ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

ԵԽԽՎ-ն վերադարձրել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները |armenpress.am|

ԵԽԽՎ-ն վերադարձրել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձև, որով հաստատել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ընդունված փաստաթղթում ԵԽԽՎ-ն կոչ է արել Մոսկվային իրականացնել 2014 և 2015 թվականների բանաձևներում ներառված բոլոր առաջարկությունները: Բանաձևում նաեւ նշված է, որ ռուսական պատվիրակությունը առանց հետագա ուշացումների պետք է վերադառնա Մոնիտորինգի կոմիտեի և Վեհաժողովի մյուս բոլոր կոմիտեների հետ համագործակցությանն, ինչպես նաև պետք է վարի կառուցողական երկխոսություն՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ: Բացի այդ, Վեհաժողովը կոչ է արել ռուսաստանյան իշխանություններին ազատել 24 ուկրաինական նավաստիներին, որոնք անցած տարվա նոյեմբերին սահմանը խախտելուց հետո ձերբակալվել էին:
17:05 - 26 հունիսի, 2019
Ուկրաինայի պատվիրակությունը լքեց ԵԽԽՎ նիստերի դահլիճը |aysor.am|

Ուկրաինայի պատվիրակությունը լքեց ԵԽԽՎ նիստերի դահլիճը |aysor.am|

aysor.am: Ուկրաինայի պատվիրակությունը լքել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճը: Այդ մասին «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է խորհրդարանական Ալեքսեյ Գոնչարենկոն: «Մեր ամբողջ պատվիրակությունը լքել է դահլիճը։ Մենք այս նստաշրջանի համար ընդունել ենք որոշում, որ Ուկրաինայի պատվիրակությունը մասնակցելու է օրակարգի միայն այն կետերի քննարկմանը, որոնք վերաբերում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելուն»: Գոնչարենկոյի խոսքով՝ Ուկրաինայի պատվիրակությունը դեռ կվերադառնա նիստերի դահլիճ՝ խանգարելու ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու՝ ԵԽԽՎ-ի փոխխոսնակ ընտրվելուն: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի հիասթափություն է հայտնել ԵԽԽՎ-ի որոշման կապակցությամբ, որն անցած գիշեր հաստատել Է ՌԴ պատվիրակության լիազորություններն ամառային նստաշրջանում: «Հիասթափված եմ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորություններն առանց սահմանափակումների հաստատելու ԵԽԽՎ-ի որոշումից։ Անցած շաբաթ ես անձամբ այդ հարցը քննարկել եմ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ: Փորձել եմ համոզել պարոն Մակրոնին և տիկին Մերկելին, որ ԵԽԽՎ ռուսական պատվիրակության վերադարձը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կկատարի վեհաժողովի սկզբունքային պահանջները», - գրել է քաղաքական գործիչը Facebook-ում:
11:37 - 25 հունիսի, 2019
ԵԽԽՎ-ի Հայաստանի մշադիտարկման խմբի համազեկուցողներն մեկնաբանել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը |tert.am|

ԵԽԽՎ-ի Հայաստանի մշադիտարկման խմբի համազեկուցողներն մեկնաբանել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը |tert.am|

