Անդրանիկ Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ: 1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ. եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:

2000-2005թթ. եղել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ., 2008թ.՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թ․-ից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

 

Ստեղծված իրավիճակից պետք է դուրս գանք քաղաքական լուծումների միջոցով՝ կոնսենսուսով. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

Ստեղծված իրավիճակից պետք է դուրս գանք քաղաքական լուծումների միջոցով՝ կոնսենսուսով. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: Արցախը վերականգնելը դժվար է լինելու, քանի որ այն անվտանգության համակարգը, որը ձևավորվել էր ԼՂԻՄ-ի շրջակայքում, այսօր չունենք: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ այդ խնդիրների լուծմանը չպետք է ներդնենք մեր ազգային ներուժը:  Անդրադառնալով ներքաղաքական լարվածությանը՝ Ա.Քոչարյանն ասաց, որ ստեղծված իրավիճակից պետք է դուրս գանք քաղաքական լուծումների միջոցով՝ կոնսենսուսով, որը միտված պետք է լինի առանց ուժի կիրառման, բանակցություններով գտնել լուծման ձևաչափը: Նրա խոսքով՝ քննարկումները ներառելու են խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին: «Մեզ համար անվտանգության համակարգերի այս վիճակը սպառնալիք է Հայաստանի սահմանների համար, քանի որ այն, ինչ ունեինք նախկինում, դրա բացակայությունը նոր վտանգներ է առաջացրել Հայաստանի համար՝ թե՛ հյուսիսում, թե՛ հարավում»,- ընդգծեց նա:
18:25 - 16 նոյեմբերի, 2020
Լինեմ անկեղծ՝ տրամաբանությունը կարող է պատկերացնեի, բայց բովանդակությունից տեղյակ չէի․ Անդրանիկ Քոչարյան

Լինեմ անկեղծ՝ տրամաբանությունը կարող է պատկերացնեի, բայց բովանդակությունից տեղյակ չէի․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասում է՝ խորհրդարանն այս ճգնաժամային իրավիճակում պետք է շարունակի իր աշխատանքը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը՝ պնդելով, որ իր գլխավորած հանձնաժողովն այս ընթացքում աշխատանքները դադարեցրել է միայն կես օր: Հարցին, թե ինչու ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին չի գնացել, Քոչարյանն արձագանքեց՝ այդպես է որոշել: «Նիստեր անպայման պետք է լինեն, քննարկվելիք բազմաթիվ թեմաներ կան»,- ասում է Քոչարյանը՝ ընդգծելով, որ օրակարգը պետք է բխի երկրի ներքին ու արտաքին անվտանգությունից: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ստեղծված էքստրեմալ իրավիճակում խորհրդարանը պետք է իր աշխատանքը շարունակի, խորհրդարանական ուժերն այս հարթակում պետք է քննարկումներ ունենան, սակայն այդ ամենը պետք է լինի ներքին անվտանգության խնդիրները հաղթահարելուց հետո: «Իրար հետ մենք պետք է դուրս գանք այս վիճակից, որ թե՛ Պաշտպանության բանակը, թե՛ զինված ուժերը այս հոգեբանական անկումային վիճակից արագ դուրս  գան»,- ասաց նա: Քաղաքական մեծամասնության պատգամավորի համոզմամբ՝ հակառակորդը փորձելու է տարբերակներ գտնել՝ իր առավելությունները զարգացնելու համար. հրադադարը շատ կարևոր է, որպեսզի անվտանգային ամբողջ համակարգը բոլոր զարգացումներին պատրաստ լինի: Քոչարյանը հիշեցնում է, որ դեռևս չի հաստատվել 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը, այն պետք է այս իրողության տրամաբանության մեջ լինի: Հարցին, թե արդյոք մինչ հայտնի փաստաթղթի ստորագրումը, վերջինիս բովանդակությունից տեղյակ եղել է, Քոչարյանը պատասխանեց. «Լինեմ անկեղծ՝ տրամաբանությունը կարող է պատկերացնեի, բայց բովանդակությունից տեղյակ չէի, և կարծում եմ՝ տեղյակ չեն եղել շատերը»: Քոչարյանի կարծիքով՝ այժմ պետք է համախմբվել բանակի շուրջ, որպեսզի զինված ուժերն իրեն մենակ չզգա: Պատգամավոը պնդում է՝ պատերազմը չի ավարտվել, հրադադար է,  պարզապես Թուրքիայի ախորժակը զսպվել է, իսկ ներքաղաքական խնդիրներին կարելի է ադրադառնալ միայն կայունություն հաստատելուց հետո: «Պետությունն ունի նման խնդիրների սահմանադրական լուծումներ, պետք է գնանք հստակ քաղաքական լուծումների ճանապարհով, բայց դրանք չպետք է խոչընդոտ լինեն զինված ուժերի մարտական հերթափոխի կառավարման համար: Թուրքիայի ախորժակը չի փակվել, պարզապես զսպվել է»,- ասաց նա:
15:44 - 13 նոյեմբերի, 2020
Բանակցությունների հին տրամաբանության շարունակումը նույնը կլինի, որ վերադառնանք իննսունականների կարգավիճակին․ Անդրանիկ Քոչարյան

