Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Կառավարությունը 975 մլն դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային հաստատություններում կապիտալ ծրագրերի իրականացման համար
 |armenpress.am|

Կառավարությունը 975 մլն դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային հաստատություններում կապիտալ ծրագրերի իրականացման համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 975 միլիոն դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային հաստատություններում կապիտալ ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Մի շարք հաստատություններում նախատեսում ենք իրականացնել նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակում հետագա անհրաժեշտ աշխատանքները անելու համար: Եվ այստեղ ունենք երկու դպրոց, մեկ մշակութային հաստատություն և մեկ շատ կարևոր ծրագիր, որն ուղղված է դպրոցականների գիտական հետաքրքրվածության մեծացմանը և այդ նպատակով գիտական միջավայրի և թանգարանի ձևավորմանը: Եվ այս փուլով առաջարկում ենք նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակում իրականացնել»,- ասաց Անդրեասյանը: Նախագծով առաջարկվում է նաև իրականացնել շինարարական աշխատանքներ չորս մշակութային հաստատություններում: «Այն էապես կփոխի այդ մշակութային հաստատությունների պայմաններն ու միջավայրը և թույլ կտա, որ դրանք աշխատեն շատ ավելի արդյունավետ և կարողանան ընդունել մեծ թվով այցելուների»,- նշեց Անդրեասյանը: Նախագծով նախատեսվում է նաև 6 կրթական հաստատությունները և երեք մշակութային հաստատությունները գույքով ապահովել: «Այստեղ հիմնականում այն կրթական հաստատություններն են, որտեղ արդեն արվել են անհրաժեշտ վերակառուցման և վերանորոգման աշխատանքները և ներկայումս գույքի ապահովումը թույլ կտա ամբողջացնել արված աշխատանքները»,- եզրափակեց Անդրեասյանը:
12:24 - 22 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը խախտում է Արցախի երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ն դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ և ՅՈՒՆԵՍԿՕ

Ադրբեջանը խախտում է Արցախի երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ն դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ և ՅՈՒՆԵՍԿՕ

Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միջանցքը,  երեխաների կրթություն ստանալու իրավունքն է խախտել. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այս հարցով դիմել է թե՛ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի ուշադրություն հրավիրի երեխաների հիմնարար իրավունքների խախտումներին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ ընդգծելով,  որ միջազգային կառույցների հասցեական արձագանքը և քայլերը շատ կարևոր են և  կնպաստեն իրավիճակի արագ հանգուցալուծմանը: Նա ասաց,  որ  առաջին իսկ օրվանից իրենք մշտական կապի մեջ են Արցախի հետ և համապատասխան աշխատանքային կապերի շրջանակներում ստանում են տեղեկատվություն ու փորձում են հասկանալ՝ ինչո՞վ կարող են աջակցել: «Իհարկե, բոլորի առաջնային խնդիրը օր առաջ վերադառնալն է իրենց հարազատների և ընտանիքների մոտ: Բայց պետք է ասեմ, որ  Գորիսում բոլոր կառույցները, մարզպետարանը  հենց առաջին ժամերին ապահովել են անհրաժեշտ կեցության  և սննդի ծախսերը: Զրուցեցի երեխաների և նրանց ուղեկցողների հետ, կարծես թե այդ մասով բոլոր խնդիրները կարգավորված են, և այս պահին էլ կարիքների գնահատում արվում է, հասկանանք ինչի՞ կարիքը կա, որպեսզի այդ ամենը շատ արագ կարգավորվի»,- ասաց Անդրեասյանը: Նախարարը շեշտեց, որ առաջին իսկ պահից բոլոր դպրոցներին ասվել է, որ երեխաները ցանկացած օր կարող են գնալ և իրենց համապատասխանող դասարանում մասնակցել դասապրոցեսին, որպեսզի և՛ բաց չթողնեն դասերը, և՛  նոր ընկերներ ձեռք բերեն ու դրական միջավայրում հոգեբանական աջակցություն ստանան:
16:54 - 21 դեկտեմբերի, 2022
Առկա իրավիճակը երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում է․ Ժաննա Անդրեասյան

Առկա իրավիճակը երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում է․ Ժաննա Անդրեասյան

Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ նշանակման պահից մշտական կապի մեջ եմ Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ՝ Արցախի երեխաների կրթության ապահովման հարցով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ արցախցի շուրջ 300 երեխաներ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն կարողանում ընտանիք վերադառնալ։ «Հայաստանում գտնվող երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքի մարզպետարանի հետ աշխատանք ենք տանում՝ նրանց դասերը ժամանակավորապես տեղի դպրոցներում կազմակերպելու ուղղությամբ։ Առկա իրավիճակը մարդասիրական ճգնաժամ է և երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում։ Խնդրի առնչությամբ համապատասխան նամակներով դիմել եմ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին»։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
10:52 - 17 դեկտեմբերի, 2022
Դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների դադարեցման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են․ ԿԳՄՍՆ

Դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների դադարեցման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են․ ԿԳՄՍՆ

Դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների դադարեցման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որևէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել: Ընդհանրապես, նախարարն ի պաշտոնե շրջաբերական չի ուղարկում: Ժաննա Անդրեասյանը գրությունը ստորագրել է դեռևս որպես ոլորտը համակարգող նախարարի տեղակալ: Նշված շրջաբերականը բովանդակային որևէ առնչություն չունի ռազմահայրենասիրական պարապմունքների անցկացման հետ: «Հայաստանի Հանրապետությունը «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագիրը վավերացրել է դեռևս 2017 թվականին՝ դառնալով միջազգային մարդասիրական այդ փաստաթղթին միացող 60-րդ երկիրը: Ներկայում հռչակագրին միացել է 115 պետություն: Համապատասխան գրություն մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին և ԿԳՄՍՆ ենթակա դպրոցներին ուղարկվել է հիշյալ հռչակագրի պահանջների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված, այն է՝ կրթական հաստատությունները զերծ պահել թիրախավորումից: Ուսումնական հաստատության թիրախավորման վտանգը բարձրանում է, երբ դրա անմիջական մոտակայքում կամ հենց ուսումնական հաստատության տարածքում տեղակայվում է ռազմական բնույթի կառույց, որը հնարավոր գործողությունների պարագայում դառնում է առաջնահերթ խոցման թիրախ։ Ուստի, երեխաների, ուսումնական հաստատությունների աշխատակիցների անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիք է՝ զերծ մնալ այդ հաստատություններում ռազմական բնույթի կառույցների տեղակայումից։ Ընդ որում, լուրջ մտահոգություն է առաջացնում այն, որ Ադրբեջանը հրաժարվում է վավերացնել «Անվտանգ դպրոցներ» հռչակագիրը՝ այդպիսով խաթարելով համաշխարհային կոալիցիայի՝ զինված բախումների ընթացքում կրթության ոլորտը նպատակային հարձակումներից զերծ պահելու ջանքերը: Ընդ որում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն իր հենակետերը տեղադրում էր նաև կրթական հաստատությունների հարևանությամբ՝ հետագայում հայկական կողմի հասցեին հնարավոր մեղադրանքներ հնչեցնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ: Ինչ վերաբերում է դպրոցներում նախնական զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ապա այս առումով նախարարությունը հետևողականորեն ձեռնարկվում է անհրաժեշտ քայլեր՝ առարկայական նոր չափորոշչի ներդրման շրջանակում: Մասնավորապես, 2021 թվականից կազմակերպվում են մարզառազմական ճամբարներ, որոնք, նոր չափորոշիչի ներդրմամբ պայմանավորված, 2023-2024 ուսումնական տարվանից պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար։  
17:16 - 16 դեկտեմբերի, 2022
Արցախում առկա իրավիճակը երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում է

 |armenpress.am|

Արցախում առկա իրավիճակը երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում է |armenpress.am|

armenpress.am: Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտական կապի մեջ է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հետ: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ քննարկել է Արցախի երեխաների կրթության ապահովման խնդիրը: Ներկայում Արցախի՝ շուրջ 22000 երեխա զրկված է իր կրթության իրավունքի իրացումից՝ ջեռուցման բացակայության պատճառով։ Արցախցի՝ շուրջ 300 երեխա գտնվում է Հայաստանի Հանրապետությունում և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն կարողանում ընտանիք վերադառնալ։ Հայաստանում գտնվող երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքի մարզպետարանի հետ աշխատանք է տարվում՝ նրանց դասերը ժամանակավորապես տեղի դպրոցներում կազմակերպելու ուղղությամբ։ Առկա իրավիճակը մարդասիրական ճգնաժամ է, և երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում։ Խնդրի առնչությամբ համապատասխան նամակներ են ուղարկվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։
15:21 - 16 դեկտեմբերի, 2022
Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 1-ից 3-րդ տեղը զբաղեցրած մարզիկներին տրամադրվող միանվագ գումարը կկրկնապատկվի
 |armtimes.com|

Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 1-ից 3-րդ տեղը զբաղեցրած մարզիկներին տրամադրվող միանվագ գումարը կկրկնապատկվի |armtimes.com|