tert.am։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին զարգացումներին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու վերաբերյալ կոչին: ԵԽԽՎ-ի Հայաստանի մշադիտարկման խմբի համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան և Անդրեյ Սիրսելջը, մեկնաբանելով Փաշինյանի՝ մայիսին 19-ին իր աջակիցներին ուղղված կոչը, նշել են, որ իշխանությունները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպես ճնշման գործադրում ընկալվել: «Մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայման է և որ հետևաբար՝ օրենքի գերակայությունը լավագույնս գործում է քաղաքական խաղացողների կողմից որևէ միջամտության բացակայության դեպքում»,-ասել են համազեկուցողները՝ նկատելով, որ վիճելի թվացող դատական վճիռները վիճարկելու համար կան հստակ իրավական գործընթացներ: Համազեկուցողներն ընդգծել են, որ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ենթադրում է նաև հարգանք այն գործընթացների նկատմամբ, որոնք գոյություն ունեն բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար՝ անկախ նրանից, թե ով են նրանք: «Այնուամենայնիվ, մենք ընդունում ենք, որ տվյալ դատական վճռի վերաբերյալ հանրության արձագանքը ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրության շրջանում վստահության դեռևս ցածր մակարդակը»,-նշել են համազեկուցողները: Միևնույն ժամանակ նրանք շեշտել են, որ դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնահերթություն լինել, ուստի՝ իրենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդպիսի բարեփոխումներ անելու, կոռուպցիայի դեմ պայքարելու վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաև այդ ամենը Եվրոպայի խորհրդի օգնությամբ իրականացնելու ցանկությունը:
10:31 - 21 մայիսի, 2019
ԵԽԽՎ բանաձևի մեջ թեև ընդգծվում է Տրոյկա լվացքատուն արտահայտությունը, բայց որևիցե անուն չի հիշատակվում․ Վլադիմիր Վարդանյան |hetq.am|

ԵԽԽՎ բանաձևի մեջ թեև ընդգծվում է Տրոյկա լվացքատուն արտահայտությունը, բայց որևիցե անուն չի հիշատակվում․ Վլադիմիր Վարդանյան |hetq.am|

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ընդունած փողերի լվացքատունը դատապարտող բանաձևի զգալի մասը վերաբերում է ադրբեջանական լվացքատանը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրուցում ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ ամփոփելով այցի արդյունքները։«Հետաքրիր քննարկում էր ծավալվել գլոբալ և ադրբեջանական լվացքատան հետ կապված, փողերի լվացման համակարգի վերաբերյալ, որում ներգրավված են եղել մի շարք ադրբեջանցի պաշտոնյաներ, ԵԽԽՎ նախկին պատգամավորներ: Բանաձևը մեծ սատարում ստացավ ԵԽԽՎ-ի կողմից, մեծ հատված վերաբերում էր ադրբեջանական լվացքատանը»,- ասաց Վարդանյանը։ Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ադրբեջանցի պատվիրակները ապակառուցողական ելույթներով են հանդես եկել նստաշրջանի ընթացքում, որոնց հայկական պատվիրակության անդամները համարժեք պատասխաններ են տվել։ Ռուբինյանը հիշեցրեց, որ նստաշրջանի ընթացքում Ստրասբուրգ է մեկնել վարչապետ Փաշինյանը, ելույթով է հանդես եկել, ապա հարցեր են հնչել։ «Վարչապետի ելույթը երկու մասից էր բաղկացած՝ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների, և երկրորդ մասը վերաբերում էր ԼՂ հակամարտությանը: Շատ կարևոր է, որ այդ հարթակից ևս ներկայացրեց մեր դիրքորոշումներն ու առաջնահերթությունները, ներառյալ Արցախին բանակցությունների սեղանին ներգրավելու հարցը»,- ասաց Ռուբինյանը։ ԵԽ 22 պատգամավորներ նամակ են հղել եվրոպական հանձնաժողովի նախագահին՝ հորդորելով պատժամիջոցներ կիրառել «Տրոյկա լվաքատան» մեջ ներգրավված երկու անձանց՝ Ռուբեն Վարդանյանի և Վլադիմիր Ռոմանովի նկատմամբ: Մեր հարցին, թե այս մասին ինչ քննարկումներ են եղել, և որն է հայկական պատվիրակության դիրքորոշումը, Վարդանյանը պատասխանեց. «Տրոյկա լվացքատան հետ կապված այդ փոքրիկ փոփոխությունն ամբողջ զեկույցում իրականացվել է մարտ ամսին՝ Փարիզում տեղի ունեցած իրավական հարցերով կոմիտեի նիստից հետո: Կոմիտեի քննարկումները ծավալվում էին այն ըմբռմամբ, որ ԵԽԽՎ-ն պետք է դատապարտի ընդհանրապես լվացքատունը՝ որպես երևույթ, և այս տեսանկյունից լվացքատան որևէ հարց չպետք է դուրս մնա զեկույցից։ Այնտեղ մի փոքր հատված է ավելացվել, որում հիշատակվում է Ռուբեն Վարդանյանի անվանումը՝ որպես սեփականատերերից մեկը: Բանաձևի մեջ թեև ընդգծվում է Տրոյկա լվացքատուն արտահայտությունը, բայց որևիցե անուն չի հիշատակվում»,- ասաց նա։Վարդանյանի խոսքով՝ չնայած զեկույցը վերաբերում է փողերի լվացքատանն առհասարակ, սակայն զեկույցի գերակշիռ մասը վերաբերում է ադրբեջանական լվացքատանը։ Հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանն էլ ասաց, որ բանաձևի մի ամբողջական հատված քննադատվում է միայն նրա համար, որ լվացքատունը հայտնվել է ԵԽԽՎ-ում։ «ԵԽԽՎ-ի  քայլերից մեկն էլ այն է, որ իր հեղինակությունը մաքրի»,- ասաց նա։
12:41 - 16 ապրիլի, 2019
Հայ պատվիրակը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը |armenpress.am|