Բանակցությունների հին տրամաբանության շարունակումը նույնը կլինի, որ վերադառնանք իննսունականների կարգավիճակին․ Անդրանիկ Քոչարյան

Էրդողանի ցանկությունն է, որ Թուրքիան շատ ավելի ընդգրկուն մասնակցություն ունենա բանակցային գործընթացում։ Մեր երկրի տեսակետը հայտնի է՝ խոսել Թուրքիայի մասնակցության մասին, պարզապես անիմաստ է։ Մինսկի խմբի ձեւաչափը ոչ մեկը չի փոխել եւ այդ ձեւաչափի միջոցով պետք է շարունակվեն բանակցային խաղաղապահ բոլոր գործընթացները։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Այսօր Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, եւ մենք միասնաբար պայքարում ենք այդ անվտանգությունը ամուր պահելու համար։ Զորքերը հանե՞լ․ թող չմոռանան՝ անվտանգության գոտին ինչպես է ձեւավորվել, ձեւավորվել է, երբ այդ գոտուց ռմբակոծվում էին Արցախի տարածքները, հարձակումներ էին լինում խաղաղ բնակչության վրա, հետո ձեւավորվեց այդ գոտին, որը տարիներ շարունակ պահեց խաղաղ միջավայր՝ չնայած անընդհատ այդ գոտուց այն կողմ եւ այս կողմ միշտ հրահրում էին ռազմական գործողություններ։ Այսօր խոսել այդ անվտանգության գոտու հանձնման մասի՞ն, երբ եթե չլիներ այն, ինչ կլիներ Արցախի հանրության հետ»,- ընդգծեց նա։ Քոչարյանը նշեց, որ միջազգային հանրությունն էլ, ՄԽ անդամ-պետություններն էլ թող հասկանան, որ այստեղ գոյության խնդիր է լուծվում, եւ այն ձեւաչափը, որ տարիներ շարունակ քննարկել է Մինսկի խումբը, եւ այն «տարածքներ՝ անորոշ կարգավիճակի դիմաց» տրամաբանությունն այլեւս չի կարող աշխատել, եւ հակառակորդը ցույց տվեց, որ տարածքներն իրենց պետք են առանց հայ ազգաբնակչության, և իրենք այսօր էլ փորձ են անում ոչնչացնել ոչ միայն շենք-շինությունները, այլ նաեւ մարդկանց։ «Բանակցությունների հին տրամաբանության շարունակումը նույնը կլինի, որ վերադառնանք իննսունականների կարգավիճակին՝ ավելի լայն հնարավորություն տալով հակառակորդին՝ մեր ազգաբնակչությանը ոչնչացնելու համար»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ճանաչումը դարձել է համար մեկ պահանջը, և այսօր ճանաչումն առաջնահերթ քայլն է, որը կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը։ Պատգամավորի խոսքով՝ իրեն ավելի շատ մտահոգում են «ներքին բայրաքթարները»։ «Ես տեսնում եմ, որ ներքին կյանքում այլ զարգացումների հնչողություն ստացած գործընթացներ են գեներացվում, խոսքոս վերաբերում է Վազգեն Մանուկյանի կոչին եւ նրանց միացած կենդանի «բայրաքթարներին», որոնք շատ ավելի վտանգավոր են, որովհետեւ գետնի վրա են գործում։ Եթե մենք օդում ունենք հաջողություններ, եւ դրանք՝ մեր խոցած բայրաքթարները թանկ սարքավորումներ են, ես կարծում եմ, որ շատերի հիշողության մեջ շատ էժան գործողությունների գայթակղությունը դեռ թարմ է։ Բայց շատ ավելի վտանգավոր էր, երբ Վազգեն Մանուկյանը կառավարության հրաժարականի մասին առաջարկն արեց հոկտեմբերի 27-ին, եւ ես հասկացա, որ այդ օրը ինչ-որ մոգական սեւ ամպ է, որ իր շուրջը հավաքում է այն ուժերին, որոնք չեն հանգստանում իրենց մերժված լինելու հանգամանքին»,- ասաց նա։ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ ինչքան մենք ռազմական հաջողություններ արձանագրենք, բանակցություններում մեր շանսերն ավելի են մեծանալու։  
12:56 - 29 հոկտեմբերի, 2020
Նամակներով դիմել եմ ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին․ Անդրանիկ Քոչարյան