armtimes.com: Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 1-ից 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկներին և նրանց մարզիչներին տրամադրվող միանվագ գումարը կրկնապատկվելու է: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը նշեց, որ աշխարհի առաջնությունում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները, համապատասխանաբար՝ 5, 3,5 և 2 մլն դրամ մրցանակների փոխարեն կստանան 10, 7 և 4 մլն դրամ: Ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները 2,5, 1,75 և 1 մլն դրամի փոխարեն կստանան, համապատասխանաբար, 5, 3,5 և 2 մլն դրամ, ազգային թիմերի 2-րդ մարզիչները 1 մլն, 700 հազար և 400 հազար դրամի փոխարեն կստանան 1 մլն, 1,4 մլն և 800 հազար դրամ: Եվրոպայի առաջնություններում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները կկրկնապատկեն իրենց մրցանակները՝ 3 մլն, 1,8 մլն և 1,2 մլն դրամի փոխարեն ստանալով 6, 3.6 և 1,4 մլն դրամ: Համապատասխանաբար կկրկնապատկվեն նաև մարզիչների գումարները: Գումարները ներառում են վճարվող հարկերն ու տուրքերը: «2022 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ՀՀ-ը ներկայացնող մարզիկները ցուցաբերել են աննախադեպ արդյունք, դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ մենք ունեինք արդեն 298 մեդալ, որից 103-ը՝ ոսկե, 69-ը՝ արծաթե և 126 բրոնզե: Ասեմ, որ այս պահի դրությամբ արդեն 300-ի սահմանագիծը հատել ենք, որովհետև այս օրերին ևս համապատասխան մրցաշարեր են գրանցվում: Մինչ այս ամենաբարձր արդյունքը գրանցել էինք 2019 թվականին, երբ մարզիկները նվաճել էին 22 մեդալ»,- ասաց Անդրեասյանը: Նրա խոսքով՝ շուրջ 170 հոգի են ծրագրի շահառու և առաջիկայում ստորագրման կներկայացվի այս մրցանակները ստացողների ցանկը. «Տարվա լավագույն մարզիկներ մրցույթի հաղթողների վճարվող գումարը կավելանա, և յուրաքանչյուրին կտրամադրվի 5 միլիոն դրամ»:
13:41 - 15 դեկտեմբերի, 2022
Վարչապետը ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետը ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ԿԳՄՍ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նրա ներուժը կներգրավվի մեր երկրի և կրթության ոլորտի զարգացման գործում: «Պարոն Դումանյանը նախարար է նշանակվել շատ բարդ ժամանակաշրջանում և այս ընթացքում շատ կարևոր աշխատանք է իրականացրել: Կարծում եմ՝ նրա նախարարության շրջանում մենք կրթության ոլորտում շատ կարևոր որոշումներ ենք կայացրել, նաև ընդունել ենք մինչև 2030 թվականը կրթության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որը, ըստ էության, մեր աշխատանքների ճանապարհային քարտեզն է: Իհարկե, այն ոչ բոլոր հարցերի պատասխաններն է տալիս, բայց առնվազն մեր վեկտորների և անելիքների մասին որոշակի շրջանակ է ընդգծում», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Հաջողություն մաղթելով նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ Կառավարության ղեկավարը նշել է. «Իհարկե, տիկին Անդրեասյանը նոր մարդ չէ նախարարությունում. արդեն ավելի քան 2.5 տարի առաջ նա նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ և այս ընթացքում համակարգել է աշխատանքները հանրակրթության ոլորտում, որտեղ, կարծում եմ, մենք ունենք թերևս ամենատեսանելի և շոշափելի հաջողությունները: Կարծում եմ՝ այդ հաջողությունների առումով տիկին Անդրեասյանի դերն ամենևին էլ երկրորդային չէ: Շատ կարևոր եմ համարում, որ մենք կարողանանք ապահովել այս ընթացքում կատարված աշխատանքի ժառանգականությունը և շարունակականությունը: Մեզ նոր լիցք, նոր տեմպ է հարկավոր, և համոզված եմ, որ տիկին Անդրեասյանն այդ դինամիկան կապահովի: Համոզված եմ նաև, որ պարոն Դումանյանը բոլոր հնարավոր միջոցներով իր աջակցությունը կբերի տիկին Անդրեասյանին և նախարարությանը, որպեսզի ծրագրերը, որոնք մենք միասին ենք գծագրել և ստեղծել, հաջողությամբ իրականություն դարձնենք»: ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին վստահության և համատեղ աշխատանքի համար՝ ամփոփելով իր պաշտոնավարման շրջանում կատարված աշխատանքները: Նա, մասնավորապես, ասել է հետևյալը. «Պարոն վարչապետ, քաջ հիշում եմ, որ նոյեմբերի 23-ին Ձեր ներկայացմամբ նշանակվեցի, և նախարարությունն ընդունեցի ցույցերով: Առաջին 8 օրը մենք տիկին Անդրեասյանի հետ ջանք ներդրեցինք և հրաշալի լուծեցինք այդ կնճիռը: Այնուհետև աղմուկ կար դասագրքերի առումով՝ Հայոց պատմություն, Գրականություն և Հայ եկեղեցու պատմություն, կրկին տիկին Անդրեասյանի հետ միասնական լուծել ենք այդ խնդիրը: Բուհական համակարգը ճգնաժամի մեջ էր՝ չկայացած մրցույթներ կային, բուհերը վերածվել էին կարծես թե կուսակցական բջիջների: Այսօր մենք միասնական ուժերով լուծել ենք այդ խնդիրը և վերակազմավորել բացառապես բոլոր հոգաբարձուների խորհուրդները, կայացել են բոլոր մրցույթները: Բուհական ընդունելության նոր կարգ ենք մշակել, և Ձեր աջակցությամբ «Զինապարտության մասին» օրենքում ենք փոփոխություն արել: Գիտության բնագավառում՝ գիտական աստիճանների և կոչումների շնորհման կարգում է փոփոխություն արվել: Ազգային ակադեմիայի հետ համատեղ օպտիմալացման որոշ գործընթացներ ենք սկսել: Մշակույթի բնագավառում, պարոն վարչապետ, Ձեզ ներկայացվել է թանգարանների կառավարման նոր մոդելը: Ուզում եմ բարձրաձայնել Հանրապետության հրապարակում տեղակայված կրպակի ապամոնտաժման մասով, Ձեր աջակցությամբ, մեր նախաձեռնությամբ և գործընկերների՝ Դատախազության և քաղաքապետարանի հետ համատեղ օպերատիվ արագ մեր հրապարակը վերականգնվեց իր ճարտարապետությամբ: Եվ վերջապես, սպորտում այս տարի գրանցել ենք 300 մեդալ, ինչն աննախադեպ արդյունք է՝ առավելագույնը մեր պատմության մեջ եղել է 222, այս տարի՝ 