Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

ԵԱՀԿ ԽՎ նախագահը դատապարտել է հարձակումը ՀՀ ԱԺ խոսնակի վրա |azatutyun.am|

ԵԱՀԿ ԽՎ նախագահը դատապարտել է հարձակումը ՀՀ ԱԺ խոսնակի վրա |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Գեորգե Ծերեթելին հայությանը հասցեագրված հատուկ ուղերձով մեկնաբանել է ղարաբաղյան պատերազմն ավարտելու ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ համաձայնությունը: Նա հույս է հայտնել, որ այդ փաստաթղթով կհաջողվի վերջապես դադարեցնել արյունահեղությունը: Նա ափսոսանք է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում մարդկային կորստի համար: Ծերեթելին նաև կողմերին հորդորել է առանց ձգձգելու սկսել գերիների, ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակումը: «Ճանապարհը դեպի հարատև խաղաղություն շատ հաճախ ավելի բարդ է, քան բուն պատերազմը, կոչ եմ անում բոլոր կողմերին բարի կամքով սկսել բանակցությունները, ապահովել տեղահանվածների և փախստականների անվտանգ վերադարձը, հասնել համապարփակ կարգավորման և վերջապես միասին կառուցել ապագան», - ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը: Գեորգե Ծերեթելին արձագանքել է համաձայնագրի հրապարակմանը Երևանում հաջորդած անկարգություններին: Նա խորը մտահոգություն է հայտնել ամբոխի կողմից խորհրդարանի և կառավարության շենքերը գրավելու, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ: «Ես վրդովված եմ բողոքի ակցիաների որոշ մասնակիցների կողմից խոսնակ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու փաստից: Կասկած չկա, որ դա շատ ցավալի և զգացական օր է հայ ժողովրդի համար, բայց ես կոչ եմ անում պահպանել վստահությունը դեմոկրատական ճանապարհով ընտրված իշխանության հանդեպ, քանի որ այդ իշխանությունը պետք է ղեկավարի Հայաստանը մարտահրավերներով լի այս դժվար ժամանակներում», - ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը:
10:15 - 11 նոյեմբերի, 2020
Զիջեցինք Արցախը՝ զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը․ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա․ Արարատ Միրզոյան

Զիջեցինք Արցախը՝ զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը․ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա․ Արարատ Միրզոյան

Էս պատերազմը նոր չի սկսվել։ Էս պատերազմը առնվազն մի քանի հարյուր տարի է վարում են մեր դեմ։   Նպատակը տարածք պոկելը չի, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ Շուշին ու Ստեփանակերտը։   Նպատակը մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, հնարավորության դեպքում՝ ի սպառ բնաջնջումը։   Սարդարապատում, Նժդեհյան գոյամարտում, Արցախյան ազատամարտում մենք դա կանխել ենք։ Փոխել ենք բանաձևը։ Սա՛ չի ներվում մեզ։ Սա՛ էն ուզում կոտրել։ Ու մեզ նորից Դեր-Զորի գլխիկոր լուռումունջը դարձնել։   Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ։   Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսից որ հետ եկավ, երկաթե շերեփից բացի մի ուրիշ բան էլ ասեց։ Ասեց՝ սերբերի թրից արյուն էր կաթում, դրա համա՛ր իրենց երկիր տվեցին։   Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ ՈՉ ՄԻ ԳՆՈՎ։ Կեցցե հավերժական հայ ժողովուրդը։ Հաղթելու ենք։ Անկասկած հաղթելու ենք։
20:20 - 15 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԺ-ն դիմել է ՀԱՊԿ-ի քարտուղարությանը՝ Աֆղանստանին կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ

ՀՀ ԱԺ-ն դիմել է ՀԱՊԿ-ի քարտուղարությանը՝ Աֆղանստանին կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ»։ Փոքր ինչ ավելի վաղ նա նաև գրել էր, որ խոսել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Ընդգծել է, որ Թուրքիան գործուն մասնակցություն է ցուցաբերում ադրբեջանական ագրեսիային՝ օգտագործելով նաև օտարերկրյա վարձկանների, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ ԵԱՀԿ տարածաշրջանի համար։ «Ի դեպ, այս օրերին իրավիճակի մասին մանրամասն տեղեկացրել եմ 4 միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարների և 74 երկրների խորհրդարանների պալատների խոսնակների»․ նշում է նա։
17:14 - 01 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԺ-ն միջազգային հանրությունից պահանջում է հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի դեմ իրականացվող ագրեսիան

ՀՀ ԱԺ-ն միջազգային հանրությունից պահանջում է հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի դեմ իրականացվող ագրեսիան

Հայաստանի Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծն է։  Նիստը սկսելուց առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար ընկած զինվորների հիշատակը, որից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընթերցեց հայտարարության նախագիծը՝ ընգծելով, որ ներկայացվելիք հայտարարությունը հեղինակել են ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներ։ Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․ «ՀՀ Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան՝ Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ եւս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունն իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Ուստի հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այս վտանգի չեզոքացմանը։ Քաղաքացիական բնակչության՝ ծերերի, երեխաների, կանանց դեմ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլեւ բոլոր քաղաքակրթություններում, համաշխարհային բոլոր կրոններում եւ դավանանքներում։ Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլեւ նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելլով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին։ Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել․ հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության եւ մարդատյացության միջեւ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ հայկական կոմղը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում,  միեւնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը եւ ինքնորոշման կամարտահայտությունը»։
13:35 - 28 սեպտեմբերի, 2020
Արցախի ազատությունը եւ առավել եւս ֆիզիկական անվտանգությունը չեն սակարկվում եւ չեն սակարկվելու․ Արարատ Միրզոյան