Նամակներով դիմել եմ ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին․ Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անրդնաիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր նամակներով դիմեցի ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիին, ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին: Տեղեկացրեցի, որ Ադրբեջանը, խախտելով հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12:00-ից հայտարարված հումանիտար հրադադարի պահանջները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները:Ավելին, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, փաստորեն շարունակվում է Հայոց ցեղասպանության քաղաքականությունը: Սա Արցախի Հանրապետությունում տիրող ծանր իրավիճակի հետ կապված իմ կողմից Ձեզ ուղղված երրորդ նամակն է:Ինչպես գիտեք հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպումից հետո, հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12-ից սկսած, Արցախի Հանրապետությունում հայտարարվեց հումանիտար հրադադար:Մինչ Հայաստանը կատարում էր հրադադարից ենթադրվող պայմանները, Ադրբեջանը, խախտելով իր պարտավորությունները, վերսկսեց քաղաքացիական բնակավայրերի անխնա գնդակոծությունները և ծանր հրետանու ու մարտական տանկերի օգտագործմամբ՝ գրոհներ սկսեց առաջնագծի տարբեր ուղղություններով: Միևնույն ժամանակ, խախտելով մեր օդային տարածքը, Ադրբեջանի մարտական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ գործեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հարավային շրջանում գտնվող բնակավայրերի վրա, ինչի արդյունքում զոհվեց մեկ և վիրավորվեցին երեք քաղաքացիական անձինք:Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ Թուրքիայի միջամտությամբ Մերձավոր Արևելքից հրավիրված վարձկանները և ահաբեկիչները ներկայումս կռվում են Արցախում՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Սա ոչ այլ ինչ է, քան Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության շարունակման քաղաքականություն. ներկայումս, փաստորեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան աջակցում է հայ ժողովրդի ցեղասպանության իրագործմանը։Խաղաղ ազգաբնակչությունը թիրախավորվում է նաև Իսրայելի և Բելառուսի կողմից մատակարարված զենքերով, որոնք մարդասիրական օգնության քողի տակ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ուղիներով տեղափոխում են Ադրբեջան։ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան F-16 կործանիչներ է տեղակայում Ադրբեջանում, դրանք կառավարում են այն անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվում են Արցախի տարածքում գտնվող խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին թիրախավորելու նպատակով:Շնորհակալ կլինեմ, եթե ներկայացնեք Ձեր հստակ գնահատականը Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած գործողությունների և ներկայիս իրավիճակի վերաբերյալ: Լիահույս եմ, որ ապրելու հիմնարար իրավունքը, որը պաշտպանում են արևմտյան ժողովրդավարությունները, արժեք է և ոչ պարզապես խոսքեր:
17:05 - 12 հոկտեմբերի, 2020
Վարչական ու քրեական պատասխանատվություն` ռազմական դրության կանոնները խախտելու համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

