ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Անհայտ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում դադարեցվում է ամենամսյա 300.000 ՀՀ դրամ վճարի տրամադրումը․ ՊՆ պարզաբանումը

Անհայտ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում դադարեցվում է ամենամսյա 300.000 ՀՀ դրամ վճարի տրամադրումը․ ՊՆ պարզաբանումը

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության միջոցառումը», իսկ ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշմամբ` «2020թ. ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը: Այս մասին հայտնել է ՊՆ-ն՝ իր տարածած հայտարարության մեջ։  Ըստ հիշյալ որոշումների, մինչև անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը, յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամներին տրամադրվում է ամսական 300.000 ՀՀ դրամի չափով աջակցություն, բայց ոչ ավել, քան 9 ամսվա համար` սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից: ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ սահմանված է, որ ամենամսյա դրամական վճարի տրամադրումն իրականացվում է «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» միջոցով: Անհայտ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում նրա ընտանիքի անդամների` հիմնադրամի շահառու ճանաչվելուց հետո դադարեցվում է ամենամսյա 300.000 ՀՀ դրամ  վճարի տրամադրումը, իսկ վճարված գումարները նվազեցվում են շահառուի` հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից»:
19:42 - 22 հուլիսի, 2021
Հայկական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ նման միջադեպերը կանխարգելելու, դրանց հակազդելու ուղղությամբ․ՊՆ-ում քննարկվել է Երասխում ստեղծված իրավիճակը

Հայկական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ նման միջադեպերը կանխարգելելու, դրանց հակազդելու ուղղությամբ․ՊՆ-ում քննարկվել է Երասխում ստեղծված իրավիճակը

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն: Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Երասխի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկած սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Շեշտվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումների վերաբերյալ ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Նշվել է, որ հայկական կողմը, հավատարիմ մնալով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը, այնուամենայնիվ, իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ միջադեպերը կանխարգելելու և դրանց հակազդելու ուղղությամբ։ Ընդգծվել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին։
19:49 - 21 հուլիսի, 2021
Ի վերջո ԶՈՒ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ․ ՊՆ-ն հրաժարվում է պատասխանել

Ի վերջո ԶՈՒ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ․ ՊՆ-ն հրաժարվում է պատասխանել

Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարները՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով միմյանց հայտարարություններին, որոշ ժամանակ առաջ խոսել էին ՀՀ ԶՈՒ 2018-24թթ․ զարգացման պլանի մասին՝ մի կողմից պնդելով, որ այն փոփոխվել է ու իշխանափոխությունից հետո ձեռք չեն բերվել մի շարք տեխնիկաներ, որ նախատեսված էին այդ պլանով, մյուս կողմից՝ հակառակը։ Մասնավորապես, Այս տարվա փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ, ի թիվս այլնի, խոսել էր  նաեւ իր կառավարման օրոք ռազմական ոլորոտում պլանավորվող կամ իրականացվող աշխատանքների մասին։ Նա հայտարարել էր, որ իրենք հաստատել էին 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ՝ զինված ուժերի զարգացման պլան՝ ինչ պետք անել, ինչ փոփոխություն պետք է մտցնել զինված ուժերում  եւ որ զինատեսակները պետք է զարգացնել։ Ըստ նրա՝ այս փաստաթղթի հիման վրա կազմվել էր ռազմական տեխնիկայի  եւ սպառազինության ձեռքբերման պլան, որի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար,  իսկ այդ միջոցների աղբյուրները, Սարգսյանի վստահեցմամբ, հստակորեն կային։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ նախատեսված էր մինչեւ 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ՝ ե՛ւ հարվածային, ե՛ւ հետախուզական: Սակայն, նրա համոզմամբ, կառավարող նոր ուժը եկել ու փոխել է ամբողջ պլանը։  Արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպառազինության եւ տեխնիկայի գնման պլանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Սակայն այս հայտարարություններից որն էր համապատասխանում իրականությանը՝ պաշտոնապես պարզել չհաջողվեց, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը թեմայի վերաբերյալ որեւէ տեղեկություն համարեց գաղտնի։ Եւ թեեւ ՊՆ-ն հրաժարվել էր մեզ տրամադրել տեղեկություններ՝ հիմնավորելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիք, այդ թվում հարցը՝ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ, Ռազմական ոստիկանությունն, այնուամենայնիվ, նյութերի նախապատրաստման արդյունքում եկավ այն եզրակացության, որ մասնավորապես Սերժ Սարգսյանի հայտարարություններում հանցակազմ չկա, այսինքն՝ չկա գաղտնիքի բացահայտում։ Զուգահեռաբար՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք՝ Փաշինյանի՝ Սարգսյանի ասածն ուղղակիորեն հերքող հայտարարությունը դիտարկվո՞ւմ է որպես պետական գաղտնիքի բացահայտում։ Դատախազությունից հայտնել էին, որ հարցի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում՝ նկատի ունենալով Սարգսյանի հայտարարությունների մասով իրավական գործընթացը, իսկ նյութերի նախապատրաստման արդյունքում, ինչպես նշեցինք, իրավապահները հանցակազմ չեն տեսել, ուստի քրգործի հարուցումը մերժվել է, ինչը նշանակում է, որ Փաշինյանի հայտարարությունը, որը, ՊՆ-ի տրամաբանությամբ առաջանորդվելու դեպքում, եւս պետական գաղտնիքի տարր ունի, ՌՈ-ի համոզմամբ՝ գաղտնիքի բացահայտում չէ։  Ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները, որոնցում Ռազմական ոստիկանությունը հանցակազմ չի տեսնում, իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, դրանք ճի՞շտ են, թե՞ ոչ։ Պաշտպանության նախարարությունից դարձյալ մերժել են տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ հայցված տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիք։ ՊՆ-ն, մասնավորապես, հղում են արել հետեւյալ իրավական ակտերին․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ (մերժվում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, ․․․ գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ եւ 12-րդ հոդված (ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց արտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին տեղեկությունները դասվում են պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին), ՀՀ կառավարության 13.03.1998 N173 որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետ (պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ), ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ․ N 9-ՆԳ հրամանով գործողության դրված «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» 25-րդ, 26-րդ, 27-րդ, 30-րդ կետերի պահանջներ։ Այն, որ ՊՆ-ն տեղեկություն չի տալիս ԶՈՒ զարգացման պլանի փոփոխության վերաբերյալ ՀՀ նախկին ու ներկա ղեկավարների հայտարարույթունների իսկության մասին, անպատասխան է թողնում հարցը՝ ի վերջո նրանցից ով է ճիշտն ասում։ Թյուրիմացության մեջ է պահում նաեւ այն հանգամանքը, որ ՊՆ-ն համարում է, որ այդ հայտարարությունները կամ դրանց վերաբերյալ տեղեկությունները գաղտնիք են պարունակում, իսկ Ռազմական ոստիկանությունը պնդում է՝ նախկին ու ներկա պաշտոնյաների հայտարարություններում հանցակազմ չկա։ Սա առնվազն նշանակում է, որ կամ նրանք սխալ տեղեկություն են տալիս, դրա համար ՌՈ-ն չի համարում, որ այդ հայտարարություններում կա գաղտնիքի տարր, կամ նրանցից որեւէ մեկը ճիշտ տեղեկություն է տալիս, եւ որպեսզի դրա մասին պաշտոնապես չհայտարարվի, ՊՆ-ն գաղտնիք պարունակելու հիմքով առհասարակ մերժում է տեղեկություն տրամադրել։ Այդուհանդերձ, նրանցից մեկի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։ Հայարփի Բաղդասարյան
17:47 - 21 հուլիսի, 2021
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի ուղեկցությամբ հուլիսի 20-ին այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը հյուրերին ծանոթացրել է կենտրոնի հնարավորություններին, առանձնահատկություններին, բուժման մեթոդներին, ինչպես նաև վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերին։ Ա․ Մուրադյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետին է ներկայացրել համագործակցության ծրագրեր, քննարկվել են առաջիկա անելիքները։ Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Ա․ Դավթյանը «Հայ զինվոր» անվամբ խորհրդանշական հուշանվեր է հանձնել կենտրոնին։ 
17:26 - 21 հուլիսի, 2021
ՊՆ-ն հրապարակել է նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար սահմանված կարգը

ՊՆ-ն հրապարակել է նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար սահմանված կարգը

Հակահամաճարակային միջոցառումների արդյունավետ իրականացման շնորհիվ հնարավոր եղավ վերջին մեկ տարվա ընթացքում զինված ուժերում ապահովել կայուն և վերահսկելի համաճարակային վիճակ։ Այս մասին ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Թեև համավարակի հետ կապված նախկին որոշ արգելքներ և սահմանափակումներ հանվել են, սակայն հանրապետությունում դեռևս շարունակում է գործել կարանտինային ռեժիմը, և կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման կանոնների պահպանումը խիստ անհրաժեշտ է։ Կարևորելով զինծառայողների առողջությունն ու զինված ուժերի մարտունակության պահպանումը և հաշվի առնելով ԶՈւ մի շարք զորամասերում կայանալիք նորակոչիկների զինվորական երդման արարողությունները, անձնակազմի շրջանում վարակիչ հիվանդությունների և, մասնավորապես՝ կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու նպատակով նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար սահմանվել է հետևյալ կարգը․ 1․ Երդման արարողության օրը զորամաս մուտք գործելու համար նորակոչիկի հարազատները պետք է զորամաս ժամանելիս ներկայացնեն ՊՇՌ թեստի՝ 72 ժամը չլրացած բացասական պատասխանով տեղեկանք կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հաստատող անձնագիր (QR կոդ): 2․ Նորակոչիկների երդման արարողությունների ընթացքում զորամասերում պետք է խստագույնս պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները, մասնավորապես՝ պետք է պահել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը և այլն։ Նույն կարգը գործում է նաև զինծառայողներին զորամասերում տեսակցելու դեպքում։ Հորդորում ենք զինծառայողների հարազատներին և շահագրգիռ այլ անձանց ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին: Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ առաջնայինը զինծառայողների առողջությունն է և բանակի մարտունակության պահպանումը։
15:55 - 21 հուլիսի, 2021
Արայիկ Հարությունյանը ՊՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին

