Արթուր Վանեցյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար։ 

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 8-ին Երեւանում:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը անասնաբուծություն մասնագիտությամբ, 2002թ.՝ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ակադեմիան, 2003թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի եւ իրավունքի ինստիտուտը: 

2000-2003թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ, 2009-2016թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ, 2016-2018թթ.՝ ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ։

2018-2019թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

2018-2019թթ. եղել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 2020 թվականից «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Հայրենիք» կուսակցության նախագահը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

 

«Նեմեսիս». Ազգային անվտանգության ծառայության ինքնության ճգնաժամի ելքը․ Արսեն Խառատյան

«Նեմեսիս». Ազգային անվտանգության ծառայության ինքնության ճգնաժամի ելքը․ Արսեն Խառատյան

ՀՀ վարչապետի՝ արտաքին քաղաքականության հարցերով նախկին գլխավոր խորհրդական, Թբիլիսիի «Ալիք Մեդիա» կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Նեմեսիս». Ազգային անվտանգության ծառայության ինքնության ճգնաժամի ելքը Սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, հայտարարեցին այդ պաշտոնից Վանեցյանի հեռանալու վերաբերյալ: Հաշվի առնելով հայտարարություններին հետեւած քննարկումների մասշտաբները, Վանեցյանի հրաժարականը Հայաստանի անկախությունից ի վեր ուժային բարձրագույն մարմնի ղեկավարի ամենասկանդալայինը դառնալու հավակնություն ունի: Այսուհանդերձ, մեծ հույս ունեմ, որ առաջիկա օրերի զարգացումներն ու հայտարարությունները առավելապես կոռեկտության տիրույթում կլինեն, հաշվի առնելով այն խորքային տրանսֆորմացիաներն ու փոփոխությունները, որոնց միջով ներկայում անցնում ենք որպես պետություն եւ ժողովուրդ, դե իսկ արտաքին վտանգների ու սպառնալիքների մասին եւս մեկ անգամ հիշեցնելը թերեւս ավելորդ է: Տեղի ունեցածի պատճառները հասկանալու համար մի քանի հարթություն պետք է դիտարկել. միջանձնայինից մինչեւ կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ, անելիքի եւ դրա կերպի վերաբերյալ հակասություններ, ինչպես նաեւ մի շարք այլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ: Գործող անձինք, լինի դա Վարչապետը, ԱԱԾ արդեն նախկին ղեկավարը, մի շարք այլ անկյունաքարային պետական պաշտոններ զբաղեցնող ընկերներ, Հայաստանի այս շրջանի զարգացման վրա էական ազդեցություն ունեցող դերակատարներ են, ուստի համոզված եմ, որ մենք որպես հանրույթ եւ պետություն շատ ավելի կշահենք մեր համատեղ հայրենիքի զարգացման շուրջ խորը եւ բովանդակային քննարկումներից ու որոշումներից եւ ոչ երբեք անձնավորված վիրավորանքներից: Այլ կերպ ասած, այս պահին, մեր կոլետիվ շահը ոչ թե Վանեցյան-Փաշինյան տիրույթում հարցեր պարզելն է, այլեւ Հայաստանի ազգային անվտանգությունն ապահովող կառույցի փիլիսոփայությունն ու անելիքները նախանշելը: Վանեցյանի հրաժարականից մոտ մեկ ամիս առաջ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը մի շարք հարցեր էր ուղղել ԱԱԾ ղեկավարին, որոնցից մեկը այս կառույցի ինքնությանն էր վերաբերում: Մասնավորապես, հարցին, թե նախկինում գոյություն ունեցած անվտանգության ո՞ր մարմնի իրավահաջորդն