ԿԱՐԴԱԼԻՔ

Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգ՝ առանց բանկոմատների

Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգ՝ առանց բանկոմատների

Այս տարվա հունվարի 1-ից 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով․ բնակիչներն այսուհետ կենսաթոշակները ստանալու են ոչ թե «Հայփոստի» բաժանմունքներից, այլ իրենց բանկային քարտերով։ Բացառություն են այդ բնակավայրերի 75 տարեկանը լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։ Հայաստանում 1000 և ավելի բնակիչ ունի 456 բնակավայր, սակայն այդ բնակավայրերից բանկոմատ կա ընդամենը 88-ում։ Սա նշանակում է, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի միայն 19%-ում բնակիչները կենսաթոշակները կանխիկացնելու հնարավորություն ունեն։ Իսկ բնակավայրերի մոտ 81%-ում բանկոմատ չկա, և բնակիչները կենսաթոշակները կանխիկացնելու համար պետք է հասնեն այլ բնակավայրեր։   Ինչպե՞ս է կատարվում կենսաթոշակների անկանխիկ վճարումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է 12 բանկերի հետ, որոնք տրամադրում են կենսաթոշակային քարտեր։ Այս բանկերից 1-ը՝ «Արցախբանկը», բանկոմատներ ունի միայն մայրաքաղաք Երևանում։ Մնացած բանկերը բանկոմատներ ունեն նաև մարզերում, սակայն մեծամասամբ՝ քաղաքներում։  Եթե բնակիչները չեն ընտրում, թե որ բանկն է իրենց կենսաթոշակային քարտ  տրամադրելու, այդ ընտրությունը կատարվում է ավտոմատ համակարգի միջոցով, իսկ անհամաձայնություն ունենալու դեպքում բնակիչները կարող են փոխել իրենց բանկը։ Եթե նրանք կենսաթոշակը կանխիկացնեն ոչ թե իրենց քարտ տրամադրած բանկից, այլ նախարարության հետ համագործկցող որևէ այլ բանկի բանկոմատից, ապա նրանցից կգանձվի կենսաթոշակի 0,5-2%-ի չափով սպասարկման վճար (վճարի չափը կախված է յուրաքանչյուր բանկի սահմանած սակագնից)։   Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի անցումը Դեռ 2019-ին գործադիրը հավանություն էր տվել օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որով առաջարկվում էր անցնել կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ փոփոխությունների արդյունքում «կապահովվի վճարումների հասցեականությունը, և էապես կնվազեն առկա ռիսկերը»։ Փոփոխությունը, սակայն, չիրականացվեց միանգամից՝ «հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը»։ 2021-ից համակարգը ներդրվեց Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, 2022-ին՝ այլ քաղաքներում, իսկ այս տարվանից համակարգը գործում է 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում՝ և՛ քաղաքներում, և՛ գյուղերում։ 2024-ից կենսաթոշակներն անկանխիկ կվճարվեն արդեն Հայաստանի բոլոր բնակավայրերում։ 2022-ի հուլիսից էլ կառավարությունն իրականացնում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Միջոցառման շրջանակում առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարող քաղաքացիներին հաջորդ ամսվա ընթացքում տրամադրվում է 10%-ի չափով հետվճար (cashback)։  Դրան զուգահեռ՝ 2022-ի հուլիսից ուժի մեջ մտավ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը։ Այս օրենքով սահմանվում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող տնտեսվարողները պետք է ապահովեն վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով վճարում իրականացնելու հնարավորություն։ Կարգավորումը չի տարածվում միայն կրպակների վրա։ Եթե այս փոփոխությունը կարելի է անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորության հասանելիության խնդրի լուծման ուղղությամբ քայլ համարել, քանի որ գյուղերի բնակիչները տեսականորեն կարող են անկանխիկ առևտուր անել, ապա բանկային ենթակառուցվածքների հարցը մնում է չլուծված։   Ի՞նչ են ցույց տալիս տվյալները Մենք փորձեցինք հասկանալ, թե 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերից քանիսում գոնե 1 բանկոմատ կա, որով բնակիչները կարող են կենսաթոշակը կանխիկացնել։ Հայաստանի բնակավայրերի ցանկն՝ ըստ բնակիչների թվի, 2020-ի որոշմամբ հաստատել է կառավարությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի անցնելիս առջնորդվել է հենց այդ ցանկով։ Սակայն ցանկը 2020-ից հետո չի թարմացվել, և այժմ պատկերը մի փոքր այլ է։ Համաձայն Վիճակագրական կոմիտեի 2022-ի տվյալների՝ այս ցանկում կան բնակավայրեր, որոնք նախկինում 1000 և ավելի բնակիչ ունեին, իսկ հիմա չունեն, և հակառակը։ Հաշվի առնելով այսպիսի փոփոխությունները՝ մենք, կառավարության հաստատած ցանկում ներառված բնակավայրերից բացի, դիտարկել ենք ևս 8 բնակավայր, որոնք, ըստ Վիճկոմի, ունեն 1000 և ավելի բնակիչ։ Այս 8 բնակավայրերում կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգն այս տարի չի ներդրվի, սակայն 2024-ից այնտեղ էլ կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ, քանի որ 2024-ից համակարգը գործելու է ՀՀ ողջ տարածքում։ Բանկոմատների մասին տվյալները վերցվել են առանձին բանկերի կայքերում հրապարակված ցանկերից։ Դիտարկվել են Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող բոլոր այն բանկերը, որոնք ունեն մասնաճյուղեր և տրամադրում են բանկային քարտեր. ընդհանուր առմամբ՝ 15 բանկ։ Այդ բանկերից 12-ը տրամադրում են կենսաթոշակային քարտեր, 3-ը՝ ոչ։ Կենսաթոշակային քարտեր չտրամադրող բանկերը դիտարկվել են, քանի որ այլ բանկերի բանկոմատների բացակայության դեպքում դրանք կարող են կենսաթոշակը կանխիկացնելու հնարավորություն լինել։ Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող 456 բնակավայրից միայն 88-ում կա բանկոմատ։ Քարտեզի վրա կապույտ գույնով նշված են այն բնակավայրերը, որտեղ գոնե 1 բանկոմատ է առկա, կարմիրով՝ այն բնակավայրերը, որտեղ բանկոմատ չկա, մոխրագույնով` այն բնակավայրերը, որտեղ բանկոմատներ կան, սակայն բնակիչներին ոչ հասանելի վայրերում, կամ որտեղ կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգը դեռ չի ներդրվել։ Յուրաքանչյուր բնակավայրի նկարագրության մեջ կարող եք գտնել մանրամասներ առկա բանկոմատների թվի և այլնի մասին։ Այն դեպքերում, երբ որևէ բնակավայրում չկա բանկոմատ, բնակիչները կարող են կենսաթոշակը ստանալ մոտակա բնակավայրերի բանկոմատներից։ Սակայն դա լրացուցիչ դժվարություն և ֆինանսական ծախս է առաջացնում կենսաթոշակառուների համար։ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում, օրինակ, բանկոմատ չկա։ Մոտակա բանկոմատն Արարատ քաղաքում է, որը հեռու է մոտ 42 կմ։ Իսկ, օրինակ, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից մինչև մոտակա բանոկմատ՝ Մեծամոր, 20 կմ է։ Այսպիսով, չնայած կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելու մասին նախագծում նշվում էր բանկային ենթակառուցվածքների բացակայության խնդիրը, և փոփոխությունը նաև այդ պատճառով իրականացվեց փուլերով, տվյալները ցույց են տալիս, որ բանկային ենթակառուցվածքների խնդիրը շարունակում է մնալ չլուծված այն բնակավայրերի մոտ 81%-ում, որտեղ կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով։   Աննա Սահակյան, Կատյա Մամյան    
16:16 - 18 հունվարի, 2023
Հայտարարությունները՝ ռուսերեն, գինը՝ դոլարով, ապրելավայրը՝ մորքուրի տուն․ անշարժ գույքի շուկան՝ թվերով

Հայտարարությունները՝ ռուսերեն, գինը՝ դոլարով, ապրելավայրը՝ մորքուրի տուն․ անշարժ գույքի շուկան՝ թվերով

2022 թ․ փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքով դեպի հետխորհրդային շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսք սկսվեց: Արդյունքում բնակարանների վարձակալության գները կտրուկ աճեցին, ինչից հետո`  մինչ հիմա, անշարժ գույքի շուկան մշտապես Հայաստանի բնակիչների ուշադրության կենտրոնում է՝ հատկապես մայրաքաղաքում:  Երևանի որոշ բնակիչների համար բնակարանների վարձակալության այդպիսի աննախադեպ պահանջարկը բնակարանների որոնման և անդադար տեղափոխությունների պայմաններում շատ անհարմարությունների պատճառ դարձավ, իսկ որոշ վարձատուների համար՝ ընդամենը «ակնթարթորեն» հարստանալու հնարավորություն:  Ղազախստանի մեր գործընկերների հետ վերլուծել ենք 2022 թվականի սկզբից բնակարանների վարձակալության գների փոփոխությունները երկու երկրների խոշորագույն քաղաքներում՝ Երևանում, Ալմաթիում և Աստանայում: Գնաճի ազդեցությունը հայաստանցիների վրա Լիլիթն արդեն 10 տարի է, ինչ տեղափոխվել է Երևան սովորելու և աշխատելու նպատակով: Մինչ 2022 թ․ մարտ ամիսը նա մոր հետ բնակվում էր Հերացի փողոցում վարձակալած բնակարանում: Լիլիթը պատմում է, որ մարտ ամսին սեփականատերը զանգել է իրենց, ասել, որ բնակարանը պետք է վերանորոգեն, ու այդ պատրվակով առաջարկել է հեռանալ․ «Ասացի, որ ոչ, քանի որ մեր պայմանագիրը վերջանում է մայիսին, այս պահին չենք կարող դուրս գալ ու հատկապես այդ ընթացքում, երբ ռուսները եկել էին, բնակարան գտնելը սարսափելի դժվար էր,- պատմում է Լիլիթը։- Մի օր ուղղակի զանգեցին, ասացին՝ գիտե՞ք՝ մեկը կա, ուզում է էստեղ ապրի, օքեյ ա՞ ձեզ, որ գա, տեսնի: Մի քիչ տարօրինակ թվաց մեզ, բայց ասացինք՝ օքեյ: Տանտերը եկավ մի աղջկա հետ, ով որ ռուս էր, նայեցին բնակարանը, ու էդ աղջիկը էդքան էլ չհավանեց, դուրս եկան: Այդտեղից արդեն պարզ դարձավ, որ բնակարանը հեչ վերանորոգելու միտք չկար, ընդամենը ուզում էին ինչ-որ նոր մարդ գտնել, ով որ ավելի շատ գումար կվճարեր»: Արդյունքում Լիլիթն ու մայրը ստիպված թողել են այդ բնակարանն ու որոշ ժամանակ ապրել ազգականի տանը: Լիլիթի պատմությունը միակը չէ: Բազմաթիվ նմանատիպ պատմություններ կարելի է լսել փետրվարից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, և արդյունքում ՌԴ աննախադեպ թվով քաղաքացիներ բնակություն հաստատեցին ՀՀ-ում: ՌԴ քանի՞ քաղաքացի է եկել Հայաստան  Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ եթե ՀՀ մուտք գործած ՌԴ քաղաքացիների միգրացիոն սալդոն՝ մուտքերի և ելքերի տարբերությունը, հունվար և փետրվար ամիսներին բացասական է, ապա մարտ ամսից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, այն դառնում է դրական և սկսում է աճել մինչև հուլիս ամիսը ներառյալ։ Սալդոյի դրական աճը նշանակում է, որ ՌԴ անձնագրով ավելի շատ մարդ է եկել ՀՀ, քան մեկնել ՀՀ-ից։ Ամենամեծ, կտրուկ աճը տեսնում ենք հուլիսին։ Դիտարկելով ՌԴ քաղաքացիների՝ 2021 թ․ միգրացիոն սալդոն՝ կարելի է նկատել, որ ամենամեծ ցուցանիշը այս դեպքում ևս  գրանցվել է հուլիս ամսին։ ՀՀ միգրացին ծառայության պետ Արմեն Ղազարյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ տարվա առաջին 6 ամիսներին ՌԴ անձնագրով մուտքերի և ելքերի տարբերությունը սովորաբար մեծ է լինում, քանի որ այդ ժամանակահատվածի մեջ մտնում է նաև ամառային զբոսաշրջային սեզոնը: 2022 թ․-ի առաջին կիսամյակի ցուցանիշները համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ՝ Ղազարյանը նշել է․ «Այսինքն, նույնիսկ տուրիստական հոսքը հաշվի առնելով, որ բավականին ակտիվանում է ամառային ամիսներին, տարբերությունը կրկնակիով աճել է (նախորդ տարվա համեմատ,- հեղ․), և այդ միտումը մենք տեսնում ենք։ Առաջին եռամսյակում այդ տարբերությունը (մուտքերի և ելքերի,- հեղ․) շուրջ 4000 էր, որովհետև միտումը սկսեց դրսևորվել ավելի շատ փետրվարի վերջ, մարտ ամսին, և հիմա տարբերությունը շուրջ 40 հազար է (հուլիսի դրությամբ,- հեղ․)»: 2021-ի տվյալներից տեսնում ենք, որ հուլիս ամսվա աճից հետո՝ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, միգրացիոն սալդոն՝ այսինքն՝ ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիների թիվը, աստիճանաբար նվազում է, ինչը չի կարելի ասել 2022-ի նույն ամիսների համար։ Ըստ այս տվյալների՝ սալդոն նորից սեպտեմբերին՝ որոշակիորեն, իսկ հոկտեմբերին կտրուկ աճել է։ Հիշենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ-ում հայտարարվել էր մասնակի մոբիլիզացիա։  ՌԴ քաղաքացիների ներհոսքի հետևանքով Հայաստանում, մասնավորապես՝ մայրաքաղաքում, բնակարանների վարձակալության գները սկսեցին աճել, բազմաթիվ ընտանիքներ կանգնեցին վարձակալվող բնակարանը լքելու, փողոցում հայտնվելու խնդրի առջև: Գնաճը պետական վիճակագրությունում Բնակարանների վարձակալության գների մասին պաշտոնական վիճակագրություն ՀՀ-ում վարում է միայն Վիճակագրական կոմիտեն, այն էլ միայն սպառողական գների հաշվարկման համար։ Վիճակագրական կոմիտեի կայքում՝ «Սպառողական գների ինդեքս» բաժնում, յուրաքանչյուր ամիս հրապարակվում են վարձավճարների տոկոսային փոփոխությունները՝ ՀՀ տարածքի կտրվածքով: Դիտարկենք բնակարանների վարձակալության արժեքի փոփոխությունը 2019թ․ սկզբից մինչ 2022 թ․ նոյեմբերը:  Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անցյալ տարվա նույն ամսվա համեմատ վարձակալության գների  ամենակտրուկ աճը գրանցվել է հենց ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո: Վերջին 4 տարիների ընթացքում բնակարանների վարձակալության գները Հայաստանում ընդհանուր առմամբ աճել են ~60%-ով, որից շուրջ 55%-ը բաժին է ընկնում 2022 թ․ փետրվարից նոյեմբերն ընկած ժամանակահատվածին: Մեր հարցմանն ի պատասխան՝ Վիճակագրական կոմիտեից տրամադրել են նաև Երևան քաղաքի սպառողական շուկայում իրենց դիտարկման տիրույթում գտնվող 1 սենյականոց բնակարանների (տարբեր վարչական շրջաններում)՝ 2022 թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին արձանագրված միջին ամսական վարձավճարները։ Այս տվյալների համաձայն՝ եթե հունվար և փետրվար ամիսներին բնակարանների վարձակալության միջին արժեքները նույնն են՝ շուրջ 87 հազար դրամ, ապա արդեն մարտ ամսին գներն աճել են շուրջ 17%-ով և շարունակել են աճել մինչև նոյեմբերը ներառյալ: Վիճակագրական կոմիտեի «Գների վիճակագրության և միջազգային համադրումների» բաժնից մեկնաբանեցին, որ տվյալները կարող են ամբողջապես չարտացոլել վարձակալության գների իրական, լիարժեք պատկերը, քանի որ հաշվարկվում են հատուկ մեթոդաբանությամբ (տե՛ս «Մեթոդաբանություն» բաժնում) և դիտարկվում են զուտ սպառողական գների հաշվարկման համատեքստում:  Վարձակալության գների բարձրացման խնդիրն այնքան սրվեց, որ պաշտոնական վիճակագրության տվյալները նման չէին քաղաքացիների պատմածներին: Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում էին գների կրկնակի, նույնիսկ՝ եռակի աճի մասին:  Քաղաքացիները խնդիրը բարձրաձայնում էին տարբեր հարթակներում, մինչև անգամ բողոքի ակցիաներ էին կազմակերպվում կառավարության շենքի մոտ։ Այդպիսի մի ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկը նշել էր, որ «նորմալ» գնով բնակարան գտնելը շատ բարդ է․ ոչ միայն մեծ պահանջարկ ու պոտենցիալ հաճախորդների հերթ կա մեկ բնակարանի համար, այլև սեփականատերերը այնքան էլ բաց չեն երեխա ունեցող ընտանիքների հանդեպ։ Ակցիայի մեկ այլ մասնակցի խոսքով, եթե առաջ հնարավոր էր երկու սենյականոց բնակարանը վարձակալել 80 հազար դրամով,  ապա հիմա նույն բնակարանի վարձակալության արժեքը սկսում է 200 հազար դրամից։ Որ բնակարանների վարձակալության գները կտրուկ աճել էին, ոչ միայն վարձակալությամբ ապրող բնակիչներն էին ահազանգում։ Խնդիրն այնքան հրատապ դարձավ, որ պետական պաշտոնյաները մի քանի անգամ բարձրաձայնեցին ու քննարկեցին այն: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ նշեց, որ իր եղբայրը վարձով էր ապրում, բայց վարձատուն եռապատկել է վարձավճարը՝ ասելով, որ կան վարձով տալու այլ ավելի գրավիչ տարբերակներ։ Գնաճը այլընտրանքային տվյալներում Վարձակալության գների աճի միտումը ավելի լավ պատկերացնելու և պաշտոնական վիճակագրության հետ համեմատելու համար հավաքել և դիտարկել ենք  Shelter Realty Yerevan անշարժ գույքի գործակալության  տվյալները: Գործակալության ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղադրվում են Երևանում գտնվող բնակարանների վարձակալության հայտարարություններ, որտեղ նշված են բնակարանի գտնվելու վայրը, մակերեսը և վարձակալության արժեքը: Հավաքել ենք 2022-ի հունվարից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2021-ի ընթացքում տեղադրված 553 հայտարարությունների  տվյալներ:  Տվյալներից երևում է, որ ամենամեծ գնաճը գրանցվել է 2022 թ․ հոկտեմբերին՝ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո։ Այլընտրանքային տվյալները ավելի շատ են համապատասխանում քաղաքացիների դիտարկումներին, քանի որ այստեղ անհամեմատ ավելի մեծ գնաճ է երևում, քան պաշտոնական վիճակագրության մեջ։  Որպեսզի պատկերացնենք, թե այդպիսի գնաճն ինչպես է ազդել բնակարանների վարձակալների վրա, ՀՀ միջին անվանական աշխատավարձի աճի տեմպը համեմատել ենք բնակարանների վարձակալության պաշտոնական և այլընտրանքային արժեքների աճի տեմպի հետ։  ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից դատելով՝ չնայած միջին ամսական անվանական աշխատավարձը ևս որոշակիորեն աճել է, սակայն այն չի հասնում բնակարանների վարձակալության գնաճի տեմպին՝ թե՛ պաշտոնական, թե՛ այլընտրանքային ցուցանիշներով: Վարձակալության գների աճն անհամեմատ ավելի մեծ է: «Только для лиц славянской внешности», կամ ինչպես էին գործակալությունները թիրախավորում ռուսաստանցիներին Ռուս-ուկրաինական պատերազմից անմիջապես հետո՝ մարտ ամսին, սոցցանցերում խոսակցություններ սկսվեցին, որ բնակարանների սեփականատերերը տեղի բնակիչների փոխարեն նախընտրում են բնակարանները վարձակալությամբ հանձնել ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացիներին ավելի բարձր գներով։ Այդպիսի խոսակցությունները գնալով ավելի տարածվեցին՝ աստիճանաբար վերածվելով բանավեճի․ որոշ մարդիկ շեշտում էին հարցի բարոյական կողմը ու անթուլատրելի համարում հայրենակիցներին վարձակալվող բնակարաններից դուրս հանելու հանգամանքը, մյուսներն էլ, ընդհակառակը, գնաճը դիտարկում էին որպես դրական երևույթ, որը սեփականատերերին թույլ կտար ավելի շատ գումար աշխատել։ Երբ հավաքագրում էինք վերևում նշված գործակալության տվյալները և հասանք ռուս-ուկրաինական պատերազմից հետո ընկած ժամանակահատվածին, ինքներս էլ նկատեցինք միտում, որ Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքի աճին զուգընթաց ռուսերենով և դոլարային տարադրամով հայտարարությունների թիվն աճում է։ Նկատելիորեն աճում է նաև հայտարարությունների ընդհանուր քանակը։   Ակնհայտ է, որ հայտարարությունների քանակը սկսել է զգալիորեն աճել՝ սկսված փետրվար ամսից՝ հենց ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից։ Գծապատկերից երևում է, որ 2021 թ․ բոլոր հայտարարությունները տեղադրված են միայն հայերենով, իսկ 2022 թ․ մարտից հայտարարությունների լեզուն աստիճանաբար փոխվում է․ հայտնվում են երկլեզու հայտարարություններ, որոնցում հաճախ հայերեն հայտարարությունը դրվում է ռուսերենից հետո միայն։ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո՝ արդեն հոկտեմբերին և նոյեմբերին, հայերենը երբեմն նույնիսկ ուղղակի անտեսվում է, և որոշ հայտարարություններ տեղադրված են  միայն ռուսերենով։ Նմանատիպ միտում նկատելի է նաև տարադրամի մասով։ Եթե 2021 թ․ բնակարանների վարձակալության բոլոր արժեքները նշված էին դրամով, ապա 2022 թ․՝ ՌԴ քաղաքացիների ներհոսքին զուգընթաց, այս միտումը փոխվում է, և արժեքների որոշ մասն արդեն նշվում է դոլարով։ Այս պատկերը ևս մեկ անգամ ապացուցում է, որ անշարժ գույքի գործակալությունները հետաքրքրված են հենց ռուս վարձակալներով։ ՀՀ քաղաքացիների համար անշարժ գույք ձեռք բերելու արտոնություններ սահմանել և սեփականատերերին բերել հարկային դաշտ. Անդրանիկ Հարությունով Բնակարանների վարձակալության գնաճի պատճառների և հնարավոր լուծումների մասին զրուցել ենք նաև Silver REA անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Անդրանիկ Հարությունովի հետ։ Վերջինիս դիտարկմամբ վարձակալության գների աճն  անհատապես բացասական է ազդել ՀՀ շատ քաղաքացիների վրա և անարդարության իրավիճակ է ստեղծել։  «Խնդիրն այսօր մեր ուսուցիչն է, մեր ԱԻՆ աշխատողն է, մեր պայմանագրային զինվորականն է, մեր քաղաքացին է, ով փոքր բիզնես ունի, երկար տարիներ Հայաստանում է ապրում և այսօր անշարժ գույքի հետ կապված խնդիր ունի: Դա կենցաղային խնդիր է և մեծ սթրես է մարդու համար, ով ընտանիքով ապրում է, գալիս են, ասում են՝ պետք է մի ամսից, տասը օրից ազատես բնակարանը, կամ գինը բարձրացնում եմ։ Չնախատեսված Է: Այդ դեպքերում շատերը թողնում են, գնում են պետությունից»,- նշում է Հարությունովը։ Հարությունովը ծանոթ է խոսակցություններին, երբ բնակարանների վարձակալության գների բարձրացման համար մեղադրում են սեփականատերերին, որոնք իրենց հայրենակիցների փոխարեն ավելի բարձր վարձավճարի դիմաց ընդունում են ռուսաստանցի վարձակալների: Սակայն նա կարծում է, որ այդպիսով խնդիրը բերվում է էմոցիոնալ դաշտ, և անտեսվում է  այդպիսի գնաճի դրական ազդեցությունը տնտեսության վրա: Անշարժ գույքի գործակալը կարծում է, որ բնակարանների վարձակալության աճը ազդում է մուլտիպլիկատիվ էֆեկտով՝ նպաստելով տնտեսության այլ ոլորտների: Սակայն այստեղ ևս խնդիր կա, քանի որ վարձակալությամբ հանձնվող ոչ բոլոր բնակարանների համար են սեփականատերերը հարկեր վճարում։ Դիտարկելով Կադաստրի կոմիտեի տվյալները՝ կրկին տեսնում ենք այդպիսի խնդիր:  2022 թ․ հունվարից հոկտեմբեր ամիսներին Երևան քաղաքում իրականացվել է բնակարանների վարձակալության ընդամենը 782 գործարք: Հիշեցնենք, որ այդ նույն ժամանակահատվածում ՀՀ են ժամանել և այստեղ են բնակվում ՌԴ 57 646 քաղաքացիներ: Ակնհայտ է, որ վարձակալության գործարքների մեծ մասը պայմանագրով չի արվում, ինչի հետևանքով էլ պետությանը հարկեր չեն վճարվում: «Այդ ֆոնին, երբ վարձակալության գները բարձրանում են կրկնակի կամ որոշ դեպքերում՝ եռակի, տուժում են մեր քաղաքացիները»,- ասում է Հարությունովը՝ նշելով, սակայն, որ պետք չէ այդ հարցում մեղադրել սեփականատերերին, այլ պետք է լուծումներ գտնել պետական մակարդակում: Հարությունովի խոսքով պետությանը չպետք է ձգտի նվազեցնել բնակարանների վարձակալության գները, քանի որ Հայաստան եկած ՌԴ քաղաքացիները համեմատաբար բարձր եկամուտ ունեն, և նրանց համար այդ գները մեծամասամբ նորմալ են, այլ պետք է այնպիսի օրենք ընդունել, որը արտոնություններ կտա ՀՀ քաղաքացիներին: Օրինակ՝ այնպիսի օրենք, որը վարձակալությամբ ապրող քաղաքացիներին հնարավորություն կտա անշարժ գույք ձեռք բերելու:  «Խնդիրը կլուծվի․ համ կունենանք մի իրավիճակ, երբ որ մեր բազմաթիվ քաղաքացիներ չունեին սեփականություն, իրենք ձեռք բերեցին, և կունենանք իրավիճակ, որ ունենք բազմաթիվ սեփականատերեր, ովքեր տուն ունեն, հանձնում են վարձակալության, իրենք մեծ եկամուտներ կունենան»,- նշում է Հարությունովը:  «Ենթադրենք՝ 40 հազար ՌԴ քաղաքացի է եկել Հայաստան և այստեղ է ապրում, չի գնացել, և ենթադրենք, որ ամեն տանը վարձակալությամբ ապրում է չորս հոգի, կստանանք 10 հազար գործարք: 10 հազար նոր հարկատու որ մտնի շուկա, այնքան գումար կբերի, որ կկարողանան լուծել իմ նշած մարդկանց խնդիրները, ովքեր դուրսն են մնացել»: Անշարժ գույքի գործակալի կանխատեսմամբ, եթե որևէ աննախադեպ իրադարձություն տեղի չունենա, առաջիկայում բնակարանների վարձակալության գների նվազում չի սպասվում: Ավելին՝ անշարժ գույքի գործակալը կարծում է, որ վարձակալության գները նույնիսկ ավելի կբարձրանան: Մեթոդաբանություն Shelter Realty Yerevan-ի ֆեյսբուքյան էջից հավաքագրված տվյալներում բոլոր արտարժույթները վերածել ենք դրամի՝ հնարավորինս օբյեկտիվ տվյալներ ստանալու համար։ Դոլարային արտարժույթի դեպքում հաշվի ենք առել դոլարի այդ պահի փոխարժեքը՝ rate.am-ի տվյալներով, յուրաքանչյուր ամսվա համար միջինացված թվով: Սպառողական գների ինդեքսի համար տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը․ Երևանում և դիտարկվող 10 մարզկենտրոններում բնակարանների վարձակալության գների ինդեքսի հաշվարկման համար Երևանում և յուրաքանչյուր 10 բնակավայրում ամսական կտրվածքով դիտարկվել են ընտրանքային կարգով ընտրված, վարձակալության նպատակով տրամադրված 10-12 բնակարանների վարձերը: Ընտրանքում ընդգրկված բնակարանները դիտարկման դաշտում պահպանվում են մեկ տարի ժամանակահատվածում, եթե դրանց վարձակալության հանձնման գործընթացը չի դադարում գործել: Հակառակ դեպքում դրանք փոխարինվում են նմանատիպ բնութագիր ունեցող բնակարանների վարձավճարներով․ այդ բնութագրերն են՝ մեկ սենյականոց, կահավորված, միջին վերանորոգման, ջեռուցման համակարգով, մեկ ամսից ոչ պակաս ժամանակահատվածով վարձակալության տրված, հնարավորինս նույն հասցեում կամ առնվազն նույն վարչական շրջանում գտնվող բնակարաններ: Անշարժ գույքի գործակալի հետ հարցազրույցն արվել է 2022-ի նոյեմբերին: Տվյալների աղբյուրներ՝ ՀՀ վիճակագրական կոմիտե, ՀՀ կադաստրի կոմիտե, Shelter Realty Yerevan-ի ֆեյսբուքյան էջ Հեղինակ՝ Մարգարիտա Ղազարյան Մենթոր՝ Կատյա Մամյան Նյութը ստեղծվել է LAMPA Accelerator-ի շրջանակներում՝ Ղրղզստանի տվյալների դպրոցի աջակցությամբ։  
18:55 - 12 հունվարի, 2023
Մշակութային միջոցառումն ինքնին հիմք չէ մեկ անձից գնում իրականացնելու համար․ Սուրեն Գրիգորյանը սխալվում է