Արցախի ազատությունը եւ առավել եւս ֆիզիկական անվտանգությունը չեն սակարկվում եւ չեն սակարկվելու․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում․ «Մեծարգո պարոն գերագույն հրամանատար, ՀՀ խորհրդարան, սիրելի հայ ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում եւ Սփյուռքում, մեր կողքին ապրող եւ մաքառող ազգային փոքրամասնությունների մեր սիրելի քույրեր եւ եղբայրներ, մեզ պատերազմ է հայտարարված, լայնածավալ եւ դաժան պատերազմ, որտեղ թշնամին չի ուզում հաղթել մեզ, թշնամին ուզում է մեզ ոչնչացնել: Ադրբեջանի Հանրապետությունը, չնայած բազմաթիվ հավաստիացումներին զանազան միջազգային հարթակներում, չի ուզում ընդգրկել Արցախի հայությանը Ադրբեջանի Հանրապետության կազմում եւ տալ քաղաքացիություն՝ դրանից բխող իրավունքներով եւ պարտականություններով: Ադրբեջանն ուզում է Արցախը՝ առանց արցախահայության: Սա աներկբա է: Հակառակ դեպքում չէր լինի հայատյացության այն տոտալ քարոզը, որ տարիներ շարունակ ծավալվել է Ադրբեջանում՝ մանկապարտեզի բանաստեղծություններից, դպրոցական դասագրքերով մինչեւ բուհ, բակ, հեռուստատեսություն, մեդիա, որտեղ հայությունն է հայտարարվում թշնամի: Ադրբեջանը չէր սպառնա ոչնչացնել ատոմակայանը, գրավել Երեւանը, չէր սպանի քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, չէր կտրի մահացած ծերունու ականջները Թալիշում:Մեզ հայտարարված է պատերազմ, որտեղ թշնամու նպատակը յուրաքանչյուրիս մահն է, մեր  ֆիզիկական ոչնչացումը, չգոյությունը. սա պետք է արձանագրել, որովհետեւ սրանից պետք է բխեն մեր գործողությունները: Ուրեմն, տրված է հայ ժողովրդի գոյության հարցը, եւ մենք չունենք ընտրություն՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, որեւէ տարբերակ չկա, այլընտրանք չկա, մենք պետք է կռվենք հրով, սրով, հնարավոր կամ անհնար ձեւերով: Մենք պետք է կռվենք, որպեսզի ապրենք, որպեսզի ապրեն մեր երեխաները, որպեսզի հայ ժողովուրդը շարունակի մոլորակի վրա իր գոյության իրավունքը եւ գոյությունը, այնպես ինչպես արել է հազարամյակներ շարունակ: Այս իրավիճակը մեզ համար նոր չէ, կրկնում եմ՝ հազարամյակներ շարունակ մենք ունեցել ենք սարդարապատեր: Եւ, այո՛, Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե՛ս, դաշտ  է տեղը եւ չկա քար-քարի վրա, Ասորիքն է եղել մեր թշնամին, տե՛ս... Կարող եք վերաձեւակերպել եւ անվերջ շարունակել շարքը:Ես ուզում եմ մեկ անգամ էլ, եւ բոլորս միասին հավաստենք՝ երբ երկիր մոլորակի վրա ազգերը բաժանվեցին, հայ ազգը առաջին ազգերից մեկն էր՝ որպես առանձին էթնիկ միավոր եւ եթե երբեւէ այս մոլորակի մայրամուտը տեղի ունենա, ապա մենք՝ որպես առանձին եւ անկախ էթնիկ միավոր, լինելու ենք այդ մայրամուտը դիմավորողներից մեկը: Մենք եղել ենք եւ շարունակելու ենք ապրել, բայց դրա համար պետք է կռվենք, որովհետեւ, կրկնում եմ, այլ տարբերակ չկա: Մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը եւ երկարատեւ խաղաղություն ենք պարտադրելու թշնամուն: Ես ուզում եմ մեկ անգամ եւս այս ամբիոնից հավաստել՝ Արցախի ազատությունը եւ առավել եւս ֆիզիկական անվտանգությունը, ՀՀ ազատությունը, անկախությունը, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը չեն սակարկվում եւ չեն սակարկվելու: Եւ ուրեմն մենք հաղթելու ենք, որովհետեւ այլ տարբերակ չկա: Մեծարգո պարոն գերագույն հրամանատար, ես ԱԺ խմբակցությունների անունից (նաեւ աչքովս ընկավ այլ քաղաքական արտախորհրդարանական ուժերի հայտարարություններ) ուզում եմ քաղաքական դաշտի միասնությունը եւ սատարումը հայտնել ՀՀ զինված ուժերին եւ նրա գերագույն գլխավոր հրամանատարին: Կեցցե՛ հայ ժողովուրդը, Աստծո աջը մեր զինվորի, մեր ժողովրդի եւ մեր պետության գլխին: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Արցախը»: 
20:42 - 27 սեպտեմբերի, 2020
Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկման առարկա լինել. Արարատ Միրզոյան

Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկման առարկա լինել. Արարատ Միրզոյան

Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որևէ պարագայում, անգամ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: «Սիրելի հայրենակիցներ, Վաղ առավոտյան մեր հայրենիքի Արցախյան հատվածի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի իշխանությունները սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ՝ մեծ տրամաչափի զինատեսակներով թիրախավորելով անգամ խաղաղ բնակավայրերը։ Հայկական Զինված ուժերը, ինչպես և նախկինում, լավագույնս կատարում են իրենց առաջ դրված մարտական խնդիրները։ Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որևէ պարագայում, անգամ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և վստահաբար ողջ հայությունը կանգնած են Ազատ Արցախի թիկունքին և պատրաստ իրականացնել բոլոր, ընդգծում եմ՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները ի պաշտպանություն ինքնիշխան Արցախի»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ։  
13:44 - 27 սեպտեմբերի, 2020
ԱԺ նախագահը հրապարակել է Արմեն Փամբուխչյանի մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը

ԱԺ նախագահը հրապարակել է Արմեն Փամբուխչյանի մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։
20:34 - 24 սեպտեմբերի, 2020