է համարում իրեն ներկայիս ԱԱԾ-ն, հաշվի առնելով խորհրդային տարիներին ձեւավորված արատավոր մի շարք երեւույթների անկախությունից հետո եւ մինչեւ 2018-ի Թավշյա հեղափոխությունը շարունակվելու իրողությունը, ծառայության տնօրենի խորհրդականը ուշագրավ պատասխան էր տվել. «Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը։ Ավելին՝ գիշեր-ցերեկ Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգությունն ապահովող մեր աշխատակիցները չեն կարող նույնացվել կամ համեմատվել ստալինյան դահիճների և գուլագների պատժիչների հետ։ Խորհրդային տարիներին տեղի ունեցած զանգվածային բռնություններն ու հետապնդումները մեզանում դատապարտվել են՝ վաղուց և մեկընդմիշտ»: ԱԱԾ-ի այս գեղեցիկ մտապնդումն իհարկե անկեղծ կլիներ, եթե այն հավակներ խոսել բացառապես հետհեղափոխական Հայաստանի մասին: Սերնդակիցներիցս շատերը, ովքեր քաղաքացիական ու քաղաքական պայքարի ճանապարհով են անցել, ինչ-որ պահի ԱԱԾ-ում հայտնվելու կամ կառույցի աշխատակիցների հետ շփման փորձ ունեցած կլինեն: ԽՍՀՄ տարիների ЧК, НКВД, КГБ ընթացքի լավ գիտակ աածականների պակաս չկար այնտեղ: Որոշ դեպքերում այս կառույցի հիմնադիր հայր Ֆելիքս Դերժինսկուն աստվածացնելու չափ սիրողներ ունեինք եւ ենթադրում եմ, որ ունենք նաեւ մինչ օրս: Մտածողության այս տիրույթում` Ստալինը, Դերժինսկին, Բերիան, Եժովը (այս ցանկը կարելի է շարունակել) իրական հերոսներ են, որոնք, ըստ այս տրամաբանության, կարողացել են հսկայական կայսրություն ստեղծել, չնայած որ դա արել են միլիոնավոր մարդկանց կյանքերի, խեղված ճակատագրերի, անվերջանալի վախի մթնոլորտի պայմաններում: Խորհրդային շրջանի անվտանգության մարմինների գործունեության մասին հսկայածավալ գրականություն եւ հետազոտական նյութ կա: Մեր գիտական ու վերլուծական միջավայրին թողնելով խորհրդային Հայաստանին վերաբերվող հատվածը` ներկայիս կառավարող էլիտային, ինչպես նաեւ մեր հանրությանն ընդհանրապես, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել անկախությունից հետո: Ցավով պետք է նշել, որ եթե 90-ականներին կառույցը մեծամասամբ գործել է խորհրդային տարիների իներցիայով, ապա վերջին 20 տարվա ընթացքում այս հիմնարկի աշխատակիցների մի մեծ մաս դարձել է բիզնես հովանավորող (տանիք), կամ` ներքին ոստիկանական ու պատժիչ գործողություններ իրականացնող պատեհապաշտների խումբ: Նշվածն ամենեւին չի վերաբերվում այն մարդկանց, որոնք ամենօրյա լրջագույն վերլուծական եւ օպերատիվ աշխատանք են իրականացնում Հայաստանն ու Արցախը իրական վտանգներից զերծ պահելու հարցում, դե իսկ ԱԱԾ սահմանապահ զորքերի եղբայրներին բարի ծառայություն մաղթենք: Հետհեղափոխական այս փուլում, երբ կոռուպցիան հայտարարվել է որպես Հայաստանի անվտանգության լրջագույն մարտահրավերը, ԱԱԾ-ի վրա դրվել է ֆինանսական ոստիկանության գործառույթներ: Վերջին երեք տասնամյակների ընթացքում խեղված ու փակ այս կառույցը լրջորեն դեֆորմացվել ու ինքության ճգնաժամի մեջ է ընկել, ուստի պետք է այն խելքի բերել: Ժամանակն է իրապես կենտրոնանալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության հետախուզության ու հակահետախուզության լրջագույն մարմին դարձնելու գործի վրա, իսկ դրա լավագույն սուվերեն օրինակն ունենք` «Նեմեսիս»-ը վկա...»
08:44 - 17 սեպտեմբերի, 2019
Իմ հրաժարականը թող լինի «Կա՛նգ առ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանը հեռանում է

Իմ հրաժարականը թող լինի «Կա՛նգ առ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանը հեռանում է