Հայ պատվիրակը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի նիստում հայկական պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն օգտագործել է այդ հարթակը` բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հետ կապված համապատասխան գործելակերպ որդեգրելու հարցը: ԱԺ-ում պատվիրակության անդամների հրավիրած ասուլիսում այս մասին խոսեց Վարդանյանը: «Օրակարգում ընդգրկված էր ատելության խոսքի հետ կապված բավականին լուրջ հատված: Եվ դրա շրջանակում ես իմ ելույթում անդրադարձ եմ կատարել ատելության խոսքին: Ոչ մի ցեղասպանություն հնարավոր չէ իրագործել առանց ատելության խոսքի: Ընդ որում՝ հարց բարձրացվեց առ այն, որ թե 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, այդուհանդերձ մենք Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում բախվում ենք հայատյացության տարբեր դեպքերին: Եվ այս տեսանկյունից մենք օգտագործելու ենք այս հարթակը` պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հետ կապված համապատասխան գործելակերպ որդեգրել, և փորձելու ենք մեր ելույթների ու գործունեության միջոցով հնարավորինս նվազեցնել հետագայում որևէ ցեղասպանության իրագործման հնարավորությունը»,-ասաց Վարդանյանը:
11:01 - 16 ապրիլի, 2019
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում և եվրոպական երկրներում կոռուպցիայի և փողերի լվացման մասին բանաձև է ընդունել |azatutyun.am|

ԵԽԽՎ-ն Ադրբեջանում և եվրոպական երկրներում կոռուպցիայի և փողերի լվացման մասին բանաձև է ընդունել |azatutyun.am|

azatutyun.am։ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ադրբեջանում և եվրոպական երկրներում կոռուպցիայի և փողերի լվացման մասին բանաձև է ընդունել:«Կոռուպցիոն լվացքատուն՝ արձագանքում նոր մարտահրավերներին փողերի լվացման, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» վերտառությամբ զեկույցը հեղինակել է հոլանդացի պատգամավոր Մարտ վան դե Վենը: Փաստաթղթում նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը անհանգստացած էր «ադրբեջանական լվացքատան» զեկույցով, որտեղ խոսվում է խոշոր գումարների լվացման, Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից եվրոպացի գործիչներին և պատգամավորներին կաշառելու մասին: «Դա արվել է Ադրբեջանի իշխանությունների շահերը Եվրոպայի խորհրդում առաջ մղելու նպատակով», - նաև ասվում է ԵԽԽՎ-ի կողմից նախօրեին ընդունված բանաձևում:Զեկույցում նշվում է, որ ԵԽԽՎ-ը խորապես մտահոգված է այդ նպատակների համար Ադրբեջանից դուրս բերված շուրջ 3 միլիարդ դոլարի կապակցությամբ: Փաստաթղթի հեղինակի համոզմամբ՝ Ադրբեջանում կոռուպցիայի պատճառներից մեկը անկախ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների գործունեությունը կասեցնելն է, որոնք վերահսկիչ դեր կարող են ունենալ հանցավոր գործարքների դեմ:
10:56 - 12 ապրիլի, 2019
Սոս Ավետիսյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել, որ անդամ երկրները խավիարային կոռուպցիոն սկանդալում հայտնված անձանց նկատմամբ գործեր հարուցեն |armenpress.am|