300: Եվ, իհարկե, այս ամենն արվել է նախարարությունում «մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար» սկզբունքով, ինչպես նաև ոլորտային շահագրգիռ կողմերի հետ միասնական քննարկումների արդյունքում: Ուզում եմ բարձրաձայն հաստատել, որ անվերապահ աջակցելու եմ տիկին Անդրեասյանին, միշտ պատրաստ: Շատ ընկալելի և ինձ համար շատ լավ ընտրություն է, գործընկերներն էլ գիտեն՝ դա բազմիցս է ասվել, նոր խոսք չէ, և կարծում եմ՝ որևէ մեկը կասկած չունի, որ ոչինչ չի փոխվել՝ ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը միասին»: ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել երկրի վարչապետին՝ բարձր վստահության, իսկ նախկին նախարար Վահրամ Դումանյանին՝ համատեղ աշխատանքի համար: «Պարոն վարչապետ, ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել վստահության համար: Դա շատ մեծ պատասխանատվություն է, որովհետև այսօր՝ առավել քան երբևէ, բոլորս գիտակցում ենք, թե ինչ կարևոր է համարժեք արձագանքել այն բոլոր մարտահրավերներին ու խնդիրներին, որ կան մեր երկրում կրթության համակարգում, մշակույթի ոլորտում, գիտության բնագավառում, սպորտում: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ դրանից է կախված ապագայի այն տեսլականը, որ կունենանք և այստեղ նաև հիմքերը կդնենք: Այդ աշխատանքները կոնցեպտուալ իմաստով, ինչպես Դուք նշեցիք, պարոն վարչապետ, հիմնականում իրականացված են, և Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, ներկայում հանրային քննարկման ներկայացված սպորտի և մշակույթի ռազմավարությունները, գիտության ոլորտի այն քաղաքականությունը, որը ներկայացված է, Կառավարության ծրագիրը, որը հստակ թիրախներ է սահմանում մեր առջև մինչև 2026 թվականը, պարզ են դարձնում, թե ինչ պիտի անենք: Մեր ամենօրյա աշխատանքի խնդիրը պետք է լինի հասնել այդ բոլոր թիրախներին, անել ավելին և միաժամանակ լինել բավարար ճկուն, որպեսզի կարողանանք արձագանքել նոր մարտահրավերներին և նաև մեր երկարաժամկետ թիրախներին ու նպատակներին հասնելու ճանապարհին իրականացնել նաև այն ամբողջ աշխատանքը, որը կպահանջվի ընթացիկ բոլոր խնդիրներին արձագանքելու համար: Վստահեցնում եմ մեր ամբողջ թիմի անունից՝ նախարարությունը կներդնի առավելագույն ջանք, որպեսզի այդ թիրախները դառնան իրողություն՝ որակյալ և տեսանելի առաջին հերթին հասարակության ու մարդու համար», - իր խոսքում ընդգծել է Ժ. Անդրեասյանը: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով նախարարության գործունեությանը և առաջնահերթություններին, նշել է  հետևյալը. «Երբ մենք ստեղծում էինք նախարարություն այս կառուցվածքով, այն ժամանակ, բնականաբար, տարբեր կարծիքներ կային, և հոռետեսություն կար: Աշխատանքի արդյունքում ես համոզվել եմ, որ նախարարության այս կառուցվածքը ճշգրիտ համապատասխանում է այն տեսլականին և նպատակադրմանը, որը մեր առաջ ունենք:  Տարբեր կոմպրոմիսների արդյունքում մենք նախարարության անունը դրեցինք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, բայց իմ ընկալումն այն է, որ այս նախարարությունը երկրի բովանդակության նախարարությունն է, և սրանում ամենևին  որևէ չափազանցություն չկա: Իսկապես, ապագայի նախագծման ամենամեծ առաքելությունը  ես կապում եմ հենց այս նախարարության հետ: Շատ է խոսվում այն մասին, որ տարբեր երկրներում կան, օրինակ՝ ապագայի նախարարություններ, շատ գործընկերներ կամ նույնիսկ փորձագետներ ասում են՝ գուցե մենք էլ պետք է ապագայի նախարարություն ստեղծենք: Իմ կարծիքով՝ մենք վաղուց ստեղծել ենք  ապագայի նախարարություն,  որովհետև ապագան չի կարող լինել առանց կրթության ոլորտում ֆունդամենտալ ներդրումների և փոփոխությունների, բովանդակային, ֆիզիկական ենթակառուցվածքների: Մեր տրամադրվածությունն այն է, որ այս ոլորտի համար որևէ միջոց չպետք է խնայենք: Իհարկե,  մեր երկրում ռեսուրսները և միջոցները սահմանափակ են, պարզ է, որ օպերատիվ առաջնահերթությունները բազմաթիվ են, բայց ես ուրախ եմ, որ մենք քաղաքական կամք են դրսևորել, այսպիսի մեծ նախագծեր ենք իրականացնում և պիտի դեռ իրականացնենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում՝ համարելով, որ դա ամենակարևոր ներդրումն է ապագայի մեջ: Դուք ընդհանուր նշեցիք ծրագրերը, պարոն Դումանյան. մենք ահռելի չափով մեծացրել են գիտության ֆինանսավորումը, աշխատավարձերի բարձրացում ենք իրականացրել, նաև դրամաշնորհային ծրագրերի համակարգ ենք ներդրել, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որն ինձ համար ամենառազմավարական ծրագրերից է: Այս փուլում պիտի աշխատենք՝ անհատապես, բոլորին ներկայացնենք, խնդրենք, օգնենք, աջակցենք, որպեսզի նրանք էլ քաջալերվեն և այս ծրագրերից օգտվեն, որովհետև, ի վերջո, դա միայն թղթին տալու համար չէ: Դա իրական կյանք պետք է դառնա, որը պետք է ազդեցություն ունենա մեր երեխաների կրթական իրավունքի վրա, և հետագայում երկրի սոցիալ-տնտեսական և բոլոր ոլորտների զարգացման վրա: Ուզում եմ ընդգծել 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման ուղղությամբ աշխատանքը: Դպրոց ասելով նկատի ունենք 3 պարտադիր բաղադրիչ, որոնք անբաժանելի են՝ ֆիզիկական ենթակառուցվածք, բովանդակային ենթակառուցվածք և մասնագիտական ներուժ: Այսօր այս 3 ուղղությամբ մեր աշխատանքի հայեցակարգային և ռազմավարական պլանավորումն ամբողջական իրականացված է, մնում է լծվել գործի, որ ամեն տարի մենք մինչև 2026 թվականը, 300 ասում եմ, նույնիսկ ավելին կարողանանք իրականացնել», -ասել է վարչապետը՝ կարևորելով նաև գյուղական բնակավայրերում կրթահամալիրների կառուցման ծրագիրը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տաղանդների աջակցության պետական հիմնադրամի ստեղծման