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրել է իր հրաժարականի մասին: «Սիրելի՛ հայրենակիցներ,ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ,Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կա՛նգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։Պատիվ ունեմ»,- գրել է նա:
11:39 - 16 սեպտեմբերի, 2019
Արցախում խժդժություններն անթույլատրելի են. Արթուր Վանեցյան |aysor.am|

Արցախում խժդժություններն անթույլատրելի են. Արթուր Վանեցյան |aysor.am|

aysor.am: Արցախը յուրահատուկ վայր է ու Արցախում պետք է լինի կայունություն, Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Արցախում հնարավոր լարվածությանը։ «Անցանկալի է Արցախում ցանկացած տիպի խժդժությունները ու Արցախի կայունությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա», - նշեց նա։Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը, որպես ԱԱԾ տնօրեն, իր պարտականությունները կատարելիս պարտադիր հաշվի է առնում այդ հանգամանքը ու, ընդհանուր առմամբ, անվտանգային համակարգը կառուցելիս առաջնորդվում են այդ սկզբունքով՝ Արցախը պետք է լինի կայուն։ «Երեկ Արցախում հանրահավաքին ես հարկ համարեցի միջամտել, որ խժդժությունները լուրջ հետևանքներ չունենան: Փառք Աստծո, մեզ հաջողվեց կանխել այդ զարգացումները, քաղաքացիները լսեցին իմ հորդորն ու շարունակեցին իրենց, այսպես ասած, բողոքի ակցիան», ֊ ասաց նա։ Վանեցյանի խոսքով՝ երեկվա հանրահավաքը պատմական էր։ «Իրականում այն թեզերը, որ հնչեցին այդ հանրահավաքի ընթացքում, պատմական են, շեշտադրումները շատ կարևոր էին մեր ողջ հայ ազգի պատմության համար», - ասաց նա։Երեկվա հանրահավաքը, ԱԱԾ տնօրենի խոսքով, անվտանգության առումով, այո, ռիսկային էր։ «Բայց եթե մենք ուզում ենք անել մի բան, որը կզարմացնի ողջ աշխարհին, մենք պետք է դիմենք ռիսկերի։ Իհարկե, պետք է ռիսկերը գնահատենք ու անենք ամեն ինչ, որպեսզի այդ ռիսկերը լուրջ հետևանքներ չունենան», ֊ ասաց նա։ ԱԱԾ տնօրենն ասաց, թե այդ հանգամանքից ելնելով, ինքն անմիջական մասնակցություն է ունեցել համահայկական խաղերի կազմակերպման աշխատանքներին ու մինչև այս պահը ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։  
07:19 - 07 օգոստոսի, 2019
Իջևանում կատարվածը մի քանի անձանց պրովոկացիան էր․ Վանեցյան |24news.am|

Իջևանում կատարվածը մի քանի անձանց պրովոկացիան էր․ Վանեցյան |24news.am|

24news.am: «Իջևանում կատարվածը մի քանի անձանց պրովոկացիան էր, ոչ թե ժողովրդի ձայնը»,- այսօր Իջևանում Տավուշի մարզպետի ու իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումից հետո հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Համոզված եղեք՝ վառելափայտի բիզնեսի տերերը բացահայտվելու են, խորը քննություն է տարվելու։ Իսկ կառավարության նիստի ժամանակ հնչեց մարդկանց քանակ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել երեկվա դեպքերին»,-ասաց նա։ Արթուր Վանեցյանը նաև նշեց, որ անտառները պետք է ավելի արդյունավետ օգտագործվեն, ոչ թե միայն որպես վառելափայտ։ «Առաջին՝ մեր անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ, ու թույլատրել կազմակերպել զբոսաշրջային տարածքներ, երկրորդ՝ այն թափուկը, որն իսկապես անհրաժեշտ է մարդկանց տունը ջեռուցելու համար մարզպետարանի կամ համայնքի ղեկավարների միջոցով պետք է բաժանվի մարդկանց։ Բայց հարցը պետք է կարգավորի պետությունը՝ որոշ մարդկանց միջոցով հավաքելով այն»,-ասաց նա։ ԱԱԾ տնօրենն հիշեցրեց, որ վերջերս իրենք բոլոր անտառապատ տարածքներում իրականացրել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հարուցված են քրեական գործեր։
15:50 - 18 հուլիսի, 2019
Արթուր Վանեցյանի մայրն ունի 3 անշարժ գույք, 30 մլն դրամ եւ 15 հազար դոլար, իսկ հայրը՝ 960 մլն դրամ |armtimes.com|