Մշակութային միջոցառումն ինքնին հիմք չէ մեկ անձից գնում իրականացնելու համար․ Սուրեն Գրիգորյանը սխալվում է

2022 թվականի տարեվերջին Երեւան քաղաքի ամանորյա լուսավորությունը ամենաքննարկվող թեմաներից էր․ միայն դրա կազմակերպման վրա քաղաքային բյուջեից ծախսվել է շուրջ 191 միլիոն ՀՀ դրամ (ըստ գնումների մասին պաշտոնական՝ armeps.am կայքի)։ Ոմանք ողջունում էին քաղաքին սովորականից ավելի տոնական տեսք տալու որոշումը՝ հաշվի առնելով նաեւ Եվրատեսիլ միջազգային մրցույթի շրջանակում սպասվող միջոցառումները, ոմանք էլ քննադատում էին այն՝ հետպատերազմյան երկրի համար նման ծախսը չարդարացված շռայլություն համարելով։ Քննադատությունները ծավալվում էին նաեւ այն համատեքստում, որ լուսավորության կազմակերպման համար գնումը Քաղաքապետարանը մեկ անձից՝ «Սինեմարտ» ՍՊԸ-ից է իրականացրել (ըստ Fip.am-ի՝ ընկերության միակ բաժնետերն ու տնօրենը Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Շահինյանն է), այսինքն՝ առանց մրցույթ հայտարարելու։ Թեեւ օրենսդրորեն հստակ սահմանված է, թե պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները որ դեպքում եւ երբ են իրավասու գնում իրականացնել մեկ անձից՝ առանց մրցույթ հայտարարելու, սակայն այդ իրավակարգավորումները երբեմն խեղաթյուրված են ներկայացվում։ Ի՞նչ է սահմանում «Գնումների մասին» օրենքը «Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է գնում կատարելու ընթացակարգերը, որոնց թվում է մեկ անձից գնումը։ Նույն օրենքի 23-րդ հոդվածով արդեն ամրագրված են մեկ անձից գնման ընթացակարգի պայմանները։ Ըստ այդմ, գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե`  1) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային եւ հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ.  2) արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել.  3) պատվիրատուն, որեւէ անձից կատարելով ապրանքների գնում, որոշում է սկզբնական պայմանագրում չներառված, սակայն օբյեկտիվորեն չնախատեսված հանգամանքներից ելնելով` սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած ապրանքների լրացուցիչ գնում կատարել նույն անձից, պայմանով, որ`  ա. լրացուցիչ ապրանքների պայմանագիրը հնարավոր չէ տեխնիկապես կամ տնտեսապես առանձնացնել սկզբնական պայմանագրից` առանց պատվիրատուի համար նշանակալի դժվարություն ստեղծելու, եւ  բ. դրա գինը չգերազանցի սկզբնական պայմանագրի ընդհանուր գնի 10 տոկոսը: Ընդ որում, միեւնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ, իսկ լրացուցիչ ապրանքների գինը չի կարող սահմանվել ավելի, քան նախատեսված է պայմանագրով.  4) գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը (մինչեւ 1 միլիոն ՀՀ դրամ) 5) գնումն իրականացվում է ՀՀ տարածքից դուրս: Այսինքն՝ օրենքով սահմանված է 5 պայման, որոնց առկայության դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները կարող են որեւէ ապրանք կամ ծառայություն պատվիրել առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ի հավելումն այս օրենքի՝ առկա է նաեւ գնումների գործընթացի կազմակերպման կարգի վերաբերյալ Կառավարության որոշում, որի մասին՝ հաջորդիվ։ Ո՞ր պայմանով է առաջնորդվել Երեւանի քաղաքապետարանը 2022 թվականի տարեվերջյան ասուլիսի ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով հնչող քննադատություններին, ասել է․ «Ասում են՝ էդ չգիտեի՞ն, որ Նոր տարի է գալու։ Գիտեինք, ժողովո՛ւրդ ջան, բայց մեր օրենսդրությունը մեկ անձից գնման ընթացակարգով հիմքեր նախատեսում է ոչ միայն հրատապության դեպքում, որը էս դեպքում մի փոքր, այնուամենայնիվ, եղել է, որովհետեւ կոնկրետ պահի մենք հասկացանք, որ անհրաժեշտություն կա՝ հաշվի առնելով Եվրատեսիլի միջոցառումը, որպեսզի այս երկու իրադարձությունները համընկնեն, բայց ինքնին մշակութային միջոցառման իրականացման համար նախատեսված է համապատասխան հիմք, որը իրավունք է տալիս մեկ անձից կատարել գնում»։ Հիմքը, որի մասին նշել է փոխքաղաքապետը, սահմանված է ՀՀ կառավարության 2017 թվականի N 526-Ն որոշմամբ։ Մասնավորապես, որոշման 23-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված են այն գնումները, որոնք կարող են կատարվել «Գնումների մասին» օրենքի հիշյալ 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով։  Ցանկի 33-րդ կետը սահմանում է, որ այդ գնումների թվում է մշակութային եւ (կամ) գեղարվեստաստեղծագործական միջոցառումների (բեմադրությունների, ցուցադրությունների, ցուցահանդեսների, համերգների, փառատոնների, կինոարտադրության, հեռուստահաղորդումների, ռադիոհաղորդումների արտադրության) կազմակերպման շրջանակում ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումը (բացառությամբ շինարարական աշխատանքների): Ինչպես նկատում ենք, մշակութային միջոցառումների շրջանակում ծառայությունների ձեռքբերումը թե՛ օրենսդիրը, թե՛ գործադիրը պայմանավորել են հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով, ուստի անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են այդ իրավունքները։ Հատուկ կամ բացառիկ իրավունքները կապված են հեղինակային եւ հարակից իրավունքների հետ։ Բացառիկ իրավունքը հեղինակային գույքային իրավունք է, որի էությունն այն է, որ հեղինակը կարող է ցանկացած ձեւով եւ եղանակով օգտագործել իր ստեղծագործությունը, ինչպես նաեւ թույլատրել կամ արգելել երրորդ անձանց դրանց օգտագործումը, օրինակ՝ վերարտադրումը, տարածումը, թարգմանությունը եւ այլն։ Այսինքն՝ մտավոր սեփականության օբյեկտի օգտագործումը եւ/կամ օգտագործման թույլտվությունը կամ արգելքը տալը հեղինակի բացառիկ իրավունքն է (Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին ՀՀ օրենք, հոդված 13, Քաղաքացիական օրենսգիրք, հովված 1124)։ Հատուկ իրավունքը վերաբերում է կերպարվեստի ստեղծագործություններին․ որեւէ հեղինակ իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջելու վերարտադրման կամ վերամշակման իր իրավունքն իրագործելու հնարավորություն ընձեռել իրեն, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ օրինական շահերը (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք,, հոդված 1126) Այսինքն՝ կերպարվեստի ստեղծագործության բնօրինակի (կամ օրինակի) հեղինակը կարող է հատուկ իրավունք ընձեռել մեկ այլ հեղինակի, որպեսզի վերջինս վերարտադրի կամ վերամշակի իր տվյալ ստեղծագործությունը, եթե դա չի վնասում իր օրինական շահերը։ Հասկանալի է, որ ամանորյա լուսավորության կազմակերպման գործընթացը այնպիսի ծառայություն չէ, որը կարող էր իրականացնել միայն մեկ ընկերություն՝ պայմանավորված իր հատուկ կամ բացառիկ իրավունքով (ինչպես, օրինակ, գազի մատակարարման կամ փոստային կապի ծառայության դեպքում է)։ Սա հիմնավորվում է նաեւ նրանով, որ ասուլիսի ընթացքում փոխքաղաքապետը հայտնել է, որ  իրենք այլ ընկերությունների հետ եւս բանակցել են, սակայն ընտրվել է «Սինեմարտ»-ը, քանի որ այն նշել է, որ ներգրավելու է մասնագետներ այլ երկրներից, մասնավորապես՝ Վրաստանից, որտեղ տարիներ շարունակ այդ մասշտաբի լուսավորություն իրականացվում է: Այսինքն՝ այդ մտավոր գործունեության արդյունքը (ամանորյա լուսավորությունը) հնարավոր էր ստանալ նաեւ այլ ընկերություններից, սակայն, ըստ փոխքաղաքապետի, ընտրվել է «Սինեմարտ»-ը, քանի որ իրենց համար կարեւոր է եղել, որ դա լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաեւ անվտանգ: Այսպիսով, մեկ անձից գնման ենթակա ծառայությունների ցանկում մշակութային միջոցառումների կազմակերպումը իսկապես ներառված է, սակայն իրականում դա ոչ թե ինքնին հիմք է գնումը մեկ անձից իրականացնելու համար, ինչպես փոխքաղաքապետն է նշել, այլ այդ ծառայությունը պետք է հնարավոր լինի ձեռք բերել միայն մեկ անձից՝ պայմանավորված վերջինիս հատուկ կամ բացառիկ իրավունքով, որն էլ տվյալ դեպքում առկա չէ։ Քաղաքապետարանը չի պատասխանել մեր գրավոր հարցմանը Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 7-ին, մենք գրավոր հարցմամբ դիմել ենք Երեւանի քաղաքապետարան՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին խնդրելով հայտնել՝ ՀՀ օրենսդրության, մասնավորապես, ո՞ր իրավական ակտի ո՞ր մասի ո՞ր կետով է սահմանված, որ մշակութային միջոցառման իրականացումը ինքնին հիմք է մեկ անձից գնման ընթացակարգի համար։ Եթե խոսքը ՀՀ կառավարության՝ մեր կողմից հիշատակված որոշման եւ դրա համապատասխան կետի մասին է,  խնդրել ենք հայտնել՝ ինչո՞վ է պայմանավորված եղել տվյալ ծառայությունը այլ անձից ձեռք բերելու անհնարինությունը («Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)։ Միեւնույն ժամանակ խնդրել ենք հայտնել՝ տվյալ դեպքում ինչպե՞ս է արտահայտվում մեկ անձի («Սինեմարտ» ՍՊԸ-ի) հատուկ կամ բացառիկ իրավունքը, որի առկայությունը թե՛ «Գնումների մասին» օրենքով, թե՛ Կառավարության հիշյալ որոշմամբ նախատեսված է։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է, որ գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այն դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Դեկտեմբերի 13-ին մեզ հետ կապ է հաստատել Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը՝ տեղեկացնելով, որ Սուրեն Գրիգորյանը վատառողջ է, եւ մի քանի օրվա ընթացքում կպատասխանի հարցմանը։ Մեկ շաբաթվա ընթացքում պատասխան չստանալով՝ դեկտեմբերի 20-ին զանգահարել ենք Սարդարյանին, որը հայտնել է, որ մենք կտեղեկացվենք հարցմանը մեկամսյա ժամկետում պատասխանելու մասին։ Այդպիսի գրավոր ծանուցում այդպես էլ չստանալով՝  սպասել ենք մեկամսյա ժամկետի ավարտին, սակայն պատասխան կրկին չենք ստացել։  Երեկ՝ հունվարի 9-ին, դարձյալ զանգահարել ենք Լեւոն Սարդարյանին՝ տեղեկացնելով, որ պատրաստվում ենք առաջիկա երկու օրվա ընթացքում հոդվածը հրապարակել։ Սարդարյանը խոստացել է կապ հաստատել փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, սակայն մինչ այս պահը մենք այդպես էլ փոխքաղաքապետից որեւէ պատասխան չենք ստացել։   Միլենա Խաչիկյան
20:23 - 10 հունվարի, 2023
Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին չի զեկուցել իր «Նահանջ» հրամանի մասին․ հրապարակվել է «Քիմիկների զորամաս»–ի գործով մեղադրական եզրակացությունը

Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին չի զեկուցել իր «Նահանջ» հրամանի մասին․ հրապարակվել է «Քիմիկների զորամաս»–ի գործով մեղադրական եզրակացությունը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ դատական նիստին օրերս հրապարակվել է «Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը։ Հիշեցնենք՝ վարույթը վերաբերում է ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (այսուհետ՝ ՌՔԿՊ) զորքերի 62 հոգանոց խմբի 40 զինծառայողների շրջափակման մեջ ընկնելու հանգամանքներին։  Մեղադրյալի աթոռին են ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, 56-ամյա գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը (պաշտոնից ազատվել է 2022 թ փետրվարի 24-ին), ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, 37-ամյա փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, ներկայում ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌՔԿՊ վարչության պատրաստության եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի կենսաբանական եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, 34-ամյա փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ,  43-ամյա կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նախաքննության ժամանակ 4 մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունել։  Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին չի զեկուցել նահանջ իրականացնելու իր հրամանի մասին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ (2003թ․ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մաս): Համաձայն մեղադրական եզրակացության՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ի մարտական կարգադրությամբ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զորքերի հարավային խմբավորման կազմում գործող «Մակարյան» խմբավորման հրամանատարի պաշտոնում։ Նույն օրը՝ կեսօրին՝ մարտական կարգադրությամբ նշված գործողությունները կատարելուց առաջ, նա հեռախոսազրույց է ունեցել Օնիկ Գասպարյանի հետ, որի ժամանակ քննարկել է գործողության պլանավորումը եւ ստացել բանավոր հանձնարարություն՝ մարտական գործողությունը սկսելու վերաբերյալ։  Այդ նպատակով Կապան քաղաքում գտնվող N զորամասի հրամանատարի աշխատասենյակում Մակարյանը նույն օրը երեկոյան անցկացրել է խորհրդակցություն՝ ՀՀ ԶՈՒ մի շարք բարձրաստիճան սպաների եւ Կապանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով ստեղծված ջոկատների հրամանատարների մասնակցությամբ, որի ժամանակ, ըստ մեղադրանքի, բավարարվել է միայն Կովսականում հակառակորդի զրահատեխնիկական եւ ավտոտեխնիկական միջոցների ու կենդանի ուժի կուտակման մասին թերի տեղեկությունների ստացմամբ եւ փաստացի չի պահպանել հիշյալ մարտական կարգադրության 3-րդ կետում նշված դրույթները, ըստ որոնց՝ նախքան մարտական խնդրի կատարումը անհրաժեշտ է եղել համագործակցել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հետ՝ նպատակ ունենանալով հետախուզական ԱԹՍ-ների միջոցով ստանալ տեղանքի ուսումնասիրման եւ հակառակորդի խմբավորումների կամ կուտակումների հայտնաբերման վերաբերյալ տվյալներ, որից հետո ընտրել համաչափ ուժեր եւ զինտեխնիկա։ Անդրանիկ Մակարյանը, ըստ մեղադրանքի, հիշյալ խորհրդակցության մասնակիցներին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին եւ ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ Աշոտ Ժամհարյանին, հանձնարարել է վերջիններիս ղեկավարությամբ եւ միաժամանակ իր ընդհանուր հրամանատարությամբ իրենց ենթակայությամբ գործող ստորաբաժանումներից ընտրել 50 զինծառայողներից բաղկացած 2 խմբեր՝ յուրաքանչյուրում ընդգրկելով 12 զինծառայող-հետախույզների։  Խորհրդակցության ընթացքում Մակարյանը հիշյալ 2 ստորաբաժանումների հրամանատարներին հանձնարարել է հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, «Սյունիք սովխոզ» եւ «Ներքին-Հանդ» ուղղություններով մեկնել մարտական գործողության վայր՝ Կովսական քաղաքի մերձակա տարածք, եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել ու ոչնչացնել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Ըստ հանձնարարականի՝ հրամանատարներից Արսեն Աբգարյանը իր անձնակազմով պետք է նաեւ բնագիծ զբաղեցներ Արցախի Կովսական քաղաքի մերձակայքում գտնվող «Կիրի հանք» կոչվող տարածքում, զեկուցեր այդ մասին եւ սպասեր հետագա հրահանգների։  Դրանից բացի Անդրանիկ Մակարյանը հանձնարարական է տվել Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը փաստացի զբաղեցնող պահեստազորի գնդապետ Վարդան Ալեքսանյանին՝ ուղեկցողի միջոցով կազմակերպել Արսեն Աբգարյանի խմբին դեպի «Կիրի հանք» ուղեկցելու հարցը, որից հետո իր ղեկավարության ներքո գտնվող խմբին ուղեկցել «Ներքին-Հանդ» կոչվող տեղամաս։ Սրանով, ըստ մեղադրանքի, Մակարյանը ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, որի հետեւանքով Արսեն Աբգարյանի խումբը «Կիրի հանք» հասնելու նպատակով ԱՀ Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի: Անդրանիկ Մակարյանն այդ մասին զեկուցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին եւ նրանից ստացել հանձնարարական՝ Ներքին-Հանդից ենթակա անձնակազմի հետ միասին անհապաղ մեկնել շրջափակման մեջ գտնվող Արսեն Աբգարյանի խմբին օգնություն ցուցաբերելու եւ շրջափակումից հանելու համար: Այդ նպատակով Մակարյանն իր տրամադրության տակ գտնվող խումբը բաժանել է 3 մասի՝ հանձնարարելով առջեւից ընթանալ հետախուզական խմբին: Նշված անձնակազմը ժամը 09։30-ի սահմաններում հասել է Մինջեւան տանող ճանապարհի խաչմերուկ, որից հետո Մակարյանը վերջնամասից եկող խմբին հանձնարարել է խաչմերուկում զբաղեցնել բնագիծ՝ նպատակ ունենալով կանխել հակառակորդի հավանական ներթափանցումը ՀՀ տարածք, իսկ ինքը խմբի մնացած 35-40 հոգանոց անձնակազմի հետ միասին շարունակել է ճանապարհը Կովսական քաղաքի ուղղությամբ: Ժամը 11-ի սահմաններում Մակարյանը ենթակա անձնակազմի հետ միասին հասել է Կովսական քաղաքից շուրջ 2 կմ հեռավորությամբ գտնվող տեղամաս, որտեղ, ըստ մեղադրանքի, որպես հրամանատար եւ հիշյալ գործողության կատարման անմիջական պատասխանատու, չի պահպանել ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրության մի շարք հոդվածների պահանջներ, չի կազմակերպել դետքի կազմով հետախուզական դարանակալում, ինչը հնարավորություն կտար հայտնաբերել հակառակորդի շարժման հավանական  ուղիները եւ դիվերսիոն-հետախուզական խմբին դիպուկ կրակ բացելով՝ ոչնչացնել։  Սա կատարելու փոխարեն իր եւ ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ Անդրանիկ Մակարյանը տվել է «Նահանջ» հրաման՝ հրաժարվելով օգնության շտապել եւ շրջափակումից դուրս բերել այդ պահին իր գտնվելու վայրից շուրջ 2 կմ հեռավորությամբ գտնվող Արսեն Աբգարյանի ղեկավարած խմբի անդամներին։ Արդյունքում, 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության․ խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաեւ ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է: Ըստ մեղադրական եզրակացության՝ Մակարյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին չի զեկուցել անձնակազմին «Նահանջ» հրաման արձակելու մասին եւ մինչեւ ժամը 15։30-ի սահմանները վերջինիս վստահեցրել է, որ իր ղեկավարած խմբի կազմով շարժվում է գործողությունների ծավալման շրջան՝ Արսեն Աբգարյանի խմբին օգնություն ցուցաբերելու։ Դրանից հետո միայն Գասպարյանին զեկուցել է, որ առաջ շարժվելն այլեւս նպատակահարմար չէ, եւ առաջարկել է բնագիծ զբաղեցնել եւ անցնել պաշտպանության՝ հաջորդ օրն առավոտյան խնդրի կատարումը շարունակելու պայմանով, ինչին Գասպարյանը համաձայնել է։ Մինչդեռ բնագիծ զբաղեցնելու եւ խմբի կազմով պաշտպանության անցնելու հրամանը կատարելու փոխարեն նա իր ղեկավարած ողջ խմբի կազմով նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, վերադարձել է Կապան քաղաք՝ ամբողջությամբ ձախողելով իր առջեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից դրված մարտական խնդրի կատարումը։ Անդրանիկ Մակարյանի պաշտպանը մեր զանգերին չպատասխանեց, սակայն հայտնի է, որ նա դատարանում մեղադրանքը չի ընդունել։ Ըստ մեղադրանքի՝ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի արդյունքում ուղեկցողները անձնակազմին սխալ ուղղությամբ են տարել Վարույթով մյուս մեղադրյալ, պատերազմի ժամանակ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Դրանից բացի նա մեղադրվում է ռազմական դրության պայմաններում վերադաս հրամանատարությանը հաճոյանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ (2003 թ․ ՔՕ–ի 375-րդ հոդվածի 4-րդ մաս, 376-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Աբգարյանի մեղադրանքի առաջին դրվագը վերաբերում է Անդրանիկ Մակարյանի անցկացրած հիշյալ խորհրդակցությանը, որին նա, ինչպես արդեն նշվեց, մասնակցել է։ Խորհրդակցության ժամանակ Աբգարյանին հանձնարարվել է ուղեկցողի մատնանշած երթուղու միջոցով կազմակերպել անձնակազմին Կերեն գյուղում ժամանակավորապես տեղակայված ոստիկանական հենակետ հասցնելը, որից հետո իջնել եւ ոտքով շուրջ 2 կմ առաջանալ դեպի Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» կոչվող տարածք՝ սպասելով հետագա հրահանգներին: Ըստ մեղադրանքի՝ իրենց երթուղին եւ վերջնակետի վայրը ուղեկցողների հետ քննարկելու եւ այդ տեղեկությունը նրանց հասու լինելու հանգամանքը պարզելու փոխարեն Արսեն Աբգարյանն անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ՝ հետամուտ չի եղել եւ ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել մարտական կանոնադրության մի շարք պահանջներ, չի իրականացրել ավագ պետի առաջադրած խնդրի ճիշտ պարզաբանում, ընդունված որոշման հաստատակամ կենսագործման ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել, ինչի հետեւանքով ուղեկցողներ Համբարձում Փարամազյանը եւ Սյունիք սովխոզի ինքնապաշտպանական ջոկատի կամավորական Արման Նուրիջանյանը ճիշտ չեն ընկալել անձնակազմին նախանշված վայր հասցնելու հանգամանքը։ Արդյունքում, ուղեկցող Արման Նուրիջանյանը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի ղեկավարած խմբին ոստիկանական վերոնշյալ հենակետի մոտ իջեցնելու եւ այնտեղից «Կիրի հանք» կոչվող տարածք ոտքով ուղեկցելու փոխարեն անձնակազմին ուղեկցել է մինչեւ Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ անձնակազմն ընկել է վերը նկարագրված շրջափակման մեջ՝ անհավասար մարտի պայմաններում տալով զոհեր եւ վիրավորներ։ Արսեն Աբգարյանի մեղադրանքի մյուս դրվագը վերաբերում է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը առերեւույթ կոծկելուն։ Մասնավորապես, Աբգարյանը 2020 թ․ հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ N զորամասի 146 զինծառայողների, այդ թվում՝ պայմանագրային զինծառայող, ենթասպա Գեւորգ Նշանյանի հետ միասին մեկնել է Ագարակ քաղաքում տեղակայված զորամասի մշտական տեղակայման վայր: Օրեր անց՝ հոկտեմբերի 11-ին, Գեւորգ Նշանյանը դիմել է Արսեն Աբգարյանին՝ խնդրելով թույլատրել մեկնել ՀՀ մարզերի դիահերձարաններ՝ պատերազմական գործողությունների հետեւանքով զոհված ազգականի՝ Գեղամ Էդուարդի Մեսրոպյանի դին գտնելու եւ հուղարկավորելու համար։ Արսեն Աբգարյանը, ըստ մեղադրանքի, իր վերադաս ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վարդան Նշանյանին հաճոյանալու եւ նրա վստահությունը շահելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը եւ նույն օրը ենթասպա Գեւորգ Նշանյանին թույլատրել է դուրս գալ զորամասի մշտական տեղակայման վայրից՝ նշված փաստը որեւէ կերպ չհրամանագրելով։  Դրանից հետո, ըստ մեղադրանքի, տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող մայոր Սարգիս Կուլակչյանի միջոցով զորամասի համալրման բաժանմունքի պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին հանձնարարել է Գեւորգ Նշանյանին հետագայում հրամանագրել որպես զորամասի հիմնական կազմի այլ զինծառայողների հետ մարտական ծառայությունից հերթափոխով զորամաս վերադարձած զինծառայողի։ Արսեն Աբգարյանը նույնպես դատարանում մեղադրանքը չի ընդունել։ Նրա պաշտպանից, սակայն, մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, քանի որ նախորդ դատական նիստին վերջինս փոխվել է, եւ այս պահին մեզ հայտնի չէ նոր պաշտպանի անունը։ Սարգիս Կուլակչյանի ցուցումի հետեւանքով, ըստ մեղադրանքի, խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Սարգիս Կուլակչյանի մեղադրանքը վերաբերում է միայն Գեւորգ Նշանյանի դրվագին․ նա մեղադրվում է Արսեն Աբգարյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն օժանդակելու մեջ (2003 թ․ ՔՕ–ի 38-375-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Ըստ մեղադրանքի՝ Էլլադա Հարութունյանը Սարգիս Կուլակչյանի ցուցումով 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Գեւորգ Նշանյանին հրամանագրել է որպես զորամասի հիմնական կազմի թվով 16 այլ զինծառայողների հետ մարտական ծառայությունից զորամաս վերադարձած զինծառայողի, որի հետեւանքով ամբողջությամբ չեն կատարվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հոկտեմբերի 7-ի մարտական կարգադրության պահանջները, խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը եւ զորամասի առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծումը, ինչն էլ իր հերթին էական վնաս է պատճառել ծառայության բնականոն շահերին։ Մեր զրույցում Կուլակչյանի պաշտպան Մարտին Մարտիկյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը դատարանում մեղքը չի ընդունել։ Ըստ նրա՝ Կուլակչյանի մեղադրանքը իրավաբանորեն պարզ չէ, այդ թվում՝ այն առումով, թե ինչ եղանակով է նա օժանդակել հրամանատարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։ Ըստ մեղադրանքի՝ Էլլադա Հարությունյանը պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություն է ներառել ՌՔԿՊ զորքերի պետ Վարդան Նշանյանի որդու մասին ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանի մեղադրանքը եւս վերաբերում է միայն Գեւորգ Նշանյանի դրվագին․ նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (2003 թ․ ՔՕ–ի 314-րդ հոդվածի 1-ին մաս) Համաձայն մեղադրական եզրակացության՝ զորամասի մշտական տեղկայման վայրը լքելուց օրեր անց՝ հոկտեմբերի 16-ին, Էլլադա Հարությունյանը զորամասում հանդիպել է նրան եւ հետաքրքրվել վերադառնալու պատճառների մասին: Այդ ժամանակ պարզել է, որ վերջինս պատերազմական գործողության հետեւանքով զոհված հարազատի դին ՀՀ մարզերի   դիահերձարաններում փնտրելու եւ այն հուղարկավորելու նպատակով զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի թույլտվությամբ է վերադարձել, որի մասին տեղյակ է եղել նաեւ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող, մայոր Սարգիս Կուլակչյանը: Նույն օրը Էլլադա Հարությունյանը Գեւորգ Նշանյանին որպես ՀՀ ՊՆ N զորամասի մշտական տեղակայման վայր վերադարձած զինծառայող հրամանագրելու հարցը պարզելու նպատակով դիմել է մայոր Սարգիս Կուլակչյանին, որը, խոսելով զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի հետ, Էլլադա Հարությունյանին փոխանցել է վերջինիս հանձնարարությունը, որ պետք է սպասել, որեւէ գործողություն չձեռնարկել։  Դրանից մի քանի օր անց էլ՝ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին, մայոր Սարգիս Կուլակչյանը Էլլադա Հարությունյանին հանձնարարել է Գեւորգ Նշանյանին հրամանագրել որպես հիմնական անձնակազմի հետ մարտական ծառայությունից վերադարձած զինծառայողի, որից հետո Հարությունյանը զորամասի հրամանատարի հրամանների հրամանագրքում կատարել է իրականությանը չհամապատասխանող՝ ակնհայտ կեղծ գրառում առ այն, որ Գեւորգ Նշանյանը զորամասի մշտական տեղակայման վայր է վերադարձել 2020 թվականի հոկտեմբերի 24-ին՝ զորամասի հիմնական անձնակազմի հետ միասին։  Էլլադա Հարությունյանը եւս առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Մեր զրույցում նա պատմեց, որ դատարանում հայտնել է, որ ինքը որեւէ կեղծիք չի արել․ «Ես տեղյակ չեմ եղել, որ հոկտեմբերի 11-ից Նշանյանը գտնվել է Էջմիածնում, նրան պատահական տեսել եմ հոկտեմբերի 16-ին ու ինձ  ոչ մի հանձնարարական չի տրվել, ինչպես իրենք են ցուցմունքներում ասում, ես ինքս եմ հարց բարձրաձայնել, թե ի՞նչ գործ ունես դու այստեղ կամ սա օրինակա՞ն է, պե՞տք է հաշվառվի թե՞ ոչ»։  Հարությունյանի խոսքով՝ ի պաշտոնե ցուցմունք տալու համար իրեն ստիպել են ընդհուպ մինչեւ զեկուցագիր գրել ու ազատվել  պաշտոնից, որը ինքը արել է․ «Եվ բաժինը հանձնելիս Գեւորգի կողմից տրված ոչ մի զեկուցագիր չի եղել, ըստ որի՝ ինքը զեկուցագրով է Կապանից ներկայացել, ինչը որ Քննչականում իմ առաջ դրվեց, եթե լիներ նման փաստաթուղթ, էդտեղ կլիներ իմ եւ Կուլակչյանի ստորագրությունը, նման փաստաթուղթ մենք չենք տեսել, հիմք չենք ունեցել հրամանագրելու, եթե հրամանագրեի, էլի պատժի կենթարկվեի, որովհետեւ ես պետք է հիմնավորեի դա որպես համալրման բաժնի պետ․․․ Ես ամեն օր տողանները ստուգել եմ, Գեւորգը ներկա չի եղել զորամասում, իսկ հետագայում էլ՝ դեկտեմբեր ամսին, զորամասի հրամանատարի կողմից ստացել է 160 հզ դրամ խրախուսանք մարտական գործողություններին մասնակցելու համար»,– նշեց Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ արդարությունը կվերականգնվի։   Միլենա Խաչիկյան
17:54 - 06 հունվարի, 2023
Փնտրվում են գիտության 2022 թ․ ֆինանսավորման 10%-ն ու դրա բացակայության պատասխանատուն