Սոս Ավետիսյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել, որ անդամ երկրները խավիարային կոռուպցիոն սկանդալում հայտնված անձանց նկատմամբ գործեր հարուցեն |armenpress.am|

armenpress.am: Տխրահռչակ խավիարային դիվանագիտությունը ներխուժել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատերից ներս, որպեսզի կապի միջազգային հանրության աչքերն Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության, պետության զավթման իրողության, ավտորիտար համակարգի և քաղհասարակության նկատմամբ հալածանքների վերաբերյալ։ Այս մասին ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը հայտարարել է ՝ ելույթ ունենալով «Կազմակերպված հանցավորության և փողերի լվացման դեմ պայքարի նոր մարտահրավերների մասին» զեկույցի քննարկման շրջանակում, և կոչ է արել, որ ԵԽԽՎ անդամ երկրները խավիարային կոռուպցիոն սկանդալում հայտնված անձանց նկատմամբ գործեր հարուցեն։ Նա իր ելույթում նշել է. «Այսօր մենք քննարկում ենք ծավալում ժողովրդավարական հասարակություններին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկի մասին: Ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել զեկուցող պարոն Մարթ դե Վենին իր ազնիվ և մանրամասն զեկույցի համար, որտեղ փողերի լվացման խրթին ճանապարհները հայտնաբերված են և կազմակերպված հանցավորության իրական սպառնալիքը միանշանակ գնահատականի է արժանանում: Միաժամանակ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն քաջ հետաքննող լրագրողներին, որոնք, ցավոք սրտի, կյանքի գնով բացահայտում են այս հանցավոր կապերը, որոնք ամենօրյա ռեժիմով սպառնում են ժողովրդական հասարակություններին: Կոռուպցիան՝ որպես այդպիսին, նոր երևույթ չէ: Նորությունն այս դեպքում միայն այն արագությունն է, որի պարագայում կոռուպցիան մի երկրում կարող է ազդել ընդհանուր համակարգի վրա: Չնայած այն հանգամանքին, որ փողը չի գնում սեր, բայց դրանով հնարավոր է ձեռք բերել ազդեցություն: Գողացված գույքը և գումարները շատ արագ հայտնվում են օֆշորում, որտեղից տարբեր կեղծ կազմակերպությունների միջոցով այն օգտագործվում է քաղաքական դաշնակիցներ ձեռք բերելու, ճշմարտությանը լռեցնելու և բարեվարքության աղճատման համար: Ցավոք սրտի, նույնիսկ ԵԽԽՎ-ն զուրկ չէր այս ազդեցությունից: Տխրահռչակ խավիարային դիվանագիտությունը ներխուժել էր այս պատերից ներս, որպեսզի կապի միջազգային հանրության աչքերը Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության, պետության զավթման իրողության, ավտորիտար համակարգի և քաղհասարակության նկատմամբ հալածանքների վերաբերյալ: Սրա հետ մեկտեղ ես պետք է գնահատեմ մեր ջանքերը, որ այս ազդեցությունը մերժել ենք, որի մասին մանրամասն նշվում է 2185 որոշման մեջ: Թերևս փողի լվացման մեխանիզմ կառուցելու համար հարկավոր է մի շարք անձանց համագործակցություն, սակայն ուրախալին այն է, որ մեկ անձը կարող է այս շղթան բացահայտել: Ես երկրորդում եմ զեկուցողի կոչն առ այն, որ անդամ պետություններն իրենց երկրներում հետամուտ լինեն վերը նշված կոռուպցիոն սկանդալում հայտնված անձանց նկատմամբ համապատասխան գործեր հարուցելուն, որոնք փաստագրվել են Անկախ Հակակոռուպցիոն Մարմնի կողմից: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսի անդամ երկրներում, այլապես մենք շարունակաբար կպայքարենք հետևանքների և ոչ թե իրական պատճառների դեմ: Իհարկե այն պարագայում, որ որոշ անդամ երկրներում կոռուպցիան հանդիսանում է իշխանության հիմնասյուներից մեկը, այս հույսերը արդարացված չեն, սակայն արդ այդ երկրները պետք է մշտապես լինեն միջազգային հանրության ուշադրության ներքո: Հետևաբար, անդամ երկրներում աշխատանքին զուգահեռ մենք պետք է ուժեղացնենք համաեվրոպական մեխանիզմները, որպեսզի կանխենք փողերի լվացումը և կազմակերպված հանցավորության ազդեցությունը: Ի հավելումն մեր գործիքակազմի, օրինակ՝ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի փորձագիտական խորհուրդը (Moneyval), Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO), ՄԱԿ-ի հակակոռուպցիան, մենք պետք է աշխատենք քաղաքացիական հասարակության հետ, օրինակ Թրանսփարենսի Ինթերնեյշնալի և անկախ հետաքննող լրագողների խմբի հետ»:  
17:51 - 11 ապրիլի, 2019
Մի՞թե Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը․ Նիկոլ Փաշինյան