Արթուր Վանեցյանի մայրն ունի 3 անշարժ գույք, 30 մլն դրամ եւ 15 հազար դոլար, իսկ հայրը՝ 960 մլն դրամ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ նախագահի օգնական Մարգարիտ Ազարյանը, որը նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է, 2019 թվականի մայիսի 30-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը: Հարկային տարվա սկզբում Ազարյանն ունեցել է 5 մլն 874 հազար 368 դրամի չափով հանձնած փոխառություններ: Հարկային տարում Ազարյանը փոխառության է հանձնել 4 մլն 113 հազար 576 դրամ, արդյունքում փոխառության գումարի չափը հարկային տարվա վերջում կազմել է 9 մլն 987 հազար 944 դրամ: 2018-ի սկզբում Ազարյանն ունեցել է 30 մլն դրամ եւ 15 հազար դոլար, որը տարեվերջում դարձել է 40 մլն դրամ եւ 15 հազար դոլար: 2018-ին Ազարյանն ունեցել է 16 մլն 74 հազար 198 դրամի չափով եկամուտ, որից 7 մլն 389 հազար 941 դրամը գոյացել է աշխատավարձից, 4 մլն 113 հազար 576 դրամը գոյացել է ստացված փոխառություններից, 1 մլն 157 հազար 357 դրամը գոյացել է քաղաքացիաիրավական պայմանագրերից, 2 մլն 916 հազար 523 դրամը գոյացել է այլ աշխատավարձից, իսկ 496 հազար 801 դրամի գոյացման աղբյուրը հայտնի չէ, քանի որ որպես եկամտի աղբյուր նշված է՝ «այլ եկամուտներ»: 2017-ին՝ դեռեւս ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը ստանձնելուց Ազարյանն ունեցել է 3 անշարժ գույք՝ 1 բնակարան, 1 առանձնատուն եւ 1 հողամաս: Ազարյանի ամուսինը՝ Գագիկ Վանեցյանը, 2018 թվականի մարտին էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2017-ի տարեկան հայտարարագիրը: 2017-ին Վանեցյանը ձեռք է բերել 2 առանձնատուն՝ 48 մլն դրամով եւ 198 մլն 440 հազար դրամով: Նույն տարում Վանեցյանը ձեռք է բերել նաեւ 1 ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ C 200» մակնիշի՝ 22 մլն դրամով: Շարունակությունը այստեղ՝ armtimes.com:
18:46 - 10 հուլիսի, 2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դատի է տվել ԱԱԾ-ին |factor.am|

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դատի է տվել ԱԱԾ-ին |factor.am|

factor.am: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության։ Հայցվոր կողմը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ազգային անվտանգության ծառայությանը տրամադրել իրենց կողմից նախկինում պահանջված տեղեկությունները, որոնք ԱԱԾ-ն հրաժարվել է տրամադրել։ Դատական գործում նշված է, որ սույն թվականի հունվարի 25-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրությամբ դիմել էր ԱԱԾ-ին՝ խնդրելով տրամադրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը (կամ նախարարի համապատասխան հրամանի և կից ցանկի պատճենը)` բացառությամբ ցանկի այն մասերից, որոնցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք, սակայն մերժում ստացել։ Այսպիսով կազմակերպությունը դիմել է դատարան, դատական նիստի օր դեռ նշանակված չէ։  
13:50 - 09 հուլիսի, 2019
Արթուր Վանեցյանի կենսագրության թնջուկը. ուսումն ի հաշիվ բանակի կամ հակառակը |fip.am|