Վարչական ու քրեական պատասխանատվություն` ռազմական դրության կանոնները խախտելու համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am:  Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվեց Կառավարության ներկայացրած Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթը, որը վերաբերում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար վարչական ու քրրեական պատասխանատվություն սահմանելուն: Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և ընդունվեց 71 կողմ ձայնով: Նախագծերի վերաբերյալ իրենց վրդովմունքը հայտնեցին ընդդիմադիրները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խոսեց պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը քննադատող հաղորդումների արգելքի մասին` նկատելով, որ ըստ նախագծի՝ արգելքը տարածվում է բոլորի վրա: Պատգամավորը օրինակ բերեց՝ ԱԻՆ-ը հայտարարում է, թե օդային տագնապի դեպքում պետք է գնալ թաքստոցներ, սակայն Երևանի քաղաքապետարանը չի իրազեկում քաղաքացիներին, թե որտեղ կարելի է գտնել նման ապաստարաններ: «Հիմա եթե ես քննադատեմ քաղաքապետարանին, պիտի ենթարկվեմ պատասխանատվությա՞ն, կամ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից մեկը հայտարարում է՝ զորքը չունի զրահաբաճկոն, ես ասում եմ՝ չի կարելի նման բան հրապարակել, բայց ես պիտի ենթարկվեմ պատասխանատվության»,- ասաց Գորգիսյանը: Նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նկատեց` եղել է բարձրաստիճան պաշտոնյա, որը հայտարարություններ է արել բանակի մարտունակության վերաբերյալ, հնչեցրել կոնկրետ թվեր, որը վնաս է հասցրել բանակին: «Ստացվում է, որ նրան քննադատողները կարող են դառնալ թիրախ, իսկ նա` ոչ, որովհետև ՀՀ-ում նրա խոսքն անքննադատելի է»,- ասաց Սամսոնյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը հակադարձեց` պատերազմի առաջին իսկ օրվանից մամուլը ողողված է ստահոդ լուրերով, որոնք, ըստ իրեն, չեն համապատասխանում իրականությանը և ազդում են քաղաքացիների բարոյահոգեբանական իրավիճակի վրա: «Բոլորս լավ գիտենք, թե որ լրատվականներն ինչ գործունեություն են ծավալում այս ընթացքում, մեզ բողոքում են քաղաքացիները, որ այս մարդիկ խաթարում են թիկունքում խաղաղությունը»,- ասաց Դավոյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց` երկիրը գտնվում է իրավական առումով ամենախիստ ռեժիմում` ռազմական դրության պայմաններում: «Մեր երկիրը երբևէ պատերազմի փուլում ռազմական դրություն չի հայտարարել և ըստ դրա՝ մոբիլիզացիա չի իրականացրել: Եւ այս ռեժիմն ապահովեց լայնածավալ պատերազմի այս փուլում կասեցման խնդիրը: Գոնե ես պատերազմի առաջին փուլերում (նկատի ունի 1990-ականնները, հեղ.) ունեցել եմ ակտիվ մասնակցություն բանակի ձևավորման հարցում: Լավ օրից չէր, որ ռազմական դրություն հայտարարելու պարագայում հայտարարել ենք ջոկատային հավաքներ, փողոցներից արական սեռի մարդկանց բռնել-տանել առաջնագիծ: Էսօր նման խնդիր չկա, որովհետև երկիրը գտնվում է ռազմական դրության պայմաններում»,- ասաց Քոչարյանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:53 - 09 հոկտեմբերի, 2020
Եթե վարչապետը նման որոշում է կայացրել, ուրեմն ունեցել է ծանրակշիռ հիմնավորում. Քոչարյանը՝ ԱԱԾ տնօրենի ազատման մասին |armtimes.com|