Փնտրվում են գիտության 2022 թ․ ֆինանսավորման 10%-ն ու դրա բացակայության պատասխանատուն

Հայաստանի այս տարվա բյուջեում նշված էր, որ  գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումներից մեկի շրջանակում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման համար ԵՄ-ն պետք է 2,5 միլիարդ դրամ հատկացներ։ ԵՄ դրամական միջոցները, սակայն, հասանելի չեն եղել, ինչի պատճառով միջոցառումը փաստացի չի իրականացվել։ Ո՛չ վարչապետի աշխատակազմը, ո՛չ ԿԳՄՍ կամ ֆինանսների նախարարությունները չունեն այն հարցի պատասխանը, թե ինչու միջոցառման ֆինանսավորումը չի իրականացվել։ Քանի որ նշված միջոցառումը ներառված էր բյուջեի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրում, որի արժեքն ավելի քան 25 միլիարդ 155 միլիոն դրամ է, ստացվում է, որ ծրագրի համար հատկացվել է ավելի քիչ՝ ավելի քան 22 միլիարդ 650 միլիոն դրամ։   Գիտկոմը տեղյակ չէ՝ միջոցառումն ինչու չի ֆինանսավորվել 2022 թ․ պետական բյուջեում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար պետք է հատկացվեր ավելի քան 25 միլիարդ 150 միլիոն դրամ (տե՛ս բյուջեի 2-րդ հավելված, 1162-րդ տող)։ Ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներից են գիտական ենթակառուցվածքի արդիականացումը,  գիտական և գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտությունները և այլն։ Ծրագրի 11017 միջոցառումը կոչվում է «ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծում»։ Միջոցառման շրջանակում պետք է իրականացվեին գիտական գերազանցության կենտրոնների ստեղծում, համալրում, զարգացում, գիտական սարքավորումների և հետազոտական ենթակառուցվածքների արդիականացում։ Այս ամենի իրականացման համար Եվրամիությունը (ԵՄ) պետք է տրամադրեր 2,5 միլիարդ դրամ։ Մենք հոկտեմբերի 19-ին գրավոր հարցում էինք ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)՝ խնդրելով հայտնել հետևյալը․ նշված միջոցառման շրջանակում գերազանցության քանի՞ կենտրոն է ստեղծվելու, որտե՞ղ և ի՞նչ ժամկետներում,  որքա՞ն գումար է հատկացվելու այդ կենտրոնների ստեղծման համար, որքա՞ն գումար է հատկացվելու գերազանցության կենտրոնների համալրման և զարգացման համար, միջոցառման շրջանակում գիտական ի՞նչ սարքավորումներ են ձեռք բերվելու, ի՞նչ ժամկետներում, հետազոտական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ կոնկրետ ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու և գիտական ո՞ր հաստատություններում, ինչպես նաև այդ նպատակով որքա՞ն գումար է հատկացվելու։ Հարցման պատասխանը ստացանք ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեից։ Կոմիտեն նշել էր հետևյալը․ «2021-2026 թթ. միջոցառումների ծրագրի 27.1 կետով նախատեսված է 2022-2026 թթ․ ընթացքում գիտական կենտրոնները համալրել տարեկան 4-6 գիտական խոշոր սարքավորումներով, այդ թվում՝ նաև ԵՄ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի համաձայն՝ 2022 թ․ համար նախատեսված էր 3 միլիարդ 580 միլիոն ՀՀ դրամ, որի մի մասը՝ 2 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամ, համաձայն ՀՀ պետական բյուջեի 1162 ծրագրի 11017 միջոցառման, նախատեսվում էր տրամադրել նշված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Նախատեսված դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, հետևաբար ծրագիրն այդ մասով չի իրականացվել»։ Գիտկոմից հավելել են, որ բազային ֆինանսավորման 11002 միջոցառման շրջանակներում կազմակերպվել և ամփոփվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը, որի արդյունքում 2 միլիարդ 933 միլիոն դրամ է հատկացվել 15 գիտական կազմակերպության՝ 28 հայտով ներկայացված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար։ Կոմիտեն, սակայն, չի տիրապետում տվյալների, թե ինչու չի ֆինանսավորվել 11017 միջոցառումը։   Վարչապետի աշխատակազմը վերահասցեագրում է Ֆիննախ, Ֆիննախը՝ փոխվարչապետի աշխատակազմ Մենք նոյեմբերի 22-ին հարցմամբ դիմեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել հետևյալ հարցերը․ ի՞նչ պատճառներով ԵՄ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, ԵՄ-ն միջոցները ՀՀ-ին չի՞ տրամադրել, թե՞  տրամադրել է, սակայն ՀՀ կառավարությունը որոշել է դրանք այլ ուղղությամբ  ծախսել, ինչո՞ւ է նշված միջոցառումը ներառվել ՀՀ պետական բյուջեում, եթե ՀՀ  կառավարությունը չէր կարողանալու ապահովել ԵՄ դրամաշնորհային  միջոցների հասանելիությունը, արդյո՞ք ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիրն ի  վերջո հասանելի լինելու է 11017 միջոցառումն իրականացնելու համար,  եթե դրամաշնորհային ծրագրի միջոցները հասանելի չեն լինելու, ի՞նչ միջոցներով է իրականացվելու 11017 միջոցառումը։ Վարչապետի աշխատակազմից հարցումը վերահասցեագրվել էր Ֆինանսների նախարարություն, որտեղից էլ դեկտեմբերի 13-ին պատասխան ստացանք։ Ինչպես նախորդ երկու դեպքերում, այս անգամ էլ մեր հարցի պատասխանը բացակայում էր։ «Դրամաշնորհային միջոցների ներգրավման ուղղությամբ Եվրոպական միության հետ աշխատանքները տարվում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից, իսկ պետական բյուջեում ներառված՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող առանձին ծրագրերի առաջարկները ներկայացվել են համապատասխան ճյուղային նախարարությունների կողմից: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից աշխատանքներ են տարվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ՝ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված ծրագրերի, ընթացիկ և առաջիկա տարիներին ԵՄ-ի կողմից դրամաշնորհային ֆինանսավորման ենթակա առաջնահերթ ուղղությունների համապատասխանեցման և հստակեցման ուղղությամբ»:   Արդյո՞ք հարցի հասցեատերն, այնուամենայնիվ, ԿԳՄՍՆ-ն է Ֆիննախից մեզ առաջարկել էին դիմել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Այս թեմայով արդեն երրորդ հարցումը դեկտեմբերի 13-ին ուղարկեցինք փոխվարչապետի գրասենյակ։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից էլ պատասխաեցին, որ հարցումը վերահասցեագրվել է  ԿԳՄՍՆ՝ «հաշվի առնելով, որ նշված ծրագիրը գտնվում է նախարարության համակարգման ոլորտում»: Հիշեցնենք, որ մենք հարցումն ի սկզբանե ուղարկել էինք հենց ԿԳՄՍՆ, որտեղից մեր հարցի պատասխանը չէինք ստացել։ Այժմ սպասում ենք ԿԳՄՍՆ նոր պատասխանին, որը ստանալուն պես կհրապարակենք։ Այսպիսով, պետական գերատեսչությունները չունեն այն հարցի պատասխանը, թե ինչու ԵՄ-ն  չի ֆինանսավորել գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի 11017 միջոցառումը, որի արժեքը 2,5 միլիարդ դրամ է, այսինքն՝ ծրագրի համար նախատեսված ավելի քան 25 միլիարդ 155 միլիոն դրամի մոտ 10%-ը։   Աննա Սահակյան
16:49 - 30 դեկտեմբերի, 2022
«Բնապահպանական ակցիաներին»  մասնակցող ևս մի կառույց է փոխկապակցված Ադրբեջանի իշխանությունների հետ

«Բնապահպանական ակցիաներին» մասնակցող ևս մի կառույց է փոխկապակցված Ադրբեջանի իշխանությունների հետ

Արդեն 10-րդ օրն է, ինչ ադրբեջանցի «բնապահպանները» շարունակում են իրենց «ակցիան» Լաչինի միջանցքում։ Կտրված է Արցախի կապը Հայաստանի հետ, Արցախում որոշ մթերքների պակաս կա, իսկ Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիները չեն կարողանում տուն վերադառնալ։ Մի քանի օր առաջ մենք անդրադարձել էինք «բնապահպանական ակցիաներին» մասնակցող  «Տարածաշրջանային զարգացում» հասարակական կազմակերպությանը, որը փոխկապակցված է Հեյդար Ալիևի հիմնադրամին։ Այժմ կպատմենք «Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միության» մասին, որի կամավորները ևս մասնակցում են «բնապահպանական ակցիաներին»։ Միության կամավորները կապույտ բաճկոններով են (լուսանկարը՝ Trend-ի) Այս միությունը ստեղծվել է 2020 թվականին, ինչպես իրենք են նշում, «Ադրբեջանում կամավորական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»։ Միության հրապարակումներից, իրականացրած միջոցառումների բովանդակությունից ու որոշ անդամների գրառումներից պարզ է դառնում, որ այն պրոիշխանական դիրքորոշում ունի։ Միության նախագահը Յուսիֆ Վալիևն է, որը Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի վարչության պետն է և ակտիվ մասնակցում է Լաչինի միջանցքում անցկացվող «ակցիաներին»։ Տնօրենների խորհրդում է Էլնուր Քալանթարովը, որը Ադրբեջանի Միգրացիոն պետական  ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետն է։ Միության անդամներից է Բախտիար Ռագիմովը, որի ֆեյսբուքյան էջից միանգամից հասկացվում է, որ նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համակիրն է։ Յուսիֆ Վալիևը՝ «բնապահպանական ակցիայի» ժամանակ Միության իրականացրած ծրագրերից մեկը կոչվում է «Վերադարձ կամավորներ»։ Ծրագրի մասին խոսելիս միությունը նշում է, որ «իրենց բանակը գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի գլխավորությամբ հաղթել է Հայրենական պատերազմում, և վերադարձվել են իրենց հողերը»։ Իսկ ծրագրի նպատակն է «աջակցել օկուպացիայից ազատագրված տարածքներում կամավորական գործունեությանը»։  Ինչպես «Տարածաշրջանային զարգացում» ՀԿ-ն, «Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միությունը» ևս առանձնահատուկ վերաբերմունք ունի Արդբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հանդեպ․ միության կամավորները հարգանքի տուրք են մատուցում Հեյդար Ալիևի հիշատակին, այցելում Հեյդար Ալիևի կենտրոն։  Իսկ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևն այս տարի կոչ է հղել Ադրբեջանցի կամավորների 5-րդ համերաշխության ֆորումի մասնակիցներին։ Այս ֆորումն անցկացվել է «Ադրբեջանի կամավորական շաբաթ 2022»-ի շրջանակներում, որը կազմակերպել է հենց «Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միությունը»։ Կամավորական շաբաթի կազմակերպմանն աջակցել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը։ Նույն միջոցառման շրջանակում կամավորներն այցելել են Ադրբեջանի «Ռազմավարի պուրակ», որտեղ հնչեցրել են հետևյալ կոչերը՝ «Ղարաբաղն Ադրբեջան է», «Կեցցե Գերագույն գլխավոր հրամանատարը»։  Այպիսով, «բնապահպանական ակցիաներին» մասնակցող ևս մի կառույց է փոխկապակցված Ադրբեջանի իշխանություններին։   Գլխավոր լուսանկարը՝ «Ադրբեջանի կամավորական կազմակերպությունների միության» ֆեյսբուքյան էջից Աննա Սահակյան
18:58 - 21 դեկտեմբերի, 2022
Ըստ վկայի՝ զորքի մի մասը մի կամավորի ցուցումով է շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ

Ըստ վկայի՝ զորքի մի մասը մի կամավորի ցուցումով է շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ

#Կարճ_ասած Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործով դատարանում երեկ շուրջ 7 ժամ հարցաքննվեցին նույն գումարտակի շարքայիններ Վարուժան Մարգարյանը, Խաչատուր Անախասյանը, Արմեն Երիցյանը, կրտսեր սերժանտ Սամվել Հովասյանը։ Վերջինս մինչ այս դատարան ներկայացած առաջին վկան էր այն անձնակազմից, որը, նահանջի ժամանակ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ առանձնանալով գումարտակից, սխալ ճանապարհով է գնացել, նրա խոսքով՝ մի կամավորի ցուցումով։ Դրա հետեւանքով բազմաթիվ զինծառայողներ, այդ թվում՝ այդ կամավորը, զոհվել են, որոշները վիրավորվել են, որոշներն էլ անհետ կորած են մինչ օրս։ Հովասյանը որոշ մանրամասներ հայտնեց սխալ ուղղությամբ գնացած անձնակազմի շարժի մասին, սակայն նրա ցուցմունքից դարձյալ պարզ չդարձավ, թե ինչու եւ ինչպես էր գումարտակը կիսվել։ Վկա Արմեն Երիցյանն էլ պատմեց, որ նահանջի ժամանակ, երբ վիրավորներին տանում էին՝ մեքենան նստեցնելու, Վահանյանն ասել է՝ չնստեցնեք, ու ինքն է նստել վարորդի կողքին ու մեքենայում եղած վիրավորների հետ հեռացել։ Երիցյանի խոսքով՝ նա վիրավոր եղել է, քանի որ տաբատի ետեւի հատվածում արյուն կար, սակայն իր տպավորությամբ՝ վիճակն այնպիսին էր, որ կարող էր մնալ եւ շարունակել գումարտակի ղեկավարումը։ #Մանրամասն 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարից հարկադրված նահանջ իրականացնելիս Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի մի մասը արդեն գրավված Հադրութ քաղաքի ուղղությամբ է շարժվել գյումրեցի մի կամավորի ցուցումով։ Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ հայտարարեց նույն գումարտակի ջոկի հրամանատարներից կրտսեր սերժանտ Սամվել Հովասյանը։ Սխալ ուղղությամբ շարժվելու հետեւանքով, հիշեցնենք, գումարտակի բազմաթիվ զինծառայողներ զոհվել են, որոշները՝ վիրավորվել, որոշներն էլ անհետ կորած են մինչ օրս։ Քրեական գործով քննության առարկա են ինչպես հիշյալ նահանջի, այդպես էլ դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մանրամասները։ Նահանջը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը, ըստ մեղադրանքի, ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով, անձնակազմին թողել եւ հեռացել: Այժմ ամբաստանյալի աթոռին միայն Վահանյանն է, որը հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, սակայն, դատարանում հարցաքննված այլ սպաների արարքներում էլ են առերեւույթ հանցակազմ տեսել, ինչի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Արդյունքում, Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել պատերազմի ժամանակ իշխանազանցության եւ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Դատարանում գտնվող գործով շուրջ 6 ամիս է՝ հարցաքննությունների փուլն է։ Դատակոչի բազմանդամ ցանկից մինչ այս արդեն իսկ հարցաքննվել է 22 վկա։ Ջոկի հրամանատար Սամվել Հովասյանը մարտական առաջադրանքի է մեկնել առանց իր ջոկի Երեկ հարցաքննված վկա, 5-րդ գումարտակի ջոկի հրամանատարներից կրտսեր սերժանտ Սամվել Հովասյանը, որ 2019 թվականի ամռանն էր զորակոչվել բանակ եւ ճանաչում էր  Իշխան Վահանյանին պատերազմից առաջ էլ, նրան բնութագրեց որպես «շատ վատ սպա»՝ նշելով, որ Վահանյանին ոչ մեկը լուրջ չէր վերաբերվում։ Նա պատմեց, որ պատերազմի ժամանակ Վահանյանին առաջին անգամ տեսել է Հադրութի դպրոցում, որտեղ ժողով է եղել եւ սպայակազմի փոփոխություն։ Այդ ժամանակ գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանը, որ պիտի հանձներ այդ պաշտոնը Իշխան Վահանյանին, վերջինիս հարցրել է՝ պատրա՞ստ է նա գումարտակի հրամանատար լինել, ինչին ի պատասխան՝ Վահանյանը, ըստ վկայի, ասել է․ «Կխոսենք, կջոկենք»։ Այս երկխոսության մասին, հիշեցնենք, դատարանում հարցաքննվելիս փոքր-ինչ այլ կերպ պատմել էր նաեւ Գարիկ Վարդերեսյանը․ «Իմ առաջին հարցը եղել է Վահանյանին, ասել եմ՝ դու պատրա՞ստ ես գումարտակը ղեկավարելու, նա էլ ասել է՝ հա, դու գնա քո գործերով»,– ասել էր նա։ Վկա Հովասյանի խոսքով՝ Վահանյանի հիշյալ պատասխանով պայմանավորված՝ ոչ մեկը չի ուզել նրա հետ դիրքեր բարձրանալ․ «Որոշ մարդիկ նույնիսկ բարձրաձայնեցին այդ մասին, ասացին՝ չենք ուզում էս մարդը մեզ հրամանատար լինի, բայց բանի տեղ չդրեցին, ասեցին՝ սենց վիճակ է, նորմալ է լինելու, խախանդ է լինելու, ձեզ երրորդ–չորրորդ գիծ ենք տանում, ու բարձրացանք սարը»։ Միակ առաջադրանքը, որ ստացել են, սարը բարձրանալն ու տեղակայվելն է եղել, թե ինչ նպատակով, ըստ վկայի, հստակ չի ներկայացվել։  Լուսանկարում՝ վկա Սամվել Հովասյանը Սարում, սակայն, իր ջոկի զինծառայողները ներկա չեն եղել։ Թե ինչու, վկան չկարողացավ պարզաբանել, ասաց՝ գիտեր, որ մի մասը «Չռիկներ»-ում են եղել, սակայն դպրոցում գտնվելու ժամանակ արդեն տեղեկություն չի ունեցել։ -Սերժանտները բավարարո՞ւմ էին, որ Ձեզ անգամ այլ ջոկ չկցեցին,- հետաքրքրվեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։ -Ոնց որ թե՝ չէ,-պատասխանեց վկան։ - Բա ո՞նց էր հնարավոր, որ Ձեր ջոկը Ձեզ հետ չլիներ, այլ ջոկ էլ չկցեին Ձեզ։ -Չգիտեմ, մեզ ոչ մեկը չի ասել՝ էս մարդիկ ձեր հետ են, մարդկանց նստացրել են, բարձրացրել սարը։ -Որպես ջոկի հրամանատար՝ նրանց համար առաջին պատասխանատուն Դուք չէի՞ք։ -Այո։ -Բա ինչո՞ւ չեք կատարել Ձեր պարտականությունները։ -Դպրոցում չեմ կարողացել ջոկ գտնել։ -Այդ մասին զեկուցե՞լ եք։ -Ոչ։ -Կանոնակարգը խախտե՞լ եք։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հանեց հարցը՝ պարզաբանելով, որ վկան չէ որոշողը՝ խախտել է թե ոչ։ Վկայի խոսքով՝ Վահանյանն ասել է՝ կրակեք–կրակեք, ու ինքն իջել է ներքեւ Խուռհատ սարը բարձրանալիս գումարտակը եղել է 250-300 հոգի, բացազատվել են իրարից 2 մ հեռավորության վրա՝ ընդգրկելով մոտավորապես 600 մ բնագիծ։ Սպայական կազմը, Հովասյանի խոսքով, իրենից շատ հեռու է եղել եւ ոչ տեսանելի։ Մեկ օր մնացել են տեղակայված դիրքերում, իսկ հաջորդ օրը՝ ժամը 10-ի մոտակայքում, թփերի տակից ձայներ են լսել․ «Քանի որ կապի միջոց չի եղել (թե ինչու, վկային հայտնի չէր,–հեղ․), զինծառայողներով իրար ասել ենք՝ որ մեկդ հասնի հրամանատարներին, ասեք՝ սենց վիճակ է, հետո մեզ էլ հասցրին զինվորները, որ էդտեղ մեր հետախույզներն են, հանկարծ չկրակենք, դրանից մեկ ժամ հետո հարձակումը սկսվեց»։ Այդ ժամանակ, ըստ վկայի, Վահանյանն ասել է՝ կրակեք–կրակեք, ու ինքն իջել է ներքեւ․ թե ուր եւ ինչ նպատակով, վկան չգիտեր։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ նա տեղյա՞կ էր, թե ում կամ ուր կրակեք, վկան ասաց․ «Երեւի թե ոչ․ դե որ մարդ անկապ ասի՝ կրակեք, ոչ ուղղություն ցույց տա, ոչ բան․․․» Վկան դժվարացավ հստակ ասել՝ Վահանյանը իսկապես վիրավորվե՞լ էր թե՞ հենց այնպես թողնում էր մարտադաշտը։ Ամեն դեպքում, նշեց, որ այդ հատվածում հնարավոր չէր բեկորային վնասվածք ստանալ, մինչդեռ ըստ գործում առկա բժշկական տեղեկանքների՝ Վահանյանն այդ օրը բեկորային վիրավորում է ստացել։ Ըստ Հովասյանի՝ զորքի մի մասը մի կամավորի ցուցումով է շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ Գումարտակի հրամանատարի հեռանալուց հետո, երբ այլեւս ի վիճակի չեն եղել դիմակայելու եւ հարկադրված նահանջ են իրականացրել, մեծամասնությամբ հավաքվել են սարի ներքեւում՝ ճանապարհի վրա, որտեղ եղել են նաեւ կամավորականներ, այդ թվում՝ գյումրեցի մի ծեր մարդ։ Հարցին՝ այդ ժամանակ փորձեցի՞ն հետաքրքրվել՝ ուր է իրենց գումարտակի հրամանատարը, վկան բացասական պատասխան տվեց՝ ասելով․ «Նենց շոկային իրավիճակ էր, անձամբ ես չէի կարողանում ինչ-որ բան խոսել»։  Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Հովասյանի խոսքով՝ վաշտերի հրամանատարներ Հայկազ Գրիգորյանի եւ Վազգեն Վարդանյանի ղեկավարությամբ միաշարասյուն սկսել են բարձրանալ հարակից սարի գագաթը, որտեղ գտնվում էր 3-րդ գումարտակը, եւ սպաները, ըստ ամենայնի, ցանկանում էին միանալ նրանց, ինչը, սակայն, այդպես էլ չհաջողվեց․ ինչ–որ մի պահի անձնակազմը կիսվեց, թե ինչպես, ըստ վկայի՝ անհասկանալի մնաց նաեւ իր համար։ Արդյունքում, անձնակազմի մի մասը՝ մոտ 100 հոգի, այդ թվում՝ ինքը, մնացին կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ։ Թե ինչպես են մյուս հրամանատարները, այդ թվում՝ Վազգեն Վարդանյանն ու Հայկազ Գրիգորյանը, իրենցից առանձնացել, վկան չի տեսել․ «Ես չհասկացա՝ ոնց եղավ, բայց ոնց որ կիսվեց անձնակազմը, մենք էդտեղ մի քիչ մնացինք, 3-րդ գումարտակի ժողովրդից, որ վիրավորներին էին տանում, ասացին՝ առաջ չգաք, նստեք, հեսա կհասկանանք՝ ինչ ենք անում, մենք էլ էդտեղ նստեցինք, մի քանի րոպե հետո կամավորականը եկավ»։ Այդ կամավորականն էլ հենց, ըստ վկայի, իրենց ասել է, որ պետք է շարժվեն Հադրութի ուղղությամբ, որը, փաստորեն, սխալ ճանապարհն է եղել․ «Եկավ, ասաց՝ Հադրութի դպրոցում ավտոներ կան, մեզ ասել են՝ պիտի մի ձեւ, սուս–փուս իջնենք Հադրութի դպրոց, էդտեղ ով կար, իր հետեւից իջել ենք դեպի Հադրութ»։ Հարցին՝ Հադրութի ուղղությամբ գնալիս իրենք չգիտեի՞ն, որ հակառակորդն արդեն այնտեղ է, վկան սկզբում բացասական պատասխան տվեց, ապա ասաց․ «Տեղյակ էինք, բայց չէինք պատկերացնում, որ էդ թվով կլինեն»։ Ճանապարհին, ըստ վկայի, կամավորականը զանգել է Իշխան Վահանյանին, բարձրախոսով խոսել, ասել՝ ո՞ւր ես, զորքդ շրջափակման մեջ է, ինչին ի պատասխան՝ Վահանյանը, առանց որեւէ ուղղություն հուշելու, ասել է․ «Ես վիրավոր եմ, իջնում եմ ներքեւ»։ Հարցին՝ դրան պատասխան չհնչե՞ց, վկան պատասխանեց․ «Հնչեց, բայց ցենզուրայից դուրս է»։  Դրանից հետո իրենց հետ գտնվող հրամանատար Հովհաննես Մուրադյանը եւ շարքային Սարգիս Ղուկասյանը, այդ գյումրեցի կամավորականի առաջնորդությամբ, իջել են՝ ճանապարհը նայելու, հասկանալու՝ նորմալ է թե չէ, ապա վերադարձել եւ ցուցում են տվել՝ շշուկով իջնել։ Իջնելու ճանապարհին խրամատ են տեսել, թաքնվել դրա մեջ եւ այդ ընթացքում նկատել են, որ կամավորականը վիրավոր ընկած է (հետագայում զոհվել է,-հեղ․)։ Կրակոցներն ուղղվել են խրամատի ուղղությամբ, որի ժամանակ էլ գլխին ստացած կրակոցից զոհվել է միակ հրամանատար Հովհաննես Մուրադյանը․ «Հովոյին որ խփեցին, էլ չգիտեինք՝ ինչ անել, միակ բանը, որ մնում էր, բոլորով թռնեինք ձորի մեջ․․․ Ձորում էլի կրակոցներ սկսվեցին մեր վրա, եւ անձնակազմը արդեն ցրվեց»,– պատմեց վկան՝ հավելելով, որ 13 հոգով, այդ թվում՝ ինքը, Սարգիս Ղուկասյանը եւ Գեւորգ Գասպարյանը, միասին են եղել։  Հետագայում իրենց այդ խմբով էլ են ընկել շրջափակման մեջ, զոհեր, վիրավորներ ունեցել։ Գասպարյանը զոհվել է, իսկ Ղուկասյանը անհետ կորած է մինչ օրս։ Հեռախոսով կապվել են իրենց գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանի հետ, որը մի քանի հեռախոսահամար է փոխանցել ճանապարհ հարցնելու համար։ Զանգահարել են, բացատրել իրենց տեղը, վերջիվերջո փրկվել։ Լուսանկարում՝ ձախից Արսեն Ղուկասյանը Վկայի հարցաքննությունից հետո նրան հարցեր հղեց դահլիճում գտնվող մեկ այլ վկա՝ Արսեն Ղուկասյանը, որը հիշյալ անհետ կորած Սամվել Ղուկասյանի հորեղբայրն է։  -Պատերազմից հետո որտե՞ղ ես շարունակել ծառայությունդ,- հարցրեց նա։ -Դուցի զորքի հետ,- պատասխանեց վկան։ -Հարգելի՛ դատարան, ես կարող եմ բերել 11 վկաների, որոնք ասում են, որ ինքը հոր հետ անձնակազմի մեքենայով փախել է ու ամիսներ անց հայտնվել Լուսակերտի զորամասում,- հայտարարեց Ղուկասյանը՝ հետաքրքրվելով վկայից՝ եղե՞լ է նման բան։ -Ոչ, -պատասխանեց վկան։ Շարքային Արմեն Երիցյանի խոսքով՝ սարից իջնելիս Վահանյանի տաբատը արյունոտ է եղել Հարցաքննված հաջորդ վկան շարքային Արմեն Երիցյանն էր, որը պատմեց, որ Խուռհատ սարում հարձակման օրը Վահանյանին երկու անգամ է հանդիպել։ Առաջինը այն ժամանակ էր, երբ ինքը վիրավորներին սարից իջեցնելիս է եղել․ «Վահանյանն ասաց՝ գնացեք առաջ, դիրքավորվեք նորից, դուխով բոյ տվեք»,- նշեց վկան։ Հաջորդ անգամ, ըստ նրա, մեկ էլ նահանջի ժամանակ է հանդիպել․ «Բնագծից մոտ 500 մետր իջանք դեպի ճանապարհ, վիրավորներին տանում էինք էլի, որ նստեցնենք «Ուրալ», շուտ իջեցնեն, մեքենաների մոտ հանդիպել ենք Վահանյանին, ես ուզել եմ նստեցնել վիրավորներին, ինքը ասել է՝ չնստեցնեք, ինչ պատճառով՝ չգիտեմ, էլի ավտոներ կային, բայց էդ մեկն էր խոդի, մյուսները կամ խարաբ էին կամ վարորդ չկար, ասաց՝ չնստեցնեք, ու ինքը նստեց վարորդի կողքին ու գնաց»,- պատմեց վկան՝ հավելելով, որ մի քանի վիրավորի տարավ իր հետ։  Լուսանկարում՝ վկա Արմեն Երիցյանը Վկայի խոսքով՝ իր տպավորությամբ՝ Վահանյանը վիրավոր էր․ տաբատի ետեւի հատվածում արյուն կար։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ իսկ իր տպավորությամբ՝ նա ի վիճակի՞ էր մնալ եւ շարունակել գումարտակի ղեկավարումը, վկան դրական պատասխան տվեց։ Նաեւ նշեց՝ իր ներկայությամբ այլ սպային պարտականությունների փոխանցում կամ կապի միջոցի հանձնում չի եղել։ Հարցին՝ իրենց բարոյահոգեբանական վիճակը փոփոխության ենթարկվե՞ց, երբ տեսան, որ գումարտակի հրամանատարը հեռանում է, վկան դրական պատասխան տվեց․ «Որ մեր հրամանատարը չի ուզում ղեկավարի մեզ, որ ճիշտ ձեւ մարտ մղենք, մենք էլ ընկնում ենք խուճապի մեջ, էլ չենք կարա բոյ անենք»,- ասաց նա՝ հավելելով, որ մնացած վիրավորներին ի վերջո այլ մեքենայով կարողացել են ճանապարհել։ -Ի՞նչ տեղի ունեցավ Վահանյանի հեռանալուց հետո,- հարցրեց դատախազը։ -Այդտեղից զորքը բաժանվել է տարբեր մասերի, ցրված է եղել, տարբեր ուղղություններով գնացել, մենք՝ մոտ 40 հոգով, Հայկազի հետ բարձրացել ենք ճանապարհով, իսկ սկզբում իջածները գնացել են դեպի Հադրութ։ -Երբ հավաքվել եք, տեղյակ եղե՞լ եք՝ Հադրութում հակառակորդն է թե յուրային զորքը։ -Մեր դիմացն էր, մենք տեսնում էինք, որ հակառակորդը Հադրութում կռիվ էր տալիս մեր այլ զորքի հետ։ -Բա եթե Հադրութում մարտեր էին, ո՞րն էր տրամաբանությունը, որ զորքի մի մասը, դա տեսնելով, գնացել է էդ ուղղությամբ,- հետաքրքրվեց մեղադրողը։ -Չգիտեմ,- պատասխանեց վկան՝ նշելով, որ իրենց հետ գտնվող հրամանատար Հայկազ Գրիգորյանը ճանապարհին կապ է հաստատել Հադրութի ուղղությամբ գնացած սպա Հովհաննես Մուրադյանի հետ, փորձել հասկանալ նրանց տեղը, վերամիավորել զորքը, սակայն հեռախոսի լիցքավորումը վերջացել է, եւ կապը ընդհատվել է։ Թե ինչու էր զորքը առանց կապի միջոցների, վկան հստակ չգիտեր, ասաց՝ որքան հիշում է, լիցքավորման խնդիր է եղել։ Հիշեցնենք՝ նախորդ նիստերին հարցաքննված սպա Արսեն Ղարիբյանը հայտարարել էր, որ վաշտերի եւ դասակների հրամանատարներն իրենց մոտ ռադիոկապ չեն ունեցել, քանի որ մինչեւ սարը բարձրանալը տվել են՝ լիցքավորման դնելու եւ այլեւս հետ չեն ստացել․ այն հատվածը, որտեղ գտնվել են մարտկոցները, հրետակոծության է ենթարկվել։  40 հոգանոց խումբը, ըստ Երիցյանի, դարձյալ հարձակման է ենթարկվել՝ ընկնելով շրջափակման մեջ․ «40 հոգով գնում էինք, որ մեզ պիտի դիմավորեին, մեր դիմաց 6 թուրք դուրս եկավ, կամ 6-ն էին, կամ ավելի, չգիտեմ, էդքանին ենք տեսել, հարձակվել են մեր վրա ու․․․ Ով հասցնում, իջնում է, ով չէ, զոհվում է, մենք էլ՝ 3 հոգով, մնում ենք էդտեղ, շրջափակման մեջ, սպասում ենք՝ մութը ընկնի․․․ Լույսը բացվում է, շարժվում ենք, հանդիպում սպեցնազի տղերքին, իրենց հետ դուրս գալիս Խնձորեսկ»։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը -Բա հրամանատարը չփորձե՞ց միջոց ձեռնակել ձեզ իր հետ տանելու համար,- հետաքրքրվեցին դատավարության մասնակիցները։ -Չէ․․․ Որ հարձակվել են, հրամանատարները թողել, իջել են, զորքից մի քանի հոգի մի քանի րոպե կռիվ է տվել,- պատասխանեց վկան՝ նշելով, որ նրանցից ոչ ոք հետ չի եկել՝ օգնության։ -Հնարավո՞ր էր, որ կրակոցի ձայները չլսեին, այդքան հեռո՞ւ էին։ -Չէ։ -Իսկ տեղյա՞կ էին, որ դուք հետ եք ընկել։ -Երեւի մտածել են՝ զոհվել ենք,- եզրակացրեց վկան։ Ըստ Վարուժան Մարգարյանի՝ Վահանյանն իր հեռախոսը վերցրել ու այլեւս չի վերադարձրել Դատարանում ցուցմունք տալով՝ շարքային Վարուժան Մարգարյանը պատմեց, որ գումարտակի նորանշանակ հրամանատար Իշխան Վահանյանի հրամանով բարձրացել են Խուռհատ սարը, դիրքավորվել։ Մեկ օր անց նկատել են, որ հակառակորդը մեքենաներով մոտենում է, սակայն որեւէ հրաման չեն ստացել․ «Առավոտյան արդեն «Ալլահ ագբար» գոռացին, ու սկսվեց հարձակումը, շատերի զենքը արդեն չէր կրակում, փամփուշտները պրծնում էին, տեսնում էինք՝ սաղին փռում են, մի ահավոր երեւույթ»։ Վահանյանի հրամանով սկսել են կրակել, բայց թե հետո նա ինչպես է հեռացել, վկան չի տեսել։ Ասաց՝ այլ զինծառայողներից է լսել այդ մասին, ենթադրյալ վիրավորման մասին էլ, ըստ նրա, դատարանում իմացավ։ Լուսանկարում՝ վկա Վարուժան Մարգարյանը Մարգարյանի խոսքով՝ նահանջի հստակ հրաման չի եղել, այդ խառը իրավիճակում տեսել է՝ բոլորը իջնում են, ինքն էլ է իջել։ Հավաքվել են եւ կապիտան Հայկազ Գրիգորյանի ղեկավարությամբ միաշարասյուն սկսել քայլել․ «Մեր վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանն ասում էր՝ մի խառնվեք, մի շարայսուն կազմեք, ինքը ինչքան կարողանում էր, մեզ պահում էր, որ սնարյադը չխփի, ու տենց շարասյունով քայլել ենք»,- պատմեց վկան՝ հավելելով, որ ի վերջո դուրս են եկել Կարմիր շուկա։ Մարգարյանը եւս չկարողացավ պարզաբանել, թե ինչպես է զորքի մի մասը Հովհաննես Մուրադյանի հետ առանձնացել մյուսներից կամ ինչպես է ստացվել, որ սպաները ռադիոկապ չեն ունեցել․ «Նույնիսկ իմ հեռախոսը Վահանյանը վերցրեց, լիքը զարյադկով, ասաց՝ ավտոյի մեջ լիցքավորման կդնեմ, հետ կտամ, բայց առանց կապ թողեց ինձ, մինչեւ հիմա չգիտեմ՝ հեռախոսս ուր է»։ Վկա Խաչատուր Անախասյանը նշեց, որ տեսել է՝ ինչպես է թշնամին Վահանյանի ոտքերի ուղղությամբ կրակել Երեկ հարցաքննված վերջին վկան Խաչատուր Անախասյանն էր, որին դատարանը նախորդ նիստին բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հայտնեց, որ մյուս վկաներին, որոնց վերաբերյալ եւս որոշում էր կայացրել, բերման ենթարկելու հնարավորություն առայժմ չկա, քանի որ նրանք Արցախի Հանրապետությունից են, իսկ Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը, ինչպես հայտնի է, մինչ օրս փակ է։  Անախասյանը պատմեց, որ ինքը տեսել է, թե ինչպես է հակառակորդը Վահանյանի ոտքերի ուղղությամբ կրակում, սակայն բուն վիրավորվելը չի տեսել, ասաց՝ զինծառայողներից է լսել, որ կրակոցից ինչ-որ բան անդրադարձել է ու դիպել նրան։ Ամեն դեպքում, վկան եւս հավանական չհամարեց այդտեղ բեկորային վնասվածք ստանալը։ Դրանից հետո, ըստ վկայի, ինքը տեսել է, որ Վահանյանը նստել է «Վիլիսն» ու մեկ վիրավոր իր հետ տանելով՝ հեռացել։ Լուսանկարում՝ վկա Խաչատուր Անախասյանը Անախասյանի խոսքով՝ Վահանյանի հեռանալուց մոտ 4 րոպե հետո սպա Հայկազ Գրիգորյանն է նահանջի հրաման տվել, ասել՝ զորքը ջախջախվում է, նահանջ տանք, գնանք։ Դրանից հետո Անախասյանը այն խմբի հետ է եղել, որը ղեկավարել է հենց Գրիգորյանը։ Թե ինչպես են մյուսները առանձնացել իրենցից, նա եւս չգիտեր։ -Բա հարց չառաջացա՞վ՝ մյուսները ուր մնացին։ -Հիմա էլ է էդ հարցը առաջանում, բայց չգիտեմ,- պատասխնեց վկան։ Հարցաքննությունների ավարտին դատավոր Ջոն Հայրապետյանը որոշեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել պատշաճ ծանուցված եւ չներկայացած այլ վկաների, մասնավորապես, Արմեն Քարամյանին, Վարազդատ Հովհաննիսյանին, Մոնթե Պողոսյանին, Վլադիկ Բարսեղյանին։ Հաջորդ նիստը նշանակվեց 2023 թ․ հունվարի 18-ին։   Գլխավոր լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը Միլենա Խաչիկյան
18:35 - 20 դեկտեմբերի, 2022
Արայիկ Հարությունյանը չի ասել, որ 2021 թ․ Արցախում ապրել է 35 հազար հայ․ ադրբեջանցի դիվանագետը ստում է

