Վահրամ Դումանյան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

Ծնվել է 1962 թ․ սեպտեմբերի 9-ին Երեւանում:

1979-1984 թթ. սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

1984-1986 թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։
1990-2020 թթ. աշխատել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
2000-2020 թթ. եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան:
2020 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է։
2007 թ.-ից ՀՀ դպրոցականների ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահն է։
2008-2019 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։
Բազմաթիվ գիտական եւ ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է։
Գիտահետազոտական աշխատանք է կատարել նաեւ Մ.Վ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում (Վարշավա), Թրիրի եւ Պադերբորնի համալսարաններում (Գերմանիա)։
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է։
Պարգեւատրվել է ԵՊՀ եւ ԿԳՆ ոսկե մեդալներով։

Ամուսնացած է, ունի դուստր եւ որդի։

ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ

ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական ու վերանորոգման աշխատանքներին: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացրել է օդափոխության և ջերմախոնավային համակարգի տեղադրման աշխատանքները և նշել, որ նոր համակարգի գործարկումը թանգարանի համար մի շարք խնդիրներ կլուծի: Դ. Պողոսյանը նաև ներկայացրել է թանգարանում տեղ գտած որոշ եզակի ցուցանմուշներ, որոնք վերանորոգման աշխատանքներից հետո կցուցադրվեն հանրությանը: Նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվել է՝ արդյոք վերջին երկրաշարժը որևէ հետևանք չի թողել: Ի պատասխան՝ տնօրենն ասել է, որ բոլոր նմուշներն էլ անվնաս են մնացել: Դ. Պողոսյանի վստահեցմամբ՝ մի քանի ամիս հետո թանգարանը դռները կբացի հանրության առաջ: Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է ավելի քան 25000 նմուշ, որոնք ժամանակակից օդափոխության և ջերմախոնավային համակարգի բացակայության պատճառով վտանգված են եղել: Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացրել է շենքային պայմանների ընթացիկ խնդիրները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ դրանք լրացուցիչ քննարկելու և արդյունավետ լուծումներ գտնելու վերաբերյալ:
20:09 - 19 փետրվարի, 2021
Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին խոսք չի եղել և չկա.Վահրամ Դումանյան |armenpress.am|

Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին խոսք չի եղել և չկա.Վահրամ Դումանյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը անհիմն է համարում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին շրջանառվող լուրերը: Նա հիշեցնում է, որ ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանն օրեր առաջ հերքել է միացման մասին համացանցում տարածվող ինֆորմացիան: Փետրվարի 19-ին լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց. «Այդ հարցը պատահաբար եմ լսել: Չգիտեմ, թե այն ում երևակայության արդյունքում է թևավորվել: Թատերական ինստիտուտի ուսանողներն էլ ակցիա էին իրականացնում»,- նշեց Դումանյանն ու ընդգծեց, որ Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին խոսք չի եղել և չկա։ Ավելի վաղ համացանցում և այլ հարթակներում լուրեր էին պտտվում այն մասին, թե ԵԹԿՊԻ-ն առաջիկայում միացվելու է Մանկավարժական համալսարանին: Թատերական ինստիտուտի ուսանողներին մտահոգել էր շրջանառվող ինֆորմացիան, և նրանք բուհում բողոքի ակցիա էին նախաձեռնել:
14:45 - 19 փետրվարի, 2021
Անհրաժեշտ է խթանել հայ և վրացի երիտասարդների շփումները. ԿԳՄՍ նախարարը՝ դեսպանին

Անհրաժեշտ է խթանել հայ և վրացի երիտասարդների շփումները. ԿԳՄՍ նախարարը՝ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:   Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհավորելով նախարար Վ. Դումանյանին նշանակման առթիվ, ասել է, որ հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, բայց ուրախ է, որ, ի վերջո, այն կայանում է: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ թեև նախարարը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար բարդ ժամանակահատվածում, սակայն փորձառության շնորհիվ կկարողանա հաղթահարել մարտահրավերներն ու լուծել իր առջև դրված խնդիրները:   Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Վ. Դումանյանն արձանագրել է, որ հայ և վրացի ժողովուրդները շատ ընդհանրություններ, իսկ եղբայրական ու բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Նրա խոսքով՝ անցած տարին Հայաստանի համար շատ բարդ է եղել: Նախ՝ կորոնավիրուսը, հետո նաև պատերազմը մարդկային անդառնալի կորուստների պատճառ են դարձել:   «Մեզ համար մեծապես կարևոր է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ճակատագիրը, որոնք, հայկական լինելուց զատ, նաև համամարդկային մեծ արժեք են ներկայացնում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այս հարցում հայկական կողմն ապավինում է ինչպես միջազգային հանրության, այնպես էլ վրաց գործընկերների հնարավոր աջակցությանը:   Համոզմունք հայտնելով, որ Հայաստանը կարճ ժամանակահատվածում կհաղթահարի պատերազմի հետևանքները, դեսպանը մեջբերել է վրացի հայտնի բանաստեղծ, հրապարակախոս Իլյա Ճավճավաձեի այն միտքը, թե միայն ուժեղ Հայաստանով է ամուր Վրաստանի հարավը:   Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համատեղ երկկողմ, ինչպես նաև միջազգային ծրագրերի շրջանակում բազմակողմ համագործակցությունը: Նախարար Վ. Դումանյանը նշել է, որ անհրաժեշտ է հայ և վրացի երիտասարդների միջև խթանել շփումները՝ այդպիսով երկարաժամկետ կտրվածքով ապահովելով հետագա համագործակցությունը մասնագետների շրջանում: Համակարծիք լինելով նախարարի հետ՝ Գիորգի Սագանելիձեն ասել է, որ կրթության և գիտության բնագավառում նույնպես առկա է համագործակցության մեծ ներուժ:   Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ անհրաժեշտ է ակտիվացնել ու զարգացնել նաև միջբուհական շփումներն ու համատեղ ուսանողական փոխանակման ծրագրերը:
19:12 - 17 փետրվարի, 2021
Գիտական կազմակերպություններին կտրվի գործունեության ազատություն. ԿԳՄՍ նախարարը՝ ԳԱԱ նախագահության անդամներին