Մի՞թե Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ի դերին ԼՂ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման հարցում․ «ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման համար: Սրա բացատրությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթեր­ցում­ներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն: Բայց խոսքը ԵԽԽՎ անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռևս միջազգայ­նորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտ­պանության համաշխարհային առաջա­մարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը: Եվ այս բարձր ամբիոնից ուզում եմ կոչ հղել Եվրոպայի խորհրդի և ընդհանրապես Եվրոպայի բոլոր այն կազմակերպու­թյուններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ: Աջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապն­դելու մարդու իրավունքները, օրենքի գերա­կայու­թյունն ու անկախ դատական համակարգը: Դրանից շահելու է Ղարաբաղի քաղաքացին՝ մարդը: Իսկ մարդն ավելին է քան որևէ փաստաթուղթ, քան որևէ քաղաքական կամ խմբային շահ, և ես հավատում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կառաջնորդվի հենց այս արժեքներով»:  
11:22 - 11 ապրիլի, 2019
ԵԽԽՎ-ն մտահոգված է. Քաղաքական գործիչները պետք է խուսափեն ատելության խոսքից

ԵԽԽՎ-ն մտահոգված է. Քաղաքական գործիչները պետք է խուսափեն ատելության խոսքից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախօրեին ընդունած բանաձևով մտահոգություն է հայտնել ատելության խոսքի տարածման կապակցությամբ, ինչը խթանում է խտրականություն, ռասայական ատելություն, հակասեմիտիզմ, իսլամաֆոբիա և անհանդուրժողականություն՝ ուղղված մասնավորապես փոքրամասնությունների դեմ՝ ներգաղթյալների, կանանց և ԼԳԲՏԻ անձանց: Այս անհանգստացնող միտումը չի խնայում նաև քաղաքական ասպարեզին, և ատելության խոսքն օգտագործվում է «ոչ միայն պոպուլիստական և ծայրահեղական խմբերի կողմից, այլև քաղաքական ողջ սպեկտրի ներկայացուցիչների կողմից»։ Այս մասին ասվում է Էլվիրա Կովակսի պատրաստած զեկույցում։ «Քաղաքական գործիչներն ունեն և քաղաքական, և բարոյական պատասխանատվություն` «խուսափել ատելության և խեղաթյուրող խոսքից ու անհապաղ դատապարտել ուրիշների կողմից դրա օգտագործումը, քանի որ լռությունը կարող է մեկնաբանվել որպես հավանության արժանացում կամ աջակցություն»,- ընդգծվում է տեքստում: Վեհաժողովը քաղաքական կուսակցություններին ու շարժումներին խրախուսում է՝ ընդունել ինքնակարգավորվող գործիքներ, ինչպիսիք են վարքագծի կանոնները և էթիկայի կանոնները՝ արգելելով ատելության խոսքի օգտագործումն իրենց անդամների կողմից: «Ինտերնետային միջնորդները, մասնավորապես, սոցիալական ցանցերը, պետք է կիրառեն նաև ինքնակարգավորվող գործիքներ, ատելության խոսքի կանխարգելման և պատժամիջոցների կիրառման համար ու պարտավորեվեն հեռացնել վիրավորական բովանդակությունը»,-ասում են խորհրդարանականները: Նրանք կոչ են արել նաև անդամ պետություններին ընդունել վարչական, քաղաքացիական և քրեական իրավունքի դրույթներ ատելության խոսքի դեմ ու նպաստել իրազեկման բարձրացմանը, ներառյալ միջազգային մակարդակներում:Վերջապես, Վեհաժողովը կոչ է արել անդամ պետություններին՝ իրականացնել ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի 15-րդ ընդհանուր քաղաքականության հանձնարարականը, որը պարունակում է մի շարք միջոցներ՝ ատելության խոսքի կանխարգելման ու պայքարի ուղղությամբ։
08:43 - 11 ապրիլի, 2019
ԵԽԽՎ-ն Ռուսաստանին առաջարկել է ձեւավորել պատվիրակություն եւ մուծել անդամավճարները |news.am|