Արթուր Վանեցյանի կենսագրության թնջուկը. ուսումն ի հաշիվ բանակի կամ հակառակը |fip.am|

fip.am։ Ուսման և բանակային ծառայության տարիների համընկնումով պայմանավորված՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնական կենսագրությունը մի շարք հարցեր է առաջացնում։ԱԱԾ կայքում հրապարակված կենսագրությունում նշված է, որ Արթուր Վանեցյանը 1995-1999 թթ․ սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում (ներկայում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան-խմբ.), իսկ 1997-1999 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ստացվում է, որ ԱԱԾ տնօրենը չորս տարում ավարտել է բուհը և, միաժամանակ, այդ ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնել, ինչը, սակայն, հնարավոր չէ։ Fip.am-ը որոշեց պարզել, թե ինչպես է ԱԱԾ տնօրենին հաջողվել միաժամանակ և՛ ծառայել, և՛ ուսում ստանալ։ Հարցումներ ուղարկեցինք Հայաստանի պետական ագրարային համալսարան, պաշտպանության նախարարություն և ԱԱԾ՝ խնդրելով պարզաբանել, թե արդյո՞ք հնարավոր է ուսման համատեղումը զինվորական ծառայության հետ։ ԱԱԾ պատասխանը Ի պատասխան հարցմանը, ԱԱԾ-ից հաստատեցին, որ Վանեցյանի կենսագրությունում նշված տվյալներում վրիպակ չկա, և ԱԱԾ տնօրենին հաջողվել է առանց ուսումը ընդհատելու ծառայել զինված ուժերում։ Սակայն թե ինչպե՞ս է հաջողվել՝ ԱԱԾ-ից խորհուրդ տվեցին դիմել «համապատասխան հաստատություններ» (հավանաբար՝ Ագրարային համալսարան և ՊՆ — խմբ․)։ ՊՆ-ի պատասխանը Պաշտպանության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ Վանեցյանն իսկապես պարտադիր զինվորական ծառայություն է անցել 1997-1999 թթ։ Սակայն նախարարությունը զինվորական ծառայության և համալսարանական ուսման համատեղելիության վերաբերյալ հաշվառում վարելու գործառույթ չունի։ Ագրարային համալսարանի պատասխանը Ագրարային համալսարանի պատասխանում հետաքրքիր մանրամասներ պարզվեցին ԱԱԾ տնօրենի ուսման վերաբերյալ։ Այսպես, «Արթուր Վանեցյանը 1995 թ․ ընդունվել է գյուղինստիտուտի հեռակա ուսուցման դեպարտամենտ՝ «Անասնաբուծություն» մասնագիտությամբ, և 1999-ին ավարտել է նույն մասնագիտությամբ»։ Ագրարային համալսարանից տեղեկացրեցին, որ ԱԱԾ տնօրենի՝ զինծառայության վերաբերյալ տվյալներ համալսարանում առկա չեն, և «հնարավոր է, որ Վանեցյանի կողմից ներկայացված լինի այնպիսի փաստաթուղթ, որով թույլ է տրվել մասնակցելու հեռակա ուսուցման ուսումնական գործընթացին, որի տևողությունը յուրաքանչյուր կիսամյակի համար եղել է երեք շաբաթ»։ Համալսարանից նաև տեղեկացրեցին, որ նման փաստաթղթերը, առկայության դեպքում, պահպանվում են մինչև հինգ տարի և այնուհետև ոչնչացվում են։ Իսկ թե ինչպե՞ս է Վանեցյանը կարողացել չորս տարում ավարտել հեռակա ուսուցումը, Ագրարային համալսարանից հայտնեցին, որ 1998 թ․ հունիսին ռեկտորի կողմից հաստատված ուսումնական պլանով՝ «Անասնաբուծություն» մասնագիտության գծով հեռակա ուսուցումը սահմանվել է չորս տարի՝ շրջանավարտներին տալով բակալավր-անասնաբույծի որակավորում։Ստացվում է, որ Վանեցյանը ծառայության երկու տարվա ընթացքում 12 շաբաթ կամ 60 օր մասնակցել է ուսումնառության պրոցեսին։ Փորձենք հասկանալ՝ արդյո՞ք օրենքը նման հնարավորություն տալիս է։ Ի՞նչ է պահանջում օրենքը Եվ այսպես՝ ըստ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի 32-րդ հոդվածի (Զինծառայողներին արձակուրդ տալը)՝ Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներին, զինվորական ծառայության ընթացքում, որպես խրախուսանք, կարող է տրվել արձակուրդ, զինվորներին` 15 օր, սերժանտներին և ավագներին` 20 օր տևողությամբ: Հրամանատարի որոշմամբ շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել մինչև 5 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ` ելնելով զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշներից, իսկ ամուսնացածներին` ևս 5 օր` ամիսը մեկ անգամ: Ընտանեկան հանգամանքների բերումով, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով, հրամանատարի (պետի) որոշմամբ, ժամկետային զինծառայողին կարող է տրվել լրացուցիչ տարեկան արձակուրդ` մինչև 10 օր տևողությամբ: Սա նշանակում է, որ Վանեցյանը, եթե անգամ օգտվեր օրենքով զինծառայողներին տրվող բոլոր արձակուրդներից, չէր կարող 60 օր մասնակցել հեռակա ուսուցմամբ դասապրոցեսին, հետևաբար՝ նա կա՛մ չի մասնակցել, կա՛մ ուսումնառության գործընթացը եղել է ի հաշիվ զինվորական ծառայության։ Արթուր Վանեցյանը չի պարզաբանում Fip.am-ը ԱԱԾ տնօրենի հետ զրույցում խնդրեց պարզաբանել ուսման և ծառայության համատեղման այս գլուխկոտրուկը։ Սակայն Վանեցյանը հրաժարվեց՝ նշելով. «Այդ հարցին մենք արդեն պատասխանել ենք»։Նշենք, որ ԱԱԾ տնօրենը դեռևս մայիսին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ծառայել է Հրազդանում տեղակայված ռազմական ոստիկանության զորամասում 1996-ին։ Թե ինչպե՞ս է Երևանի գրանցում ունեցող Վանեցյանին հաջողվել ծառայել բնակության վայրից 50 կմ հեռավորության վրա՝ սա թերևս հետաքննության մեկ այլ թեմա է։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ Վանեցյանը ծառայության ընթացքում չէր կարող օրենքով սահմանված կարգով մասնակցել հեռակա ուսումնառության գործընթացին։ Հետևաբար՝ կասկածի տակ են դրվում կա՛մ Վանեցյանի՝ Զինված ուժերում ծառայության ամբողջականությունը, կա՛մ անասնաբուծական մասնագիտական հմտությունները։
11:10 - 03 հուլիսի, 2019
Վանեցյանը գոհ չէ որոշ ուղղություններով ԱԱԾ աշխատանքի արդյունքներից |panarmenian.net|