Արայիկ Հարությունյանը չի ասել, որ 2021 թ․ Արցախում ապրել է 35 հազար հայ․ ադրբեջանցի դիվանագետը ստում է

Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ, Կանադայում և Չեխիայում Ադրբեջանի նախկին դեսպան Ֆարիդ Շաֆիևը երեկ թվիթ է արել՝ գրելով․ «Ըստ Ղարաբաղի հայության առաջնորդի՝ 2021 թվականին Ղարաբաղում ապրել է 35 հազար հայ»։ «Ղարաբաղի հայության առաջնորդ» ասելով՝ ադրբեջանցի դիվանագետը նկատի ունի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։  Կից Շաֆիևը նաև Արայիկ Հարությունյանի ելույթի սղագրությունից սքրինշոթ է հրապարակել, որտեղ ընդգծել է Արայիկ Հարությունյանի ուղիղ խոսքը․ «Ինչպե՞ս եք պատկերացնում 35 000 քաղաքացիների սոցիալական և կենցաղային խնդիրների լուծումն առանց Հայաստանի հետ փոխգործակցության։ Նման խնդիրների պատճառով մենք Մարտակերտի և Շահումյանի մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների զրկել ենք մեր երկրում ապրելու հնարավորությունից»։ Այս սքրինշոթը armeniasputnik.am–ի՝ 2021 թ․ հունիսի 22-ի հրապարակումից է։ Մեջբերումը Արցախի նախագահի՝ Վերածննդի հրապարակում ունեցած ելույթից է (ամբողջական ելույթը կարող եք լսել այստեղ)։ Ելույթի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ հարաբերությունների համատեքստում Հարությունյանն իրոք խոսել է 35 000 քաղաքացիների սոցիալական և կենցաղային խնդիրների լուծուման մասին, սակայն նրա խոսքը բնավ չի վերաբերում 2021-ի դրությամբ Արցախի Հանրապետության բոլոր բնակիչներին։  44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի որոշ տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության ներքո, այդ տարածքների բնակիչները տեղահանվեցին իրենց տներից։ 2020-ի նոյեմբերին ՀՀ կառավարությունը հաստատեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը։ Կառավարությունն այն ժամանակ հայտնել էր, որ նախնական գնահատմամբ այդ ծրագրով 300 000-ական դրամ աջակցություն է ստանալու 30-35 հազար արցախցի։  Արցախի Ազգային ժողովի՝ 2021-ի փետրվարի նիստերից մեկի ընթացքում Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի այն ժամանակվա նախարար Մանե Թանդիլյանը խոսել էր 35 հազար տեղահանվածի համար նախատեսված 300 000-ական դրամ աջակցության մասին։ Այսպիսով, տեսնում ենք, որ Արայիկ Հարությունյանը, խոսելով 35 000 քաղաքացիների սոցիալական և կենցաղային խնդիրների լուծման մասին, նկատի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախցիներին։ Իսկ ադրբեջանցի դիվանագետը ակնհայտ կեղծիք է տարածում՝ ասելով, թե ըստ Արայիկ Հարությունյանի՝ 2021 թվականին Արցախում ապրել է 35 հազար հայ։ Վերջին տվյալներով Արցախի Հանրապետությունում 120 000 հայ է ապրում, և սա այն դեպքում, երբ պատերազմից հետո տեղահանված ոչ բոլոր Արցախցիներն են վերադարձել այնտեղ։ Գլխավոր լուսանկարում՝ Ֆարիդ Շաֆիևը Աննա Սահակյան
16:31 - 20 դեկտեմբերի, 2022
Արդյո՞ք Պարենի համաշխարհային ծրագիրը կարող է սնունդ հասցնել շրջափակված Արցախին

Արդյո՞ք Պարենի համաշխարհային ծրագիրը կարող է սնունդ հասցնել շրջափակված Արցախին

Արդեն իններորդ օրն է, ինչ Ադրբեջանն արգելափակված է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Չնայած Արցախում սով չի սկսվել, բայց որոշ մթերքների, օրինակ՝ կարտոֆիլի, կաթնամթերքի, մանկական կերի պակաս կա։ Բացի այդ՝ պարզ չէ, թե որքան ժամանակ ճանապարհը կշարունակվի փակ մնալ, և դեռ որքան կարող է դիմակայել Արցախը շրջափակման պայմաններում։   Ի՞նչ է Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը երկու օր առաջ ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով, որ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Պարենի համաշխարհային ծրագիրն Արցախի իրավիճակում հայտնված ժողովուրդներին պարենով է ապահովում։  Պարենի համաշխարհային ծրագիրը սննդով է ապահովում այն տարածքների բնակիչներին, որոնք պատերազմների, կոնֆլիկտների, կլիմայի փոփոխության կամ այլ պատճառներով սննդի խնդիր ունեն, և որտեղ սով է տիրում։ «Աշխարհի սովյալների 60 տոկոսն ապրում է այն գոտիներում, որոնք տուժել են հակամարտությունից, ինչը սովի 10 վատագույն ճգնաժամերից 8-ի հիմնական պատճառն է (ինչպես, օրինակ, Եմենում, Հարավային Սուդանում, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Սիրիայում)»,- ասվում է կառույցի կայքում։ Պարենի համաշխարհային ծրագրի (այսուհետ՝ ՊՀԾ) կայքում նշվում է, որ ՊՀԾ-ն կենսական սնունդ է մատակարարում ռազմական գործողությունների հետևանքով թակարդում հայտնված կամ տեղահանված մարդկանց, որտեղ էլ որ նրանք լինեն․ «Տեղացի գործընկերների օգնությամբ մենք հասնում ենք կարիքավորներին նույնիսկ ամենահեռավոր շրջաններում՝ օգտագործելով ամենագնաց մեքենաներ և ինքնաթիռներից սնունդ գցելով, երբ մնացած բոլոր երթուղիները փակ են»: Հակոբ Ճաղարյանն իր գրառման մեջ նշել էր․ «Հայաստանում Արցախի շրջափակման ամենժամյա վտանգի դեպքում պետք է մշտապես հերթապահի ՄԱԿ հովանու տակ աշխատող օդանավ կամ օդանավեր»։   ՊՀԾ-ն համագործակցում է կառավարությունների հետ ՊՀԾ-ի հիմնական գործընկերները կառավարություններն են։ Կառույցը նշում է, որ կարող է ինքը տրամադրել պարենային օգնություն և, որոշ դեպքերում, տեխնիկական ու լոգիստիկ ծառայություններ, սակայն իր նախագծերը միշտ պահանջում են կառավարությունների լիակատար աջակցությունը և ներգրավվածությունը․ «Ի վերջո, ազգային կառավարությունն է, որ պետք է խնդրի ՊՀԾ-ին միջամտել արտակարգ իրավիճակներին կամ զարգացման ծրագրերին, ուստի Ծրագրի աշխատանքը պետք է համապատասխանի ազգային պատկերին»: Իսկ բացառիկ հանգամանքներում, երբ, օրինակ, որևէ երկրում ճգնաժամ է, և իշխանությունները կորցրել են վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ, ՊՀԾ-ն կարող է օգնություն տրամադրել առանց կառավարության հրավերի` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խնդրանքով: Կան նաև հայտնի դեպքեր, երբ հենց կառավարություններն են դիմել ՊՀԾ-ին աջակցության համար։ Եգիպտոսի կառավարությունն, օրինակ, կառույցին է դիմել սիրիացի փախստականներին սննդով աջակցելու համար։ Թուրքիայի կառավարությունը ևս ծրագրին դիմել է սիրիացի փասխտականներին աջակցելու համար։   Հայաստանի և Ադրբեջանի հետ փորձը Infocom-ի հետ զրույցում Հակոբ Ճաղարյանը նշեց, որ Արցախում տիրող իրավիճակի մասին պետք է ահազանգ գնա ՊՀԾ։ Դիմողն, ըստ պարոն Ճաղարյանի, կարող է լինել Արցախի կամ այլ կառավարություն, օրինակ՝ ՀՀ կառավարությունը։  «Իմ հույսերը, որ Հայաստանը կդիմի, շատ քիչ են»,- նշում է Հակոբ Ճաղարյանը։ Նրա խոսքով՝ ինքն այժմ քննարկումներ է անցկացնում Արցախի իշխանությունների հետ, որ իրավասություն ստանա Արցախի կառավարության անունից դիմելու ՄԱԿ-ին։ ՊՀԾ-ն ներկայացուցչություններ ունի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ 44-օրյա պատերազմից հետո կառույցն աջակցություն է տրամադրել պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված մարդկանց։ Հետաքրքիր է, որ 2020-ին՝ պատերազմից հետո, ՊՀԾ-ն հրապարակում էր արել այն մասին, որ նպատակ ունի աջակցություն տրամադրելու նաև «Ադրբեջանի Հանրապետությունում պատերազմից տուժած բնակիչներին»։ Կառույցը նկատի ուներ Արցախի Հանրապետության բնակիչներին։ Իր 2020-ի հրապարակման մեջ ՊՀԾ-ն նշել էր, որ «ՄԱԿ-ը մանդատ չունի տուժած տարածաշրջանում, սակայն համակարգում է գործընկերների հետ աշխատանքը՝ գնահատելու կարիքները և աջակցելու պատերազմից տուժած տարածքներ ցանկացած կամավոր վերադարձի գործընթացին»։ «[ՄԱԿ-ի] Արտակարգ իրավիճակների օգնության համակարգողը նոտա է հղել ՄԱԿ-ում Ադրբեջանի Հանրապետության մշտական ներկայացուցչին՝ խնդրելով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ ՄԱԿ-ի կողմից տուժած տարածքի գնահատում իրականացնելու համար»,- նշել էր ՊՀԾ-ն: Կառույցը նաև հայտնել էր, որ տուժած տարածքների բնակչությանը հասանելիություն ունենալու ուղղությամբ աշխատելու է Ադրբեջանի կառավարության հետ։ Սակայն ՊՀԾ-ի կայքում հրապարակումներ չկան այն մասին, թե արդյո՞ք այդ օգնությունն ի վերջո հասել է Արցախի բնակիչներին։   ՊՀԾ-ն կարո՞ղ է օգնել շրջափակված Արցախին Հարցին, թե արդյո՞ք այն դեպքում, երբ ՊՀԾ-ին Արցախին պարենային աջակցության մասին դիմում ուղարկվի, Ադրբեջանը կթույլատրի, որ աջակցությունը տեղ հասնի՝ Հակոբ Ճաղարյանը պատասխանում է՝ Ադբեջանը չի կարող չթույլատրել։  Նա հիշում է, որ ինքն էլ մի ժամանակ աշխատել է այդ ծրագրի շրջանակում և օգնություն հասցրել Դարֆուր, որը Սուդանի արևմուտքում է՝ Չադի հետ սահմանին։ Դարֆուրում տարիներ առաջ իշխանության դեմ ապստամբություն էր սկսվել տեղի ոչ արաբ բնակչության հանդեպ վերաբերմունքի պատճառով (հակամարտության մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ)։ Հակոբ Ճաղարյանը հիշում է, որ Սուդանի՝ հումանիզմով աչքի չընկնող նախագահն անգամ չէր փորձել արգելել աջակցության տրամադրումը Դարֆուրի բնակիչներին։ «Ոչ ոք չի գնում ՄԱԿ-ի դեմ․ դրանով դու ապացուցում ես, որ դու գենոցիդ ես անում, դրանով դու դառնում ես տեռորիստ երկիր։ Մարդիկ այնտեղ ապրում են, դա փաստ է։ Մարդիկ պետք է սնվեն»,- ասում է Հակոբ Ճաղարյանը՝ հավելելով, որ նույնկերպ էլ Ադրբեջանը չի կարող չթողնել, որ աջակցություն հասնի Արցախին։ Նա ոչ թե հույս ունի, այլ վստահ է, որ համապատասխան դիմումի և ԱԳՆ աշխատանքի դեպքում գործը կարող է գլուխ գալ։ Infocom-ը դիմեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ԱԳՆ-ներ՝ հասկանալու, թե այս գերատեսչություններն արդյո՞ք դիմել են Պարենի համաշխարհային ծրագրին՝ անհրաժեշտության դեպքում Արցախին աջակցելու համար։ ՀՀ ԱԳՆ-ն խնդրեց գրավոր հարցում ուղարկել, որի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։ ԱՀ ԱԳՆ-ն չմեկնաբանեց հարցը՝ նշելով, որ եթե տեղեկություն լինի, իրենք կհրապարակեն։   Գլխավոր լուսանկարը՝ ՊՀԾ-ի ֆեյսբուքյան էջից Աննա Սահակյան
13:32 - 20 դեկտեմբերի, 2022
Այսօր Արցախից բուժառու չի տեղափոխվել Հայաստան․ տարածվող տեսանյութերում, ամենայն հավանականությամբ, Հայաստանից վերադարձող մեքենաներն են

Այսօր Արցախից բուժառու չի տեղափոխվել Հայաստան․ տարածվող տեսանյութերում, ամենայն հավանականությամբ, Հայաստանից վերադարձող մեքենաներն են

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում այսօր տեսանյութ է տարածվում, որտեղ երևում են շտապ օգնության մեքենաներ, որոնք շարժվում են Կարմիր խաչի մեքենաների ուղեկցությամբ: «Լաչինի միջանցքով Կարմիր խաչի ուղեկցությամբ կրկին շտապօգնության մեքենա է անցել»,- տեսանյութին կից նշվում է ալիքներում։  Երեկ, հիշեցնենք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից մեկ բուժառու էր տեղափոխվել Հայաստան, և տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էին շտապ օգնության և ԿԽՄԿ-ի մեքենաները։ Հաշվի առնելով, որ նոր տեսանյութ է տարածվել, Infocom-ը դիմեց ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ հասկանալու, թե արդյո՞ք նոր բուժառու է Արցախից Երևան տեղափոխվել։ Հայաստանում ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ երեկվանից հետո նոր բուժառու Արցախից Հայաստան չի տեղափոխվել։  Եթե ուշադիր նայենք տարածվող տեսանյութերը, կտեսնենք, որ երկուսում էլ տեղանքը նույնն է, սակայն երեկվա տեսանյութում շտապ օգնության և ԿԽՄԿ-ի մեքենաները մի ուղղությամբ են շարժվում, այսօրվա տեսանյութում՝ հակառակ։  Սա սքրինշոթ է երեկվա տեսանյութից։  Իսկ այս սքրինշոթն այսօրվա տեսանյութից է։  Երկու նկարների համեմատությունից պարզ է դառնում, որ սա ճանապարհի միևնույն հատվածն է, և մեքենաներն ընթանում են հակառակ ուղղություններով։ Հաշվի առնելով, որ անցնող երեք ավտոմեքենաների պետհամարանիշերը նույնն են՝ կարող ենք ենթադրել, որ միջանցքով Հայաստանից վերադառնում են երեկ Հայաստան բուժառուի տեղափոխած մեքենաները։Աննա Սահակյան
13:16 - 20 դեկտեմբերի, 2022
«Գործ տալու» տաբուն․ ազգային ավանդո՞ւյթ, թե՞ հանրային չարիք