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին առաջարկել է ձեւավորել պատվիրակություն եւ մուծել անդամավճարները |news.am|

news.am: ԵԽԽՎ-ն իր ապրիլյան նստաշրջանում ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որում կոչ է արել Ռուսաստանին պատվիրակություն ձեւավորել, ինչպես նաեւ՝ մուծել Եվրոպայի խորհրդի անդամավճարը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։  ԵԽԽՎ-ն բոլոր կողմերին ակտիվ երկխոսության կոչ է արել՝ Եվրոպայի խորհրդի առաքելության պահպանման համար, ինչպես նաեւ այնպիսի իրավիճակից խուսափելու համար, երբ խոշորագույն անդամ-պետությունը ստիպված կլինի որոշել լքել կազմակերպությունը «աշխարհաքաղաքական հետեւանքներով»։ ԵԽԽՎ-ի կարծիքով, դա նաեւ «Ռուսաստանի քաղաքացիների համար կոնկրետ հետեւանքներ» կունենա։ Ինչպես նշում է գործակալությունը, ընդունած բանաձեւում ԵԽԽՎ-ն «կազմակերպության անդամ-պետությունների կառավարություններին կոչ է անում դիտարկել կազմակերպության քաղաքական արդիականության եւ ֆինանսական կայունության ապահովման բոլոր հնարավոր տարբերակները՝ նրա գործունեության տապալումը թույլ չտալու համար»։
07:03 - 11 ապրիլի, 2019
ԵԽԽՎ-ում Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը |armenpress.am|

ԵԽԽՎ-ում Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը |armenpress.am|

armenpress.am։ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգ կատարելիք այցի օրակարգի վերաբերյալ: Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետին հարցեր տալու համար արդեն իսկ կան գրանցվածներ, ցուցակը բազմազան է, իսկ գրանցումը դեռևս շարունակվում է: «Կարելի է պատկերացնել, որ հարցեր կլինեն Հայաստանում ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, եվրոպական և այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Հարցերը կլինեն բազմազան»,- մանրամասնեց Հովհաննիսյանը: Նա նաև հայտնեց, որ ՀՀ վարչապետին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը: Նրա խոսքով՝ ադրբեջանցիների հարցերը կանխատեսելի են: Հարցին, թե ըստ օրակարգի քանի՞ պատվիրակ Նիկոլ Փաշինյանին հարց տալու հնարավորություն կունենա, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը պատասխանեց, որ դա կախված է ժամանակից. «Պետության ղեկավարներին մեկ ժամ է հատկացված, որի մեջ ներառվում է ելույթը և հարցերը: 15-20 րոպե ելույթի համար կլինի և մոտ 30-35 րոպե կհատկացվի հարց ու պատասխանին»,- ասաց նա: Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՀՀ վարչապետի՝ Ստրասբուրգ այցի օրակարգը շատ հագեցած է, նախատեսված են հանդիպումներ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: «Պաշտոնապես կբացվի Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես. այն կբացեն վարչապետը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը: Նաև նախատեսված է հանդիպում Ստրասբուրգի հայ համայնքի հետ, ինչպես նաև այցելություն Ստրասբուրգի Մայր տաճար»,- ասաց Հովհաննիսյանը:  
10:00 - 10 ապրիլի, 2019
Մարդու իրավունքները ՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում. Նաիրա Զոհրաբյանը կբարձրացնի Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու հարցը |armenpress.am|