գործընթացին. «Արդեն միս ու արյուն է ստանում Տաղանդների աջակցության պետական հիմնադրամը, որի աշխատանքի իմ տեսլականը հետևյալն է՝ այն պետք է ձևավորվի և՛ պետական, և՛ ոչ պետական միջոցներից և պետք է կառավարվի ոչ պետական մեխանիզմներով, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվետու լինի կառավարությանը և հանրությանը: Այդ հիմնադրամի նպատակը լինելու է բոլոր ոլորտներից փնտրել, գտնել տաղանդներ և աջակցել նրանց: Ընդ որում, դա կարող է լինել նույնիսկ նախադպրոցական փուլից, և մենք պետք է բոլոր տաղանդներին ուղեկցենք մինչև անհատական և երկրի համար հաղթանակներ, քանի որ մեր կանխավարկածն այն է, որ բոլոր երեխաները և մարդիկ առանց բացառության տաղանդավոր են: Սա  պետք է մեր ռազմավարական ընկալումը լինի: Այլ բան, որ նախ ընդհանուր դաշտ պիտի ստեղծենք բոլորի տաղանդի բացահայտման համար և հասկանանք, թե ում ինչպես և որտեղ աջակցենք, որպեսզի այդ տաղանդը ակսելերացիա նույնպես տեղի ունենա: Ուզում եմ ընդգծել Ակադեմիական քաղաքի հիմնման ծրագիրը, որը կրկին՝ մեզ համար բացարձակապես շենքի հարց չէ: Այն, առաջին հերթին, բովանդակության հարց է, մեր գիտության և կրթության ինտեգրման նախագիծ է, մեր կրթական ծառայությունները միջազգային ասպարեզում մրցունակ դարձնելու ռազմավարական ծրագիր»: Վարչապետն անդրադարձել է նաև մշակույթի ոլորտի խնդիրներին և նշել, որ այստեղ նույնպես բարդություններ կան: «Մենք որոշակիորեն մեր պատկերացումները պետք է փոխենք կամ արդիականացնենք կամ արդյունավետ դարձնենք մշակութային հուշարձանների պահպանման, կառավարման գործում, որովհետև 2 օր առաջ ընդամենը Բուզանդի փողոցով քայլում էի, և ինձ համար շատ ծանր էր տեսնել, որ մենք այդ տեղապտույտի վիճակից չենք կարողանում դուրս գալ, և դրա արդյունքում մեր պատմամշակութային  հուշարձաններն ավելի վատ վիճակում են հայտնվում: Մեզ անընդհատ թվում է, թե մենք պահպանում ենք, ոչինչ չենք անում, բայց ի՞նչ է կատարվում. մենք չենք գնահատում, թե ամեն ամիս մեր որոշումների ուշացումներն ինչ ազդեցություն են ունենում պատմամշակութային հուշարձանների վրա: Մենք ասում ենք՝ ավելի լավ է այդ շենքն ինքն իրեն փլվի, վերանա, ոչնչանա, որոշում կայացնենք, որ աղմուկ չլինի, որ հանկարծ մեզ չասեն՝ այս ինչ եք անում: Այս մոտեցումն այլևս հանդուրժելի չէ: Մենք պատմամշակութային հուշարձանների, ընդհանրապես հուշարձանների կառավարման նոր մոտեցում պետք է ցուցաբերենք: Երբեմն թվում է, որ այդ հարցը թողնում ենք այդպես առկախված միայն մեկ բանի համար, որ հանկարծ աղմուկ չլինի, չասեն՝ այս ինչ են անում: Բայց ամեն օր այդ հուշարձանները փլուզվում են, բառիս բուն իմաստով՝ ամեն օր: Ես վերջին անգամ մի քանի ամիս առաջ էի այդ նույն տեղում եղել, նույնիսկ վիզուալ ակնհայտ է, որ ավերման գործընթաց է գնում Երևան քաղաքի կենտրոնում պատմամշակութային մեր ամենակարևոր շերտերի նկատմամբ: Մենք պետք է այստեղ որոշումներ կայացնենք, պետք է վերցնենք պատասխանատվությունը և չխուսափենք նաև քննադատությունից, որովհետև նաև այս վիճակի համար կոմֆորտ է՝ ոչ ոքի չեն քննադատում, ոչ ոք չի մոտենում, չենք էլ  նկատում, որ այնտեղ աղբակույտեր են ձևավորվում, բոլորս հանգիստ ապրում ենք: Եկեք հանգիստ ապրելու հասկանալի այդ մղումը հաղթահարենք, մանավանդ որ, ցավոք, դա հասանելի չէ ո՛չ մեզ անհատապես, ո՛չ մեր երկրին, և այդ հանգիստ ապրելու իրավունքը ժամանակակից աշխարհում դեռ պետք է նվաճել: Ցավոք, մենք դեռ չենք հասցրել այդ իրավունքը նվաճել, թերևս գուցե նաև այն պատճառով, որ այսօրվա հանգիստը գերադասել ենք ապագայի անորոշությանը: Ես կարծում եմ, որ ընդհակառակը, հանուն ապագայի որոշակիության մենք պետք է այսօրվա հանգիստը, այսօրվա կոմֆորտը կարողանանք նաև զոհաբերել», - ամփոփելով խոսքը՝ ասել է երկրի վարչապետը:
18:28 - 14 դեկտեմբերի, 2022
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների վերապատրաստման նոր կարգը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների վերապատրաստման նոր կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների վերապատրաստման նոր կարգը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա գրառումը՝ ստորև․   «Այս տարի Հանրակրթության մասին ՀՀ օրենքի փոփոխությամբ նախատեսել էինք, որ ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերը պետք է բխեն իրենց կարիքներից: Այժմ հանրային քննարկման ենք ներկայացրել վերապատրաստման նոր կարգը, որում ամրագրել ենք, որ ուսումնական տարվա սկզբից պետք է իրականացվի ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատում, որից ելնելով էլ կորոշվեն ուսուցչի վերապատրաստման ուղղությունները: Ընդ որում, ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը գնահատվելու է երեք միջոցներով. - ինքնագնահատման՝ հենց ուսուցչի կողմից, - դպրոցի ներսում՝ մեթոդմիավորման և մանկավարժական խորհրդի կողմից, - արտաքին գնահատման միջոցով: Կարգում ներկայացված է նաև այս երեք տարբեր միջոցների համադրման և հավասարակշռման մոտեցումը։ Ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլը սահմանվում է հինգ տարի և յուրաքանչյուր տարի ուսուցիչը կկարողանա հավաքել տվյալ տարվա համար սահմանված կրեդիտները: Առաջիկայում կներկայացնենք նաև բուն վերապատրաստման ծրագիրն ու կրեդիտների չափաքանակները, որով պարզ կդառնա տարբերակված մոտեցումը ուսուցիչների մասնագիտական զարգացման նկատմամբ՝ կախված նաև վերջիններիս ստաժից և այլ գործոններից: Խնդրում եմ ակտիվորեն քննարկել, ներկայացնել առաջարկներ, որովհետև սա ուսուցիչների գործունեությանն առնչվող առանցքային նախագիծ է»,-գրել է նա։
10:51 - 05 նոյեմբերի, 2022
ԿԳՄՍ փոխնախարարն ԱՄՆ-ում մասնակցել է «Հայաստանի խոստում» խորագրով համաժողովին