Եթե վարչապետը նման որոշում է կայացրել, ուրեմն ունեցել է ծանրակշիռ հիմնավորում. Քոչարյանը՝ ԱԱԾ տնօրենի ազատման մասին |armtimes.com|

armtimes.com: Եթե վարչապետը նման որոշում է կայացրել, նշանակում է՝ ունեցել է ծանրակշիռ հիմնավորում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ աշխատանքից ազատվելու լուրին: «Ամեն ինչ կապված է արագ որոշումներ կայացնելու, լուծումների, ազգային անվտանգության խնդիրների հետ: Բնականաբար այսօրվա հրամայականն է, որպեսզի բոլորս մեծ արագությամբ և մեծ պատասխանատվությամբ լուծենք մեր առջև դրված խնդիրները»,-ասաց նա: Հարցին՝ արդյոք ռազմական դրության ընթացքում ԱԱԾ-ի աշխատանքի հետ կապված եղել են խնդիրներ, պատգամավորը նշեց՝ ամեն վայրկյան գնահատվում են ծառայության աշխատանքները: «Այսօր իրողություն է վարչապետի կայացրած որոշումը»:
14:37 - 08 հոկտեմբերի, 2020
Շրջաններ վերադարձնելու մասին խոսելը աբսուրդ է, բանակցային օրակարգն իր էությամբ ամբողջովին փոխվել է |civilnet.am|

Շրջաններ վերադարձնելու մասին խոսելը աբսուրդ է, բանակցային օրակարգն իր էությամբ ամբողջովին փոխվել է |civilnet.am|

civilnet.am: «Շրջաններ վերադարձնելու մասին խոսելը աբսուրդ է, քանի որ բանակցային օրակարգն իր էությամբ ամբողջովին փոխվել է։ Փոխզիջումներ պետք է լինեն, բայց մեր անվտանգության գոտու կարևորությունը չի կարող հաշվի չառնվել»,- լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։  Խոսելով ռազմական գործողությունների ընթացքում Իրանից հնչած գնահատականների ու հայտարարությունների մասին՝ պատգամավորը ասաց՝ արցախյան ճակատում ահաբեկչական խմբերի տեղակայման հարցով Իրանը հստակ դիրքորոշում է հայտնել. «Իրանի նախագահը շատ լավ հասկանում է, որ ահաբեկչական խմբերը, եթե շարունակաբար տեղակայվեն մեր անվտանգության գոտու մատույցներում, դա վտանգ է Իրանի համար, քանի որ կիրառվում են իսրայելական արտադրության զենքեր, որոնք հեռահար կիրառման հնարավորություն ունեն ու հակառակորդը դրանք կիրառելով՝ սահման է անցնում»,- հայտարարեց Քոչարյանը։  Հարցին, թե հնարավո՞ր է հումանիտար հրադադար հայտարարվի, վերջինս արձագանքեց՝ «Ալիևին ձեռնտու չէ նույնիսկ մեկ ժամով հրադադար հայտարարելը, սակայն ադրբեջանական զինուժի թողած դիերը մեր դիրքերի մատույցներից անմիջապես պիտի հեռացվեն»։
12:49 - 08 հոկտեմբերի, 2020
Առանց Արցախի մասնակցության որևէ բանակցություն այլևս հեռանկար չի կարող ունենալ․ Անդրանիկ Քոչարյան |lragir.am|

Առանց Արցախի մասնակցության որևէ բանակցություն այլևս հեռանկար չի կարող ունենալ․ Անդրանիկ Քոչարյան |lragir.am|