Գիտական կազմակերպություններին կտրվի գործունեության ազատություն. ԿԳՄՍ նախարարը՝ ԳԱԱ նախագահության անդամներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ այսօր քննարկել է Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը:   Հանդիպման ընթացքում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու նախագահության մյուս անդամները ներկայացրել են նախագծով առաջարկվող նոր կարգավորումներին առնչվող իրենց հիմնական մտահոգություններն ու հանդես եկել առաջարկներով:   ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշել է, որ 2019 թվականի սեպտեմբերին՝ նախագծի աշխատանքային տարբերակին ծանոթանալուց հետո, քննարկումներ են եղել ԳԱԱ կազմում գործող ինստիտուտների, ակադեմիայի թղթակից անդամների և նախագահության հետ, կազմակերպվել են հանդիպումներ նախարարության պատասխանատուների մասնակցությամբ, և ակադեմիայի կողմից բարձրացված մի շարք խնդիրներ այժմ Ազգային ժողովում գտնվող նախագծում լուծում են ստացել:   Վիճահարույց մի շարք հարցեր, սակայն, դեռևս լուծված չեն: Մասնավորապես, ակադեմիայի ներկայացուցիչների համար առաջնային է ԳԱԱ կարգավիճակի հարցը. նրանք համարում են, որ օրինագծով պետք է հստակ ամրագրվեն ակադեմիայի՝ որպես գիտական կառույցի դերակատարումն ու գործառույթները:   Ըստ ԳԱԱ նախագահի՝ ընդունելի չէ նոր օրինագծում գիտության և բարձրագույն կրթության ոլորտները կարգավորող` «Բարձրագույն և հետբուհական կրթության», «Գիտության և գիտատեխնիկական գործունեության», «ԳԱԱ մասին» օրենքների միավորումը մեկ իրավական ակտի մեջ:   «Օրենքների միավորումը ո՛չ բարձրագույն կրթության, ո՛չ էլ գիտության զարգացմանը չի նպաստելու, որովհետև այս երկու բնագավառները, ունենալով ընդհանրություններ, զարգանում են տարբեր տրամաբանությամբ»,- նշել է Ռադիկ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ԳԱԱ ակադեմիայի կազմում գործող 12 ինստիտուտներ հիշատակվում են միջազգային հեղինակավոր սանդղակներում՝ skopius-ի ցանկում:    Ակադեմիայի նախագահության ներկայացուցիչները բարձրացրել են ակադեմիական ինստիտուտների հետագա գործունեության, կառավարման և գիտության ֆինանսավորման հարցերը:   ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պարզաբանելով բարձրաձայնված խնդիրները, համոզմունք է հայտնել, որ և՛ ակադեմիական հանրության, և՛ պետության նպատակներն ընդհանուր են, այն է՝ ունենալ մրցունակ և զարգացած գիտություն: Տարբերությունը մոտեցումների մեջ է: Ակադեմիկոսների կողմից հաճախ հիշատակվող խորհրդային ժամանակների գործունեության մոդելը, երբ ակադեմիան ստանում էր խոշոր ֆինանսավորում, ըստ նախարարի, այսօր չի կարող գոյություն ունենալ կամ վերականգնվել:   «Պետք է իրատես լինենք և հասկանանք, որ մենք այսօր գտնվում ենք տնտեսական և հասարակական բոլորովին այլ իրավիճակում: Խորհրդային Միությունն իր անսահման ֆինանսական ռեսուրսներով վաղուց այլևս չկա: Ես գտնում եմ, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը միմյանցից անջատելը նպատակահարմար չէ: Այս երկու համակարգերը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, և պետք է կարգավորումը տալ միասնական օրենքով: Ես համամիտ եմ, որ օրենքի նախագծում պետք է ամրագրել ֆինանսավորման կոնկրետ ծավալ` հաշվի առնելով գիտության շահը և պետության հնարավորությունները»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ նախագծի առնչությամբ հանրային հարթակներում հնչող՝ «ակադեմիան քանդելու, գիտությունը ոչնչացնելու» մասին որակումները կառուցողական չեն ու խաթարում են շահագրգիռ քննարկում ծավալելու և արդյունավետ լուծումներ գտնելու տրամաբանությունը:   Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ ներկայացված որոշ առաջարկներ, մասնավորապես ակադեմիային գիտական կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարում իրականացնելու գործառույթ վերապահելու և այդպիսով հիմնարար հետազոտությունների համակարգում իրականացնելու, ինչպես նաև օրինագծում ֆինանսավորման հստակ ցուցանիշներ (առաջարկ է եղել ՀՆԱ-ի 4 տոկոսը) ամրագրելու առաջարկները կքննարկվեն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ:   Ինչ վերաբերում է ակադեմիական ինստիտուտների հետագա գործունեությանը, ապա, նախարարի խոսքով, ըստ նախագծի, դրանք կգործեն որպես առանձին գիտական կազմակերպություններ, որոնց կառավարման գլխավոր մարմինը 8 անդամից բաղկացած խորհուրդը կլինի. 5 անդամը` գիտական համայնքի, 3-ը՝ լիազոր մարմնի կողմից առաջադրված: Ըստ օրինագծի` ինստիտուտներին տրվում է գործունեության ազատության` ներառյալ կոնսորցիումներում ընդգրկվելու, բուհերի և տարբեր գիտական կազմակերպությունների հետ միավորվելով՝ ցանցեր ստեղծելու հնարավորություն:   «Այսինքն` պետությունն ուզում է ոչ թե սահմանափակումներ մտցնել, այլ գիտական կազմակերպություններին տալ գործունեության ազատություն: Դա ամենևին չի նշանակում, թե ԳԱԱ ենթակայությամբ գործող գիտական ինստիտուտները դժգոհ են, կամ նրանց վրա մինչ այժմ ճնշումներ են գործադրվել: Չկա նման բան, տրվում է գործունեության ազատություն: Սա պետության քաղաքական մոտեցումն է` գիտական կազմակերպությունը պետք է գործունեության ազատություն ունենա, ինքնուրույն կառավարվի և ստանա ֆինանսավորում: Առաջարկում եմ մինչ այժմ եղած իրավիճակին մոտենալ քննադատաբար և ընդունել, որ գիտությունը տիտղոսներով չի զարգանում: Ընդունելով ֆինանսական բաղադրիչի խնդիրը՝ պետք է նաև ընդունենք, որ զարգացում լինում է այն ժամանակ, երբ գիտնականը զբաղվում է գիտական գործունեությամբ»,- նշել է Վ. Դումանյանը՝ հավելելով, որ ԳԱԱ համակարգում գործող ավելի քան 30 ինստիտուտների ֆինանսավորման և գործունեության արդյունավետության հարցը պետք է, ի վերջո, դիտարկվի, և վաղուց կուտակված խնդիրների լուծմանը պետք է մի օր գնալ, որքան էլ այդ լուծումները ծանր լինեն:   Հանդիպման ընթացքում ելույթներ են ունեցել ԳԱԱ ակադեմիայի փոխնախագահ Յ. Շուքուրյանը, նախագահության անդամներ Է. Ղազարյանը, Յ. Սուվարյանը, Ա. Հախումյանը, Վ. Բաղդասարյանը, Գ. Պողոսյանը, Ռ. Հարությունյանը, ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հայոցյանը:
19:14 - 15 փետրվարի, 2021
Իմ կարծիքով՝ բուհում ռեկտորը չէ ամենաբարձր պաշտոնը, այլ ամբիոնի վարիչը, պրոֆեսորը․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