Արայիկ Հարությունյանը ՊՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին՝ կատարած աշխատանքի համար. «Պարոն Հարությունյանը Հայաստանի համար շատ բարդ ժամանակահատվածում ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Պետք է փաստենք, որ այդ ընթացքում ունեցանք մի շարք ճգնաժամեր, բայց ի պատիվ պարոն Հարությունյանի, կարողացանք դրանք հաղթահարել: Այդ գործում պարոն Հարությունյանի դերակատարությունը եղել է շատ մեծ: Պարոն Հարությունյան, շնորհակալություն այս ընթացքում Ձեր գործունեության համար: Մենք բարձր ենք այն գնահատում,  կառավարությունը, քաղաքական թիմը համարում են, որ Դուք պատվով եք կատարել այս ժամանակահատվածում Ձեր առաքելությունը»: Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և սպաներին, որոնց հետ  անցել է դժվարին, հետպատերազմական փուլ՝ հաղթահարելով մի շարք բարդություններ: ՊՆ նախկին նախարարն ընդգծել է ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է դրանք շարունակել ու ավարտին հասցնել՝ տարածաշրջանում լիարժեք մարտունակ բանակ ունենալու համար: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին՝ ՊՆ առաջին տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նույնպես կարևորել է բանակում մեկնարկած բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև պատերազմից հետո առաջացած խնդիրների լուծումը: «Մաղթում եմ Ձեզ հաջողություն այս առաքելությունը ստանձնելու ընթացքում: Ունեք կառավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի աջակցությունն այս  բարեփոխումներն իրականացնելու գործում: Հունիսի 20-ի ընտրություններից հետո մեր հանրությունը կոնկրետ ծրագրի կոնկրետ մանդատ է տվել: Կարծում եմ՝ միասին առաջիկա 5 տարիներին այդ մանդատը կիրացնենք նաև բանակում բարեփոխումներն իրականացնելիս»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ արվելու է ամեն ինչ՝ ուժեղ բանակ և պաշտպանված սահմաններ ունենալու համար: «Եվս մեկ անգամ ուզում եմ ողջունել այն անձնակազմին, որի հետ ծառայել եմ և ծառայելու եմ: Բարեփոխումները բավականին արագ են լինելու »,-ասել է ՊՆ առաջին տեղակալը:    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն աշխատակազմի անունից շնորհակալություն է հայտնել Վաղարշակ Հարությունյանին՝ համատեղ աշխատանքի համար և հանձնել հուշանվեր: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհավորել է Արշակ Կարապետյանին և մաղթել արդյունավետ գործունեություն:      
12:24 - 21 հուլիսի, 2021
Երասխի հատվածում իրավիճակը հանգիստ է, հայկական կողմը կորուստներ չունի. ՊՆ |hetq.am|

Երասխի հատվածում իրավիճակը հանգիստ է, հայկական կողմը կորուստներ չունի. ՊՆ |hetq.am|

hetq.am: Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում իրավիճակը առավոտվա դրությամբ հանգիստ է։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեցին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հուլիսի 20-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը, ՊՆ-ի հաղորդմամբ, կիրառել են միայն հրաձգային զինատեսակներ։ ՀՀ զինված ուժերը կորուստներ չունեն։ Ադրբեջանցիների արձակած կրակոցներից վիրավորվել է միայն Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։ ՊՆ-ից հայտնեցին, որ հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածներում իրավիճակը համեմատաբար կայուն է։  Հիշեցնենք՝ երեկ՝ հուլիսի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:40-ից սկսած՝ ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական զինված ուժերը կիրառել են նաև ականանետեր։ ՊՆ-ից հայտնեցին, որ հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածներում իրավիճակը համեմատաբար կայուն է։ Պաշտպանական գերատեսչությունից այլ մանրամասներ չփոխանցեցին՝ նշելով, որ Երասխի հատվածում գիշերվա փոխհրաձգության վերաբերյալ քիչ հետո մանրամասն հաղորդագրություն կտարածեն։
09:33 - 20 հուլիսի, 2021