Վանեցյանը գոհ չէ որոշ ուղղություններով ԱԱԾ աշխատանքի արդյունքներից |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իր գլխավորած գերատեսչության առանձին ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ տվել է խիստ գնահատականներ: Այդ մասին նա խոսել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին առընթեր խորհրդի նիստում:Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների, ելույթների ու քննարկումների արդյունքները՝ ԱԱԾ տնօրենը որոշ ուղղություններով աշխատանքների արդյունքները գնահատել է ոչ բավարար՝ ընդգծելով դրանց կատարելագործման և առավել բարձր նշաձող սահմանելու անհրաժեշտությունը:Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության ապահովման բարձրացման, հնարավոր դիվերսիոն ներթափանցումների նախականխման ու խափանման, ներքին անվտանգությանը, ՀՀ սահմանադրական կարգի պահպանմանը ու դրա սպառնալիքների չեզոքացմանը վերաբերող և հարակից այլ հարցեր, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:Վանեցյանը կենտրոնական մարմնի և տարածքային առանձին ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել օպերատիվ իրավիճակի և միջազգային զարգացումների պարբերաբար վերլուծության, ծառայությունում նորագույն տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրման, այլ պետական մարմինների ու գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալու ուղղությամբ:
08:55 - 01 հուլիսի, 2019
Բացառվում է՝ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյանը ԱԺ-ում ՀԱՊԿ-ին վերաբերող նախագիծ է ներկայացրել |aysor.am|