Իմ կարծիքով՝ բուհում ռեկտորը չէ ամենաբարձր պաշտոնը, այլ ամբիոնի վարիչը, պրոֆեսորը․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: 1995-1997 թվականներին գործել է այս դրույթը, երբ գիտական խորհուրդը ներկայացրել է դեկանի 3 թեկնածու և ռեկտորը նշանակել է նրանցից մեկին, սա կայացած փաստ է և մենք դժգոհ չենք եղել: Այս մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Գրիգորյանի այն դիտարկմանը, որ բուհի ռեկտորի, դեկանի նշանակումը պետք է թողնել բուհի հայեցողությանը՝ ընտրի, թե նշանակի: «Իմ կարծիքով՝ ցանկացած բուհ-ում ռեկտորը չէ ամենաբարձր պաշտոնը, այլ՝ ամբիոնի վարիչը, պրոֆեսորը: Ինչպես նաև դպրոցում ամենաբարձր պաշտոնը տնօրենը չէ, ուսուցիչն է, լավ ուսուցիչը»,-ասաց նախարարը: Արձագանքելով նախարարին՝ պատգամավորն ասաց, որ անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝  հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի 3 թեկնածու է ներկայացնում և նախարարն էլ նշանակում է: «Եթե դա խորհուրդ է, ուրեմն ընտրություն պիտի կատարի խորհուրդը: Հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ընտրությունը ընտրական կարգով է անցկացնում, այսինքն հավասար ձայների դեպքում 3-ին էլ պիտի ներկայացնի՞: Ինձ անհասկանալի է մեխանիզմը: Այսինքն, մենք նույն հանրակրթական դպրոցների մեխանի՞զմն ենք ներդնելու մեր բուհական համակարգում, որ անհավասար ձայների դեպքում իրավունքը տալիս ենք փոխվարչապետին կամ նախարարին»,- ասաց Վարդան Գրիգորյանը: Նախարարը ասաց՝ ժամանակը սուղ է, հետո առավել մանրամասն կպատասխանի:
13:51 - 10 փետրվարի, 2021
ԱԺ-ն քննարկում է բուհերի կառավարման խորհուրդների կազմը կրճատելու օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկում է բուհերի կառավարման խորհուրդների կազմը կրճատելու օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Փաթեթը խորհրդարանում ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «Օրենքի նախագծով կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը»,- ասաց Դումանյանը: Նախարարը նշեց, որ պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը կբաշխվեն ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող և սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի ընդունելության մրցույթին: «Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
11:26 - 10 փետրվարի, 2021
Ինձ քննադատում են ճշմարտությունն ասելու համար, որ մեր շատ լավ երիտասարդները գնում են արտասահման ու ստանում սարսափելի բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