«Գործ տալու» տաբուն․ ազգային ավանդո՞ւյթ, թե՞ հանրային չարիք

Օրեր առաջ մի քննարկման ժամանակ երիտասարդ մայրերից մեկը բավական մտահոգված պատմում էր մի միջադեպի մասին, որը տեղի էր ունեցել իր դպրոցական տղայի հետ։ Պարզվում է` ինչ-որ քաշքշուկի հետևանքով երեխաներից մեկը վնասվել է և հայտնվել հիվանդանոցում։ Հիվանդանոցից դեպքի մասին տեղյակ են պահել նաև ոստիկանությանը։ Դեպքը հարթվել է, երեխաներին հաշտեցրել են իրար հետ, և թվում էր, թե միջադեպը մոռացության կմատնվեր, եթե դպրոցում՝ ծնողների միջավայրում, չտարածվեր մի խոսակցություն, թե իբր տուժող երեխայի ծնողները «գործ տվողներ» են։ Այս պիտակավորումը խիստ մտահոգել է այդ ծնողներին, որոնք լրջորեն պայքարել են իրենց վրայից այդ անունը հանելու համար։ Կրկնում եմ՝ խոսակցությունը ոչ թե մեկ կամ երկու ծնողի միջև է շրջանառվել, այլ ողջ դասարանի ու նույնիսկ դպրոցի մաշտաբով, ինչը նշանակում է, որ «գործ տվողի» պիտակը բավականին մտահոգիչ է հասուն տարիքում գտնվող ու երեխաներ դաստիարակող մի ողջ սերնդի միջավայրում։ Այս միջադեպի մասին պատմությունը լսողներից մեկը մի այլ պատմություն պատմեց, ըստ որի՝ իր տղայից ինչ-որ դեռահասներ փողոցում խաբելով վերցրել են գլխարկը և չեն վերադարձրել։ Տղայի՝ գլխարկը վերադարձնելու փորձերին գլխարկը խլողները, որոնք, ի դեպ, ինչ-որ «գողականի» որդիներ են եղել, սպառնացել են դանակով, ինչից հետո տղան հրաժարվել է գլխարկից, իսկ ծնողների՝ ոստիկանություն դիմելու առաջարկին կտրուկ դեմ է արտահայտվել` պատճառաբանելով, թե իրեն հասակակիցների միջավայրում կպիտակավորեն որպես «գործ տվող», ինչի համար ինքը կարող է ենթարկվել պարբերական հալածանքների ու ֆիզիկական բռնությունների։ Ծնողները ստիպված հարմարվել են տղային։ Նման պատմություններ ես ու իմ գործընկեր, ազգագրագետ Նիկոլ Մարգարյանը գրանցել ենք նաև Հայաստանում մեր, այսպես կոչված, գողական ենթամշակույթի ու ժարգոնի ուսումնասիրությանը վերաբերող մի հետազոտության ժամանակ։ «Գործ տվող»-ի պիտակը և «գործ տալու» տաբուն, կարելի է ասել, համատարած մի երևույթ է, որը խիստ նպաստում է հասարակությունում՝ հատկապես դեռահասների ու երիտասարդների միջավայրում, հակահասարակական ու հակաօրինական հանցագործ տարրերի՝ այսպես կոչված, գողականների գերիշխանության հաստատմանը։ Երևույթը բավականին տարածված է բակային ու թաղային միջավայրերում ու նաև դպրոցներում։ Նույնիսկ Ազգային ժողովում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի քննարկման ժամանակ մի շարք պատգամավորներ հանդես եկան հակափաստարկներով՝ պատճառաբանելով, որ նոր օրենքը նպաստում է «գործ տվողներին»։ Բանը հասավ այնտեղ, որ «գործ տալու»-ն նպաստող օրենքի ընդունումը պատգամավորներից մեկը որակեց որպես ոտնձգություն՝ մեր ազգային ավանդույթների դեմ։ Աբսուրդի աստիճանն այն էր, որ նման կարծիք հայտնող պատգամավորը դասավանդում էր նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Այսինքն՝ գողական հասկացությունների դեմ պայքարող սերունդ կրթող իրավաբան դասախոս-պատգամավորը համարում էր ոտնձգություն՝ ազգային ավանդույթների դեմ։ Հարց է առաջանում, թե այդ ինչ է տվյալ երևույթը, և ինչու է «գործ տալու» արգելքը այդ աստիճան տարածված մեր հասարակության մեջ։   1950-ական թվականներին Հայաստանի մեծ ու միջին քաղաքների բակային ու թաղային միջավայրերում սկսեց տարածվել մի երևույթ, որը հետագայում ստացավ գողական ժարգոն անվանումը։ Այդ ժարգոնը խնդրահարույց չէր լինի, եթե սահմանափակվեր միայն լեզվի կիրառման մակարդակում։ Խնդիրն այն է, որ այդ ժարգոնը կազմված է քրեական վարքագիծ և պրակտիկաներ քարոզող ու տարածող հասկացություններից, որոնք հիմնավորապես արմատավորվեցին հատկապես դեռահաս ու երիտասարդ տղաների կյանքում ու մեծ ազդեցություն ձեռք բերեցին նրանց փոխհարաբերությունների կազմակերպման մեջ։ Արդեն 1970-1980-ական թվականներին գողականը դարձավ երիտասարդության միջավայրում ամենաազդեցիկ ենթամշակույթը։ Այն տարածվում էր, մի կողմից, այսպես կոչված, գողական աշխարհի մասին հյուսվող քրեական առասպելների ու ռոմանտիզմի միջոցով, մյուս կողմից՝ բռնության գործադրման ու վախի։ Այս լեզվին ու պրակտիկաներին հետևող դեռահասներն ու երիտասարդները հատկապես ծաղրով ու քամահրանքով են մոտենում բարեկիրթ, փոխզիջող, իրենց միջավայրում տարածված արտահայտությամբ «կուլտուրական» տղաներին։ Հարց է առաջանում՝ ինչու հանրային կյանքի առումով վնասակար այդ պրակտիկաները այդ աստիճան տարածված են մեր հասարակությունում, և ինչու է այն հատկապես ուղղված հանրային տեսանկյունից ավելի օգտակար վարքագծային նորմերի ու պրակտիկաների դեմ։ Խնդիրն այն է, որ մեր դեռահասներին ու երիտասարդներին կախման մեջ պահող, հակահասարակական բնույթ կրող, այսպես կոչված․ գողական ենթամշակույթը ծագել է 1930-ականներին Խորհրդային Միության ազատազրկման վայրերում։ Բանտային միջավայերում «գողերը» ամենից բարձր կարգավիճակ ունեցող կաստան էին համարվում, որոնց հաջորդում էին, այսպես կոչված, «մուժիկները» կամ «հարիֆները»։ «Մուժիկների» կամ «հարիֆների» գլխավոր հատկանիշն այն էր, որ նրանք, չնայած չէին ապրում «գողերի» կյանքով, սակայն ընդունում էին նրանց հասկացություններն ու նորմերը, որոնց մեջ ամենակարևոր պայմանը բանտային վարչակազմի հետ համագործակցելու արգելքն էր, այսինքն՝ «գործ չտալը»։ «Գործ տալու» տաբուն խախտող բանտարկյալներին ստորացնում էին, և նրանք հայտնվում էին բանտային միջավայրում ամենից անցանկալի կաստայի շարքերում, և նրանց հանդեպ թույլատրվում էր նույնիսկ սեռական բռնությունների գործադրումը։ Այս կաստայական կառուցվածքը, որի ստորագույն աստիճանում հայտնվելու կարմիր գիծը համարվում էր «գործ տալու» տաբուն խախտելը, 1950-ականներին, երբ Ստալինի մահվանից հետո մեծ թվով բանտարկյալներ համաներմամբ ազատվեցին, բերվեց քաղաքացիական կյանք ու տարօրինակ կերպով տարածվեց բակային ու թաղային միջավայրերում, սովորական մարդկանց մեջ։ Հենց այստեղից է ծագում մեր հասարակության սովորական բնակիչների միջավայրում այսօր այդքան մեծ տարածում ստացած «գործ տալու» տաբուն, որը ծառայում է հանցագործ տարրերի ազդեցության տարածմանն ու պահպանմանը։ Խնդիրն այդքան մտահոգիչ չէր լինի, եթե այն համատարած բնույթ չկրեր և հանցագործ աշխարհի նորմից վերածված չլիներ հասարակական կյանքի նորմի, որը գործում է երիտասարդ սերնդի միջավայրում բարեկիրթ, ստեղծարար, հանրային կյանքի տեսանկյունից օգտակար վարքագծի ձևավորման դեմ։ Թե ինչպես կարելի է հաղթահարել այս երևույթը, այլ խնդիր է, որին կփորձենք անդրադառնալ առանձին հոդվածքով։ Սակայն, ամփոփելով այս հոդվածը, հարկ ենք համարում մեկ անգամ ևս շեշտել, որ ԽՍՀՄ բանտային միջավայրից մեր կյանք ներթափանցած այս արատավոր երևույթը որևէ կապ չունի մեր ազգային ավանդույթների հետ և անկախ պետականության կերտման ու առողջ հասարակության ձևավորման լրջագույն խոչընդոտ է։   Աղասի Թադևոսյան, մշակութային մարդաբան
18:53 - 19 դեկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքով միայն մեկ անգամ եւ մեկ բուժառու է տեղափոխվել ՀՀ․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ապատեղեկատվություն է տարածում

Լաչինի միջանցքով միայն մեկ անգամ եւ մեկ բուժառու է տեղափոխվել ՀՀ․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ապատեղեկատվություն է տարածում

Ադրբեջանական apa.az լրատվականը հրապարակել է Արցախի շրջափակման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի խոսքերը՝  նյութը վերնագրելով «ԱԳՆ․ Շրջափակման մասին հայտարարությունները կեղծ են, հայկական շտապօգնության մեքենաներն անարգել անցնում են Լաչինի ճանապարհով»։ Հաջիզադեի հայտարարությունն ու ադրբեջանական գործակալության դրած վերնագիրը խեղաթյուրում են իրականությունը։ Արդեն 8 օր է՝ ադրբեջանցիները, որոնք ներկայանում են «բնապահպաններ», փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 120 հազար մարդ բլոկադայի մեջ է Արցախում, նրանց հարազատները, որոնք ՀՀ էին եկել, չեն կարողանում վերադառնալ տուն։ Այս ութ օրերի ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ Արցախում հումանիտար խնդիրներ կան, առողջական ծանր խնդիրներ ունեցող մարդիկ չեն կարողանում համապատասխան բուժօգնություն ստանալ, պլանային վիրահատությունները դադարեցվել են։  Իսկ Հաջիզադեն հայտարարել է, թե «չնայած շրջափակման մասին ապատեղեկատվությանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներն ու հայկական շտապօգնության մեքենաներն անարգել անցնում են Լաչինի ճանապարհով»։ Այս հայտարարությամբ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը տպավորություն է ստեղծում, թե ԿԽՄԿ եւ հայկական ՇՕ մեքենաների՝ միջանցքով անցուդարձը շարունակական է։ Սակայն միայն այսօր է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հայկական ՇՕ մեքենան կարողացել է անցնել Լաչինի միջանցքով՝ Արցախից Հայաստան տեղափոխելով 1960թ․ ծնված, սրտային պաթոլոգիայով տղամարդու, որը հրատապ վիրահատության կարիք ուներ:  Հաջիզադեն հայտարարել է նաեւ, թե «նման դեպքերն օրվա ընթացքում կրկնվում են մի քանի անգամ», ինչը եւս ապատեղեկատվություն է։  ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին infocom.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ այս ընթացքում ԿԽՄԿ միջնորդությամբ մինչ այս պահը միայն մեկ անգամ է բուժառուի տեղափոխում իրականացվել, եւ տեղափոխվել է միայն մեկ պացիենտ։ Նշենք նաեւ, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն էլ հաղորդել է, որ հիվանդը ՀՀ է տեղափոխվել Արցախի շտապօգնության մեկ մեքենայով, որին ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները: Տարածվում լուսանկարում եւս, որն այս նյութի հետ տեղադրված է, հստակ երեւում է շտապօգնության միայն մեկ մեքենա։ Ավելին՝ Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից հաղորդել են, որ կենտրոնում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Իսկ Արցախի «Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա է գտնվում ռեանիմացիոն բաժանմունքում: Այստեղ էլ երեխաներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Նշվել է, որ բժիշկների կողմից կատարվում է հնարավորը՝ հիվանդների  վիճակը կայունացնելու համար, որ Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ։ Սա արդեն իսկ նշանակում է, որ բլոկադայի պատճառով երեխաներին ՀՀ տեղափոխել չի հաջողվել։  Ադրբեջանական լրատվականը գրել է, որ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ միջնորդությամբ հայկական ՇՕ մեքենաների անցնելու համար պայմաններ են ստեղծվել։ Նյութում ասված է, որ այսօր ԿԽՄԿ-ն դիմել է ադրբեջնական կողմին՝ կապված պացիենտին Ստեփանակերտից Երեւան տեղափոխելու հետ, ու դիմումին անհապաղ պատասխան է տրվել, տեղափոխումը հաջողությամբ կատարվել է։ Այն, որ հաղորդվում է, թե դիմում է ուղղվել ադրբեջանական կողմին ու ստացվել է արձագանք, ճանապարհն էլ բացվել է, եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Լաչինի միջանցքը փակած անձինք ուղիղ հրահանգավորվում են ադրբեջանական իշխանությունների կողմից։ Ի հավելումն՝  նշենք, որ մեր գործընկեր լրատվամիջոցները բացահայտել էին, որ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանները» փոխկապակցված են ադրբեջանական իշխանությունների հետ (azatutyun.am, civilnet.am, fip.am, infocom.am)։  Հայարփի Բաղդասարյան
17:10 - 19 դեկտեմբերի, 2022
«Միակ ճանապարհը, որը Արցախը միացնում է Մայր Հայաստանին, պետք է բացվի ու երբեք չփակվի»․ արցախցի երիտասարդները ակցիա իրականացրին

«Միակ ճանապարհը, որը Արցախը միացնում է Մայր Հայաստանին, պետք է բացվի ու երբեք չփակվի»․ արցախցի երիտասարդները ակցիա իրականացրին

Երևանի Հանրապետության հրապարակում երեկ մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա իրականացրին՝ հաջակցություն Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի։ Նրանց միացել էին նաև Մարզերի երեխաները մարզերում (ՄԵՄ) նախաձեռնության անդամները։  «Խնդրում եմ անտարբեր չանցնել, բոլորս միահամուռ լինենք այս պայքարում և ցույց տանք, որ արցախահայության կողքին ենք և համատեղ ուժերով կարող ենք հասնել հաղթանակի»,-Հանրապետության հրապարակի անցորդներին դիմելով՝ ասում էր ակցիան նախաձեռնող երիտասարդներից մեկը։ Հանրապետության հրապարակից ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ էլ շարունակեցին ակցիան։  Ակցիայի մասնակիցներից մեկը 11-ամյա Դավիթ Ազնաուրյանն էր, որը ապրում է Երևանում։ Դավիթը ասում է, որ բոլորի համար է պայքարում և ցանկանում է, որ Արցախի իր հասակակիցները ապրեն ազատության մեջ, ինչպես ինքը։ «Ես ուզում եմ, որ իրենք ոչ մի բանից չզրկվեն, ամեն ինչ ունենան»։ Դավիթը արցախցի ընկերներ ունի, որոնց հետ պատերազմից հետո է ծանոթացել ու մինչև այժմ պահում է կապը նրանց հետ։ Արցախցի երիտասարդներին միացել էր նաև Մանե Պողոսյանը․ նա Արագածոտնի մարզից է և այժմ սովորում է Երևանում․ «Յուրաքանչյուր հայ հիմա պիտի մասնակցի այս ակցիաներին, լինի բոլորիս կողքին, այս ակցիան հենց դրա համար է»,- վստահ է նա։  Նա պատմում է, որ, չնայած օրեր շարունակ Ադրբեջանը փակ է պահում Արցախի ճանապարհը, բայց մարդիկ տեղյակ չեն այդ մասին․ «Մենք քայլում ենք, մարդիկ կողքով անցնում են, ասում են՝ ինչի՞ համար եք հավաքվել, ի՞նչ է կատարվում։ Նպատակը այն է, որ վաղը, մյուս օրը, այն մյուս օրը այսքանով չլինենք, մարդիկ գիտակցեն, հասկանան, գան ու լինեն մեր կողքին, որ հնարավորինս շատ մարդ իմանա ու հնարավորինս շուտ այս հարցը լուծվի»։  Մանեն Արցախում շատ ընկերներ ունի, նաև Երևանում գտնվող ընկերներ ունի, որոնք այստեղից չեն կարողանում վերադառնալ տուն՝ Արցախ․ «Վերջերս նախաձեռնություն կար, հավաքվել էինք, նվերներ էինք գնում արցախցի փոքրիկների համար, որ Ամանորին ուղարկենք, բայց հիմա այդ հնարավորությունը ուղղակի չկա, մենք այդ ամեն ինչը հավաքել ենք, բայց հնարավորություն չկա, որ այդ ամենը հասնի իրենց ուրախացնենք»։ Մանեն կարծում է, որ եթե շատ մարդիկ միանան այս ակցիաներին, շատ հնարավոր է, որ միջանցքը շուտով կբացվի։  13-ամյա Վալերի Սայիյանի ընտանիքը տարիներ առաջ է Ստեփանակերտից տեղափոխվել Երևան․ «Ես ապրում եմ Երևանում, բայց իմ ընկերները, բարեկամները գտնվում են Ստեփանակերտում, Արցախում։ Ես Ադրբեջանին կոչ եմ անում բացել Լաչինի միջանցքը»,-ասում է Վալերին։ Տղան այժմ էլ արցախցի իր ընկերների հետ կապի մեջ է, ասում է, որ այնտեղ իր ընկերները «պինդ են մնում»։  Ակցիայի նախաձեռնողներից մեկը Անի Առաքելյանն է․ նրա խոսքով՝ ակցիայի գլխավոր ասելիքը մեկն է․ միակ ճանապարհը, որը Արցախը միացնում է Մայր Հայաստանին, պետք է բացվի ու երբեք չկփակվի․ «Մեր գերնպատակը ոչ թե միայն այսօր բացելն է ճանապարհը, այլ որ բացեն ու ընդհանրապես չմտածեն փակելու մասին։ Մենք դուրս ենք եկել, որպեսզի իրազեկենք ժողովրդին, մեր 120.000 հայրենակիցներ գտնվում են շրջափակման մեջ, այն ժողովրդին, որը տարված է Նոր տարվա պատրաստություններով։ Այսօր ունենք աղետալի իրավիճակ, որը հանգեցնելու է շատ վատ ու սարսափելի իրավիճակի։ Ոչ միայն Արցախի Հանրապետության ժողովրդին է սպառնում այդ վտանգը, այլ նաև ամբողջ հայությանը»։  Անին Հադրութից է, 22 տարի այնտեղ է ապրել․ հիմա նա Երևանում է բնակվում, բարեկամները՝ Ստեփանակերտում․ «Իրենք ինձնից ուժեղ են, արցախցին չի կարող ընկճվել, ոչ միայն արցախցին, հայը երբեք չի ընկճվում։ Այսօր խոսել եմ իրենց հետ, ասում եմ՝ ոնց եք, ասում են՝ դուք ձեզ յիշեցեք, մունք լավ ենք»։ Անին նշում է, որ ակցիաները շարունակական են լինելու․ այսօր էլ ակցիա է սպասվում կառավարության շենքի մոտ․ «Եռակողմ պայմանագրի ամենագլխավոր դերը Հայաստանի Հանրապետությունն ունի, Արցախի կողմից բանակցում է Հայաստանի Հանրապետությունը, փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ-ի կողմից, և այսօր նաև պահանջագիր ունենք ներկայացնելու կառավարությանը»,- ասում է Անին։  Ակցիային մասնակցող 8-ամյա Աննան ու 11-ամյա Արմանը նույնպես հադրութցի են, քույր ու եղբայր։ Նրանք այժմ ապրում են Երևանում։ Արմանը պատմում է, որ երբ Արցախի ճանապարհը փակ չէր, արցախցի իր ընկերները կարողանում էին գալ Երևան։ Նա հույս ունի, որ ճանապարհը բացվելուց հետո նորից կհանդիպի ընկերներին․  «Կասեմ, որ նրանք լինեն ամուր, պինդ, շուտով նրանք խաղաղ երկնքի տակ կապրեն»,-դիմելով արցախցի ընկերներին՝ ասում է Արմանը։ Մայիս Մարգարյանը միացել է ակցիային՝ առաջին հերթին արցախցի երիտասարդներին հոգեբանական աջակցություն ցույց տալու համար․ «Նաև մասնակցում եմ, որպեսզի օրինակ ծառայեմ՝ հաշվի առնելով, որ մի քիչ մեծ ֆեյսբուքյան լսարան ունեմ, և երրորդը՝ սոցիալական կապիտալս օգտագործեմ, որպեսզի ալիքը ուժեղանա»։  Նրա կարծիքով՝ եթե նմանատիպ ակցիաները թիրախավորված լինեն, օգուտ կտան,․ «Եթե լինեն շարունակական, լինեն լավ պլանավորված, լինեն թիրախային՝ ավելի շատ ուշադրություն բերելու համար միջազգային կառույցներին, որոշակի օգուտ կտան, հաստատ ոչինչ չանելուց լավ է»,- վստահ է Մայիս Մարգարյանը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ՝ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է։   Նանե Ավետիսյան
11:45 - 19 դեկտեմբերի, 2022
12-ամյա Մարալը Երևանում է, ծնողները՝ Մեծ շենում․ նա, ինչպես բազմաթիվ արցախցի երեխաներ, սպասում է ճանապարհի բացվելուն

12-ամյա Մարալը Երևանում է, ծնողները՝ Մեծ շենում․ նա, ինչպես բազմաթիվ արցախցի երեխաներ, սպասում է ճանապարհի բացվելուն