Բացառվում է՝ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյանը ԱԺ-ում ՀԱՊԿ-ին վերաբերող նախագիծ է ներկայացրել |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովն այսօր քննարկեց Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը, որը ԱԺ-ին ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա ներկայացմամբ, համաձայնագրի հիմնական նպատակներն են ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեությունների հակազդեցությունը, փոխադարձ աջակցությունը, համագործակցությունը, փորձի փոխանակում, կադրերի պատրաստում։ Հայաստանի բյուջեից համակարգի ներդրման և տեխնոլոգիաներով ապահովման համար որոշակի գումար կտրամադրվի։ Վանեցյանը, սակայն, չասաց գումարի չափը՝ դա համարելով պետական գաղտնիք։ Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Վանեցյանն ասաց, որ համակարգը գործելու է ՀԱՊԿ անդամ երկրների միջև տեղեկատվությունը փոխանցվելու է ըստ նպատակահարմարության։ «Կան համապատասխան պետական կառույցներ, որոնք որոշելու են՝ արդյոք նպատակահարմա՞ր է, որ տեղեկատվությունը փոխանցվի երկրորդ կամ երրորդ երկրին, թե՞ ոչ։ Նույն տրամաբանությամբ որոշվելու է նաև ՀԱՊԿ անդամ երկրների միջև։ Այս համաձայնագրում կան պայմաններ, չափորոշիչներ, որը պետությունը հաշվի է առնելու և բացառվում է, որ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը։ Սա փակ համակարգ է, որը վերաբերում է միայն ՀԱՊԿ-ին, մեր երկրի ներքին հարցերին վերաբերող որևէ տեղեկատվություն չի փոխանցվելու», - հայտարարեց Վանեցյանը՝ ընդգծելով, որ այս համաձայնագիրը պարզապես դյուրացնելու է ՀԱՊԿ-ի ներսում աշխատանքը։
09:52 - 20 հունիսի, 2019
Կա մարդկանց փոքր խումբ, որը որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին, հենց նրանց էլ հետևում ենք. Ա. Վանեցյան |tert.am|

Կա մարդկանց փոքր խումբ, որը որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին, հենց նրանց էլ հետևում ենք. Ա. Վանեցյան |tert.am|

tert.am: Կա մարդկանց փոքր խումբ, որն այսօր որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին, հենց նրանց էլ ԱԱԾ-ն հետևում է. Shantnews-ին տված հարցազրույցում ասել է Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ում է հետևում ԱԱԾ-ն: «Ովքեր թիրախավորում են ԱԱԾ-ին, ովքեր բացասական են խոսում ԱԱԾ-ի մասին, շատ դեպքերում, ակհայտ կեղծ տեղեկություն են տարածում ԱԱԾ-ի և իմ մասին, այդ մարդիկ, որոնք զբաղվում են նմանօրիանկ գործունեությամբ, պետք է հաշվի առնեն, որ եթե գաղտնի ինչ-որ մեկի հետ հանդիպում են և ինչ-ինչ նպատակներով թիրախավում են ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն դրա մասին իմանում է, ուղղակի չի բարձրաձայնում»,- ասել է նա: Դիտարկմանը, թե 2 մլն մարդն ում հետ հանդիպում է՝ գիտե՞ն նրանց, Վանեցյանը պատասխանել է, որ այդ 2 մլն-ը լավ է վերաբերում ու դրական է գնահատում ԱԱԾ-ի աշխատանքը: Հարցին, թե ինչու է տպավորություն ստեղծվում, որ ԱԱԾ-ն ամեն ինչով զբաղվում է, Վանեցյանը նշել է, որ ԱԱԾ-ի մասին օրենքի մեջ գրված է իրենց լիազորությունների շրջանակը, որից չեն անցնում: «Որ օրը մենք անցնենք մեր լիազորությունների շրջանակը, համոզված եղեք, որ անմիջապես դրա մասին մեզ կտեղեկացնեն և գործընթաց կսկսեն, որ պատասխանատվության ենթարկեն»,- նշել է նա: Իսկ նման տպավորություն, ըստ նրա, ստեղծվում է, քանի որ իրենց կատարած աշխատանքն ուշադրության կենտրոնում է:
06:39 - 15 հունիսի, 2019
ՀՀ վարչապետը հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ որևէ ցուցում չի տվել. Արթուր Վանեցյան |armenpress.am|