Ինձ քննադատում են ճշմարտությունն ասելու համար, որ մեր շատ լավ երիտասարդները գնում են արտասահման ու ստանում սարսափելի բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: Օրեր առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը Ազգային ժոողովի ամբիոնից ելույթ ունեցավ՝ ասելով, որ տաղանդավոր երիտասարդները, որոնք լքում են հայրենիքը, շատ ճիշտ են անում: «Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, շատ էապես ավելի տաղանդավոր, քան որոշ մեր այլ երիտասարդներ, բայց այդ տաղանդավորներից շատերը, ցավոք սրտի, շատ բարձր գնահատվելով իրենց պրոֆեսիայով, ի՞նչ են անում՝ գնում են արտասահման և շատ բարձր վարձատրվող աշխատանքով են զբաղվում, և ճիշտ են անում»,- ասել էր Վահրամ Դումանյանը: Այսօր Վահրամ Դումանյանը նշեց՝ իրեն քննադատում են ճշմարտությունը ասելու համար: «Իմ ելույթից հետո անգամ ինձ հարազատ մարդիկ ինձ քննադատեցին, հետո համեմատեցին այլ հայտնի անձանց հետ, որ իմ մտքում կար անիմաստություն: Հիմա ես կբացեմ փակագծերը, հարցը նա է՝ երիտասարդները գնում են ակադեմիա, գնում են գիտություն, այո՝ գնում են, և այդ երիտասարդներին մենք լավ գիտենք, մի մասն էլ մեր ուսանողներն են եղել, հա, լավն են, բայց էն շատ-շատ լավերն էլ ունենք, որ չեն գնում ակադեմիա և գնում են արտասահման ու ստանում են սարսափելի բարձր աշխատավարձ»,- մեկնաբանեց Վահրամ Դումանյանը:
17:02 - 05 փետրվարի, 2021
Բուհական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է. ԱԺ հանձնաժողովը քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը
 |1lurer.am|

Բուհական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է. ԱԺ հանձնաժողովը քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարարությունը շուրջ երկու տարի աշխատել է բարձրագույն կրթության և գիտությանն առնչվող մայր օրենքի վրա, որը երկար է քննարկվել, փոփոխության է ենթարկվել, արժանացել կարծիքների բախումների:  Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ իր՝ նախարար նշանակվելուց հետո հայտարարել է, որ նախագծի որոշ դրույթների համամիտ չի եղել, սակայն գիտակցել է, որ այն չպետք է ուշանա և պետք է ժամանակին ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Ուստի, ըստ նրա, ինտենսիվ աշխատանք է կատարվել, և գործադիրի ու օրենսդիրի ջանքերով ներկայացվել է ընդունելի նախագիծ:  Դումանյանն ասաց, որ գաղտնիք չէ, որ բուհական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է: Ճգնաժամի պատճառներից մեկը, ըստ նախարարի, կրթական համակարգի կառավարչական մասի ոչ լիարժեքությունն է: «Այն, ինչ հիմա, կա, բավարար չէ: Ցավալի բան կա՝ իշխանությունը, պետությունը, բուհի անձնակազմը, կարծես, դարձել են հակամարտող կողմեր, ինչն անընդունելի է: Չի կարող ուսանողը կամ դասախոսը լինել այն մարմնում, որտեղ նա պետք է գնահատի իր վերադասին, այսինքն՝ ռեկտորի ենթական չի կարող հաշվետվություն լսել ռեկտորից, այստեղ շահերի բախում կա: Եթե այնտեղ կա մի սեփականատեր, դա պետությունն է, քանի որ պետական բուհ է, պետությունը ֆինանսավորում է, բայց երբ կառավարման մասով պետությունը ցանկանում է իր կամքը հայտնել, ասում են՝ դուք միջամտում եք, խոչընդոտում մեր ինքնավարությանը»,- նշեց նա: Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է կրճատել բուհական խորհուրդների կազմերը՝ 16-ից դարձնելով 9-ը, 5-ը՝ լիազոր մարմնի, 4-ը՝ բուհի կողմից (կլինեն դասախոս, ուսանող՝ կորոշի բուհը): Նա նշեց, որ խորհուրդը կարող է անվստահություն ներկայացնել լիազոր մարմնին, և խորհուրդը կարող է բուհի ղեկավարին ազատել պաշտոնից:    Վ.Դումանյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է ԵՊՀ-ին տրամադրել հատուկ կարգավիճակ, ինչը, ըստ նրա, վաստակած կարգավիճակ է: Նրա խոսքով՝ դա պետք է արվի օրենքով, որպեսզի հարցը չմնա այդ օրվա պետության ղեկավարի հայեցողությանը:  Կառավարությունն առաջարկում է արգելել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին նույն կարգավիճակն ունենալ նաև բուհում: «Այդ անձը, ուզի թե ոչ, իր ղեկավար դիրքը, միևնույն է՝ արտահայտելու է բուհում»,- հստակեցրեց նախարարը: Դումանյանի խոսքով՝ առաջարկվում է նաև, որ բուհերի մասնաճյուղերի տնօրենները նշանակվեն ռեկտորի հրամանով՝ առանց ընտրության: Միաժամանակ, ըստ նախարարի, օրենքի ընդունումից հետո գործող ռեկտորների փոփոխություն չի նախատեսվում մինչև նրա ժամկետի ավարտը, քանի որ նրանք ընտրված ռեկտորներ են: Նոր բացվող բուհում ռեկտոր կնշանակվի մեկ տարի ժամկետով, հետո կհայտարարվի ռեկտորի ընտրության մրցույթ:  Նախագծով, նախարարի խոսքով, ԳԱԱ ինստիտուտներին տրվելու են ինքնավարություն և ուղիղ կառավարման հնարավորություն: «Նրանք դեմ են, քանի որ գտնում են, որ մեկ տեղից կառավարումն ավելի ճիշտ է, սակայն, վստահեցնում եմ՝ կառավարում լինելու է՝ գործող ԳԱԱ գործող ղեկավարությամբ կամ այլ տարբերակով: Այնուհանդերձ, այս տեսքով Գիտությունների ակադեմիան խնդրահարույց է»,- ասաց նա: 
15:30 - 05 փետրվարի, 2021
«Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների շուրջ աղմուկի պատճառները վերացվել են. նախարար |armenpress.am|

«Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների շուրջ աղմուկի պատճառները վերացվել են. նախարար |armenpress.am|

armenpress.am: Կառավարության նիստում  Հանրակրթության պետական նոր չափորոշիչի հետ կապված նախագիծը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց անդրադառնալ նաև «Հայ եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն» ու «Հայ գրականություն» առարկաների շուրջ բարձրացված աղմուկին: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրեց, որ այդ աղմուկը, որ կար այդ հարցերի շուրջ, այս պահին չկա: «Այս պահին ասելով՝ նկատի ունեք դահլիճո՞ւմ»,- կատակեց Նիկոլ Փաշինյանը: «Նկատի ունեմ վերջին մեկուկես ամսվա ընթացքում: Հիմա «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի թեմայով քննարկումների մեջ ենք: Ինչ վերաբերում է «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն»  առարկաներին, ապա միասնական հանդիպում է եղել ԳԱԱ մեր գործընկերների հետ, քննարկել ենք ու հասկացել, թե իրական աղմուկն ինչի շուրջ էր: Այդ պատճառները վերացված են, այլևս չկան այն առիթները, որպեսզի աղմուկը զարգանա: Անցել ենք գործնական փուլ, ու որևէ կոնֆլիկտ գոյություն չունի այս ժամանակահատվածում», - ասաց նախարարը:
14:22 - 04 փետրվարի, 2021
Քննարկվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի նախագիծը

Քննարկվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի նախագիծը

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Վահրամ Դումանյանը: Նախարարը ծանոթացել է խորհրդի անդամների հետ՝ ներկայացնելով ԿԳՄՍ ոլորտների վերաբերյալ իր մոտեցումները, զարգացման միտումները և տեսլականը: «Ամեն ինչի հիմքում ընկած է կրթությունը, որը մեր անվտանգության հիմքն է: Կրթությունը և մշակույթը փոխկապակցված են. կրթությունը կտուժի, եթե դրա մեջ չկա մշակույթի բաղադրիչ և՝ հակառակը: ԿԳՄՍ նախարարության ոլորտները բազմաշերտ են, հետևաբար մեր գործունեությունն առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Այդ պատճառով հանրությունը վերահսկում մեր յուրաքանչյուր քայլ և բարեփոխում, ինչը, իհարկե, շատ պարտավորեցնող է: Մենք շահագրգիռ ենք լսել մեր ոլորտների և պետության զարգացմամբ մտահոգ ցանկացած քաղաքացու արդարացի և առողջ գնահատական: Այդ առումով հասարակական խորհուրդը լավագույն հարթակն է, քանի որ այստեղ ներկայացված են ԿԳՄՍ բոլոր ոլորտների ներկայացուցիչներ»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով, որ հասարակական խորհուրդը պետք է իրական դերակատարություն ունենա, այն է՝ քննարկումների միջոցով հանդես գա քննադատությամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա, և առաջարկներով, որպեսզի համապատասխան բարեփոխումներ իրականացվեն: Նախարարությունը նշում է, որ նիստի օրակարգում ներառված էր «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի» նախագծի քննարկումը: Այն հասարակական խորհրդի անդամներին է ներկայացրել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Ցանկացած փոփոխություն, մասնավորապես, հանրակրթության ոլորտում ի սկզբանե դատապարտված է անհաջողության, եթե հաշվի չի առնվում դրա կարևոր բաղադրիչը՝ մարդկային ռեսուրսը, այս դեպքում՝ ուսուցիչը»,- նշել է փոխնախարարը՝ ներկայացնելով ուսուցիչներին ուղղված նոր քաղաքականությունը: Ըստ բանախոսի՝ առկա հիմնական խնդիրներն են՝ ուսուցիչների աշխատանքային պայմաններն ու խրախուսման գործիքները, ուսուցչի մասնագիտության հեղինակությունն ու նոր մասնագետների մուտքը համակարգ, ուսուցչական կադրերի որակն ու մասնագիտական շարունակական զարգացումը, ինչպես նաև մանկավարժական նորարարությունն ու ստեղծարարությունը: «Ընդհանուր առմամբ ուսուցիչների 40 տոկոսն ավելի քան քսանհինգ տարվա աշխատանքային ստաժ ունի։ Սրա համեմատ՝ դպրոց նոր մուտք գործող ուսուցիչները կազմում են ընդամենը 2 տոկոս, ինչը նշանակում է, որ սերնդափոխությունը տեղի է ունենում դանդաղ: Կենսաթոշակային տարիքի ուսուցիչները կազմում են ուսուցիչների ընդհանուր թվի շուրջ 11.7 տոկոսը։ 60-ն անց ուսուցիչների թիվը գերազանցում է համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների թվին»,- այսպիսի փաստական տվյալներ է ներկայացրել Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այժմ հերթական ատեստավորման է ենթակա ուսուցչական համակազմի 56 տոկոսը։ Նրա խոսքով՝ ուսուցիչների զարգացման մոտիվացիան խթանելու համար 2012 թվականին ներդրված որակավորման տարակարգերի քառաստիճան համակարգը գործում է կամավորության սկզբունքով: Ըստ փոխնախարարի՝ չորրորդ` բարձրագույն աստիճանի տարակարգ ստանալու և աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար ստանալու համար ուսուցչից պահանջվում է առնվազն 9 տարի: 2020 թվականի դրությամբ Հայաստանի շուրջ 37500 ուսուցիչներից միայն 2226-ն ունի առաջին, 122-ը՝ երկրորդ և 1 ուսուցիչ՝ երրորդ աստիճանի տարակարգ, ինչը կազմում է ուսուցիչների ընդհանուր թվի 6,2 տոկոսը: Ժաննա Անդրեասյանը որպես առաջարկվող լուծումներ առանձնացրել է արդեն ներդրված մի շարք գործիքներ, այն է՝ ուսուցիչների գործուղման և տրանսպորտային ծառայությունների և ֆինանսավորման նոր կարգերը, «Տարվա լավագույններ» դրամաշնորհային ծրագրերի մրցույթը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործունեության մեկնարկը և այլն: Անդրադառնալով նոր գործիքի՝ սեփական նախաձեռնությամբ ատեստավորման համակարգի ներդրման ծրագրի նախագծին՝ բանախոսը նշել է, որ այն լինելու է ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգում թեստավորման եղանակով՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը: Կամավոր ատեստավորման արդյունքում նախատեսվում է, որ 90 տոկոս և ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած և հավելավճար կստանան 50 տոկոսի չափով, 80 տոկոս և ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները ևս կհամարվեն ատեստավորումն անցած ու հավելավճար կստանան 30 տոկոսի չափով: Երկու դեպքում էլ ուսուցչի միջին աշխատավարձը կմոտենա երկրի միջին աշխատավարձին: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի, իսկ 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը մեկ տարի անց պարտադիր վերաատեստավորման ենթակա կլինի: Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ առաջին տարում ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Երկրորդ տարում այն կանցկացվի 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար, և պարտադիր կդառնա համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 7-12-րդ դասարաններում: Երրորդ տարում ատեստավորումը կանցկացվի 1-4-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների, ինչպես նաև պարտադիր՝ 1-12-րդ դասարաններում դասավանդել ցանկացող՝ համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների համար: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխություններ են նախատեսվում նաև հերթական ատեստավորման գործընթացում, այն է՝ գործընթացի թվայնացում, վերապատրաստման իրականացում երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների միջոցով, ուսուցչի կողմից կրեդիտների ինքնուրույն հավաքագրման հնարավորություն, վերապատրաստման համակցված եղանակի հնարավորություն՝ առկա և հեռավար միջոցների համադրմամբ, վերապատրաստման ծրագիր և չափորոշիչ: Փոխնախարարի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Նրանք նաև մի շարք հարցեր են ուղղել բանախոսին, որոնք հիմնականում վերաբերել են բազմահամակազմ դասարանների ձևավորման կարգին, նախկին վերապատրաստումների արդյունավետությանը, միասնական կամ այլընտրանքային մոդուլների օգտագործմանը, վերապատրաստման գործընթացում մասնավոր կազմակերպությունների հնարավոր ներառմանը, կամավոր և հերթական ատեստավորումների համեմատությանը, դրանց ժամանակացույցին, թեմաների ընտրությանը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսուցիչների ատեստավորմանը, ինչպես նաև գիտնական ուսուցիչների, մանկավարժների ինքնակրթությանը, էթիկայի կանոններին և այլ խնդիրների: Նիստի ավարտին հասարակական խորհուրդն ընդունել է որոշում՝ «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի» նախագծին հավանություն տալու մասին:
22:27 - 02 փետրվարի, 2021
Անվտանգություն ասելով՝ պետք է հասկանանք ուժեղ միտք և ճիշտ գաղափար. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

Անվտանգություն ասելով՝ պետք է հասկանանք ուժեղ միտք և ճիշտ գաղափար. ԿԳՄՍ նախարար |1lurer.am|