ԿԳՄՍ փոխնախարարն ԱՄՆ-ում մասնակցել է «Հայաստանի խոստում» խորագրով համաժողովին

ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 23-27-ը գործուղվել է Ամերիկայի միացյալ նահանգներ՝ մասնակցելու «Հայաստանի խոստում» խորագրով կրթական համաժողովին: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի'ր, Հայաստան» ՀԿ-ի, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) կրթության և տեղեկատվական հետազոտությունների դպրոցի, ինչպես նաև՝ «Փրոմիս» հայկական ինստիտուտի կազմակերպմամբ:   Ժաննա Անդրեասյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել հյուրընկալող կողմին՝ կրթության ոլորտում շարունակական և արդյունավետ համագործակցության հնարավորություն ընձեռելու համար: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջնահերթությունները՝ քննարկվող ոլորտների ռազմավարական առաջնահերթությունների և բարեփոխումների շրջանակներում: «2021 թ. Կրթության միջազգային օրը նշելիս ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուսուցիչներին հերոսներ անվանեց՝ ցույց տալու համավարակի ժամանակ վերջիններիս կողմից իրականացրած աշխատանքը: «COVID-19» համաճարակը, արցախյան վերջին պատերազմը, տարածաշրջանում չվերջացող բռնության ու անվտանգության բազում մարտահրավերները ստեղծում են մի իրավիճակ, երբ բոլորս գիտակցում ենք, որ այս ամբողջին դիմակայելու հիմնական ռեսուրսը կրթությունն է, որը նաև մեր հասարակության ժողովրդավարության մակարդակի ցուցիչն է։ Աշխարհն արագ է փոխվում, փոխվում է նաև կրթությունը. մենք հստակ գիտակցում ենք, որ կրթությունն ավելի քան երբևէ կարող է և պետք է լինի հանրային բարիք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրին» և նշել, որ այն միակ ոլորտային ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ ու արդեն հաստատվել է կառավարության կողմից և այժմ քննարկվում է ԱԺ-ում. «Ըստ ռազմավարության՝ մենք փորձում ենք Հայաստանի յուրաքանչյուր  համայնքի համար հասանելի դարձնել որակյալ և ներառական կրթության, մասնավորապես, նախադպրոցական  կրթության ծառայությունները՝ առաջարկելով  ժամանակակից տեխնոլոգիաներով և լաբորատորիաներով հագեցած ճկուն և անվտանգ միջավայրեր, որտեղ կարևոր է ոչ միայն գիտելիքի, այլև հմտությունների, արժեքների և վերաբերմունքի տրամադրման ձևաչափը: Կարևոր է նշել, որ նոր կրթական բովանդակությունը հիմնված է կրթական էկոհամակարգի համապարփակ ըմբռնման վրա՝ որպես ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև համակցում և սիներգիա, որպես միասնական ուսումնական միջավայր՝ յուրաքանչյուրի համար սովորելու բազմաթիվ հնարավորություններով»: Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև կրթության ոլորտի ֆինանսավորմանը, ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը, բարեկեցությանը, ինչպես նաև մասնագիտության գրավչության բարձրացմանն ուղղված նախագծերից՝ ընդգծելով, որ համաժողովի ընթացքում հնարավորություն կընձեռվի առավել մանրամասն քննարկել վերհանված հարցերը: Համաժողովի ընթացքում անցկացվելու են պանելային և խմբային քննարկումներ ու աշխատաժողովներ Հայաստանում կրթության ոլորտի տարբեր ուղղությունների զարգացման վերաբերյալ: Դրանց նպատակն է ներկայացնել աշակերտների, ուսուցիչների և պրակտիկ գործունեություն իրականացնող մասնագետների փորձը՝ բացահայտելով կազմակերպությունների միջև համագործակցության հնարավոր եզրերը և առաջնահերթ ոլորտները: Համաժողովում ներկայացված են Երևանի պետական համալսարանը, Հայ կրթական հիմնադրամը (AEF), Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը», Դիլիջանի միջազգային դպրոցը և այլ կրթական կառույցներ:
16:04 - 25 հոկտեմբերի, 2022
Երկրի հզորությունն ու անվտանգությունը սկսվում են դպրոցից, կրթությունից և մանկավարժից. Ժաննա Անդրեասյան

Երկրի հզորությունն ու անվտանգությունը սկսվում են դպրոցից, կրթությունից և մանկավարժից. Ժաննա Անդրեասյան

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակում՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված բուհի ուսանողների հիշատակին նվիրված խաչքար-հուշաքարի մոտ, այսօր երդվել են բուհի առաջին կուրսեցիները: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Ներկաները նախ ծաղիկներ են դրել հուշակոթող-խաչքարի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը նկատել է՝ երկրի հզորությունն ու անվտանգությունը սկսվում են դպրոցից, կրթությունից և մանկավարժից, ու այդ առումով պատահական չէ, որ ՀՄՊՀ առաջին կուրսեցիները երդվում են Ուսուցչի օրը. «Այս օրերին հնչած բոլոր շնորհավորանքները կիսատ են, լի տխրությամբ և ափսոսանքով. չէ՞ որ մեր շարքերը կարող էին առավել խիտ լինել։ Մեր այն երիտասարդները, որոնց անուններն այսօր կարդում ենք այս հուշակոթողի վրա, կարող էին մտնել դասասենյակներ և իրենց ուժը, իմաստնությունը փոխանցել մեր ապագա սերունդներին: Սակայն այսօր նրանք այդ ամենը փոխանցում են իրենց արարքով, թողած անջնջելի հետքով, որը, այո՛, ոչ պակաս դաս է բոլորիս համար: Սիրելի՛ ուսանողներ, այսօր երդվում եք դառնալ ուսուցիչ, որը շատ կարևոր երդում է: Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ մեծ պատասխանատվություն և ուժ է պետք այդ երդմանը հավատարիմ մնալու համար: Արդեն իսկ հաջողություն է, որ Մանկավարժական համալսարանի ուսանող եք և ապագայում պատվով կիրականացնեք ուսուցչի առաքելությունը»: Ժաննա Անդրեասյանի խոսքով` պետությունը կարևորում է դպրոցի, ուսուցչի, կրթության դերը: «Վստահեցնում եմ, որ ՀՀ Կառավարությունը հանրակրթության ոլորտի բարեփոխումներով նպաստելու է, որ ուսուցչի հեղինակությունը լինի ոչ միայն հանրային ընկալում, այլև նաև պետական քաղաքականություն` ուսուցչին ապահովելով արժանապատիվ աշխատավարձ, լավ աշխատանքային պայմաններ, մանկավարժական ու ստեղծագործական ինքնավարություն: Շնորհավորելով բոլորիս՝ պետք է շեշտեմ՝ Ուսուցչի օրը նշել ապագա ուսուցիչների հետ, պատիվ է մեզնից յուրաքանչյուրի համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ևս շնորհավորել է ներկաներին խորհրդանշական օրվա կապակցությամբ և նշել, որ հանրակրթական և բուհական ոլորտները մեկը մյուսին հաջորդող ամբողջություն են։ Նախարարի տեղակալը վստահեցրել է, որ կրթության միջոցով է հնարավոր ապահովել երկրի շարունակական զարգացումը, իսկ առաջատար գիտնականների, այդ թվում՝ մանկավարժության ոլորտի ներկայացուցիչների շնորհիվ՝ նորարար մեթոդների ներդրումը դպրոցներում և այլ ոլորտներում։ Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին և ընդգծել նրանց անգնահատելի, ազգանվեր, միևնույն ժամանակ, ծանր առաքելությունը, որով պայմանավորված է ապագայի արժանապատիվ քաղաքացիների ձևավորումը։ Բուհի ռեկտորը ցավով նկատել է՝ զոհված հայորդիները պետք է համալրեին ուսուցչական համակազմը, սակայն նվիրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, մասնագիտական երազանքները․ «Տղամարդ ուսուցիչը հատուկ հմայք է հաղորդում մեր մասնագիտությանը։ Մեր հերոսները՝ որպես խոսուն վկաներ, իրենց գործը թողեցին ձեզ։ Եվ ձեզ հետ է կապվում նրանց գործունեությունը լռակյաց շարունակելու պատգամը»։ Գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը Տերունական աղոթքով սկսել է իր օրհնության խոսքը և խոստովանել, որ իրարամերժ զգացումներ ունի. «Մեկ տարի առաջ նույն վայրում օծվել էր հուշաքարը, որը ոգեկոչում է բուհի՝ զոհասեղանին իրենց կյանքը դրած զավակների հիշատակը: Իրենց կյանքի ճշգրիտ օրինակով նրանք մեզ տվեցին այնպիսի դաս, որը ոչ մի պատմության դասագիրք չի կարող թելադրել։ Մաղթում եմ, որ կառչած լինեք ձեր արմատներին․ ծառը, եթե արմատ չունի, երկար չի կարող ապրել։ Պատմության ոսկեղենիկ տողերից քաղեք այն, ինչը հայ մարդ է պահելու՝ այս երիտասարդների նման»:
19:41 - 05 հոկտեմբերի, 2022
Քննարկվել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդման և տարածման հեռանկարները