12-ամյա Մարալը Շուշիի շրջանի Մեծ շենից է։ Դեկտեմբերի 1-ին Մալարն ու մայրը եկել էին Երևան ու դեկտեմբերի 14-ին պիտի արդեն երկուսով տանը լինեին, բայց վերջին իրադարձությունների պատճառով այնպես ստացվեց, որ Մարալի մայրը վերադարձավ Մեծ շեն, իսկ նա մնացել է Երևանում ու չի կարող գնալ տուն՝ ծնողների մոտ։ Ամեն ինչ սկսվեց այս տարվա ամռանը։ «Շրջիկ բժիշկներ» առողջապահական կազմակերպության հիմնադիր տնօրեն Արմինե Բարխուդարյանը պատմում է, որ իրենց կազմակերպությունն ամիսը մեկ այցելում է Արցախ։ Ամռանը` այցերից մեկի ընթացքում, նրանք ծանոթացել են Մարալի հետ, որը տեսողական լուրջ խնդիր ուներ։ Մեծ շեն այցելած ակնաբույժն էլ ասել է՝ աղջկան պետք է Երևանում վիրահատեն։ Այդպես դեկտեմբերին Մարալն ու մայրը եկել են Երևան։ դեկտեմբերի 6-ին Մարալին վիրահատել են, ամեն բան հաջող է անցել։ Նրանք Արմինե Բարխուդարյանի տանը սպասել են ևս մի քանի օր, որ բժիշկը զննի Մարալին, հետո վերադառնան տուն։ Սակայն նրանց՝ Արցախ մեկնելը համընկել է վերջին իրադարձությունների հետ։ Երբ ցանկացել են տուն գնալ, հայկական անցակետից նրանց թողել են, սակայն ռուս խաղաղապահների անցակետում ստիպված են եղել երկար սպասել։ «Հայերը սահմանին թողեցին, բայց ռուս պոստը չթողեց, ասում են՝ դուք իրավունք չունեք անցնեք, մենք էլ ասում ենք՝ բայց մեզ սահմանը թողեցին, ասում են՝ դուք չեք կարա անցնեք։ Ու ժամերով մենք կանգնեցինք, մինչև մեզ թողեցին՝ անցնենք»,- պատմում է Մարալը։ Մարալը Արմինե Բարխուդարյանն էլ նշում է՝ քանի որ Մարալի մայրը գյուղի միակ բուժքույրն է և դեղորայք էր հասցնում հիվանդներին, խաղաղապահների անցակետից նրան ու դստերը երկար համոզելուց հետո թողել են անցնել։ Սակայն այդ իրավիճակից Մարալը վախեցել է, և մայրը որոշել է նրան հետ ուղարկել Երևան։ «Ինձ զանգեց [Մարալի մայրը], ասեց՝ ուզում եմ ուղարկեմ, որովհետև զգում եմ, որ երեխան վատ է զգում, ու մենք էլ չգիտենք՝ ինչ կլինի»,- պատմում է Արմինե Բարխուդարյանը։ Այդպես Մարալը նույն մեքենայով, որով հասել էին Մեծ շեն, վերադարձել է Երևան ու այժմ ապրում է Արմինեի տանը, մինչև կարողանա տուն հասնել։ Երեկ Մարալը եկել էր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որտեղ արդեն մի քանի օր է՝ նստացույց է անցկացնում Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։  Մարալը պատմեց, որ այստեղ արդեն հասցրել է ծանոթանալ ու զրուցել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ։ Հարցին՝ ծնողների հետ հաճախ է խոսում, Մարալը պատասխանում է՝ ամեն օր։ Այդ ընթացքում նրան է զանգում հայրը, նրանք զրուցում են։ Հոր հետ Մարալն արևելահայերեն չի խոսում։ Պարզվում է՝ մինչև 2019-ը նրանց ընտանիքն ապրել է Սիրիայում։ 2019-ին նրանք եկել են Երևան, իսկ 2021-ին տեղափոխվել Մեծ շեն։ Այժմ Մարալն, ինչպես արցախցի բազմաթիվ երեխաներ, սպասում է ճանապարհի բացվելուն, որ հասնի իր ընտանիքներին։ Հիշեցնենք, որ արդեն յոթերորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։  Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, սակայն երկու օր առաջ գազամատակարարումը վերականգնվեց։   Գլխավոր լուսանկարում Արմինե Բարխուդարյանն ու Մարալը Աննա Սահակյան
10:35 - 18 դեկտեմբերի, 2022
Ամեն օր արթնանում եմ էն մտքով, որ կարող ա՞ էսօր բացեն, ամեն րոպե հեռախոսը ցած չեմ դնում

Ամեն օր արթնանում եմ էն մտքով, որ կարող ա՞ էսօր բացեն, ամեն րոպե հեռախոսը ցած չեմ դնում

- Հունց ը՞ք, Մերի։ - Լա՜վ, դո՞ւք հունց ըք։ - Լավ, ի՞նչ կա չկա, ինտերնետ օնյի՞ք։ - Հաա, օնյինք։ - Գազ էլ օնյի՞ք։ - Գա՞զ, հա՜, գազ էլ։ - Մրսում չը՞ք։ - Չէ, պլիտա օնյինք։ - Հա՜, դե լավ ա։ - Շտեղ ը՞ս։ - Ռուզանի հետ ենք։ - Բա խե՞ մինյակ դու ես խոսում, կարող ա՞ շտո տը նի տոյա։ Տաթեւը Երեւանից զանգել է ընկերուհուն՝ Մերիին, որ բնակվում է ադրբեջանցիներին երեւի ամենամոտիկ գյուղում՝ Մարտունու շրջանի Թաղավարդում, նրա որպիսությունն է հարցնում, տրամադրությունը հասկանում՝ ինչպե՞ս են, ինչ կա չկա Արցախում, որ արդեն վեց օր է՝ բլոկադայի մեջ է։ Մերին չի դժգոհում, ասում է՝ վիճակը հանգիստ է, «կրակոց, պյեն չկա»։ Տաթեւի ու Մերիի հարց ու պատասխանի արանքում կարճ դադարներ են, անշտապ զրույց է, որին միանում է Ռուզանը, որը ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակվելու պատճառով չի կարողացել վերադառնալ տուն՝ Ստեփանակերտ, ու ժամանակավորապես մնում է Տաթեւենց հարկի տակ։ Տաթեւն էլ է Արցախից, ուսման նպատակով ժամանակավորապես Երեւանում է ապրում։ - Ինչ կա՞, Մերի,- հարցնում է Ռուզանը։ - Պյեն չկա։ - Թաղավարդ հանգիստ ա՞։ - Հա, հանգիստ ա, տեղ ի՞նչ կա, ի՞նչ ըք անում։ - Հինգի՞դամ, քինյամ ընք ցույցի, կյամ, բայց․․․ Անկապ ա, հասկանում չընք՝ ինչ ա կատարվում․․․ Ամեն վայրկյան սպասում ընք․․․ Ռուզանը դեկտեմբերի 9-ին գործնական հարցերով է Երեւան եկել, կիրակի արդեն պիտի վերադառնար Ստեփանակերտ, բայց ճանապարհը փակվել է․ «Ճիշտն ասած՝ մտածում էի, որ մի երկու-երեք ժամ կտեւի փակելը, լուրջ չընդունեցի իրականում, իրենց տեսքից էլ տենց լուրջ չընդունեցի, բայց որ մի չորս-հինգ ժամ անցավ, արդեն ընկերներիս հետ խոսելուց էլ ասեցի, որ չէ, էս հիմա չեն բացելու, հաստատ երկար կտեւի։ Բայց հիմա արդեն ամեն օր արթնանում եմ էն մտքով, որ կարող ա՞ էսօր բացեն, ամեն ժամ, ամեն րոպե, էդ հեռախոսը ցած չեմ դնում, անընդհատ նայում, սպասում եմ»,- պատմում է Ռուզանը։ Ռուզան Հովհաննիսյանը Նրա 15-ամյա դուստրը, ծնողները, քույրն ու եղբայրը մնացել ենՍտեփանակերտում՝ բլոկադայի մեջ․ «Իմիջիայլոց,- ասում է Ռուզանը,- իմ աղջիկը շատ ուժեղ ա։ Զանգել ա, ասում եմ՝ ի՞նչ կա, ի՞նչ ես անում, ասում ա՝ ֆոտոներ եմ անում քաղաքում, նկարներն ուղարկում ա ինձ։ Թումո ա հաճախում, հեսա երկուշաբթի օրվանից նորից դասի կգնա, պատրաստվում ա քննության»,- դստեր ստեփանակերտյան առօրյայից է պատմում Ռուզանն ու ասում, որ նա ռուսական կրթություն ունի, բայց հատկապես պատերազմից հետո անչափ հետաքրքրված է ազգային երաժշտությամբ, գրականությամբ, ասել է՝ Երեւանից գնալիս մայրը հետը գրքեր տանի․ «Իրենք հա փորձում են ինձ հույս տալ, իրե՛նք են փորձում հույս տալ, ասում են՝ նորմալ ա, մենք ուժեղ ենք, էս ենք անում, էն ենք անում, հեսա տորթ ենք թխում, սենց-նենց, բայց չգիտեմ, մեկ ա, էլի․․․ Էսօր քույրիկս արդեն ասեց՝ ձեռքս էլ չի գնում, չեմ ուզում տանն ինչ-որ բան անեմ․․․ Բայց ընդհանուր էդ ոգին պարտվողական չէ, ես վստահ եմ, իմ ծանոթներն, իմ մոտիկ հարզատները էդ ձեւի չեն, միշտ էլ մտածում են, որ մենք պետք ա ապրենք էնտեղ, ծնողներս՝ թե՝ մենք մեր տունը թողնենք, ո՞ւր գնանք, էդ են մտածում, չգիտեմ։ Նույնիսկ աղջիկս, որ մինչեւ 2020-ի պատերազմն ասում էր՝ դե ստեղ ի՞նչ ապագա, պատերազմից հետո ասում ա՝ ես ստեղից ոչ մի տեղ չեմ ուզում գնամ»։ Ես հարցերով չեմ ընդհատում Ռուզանին, նա հանգիստ շարունակում է․ «Իրականում մեր բոլորի երազանքն ա լինել Հայաստանի մի մաս։ Ես ասում եմ իմ անունից, իմ մոտիկների, հարազատների։ Չգիտեմ, չէ, շատ դժվար ա։ Ճիշտ ա, եթե էնտեղ լինեի, ինձ համար ավելի հեշտ կլիներ։ Իմ մոտ սենց օրինաչափություն ա դարձել, ասենք՝ սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսեց, ես ստեղ էի, սեպտեմբերի 13-ին սկսեց, ես ստեղ էի, ճիշտ ա՝ ամեն անգամ հետ գնացի նույն օրը, բայց էս անգամ չկարողացա։ Ասում եմ՝ մի ճանապարհ չկա՞՝ գնամ հասնեմ, նույնիսկ ոտքով գնամ․․․ Իմ համար սա ամենավատն ա, որ ես չեմ կարողանում գնալ իմ ընտանիքի մոտ»։ Միջազգային կառույցների, երկրների կոչերը Ռուզանին էլ չեն հուզում, ասում է՝ ինձ մեկ է, լրիվ մեկ է, «ես ուզում եմ՝ իմ Արցախը հանգիստ ապրի, նորմալ ապրի», ու այստեղ նրա կոկորդը սկսում է դողալ․  «Ես ուզում եմ՝ իմ երեխեն էնտեղ նորմալ ապրի, էնտեղ մեծանա, էնտեղ սովորի, որպեսզի, չգիտեմ, այլեւս ինքը չտեսնի էն, ինչը ես եմ տեսել իմ մանկության ժամանակ։ Այսինքն՝ ինքն արդեն տեսավ, էդ իմ ամբողջ կյանքի վախն էր։ Իննսունականներին ես հենց էդ տարիքին էի, ինչ տարիքի հիմա ինքն է, մի քիչ էի փոքր։ Բայց ամբողջ կյանքում էդ վախն ինձ մոտ կար թաքնված, որ հանկարծ իմ երեխեն էդ չտեսնի։ Հիմա չգիտեմ՝ ով ա լինելու էնտեղ, ռուսն ա լինելու, միջազգային ինչ-որ կառույց ա լինելու, բայց էդ սահմանագծի պահը․․․ Ինձ թվում ա՝ թուրքի ու հայի համատեղ ապրելը մոտակա մի հարյուր տարում անհնար բան ա, որովհետեւ էդ վերքերը էնքան թարմ են, էնքան ուժեղ ա նստած մեր մոտ, որ․․․ Ես լիքը ընկերներ եմ կորցրել, նույնիսկ իննսունականներին, իմ տարիքի երեխեք, ում հետ ես ամեն օր խաղում էի բակում, իրենք իմ աչքի դեմը էդ ռմբակոծությունից զոհվել են։ Ասենք, ես ո՞նց դա մոռանամ, ես մինչեւ էսօր էդ չեմ մոռացել։ Մի հատ էլ հիմա թարմացավ․․․»։  Ռուզանին անհանգստացնում են վերջին օրերին ադրբեջանական կողմից տարածվող հաղորդագրությունները, թե իբր հայկական կողմը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ։ Ասում է՝ էս քսան տարի, երեսուն տարի, երբ նման ինֆորմացիա է պտտվում, ուրեմն նրանք պատրաստվում են կրակել․ «Բայց մեկ ա, էլի փորձում ես էդ հանես [մտքիցդ] ու միշտ մտածես՝ կարող ա ամեն դեպքում լավ լինի, էլի էն վերջում, էն թունելի վերջում լույսը կա՞»,- ինքն իրեն հարցնում է նա։ Տաթեւը, որը հոգեբանություն է սովորում, Ռուզանի հետ ծանոթացել է Արցախում պատերազմից տուժած ընտանիքների զավակների համար վերջինիս կազմակերպած բարոյահոգեբանական ճամբարներում կամավորության ընթացքում։ Ասում է՝ երբ Ռուզանն Արցախից գալիս է Երեւան, անպայման հանդիպում են, այդքան մտերմացել են։ Այս անգամ էլ գիտեին, որ նա Երեւանում է, ու երբ ճանապարհի փակ լինելու մասին իմացել են, միանգամից կապ են հաստատել նրա հետ։ Տաթեւ Հակոբյանը Տաթեւը դասերի բերումով Երեւանում է ապրում, իսկ նրա համարյա բոլոր հարազատները Ստեփանակերտում են՝ շրջափակված։ Շատ հաճախ նրանց հետ կապի դուրս գալ չի ստացվում, ինտերնետի խափանումներ են լինում․ «Մի պահ մտածեցինք՝ վերջ, էլ ճանապարհ չեն տալու, որ գնանք, մենք էլ կմնանք մենակ, բայց ավելի լավ ա էնտեղ լինենք՝ իրանց հետ, առանց իրենց մեր կյանքն իմաստ չի ունենա, ես չեմ կարա ապրեմ, երբ կորցնեմ հարազատներիս։ Երբ լսեցի [ճանապարհի փակվելու մասին], ինձ թվաց վերջ, կյանքը․․․ Հենց ճանապարհը բացվի, առաջին իսկ օրը անպայման գնալու եմ Արցախ։ Շատ դժվար ա, որ չես պատկերացնում՝ իրանք ինչ վիճակում են, ու որ հեռու ես, քեզ մի քիչ վատ ես զգում, որ ոչ մի բանով չես կարող իրենց օգնել։ Քաջալերող խոսքեր չենք կարողանում ասել, որովհետեւ արցունք ա լցվում աչքերը, շատ քիչ ենք խոսում, հիմանակնում «ինչպես ես, ամեն ինչ լա՞վ ա, չե՞ս մրսում»»։ Տաթեւը հույս ունի, որ հակառակորդի այստեսակ սադրանքները շուտ կվերանան, իրավիճակը կհաթրվի, թեեւ, ասում է, բոլորն էլ գիտեին, որ նման բաներ կարող են տեղի ունենալ․ «Որովհետեւ ադրբեջանցիներն այնպիսի ազգ են, որ անընդհատ փորձում են մեզ պրովոկացիաների ենթարկել։ Ընդհանրապես չենք զարմացել։ Բայց միշտ էլ կանգուն ենք, միշտ միասնական»։  Այսօր Երեւանի վրա անփույթ մառախուխ է կախվել։ Ռուզանն անհանգստանում է՝ «երեխեքին հետս տանում եմ ցույցի, սառչում են»։ Ինքն ու Տաթեւը մինչեւ վերելակի դռները փակվելը հայացքով ուղեկցում են մեզ․ արդեն վեց օր է՝ «հաջող, լավ մնաք»-ի հետեւից ըղձական ապառնիով մի բան էլ է հնչում․ «ճամփեն բացվի»։ Հայարփի Բաղդասարյան
19:42 - 17 դեկտեմբերի, 2022
«Բնապահպանական ակցիաներին» մասնակցող ադրբեջականական հերթական կազմակերպությունը փոխկապակցված է Հեյդար Ալիևի հիմնադրամին

«Բնապահպանական ակցիաներին» մասնակցող ադրբեջականական հերթական կազմակերպությունը փոխկապակցված է Հեյդար Ալիևի հիմնադրամին

Վերջին օրերին մեր գործընկեր լրատվամիջոցները բացահայտել են, որ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանները» փոխկապակցված են ադրբեջանական իշխանությունների հետ (azatutyun.am, civilnet.am, fip.am)։  Այս օրերին Ադրբեջանում որպես խաղաղ ակցիա ներկայացվող, սակայն փաստացի Արցախը Հայաստանից կտրած և Արցախում հումանիտար մի շարք խնդիրների պատճառ դարձած գործողություններից բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակվում։ Երեկ էլ ֆոտոշարք էր հրապարակել ադրբեջանական Trend գործակալությունը։ Գործակալության լուսանկարներում երևում է, որ ակցիայի մասնակից մի խումբ մարդիկ միանման կապույտ բաճկոններ են հագած, որոնց վրա ադրբեջաներեն գրություններ կան՝ Regional İnkişaf İctimai Birliyi և RIIB: Trend-ի լուսանկարներից Regional İnkişaf İctimai Birliyi-ն կամ «Տարածաշրջանային զարգացում» հասարակական կազմակերպությունը ադրբեջանական ՀԿ է։ ՀԿ-ի կայքում նշված է, որ այն ստեղծվել է Հեյդար Ալիևի հիմնադրամի նախաձեռնությամբ։ «Տարածաշրջանային զարգացում»-ը նշում է, որ ՀԿ-ի հիմնական նպատակն է ակտիվորեն մասնակցել Ադրբեջանի սոցիալ-տնտեսական, հանրային և մշակութային կյանքին, քաղաքացիական հասարակության ձևավորմանը և շրջանների զարգացման գործում պետության իրականացրած քայլերի աջակցմանը։ ՀԿ-ի կայքում նաև նշվում է, թե իր նպատաների իրագործման համար այն ինչ քայլեր է իրականացնում։ Այդ քայլերի թվում է նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Կազմակերպությունն իր սոցցանցերում երկու օր առաջ Լաչինում անցկացվող «բնապահպանական ակցիաներից» լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ «առաջին րոպեներից ակցիային են միացել» իրենց մի խումբ աշխատակիցներ և տարբեր շրջաններ ներկայացնող կամավորներ։ Հենց այդ կամավորներն ու աշխատակիցներն էլ երևում են Trend-ի ֆոտոշարքում։ ՀԿ-ի հրապարակած լուսանկարներից Նշենք, որ Հեյդար Ալիևի հիմնադրամը, որի նախաձեռնությամբ ստեղծվել է «Տարածաշրջնային զարգացում» ՀԿ-ն, հիմնադրվել է՝ ի հիշատակ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի։ Հիմնադրամի նախագահը Մեհրիբան Ալիևան է՝ Ադրբեջանի առաջին տիկինը։ «Տարածաշրջնային զարգացում» ՀԿ-ի ֆեյսբուքյան հետնանկարներից մի քանիսում Հեյդար Ալիևի լուսանկարն է ու նրանից մեջբերումներ։ ՀԿ-ն նաև հրապարակումներ է անում Ադրբեջանի նախկին նախագահի մասին (1, 2), վերջինիս անունը կրող մրցույթի կազմակերպման աշխատանքներին մասնակցում, իսկ նրանց հանրային միջոցառումների ժամանակ կարելի է տեսնել Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարով պաստառ։ «Տարածաշրջնային զարգացում» ՀԿ-ի իրականացրած միջոցառումներից մեկն Ադրբեջանի կառավարության համաֆինանսավորմամբ է իրականացվել։ ՀԿ-ն նաև Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի մասին հրապարակումներ ունի։ Կազմակերպության ֆեյսբուքյան էջում  տարածվել են, օրինակ, լուսանկարներ՝ Իլհամ Ալիևի և տիկնոջ՝ օկուպացված Շուշի այցից։ Իսկ ներկա պահին «Տարածաշրջանային զարգացում» ՀԿ-ի ֆեյսբուքյան հետնանկարի վրա գրված է․ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Այսպիսով, «բնապահպանական նպատակներով» Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների մի խումբ «Տարածաշրջանային զարգացում» ՀԿ-ից է, որը հիմնադրվել է ադրբեջանական իշխանությունների հետ փոխկապակցված և Ադրբեջանի նախկին նախագահի հիշատակին ստեղծված հիմնադրամի նախաձեռնությամբ։ Հիշեցնենք, որ արդեն վեցերորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։  Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, սակայն երեկ գազամատակարարումը վերականգնվեց։ Աննա Սահակայան
14:26 - 17 դեկտեմբերի, 2022