1lurer.am։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ-ում «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց, որ անվտանգություն ասելով՝ պետք է հասկանանք ուժեղ միտք, ճիշտ գաղափար և ճիշտ գնահատական մեր իրականությանը: «Անվտանգությունը պետք է սկսվի մեր գիտակցության մեջ: Մենք պետք է մեր առջև խնդիր դնենք այնպիսի ռազմարդյունաբերություն ունենալ, որ աշխարհի հսկաների հետ հավասարը հավասարի խոսենք, կարծում եմ՝ մտածելու առիթ կա այստեղ: Առանձին ուղղություններում, առանձին կոնկրետ խնդիրներում, այո՛, մենք կարող ենք գրանցել արդյունք, որը չի հաջողվի գրանցել գերտերություններին, որովհետև սա մտքի արդյունք է: Միտքն անսահմանափակ է: Մեր մտքի մեծությունը կապ չունի մեր երկրի մեծության, տարածքային ու նաև տնտեսական ցուցանիշների հետ: Դա գիտնականի մտքի թռիչքն է: Եվ սա մենք պետք է կարևորենք»,- ասաց նախարարը:
12:34 - 01 փետրվարի, 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)՝ ծանոթանալու հիմնադրամի գործունեությանը և քննարկելու հետագա համագործակցության ծրագրերը: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով համակարգում է նաև միջազգային գործընկերության ոլորտը: Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ներկայացրել է 2017 թվականից՝ FAST-ի հիմնադրումից ի վեր իրականացված և ներկայումս կյանքի կոչվող ծրագրերը: Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման, գիտակրթական գործունեության մեջ նորարարության ներդրման ուղղությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության  իրականացվող քաղաքականության տիրույթում համագործակցության, այդ թվում և սփյուռքի ներուժի ներգրավման շուրջ: Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է: Ծրագրերն իրականացվում են հիմնական 3 ուղղությամբ՝ կրթություն, հետազոտություն և գիտահետազոտական արտադրանքի առևտրայնացում: Այս ընթացքում իրականացվել է 26 ծրագիր: Ներկայացնելով FAST-ի գործունեությունը՝ համագործակցության և ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը պատմել է գիտական հանրության աջակցությանն ուղղված ծրագրերի մասին, որոնց թվում՝ 2018-2019 թվականներին իրականացրած ասպիրանտների համար կրթաթոշակային ծրագրի՝ Գիտության կոմիտեի համագործակցությամբ, գործընկերային հետազոտությունների համար ճամփորդական դրամաշնորհի և ADVANCE STEM Research դրամաշնորհային ծրագրի մասին: Այս պահին ADVANCE ծրագրի շրջանակում ֆինանսավորվում է 2 ծրագիր՝ 4 տարի ժամկետով և տարեկան 45-65 հազար ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ: Դրանց շրջանակում իրականացվում է հետազոտական աշխատանք, որի գիտական ղեկավարները միջազգային համալսարանների և գիտական կենտրոնների ղեկավար պաշտոններում աշխատող սփյուռքահայ գիտնականներ են: Առանձնահատուկ շեշտադրվել է FAST-ի կողմից իրականացվող Կենսագիտական ինկուբատոր–բաց լաբորատորիայի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ պետության կողմից 60 մլն դրամի տրամադրումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին` լաբորատոր տարածքը վերանորոգելու նպատակով: Համագործակցության շրջանակում «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը» լաբորատորիան կապահովի սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա կենսագիտության ոլորտում գործող ստարտափներին և հետազոտական թիմերին իրականացնելու գիտական վարկածի փորձարկման աշխատանքները: Որպես հետազոտական արդյունքների առևտրայնացման ոլորտում հաջող փորձառություն է ներկայացվել Առաջատար լուծումների կենտրոնի (Advanced Solutions Center – ASCENT) աշխատանքները, որոնց շրջանակում հետազոտական 6-հոգանոց թիմը ստեղծել է արհեստական բանականության հիմքով դեղանման միացություններ գեներացնող ալգորիթմ, որն ունիվերսալ է և կարող է ստեղծել դեղանման միացություններ ցանկացած մոլեկուլային թիրախի դեմ: Առաջիկայում նախատեսվում է փորձարկել մոլեկուլները: Նախարար Վահրամ Դումանյանը կատարված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել հիմնադրամի աշխատակազմին՝ հատկապես կարևորելով արհեստական բանականության ոլորտի զարգացումը Հայաստանում. «Այս ոլորտը ժամանակի հրամայականն է, և տեղական մասնագետներ պատրաստելը մեր առաջնային խնդիրներից է»: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև SciNova կրթական ծրագրին, ինչպես նաև «1991 ստորաբաժանում» ծրագրին, որի շրջանակում հիմնադրամի կողմից իրականացվող նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, ինչի շնորհիվ վերջիններս առավել պատրաստված կլինեն հետագայում «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու համար։ Հիմնադրամն իրականացնում է նաև նեղ մասնագիտացված դասընթաց արհեստական բանականության ոլորտում ստորաբաժանում ընդունված զինծառայողների համար, ինչպես նաև տրամադրում է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական նախագծերի կառավարման աջակցությունը «1991 ստորաբաժանում» արհեստական բանականության խմբին։ «1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակներից է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները: «1991 ստորաբաժանման» զինծառայողները ծառայության ընթացքում ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝ շարունակելով կիրառել իրենց ստացած գիտելիքները և զարգացնել դրանք, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ինչպես նաև ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում: Այս ծրագրի շրջանակում քննարկվել են նաև տարկետման պայմանների վերանայման, բանակի և բարձրագույն կրթության արդյունավետ համատեղմանն առնչվող խնդիրներ՝ կարևորելով կրթության անընդհատությունը հատկապես արագ զարգացող մասնագիտությունների դեպքում: Հիմնադրամի առաջիկա գործողությունները պլանավորվում են հետևյալ ոլորտներում՝ արհեստական բանականություն, կենսաբանական տեխնոլոգիաներ և ռոբոտաշինություն, որոնցում, ըստ հիմնադրամի հետազոտությունների, Հայաստանը համաշխարհային  մակարդակի մրցունակություն դրսևորելու ներուժ ունի: Հիմնադրամը նպատակ ունի առաջիկա 5 տարիներին մեծացնել «Առաջնային խնդիրներից են ստեղծել մասնագիտական այնպիսի միջավայր, որ ծրագրում ներգրավեն բակալավրիական և մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողներին՝ նրանց մեկ քայլ առաջ դեպի գիտություն տանելու նպատակով, ինչպես նաև սփյուռքի հայ երիտասարդ գիտնականների համար ստեղծել միջավայր ծրագրի շրջանակում գալ Հայաստան՝ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:
19:18 - 26 հունվարի, 2021
Հետպատերազմյան այս դժվարին օրերին, ավելի քան երբևէ, մեզ անհրաժեշտ է միասնաբար ամրապնդել պետության հիմքերը. ԿԳՄՍ նախարար