Քննարկվել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդման և տարածման հեռանկարները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են  «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին և տնօրենի օգնական Շողեր Մարկոսյանին: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, կողմերը քննարկել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդմանը, տարածմանը վերաբերող և Սփյուռքի հայկական կրթօջախներին առնչվող խնդիրները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը վերոնշյալ թեմաների շուրջ՝ վստահություն հայտնելով, որ պետական աջակցությամբ ծրագրերի հետ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի համադրման դեպքում կարող ենք էական առաջընթաց ապահովել մի շարք ծրագրերի պարագայում, ինչպիսիք են Սփյուռքի կրթօջախների քարտեզագրումը, հայագիտական կենտրոնների ցանցի ընդլայնումը, Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի ուսուցումը և այլն: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում է արևմտահայերենի դասավանդման երաշխավորված ծրագիր՝ նախատեսված ավագ դասարանների համար: Նա ընդգծել է Սիրիայից և Լիբանանից Հայաստան տեղափոխված երեխաների ինտեգրման և արևմտահայերենի խրախուսման կարևորությունը: Նախանշվել են ուսուցիչների վերապատրաստման, արևմտահայերենի դասավանդման մեթոդական նյութերի պատրաստման նպատակով ջանքերի միավորման հեռանկարները: Արևմտահայերենի տարածման ուղղությամբ Ժաննա Անդրեասյանը որպես լուծում առաջարկել է հանրակրթական պետական նոր չափորոշչով նախատեսվող նախագծային աշխատանքները, որոնք իրականացվում են 7-րդ դասարանից: Ըստ Անդրեասյանի՝ նախագծային աշխատանքի նյութ կարող է լինել արևմտահայերենին վերաբերող որևէ թեմա՝ սկսած պատմությունից մինչև գրականություն: Նա շեշտել է նաև սփյուռքահայ և հայաստանցի երեխաների համագործակցության հնարավորությունը: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է պետական աջակցությամբ իրականացվող Համահայկական հայագիտական օլիմպիադան՝ որպես նախագծային ուսուցման եզրափակիչ փուլ դիտարկելու հնարավորությունը: «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ կարևորելով արևմտահայերենի նկատմամբ պետական մոտեցումը: Նրա գնահատմամբ՝ արևմտահայերենի պահպանման խնդիրը Հայաստանում և Սփյուռքում տարբեր բնույթ է կրում: Նա տեղեկացրել է, որ քննարկման փուլում է արդի արևմտահայերեն գրականության ընթերցարան ստեղծելու հարցը, ինչը միտված է լեզվի տարածմանը: Ռ. Փանոսյանը դրական է գնահատել ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մշակման, վերապատրաստման գործընթացի, համատեղ նախագծային աշխատանքի իրականացման հնարավորությունը: Հանդիպմանը քննարկվել են արևմտահայերենի թվայնացման, դպրոցականների ներգրավմամբ արևմտահայերենով տարբեր հարթակների, կայքերի պատրաստման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև հայագիտության խրախուսմանն ու զարգացմանը միտված համատեղ ծրագրերի մշակմանը:
17:10 - 28 սեպտեմբերի, 2022
Սյունիքի մարզում կբացվի երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոն

Սյունիքի մարզում կբացվի երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ), Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպական ներդրումային բանկի և «ԱյԴի» բանկի ներկայացուցիչների հետ: ԿԳՄՍ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոնների բացման, ինչպես նաև ՔՈԱՖ-ի կրթական մոդելն այդ մարզում կիրառելու հարցերը: «Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման փորձնական ծրագիրը: Ծրագիրը, որը համակարգում է ԿԳՄՍՆ-ն, իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Քաղաքաշինական կոմիտեի և Սյունիքի մարզպետարանի հետ սերտ համագործակցությամբ։ Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ունենալ երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոններ՝ Կապան և Գորիս համայնքներում: ՔՈԱՖ-ի աջակցությունը կլինի հետևյալ ուղղություններով՝ տրանսպորտային ծառայությունների մատուցման միասնական լուծումներ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը համատեղելու և հասանելի դարձնելու համար, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունից ոչ ֆորմալ կրթություն իրականացնող  ուսումնական կենտրոն սովորողների տեղափոխման համար: Եվ երկրորդ՝ հանրակրթության նոր չափորոշիչների ներդրման աշխատանքներ՝ Սյունիքի մարզի գյուղական համայնքների ուսումնական հաստատություններում անգլերենի և ԲՏՃՄ առարկաների դասավանդման բարելավման ուղղությամբ՝ ներառյալ ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները: ՔՈԱՖ-ի ներկայացուցչի խոսքով՝ այս ընթացքում Սյունիքի մարզում իրականացվել է գնահատման գործընթաց՝ առկա մարտահրավերները և խնդիրներն արձանագրելու տեսանկյունից: Նա գոհունակությամբ փաստել է՝ առկա է բավականին լավ առաջընթաց և արդյունավետ համագործակցություն ծրագրի մասնակիցների միջև: Ժաննա Անդրեասյանը ևս շեշտել է, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, և ԿԳՄՍ նախարարությունն անելու է հնարավորը՝ աջակցելու գործընթացին: Նրա խոսքով՝ առաջիկա տարիների համար կրթության ռազմավարության գերակայություններից է ողջ հանրապետությունում ունենալ որակյալ և հասանելի կրթություն՝ անկախ բնակավայրից, և դա ոչ միայն շենքային պայմաններն են, այլ նաև՝ կրթության բովանդակությունը: Այս համատեքստում փոխնախարարը մատնանշել է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության հարցը՝ ընդգծելով, որ այս երկու բաղադրիչները պետք է լինեն իրար համահունչ և փոխլրացնող, ինչպես նաև հասանելի բոլոր երեխաների համար:  Նրա խոսքով՝ այս ուղղությամբ Սյունիքում իրականացվող փորձնական ծրագիրը հաջողելու դեպքում այն կտարածվի ողջ հանրապետությունում: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս առումով վառ օրինակ է ՔՈԱՖ-ի սմարթ կենտրոնի գործունեությունը, այդ թվում՝  անգլերենի ուսուցման և  դասավանդման փորձի տեսանկյունից: «Ֆորմալ կրթության ծրագիրը, միանալով ոչ ֆորմալ կրթության այս միջավայրին, մի ամբողջ էկոհամակարգ կձևավորի և թույլ կտա, որ ունենանք որակյալ կրթություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ Սյունիքի մարզում ևս այս մոդելը հաջողությամբ կիրականացվի, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստաման մասով: Փոխնախարարը նաև ներկայացրել է Կապան խոշորացված համայնքում իրականացվող ծրագրի շրջանակում աշակերտների և ուսուցիչների համար տրանսպորտային ծառայությունների մատուցման միասնական լուծումներ գտնելու հարցը: «Այսինքն՝ առկա է համակարգված մոտեցում՝ ժամանակակից ենթակառուցվածքներ, տրանսպորտային ծառայություններ, միջհամայնքային ճանապարհների վերանորոգում, կրթության բովանդակություն, ուսուցիչների վերապատրաստում, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության զուգահեռ կազմակերպում»,- շեշտել է փոխնախարարը և հավելել, որ ներկայում  ծրագրի շրջանակում իրականացվում է կարիքների քարտեզագրում և գնահատում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի այլ մանրամասներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:22 - 08 հուլիսի, 2022
Կառավարությունը պատրաստակամ է միջազգային կառույցների հետ համագործակցություն ծավալել. ԿԳՄՍ փոխնախարար

Կառավարությունը պատրաստակամ է միջազգային կառույցների հետ համագործակցություն ծավալել. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ծրագրերի ղեկավար, պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) մասնագետ Ելենա Տիմուշևայի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՊՄԳ խորհրդատու Մարսել վան դեն Բրոեկը: Այս մասին հայտնում են նախարարությունից։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է միջազգային կառույցների հետ համագործակցություն ծավալելու հարցում: «Մենք ողջունում ենք ՀԲ-ի նախաձեռնությունը՝ ՀԲ-ԵՄ հավատարմագրային հիմնադրամի Պետական-մասնավոր գործընկերության բաղադրիչին աջակցելու նպատակով, և կարևորում Համաշխարհային բանկի դերը՝ ի դեմս Հայաստանի գրասենյակի, և նմանօրինակ առաքելությունների նշանակությունը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում: Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը և քննարկումները կլինեն հետաքրքիր ու արդյունավետ», ասել է նա: ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է նաև ԿԳՄՍ նախարարության գործունեության ուղղությունները, առաջնահերթ նպատակները, իրականացվող և նախագծված ծրագրերից մի քանիսը: Ելենա Տիմուշևան բարձր է գնահատել ՀԲ առաքելությանը ՀՀ պետական գերատեսչությունների աջակցությունը՝ հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունն արդյունավետ և նպատակային կլինի: «Առաքելության հիմնական նպատակներն են խորհրդակցություններ անցկացնել շահագրգիռ կողմերի հետ՝ ՊՄԳ զարգացման խոչընդոտներն ու մարտահրավերները բացահայտելու և Հայաստանում ՊՄԳ հնարավորությունների պահանջարկը գնահատելու, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՊՄԳ ստորաբաժանումում և այլ ճյուղային նախարարություններում աջակցությանն ու կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքների հաջորդ քայլերը համաձայնեցնելու համար»,- ասել է Ելենա Տիմուշևան և հավելել, որ ՊՄԳ ծրագրի շրջանակում պետական գերատեսչությունների համապատասխան օղակների միջոցով նախատեսվում է տեխնիկական աջակցություն ցույց տալ կրթության, մշակույթի և սպորտի ասպարեզներում գործող կառույցներին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ներկայում իրականացնում է դպրոցների և մանկապարտեզների հիմնանորոգման ծրագիր, ուստի մեծ հետաքրքրություն կա մասնագիտական խորհրդատվություն անցկացնելու առումով:
12:19 - 30 հունիսի, 2022