սեկտորի միջև»,- նշել է Տարիք Համորին:
13:18 - 10 փետրվարի, 2020
Հայաստանում ցրտահարության ապահովագրության ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 21-ը. Տիգրան Խաչատրյան |news.am|

Հայաստանում ցրտահարության ապահովագրության ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 21-ը. Տիգրան Խաչատրյան |news.am|

news.am: Ցրտահարությունների գյուղատնտեսական ապահովագրության վերաբերյալ պայմանագիր կնքելու վերջնաժամկետը 15-ից երկարաձգվում է փետրվարի 21-ը: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա հիշեցրեց, որ ծրագիրը վերաբերում է խաղողի թփերի և ծիրանի ծառերի` հնարավոր ցրտահարությանից ապահովագրմանը, իսկ վերջերս նաեւ հանրապետության երկու շրջաններում` դեղձի տնտեսությունների: «Ինչ վերաբերում է կարկուտի հետևանքներից ապահովագրմանը, ապա պայմանագիրը կնքելու վերջնական ժամկետը մարտի 25-ն է, եւ Էկոնոմիկայի նախարարությունը լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի: Կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել ֆերմերներին, այդ թվում` ապահովագրական գործարքի ծախսերի մի մասը վերցնել իր վրա: Ներկայումս ստորագրվել է ավելի քան 50 պայմանագիր, և մենք վստահ ենք, որ քաղաքացիներն ավելի ակտիվ կլինեն, քանի որ ապահովագրությունը նրանց թույլ կտա պլանավորել իրենց բիզնեսը եւ հաշվարկել ռիսկերը»,- եզրափակեց Խաչատրյանը:
13:11 - 10 փետրվարի, 2020
Համաշխարհային բանկի թիմը Հայաստանում է՝ քննարկելու գործարար միջավայրի բարեփոխումների օրակարգը

Համաշխարհային բանկի թիմը Հայաստանում է՝ քննարկելու գործարար միջավայրի բարեփոխումների օրակարգը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել էՀամաշխարհային բանկի խմբի Doing Business բարեփոխումների թիմի անդամ Ալեխանդրո Էսպինոսա-Վանգին՝ քննարկելու «Գործարարություն» զեկույցի մեթոդաբանական հարցերը, ինչպես նաև Բանկի աջակցությունըՀայաստանի գործարար միջավայրին ուղղված բարեփոխումների հետագա աշխատանքներում։ Տիգրան Խաչատրյանը ողջունել է հանդիպմանմասնակիցներին և գոհունակություն հայտնելզեկույցին առնչվող աշխատանքների հերթական փուլի մեկնարկի առթիվ, որի շրջանակում Համաշխարհային բանկի խմբի առաջատար փորձագետներն այս օրերին Հայաստանումանմիջական և հեռուստակապի միջոցով հանրային ոլորտի առանցքային շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են անցկացնում: Նախարարը շնորհակալություն է հայտնել կազմված խորհրդատվական զեկույցի համար, որն օգտակար ուղեցույց է առկա ռեսուրսները հասցեական ուղղելու արդիական խնդիրների լուծմանը, ինչպես նաև հետագա աշխատանքների կազմակերպման համար: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Բանկի ամենամյա գնահատումը կարևոր է ոչ միայն այլ երկրների հետ համեմատության տեսանկյունից, այլև խիստ նշանակալի միջավայրային տեսանկյունից` ճիշտ և իրատեսական պատկեր ստանալու առկա խնդիրների վերաբերյալ` հաշվի առնելով աշխարհում ընդունելի համապատսխան կարգավորումները: Նախարարը տեղեկացրել է, որ զեկույցին համապատասխան բարեփոխման օրակարգը կկազմվի ոչ թե ամենամյա պարբերականությամբ, այլմիջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների մշակման եղանակով: Ալեխանդրո Էսպինոսա-Վանգը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման և արդյունավետ քննարկումների համար, առանձնացրել այն հարցերը, որոնք այս փուլի օրակարգում են:
13:55 - 06 փետրվարի, 2020
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ին ամենաբարձրն է սկսած 2011-ից |armenpress.am|

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ին ամենաբարձրն է սկսած 2011-ից |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականին կազմել է 7.8%: Սա ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից: Այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով նախորդ տարվա արդյունքներին: «Ուրախալի է, որ այս տարվա տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերության աճը․ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 9 տոկոս, իսկ ինչը հատկապես նշանակալի է, մշակող արդյունաբերությունը գրանցում է առաջանցիկ աճ, որի ցուցանիշները շուտով կամփոփվեն»,- ասաց նախարարը։ Ըստ Խաչատրյանի, այս աճը պայմանավորված է զգալի չափով արտահանման հետ. կոնյակի արտահանումը այս տարի գերազանցել է 26 տոկոսը, տպավորիչ է նաև գինիների արտահանման աճի ցուցանիշը, որից մրգային գինիների աճը կազմել է 75 տոկոս, իսկ 26 տոկոսով աճել են խաղողի գինիները։ Զարգացող նոր ուղղություններից է շոկոլադը, որի աճը կազմում է 14.2 տոկոս։ «Շինարարությունն է աճել աննախադեպ տեմպերով՝4.6 %, ծառայությունները գրանցել են 15%-ի աճ։ Ամբողջ տարվա ընթացքում ունեցել ենք զբոսաշրջության դինամիկ աճ. եթե 9 ամսվա տվյալներով զբոսաշրջությունն աճել էր 14,4%-ով, ապա տարեկան նախնական տվյալները հուշում են, որը աճը կկազմի 15%: Նաև նկատում ենք, որ էական աճ կա հանրային սննդի և գիշերակացի ծառայություններում՝ 27%, ինչը նշանակում է, որ ներգնա զբոսաշրջությունը լավ պայմաններ է ստեղծել փոքր ու միջին բիզնեսի համար»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ դեռևս չի ամփոփվել տարեկան համախառն ներքին արդյունքի աճը, սակայն, իրենց գնահատականներով, այն կգերազանցի նաև մեր վերջին կանխատեսումները, այսինքն տնտեսական աճը 2019 թվականին կլինի 8%-ի սահմաններում։ «Ի՞նչ կանխատեսումներ կանեք ընթացիկ տարվա համար»,-հարցին նախարարը պատասխանեց. «Դեռևս ձեռնպահ կմնամ կանխատեսումներից, փոխարենը կվերահաստատեմ, որ մեր կառավարությունը հանձնառու է իր տնտեսական քաղաքականության շրջանակում անել առավելագույնը, որպեսզի 2020 թվականին ևս արձանագրենք նախորդ տարվա դրական արդյունքին համահունչ արդյունքներ՝ շարունակելով ապահովել կանխատեսելի, կայուն և հավասար միջավայր տնտեսական կյանքի բոլոր մասնակիցների համար։ Եվ այն խնդիրները, որ նախորդ տարի նկատել ու հավաքագրել, սակայն չենք հասցրել լուծել ամբողջությամբ, այս տարի փորձելու ենք պահել մեր ուշադրության կենտրոնում և յուրաքանչյուրի համար հետևողականորեն գտնել համապատասխան լուծումներ»։
07:35 - 01 փետրվարի, 2020