lragir.am: Թուրքիան իր պահվածքով իր՝ Մինսկի խմբում ներգրավված մնալու հեռանկարը ոչնչացնում է, որովհետև հակամարտող կողմ է հանդես գալիս։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ըստ նրա՝ Թուրքիան իր սպառազինությամբ, բանակի ինտելեկտուալ ներգրավվածությամբ մասնակցում է Արցախի դեմ սանձազերծած պատերազմին։ Ավելին, արդեն բացահայտված է թուրքական զինուժի շատ ակտիվ մասնակցությունը։ Նաև այնպիսի տպավորություն է, որ Թուրքայի Զինված ուժերի գլխավոր շտաբն է ղեկավարում այս բոլոր գործողությունները։ «Այդպիսի տեղեկություն էլ կա, բայց պատերազմի ամբողջ տրամաբանությունը հուշում է, որ դա արդեն իրանություն է»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է հարցին, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, ըստ Քոչարյանի, ակնհայտ է, որ այսօր Արցախի դեմ է լայնածավալ պատերազմ։ Եվ, բնականաբար, Արցախի մասնակցությունն օրհասական է։ Առանց Արցախի մասնակցության որևէ բանակցություն այլևս հեռանկար չի կարող ունենալ։ 1994 թվականի զինադադարի պայմանագիրն, ըստ նրա, պետք է թարմացվի։ Առանց Արցախի մասնակցության խաղաղության  հեռանկար ակնկալել տևական ժամանակ հնարավոր չէ։
12:17 - 08 հոկտեմբերի, 2020
ՊԲ-ն պայքարում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ռազմական մտքի ու պրակտիկ մասնակցության դեմ․ Անդրանիկ Քոչարյան |hetq.am|

ՊԲ-ն պայքարում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ռազմական մտքի ու պրակտիկ մասնակցության դեմ․ Անդրանիկ Քոչարյան |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ հայտարարությունների ժամին կոչով դիմեց աշխարհասփյուռ հայ այն զինվորականներին, որոնք աշխարհի զարգացած երկրների բանակներում ծառայություն են իրականացրել: «Հայտարարությունս ուղղված է ազգությամբ հայ, սակայն Հայաստանից դուրս ապրող սպաներին, շարքայիններին և բոլոր այն զինվորականներին, որոնք ծառայություն են տարել աշխարհի տարբեր բանակներում` հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումներում, ունեն բավականաչափ գիտելիք ու փորձ: Կոչ եմ անում յուրաքանչյուրիս աջակցել ձեր ունեցած մասնագիտական հմտություններով ու գիտական ռեսուրսներով»,- ասաց Քոչարյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ արդեն տասներորդ օրն է, ինչ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ծանր մարտեր են ընթանում, Պաշտպանության բանակը շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը` ձախողելով թշնամու գրոհները: «ՊԲ-ն պայքարում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ռազմական մտքի ու պրակտիկ մասնակցության դեմ, իսկ ինֆորմացիոն հարթակներում միաժամանակ տեղեկատվական պատերազմ է ընթանում` թիրախավորելով խաղաղ բնակչությանը, մեդիայի ներկայացուցիչներին, քաղաքացիական և հավանական բնապահպանական աղետի հանգեցնող ենթակառուցվածքները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը` ընդգծելով, որ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները սպառնում են ոչ միայն լոկալ, այլև տարածաշրջանային անվտանգությանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
18:07 - 06 հոկտեմբերի, 2020
Քանի որ գործողությունները հիմա մեզ համար բարենպաստ են գնում, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