Մարդու իրավունքները ՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում. Նաիրա Զոհրաբյանը կբարձրացնի Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու հարցը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանն այս տարի կառանձնանա նրանով, որ ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից կլինեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս համատեքստում կբարձրացնի նաև Ադրբեջանում ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը: «Արմենպրես»-ը ԵԽԽՎ սպասվող գարնանային նստաշրջանի մասին խոսել է հայկական պատվիրակության անդամների հետ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին նախատեսվող ելույթին՝ Ռուբինյանը նշեց՝ ենթադրում է, որ վարչապետը կխոսի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների, անցկացված ազատ և արդար ընտրությունների, մարդու իրավունքների, խոսքի ազատության ամրապնդման և ընդհանրապես Հայաստանի առաջընթացի մասին: Նրա կարծիքով՝ ըստ էության, հայկական պատվիրակության շեշտադրումները ևս կլինեն նմանատիպ։ Պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացնելու է  Արցախի ժողովրդի կրթության և առողջության իրավունքի պաշտպանության խնդիրը: Նա նկատեց, որ միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ հստակ նշում են, որ երկրի չճանաչված լինելը չի զրկում տվյալ երկրի քաղաքացիներին օգտվել Եվրոպայի կրթական և առողջապահական ծրագրերից, սակայն դա Արցախի ժողովրդի դեպքում կյանքի չի կոչվում:
05:42 - 05 ապրիլի, 2019
Եվրոպայի խորհուրդը աջակցում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին. ԵԽԽՎ նախագահ

Եվրոպայի խորհուրդը աջակցում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին. ԵԽԽՎ նախագահ

Հայաստանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ քննարկել ենք մեր համագործակցությանն ու շփմանն առնչվող ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցեր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` ամփոփելով հանդիպումը: «Կարևորել ենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, մարդու իրավունքների հանձնակատարների, Վենետիկի հանձնաժողովների բոլոր ինստիտուտների դերակատարությունը վերջին տարիներին մեր երկրի ժողովրդավարացման գործում  աջակցության համար և վերահաստատել ենք իրողությունը, որ անցած տարվա ապրիլ-մայիսին ոչ բռնի հեղափոխությունից հետո ժողովրդավարական գործընթացները Հայաստանում այլևս անշրջելի են», - ասաց նա: Միրզոյանը նշեց, որ անդրադարձել է եղել նաև Հայոց ցեղասպանությանը, մարդու իրավունքներին և երկոկղմ համագործակցության բազմաթիվ հարցերի: ԵԽԽՎ նախագահն իր հերթին նկատեց, որ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատվել է` Եվրոպայի խորհուրդը աջակցում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին: «Մեր կողմից կրկին վերահաստատվեց այս գործընթացի հետագա աջակցման պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ մեր կողմից արծարծվեցին որոշ հարցեր, որոնք պետք է լուծվեն, և որոնց առջև կանգնած է Եվրոպան. դրանք ատելության խոսքն են, հավասարությունը տղամարդկանց և կանանց միջև, պայքարը ազգայանականության դեմ, որոնք մարտահրավեր են ամբողջ Եվրոպայի համար և պետք է ամբողջ ջանքերով պայքարենք դրանց դեմ, որպեսզի ավելի հուսալի և հանգիստ ապահով մայրցամաք ունենանք», - ասաց նա:
10:45 - 27 մարտի, 2019