Հետպատերազմյան այս դժվարին օրերին, ավելի քան երբևէ, մեզ անհրաժեշտ է միասնաբար ամրապնդել պետության հիմքերը. ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, ՄԱԿ-ի կողմից հունվարի 24-ը հռչակվել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի: Սա լավ առիթ է մեկ անգամ ևս ամրապնդելու մեր այն համոզումը, որ կրթությունն է պետության կայացման ու զորացման հիմքը, քաղաքացու և անհատի ձևավորման կարևոր նախապայմանը և աշխարհում սեփական տեղն ու կշիռն ունենալու հիմնասյունը։ Պետության առաջնահերթություններից է՝ ապահովել հասարակության յուրաքանչյուր անդամի՝ կրթություն ստանալու իրավունքը, մանկավարժների համար ստեղծել պատշաճ պայմաններ՝ լիարժեք դրսևորվելու և սերունդներին գիտական ու գաղափարական վերելքների պատրաստելու, մտքի և հոգևոր զարգացման նախադրյալներ ստեղծելու ճանապարհին։ Մենք յուրաքանչյուր աշակերտի, ուսանողի, երիտասարդ գիտնականի ու արվեստագետի, մարզիկի՝ իրենց ոլորտում կայանալու և արարելու աջակիցն ենք, ապագայի նկատմամբ վստահության երաշխավորը։ Բարձրարժեք կրթությունը բարգավաճ պետության հիմքն է և պահանջում է նվիրում, քրտնաջան աշխատանք, սեր և պատասխանատվություն թե՛ տվյալ ոլորտի, թե՛ երկրի ու ժողովրդի հանդեպ։ Եվ ետպատերազմյան այս դժվարին օրերին, ավելի քան երբևէ, մեզ անհրաժեշտ է միասնաբար՝ ուսուցիչներով, դասախոսներով, գիտնականներով ու արվեստագետներով, մարզիկներով ու մարզիչներով ամրապնդել պետության հիմքերը՝ հանուն հայրենիքի կայուն ու սահուն զարգացման։ Շնորհավորում եմ Կրթության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում ուժ ու եռանդ, հավատ և հաջողություններ ուսման մեջ»,- ասված է նախարարի ուղերձում:
12:17 - 25 հունվարի, 2021
ԵՄ-ն կիսում է Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ ՀՀ մտահոգությունը. դեսպան Վիկտորին

ԵՄ-ն կիսում է Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ ՀՀ մտահոգությունը. դեսպան Վիկտորին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 20-ին հանդիպել էլ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ և գործընկերությամբ իրականացվող ծրագրերը: Անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին՝ նախարարը փաստել է, որ դրա հետևանքով Արցախի մշակութային ժառանգության մի զգալի հատված, հայտնվելով հայկական վերահսկողությունից դուրս, այսօր գտնվում է անմիջական վտանգի ներքո: «Այս պահին օրհասական և առաջնային է համամարդկային այդ արժեքների պահպանությունը, և մենք ակնկալում ենք ԵՄ աջակցությունը՝ կանխելու  այդ արժեքներին սպառնացող ցանկացած վտանգ»,- շեշտել է Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով, որ վերջին իրադարձությունների համատեքստում ՀՀ կառավարության համար գերակա են կրթության ոլորտի բարեփոխումները՝ որպես երկրի անվտանգության երաշխիք: «Այս հարցում ևս ակնկալում ենք ԵՄ աջակցությունը՝ բարձրագույն կրթության ոլորտում երկարաժամկետ կտրվածքով միջազգային մակարդակի հետազոտություններ իրականացնելու համար՝ թե՛ մասնագիտությունների, թե՛ բուհական համակարգի կառուցվածքի մասով»,- շեշտել է նախարարը և տեղեկացրել, որ ընթանում են Կրթության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները, որոնք այժմ վերանայման փուլում են: Վահրամ Դումանյանի խոսքով՝ դա պայմանավորված է պատերազմական և հետպատերազմական փուլերի հետևանքներով. վերանայման ընթացքում կվերագնահատվեն ոլորտների զարգացման հիմնական գերակա ուղղությունները, և կսահմանվեն դրանց լուծմանը միտված քայլերը: Դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն կիսում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները. «2020 թվականն իրավամբ ծանր տարի էր. COVID-ը բոլորիս սովորեցրեց առավել զարգացնել մեր թվային կարողությունները և ենթակառուցվածքները: Այդ նպատակով Եվրամիությունն օժանդակություն է տրամադրել ԿԳՄՍ նախարարությանը՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար: ԵՄ-ն կիսում է նաև Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ մտահոգությունը՝ այդ հարցում բարձր գնահատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք գործունեությունը»: «Դեսպանը շեշտել է ՄԿՈՒ ոլորտի զարգացման «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» բյուջետային աջակցության ծրագրի կարևորությունը: Այդ համատեքստում նա ընդգծել է ծրագրին պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած քաղաքացիների ներգրավվածության խնդիրը՝ նրանց սոցիալական վերաինտեգրումն ապահովելու տեսանկյունից: Անդրեա Վիկտորինն անդրադարձել է նաև «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար», միջբուհական համագործակցության Erasmus+ և «Հորիզոն-2020» ծրագրերին՝ որպես համագործակցության լավ օրինակներ:  Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն սկսել է առաջիկա 7 տարիներին նախատեսվելիք ծրագրերի նախանշման գործընթացը՝ կարևորելով դրանք ՀՀ կառավարության հետ իրականացնելու անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին նախարար Վահրամ Դումանյանը ևս մեկ անգամ կարևորել է Եվրամիության աջակցությունը և ակնկալել սերտ համագործակցություն՝ որպես ԿԳՄՍ ոլորտների զարգացման առանցքային գործընկեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
18:29 - 20 հունվարի, 2021