ՀՀ վարչապետը հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ որևէ ցուցում չի տվել. Արթուր Վանեցյան |armenpress.am|

armenpress.am։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի կարծում, որ «սևազգեստ մարդկանց» վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սկանդալային է: Լրագրողների հետ զրույցում Վանեցյանն ընդգծեց, որ վարչապետը որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ: «Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկանդալային հայտարարություն է արել, չեմ կիսում այդ միտքը: Եթե ուշադիր լսեք վարչապետի հայտարարությունը, նա որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ` նրանց դեմ ազդեցություն ունենալու մասով»,- ասաց Վանեցյանը:ԱԱԾ տնօրենը նշեց, որ ՀՀ վարչապետը հստակ ցուցում տվել է, թե ում մասին է խոսքը և ՀՀ ոստիկանությունը ու ԱԱԾ իրենց մասով կատարում են համապատասխան աշխատանքները:«Դրանք այն մարդիկ են, ովքեր քարոզում են ատելություն հասարակությունում, ուժի կիրառում և այլն: Եթե կլինեն հստակ դեպքեր , որոնցով նախատեսված կլինի քրեական օրենսգրքով պատիժ, այդ անձանց նկատմամբ կկիրառվեն օրենքով մեզ տրված լիազորությունները , որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից»,- նշեց Վանեցյանը:
08:45 - 08 հունիսի, 2019
2020-ին մտադիր ենք ստեղծել ԱԱԾ ուսումնական կենտրոն․ Վանեցյան |shantnews.am|

2020-ին մտադիր ենք ստեղծել ԱԱԾ ուսումնական կենտրոն․ Վանեցյան |shantnews.am|

shantnews.am։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատողներն ուսումը ստանում են օտարերկրյա ուսումնական կենտրոններում, և դրա համար տարեկան ծախսվում է 240 միլիոն դրամ։ Իսկ եթե ստեղծվի ՀՀ ԱԱԾ ուսումնական կենտրոն, ապա նախնական հաշվարկներով անհրաժեշտ կլինի 2 միլիարդ դրամ ծախս։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքերով՝ 240 միլիոնի համեմատությամբ 2 միլիարդ դրամը շատ մեծ թիվ չէ, և իր նախաձեռնությամբ մտադիր են 2020 թվականին ստեղծել Հայաստանի ԱԱԾ ուսումնական կենտրոն, որպեսզի սպաները կրթությունը ստանան հենց Հայաստանում։ Վանեցյանի խոսքերով՝ դա թույլ կտա ոչ միայն գումարը Հայաստանում ծախսել, փորձն էլ արդյունավետ փոխանցել, այլև հեռու կպահի Հայաստանից մեկնած սպաների՝ օտար պետություններում հավաքագրման ռիսկերից։Վանեցյանի խոսքերով՝ ուսումնական կենտրոնի ստեղծման ճանապարհային քարտեզն արդեն կա, ու նույնիսկ տեղն են արդեն որոշել, մնում է լուծել ֆինանսական հարցերը։ Նրա խոսքերով` այս ամենը թույլ կտա մի քանի մակարդակում խնդիրներ լուծել․ ԱԱԾ աշխատակիցները բարձրագույն կրթություն կստանան 5 տարով, 2-ամյա վերապատրաստումները կանցնեն այդ կենտրոնում, Սահմանապահների վերապատրաստությունները կանցկացվեն այդ կենտրոնում, Կգործի հատուկ նշանակության ուժերի պատրաստման գերհագեցած կենտրոն, ՊՊԾ թիկնապահ ծառայողները նույնպես ուսում կստանան նույն կենտրոնում։
05:54 - 06 հունիսի, 2019