Քանի որ գործողությունները հիմա մեզ համար բարենպաստ են գնում, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: Մենք հարձակվելու որևէ նպատակ չունենք, դիրքերը բարելավելու որևէ խնդիր չունենք, մեր խնդիրն է՝ անվտանգության գոտին պահպանելով՝ պահպանել մեր ազգաբնակչության անվտանգությունը․ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում։     Քոչարյանը համարում է, որ երկրում ռազմական դրություն հայտարարելը ամենակարևոր դրսևորումն էր պետության կողմից՝ նշելով, որ եթե այսպիսի գործողություններ ձեռնարկվեին 2016-ի ապրիլին, «պատկերը գուցե այլ լիներ»։ «Մոբիլիզացիոն գործընթացը ամենամեծ ձեռքբերումն էր երեկվա ընթացքում, և այս պահի դրությամբ մենք ունենք հաջողություններ։ Առավոտյան մենք հաջողություններ ենք գրանցել Ասկերան-Մարտունի հատման հատվածում, Ջաբրայիլում, հակառակորդը տվել է մարդկային և տեխնիկական կորուստներ»,- ասել է պատգամավորը։ Ըստ նրա՝ Ադրբեջանն այս անգամ Թուրքիայի հրահրմամբ օգտագործել է իր զինանոցի այս պահին գուցե 70%-ը։ «Սա շատ ուժեղ հարված էր, ես 90-ականներից բանակի ակունքներում եմ, եղել են գործողություններ՝ մեծ, ծավալուն, վերելքներ, անկումներ, բայց երեկվա գործողություններն իրենց ծավալով ահռելի էին»,- նշել է նա։ Անդրադառնալով ճանաչման հարցին՝ Քոչարյանն ասաց, որ քանի որ գործողությունները հիմա մեզ համար բարենպաստ են գնում, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել։  «Դա կախված է զարգացումներրից, մարտի դաշտում ինչ ընթացք կլինի։ Ճանաչումն էլ օրակարգում կա, վարչապետը նշեց էդ մասին»։ Անդրադառնալով խոսակցություններին, թե ինչու օրինակ «Իսկանդերը» չի օգտագործվում, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ «երբ որ պետք լինի, դա էլ գործի կդնենք»։ Պատգամավորը նշեց, որ մեր գործելաոճի մեջ կարևոր հանգամանքներից է այն, որ վիրավորների մասին անմիջապես տեղյակ են պահում ծնողներին, հարազատներին։ Նախկինում դա միշտ ուշացվել է, ինչը, ըստ Քոչարյանի, բերել է որոշակի լարվածության։ Ավելին՝ civilnet.am-ում
17:53 - 28 սեպտեմբերի, 2020
Հայտարարվել է՝ Քոչարյանները 600 մլն դոլար են ներդրել «Սիստեմա» ընկերությունում, որը չի հերքվել. Անդրանիկ Քոչարյան |factor.am|

Հայտարարվել է՝ Քոչարյանները 600 մլն դոլար են ներդրել «Սիստեմա» ընկերությունում, որը չի հերքվել. Անդրանիկ Քոչարյան |factor.am|

factor.am: Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով հրավիրված նախկին և ներկա պաշտոնյաների փոխանցած տեղեկությունները կազմում են 800 էջ: Այս մասին նշել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա փոխանցմամբ՝ առայժմ հայտնի չէ, թե հանձնաժողովի զեկույցն ինչ ձևաչափով է ներկայացվելու հանրությանը: Այժմ զեկույցը պատրաստվում է ԱԺ նախագահին ներկայացնելու համար: Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի բացահայտումների վերաբերյալ մանրամասներ չի փոխանցել: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ քսանից ավելի դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի անցել, Քոչարյանը սա համարեց անտեղյակություն վերջինիս կողմից: «Դա խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը 2016-18 թվականներին, երբ եղել է նախագահ, ինքը չի կարդացել այն վերլուծությունը, որը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից: Միայն այդ բացատրության պարագայում Սերժ Սարգսյանը կարող է հերքել: Սերժ Սարգսյանը հանձնաժողովում տվել է այլ թվերի մասին տեղեկություն, որը փաստարկված թվերի հետ չի համապատասխանում: Հանձնաժողովը խոսում է երկու տասնյակից ավելի դիրքերի՝ հակառակորդի տնօրինության տակ գտնվելու մասին: Ես թվաբանություն չեմ ուզում անել, որն այդքան էական չէ, կարևորը դիրքերի քանակն է, մարտավարական նշանակությունը և այդ դիրքերի առկայությունը հակառակորդի մոտ խոսում է, որ ինչ-որ ձևով խախտված է  94 թվականի հրադադարի պայմանները: Այդ դիրքերը շարունակում են հակառակորդի վերահսկողության տակ մնալ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով Մարտի 1-ի դատավարությանը, ասաց, որ ընթացքն իրեն չի բավարարում: «Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանն իր լիազորություններն ամբողջ ծավալով չի կատարում, որովհետև Քոչարյանի փաստաբանական թիմը մանիպուլյացիաներով ամեն ինչ անում է, որպեսզի հասարակությունը տեղեկացված չլինի՝ Մարտի 1-ի էջը փակվա՞ծ է, թե՝ ոչ: Երբ դատավորը գրավի համար պահանջեց չորս միլիոն դոլար, Քոչարյանը շատ հեշտությամբ այն գտավ: Շաբաթ-կիրակի հայտնվեցին մարդիկ և այս հսկայական գումարը վճարեցին: Ավելին, պարզվեց, որ օլիգարխներից զատ նրա համար վճարել է նաև «Սիստեմայի» տնօրենը:  Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում մի այսպիսի միտք ասաց, որ աշխատավարձ ստանում է «Սիստեմա» ընկերությունից, որտեղ տնօրենների խորհրդի անդամ է, ես կարծում եմ, որ խորհրդի անդամ դառնալու համար ընկերությունում ունենում են փայաբաժին: Մեր հասարակությունը պետք է իմանա, թե ինչ փայաբաժնի մասին է խոսքը: Ժամանակին խոսք գնաց «Սիստեմա» ընկերությունում Քոչարյանների կողմից 600 միլիոն դոլար ներդնելու մասին, որն այդպես էլ չհերքվեց»:Շարունակությունը՝ factor.am-ում։
20:08 - 14 սեպտեմբերի, 2020
Ապրիլյան պատերազմի կծիկը քանդվում է. Քննիչ հանձնաժողովի զեկույցը սեպտեմբերին կներկայացվի ԱԺ խոսնակին |armenpress.am|

Ապրիլյան պատերազմի կծիկը քանդվում է. Քննիչ հանձնաժողովի զեկույցը սեպտեմբերին կներկայացվի ԱԺ խոսնակին |armenpress.am|

armenpress.am: Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի խորհրդարանի նախագահին: Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Այս ամսվա ընթացքում անպայման զեկույցն ամբողջությամբ ներկայացվելու է ԱԺ նախագահին, որպեսզի նրա հետագա ճակատագիրն, ըստ կանոնակարգ օրենքի, դրվի ընթացքի մեջ: Զեկույցն ունենալու է հույժ գաղտնի, խիստ գաղտնի, գաղտնի, բաց տիրույթներ, որոնց, նախատեսված չափով, հնարավորություն կտրվի տեղեկանալ, թե' հասարակությանը, թե' ԱԺ պատգամավորներին, թե' անվտանգության մարմինների հիմնական պատասխանատուներին»,- ասաց Քոչարյանը: Հանձնաժողովի նախագահը, սակայն, նշեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի քառօրյա պատերազմի ընթացքում զոհվածների հարազատներն ամբողջությամբ կարողանան ծանոթանալ զեկույցի բոլոր մանրամասներին:
14:31 - 09 սեպտեմբերի, 2020
Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի ձեռքերով մարտիմեկյան դատավարությունը վեր է ածվել ֆարսի․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի ձեռքերով մարտիմեկյան դատավարությունը վեր է ածվել ֆարսի․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի ձեռքերով մարտիմեկյան դատավարությունը արդեն տարիուկես վեր է ածվել ֆարսի․ նման համոզմունք է հայտնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարության մասին։ Վերջիններս հրաժարվել են մասնակցել Մարտի 1-ի գործով դատական նիստերին՝ դատական համակարգում չլուծվող խնդիրների հիմնավորմամբ։  Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոցների փոփոխության շրջապտույտի մարտավարություն է ընտրել, և «կարծես դա սկսել է դատավորին դուր գալ»։  «Կամ դատավորը պիտի մտնի արագ դատաքննական փուլ, կամ Ռոբերտ Քոչարյանը այլևս չպիտի խոսի քաղաքականություն վերադառնալու մասին, որովհետև իր՝ քաղաքականություն վերադառնալու լավագույն ճանապարհը դատաքննության պրոցեսին չխոչընդոտելն է»,- ասել է «Իմ քայլ»-ի պատգամավորը լրագրողների հետ զրույցում։ Նա նաև նշել է՝ դատական համակարգը հեղափոխությունից հետո «իր մեջ առողջացման ու ինքնադրսևորման ուժ պիտի գտներ»։
13:55 - 09 սեպտեմբերի, 2020